Իմ Քայլը

«Իմ քայլը» Հայաստանում գործող քաղաքական դաշինք է, որի հիմքը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Այն ձեւավորվել է 2018 թվականի օգոստոսին Երեւանի ավագանու 2018 թվական ընտրություններից առաջ։ Դաշինքի առաջնորդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

2018 թվականի սեպտեմբերի 23-ին «Իմ քայլը» դաշինքը մասնակցել եւ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հետ հաղթել է Երեւանի ավագանու ընտրություններին՝ ստանալով ավագանու 65 տեղերից 57-ը։

«Քաղաքացիական պայմանագիր» եւ «Առաքելություն» կուսակցությունները 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրությունների նախաշեմին ձեւավորեցին «Իմ քայլը» դաշինքը։ 

Ընտրություններում հավաքելով 70․37 տոկոս ձայն՝ «Իմ քայլը» դաշինքը ստացավ 88 պատգամավոր ունենալու մանդատ։

Մարուքյանը լուրջ չի ընդունում «Իմ քայլի» հայտարարությունը |armeniasputnik.am|

Մարուքյանը լուրջ չի ընդունում «Իմ քայլի» հայտարարությունը |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  ԼՀԿ նախագահի կարծիքով` նման կեղծ օրակարգերով իշխանությունը փորձում է հանրության ուշադրությունը շեղել հիմնական, ավելի կարևոր խնդիրներից։ Արտահերթ ընտրություններ չանցկացնելու մասին իշխող քաղաքական ուժի վերջին հայտարարությունն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համարում է իշխանության արած մանիպուլյատիվ քայլի տրամաբանական շարունակությունը։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքով` ի պատասխան ընդդիմության` վարչապետի հրաժարականի պահանջի, Փաշինյանը հանդես էր եկել արտահերթ ընտրությունների առաջարկով։ «Եվ սկսվեց արտահերթ ընտրությունների մասին «նիսյա» խոսակցություն։ Դա եղել է իր օրակարգը, որը չի մերժվել ոչ մեկի կողմից»,– ասաց Մարուքյանը։ ԼՀԿ նախագահը չի բացառում, որ վաղը Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ արտահերթ ընտրություններ լինելու են ու խորհուրդ տվեց իշխանության հայտարարություններին լուրջ չվերաբերվել։ Ավելին` Մարուքյանը համոզված է, որ արտահերթ ընտրություններ լինելու են։ Մեկնաբանելով «Իմ քայլի» հայտարարության այն հատվածը, որտեղ նշված է, թե խորհրդարանական ընդդիմությունը դրական արձագանքի չի արժանացրել վարչապետի առաջարկը, Մարուքյանն ասաց, որ դա փորձ է գնդակը գցելու ընդդիմության դաշտ։ «Իրականում գնդակն իրենց դաշտում է` նոյեմբերի 10-ից սկսած։ Կա հրաժարականի հանրային պահանջ։ Այդ պահանջը մնում է ուժի մեջ, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են»,– ասաց Մարուքյանը։ Իսկ նման կեղծ օրակարգերով, ըստ նրա, իշխանությունը փորձում է հանրության ուշադրությունը շեղել հիմնական, ավելի կարևոր խնդիրներից` պատերազմի հետևանքներից, ռազմագերիներից, անհետ կորածներից, բանակի վիճակից, սոցիալական ու տնտեսական ճգնաժամերից, տեղահանվածներից, օկուպացված տարածքներից և այլն։ Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը երեկ` փետրվարի 7-ին, հայտարարություն տարածեց` վերահաստատելով, որ շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը, իսկ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։
16:33 - 08 փետրվարի, 2021
Մակունցը ներկայացրեց արտահերթ ընտրությունների վերաբերյալ հանրային պահանջի բացակայության չափորոշիչը |armenpress.am|

Մակունցը ներկայացրեց արտահերթ ընտրությունների վերաբերյալ հանրային պահանջի բացակայության չափորոշիչը |armenpress.am|

armenpress.am: Իշխանությունն արտահերթ ընտրությունների անցկացման հանրային պահանջ չի տեսնում, քանի որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության մեծամասնությունը նման պահանջ չի ձևակերպել: Այս մասին փետրվարի 8-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Հանրային պահանջի ձևակերպման ամենաառաջնային մեխանիզմներից մեկը քաղաքական ուժերի կողմից ներկայացվելու տեսքով է: Քանի որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության մեծամասնությունն այդ պահանջը չի ձևակերպել՝ համաձայնության գալով արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ, ուրեմն այդպես է»,- ասաց Մակունցը: Լիլիթ Մակունցը հավելեց, որ խորհրդարանական ընդդիմության կողմից դրական արձագանք չի ստացել արտահերթ ընտրություններ անցկացնելու իրենց առաջարկը:  
15:32 - 08 փետրվարի, 2021
ԶԼՄ-ները տարածում են այնպիսի տելեգրամյան ալիքների տեղեկություններ, որոնք հնարավոր չէ նույնականացնել |armenpress.am|

