ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

Բրազիլիայից Հայաստան խոշոր խմբաքանակով կոկաին տեղափոխելու փորձ է արվել. ՊԵԿ

Բրազիլիայից Հայաստան խոշոր խմբաքանակով կոկաին տեղափոխելու փորձ է արվել. ՊԵԿ

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցները Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի աշխատակիցների հետ համատեղ բացահայտել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական խոշոր դեպքը: Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ հնարավոր է Սան-Պաուլո-Փարիզ-Երևան ավիաչվերթով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանող ուղևորներից մեկը «կոկաին» տեսակի թմրամիջոց է տեղափոխում:  ««Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում անձնական մաքսային զննման է ենթարկվել Հայաստան ժամանած Բրազիալիայի քաղաքացի Լ․Պ.-ն։ Ունենելով կասկածներ, որ քաղաքացին հնարավոր է մարմնում թաքցնում  է թմրամիջոցներ՝ ենթարկվել է տեսազննության: Արդյունքում, նրա մարմնում նկատվել են օտար մարմիններ, որոնք դուրս բերելու նպատակով ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության և ՄԴՊ վարչության աշխատակիցների կողմից Բրազիլիայի քաղաքացին օդանավակայանից տեղափոխվել է բժշկական կենտրոն:  Բժշկական կենտրոնում իրականացված համակարգչային շերտագրման` սկանավորման արդյունքում պարզվել է, որ  նրա հաստ աղիքի հատվածում առկա են գնդաձև օտար մարմիններ, որոնք վերջինիս մարմնից դուրս են բերվել  բժշկական տարբեր միջամտությունների արդյունքում: Հայտնաբերվել է «կոկաին» տեսակի թմրամիջոցին նմանվող 120 հատ օվալաձև պարկուճ, այդ զանգվածների ընդհանուր քաշը կազմել է 1216 գրամ։ Հայտնաբերված թմրամիջոցի շուկայական արժեքը գերազանցել է  300 հազար ԱՄՆ դոլարը։ Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով և հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բրազիալայի քաղաքացին ձերբակալվել է, այնուհետև` կալանավորվել։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից շարունակվում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը` գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով»,- հայտնում է ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: 
12:21 - 30 հունիսի, 2023
ՊԵԿ-ը Արարատի մարզում բացահայտել է ապօրինի հանքարդյունահանման դեպք. նախաձեռնվել է քրեական վարույթ

ՊԵԿ-ը Արարատի մարզում բացահայտել է ապօրինի հանքարդյունահանման դեպք. նախաձեռնվել է քրեական վարույթ

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի Սիս գյուղի վարչական տարածքում՝ դաշտամիջյան ճանապարհի և դրենաժային առվի միջնամասում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքում, «Կ. Նարեկ» ՍՊ ընկերությունն իրականացնում է ավազի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանում: Պարզվել է նաև, որ տվյալ տարածքում ավազակոպճային խառնուրդի արդյունահանում իրականացնող ընկերությունը ՀՀ տարածքում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման, մասնավորապես, ավազակոպճային խառնուրդի արդյունահանման թույլտվություն չունի և երբևէ չի էլ ունեցել: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ձեռք բերված տեղեկությունների բազմակողմանիությունը և լրիվությունն ապահովելու նպատակով՝ վարչության աշխատակիցները համագործակցել են նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ: Վերջիններիս կողմից իրականացրած չափագրման արդյունքում պարզվել է, որ 6554 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքից տեղահանվել է 14689 խորանարդ մետր ծավալով ավազանման լեռնային զանգված: Տվյալ գործունեության արդյունքում դեգրադացվել է 12293 քառակուսի մետր մակերեսով տարածք: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիմքով` առանց թույլտվության ընդերքի բնական պաշարներն օգտագործելու համար, կազմվել է արձանագրություն, որի հիմքով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն հարուցվել է վարչական վարույթ: Կազմված արձանագրությունը և կից նյութերն ուղարկվել են ՊԵԿ Իրավաբանական վարչություն` անձի վարչական պատասխանատվության հարցը քննարկելու համար: Միաժամանակ, դեպքի առթիվ կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, որը կազմել է շուրջ 36 միլիոն 763 հազար դրամ: ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։  
15:22 - 28 հունիսի, 2023
ՊԵԿ նախագահը Բրյուսելում աշխատանքային հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի, Ճապոնիայի և ԱՄՆ գործընկերների հետ

