Անդրանիկ Քոչարյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Ծնվել է 1961թ. մայիսի 3-ին։ 1983թ. ավարտել է Երեւանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետի ավտոմատ կառավարման համակարգեր բաժինը, 2000թ.՝ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 

1983-1990թթ. աշխատել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ճարտարագետ: 1990-1991թթ. եղել է ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1991-1995թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 1994-1996թթ. եղել է Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչ: 1999-2000թթ. աշխատել է ՀՀ վարչապետի խորհրդական՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ կադրային քաղաքականության հարցերով:

2000-2005թթ. եղել է «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» ՀԿ-ի ազգային անվտանգության եւ պաշտպանության գծով անկախ փորձագետ, 2008-2009թթ., 2008թ.՝ մարտի 1-ի իրադարձությունները քննող փաստահավաք խմբի անդամ, փորձագետ: 2012 թ․-ից «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահն է:

1995-1999թթ. եղել է ԱԺ պատգամավոր: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:

2019-2021թթ. եղել է ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): 

 

Հրադադարի պահպանման համար Ռուսաստանը ևս պատասխանատվություն է կրում․ Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

Հրադադարի պահպանման համար Ռուսաստանը ևս պատասխանատվություն է կրում․ Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

azatutyun.am: Հավերժ պատերազմական իրողությունների մեջ պահել պետությունները սահմանային դիրքերում հնարավոր չէ, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց 8-րդ գումարման Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ շեշտելով՝ եթե հրադադարի ռեժիմ է հայտարարված, պետք է այդ ռեժիմի հետ կապված բոլոր գործողությունները դառնան իրականություն։ Կառավարության վերջին նիստի ժամանակ, հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում, և սպասում է կոնկրետ առաջարկների։ Վարչապետն առաջարկում է, որ շարունակեն խոսել, իսկ խոսելու ընթացքում գտնել այն լուծումները, որոնք կրակոցներով գտնել երբեք հնարավոր չի լինելու՝ ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը՝ շեշտելով՝ հրադադարի պահպանման համար պատասխանատվություն է կրում նաև երրորդ կողմը՝ Ռուսաստանը։ Քոչարյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․ «Ազատություն»․ - Վարչապետն իր ստացած մանդատը բնութագրում է իբրև խաղաղության մանդատ, բայց ի՞նչ անել այդ մանդատի հետ, եթե հակառակորդը համաձայն չէ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի մտադրության հետ։ Անդրանիկ Քոչարյան․ - Հետպատերազմյան մեր թերությունները վերացնել, երկրում ձևավորել ներդաշնակ կառավարում, հստակեցնել մեր նպատակները։ Կառավարության ծրագիրը շուտով կբերվի և այդ ծրագրի շուրջ միասնական պետք է մենք իրականացնենք գործողություններ, որը որ հակառակորդին տեսանելի կլինի, որ խաղաղությանն այլընտրանք գոյություն չունի։ «Ազատություն»․ - Այս վերջին մի քանի օրվա ընթացքում, պարոն Քոչարյան, Պաշտպանության նախարարության հայտարարություններում ավելի հաճախ է հաղորդվում ադրբեջանական ուժերի կողմից հրաձգությունը լռեցնելու մասին խոստումներ, իսկ նախարար Արշակ Կարապետյանը հայտարարում է, թե չի համակերպվելու պետական սահմանի խախտումների հետ, բանակը պատասխան գործողությունների է դիմելու։ Ի՞նչ է սա, նոր նախարարն ավելի մարտակա՞ն է տրամադրված, թե՞՝ Հայաստանն է ավելի կոշտացրել իր դիրքորշումն, իր արձագանքները, կարո՞ղ եք մեկնաբանել այս հարցը, պարոն Քոչարյան։ Անդրանիկ Քոչարյան․ - Ես կարող եմ ասել, որ նախարարը, իր պարտականություններից ելնելով, հստակ ձևակերպումներ է տալիս, որ կրակոցները կպատասխանվեն կրակոցով, դիրքային փոփոխությունները, որոնք կարող է առնչվեն Հայաստանի պետական սահմանին անպատասխան չեն մնա և, բնականաբար, բանակը պետք է մշտապես պատրաստ լինի այդ գործողություններով, պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմամբ, ավելի էֆեկտիվ գործողություններ իրականացնելու։ Ավելին՝ azatutyun.am-ում Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․  
12:35 - 16 օգոստոսի, 2021
44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը պետք է ունենա լայն լեգիտիմությամբ օժտված հնարավորություններ․ Անդրանիկ Քոչարյան

44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը պետք է ունենա լայն լեգիտիմությամբ օժտված հնարավորություններ․ Անդրանիկ Քոչարյան