ԶԼՄ-ները տարածում են այնպիսի տելեգրամյան ալիքների տեղեկություններ, որոնք հնարավոր չէ նույնականացնել |armenpress.am|

armenpress.am: Զանգվածային լրատվության միջոցները տարածում և գովազդում են այնպիսի աղբյուրներ, որոնց կառավարման և ստեղծման նպատակների մասին որևէ մեկը ոչինչ չգիտի: «Խնդրահարույց փոփոխություններ ԶԼՄ օրենքում. ինչպես է կարգավորվելու ԶԼՄ-ների աղբյուրների անանունության իրավունքը» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: Պատգամավորը նշեց, որ իրական լրատվամիջոցների կողմից գովազդվում են կամ տարածվում են այնպիսի տելեգրամյան ալիքների և ֆեյսբուքյան էջերի տեղեկությունները, որոնք հնարավոր չէ նույնականացնել: «Փաստացի, այդ աղբույրները դառնում են ավելի հայտնի և ավելի լեգիտիմ աղբյուրներ  սպառողների համար, քան բուն լրատվամիջոցները:  Օրինակ` պայմանական 30 հոգի խմբագրակազմ ունեցող լրատվական կազմակերպությունը գեներացնում է տեղեկատվություն, հարցազրույցներ և այլն, և դրան զուգահեռ մի տելեգրամյան ալիք, որը չգիտենք, թե որտեղից է կառավարվում և որտեղ է բացված, սկսում է տարածել մի տեղեկություն (ճիշտ, սխալ, սենսացիոն),  դառնում է ավելի լեգիտիմ և հայտնի տեղեկատվության աղբյուր՝ շնորհիվ իրական լրատվամիջոցների, քան իրական լրատվամիջոցներն են»,- ընդգծեց Հովհաննիսյանը: Պատգամավորն այդ հարցում ազգային անվտանգությանը վերաբերող լուրջ ռիսկեր է տեսնում, որովհետև, շատ հնարավոր է, որ այդ աղբյուրները բացվել են հակառակորդ երկրի կողմից, որոնք տարածում են տեղեկություններ՝ երկրում անկայունություն, վախի մթնոլորտ ստեղծելու և մի շարք այլ նպատակներով:
12:18 - 04 փետրվարի, 2021
«ԶԼՄ մասին» օրենքում փոփոխությունների հարցով դիմել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահին. Նաիրա Զոհրաբյան

«ԶԼՄ մասին» օրենքում փոփոխությունների հարցով դիմել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահին. Նաիրա Զոհրաբյան

