ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Հնդկաստանից ձեռք բերված ռազմական տեխնիկայի մասին տեղեկություններ է փոխանցել թշնամուն. ԱԱԾ-ն պետական դավաճանության նոր դեպք է բացահայտել

Հնդկաստանից ձեռք բերված ռազմական տեխնիկայի մասին տեղեկություններ է փոխանցել թշնամուն. ԱԱԾ-ն պետական դավաճանության նոր դեպք է բացահայտել

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների մշակած և ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի կոչումով կապիտան սպան 2021 թվականի սկզբից հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում և հավաքագրվել նրանց կողմից։ Այնուհետև, ծառայության նշանակվելով ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասում՝ որպես զորամասի ծառայություններից մեկի պետ, ծառայության ընթացքում օտարերկրյա հատուկ ծառայություններից հաղորդագրությունների միջոցով ստանալով համագործակցությունը շարունակելու վերաբերյալ առաջարկություն և ընդունելով այն, պարտավորվել է վարձատրության դիմաց հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար ռազմական բնագավառի պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որպիսի պայմաններում իր հանցավոր գործունեությունն իրագործելով՝ 2021 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում հավաքել և իր կողմից օգտագործվող տարբեր բջջային հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող ռազմական բնագավառի տեղեկություններ, մասնավորապես՝ իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող սպառազինության, զինատեսակների, քանակի, մարտական դիրքի տեղակայման վայրի վերաբերյալ տեղեկություններ և այլ տվյալներ՝ լուսանկարներով ցուցադրել է սպառազինությունը և զինատեսակների քանակը, այդ թվում՝ Հնդկաստանից ձեռք բերված ռազմական տեխնիկայի վերաբերյալ, որոնց դիմաց որպես վարձատրություն՝ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչից 2 անգամ տարբեր օրերի ընթացքում ստացել է գումար և բջջային հեռախոս՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են խուզարկություններ, հիշյալ սպային ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է ՀՀ բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ զինծառայողներին՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու կամ համագործակցության առաջարկ ստանալու մասին անհապաղ տեղեկացնել իրավասու մարմիններին՝ ՀՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցերը նրանց հետ քննարկելը և տեղեկությունների փոխանցումը բացառելու, ինչպես նաև համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:         Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:11 - 31 հունվարի, 2023
ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ ոչ պաշտոնական կայքերում հրապարակվող կասկածելի ծրագրերում ներդրում անելու առաջարկներից

ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ ոչ պաշտոնական կայքերում հրապարակվող կասկածելի ծրագրերում ներդրում անելու առաջարկներից

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից համացանցում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ սոցիալական կայքերի  էջերով տարածվում է գովազդային տեսահոլովակ, որ ՀՀ քաղաքացիները «գազի վաճառքով» զբաղվելու և «Գազպրոմ Հայաստան» ընկերության «արժեթղթերում» ֆինանսական փոքր ներդրումներ կատարելու դիմաց, իբրև թե կարող են մեծ գումարներ աշխատել։ Բացի այդ, պարզվել է նաև, որ վերոնշյալ գործողություններից զատ,  ՀՀ քաղաքացիները «Instagram» և «Facebook» սոցիալական կայքերի   «Way to success» («Հաջողության ուղին») անվանումով  էջում նկատելով «Գազպրոմ» ընկերության կողմից առաջարկվող բարձր աշխատավարձով աշխատանքի մասին տարածվող գովազդային հոլովակը, «շահավետ» առաջարկից օգտվելու համար տրամադրել են իրենց անձնական տվյալները, որից հետո վերջիններիս հետ «Whatsapp» հավելվածով կապ են հաստատել իբրև թե «Գազպրոմ»-ի աշխատակիցները՝ աշխատանքի մանրամասները քննարկելու նպատակով։ Դեռևս 2022 թվականի հունիսի 6-ին ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշել էր․ «Արժեթղթերի շուկայում մասնագիտացված մասնակցի կեղծված լիցենզիայի հիման վրա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ անունից հանդես եկող որոշ անձինք հրապարակային առաջարկի միջոցով փորձում են Հայաստանի Հանրապետությունում հաճախորդներ ներգրավել, առաջարկելով՝ ներդրումային ծրագրեր։ Հաշվի առնելով, որ նշված կազմակերպությունը չլիցենզավորված գործունեություն է իրականացնում և չի գտնվում կենտրոնական բանկի վերահսկողության տիրույթում՝ հորդորում ենք զգոն լինել, չվստահել և չարձագանքել նման առաջարկների՝ զերծ մնալով նշված առաջարկի ներքո ցանկացած գործարար հարաբերություն հաստատելուց»։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում կատարված ուսումնասիրությունները, ցույց են տվել նաև, որ ՀՀ կենտրոնական բանկի տարածած նախազգուշացնող հայտարարությունից հետո էլ, օգտատերերը շարունակում են տրամադրել իրենց անձնական տվյալները՝ հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե և բանկային հաշիվ։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիներին կոչ է անում խուսափել և զերծ մնալ միջազգային չափանիշների խարդախության սխեմային մասնակցություն ունենալու գայթակղությունից, ոչ պաշտոնական կայքերում հրապարակվող կասկածելի ծրագրերում ներդրում կատարելու առաջարկներից,  ինչպես նաև չտրամադրել անձնական և բանկային հաշիվների վերաբերյալ տվյալներ՝ ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով։  
11:03 - 27 հունվարի, 2023
Ըստ մեղադրանքի՝ ԱԱԾ աշխատակիցները Հնդկաստանի քաղաքացիներին բահեր են տվել ու ստիպել փորել իրենց գերեզմանը․ գործի քննությունը կվերսկսվի Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ
 |factor.am|

