ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդացությունն առավել բարձր է եղել Տավուշում, Սյունիքում, Լոռիում և Երևանում

Վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդացությունն առավել բարձր է եղել Տավուշում, Սյունիքում, Լոռիում և Երևանում

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացությունն առավել բարձր է եղել Տավուշի, Սյունիքի, Լոռու մարզերում և Երևանում: Հիվանդության (COVID-19) տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը՝ բարձրացնել զգոնությունն անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ. • եթե տանն ունեք կորոնավիրուսային հիվանդությամբ կասկածելի կամ հաստատված դեպք, շփվելիս պահպանե՛ք առնվազն 1.5մ հեռավորություն, • կրե՛ք դիմակ, հնարավորինս խուսափե՛ք մարդաշատ վայրերից և մարդկային կուտակումներից, • տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններ հաճախելիս՝ խանութ, վարսավիրանոց, մեծածախ առևտրի կենտրոններ և այլն) պարտադիր պահպանե՛ք սոցիալական հեռավորություն, կրե՛ք դիմակ, մակերեսների հետ շփումից հետո ախտահանե՛ք ձեռքերը 70 տոկոսանոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով կամ լվացվե՛ք օճառով, • սովորեցրե՛ք Ձեր երեխային հիգիենայի կանոնները և հետևե՛ք վերջիններիս պահպանմանը, • սուր շնչառական հիվանդության ախտանշաններ (ջերմություն, հազ, հարբուխ) ի հայտ գալու դեպքում` անմիջապես կապվե՛ք Ձեր պոլիկլինիկայի բժշկի (թերապևտի կամ մանկաբույժի) հետ: Նշենք, որ Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 59-ով, բուժվածներինը՝ 265-ով, գրանցվել է մահվան ևս 2 դեպք։
16:32 - 29 հունվարի, 2021
Հանդիպում ԱՆ-ում՝ կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը քննարկելու նպատակով

Հանդիպում ԱՆ-ում՝ կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը քննարկելու նպատակով

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված՝ համաճարակային իրավիճակը քննարկելու, որոշակի սահմանափակումներ վերանայելու նպատակով առողջապահության նախարարությունում կայացել է հանդիպում՝ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանի, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների մասնակցությամբ:  Անդրադարձ է կատարվել սանիտարական և համաճարակային բոլոր այն պահանջներին, որոնցով կարգավորվում են հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների աշխատանքները կորոնավիրուսային հիվանդության պայմաններում:  Լենա Նանուշյանը նշել է, որ հաշվի առնելով հանրապետությունում առկա համաճարակաբանական կայուն իրավիճակը, վերանայվել են որոշակի սահմանափակումներ, «Կորոնավիրուսային հիվանդությամբ (Covid-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, այդուհանդերձ, չպետք է թուլացնել զգոնությունը և պատրաստ լինել հնարավոր հաջորդ ալիքին:  Մասնագետները բարձրացրել են դպրոցների, մանկապարտեզների, այլ ուսումնական հաստատությունների սահմանափակումների վերաբերյալ մի շարք հարցեր, նախադպրոցական խմբերին առնչվող փոփոխություններ, ինչպես նաև խոսել են համաճարակային կանոնների պահպանման, վերահսկման առանցքային խնդիրների շուրջ, առաջարկել դրանց լուծման հնարավոր տարբերակներ` միևնույն ժամանակ, առաջնահերթությունը տալով հանրային առողջության պահպանմանը:  Լենա Նանուշյանը կարևորել է կրթության դերն ու նշանակությունը և ընդգծել, որ մի շարք երկրներում նորից վերադարձել են նախկին սահմանափակումներին, վերաբացել կարանտինային հյուրանոցներն ու լրացուցիչ խստացումներ սահմանել:  «Մենք հասկանում և ուզում ենք վերադառնալ մեր բնականոն կյանքին, սակայն պետք է հաշվի առնել այն բոլոր վտանգները, որ կարող է նոր մուտացիոն ձևերի ալիք առաջացնել, ինչը շատ մտահոգիչ է: Ուստի, պետք է զգուշավորությամբ փորձենք մոտենալ ցանկացած հարցի, թույլ չտալ, որ դեպքերը լինեն անկառավարելի, քանի որ առողջապահական համակարգն ի վիճակի չի լինի տրամադրելու այն ծառայությունները, որոնք անհրաժեշտ են մարդկանց կյանքերը փրկելու համար»,- նշել է Լենա Նանուշյանը:  Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկել սահմանափակումների վերանայմանը միտված բոլոր հնարավոր տարբերակներն ու առաջարկները:   
21:36 - 27 հունվարի, 2021
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի հաղթահարման ծախսերի հաշվետվություն

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի հաղթահարման ծախսերի հաշվետվություն

