Հունաստան

Տարածությունը՝ 131 957 կմ² Բնակչությունը՝ 10 772 967 Մայրաքաղաքը՝ Աթենք (հուն.՝ Αθήνα) Ազգային արժույթը՝ Եվրո (Euro), նախկինում՝ հունական դրամ Մեծ քաղաքներ՝ Աթենք, Սալոնիկ. Պատրա Ժամային գոտի՝ (UTC+2) ամռանը (UTC+3) Ազգային դոմեյնային զոնա՝ .gr Հեռախոսային կոդը՝+30։

Հունաստանի կառավարությունը որոշել է երկիրը պարսպով մեկուսացնել Թուրքիայից
 |shantnews.am|

Հունաստանի կառավարությունը որոշել է երկիրը պարսպով մեկուսացնել Թուրքիայից |shantnews.am|

shantnews.am: Հույն-թուրքական սահմանին պարիսպ կկառուցվի Էվրոս գետի ողջ երկայնքով, երեքշաբթի որոշումը կայացրել է Հունաստանի կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության խորհուրդը։ Նիստը վարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ «Նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ինչպես մեր ցամաքային, այնպես էլ ծովային սահմաններից մեր երկիր ապօրինի մուտքի պատճառով ճնշումների ավելացման խնդիրը։ Որոշվել է աստիճանաբար ընդլայնել պարիսպը Էվրոսի ողջ երկայնքով՝ առաջնահերթությամբ ընդգրկելով վիճելի կետերը, որոնք սահմանվել են համապատասխան նախարարությունների և ազգային պաշտպանության գլխավոր շտաբի կողմից», - ասված է հաղորդագրությունում: Որոշում է կայացվել նաև արդիականացնել և ուժեղացնել սահմանին հսկողության սարքավորումները: Կառավարության խոսնակ Իկոնոմուն երեքշաբթի ասել է, որ թուրքական իշխանությունները կրկին փորձում են ներգաղթը որպես գործիք օգտագործել, իսկ ներգաղթային ճգնաժամի նոր փուլը տեղի է ունենում Հունաստանի վրա «հիբրիդային հարձակման պես»։ «Օգոստոսի 18-ին ընդամենը մեկ օրվա ընթացքում ավելի քան 1500 ներգաղթյալներ փորձել են անցնել Էվրոսը: Անցյալ շաբաթ Հունաստանի իշխանությունների կողմից փրկված 38 միգրանտներ բողոքել են, որ թուրքական իշխանությունները բռնի կերպով իրենց տեղափոխել են Էվրոսի կղզի: Վերջին օրերին 60 մաքսանենգ է ձերբակալվել և պատասխանատվության ենթարկվել», – ասել է Իկոնոմուն: Անցյալ շաբաթ մոտ 40 միգրանտ արգելափակվել է Էվրոս գետի կղզում, իսկ 5-ամյա մի աղջիկ մահացել է կարիճի խայթոցից: Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ պատասխանատվություն չեն կրում միգրանտների հետ տեղի ունեցած միջադեպի համար, քանի որ կղզին գտնվում է Թուրքիայի տարածքում։ Այն բանից հետո, երբ 2020 թվականի փետրվարի վերջին-մարտի սկզբին Թուրքիայից հազարավոր անօրինական միգրանտներ փորձեցին ներխուժել հունական տարածք, Հունաստանը կառուցեց նոր 26 կիլոմետրանոց պարիսպ և արդիականացրեց ցանկապատի հին հատվածները՝ 10 կիլոմետր երկարությամբ, Էվրոսի հյուսիսարևելյան շրջանում: Հունաստանի և Թուրքիայի միջև սահմանի երկարությունը Էվրոսում կազմում է մոտ 200 կիլոմետր։
10:32 - 24 օգոստոսի, 2022
Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ Աթենքը չի համաձայնի Ուկրաինայի սահմանների փոփոխության հետ
 |pastinfo.am|

Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ Աթենքը չի համաձայնի Ուկրաինայի սահմանների փոփոխության հետ |pastinfo.am|

pastinfo.am: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Աթենքի համար Ուկրաինայի սահմանների փոփոխության հետ չհամաձայնելը սկզբունքի հարց է: Միցոտակիսը ելույթ է ունեցել «Ղրիմի հարթակի» առցանց գագաթնաժողովում, որի նպատակներից են Կիեւի իշխանությունները համարում Ղրիմի «դեօկուպացիայի» ուղիների քննարկումը: «Սահմանների անխախտելիությունն այն հիմքն է, որի վրա կառուցվել է Եվրոպան Հելսինկյան եզրափակիչ ակտից հետո։ Ղրիմի գրավումը 2014 - ին առաջին քայլն էր, իսկ փետրվարի 24 - ին՝ Եվրոպայի սահմանների վերաձևման ռեվիզիոնիստական ծրագիրը։ Նախկինում մենք ունեցել ենք թուրքական ներխուժման և Կիպրոսի զգալի մասի օկուպացիայի նման փորձ 1974 թվականին։ Այս վերքը դեռ չի բուժվել, գրեթե 50 տարի անց։ Մենք գիտենք, թե ինչ ցավ ու գին է դա բերում երկրին», - ասել է Միցոտակիսը։ Հունաստանը 2014 թվականին, նախագահելով Եվրամիությունում, ակտիվորեն պաշտպանել է պետական հեղաշրջումն Ուկրաինայում։ Հունաստանի ԱԳ նախարար էվանգելոս Վենիզելոսը դարձել է առաջին եվրոպացի քաղաքական գործիչը, որը Կիեւ էր մեկնել նոր ռեժիմին շնորհավորելու պետական հեղաշրջումից հետո իշխանության գալու կապակցությամբ: Վենիզելոսի այցը՝ որպես ԵՄ նախագահող, օրինականացրել է նոր ռեժիմը, գրում է ՌԻԱ Նովոստին:
09:35 - 24 օգոստոսի, 2022
Հունաստանում ընդդիմությունը, գաղտնալսման սկանդալի ֆոնին, պահանջում է վարչապետի հրաժարականը
 |tert.am|