Ըստ մեղադրանքի՝ ԱԱԾ աշխատակիցները Հնդկաստանի քաղաքացիներին բահեր են տվել ու ստիպել փորել իրենց գերեզմանը․ գործի քննությունը կվերսկսվի Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ |factor.am|

factor.am: Ազգային անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ ենթադրյալ անօրինական գործողություններ են կատարել Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ։ Նրանք մեղադրվում են Սանդիփ Արջունի Կաուշիկից շորթմամբ առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ԱԱԾ աշխատակիցների վերաբերյալ գործի քննությունը դեռևս 2019 թվականին էր սկսվել, սակայն դատավոր Ռոբերտ Պապոյանը, այն չավարտած, տեղափոխվել է Վերաքննիչ դատարան։ Այժմ գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որն այն վարույթ է ընդունել։ Ըստ մեղադրանքի՝ Էդիկ Ափոյանը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, զբաղեցնելով ԱԱԾ Երևան քաղաքի վարչության 4-րդ բաժնի բաժանմունքի պետի պաշտոնը, ունենալով հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման պարտականություն, 2019 թվականի հուլիսին տեղեկություն ունենալով Հնդկաստանի քաղաքացի Սանդիփ Արջունի Կաուշիկի ֆինանսական ապահովվածության, ինչպես նաև հայրենիքում իրավապահ համակարգի հետ ունեցած խնդիրների մասին, նախնական համաձայնության է եկել ԱԱԾ աշխատակից, օպեր-լիազոր Գևորգ Գաբրիելյանի հետ շորթմամբ, վերջինիս ընկեր Գոռ Մարտիրոսյանի օժանդակությամբ առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու հարցում: Այդ նպատակով Գևորգ Գաբրիելյանն այցելել է այն բնակարան, որտեղ բնակվելիս է եղել Սանդիփ Կաուշիկը, որը Հայաստանում ունեցել է կացության իրավունք: Գաբրիելյանն, ըստ մեղադրանքի, ներկայացել է որպես ԱԱԾ աշխատակից, առանց համապատասխան թույլտվության զննել է Կաուշիկի բջջային հեռախոսը, նոթբուքը, ապա հայտնել, որ Հնդկաստանի Հանրապետությունից նամակ է ստացել Հայաստանից նրան վտարելու վերաբերյալ, ցույց տվել նրա անձնագրի, կացության քարտի, սահմանահատումների վերաբերյալ փաստաթղթերի պատճեններն ու պահանջել որպես կաշառք իրեն փոխանցել տանն այդ պահին ունեցած ամբողջ գումարը՝ սպառնալով հակառակ դեպքում անձամբ ստուգել և գտնել գումարը: Արդյունքում Գաբրիելյանն, ըստ մեղադրանքի, Հնդկաստանի քաղաքացուց ստացել է 5000 ԱՄՆ դոլար կաշառք: Այս ժամանակահատվածում բնակարանում եղել է Հնդկաստանի մեկ այլ քաղաքացի ևս: Գաբրիելյանը նրան, ինչպես նաև Կաուշիկին ուղեկցել է Ազգային անվտանգության ծառայություն ու տարել Էդիկ Ափոյանի աշխատասենյակ, որտեղ արդեն, ըստ մեղադրանքի, Սանդիփ Կաուշիկին Հնդկաստանին չհանձնելու դիմաց պահանջել են 50 հազար դոլար գումար, պահանջը չկատարելու դեպքում՝ սպառնացել ստեղծել կեղծ ապացույցներ Կաուշիկի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասնակցության վերաբերյալ և նրան ենթարկել քրեական պատասխանատվության: Այս ընթացքում Սանդիփ Կաուշիկին ձեռնաշղթաներ են հագցրել, իրենց մոտ պահել նրա և նրա հետ գտնվող անձի անձնագրերը, որից հետո ստացել են Սանդիփ Կաուշիկի համաձայնությունը՝ 50 հազար դոլար կաշառքը տալու վերաբերյալ: Պահանջված գումարի մի մասը ստանալու նպատակով խմբի անդամ Գևորգ Գաբրիելյանն, ըստ մեղադրանքի, հանդիպել է տուժողին ու ստացել 7900 դոլար գումար: Այդ հանդիպման ընթացքում Սանդիփ Կաուշիկը հայտնել է, որ չի կարող վճարել պահանջված 50 հազար դոլարը, կարող է տալ ընդհանուր 20 հազար դոլար: Ըստ գործի՝ դրանից հետո Գևորգ Գաբրիելյանը զրույց է ունեցել Էդիկ Ափոյանի հետ, որից հետո Կաուշիկից պահանջել է ևս 8000 դոլար կաշառք, որին նա համաձայնել է: Շարունակությունը՝ factor.am-ում
17:24 - 25 հունվարի, 2023
Բացահայտվել են ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք-գումարներ ստանալու բազմաթիվ դեպքեր․ ԱԱԾ

