Էմանուել Մակրոն

Էմանուել Մակրոնը (դեկտեմբերի 21, 1977, Ամյեն, Ֆրանսիա) Ֆրանսիայի նախագահն է 2017 թվականից: 2014 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային գործերի նախարար՝ Մանուել Վալսի կառավարությունում: Հրաժարականի դիմում է ներկայացրել 2016թ․ օգոստոսի 30-ին: Անցնելով երկրորդ փուլ՝ հաղթել է նախագահական ընտրություններում։

Երիտասարդ տարիքում Մակրոնը աշխատել է որպես Փարիզի քաղաքապետ Գյորգիս Սարեի օգնական։ Եղել է Սոցիալիստական կուսակցության անդամ 2006-2009թթ․։
 
Մակրոնը հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ 2006 թվականին եւ միացել նրա աշխատակազմին մինչեւ 2010 թվականը։ 2007թ․ Մակրոնը փորձեց մասնակցել Ազգային Ժողովի ընտրություններին Պիկարդիա երկրամասից Սոցիալիստական Կուսակցության անունից, սակայն նրա դիմումը մերժվեց։ 2010-ին նա հնարավորություն է ստացել աշխատել որպես վարչապետ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, սակայն մերժել է առաջարկը։ 2017 թվականի մայիսի 14-ից Ֆրանսիայի նախագահն է։
Ֆրանսիան պահանջել է, որ ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր. Փարիզում կայացել է Փաշինյան - Մակրոն հանդիպումը

Ֆրանսիան պահանջել է, որ ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր. Փարիզում կայացել է Փաշինյան - Մակրոն հանդիպումը

