Ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

ՀՀ ֆինանսների նախարարը Տիգրան Խաչատրյանն է։

2021 թվականին առողջապահության նախարարությունն իրականացրել է 12 ծրագիր և 56 միջոցառում |1lurer.am|

2021 թվականին առողջապահության նախարարությունն իրականացրել է 12 ծրագիր և 56 միջոցառում |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովի առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց առողջապահության նախարարության 2021 թվականի բյուջեի կատարողականը: «Նախարարությունն իրականացրել է 12 ծրագիր: Սկզբնապես բյուջեով նախատեսված էր, որ միջոցառումների քանակը պիտի կազմի 56: Փաստացի իրականացվել է 53 միջոցառում: 2021 թվականի պետական  բյուջեով հաստատված տարեկան պլանը 114 միլիարդ 496 միլիոն դրամ էր: Այնուհետև ճշտվել է այդ պլանը, և ավելացվել 159 միլիարդ 191 միլիոն դրամ»,- ասաց Խաչատրյանը: Արդյունքում 2021 թվականին ծախսվել է 157 միլիարդ 909 միլիոն դրամ, որը 2020 թվականի փաստացի 141 միլիարդ 779 միլիոն դրամի նկատմամբ 16 միլիարդ 131 միլիոն դրամով ավելի է եղել:
11:02 - 07 հունիսի, 2022
2021-ին Եվրամիությունից ստացված դրամաշնորհները կազմել են 4 մլրդ 875.4 միլիոն դրամ. քննարկում ԱԺ-ում

2021-ին Եվրամիությունից ստացված դրամաշնորհները կազմել են 4 մլրդ 875.4 միլիոն դրամ. քննարկում ԱԺ-ում

2021 թ. Եվրամիությունից ստացված դրամաշնորհները կազմել են 4 մլրդ 875,4 մլն դրամ, որոնք տարվա ընթացքում ստացված պաշտոնական դրամաշնորհների կազմում 39,4 տոկոս են կազմել:  Ընդհանուր պաշտոնական դրամաշնորհների հանրագումարը կազմել է 12 մլրդ 380 մլն դրամ: Այս մասին տեղեկացրել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հունիսի 6-ի Եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ: Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Արման Եղոյանը և Գևորգ Պապոյանը: «Պետական բյուջեի պակասուրդը հաշվետու տարում կազմել է 320 մլրդ դրամին համարժեք գումար, որից  88 մլրդ 227 մլն դրամ արժեքով կազմել են այն վարկերը և փոխառությունները, որոնք ամրացված են եղել պետական բյուջեով սահմանված ծախսային ուղղություններին, այսինքն՝ նպատակային վարկերը: Այս նպատակային վարկերի թվում, որը 88 մլրդ 227 մլն դրամ է կազմում, 19 մլրդ 403 մլն դրամը կամ ընդհանուր այդպիսի վարկերի և փոխառությունների 22 տոկոսը ստացվել է Եվրամիությունից»,- պարզաբանել է նախարարը՝ անդրադառնալով ծախսային ուղղություններում դրանց նշանակությանը: ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է նախարարության իրականացրած աշխատանքներին և ծրագրերին: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հետաքրքրվել է ԵՄ-ի կողմից խոստացված 2,6 մլրդ եվրո աջակցութամբ իրականացվելիք ծրագրերով:  Պարույր Հովհաննիսյանը հայտնել է, որ  մարտին եղել է Բրյուսելում՝ այդ հարցով խորհրդակցություններ իրականացնելու նպատակով:  «Հավաստիացումներ հնչեցին բոլոր գործընկերների կողմից,  որ հապաղում տեղի չի ունենա՝ կապված ընդհանուր ճգնաժամի հետ: Ավելին, ապրիլի վերջին  Երևանում  տեղի ունեցավ Եվրամիություն-Հայաստան գործընկերության կոմիտեի նիստ, որտեղ մանրամասն քննարկեցինք ծրագրերի ընթացքը: Նույնն արվեց արտգործնախարարի կողմից՝ Գործընկերության խորհրդի ընթացքում՝ մայիսի 18-ին: Այժմ ծրագրերն ընթանում են իրենց հունով, և հապաղման  որևէ ռիսկ, կարծես թե,  չկա»,- հայտնել է փոխնախարարը: Նա նաև տեղեկացրել է, որ ԵՄ-ի հետ շարունակվում են վիզաների դյուրինացման հետ կապված քննարկումները: «Եվրամիության հետ մենք այդ հարցը մշտապես պահում ենք մեր օրակարգում»,- նշել է Պարույր Հովհաննիսյանը:
17:45 - 06 հունիսի, 2022
Տիգրան Խաչատրյանն Ասիական զարգացման բանկի փոխնախագահի հետ քննարկել է Հայաստան-ԱԶԲ համագործակցությունը

