Աննա Վարդապետյան

ՀՀ վարչապետի խորհրդականն է։

Արդարադատության նախարարի նախկին տեղակալ։ Անկուսակցական է։ Ծնվել է 1986թ․ փետրվարի 18-ին Երևանում։ 2002-2008թթ․ սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ 2008-2012 թթ․ եղել է ասպիրանտ նույն ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում։ 2003-2005թթ․ եղել է Ավան համայնքի թաղապետի խորհրդական։

2007-2009 թթ․՝ ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ։ 2009-2013թթ․՝ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնական։ 2013-2014թթ․՝ դատարանի նախագահի խորհրդական։ 2014-2018թթ․ աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում որպես ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար։ 2010թ․-ից դասավանդում է ԵՊՀ-ում, իրավաբանական գիտությունների թեկնածու է։ 2015թ․-ից հանդիսանում է Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ։

2018թ․ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական։ 2019թ․ ապրիլի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։ 2019 թվականի նոյեմբերի 12-ին ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: 2020թ․ մարտին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

ԱԺ հանձնաժողովը գլխավոր դատախազի պաշտոնում առաջարկել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը

ԱԺ հանձնաժողովը գլխավոր դատախազի պաշտոնում առաջարկել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր՝ արտահերթ նիստի ընթացքում քվեարկությամբ որոշեց գլխավոր դատախազի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Աննա Վարդապետյանը իր ելույթի ընթացքում ասաց՝ օտար լեզուներում դատախազ բառը նշանակում է «հոգ տանել»։ «Իսկ ո՞ւմ մասին պետք է հոգ տանի դատախազը։ Իմ համար պարզ է․ մարդու։ Այն մարդու, ում ամենօրյա աշխատանքի շնորհիվ գոյություն ունի ՀՀ-ն։ Դատախազությունը պետք է լինի այդ մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորը։ Դատախազությունը պետք է հոգ տանի, որ այդ մարդը բռունցքներով, զենքով, այլընտրանքային, ստվերային, հանցավոր կամ այլ ոչ իրավաաչափ միջոցներով ստիպված չլինի պաշտպանել իրեն ու իր ընտանիքը։ Ինչպես պետք է դատախազությունը հոգ տանի այդ մարդու մասին։ Պատասխանը պարզ է։ Պրոֆեսիոնալ մոտեցմամբ, նվիրված աշխատանքով, տարբեր գայթակղություններին ոչ ասելու ընդունակությամբ, հանցավոր վարքագծի նկատմամբ անհանդուրժողականությամբ ու որ ինձ համար ամենակարևորն է՝ վախի բացակայությամբ։ Ինչու դատախազությունը պետք է հոգ տանի մարդու մասին։ Պատասխանը կրկին պարզ է, դատախազությունը ստեղծվել է այդ նպատակի համար։ Իմ ծառայությունը միտված  է լինելու այս նպատակին ուղղված դատախազության պոտենցիալի առավելագույն բացահայտմանը և իրականացմանը»,-ասաց Աննա Վարդապետյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հաստատել էր տեղեկությունը, ըստ որի ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։ Նշենք նաև, որ այս տարվա սեպտեմբերի 16-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը: 
11:16 - 28 հունիսի, 2022
Չի կարելի գլխավոր դատախազին վերածել վարչապետի օգնականի կամ հակառակը. Արամ Վարդևանյան |news.am|

Չի կարելի գլխավոր դատախազին վերածել վարչապետի օգնականի կամ հակառակը. Արամ Վարդևանյան |news.am|