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Դիմավորման արարողությունից հետո, մինչ հանդիպումը, երկու երկրների առաջնորդները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Ֆրանսիայի նախագահն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Տիկնայք և պարոնայք, շատ ուրախ եմ այսօր հյուրընկալել Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին: Վերջին օրերին բազմիցս զրուցել ենք հեռախոսով, քանի որ Հայաստանը կրկին սգում է սեպտեմբերի 13-ի և 14-ի զինված բախումներից, և իրավիճակն իրոք ճգնաժամային է: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել լայնածավալ ռազմական գործողություններ` տալով բազում զոհեր: Թիրախավորվել է Հայաստանի տարածքը, ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Այս անընդունելի իրավիճակի պայմաններում Ֆրանսիան ստանձնել է իր պարտականությունները: ՄԱԿ ԱԽ-ում նախագահող Ֆրանսիան հրավիրեց Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ երկու անգամ` սեպտեմբերի 14-ին և 15-ին, քննարկվեց իրավիճակը: Խորհրդի անդամները պահանջեցին շուտափույթ դադարեցնել ռազմական գործղությունները և հարգել զինադադարը: Հաշվի առնելով, որ կան գրավված դիրքեր` Ֆրանսիան պահանջել է, որպեսզի ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր: Ես հենց սեպտեմբերի 14-ին ասել եմ նախագահ Ալիևին, որ սահմանի` սահմանագծված չլինելու փաստը չի կարող արդարացնել ոչ մի առաջխաղացում մյուս երկրի տարածք: Բացի այդ, ես հստակորեն նշել եմ հենց սեպտեմբերի 13-ից, որ Ֆրանսիան համոզված է` ուժի գործադրումը չի կարող լուծում լինել ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի համար, և հարկ է անհապաղ վերսկսել երկխոսությունը: Չլուծված բոլոր հարցերը, որոնք բազում են, պետք է բացառապես լուծվեն բանակցությունների ճանապարհով: Բանակցությունները տարվում են տարբեր ձևաչափերով, մասնավորապես, ԵՄ հովանու ներքո, և պետք է դրանք վերսկսել: Ես չեմ մոռանում, որ ուղիղ երկու տարի առաջ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, սկսվեց սարսափելի մի պատերազմ, որը մահաբեր դարձավ տարածաշրջանի համար: Այն հանգեցրեց փաստացի նոր իրավիճակի` տարածաշրջանում ռուսական բանակի ընդլայնված ներկայությամբ: Եվ ես խստորեն դատապարտում եմ այն, ինչ տեղի է ունեցել վերջին օրերին և խաղաղության ու բանակցությունները վերսկսելու կոչ եմ անում: Ցանկանում եմ ողջունել վարչապետ Փաշինյանի խիզախությունը, ով նոր մոտեցում է առաջարկել տարածաշրջանի ապագայի վերաբերյալ: Նախագահ Ալիևը, ում հետ մոտակա ժամերին կզրուցեմ, նշում է, որ նույնպես ցանկանում է վերջ դնել տարածաշրջանում անկայունությանը և գտնել լուծումներ: Սակայն անհնար է կառուցել խաղաղություն` ուժի գործադրման սպառնալիքի ներքո: Այդ իսկ պատճառով Ֆրանսիան ամեն ինչ կանի, հետամուտ կլինի իր նպատակին` այն է` կայուն, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկաս: Մի քանի րոպեից վարչապետ Փաշինյանի հետ կանրադառնանք տեղում իրավիճակին, ինչպես նաև, թե ինչպես ամրապնդել զինադադարը նոր էսկալացիայից խուսափելու համար և վերսկսել բանակցությունները: Կարծարծենք նաև մի շարք հարցեր` տեսնելու, թե ինչպես Ֆրանսիան Եվրամիության և մյուս գործընկերների հետ կարող է նպաստել կայուն խաղաղությանը: Խոսքս վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիային, մենք խոսեցինք այդ մասին նաև Բրյուսելում: Կքննարկենք նաև ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի գործողությունները: Գիտեմ, որ վարչապետը կարևոր հանդիպումներ է ունեցել Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակում: Կարող ենք այդ մասին նույնպես զրուցել: Կանդրադառնանք նաև շատ կարևոր մի հարցի` Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման խնդրին: Սա դժվար, բայց շատ անհրաժեշտ գործընթաց է, և գիտեք, որ Ֆրանսիան այս հարցում նույնպես ստանձնում է պարտավորություններ: Այս գործընթացը խիստ էական է տարածաշրջանի համար: Ի վերջո, մենք նաև կքննարկենք երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, Նյու Յորք այցից հետո Փարիզ գալու համար, որպեսզի կարողանանք խոսել, քննարկել հարցեր: Եվս մեկ անգամ ընդգծում եմ Ֆրանսիայի