Սահմանադրական դատարան - ՍԴ

ՀՀ Սահմանադրական դատարան - Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը: Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

ՀՀ Սահմանադրական դատարանը հիմնադրվել է 1996թ-ին և առաջին իսկ տարվանից անդամակցել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին։

Ընտրական գործընթացի ողջ ժամանակահատվածում բերման է ենթարկվել 110 անձ |armenpress.am|

Ընտրական գործընթացի ողջ ժամանակահատվածում բերման է ենթարկվել 110 անձ |armenpress.am|

armenpress.am: Ընտրական գործընթացի ողջ ժամանակահատվածում՝ ընտրություններ նշանակելու օրվանից մինչև քվեարկության օրը, բերման է ենթարկվել 110 անձ: Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության ժամանակ այս մասին ասաց Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը: Դատախազը հայտնեց, որ բերման ենթարկվածներից 20-ը «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն են, համակիրներն են, վստահված անձինք և այս կամ այն կերպ դաշինքի հետ ասոցացվող անձինք, 39-ը «Պատիվ ունեմ» դաշինքից, իսկ մնացած 51-ը եղել են կամ այլ կուսակցությունից, կամ ընտրական գործընթացի մասնակիցներ: Երևանի դատախազի խոսքով` ընտրական գործընթացի ժամանակահատվածում կատարվել է 29 խուզարկություն, որոնցի 7-ը կատարվել է «Հայաստան» դաշինքին առնչվող անձանց բնակարաններում կամ շինություններում, 20-ը «Պատիվ ունեմ» դաշինքի, իսկ 2-ը՝ այլ: «Այդ խուզարկությունները կատարվել են իրավական և փաստական հիմքերի վերաբերյալ պատշաճ հիմնավորված միջնորդությունների հիման վրա, դատարանների կողմից կայացված դատական ակտերով, որոնց օրինականության վերաբերյալ վերադաս դատական ատյաններ ներկայացված բողոքների առկայության մասին տեղեկություններ չունենք: Մեր կարծիքով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների բերման ենթարկված համակիրների և նրանց բնակարաններում ու շինություններում կատարված խուզարկությունների թիվը համաչափ է նրանց կողմից կատարված առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների թվին»,-ասաց Սևակ Հովհաննիսյանը:
17:13 - 12 հուլիսի, 2021
ՍԴ դիմումները ծավալուն են, բայց հիմնվում են մտավախությունների և ենթադրությունների վրա․ Վլադիմիր Վարդանյան |azatutyun.am|

ՍԴ դիմումները ծավալուն են, բայց հիմնվում են մտավախությունների և ենթադրությունների վրա․ Վլադիմիր Վարդանյան |azatutyun.am|

azatutyun.am: «Այո, զանգվածային իրավախախտումները հիմք են ընտրությունները չեղարկելու համար, այո, վարչական ռեսուրսի համակարգված օգտագործումը և լայնածավալ օգտագործումը հիմք է ընտրությունները անվավեր ճանաչելու համար, այո, որոշ դրվագներ, որոնք համակարգային բնույթ են կրում, հիմք են ընտրությունները անվավեր ճանաչելու համար, բայց ես այդպես էլ չտեսա կոնկրետ փաստեր, որոնք վկայում էին այդպիսի լայնածավալ, մեծամասշտաբ և սիստեմատիկ խախտումների մասին», - հայտարարեց յոթերորդ գումարման Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Սահմանադրական դատարանում ներկայումս քննվող՝ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը շեշտեց․ - «Դիմումները թեև բավականին ծավալուն են, բայց, այդուհանդերձ, դրանք հիմնվում են մտավախությունների և ենթադրությունների վրա։ Այ, օրինակ, ասում են՝ «տեսեք, այ էս քանակի անձնագրեր սարքը չի կարողացել կարդալ», և սա հիմք է տալիս ենթադրելու, որ սա կարող էր հենց այն ձայների թիվը կազմել, որը իշխանությունը, ըստ էության, փորձել է յուրացնել»։ Ապա Վարդանյանը մանրամասնեց․ - «Եթե տրամաբանական իրավական տեսանկյունից նայենք, իհարկե, ես որևիցե կերպ չեմ ուզում Սահմանադրական դատարանի որոշումը կանխորոշեմ, բայց որտեղի՞ց այդ տվյալները ընդդիմության ներկայացուցիչների մոտ։ Նախ, ճիշտ չի խոսել ընդդիմության մասին, ճիշտ է խոսել դիմումատուների մասին, որոնք չորս քաղաքական ուժեր ներկայացրել էին։ Այդ տվյալները, ըստ էության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է հրապարակել։ Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամ ինչ-որ ուժը ցանկանար այդ մեխանիզմը օգտագործել՝ այլ անձնագրեր, և այլն, և այլն, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզապես այդ թիվը չէր հրապարակի։ Երկրորդը՝ եթե մենք տեսնենք համակարգը 2017 թվականից առայսօր, թե ինչքան է չկարդացվող անձնագրերի թիվը նվազել, ապա կտեսնենք, որ մենք շատ հստակ պրոպորցիա ունենք, որ այդ թիվը նվազում է, և ենթադրաբար մոտ ապագայում նման խնդիրներ չենք ունենա կամ շատ սակավաթիվ կունենանք»։ Բայց, նշեց պատգամավորը, «տեխնիկան շատ դեպքերում տալիս է իր անհասկանալի արդյունքները»։ «Ես Բուլղարիայում ընտրությունների դիտարկման եմ մասնակցել ընդամենը ամիս-ամիսուկես առաջ, էլեկտրոնային քվեարկության համակարգը շարքից դուրս եկավ որոշ տեղերում, և խնդիրը այն է, որ հակաքովիդային միջոցառումների ընթացքում պարբերաբար անհրաժեշտություն էր առաջանում ամեն ընտրողից հետո հատուկ նյութով սրբել այդ սարքերը, և տեխնիկան՝ խոնավություն, սպիրտային լուծույթ և այլն, շատ դեպքերում շարքից դուրս էր գալիս։ Շարունակությունը՝ azatutyun.am-ում
16:17 - 12 հուլիսի, 2021
Հայկ Սարգսյանի կողմից հրապարակված լուսանկարի դեպքով քրգործի հարուցումը մերժվել է. Երեւան քաղաքի դատախազ |armtimes.com|

