ՀՅԴ

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) հայ ազգային սոցիալիստական կուսակցություն է: Հիմնադրվել է 1890 թվականին Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի եւ Ստեփան Զորյանի կողմից։ Կուսակցությունը գործում է Հայաստանում, Արցախում եւ սփյուռքի ավելի քան 40 երկրներում։ 

2021-ին Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ ձևավորել է «Հայաստան» դաշինքը՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքը հաղթահարել է անցողիկ շեմը և 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 29 պատգամավոր։ 

«Դիմադրության» շարժումն ավտոերթեր է կազմակերպել Երևանում  |news.am|

«Դիմադրության» շարժումն ավտոերթեր է կազմակերպել Երևանում |news.am|

news.am: Երեւանում այսօր՝ մայիսի 16-ին, «Դիմադրության» շարժումը 5 ուղղություններով ավորեթեր է անցկացնում: Նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր. «Առավոտյան ժամը 8:00-ից սկսում ենք տարբեր տեսակի ակցիաներ, տեղի են ունենալու ավտոերթեր, հաշվի առնելով եղանակային պայմանները հանրահավաք տեղի չի ունենալու: Իսկ երեքշաբթի օրը ես համարում եմ շատ կարեւոր օր, այդ օրը առավոտյան ժամը 8:00-ին ամբողջ մայրաքաղաքում պետք է տեղի ունենան անհնազանդության ակցիաներ, մենք պետք է ձեւավորենք 80-100 խմբեր, որոնք պետք է դուրս գան փողոց, որպեսզի ամբողջ քաղաքը կասեցնենք»: Ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ նա տեղեկացրել էր ժամը 8:00-ից մեկնարկող ավտոերթերի երթուղիները: 1. Աշտարակի խճուղի` Կարմիր խաչի գրասենյակի դիմաց 2. Արտաշատի խճուղի` «Կոնտինենտալ»-ի դիմաց 3. Երևան-Աբովյան մայրուղի` «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտ 4. Արգավանդի խճուղի` օդանավակայան տանող ճանապարհի գազալցակայանի մոտ 5. Արինբերդի խճուղի («Տեցի կռուգ»)
09:54 - 16 մայիսի, 2022
«Կարո՞ղ են Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը հայտարարել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»․ Սաղաթելյանը՝ խաղաղության պայմանագրի 6 կետերի մասին

«Կարո՞ղ են Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը հայտարարել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»․ Սաղաթելյանը՝ խաղաղության պայմանագրի 6 կետերի մասին

Իշխան Սաղաթելյանը անդրադարձավ Էդմոն Մարուքյանի՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի 6 կետերի հրապարակմանը․  «Կարո՞ղ են Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը կոնկրետ հայտարարել, որ «Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում և իրենք այդ ճանապարհով լուծում չեն տեսնում»․ էն մնացածը մանիպուլացիա է․ էս նախադասությունը ինչի չեն ասում։ Ակնհայտ է, որ ժողովրդի էս ցասման ֆոնի վրա, իրենք փորձում են արդեն մանիպուլյացիաներով ասել, թե նման բան չենք ասել․ օրվա իշխանության քաղաքականությունը շատ հստակ է․ Արցախը մնա Ադրբեջանի կազմում՝ անվտանգության և մարդու իրավունքների լայ երաշխիքներով, որից հետո նոր կխոսեն կարգավիճակի մասին»։ Խոսելով իշխանափոխության դեպքում ժամանակավոր կառավարության կազմի մասին՝ Սաղաթելյանը նշեց, որ գործադիրը չի ձևավորվելու բացառապես կուսակցական քվոտաներով։ «Հաջորդ կառավարությունը չեն ձևավորվելու բացառապես կուսակցական քվոտաներով․ դա լինելու է այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ովքեր էս պայքարի ընթացքում էս հարթակում են, էս հարթակից դուրս են, բայց մենք շատ մեծ կարևորություն ենք տալիս պոտենցիալ փորձ, գիտելիք, կարող, ուժ ներկայացնող անձանց, այսինքն՝ բազմաթիվ անկուսակցական մարդիկ»։ Իսկ, թե արդյոք իրենց շարքերում օդիոզ դեմքեր կան, Սաղաթելյանը պատասխանեց․ «Այո, երբեմն լինում են մարդիկ, ովքեր իրենց գործունեության ընթացքում աչքի են ընկել հասարակության համար անընդունելի դրսևորումներով։ Նման մարդիկ կան տարբեր կուսակցություններում, դաշինքներում, հարթակներում․ մենք որևէ մեկին անձնական հրավերով այս հրապարակ չենք հրավիրել և որևէ մեկին չենք արգելել գալ այստեղ։ Հստակ ասում եմ՝ նման մարդիկ հաջորդ իշխանության մեջ որևէ դերակատարություն ու արտոնյալ կարգավիճակ չեն ունենալու»։
15:29 - 14 մայիսի, 2022
Սաղաթելյանը նշեց՝ Փաշինյանը ունի պայմանավորվածություններ ու իշխանության մնալով երկիրը կամ պատերազմի է տանելու, կամ հայրենազրկման

Սաղաթելյանը նշեց՝ Փաշինյանը ունի պայմանավորվածություններ ու իշխանության մնալով երկիրը կամ պատերազմի է տանելու, կամ հայրենազրկման

