Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահն է։ 

Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:

1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1978թ. ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի  Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնները:

1992-1996թթ․ եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Սուրբ Աթոռում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:

1996-1997թթ․ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

1998-2000թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և, համատեղության կարգով, Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն,  Եվրասիական ամենամյա մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum)  էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) պատվավոր փոխնախագահ, Եվրաատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:

2000-2013թթ․ Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու:

2013-2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

Հրաժարական է ներկայացրել 2022թ. հունվարի 21-ին:

Արմեն Սարգսյանը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամին առաջարկել է ընդլայնել ծրագրերը Հայաստանում

Արմեն Սարգսյանը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամին առաջարկել է ընդլայնել ծրագրերը Հայաստանում

Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ այցելել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամ։Հիմնադրամի նախագահ Իզաբել Մոտան ներկայացրել է հաստատության մարդասիրական և բարեգործական լայնածավալ գործունեությունը, մասնավորապես անդրադարձել Հայաստանում և Սփյուռքում իրականացվող ծրագրերին: ՀՀ նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Արմեն Սարգսյանը կարևորել է հիմնադրամի հայանպաստ աշխատանքն ու մեծ ներդրումը հայապահպանության ու հայագիտության զարգացման գործում։Նախագահ Սարգսյանը խոսել է հիմնադրամի կողմից իրականացվող գիտահետազոտական ծրագրերի մասին՝ մասնավորապես հիշատակելով, որ կառույցը դեռևս խորհրդային տարիներից աջակցում է Մատենադարանին: «Կարծում եմ՝ լավ գաղափար կլինի, եթե հիմնադրամը դիտարկի Մատենադարանը որպես միջազգային նախագիծ: Մատենադարանն իր հարուստ ֆոնդերով ու գիտական-մասնագիտական հարուստ փորձով կարող է դառնալ հին ձեռագրերի պահպանման, վերականգնման, գնահատման, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման տարածաշրջանային ու միջազգային կենտրոն», - ասել է Արմեն Սարգսյանը՝ առաջարկելով դիտարկել այս ծրագիրն ու համատեղ քայլեր ձեռնարկել այն կյանքի կոչելու նպատակով: Նախագահը տեղեկացրել է, որ այս ծրագրի շուրջ քննարկումներ է ունեցել նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Սարգսյանը հիմնադրամի ղեկավարությանն առաջարկել է ընդլայնել Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ մեծացնելով նաև հիմնադրամի շարունակական աջակցությունից օգտվող ուսանողների, գիտնականների ու հետազոտողների թիվը։Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել համատեղ գիտահետազոտական նախաձեռնությամբ «Հորիզոն 2020» ծրագրին դիմելու հնարավորության մասին։ Նկատի առնելով, որ տարին հոբելյանական է՝ նշվում է Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակը, նախագահ Արմեն Սարգսյանը հիմնադրամի տնօրենին է նվիրել այդ առիթով թողարկված նամականիշների հավաքածուն: Հայաստանի նախագահը դիտել է Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամում բացված` մեծ հային, գործարարին ու բարերարին նվիրված ժամանակավոր ցուցադրությունը։Արմեն Սարգսյանն այցելել է նաև Գալուստ Գյուլբենկյանի թանգարան, շրջել ցուցասրահներով։ Գալուստ Գյուլբենկյանը արվեստի մեծ երկրպագու էր, և այս թանգարանում ներկայացված է արվեստի գործերի նրա հարուստ հավաքածուն՝ նկարներ, քանդակներ, մետաղադրամներ, գրքեր, կիրառական արվեստի նմուշներ։
06:23 - 10 ապրիլի, 2019
Հայ-պորտուգալական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի. Արմեն Սարգսյանը հանդիպել է Պորտուգալիայի վարչապետի հետ

Հայ-պորտուգալական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի. Արմեն Սարգսյանը հանդիպել է Պորտուգալիայի վարչապետի հետ

Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել այդ երկրի վարչապետ Անտոնիու Կոշտայի հետ։ Անդրադառնալով երկու երկրների ու ժողովուրդների միջև առկա ջերմ պատմական կապերին ու հարուստ մշակութային ժառանգությանը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ ժողովրդի պանծալի զավակներից մեկի՝ Գալուստ Գուլբենկյանի անունը յուրաքանչյուր հայ հպարտությամբ է հիշում։ Պորտուգալիայի վարչապետն իր հերթին ընդգծել է Գալուստ Գյուլբենկյանի գործունեության ու նրա թողած ժառանգության, Գալուստ Գյուլբենկյան բարեգործական ու գիտամշակութային հիմնադրամի դերը Պորտուգալիայի համար: Հայաստանի նախագահը և Պորտուգալիայի վարչապետը մտքեր են փոխանակել գործակցության հնարավոր ուղղությունների շուրջ։ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրները գործակցության մեծ ներուժ ունեն կրթության և գիտության ոլորտներում՝ այդ համատեքստում առաջարկելով իրականացնել ուսանողների ու գիտնականների փոխանակման, ինչպես նաև գիտահետազոտական համատեղ ծրագրեր: Նշելով, որ տեղյակ է Պորտուգալիայի կողմից տիեզերք արբանյակներ արձակելու կայանի կառուցման մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը պատրաստակամ է կիսվել այս ոլորտում իր գիտական ներուժով ու փորձառությամբ, որը հայտնի է դեռևս խորհրդային տարիներից։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Պորտուգալիան փոխգործակցության մեծ ներուժ ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների, բնական գիտությունների, արհեստական բանականության ոլորտներում։ Նախագահ Սարգսյանը հավելել է, որ հայ-պորտուգալական համագործակցության առավել արդյունավետ ոլորտներից մեկը կարող է դառնալ զբոսաշրջությունը: «Հայաստանը և Պորտուգալիան հրաշալի երկրներ են և միմյանց բացահայտելու կարիք ունեն»,- նշել է նախագահը։ Զրուցակիցները խոսել են նաև երկու երկրների միջև ուղիղ օդային կապի հաստատման հնարավորության մասին` պայմանավորվելով ուսումնասիրել հարցը:
17:58 - 08 ապրիլի, 2019
Արմեն Սարգսյանը մասնակցել է Horasis-ի ամենամյա գլոբալ հանդիպմանը

Արմեն Սարգսյանը մասնակցել է Horasis-ի ամենամյա գլոբալ հանդիպմանը

Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Horasis վերլուծական կենտրոնի ամենամյա գլոբալ հանդիպմանը, որը կենտրոնի տարեկան խոշորագույն միջոցառումն է: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը:  Նախագահ Արմեն Սարգսյանը որպես բանախոս ելույթ է ունեցել «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող քննարկման շրջանակում: Քննարկման մասնակիցները խոսել են ժամանակակից աշխարհի մարտահրավերների ու դրանց լուծման տարբերակների մասին: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ ցանկացած երկիր տարբեր կերպ է մոտենում ի հայտ եկող խնդիրների լուծմանը: «Հայաստանի դեպքում բանաձևը շատ պարզ է։ Փոքրը գեղեցիկ է։ Եվ փոքրը կարող է շատ հաջողակ լինել՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում այսօր աշխարհում»։ Հանրապետության նախագահն անդրադարձել է չորրորդ ինդուստրիալ հեղափոխությանը` նշելով, որ գործ ունենք մշտական հեղափոխության ու էվոլյուցիոն զարգացման երկարատև գործընթացի հետ: «Գիտական նորույթների և տեխնոլոգիական նվաճումների հսկայական քանակը, համատեղած մարդկանց այն մեծ թվի հետ, որոնք ներգրավված են ստարտափների ու նորարարական այլ գործընթացների մեջ, խոսում են այն մասին, որ այս գործընթացները լինելու են շատ դինամիկ և դրամատիկ։ Մենք առաջիկայում ականատեսն ենք լինելու, թե ինչպես են աճելու քվանտային մոդելավորման, նոր տեխնոլոգիաների ու մեծ տեղեկատվության կառավարման ծավալները, և իհարկե, այս ամենի գագաթնակետում լինելու է արհեստական բանականությունը, որը, կարծում եմ, կիրառություն է գտնելու ամեն տեղ»,- նշել է Սարգսյանը։ Նախագահը համոզված է` չպետք է վախենալ արհեստական բանականությունից։ «Սա նույն պատմությունն է, ինչ 30-40 տարի առաջ, երբ մարդիկ վախենում էին տեղեկատվական տեխնոլոգիաներից, մտածում էին, թե համակարգիչների ի հայտ գալով կկորցնեն աշխատանքը։ Բայց ոչ, արհեստական բանականության շնորհիվ նոր աշխատատեղեր կստեղծվեն։ Այն, ինչը փոխվելու է, լինելու է մարդկանց գործունեության որակը և տեսակը։ Մենք շարժվում ենք դեպի ավելի նորարար աշխարհ»,- ընդգծել է նա։Արմեն Սարգսյանը նշել է, որ այս հեղափոխությունը տեղի է ունենում ոչ միայն տնտեսության ու տեխնոլոգիաների մեջ, այլև մեր մարդկային վարքագծում. «Սա բացարձակ նոր աշխարհ է, որը ես անվանում եմ քվանտային աշխարհ»։  
06:20 - 08 ապրիլի, 2019
Մեր լավագույն բնական հարստությունը դուք եք՝ հայ ժողովուրդը․ նախագահ Սագսյանը հանդիպել է հորդանանահայ համայնքի հետ