Հունաստանում ընդդիմությունը, գաղտնալսման սկանդալի ֆոնին, պահանջում է վարչապետի հրաժարականը |tert.am|

tert.am: Հունաստանի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը կոչ է արել երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին հրաժարական տալ՝ կապված Ազգային հետախուզական ծառայության կողմից ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության (ՊԱՍՕԿ) առաջնորդ Նիկոս Անդրուլակիսի հեռախոսի գաղտնալսման առնչությամբ սկանդալի հետ, որի հետևանքով հրաժարական են տվել նրա գլխավոր քարտուղարը և Հունաստանի հետախուզական գործակալության ղեկավարը: Այս մասին հայտնում է greekcitytimes.com կայքը:«Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը քաջություն չունեցավ անել այն, ինչ ինքնին ակնհայտ է եվրոպական լիբերալ ժողովրդավարության մեջ՝ հրաժարական տալ», - հայտարարել է ՍԻՐԻԶԱ-Առաջադեմ դաշինք կուսակցությունը:Նախօրեին Միցոտակիսը, մեկնաբանելով սկանդալը, ասել էր, որ ինքը գատնալսման մասին տեղյակ չի եղել, և եթե տեղյակ լիներ, թույլ չէր տա նման բան: Սակայն Հունաստանի գլխավոր ընդդիմադիր կուսակցության պնդմամբ՝ վարչապետը «ստախոս լինելուց բացի ամբարտավան է և չզղջացող, քանի որ չի ցանկանում իր վրա վերցնել պատասխանատվությունը»:Եվրախորհրդարանի պատգամավոր և ՊԱՍՕԿ-ի առաջնորդ Նիկոս Անդրուլակիսը ուրբաթ ասել էր, որ տեղեկացել է 2021 թվականի իր խոսակցությունների գաղտնալսման մասին։ Նա չի բացահայտել տեղեկատվության աղբյուրը։ՊԱՍՕԿ-ը Հունաստանի երրորդ կարևորագույն քաղաքական կուսակցությունն է։ Տասնամյակներ շարունակ այն եղել է Միցոտակիսի պահպանողական «Նոր դեմոկրատիա» կուսակցության գլխավոր քաղաքական մրցակիցը:
12:36 - 09 օգոստոսի, 2022
Հայաստանը ծրագրում է դիվանագիտական գրասենյակ բացել Կիպրոսում

Հայաստանը ծրագրում է դիվանագիտական գրասենյակ բացել Կիպրոսում

Կիպրոսի Հանրապետության հանրային ՌԻԿ հեռուստաընկերության լուրերի գլխավոր թողարկման ընթացքում անդրադարձ է եղել Կիպրոսում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի՝ Կիպրոսի Հանրապետություն կատարած առաջին պաշտոնական այցին, ինչպես նաև հեռուստաընկերության տնօրինության և տնօրենների խորհրդի նախագահ Միխալիս Միխաիլի հետ հանդիպմանը: Այս մասին տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված հաղորդագրությունից։ Տեսանյութում նշվում է, որ հեռուստաընկերության տնօրինության և տնօրենների խորհրդի նախագահ Միխալիս Միխաիլի հետ հանդիպման ժամանակ դեսպան Մկրտչյանը նշել է, որ գալիք տարի ՀՀ-ը ծրագրում է դիվանագիտական գրասենյակ բացել Կիպրոսում, որը կներկայացվի հայ դիվանագետի կողմից՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում նաև Կիպրոսը դիվանագիտական գրասենյակ կբացի Հայաստանում: Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև առկա են երկարամյա սերտ հարաբերություններ՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում հնարավորություն կընձեռվի փոխադարձության սկզբունքով դիվանագիտական ներկայացուցչություններ բացել երկու երկրների մայրաքաղաքներում՝ Երևանում և Նիկոսիայում: Դեսպանն անդրադարձել է նաև եռակողմ ձևաչափով Կիպրոս-Հայաստան-Հունաստան համագործակցությանը՝ նշելով, որ այդ համագործակցության շրջանակներում տարբեր ոլորտներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ՝ ինչպես, օրինակ, ռազմական, քաղաքական, սփյուռքի ոլորտներում՝ հույս հայտնելով, որ այդ համագործակցության շրջանակներն էլ ավելի կընդլայնվեն: Դեսպան Մկրտչյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել Կիպրոսի Հանրապետությանը՝ Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար: Իր հերթին ՌԻԿ հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Միխալիս Միխաիլը նշել է, որ ջանքեր են գործադրվելու Հայաստանի հետ համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու և խորացնելու նպատակով, ներառյալ լուրերի և տեղեկատվության ոլորտում համագործակցությունը և հավելել, որ ՌԻԿ-ը նաև ամենօրյա ռադիոհաղորդումներ է հեռարձակում հատուկ կիպրահայերի համար: Հանդիպմանը ներկա է եղել նաև Կիպրոսի ներկայացուցիչների պալատում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը:
12:18 - 15 հուլիսի, 2022
Հակամարտությունը չի դադարում գոյություն ունենալ միայն այն պատճառով, որ կողմերից մեկը հայտարարում է, թե այն գոյություն չունի. Արարատ Միրզոյանի հարցազրույցը հունական «Կաթիմերինի» պարբերականին

Հակամարտությունը չի դադարում գոյություն ունենալ միայն այն պատճառով, որ կողմերից մեկը հայտարարում է, թե այն գոյություն չունի. Արարատ Միրզոյանի հարցազրույցը հունական «Կաթիմերինի» պարբերականին