հանձնառությունը` Ձեր երկրի և ողջ տարածաշրջանի համար խաղաղության և կայունության հասնելու գործում: Ողջունում եմ Ձեր պատասխանատվության զգացումը և Ձեր դիրքորոշումը` ամեն ինչ անելու, որպեսզի խաղաղություն հաստատվի: Ցանկանում եմ, որպեսզի Ձեր երկիրն ունենա հանգիստ և խաղաղ սահմաններ: Շնորհակալություն»: Իր հերթին` վարչապետ Փաշինյանը նշել է. «Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո նախագահ, Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հրավերի և ջերմ ընդունելության համար: Նման հանդիպումները հնարավորություն են տալիս էլ ավելի արդյունավետ դարձնել Ֆրանսիայի և Հայաստանի առանձնաշնորհյալ հարաբերությունները: Կարծում եմ, ինչպես արդեն նշեցիք, պարոն նախագահ, այսօր ավելի շատ կկենտրոնանանք միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի վրա: Ֆրանսիան նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որի օրակարգում նաև Ֆրանսիայի ու անձամբ նախագահ Մակրոնի աջակցությամբ ընդգրկվեց Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հերթական ագրեսիայի թեման: Տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում, և հարցը շարունակում է մնալ Անվտանգության խորհրդի օրակարգում: 2021 թվականի մայիսի 12-ի և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ: Այդ թեմային մանրամասն անդրադարձել եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին իմ ունեցած ելույթում: Ընդգծեմ, որ մեր դիրքորոշումը միանշանակ է՝ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, և ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիային, անձամբ նախագահ Մակրոնին` այս դիրքորոշումն արձանագրելու համար: Ուզում եմ միջազգային մեր գործընկերների և մեծարգո նախագահ նաև Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա. այն շահարկումները, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ճշգրիտ սահման չկա, քանի որ սահմանը դեմարկացված և դելիմիտացված չէ, իրականության հետ կապ չունեն: Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները երկու երկրների անկախության առաջին ամիսներին դարձել են պետական սահմաններ, քանի որ թե՛ Հայաստանը, և թե՛ Ադրբեջանը ստորագրել և վավերացրել են Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագիրը: Ընդ որում, երկու երկրներն էլ մինչև այս պահը հանդիսանում են ԱՊՀ անդամ: Ուզում եմ ընդգծել, որ այդ համաձայնագրի անբաժանելի մաս է, որ ադմինիստրատիվ սահմանները, գոյություն ունեցող սահմաններն, ըստ էության, դառնում են պետական սահման, և համաձայնագրին միացած երկրները ճանաչում են այդ սահմանները: Սա նշանակում է, որ Ադրբեջանի գործողություններն այլ կերպ, քան գիտակցված ագրեսիա, չի կարելի գնահատել: Ադրբեջանական օկուպացիայի հետևանքով մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Կարծում եմ՝ միջազգային դիտորդական առաքելության գործուղումն ադրբեջանական օկուպացիայի հետևանքով տուժած շրջաններ և սահմանային գոտի կօգնի, որ միջազգային հանրությունն ուղիղ և ոչ թե միջնորդավորված տեղեկություններ ստանա: Համզոված եմ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույնպես հարցը պետք է շարունակի պահել ուշադրության կենտրոնում, և այս հարցով ակնկալում եմ նախագահող երկրի աջակցությունը: Գալով երկարաժամկետ լուծումներին, կարծում եմ՝ անհրաժեշտ է 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրով վերահաստատված սահմանների փոխադարձ ճանաչմամբ գնալ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Հայաստանը պատրաստ է տարածաշրջանի կոմունիկացիաների բացմանը և նոր կոմունիկացիաների կառուցմանը` համաձայն այն երկրների ազգային օրենսդրության, որոնց տարածքով դրանք անցնում են: Կարևորում ենք նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն և անվտանգությունը: Կարծում եմ՝ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ քննարկումների մեկնարկը կարող է օգտակար լինել: Այս համատեքստում պիտի ընդգծեմ Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Մեծարգո նախագահ, հարգելի լրագրողներ, գործընկերներ, շնորհակալ եմ»:
21:54 - 26 սեպտեմբերի, 2022
Մակրոնը կոչ է անում վերադառնալ բանակցություններին
 |1lurer.am|