Մեր լավագույն բնական հարստությունը դուք եք՝ հայ ժողովուրդը․ նախագահ Սագսյանը հանդիպել է հորդանանահայ համայնքի հետ

Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 6-ի երեկոյան հանդիպել է Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Դիմելով տեղի հայերին՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Այն փաստը, որ մենք ապրում ենք աշխարհի տարբեր երկրներում, սփռված ենք աշխարհի տարբեր մասերում, գուցե ոչ թե թերություն է, այլ ընդհակառակը՝ առավելություն, որովհետև մենք աշխարհի այն քիչ ժողովուրդներից ենք, որոնք կարող են շատ հստակ ասել. մենք փոքր պետություն ենք, բայց համաշխարհային ազգ։ Մենք բոլորս հայ ենք և ունենք պարտականություն՝ ծառայելու մեր հայրենիքին»: Նշելով, որ Հորդանանի հայ համայնքը լիովին ինտեգրված է երկրի կյանքում՝ Սարգսյանն ասել է. «Սա շատ էական է։ Մեր բոլոր համայնքներում մեր հայրենակիցները պետք է հետևեն մեծ պոետ, երգիչ և երգահան Շառլ Ազնավուրի օրինակին, որը միշտ ասում էր՝ ես հարյուր տոկոսով հայ եմ և հարյուր տոկոսով ֆրանսիացի։Սա այն մոդելն է, որով մեզնից յուրաքանչյուրը պետք է ապրի Սփյուռքում։ Լինել հարյուր տոկոսով հորդանանցի՝ լիովին ներգրավված այս երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին և միաժամանակ հարյուր տոկոսով հայ։ Սա է հաջողության բանաձևը»։ Նշելով, որ Հորդանանի թագավորական ընտանիքը պատմականորեն միշտ էլ աջակից է եղել և ջերմ վերաբերմունք ունեցել հայ ժողովրդի նկատմամբ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ դրա վկայությունն է նաև Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հետ իր հանդիպումը։ «Մենք ունեցանք շատ ջերմ զրույց։ Քննարկեցինք մեր երկու ժողովուրդների պատմությունն ու երկու պետությունների հարաբերությունները՝ նկատելով, որ հսկայական ներուժ ունենք տարբեր ոլորտներում։ Մեր երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, հարուստ չլինելով բնական ռեսուրսներով՝ Հայաստանը և Հորդանանը կարևորում ու գնահատում են մարդկային ռեսուրսը»,- ասել է Արմեն Սարգսյանը և հավելել. «Մեր լավագույն բնական հարստությունը դուք եք՝ հայ ժողովուրդը»։ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ 21-րդ դարում ամենաթանկ արժեքը լինելու է ստեղծագործ մարդը։ «Ես վստահ եմ, որ 21-րդ դարը մեր՝ հայերի դարն է լինելու, որովհետև մենք ստեղծագործ ժողովուրդ ենք, մեր ճանապարհը մտքի հզորության, մտքի արժեքի ճանապարհն է», - ասել է նա։ Սարգսյանը հորդանանահայերին նաև տեղեկացրել է, որ Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիին հրավիրել է այցելել Հայաստան։
07:22 - 07 ապրիլի, 2019
Արմեն Սարգսյանը հանդիպել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Ոսկանյանի հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Ոսկանյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ռումինիայի Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Ռումինահայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանի հետ: Զրուցակիցները խոսել են երկու երկրների միջև տնտեսական կապերի աշխուժացման, այս ոլորտում զարգացումը խթանող երկուստեք քայլերի ձեռնարկման անհրաժեշտության մասին: Ռումինիայի խորհրդարանի պատգամավորը Հայաստան էր ժամանել նոր բացված Բուխարեստ-Երևան չվերթով: Այս համատեքստում կարևորվել է Ռումինիա-Հայաստան ուղիղ օդային կապի առկայությունը՝ նշելով, որ այն կխթանի զբոսաշրջությունը: Հանդիպման ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը և Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Ոսկանյանը քննարկել են նաև երկու երկրների միջև խորհրդարանական կապերի ամրապնդման, այս ոլորտում առկա ներուժի օգտագործմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Ռումինիայի հայ համայնքին, համայնքում առկա խնդիրներին ու հեռանկարներին: Կարևորվել է Հայաստանի հետ կապերի ամրապնդումը մշակութային, գիտական և կրթական ոլորտներում:
14:28 - 03 ապրիլի, 2019
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Թալիշ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Թալիշ