Հայկ Սարգսյանի կողմից հրապարակված լուսանկարի դեպքով քրգործի հարուցումը մերժվել է. Երեւան քաղաքի դատախազ |armtimes.com|

armtimes.com: Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով այսօրվա նիստում Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանը անդրադարձավ «Հայաստան» դաշինքի դիմումում տեղ գտած այն պնդմանը, որ ընտրությունների օրը կատարված իրավախախտումների վերաբերյալ իրավապահ մարմինները համանման մոտեցում չեն ցուցաբերել իշխող կուսակցության եւ այլ թեկնածու կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ: Խոսքը, մասնավորապես, ընտրությունների օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Հայկ Սարգսյանի կողմից ֆեյսբուքում արված գրառման մասին է, որում նա հրապարակելով 24 համարի քվեաթերթիկը՝ գրել էր. «Մերժվածները»:  «Հայաստան» դաշինքի դիմումում նշվել է, որ պատգամավորի թեկնածու Հայկ Սարգսյանի կողմից հենց քվեարկության ընթացքի մեջ լինելու պայմաններում «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչություն պարունակող նյութ է հրապարակվել, սակայն այդ կապակցությամբ չի արձանագրվել որեւէ իրավական հետեւանք, կանխարգելիչ գործունեություն: Սեւակ Հովհաննիսյանը հակադարձեց. «Պետք է նշեմ, որ գլխավոր դատախազությունը հենց նույն օրը ՀՔԾ է ուղարկվել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից քվեարկության խցիկը նկարահանելու վերաբերյալ «Հրապարակի» հոդվածը, որի հիման վրա նախապատրաստված նյութերի արդյունքում կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով»: Այնուհետեւ, անդրադառնալով համանման մեկ այլ դեպքի՝ դատախազն, իր խոսքերով, «հակառակորդ ճամբարից» օրինակ բերեց: «Ֆեյսբուքում Նարեկ Սամսոնյանի կողմից հրապարակվեց նույնաբնույթ լուսանկար եւ գրառում, որ ի պատասխան Հայկ Սարգսյանի՝ հրապարկում է թիվ 3 քվեաթերթիկը: Այս դեպքում եւս կայացվել է նման որոշում (քրգործի հարուցումը մերժվել է-խմբ.) եւ հիմք է հանդիսացել նշված երկու անձանց կողմից տրված բացատրությունը, որ համացանցում են հանդիպել լուսանկարը, ներբեռնել են իրենց հեռախոսի մեջ...»,- ասաց Երեւան քաղաքի դատախազը:
15:26 - 12 հուլիսի, 2021
«Ցանկացած բռնություն հարկադրանք է, բայց ցանկացած հարկադրանք բռնություն չէ», մուրճի ցուցադրումը բռնություն չէ, միգուցե կարող է վերաբերել հարկադրանքին․ Դատախազության ներկայացուցիչ |tert.am|