Երբ իշխանության գանք, մենք չենք ասում՝ Ադրբեջանին կամ Թուրքիային պատերազմ ենք հայտարարելու կամ չենք բանակցելու: Մենք բանակցելու ենք և՛ Ադրբեջանի հետ, և նաև Թուրքիայի հետ։ Այս մասին ասաց Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է անելու ընդդիմությունը Արցախի հարցը կարգավորելու համար։  «Մենք հստակ հայտնել ենք․ Նիկոլ Փաշինյանի որևէ պայմանավորվածություն առոչինչ է, որովհետև ինքը ժողովրդի կողմից մանդատ չունի․ սա թող իմանան միջազգային գործընկերները, այդ թվում՝ Ադրբեջանն ու Թուրքիան։  Այն պայմանավորվածությունները, որ ինքը փորձում է ձեռք բերել Ադրբեջանի հետ, դա խաղաղության պայմանագիր չէ, դա հայրենազրկման և Հայաստանի պետականությունը կորցնելու պայմանագիր է, հետևաբար մեր կողմից անընդունելի է։  Մենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցելու ենք մեր օրակարգով, գնալու ենք մեր ժողովրդի ու պետության շահերը պաշտպանելու, այլ ոչ թե գլուխներս կախ՝ տեսնելու ենք՝ ինչ են անելու»։  Սաղաթելյանը նշեց, որ ակնհայտ է, թե ինչ են ուզում Թուրքիան և Ադրբեջանը, բայց հարց է, թե ինչ է ուզում Հայաստանը․  «Իրենց (Ադրբեջանի և Թուրքիայի-խմբ․) ամբողջ ագրեսիային, տարածքային պահանջներին հակադարձում են խաղաղության օրակարգով․ դա խաղաղություն չէ։ Նիկոլի մնալով լինելու է կամ պատերազմ կամ հայրենազրկում, որովհետև ակնհայտ է, որ նա ունի պայմանավորվածություններ․ կամ պետք է կատարի այդ պայմանավորվածությունները, այսինքն գնա զիջումների, կամ տեղի ունենա նոր պատերազմ»։  Սաղաթելյանը անդրադարձավ հարցին, թե արդյոք շարժամ մեջ կա պառակտում ու նշեց, որ շարժումը քաղաքական է, բայց վերկուսակցական է․  «Տարբեր խոսակցություններ կան, շատերը փորձում են պառակտել, բայց նման խնդիր չկա։  Հաճախ կուսակցությունները ավելի են աչքի ընկնում, որովհետև ունեն կազմակերպված ռեսուրս, բայց պառակտում չկա, հակառակը՝ կա լայն համախմբում, որովհետև մենք չենք համախմբվել մեկի շուրջ, մենք համախմբվել ենք մեկ գաղափարի շուրջ»։  Սաղաթելյանը զուգահեռներ տարավ նաև 88 թվականի շարժման հետ ու նշեց, որ Արցախյան շարժամ ժամանակ որևէ մեկը չէր համախմբվել Լևոն Տեր-Պետրոսյանի, Իգոր Մուրադյանի կամ Վազգեն Մանուկյանի շուրջ․ բոլորը համախմբվել էին Արցախի գաղափարի շուրջ։  «Մենք այսօր այդ իրավիճակում ենք ու շարժումը շատ նման է Ղարաբաղյան շարժմանը և՛ ձևաչափի, և՛ գաղափարախոսության, և՛ բնույթի հետ»,- նշեց Սաղաթելյանը։
15:12 - 14 մայիսի, 2022
Այս շարժումը Հայաստանի վերջին 30 տարվա պատմության մեջ բացառիկ է,  և, ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ շարժում է․ Սաղաթելյան

Այս շարժումը Հայաստանի վերջին 30 տարվա պատմության մեջ բացառիկ է, և, ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ շարժում է․ Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացրեց, թե այս ընթացքում ինչ հաջողությունների է հասել ընդդիմության շարժումը։ «Ես ուզում եմ հստակ արձանագրել մի քանի կարևոր ձեռքբերումներ, որ արձանագրել ենք․ Շարժումը կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի նշաձող իջեցնելու գործընթացը․ սա այլևս փաստ է, դա ակնհայտ է։ Երկրորդ․ շարժումը ստեղծել է իրական քաղաքական ճգնաժամ, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերների համար առնվազն այս պահին ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հարցը։  Երրորդ․ շարժումը ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում, և Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու։  Եվ չորրորդ՝ շարժումը ակնհայտ է դարձրել, որ կա հանրային ձևակերպված պահանջ այս իշխանությունների հեռացման համար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։  Սաղաթելյանի խոսքով՝ այս շարժումը Հայաստանի վերջի 30 տարվա անկախ պատմության մեջ բացառիկ է իր չափերով, ժողովրդականությամբ և, ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ շարժում է։ Հարցին՝ ինչպիսի Հայաստան է ունենալու քաղաքացին ընդդիմության իշխանության գալուց հետո, և ինչ է բերելու ընդդիմությունը առհասարակ, Իշխան Սաղաթելյանը ասաց․  «Այս իշխանությունը խոստացել է սեր, համերաշխություն, բայց բերել է ատելություն և պառակտում, խոստացել է ներդրումներ, բայց չկան ներդրումներ, մարդիկ ապրում են ավելի վատ․ դա ակնհայտ փաստ է։ Խոստացել է անվտանգություն, բարեկեցություն, Արցախի հարցում խոստացել է, որ առանց ժողովրդի որոշում չեն կայացնելու․ այստեղ ևս ամբողջությամբ ձախողել են։  Խոստացել են ժողովրդավարություն, խոսքի ազատություն, բայց տեսնում եք, թե ինչ է կատարվում Հյաստանում։ Խոստացել են արդարադատություն, բայց շրջափակել են դատարանները։ Էն դատավորները, որոնք իրենց ապօրինի հրամանները չեն կատարում, էն դատավորները, որոնք իշխանության հրամանով չեն ձերբակալում ընդդիմադիր գործիչներին, իրենք կալանքի են տանում այդ դատավորներին»։  Այսինքն, ըստ Սաղաթելյանի, խաբել են մարդկանց բոլոր ուղղություններվ և ոլորտներում։ Սաղաթելյանը նշեց՝ բոլոր այն խոստումները, որ 2018 թվականին տվել են հանրությանը և խաբել են, ընդդիմությունը իրականություն է դարձնելու բոլոր այդ խոստումները։
14:21 - 14 մայիսի, 2022
Ցուցարարները շրջել են բուհերով՝ ուսանողությանը կոչ անելով միանալ իրենց պայքարին |azatutyun.am|