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ հայկական երկու պետությունների նախագահները ծաղիկներ են դրել հակառակորդի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում անձնվիրաբար զոհված հերոսների և արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Այնուհետև Հայաստանի եւ Արցախի նախագահները հանդիպել են 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից զինծառայողների և ազատամարտիկների հետ։ Արցախի նախագահ Բակո Սահակյանը ողջունել է Հայաստանի Հանրապետության նախագահի ցանկությունն ու որոշումը՝ այցելել Թալիշ: Արցախի նախագահը Հայաստանի նախագահին պատմել է Թալիշի վերականգնման ծրագրի մասին՝ նշելով, որ իրականացվում են մեծածավալ աշխատանքներ։ Իր երախտագիտության խոսքն ուղղելով ապրիլյան ռազմական գործողությունների մասնակիցներին՝ հայրենիքի հանդեպ իրենց պարտքը նվիրվածությամբ, արժանապատվորեն և բարեխղճորեն կատարելու համար՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Եկել եմ գլուխ խոնարհելու ձեր առաջ և ասելու, որ հպարտ եմ ձեզնով, հպարտ եմ, որ իմ առջև նստած են հայ հաղթանակած բանակի զինվորները»։ Շնորհակալություն հայտնելով նրանց՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Այսօր ես ոչ միայն ասելիք ունեմ, այլև՝ լսելիք։ Եկել եմ այստեղ՝ տեսնելու, զգալու ու նաև լսելու ձեզ։ Ինձ համար շատ կարեւոր է զինվորի, սպայի խոսքը, ովքեր առաջնագծում են եղել»։ Ջերմ մթնոլորտում անմիջական ու անկեղծ զրույց է ծավալվել, որի ընթացքում անդրադարձ է եղել թե ապրիլյան գործողություններին, թե դրան հաջորդած իրադարձություններին ու կատարված աշխատանքներին: Հայրենիքն իրենց կյանքի ու առողջության զոհաբերումով, խիզախությամբ ու քաջությամբ պաշտպանած տղաների սխրանքն Արմեն Սարգսյանը հայրենասիրության վառ օրինակ է համարել այսօրվա ու վաղվա սերունդների համար:   Խրախուսական նվերներ հանձնելով ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից զինծառայողներին և ազատամարտիկներին՝ Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել նրանց փայլուն ծառայության, հայրենասիրության ու նվիրումի համար:
05:33 - 02 ապրիլի, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է IBM ընկերության ներկայացուցիչների հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է IBM ընկերության ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում IBM ընկերության տնօրեն Իրիս Ջեբայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համագործակցության շրջանակն ու հնարավոր համատեղ ծրագրերը: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականության զարգացման հարցում: Նա ընդգծել է, որ այս ոլորտում առաջամարտիկը լինելու համար մեր երկիրն ունի բոլոր անհրաժեշտ նախապայմանները: Մասնավորապես, Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ունի բարձրորակ գիտական ու կրթական միջավայր, ինչպես նաև կարևոր կամուրջ է արևելքի ու արևմուտքի միջև: IBM ընկերության ներկայացուցիչ Իրիս Ջեբան նշել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ, ուստի պատրաստ են դիտարկել համատեղ ծրագրերի հնարավորությունը:
07:06 - 01 ապրիլի, 2019
Մարտի 1-ին Քոչարյանի հրամանով աշխատանքից ազատված 2 դիվանագետի դեսպանի աստիճան է շնորհվել |PanARMENIAN.Net|

