Եվրախորհրդարան

Եվրախորհրդարանը Եվրամիության օրենսդիր մարմին, որն ուղղակի ընտրվում է ԵՄ անդամ-պետությունների քաղաքացիների կողմից: Եվրոպական խորհուրդի հետ խորհրդարանը կազմավորում է ԵՄ իշխանության երկպալատ օրենսդրական ճյուղը եւ համարվում է աշխարհի ամենաազդեցիկ օրենսդրական մարմիններից մեկը:

Եվրախորհրդարանը ստեղծվել է 1957 թվականին: Ի սկզբանե անդամները նշանակվում էին ԵՄ անդամ-պետությունների խորհրդարանների կողմից: 1979 թվականից ընտրվում են բնակչության կողմից: Ընտրությունները տեղի են ունենում 5 տարին մեկ անգամ:

Եվրապատգամավորները պահանջել են պատասխանատվության կանչել Թուրքիային |1lurer.am|

Եվրապատգամավորները պահանջել են պատասխանատվության կանչել Թուրքիային |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակը։ Հերթագրված եվրապատգամավորների գերակշիռ մեծամասնությունը Միության ղեկավարությունից պահանջել է պատասխանատվության կանչել Թուրքիային, որն ակտիվորեն հրահրում է հակամարտության բորբոքումը: Օրենսդիրները կրկին կողմերին կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանին: Խորհրդարանի ներկայացուցիչներն անընդունելի են համարել Թուրքիայի ներգրավվածությունը և նշել, որ Անկարան, մեղմ ասած, չի դրսևորում Եվրամիության անդամ դառնալու թեկնածու երկրի պահվածք: Միակ խորհրդականը, որը հանդես է եկել միակողմանի ադրբեջանամետ դիրքորոշմամբ, եղել է Հունգարիայի ներկայացուցիչը: Իսպանիայի ներկայացուցիչ Խորդի Սոլեն կոչ է արել առաջնահերթ հարգել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, քանի որ դրա անտեսումն է հենց աշխարհի տարբեր երկրներում սկիզբ առած հակամարտությունների պատճառը: Շվեդիայի ներկայացուցիչ Շարլի Վիմերսը հայտարարել է, որ Արցախում տեղի ունեցող ողբերգությունն Իլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի համատեղ բռնապետական նախաձեռնությունն է: Նա նաև մեջբերել է Անդրեյ Սախարովի խոսքերը, թե Արցախում ընթացող պատերազմն ամբողջ աշխարհի ժողովուրդների կյանքի և մահվան պայքարն է: Գերմանիայի ներկայացուցիչ Մարտինա Միխելսը պնդել է, որ տարածաշրջանի էսկալացիայի պատճառը Թուրքիայի նկրտումներն են, իսկ Իլհամ Ալիևը բացահայտ հայտարարում է, որ իր թշնամին հայ ժողովուրդն է: Ֆաբիո Մասիմո Կաստալդոն՝ Իտալիայից նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող գործողությունները բացարձակապես անընդունելի են, և Թուրքիայի ներգրավվածությունը պետք է լրջորեն դատապարտվի: Անդրիու Կուբիլիուսը՝ Լիտվայից կողմերին կոչ է արել դադարեցնել պատերազմը և ասել. «Դուք ոչնչացնում եք ձեր և ձեր երեխաների ապագան»: Նա նաև հորդորել է խաղաղության հաստատման գործում ներգրավել ԱՄՆ-ին: Սլովակիայից Ռոբերտ Հայշելը նշել է .«Մինչդեռ մենք քննադատում ենք կողմերին, Թուրքիան շարունակում է զինել ահաբեկիչներին և Ադրբեջանին: Այնտեղ մահանում են քաղաքացիներ, հայեր, լրագրողներ: Ռուսաստանն այժմ չեզոք դիրքորոշում է դրսևորում, Թուրքիան նույնպես պետք է չեզոքություն պահպանի»: Նատալի Լուսիո, Ֆրանսիա. «Թուրքիան դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նրանք հիմա էլ ներգրավված են այս ամենի մեջ: Ժամանակն է իրենց անուններով կոչել պատմական իրադարձությունները»: Ալեսանդրո Պանցա, Իտալիա. «Չմոռանանք, որ Հայաստանն աշխարհում առաջին քրիստոնյա երկիրն էր, և հենց հայերն էին, որ Օսմանյան կայսրությունում ենթարկվեցին ցեղասպանության և հիմա էլ նրանց ինքնորոշման իրավունքն է վտանգված»: Ռայնարդ Բյուտիկոֆեր, Գերմանիա. «ԱՄՆ-ն չի ակտիվանում՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, Թուրքիան լարվածությունը թուլացնելու փոխարեն ավելի է սրում այն: ԵՄ-ն ֆորմալ դերակատարում չունի, բայց ո՞վ, եթե ոչ մենք պետք է նպաստենք հակամարտության լուծմանը»: Մարտին Զոնեբորն, Գերմանիա. «Չնայած կորոնավիրուսն ամբողջ աշխարհում շարունակում է արշավը, Ադրբեջանը միաժամանակ խաղաղ բնակչության դեմ օգտագործում է կլաստերային ռումբեր և նպաստում 100 