Ցուցարարները շրջել են բուհերով՝ ուսանողությանը կոչ անելով միանալ իրենց պայքարին |azatutyun.am|

azatutyun.am: Ընդդիմությունն արդեն 13-րդ օրն է՝ փողոցում պայքարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։ Այսօր էլ Երևանի տարբեր հատվածներում շարունակվել են անհնազանդության ակցիաները։ Երիտասարդ ցուցարարները շրջել են բուհերով՝ ուսանողությանը կոչ անելով միանալ իրենց պայքարին: «Ուսանո՛ղ, ոտքի՛», «Պայքա՛ր, պայքա՛ր», «Տեր ենք մեր հայրենիքին», - բացականչում էին նրանք: Ցուցարարների մի մասն էլ փակել էր Աբովյան փողոցի մի հատվածը՝ Բժշկական համալսարանի հարևանությամբ, նրանցից 6-ը բերման է ենթարկվել։ Ճանապարհը բացվել է։ Նույն ընթացքում մայրաքաղաքի տարբեր հատվածներից ավտոերթերով իրազեկման ակցիաներ են իրականացվել։ Արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմությունը դեռ չի բացում փակագծերը՝ իշխանափոխության հասնելու դեպքում ո՞վ է լինելու իրենց վարչապետի թեկնածուն, ի՞նչ հստակ ծրագրեր ունեն։ Միայն մեկ բան է հստակ՝ խոստանում են ժամանակավոր կառավարություն ձևավորել, որը կղեկավարի 1-1,5 տարի, դրանում նախատեսում են փորձառու մասնագետների ընդգրկել, առանց անուններ նշելու։ Անցումային կառավարությունից հետո նոր, ըստ ընդդիմության, իրենք խորհրդարանական ընտրություններ են անցկացնելու։
15:25 - 13 մայիսի, 2022
Իրավական տեսանկյունից թույլատրելի է մի քրեական գործի շրջանակում հայտնաբերված  հանցագործության հատկանիշներով երկրորդը հարուցել․ Մինասյանի պնդումը սխալ է

Իրավական տեսանկյունից թույլատրելի է մի քրեական գործի շրջանակում հայտնաբերված հանցագործության հատկանիշներով երկրորդը հարուցել․ Մինասյանի պնդումը սխալ է