Ես ուզում եմ ելույթս սկսել Արամ Վարդևանյանի վերջին խոսքից, որտեղ պարոն Վարդևանյանը Ազգային ժողովում հանդես եկավ որպես Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, բայց նաև սկսեց այն դրվագներից՝ կերտելով Ռոբերտ քոչարյանի կենսագրության նոր դրվագներ, Շուշիի գրավմանը մասնակից լինելու դրվագներ։ Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Նշենք, որ իր ելույթում այսօր «Հայաստան» խմբակցության պատագմավոր Արամ Վարդևանյաննը անդրադարձել է Արցախյան առաջին պատերազմի ընթացքում Շուշիի գրավմանը։ «Ձեզանից շատերը պարում էին Շուշիում (դիմելով ՔՊ խմբակցությունը - խմբ․), Շուշիի գրավման պատմությունը շատ լավ վերընթերցեք, շատ լավ վերընթերցեք պատմությունը, թե ովքեր են ազատագրել Շուշին։ Շուշիի ազատագրման կոնկրետ մարտական գործողությունն էլ ուսումնասիրեք, թե ովքեր են մասնակցել, ուսումնասիրեք դրանում թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սեյրան Օհանյանի մասնակցությունը։ Անդրանիկ Քոչարյանն իր խոսքում ասում է, թե Արցախյան առաջին պատերազմի ընթացքում եղել է շրջան, որտեղ վիճակը բարդ է եղել, նույնիսկ նահանջ է եղել, բայց մենք հաղթել ենք։ Ճիշտ է ասում պարոն Քոչարյանը, ուղղակի պարոն Քոչարյանը, քաղաքական հայացքներով  կաշկանդվածությամբ պայմանավորված, ամբողջ ճշմարտությունը չի ասում, օրինակ չի ասում՝ Արցախում այդ ժամանակ ինչ էր կատարվում, չի ասում, որ Արցախում այդ ժամանակ ձևավորվել էր Պետական պաշտպանության կոմիտե։ Չի ուզում ասել, որ ՊՊԿ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, ով, փաստացի լինելով Արցախի ղեկավարը, մասնակցում էր Շուշիի ազատագրման օպերացիային»։ «Եթե այդպես է, պարոն Վարդևանյանը գուցե հիշեցներ, թե որ ջոկատի կամ որ ստորաբաժանման շրջանակներում է մասնակցել, որովհետև այդ ժամանակ Պետական պահպանության կոմիտեն դեռ ձևավորված չէր և շատ ավելի ուշ է ձևավորվել և այլ հանգամանքներում։ Եթե խնդիր է դրված անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի կերպարին, միգուցե սկսենք շատ ավելի վաղ շրջանից, երբ ինքը Հայոց համազգային շարժման անդամ էր և պատգամավոր էր ընտրվել ՀՀՇ կողմից, Լոռիից։ Հիմա չեմ ուզում շարունակել պարոն Վարդևանյանի մեղադրանքները՝ մարտի 1, 0038 հրաման, պարզվում է կա ևս մեկ հրաման (00038. խմբ․), բայց պարոն Վարդևանյանը գուցե պետք է նշեր, որ մարտի մեկը դեռ բացահայտված չէ նաև իրենց փաստաբանական խմբի ջանքերով և այդ հատորները մնացին մեր ժողովրդին անհասանելի, հեռու պահեցին։ Գնացին ՍԴ, իրենց սիրելի Հրայր Թովմասյանի և մյուսիների աջակցությամբ կարողացան 300․1 հրամանը հանել, ոնց որ թե այդ սահմանադրական փոփոխությունը չէր արվել Դավիթ Հարությունյանի և Հրայր Թովմասյանի կողմից՝ Սահմանադրական փոփոխությունների շրջանակում։ Հիմա ինչ, այն ժամանակ պետք էր, հետո ոչ, որովհետև Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության խնդիր կար»,- ասաց նա և հավելեց, որ Մարտի մեկի գործընթացներին այնուամենայնիվ նորից անդրադառնալու են գուցե այլ դրվագներով, և որ այդ գործի մեջ նաև այլ մեղադրվողներ կան՝ նշելով Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի, Միքայել Հարությունյանի անունները։ Այնուհետև Քոչարյանը իր խոսքով դիմեց Միքայել Հարությունյանին և Վիգեն Սարգսյանին՝ նրանց կոչ անելով վերադառնակ Հայաստան․ «Վիգեն Սարգսյա՛ն, վերադարձի՛ր տուն, որովհետև քո 1000 դրամների ծրագիրը ոնց որ թե նկարագրվեց, որ քո գրպանից է տրվում, ոչ թե ժողովուրդն է հավաքում։ Միքայել Հարությունյա՛ն, տո՛ւն վերադարձեք, Դուք պաշտպանության նախարար եք եղել, նախարարները պետք է օտարության մեջ չլինեն, պետք է գան, որովհետև իրենք զբաղեցրել են էնպիսի պաշտոններ, որոնք տնօրինում են շատ մեծ գաղտնիքների և գաղտնիության ժամանակաշրջանն ավարտված չէ»։ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ելույթին, որում վերջինս նշում էր, որ չորս օր հետո պատերազմը պետք է կանգներ։ Քոչարյանը արձագանքեց, որ ԳՇ-ի և ՊՆ-ի խնդիրը ոչ թե օր առաջ մարտերը կանգնացնելն է, որովհետև մարտերը մենք չենք սկսել և մենք չենք տնօրինում այդ հարձակողական տրամաբանությունը, ԳՇ-ն պետք է կառավարեր այդ գործողությունները։ «Ես նշեցի, որ նախկինում մենք ունեցել ենք ավելի ծանր պահեր, բայց հաղթահարել ենք դա, որովհետև այդպիսի խնդիր չի դրվել մեր զինվորականության կողմից՝ կանգնեք, էլ չենք կարողանում կռվել, որովհետեև սպառազինությունը ավարտվում է, մեկ օրվա սպառազինություն ենք ունեցել, մադիկ գնացել են նույնիսկ հարևան հանրապետություն՝ մի բուռ փամփուշտի համար, բայց խնդիրը դրա մեջ չի եղել, նպատակն իրացվել է։ Այս պատերազմի ընթացքում քննարկումները՝ կանգնելու, չկանգնելու հնարավորությունների մասին ԱԽ շրջանակներում իրականացվել է նաև Նիկոլ Փաշինյանի կողմից՝ արտախորհրդարանական ուժերի, խորհրդարանական ընդդիմության, լայն քաղաքացիական հասարակության հետ։ Գերտերություններն ուզում էին կանգնեցնել, կանգնեցրի՞ն, որովհետև հակառակորդը իր առավելությունները ֆիքսել էր։ Դրա համար 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը պետք է ունենա լայն լեգիտիմությամբ օժտված հնարավորություններ։ Եթե շարժվենք կանոնակարգ օրենքով դա նույն ձևաչափը պետք է լինի, ընդլայնված կազմով, և պետք է իրականացնի միայն Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը»,- ընդգծեց պատգամավորը։ Ամփոփելով իր եզրափակիչ ելույթը հանձնաժողովի նախագահը նշեց, որ խորհրդարանական վերահսկողության մասով՝ հանձնաժողովի լավագույն օրինակը իրականացրել է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի շրջանակում՝ ԶՈՒ նկատմամաբ վերահսկողություն իրականցնելու առումով․ «Պարոն Գեղամ Մանուկյանը շատ բոցաշունչ ելույթ ունեցավ, ես ընկալում եմ նրա ելույթի բովանդակային մասը, որովհետև նա 90-ականներից եղել է ՀՀԴ անդամ և նույնիսկ դատապարտվել է Դրոյի գործով և ազատվել է Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստան գալուց հետո հանգամանքների բերումով։ Այդպես շատերը, բայց ես չեմ ուզում անդրադառնալ այդ գործերին, ուզում եմ առաջ նայենք և դրա համար ես ուզում եմ հիշեցնել, որ իմ ծրագրային ելույթում կային ազգային անվտանգությանը վերաբերող, հայեցակարգային դրույթներ կային, որոնց չանդրադարձանք։ Մենք շարունակում ենք նախընտրական քարոզարշավը, մենք հիմա պետք է ձևավորենք հանձնաժողովներ, որոնք պետք է շարունակեն աշխատանքը պարլամենտում»։
12:26 - 10 օգոստոսի, 2021
Արփինե Դավոյանը տեղին չի համարում ԱԺ պաշտպանության հանձնաժողովին ուղղված քննադատությունը |armenpress.am|