Բացահայտվել են ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք-գումարներ ստանալու բազմաթիվ դեպքեր․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման ու քննչական դեպարտամենտների կողմից փոխգործակցության ձևաչափով իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք իրենց իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի նկատմամբ թողտվություն դրսևորելու և նրա օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, որոշ դեպքերում՝ անձամբ, որոշ դեպքերում՝ ՀՀ ՊԵԿ այլ պաշտոնատար անձանց հետ խմբի կազմում, որոշ դեպքերում՝ տարբեր անձանց օժանդակությամբ Հայաստանի Հանրապետություն տարատեսակ ապրանքներ ներկրող տնտեսվարողներից կամ նրանց անունից հանդես եկած՝ մաքսային միջնորդական կամ բեռների փոխադրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներից ներկրված տարատեսակ ապրանքների իրական ծավալները, քաշը, ծագման երկիրը ներկայացված հայտարարագրերում թաքցնելու և մաքսազերծման համար այլ անհրաժեշտ տվյալները խեղաթյուրելու պայմաններում հիշյալ խախտումները չարձանագրելու, համապատասխան միջոցներ չձեռնարկելու և մաքսային բեռների անխոչընդոտ բաց թողնելը կազմակերպելու համար 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ անձանցից պահանջել ու ՀՀ դրամով կամ արտարժույթով ստացել են տարբեր չափերով, այդ թվում՝ խոշոր չափերով կաշառք-գումարներ: Բացի դրանից, պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության բարձրաստիճան պաշտոնատար անձն իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով ՊԵԿ պաշտոնատար անձի նկատմամբ թողտվություն դրսևորելու, այն է՝ ներկրմամբ զբաղվող տարբեր տնտեսվարողների կողմից վերը նկարագրված չարաշահումները թույլ տալու պայմաններում համապատասխան միջոցներ չձեռնարկելու, փոխարենը՝ ապրանքների անխոչընդոտ բացթողումն իրականացնելու դիմաց կաշառք-գումարներ ստանալու հանցանքներում պաշտոնատար անձին չմերկացնելու, այդ ուղղությամբ համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար, 2022 թվականի նոյեմբերին վերջինից պահանջել և ստացել է կաշառք-գումար:  Դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով կատարվել են շուրջ երեք տասնյակից ավել խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել և վերցվել են հանցանքների կատարմանը վերը նշված անձանց առնչությունը վկայող տվյալներ, ինչպես նաև ապօրինի պահվող հրազեններ, որոնց դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք միացվել են սույն քրեական վարույթին: Նախաքննության ընթացքում հանցանքների կատարումը վկայող փաստերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 15 անձի նկատմամբ, որոնցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոց՝ ընտրվել է կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր սխեմայում ներգրավված պաշտոնատար և այլ անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
10:04 - 25 հունվարի, 2023
Պետական գաղտնիք պարունակող հատուկ կարևորության և հույժ գաղտնի տեղեկության տիրապետողները այլ երկիր այցելելիս պետք է տեղեկացնեն ԱԱԾ-ին |armenpress.am|

Պետական գաղտնիք պարունակող հատուկ կարևորության և հույժ գաղտնի տեղեկության տիրապետողները այլ երկիր այցելելիս պետք է տեղեկացնեն ԱԱԾ-ին |armenpress.am|

armenpress.am: Պետական գաղտնիք պարունակող «հատուկ կարևորության» և «հույժ գաղտնի» տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձինք պարտավոր են լինելու օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում ԱԱԾ-ին այդ մասին տեղեկացնել սահմանված կարգով: Պետական գաղտնիքի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը: «Առաջարկվում է օրենքը վերնագրել «Պետական գաղտնիքի մասին»՝ դրանից հանելով ծառայողական գաղտնիքի վերաբերող կարգավորումները: Արդյունքում «գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները նույնպես կդասվեն պետական գաղտնիքի շարքին, իսկ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կունենան «հատուկ կարևորության», «հույժ գաղտնի» և «գաղտնի» դրոշմագրեր»,- ասաց Հարությունյանը: Նախագծով կանոնակարգվում են նաև սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններին վերաբերող հարաբերությունները՝ սահմանելով, որ այդպիսի տեղեկությունները պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տարրեր, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը:  Շարունակությունը՝ armenpress.am-ում
15:07 - 16 հունվարի, 2023
Արցախի քաղաքացու՝ Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ հայտնվելու ադրբեջանական թեզը կեղծ է. Արցախի ԱԱԾ

Արցախի քաղաքացու՝ Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ հայտնվելու ադրբեջանական թեզը կեղծ է. Արցախի ԱԱԾ