ՊԵԿ նախագահը Բրյուսելում աշխատանքային հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի, Ճապոնիայի և ԱՄՆ գործընկերների հետ

Հունիսի 22-ից 24-ը Բրյուսելում անցկացված Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) խորհրդի 141-րդ և 142-րդ տարեկան նստաշրջանների շրջանակում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի, Ճապոնիայի և ԱՄՆ գործընկերների հետ։ Այս մասին հատնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին։ «ՀՀ ՊԵԿ նախագահը և Հնդկաստանի կառավարության անուղղակի հարկերի և մաքսերի կենտրոնական խորհրդի նախագահը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագիր։ Համաձայնագրով հիմքեր են ստեղծվում կողմերի միջև մաքսային բնագավառում փոխգործակցության հնարավորությունների ընդլայնման և ամրապնդման, ինչպես նաև փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման և այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի սահմանման համար։  Ճապոնիայի ֆինանսների նախարարության Մաքսային և սակագնային բյուրոյի գլխավոր տնօրեն Քենջի Սուազոնոյի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Ճապոնական կողմը ներկայացրել է ուղևորային մաքսային հսկողության նորարարական մեթոդները և փոստային առաքանիների նկատմամբ մաքսային վարչարարության առանձնահատկությունները։ Անդրադարձ է կատարվել նաև թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունը տարածաշրջանում կանխելու գործում Ճապոնիայի մաքսային ծառայութան շնագիտական կենտրոնի գործունեությանը և փորձին։  ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության գործակալության (CBP) պատվիրակության հետ հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև մաքսային մարմինների  փոխադարձ օգնության մասին համաձայնագրի փոխհամաձայնեցման ընթացքը և կարևորել վերջինիս շուտափույթ ստորագրման անհրաժեշտությունը, ինչպես նաև ուրվագծել հետագա համագործակցության հեռանկարները: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը ՀՄԿ շրջանակում հետագա փոխգործակցության  ընդլայնման ուղղությամբ»,-նշված է հաղորդագրությունում։
11:38 - 26 հունիսի, 2023
ՊԵԿ-ը կանխել է դեղերի անօրինական ներմուծման դեպքեր

ՊԵԿ-ը կանխել է դեղերի անօրինական ներմուծման դեպքեր

ՀՀ ՊԵԿ ներքին անվատանգության վարչության և Արևմտյան մաքսատուն- վարչության Բագրատաշենի մաքսային կետ բաժնի աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներմուծման երկու փորձ: Օրերես Բագրատաշենի մաքսային կետ-բաժին են ժամանել ՀՀ քաղաքացիներ` հայր և որդի Ս. Գ.-ն և Ա.Գ.-ն իրենց մարդատար տրանսպորտային միջոցներով։ Մաքսային տեսուչի հարցմանն՝ արդյոք վերջիններս ունեն հայտարարագրման ենթակա ապրանքներ, քաղաքացիները պատասխանել են, որ չունեն: Հսկողություն իրականացնելու նպատակով մեքենաներն ուղարկվել են խորը զննման անգար: Արդյունքում, առաջին մեքենայի պահեստային ետևի նստատեղի և գազաբալոնի միջև գտնվող հատվածից և ետևի կողային դռների միջից՝ պաստառի տակ,  հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներ` տարբեր տեսակի և արտադրության դեղամիջոցներ, դեղորայքի դատարկ տուփեր՝ 41 կգ ընդհանուր քաշով։ Հաջորդ մեքենայի կողային դռների միջից` պաստառի տակ,  հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված, մաքսային հսկողության ենթակա ապրանքներ` տարբեր տեսակի և արտադրության դեղամիջոցներ և դեղորայքի դատարկ տուփեր՝ 40,5 կգ ընդհանուր քաշով։ Ապրանքները վերցվել և ի պահ են հանձնվել «Տրանս Ալյանս» ՍՊԸ մաքսային տերմինալի պահեստ: Փաստերի առթիվ կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ:
14:19 - 23 հունիսի, 2023
Վերին Լարսի անցակետում շահագործման է հանձնվել 15 նոր ուղի. ՊԵԿ