տարի առաջ Թուրքիայի նախաձեռնած ցեղասպանության իրագործման շարունակությանը: Արցախի ժողովուրդը փորձում է իրականացնել ինքնորոշման իրավունքը»: Ժորդան Բարդելա, Ֆրանսիա. «Թուրքիան դեռևս չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունը, սակայն պետք է դա անի: Արցախը հիանալի վայր է»: Ֆրանսուա Ալֆոնսի, Ֆրանսիա. «Հայերն արդեն մեկ անգամ տուժել են Թուրքիայի գործողություններից՝ 100 տարի առաջ: Մենք պետք է ճնշում գործադրենք Թուրքիայի բռնապետի վրա՝ նրա հանդեպ պատժամիջոցներ կիրառելով»: Անդրեյ Ջանբարսկի, Բուլղարիա. «100 տարի առաջ հայ ժողովուրդը կրեց Հայոց ցեղասպանության կորուստները: Այսօր էլ անպատիժ մնալով՝ Թուրքիայի բռնապետ սուլթանը փորձում է իրականացնել նույնը: Պետք է գործել, մենք պասիվ ենք: Մեր սրտերը հայերի հետ են, Արարատը պետք է վերադարձվի հայերին»: Կլարա Պոնտիոս, Իսպանիա. «Մենք պետք է կանգնեցնենք Թուրքիային զենք վաճառելը: Իսպանիան Թուրքիային զենք վաճառողներից մեկն է: Պետք է իրագործվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Եվրոպան պետք է կանգնեցնի զենքի մատակարարումը Թուրքիային»: Նիկոս Անդրուլակիս, Հունաստան. «Այս պատերազմը պետք է դադարեցվի: Թուրքիան ցեղասպանություն իրականացրած երկիր է: Պետք է թույլ չտալ միջազգային իրավունքի և օրենքների ոտնահարում»: Իոաննիս Լագոս, Հունաստան. «Այն, ինչ այսօր կատարվում է Լեռնային Ղարաբաղում, Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության շարունակությունն է: Հիմա հարց ունեմ պարոն Բորելին:  Մինչև ե՞րբ  պետք է մենք հանդուրժենք Թուրքիայի այս անընդունելի պահվածքը: Անցյալում նրա իրականացրած անընդունելի պահվածքը կրկնվում է հենց հիմա: Անցած 16 ամսվա ընթացքում ես Եվրամիությունից միայն բառեր եմ լսում, սակայն գործողություններ չկան: Թուրքիան զենք է մատակարարում Ադրբեջանին, նա էլ հարվածում է հայ բնակչությանը: Լեռնային Ղարաբաղում ապրել ցանկացող մարդիկ հենց հիմա հարձակման են ենթարկվում: Մենք անհապաղ պետք է գործի դնենք Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ և անհապաղ ֆինանսական և ռազմական օժանդակություն տրամադրենք Հայաստանին: Ես հայտարարում եմ, որ ցանկություն ունեմ միանալու հայկական բանակին՝  կռվելու Ադրբեջանի դեմ»: Բեռնար Գետա, Ֆրանսիա. «Մենք հիշում ենք հայերի ցավը: Ստալինն այնպես էր արել, որ ԽՍՀՄ անդամ բոլոր երկրներն ունենան առնվազն մեկ ազգային փոքրամասնությամբ բնակեցված շրջան: Պետք է ԱՄՆ և ՌԴ հետ գործենք»: Պտեր Վան Դալեն, Նիդեռլանդներ. «Պետք է արդեն գործել: Պետք է Անկարայի հանդեպ պատժամիջոց կիրառել: Պետք է կանգնել հայ ժողովրդի կողքին: Ես նրանց կողքին եմ: 1915-ը չպետք է մոռացվի: Մենք պետք է լինենք Հայ ժողովրդի կողքին»: Մալիք Ազմանի, Նիդեռլանդներ. «Ինչու՞ մինչև հիմա Թուրքիայի կողմից ահաբեկիչների ուղարկումը հակամարտության գոտի չի հաստատվել և չի դատապարտվել: ԱՄՆ-ն այդքան հզոր հետախուզական ծառայություններ ունի: Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում: Պարոն Բորել, Դուք պատասխանատու եք Եվրոպայի հուժկու պատասխանները պատրաստելու համար»: Պետար Վիտանով, Բուլղարիա. «Տեսնում ենք, որ սա իրոք վերածվում է միջպետական հակամարտության: Թուրքիան չի դադարեցնում ռազմական հռետորաբանությունը: ՆԱՏՕ-ն նույնպես պետք է միանա: Ռուսաստանը նույնպես»: Լուկաս Ֆուրլաս, Հունաստան. «Նկարները, որոնք տեսնում էինք, շատ տխուր էին: Բազմաթիվ մարդիկ սպանվել են: Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ մարդկանց է սպանում: Որքա՞ն պետք է մենք հանդուրժենք հայերի՝ ագրեսիայի ենթարկվելը: Երեկ Էրդողանը թքեց Եվրոպայի երեսին Ֆամագուստայում տեղի ունեցող իրադարձություններով: Հայերը սարսափելի ցեղասպանություն են տեսել: Ժամանակն է դատապարտել այդ ամենը»: Շարունակությունը՝ 1lurer.am-ում
15:14 - 07 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը, կառուցողական երկխոսություն փնտրի ԵԱՀԿ շրջանակներում.Լարս Բերգ |armenpress.am|

Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը, կառուցողական երկխոսություն փնտրի ԵԱՀԿ շրջանակներում.Լարս Բերգ |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգի (Գերմանիա) կարծիքով` Ադրբեջանի ագրեսիան չպետք է որևէ մեկին զարմացնի, քանի որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ Բաքուն ավելացնում է ռազմատենչ հռետորաբանությունը` մշտապես սպառնալով Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին: Լարս Պատրիկ Բերգը իր հայտարարության մեջ հիշեցրել  է, որ  2020 թվականի օգոստոսին Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ է անցկացրել և ապահովել Թուրքիայի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի  վրա հարձակվելու հարցում։ «Թուրքիայի այս միջամտությունը քաջալերեց Ադրբեջանին։ Համաձայն հավաստի տվյալների` Անկարան սիրիացի զինյալների է ուղարկել` ի աջակցություն ադրբեջանական բանակի։ Այսպիսով, Թուրքիան գործում է ինչպես Լիբիայում` տարածաշրջան բերելով անկայունություն և նորանոր բռնություններ։ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը, կառուցողական երկխոսություն փնտրի ԵԱՀԿ շրջանակներում։ Ինչ վերաբերում է Թուրքիային, չենք կարող խելամիտ պահվածք ակնկալել, և դա պետք է հասկանա նաև միջազգային հանրությունը. Սիրիա, Լիբիա, Միջերկրական ծով և հիմա էլ Լեռնային Ղարաբաղ։ Թուրքիան կշարունակի այդ քաղաքականությունը, քանի դեռ մենք դրան դեմ չկանգնենք։ Իմ մտքերը նրանց հետ են, ովքեր տառապում են այս անընդունելի ուժի կիրառումից»,- ասել է Բերգը:
02:01 - 06 հոկտեմբերի, 2020
Եվրախորհրդարանի 48 պատգամավոր Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել Արցախի նկատմամբ ագրեսիան  |armenpress.am|

Եվրախորհրդարանի 48 պատգամավոր Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել Արցախի նկատմամբ ագրեսիան |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի բոլոր հիմնական քաղաքական խմբակցություններից 48 պատգամավոր նամակ է հղել Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ խիստ զայրույթ հայտնելով Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակից: Եվրոպական Խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Եվրոպական դիվանագիտության ղեկավարին կոնկրետ քայլեր ձեռնարել այս ուղղությամբ և բովանդակային գործողություններ իրականացնել։ Նամակը նախաձեռնել է կիպրացի եվրապատգամավոր՝ Եվրոպական խորհրդարանում Հայաստան-ԵՄ բարեկամության խմբի նախագահ, Լուկաս Ֆուրլասը: Նամակում եվրապատգամավորները նշում են, որ սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանը հուժկու հարձակումներ է նախաձեռնել Արցախի բնիկ խաղաղ ազգաբնակչության դեմ՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և դեմ գնալով խաղաղության գործընթացին: Նրանք նաև կոչ են անում Ժոզեպ Բորելին մեծ ճնշում գործադրել Թուրքիայի վրա այս երկրի կողմից հակամարտությանը որևէ միջամություն կանխելու համար և հիշեցնում վերջինիս ապակայունացնող դերի մասին: Պատգամավորները շեշտում են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած հրադադարի խախտման հետաքննական մեխանիզմի տեղադրման անհաժեշտությունը։ Մեկնաբանելով Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությանը ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը նշեց. «Թուրքիան և Ադրբեջանն այլևս հատել են կարմիր գիծը։ Այսօր Եվրոպական քաղաքական շրջանականերում սկսել են հասկանալ, թե Ալիևի ռեժիմն ինչի է ունակ։ Ադրբեջանի մի երկիր է, որը սկսել է ասոցացվել իսլամիստական ահաբեկչության հետ։ Ալիև-Էրդողան բռնապետական տանդեմը դատապարտված է ձախողման, քանզի այն մարմնավորում է ատելությունը՝ ինչպես համայն հայության նկատմամբ, այնպես էլ ընդհանրապես մարդկային, այդ տվում նաև սեփական քաղաքացու կյանքի նկատմամբ քամահրանքը։ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակը շարունակում է իրազեկման ակտիվ աշխատանքներն ինչպես Եվրոպական Միության հաստատություննրում, այնպես էլ անդամ-երկրներում»:Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ՝      «Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի հարգելի փոխնախագահ, Ձեզ ենք գրում տեղեկացնելու համար Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ մեր ծայրաստիճան մտահոգությունը և նաև ներկայացնելու հետևյալ պահանջները: Կիրակի (27.09.2020)  առավոտվանից սկսած ադրբեջանական զինված ուժերը հարձակումներ են գործում Արցախի բնակչության դեմ՝ «կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և դեմ գնալով Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»: Արցախի բնիկ ազգաբնակչության դեմ հրթիռային և օդային հարվածները, որոնք ուղղված են նաև մայրաքաղաք Ստեփանակերտին, ստիպել են խաղաղ բնակչությանը ապաստարաններում թաքնվել: Լեռնային Ղարաբաղում ռմբակոծվել են դպրոցներ, կան բազմաթիվ քաղաքացիական զոհեր։ Մենք՝ Եվրոպական խորհրդարանի ներքոստորագրյալ անդամներս, խիստ զայրացած ենք իրավիճակից և կոչ ենք անում ադրբեջանական բանակին անմիջապես դադարեցնել Արցախի խաղաղ բնակչության դեմ ագրեսիան: Կոչ ենք անում ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին անհապաղ և կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Մենք հիշեցնում և շեշտում ենք, որ ԵԱՀԿ հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմը կարող էր կանխել այն իրավիճակը, երբ կողմերը միմյանց մեղադրում են մահացու հարձակումներ սկսելու մեջ: Այն բացարձակ անհրաժեշտություն է վստահության մթնոլորտի վերականգման և բանակցային բովանդակային գործընթացի համար: Հարգելի բարձր ներկայացուցիչ Բորել, մենք Ձեզ կոչ ենք անում խիստ ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ ստիպելով զերծ մնալ որևէ միջամտությունից  - երկիր, որն այժմ փաստորեն ապակայունացնում է ևս մեկ տարածաշրջան՝ Հարավային Կովկասը։ Որևէ երրորդ երկրի, ինչպիսին է Թորքիան, միջամտությունը սրընթաց տեմպով կվատթարացնի իրավիճակը, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով ողջ տարածաշրջանի համար։ Մենք Ձեզնից ակնկալում ենք բովանդակային գործողություններ, որոնք կօգնեն այս հակամարտության շուտափույթ լուծմանը»: 
17:56 - 05 հոկտեմբերի, 2020
Եվրախորհրդարանի փոխնախագահը ԵՄ-ին հորդորել է դատապարտել ադրբեջանական ագրեսիան