Արցախի ԱԱԾ-ից հայընում են, որ 2023 թ. հունվարի 1-ին Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Թորոս Ղազարյանը, որը զբաղվում է անասնապահությամբ, արոտավայրից տուն չէր վերադարձել, որի կապակցությամբ նախաձեռնվել են որոնողական աշխատանքներ:   «Քանի որ մեծ էր հավանականությունը, որ ունենալով առողջական խնդիրներ, վերջինս կարող էր մոլորվելու հետևանքով անցնել Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածք, այդ մասին հաղորդվել էր նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը՝ ադրբեջանական կողմից տեղեկություն ստանալու նպատակով: Հունվարի մեկից առ այսօր ադրբեջանական կողմը ոչ միայն չէր հաստատել, այլև հերքել էր Թ. Ղազարյանի՝ իրենց տիրապետության տակ գտնվելը: Մեր քաղաքացու կյանքն ու առողջությունը վտանգի չենթարկելու համար առանց հանրայնացման շարունակել ենք խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները, որի արդյունքում Ադրբեջանն այսօր հաստատել է Թ. Ղազարյանի՝ իրենց մոտ գտնվելու հանգամանքը և Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի արգելափակված հատվածում փոխանցել ռուս խաղաղապահներին՝ քաղաքական ու քարոզչական նկատառումներով դրան հաղորդելով այլ երանգներ և տալով ցանկալի մեկնաբանություններ ու գնահատականներ:   Արցախյան կողմին փոխանցված Թ. Ղազարյանը արդեն հետազոտվել է, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Արցախի իրավապահ մարմինների կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկվելու են բոլոր միջոցները քաղաքացի Թ. Ղազարյանի կողմից Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնվելու դեպքի հանգամանքները լրիվությամբ պարզելու ուղղությամբ:   Ադրբեջանական կողմի այսօրվա բեմականացումը մեկ անգամ ևս փաստում է, որ վերջիններիս նպատակը ոչ թե իրականության հետ առերեսվելն ու այն ընդունելն է, այլ միջազգային հանրությանն ու ներքին լսարանին կեղծ թեզերով ու քարոզչական նյութերով մոլորեցնելը»,- նշված է հաղորդագրության մեջ:
21:01 - 08 հունվարի, 2023
ԱԱԾ տնօրենը ներկայացրել է անհետ կորած, գերեվարված անձանց հարազատներից ստացված դիմումների ուսումնասիրման ընթացքը

ԱԱԾ տնօրենը ներկայացրել է անհետ կորած, գերեվարված անձանց հարազատներից ստացված դիմումների ուսումնասիրման ընթացքը

2022 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական՝ 2022 թվականի վերջին նիստը, որին բացի հանձնաժողովի անդամներից ներկա էր նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչ Նիկոլ Նասեն: Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Ա. Աբազյանը ներկայացրել է անհայտ կորած, գերեվարված անձանց ծնողներից ու հարազատներից ստացված դիմումների ուսումնասիրման ընթացքը, առանձնացրել այն խնդիրները, որոնք պահանջում են հրատապ լուծումներ:   Նիստի ընթացքում քննարկվել են անհայտ կորած, գերեվարված անձանց ընտանիքների սոցիալական կարիքներին վերաբերող հարցերը, ԴՆԹ տվյալներով անձանց նույնականացման, անձանց անհետացման հանգամանքների քննությանը վերաբերող խնդիրները և դրանց լուծման հնարավոր եղանակները: Միաժամանակ հանձնաժողովի նախագահ Ա. Աբազյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 30-ին հանդիպելու է հանձնաժողովին դիմումներ ներկայացրած անհայտ կորած, գերեվարված անձանց ընտանիքի անդամների հետ: Նիստն ավարտվել է հանձնաժողովի անդամներին տրված հստակ հանձնարարականներով՝ հանձնաժողովի հաջորդ նիստին դրանց կատարման արդյունքներն ամփոփելու պայմանով:
17:35 - 30 դեկտեմբերի, 2022
ԱԱԾ-ում պարտադիր ատեստավորման համակարգ ներդնելու նախագիծը դրվել է հանրային քննարկման

 |factor.am|

ԱԱԾ-ում պարտադիր ատեստավորման համակարգ ներդնելու նախագիծը դրվել է հանրային քննարկման |factor.am|

factor.am: Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է պարտադիր ատեստավորման համակարգ ներդնել կառույցում։ Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ ԱԱԾ-ն հիմնավորում է, որ ատեստավորումն անցած ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար, ինչը կխթանի ԱԱԾ-ում ծառայության անցնելու գրավչությունը և կկանխի կադրերի արտահոսքը։ «Հաշվի առնելով ներկայիս անվտանգային լուրջ մարտահրավերները, այդ թվում՝ այն հանգամանքը, որ ԱԱԾ սահմանապահ զորքերը փուլային տարբերակով պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը՝ հրամայական է Ազգային անվտանգության ծառայությունը համալրել որակյալ և բանիմաց կադրերով՝ գրավիչ դարձնելով ծառայությունն ազգային անվտանգության մարմիններում ընդհանրապես»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։ Նախագծի՝ օրենքի ուժ ստանալու դեպքում ատեստավորումն իրականացվելու է պարտադիրության սկզբունքով։ «Այն ծառայողներին, որոնց համար ատեստավորման արդյունք­նե­րով հաշվարկ­վել է հավ­ե­լա­վճար, այն կվճարվի 3 տարի ժամկետով, իսկ հավելավճարի վճարումը շա­րու­նակ­վելու հա­մար՝ ծառայողը ստիպված կլինի անցնել նոր ատեստավորում»,- նշված է նախագծում։ Շարունակությունը՝ factor.am-ում
15:09 - 28 դեկտեմբերի, 2022
ԱԱԾ-ն նոր վտանգներ է արձանագրել ՀՀ ազգային անվտանգության արտաքին սպառնալիքների տիրույթում. Արմեն Աբազյան