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև տարեվերջ ընկած ժամանակահատվածի համար: Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։    1  Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր  9.671.904.002   2  Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)  1.665.779.100  3  Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում  1.198.435.608  4  Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր  394.345.823  5  Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն  1.317.991.160  6  Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն  3.913.164.647  7  Բժշկական սարքավորումներով հագեցվածություն  5.478.511.373  8  Բժշկական կենտրոնների վերանորոգում  1.526.437.183  9  Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ  1.019.033.524  10  ՉԺՀ-ից գնված սարքավորումների տեղափոխում ՀՀ (չարտերային չվերթների կազմակերպում)  306.320.664   Հանրագումար  26.491.923.082   
12:10 - 27 հունվարի, 2021
ՀՀ առողջապահության նախարարն ընդունել է Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ առողջապահության նախարարն ընդունել է Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը: Հյուրերը` Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դնիս Սումփֆը, Համագործակցության և զարգացման ֆինանսների գծով խորհրդական Արևիկ Անափիոսյանը և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը նախարարի հետ քննարկել են ՄԱԿ-ի կառույցների հետ առողջապահության բնագավառում համագործակցության, ինչպես նաև հետագա անելիքների վերաբերյալ հարցերը: «Շնորհակալ ենք կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում մինչ օրս տրամադրված օգնությունների համար, որոնք հասցեական կիրառություն են ստացել: Բարձր ենք գնահատում համատեղ աշխատանքներն ու փոխգործակցության նոր հնարավորությունները»,- ասել է Անահիտ Ավանեսյանը: Շոմբի Շարփն անդրադարձել է նաև պատերազմին և դրա հետևանքով առաջացած խնդիրների լուծմանը, ինչպես նաև կարևորել Հայաստանում համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրմանն ուղղված աշխատանքները` հաշվի առնելով, որ այն կարող է ապահովել առողջության խթանումից մինչև կանխարգելում, բուժում, վերականգնում և պալիատիվ խնամք: Շարունակելով Շոմբի Շարփի միտքը` Անահիտ Ավանեսյանը շեշտել է վերականգնողական բուժման բարելավման անհրաժեշտությունը զինվորների և քաղաքացիական անձանց շրջանում` հույս հայտնելով, որ համատեղ ուժերով հարցին լուծում կտրվի: Կողմերը քննարկել են նաև կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութերի ընտրության վերաբերալ հարցեր: Ամփոփելով հանդիպումը` մասնակիցները փաստել են, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում առողջապահության ոլորտում բազմաթիվ բարեփոխումներ են կատարվել, և նախկինում սկսված ծրագրերը պետք է ավարտին հասցնել:    
10:47 - 26 հունվարի, 2021
Առողջապահության նախարարը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

Առողջապահության նախարարը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի, Հարավային Կովկասի Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի հետ` քննարկելու տրամադրվող ֆինանսական աջակցության հնարավոր ուղղությունները: Ռաֆայել Ժոզանը մանրամասնել է, որ ԶՖԳ-ն ներդրումներ է կատարում զարգացող երկրների 5 գերակա ոլորտներում, և այդ ներդրումային ծրագրի շրջանակներում կարևոր ուղղություն է առողջապահությունը: Հաշվի առնելով գործակալության առաջարկները` Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության նախարարության կարիքները և այն ուղղությունները, որոնց զարգացման համար անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն: Մասնավորապես, նախարարը կարևորել է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների և Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոններում վերականգնողական աշխատանքներ սկսելու անհրաժեշտությունը, մայրական մահացության նվազեցմանն ուղղված ծրագրերի իրականացումը, արյան ծառայության արդիականացման, վերականգնողական բժշկական օգնության ծառայությունների բարելավումը և այլ հարցեր: Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ 2019 թվականին առողջապահական ոլորտի զարգացման նպատակով բազմաթիվ ծրագրեր են մեկնարկել, սակայն կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում որոշները մնացել են անավարտ: «Շնորհակալ ենք Ֆրանսիայի կառավարությանը շարունակական աջակցության համար, և ուրախ եմ, որ առաջիկայում կկարողանանք անել հնարավորը՝ մի շարք ուղղություններով աշխատանքային պրոցեսներն ակտիվացնելու, առողջապահական համակարգը բարելավելու առումով, քանի որ մենք գործ ունենք շատ կարևոր և խոցելի ոլորտի հետ»,- ասել է Անահիտ Ավանեսյանը: Ժոնաթան Լաքոտը հույս է հայտնել, որ երկու երկրի միջև նշված ուղղություններով համագործակցությունը կլինի արդյունավետ, և առողջապահական ոլորտի բարելավման աշխատանքները շարունակական կլինեն:      
16:36 - 25 հունվարի, 2021
Հայաստանում COVID-19-ի համաճարակային իրավիճակը կայուն է

Հայաստանում COVID-19-ի համաճարակային իրավիճակը կայուն է

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակը ներկայումս կայուն է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահությունը: «Վարակի տարածման ռիսկը նվազեցնելու համար հանրապետության ամբողջ տարածքում կարանտինը երկարաձգվել է ևս 6 ամսով։ Դրա հետ մեկտեղ որոշ սահմանափակումներ մեղմացվել են: Կայուն իրավիճակը պահպանելու  և վարակի տարածման ռիսկն ավելի նվազեցնելու նպատակով շարունակում է կարևոր մնալ հակահամաճարակային կանոնների պահպանումը: Մեր երկիրը դեռևս գտնվում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում, այդ իսկ պատճառով հորդորում ենք լինել զգոն և շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները, այն է` կրել դիմակ, պահել առնվազն 1,5 մետր հեռավորություն և հետևել ձեռքերի հիգիենային։ Հետևելով այս կանոններին` մենք հնարավորություն կունենանք կանխել հիվանդության տարածումն ու վերադառնալ բնականոն կյանքին»,-ասված է նախարարության ֆեյսբուքյան գրառման մեջ։
14:26 - 23 հունվարի, 2021