Հենց այսօր դիմել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքյոյին ու իմ գործընկեր լրատվամիջոցների հետ պատրաստ եմ հնարավոր բոլոր գործիքներով պայքարել Նիկոլի վախերի դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների առաջարկությանը, ըստ որի՝ հարկավոր է փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում՝ անանուն աղբյուրներին հղում անելն արգելելու նպատակով: «Նիկոլ Փաշինյանի վախերը Նիկոլ Փաշինյանի լրագրողական եւ պատգամավորական գործունեության ալֆան եւ օմեգան «օդում կախված լուրերն» էին։ Ըստ օդում կախված լուրերի՝ նա մարդկանց մեղադրում էր սպանությունների, թալանի, կոռուպցիայի, մարդ առեւագնելու եւ մարդ խոշտանգելու մեջ։ Ըստ օդում կախված լուրերի` նա մարդու անձնական կյանքը գցում էր հանրության բերանն ու ասում էր՝ ծամեք»,- գրել է Զոհրաբյանը և հավելել, որ հիմա, Նիկոլ Փաշինյանը ԶԼՄ մասին օրենքով ուզում է Հայաստանում ազատ խոսքը եւս ձեւել իր ճաշակով, որպեսզի «ազատ խոսք» համարվի, իր խոսքով՝ «բացառապես իր ՊՈԱԿ-ի երկնած ֆեյքաաղբը»: «Եւ այսպես՝ այն, ինչ անելու է Նիկոլ Փաշինյանը՝ հակասահմանադրական է. Որովհետեւ 100-ից ավել երկրների օրենսդրությամբ անանուն աղբյուրին հղում անելը պաշտպանված է հենց Սահմանադրությամբ։ Որովհետեւ լրագրողական աղբյուրների պաշտպանությանը անդրադարձ կատարել են ոչ միայն ներպետական օրենսդրությունները, այլ նաև միջազգային ամենատարբեր կառույցներ, օրինակ՝ Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ու Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն, անանուն աղբյուրների բացահայտման հետ կապված բազմաթիվ որոշումներ ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, օրինակ՝ «Financial Times»-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, «Goodwin»-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, որտեղ հստակ նշվում է, որ լրագրողական աղբյուրները պետք է պաշտպանվեն, լրագրողական աղբյուրները հենց անանուն լինելու համար են եւ լրագրողն իրավունք ունի չմատնանշել լրագրողական աղբյուրը։ Որովհետեւ ըստ միջազգային իրավունքի` անանունությունը ևս մարդու իրավունք է եւ լրատվամիջոցը պարտականություն չունի իր լրատվական աղբյուրները բացահայտելու։ Եւ վերջին «Որովհետեւը». Նիկոլը հերթական հակասահմանադրական շարժումներն անում է բացառապես որոշ «Տելեգրամ» ալիքների տրամադրած տեղեկությունների տարածումը լրատվամիջոցներով կանխելու համար։ Հենց այսօր դիմել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքյոյին ու իմ գործընկեր լրատվամիջոցների հետ պատրաստ եմ հնարավոր բոլոր գործիքներով պայքարել Նիկոլի վախերի դեմ»,- գրել է Զոհրաբյանը։
10:11 - 04 փետրվարի, 2021
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են արգելել անանուն աղբյուրներին հղում կատարելը |hetq.am|

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են արգելել անանուն աղբյուրներին հղում կատարելը |hetq.am|

hetq.am: «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարել` անանուն աղբյուրներին հղում անելը արգելելու նպատակով: Առաջարկվող փոփոխությունների համաձայն` թողարկման տվյալները ներկայացնելու պահանջ է դրվելու նաև ինտերնետային ԶԼՄ-ների առջև, ըստ որի՝ վերջիններս իրենց կայքէջում պարտադիր պետք է ներառեն լրատվության միջոցի անվանումը, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հասցեն, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անուն-ազգանունը, հասցեն, եթե նա անհատ ձեռնարկատեր է, ապա նաև պետական գրանցման վկայականի համարը և տրման օրը, ինչպես նաև հետադարձ կապը, այն է՝ հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն: Առաջարկվում է ԶԼՄ օրենքի 3-րդ հոդվածը լրացնել նոր դրույթներով, որոնց համաձայն՝ կհստակեցնեն մի շարք հասկացություններ, այդ թվում` անանուն աղբյուրը: Վերջինս բնորոշվում է որպես համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից: Մյուս նոր հասկացությունը կառավարման վրա ազդեցություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ(ինք) են: Այն բնորոշվում է որպես` առանձին տիրապետում են իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի առնվազն 10 տոկոս մասնակցության, այդ թվում՝ փայերին, բաժնեմասերին, բաժնետոմսերին կամ քվեարկության իրավունքին կամ տվյալ իրավաբանական անձի մասնակից կամ բաժնետեր իրավաբանական անձանց կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցության առնվազն 10 տոկոս հանրագումարին, իրավասու են նշանակելու կամ ազատելու իրավաբանական անձի կառավարման մարմիններում ընդգրկված անձանց: հովանավորություն՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից զանգվածային լրատվության միջոցին դրամական միջոցների, գույքի, աշխատանքների, ծառայությունների, և գույքային այլ իրավունքների տրամադրում, որը կապված չէ զանգվածային լրատվության միջոցի կողմից դրա դիմաց ապրանքների, ծառայությունների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկատվության տարածման հետ: Ըստ հեղինակների` հաշվի առնելով համացանցին հանրության լայն շրջանակների հասանելիությունը, սոցիալական տարբեր հարթակներում տեղեկատվություն տարածող աղբյուրների սրընթաց ավելացումը և դրանց անվերահսկելությունը՝ տեղեկատվություն սպառողների համար առաջանում են ռիսկեր: Ուստի իրենք առաջարկում են արգելել հղում կատարել այն աղբյուրներին, որոնցում ներառված չեն «Զանգվածային լրատվության մասին» օրենքով նախատեսված տվյալները կամ անանուն աղբյուրներ են (բացառությամբ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի՝ մասնավորապես, եթե տեղեկատվությունը ստացվել է լրատվական գործակալությունից, բխում է վիճարկող կողմի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից, հրապարակային ելույթի, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն է, և դա տարածելիս ինքը կատարել է հղում այդ աղբյուրին): «Խոսքի ազատության սահմանափակման համատեքստում հարկ է արձանագրել, որ անհայտ ծագումնաբանությամբ աղբյուրների տարածումը՝ դրանց հղում կատարելու միջոցով, կարող է առաջացնել ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկեր: Եվ ելնելով մերօրյա իրողություններից և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպերից ու վերահսկողական մեխանիզմների ներդրման անհնարինությունից՝ առաջարկվող փոփոխությունները չեն կարող դիտարկվել որպես խոսքի ազատության սահմանափակում կամ զանգվածային լրատվության միջոցների ազատ գործունեության խոչընդոտ, այլ ընդհակառակը, փոփոխություններն առաջին հերթին նպատակ են հետապնդում պաշտպանել զանգվածային լրատվության միջոցներին, լրատվական գործունեություն իրականացնողներին և խոսքի ազատությունը»,- նշվում է նախագծում: Կարդալ ավելին՝ hetq.am-ում։
19:32 - 02 փետրվարի, 2021
Կապիտալ ծախսերի իրականացումը կարևոր է կայուն և երկարաժամկետ տնտեսական աճի ապահովման տեսանկյունից. Մանուկյան