Տիգրան Խաչատրյանն Ասիական զարգացման բանկի փոխնախագահի հետ քննարկել է Հայաստան-ԱԶԲ համագործակցությունը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հունիսի 1-ին հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Շիխին Չենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԶԲ Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Պաոլո Սպանտիգատին: Ինչպես տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը պարոն Չենին է ներկայացրել Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը եւ ծրագրային գերակայությունները, ՀՀ արտաքին պարտքի առանձնահատկություններն ու պարտքի կառավարելիությունն, անդրադարձ է կատարել մակրոտնտեսական քաղաքականությանը: Նախարարը բարձր է գնահատել Ասիական  զարգացման բանկի հետ ծավալված արդյունավետ համագործակցությունը եւ վերահաստատել կառավարության պատրաստակամությունը՝ ամրապնդելու փոխգործակցությունը եւ ընդլայնելու համագործակցության շրջանակները: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Շիխին Չենն ընդգծել է, որ Հայաստանն Ասիական զարգացման բանկի կարեւոր գործընկերն է եւ հավելել, որ Բանկը պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարության նախաձեռնություններին՝ ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, առողջապահության, կրթության եւ այլ ոլորտներում: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են կառուցվածքային բարեփոխումների օրակարգում Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությանն առնչվող հարցերի մեծ շրջանակ:
17:15 - 01 հունիսի, 2022
Քննարկվել է ԱԻ նախարարության և Ոստիկանության 2021 թ. պետբյուջեի կատարողականը |1lurer.am|

Քննարկվել է ԱԻ նախարարության և Ոստիկանության 2021 թ. պետբյուջեի կատարողականը |1lurer.am|

1lurer.am: Մայիսի 31-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է արտակարգ իրավիճակների նախարարության և Ոստիկանության 2021 թ. պետական բյուջեի կատարողականը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2021 թ. ընթացքում արտակարգ իրավիճակների նախարարությունն իրականացրել է 6 ծրագիր, ընդհանուր փաստացի կատարված ծրագրերի արդյունքում արձանագրվել է 14 մլրդ 402 մլն 429 հազար դրամի կատարողական: Ոստիկանությունն 2021 թ. ընթացքում իրականացրել է 2 ծրագիր, 18 միջոցառում, փաստացի կատարված ծախսերի հանրագումարը կազմել է 65 մլրդ 463 մլն դրամ: «Արտակարգ իրավիճակների նախարարությունն ապահովել է 99,4 տոկոս կատարողական»,- ասել է նախարար Արմեն Փամբուխչյանը` ներկայացնելով 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը: Խոսելով թերացումների մասին` նախարարը, մասնավորապես, անդրադարձել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի անվտանգության ապահովում» և «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում, սարքավորումներում առկա քիմիական նյութերի ու սարքավորումների անվտանգ պահպանություն» միջոցառումներին: Նա խոսքով` թերացումների  պատճառը գործարանի կողմից որոշ ծախսերի գծով համապատասխան փաստաթղթեր չներկայացնելն է: Կատարվել է սեյսմոլոգիական ցանցից ստացվող տվյալների ամբողջական վերլուծություն: Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տարածքների ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման նպատակով հավաքագրվել և վերլուծվել են երկրաֆիզիկական բլոկի և երկրաքիմիական դիտակայանների տվյալները: Իրականացվել է սեյսմածին անոմալիաների վիճակագրության ուսումնասիրություն: Նախարարը ներկայացրել է նաև «Ճգնաժամային կառավարման ուսուցում» ոլորտում իրականացված աշխատանքները, խոսել է աղետների ռիսկերի տվյալների հավաքագրման, վերլուծության, համայնքներում աղետների ռիսկերի բացահայտման և գնահատման համակարգի փուլային, ինչպես նաև սողանքային աղետի կառավարման միասնական համակարգի փորձնական ներդրումների մասին: Պատասխանելով պատգամավորների հարցերին` Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է հատկապես Սյունիքի մարզում փրկարար ծառայության աշխատանքներում իրականացված որակական փոփոխություններին, Մեղրի համայնքում ծառայության` հաստիքների և համապատասխան տեխնիկայով համալրելուն վերաբերող հարցերին: Ներկայացնելով 2021 թ. պետական բյուջեի կատարողականը` ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը նշել է. «Հաշվետու տարում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել են հասարակական կայուն կարգն ու անվտանգությունը` միաժամանակ իրականացնելով բարեփոխումների ռազմավարություններով և ծրագրերով նախատեսված առաջնահերթ միջոցառումները»: Նրա խոսքով` կապիտալ ծախսերի գծով հատկացումների աճը հիմնականում պայմանավորված է Երևանում ոստիկանության նոր՝ պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման համար գույքի, սարքավորումների, ավտոտրանսպորտային միջոցների, շենք-շինությունների կապիտալ վերանորոգման, կառուցման հանգամանքներով: Հաշվետու տարում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 14,3 տոկոսով: Հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության 950 դեպք, որից 42,4 տոկոսը՝  ոստիկանության մարմինների կողմից: Մշտական հանձնաժողովների համատեղ նիստում փակ ձևաչափով քննարկվել են պաշտպանության, ազգային անվտանգության և պետական ռեզերվներին վերաբերող հարցերը:
17:52 - 31 մայիսի, 2022
Պետական պարտքը 2020-ի համեմատ աճել է 6.4 տոկոսով. նախարար |armenpress.am|