«Հայաստան» խմբակցության քարտուղար, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ Արծվիկ Մինասյանը Tert.am-ին տված հարցազրույցում օրերս ոչ ճշգրիտ պնդումներ է արել։ Մասնավորապես, խոսելով Հակակոռուպցիոն կոմիտեի վերջերս տարածած հաղորդագրությունից, ըստ որի՝ ՀՅԴ-ն Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների 2021 թվականի ընտրությունների ընթացքում ընտրակաշառք է բաժանել՝ ասել է․ «Իրավական տեսակետից անթույլատրելի է, երբ դու, օրինակ, հավաքների հրահրման, նյութական շահագրգռվածության հոդվածով փորձում ես իբր գործընթաց իրականացնել, բայց հետո մի հատ այլ գործ ես սկսում, որտեղ հիմքը, որն ինքնին արդեն ապօրինի է, չի կարող հիմք դառնալ երկրորդ գործողության համար»։  Արծվիկ Մինասյանը, ըստ ամենայնի, նկատի ունի երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու հատկանիշներով մայիսի 6-ին Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը, որի շրջանակում խուզարկություն է իրանացվել գործով մեղադրյալ ներգրավված անձանց բնակարաններում, ինչի արդյունքում հայտնաբերվել են ձեռագիր նշումներով նոթատետրեր։ Դրանց վերաբերյալ ավելի ուշ հաղորդագրություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեն՝ նշելով, որ ՀՅԴ կուսակցության Արմավիրի տարածքային մարմնի ղեկավար Ա. Մ.-ի բնակության վայրում հայտնաբերված նոթատետրերը բովանդակում են 2021 թ․ տեղի ունեցած ԱԺ եւ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողներին տարբեր չափերի կաշառք տալու վերաբերյալ տեղեկություններ․ «Ընտրակաշառք տալու, ստանալու եւ ընտրակաշառքի միջնորդության առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ»,- ասված է հաղորդագրության մեջ։  Այսինքն՝ Մինասյանը, հավաքներին առնչվող քրեական գործը (եւ/կամ իրականացված խուզարկությունը) որակելով ապօրինի, ասում է, թե իրավական տեսանկյունից անթույլատրելի է դրա շրջանակում երկրորդ գործողությունն իրականացնել (երկրորդ քրեական գործը հարուցել)։ Իրականում, սակայն, դա այդպես չէ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածը սահմանում է քրեական գործ հարուցելու առիթները։ Ըստ այդ հոդվածի 3-րդ մասի՝ քրեական գործ հարուցելու առիթ է իր լիազորություններն իրականացնելիս քննիչի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի եւ հետևանքների հայտնաբերումը։ Այսինքն՝ բոլոր այդ դեպքերում, երբ իր լիազորություններն իրականացնելով՝ քննիչը հայտնաբերում է որեւէ հետք կամ տվյալ, որն առերեւույթ վկայում է նոր հանցագործության մասին, ապա դա առիթ է նոր քրեական գործ հարուցելու համար։ Ավելին, նույն օրենսգրքի 27-րդ հոդվածը սահմանում է, որ դա քննիչի պարտականությունն է։ Մասնավորապես, ըստ այդ հոդվածի 1-ին մասի՝ քննիչը պարտավոր է իր իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց եւ հանցագործության, ինչպես նաեւ դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար: Իսկ այն հանգամանքը, որ տվյալ դեպքում ոչ թե Քննչական կոմիտեի քննիչն է հարուցել նոր քրեական գործը, այլ հայտնաբերված նյութերը փոխանցել է Հակակոռուպցիոն կոմիտեին, որտեղ էլ այն հարուցվել է, պայմանավորված է նրանով, որ ընտրակաշառքի դեպքերին առնչվող գործերի քննությունը, համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի, իրականացնում են Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները։ Հետեւաբար, անկախ այն հանգամանքից, որ պայմանականորեն ասած, առաջին քրեական գործը պատգամավորը համարում է ապօրինի, իրավական տեսանկյունից թույլատրելի է դրա շրջանակում հայտնաբերված հանցագործության հատկանիշներով երկրորդ քրեական գործը հարուցել։ Ինչ վերաբերում է խուզարկության օրինականությանը, Քրեական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն՝ բնակարանի խուզարկությունն իրականացվում է միայն դատարանի որոշմամբ։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ տվյալ դեպքում դատարանի թույլտվությունն առկա է եղել, եւ խուզարկությունն իրականացվել է դրա հիման վրա։ Նույն հարցազրույցում խոսելով «Դիմադրություն» շարժման նկատմամբ իշխանությանը սատարող որոշ շրջանակների դրսեւորած վերաբերմունքից՝ Արծվիկ Մինասյանն ասում է․ «Փորձում են կուրորեն ցեխհարձակումներ իրականացնել «Դիմադրություն» շարժման կամ դրա ներկայացուցիչների նկատմամբ, էն երիտասարդ գործիչների, որոնք այս օրերին «Դիմադրություն» շարժման շրջանակում ներկայանում են հանրությանը, ասենք, չգիտեմ, կարող են վերցնել Իշխան Սաղաթելյանին, Աննա Գրիգորյանին, Արամ Վարդեւանյանին եւ պիտակավորել նախկիններ, արտահայտությունը անհասկանալի է, Աննա Գրիգորյանի կամ Արամ Վարդեւանյանի նախկինը ո՞րն է, երբ այդ մարդիկ որեւէ պետական պաշտոն անգամ չեն ունեցել»։ Մինչդեռ Արամ Վարդեւանյանի կենսագրությունն ուսունասիրելով՝ պարզ է դառնում, որ նա տարիներ շարունակ աշխատել է պետական համակարգում՝ զբաղեցնելով նաեւ պետական պաշտոններ։ Մասնավորապես, 2011-2012 թվականներին Վարդեւանյանը եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական իրավունքների վարչության մասնագետ, 2012 թ. մարտ-դեկտեմբեր ամիսներին՝ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, առաջատար մասնագետ, 2012-2014 թթ.՝ ՄԻՊ աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ եւ ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ: 2014-2016 թթ. Վարդեւանյանը եղել է ՀՀ ՍԴ նախագահի խորհրդական, 2016-2017 թթ.՝ ՀՀ վարչապետի օգնական, իսկ  2017- 2018 թթ.՝ ՀՀ վարչապետի ավագ օգնական: Այդ ժամանակ գործող «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ վարչապետի օգնականի պաշտոնները ներառված են պետական հայեցողական պաշտոնների շարքում։ Նշենք նաեւ, որ գործող օրենքի համաձայն էլ, ի թիվս այլնի, դրանց շարքում են ներառվել նաեւ ՍԴ նախագահի խորհրդականի, ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի պաշտոնները։ Այսպիսով, Արծվիկ Մինասյանի այդ պնդումը եւս, թե Արամ Վարդեւանյանը նախկինում որեւէ պետական պաշտոն չի զբաղեցրել, իրականությանը չի համապատասխանում։   Միլենա Խաչիկյան
18:24 - 12 մայիսի, 2022
Անուններ չեմ հնչեցնելու, բայց այստեղ մարդիկ կան, որոնք անընդունելի են ինձ համար․Արթուր Վանեցյան |tert.am|

Անուններ չեմ հնչեցնելու, բայց այստեղ մարդիկ կան, որոնք անընդունելի են ինձ համար․Արթուր Վանեցյան |tert.am|

tert.am: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը «Armlur» լրատվական կայքին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Ֆրասիայի հրապարակում մարդկանց է տեսնում, որոնք իր համար անընդունելի են: «Այս հրապարակում կան մարդիկ, որոնք ինձ համար անընդունելի են, ես իրենց՝ այստեղ գտնվելը համարում եմ հարված շարժմանը, անուններ չեմ հնչեցնելու։ Բայց չենք կարող ասել՝ գիտեք, դուք գնացեք այստեղից։ Եթե սա լիներ «Պատիվ ունեմ» խմբակցության, «Հայաստան» խմբակցության միջոցառումը, կասեինք՝ գնացեք այստեղից, բայց սա համազգային շարժում է։ Այստեղ կան մարդիկ, որոնք խոսում են ընդդիմադիր դիրքերից և նույնականացվում են մեզ հետ, բայց մենք համաձայն չենք իրենց հետ։ Մենք որոշ չափով պատասխանատու ենք միայն հարթակից ելույթ ունեցող մարդկանց համար»,- ասաց Վանեցյանը։
16:42 - 12 մայիսի, 2022
Դատախազությունը կոչ է անում զերծ մնալ մարդկանց հավաքներին մասնակցելուն հարկադրելու, այդ նպատակով նյութապես շահագրգռելու դրսևորումներից

Դատախազությունը կոչ է անում զերծ մնալ մարդկանց հավաքներին մասնակցելուն հարկադրելու, այդ նպատակով նյութապես շահագրգռելու դրսևորումներից