«Ցանկացած բռնություն հարկադրանք է, բայց ցանկացած հարկադրանք բռնություն չէ», մուրճի ցուցադրումը բռնություն չէ, միգուցե կարող է վերաբերել հարկադրանքին․ Դատախազության ներկայացուցիչ |tert.am|

tert.am: Դիմումատուները շեշտադրել են մեկ քաղաքական ուժի ղեկավարի կողմից նախընտրկան քարոզարշավի ընթացքում առերևույթ բռնության կոչեր հնչեցնելու վերաբերյալ փաստարկներ։ Շատ լավ հասկանալով, որ այս դատարանում քրեական հետապնդման մարմինների կողմից կայացված որոշումների իրավաչափության հարց չի քննարկվելու, բայց, այդուհանդերձ, կա հարցի հանրային ընկալման խնդիր, և ուզում եմ մանրամասնել, որ հանրության մոտ տպավորություն չստեղծվի, որ քրեական հետապնդման մարմինները թաքնվում են իրենց իսկ կայացրած որոշումների հետևում։ Այս մասին Սահմանադրական դատարանում 4 քաղաքական ուժերի կողմից ԱԺ արտահերթ ընտրությունների վիճարկման դիմումների քննության նիստի ընթացքում հայտարարեց Դատախազության ներկայացուիչ Կարեն Բիշարյանը։ Նա ընդգծեց՝ միջազգային չափանիշներ կան, որոնք պետք է հաշվի առնել՝ գնահատելու համար, թե արդյո՞ք արտահայտված խոսքը գտնվում է ազատ խոսքի պաշտպանության տիրույթում, այն քաղաքական խո՞սք է, թե՞ ոչ, և, ի վերջո, արդյո՞ք այն հրահրում է բռնություն, թե՞ ոչ։ «Դիմումատուները շռայլորեն օգտագործել են «բռնության կոչ» եզրույթը, դատարանին ներկայացրել են հայտարարություննների՝ հենց քրեաիրավական նշանակություն ունենալու հանգամանքը, բայց չպետք է մոռանալ, որ եթե նույնիսկ բարձր դատարանի առջև բարձրացվում է հարկադրանք կիրառելու անխուսափելիության մասին հայտարարություն, ցանկացած հարկադրանք չէ, որ բռնություն է։ Գոյություն ունի մի պարզ բացատրություն՝ «ցանկացած բռնություն հարկադրանք է, բայց ցանկացած հարկադրանք բռնություն չէ», հետևաբար, եթե խոսք է հնչեցվում իրավական հարկադրանքի մասին, այդ պարագայում չի կարող խոսք լինել բռնության մասին»,-ասաց Բիշարյանը, ապա անդրադարձավ դիմումատուների՝ ՔՊ ղեկավարի կողմից հնչեցված հայտարարությունների մասին դիտարկումներին։ «Քննարկման առարկա դարձված բոլոր հայտարարություններում, որոնք հնչեցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարի կողմից՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, «կարմիր թելի» նման անցել է հետևյալ գաղափարը՝ «մուրճի դիտարկումը սիմվոլ է, և այս ամենը հետապնդում է օրենքի դիկտատուրա հաստատելու նպատակ»։
14:40 - 12 հուլիսի, 2021
ՍԴ դատավորը ԿԸՀ նախագահին խնդրեց գնահատել լռության օրը վարչապետի պաշտոնակատարի կողմից արված հայտարարությունը |armtimes.com|

ՍԴ դատավորը ԿԸՀ նախագահին խնդրեց գնահատել լռության օրը վարչապետի պաշտոնակատարի կողմից արված հայտարարությունը |armtimes.com|