Պետական պարտքը 2020-ի համեմատ աճել է 6.4 տոկոսով. նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի պետական պարտքը 2021 թվականին տարեվերջի դրությամբ կազմել է 4 տրլն 430 մլրդ դրամ, այն դրական արտահայտությամբ 2020 թվականի նկատմամբ աճել է 6.4 տոկոսով: Այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը: «Պետական  պարտքը 2021 թվականին տարեվերջի դրությամբ կազմել է 4 տրլն 430 մլրդ դրամ, ինչը համարժեք է 9 մլրդ 226 մլն դոլարի: Դրա գերակշիռ մասը կառավարության պարտքն է, իսկ 220 մլրդ դրամը՝ ԿԲ-ի: Կառավարության պարտքը տարեվերջին կազմել է  4 տրլն 210 մլրդ դրամ, որի կազմում արտաքին պարտքը՝ 2 տրլն 972 մլրդ, իսկ ներքին պարտքը՝ 1 տրլն 237 մլրդ դրամ»,-ասաց Խաչատրյանը: Ապա` նախարարը շարունակեց. «Մեր դրամական արտահայտությամբ պետական պարտքը 2020 թվականի նկատմամբ աճել է 6.4 տոկոսով, այդ թվում կառավարության պարտքը՝ 7.3 տոկոսով: Իսկ դոլարային արտահայտությամբ՝ պետական պարտքը աճել է 15.8 տոկոսով, կառավարության պարտքը՝ 16.8 տոկոսով»: Այս երևույթը պայմանավորված է 2021-ի հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի տարբերությամբ: Նախարարը պարզաբանեց՝  տարեսկզբին փոխարժեքը մոտ 522 դրամ է եղել, իսկ տարեվերջին՝ 480, դրանով է պայմանավորված, որ դոլարային արտահայտությամբ պարտքի աճն ավել բարձր է, քան դրամային արտահայտությամբ պարտքի աճը: Պարտքի կառուցվածքում 70 տոկոսը գերազանցող չափով դոլարային կամ արտարժութային պարտքերն են: Պարտքն աճել է հատկապես 2020-ի ընթացքում: «Սակայն 2021-ին 4 տոկոսային կետով ընդհանուր առմամբ պետական պարտքը նվազել է, այդ նվազման մեծ մասը՝ 3.2 տոկոսային կետը վերաբերում է կառավարության պարտքի նվազմանը»,-ասաց նա: Կառավարության պարտքը 2020-ին էր հասել իր առավելագույն արժեքին և կազմել  63.5 տոկոս, 2021-ի արդյունքներով ՀՆԱ-ի նկատմամբ կազմում է 60. 3 տոկոս: Պարտքի կառուցվածքում դրամային պարտքի կշիռն ավելացել է, այն 24.4 տոկոսի փոխարեն 28.8 տոկոս կշիռ ունի: Նախարարը դա կարորեց նանով, որ այդպիսով նվազեցնում է պարտքի կախվածությունը փոխարժեքային ռիսկերից:
17:04 - 31 մայիսի, 2022
Ֆինանսների նախարարն աշխատանքային քննարկում է ունեցել Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենի հետ

Ֆինանսների նախարարն աշխատանքային քննարկում է ունեցել Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենի հետ

ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մայիսի 27-ին, ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին: Ինչպես հայտնում են Ֆինանսների նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին փոխգործակցության համար և կարևորել ԱԶԲ հետ հաստատված արդյունավետ գործընկերությունը: Հանդիպման օրակարգում եղել են Ասիական զարգացման բանկի՝ 2022-2025թթ. վարկային պորտֆելի ձեւավորման եւ հենակետային թեմաների քննարկմանն առնչվող հարցերը: Առանձնահատուկ ընդգծվել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարության, ինչպես նաեւ Երեւանի ու մարզային ճանապարհային ցանցի եւ տրանսպորտային ենթակառուցվածքների բարեկարգման առաջնահերթությունը: Կողմերն անդրադարձել են նաեւ արդարադատության եւ առողջապահության ոլորտներում տեխնիկական աջակցության տրամադրման հարցերին: Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ առաջիկա անելիքների վերաբերյալ:
13:44 - 27 մայիսի, 2022
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն․ քննարկվել են հարկաբյուջետային քաղաքականությանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն․ քննարկվել են հարկաբյուջետային քաղաքականությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հարկաբյուջետային քաղաքականությանը և հարկային բարեփոխումների օրակարգին վերաբերող հարցեր: Ներկայացվել է Ֆինանսների նախարարության վերլուծությունը՝ հարկային եկամուտների կառավարման հայեցակարգի, 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերանայված նախագծի և 2022թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է հարկային եկամուտների կառուցվածքին, մի շարք հարկատեսակների բարեփոխման նպատակադրումներին և դրանով պայմանավորված հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավման հնարավորություններին: Զեկուցվել է 2023-2025թթ. ՄԺԾԾ ծախսային չափաքանակների և գերատեսչությունների կողմից ներկայացված հայտերի գնահատման գործընթացի մասին, որն իրականացվել է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի, ոլորտային ռազմավարությունների, իրավակարգավորումների, ծախսակազմումների և հայտերի իրատեսականության հիման վրա: Նշվել է, որ 2023-2025թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային շրջանակի վերանայումը պայմանավորված է նաև միջազգային տնտեսական իրավիճակով և գործընկեր երկրների տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումներով: Ներկայացվել են մակրոտնտեսական ցուցանիշների, տնտեսական աճի, ընթացիկ և կապիտալ ծախսերի գծով Կառավարության թիրախների իրագործման հնարավորությունների, ռիսկերի վերաբերյալ կանխատեսումները: Քննարկման առարկա է դարձել 2022թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի կատարման հաշվետվությունը: Վարչապետին ներկայացվել է եկամուտների և ծախսերի կատարողականը ըստ գերատեսչությունների: Նշվել է, որ արդյունքների հիման վրա գնահատվել է մակրոտնտեսական ազդեցությունը, մշակվել են ծախսային գործընթացի բարելավման առաջարկներ: Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված ծրագրերին, բարեփոխումներին առնչվող հարցեր: Վարչապետը պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է 2022թ. պետբյուջեով նախատեսված ծախսերի կատարման վրա և հանձնարարել հետևողական լինել, որպեսզի թե՛ ընթացիկ, թե՛ կապիտալ ծախսային ծրագրերն իրականացվեն լիարժեքորեն: Նիկոլ Փաշինյանը նկատել է՝ չի եղել ծրագիր, որը չի իրագործվել ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, և Կառավարությունը շարունակելու է այս մոտեցումը: Միևնույն ժամանակ պետք է ուշադրության կենտրոնում պահել ծրագրերի բովանդակությունն ու աշխատանքի որակը, ինչպես նաև մյուս ուղղություններով բարեփոխումները: Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել քննարկումները:
17:44 - 24 մայիսի, 2022
Մետաղական հանքավայրեր շահագործողների համար հարկման նոր կարգավորումներ կգործեն |hetq.am|

Մետաղական հանքավայրեր շահագործողների համար հարկման նոր կարգավորումներ կգործեն |hetq.am|