Եվրախորհրդարանի փոխնախագահը ԵՄ-ին հորդորել է դատապարտել ադրբեջանական ագրեսիան

Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն Եվրոպական Միությանը հորդորել է դատապարտել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան:  ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդարանական կոմիտեներում ԵՄ պատվիրակության անդամ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի մամլո հաղորդագրությունը հրապարակել է Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը: «Խստորեն դատապարտում եմ շարունակվող բռնությունները և, մասնավորապես, ադրբեջանական ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրականացվող ռազմական գործողությունները: Ռազմական ագրեսիայի անընդունելի օգտագործումը, որը բազմաթիվ զոհերի և վիրավորների է հանգեցրել նույնիսկ խաղաղ բնակչության շրջանում, արմատապես խաթարում է խաղաղության գործընթացի վերսկսման հնարավորությունը։ Սա միջազգային իրավունքի և ԵԱՀԿ շրջանակներում մինչ այժմ անցկացված երկխոսության կոպիտ խախտում է: Մենք կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին անհապաղ հետ քայլ կատարել. այս ռազմական էսկալացիան կարող է ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը: Ես խորապես համոզված եմ, որ ԵՄ-ն պետք է իր ձայնը ուժգին բարձրացնի՝ գնահատելով նաև պատժամիջոցների դիմելու հնարավորությունը, ռազմական գործողությունների դադարեցման պահանջի մերժման դեպքում»,- նշել է Կաստալդոն: Եվրոպական խորհրդարանի փոխնախագահը նշել է, որ Եվրախորհրդարանի տարբեր պետությունների գործընկերների հետ միասին նամակ է ստորագրել ուղղված Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության միության բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելին, որով հայցել են գործադրել բոլոր ջանքերը կրակի անհապաղ դադարեցման համար և գործարկել կրակի հնարավոր խախտումների մոնիթորինգի համար պարտադիր մեխանիզմներ, որպես արդյունավետ երկխոսության գործընթացի համար անհրաժեշտ վստահությունը վերականգնելու միակ միջոց: «Բազմակողմանիության և խաղաղության եվրոպական արժեքները պետք է գերակշռեն: Դատապարտելի է նաև նախագահ Էրդողանի ագրեսիվ հռետորաբանությունը և սատարումը Բաքվին. լրագրողական աղբյուրները հայտնում են Սիրիայի հյուսիսից Թուրքիայի կողմից մոբիլիզացված հազարավոր ջիհադիստ գրոհայինների մասնակցության մասին: Եթե այս լուրը հաստատվի, ապա այս միջամտությունը որքան մտահոգիչ է, այդքան էլ անընդունելի: Պահանջում ենք տարածաշրջանային բոլոր դերակատարներին չօգտագործել այս հակամարտությունը որպես պատրվակ ՝ իրենց ազդեցության ոլորտներն ընդլայնելու համար: Այս ողբերգությունում մենք չենք կարող լինել լոկ հանդիսատես. փոխարենը պետք է լինենք խաղաղարարներ և միջնորդ այս արյունալի հակամարտության մեջ, որը կրկին պայթել է ԵՄ սահմանների մոտ»,- եզրափակել է Կաստալդոն:
16:45 - 29 սեպտեմբերի, 2020
Եվրախորհրդարանը Թուրքիային պատժամիջոցներով է սպառնում Կիպրոսի և Հունաստանի տարածքներում հորատման ապօրինի աշխատանքներ անելու համար |tert.am|