Արփինե Դավոյանը տեղին չի համարում ԱԺ պաշտպանության հանձնաժողովին ուղղված քննադատությունը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին ուղղված քննադատություններ տեղին չի համարում: Խորհրդարանում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Անդրանիկ Քոչարյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում Արփինե Դավոյանը նշեց, որ քննադատողների մեծ մասը տեղյակ չէ, թե Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովն ամբողջ կազմով և Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ ինչ գործունեությամբ է զբաղվել անցած 2.5 տարվա ընթացքում: «Դա պատճառը մեկն է: Մեր հարգելի գործընկերները ԱԺ գործունեության մասին տեղյակ են այնքանով, որքանով, որ մամուլում տեղ են գտել տարատեսակ հրապարակումներ՝ անձնական դիրքորոշումներով, որոնք կապ չեն ունեցել հանձնաժողովի աշխատանքների հետ: Մեր գործընկերները շատ են խոսում ԱԺ-ի վերահսկողական ֆունկցիաների մասին: Ուրախ եմ , որ այդքան կարևորություն եք տալիս դրան, սակայն չեմ կարծում, որ դուք տեղյակ եք եղել, թե մեր հանձնաժողովներն ինչ գործունեություն են ծավալել»,- ասաց Արփինե Դավոյանը: Պատգամավորն անդրադարձավ ընդդիմադիր խմբակցությունից նախորդ օրը հնչած այն դիտարկումներին, ըստ որոնց, պատերազմի ժամանակ քաոս և խառնաշփոթ էր ստեղծված: Արփինե Դավոյանը նշեց, որ այդ քաոսն ու խառնաշփոթը ստեղծված են որոշ մարդկանց կողմից ուղղորդված հրապարակումների շնորհիվ: «Ասում են, թե մեզ մոտ ինքնաքննադատություն չկա: Այս խորհրդարանում ու կառավարությունում այնքան ինքնաքննադատություն կա, որ չի եղել երբեք Հայաստանի ոչ մի կառավարությունում: Մենք բազմաթիվ անգամ նշել ենք  ու խոսել ենք մեր սխալների մասին»,-ասաց Արփինե Դավոյանը:
10:40 - 10 օգոստոսի, 2021
Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Մոսկվայում բանակցությունների մասին ՊՆ-ի տարածած հաղորդագրությանը |armenpress.am|

Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Մոսկվայում բանակցությունների մասին ՊՆ-ի տարածած հաղորդագրությանը |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր զարգացումների կանխումը: Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանը: Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, ով, հղում անելով հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության հուլիսի 28-ի հայտարարությանը, որում խոսք էր գնում Մոսկվայում նախատեսվող բանակցությունների մասին, հարցրեց, թե ի՞նչ մակարդակներով հանդիպում է նախատեսված եղել և ի՞նչ էր դրված բանակցությունների սեղանին, որի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել Պաշտպանության նախարարությունը: «Այս պահի դրությամբ ո՞ւր են հասել, մեր և ՌԴ զինված ուժերի միջև ի՞նչ պայմանավորվածություններ են հաստատվել, ես կդժվարանամ ասել։ Բայց դա ի վնաս Հայաստանի Հանրապետության երբեք չի կարող լինել։ Ամեն ինչ կախված է այդ զարգացումների մեջ մենք մեր կորցրած հնարավորություններն ինչքան արագ կարող են վերականգնել՝ զինված ուժերի մասով»,- ասաց Քոչարյանը: Պատգամավորը հավելեց, որ Ռուսաստանում քննարկվում են Հայաստանի սահմանների հետ կապված խնդիրներ, որին, պարզ է, մասնակցում է նաև հակառակորդ կողմից որևէ զինվորական պաշտոնյա։ «Ոչ ոք Ազգային ժողովի հետևում որևէ բանակցային գործընթաց չի կարող տանել, վերջին հաշվով այդ ամենը քննարկվելու է նաև Ազգային ժողովում, եթե դրա կարիքը լինի»,- նշեց նա:
16:16 - 09 օգոստոսի, 2021
Պետք է վերաիմաստավորել իրականացվող ռեֆորմները՝ շեշտը դնելով անվտանգային բաղադրիչի ուժեղացման վրա. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

Պետք է վերաիմաստավորել իրականացվող ռեֆորմները՝ շեշտը դնելով անվտանգային բաղադրիչի ուժեղացման վրա. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

1lurer.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը: «Նոր իրականությունը, որի մեջ հայտնվել է մեր պետությունը, մեզանից պահանջում է ձևավորել նոր մոտեցումներ ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ, վերաիմաստավորել անցած երեք տարվա ժամանակահատվածում նախանշված և արդեն իսկ իրականացվող ռեֆորմները՝ շեշտը դնելով անվտանգային բաղադրիչի ուժեղացման վրա: Համոզված եմ, որ ազգային անվտանգության հարցերը պետք է դիտարկվեն որպես ժողովրդավար և զարգացած երկրի գործառույթ: Անցած երեք տարիների ընթացքում հանձնաժողովի կողմից իրականացվել են աշխատանքներ ինչպես օրենսդրական ոլորտում, այնպես էլ կազմակերպչական, որոնք ուղղված են եղել հանձնաժողովի տեղի և դերի նորովի ընկալմանը և հաստատմանը»,- իր ելույթում հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը: Հիշեցնենք՝ Քոչարյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր նաև նախորդ՝ 7-րդ գումարման խորհրդարանում:
13:49 - 09 օգոստոսի, 2021
Խնդրի լուծումը շատ մոտ է, վիրավորներ և կրակոցներ չկան. Քոչարյանը՝ Սյունիքի սահմանային միջադեպի մասին |armenpress.am|