hetq.am: Մետաղական հանքավայրեր շահագործող կազմակերպությունների կողմից վճարվող ռոյալթիի համակարգը նախատեսվում է դարձնել ավելի արդյունավետ, մետաղների միջազգային գներին ավելի արձագանքող: Խորհրդարանում հայտարարեց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը` ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը: «Առաջարկվող համակարգը ենթադրում է ռոյալթիի շահութաբերությունից կախված բաղադրիչի ամրապնդում, առաջարկվում է շահութաբերությունից կախված երկրորդ բաղադրիչի ներմուծում: Այն ըստ էության ավելի երկար ժամկետի համար նախատեսված լուծում է: Եվ դրանով իսկ ավելի կայուն ու կանխատեսելի հարկային միջավայր կարող է ապահովել ոլորտում ներդրումներ կատարած, կատարելու մտադրություն ունեցողների համար: Ի տարբերություն ռոյալթիի շահութաբերությունից կախված գործող բաղադրիչի, այդուհանդերձ երկրորդ բաղադրիչն ունի մի փոքր այլ տրամաբանություն այն իմաստով, որ առաջարկվում է լրացուցիչ հարկերով ծանրաբեռնել շահույթի այն մասը, որը ըստ էության ամբողջությամբ տնօրինվելու է համապատասխան կազմակերպությունների կողմից»,- ասաց փոխնախարարը: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը մանրամասնեց` հանքարդյունաբերական ընկերությունները վճարում են շահութահարկ, նաև՝ ռոյալթի, որն իրենց շրջանառությունից կախված որոշակի տոկոս է և շահույթից կախված որոշակի գումար: «Ռոյալթիի իմաստն այն է, որ հանքարդյունաբերող ընկերությունը մասնավոր ընկերություն է և աշխատում է շահույթի համար և ինչպես մնացած բոլոր ընկերությունները վճարում է շահութահարկ, սակայն, քանի որ ընդերքը պատկանում է ժողովրդին, իրենք անկախ նրանից՝ շահույթով կաշխատեն, թե վնասով, միևնույն է, պետք է որոշակի գումար մուծեն»,-ասաց նա: Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ պղնձի գների աճին համահունչ, երբ կար կանխավարկած, որ հանքարդյունաբերական ընկերությունները բավական բարձր շահույթներ են ապահովում, այդ շահույթը հասարակության և ընկերության միջև արդարացի բաշխելու համար ներդրվել է պղնձի, մոլիբդենի խտանյութի արտահանման տուրքը: Թունյանի համոզմամբ, սակայն, տուրքի ներդրումը որոշակի խնդիր է պարունակում, հաշվի չի առնվում տարբեր հանքերի մեջ պղնձի կամ այլ մետաղների պարունակությունը: «Հիմա առաջարկվում է հետևյալը՝ մենք այդ արտահանման տուրքը հանում ենք: Փոխարենը ունենում ենք հետևյալ պատկերը՝ ընկերությունները վճարում են շահութահարկ, վճարում են ռոյալթի՝ ինչպես նախկինում, սակայն սահմանվում է որոշակի շեմ, որը պայմանական կարող ենք անվանել գերշահութաբերության շեմ՝ 10 տոկոս, և, եթե ընկերությունն այդ 10 տոկոսից բարձր շահութաբերությամբ է աշխատում, այդ ավելցուկ մասի համար լրացուցիչ 15 տոկոս պետք է վճարի»,- պարզաբանեց Բաբկեն Թունյանը: Թունյանի խոսքով` վնասով աշխատող ընկերությունների համար ոչինչ չի փոխվի, արտահանման տուրքը դուրս կգա, եթե պղնձի գները պահպանվեն բարձր մակարդակի վրա, ընկերությունները աշխատեն շահութաբերության որոշակի մակարդակից վերև, կվճարեն ավելի շատ, քան նախկինում էին վճարում, բայց ավելի քիչ, քան հիմա:
14:38 - 24 մայիսի, 2022
Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մայիսի 9-ից 12-ը մասնակցել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից: Նիստի ընթացքում ամփոփվել են ՎԶԵԲ-ի գործունեության շրջանակներում իրականացված աշխատանքներն ու գրանցված արդյունքները, կառավարիչներին են ներկայացվել 2021-2025 թվականների ՎԶԵԲ-ի ռազմավարական եւ կապիտալ ծրագրի իրականացման մանրամասները: Lիագումար նիստի քննարկման առանցքային հարցերն առնչվել են ՎԶԵԲ-ի գործունեության երկրներում տնտեսական աճի խթանմանը, կլիմայի փոփոխության դեմ պայքարին եւ գործարար միջավայրի ամրապնդմանը: Մարոկկոյի Թագավորություն կատարած պաշտոնական այցի շրջանակում  նախարար Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել ՎԶԵԲ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի, ՎԶԵԲ ենթակառուցվածքների, Եվրասիայի, կայուն ենթակառուցվածքների խմբի վարչության տնօրեն Եկատերինա Միրոշնիկի եւ ՎԶԵԲ տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող տնօրեն Կասպար Վելդկամպի հետ: Քննարկվել են համաշխարհային տնտեսության վերջին զարգացումները եւ առկա մարտահրավերները, անդրադարձ է կատարվել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությանն առնչվող հարցերին: Կողմերը կարեւորել են ՎԶԵԲ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաեւ ուրվագծել հետագա համագործակցության ընդլայնման հեռանկարները: Նախարար Խաչատրյանն այցի ընթացքում հանդիպել է նաեւ «Միցուբիսի Յու-Էֆ-Ջեյ ֆինանսական խումբ» բանկի ներկայացուցիչների հետ եւ քննարկել Հայաստանի հետ բանկի համագործակցության հնարավորությունները:
11:04 - 12 մայիսի, 2022
ՀՀ ֆինանսների նախարարը մասնակցել է ԱՄՀ և ՀԲ կառավարիչների խորհուրդների հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարարը մասնակցել է ԱՄՀ և ՀԲ կառավարիչների խորհուրդների հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանն ապրիլի 19-22-ը ԱՄՆ կատարած պաշտոնական այցի շրջանակում մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) կառավարիչների խորհուրդների 2022թ. գարնանային հանդիպումներին: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։  Հանդիպումների ընթացքում քննարկումներ են ծավալվում համաշխարհային տնտեսության ընթացիկ իրավիճակի, միջազգային տնտեսական իրավիճակի զարգացման միտումների, գլոբալ մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների, ֆինանսական շուկաներում տիրող իրավիճակի, համաշխարհային ֆինանսական կայունությանն առնչվող առանցքային այլ հարցերի շուրջ: «Այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի Տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրենի, ԱՄՀ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության պետի, ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ: Նախարար Խաչատրյանը հանդիպել է նաեւ Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահի եւ Համաշխարհային բանկի Տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրենի հետ»,- ասվում է հաղորդագրությունում:
20:48 - 22 ապրիլի, 2022
Արցախյան պատերազմի հետևանքներին հակազդելու ուղղությամբ հատկացված միջոցները 2021-ին կազմել են ՀՆԱ-ի 1.9 տոկոսը. փոխնախարար