Մարտի 1-ին Քոչարյանի հրամանով աշխատանքից ազատված 2 դիվանագետի դեսպանի աստիճան է շնորհվել |PanARMENIAN.Net|

PanARMENIAN.Net: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրմանագրով Ռուբեն Շուգարյանին և Հասրաթի Խաչատրյանին վերստին արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհվել, հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Դիվանագիտական ծառայության մասին: Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի՝ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել Ռուբեն Ռոբերտի Շուգարյանին արտաքին գործերի նախարարի խորհրդական և Լևոն Հասրաթի Խաչատրյանին արտաքին գործերի նախարարի խորհրդական», - մասնավորապես ասվում է հրամանագրում։ Մի շարք դիվանագետներ 2008-ի փետրվարի 23-ին ՀՀ նախագահական ընտրություններին հաջորդած դեպքերի վերաբերյալ՝ ընդդիմությանն աջակցող հայտարարություն էին տարածել։ Դրան հետևեցին այն ժամանակ գործող նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը, որոնցով Արմեն Բայբուրդյանը, Ռուբեն Շուգարյանը եւ Լևոն Խաչատրյանն ազատվեցին իրենց զբաղեցրած պաշտոններից և զրկվեցին դիվանագիտական աստիճաններից:
07:17 - 30 մարտի, 2019
Հայաստանը դարձնել գիտության և տեխնոլոգիաների զարգացման առաջամարտիկ. Արմեն Սարգսյանը մասնակցել է միջազգային գիտաժողովի

Հայաստանը դարձնել գիտության և տեխնոլոգիաների զարգացման առաջամարտիկ. Արմեն Սարգսյանը մասնակցել է միջազգային գիտաժողովի

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն  ներկա է գտնվել Երևանում կազմակերպված «Էվոլյուցիա և արհեստական բանականություն» խորագրով միջազգային գիտաժողովին: գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել առաջատար գիտնականներ ու փորձագետներ աշխարհի տարբեր երկրներից՝ քննարկելու էվոլյուցիայի, գիտական ու տեխնոլոգիական հայտնագործությունների համաշխարհային միտումներն ու մարտահրավերները: Բացման խոսքում Հանրապետության նախագահը կարևորել է ժամանակակից գիտությանն ու տեխնոլոգիաներին նվիրված միջազգային գիտաժողովի անցկացումը Հայաստանում՝ նշելով, որ մեր երկիրը կարող է դառնալ առաջատար գիտությունների, հետազոտությունների ու զարգացման գրավիչ կենտրոն: «Մեր երկրի ապագան եղել և շարունակելու է կապված լինել աշխարհի ապագայի հետ,-ասել է նախագահ Սարգսյանը: - Իսկ աշխարհի ապագան ավելի ու ավելի շարժվում է դեպի նորարարություն, գիտության ու տեխնոլոգիական բացահայտումների օգտագործումը մեր առօրյա կյանքում»: ՀՀ նախագահ
10:17 - 29 մարտի, 2019
Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի և քարտուղարի հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի և քարտուղարի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հանդիպումների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ: Հանրապետության նախագահն այսօր հանդիպել է իշխող քաղաքական ուժի՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին բավականին ակտիվ և ծավալուն աշխատանք է վերապահված ինչպես օրինաստեղծ ոլորտում, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում: Լիլիթ Մակունցը ներկայացրել է խմբակցության գործունեության առաջնահերթ ուղղությունները, ինչպես նաև ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում վերջերս Գերմանիա կատարած պաշտոնական այցի մանրամասներն ու ձեռքբերված պայմանավորվածությունները: Հանրապետության նախագահը և պատգամավորներն անդրադարձել են Ազգային ժողովի աշխատանքներին, միջազգային հարթակներում նրա գործունեությանը, միջխորհրդարանական կապերին, ինչպես նաև գիտությանն ու կրթությանը վերաբերող հարցերին: Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում համագործակցել խորհրդարանի հետ և օժանդակել նրա գործունեությանը:
12:41 - 25 մարտի, 2019