Մակրոնը կոչ է անում վերադառնալ բանակցություններին |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիան Հայաստանին ու Ադրբեջանին լարվածության թուլացման և բանակցությունների վերսկսման կոչ է անում: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից առաջ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Սահմանին իրավիճակը շարունակում է մնալ շատ վտանգավոր»,- կարծում է նախագահ Մակրոնը:  Նա ընդգծել է` Փարիզը համոզված է, որ ուժի կիրառումը չի կարող խնդրի լուծում դառնալ կողմերից ոչ մեկի համար, և որ երկխոսությունը պետք է անհապաղ վերսկսվի: Մակրոնը կրկին շեշտել է` բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես բանակցությունների միջոցով: «Ես հանդարտության և բանակցությունների վերսկսման կոչ եմ անում»,- ասել է նա:  Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի հետ Փարիզում քննարկելու է հրադադարի ռեժիմի ամրապնդումը` Հայաստանի ու Ադրբեջանի միջև իրավիճակի նոր սրումից խուսափելու համար: Մակրոնը նաև հայտնել է, որ առաջիկա ժամերին զրույց կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
21:31 - 26 սեպտեմբերի, 2022
Էմանուել Մակրոնը Հայաստանի անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վահագն Խաչատուրյանին

Էմանուել Մակրոնը Հայաստանի անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վահագն Խաչատուրյանին

Ֆրանսիայի նախագահը Էմանուել Մակրոն շնորհավորական ուղերձ է հղել Վահագն Խաչատուրյանին․   «Թանկագի՛ն պարոն Նախագահ,   Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ հղում եմ Ձեզ, ինչպես նաև բարեկամ հայ ժողովրդին, խաղաղության, երջանկության և բարգավաճման բարեմաղթանքներս։   ​Մեր երկու երկրների միջև բարեկամությունը հին է և ամուր։ Մենք օրինակելի համագործակցություն ենք զարգացնում բոլոր ոլորտներում, մասնավորապես, նկատի ունեմ մեր կողմից ընդունված երկկողմ տնտեսական ճանապարհային քարտեզը և մարտի 9-ին Փարիզում կայացած «Հավակնություններ՝ Ֆրանսիա-Հայաստան» միջոցառումը, որը միավորեց տեղական իշխանություններին, քաղաքացիական հասարակությանը և տնտեսական դերակատարներին՝ մշակելու նոր նախագծեր։ Ավելին, գիտեք՝ Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի լիակատար աջակցությանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իր ջանքերում։   ​Ֆրանսիան հաստատակամ է շարունակել իր գործունեությունը՝ հօգուտ ձեր տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարգավաճման։ Ֆրանսիան վճռականորեն օժանդակում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող հարցերի կարգավորմանը։ Ֆրանսիան իր աջակցությունն է ցուցաբերում ի նպաստ Եվրամիության ջանքերի՝ առաջ մղելու կողմերի միջև երկխոսությունը՝ միաժամանակ մնալով լիովին հանձնառու Մինսկի խմբի համանախագահի իր դերում։ Այս առումով կարող եք ապավինել իմ անձնական հանձնառությանը՝ ի շահ մեր ժողովուրդների։   ​Հաճեցեք ընդունել, պարոն Նախագահ, խորին հարգանացս հավաստիքը»։
12:56 - 21 սեպտեմբերի, 2022
Մակրոնը ՀՀ վարչապետի հետ զրույցում վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը

Մակրոնը ՀՀ վարչապետի հետ զրույցում վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած սահմանին հարաբերական հանգիստ է՝ իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված: Էմանուել Մակրոնը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ դիմումի շուրջ քննարկումներին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է տեղի ունեցողի վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
10:50 - 16 սեպտեմբերի, 2022
Մակրոնը Ալիեւին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել հրադադարը |hetq.am|

Մակրոնը Ալիեւին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել հրադադարը |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս երեքշաբթի՝ սեպտեմբերի 13-ին, հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ելիսեյան պալատի հաղորմամբ՝  Մակրոնն իր խորը մտահոգությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք հանգեցրել են հայկական բնակավայրերի հրետակոծման։ «Նա նախագահ Ալիեւին ասաց ռազմական գործողությունները դադարեցնելու և հրադադարը պահպանելու հրատապության մասին: Մակրոնը պնդել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային ջանքերը շարունակելու և ակտիվացնելու անհրաժեշտությունը և հիշեցրել իր եւ բոլոր գործընկերների, մասնավորապես՝ Եվրամիության պատրաստակամության մասին՝ համատեղ նպաստելու բանակցություններին»,- ասված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Էմանուել Մակրոնը զրուցել է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Իսկ վաղը Ֆրանսիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի ԱԽ նիստ կգումարվի։ 
02:00 - 14 սեպտեմբերի, 2022
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ․ վերջինս անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ․ վերջինս անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  «ՀՀ վարչապետը հայտնել է, որ Ադրբեջանը կեսգիշերից սադրիչ և ագրեսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ սահմանի տարբեր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը: Նախագահ Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհնաժեշտությունը», - ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ կեսգիշերն անց ՀՀ ՊՆ-ն հայտարարեց՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: 
03:27 - 13 սեպտեմբերի, 2022
Պուտինն ու Մակրոնը քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության հարցերը |shantnews.am|