 |armenpress.am|

Արցախյան պատերազմի հետևանքներին հակազդելու ուղղությամբ հատկացված միջոցները 2021-ին կազմել են ՀՆԱ-ի 1.9 տոկոսը. փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ 2021 թվականի  հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը: Այս մասին կառավարության նիստին ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը: Ներկայացնելով 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, նա նշեց, որ հարկաբյուջետային, դրամավարկային տնտեսական քաղաքականությունների համադրության արդյունքում 2021 թվականին ՀՆԱ-ն  կազմել է 5.7 տոկոս՝ տարեսկզբի կանխատեսվող 3.2 տոկոսի դիմաց: «Հարկային եկամուտների  մակարդակի  բարելավման արդյունքում գերակատարվել է հարկային եկամուտների և տուրքերի պլանը՝  147 միլիարդ դրամով՝ նախորդ տարվա համեմատ աճելով 14.5 տոկոսով, ինչի արդյունքում հարկեր-ՀՆԱ  ցուցանիշը նախորդ տարվա նկատմամբ  բարելավվել է 0.3 տոկոսային կետով, և 2021 թվականին արձանագրել ենք  պատմական ամենաբարձր 22.7 տոկոս հարկեր-ՀՆԱ մակարդակ»,- ասաց նա: Հայրապետյանը նշեց, որ 2021 թվականին պլանավորված պակասուրդի ֆինանսավորման համար իրականացվել են քայլեր՝ լավ պայմաններով պարտք ներգրավելու համար: «Կառավարությունը 2021 թվականի սկզբին կարողացավ հաջողությամբ հասնել եվրոբոնդերի թողարկման և տեղաբաշխման հարցում սուվերեն թողարկումների ամենացածր եկամտաբերությունը արձանագրելով:  Տեղաբաշխման եկամտաբերությունը կազմեց 3.875 տոկոս, իսկ արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 3.6»,- հավելեց նա : Ֆինանսների նախարարի տեղակալի խոսքով՝ պարտքի բեռի նվազմանը զուգահեռ բարելավվեց նաև պարտքի կառուցվածքը, դրամային պարտքի կշիռը կանխատեսված 27.5 տոկոսի փոխարեն հասավ 28.8 տոկոս մակարդակի: «2021 թվականին նախատեսվածից ավել է ծախսվել 153 միլիարդ  դրամ:  2021 թվականի կառավարության կապիտալ ծախսերի կատարողականը գրանցել է վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշը՝ տարեկան պլանի նկատմամբ կատարվելով 100 տոկոսով՝ կազմելով 216 միլիարդ դրամ»,-ասաց նա, հավելելով, որ արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հակազդման ուղղությամբ հատկացված միջոցները կազմել են 132.9 միլիարդ դրամ, կամ  ՀՆԱ-ի 1.9 տոկոսը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ առայժմ  շարունակում ենք ընթանալ բյուջեի եկամտային հատվածի գերակատարման պլանով: 
17:43 - 22 ապրիլի, 2022
Նախարարն անդրադարձավ ՌԴ-ից դրամական փոխանցումների կանխատեսվող նվազմանը, ՀՀ-ից արտահանման հնարավոր խնդիրներին