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ քրեական հետապնդման մարմիններում նախաձեռնված քրեական համապատասխան վարույթների նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ արձանագրվել են Երևան քաղաքում վերջին օրերին տեղի ունեցող հավաքներին, երթերին, դրանց շրջանակներում կազմակերպվող բողոքի, անհնազանդության գործողություններին մասնակցելու համար ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ առանձին մարզերում  բնակվող քաղաքացիներին առերևույթ հարկադրելու կամ նյութապես շահագրգռելու մի քանի դեպքեր: «Դրանցից 3-ով արդեն իսկ հարուցվել է քրեական գործ, որոնցից մեկով երկու անձ ներգրավվել է որպես մեղարդյալ և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Իսկ մեկ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Մասնավորապես՝ 2022թ. մայիսի 5-ին համացանցում տարածվել է երկու անձի հեռախոսային խոսակցության ձայնագրություն, որը վերաբերել է հավաքներին մասնակցելու համար գումար ստանալու հանգամանքներին: Նախապատրաստված նյութերով դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Դրա շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է նշված 2 անձանց ինքնությունը, տվյալներ են ստացվել Երևանում իրականացվող հավաքներին մասնակցելու նպատակով Արմավիրի մարզի հիշյալ բնակիչներից մեկին նյութապես շահագրգռելու, վերջինս կողմից իր հերթին այլ անձանց  նյութապես շահագրգռելու վերաբերյալ: Ապացույցների համակցությամբ Արմավիրի մարզի՝ արդեն իսկ ձերբակալված վերոհիշյալ երկու բնակիչներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է կալանավորումը: Համացանցում հրապարակվել է այլ ձայնագրության վերաբերյալ մեկ այլ տեսանյութ՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դատասխոս Էմմա Սարգսյանը դրդում է ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ: Ոստիկանությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում ձայնագրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ չորս անձանց մասնակցությամբ տեղի ունեցող խոսակցության ընթացքում նրանցից երեքը Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ անունով ներկայացած անձին առաջարկում են ՀՀ-ում տեղի ունեցող ցույցերին 2000 ուսանողի մասնակցելու և որոշակի գործողություններ՝ անհնազանդության ակցիաներ կատարելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար: Դեպքեի առթիվ 2022թ. մայիսի 10-ին ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Քրեադատավարական ողջ գործիքակազմի կիրառմամբ սեղմ ժամկետներում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով հսկող դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին տրվել է կոնկրետ գործողություններ կատարելու ցուցում, նախաքննությունը շարունակվում է: Մեկ այլ դեպքում, Երևան քաղաքի դատախազության հանձնարարությամբ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվել ԶԼՄ հրապարակման կապակցությամբ, ըստ որի՝ 2022թ. մայիսի 4-ին վարորդներին ստիպել են բեռնատար, բետոնախառնիչ ավտոմեքենաներով փակել Երևան քաղաքի «Կիևյան» և «Դավթաշեն» կամուրջները: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 4 անձինք իրենց կողմից վարվող «Էյ ԴԻ Էյ Թեք» ՍՊԸ-ին պատկանող տարբեր մակնիշների բեռնատար,  բետոնախառնիչ ավտոմեքենաներով փակել են Երևան քաղաքի Կիևյան և Դավթաշեն կամուրջների երթևեկելի մասերը, ինչի հետևանքով խաթարվել է նշված հատվածների բնականոն երթևեկությունը: Դեպքի առթիվ 2022թ. մայիսի 5-ին ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են տվյալներ «Էյ Դի Էյ Թեք» ՍՊԸ-ի վարորդներին 2022թ. մայիսի 4-ին Երևանի տարբեր հասցեներում անհնազանդության ակցիաներ իրականացնելու և երթևեկությունը արգելափակելու հանձնարարություն տրվելու վերաբերյալ: Կատարվածի  ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է: Բացի նշվածները, 2022թ. մայիսի 4-ին Ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ  դեռևս ինքնությունը չպարզված անձը հարկադրել է երկու քաղաքացիների մասնակցել նույն օրը Երևան քաղաքում անցկացվող հավաքներին, նյութապես շահագրգռել նրանց, ինչի արդյունքում վերջիններս «Մերսեդես» մակնիշի երկու բեռնատար ավտոմեքենաներով փակել են Երևան քաղաքի «Հաղթանակ» կամուրջի երթևեկելի ուղղությունները: Նշված դեպքի առթիվ Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հարկ է համարում հիշեցնել, որ հավաքներին, երթերին, դրանց ընթացքում կատարվող գործողություններին մասնակցելու նպատակով անձանց հարկադրելու կամ նյութապես շահագրգռելու դրսևորումները քրեական օրենքով արգելված արարքներ են, որի համար, որպես պատիժ, նախատեսված է ընդհուպ ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով: Հորդորում ենք զերծ մնալ նման արարքներ կատարելու փորձերից, ՀՀ դատախազության կողմից հստակ հետևողականություն է դրսևորվում և դրսևորվելու  յուրաքանչյուր նման դեպքի, փորձի արձանագրման պարագայում դրանցում ներգրավված անձանց գործողություններին համարժեք իրավական գնահատական տալու, բավարար հիմքերի պայմաններում նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում: Միաժամանակ քաղաքացիներին կոչ ենք անում նման հանցավոր ոտնձգությունների առերեսվելու կամ այդպիսի երևույթների վերաբերյալ կոնկրետ տվյալներ ունենալու պարագայում դրանք տրամադրել իրավապահ մարմիններին»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք՝ Infocom-ն ավելի վաղ անդրադարձել է Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահի մասնակցության խոսակցության ձայնագրությանը։
16:30 - 12 մայիսի, 2022
«ԵՄ պատվիրակությունը գո՞հ է այս ամենից». բռնություն կիրառած ոստիկանների լուսանկարներով ակցիա՝ ԵՄ գրասենյակի դիմաց |news.am|