Եվրախորհրդարանը Թուրքիային պատժամիջոցներով է սպառնում Կիպրոսի և Հունաստանի տարածքներում հորատման ապօրինի աշխատանքներ անելու համար |tert.am|

tert.am: Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են Թուրքիայի գործողությունները Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում և սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ:Այս մասին գրում է eurointegration.com  կայքը:Համապատասխան բանաձևը, որով պատգամավորները լիակատար համերաշխություն են հայտնում Հունաստանին և Կիպրոսին, պաշտպանել է 601 պատգամավոր, 57-ը դեմ է եղել, 36-ը ձեռնպահ է մնացել:Հայտարարելով, որ ԵՄ-ն հստակ և վճռականորեն պաշտպանում է իր շահերը՝ եվրախորհրդարանականները Թուրքիային կոչ են արել անհապաղ դադարեցնել հետագա անօրինական հետախուզությունն ու հորատումը Միջերկրական ծովի արևելքում, զերծ մնալ Հունաստանի օդային տարածքի և Հունաստանի և Կիպրոսի տարածքային ջրերի սահմանները խախտելուց և վերջ տալ «ազգայնական ռազմատենչ հռետորաբանությանը»:Նրանք ընդգծել են, որ հարցի լուծումը կարելի է գտնել միայն երկխոսության, դիվանագիտության և բանակցությունների միջոցով, և կողմերին, հատկապես Թուրքիային, կոչ են արել զինված ուժերը շտապ դուրս հանել տարածքից:Միևնույն ժամանակ, նրանք Եվրոպայի խորհրդին կոչ են արել պատրաստ լինել հետագա սահմանափակումների մշակման, որոնք պետք է լինեն ոլորտային և նպատակային և չպետք է բացասաբար անդրադառնան Թուրքիայի ժողովրդի կամ այնտեղ ապրող փախստականների վրա:
17:39 - 17 սեպտեմբերի, 2020
Եվրախորհրդարանը չի ճանաչում Լուկաշենկոյին որպես Բելառուսի նախագահ |azatutyun.am|

Եվրախորհրդարանը չի ճանաչում Լուկաշենկոյին որպես Բելառուսի նախագահ |azatutyun.am|

azatutyun.am: Հինգշաբթի օրը Եվրախորհրդարանը Բելառուսի հարցով բանաձև է ընդունել, որով հրաժարվել է ճանաչել նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի վեցերորդ հաղթանակը, փոխարենը Եվրամիության օրենսդիր մարմինը պահանջել է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Մարիա Կոլեսնիկովային։ Եվրոպացի պատգամավորները հորդորում են նաև պատժամիջոցներ սահմանել անձամբ Լուկաշենկոյի դեմ՝ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի օրինակով: Ավելի վաղ Եվրամիությունը հայտարարել է, թե չի ճանաչում Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, որ հնարավորություն են ընձեռել 26 տարի երկիրը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոյին ևս հինգ տարի պաշտոնավարել։ Պաշտոնական Բրյուսելի գնահատմամբ՝ այդ ընտրությունները ոչ ազատ էին, ոչ էլ արդար: Եվրոպական միության անդամ պետությունների առաջնորդները անցած ամիս նաև պայմանավորվել են ֆինանսական օգնություն հատկացնել Բելառուսի քաղաքացիական հասարակությանը․ 53 միլիոն եվրոյի մի մասը կտրամադրվի բռնությունների զոհերին և քաղաքացիական հասարակությանը, մյուս մասը նախատեսված է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար:
17:16 - 17 սեպտեմբերի, 2020
Եվրախորհրդարանն այսօր կքննարկի իրավիճակը Նավալնիի շուրջ |azatutyun.am|

Եվրախորհրդարանն այսօր կքննարկի իրավիճակը Նավալնիի շուրջ |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Եվրախորհրդարանը կքննարկի իրավիճակը Ռուսաստանի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի շուրջ, ով, ըստ գերմանական իշխանությունների, թունավորվել է արգելված «Նովիչոկ» խմբի նյարդապարալիտիկ նյութով: Ակնկալվում է, որ պատգամավորները կողմ կքվեարկեն բանաձևին, թե ինչպես պետք է Եվիամիության իշխանություններն արձագանքեն տեղի ունեցածին: Եվրախորհրդարանի կայքը տարբեր խորհրդարանական խմբերի կողմից մշակված փաստաթղթերի նախագծեր է հրապարակել, որոնցից մեկը վերաբերում է Նավալնիի գլխավորած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննություններում հայտնված անձանց դեմ պատժամիջոցներ սահմանելուն: Մեկ այլ նախագծով առաջարկվում է դադարեցնել Ուկրաինան շրջանցող «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը, որով ռուսական վառելիքն առաքվելու է Եվրոպա, նաև առաջարկվում է կրկին դուրս թողնել Ռուսաստանին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովից: Կրեմլի կոշտ քննադատի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում, ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, և Նավալնիին տեղափոխել էին տեղի շտապ օգնության հիվանդանոց: Երկու օր անց ընտանիքի համառ պահանջով նրան տեղափոխեցին Բեռլին, որտեղ Նավալնին ապաքինվում է «Շարիտե» հիվանդանոցում:
10:19 - 17 սեպտեմբերի, 2020
Եվրախորհրդի ղեկավարն արդեն քանի օր է՝ չի կարողանում կապ հաստատել Լուկաշենկոյի հետ |tert.am|