Վերին Լարսի անցակետում շահագործման է հանձնվել 15 նոր ուղի. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ քաղաք Վլադիկավկազ՝ Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի վերակառուցված երթևեկության գոտիների շահագործման հանձնման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի թողունակության բարձրացման հարցերը քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: «Այցի շրջանակում ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը Վերին Լարսի անցակետում հանդիպում է ունեցել Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Վերին Լարսի անցակետի թողունակության բարձրացմանն ուղղված, ինչպես նաև տրանսպորտային միջոցների կուտակումների և հերթերի գոյացումների կանխմանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, հունիսի 15-ին շահագործման 1 է հանձնվել 15 նոր ուղի, ինչի արդյունքում այս պահի դրությամբ գործում է 39 ուղի, որոնցից 12-ը՝ բեռնատարների համար (6 մուտք և 6 ելք), 24-ը՝ թեթև մարդատար տրանսպորտի համար (12 մուտք և 12 ելք), 2-ը՝ ուղևորատար ավտոբուսների համար և 1 ուղի՝ գերծավալային բեռների համար։ Նոր ուղիների գործարկման արդյունքում անցակետի թողունակությունն արդեն իսկ աճել է 30%-ով, և օրական միջինում արդեն ձևակերպում է ստանում մոտ 1300 բեռնատար, ինչը բերել է անցակետի 2 կողմերում հերթերի վերացմանը։ Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Վերին Լարսի կայուն թողունակության ապահովման նպատակով համապատասխան պաշտոնատար անձանց օպերատիվ փոխգործակցության կանոնակարգի առնչությամբ։ Մասնավորապես, սկսվել է բեռների ռենտգեն սկանավորման արդյունքների փոխանակման գործընթացը, ինչը թույլ է տալիս հայկական կողմում իրականացված ռենտգեն սկանավորման արդյունքներն օգտագործել ռուսական կողմում իրականացվող հսկողության ընթացքում, որը կարող է հանգեցնել բեռների ավելի արագ ձևակերպմանը։ Ավելի վաղ՝ ս․թ․ հունիսի 7-ին, տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումը, որի ընթացքում կողմերի միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Վերին Լարս բազմակողմ ավտոմոբիլային անցակետում գոյություն ունեցող խնդիրներին համատեղ ջանքերով օպերատիվ լուծումներ տալու առնչությամբ»,- ասվում է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ։
11:15 - 22 հունիսի, 2023
ՊԵԿ-ը բացահայտել է առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների վաճառքի դեպքեր

ՊԵԿ-ը բացահայտել է առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների վաճառքի դեպքեր