Հունիսի 27֊ին Հունաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել հունական Կատիմերինի պարբերականին: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև. Հարց․ Հույն-հայկական հարաբերություններն ավանդաբար բարեկամական են եղել։ Հետագա զարգացման ի՞նչ հեռանկարներ կան։ Որո՞նք էին Ձեր քննարկումների հիմնական թեմաներն այստեղ՝ Աթենքում: Պատասխան․ Հունաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է Եվրոպայում և աշխարհում։ Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների հիմքում ընկած են մեր երկու ժողովուրդների հազարամյակների ընդհանուր պատմությունն ու արժեքները, բարեկամությունն ու համերաշխությունը։ Դարեր շարունակ հայերն ու հույները խաղաղ ապրել են կողք կողքի, համագործակցել՝ արժեքներ ու բարեկեցություն ստեղծելու համար, և միասին պայքարել արտաքին կեղեքիչների դեմ: Այս համատեքստում ցանկանում եմ շեշտել, որ մենք երբեք չենք մոռանա հույն ժողովրդի և կառավարության անկեղծ աջակցությունը մեր ժողովրդի պատմության ծանրագույն ժամանակաշրջաններում, ինչի ամենավերջին օրինակը 2020 թվականի պատերազմն էր։ Այս տարի նշում ենք մեր հանրապետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այս երեք տասնամյակների ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է ավելի քան 40 փաստաթուղթ։ Մենք զարգացրել ենք ամուր միջպետական հարաբերություններ և ձևավորել ծանրակշիռ երկկողմ օրակարգ՝ սկսած ակտիվ քաղաքական երկխոսությունից մինչև պաշտպանության, տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում փոխգործակցություն, ինչպես նաև փոխշահավետ համագործակցություն բազմակողմ հարթակներում: Հունաստան կատարած իմ վերջին աշխատանքային այցի ընթացքում ես շատ արդյունավետ բանակցություններ եմ ունեցել նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի և վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ ու խորքային քննարկումներ իրականացրել իմ գործընկեր և լավ բարեկամ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Մենք առաջընթաց ենք գրանցել և ընդհանուր փոխըմբռնման հասել մի շարք կարևոր հարցերի շուրջ. կշարունակենք աշխատել մեր հարաբերություններն էլ ավելի խորացնելու ուղղությամբ։ Ես նաև կարծում եմ, որ մենք պետք է դիտարկենք Հայաստան-Հունաստան համագործակցությունը զգալիորեն ավելի բարձր մակարդակի հասցնելու հնարավորությունը, ինչը համապատասխան կլինի ռազմավարական գործընկեներին։ Վստահ եմ՝ մոտ ապագայում մենք կաշխատենք այս ուղղությամբ։ Հարց. Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը եռակողմ բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել։ Հետագայում ինչպե՞ս կարող են զարգանալ այս հարաբերությունները: Պատասխան․ Հայաստանը մեծապես կարևորում է եռակողմ ձևաչափով համագործակցությունը: Մինչ այժմ մենք հաջողությամբ մի քանի եռակողմ նախարարական հանդիպումներ ենք անցկացրել, և ակնկալում ենք երեք երկրների ղեկավարների մակարդակով գագաթաժողով հյուրընկալել։ Մեր երկրները փոխգործակցության ու փոխադարձ աջակցության հարուստ փորձ ունեն, և մենք հավատում ենք, որ մեր պետություններն ունեն հսկայական ներուժ՝ խթանելու տարածաշրջանում կայունությունը, անվտանգությունն ու խաղաղությունը՝ Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև քաղաքական երկխոսության ու համագործակցության ամրապնդման միջոցով: Մենք նաև ընդգծում ենք եռակողմ համագործակցության կարևորությունն ու արդյունավետությունը պաշտպանության, սփյուռքի, խորհրդարանական կապերի, արտակարգ իրավիճակների, ՏՏ, առողջապահության, ներդրումների, զբոսաշրջության, կրթության և մշակույթի ոլորտներում։ Վստահ եմ, որ այս ձևաչափը դատապարտված է հաջողության։ Հարց. 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում պատերազմ էր տեղի ունեցել։ Հայաստանը պատրա՞ստ է ընդունել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ստատուս քվոն։ Եվ եթե ոչ՝ ի՞նչ այլընտրանք կարող է լինել: Պատասխան․ Չնայած ադրբեջանական իշխանությունների պնդումներին, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղը՝ որպես սուբյեկտ, այլևս գոյություն չունի, և որ հակամարտությունն ավարտված է, իրականությունն ու միջազգային հանրության դիրքորոշումը հակառակն են ապացուցում. Լեռնային Ղարաբաղը գոյություն ունի, գոյություն ունի իր հայ բնակչությամբ, որը շարունակում է ապրել իր նախնիների հողում, և որի անվտանգությունն այժմ ապահովում են ռուս խաղաղապահները՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, որով դադարեցվեց ավերիչ պատերազմը։ Հակամարտությունը չի դադարում գոյություն ունենալ միայն այն պատճառով, որ կողմերից մեկը հայտարարում է, թե այն գոյություն չունի։ Դա ինքնախաբեություն է։ Ավելին, մեր բազմաթիվ միջազգային գործընկերների և կազմակերպությունների, այդ թվում՝ միջնորդ երկրների պաշտոնական հայտարարությունները նույնպես հստակ ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս վերջնական կարգավորում պետք է ստանա բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո. կարգավորում, որը կերաշխավորի արցախահայության անվտանգությունը և բոլոր իրավունքների պաշտպանությունը, և համապատասխանաբար, դրանից բխող Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։ Հարց. Դուք Ադրբեջանի հետ բանակցությունների մի քանի ուղղություններ ունեք։ Արդյո՞ք Ուկրաինայում պատերազմը