armtimes.com: Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանն այսօր ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստի ընթացքում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ գնահատական կտա վարչապետի պաշտոնակատարի կողմից ընտրության օրվան նախորդող «լռության օրը» կատարված հայտարարությանը, եւ նշվածի հետ կապված ի՞նչ գործողություններ է կատարել ԿԸՀ-ն: «Մենք դա դիտել էինք որպես լռության օրվա կանոնի խախտում, կիրառել էինք նախազգուշացում, հետագայում դատարանը ոչ իրավաչափ համարեց մեր դիրքորոշումը»,- արձագանքեց Մուկուչյանը: Հիշեցնենք՝ Փաշինյանը «լռության օրը» ուղիղ եթեր էր մտել, բոլորին կոչ արել հունիսի 20-ին գնալ տեղամասեր, կատարել իրենց ընտրությունը՝ շեշտելով դրա կարեւորությունը: ԿԸՀ-ն այս հայտարարության համար Փաշինյանին նախազգուշացում էր արել՝ նրա հայտարարությունը համարելով լռության օրվա խախտում: Փաշինյանը ԿԸՀ որոշումը բողոքարկել էր եւ շահել դատը: Խունդկարյանն այսօր Մուկուչյանին հիշեցրեց, որ դատարանը ԿԸՀ որոշումը անվավեր է ճանաչել, քանի որ որոշման մեջ նշված քարոզչություն արտահայտությունը պատճառաբանված չի եղել ԿԸՀ կողմից: «Ախր հիմա եթե ասեմ, պետք է ասեք՝ դատական ակտն եմ էլի գնահատում»,- արձագանքեց ԿԸՀ նախագահը՝ հավելելով. «Այն մասով, ինչ մասով Ընտրական օրենսգրքում եղել է կանոնակարգված, մեր կարծիքով՝ լիարժեք պատասխան է տրվել դրան: Որովհետեւ վկայակոչված իրավանորմը, որի վրա վկայակոչում է արվել, գործողության մեջ պետք է լիներ 2022-ի հունվարի 1-ից»: Խունդկարյանը համաձայնեց, բայց մասամբ. «Այո՛, 2022 հունվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխություններով հանդերձ՝ նոր որակվում է, թե ինչը կարող է դիտվել քարոզչություն, եւ այդ պայմաններում Վարչական դատը ասել է՝ քանի այդ որակումը չի գործում, ուստի վարչական մարմինը (տվյալ դեպքում՝ ԿԸՀ-ն-խմբ.) ինքն էր պարտավոր մանրամասն անդրադառնալ, թե արդյոք դա քարոզչության տարրեր պարունակում է, թե ոչ»,- ասաց դատավորը: Մուկուչյանը պատասխանեց. «Եթե գնահատվել է, նշանակում է պարունակում է»:
13:36 - 12 հուլիսի, 2021
Ընտրությունների արդյունքները վիճարկելու համար ՍԴ ներկայացված դիմումները ենթակա են մերժման․ ԿԸՀ նախագահ |armtimes.com|

Ընտրությունների արդյունքները վիճարկելու համար ՍԴ ներկայացված դիմումները ենթակա են մերժման․ ԿԸՀ նախագահ |armtimes.com|

armtimes.com: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համակարծիք չէ 4 քաղաքական ուժերի կողմից ընտրախախտումների վերաբերյալ ներկայացված իրավական հիմնավորումների ու պնդումների հետ և գտնում է, որ դիմումները ենթակա են մերժման։ Այս մասին Սահմանադրական դատարանում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Նշենք, ՍԴ-ում ընթանում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը: «Առաջին հերթին ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար պետք է պարզել, թե արդյոք ընտրության կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև քվեարկությունների արդյունքների ամփոփման արդյունքում տեղի՞ են  ունեցել Ընտրական օրենսգրքի պահանջների խախտումներ։ Երկրորդ՝ այդ արձանագրված խախտումները պետք է կասկածի տակ դնեն քվեարկության  արդյունքները։ Երրորդ՝ խախտումների բնույթը պետք է լինի այնպիսին, որ ընտրությունների արդյունքների ամփոփման կամ բողոքի քննարկման ժամանակ արդեն հնարավոր չէ ստույգ որոշել քվեարկության մասնակիցների կամարտահայտությունը։  Շարունակությունը՝ armtimes.com-ում։
18:19 - 11 հուլիսի, 2021
Դավիթ Հարությունյանը ՍԴ-ում ներկայացրել է «Պատիվ ունեմ»-ի դիմումը |tert.am|