«Ատ. Լանդ» ՍՊԸ ընկերության կողմից 2020-2023 թթ-ի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության տարածք  ներմուծված 850 տոննա շաքարավազը և 61 տոննա հնդկաձավարը վաճառվել է տարբեր տնտեսվարող սուբյեկտների, սակայն վերջիններիս անվամբ դուրս չեն գրվել հաշվարկային փաստաթղթեր։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, շաքարավազի և  հնդկաձավարի իրական գնորդներին թաքցնելու և հանցավոր արարքը քողարկելու  ուղղակի դիտավորությամբ տվյալ ընկերության  տնօրենի կողմից կազմվել են ակնհայտ կեղծ հաշվապահական փաստաթղթեր, իբրև թե  նշված ապրանքների մի մասի գնորդ է հանդիսանում  հենց ինքը՝ ընկերության տնօրենը` որպես ֆիզիկական անձ: Ապրանքների  մնացած մասն էլ՝ ըստ այդ փաստաթղթերի՝ իբրև թե 97 տոկոս զեղչով, իրացվել են ՀԴՄ կտրոնների միջոցով։ Ըստ հաղորդագրության՝ ուշագրավ է, որ ՍՊԸ-ի տնօրենը հայտնել է, թե իբր 320 տոննա շաքարավազով կերակրել է իր մեղուներին և պահեստային տարածքներն ախտաhանելու նպատակով սպիրտ է թորել։  Առանձնապես խոշոր չափերի` շուրջ 78 միլիոն  դրամ հարկեր չվճարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարված հանցագործության ամբողջական պատկերի բացահայտման նպատակով՝ քրեական վարույթի նախաքննության շրջանակում, Քննչական կոմիտեի ու ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները  համատեղ մշակել ու ձեռնարկել են ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական ու վարութային գործողություններ: «Ատ. Լանդ» ՍՊԸ-ի  կողմից, հերթական ներմուծման ժամանակ, բեռնատարները՝  ՊԵԿ աշխատակիցների օպերատիվ հսկողության ներքո, մուտք են գործել Բագրատաշենի սահմանային անցակետ: Այնուհետև, մաքսային ձևակերպումներից հետո, բեռնատարները վերցվել են օպերատիվ հսկողության: Նույն օրը հասնելով Երևան քաղաք` անմիջապես բեռնատարներից՝ առանց հաշվարկային փաստաթղթերի, տնտեսավարող սուբյեկտներին վաճառվել է մեծաքանակ շաքարավազ: Վաճառքները կատարելուց  հետո՝ գնորդ տնտեսավարող սուբյեկտների մոտ կատարված օպերատիվ-հետախուզական և վարութային գործողությունների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ «Ատ. Լանդ» ընկերությունը, նախկինում ևս առանց հաշվարկային փաստաթղթերի, վաճառել է մեծաքանակ շաքարավազ:  ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ ընկերության  տնօրենի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է: Միաժամանակ, որոշում է կայացվել «Ատ. Լանդ» ՍՊԸ-ի կողմից ներմուծված շուրջ 20 տոննա շաքարավազն առգրավելու վերաբերյալ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
11:12 - 21 հունիսի, 2023
Քաղաքացու ստամոքսից և հաստ աղուց 650 գրամ հաշիշ է դուրս բերվել․ ՊԵԿ

Քաղաքացու ստամոքսից և հաստ աղուց 650 գրամ հաշիշ է դուրս բերվել․ ՊԵԿ

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի աշխատակիցները համատեղ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, օրերս «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում անձնական մաքսային զննման են ենթարկել Հռոմ-Երևան ավիաչվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՀՀ քաղաքացուն։ Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ «Ունենալով հիմնավոր  կասկածներ, որ քաղաքացի Մ. Հ.-ն հնարավոր է մարմնում թաքցրել է թմրամիջոցներ, վերջինս ռենտգեն  սարքավորմամբ ենթարկվել է զննության, որից հետո մաքսային հսկողության շրջանակում անհրաժեշտություն է առաջացել քաղաքացու նկատմամբ անցկացվող զննումն իրականացնել բժշկի մասնակցությամբ: Այդ նպատակով  նա «Զվարթնոց» օդանավակայանից  տեղափոխվել է բժշկական կենտրոն, ուր համակարգչային շերտագրման` տոմոգրաֆիայի  արդյունքում պարզվել է, որ  քաղաքացու  ստամոքսում և հաստ աղիքի հատվածում առկա են գնդաձև օտար մարմիններ, որոնք բժշկական տարբեր միջամտությունների արդյունքում դուրս են բերվել վերջինիս մարմնից:  Քաղաքացու  մարմնից ընդհանուր առմամբ դուրս է բերվել «հաշիշ» տեսակի թմրամիջոցին նմանվող յուրահատուկ հոտով շագանակագույն զանգվածների պարունակությամբ 110 հատ ամբողջական, 16 հատ պատռված և բացված պոլիէթիլենային գնդաձև փաթեթ: Հայտնաբերված «հաշիշ» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածների ընդհանուր քաշը կազմել է 652 գրամ։ Փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն: Գործին առնչվող նյութերը՝  հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ»,-նշված է հաղորդագրությունում։
12:02 - 12 հունիսի, 2023
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը կանխել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի արտահանման մաքսանենգության դեպք

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը կանխել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի արտահանման մաքսանենգության դեպք