կարող է ազդել Հարավային Կովկասում դիվանագիտական զարգացումների վրա։ Պատասխան․ Իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ փխրուն: Մինչ Հայաստանն իր գործողություններով ձգտում է վերսկսել խաղաղության համապարփակ բանակցությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, և դրանով իսկ կայունություն և խաղաղություն հաստատել տարածաշրջանում, Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունների և ուժի կիրառման սպառնալիքների իր քաղաքականությունը։ Ուկրաինայում ստեղծված իրավիճակից հետո ադրբեջանական զինուժը ներխուժեց Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ, որին նախորդել էին գյուղերի և քաղաքացիական ենթակառուցվածքների շարունակական ռմբակոծումները, հարևան գյուղերի խաղաղ հայ բնակչությանը ուժի կիրառման սպառնալիքների ներքո հասցեագրված կոչերը՝ լքելու իրենց տները, աննախադեպ ցուրտ եղանակային պայմաններում գազատարի աշխատանքի մի քանի շաբաթով խափանումը և այլն։ Ներկայումս, երբ աշխարհի ուշադրությունը սևեռված է Ուկրաինային, Ադրբեջանը ցանկացած պահի կարող է լայնածավալ սադրանք սկսելու փորձ կատարել։ Ուստի չափազանց կարևոր է, որպեսզի միջազգային հանրության կողմից արդյունավետ քայլեր ձեռնարկվեն Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման փորձերը կանխելու համար։ Հարց. Արդյո՞ք լավատես եք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում: Պատասխան․ 2021 թվականի հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված Եռակողմ հայտարարություններին և Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններին համահունչ՝ Հայաստանը կառուցողական երկխոսություն է սկսել Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդհանուր կարգավորման, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման ուղղություններով։ Մենք վերահաստատում ենք բոլոր ուղղություններով կառուցողական ջանքեր գործադրելու մեր հանձնառությունը, և ցանկանում եմ ընդգծել, որ գործընթացը շատ ավելի հարթ և արդյունավետ կընթանար, եթե Ադրբեջանը զերծ մնար իր վտանգավոր առավելապաշտությունից և հայատյաց հռետորաբանությունից, դադարեր պատանդառության մեջ պահել բազմաթիվ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ոչնչացնել հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, խոչընդոտել միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի և այլն։ Ընդհանուր առմամբ, մենք կարծում ենք, որ չնայած այն ամբողջ արյանն ու ատելությանը, որը եղել է տարածաշրջանում, Հարավային Կովկասում խաղաղության իրական հնարավորություն կա։ Հայաստանը բազմիցս վերահաստատել է երկարաժամկետ կայունություն հաստատելու և տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր պատրաստակամությունը։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ այդ ջանքերը չեն կարող միակողմանի լինել, և այդ ուղղությամբ մենք ակնկալում ենք նույնքան կառուցողական մոտեցում և անկեղծ գործնական քայլեր ադրբեջանական կողմից։ Հարց. Վերջերս Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսել։ Արդյո՞ք ակնկալում եք այս ուղղությամբ շոշափելի քայլեր: Որո՞նք կարող են լինել այդ քայլերը: Պատասխան․ Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, և մեր կառավարության ծրագրում նույնպես նշված է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և երկու երկրների միջև սահմանի բացմանը, որը Թուրքիան միակողմանի փակել էր դեռևս 1993 թվականին։ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համար նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, և արդեն կայացել է չորս հանդիպում, որոնց ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը` շարունակել սահմանների բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործընթացն առանց նախապայմանների։ Այդ գործընթացին դրական դինամիկա հաղորդելու համար ես ընդունեցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու Թուրքիայի արտգործնախարարի հրավերը և հանդիպում ունեցա նրա հետ ֆորումի շրջանակներում։ Այսօր գործընթացում հաջողելու համար անհրաժեշտ է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն և քաղաքական կամք։ Հայկական կողմը բազմիցս ի ցույց է դրել երկուսն էլ, և մենք նույնը ակնկալում ենք թուրքական կողմից։ Հարց. Ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը Հունաստանի համար այս պահին ամենազգայուն հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են հույն-թուրքական սահմանին շարունակաբար աճող լարվածությունը և Կիպրոսի հարցը։ Պատասխան․ Հայաստանը լիովին աջակցում է Հունաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Հայաստանն անընդունելի է համարում ցանկացած գործողություն և քայլ, որը կարող է կոպտորեն խախտել միջազգային իրավունքի նորմերը, միջազգային ծովային իրավունքը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Ինչ վերաբերում է Կիպրոսի խնդրին, ինչպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում, այս հարցում ևս մեզ համար անընդունելի է ուժի կիրառման հետևանքները որպես լուծում ներկայացնելու ցանկացած փորձ։ Հայաստանն ու Կիպրոսը մշտապես փոխադարձ աջակցություն են ցուցաբերել միմյանց երկկողմ և բազմակողմ հարթակներում։
11:41 - 09 հուլիսի, 2022
Արցախի հունական գյուղի մասին ադրբեջանական տեսանյութը՝ հայատյացությունն «արտահանելու» փորձ