Դավիթ Հարությունյանը ՍԴ-ում ներկայացրել է «Պատիվ ունեմ»-ի դիմումը |tert.am|

tert.am: Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը 9 թեզ ներկայացրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում խախտումների վերաբերյալ։ Հարությունյանը նշեց, որ բազմաթիվ խախտումներ տեղի են ունեցել քվեարկության օրվա ընթացքում, սակայն նպատակահարմար չեն համարում դրանց անդրադառնալ, քանի որ, իրենց գնահատմամբ, արմատական խախտումները, որոնք անթույլատրելի են ժողովրդավարական հասարակությունում, տեղի են ունեցել նախընտրական փուլում։ «Մեր դիմումի շրջանակներում սահմանադրական դատարանի քննարկման առարկա են ցանկանում դարձնել ընտրական գործընթացում տեղ գտած ազատ և հավասար ընտրության իրավունքի սկզբունքների համակարգային խախտումները, որոնք իրենց նախադեպը չեն ունեցել Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում։ Դրանք երկակի հարված կարող են հասցնել մեր պետականությանը։ Մի կողմից՝ այդ խախտումները ապալեգիտիմացնում են Ազգային ժողովը, որի հետևանքով շղթայական առումով վտանգվում է Ազգային ժողովի կողմից ձևավորվող մարմինների լեգիտիմությունը։ Մյուս կողմից՝ այդ խախտումների հանդուրժումը և կոշտ չարձագանքելը ձևավորելու է դրանց թույլատրելիության պրակտիկա հետագա տարիների համար՝ վտանգելով Հայաստանի ժողովրդավարական ապագան»,- ասաց Հարությունյանը։ Նա դիմումը ներկայացրեց 9 թեզերով․ առաջինը՝ ֆիզիկական ուժի կամ վարչական ներգործության կիրառման սպառնալիք, հոգեբանական ահաբեկում ու նվաստացում, ազատ ընտրության սկզբունքի էության կոպիտ ոտնահարում, երկրորդ՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը, լինելով հանրային իշխանության ներկայացուցիչ, կոպտորեն ոտնահարել է ազատ ընտրության սկզբունքը, երրորդ՝ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններում արձանագրվածը հաստատում է ազատության իրավունքի խախտման փաստը, չորրորդ՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ Փաշինյանի խոսքը պարունակել է բռնության կիրառման սպառնալիքներ և որ այդ սպառնալիքները շարունակական բնույթ են կրել, հինգերորդ՝ Փաշինյանի կողմից հնչեցրած սպառնալիքները ոչ միայն ընկալվել են որպես իրական, այլ փաստացի իրական բնույթ են կրել, վեցերորդ՝ իրավապահ համակարգի գործողությունները և անգործությունը լրացուցիչ վնաս են հասցրել ազատ ընտրության իրավունքին։ Շարունակությունը՝ tert.am-ում։
18:09 - 11 հուլիսի, 2021
Հրայր Թովմասյանը Տիգրան Մուկուչյանին խնդրեց հաջորդ նիստին ներկայանալ ծրարով |tert.am|

Հրայր Թովմասյանը Տիգրան Մուկուչյանին խնդրեց հաջորդ նիստին ներկայանալ ծրարով |tert.am|

tert.am: ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին խնդրեց հաջորդ նիստին իր հետ բերել այն ծրարն ու քվեաթերթիկը, որոնք օգտագործվել են հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սահմանադրական դատարանի դատավորները սատարեցին այս առաջարկը։ Բանն այն է, որ «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը ընտրախախտումների վերաբերյալ ապացույցներ ներկայացնելիս գործին կցել էր լուսանկարներ, որոնցում պատկերված էին ընտրությունների ժամանակ կիրառված ծրարները։ Արա Զոհրաբյանի համոզմամբ, ծրարները թափանցիկ են եղել։ Պնդման հիմքը հենց լուսանկարներում պատկերված ծրարներն են։ Ըստ նրա, այդպես քվեարկության գաղտնիությունը խախտվել է, ինչի հետևանքով կարող էին ուղղորդել ընտրողներին։ Շարունակությունը՝ tert.am-ում։
19:28 - 10 հուլիսի, 2021
«Զարթոնք»-ի պնդմամբ խախտումները բավարար են ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար |armenpress.am|

«Զարթոնք»-ի պնդմամբ խախտումները բավարար են ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար |armenpress.am|