Եվրախորհրդի ղեկավարն արդեն քանի օր է՝ չի կարողանում կապ հաստատել Լուկաշենկոյի հետ |tert.am|

tert.am: Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության փոխղեկավար Հելգա Շմիդն այսօր հայտարարել է, որ մի քանի օր է՝ ԵՄ-ին չի հաջողվում կապ հաստատել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, գրում է tass.ru-ն։ Նրա խոսքով՝ վերջին օրերին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը փորձել է խոսել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, սակայն նրա ջանքերն ապարդյուն են եղել։ «Եվրախորհրդի ղեկավարը վերջին օրերին փորձել է կապվել Լուկաշենկոյի հետ, սակայն նրան չի հաջողվել»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի արտահերթ նիստում, որը նվիրված է Բելառուսում տիրող իրավիճակին: Նույն նիստում բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան տեսակապի միջոցով հայտարարել է, որ Բելառուսում նախագահական ընտրություններն անցկացվել են հազարավոր խախտումներով, իսկ դրանց պաշտոնական արդյունքները չեն ընդունվել բելառուս ժողովրդի կողմից:  Նա նաև խոսել է բելառուսական ընդդիմության նպատակի մասին, այն է՝ խաղաղ երկխոսության միջոցով նոր ընտրությունների հասնելը։ Նախկին թեկնածուն հավելել է, որ ընդդիմությունը պատրաստ է իշխանությունների հետ բանակցությունների համար իր ներկայացուցիչներին առաջադրել։  «Հայտարարում եմ իշխանությունների հետ բանակցությունների մեջ մտնելու պատրաստակամության մասին։ Պատրաստ ենք ներկայացնել մեր բանակցողներին»,- հայտարարել է նա։
16:53 - 25 օգոստոսի, 2020
Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն Ադրբեջանին ԱլԳ-ից դուրս մղելու կոչ է արել

 |armenpress.am|

Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն Ադրբեջանին ԱլԳ-ից դուրս մղելու կոչ է արել |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն այսօր կոչ է արել «անմիջապես դուրս մղել» Ադրբեջանին Արևելյան գործընկերության կազմից: Այս մասին տեղեկացրին Բրյուսելում գործող «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ»-ը (EuFoA) հասարակական կազմակերպությունից։ «Ահազանգը տեղ է գտել Բելառուսում ընթացող իրավիճակը քննարկելու համար ԵՄ Արտաքին գործերի խորհրդի արտակարգ նիստի նախօրեին հրապարակված հայտարարության մեջ։ Ընտրությունները խայտառակություն որակելով՝ հայտարարությունը խստորեն դատապարտում է բողոքողների նկատմամբ հետագա բռնությունը և հարգում նրանց համարձակ լինելը: Զուգահեռներ անցկացնելով այս ամսվա ընթացքում Բելառուսում և վեց ամիս առաջ Ադրբեջանում տեղի ունեցած տապալված ընտրությունների միջև՝ Սոցիալիստների և դեմոկրատների փոխնախագահ, ԵԽԽՎ պատգամավոր Քաթի Փիրին նշել է. «Մենք չենք կարող համագործակցել այն երկրների հետ, որտեղ ականատես ենք լինում քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության բռնաճնշումների: Բռնապետերը ազատ հասարակությունների թշնամիներն են: Թե՛ Բելառուսը, և թե՛ Ադրբեջանը պետք է անմիջապես դուրս մղվեն Արևելյան գործընկերության ծրագրից»։ Այս հայտարարությունը հաջորդում է ընդամենը 10 օր առաջ նույն խմբի հնչեցրած կոչին․ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության առաջատար անդամների դեմ՝ ի պատասխան երկրում մարդու իրավունքների ոտնահարման մակարդակի բարձրացման: Բրյուսելից ելույթ ունենալով «Հայաստանի Եվրոպացի Բարեկամների» անունից, Ուիլյամ Լավենդերն ասաց. «Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները հիմքեր են, որոնց վրա կառուցված է Արևելյան գործընկերությունը: Շատ հաճախ մենք տեսնում ենք, որ Եվրախորհրդարանում ոմանք պատրաստ են անտեսել այս սկզբունքները՝ հանուն այլ շահերի: Ցավով եմ նշում, որ այդ շահերը հաճախ Հայաստանի օգտին չեն: Ուրախ եմ տեսնել, որ Եվրախորհրդարանում առնվազն մեկ խումբ լուրջ է ընդունում այս սկզբունքները, և հուսով եմ, որ մենք շուտով կտեսնենք այլ խմբեր, որոնք կհարեն այս պատվաբեր դիրքորոշմանը»։
19:34 - 14 օգոստոսի, 2020
Եվրախորհրդարանի 29 պատգամավոր կոչ է արել Ադրբեջանին կիրառել ԵԱՀԿ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը

Եվրախորհրդարանի 29 պատգամավոր կոչ է արել Ադրբեջանին կիրառել ԵԱՀԿ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին կիրառել ԵԱՀԿ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը:  Եվրոպական խորհրդարանի 29 պատգամավոր 7 գլխավոր քաղաքական խմբակցությունից նամակ է հղել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելին: Նամակում Եվրախորհրդարանի անդամները շեշտում են, որ Եվրամիությունը պետք է օգտագործի իր լծակները տարածաշրջանում վստահության ամրապնդման իրական և արդյունավետ միջոցներ գործի դնելու համար և կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին կիրառել ԵԱՀԿ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը:Տեղեկատվությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը եւ ներկայացրել Եվրախորհրդարանի պատգամավորների նամակը հայերեն թարգմանությամբ։ «Բարձր ներկայացուցիչ/Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահհարգելի պարոն Բորել,2020 թվականի հուլիսի 12-ից ի վեր մենք ականատես ենք լինում համաճարակի պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի վտանգավոր սրացման, որն արդեն հանգեցրել է ողբերգական կորուստների երկուստեք: Իրավիճակը հղի է պատերազմի վերածվելու վտանգով, ինչը կապակայունացնի ողջ տարածաշրջանը, այսինքն՝ Եվրամիության արևելյան հարևանությունը:Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և 2009 թվականի հիմնարար սկզբունքներին, այն է՝ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդների ազատ ինքնորոշման իրավունքը: Դրա հետ մեկտեղ, անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել ատելության խոսքի և ռազմատենչ հռետորաբանության դեմ:Անչափ կարևոր է, որ ԵՄ-ն իր լծակներն օգտագործի վստահության՝ իրական և արդյունավետ միջոցներ կիրառելու համար: Խոսքը վերաբերում է մասնավորապես ԵԱՀԿ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմին, ինչը կկանխի կողմերի երկուստեք մեղադրանքները մահաբեր հարձակումներ նախաձեռնելու վերաբերյալ: Հայաստանն արդեն համաձայնել է քննարկել մեխանիզմի մանրամասները: Ադրբեջանը ևս պարտավոր է համաձայնել:Կողմերը պետք է անհապաղ վերսկսեն բանակցությունները և աշխատեն հակամարտության տևական և խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ակնհայտ է, որ Արցախյան հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Մեր նպատակն է ունենալ խաղաղ, բարգավաճ և ապահով ԵՄ հարևանություն, և մենք պետք է հստակ քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ»:
20:08 - 24 հուլիսի, 2020
Եվրախորհրդարանի 3 պատգամավորի համատեղ հայտարարության իրական արժեքը և ազդեցությունը |armenpress.am|