ԱԱԾ-ն նոր վտանգներ է արձանագրել ՀՀ ազգային անվտանգության արտաքին սպառնալիքների տիրույթում. Արմեն Աբազյան

Դեկտեմբերի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ Հայաստանի անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, որին մասնակցեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բացման խոսքով հանդես եկավ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանը, ով շնորհավորեց ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ և ներկայացրեց 2022 թվականի ընթացքում կատարած աշխատանքի առավել նշանակալի արդյունքները։ «Աշխարհաքաղաքական ներկայիս դիմակայության և մեր տարածաշրջանում ծավալվող զարգացումների ընդհանուր խորապատկերում Ազգային անվտանգության ծառայության կողմից իր առջև դրված խնդիրների իրագործման շրջանակներում արձանագրվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության արտաքին սպառնալիքների տիրույթում նոր զարգացումներ, վտանգներ և դրանց տարատեսակ դրսևորումներ, որոնց ժամանակին բացահայտման, գնահատման, հակազդման և չեզոքացման ուղղությամբ Ծառայության կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր», - ասաց Ա․ Աբազյանը: ԱԱԾ տնօրենը իր ելույթում նշեց, որ հատուկ ուշադրության կենտրոնում են պահվում 2022 թվականի ընթացքում «Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով» միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների համակարգումը, որը փոխանցվել է Ազգային անվտանգության ծառայությանը, ինչի շրջանակներում ձևավորվել է նոր հանձնաժողով և դրան կից աշխատանքային խումբ: «Հանձնաժողովն արդեն հրավիրել է նիստեր և ձեռնամուխ է եղել այս ոլորտում տարբեր գերատեսչությունների աշխատանքների համակարգմանը: Կազմակերպվել են մի շարք հանդիպումներ գերեվարված և անհայտ կորած անձանց ծնողների հետ, որի ընթացքում քննարկվել են վերջիններիս կողմից բարձրացված հարցերը և հանձնաժողովի անդամներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ», - ասաց Արմեն Աբազյանը: Ամփոփելով 2022թ․ ընթացքում Ազգային անվտանգության մարմինների հիմնական ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները՝ Ա․ Աբազյանը փաստեց, որ դեռևս առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնց ուղղությամբ ԱԱԾ-ի կողմից իրականացվում են ամենօրյա հետևողական աշխատանքներ՝ դրանք վերացնելու ուղղությամբ: «Հավաստիացնում եմ, որ Ազգային անվտանգության ծառայությունը տիրապետում է երկրում տիրող օպերատիվ իրավիճակին և հետևողական շարունակելու է ապահովել անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, ինչպես նաև չեզոքացնելու է պետության ներքին և արտաքին անվտանգության սպառնալիքները»,- ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենը: Մասնագիտական տոնի կապակցությամբ անվտանգության մարմինների աշխատակիցներին շնորհավորեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով բարձր գնահատելով Ազգային անվտանգության ծառայության աշխատանքն ու նվիրվածությունը, նշեց․ «Ազգային անվտանգության ծառայությունն այն մարմինն է, որի աշխատանքի ծավալը և արդյունավետությունը ոչ բոլորին է տեսանելի և տեղեկատվությունը հասանելի, դա Ծառայության առանձնահատկություններից է և սա ես ընդգծում եմ նրա համար, որ գնահատում եմ ԱԱԾ-ի նվիրված աշխատանքը։ Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն հիմնասյուներից է՝ մի մարմին, պետական կառավարման մի համակարգ, որը պարտավոր է լինել ամենապետականամետը և մյուս կողմից, մի մարմին, որը տիրապետում է երկրում և նրա շուրջ առկա բոլոր խնդիրների մասին ամբողջական տեղեկատվությանը։ Քանի դեռ մեր երկրի անվտանգության բոլոր մարտահրավերները հասցեագրված չեն՝ դա նշանակում է, որ մեր բոլորի աշխատանքը բավարար չափով արդյունավետ չեմ կարող համարել, որովհետև մենք առնչվում ենք ոչ սովորական մարտահրավերների»: Մասնագիտական տոնի առթիվ ՀՀ վարչապետի կողմից ԱԱԾ մի շարք աշխատակիցներ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար արժանացան պետական պարգևների, շնորհակալագրերի և հուշամեդալների: Օրվա խորհրդին համահունչ՝ ՀՀ ԱԱԾ տնօրենը, տեղակալները, դեպարտամենտի ղեկավարները և ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարը հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելիս զոհված և հերոսացած սահմանապահների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթողներին:
19:34 - 20 դեկտեմբերի, 2022
Բացահայտվել և կանխվել է մաքսային ոլորտում կազմակերպված ու շարունակական բնույթ կրող չարաշահումների մեխանիզմ