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության հարցերը |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության ապահովման հարցերը։ Այս մասին սեպտեմբերի 11-ին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։ «Մտքերի մանրամասն և անկեղծ փոխանակում է տեղի ունեցել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ՝ կենտրոնանալով Զապորոժիեի ատոմակայանի  անվտանգության ապահովման հարցին։ Ռուսական կողմից ուշադրություն է հրավիրվել ուկրաինական կողմի ԱԷԿ-ի՝ օբյեկտների վրա հարձակումներին, ներառյալ ռադիոակտիվ թափոնների պահեստավորման օբյեկտի, որը հղի է աղետալի հետևանքներով»,- ասվում է հաղորդագրությունում։ Նշվում է, որ Պուտինը Մակրոնին տեղեկացրել է ատոմակայանի ֆիզիկական պաշտպանությունն ապահովելու համար Ռուսաստանի ձեռնարկած միջոցների մասին և մատնանշել է Կիևի իշխանությունների վրա ազդելու անհրաժեշտությունը՝ կայանի հրթիռակոծումը դադարեցնելու համար։ Զրույցի ընթացքում կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնակցությամբ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ չքաղաքականացված փոխգործակցության համար։ «Վլադիմիր Պուտինն ընդգծել է նաև, որ Ուկրաինայի անվտանգության ուժերը, օգտագործելով արևմտյան երկրներից մատակարարվող զենքերը, շարունակում են Դոնբասի քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքի զանգվածային գնդակոծությունները, ինչի հետևանքով տուժում են խաղաղ բնակիչները»,- հավելել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Պուտինն ու Մակրոնը քննարկել են նաև պարենային անվտանգությանն առնչվող հարցերը և վերահաստատել են այն դիրքորոշումը, որ արտահանվող հացահատիկը պետք է հասնի զարգացող երկրներ։ Կրեմլում ընդգծել են, որ կարևոր է, որ Եվրահանձնաժողովը խոչընդոտներ չստեղծի Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի ու Լատինական Ամերիկայի շուկաներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի մատակարարման համար։ Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը տարբեր մակարդակներում բարձրացված բոլոր հարցերի շուրջ, այդ թվում՝ նախարարների։
18:47 - 11 սեպտեմբերի, 2022
Պուտինը և Մակրոնը քննարկել են պարենային գործարքը և իրավիճակը Զապորոժիեի ԱԷԿ-ում
 |1lurer.am|

Պուտինը և Մակրոնը քննարկել են պարենային գործարքը և իրավիճակը Զապորոժիեի ԱԷԿ-ում |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը, հաղորդում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ «Քննարկվել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր կողմեր։ Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, ընդգծել է, որ ուկրաինացի զինվորականների կողմից Զապորոժիեի ատոմակայանի տարածքի համակարգված գնդակոծությունը ստեղծում է լայնածավալ աղետի վտանգ, որը կարող է հանգեցնել հսկայական տարածքների ռադիացիոն աղտոտման»,- ասվում է զեկույցում։ Ըստ մամուլի ծառայության՝ «նախագահները նշել են հնարավորինս շուտ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելություն ատոմակայան ուղարկելու կարևորությունը, որը հնարավորություն կունենա տեղում գնահատելու իրական իրավիճակը: Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը գործակալության տեսուչներին տրամադրել անհրաժեշտ աջակցություն»։ Վլադիմիր Պուտինը նաև հիշեցրել է ՄԱԿ-ի քարտուղարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փորձագետների հրավերի մասին՝ այցելելու Ելենովկայի քննչական մեկուսարան, որտեղ, ըստ ռուսական կողմի, մեծ թվով ուկրաինացի ռազմագերիներ են մահացել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով։ ՌԴ նախագահն իր ֆրանսիացի գործընկերոջը տեղեկացրել է հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրված «փաթեթային» գործարքի իրականացման մասին, որը վերաբերում է սևծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի և համաշխարհային շուկաներ ռուսական պարենամթերքի ու պարարտանյութերի արտահանմանը։ «Վլադիմիր Պուտինն ուշադրություն է հրավիրվել այն փաստի վրա, որ ռուսական արտահանումների համար դեռևս կան խոչընդոտներ, ինչը չի նպաստում համաշխարհային պարենային անվտանգության ապահովման խնդիրների լուծմանը»,- հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են շարունակել շփումները բարձրացված և այլ հարցերի շուրջ։
20:19 - 19 օգոստոսի, 2022
Ֆրանսիան պատրաստ է աջակցել երկու երկրների միջև երկխոսության շարունակմանը. Մակրոնն ու Ալիևը քննարկել են իրավիճակն Արցախում
 |tert.am|