 |armenpress.am|

Նախարարն անդրադարձավ ՌԴ-ից դրամական փոխանցումների կանխատեսվող նվազմանը, ՀՀ-ից արտահանման հնարավոր խնդիրներին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանից Հայաստան տարեկան իրականացվում են մոտ 850 մլն դոլարի չափով դրամական փոխանցումներ. ՌԴ-ում ստեղծված իրավիճակով պայմանավորված նախատեսվում է, որ այդ հոսքերը  կնվազեն մոտ 40 տոկոսով: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Հռիփսիմե Ստամբուլյանի՝ ՀՀ տնտեսությունում հնարավոր շոկերի վերաբերյալ հարցին: Նախարարը նախ նշեց, որ շոկերը քիչ չեն՝ առանձնացնելով մի քանիսը: «Մեկը մեր համաքաղաքացիների դրամական փոխանցումներն են, որ ստացվում են ՌԴ-ից: Մեր ընտանեկան, բարեկամական կապերի ուժով վերջին տարիների ընթացքում այդ դրամական փոխանցումներն ունեցել են շատ զգալի ծավալներ: 2020-2021 թթ ընթացքում այդ փոխանցումները տարեկան մոտ 850 մլն դոլարի չափ են եղել: Կնվազեն, ենթադրում ենք, եթե այնտեղ տնտեսական պայմանները դժվարանում են, բնական է, դա կազդի նաև այդ փոխանցումների մեծության վրա»,-ասաց նախարարը: Իսկ թե Ռուսաստանից փոխանցումներն ինչ չափով կնվազեն,  նախարարն առաջարկում է հետ նայել 2014, 2015, 2016 թթ, երբ ոչ այս չափով, բայց մեծ դժվարություններ կային ՌԴ տնտեսության առջև: «Մենք կարծում ենք, որ մինչև 40 տոկոսով կարող են այդպիսի փոփոխություններ տեղի ունենալ»,-նշեց Խաչատրյանը: Խոսելով Հայաստանից Ռուսաստան արտահանումների  մասին՝ նախարարը վստահություն հայտնեց, որ ժամանակի ընթացքում հայ արտահանողներն ընդհանուր առմամբ կվերագտնեն հնարավորությունները, համանման իրավիճակ եղել է նաև 2015-ին, 2016-ին: «Իհարկե, որոշներն ունեցել են կարճաժամկետ դժվարություններ, որոշների համար նույնիսկ այդ դժվարությունները եղել են ճակատագրական: Բայց, ընդհանուր առմամբ, մեր արտահանող հատվածը որոշակի ժամանակահատվածում վերադասավորվել, վերահարմարվել և շարունակել է իրագործել իր զարգացման ծրագրերը: Մեզ մոտ կլինե՞ն այդպիսի կարճաժամկետ շոկեր այս ժամանակահատվածում. անպայման: Մենք 2021-ի արդյունքներով ունեցել ենք մոտ 860-870 մլն դոլարի արտահանում ՌԴ, քիչ չեն փոքր ու միջին արտադրողները՝ փոքր ջերմոցներ, գյուղատնտեսական ապրանք աճեցնող, արտահանող, վերամշակող կազմակերպություններ, որոշակի արդյունաբերական արտադրանք արտահանողներ, որոնք հատկապես, երբ արժույթի արժեզրկման հետ կապված շոկեր եղան և իրենց դեբիտորական պարտքերը գնանշված էին ռուբլիով, կրել են այդ ազդեցությունը, դա անխուսափելի է»,-ասաց նախարարը: Խաչատրյանը ձեռնպահ մնաց գնահատական տալուց, թե դա ինչ չափով կազդի 2022-ի տնտեսական ակտիվության վրա: Անդրադառնալով ԿԲ-ի՝ տնտեսական աճի կանխատեսում մինչև 1.6 տոկոսի հասցնելու վերաբերյալ հարցին՝ նա ասաց, որ ԿԲ-ն պարտավոր է դա անել, քանի որ յուրաքանչյուր եռամսյակը մեկ իր դրամավարկային քաղաքականությունը համապատասխանեցնում է կարճաժամկետում իր կողմից սպասվող փոփոխություններին, այդ թվում՝ գնաճային ռիսկերը կառավարելու համար: «Չի բացառվում, որ 3 ամիս հետո, երբ այս անորոշությունները մեղմված լինեն, այդ 1.6 տոկոսը նորից դարձնեն 5.3: Իրենք պարտավոր են դա անել 3 ամիսը մեկ»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ կառավարությունը կարճաժամկետում նման վերանայում անելու խնդիր չունի:
14:50 - 28 մարտի, 2022
Ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին

Ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին

Մարտի 25-ին ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեպան Անն Լույոյին եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին:  «Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել արդեն պարբերական դարձած հանդիպումների համար, հակիրճ ամփոփել է 2021 թվականի տնտեսական տարին՝ ներկայացնելով հարկաբյուջետային եւ մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները: Դեսպան Անն Լույոն ընդգծել է հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերությունները եւ վերահաստատել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ համատեղ աշխատելու, երկկողմ հարաբերությունները խորացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա օրակարգին: Մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ»,- ասվում է ֆիննախի հաղորդագրությունում:
16:59 - 25 մարտի, 2022
2022 թվականին գնաճը կլինի 5.5 տոկոսի սահմաններում. Տիգրան Խաչատրյան
 |news.am|