Օրերս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկատվությունը, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում Հայաստանի Հանրապետությունից Ավստրալիա առաքվող միջազգային սուրհանդակային առաքանին ենթարկել են մաքսային հսկողության: Առաքանու զննման արդյունքում, ի թիվս այլ ապրանքների, հայտնաբերվել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի զանգվածով լցված կազմերով պատրաստված 2 գիրք, որոնց ընդհանուր քաշը կազմել է 1,5 կգ: Նշված զանգվածի հայտնաբերման փաստով, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, տեղեկություններ էին ստացվել, որ հիշյալ առաքանու ուղարկող է հանդիսանում ԻԻՀ քաղաքացի Է․Բ-ն: Քաղաքացին հայտնաբերվել և ձերբակալվել է, որից հետո տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Փաստի առթիվ կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրությունը, անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերված առարկաները, հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել են քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով։ ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են՝ վերոնշյալ թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
11:57 - 07 հունիսի, 2023
ՊԵԿ-ը բացահայտել է անհամեմատ ցածր գներով ծաղիկների իրացման և հարկման բազաների թերհայտարարագրման հերթական դեպքը

ՊԵԿ-ը բացահայտել է անհամեմատ ցածր գներով ծաղիկների իրացման և հարկման բազաների թերհայտարարագրման հերթական դեպքը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծաղիկների, մասնավորապես՝ հոլանդական վարդերի մանրամեծածախ վաճառքի և արտահանման գործունեությամբ զբաղվող ընկերությունը 2021-2023 թվականների ընթացքում հանրապետության տարածքում վաճառված ծաղիկների համար կազմված հաշվարկային փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ: Մասնավորապես, ծաղիկների վաճառքի մեկ միավորի գինը հարկային հաշիվներում նշվել է 80-208 ՀՀ դրամ, իսկ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններում՝ 60-250 ՀՀ դրամի սահմաններում, մինչդեռ ծաղիկներն իրականում վաճառվել են նվազագույնը 400 ՀՀ դրամ արժեքով։ Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ից՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ձեռք բերված ելակետային տվյալների հիմքով, կատարվել է նախնական հաշվարկ․ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ մոտ 33 միլիոն (32.806.747) ՀՀ դրամի վնաս: ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսվարող սուբյեկտներին հորդորում  է  զերծ մնալ գնորդ ընկերությունների անվամբ դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում մատակարարվող ապրանքների իրական գները խեղաթյուրելուց։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Մանրամասները՝ տեսանյութում:
12:09 - 05 հունիսի, 2023
Տեղի է ունեցել Մեղրիի նոր անցակետի հիմնարկեքի արարողությունը. շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականին

Տեղի է ունեցել Մեղրիի նոր անցակետի հիմնարկեքի արարողությունը. շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականին

Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման  ծրագրի շրջանակում հունիսի 2-ին տեղի է ունեցել Մեղրիի նոր անցակետի հիմնարկեքի արարողությունը, որին  ներկա են գտնվել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, միջազգային  կառույցների և այլ պետական մարմինների ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, Ռուստամ Բադասյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել միջազգային բոլոր գործընկերներին, մասնավորապես,  Եվրոպական միությանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին՝ համատեղ կատարված աշխատանքի համար: Ռուստամ Բադասյանն ընդգծել է ոչ միայն միջազգային չափանիշներին համահունչ շենքային պայմանների, այլև Մեղրիի արդիականացված անցակետում բովանդակային փոփոխությունների կարևորությունը: «Մաքսային ծառայության որակը բոլորովին պետք է փոխվի, մենք պետք է տնտեսական անվտանգության պաշտպանության մեր գործառույթը պատշաճ իրականացնենք և նպաստենք առևտրի դյուրինացմանը, մեր գործողություններում նպաստենք Հայաստանում բիզնեսի զարգացմանը և նոր բիզնես միջավայրի ձևավորմանը»,-նշել է ՊԵԿ նախագահը: ՎԶԵԲ Երևանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին բարձր է գնահատել Պետական եկամուտների կոմիտեի հետ փոխգործակցությունը. «ՎԶԵԲ-ն աջակցում է Հայաստանին կապ հաստատել հարևան երկրների հետ և դյուրինացնել առևտուրը: Սահմանային անցակետի արդիականացումը կնպաստի ենթակառուցվածքների զարգացմանը, աշխատանքային պայմանների բարելավմանը և նոր տեխնոլոգիաների ներդրմամբ գործընթացն ավելի արդյունավետ կդառնա»,-ասել է ՎԶԵԲ Երևանի գրասենյակի ղեկավարը:   Մեղրիի սահմանային անցման կետի վերակառուցումը և արդիականացումն իրականացվում է ԵՄ և ՎԶԵԲ-ի միջոցով տրամադրած վարկային և դրամաշնորհային միջոցներով: 2020 թ. փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են ընդհանուր՝ 21 146 263 եվրո արժեքով «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը` ՀՀ ֆինանսների նախարարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի կողմից։ Անցակետի շինարարական աշխատանքներն իրականացնում է միջազգային մրցույթում հաղթող ճանաչված «Թանա Էներջի Մենեջմենթ»  ընկերությունը (Tana Energy Management Company): Շինարարական աշխատանքների նկատմամբ որակի տեխնիկական հսկողությունն  իրականացնում է «Ռաֆթեն ինթերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (Roughton International Limited Company): Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականին, որի արդյունքում կունենանք միջազգային չափանիշներին համահունչ ժամանակակից անցակետ: Արդյունք Մեղրիի սահմանային անցակետի գործառույթները լիարժեք ապահովելու նպատակով պայմանագրով նախատեսվում է կառուցել 4000 քմ կառուցապատման մակերեսով երկհարկանի վարչական շենք՝ տանիքում 1500 քմ արևային էներգակայանով: Անցակետը կունենա մուտքի և ելքի ուղղությամբ՝ տրանսպորտային միջոցների մանրամասն զննման,  բեռնատար տրանսպորտային միջոցների ռենտգեն զննման և մաքսային ձևակերպումների մասնաշենքեր, ինչպես նաև մարդատար տրանսպորտային միջոցների ռենտգեն զննման հարթակ, անասնաբուժական, սանիտարական և բուսասանիտարական հսկման կայան ու այլ ենթակառուցվածքներ: Մուտքի և ելքի ուղղությամբ՝ յուրաքանչյուրում նախատեսվում է ունենալ 5 ուղեգիծ: Մեղրիի արդիականացված անցակետը հագեցված է լինելու նաև գերժամանակակից տարբեր սարքավորումներով, մասնավորապես, մարդատար տրանսպորտային միջոցների, ձեռքի ուղեբեռի և փոքրածավալ բեռների զննման, մարդկանց սքանավորման համար նախատեսված ռենտգենաճառագայթային, ինչպես նաև լաբորատոր սարքավորումներով, UHF ռադիոկայաններով, տվյալների մշակման կենտրոնով, փաստաթղթերի իսկությունը ստուգող սարքերով և այլն: Ցուցանիշ Անցակետը ներկայում աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով՝ օրական սպասարկելով 200-300 տրանսպորտային միջոց, այն պարագայում, երբ այն նախատեսված չէ նման թողունակությամբ աշխատելու համար: 2022 թ. ընթացքում մաքսակետն, ընդհանուր առմամբ, սպասարկել է ավելի քան 56․000 բեռնատար և ավելի քան 4300 մարդատար տրանսպորտային միջոց, իսկ 2021-ին՝ համապատասխանաբար 44․000 և 3100։  Իսկ արդեն արդիականացված անցակետում կտրուկ կմեծանա թողունակությունը՝ ապահովելով անհամեմատ ավելի արագ և բարձրորակ սպասարկում, մաքսային ձևակերպումների գործընթացը կիրականացվի առավել պարզեցված և արդյունավետ՝ բացառելով գործառույթների կրկնությունը:
17:21 - 02 հունիսի, 2023
Առանց ակցիզի ծխախոտի իրացմամբ պետությանը 416 մլն դրամի վնաս է պատճառվել