armenpress.am:  «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը պնդում է, որ իրենց արձանագրած խախտումները բավարար են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչվեն: Այս մասին ասաց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը ՍԴ հուլիսի 10-ի նիստում: Զոհրաբյանը նշեց, որ ՍԴ դատավորների հարց ու պատասխանից, նաև իրենց կողմից արձանագրված որոշ փաստերից իրենց մոտ անհանգստություն է առաջացել, որ գործը պատշաճ նախապատրաստված չէ դատաքննության: «Առ այսօր «Զարթոնքը» չի ստացել մյուս երեք դիմողների դիմումները, որոնք քննարկվում են մեկ գործի շրջանակում»,-ասաց նա ու հավելեց, որ չեն քննարկվել և քվեարկության չեն դրվել կուսակցության ներկայացրած միջնորդությունները: ՍԴ նախագահ Արման Դիլանյանը վստահեցրեց, որ  որևէ միջնորդություն առանց քննարկման չի մնալու: «Եվ որևէ կողմ մյուսի համեմատ ավելի բարենպաստ վիճակում չի գտնվելու»,-վստահեցրեց ՍԴ նախագահը: Զոհրաբյանը շարունակեց՝ պնդելով, որ ընտրություններն անցել են գերլարված մթնոլորտում՝ բոլոր կողմերից: «Ինչպես ասում են՝ բարձր աղմուկը խլացնում է ճշմարտության ձայնը: Հատկապես կարևորում ենք երկու փաստարկ, առաջինը՝ բռնության կոչ և հոգեբանական հարկադրանք: Նախընտրական քարոզչության ժամանակ մեր կուսակցությունը զբաղված էր իր քարոզչությամբ և արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս օգտագործում է տարբեր արտահայտություններ, որոնք կարող էին ընկալվել որպես բռնության կոչեր: Մենք, տեսնելով, որ մթնոլորտը գնալով շիկանում է, փորձեցինք այս խնդիրը բերել իրավական դաշտ, դիմեցինք ԿԸՀ-ին, հանձնաժողովը քննության առնելով մեր դիմումը որոշեց մերժել այն»,-ասաց Զոհրաբյանն ու հավելեց, որ քաղաքական ուժը դիմել է նաև Վարչական դատարան: Ըստ նրա՝ Փաշինյանի հայտարարությունները, խոսքերը ազդեցություն են գործել հասարակության վրա, առաջին հերթին՝ հանրային ծառայողների վրա: Նա շեշտեց նաև՝ Փաշինյանը չէ, որ պետք է ընտրությունների օրվա մասին հայտարարեր: Զոհրաբյանը խոսեց նաև վարչական ռեսուրսի հնարավոր կիրառման մասին: «Մինչև քարոզչությունը մեկնարկելը վարչապետի լիազորություններն իրականացնող Նիկոլ Փաշինյանը ծառայողական հանդիպումներ է ունեցել մարզերում, որը փաստացի քարոզչություն է եղել, և այդտեղ օգտագործել է վարչական ռեսուրսը: Այսինքն՝ նա գնացել է մարզերում հանդիպումների որպես վարչապետի պաշտոնակատար, բայց տեքստերից էլ ակնհայտ էր, որ նա սկսել է իրականացնել քարոզչություն: Եվ բնական է, որ այս առումով մեծ առավելություն է ձեռք բերել մյուս բոլոր կուսակցությունների նկատմամբ՝ առավել ևս նոր սկսող կուսակցությունների»,-ասաց կուսակցության ներկայացուցիչը: Նա խնդրեց բարձր դատարանից, որ ԱԺ ընտրությունների արդյունքներով ընդունված ԿԸՀ-ի համապատասխան որոշումը և ընտրությունների արդյունքները ճանաչվեն անվավեր: «Մեր կարծիքով՝ այս խախտումները բավարար են, որպեսզի անվավեր ճանաչվի»,-ասաց նա:
18:08 - 10 հուլիսի, 2021
ՍԴ-ն երկրորդ անգամ մերժեց նախագահին որպես վկա հրավիրելու Հրայր Թովմասյանի միջնորդությունը

 |armenpress.am|

ՍԴ-ն երկրորդ անգամ մերժեց նախագահին որպես վկա հրավիրելու Հրայր Թովմասյանի միջնորդությունը |armenpress.am|

armenpress.am:  Սահմանադրական դատարանը խորհրդակցության ֆորմատով քննարկման արդյունքում որոշեց երկրորդ անգամ ևս մերժել ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով ՍԴ նիստին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա հրավիրելու միջնորդությունը, որը ներկայացրել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։ Այս մասին խորհրդակցությունից հետո հայտնեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը: «Թովմասյանի միջնորդությունը՝ ՀՀ նախագահին որպես վկա հրավիրելու և ցուցմունքը լսելու, դատարանը որոշեց մերժել»,-ասաց Դիլանյանը: Թովմասյանի մյուս միջնորդությունը, սակայն, ՍԴ-ն որոշեց բավարարել և Դատական դեպարտամենտից պահանջել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի բովանդակությանը դատական պրակտիկայում տրված մեկնաբանության վերաբերյալ տեղեկատվություն` կցելով համապատասխան դատական ակտերի պատճենները:
12:58 - 10 հուլիսի, 2021
Ներկայացված ոչ բոլոր փաստաթղթերը, տեղեկատվությունը կարող են ունենալ ապացուցողական նշանակություն. Շաթիրյան |armenpress.am|