Բացահայտվել և կանխվել է մաքսային ոլորտում կազմակերպված ու շարունակական բնույթ կրող չարաշահումների մեխանիզմ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ծառայողների ձեռնարկած ծավալուն և համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է արտաքին տնտեսական գործունեության ընթացքում տնտեսվարող կազմակերպության կողմից իրականությանը չհամապատասխանող հայտարարագրերի հիման վրա, առանց պատշաճ մաքսային հսկողության մեծածավալ ապրանքների ՀՀ ներկրման կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող հանցավոր մեխանիզմ, ինչի արդյունքում տնտեսվարողը չարամտորեն խուսափել է ՀՀ պետբյուջե առանձնապես խոշոր չափերի հարկերի և տուրքերի վճարումից։ Մասնավորապես, մի քանի ընկերություններ փաստացի ղեկավարող եղբայրներ Ռ.Կ-ն, Հ.Կ-ն և Կ.Կ-ն նախնական համաձայնություն են ձեռք բերել ՀՀ-ում գործող առևտրային կենտրոններում չինական և թուրքական արտադրության ապրանքների վաճառքով զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ, վերջիններիս կողմից առևտրային նպատակներով Թուրքիայից ձեռք բերված խոշոր խմբաքանակներով չինական և թուրքական արտադրության հագուստեղենն առանց պատշաճ ձևակերպման և մաքսային վճարումների ՀՀ ներկրելու վերաբերյալ: Յուրաքանչյուր մեկ կիլոգրամ ապրանքի մաքսանենգ ՀՀ ներկրման համար տնտեսվարողները եղբայրներին վճարել են միջինը 4 ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Գործող հանցավոր մեխանիզմի համաձայն՝ Ռ.Կ-ն, Հ.Կ-ն և Կ.Կ-ն պարբերաբար Վրաստանից ՀՀ են ներկրել միաժամանակ երկու բեռնատարների մեջ բարձված ապրանքներ, որոնցից առաջինը բեռնված է եղել միրգ-բաջարեղենով, ինչը պատշաճ ձևակերպված է եղել մաքսային փաստաթղթերում, իսկ երկրորդը բեռնված է եղել չինական և թուրքական արտադրության հագուստով և այլ ապրանքներով, սակայն մաքսային փաստաթղթերում ձևակերպված է եղել, որպես միրգ-բանջարեղեն: Օրինական բեռով բեռնատարը սահմանային անցակետում նախնական ձևակերպումներն իրականացնելուց հետո անմիջապես ուղևորվել է Երևանում գործող մաքսային պահեստ՝ մաքսազերծում իրականացնելու նպատակով, իսկ ապօրինի բեռով բեռնված բեռնատարը սահմանային անցակետում որպես միրգ-բանջարեղեն նախնական ձևակերպում իրականացնելուց հետո անմիջապես ուղևորվել է Ռ.Կ-ի, Հ.Կ-ի և Կ.Կ-ի կողմից ՀՀ Արարագածոտնի մարզում վարձակալված պահեստ, որտեղ հանցավոր մեխանիզմում ներգրավված այլ անձանց օժանդակությամբ, վերջիններիս կողմից, առանց մաքսային կետում կնքված կապարակնիքի տեղաշարժման և հեռացման բեռնաթափվել են ապօրինի ներկրված հագուստները և անմիջապես առաքվել տնտեսվարող սուբյեկտներին պատկանող առևտրային կետեր, որից հետո օրինական եղանակով ներկրված և  մաքսազերծված հիշյալ առաջին բեռնատարը տեղափոխվել է նույն պահեստ, որտեղ մաքսազերծված միրգ-բանջարեղենը բեռնվել է ապօրինի հագուստի փոխարեն և ուղևորվել մաքսային տերմինալ՝ մաքսազերծման համար։ Դեպքի առթիվ 2022 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը քննչական ենթակայության կանոններին համապատասխան ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչություն։ Հանցավոր գործունեության կանխման նպատակով իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական և վարութային գործողությունների արդյունքում, 2022 թվականի դեկտեմբերի 17-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից կանխվել է վերը նկարագրված հանցավոր եղանակով հագուստեղենի ներկրման հերթական դեպքը, որի արդյունքում Ռ.Կ-ի, Հ.Կ-ի և Կ.Կ-ի կողմից ՀՀ Արարագածոտի մարզում վարձակալված պահեստում հայտնաբերվել է վրացական հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմեքենան, որում փաստացի գտնվել է ավելի քան 9.5 տոննա հագուստեղեն, որը, սակայն բեռնատար ավտոմեքենայի տարանցիկ մաքսային փաստաթղթերում նշված է եղել որպես մանդարին։ Քրեական վարույթի շրջանակներում 4 անձ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել են և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները և հանցավոր մեխանիզմում պաշտոնատար անձանց հնարավոր ներգրավվածությունը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար։
10:26 - 20 դեկտեմբերի, 2022
Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