Առանց ակցիզի ծխախոտի իրացմամբ պետությանը 416 մլն դրամի վնաս է պատճառվել

Պետական եկամուտների կոմիտեն ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ար. Տոբակո» ՓԲԸ-ի կողմից առանց ակցիզային դրոշմանիշերի 1,114,000 տուփ ծխախոտի իրացման դեպք է բացահայտել: Պետությանը պատճառվել է շուրջ 416 միլիոն ՀՀ դրամի վնաս, որի հիմքով նախաձեռնվել են քրեական վարույթներ: «2022 թ. ապրիլին փորձ է արվել Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն ցամաքային ճանապարհով արտահանել շուրջ 12 միլիոն ՀՀ դրամ արժեքով, առանց ակցիզային դրոշմանիշերի 25,000 տուփ ծխախոտ, ինչը կանխվել է ՊԵԿ աշխատակիցների կողմից: Տվյալ դեպքով պետությանը պատճառվել է շուրջ 8 միլիոն ՀՀ դրամի վնաս: Մյուս դեպքով՝ ՀՀ-ից դեպի ՌԴ ցամաքային ճանապարհով 2022 թ. օգոստոսին փորձ է արվել արտահանել շուրջ 90 միլիոն ՀՀ դրամ արժեքով, առանց ակցիզային դրոշմանիշերի 199,000 տուփ ծխախոտ, ինչը կանխվել է ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցների կողմից: Տվյալ դեպքով պետությանը պատճառվել է շուրջ 66 միլիոն ՀՀ դրամի վնաս: Իսկ 2023 թվականի մարտին Վերին Լարսի անցակետում Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմինների կողմից կանգնեցվել և զննման են ենթարկվել Հայաստանից Ռուսաստան ապրանքներ տեղափոխող 2 բեռնատարներ: Արդյունքում պարզվել է, որ արկղերում լցված խնձորի և խաղողի տակ առկա է «Ար. Տոբակո» ՓԲԸ-ի կողմից արտադրված 400,000 տուփ առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտ` շուրջ 220 միլիոն ՀՀ դրամ արժեքով: Նշված դեպքերով պետությանը պատճառվել է շուրջ 154 միլիոն ՀՀ դրամի վնաս: Մեկ այլ դեպքով էլ՝ 2023թ-ի ապրիլին է փորձ արվել ՀՀ-ից դեպի ՌԴ օդային ճանապարհով արտահանել շուրջ 270 միլիոն ՀՀ դրամ արժեքով,  առանց ակցիզային դրոշմանիշերի 490,000 տուփ ծխախոտ, ինչը կանխվել է ՊԵԿ աշխատակիցների կողմից: Տվյալ դեպքով պետությանը պատճառվել է շուրջ 188 միլիոն ՀՀ դրամի վնաս»,- նշված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ։
15:00 - 01 հունիսի, 2023
Հարկատուները խարդախություններ էին անում՝ փաստաթղթերի կեղծմամբ գումարն այլ հաշիվներին էին փոխանցում»․ գործադիրը հարկային օրենսգրքում փոփոխություն կատարեց |aravot.am|

Հարկատուները խարդախություններ էին անում՝ փաստաթղթերի կեղծմամբ գումարն այլ հաշիվներին էին փոխանցում»․ գործադիրը հարկային օրենսգրքում փոփոխություն կատարեց |aravot.am|

aravot.am: «Եղել են խարդախությունների դեպքեր, երբ որոշակի փաստաթղթերի կեղծմամբ հարկ վճարողները գումարը իրավաբանական անձի աշխատակցի կողմից այլ հաշիվներին էին փոխանցում, դրանով թե՛ պետությանն էր վնաս պատճառում, թե՛ տվյալ իրավաբանական անձին»,-այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Այս խնդիրը հաշվի առնելով` ՊԵԿ-ն առաջարկում է օրենսդրական փոփոխություն, ըստ որի սահմանվում է միասնական հաշվում առկա գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին իրականացնելու դեպքերը եւ կարգը։ Գործադիրը հավանություն տվեց նախագծին, ըստ այդմ, սահմանվում է, թե որ դեպքերում հարկային մարմին ներկայացված իր բանկային հաշվից տարբերվող այլ հաշվին կարող է փոխանցում լինել։ ՊԵԿ նախագահի ներկայացմամբ՝ նախկին կարգավորումներով հարկ վճարողը կարող էր ցանկացած այլ բանկային հաշիվ նշել, որպեսզի միասնական հաշվից գումարի փոխանցումը կատարվեր: Բադասյանի փոխանցմամբ՝ այս որոշմամբ նման փոխանցում կարող է արվել վերակազմակերպման դեպում, երբ իրավահաջորդի բանկային հաշվին կարող են փոխանցվել գումարները, կազմակերպության լուծարման դեպքում, անհատ ձեռնարկատերի եւ նոտարի դեպքում իրենց կարգավիճակը կորցնելուց հետո որպես ֆիզիկական անձ իրենց հաշիվներին փոխանցելիս , պետական ոչ առեւտրային եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների դեպքում համապատասխան գանձապետական հաշիվներին:
13:37 - 01 հունիսի, 2023
Մարիխուանա և 172 000 լարի. ՊԵԿ–ը փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք է բացահայտել