Կապիտալ ծախսերի իրականացումը կարևոր է կայուն և երկարաժամկետ տնտեսական աճի ապահովման տեսանկյունից. Մանուկյան

«Կայուն և երկարաժամկետ տնտեսական աճի ապահովման տեսանկյունից չափազանց կարևոր նշանակություն ունի կապիտալ ծախսերի իրականացումը։ Սա եղել և մնում է Հայաստանի համար խրոնիկ խնդիր։ Պատճառները բազմազան են, պլանավորման մասով կարողությունների առումով թերություններից սկսած, մասնակիցների ու գնումների համակարգի ներդաշնակության պակասով ավարտած»,- հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում։  «Գաղտնիք բացահայտած չեմ լինի, որ ասեմ, որ հեղափոխությունից հետո կատարված ծախսերի ընդունում-հանձնումը տեղի է ունենում շատ ավելի քիչ կոռուպցիոն ռիսկերով, քան մինչ հեղափոխություն։ Սա բերել էր նաև կատարողականի որոշակի հավելյալ դանդաղման։ 2020-ի բյուջեի կատարման օպերատիվ ընթացքը դիտարկելիս մտավախություն կար, որ կապիտալ ծախսերի կատարողականը կրկին ցածր կլինի 80%-ից։ Այնուհանդերձ 2020թ կապիտալ ծախսերի կատարողականը կազմել է 84.8%: Կապիտալ ծախսերի մասով գերակայությունների փոփոխությանը զուգընթաց կատարողականների ծավալը ևս պետք է էականորեն բարելավել։ Հ․Գ․ Ի դեպ կապիտալ ծախսերի մասով ընդլայնողական քաղաքականությունը, որպես COVID-ով պայմանավորված տնտեսության հավելյալ աշխուժացման մոտեցում են առաջարկում գրեթե բոլոր կառույցները և տնտեսագետները»,- գրել է նա։    
12:12 - 31 հունվարի, 2021
Կորոնավիրուսի քննիչ հանձնաժողովի կազմում Արտակ Մանուկյանին կփոխարինի Արման Եղոյանը

Կորոնավիրուսի քննիչ հանձնաժողովի կազմում Արտակ Մանուկյանին կփոխարինի Արման Եղոյանը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը դուրս է եկել «Կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» կազմից: Նրան հանձնաժողովում կփոխարինի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Արման Եղոյանը: «Ուզում եմ տեղեկացնել, որ դուրս եմ եկել Covid-ի հետ կապված քննիչ հանձնաժողովի կազմից: ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունը նոր է տեղադրվել ԱԺ կայքում»,- գրել է Մանուկյանը:    
14:04 - 27 հունվարի, 2021
Ընտրական օրենսգիրք, սահմանադրական փոփոխություն, ԱԺ-ի լուծարման հնարավորություն. ինչ է քննարկել «Իմ քայլը» |armenpress.am|