«ԵՄ պատվիրակությունը գո՞հ է այս ամենից». բռնություն կիրառած ոստիկանների լուսանկարներով ակցիա՝ ԵՄ գրասենյակի դիմաց |news.am|

news.am: «Դիմադրության» շարժման մի խումբ ներկայացուցիչներ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց ակցի են իրականացրել՝ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների լուսանկարներով: Ակցիայի մասնակիցներից Լիլիթ Բեգլարյանը նշեց. «Մենք ուզում ենք հասկանալ, թե արդյոք ԵՄ պատվիրակությունը գոհ է այս օրերին ոստիկանական ուժի կիրառումից, արդյոք համաչափ են համարում այդ ուժի կիրառումը եւ արդյոք հոգ են այն գումարներից, որոնք ծախսվել են ՀՀ-ում բազմաթիվ բարեփոխումների վրա՝ ներառյալ ոստիկանության ոլորտի բարեփոխումների: Մենք  բերել ենք լուսանկարները, որոնք ցույց են տալի այն ոստիկաններին, որոնք կիրառել են այդ ուժը, որոնք ծեծով, ջարդով, անբացատրելի բիրտ ուժ են կիրառել խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ: Ես վստահ եմ, որ տիկին դեսպանը տեսել է այդ լուսանկարները, բայց մենք եւս մեկ անգամ  բերել ենք, որ իրեն հիշեցնենք, թե ինչ է կատարվում այստեղ: Մենք ուզում ենք հասկանալ՝ ինքը այս ամենի վերաբերյալ ասելիք ունի, թե ոչ: մենք կուզենայինք, որ ինքը խոսեր:
16:05 - 12 մայիսի, 2022
Բացահայտվել են ՀՅԴ անդամների կողմից 2021թ. անցկացված ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրակաշառք տալու, ստանալու դեպքեր

Բացահայտվել են ՀՅԴ անդամների կողմից 2021թ. անցկացված ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրակաշառք տալու, ստանալու դեպքեր

Քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով Արմավիրի մարզի բնակչին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում խուզարկություններ են իրականացվել տվյալ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց բնակության վայրերում: Կատարված խուզարկությամբ 2022թ. մայիսի 6-ին ՀՅԴ կուսակցության Արմավիրի տարածքային մարմնի ղեկավար Ա. Մ.-ի բնակության վայրում հայտնաբերվել են ձեռագիր գրառումներով նոթատետրեր, որոնք բովանդակել են 2021 թվականին տեղի ունեցած Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողներին տարբեր չափերի կաշառք տալու վերաբերյալ տեղեկություններ: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ «Ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 154.9-րդ հոդվածի 1-ին մասով: Ըստ քրեական գործի նյութերի` նոթատետրերի զննությամբ պարզվել է, որ դրանցում, մասնավորապես, ներառված են ձեռագիր նշումներ 2021թ. հունիսի 20-ին ՀՀ-ում անցկացված ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ  նույն թվականի հունիսի 4-ից հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում ՀՅԴ գերագույն մարմնից, ՀՅԴ մարզային կառույցից ու դրա նախընտրական շտաբից հատկացված դրամական միջոցների և նշված ժամանակահատվածում բազմաթիվ անձանց միջինը 15.000-20.000-ական, ընդհանուր` շուրջ 6.470.000 ՀՀ դրամի գումարներ բաշխելու վերաբերյալ: Ի դեպ, ԱԺ արտահերթ ընտրություններին ՀՅԴ կուսակցությունը մասնակցել է «Հայաստան» դաշինքի կազմում, և ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում կուսակցության աշխատանքները համակարգվել են Արմավիր քաղաքում գործող գրասենյակից` Ա. Մ.-ի կողմից: Բացի այդ, նոթատետրերում առկա են ձեռագիր գրառումներ նաև 2021թ. դեկտեմբերի 5-ին Արմավիրի մարզում անցկացված ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ 2021թ. նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՅԴ գերագույն մարմնից, ՀՅԴ մարզային կառույցից ու դրա նախընտրական շտաբից հատկացված դրամական միջոցների և նշված ժամանակահատվածում բազմաթիվ անձանց 5000-20.000-ական, ընդհանուր` շուրջ 3.513.000 ՀՀ դրամի գումարներ բաշխելու վերաբերյալ: ՀՀ Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու մասին են փաստում, մասնավորապես, նոթատետրերում տարբեր անձանց տվյալների դիմաց կատարված` «ՀԱՏԿԱՑՈՒՄ ԳՄ-ից», «ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ՄԿ-ից» և «ՀԱՏԿԱՑՈՒՄ ՇՏԱԲԻՑ» ձեռագիր գրառումներն ու ընտրակաշառք տալու և ստանալու հաշվարկները: Հաշվի առնելով քրեական գործով մեծածավալ և անհետաձգելի քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը` Հակակոռուպցիոն կոմիտեում ստեղծվել է քննչական խումբ, որում ներգրավվել են նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչները: Խուզարկություններ են կատարվել ՀՅԴ կուսակցության Արմավիրի մարզում տեղակայված մի շարք գրասենյակներում, ինչպես նաև նույն մարզային կառույցի տասնյակից ավելի անդամների, այդ թվում` գրասենյակների համակարգողների և նախընտրական քարոզարշավներում ակտիվ մասնակցություն ունեցած մի խումբ անձանց բնակարաններում: Արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր ցուցակներ, այդ թվում` գումարային նշումներով: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` հիշյալ ցուցակներում ներառված անձանց ինքնությունը պարզելու, նույնականացնելու, ինչպես նաև կաշառք ստանալու և տալու դեպքերի հանգամանքներն ու դրանց առնչված անձանց պարզելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրույթան մեջ: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:26 - 08 մայիսի, 2022
Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ընդդիմության հետագա անելիքները

Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ընդդիմության հետագա անելիքները