news.am: Մենք ներկայացրել ենք պետական իրավական ոլորտի մեր տեսլականը, որից բխելու են դետալավորված գործողություններ: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: «Եթե դատական համակարգը, իրավապահ համակարգը չլինեն անկախ, անվախ ու արդար, որևէ բարեփոխում հնարավոր չէ։ Ներկայացնեմ 9 կետից բաղկացած սկզբունք, որոնք ցույց են տալիս, թե ինչ չպետք է լինի այս ոլորտում. 1. Չի կարելի ոստիկանին պարգևավճարով կախյալ դարձնել։ 2. Անչափահասին, ապագա զինվորին ծեծող և զինվորներ ծնող հայ մայրերին ծեծող ոստիկաններին չի կարելի դուրս չշպռտել ոստիկանությունից, իսկ իրական ոստիկաններին արժանապատիվ կյանք չապահովել։ 3. Չի կարելի դատավորին պատժիչ բութ գործիքի վերածել։ 4. Միայն կալանավորող, կալանքը ֆետիշացնող դատավորներ չի կարելի կարգել, իսկ եղած նմաններին դուրս չշպռտել համակարգից։ 5. Չի կարելի դատավորի միջոցով վարկերի բեռի տակ հայտնված բազմազավակ ընտանիքի միակ բնակարանը բռնագանձել, իսկ դղյակներից միայն խոսել ու վախենալ։ 6. Չի կարելի քննիչներին ստիպել, իրենց խղճի դեմ գնալով, ապօրինի գործեր կարել, իսկ դատախազներից պահանջել դա հաստատել։ 7. Չի կարելի գլխավոր դատախազին վերածել վարչապետի օգնականի կամ հակառակը։ 8. Չի կարելի, որ արդարություն ապահովող դատավորի աշխատավարձը լինի ավելի ցածր, քան ոչինչ չանող ՔՊ-ական նախարարինը՝ իր պարգևավճարներով։ 9. Չի կարելի, որ պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնեն առանց բարձրագույն կրթության, առանց կենսագրության, առանց պրոֆեսիոնալիզմի, պարզապես իշխանության ու կոնկրետ շահերի ծառայող մարդիկ։ Այս չի կարելի-ները չեն լինելու, որովհետև մինչև վերջ ենք պայքարելու»,- ասաց նա։ Նշենք, որ ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելու է Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանին։ Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
21:45 - 18 հունիսի, 2022
«Ժողովուրդ» օրաթերթը սխալվում է․ գլխավոր դատախազի թեկնածուի համար չկա կոչում ունենալու պահանջ