Ընտրական օրենսգիրք, սահմանադրական փոփոխություն, ԱԺ-ի լուծարման հնարավորություն. ինչ է քննարկել «Իմ քայլը» |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում փետրվարին հանրային քննարկման կդրվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց պատգամավոր  Համազասպ Դանիելյանը՝ նշելով, որ խոսել են Սահմանադրական հնարավոր փոփոխությունների, ԱԺ-ի ինքնալուծարման հնարավորության ու այլ տարբերակների մասին: «Փետրվար ամսվա ընթացքում մենք նախ հանրային քննարկման, ապա շրջանառության մեջ ենք դնելու Ընտրական օրենսգիրքը, այսինքն՝ օրենսգրքի այն հատվածը, որը վերաբերում է ընտրակարգին և մնացած հատվածներին: Երբ դեռ 1.5 տարի առաջ ծրագրում էինք ընտրական բարեփոխումները, գաղափար կար, որ հիմնական մասին կանդրադառնանք սահմանադրական փոփոխություններից հետո, որովհետև ընտրակարգում կան դրույթներ, որոնք կարգավորված են Սահմանադրությամբ»,-ասաց Դանիելյանը: Պատգամավորը նշեց՝ այսպիսով սահմանադրական փոփոխություններ դեռևս տեղի չեն ունեցել, բայց Ընտրական օրենսգրքի փաթեթը, մեծ հաշվով, պատրաստ է: Եվ իրենք խմբակցությունում քննարկել են ԱԺ-ում որոշակի սահմանադրական փոփոխություններ կատարելու հնարավորությունը: Նա շեշտեց, որ այդ փոփոխությունները բնականաբար պետք է լինեն ԱԺ-ի լիազորություններում: «Մի քանի տարբերակ ենք քննարկել, դեռ քննարկումները շարունակվում են»,-ասաց Դանիելյանը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք քննարկվել է իրենց խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի՝ ԱԺ-ին ինքնալուծարման հնարավորություն տալու գաղափարը՝ նա ասաց, որ նաև այդ մասին են խոսել: «Տարբեր գաղափարներ են, մեկ կետ չէ, բազմաթիվ կետեր են՝ արտահերթ ընտրությունների ժամկետների հետ կապված և այլն»,-նշեց նա: Դանիելյանը, սակայն, նշեց, որ ԱԺ-ում սահմանադրական փոփոխություններ անելը միայն «Իմ քայլը»-ի որոշելիքը չէ: «Նման փոփոխությունը պահանջում է առնվազն 88 ձայն, հետևաբար նաև ընդդիմությունը պետք է իր տեսակետը հայտնի: Հետևաբար` մենք դեռ շատ վաղ փուլում ենք, որ կարողանամ որևէ հստակ տեղեկատվություն հայտնել: Քննարկմանը հստակ որևէ որոշում չի եղել»,-ասաց նա ու հավելեց, որ խմբակցության այս քննարկումը նախնական է, շատ վաղ է դիրքորոշում հայտնել: Ըստ Դանիելյանի՝ եթե առնվազն ընդդիմադիր մեկ խմբակցություն ևս հետաքրքրված կլինի, համաձայնության կգա մեծամասնություն կազմող խմբակցության հետ, կխոսեն այդ մասին:
16:27 - 26 հունվարի, 2021
Ուղղակի ուզում են իրենց մտերիմ մարդուն ուղարկել. Գորգիսյանը՝ Մակունցին դեսպան նշանակելու մասին |news.am|