Խնդրի լուծումը շատ մոտ է, վիրավորներ և կրակոցներ չկան. Քոչարյանը՝ Սյունիքի սահմանային միջադեպի մասին |armenpress.am|

armenpress.am: Սյունիքում սահմանային միջադեպի առնչությամբ տեղի են ունենում բանակցություններ՝ այդ թվում ռուսական կողմի ներկայացուցչի ներգրավվածությամբ. կրակոցներ չեն եղել, վիրավորներ չկան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ հիմա ընթանում է այդ լարվածության հետ կապված խնդիրների լուծման և հստակեցման պրոցես: «Ադրբեջանցիները՝ 1974 թվականի քարտեզ ձեռքներին, եկել ինչ-որ բարձունքի վրա, ասում են, թե սա իրենցն է: Բնականաբար, դա չի կարող վերածվել լարվածության, որովհետև հրադադարի ռեժիմը, նաև Հայաստանի պետական սահմանի հետ կապված խնդիրները լուծվում են լրիվ այլ փաստաթղթերի և այլ պայմանագրերի շրջանակում: Այս հարցն առաջացել է սահմանային ճշտումների պատրվակով»,-ասաց Քոչարյանն ու նկատեց, որ Ադրբեջանը, թեև ոչ պետական մակարդակով, սակայն սկսել է բարձրաձայնել, թե Ռուսաստանի ներկայությունն այս հրադադարի ռեժիմում այնքան էլ ցանկալի չէ: Նրա խոսքով՝ հակառակորդի նման գործողությունները քաղաքական կոմպոնենտ են պարունակում, որի նպատակը նաև ՀՀ ներքաղաքական կյանքում լարվածություն առաջացնելն է: Քոչարյանը վստահեցրեց, որ հենց հիմա ընթանում են բանակցություններ: «Հենց հիմա այնտեղ է գտնվում հրադադարի ռեժիմի մեջ ներգրավված ռուսական կողմի ներկայացուցիչը, մեր սահմանապահ զորքերի հրամանատարը, բանակցությունների փուլում ենք: Եվ ես համոզված եմ, որ դա ավարտվելու է հանգուցալուծմամբ»,- ասաց հանձնաժողովի նախագահը: Քոչարյանն ընդունում է՝ խնդիր կա, բայց դա այն խնդիր չէ, որի համար մարդկանց վախի մեջ պահեն: «Պրոբլեմի լուծումը շատ մոտ է: Զոհեր չկան, վիրավորներ չկան, կրակոցներ չկան, չեն էլ եղել»,-ասաց Քոչարյանը: Կրակոցների մասին տեղեկությունները Քոչարյանը համարեց պլանավորված պրովոկացիա՝ հորդորելով չտրվել դրանց, հասարակության գերլարված վիճակում չպահել: Նրա վստահեցմամբ՝ տարածվող տարատեսակ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
16:45 - 12 մայիսի, 2021
Իր իշխանության օրոք Հոկտեմբերի 27 տեղի ունեցավ, այդ կրակը մինչև հիմա խեղդում է ժողովրդին․ Միքայելյանը՝ Քոչարյանի մասին |armtimes.com|

Իր իշխանության օրոք Հոկտեմբերի 27 տեղի ունեցավ, այդ կրակը մինչև հիմա խեղդում է ժողովրդին․ Միքայելյանը՝ Քոչարյանի մասին |armtimes.com|

armtimes.com: «Իր իշխանության օրոք կրակ տեղի ունեցավ Հայաստանում, եղավ Հոկտեմբերի 27-ը, կրակը կյանքեր տարավ, ու այդ կրակի ծխից մինչև հիմա մեր ժողովուրդը խեղդվում է»։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլ»-ի պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու և ընտրություններին մասնակցելու մասին հարցին։ Միքայելյանը նշեց՝ Քոչարյանի կառավարման օրոք զրկանքներ է կրել․ «Բանտում եմ եղել իր օրոք։ Ինքը պետք է հիշի իր արածը ժողովրդի նկատմամբ։ Հետո նոր նման հայտարարություններ անի»,- նշեց պատգամավորը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության մասին, թե այս իշխանություններին քիչ օրեր են մնացել։ Լրագրողների այն դիտարկմանը, որ Քոչարյանը նշում է՝ այս իշխանությունների օրոք եղել է պատերազմը, Սասուն Միքայելյանն ասաց՝ պատերազմը մեկ օրվա բան չէ․«Պատերազմը տարիների հարց է։ Սպարապետից հետո անպատրաստ ենք եղել պատերազմին՝ մինչև այս իշխանությունները։ Եթե խոսում են Հադրութից ու Շուշիից, կարող էին իրենց լափած գումարներով Հադրութից մինչև Շուշի թունել անցկացնեին»։ Սասուն Միքայելյանը՝ շեշտեց, որ ինքը չի ասել, թե Նիկոլ Փաշինյանը կամ հենց ինքը մեղավոր չէ․ «Բայց չի կարելի բարդել անցած տարիների չարած գործն այս տարիների վրա։ Նախորդ բոլոր նախագահները, եթե պատկերացնում ու հասկանում էին, որ բանակցային փուլով ոչ մի հարց չի լուծվելու, ապա պետք է գնային այլ ճանապարհով կամ պատրաստվեին պատերազմի»,- ասաց պատգամավորը։ Հարցին՝ ընտրությունները հաղթելու գործընթացում ինչպե՞ս է գնահատում Ռոբերտ Քոչարյանի շանսերը, Միքայելյանը պատասխանեց․ «Եթե ժողովուրդը պետք է հետ բերի Քոչարյանին, չգիտեմ։ Այս ազգը պետք է արհավիրքներից հեռու մնա։ Մենք պատերազմ ենք տեսել, հող ենք տվել, բայց ես չեմ հուսահատվում։ Հողերը մեկ օր կրկին մերը կլինեն։ Դժբախտությունը մեր այն է, որ ժողովրդին տարբեր սխալ տեղեկություններ են տալիս, ժողովուրդն էլ անորոշության մեջ է։ Դրա համար մեզ պետք է սառը դատել ու առաջ գնալ։ Ես չեմ ընդունում պարտությունը, պատրաստ եմ նորից հաղթելու»,- եզրափակեց պատգամավորը։
15:22 - 10 մայիսի, 2021
Ապրիլյանի քննիչ հանձնաժողովին հաջողվել է պարզել 2016-ի ռազմական գործողությունների ձախողումների և բացթողումների պատճառները. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովին հաջողվել է պարզել 2016-ի ռազմական գործողությունների ձախողումների և բացթողումների պատճառները. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