«Ժողովուրդ» օրաթերթը սխալվում է․ գլխավոր դատախազի թեկնածուի համար չկա կոչում ունենալու պահանջ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հոդված է հրապարակել այն մասին, որ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը չի համապատասխանում գլխավոր դատախազին ներկայացվող պահանջներին։ Վարդապետյանը, հիշեցնենք, իշխող խմբակցության՝ գլխավոր դատախազի թեկնածուն է։ Ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու է սեպտեմբեր ամսին։ Թերթը, մասնավորապես, գրել է․ «Հետաքրքիր է, որ նա որեւէ կոչում չունի, որը համապատասխանում է այդ պաշտոնին, այնինչ նախկին բոլոր դատախազներն ունեցել են: Նկատենք՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է եղել, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական, Աղվան Հովսեփյանը եղել է իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, արդարադատության պետական խորհրդական: Նախկին գլխավոր դատախազ Արամ Թամազյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, Արդարադատության պետական խորհրդական է: Ասել է թե՝ բոլոր դատախազները կոչումներ են ունեցել, սակայն Աննա Վարդապետյանը չունի, ինչը ենթադրել է տալիս, որ նրան կընտրեն դատախազ ու նոր կոչում կտան»։ Նախ նշենք, որ եթե խոսքը գիտական կոչումների եւ աստիճանների մասին է, ապա Աննա Վարդապետյանի կենսագրությունն ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ նա ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (2012 թ․ հոկտեմբերի 5-ին պաշտպանել է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու քրեաիրավական հիմնախնդիրները» վերտառությամբ թեկնածուական ատենախոսություն) եւ դոցենտի գիտական կոչում։ Ինչ վերաբերում է դասային աստիճաններին, ապա դրանց առկայությունը պարտադիր պայման չէ դատախազ, այդ թվում՝ գլխավոր դատախազ նշանակվելու համար։  Գլխավոր դատախազին ներկայացվող պահանջները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով։ Ըստ այդմ, Սահմանադրության 177-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր դատախազ կարող է ընտրվել 35 տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Գլխավոր դատախազի համար օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածն էլ, որպես լրացուցիչ պահանջներ, սահմանում է, որ գլխավոր դատախազ կարող է ընտրվել ՀՀ այն քաղաքացին, որը տիրապետում է հայերենին եւ ՀՀ-ում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը ՀՀ-ում իրականացվել են օրենքով սահմանված կարգով։  Սրանից բացի, օրենքի 34-րդ հոդվածը նախատեսում է նաեւ դատախազ նշանակվելու սահմանափակումները, որոնց մեջ եւս դասային աստիճանի բացակայությունը ներառված չէ։ Ավելին, «Դատախազության մասին» օրենքը հստակ սահմանում է Դատախազության դասային աստիճանները, դրանց շնորհման կարգն ու ժամկետները։ Ըստ 46-րդ հոդվածի՝ երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը սկզբնական դասային աստիճան է, որը շնորհվում է դատախազությունում նույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված պաշտոնի առաջին անգամ նշանակվելիս։ Խոսքը վերաբերում է Երևան քաղաքի, Երեւան քաղաքի վարչական շրջանների, մարզերի եւ կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներ եւ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ավագ դատախազներ եւ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության դատախազ նշանակվելու դեպքերին։ Դատախազության մյուս պաշտոններում նշանակվելիս, ըստ նույն հոդվածի, դատախազին շնորհվում է օրենքով տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճանը, իսկ գլխավոր դատախազի նվազագույն դասային աստիճանը արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է։ Այսինքն՝ թերթի այն ենթադրությունը, թե Վարդապետյանին կընտրեն դատախազ եւ նոր միայն կոչում կտան, բնականոն գործընթաց է։ Թեեւ թերթը մեջբերել է նախկին գլխավոր դատախազների դասային աստիճանները՝ այն համատեքստում, որ նրանք, որպես գլխավոր դատախազ, ունեցել են դրանք, սակայն այդ աստիճանները եւս նրանց շնորհվել են պաշտոնի նշանակվելուց հետո։ Մասնավորապես, Գեւորգ Կոստանյանը գլխավոր դատախազ է ընտրվել 2013 թ․ հոկտեմբերի 1-ին, իսկ թերթի մեջբերած՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանը ստացել է նույն թվականի դեկտեմբերի 29-ին։ Երկու տարի անց՝ 2015 թ․ դեկտեմբերի 28-ին էլ, նրան շնորհվել է արդեն արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։ Աղվան Հովսեփյանը որպես գլխավոր դատախազ պաշտոնավարել է երկու անգամ՝ 1998-1999թթ եւ 2004-2013թթ։ Պետական խորհրդականի դասային աստիճանը Հովսեփյանին շնորհվել է 1999 թ․ մարտի 23-ին, իսկ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչումը՝ 2003 թ․ հուլիսի 1-ին։ Արամ Թամազյանն էլ գլխավոր դատախազ է նշանակվել 2001 թ․ փետրվարի 20-ին եւ պաշտոնավարել մինչեւ 2004 թթ։ Արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճան նրան շնորհվել է 2003 թ․ մայիսի 27-ին, իսկ իրավաբանի պատվավոր կոչումը՝ 2012 թ․ հունիսի 29-ին։ Նշված դասային աստիճաններից առաջ նախկին գլխավոր դատախազները, իհարկե,  ունեցել են  այլ, ավելի ցածր դասային աստիճաններ, սակայն դա պայմանավորված է նրանով, որ նրանք մինչ այդ էլ իրավապահ համակարգում պետական ծառայություն իրականացրել են։ Իսկ Վարդապետյանը, թեպետ դասային աստիճաններ ենթադրող պաշտոններ չի զբաղեցրել, սակայն ունի մասնագիտական՝ օրենքով պահանջվող առնվազն 10 տարվա փորձառությունը։ Այնուհանդերձ նշենք նաեւ, որ Վարդապետյանի թեկնածությունը միանշանակ չի ընդունվել, եւ շատերը հիշատակել են այն աղմկահարույց դեպքը, երբ նա,  վարչապետի օգնական լինելով, խմբագրումներ էր արել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին եւ նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանին մեղադրանք առաջադրելու քննիչի որոշման տեքստում, ինչի իրավունքը չուներ։ Այդ դեպքի առթիվ Ազգային անվտանգության ծառայությունում նյութեր էին նախապատրաստվել, որից հետո քրեական գործի հարուցումը մերժվել էր։  Մեջբերելով Սահմանադրության հիշյալ 177-րդ հոդվածը՝ թերթը նաեւ գրել է․ «Ո՞վ է գնահատել Աննա Վարդապետյանի մասնագիտական որակները, որտե՞ղ են դրսեւորվել դրանք. դատախազի նշանակման համար նրա մասնագիտական որակները պետք է գնահատեն մասնագետները, այլ ոչ թե ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը»։  Իրականում, սակայն, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածը նախատեսում է, որ յուրաքանչյուր խմբակցություն կարող է առաջարկել գլխավոր դատախազի մեկական թեկնածու, հետեւաբար բնական է, որ խմբակցությունը առաջարկել եւ գնահատել է իր թեկնածուի մասնագիտական որակները։ Խմբակցությունների առաջարկած թեկնածուների ցանկից ի վերջո ԱԺ իրավասու հանձնաժողովն է ընտրելու այն անձին, որի թեկնածությունը պետք է առաջադրվի ԱԺ-ում։ Իսկ ԱԺ-ն գլխավոր դատախազին ընտրելու է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Հավելենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ թեկնածու առաջարկելու մասին խմբակցությունների որոշմանը պետք է կցվեն Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը, իսկ գլխավոր դատախազի թեկնածուի դեպքում՝ նաեւ թեկնածուի լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը։ Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը որոշումը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է խմբակցությանը` նշելով պատճառների մասին, իսկ համապատասխանելու դեպքում՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում գլխավոր դատախազի թեկնածուի  բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ երկշաբաթյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:   Լուսանկարում՝ Աննա Վարդապետյանը   Միլենա Խաչիկյան  
15:55 - 17 հունիսի, 2022
Փոփոխությունները պատվերով չեն լինելու. Վարդապետյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի մասին |armenpress.am|