Ուղղակի ուզում են իրենց մտերիմ մարդուն ուղարկել. Գորգիսյանը՝ Մակունցին դեսպան նշանակելու մասին |news.am|

news.am: Արդեն սովորել եմ ոչ մի տրամաբանություն չփնտրել իշխանության արած որևէ քայլում, չփնտրեմ կապ իրողությունների, առկա խնդիրների ու նրանց կատարած քայլերի մեջ, որովհետև դրանք կրկին կապ չունեն իրար հետ։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելուն։ «Ցավոք, մենք ականատես ենք լինում այն նույն հին ու բարի ավանդույթներին, որոնք Փաշինյանը խոստացել էր փոխել, որը հերթական անգամ խաբեց։ Երբ այդպիսի բան է քննարկվում, առաջին հերթին պետք է քննարկվեն խնդիրները, որոնք  պիտի լուծվեն այդ երկրում մեր դեսպանի կողմից, հետո այդ խնդիրներից բխող արդեն թե ով կարող է այդ խնդիրները լուծել։ Երբ քննարկվում է անձը, ենթադրվում է, որ որևէ խնդիր, հարաբերությունների որևէ փոփոխություն չի քննարկվել, ուղղակի ուզում են իրենց մտերիմ մարդուն իրենց կարծիքով ուղարկել եւ»,- նշեց նա։ Անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն խոսքին, թե իշխանության ներկայացուցիչները գիտեն, որ «դատվելու են», այդ պատճառով արտերկրում նշանակումներ են արվում, Գորգիսյանն ասաց. «Ցանկացած վարկած գոյություն ունենալու իրավունք ունի, բայց ես այդ կարծիքին չեմ, որովհետև եթե մեկին պիտի դատենք, կապ չունի նա դեսպան է, նախարար է, նրան պիտի բերենք ու դատենք։ Եթե մեր նախատեսված ճանապարհով գնա ամեն ինչ, կստեղծվի փաստահավաք խումբ, որը վեր կհանի փաստեր, որոնց հիման վրա, հնարավոր է հարուցել քրեական գործեր, բարեփոխումներից հետո կունենանք անկախ դատական իշխանություն»։ Հարցին՝ ինչո՞ւ է ընդդիմությունը հակված, որ Մակունցն այդ առաքելությունը չի կարող լավ իրականացնել, Գորգիսյանն ասաց. «Ես չասացի՝ նա լավ կամ վատ դեսպան կլինի, ժամանակը ցույց կտա։ Փորձը ցույց է տվել, որ մենք ունեցել ենք լավ դեսպաններ, որոնք որևէ կապ չեն ունեցել դիվանագիտության հետ, բայց հետո դարձել են։ Ես վիճարկում եմ սկզբունքը, չկա խնդիր, որը լուծելու համար պետք էր հենց տիկին Մակունցը։ Հաշվի առնելով, որ նա չունի դիվանագիտական գործ, ես կասկածում եմ, որ նա կկարողանա լավագույնս կատարել դիվանագիտական խնդիրները, բայց չգիտեմ՝ ինչ խնդիր են նրա առաջ դրել, գուցե նրա առաջ դրված է ամեն օր գնալ և կոկտեյլ խմել։ Դեսպանը դիվանագիտական թիմի մի օղակ է»։ Անդրադառնալով վերլուծաբանների այն խոսքին, թե Մակունցին դեսպան նշանակելով պաշտոնական Երևանը Վաշինգտոնին հասկացնում է, որ մեզ համար միևնույն է հայ-ամերիկյան հարաբերությունները, Գորգիսյանն ասաց. «Հայաստանն ունի արտաքին գերատեսչություն ի դեմս՝ ԱԳՆ-ի, եթե մենք այստեղ փոփոխություն չունենք, եթե մենք ռեակտիվից չենք դարձել նախաձեռնող, չենք սկսել ակտիվ գործողություններ, եթե տեսլականը չի փոխվել, ում ուր ուզում ես տար, միևնույն է։ Անդրադառնալով Ներքին գործերի նախարարություն ստեղծելու նախագծին՝ ԼՀԿ-ական պատգամավորն ասաց. «Դեռ 2019 թվականին իշխանությունը շրջանառության մեջ էր դրել մի հայեցակարգային փաստաթուղթ, որով նման բան նախատեսվում էր։ Սովորույթ է դարձել, մենք մի բան ասում ենք, իրենք մերժում են, հետո բերում ու նույն բանն անում են։ Վստահ չեմ, որ հենց հիմա դրա ժամանակն է, բայց կյանքը չի կանգնել, շարունակվում է, պետությունը պիտի շարունակի զարգանալ։ Ցանկացած պարագայում երբ իրավապահ մարմինները հաշվետու են լինում Ազգային ժողովում, դա լավ է։ Բազմաթիվ խնդիրներ կան, որոնք վերաբերում են Ոստիկանությանը, չկա հասցեատեր, որին պտի տանք։ Միակ պատասխանող մարդը վարչապետն է, որի միակ պատասխանը լինում է՝ դե ես խնդրին մանրամասն տեղյակ չեմ, գրավոր գրեք, կիմանանք»։
15:38 - 25 հունվարի, 2021
Թովմասյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունից արված մեջբերումն իրականությանը չի համապատասխանում. Գրիգորյան |1lurer.am|

Թովմասյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունից արված մեջբերումն իրականությանը չի համապատասխանում. Գրիգորյան |1lurer.am|

1lurer.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության եզրակացության առաջին էջում նշված է, որ դրա բովանդակությունը հրապարակման ենթակա չէ: Այդ մասին ԱԺ-ում ԲԴԽ անդամի թափուր պաշտոնում Դավիթ Խաչատուրյանի թեկնածության քննարկմանն ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով գործընկերոջ՝ Թագուհի Թովմասյանի՝ թեկնածուին ուղղված դիտարկմանը, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասաբար է գնահատել «Բաց հասարակություններ հիմնադրամում» Խաչատուրյանի գործունեությունը:  Գրիգորյանը նշեց, որ Թովմասյանն իրավունք չուներ մեջբերելու եզրակացությունից որևէ հատված: Նրա խոսքով՝ քանի որ թեկնածուն էլ ծանոթ չէ եզրակացությանը, ուստի հնարավորություն չունի «պաշտպանվելու», իսկ որ ամենավատն է, ըստ պատգամավորի, Թովմասյանի՝ եզրակացությունից արված մեջբերումն իրականությանը չի համապատասխանում:  «Ցավոք, սահմանափակումների պատճառով չեմ կարող մեջբերել, թե եզրակացության մեջ ինչ է գրված, բայց հանրությանը տեղյակ պահեմ, որ այն, թե տիկին Թովմասյանի հնչեցրած «փաստին» տրվել է գնահատական, այդ թվում՝ բացասական, իրականությանը չի համապատասխանում»,- ընդգծեց Գրիգորյանը:
17:48 - 22 հունվարի, 2021
ԲԴԽ-ն կարող է և պետք է վերականգնի քաղաքացիների հավատը արդարադատության նկատմամբ. Խաչատուրյան |1lurer.am|

ԲԴԽ-ն կարող է և պետք է վերականգնի քաղաքացիների հավատը արդարադատության նկատմամբ. Խաչատուրյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնում առաջադրել է Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը:  ԲԴԽ անդամի թեկնածուն խորհրդարանում ելույթի ժամանակ նշեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը իր լիազորություններն իրականացնելիս պետք է չմտնի իրավապահ մարմինների գործունեության դաշտ: «ԲԴԽ-ն ունի որոշակի լիազորություններ, բայց այն կոչված է ապահովելու պրակտիկայի միասնականությունը, ինքը կարող է վերականգնել և պետք է վերականգնի քաղաքացիների հավատը արդարադատության նկատմամբ՝ ցույց տալով, թե ինչով են տարբերվում այդ որոշումները: ԲԴԽ-ն պետք է չդառնա նաև անորոշության աղբյուր: Կարճ ասած, եթե նույն իրավախախտման համար ԲԴԽ-ն տալիս է նկատողություն, մյուս դեպքում լիազորություններն է դադարեցնում, այդ դեպքում ԲԴԽ-ն՝ որպես դատարան, դառնում է իրավական անորոշության աղբյուր»,- նշեց Խաչատուրյանը: Խաչատուրյանի խոսքով՝ արդյունավետության համար կարևոր է նաև դատավորների բեռնաթափումը: Պետք է ուշադրություն դարձնել վեճերին, որոնք այլ լուծում չունեն, քան մեկ լուծում: Մեկից ավելի լուծում չենթադրող ընթացակարգերը չեն կարող համարվել դատարան:
16:23 - 22 հունվարի, 2021
Դեմ եմ գերագույն դատարան ստեղծելուն, մարմին չեն ստեղծում կամ վերացնում անձանց խնդիրները լուծելու համար. Գագիկ Ջհանգիրյան |tert.am|