1lurer.am: Մեր կատարած աշխատանքը բոլոր ժամանակների խորհրդարանների պատմության մեջ բացառիկ է, այսպիսի քննիչ հանձնաժողով և այսպիսի ծավալով աշխատանք ոչ մի անգամ չեն իրականացվել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով խորհրդարանի փակ նիստում քննարկվող զեկույցին:  Նա նշեց, որ հավաքված նյութերը, ձայնագրությունները շատ արժեքավոր են, և այս պահին այդ գաղտնի փաստաթղթին կարող են ծանոթանալ միայն իրավասություն ունեցող անձինք և մարմինները: Քոչարյանի խոսքով՝ փակ նիստը ձայնագրվում է, և իր ելույթը չի կորչի, գուցե ինչ-որ ժամանակ հետո, ըստ նրա, գաղտնիության ռեժիմի հետ առնչություն չունեցող հատվածները հասանելի դառնան նաև հանրությանը: Հանձնաժողովի նախագահը վստահ է, որ եզրակացությունը հիմք կդառնա իրավապահ մարմինների համար այդ իրադարձությունների կապակցությամբ քրեաիրավական գնահատականներ տալու:  Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ հանձնաժողովը կարողացել է փաստագրել շատ հարցերի պատասխաններ, եղել են նաև հարցեր, որոնց պատասխաններն այդպես էլ չեն ստացել: «Ի՞նչ է խոսել Մոսկվայում Յուրի Խաչատուրովը, այդ հարցի պատասխանը դեռ գտնված չէ: Ես ամեն ինչ արեցի, որ ԳՇ նախկին պետը գա հանձնաժողով, բայց չստացվեց: Դա, կարծում եմ,  մեր հիմնական բացթողումն է, նրա չգալու մեջ կա առեղծված: Բայց այդ հարցերի պատասխաններն անկասկած գտնվելու են»,- ընդգծեց նա:  Քոչարյանի դիտարկմամբ՝ պետք է գտնել ամենակարևոր հարցի պատասխանը՝ կա՞ արդյոք կապ 2016-ի ռազմական գործողությունների և 2020-ի 44-օրյա պատերազմի միջև:      Քննիչ հանձնաժողովի նախագահն ասաց, որ հանձնաժողովը մեկ տարի փորձել է հասկանալ 2016-ի ռազմական գործողությունների ձախողումների և բացթողումների պատճառները, և, ըստ նրա, դա հաջողվել է: «Սերժ Սարգսյանն ասում է՝ հաղթել է Իլհամ Ալիևին, բայց այդ հաղթանակի արդյունքում ադրբեջանական կողմն ունի 94-ի զինադադարի պայմանագրի և դեմարկացիոն գծի խախտում՝ հօգուտ Ադրբեջանի, հիմա մենք հաղթե՞լ ենք, թե՞ ոչ: Այն դիրքերը, որոնց ուղղությամբ Ադրբեջանը գործողություններ է իրականացրել, առավելություն ունեն՝ 20 դիրք: Հարց կառաջանա. ինչո՞ւ այն ժամանակ հրադադարը ստացվեց, վերջին պատերազմում՝ ոչ, այդ հարցերի պատասխանները դեռ պետք է ստանանք»,- նշեց նա՝ հավելելով, որ 2016-ից հետո հակաօդային պաշտպանության բնագավառում եղել են շտկումներ, բայց դա, ըստ նրա, բավարար չի եղել «օդը փակելու» համար:  Պատգամավորը վստահեցրեց, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են ուսումնասիրելու նաև 44-օրյա պատերազմի հանգամանքները, սակայն, ըստ նրա, այն չպետք է տեղավորել քաղաքական առանցքի կամ դավադիրների փնտրտուքների մեջ: «44-օրյա պատերազմը բանակում անտարբերության, կոռուպցիայի և հովանավորչության հետևանք էր»,- ընդգծեց Քոչարյանը: 
12:48 - 05 մայիսի, 2021
ՊՆ մուտքերը փակելով՝ խոչընդոտում ենք մեր անվտանգությունն ապահովող գերատեսչության աշխատանքային ռիթմին․ Անդրանիկ Քոչարյանը՝ գերիների հարազատների կողմից ՊՆ-ն շրջափակելու մասին |tert.am|