Հանրահավաքին հաջորդած երթից հետո մասնակիցները կրկին վերադարձան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ խոսեց հետագա անելիքների մասին․ Սաղաթելյանն ասաց, որ շարունակելու են մնալ հրապարակում։  «Վաղը առավոտվանից՝ 8։15, կրկին սկսում ենք անհնազանդության բողոքի ակցիաները։ Տարբեր խմբեր կգտնվեն վաղը մայրաքաղաքի տարբեր հատվածներում և կպարալիզացնեն քաղաքը, մեր մնացած հայրենակիցները, ժամը 8։30-ից սկսած, սպասում ենք այս հրապարակում, այստեղից կձավորենք խմբեր, և ամեն մեկս կգնանք մի ուղղությամբ»,-ասաց Սաղաթելյանը։  Սաղաթելյանը քաղաքցիներին կոչ արեց միանալ պայքարին․ «Որտեղ մենք շատ էինք, Ոստիկանությունը որևէ կերպ չէր կարողանում խոչընդոտել այն, ինչ ուզում էինք անել, որտեղ մեր ուժերը չէին հերիքում, կարողանում էին ձերբակալել, բերման ենթարկել։ Հետևաբար, շատ կարևոր է ձեր բոլորի ներկայությունը։  Մեր բոլոր քաղաքացիները, առաջարկում եմ, վաղը Երևանում իրենք մեքենան վարել առավելագույնը 15 կմ/ժամ արագությամբ, խաչմերուկների տակ 3-5 վայրկյան սպասել, նոր շարժվել։ Մեխանիկորեն ունենալու ենք այն, ինչ բոլորս ուզում ենք»։ Սաղաթելյանը նշեց, որ վաղվանից պետք է փակեն նաև մարզային ճանապարհները։  «Վաղը առավոտվանից, կոչ եմ անում մարզերում գտնվող հայրենակիցներին, միաժամանակ փակել մարզային ճանապարհները, որպեսզի ոստիկանները չկարողանան կենտրոնանալ Երևանում»։ Իսկ ուսանողներին Սաղաթելյանը կոչ արեց շարունակել դասադուլը․ «Կոչ եմ անում մեր երիտասարդությանը վաղը շարունակել դասադուլը և միանալ պայքարին, ծնողներին կոչ եմ անում երեխաներին չուղարկել դպրոց, հայտարարել դասադուլ, միանալ մեզ, գործարաններին կոչ եմ անում, մի քանի օր դադարեցրե՛ք աշխատանքը և միացե՛ք մեզ»։ Սաղաթելյանը անդրադարձավ նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի վաղվա հանդիպմանը․ «Վաղը Հայաստանի բանագնացը՝ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ կողմից հանդիպելու է իր թուրք գործընկերոջ հետ։ Ընդամենը ուզում եմ փոխանցել, որ դուք ժողովրդի կողմից մանդատ չունեք բանակցելու»,- նշեց Սաղաթելյանը։ 
21:11 - 02 մայիսի, 2022
ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի գործով
 |hetq.am|

ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի գործով |hetq.am|

hetq.am: ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է մեկուկես տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս մասին «Հետքին» ասաց Վարդանյանի պաշտպան Բենիկ Գալստյանը: Վարդանյանը մեղադրվում է նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու  և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ: Պաշտպանի խոսքով` նախկինում երկու անգամ նույն գործով Վարդանյանին կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել, որոնք մերժվել են, այժմ վարույթն իրականացնող ԱԱԾ-ն կոսմետիկ փոփոխություններ է կատարել մեղադրանքում ու կրկին կալանքի միջնորդություն ներկայացրել: Նշենք, որ Գերասիմ Վարդանյանն այսօր` Մալաթիա վարչական շրջանում անհնազանդության գործողությունների ժամանակ է արգելանքի վերցվել: Լուսանկարում՝ Գերասիմ Վարդանյանը 2022-ի մայիսի 2-ի ակցիայի ժամանակ
20:03 - 02 մայիսի, 2022
Նիկոլը Հայաստանում ունի մեկ հենարան․ դա Ոստիկանությունն է, էսօր Ոստիկանությունն իր սահմանն անցել է․ Իշխան Սաղաթելյան

Նիկոլը Հայաստանում ունի մեկ հենարան․ դա Ոստիկանությունն է, էսօր Ոստիկանությունն իր սահմանն անցել է․ Իշխան Սաղաթելյան

Նիկոլը Հայաստանում ունի մեկ հենարան․ դա Ոստիկանությունն է։ Էսօր Ոստիկանությունն իր սահմանն անցել է՝ Ոստիկանության որոշ ներկայացուցիչներ։ Այս մասին ընդդիմության կազմակերպած հանրահավաքին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: Իշխան Սաղաթելյանը դիմեց ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին․  «Եթե դու գերազանցում ես քո լիազորությունները, դիմում ես ապօրինի և բռնի միջոցների, ուրեմն ես քեզ այս հրապարակից այս ժողովրդի անունից խոստանում եմ՝ ուսադիրներդ պոկելու եմ, ու դու պատժվելու ես դրա համար։ Սաղաթելյանի խոսքով՝ իրենք ֆիքսել են ոստիկանների, ովքեր բացահայտ բռնության են ենթարկել քաղաքացուն։  «Մենք Ոստիկանության հետ հարց չունենք, բայց Ոստիկանության մեջ, ակնհայտ է, կան մարդիկ, էսօր մենք ֆիքսել ենք նաև երկու հոգի, ովքեր բացահայտ բռնության են ենթարկել քաղաքացուն։ Մեկ անգամ ևս զգուշացնում ենք․ ո՞վ է պատասխանատվություն կրում այդ անձանց լկտի պայվածի համար։ Մենք տեղեկություն ունենք՝ որոշ օլիգարխներ, քանի որ Ոստիկանության ուժերը չեն բավարարում ճնշել մեր հայրենակիցների ցասումը և բողոքը, որոշ օլիգարխներ համազգեստով Ոստիկանության իրենց  ախրաննիկներին ուղարկում են ժողովրդին ճնշելու»,- նշեց Սաղաթելյանը։  ԱԺ փոխխոսնակը կոչով դիմեց նաև միջազգային հանրությանը․  «Դիմում եմ միջազգային հանրությանը․ այս դեպքերին պետք է դեսպանատները, իրավապաշտպան կազմակերպությունները արձագանքեն և գնահատական տան։ Իրենք իրենց լռությամբ նպաստում են, որ կառավարության ղեկին հայտնված խելագարը [Նիկոլ Փաշինյանը] շարունակի իր բռնությունները։ Հետևաբար, պահանջում ենք, որ շատ հստակ գնահատական տան միջազգային մեր գործընկերները ստեղծված իրավիճակին»։ Սաղաթելյանը դիմեց նաև մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանին և ՄԻՊ աշխատակազմին․ «Երբ որ ընտրվում էր ՄԻՊ-ը, խորրդարանական երկու խմբակցությունները հայտարարեցին, որ ինքն, ըստ էության, Նիկոլի պաշտպանն է և ոչ թե մարդու իրավունքների։ Էս օրերին ակնհայտ դա ապացուցվում է։ Դեռ շանս և հնարավորություն ունի ՄԻՊ-ը, ասի, որ նման ինստիտուտ կա Հայաստանում»,- ասաց Սաղաթելյանը։ Նշենք, որ ՄԻՊ-ը հաղորդագրություն էր տարածել՝ արագ արձագանքման խմբերի աշխատանքի նախնական ամփոփմամբ։  Իսկ վերջում Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հավաքվածներին առաջարկեց երթ անցկացնել, կրկին փակել ճանապարհները և վերադառնալ հրապարակ։  
19:01 - 02 մայիսի, 2022
Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ընդդիմության հետագա անելիքները

Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ընդդիմության հետագա անելիքները

Առաջիկա օրերին պետք է ցույց տալ, որ էս մարդը [Նիկոլ Փաշինյանը] չունի նաև իշխանություն։ Այս մասին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:  «Դիմում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը․ դուք գերի եք այս մեկ մարդու ձեռքում, ձեզանից մեծամասնությունը իրականում կապ չունի կամ անմիջական առնչություն չունի այդ բոլոր հանցանքների և որոշումների հետ։ Դուք ունեք պատմական շանս ձեր սխալը ուղղելու, կանգնելու ժողովրդի կողքին։ Հետագայում ուշ է լինելու։ Հասկացե՛ք, գիտակցե՛ք և առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում որոշո՛ւմ կայացրեք» ,- ասաց Սաղաթելյանը։  Սաղաթելյանը խոսեց նաև անելիքների մասին և հայտարարեց, թե վաղվանից ինչ քայլերի է դիմելու ընդդիմությունը։  «Այսօր մենք անցկացնելու ենք այս հրապարակում։ Այս հրապարակում քիչ հետո կտեղադրվեն վրաններ և համապատասխան միջոցներ, որպեսզի գիշերը կարողանանք անցկացնել, վաղը առավոտ՝ ժամը 8։30-ից սկսած, մենք սկսում ենք մասշտաբային անհնազանդության բողոքի ակցիաներ, վաղը Կենտրոն համայնքում, հատկապես, որևէ մեքենայի շարժ պետք է չլինի վաղը հանրապետության բազմաթիվ փողոցներ, մայրուղիներ լինելու են փակ, կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ուսանողներին․ վաղվանից սկսե՛ք դասադուլ և գործադուլ, Երբեք այլ հայացքներ ունեցող քաղաքացիների հետ կոնֆլիկտի չեք բռնվում․ իրենք մեր քույրերն ու եղբայրներն են, մեր հայրենակիցներն են, մենք անկարգություններ չենք անելու․ բայց պինդ, վճռական, մինչև վերջ և կազմակերպված գնալու ենք առաջ։ յուրաքանչյուրդ յուրովի դրսևորե՛ք ձեր բողոքի ակցիան, յուրաքանչյուրդ փակե՛ք ձեր հայաթի փողոցը, ձեր գյուղի փողոցը, ցո՛ւյց տվեք, որ սրանք իշխանություն չունեն։ «Հայաստանում իշխանությունը այս հրապարակն է և ժողովուրդը»,- եզրափակեց Սաղաթելյանը։ 
17:50 - 01 մայիսի, 2022
Շատ կարճ ժամանակահատվածում մենք պետք է կապիտուլյանտին ենթարկենք կապիտուլյացիայի. Իշխան Սաղաթելյան
 |news.am|

Շատ կարճ ժամանակահատվածում մենք պետք է կապիտուլյանտին ենթարկենք կապիտուլյացիայի. Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Անցնող մեկ շաբաթվա ընթացքում  հայ  ժողովուրդը ապացուցեց, որ ոտքի է կանգնել եւ  մերժում է օրվա իշխանության քաղաքական գիծը: Այս մասին այսօր` մայիսի 1-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին ասաց «Դիմադրություն» շարժման համկարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: «Իշխանությունը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու: Արձանագրում թիվ 2, հայ ժողովուրդը միասնական դուրս եկավ փողոց եւ ամբողջ աշխարհին ասաց, որ ինքը իր  ճակատագրի եւ ապագայի տերն է, հայ ժողովուրդն է որոշում, որ տեր է Արցախին, տեր է Հայաստանին, փաստեց, որ հայ ժողովրդի ճակատագիրը Ալիեւից եւ Նիկոլից կախված չէ»,-ասաց նա: Իշխան Սաղաթելյանը նշեց, որ մայիսի 1-ը պատմական օր է, միասնականության եւ վերջնական հաղթանակի գնալու սկիզբ է: «Շատ կարճ ժամանակահատվածում մենք պետք է այդ կապիտուլյանտին ենթարկենք կապիտուլյացիայի, սա է մեր առջեւ դրված խնդիրը»,- ասաց նա: Իշխան Սաղաթելյանի առաջարկությամբ հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը:   Գլխավոր լուսանկարը՝ iravaban.net-ի 
16:55 - 01 մայիսի, 2022