Մարիխուանա և 172 000 լարի. ՊԵԿ–ը փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք է բացահայտել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դրամական միջոցների և թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքն է բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը ՀՀ ԱԱԾ–ից օպերատիվ տվյալներ են ստացել, որ քաղաքացիներ Գ.Հ-ն և Ա.Հ-ն զբաղվում են կանխիկ դրամական միջոցների մաքսանենգությամբ: ՊԵԿ աշխատակիցների կողմից հիշյալ 2 անձանց նկատմամբ սահմանվել է օպերատիվ հսկողության: Այդ ընթացքում վերջիններս հատել են վրաց-հայկական սահմանը Բագրատաշենի սահմանային անցակետով, սակայն մաքսային հսկողություն անցնելու ժամանակ որևէ իր, առարկա կամ գումար չեն հայտարարագրել։ «Մաքսային հսկողության գոտին լքելուց անմիջապես հետո մաքսանենգության մեջ կասկածվող անձինք և նրանց տրանսպորտային միջոցը վերադարձվել են մաքսային հսկողության գոտի։ Այդ քաղաքացիների և նրանց տրանսպորտային միջոցի զննության արդյունքում հայտնաբերվել է շուրջ 68,000 ԱՄՆ դոլարին համարժեք 172,000 վրացական լարի կանխիկ գումար ու մարիխուանա տեսակի թմրամիջոց»,–նշված է հաղորդագրության մեջ:   Կանխիկ դրամական միջոցների և թմրամիջոցի մաքսանենգության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ: ՊԵԿ–ը նաև տեղեկացնում է, որ ՀՀ պետական սահմանը հատելիս (բացառությամբ` Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ մեկնելիս կամ ժամանելիս) հայտարարագրման ենթակա են նաև 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցող դրամական միջոցներն ու վճարային գործիքները:
19:29 - 31 մայիսի, 2023
Բացահայտվել են ծխախոտի և թմրամիջոցի անօրինական տեղափոխման դեպքեր․ ՊԵԿ

Բացահայտվել են ծխախոտի և թմրամիջոցի անօրինական տեղափոխման դեպքեր․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժինը վերջին շաբաթվա ընթացքում բացահայտել է թմրամիջոցի և ծխախոտային արտադրանքի հետ կապված մի շարք իրավախախտումներ։ «Այսպես, Հայաստանից Իրան մեկնող ավտոբուսի հատակի մեջ, նախապես պատրաստված թաքստոցից, մաքսավորները հայտնաբերել են 1000 տուփ «HEETS»  ապրանքանիշի տաքացվող ծխախոտի գլանակ։  Երեք դեպքերով էլ Իրանից ժամանած բեռնատարների վարորդների խցիկներից ու տրանսպորտային միջոցներից մեկի առաստաղի թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված  1310 տուփ «Marlboro» և «Wisdom» ապրանքանիշի ծխախոտ: Իրանից ժամանած ՀՀ 3 քաղաքացու մոտ էլ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, ինչպես  նաև չհայտարարագրված ընդհանուր 160 տուփ ծխախոտ։ Հիշյալ ծխախոտի մի մասն ամրացված է եղել քաղաքացու մարմնի վրա և հայտնաբերվել է անձնական զննման արդյունքում։  Հարուցվել են վարչական վարույթներ՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ և 316-րդ հոդվածների հատկանիշներով։   Մեկ այլ դեպքով էլ Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած Իրանի քաղաքացու մոտ գտնվող ծխախոտի տուփերում Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների կողմից  հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված «մեթադոն» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 316 դեղահաբ։ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ  հոդվածի հատկանիշներով նախապատրաստված նյութերը փոխանցվել են  ՀՀ քննչական կոմիտե»,- նշվում է հաղորդագրության մեջ։
14:03 - 30 մայիսի, 2023