ՊՆ մուտքերը փակելով՝ խոչընդոտում ենք մեր անվտանգությունն ապահովող գերատեսչության աշխատանքային ռիթմին․ Անդրանիկ Քոչարյանը՝ գերիների հարազատների կողմից ՊՆ-ն շրջափակելու մասին |tert.am|

tert.am: Գերիներին օդանավակայանում սպասող հարազատները ճանապարհ են փակում, ՊՆ են գնացել․ ըստ էության, ՊՆ մուտքերը փակելով՝ խոչընդոտում ենք մեր անվտանգությունն ապահովող գերատեսչության աշխատանքային ռիթմին, իսկ այն այնպիսի ռիթմով պետք է աշխատի, որ մենք կորցրած կարողությունները կարողանանք օր առաջ վերականգնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ գերիների վերադարձի չեղարկմանը։ Դիտարկմանը, թե վարչապետի մամուլի խոսնակն է հաստատել, որ գերիների վերադարձ է նախատեսվում, պատգամավորն արձագանքեց․ «Մանե Գևորգյանը հաստատել է դա, բայց ամբողջ մետրոլոգիան դրեք իրար կողքի, կտեսնեք, որ մենք գիտակցված, թե չգիտակցված, քաղաքական օրակարգի մեջ ներառել ենք գերիների հարցը, սրանից առաջ բանակն էինք ուզում բերել քաղաքականություն, հիմա գերիների հարցն ենք խաղացնում։ Գերիների հարցն ինչքան խաղացնենք քաղաքական նպատակներով, գերիների խնդիր չենք լուծելու։ Ես ինձ էլ եմ մեղադրում, տեսնում եմ, որ թերացումներ ունենք նաև մենք, և այդ թերացումները չպետք է պատճառ դառնան, որ դա դարձնենք խաղալիք հակառակորդի ձեռքին»,-ասաց Քոչարյանը։ Դիտարկմանը, թե Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ գերիների հարցը փակված է, պատգամավորն արձագանքեց, թե մինչև ԱԳ նախարար լինելը՝ այդ անձը կրթության նախարար է եղել, և Քոչարյանը չի կարծում՝ նրա ասածները բխում են իրողությունից։ «Ասում են՝ հրադադարից հետո, հատկապես Գյումրիի աշխարհազորայիններին, որոնք հայտնվել են իրենց տնօրինման տակ, չեն դիտարկում որպես ռազմագերի, դիտարկում են որպես ահաբեկիչներ։ Հիմա պետք է իրենց բացատրել, թե այդ խնդիրն ինչպես է առաջացել։ Չպետք է իրենց ճաշակով թելադրվի, այլ իրավական խնդիրների տրամաբանությամբ։ ԱԳ նախարարի հայտարարությունը հապճեպ էր այն առումով, որ երբ ինչ-որ պայմանավորվածություն չի կատարվել, ստիպված ԱԳ նախարարն ասում է, որ նրանք ռազմագերի չեն, բայց երբ ինքնաթիռը գնացել է Մուրադովի ներկայությամբ, գնացել էր պայմանավորվածություններն ի կատար ածելու ճանապարհով»,-ասաց նա։ Հարցին՝ իշխանություններին կհաջողվի՞ լուծել գերիների վերադարձի հարցը, Քոչարյանն արձագանքեց․ «Դա չի կարող չլուծվել»,-նշեց նա՝ հավելելով, թե ժամկետ նշել չի կարող, քանի որ դա աշխատանք է, որը չպետք է լինի հրապարակային։
13:52 - 09 ապրիլի, 2021
Գերիներին պահում են Հայաստանում լարվածություն առաջացնելու համար. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

Գերիներին պահում են Հայաստանում լարվածություն առաջացնելու համար. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

1lurer.am: Իհարկե ո՛չ, չգիտեինք, որովհետև դուք ինքներդ էլ տեսաք, որ ինքնաթիռի մեջ Մուրադովը պետք է լիներ, և ինքը կար, իսկ դա նշանակում է, որ եղել են պայմանավորվածություններ, որը խախտվել է: Պատճառները հասանելի չեն: Ենթադրությունների դաշտում եթե ուզում եք ասեմ՝ հերթական անգամ խաղի կանոններ է ուզում փոխել հակառակորդ կողմը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՛ւ է երեկ հայ ռազմագերիներին հայրենիք բերող օդանավը դատարկ եղել: Լրագրողների դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում՝ գերիներին պահում են տարածքների դիմաց, Քոչարյանը պատասխանեց՝ գերիներին, առաջին հերթին, պահում են Հայաստանում լարվածություն առաջացնելու համար, և դա ոչ մի կապ չի կարող ունենալ տարածքների հետ, որովհետև «գերիներով չէ, որ կարող են տարածքային խնդիրներ քննարկել»: «Գերիները իրողություն են, որը պետք է լուծել: Առաջին պատերազմից հետո մենք տևական ժամանակ էդպիսի խնդիրների մեջ ներգրավված էինք, բայց այն ժամանակ քաղաքական պարտադրանքների լեզվով չէր գնում: Դա պրոցես էր, որը տարիներ էր տևում»,- հավելեց պատգամավորը՝ ընդգծելով, որ գերիների մասին խոսողները «փակուղի են ստեղծում գերիներին օր առաջ Հայաստան բերելու համար»:  «Լուրերի» թղթակցի հարցին՝ ի՛նչ է անելու հայկական կողմը, եթե ադրբեջանական կողմը հայտարարում է, որ վերադարձրել է բոլոր ռազմագերիներին, Քոչարյանը պատասխանեց. «Շարունակելու ենք գերիներին վերադարձնելու գործընթացը տարբեր ձևերով»: «Բազմիցս ասել եմ՝ գերիների հարցով բազմաթիվ տեսանելի և անտեսանելի գործընթացներ կան: Դրանք չերևացող գործընթացներ են: Երբ ասում ենք՝ խոսենք հակառակորդի հետ, հենց պետք է խոսել այնպես, որ զրկված լինի խաղացնելու հնարավորությունից: Երևացող արդյունքը նաև այն է, որ կան արդյունքներ, որը չի բավարարում ոչ միայն մեր քաղաքացիներին, այլև առաջին հերթին գերեվարվածների հարազատներին և ընտանիքի անդամներին: Դուք չնկատեցի՞ք, որ գերիների հարցը անմիջապես տեղի ունեցավ ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումից հետո»,- ասաց պատգամավորը: Հարցին՝ արդյոք դա քա՞յլ էր Ռուսաստանի դեմ՝ Քոչարյանի պատասխանեց. «Դա քայլ էր, որտեղ հստակ երևաց, որ Ռուսաստանն իր մասնակցությունը փորձել է ներդնել խնդրի լուծմանը»: «Գուցե Ադրբեջանը սպասում է, որ Թուրքիայի իշխանություննե՞րն էլ պետք է ինչ-որ ձևով մասնակից լինեն այս խնդրի լուծմանը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
13:09 - 09 ապրիլի, 2021
Մենք՝ մեկը ես, ընտրել ենք սխալ ՍԴ անդամներ, ներողություն իմ կայացրած սխալ ընտրության համար. Անդրանիկ Քոչարյան
 |armtimes.com|