Ներկայացված ոչ բոլոր փաստաթղթերը, տեղեկատվությունը կարող են ունենալ ապացուցողական նշանակություն. Շաթիրյան |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական դատարանի դատավոր, ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ գործով զեկուցող Էդգար Շաթիրյանը կարծում է, որ դիմողների ներկայացրած առերևույթ խախտումների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը չէ, որ կարող են ունենալ ապացուցողական նշանակություն. բացի այդ, նկատի ունենալով դրանց ծավալը, այդ ամբողջը հնարավոր չէ դարձնել հետազոտման առարկա: Շաթիրյանը նման տեսակետ հայտնեց ՍԴ հուլիսի 9-ի նիստում՝ պատասխանելով դատավոր Հրայր Թովմասյանի հարցին: Թովմասյանը հետաքրքրվեց, թե արդյոք զեկուցողը առանձնացրե՞լ է այն փաստական հանգամանքները, որոնք գործի ելքի համար նշանակություն են ունենալու: Էդգար Շաթիրյանն ասաց, որ այդ հարցն իրեն ևս մտահոգում է արդեն քանի օր: «Եթե անկեղծ ասեմ, հարցի առնչությամբ ունեմ նախնական դիրքորոշում, բայց կարծում եմ՝ այս փուլում չէ, որ պետք է բարձրաձայնեմ»,-ասաց դատավորը: Շաթիրյանը շեշտեց, որ հարցն անկյունաքարային է, պետք է համատեղ քննարկել հակառակ դեպքում չեն կարող առաջ գնալ: «Բոլոր դիմողներն էլ ներկայացրել են իրենց գնահատմամբ առերևույթ խախտումների առնչությամբ համապատասխան ապացույցներ, փաստաթղթեր, տեղեկատվություն, բայց, դրանք բոլորը, ըստ իս, չեն կարող ունենալ ապացուցողական նշանակություն: Նաև նկատի ունենալով դրանց ծավալը՝ հնարավոր չէ այս ամենը դարձնել հետազոտման առարկա»,-ասաց Շաթիրյանը: Հրայր Թովմասյանը նշեց, որ այդ ամենը 15 օրում քննարկելու, կարևորը երկրորդականից տարբերելու անհրաժեշտություն ունեն, և այդ առումով զեկուցողը անելիք ունի: ՍԴ նիստն ընդմիջվեց 1 ժամով՝ մինչև 14:00-ն:
13:34 - 09 հուլիսի, 2021
Շաթիրյանը ներկայացրեց ընտրությունները վիճարկելու գործի շրջանակում ներկայացված էական հանգամանքները |armenpress.am|

Շաթիրյանը ներկայացրեց ընտրությունները վիճարկելու գործի շրջանակում ներկայացված էական հանգամանքները |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական դատարանի դատավոր, 2020 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով զեկուցող Էդգար Շաթիրյանը ներկայացրեց գործի քննության շրջանակում դիմողների կողմից ներկայացված էական հանգամանքները:  ՍԴ հուլիսի 9-ի նիստում Էդգար Շաթիրյանը համառոտ ներկայացրեց դիմողների խնդրանքը, որոնցով, ըստ էության, առաջարկվում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները: «Երկու դաշինքների դիմումներն ընդունվել են քննության, երկու կուսակցությունների դիմումները ընդունվել են քննության՝ մասամբ»,-ասաց դատավորը: Շաթիրյանը համառոտագրել էր, թե համաձայն դիմումների, որոնք են գործի քննության շրջանակներում էական հանգամանքները: «Հայաստան» դաշինքն առանձնացնում է մասնավորապես մեծածավալ վարչական ռեսուրսի, նախընտրական քարոզչության ընթացքում ընտրական գործընթացի հավասարության և ազատության սկզբունքները խաթարող ատելության խոսքի հանգամանքները, ընտրությունների ընթացքում դաշինքի անդամների նկատմամբ քրեական հետապնդման և հարկադրանքի միջոցների անհամաչափ ծավալի միջոցառումների իրականացումը, 23 հազար 790 քաղաքացու ոչ կենսաչափական անձնագրով քվեարկելու հանգամանքը, զորամասում հաշվառված 10933 ընտրողների քվեարկության մասնակցելու հանգամանքը, որոնց ցուցակների ներկայացման, ընտրական տեղամասի կոնկրետ վայրի քվեարկության տվյալները պահվել են գաղտնի: Դաշինքը ներկայացրել է նաև այլ փաստարկներ: «Զարթոնք» ազգային քրիստոնեկան կուսակցությունն առանձնացրել է Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքների՝ ազատության և հավասարության խախտումները, ընտրողների կամքի ազատ ձևավորման և արտահայտման վրա էական ազդեցություն գործադրելը, քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրողներին ուղղորդելը և նրանց կուտակումները, պետական գործառույթների և կուսակցական շահերի միահյուսումը և այլն: «Հայոց հայրենիք» կուսակցության կողմից էական համարվող հանգամանքներ են նշվել նրանք, որ ընտրական գործընթացում չի ապահովվել ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի իրացումը, ընտրության գաղտնիությունը, չի պահպանվել օրենքով սահմանված քվեաթերթիկների ձևը, գործող իշխանության և այլ թեկնածուների կողմից նախընտրական քարոզչության ընթացքում տեղի է ունեցել վարչական ռեսուրսի տոտալ օգտագործում, համատարած բաժանվել է ընտրակաշառք և այլն: «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից  առանձանցված էական հանգամանքներն են՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի են ունեցել այնպիսի հիմնարար խախտումներ, որոնք ազդել են ընտրողի կամքի ձևավորման և արտահայտման ազատության վրա, տեղի են ունեցել ընտրությունների հավասար պայմանների ապահովման սկզբունքի էական խախտումներ, որոնք նախընտրական  քարոզչության ընթացքում դրսևորվել են ընտրություններին մասնակցող թեկնածուների և քաղաքական ուժի լուսաբանման խտրական և ոչ հավասար պայմաններով, ինչպես նաև վարչապետի պաշտոնակատարի կողմից վարչական ռեսուրսի ներգրավմամբ, որի արդյունքում քաղաքական ուժը ստացել է նշանակալի առավելություններ: Դաշինքը շեշտադրումը կատարել է վարչապետի պաշտոնակատարի հրապարակային ելույթներին և այդ շրջանակում, իր գնահատմամբ, ատելության խոսքին: Դիմողն անդրադարձել է նաև ընտրական գործընթացում, իր գնահատմամբ տեղի ունեցած ճնշումներին և ձերբակալություններին:
13:00 - 09 հուլիսի, 2021
Վահե Գրիգորյանը կմասնակցի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցի քննարկմանը |civilnet.am|