2022 թվականին գնաճը կլինի 5.5 տոկոսի սահմաններում. Տիգրան Խաչատրյան |news.am|

news.am: 2022 թվականին գնաճը կլինի 5.5 տոկոսի սահմաններում: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ «Հնարավոր է մինչև 1.5 տոկոսի շեղում։ ԿԲ-ն հայտարարել է, որ արդյունքային ցուցանիշները շարունակում են մնալ իրագործելի: Չնայած այն ժամանակավոր դժվարություններին, որոնք առկա են այսօր տարածաշրջանում և աշխարհում՝ պայմանավորված հատկապես սննդամթերքի և էներգակիրների հնարավոր գնային փոփոխություններով, լինելու են կառավարելի և տարեվերջին ունենալու ենք օրենքի շրջանակում փաստացի արձանագրված գնաճ», - ասաց նախարարը։ Նա ընդգծեց, որ այն, ինչ տեղի ունեցավ 2021-ին պարենի համաշխարհային շուկաներում, կարելի է սպասել, որ պայմանավորված էր կովիդի եւ դրա հետեւանքով նաեւ արժեշղթաների որոշակի վերադասավորումներով ամբողջ աշխարհում. «Այն, ինչ տեղի է ունենում հիմա, մի քիչ տարբեր է, մի քիչ կապ ունի տարածաշրջանային աանորոշությունների հետ, մեր հիմնական մատարարողների կանոնավորության հետ: Ես գրեթե վստահ եմ, որ եթե մենք միջինժամկետ ժամանակահատվածում գնահատականներ տալու լինենք, այսինքն գնանք 3-5 ամիս առաջ եւ հետո հետ նայենք, կտեսնենք, որ այդ խնդիրներից շատերը ինքնակարգավորվել են»,-ասաց ֆինանսների նախարարը:
16:49 - 21 մարտի, 2022
Ֆինանսների նախարարությունը դրական ազդակ է համարում Fitch-ի կողմից Հայաստանին շնորհված վարկանիշի վերահաստատումը

Ֆինանսների նախարարությունը դրական ազդակ է համարում Fitch-ի կողմից Հայաստանին շնորհված վարկանիշի վերահաստատումը

«Fitch Ratings» վարկանիշային գործակալությունը մարտի 19-ին հրապարակված զեկույցով վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «B+» վարկանիշը` կայուն հեռանկարով: ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ «հաշվի առնելով տարածաշրջանային ներկա իրողություններով պայմանավորված մակրոտնտեսական անորոշությունները` գործակալության կողմից Հայաստանին շնորհված վարկանիշի վերահաստատումը շատ դրական ազդակ է և փաստում է Հայաստանի իշխանություների կողմից վարվող բարեփոխումների ու հատկապես՝ մակրոտնտեսական քաղաքականության հուսալիությունը»: Մասնավորապես, գործակալությունը պարզաբանել է, որ վարկանիշի պահպանումն արտահայտում է նույն գնահատականին արժանացած համադրելի երկրների համեմատությամբ մեկ շնչին ընկնող եկամուտների ամուր մակարդակը, կառավարման և բիզնես միջավայրի լավ ցուցանիշները, իսկ գնահատման հիմքում ընկած են ՀՀ մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության կայուն շրջանակը և բարեփոխումների իրականացման արժանահավատ հանձնառությունը: Գործակալության գնահատմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը բացասական հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության վրա՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի տնտեսությունների միջև կարևոր կապերը։ Չնայած դրան՝  գործակալությունը գնահատում է, որ  Հայաստանի կառավարության և Կենտրոնական բանկի՝ շոկերին արձագանքելու կարողությունները և ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու հնարավորությունները կարող են օգնել Հայաստանին՝ առաջացած տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին, առանց պարտքի սպասարկման կարողությունների համար զգալի դժվարություններ առաջացնելու: Չնայած ստեղծված իրավիճակի պայմաններում գործակալությունը կանխատեսում է  2022 թվականի համար ՀՀ տնտեսական աճի որոշակի դանդաղեցում՝  զեկույցն արձանագրում է 2023 թվականի համար տնտեսական աճի տեմպերի վերականգնման իր կանխատեսումները: Գործակալությունն արձանագրում է նաև քաղաքական կայունության փաստը և հաստատում, որ 2021 թվականին վերընտրված իշխանությունն ամրացնում է իր ձեռքբերումները: Զեկույցն արձանագրում է, որ չնայած կառավարման ցուցանիշների մի մասը զիջում են համադրելի երկրների միջին ցուցանիշներին, սակայն մարդկային զարգացման և բիզնեսի վարման ցուցանիշներով Հայաստանը զգալիորեն գերազանցում է: 
17:37 - 19 մարտի, 2022