Մենք՝ մեկը ես, ընտրել ենք սխալ ՍԴ անդամներ, ներողություն իմ կայացրած սխալ ընտրության համար. Անդրանիկ Քոչարյան |armtimes.com|

armtimes.com: Մեր իշխանության ժամանակ մենք ընտրել ենք Սահմանադրական դատարանի սխալ անդամներ, մեկը ես, ներողություն իմ կայացրած սխալ ընտրության համար: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ Անդրանիկ Քոչարյանը: Ըստ նրա՝ ՍԴ 8 դատավորները, որոնք կայացրին Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշում, պատասխանատվություն են կրում Մարտի 1-ի գործի 80 հատորների համար, քանի որ իրենց այդ որոշմամբ հասարակությանը զերծ պահեցին այդ հատորների բովանդակությանը ծանոթանալուց եւ հասկանալուց՝ ովքեր են մեղավորները: «Այ ՍԴ էս 8 անդամները, որոնցից 3-ին մենք ընտրեցինք, այ ինձ հետաքրքիր է էս 3-ին, հատկապես Խունդկարյանին մենք ինչո՞ւ ենք ընտրել, որը 42 էջ հատուկ կարծիք է գրել, հիմնավորել է... Բա Վճռաբեկ դատարանի նախագահ ջան, բա դու էսքան տարիների մեջ մի հատ արտահայտվեիր, որ 300.1-ը իր մեջ մեր սահմանադրության հետ հակասություն է պարունակում»,- նկատի ունենալով իրենց իշխանության օրոք ՍԴ դատավոր ընտրված Երվանդ Խունդկարյանին՝ ասաց Քոչարյանը: Նրա համոզմամբ, նախկին իշխանությունների օրոք ՍԴ-ում աշխատած 5 դատավորները՝ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ, այդ խնդիր իրագործելուն վաղուց էին պատրաստ:   «Կասկած չունենաք, որ եթե Ռոբերտ Քոչարյանին մեղադրեին խուլիգանության մեջ, այդ հոդվածը կդիտվեր հակասահմանադրական: Էս դատավորների տրամաբանությունը դա է: Իսկ ո՞վ է փորձաքննության ենթարկելու իրենց որոշումը, այս հոդվածն իրոք հակասահմանադրակա՞ն է, թե Հրայր Թովմասյանի ճաշակով է եւ կապված է Ռոբերտ Քոչարյանի հետ: Բայց չէ՞ որ այդ հոդվածը իրենք են բերել: Նույն Հրայր Թովմասյանը՝ իր «հայրիկների» եւ «մայրիկների» հետ, Դավիթ Հարությունյանը, Վարդան Պողոսյանը, որոնք պարբերաբար փոխում էին Սահմանադրությունը՝ իրենց ճաշակին համապատասխան»,- ընդգծեց պատգամավորը: Նա հարց բարձրացրեց՝ սահմանադրական կարգի տապալմանը վերաբերող 300. 1 հոդվածի հակասահմանադրական ճանաչվելուց հետո Հայաստանում բոլորի ձեռքերը ազա՞տ են թողնվում՝ սահմանադրական կարգի հետ ինչ ուզենան՝ անե՞ն: «Պետությունը պետք է իր կարգը պահպանելու հնարավորություն ունենա»,- նկատեց Պաշտպանության հնձնաժողովի նախագահը՝ հիշեցնելով, որ 300 հոդվածը արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի նախաձեռնությամբ փոխվեց, ավելացվեց 300.1-ը, որովհետեւ այն ժամանակ Մարտի 1-ի առնչությամբ միջազգային լուրջ ճնշում կար եւ քաղբանտարկյալներ կային: Հարցին, հնարավո՞ր է ՍԴ որոշումից օգտվելով գործող իշխանություններն էլ քայլեր անեն՝ Քոչարյանն արձագանքեց. «ՍԴ-ն ասում է՝ ինչ ուզում եք՝ արեք, մենք էլ ասում ենք՝ մեր երկրի թշնամին չենք, մենք ուզում ենք, որ սահմանադրական կարգը հստակ պահպանվի, եւ կարգի փոփոխություն բռնի ուժով պետք է բացառել: Դրա համար կան ժողովրդավարական մեխանիզմներ, մեր իշխանությունը այդ մեխանիզմների պահպանման համար է փոխել երկրում իշխանություն: Նախկինում Սահմանադրության մեջ մի բան էր գրած, բայց իշխանությունը տնօրինում էր ախպերությունը»: Շարունակությունը՝ armtimes.com-ում։ 
18:33 - 08 ապրիլի, 2021
Ապրիլյանի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի որոշ մանրամասներ կհրապարակվեն ԱԺ ամբիոնից |1lurer.am|

Ապրիլյանի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի որոշ մանրամասներ կհրապարակվեն ԱԺ ամբիոնից |1lurer.am|