Արցախի հունական գյուղի մասին ադրբեջանական տեսանյութը՝ հայատյացությունն «արտահանելու» փորձ

Հունաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Արցախի Մեհմանա գյուղի մասին CBC TV Azerbaijan հեռուստաալիքի հեռարձակած տեսանյութի վերաբերյալ։ Հայտարարությունում նշվում է, որ Ադրբեջանի դեսպանությունը տեսանյութը հունարեն թարգմանաբար տարածելով փորձում է «հայերի դեմ ատելություն սերմանելու քաղաքականությունն այլ երկրներ «արտահանել»»։ Հունաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում են ստորև․ «Հուլիսի 5-ին CBC TV Azerbaijan հեռուստաալիքի կողմից հեռարձակված և Հունաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից հունարեն թարգմանաբար տարածվող տեսանյութը Արցախի Մեհմանա գյուղի և պատմամշակութային ժառանգության վերաբերյալ ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանում սովորական դարձած հայատյացության ու հայերի դեմ ատելություն սերմանելու քաղաքականությունն այլ երկրներ «արտահանելու» ջղագրգիռ փորձ։ Արցախի Մարտակերտի շրջանի Մեհմանա գյուղը հիմնվել է չորս հույն հանքահանների կողմից, ովքեր, ըստ նրանց հետնորդների, ցեղասպանությունից մազապուրծ Պոնտոսի հույներ էին։ Մինչև պատերազմը հույներն ու հայերն այստեղ ապրել են կողք կողքի, կային բազմաթիվ հայ-հունական ընտանիքներ։ 1992թ․ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը գրավել է Մեհմանա գյուղը՝ ողջ Մարտակերտի շրջանի հետ, նրա հույն բնակիչներին հազարավոր հայերի հետ ստիպելով լքել իրենց օջախները։ «Արցախի Հանրապետության հունական համայնք» հասարակական կազմակերպության ղեկավար և Արցախում հայտնի հեռուստալրագրող Սոֆի Իվանիդիսը, ում ծնողները Մեհմանայից են, պատմում է, որ արցախյան պատերազմի ժամանակ Արցախի հույները դիմել են Հունաստանի կառավարությանը՝ իրենց ընդունելու խնդրով, և կառավարությունն ընդառաջել է նրանց: 1992թ. այս կապակցությամբ Արցախի հունահայ շատ ընտանիքներ տեղափոխվել են Հունաստան: Այդ ժամանակ ծնողները որոշել են մնալ Արցախում, հակառակ նրան, որ իրենց ձեռքի տակ ունեցել են Հունաստանի կառավարության կողմից տրված մշտական բնակության փաստաթուղթը: «Մենք մնացել ենք Արցախում և բոլորի հետ ապրել արցախյան պատերազմի դժվար օրերը և պատվով հաղթել»։ Մեհմանան մեկ տարի անց ազատագրվել է, որին իրենց մասնակցությունն են ունեցել նաև մեհմանացիները: Ադրբեջանի զինված ուժերի կողմից հիմնովին ավերված գյուղը վերակառուցվել է և հույներից ոմանք վերդարձել են, այդ թվում Սոֆի Իվանիդիսի 80-ամյա պապը՝ Նիկոլա Իվանիդիսը, ով հայրենի գյուղում 15 տարի անց կնքել է իր մահկանացուն։ Ադրբեջանի CBC TV հեռուստաալիքի տեսանյութում հունական ուղղափառ եկեղեցու ու հունական պատմամշակութային ժառանգության «ոտնձգության» փաստերը ևս խեղաթյուրված են և չեն համապատասխանում իրականությանը, քանի որ վկայակոչվող եկեղեցին Մարտունու շրջանի Գևորգավան տեղանքում գտնվող ռուսական եկեղեցի է, որն ի դեպ խոցվել է Ադրբեջանի կողմից սանձազերծած առաջին պատերազմի, այնուհետ նաև 2020թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ՝ հնարավորություն չտալով այն վերականգնել։ Տեսանյութը դիտավորյալ լռում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ավերված մեկ այլ ուղղափառ եկեղեցու՝ Շուշիի հունական ուղղափառ (ռուսական) Մեծ նահատակ Գեորգի Հաղթականի տաճարի մասին, ուր հաճախում էին նաև հույները։ 1960-ականների սկզբներին, երբ ԱԽՍՀ ղեկավարությունը որոշեց քանդել Շուշիի հայկական մասը, ապամոնտաժվեց նաև եկեղեցին, որի հիմքի վրա կառուցվեց Մշակույթի տան շենքը։ CBC TV հեռուստաալիքի տեսանյութը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական փորձն է շեղել միջազգային հանրության ուշադրությւնը այդ պետության կողմից 2020թ. ռազմական գործողությունների ընթացքում հայկական եկեղեցիների ռմբակոծման կոնկրետ փաստերից և զինադադարի հաստատումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հետքի ոչնչացմանն ու պատմամշակութային հուշարձանների վերափոխմանն ուղղված քաղաքականությունից, ինչի առնչությամբ 2022թ մարտին Եվրախորհրդարանը «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ» վերտառությամբ բանաձև է ընդունել։ Բանաձևում կոչ է արվում Ադրբեջանին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի դեպքերը կանխելու և նման գործողություններ իրականացնողներին պատժելու ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվում նաև հայկական մշակութային կոթողների «աղվանականացման» նպատակով Ադրբեջանում հատուկ հանձնաժողովի ստեղծմանը, որը կոչված է փոխակերպելու հայկական մշակութային և կրոնական կոթողները՝ դրանց հետագա յուրացմամբ։ Ադրբեջանն այսպիսի քայլերով շարունակում է մարտահրավեր նետել ողջ քաղակակիրթ հանրությանը՝ ի հեճուկս ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը, որը հստակ կերպով պարտավորեցնում է Ադրբեջանին. «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»: Արցախի պատմամշակութային հուշարձանները պահպանելու և հետագա վանդալիզմից փրկելու նպատակով այսօր առավել քան հրատապ է միջազգային հանրության, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջամտությունը, որի փաստահավաք առաքելությանն Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել»,- ասված է հայտարարության մեջ։
15:35 - 07 հուլիսի, 2022
Հունաստանում ուժեղ անտառային հրդեհներ են
 |news.am|

Հունաստանում ուժեղ անտառային հրդեհներ են |news.am|

news.am: Ուժեղ անտառային հրդեհ է սկսվել Էլիդայում (Իլիա), որը գտնվում է Պելոպոնեսի հյուսիս-արեւմուտքում, հրշիջման աշխատանքներին մասնակցում են 195 հրշեջ, յոթ հետիոտն խումբ եւ 48 միավոր տեխնիկա, տեղեկացրել է Հունաստանի հրշեջ ծառայությունը։ Հրդեհն սկսվել է կիրակի ցերեկը, Ախայա քաղաքից ոչ հեռու։ Բնակելի տներին սպառնացող վտանգի պատճառով տարհնավել են չորս գյուղերի բնակիչները։ Գիշերվան մոտ հրշիջման աշխատանքներին մասնակցում էին վեց ինքնաթիռ եւ հինգ ուղղաթիռ։ Արեւածագին մոտ հրդեհի օջախը ջրով փորձում են մարել երկու ինքնաթիռ եւ երկու ուղղաթիռ։ Կանխատեսման համաձայն՝ շրջանը գտնվում է շատ բարձր ռիսկային գոտում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Կիրակի օրը Հունաստանում գրանցվել է 53 անտառային հրդեհ։ Ամենալուրջ հրդեհները բռնկվել են Պեանիայում, Ատտիկա մայրաքաղաքային շրջանում, Պորտո Կացիկայում (Լեֆկադա կղզի) եւ Կարիստոս քաղաքի մոտ (Էվբեայի հարավ)։ Հունաստանում սկսվել է հրդեհավտանգ շրջանը, եղանակը շատ շոգ է, օդի ջերմաստիճանը՝ 30-ից բարձր, վերջին օրերին ուժեղ քամիներ են։ Իշխանությունների կանխատեսումներով՝ ամառը հրդեհների առումով բարդ է լինելու։ Հունաստանի կլիմայական ճգնաժամի եւ քաղաքացիական պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ ավելի քան 200 հրշեջներ Բուլղարիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռումինիայից, Նորվեգիայից եւ Ֆինլանդիայից Հունաստանում են լինելու հուլիս-օգոստոսին՝ օգնություն ցուցաբերելու եւ հույն գործընկերներին իրենց փորձը փոխանցելու նպատակով։
09:35 - 04 հուլիսի, 2022
Էրդողանն իր հայտարարություններով միջամտում է Հունաստանի ներքին գործերին. Հունաստանի ԱԳՆ |armenpress.am|