Փոփոխությունները պատվերով չեն լինելու. Վարդապետյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի մասին |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, մասնագիտական հանձնաժողովն իր աշխատանքներում կքննարկի նաև երկրի կառավարման համակարգի փոփոխության հարց, բայց դեռ պարզ չէ՝ արմատական փոփոխություններ կլինեն, թե ոչ: Այս մասին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը, որը որպես հրավիրյալ էր մասնակցում նիստին՝ անդրադառնալով կիսանախագահական համակարգի անցնելու վերաբերյալ հարցին: «Խորհրդից բացի լինելու է նաև մասնագիտական հանձնաժողով, որը բուն աշխատանքներն է իրականացնելու: Եվ խորհուրդը, և քաղաքական իշխանությունը, և բոլորս մասնագիտական կարծիք ենք ակնկալում հարցի վերաբերյալ: Այսինքն՝ պատվերի շրջանակներում կատարվող փոփոխություններ այստեղ տեղի չեն ունենալու»,-ասաց Վարդապետյանը: Անդրադառնալով կառավարման համակարգի հնարավոր փոփոխման վերաբերյալ հարցին՝ նա հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ խորհրդարանական կառավարման ձևը թույլ է տվել հաղթահարել քաղաքական ճգնաժամն ընտրությունների միջոցով, այլ ոչ ավել խորացնել այն: «Այս պահին որևէ մասնագիտական քննարկում դեռ տեղի չի ունեցել կառավարման ձևի հետ կապված: Բայց քաղաքական գնահատականը, կարծում եմ, վարչապետի տեսակետի ձևով ներկայացվել է»,-ասաց նա: Վարդապետյանը վստահեցրեց, որ այս հարցն իհարկե քննարկվելու է խորհրդի, մասնագիտական հանձնաժողովի կողմից, որից հետո ավելի ստույգ տեղեկատվություն կլինի: Ըստ նրա՝ կարճաժամկետ հատվածում տեղի ունեցող ցանկացած փոփոխություն, որը չի հասցրել ապրոբացիայի ենթարկվել, ցնցումների բերում է: Ըստ նրա՝ հաճախակի փոփոխությունները ոչ մի ոլորտում, հատկապես երկրի հիմնական օրենքում, եթե խիստ անհրաժեշտ չեն, չեն կարող լինել շատ դրական գնահատականի ենթակա: Իսկ թե Սահմանադրությունում նախատեսվող փոփոխությունները կլինեն արմատական, թե ոչ, նա ասաց՝ դեռ ոչ ոք պնդել չի կարող: Խորհուրդը պետք է ի վերջո հիմնավորի փոփոխությունների անհրաժեշտությունն ու խորությունը, և մասնագիտական հանձնաժողովն այս առումով պետք է իր մասնագիտական կարծիքն ասի: Վարդապետյանի խոսքով՝ փոփոխությունները, որ կարող են տեղի ունենալ, կարող են չվերաբերել շատ արմատական հարցերի, կարող են վերաբերել առանձին ինստիտուցիոնալ խոչընդոտների, որոնք խանգարել են այս կամ այն ոլորտի զարգացմանը կամ դրական ազդեցություն չեն ունեցել:
16:37 - 04 փետրվարի, 2022
Աննա Վարդապետյանի վերաբերյալ հաղորդման առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է |hetq.am|