Ֆրանսիան պատրաստ է աջակցել երկու երկրների միջև երկխոսության շարունակմանը. Մակրոնն ու Ալիևը քննարկել են իրավիճակն Արցախում |tert.am|

tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում Մակրոնը մտահոգություն է հայտնել վերջին օրերին տարածաշրջանում տիրող լարվածության կապակցությամբ, նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակման կարևորությունը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների կատարումը։Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել երկու երկրների միջև երկխոսության շարունակմանը, հաղորդում է Ալիևի մամուլի ծառայությունը։Մինչդեռ Ալիևը նշել է «Ադրբեջանի տարածքից» (չակերտները՝ խմբ․) Հայաստանի զինված ուժերի և հայկական «անօրինական զորամիավորումների» (չակերտները՝ խմբ․) տարրերի դուրսբերումն ապահովելու անհրաժեշտությունը։ Ըստ Ալիևի՝ հայկական կողմը դա դեռ չի ապահովել, ինչն իր հերթին պաշտոնական Երևանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների խախտում է:Նա նաև ընդգծել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում, Եռակողմ հայտարարության դրույթների համաձայն, որոշվել է Լաչինի միջանցքին այլընտրանքային նոր ճանապարհի երթուղին, և ադրբեջանական կողմն ավարտում է այս ճանապարհի շինարարությունը։ Աշխատանքներն ավարտվելուն պես, 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համաձայն, նախատեսվում է այդ ճանապարհին վերաբաշխել ռուսական խաղաղապահ ուժերը։
10:10 - 05 օգոստոսի, 2022
Ալիևը վստահեցրել է Մակրոնին, թե Ադրբեջանը ցանկանում է ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիր կնքել
 |factor.am|

Ալիևը վստահեցրել է Մակրոնին, թե Ադրբեջանը ցանկանում է ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիր կնքել |factor.am|