Եվրախորհրդարանի 3 պատգամավորի համատեղ հայտարարության իրական արժեքը և ազդեցությունը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիություն-Հայաստան գործընկերության հանձնաժողովի համանախագահ Մարինա Կալյուրանդին, Հայաստանի հարցով զեկուցող Տրայան Բեսեսկուն և Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելենա Զովկոն հունիսի 10-ին համատեղ հայտարարություն են տարածել «Հայաստանի և ԼՂ միջև նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ»: Այն փաստացի դատապարտում է Հայաստանն Արցախին կապող Կապան-Հադրութ մայրուղու կառուցումը և պարունակում է մի շարք բացահայտ հակահայկական ձևակերպումներ, այդ թվում` «Լեռնային Ղարաբաղի ապօրինի օկուպացիայի և հակամարտությունն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում կարգավորելու» վերաբերյալ: Եվրախորհրդարանի 3 պատգամավորի այս հայտարարությունը Հայաստանում դարձել է տարաբնույթ (հիմնականում պարտվողական) մեկնաբանությունների առարկա, իսկ ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է այն մատուցել որպես «դիվանագիտական փայլուն հաղթանակ»: Բաքվի տեղեկատվական-քարոզչական լայնածավալ արշավի և հայաստանյան ներքաղաքական շահարկումների ֆոնին այս հայտարարության իրական դերն ու ազդեցությունը լիարժեքորեն չի դիտարկվում, ուստի անհրաժեշտություն կա այն ենթարկել համակողմանի վերլուծության: Եվրախորհրդարանի 3 պատգամավորի հայտարարությունը դիտարկենք իրավական հարթության մեջ: Այս առումով կարիք կա հստակ արձանագրել, որ հայտարարությունը չունի որևէ իրավական ուժ, ավելին` այն չունի նաև քաղաքական բավարար կշիռ, քանի որ ոչ թե Եվրախորհրդարանի կողմից քվեարկությամբ ընդունված բանաձև կամ հայտարարություն է, այլ պարզապես 3 անհատ պատգամավորի նախաձեռնությամբ տարածված հայտարարություն: Հաշվի առնելով, որ տվյալ անձինք զբաղեցնում են հստակ իրավասություններ ենթադրող պաշտոններ (ԵՄ-Հայաստան գործընկերության հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի հարցով զեկուցող, Ադրբեջանի հարցով զեկուցող) ոչ միանշանակ է, թե արդյոք հայտարարության հեղինակները գործել են իրենց իրավասությունների շրջանակում` հայտարարություն տարածելով Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, առավել ևս` նման միակողմանի բովանդակությամբ: Չենք կարող բացառել, որ նրանց գործողությունները կարող են անգամ որակվել որպես պաշտոնական դիրքի չարաշահում և ոչ կոմպետենտության արտահայտություն:   Եթե հայտարարությունը դիտարկենք քաղաքական հարթության մեջ, պետք է ընդգծել, որ տեքստում տեղ գտած ձևակերպումներն ու շեշտադրումները չեն համապատասխանում ո´չ Եվրամիության պաշտոնական դիրքորոշմանը, ո´չ Եվրախորհրդարանի կողմից ավելի վաղ ընդունված բանաձևերին և հայտարարություններին: Հատկանշական է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ պաշտոնական Բրյուսելի դիրքորոշումն արտահայտող  միակ իրավական ուժ ունեցող փաստաթուղթը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, որն, ի դեպ, վավերացվել է նաև Եվրախորհրդարանի կողմից: Համաձայնագրում նշված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրությունում և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների վրա, մասնավորապես, ուժի սպառնալիքից կամ գործադրումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքների վրա` հաշվի առնելով նաև կարգավորման գործընթացին աջակցելու Եվրամիության հանձնառությունը: Ինչ վերաբերում է Եվրախորհրդարանի 3 պատգամավորի հայտարարության բովանդակային կողմին, ապա այն խիստ միակողմանի է և հակասական: Հայտարարության հեղինակները վերահաստատում են իրենց «հաստատակամ աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին և 2009թ. հիմնարար սկզբունքներին», սակայն նույն տեքստում, փաստացի աղավաղում են այդ հիմնարար սկզբունքները:Բացի այդ, հայտարարությունում կիրառված «օկուպացված», «գրավյալ» եզրույթների կիրառումն անընդունել է, քանի որ դրանք կանխորոշում են Արցախի վերջնական կարգավիճակը և հակասում են հիմնարար սկզբունքների տրամաբանությանը: Ավելին, հայտարարության մեջ զուտ հումանիտար նշանակություն ունեցող մայրուղու կառուցումը պատգամավորների կողմից քաղաքականացվել է` անտեսելով, որ Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ և ագրեսիայի սպառնալիքի պայմաններում գտնվող Արցախի բնակչության համար նման մայրուղին կյանքի ճանապարհ է և իր հիմնարար իրավունքների իրացման ևս մեկ հնարավորություն: Թե ինչու են Եվրախորհրդարանի 3 պատգամավոր որոշել «ադրբեջանական ձևակերպումներով» համեմված հայտարարությամբ հանդես գալ, կարելի է կռահել, առավել ևս եթե հաշվի առնենք եվրոպական միջխորհրդարանական համագործակցության ձևաչափերում Ադրբեջանի խավիարային դիվանագիտության պրակտիկան և հայտարարության որոշ հեղինակների (օրինակ` Տրայան Բեսեսկուի) ավելի վաղ արտահայտած բացահայտ ադրբեջանամետ հայտարարությունները: Հայկական կողմն արդեն իսկ արձագանքել է Եվրախորհրդարանի 3 պատգամավորի հայտարարությանը: Հայաստան-Եվրամիություն (ԵՄ) խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամները հայտարարություն են տարածել` խոր մտահոգություն հայտնելով հունիսի 10-ին արված հայտարարության վերաբերյալ, մանրամասն անդրադառնալով դրա բովանդակությանը և հեղինակների գործելաոճի անընդունելիությանը: Նշված է նաև, որ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեում Հայաստանի պատվիրակությունն իրեն իրավունք է վերապահում վերագնահատել և վերանայել իր հետագա փոխգործակցությունը տիկին Մարինա Կալյուրանդիի, պարոն Տրայան Բեսեսկուի և տիկին Զելյանա Զովկոյի հետ` իրենց ներկա կարգավիճակում: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները ևս համատեղ հայտարարություն են տարածել՝ ընդգծելով, որ «Եվրախորհրդարանի երեք պատգամավորների վերոհիշյալ հայտարարությունը խիստ սուբյեկտիվ և կողմնակալ է իր բնույթով, իսկ նման մոտեցումները, ինչպես ցույց է տվել փորձը, միշտ էլ բացասական ազդեցություն են թողել տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված ջանքերին, որոնց ուղղությամբ տարիներ շարունակ իրենց գործունեությունն են իրականացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները»: Հայաստանի և Արցախի խորհրդարանների հայտարարությունները և դրանցում առկա մտահոգությունները հիմնավոր են և բավական կարևոր է այս հարցում դրսևորել հետևողականություն` հասնելով հունիսի 10-ի հակասական հայտարարության բոլոր կամ առնվազն որոշ հեղինակների հեռացման նրանց զբաղեցրած պաշտոններից: Եթե ամփոփենք Եվրախորհրդարանի 3 պատգամավորի համատեղ հայտարարության վերլուծությունը, կարող ենք նշել, որ այն իրավական կամ քաղաքական առումով լուրջ հետևանքներ չի կարող ստեղծել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի համար: Սակայն, միևնույն ժամանակ կարևոր է չթերագնահատել նաև այդ հայտարարությունը, քանզի այն հստակ ցուցիչ է, որ եվրոպական ուղղությամբ, հատկապես խորհրդարանական ձևաչափով, շատ անելիքներ ունենք: Անհրաժեշտ է հետևողական աշխատանք տանել եվրոպական և ընդհանրապես միջազգային գործընկերների հետ, որպեսզի բացառվեն նման միակողմանի նախաձեռնությունները, քանզի դրանք կարող են նպաստել Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանն ու կեցվածքին` սպառնալիքներ ստեղծելով տարածաշրջանային անվտանգության համար:
14:46 - 13 հունիսի, 2020