2022 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-մայոր Ա.Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներ և հարազատներ, ինչպես նաև հանձնաժողովին կից գործող աշխատանքային խմբի անդամները: Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ գեներալ-մայոր Ա.Աբազյանի կողմից նշվել են այն առաջնահերթությունները, որոնք ի հայտ էին եկել հանձնաժողովի նախորդ նիստից հետո կատարված աշխատանքների ամփոփման և վերլուծության   արդյունքում: Հատկապես կարևորվել են գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց վերաբերյալ հարցերի իրավական կարգավորման անհրաժեշտությունը և որոշվել է կոնկրետ քայլեր ձեռնարկել ՀՀ արդարադատության նախարարության համակարգմամբ համապատասխան օրենքի հայեցակարգի նախագծի մշակման ուղղությամբ: Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարազատների հետ մշտական կապ ապահովելու նպատակով հստակ հանձնարարություններ են տրվել: Մասնավորապես՝ ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան աշխատակիցների միջոցով կապահովվի ծնողների ու հարազատների դիմումների և առաջարկությունների ստացման և արձանագրման գործընթացը՝ աշխատանքային խմբին փոխանցելու նպատակով: Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են կատարված աշխատանքները, նախորդ նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահի կողմից տրված հանձնարարականների իրականացման ընթացքը, ինչպես նաև պատասխանել են նիստին ներկա գտնվող ծնողների ու հարազատների կողմից հնչեցված հարցերին: Նիստն ամփոփվել է հանձնաժողովի անդամներին տրված հստակ հանձնարարականներով:
21:10 - 19 դեկտեմբերի, 2022
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ազատ կարձակվի․ դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ազատ կարձակվի․ դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, այսօր մերժեց փաստաբան էրիկ Ալեքսանյանի կալանավորումը երկարաձգելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջով հայտնել է Ալեքսանյանի պաշտպան Գայանե Պապոյանը։ Ալեքսանյանն ազատ կարձակվի վաղը՝ դեկտեմբերի 17-ին։  Նա, հիշեցնենք, հոկտեմբերի 17-ին ձերբակալվել էր, որից 2 օր անց՝ հոկտեմբերի 19-ին, դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել։ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ մինչդատական վարույթում կալանքը կարող է կիրառվել կամ դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր դեպքում երկու ամսից ոչ ավելի ժամկետով։ Այժմ, երբ մոտենում է երկամսյա ժամկետի ավարտը, ԱԱԾ-ն միջնորդել էր կալանավորումը եւս երկու ամսով երկարաձգել։ Փաստաբանը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու հարցում դատավոր Արուսյակ Ալեքսանյանին օժանդակելու մեջ։ Առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ ԱԱԾ-ի՝ դատավորը, տեղեկացված լինելով ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով մեղադրյալ, իր եղբոր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման առկայության մասին, խմբային շահերից ելնելով, պատրաստակամություն է հայտնել վերջինի օգտին կատարել ապօրինի գործողություններ, այն է՝ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու միջոցով նրան ազատել կալանքից։ Այդ անձն էլ հենց փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալն է։ Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը եւս այս պահին կալանավորված է։  
13:51 - 16 դեկտեմբերի, 2022
Քննիչը հանցավոր արարք կատարած անձից պահանջել և կաշառք է ստացել նրան չձերբակալելու դիմաց

Քննիչը հանցավոր արարք կատարած անձից պահանջել և կաշառք է ստացել նրան չձերբակալելու դիմաց

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ Ա.Լ-ն, իր լիազորությունների սահմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված կարգով նախաձեռնելով քրեական վարույթ և ձեռնամուխ լինելով նախաքննությանը, նույն քրեական վարույթով առերևույթ հանցավոր արարք կատարած անձի օգտին, իր լիազորությունների սահմաններում գործողություններ չկատարելու, այն է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով նրան չձերբակալելու և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն չներկայացնելու համար քաղաքացուց 2022 թվականի նոյեմբերի 1-ին պահանջել է 5.000.000 ՀՀ դրամ կաշառք: Վերջինիս մայրը, չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ, իր ծանոթներից պարտքով վերցնելով 1.000.000 ՀՀ դրամ գումար, 2022 թվականի նոյեմբերի 4-ին, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 29 հասցեում գործող «KFC» արագ սննդի կետի հետնամասում գտնվող այգում այն անձամբ փոխանցել է քննիչին, այնուհետև 2022 թվականի նոյեմբերի 11-ին, որպես վարկային միջոց, ստանալով 1.000.000 ՀՀ դրամ գումար, նույն օրը Երևան քաղաքի վերոնշյալ վայրում, այն անձամբ կրկին տվել է հիշյալ քննիչին՝ որդու օգտին, իր լիազորությունների սահմաններում գործողություններ չկատարելու համար, իսկ պահանջված կաշառքի մնացած 3.000.000 ՀՀ դրամը պայմանավորվել են փոխանցել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 16-ը: Դեպքի առթիվ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ: 2022 թվականի դեկտեմբերի 13-ին, գաղտնի քննչական գործողություն կատարելու արդյունքում, նախապես քիմիական համապատասխան միջոցներով մշակված 2.000.000 ՀՀ դրամ գումարը, որպես պահանջված կաշառքի մաս, Երևան քաղաքի կրկին նույն վայրում, քաղաքացին անձամբ փոխանցել է քննիչին, որից հետո վերջինս ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է և ներկայացրել ստացված 2.000.000 ՀՀ դրամ կաշառք գումարը: Ա.Լ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
10:23 - 15 դեկտեմբերի, 2022
ՊՊԾ-ն կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը

ՊՊԾ-ն կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը

Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից։ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։  Անվտանգության խորհդրի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում ասել էր, որ այս փոփոխության հրապարակային հանձնառությունը ՀՀ կառավարությունը վերցրել է 2021-2026 թթ․ գործունեության միջոցառումների ծրագրերով․ «Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ՊՊԾ-ն առանձնացնել ԱԱԾ մարմինների համակարգից՝ այն նախատեսելով որպես վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին։ Ընդհանուր առմամբ, կառավարությունը անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումների գործընթաց սկսել է 2018 թ․-ից, բայց դրա անհրաժեշտությունը ավելի է սրվել 2020 թ․-ի 44-օրյա պատերազմից, և հիմնական խնդիրը այն է, որ բարձրացնենք մեր անվտանգության մարմինների արդյունավետությունը»։ Գրիգորյանը տեղեկացրել էր նաև, որ այս բարեփոխումների շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվում ատեստավորման ճանապարհով անվտանգության մարմինների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու հարցին: ԱԽ քարտուղարկի խոսքով՝ 2018 թ. սկսած համակարգում աշխատավարձերը համընդհանուր բարձրացվել են, սակայն ատեստավորման միջոցով բարձրացումը կարևորվում է, որովհետև դրա հիմքում դրված է  անհատական ջանքի ներդրումը:
17:55 - 09 դեկտեմբերի, 2022
Վարչապետը բազմաթիվ անգամ ընդդիմությանը առաջարկել է հանդիպել՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ բոլոր հարցերը ներկայացնելու համար․ Գրիգորյան

Վարչապետը բազմաթիվ անգամ ընդդիմությանը առաջարկել է հանդիպել՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ բոլոր հարցերը ներկայացնելու համար․ Գրիգորյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, անդրադառնալով քննարկվող օրինագծին, ըստ որի՝ նախատեսվում է Պետական պահպանության ծառայությունը առանձնացնել Ազգային անվտանգության ծառայությունից, հարց ուղղեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին։  «Որքան հիշում եմ, դուք ևս միշտ հանդես եք եկել սուպերվարչապետության դեմ, ի՞նչ պատահեց, որ եկել ներկայացնում եք մի փոփոխություն, որը այդ սուպերվարչապետությունը մեղմ ասած չի կազմաքանդում»,- հետաքրքվեց Գեղամ Նազարյանը։ «Ես դեմ եմ եղել սուպերվարչապետության համակարգին մի կոմպոնենտի բացակայության դեպքում, ազատ արդար ընտրությունների բացակայության դեպքում։ Երբ կան ազատ արդար ընտրություններ և համակարգը ժողովրդավարական է, ես այդպիսի խնդիրներ չեմ տեսնում, որովհետև կառավարությունը պատասխանատու է հանրության առջև, կա ընդդիմություն, ով հնարավորություն ունի հարցեր բարձրացնելու և այս առումով, կարծում եմ, որ ինձ համար չկա տարբերություն՝ սուպերվարչապետություն է, թե վարչապետություն, կարևորը, որ լինեն ազատ արդար ընտրություններ»։  Գեղամ Նազարյանը նաև հետաքրքրվեց՝ ինչու խաղաղության պայմանագրի տեքստը չի քննարկվում ընդդիմադիր պատգամավորների հետ․ «Դուք անընդհատ շեշտում եք խորհրդարանական հանրապետություն, խորհրդարանական կառավարում։ Որքանով գիտեմ՝ ՔՊ պատգամավորների հետ որոշակի քննարկում լինում է այդ պայմանագրի կետերի, տեքստերի վերաբերյալ։ Ի՞նչն է խանգարում, որ դուք մեզ՝ որպես խորհրդարանական պետության պատգամավորների, մի օր բերեք ասեք՝ սա է տեքստը, կարո՞ղ է շատ վատ բան ենք անում»։  ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ ասաց՝ վարչապետը բազմաթիվ անգամ առաջարկել է ընդդիմությանը, որպեսզի հանդիպեն և վարչապետը ներկայացնի արտաքին քաղաքականության հետ կապված բոլոր հարցերը․ «Միակ պայմանը, եթե չեմ սխալվում, այդ հանդիպման փակ լինելն էր։ Եթե այս առումով դուք հրապարակային առաջարկություն եք հնչեցնում, կարող եք ավելի կոնկրետացնել առաջարկը և հրապարակային քննարկում ունենալ»։  Անդրադառնալով Գեղամ Նազարյանի մյուս հարցին, թե ինչ խնդիր է լուծվում, ինչով է ԱԱԾ-ն կաշկանդված, երբ ՊՊԾ-ն գտնվում է այդ կառույցի ներսում, Գրիգորյանն ասաց, որ ԱԱԾ-ն կաշկանդված չի եղել, պարզապես ֆունկցիաներն են շատ եղել, դա ոչ թե կաշկանդել է, այլ հնարավորություն չի տվել կառույցին արդյունավետ աշխատել։
14:22 - 09 դեկտեմբերի, 2022