Էրդողանն իր հայտարարություններով միջամտում է Հունաստանի ներքին գործերին. Հունաստանի ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հայտարարություններով միջամտում է Հունաստանի ներքին գործերին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել են հույն քաղաքական գործիչները: Նախօրեին Էրդողանը հայտարարել էր, որ «հույն ժողովուրդը ժողովրդավարական ճանապարհով ուղերձ և դաս կտա իր կառավարիչներին, որոնք ընկնում են հույն ժողովրդի համար աղետալի ավարտ բերող արկածախնդրությունների հետևից»։ Կառավարության պաշտոնյաները խոսում են «երկրի ներքին գործերին ակնհայտ միջամտության» մասին, իսկ ոչ պաշտոնապես նշում են, որ Էրդողանն այդ կերպ աջակցություն է հայտնել ՍԻՐԻԶԱ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասին: «Միանգամայն ակնհայտ է, որ բոլոր ճակատներում, տնտեսությունում, դիվանագիտությունում, մեր զսպման հնարավորություններում մեր երկրի մշտական ուժեղացումը պարոն Էրդողանի մոտ ծայրահեղ անհարմարություն է առաջացնում»։ Եվ դա ստիպում է նրան անցնել բոլոր սահմանները։ Հիմա նա մեր երկրի ներքին գործերին կոպիտ միջամտելու փորձ է ձեռնարկել։ Լիովին բնական է, որ պարոն Էրդողանին դուր չի գալիս այն կառավարությունը, որը հաջողության է հասնում հայրենիքի համար»,- ասել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Յանիս Իկոնոմուն Skai հեռուստաալիքին: Նրա խոսքով՝ Էրդողանին նյարդայնացնում է վարչապետը, որը երկրի միջազգային ներկայացուցչությունը բարձրացրել է նոր մակարդակի և «որին ծափահարել է ԱՄՆ-ի ողջ կոնգրեսը և որին ողջունել է ԱՄՆ-ի նախագահը Սպիտակ տանը»: «Հունական հասարակությունն ունի ինչպես հասունություն, այնպես էլ պատմական գիտելիքներ ՝ նման աներևակայելի մարտահրավերների համար ականջները փակելու համար։ Այն ամենը, ինչին հասել է երկիրը, այն ամենը, ինչն այդքան նյարդայնացնում է պարոն Էրդողանին, մտածված, սթափ, իմաստավորված և արդյունավետ քաղաքականության վաստակն է։ Դա վարչապետ Միցոտակիսի հաջողությունն է, դա կառավարության հաջողությունն է»,- ասել է Իկոնոմուն։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԳ նախարարի առաջին տեղակալ Միլտիադիս Վարվիցիոտիսը։ «Մենք ծառայություն չենք մատուցի պարոն Էրդողանին։ Հույներն իրենք կորոշեն, թե ում են ուզում իրենց կառավարիչ, և ես հավատում եմ, որ նրանք կրկին կքվեարկեն վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի օգտին»,- ասել է Վարվիցիոտիսը Skai հեռուստաալիքին տված հարցազրույցում: Ընդդիմադիր ՍԻՐԻԶԱ կուսակցությունում Թուրքիայի նախագահի հայտարարություններն անընդունելի են անվանել, իսկ «Նոր ժողովրդավարությունը» մեղադրել են դրանք իրենց կուսակցական շահերից ելնելով օգտագործելու փորձի մեջ: «Հույն ժողովուրդը ոչ մեկից ցուցում չի ընդունում իր ժողովրդավարական ընտրության վերաբերյալ։ Թուրքիայի կողմից Հունաստանի ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձ պետք է ամբողջությամբ դատապարտվի բոլորի կողմից և առանց ներքաղաքական վեճի հետ կապված որևէ ետին մտքի»։ «Նոր ժողովրդավարույթունը», փորձելով իր նեղ կուսակցական շահերի մեջ օգտագործել Թուրքիայի նախագահի անընդունելի հայտարարությունները, նրան դարձնում է երկրի ներքին քաղաքականության գործոն։ Դա վտանգավոր է»,- հայտարարել է Հունաստանի նախկին արտգործնախարար, ՍԻՐԻԶԱ-ի արտաքին տնտեսական քաղաքականության բաժնի ղեկավար Յորղոս Կատրունգալոսը։
20:02 - 03 հուլիսի, 2022
Արարատ Միրզոյանը և Կատերինա Սակելլարոպուլուն քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

Արարատ Միրզոյանը և Կատերինա Սակելլարոպուլուն քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

Հունիսի 27-ին աշխատանքային այցով Աթենքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հետ: Ընդգծելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ Արարատ Միրզոյանը և Կատերինա Սակելլարոպուլուն նշել են, որ հայ և հույն ժողովուրդների միջև ավանդական բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և առանձնանում դինամիկ զարգացող բազմաոլորտ համագործակցությամբ: Այս համատեքստում երկուստեք նշվել է վերջին շրջանում պաշտոնական շփումների ու փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը՝ ուղղված երկու երկրների միջև հարաբերությունների օրակարգը շարունակաբար հարստացմանը:   Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության ձևաչափին։ Զրուցակիցները քննարկել են առևտրի, կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում հայ-հունական փոխգործակցության խորացման հնարավորությունները։ Արարատ Միրզոյանը Հունաստանի նախագահին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։ Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հիմնարար միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առաջմղման գործում։ Արարատ Միրզոյանը նաև կարևորել է Հունաստանի աջակցությունը հայ ժողովրդին 44-օրյա պատերազմի օրերին և հատկապես՝ ցուցաբերված հումանիտար օժանդակությունը։
11:07 - 28 հունիսի, 2022
Քննարկումների կենտրոնում էր Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությունը․ Արարատ Միրզոյանը՝ Հունաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին

Քննարկումների կենտրոնում էր Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությունը․ Արարատ Միրզոյանը՝ Հունաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպման արդյունքներով հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։  Հայտարարությունը՝ ստորև․  «Հարգելի՛ պարոն նախարար, Իմ բարեկամ և եղբայր Նիկոս,Տիկնա՛յք և պարոնա՛յք, Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ լավ գործընկերոջը՝ Նիկոս Դենդիասին, ջերմ հյուրընկալության համար։ Ինձ համար մեծագույն պատիվ է գտնվել Աթենքում, հատկապես, երբ մենք նշում ենք Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ Հայաստանի և Հունաստանի միջև դինամիկ զարգացող արդեն երեսնամյա միջպետական հարաբերությունները, իհարկե, առաջին հերթին, հիմնված են մեր երկու ժողովուրդների միջև հազարամյա բարեկամության, փոխօգնության և դավանած ընդհանուր արժեքների վրա։ Հայերը և հույները ապրել են կողք կողքի, պայքարել են կողք կողքի և արարել են կողք կողքի: Պատմության ոլորաններով անցած մեր համատեղ ճանապարհը կերտել է հայ-հունական մի ամուր եղբայրություն, որը ոչ ոք և ոչինչ կասկածի տակ դնել չի կարող: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ հարգանքի հավաստիքը հղել Հունաստանում հայկական համայնքին և Հայաստանում հունական համայնքին և գնահատել նրանց նշանակալի ներդրումը մեր ժողովուրդների և պետությունների միջև հարաբերությունների շարունակական ամրապնդման գործում։ Այսօր գործընկերոջս հետ մանրամասն քննարկեցինք մեր երկրների միջև քաղաքական երկխոսության և բազմաոլորտ համագործակցության խորացման հեռանկարները և նախանշեցինք առևտրատնտեսական, պաշտպանական, մշակութային, գիտական և այլ ուղղություններով իրականացվելիք համատեղ աշխատանքները: Հավատացած ենք, որ Հայաստանի և Հունաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության ամրապնդման հսկայական ներուժ: Կարծում եմ, որ ընդարձակ երկկողմ իրավապայմանագրային հենքը և հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները կնպաստեն այդ ներուժի լիարժեք օգտագործմանը։ Հարգելի՛ գործընկերներ, Հայ-հունական հարաբերությունները զարգանում են ոչ միայն երկկողմ, այլև՝ բազմակողմ կարևոր հարթակներում: Այս առումով կցանկանայի երեք կարևոր թեմա արծարծել: Առաջին հերթին՝ մեր քննարկումների կենտրոնում էր նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափի շրջանակներում համագործակցությունը։ Այս կարևոր նախաձեռնությունը տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության հաստատման արդյունավետ միջոց ենք համարում, և լիահույս ենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք այն ծառայեցնել մեր երեք երկրների ու ժողովուրդների կենսական շահերի առաջմղմանը: Ինչպես նախարար Դենդիասը նշեց, այս ձևաչափի առումով ունենք շատ կարևոր ու կոնկրետ պայմանավորվածություններ: Իհարկե, արագ փոփոխվող աշխարհում գնալով ավելի է կարևորվում տրանսպորտային հաղորդակցության ծրագրերի իրականացումը, որոնք ժամանակակից տնտեսության արյունատար անոթներն են: Այս առումով կարևորում ենք «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» բազմակողմ Համաձայնագրի ստորագրումը: Կարծում եմ, որ շահագրգիռ կողմերի հետ միասին կարող ենք ավելի ինտենսիվ աշխատանքներ տանել և հաջողությամբ պսակել այս ուղղությունը ևս:Մտքեր ենք փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն ու Արևելյան գործընկերությանը վերաբերող հարցերի շուրջ: Երկուստեք ընդգծել ենք, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը մեծ հնարավորություններ է ընձեռում նաև երկկողմ համագործակցության խորացման համար։ Տիկնա՛յք և պարոնա՛յք, Բնականաբար, անդրադարձ ենք կատարել միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։ Գործընկերոջս հանգամանալից ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ։ Անդրադարձել եմ տարածաշրջանային տնտեսական կապերի ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովների աշխատանքների, ինչպես նաև, ընդհանուր, խաղաղության համաձայնագրի գործընթացներին: Ընդգծել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում: Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի դիրքորոշումը՝ ի աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և նրա մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ լավ բարեկամ Նիկոս Դենդիասին, որը 44-օրյա պատերազմի օրերին այցելեց Երևան, արտահայտեց Հունաստանի և հույն ժողովրդի զորակցությունը մեզ այդ օրհասական և կարևոր ժամանակահատվածում: Ռազմավարական գործընկերոջը հարիր այդ ժեստը մենք իսկապես երբեք չենք մոռանա: Հարգելի՛ գործընկերներ, Ցավալիորեն պետք է փաստել, որ հրադադարից ավելի քան մեկուկես տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողությունները, իսկ ռազմատենչ, առավելապաշտական հռետորաբանությունը, ցավոք, ադրբեջանական ղեկավարության ամենօրյա խոսույթի անբաժանելի մասն է դարձրել։ Խախտելով միջազգային հումանիտար իրավունքը և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, իսկ հարյուրավոր անհայտ կորածների, այդ թվում՝ տասնյակ բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացահայտված: Աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրները, կրկնում եմ, բոլոր քաղաքակիրթ երկրները, բոլոր հնարավոր առիթները օգտագործելով՝ պետք է նպաստեն, կոչ անեն ու պնդեն, որ Ադրբեջանը վերադարձնի մեր բոլոր գերիներին: Հարգելի՛ ներկաներ, Հայ ժողովուրդը հազարամյակներ ընդգրկող պատմության ընթացքում հրաշագեղ եկեղեցիներ, հուշարձաններ, կոթողներ է ստեղծել, որոնք համայն մարդկության մշակութային ժառանգության անբաժանելի մասն են: Այսօր, ցավոք, այս ժառանգության մի մասը վերահաս ոչնչացման վտանգի տակ է: Ադրբեջանական իշխանությունների պետական, պաշտոնական քաղաքականության պատճառով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ունենք սրբապղծված եկեղեցիներ, ջարդուփշուր եղած հուշարձաններ, հայկականության հետքից մաքրված կոթողներ: Ի տարբերություն շատ այլ նմանատիպ անընդունելի դեպքերի, մենք չենք կարող պնդել, որ աշխարհը լռում է․ իսկապես՝ աշխարհը խոսում է և շատ հստակ է արտահայտվում: Եվ դրա վառ օրինակն է 2021թ. դեկտեմբերի ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի հրատապ միջոցներ կիրառելու մասին որոշումը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին դադարեցնել այս քաղաքականությունը: Մենք ակնկալում ենք միջազգային հանրության հստակ, հասցեական ու շարունակական արձագանքն այս վարքագծի վերաբերյալ, ընդգծում ենք Լեռնային Ղարաբաղում համապատասխան միջազգային կազմակերպությունների ներգրավվածության հրատապությունը, հատկապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության իրականացումը, որը կարևոր քայլ կլինի այս ժառանգության փրկության համար։ Եվ, իհարկե, ցանկանում եմ հերթական անգամ ընդգծել, որ խաղաղությունը մեր սկզբունքը, մեր քաղաքականությունն ու ռազմավարությունն է: Մենք իսկապես ձգտում ենք կառուցել խաղաղ, անվտանգ և կայուն Հարավային Կովկաս, և հուսով ենք, որ մեր հարևանը կդադարեցնի իր առավելապաշտական նկրտումները և ավելի կառուցողական դիրքորոշում կցուցաբերի բոլոր հարցերում: Հարգելի՛ պարոն Դենդիաս, Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ջերմ ընդունելության և բովանդակային քննարկման համար, և ուրախ կլինեմ հյուրընկալել Ձեզ Երևանում»։
17:54 - 27 հունիսի, 2022
Թուրքիայի ԱԳՆ-ն Անկարայի դեմ ԵՄ կայացրած որոշումները կողմնակալ է համարում |1lurer.am|