factor.am: «Աշխարհաքաղաքական նոր իրողությունը, որը ձևավորվել է Հարավային Կովկասում, պարարտ հող է ստեղծել կայուն խաղաղության և տարածաշրջանային տնտեսական համագործակցության համար», – ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ այս մասին, մասնավորապես, ասված է Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին ուղղված շնորհավորական նամակում։ «Ադրբեջանը, վերջ տալով իր հողերի 30-ամյա օկուպացիային, մտադիր է շրջել պատերազմի էջը, կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և ստորագրել խաղաղության պայմանագիր։ Մենք հավատում ենք, որ Ֆրանսիան արժեքավոր ներդրում կունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացում՝ մեր ներկայացրած հինգ սկզբունքների հիման վրա՝ հենվելով միջազգային իրավունքի վրա» – ասված է  Ալիևի ուղերձում։
15:38 - 14 հուլիսի, 2022
Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի դերը ԼՂ հիմնախնդրի գործընթացում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի դերը ԼՂ հիմնախնդրի գործընթացում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Նամակում, մասնավորապես, նշված է. «Մեծարգո պարոն նախագահ,  թանկագին Էմանուել, Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ՝ խաղաղության, զարգացման և բարգավաճման լավագույն մաղթանքներ հղելով բարեկամ ու եղբայրական Ֆրանսիային և ֆրանսիացի ժողովրդին։  Ազգային միասնության այս օրը՝ հուլիսի 14-ը, լավագույնս է խորհրդանշում Ֆրանսիայի ու ֆրանսիացիների անցած բարդ ու փորձություններով լի ճանապարհը՝ հանուն արդարության և համամարդկային արժեքների հաղթանակի, հանուն արժանապատիվ և լուսավոր ապագայի։ Մենք բարձր են գնահատում Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ բարեկամությունը՝ հիմնված հազարամյակի պատմություն ունեցող հայ-ֆրանսիական հարուստ շփումների, ինչպես նաև քաղաքակրթական ու արժեքային ամուր հիմքի վրա։ Ուրախ ենք արձանագրել, որ հայ-ֆրանսիական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը զուգահեռ գործուն քայլեր են ձեռնարկվում Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական կապերի ամրապնդման ու զարգացման ուղղությամբ։ Այս համատեքստում հատկապես կարևորում ենք նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված՝ Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թվականների ճանապարհային քարտեզի դրույթների հետևողական իրականացումը, ինչպես նաև այս տարվա մարտ ամսին Ձեր նախաձեռնությամբ կազմակերպված «Հավակնություններ. Հայաստան-Ֆրանսիա» համաժողովի գրանցած հաջողության շարունակականության ապահովումը։ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերը և ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման և արդարացի լուծման գործընթացում։ Այս կապակցությամբ վերահաստատում եմ Հայաստանի վճռական հանձնառությունը՝ հասնել հիմնահարցի խաղաղ ու տևական կարգավորմանը։ Մեծարգո նախագահ, Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ Ձեզ Եվրոպական միությունում Ֆրանսիայի նախագահությունը պատվով իրականացնելու ու հաջողությամբ ավարտին հասցնելու կապակցությամբ։ Վստահ եմ՝ Ֆրանսիան ապագայում ևս կշարունակի կարևոր դերակատարում ունենալ աշխարհաքաղաքական ցնցումներով լի այս դժվարին ժամանակաշրջանում ի հայտ եկած բոլոր մարտահրավերների հաղթահարման հարցում՝ հօգուտ միջազգային համերաշխության ու համընդհանուր բարօրության։ Վերստին շնորհավորելով Ֆրանսիայի համար այս նվիրական տոնի առթիվ՝ վերահաստատում եմ իմ և հայ ժողովրդի ցանկությունը առաջիկայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում՝ պետական այցով: Ջերմորեն՝     Նիկոլ Փաշինյան»:  
11:06 - 14 հուլիսի, 2022
Մակրոնի դաշինքը Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում առաջատարն է ձայների 38,57 տոկոսով
 |tert.am|

Մակրոնի դաշինքը Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում առաջատարն է ձայների 38,57 տոկոսով |tert.am|

tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Միասի՛ն» (Ensemble!) դաշինքը երկրի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում քվեաթերթիկների 100 տոկոսի մշակումից հետո ստացել է ձայների 38,57 տոկոսը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությանը հղումով։ Ժան Լյուկ Մելանշոնի «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միություն» (Nupes) ձախակողմյան դաշինքն ստացել է ձայների 31,6 տոկոսը, Մարին Լե Պենի «Ազգային միավորում» ծայրահեղ աջակողմյան կուսակցությունը՝ 17,3 տոկոսը, իսկ «Հանրապետականները»՝ 6,98 տոկոսը։ Այսպիսով՝ ընտրությունների արդյունքները փաստում են, որ Մակրոնի դաշինքը չի ստացել Ազգային ժողովում մանդատների բացարձակ մեծամասնությունը։ ՆԳՆ-ի տվյալներով՝ «Միասի՛ն» դաշինքը ստանալու է 245 մանդատ, իսկ «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միություն»-ը՝ 131։ «Ազգային միավորում» կուսակցությունն ու «Հանրապետականները» ստանալու են 89 և 61 մանդատ համապատասխանաբար։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
10:10 - 20 հունիսի, 2022