1lurer.am: Ապրիլյան պատերազմից մոտ երեք տարի անց խորհրդարանում իրավունքի ուժով ձևավորված և մեկ տարի քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրմամբ զբաղված քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցը թեև չի հրապարակվի, սակայն 97 էջանոց փաստաթղթի վերաբերյալ խորհրդարանում ծավալուն ելույթ կունենա հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Ազգային ժողովի նախագահի հետ քննարկել և որոշել են ձևաչափը: Խորհրդարանում պահվող փաստաթղթին ծանոթանալու իրավունք կստանան այն պաշտոնյաները, որոնք գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերի հասանելիություն ունեն, նաև նրանք, ում ԱԱԾ-ն հատուկ թույլտվություն կտա:Անդրանիկ Քոչարյան (ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Ես տրամադրված էի, որ դա ամբողջությամբ դրվեր Ազգային ժողովի կայքում, եթե գործադիրը տար դրական եզրակացություն, այսինքն՝ գաղտնիության ռեժիմի հետ խնդիր չտեսնեի, բայց 44-օրյա պատերազմը մեզ ստիպում է, որ բոլորս շատ զգույշ լինենք, որովհետև բանակը կրել է մեծ կորուստներ, և մեր զինվորականությունը պետք է կենտրոնանա իր խնդիրների լուծման վրա:Քոչարյանն ասում է՝ առաջիկա քառօրյային հնարավոր է ԱԺ ամբիոնից ներկայացնի զեկույցի՝ հրապարակման ենթակա հատվածները: Հանձնաժողովի նախագահն ասում է՝ նախատեսում են զեկույցը փոխանցել նաև զինված ուժերին: Զինվորական պաշտոնյաները հնարավորություն կունենան լսել նիստերի՝ մոտ 80 ժամ տևած տեսագրությունները և հրավիրվածների բացատրությունները:Անդրանիկ Քոչարյան - Ամենակարևորը՝ զեկույցը գոյություն ունի, գտնվում է ԱԺ շենքում, և ես պատրաստ եմ ելույթով հանդես գալ, թող մեր հասարակությունը կասկած չունենա:  Մեկ տարում անցկացրած 30 նիստի ընթացքում հանձնաժողով հրավիրվեց 19 հոգի՝ շարքային զինծառայողից մինչև երկրի այն ժամանակվա ղեկավարը: Հանձնաժողովն ուսումնասիրեց զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, զորքերի համալրման, հետախուզության վիճակը, հրամանատարական որոշումների օպերատիվությունը: Ապրիլյանի գլխավոր բացթողումը, ըստ Քոչարյանի, ժամանակի սղության պատճառով շտկել չէր հաջողվել նաև 44-օրյա պատերազմի ընթացքում:Անդրանիկ Քոչարյան - Մենք ունեցել ենք կառավարման պրոբլեմ, և 44-օրյա պատերազմում ևս երևաց, որ մենք ունեցել ենք զորքերի կառավարման պրոբլեմ:Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կարծում է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու համար ևս կարելի է քննիչ հանձնաժողով ստեղծել, բայց դա պետք է անել 1-2 տարի անց, երբ քաղաքական կրքերը հանդարտված կլինեն:
14:11 - 02 ապրիլի, 2021
Լրագրող Անի Գևորգյանը դիմել է Արարատ Միրզոյանին՝ Անդրանիկ Քոչարյանի կողմից էթիկայի կանոնների խախտման փաստը քննարկելու պահանջով

Լրագրող Անի Գևորգյանը դիմել է Արարատ Միրզոյանին՝ Անդրանիկ Քոչարյանի կողմից էթիկայի կանոնների խախտման փաստը քննարկելու պահանջով

Այսօր դիմել եմ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների կոպիտ խախտման փաստը քննարկելու և դրա վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար սահմանված կարգով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործընթաց սկսելու պահանջով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել լրագրող Անի Գևորգյանը: «Այս նախաձեռնությունը միտված է հետայսու բացառելու համանման վարքագծի դրսևորումներն ինչպես Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի, այնպես էլ մյուս պատգամավորների կողմից: Երեկ էլ դիմել եմ նաև ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանին լրագրողներին ճնշելու, խոչընդոտելու վերաբերյալ հարցերը խորհրդարանում բարձրաձայնելու համար»,- գրել է Գևորգյանը:
12:42 - 19 մարտի, 2021
Զորակոչից խուսափած ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտրվի գալ հայրենիք` ազատվելով քրեական պատասխանատվությունից |hetq.am|

Զորակոչից խուսափած ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտրվի գալ հայրենիք` ազատվելով քրեական պատասխանատվությունից |hetq.am|

hetq.am: 27 տարեկան Հայաստանի այն քաղաքացիները, որոնք չեն ծառայել զինված ուժերում և որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարվել, առաջիկայում հնարավոր է համաներվեն` հնարավորություն ստանալով հայրենիք վերադառնալ: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ պատգամավորների նախաձեռնությամբ, ապա կառավարության լրամշակմամբ օրենսդրական փոփոխությունների փաթեթ է մշակվել, որը հնարավորություն է տալու 27 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչներին առանց որևէ նախապայմանի վերադառնալ հայրենիք: «Մեկ տարի ժամանակ տրամադրելու ենք, որ գան Հայաստան` առանց որևէ նախապայմանի ու քրեական հետապնդումից ազատվեն: Մեկ տարի հետո կվերադառնանք խստացումների նախաձեռնությանը»,- ասաց Քոչարյանը: Պատգամավորը հայտնեց, որ Արդարադատության նախարարության կողմից կոմիտեի նիստին է ուղարկվել փոփոխությունների փաթեթը, այժմ ակնկալվում է Կառավարության դրական եզրակացությունը, ապա նախագծերը կքննարկվեն խորհրդարանում: Ըստ Քոչարյանի` բոլորին հնարավորություն է տրվելու օր առաջ վերադառնալ Հայաստան և իրենց խնդիրները` քրեական պատասխանատվությանն առնչվող հարցերը լուծել Հայաստանում: Հիշեցնենք, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքն իր ուժը կորցրել է նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին, և չկա այլ օրենք, որը կարգավորում է զորակոչից խուսափած և հայրենիք վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ իրավահարաբերությունները: Անդրանիկ Քոչարյանը, Մխիթար Հայրապետյանն ու Արման Բաբաջանյանն առաջարկում էին զորակոչից խուսափած անձի մինչ 27 տարին (պահեստազորի դեպքում մինչ 35) լրանալը վերջինիս ազատել քրեական պատասխանատվությունից, եթե նա ինքնակամ ներկայացել է զինվորական կոմիսարիատ և նրա նկատմամբ օրենքով սահմանված կարգով կայացվել է որոշում: Եթե լրացել է անձի 27 (պահեստազորի դեպքում՝ 35) տարին, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, եթե նա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով վճարել է պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձի և հավելավճարների չափով գումար կամ անցել է պայմանագրային զինվորական ծառայության՝ երկու տարի ժամկետով: Նախագիծը, սակայն, հանվել էր շրջանառությունից լրամշակման նպատակով:
16:22 - 16 մարտի, 2021