Վահե Գրիգորյանը կմասնակցի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցի քննարկմանը |civilnet.am|

civilnet.am: Վահե Գրիգորյանը որպես Սահմանադրական դատարանի դատավոր կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու  հարցով ՍԴ նիստին։ Սահմանադրական դատարանի դատավորները որոշեցին չքննարկել համապատասխան միջնորդությունը, որը ներկայացվել էր «Զարթոնք» կուսակցության և «Հայաստան» դաշինքի կողմից։ Վերջիններս բարձրացրել էին Գրիգորյանի՝ նիստին մասնակցելու անհնարինության հարցը։  Ըստ դատավորների՝ դատաքննության ներկա փուլում նման միջնորդություն լինել չի կարող։ Դատավոր Երվանդ Խունդկարյանի խոսքով՝ նման միջնորդություն կարող է ներկայացնել միայն ՍԴ դատավորներից մեկը, իսկ նման հարց չի քննարկվել. «Մենք չենք կարող ներկա փուլում դատավորի մասնակցության անհնարինության հարց քննարկել»,- ասաց նա։  «Հայաստան» և «Զարթոնք» դաշինքները իրենց միջնորդությամբ նշում էին, որ Վահե Գրիգորյանն ունի կանխակալ վերաբերմունք։ «Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը վկայակոչել էր այն փաստը, որ Մարտի 1-ի գործով Վահե Գրիգորյանը որպես դատավարական հակառակորդ է հանդես եկել Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի ու Սեյրան Օհանյանի դեմ։ Սահմանադրական դատարանը քննում է քաղաքական չորս ուժերի դիմումները, որոնք վիճարկում են հունիսի 20-ի ԱԺ ընտրությունների արդյունքները: Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով ՍԴ են դիմել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները և «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունները։
12:07 - 09 հուլիսի, 2021
Այս ՍԴ-ի նկատմամբ չկա վստահություն․ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը հավաք է անցկացնում ՍԴ-ի դիմաց

Այս ՍԴ-ի նկատմամբ չկա վստահություն․ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը հավաք է անցկացնում ՍԴ-ի դիմաց

Սահմանադրական դատարանում մեկնարկել է  խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Նիստին զուգահեռ ՍԴ-ի առջև հավաք է անցկացնում «Հանուն Հանարապետության» կուսակցությունը։ «Հանուն Հանրապետություն» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՍԴ ներկայացված դիմումներում անհեթեթ հիմնավորումներ են բերված։ «Այս Սահմանադրական դատարանի նկատմամբ չկա վստահություն, որովհետև մի անգամ այս Սահմանդրական դատարանը Քոչարյանին մարտի 1-ի գործով պատասխանատվությունից է ազատել»։ Բաբաջանյանն ընդգծեց, որ իրենց այս հավաքը արվել է ի պաշտպանություն ժողովրդավարության։ «Թեև ընտրությունների արդյունքները և քաղաքական նոր ձևավորված միջավայրը մեզ համար անընդունելի է, բայց սա ժողովրդի կամքն է, ժողովրդի ազատ կամարտահայտության արդյունքն է, և մենք պահանջում ենք նաև դատարանի, նաև քաղաքական մյուս սուբյեկտներին հարգել այս արդյունքը և երկիրը անընդհատ ցնցումների և լարումների մեջ չպահել»։ Հիշեցնենք, որ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «Հայոց Հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները Սահամանդրական դատարան են ներկայացրել ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումներ։ ՍԴ-ն որոշել է միավորել դիմումները, և դրանք քննել այսօրվա նիստի ընթացքում։
11:49 - 09 հուլիսի, 2021