Դեմ եմ գերագույն դատարան ստեղծելուն, մարմին չեն ստեղծում կամ վերացնում անձանց խնդիրները լուծելու համար. Գագիկ Ջհանգիրյան |tert.am|

tert.am: Ես դեմ եմ գերագույն դատարան ստեղծելուն, շատ դեմ եմ, դա բացարձակ անընդունելի է, ես օրենսդիր մարմնի անդամ չեմ, քաղաքական մեծամասնությունը չեմ ներկայացնում, բայց կարծում եմ՝ սխալ ճանապարհով են գնում, դա փակուղի է: Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանի հարցին, թե ինչպես է վերաբերվում գերագույն դատարան ստեղծելու մտքին: «Կարճ ասեմ՝ բացասական եմ վերաբերվում, որովհետև դրանք կայացած կառույցներ են, եթե ինչ-ինչ խնդիրներ կան այդ կառույցների գործունեության բովանդակության մեջ, մենք պետք է լուծենք այդ խնդիրները: Կոպիտ ասած, օրինակ բերեմ, եթե մենք ուզում ենք խաշ ուտենք, մենք կաթ տվող կովին չենք մորթում, որ ոտքերից խաշ ուտենք: Այդ մարմինները՝ Սահմանադրական դատարան, Վճռաբեկ դատարան, գործում են տարիներ շարունակ: Մի մոռացեք, երբ մենք մեղադրական դատարանից 96-97 թվականներին անցում էինք կատարում քիչ թե շատ մրցակցային դատարան,  շատ մեծ դժվարությամբ էդ սահմանադրական հանձնաժողովում կարողացանք դնել Գերգույն դատարանի լուծարման հարցը»,- ասաց նա: Ջհանգիրյանը հայտարարեց՝ գերգույն դատարանը «մոնստր» է,  իր կազմում ուներ և առաջին ատյան, և վերանայման ատյան, և հսկողական ատյան: «Այսինքն՝ կենտրոնացած էր, կարևոր գործերն իրենց մոտ էր, էն ժողովրդական դատարանները դամ էին քաշում: Հիմա պատկերացրեք այսքան տարիների՝ Երրորդ Հանրապետության այս ընթացքը, որը սահմանազատել է արդարադատության ոլորտը սահմանական արդարադատությունից, ուզում ենք բերենք, նորից խառնենք: Դա սխալ է, մարմին չեն ստեղծում կամ վերացնում անձանց խնդիրները լուծելու համար»,- ասաց նա:
13:53 - 22 հունվարի, 2021
Իրավաբան-գիտնականի համար տարիքային սահմանափակում չկա. պատգամավորը՝ Ջհանգիրյանի թեկնածության մասին |armenpress.am|

Իրավաբան-գիտնականի համար տարիքային սահմանափակում չկա. պատգամավորը՝ Ջհանգիրյանի թեկնածության մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը վստահեցնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնի համար իրավաբան-գիտնականի թեկնածությունն առաջադրելու համար որևէ տարիքային սահմանափակում չկա օրենքով: Վարդանյանն այս մասին ասաց ԱԺ-ում Ջհանգիրյանի ընտրության հարցով քննարկմանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե Ջհանգիրյանը 65 տարեկան է, իսկ խորհրդի անդամի թեկնածու կարող է լինել մինչև 63 տարեկան դատավորը: Վարդանյանը  նաև նշեց, որ ԲԴԽ-ն կազմված է երկու կարգի սուբյեկտներից՝ դատավորներ, որոնց ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովը, որոնց նկատմամբ ներկայացվում են ուրույն պահանջներ, մասնավորապես 10 տարվա դատավարական գործունեության փորձ և այլն, և ԱԺ-ի կողմից ընտրված իրավաբան-գիտնական, որոնց ներկայացվում են այլ պահանջներ: «Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածը հստակորեն նշում է, որ ԱԺ-ի կողմից որպես ԲԴԽ անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի օրենսգրքով դատավոր նշանակվելու համար որևէ սահմանափակում: Սահմանափակումները հստակ նշված են 112-րդ հոդվածում, և որևիցե տարիքային սահմանափակում որպես այդպիսին, նախատեսված չէ»,-ասաց Վարդանյանը: Նա շեշտեց՝ հստակ պետք է տարբերակել դատավորի տարիքին ներկայացվող պահանջները, դատավորի թեկնածուին ներկայացվող պահանջները և ԲԴԽ-ի գիտնական անդամներին ներկայացվող պահանջները: Անդրադառնալով դատավոր նշանակվելու սահմանափակումներին՝ պատգամավորն ասաց, որ սահմանափակումների մեջ որևէ դրույթ չկա, որն այս կամ այն եղանակով կարգելեր գիտնական անդամին զբաղեցնել ԲԴԽ անդամի պաշտոնը:
13:49 - 22 հունվարի, 2021