Աննա Վարդապետյանի վերաբերյալ հաղորդման առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է |hetq.am|

hetq.am: Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի վերաբերյալ նախապատրաստվող նյութերով քրեական գործի հարուցումը։ Այս մասին հայտնեցին ԱԱԾ-ի լրատվական ծառայությունից։ Հիշեցնենք, որ 168.am-ը հրապարակել էր տեսանյութ, որում Ռաֆիկ և Ռուբեն Հայրապետյանների վերաբերյալ մեղադրանքի տեքստն է։ Տեսանյութի աջ կողմում երևում է, որ մեղադրանքը խմբագրված է «Աննա Վարդապետյան» անուն-ազգանունով օգտատիրոջ կողմից։ Հայրապետյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանի պնդմամբ՝ հրապարակված տեսանյութից ակնհայտ է դառնում, որ մեղադրանքը խմբագրողը հենց Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն է։ Տեսանյութի հրապարակումից հետո Գլխավոր դատախազությունը մամուլի հրապարակումներն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նաև պաշտպան Մակինյանը։
20:12 - 26 մարտի, 2021
Արդարադատության փոխնախարարն այցելել է պետական ծառայություններ մատուցող օպերատորներին միացած Ջրվեժի համայնքապետարան |armenpress.am|

Արդարադատության փոխնախարարն այցելել է պետական ծառայություններ մատուցող օպերատորներին միացած Ջրվեժի համայնքապետարան |armenpress.am|

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը ապրիլի 26-ին այցելել է Ջրվեժի համայնքապետարան, որտեղ գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակը 2019 թվականի հունիսի 1-ից կսկսի մատուցել նաև պետության կողմից պատվիրակված 60-ից ավելի ծառայություններ:  Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ պետական ծառայություններ մատուցող տասն օպերատորներին միացել են նաև 40 համայնքապետարաններ՝ Հայաստանի ողջ տարածքում դրանց թիվը դարձնելով 50-ը: Սա նշանակում է, որ 67 պետական ծառայություններից ցանկացածը ստանալու համար այլևս մայրաքաղաք, մասնավորապես՝ պետական մարմիններ այցելելու անհրաժեշտություն չի լինի: Դրանք մոտ կլինեն քաղաքացիներին, կլինեն հենց համայնքներում: Կառավարության որոշմամբ ծրագրին միացած համայնքներն իրենց ստանձնած գործառույթները կսկսեն իրականացնել փուլ առ փուլ, և մինչև 2020 թվականի ավարտն այն ամբողջապես ներդրված կլինի 40 համայնքներում: Նախարարի տեղակալը համայնքապետ Ռոբերտ Պետրոսյանի հետ քննարկել է ծառայությունների տրամադրմանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձել նաև հնարավոր խնդիրներին՝ կապված դրանց մասին քաղաքացիներին իրազեկելու և պետության կողմից մատուցվող ծառայություններից տեղում օգտվելու ծավալը փուլ առ փուլ մեծացնելու հետ: Համայքապետարանում փոխնախարար Աննա Վարդապետյանը հանդիպել է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Արևելյան Եվրոպայի հարցերով բաժնի ղեկավար Դիրք Շաթշնայդերին, ԳՄՀԸ (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփային, Վերականգնման վարկերի բանկի (KfW) տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պետական ծառայությունները համայնքներին պատվիրակելու արդյունքում վերջիններիս զարգացմանը նպաստելու հնարավորությունները: Աննա Վարդապետյանի խոսքով՝ ծառայությունների պատվիրակումը դեռևս առաջին փուլն է, առավել կարևոր է դրանց արդյունավետ կատարմանը հետևելը:  Հանդիպման ավարտին փոխնախարարը ծանոթացել է GIZ-ի կողմից՝ Գերմանական համագործակցության, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակի կարողություններին:
11:20 - 27 ապրիլի, 2019