Թուրքիայի ԱԳՆ-ն Անկարայի դեմ ԵՄ կայացրած որոշումները կողմնակալ է համարում |1lurer.am|

1lurer.am: Հունիսի 23-24-ը Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովին Անկարայի դեմ կայացված որոշումները կողմնակալ են: Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ԱԳՆ-ն։ «Միջերկրական ծովի արևելյան հատվածի և Էգեյան ծովի վերաբերյալ ծայրահեղական և անօրինական թեզերը օրինականացնելու Եվրամիության փորձերն անընդունելի են»,- ընդգծել են գերատեսչությունում՝ նկատի ունենալով, որ Կիպրոսի, Էգեյան ծովի ավազանի կղզիների և դրանց ռազմականացման շուրջ խնդիրների կարգավորման հարցում Բրյուսելը Հունաստանի կողմից է։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «այդ որոշումները ոչ միայն չեն նպաստում խնդրի լուծմանը, այլև խաթարում են տարածաշրջանային կայունությունը»։ Միևնույն ժամանակ, Անկարան ողջունել է Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրումը, սակայն տարօրինակ է որակել այն փաստը, որ Միությունն այդ հարցով բանակցություններ չի սկսել Ալբանիայի, Մակեդոնիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հետ։ Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
12:09 - 25 հունիսի, 2022
Զարեհ Սինանյանն Աթենքում հայ համայնքի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերներին

Զարեհ Սինանյանն Աթենքում հայ համայնքի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերներին

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հունիսի 22-ին Աթենքում ՀՀ դեսպանատանը  հանդիպել է Հունաստանում հայկական համայնքային կառույցների, հայ հոգևոր դասի ներկայացուցիչների և  հունահայերի հետ: Այս մասին հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից: Հանդիպման մեկնարկին Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը` ներկայացրել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի Հունաստան կատարած այցի նպատակները և հանդիպումների շրջանակը: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ներկայացրել է հանձնակատարի գրասենյակի գործունեությունը` 2019 թվականի հունիսի 11-ին հիմնադրվելուց ի վեր: Նա կարևորել է Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացումը, ներկայացրել է գրասենյակի ռազմավարությունը, տարվող քաղաքականությունը, անդրադարձել է իրականացվող ծրագրերին, ինչպիսիք են օրինակ «իԳործ», «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրերը, կարևորել Սփյուռքում ազգային ինքնության պահպանումը և զարգացումն ու այդ համատեքստում անդրադարձել «Քայլ դեպի տուն» կրթական, ճամբարային ծրագրին: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն անդրադարձել է նաև հայրենադարձության խրախուսման, Հայաստանի հետ բիզնես հարաբերությունների հաստատման, ներդրումների իրականացման ու ինտեգրման ծրագրերին: Հանդիպման ընթացքում պատասխանելով ներկաների հարցերին՝ Զարեհ Սինանյանն անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերներին, տարածաշրջանային զարգացումներին:
17:29 - 23 հունիսի, 2022
Իրանը հայտնել է, որ Հունաստանը երկրին կվերադարձնի ձերբակալված լցանավի նավթը

Իրանը հայտնել է, որ Հունաստանը երկրին կվերադարձնի ձերբակալված լցանավի նավթը

Հունաստանը որոշել է ազատ արձակել իրանական նավթով բեռնված լցանավը, բեռը կվերադարձվի սեփականատիրոջը։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Իրանի  նավահանգիստների և նավարկության կազմակերպության հայտարարությունը։ Ավելի վաղ հունական դատարանը որոշում էր կայացրել, որի համաձայն՝ լցանավի նավթը կարող էր փոխանցվել ԱՄՆ-ին, սակայն, Reuters-ի տվյալներով, այդ որոշումը չեղարկվել էր։ «Հունաստանի կառավարությունը համապատասխան հրահանգ է տվել, և ներկա պահին իրականացվում է նավն ազատ արձակելու և բեռը սեփականատիրոջը վերադարձնելու ընթացակարգ», - ասված է իրանական գերատեսչության հաղորդագրությունում։ Ռուսական դրոշի ներքո նավարկող Pegas լցանավը ձերբակալվել էր հունական Կարիստոս քաղաքի նավամատույցում ապրիլի 19-ին։ Ձերբակալման մասին որոշումն ընդունվել էր ԵՄ սահմանած պատժամիջոցների շրջանակում, որոնց համաձայն՝ արգելվում է ռուսական նավերի մուքտը եվրոպական նավահանգիստներ։ Մայիսին, հունական լրատվամիջոցների տվյալնլերով, ԱՄՆ-ն Հունաստանի դատական մարմիններին հարցում էր ուղարկել՝ պահանջելով կալանք դնել ռուսական լցանավի նավթի վրա։ Վաշինգտոնը պնդում է, որ այդ նավթն Իրանից է, իսկ ընկերությունը, «որը շահույթ կստանա դրա վաճառքից», ԱՄՆ սև ցուցակում է՝ ահաբեկչության ֆինանսավորման կասկածների պատճառով։   Նորա Վանյան  
17:33 - 14 հունիսի, 2022