Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահն է։ 

Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:

1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1978թ. ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի  Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնները:

1992-1996թթ․ եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Սուրբ Աթոռում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:

1996-1997թթ․ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

1998-2000թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և, համատեղության կարգով, Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն,  Եվրասիական ամենամյա մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum)  էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) պատվավոր փոխնախագահ, Եվրաատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:

2000-2013թթ․ Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու:

2013-2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

Հրաժարական է ներկայացրել 2022թ. հունվարի 21-ին:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Շնորհավորում եմ Հայրենական և Արցախյան պատերազմների բոլոր վետերաններին, երկրապահին ու ազատամարտիկին, զինվորին ու սպային, մեր ողջ ժողովրդին, Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքացիներին, ովքեր անհրաժեշտ պահի միասին դառնում են հայրենիքի պաշտպան: Շնորհավորում եմ Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին, նրանց, ովքեր ակտիվորեն մասնակցեցին ֆաշիզմի դեմ պայքարին, այնուհետև Արցախի պաշտպանությանը: Խաղաղությունն ու հաղթանակը, որպես արժեքներ, ապրելու և զարգանալու կարևոր երաշխիք են ժողովուրդների ու պետությունների համար: Շուրջ 75 տարի առաջ Երկրորդ համաշխարհային պատերազմում նաև մեր 600 հազար հայրենակիցների ջանքերով ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը խաղաղություն բերեց աշխարհին: Իսկ 27 տարի առաջ պատմական Շուշիի ազատագրումով մենք կարողացանք հաղթականորեն բեկել արցախյան պատերազմի ընթացքը: Մեր հազարավոր հայրենակիցներ են զոհվել հաղթանակներ կերտելու և խաղաղություն հաստատելու ճանապարհին: Խոնարհվում ենք նրանց անմար հիշատակի առաջ: Հարգելի՛ հայրենակիցներ, Մենք չպետք է գոհանանք միայն անցյալի ձեռքբերումներն արձանագրելով: Պետք է հաղթանակենք նաև ներկայում և բոլոր ոլորտներում, այսօ՛ր ստեղծենք վաղվա նվաճումների ամուր հիմքերը: Այսօրվա մարտահրավերներին դիմակայելու համար պետք է ունենանք մտքի հաղթանակներ՝ գաղափարներ առաջարկենք և դրանք կյանքի կոչենք բանակում ու քաղաքացիական կյանքում, սահմանին և թիկունքում, աշխատանքում ու տնտեսության մեջ, մշակույթում և գիտության մեջ: Արցախյան պատերազմում և նրա փառապսակ հանդիսացող Շուշիի ազատագրման ժամանակ հաղթեց Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր միասնական ուժը, հայի ուժը: Պետք է ամեն ջանք գործադրենք, որ մեր միասնականությունը միշտ անխախտ լինի, որպեսզի մեր հաղթանակները շարունակական լինեն, որպեսզի անխախտ լինի խաղաղությունը Հայաստանում ու Արցախում: Կրկին շնորհավորում եմ մայիսյան տոների առթիվ, մաղթում եմ բոլորիս նոր հաղթանակներ, իսկ մեր երկրին ու ժողովրդին՝ խաղաղություն և զարգացում:
06:22 - 09 մայիսի, 2019
Ինչ-որ տեղ մենք բոլորս երկրապահ ենք, աշխարհազորային. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԵԿՄ վարչության պատվիրակությանը

Ինչ-որ տեղ մենք բոլորս երկրապահ ենք, աշխարհազորային. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԵԿՄ վարչության պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայսի 7-ին հյուրընկալել է Երկրապահ կամավորների միության վարչության պատվիրակությանը՝ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ: Շնորհավորելով գալիք տոնի՝ Երկրապահի օրվա առթիվ, Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է, որ երկրապահները մեծ ներդրում ունեն Արցախի ազատագրման և ինքնիշխանության վերականգնման, մեր անկախ պետականության կայացման և անվտանգության ապահովման գործում: «Մեր պատմության բոլոր շրջադարձերում, դժվար օրերին աշխարհազորի գաղափարը միշտ ուժեղ է եղել մեր մեջ»,-ասել է նախագահ Սարգսյանը: Նա նշել է, որ արցախյան պատերազմի սկզբնական փուլում, երբ դեռևս կանոնավոր բանակ չկար, երկրի պաշտպանության պարտականությունն ընկած էր կամավորների, երկրապահների ուսերին:  «Դուք հայրենիքի պաշտպան եք, ազգի և հայրենիքի պաշտպանության սիմվոլը,-ասել է Հանրապետության նախագահը:- Ունեք մեկ առաքելություն՝ հայրենիքը՝ Հայաստանը և Արցախը, ընդհանրապես մեր ազգը պաշտպանելու առաքելություն: Եվ, իհարկե, ունեք առաքելություն՝ փոխանցելու այս բոլորը հաջորդ սերնդին»: ԵԿՄ վարչության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը, շնորհակալություն հայտնելով երկրի նախագահին ընդունելության համար, նշել է, որ երկրապահը միշտ պատրաստ է մասնակից լինել հայրենիքի պաշտպանության գործին: Նա ներկայացրել է ԵԿՄ վարչության կազմը և անդրադարձել կազմակերպության անելիքներին ու խնդիրներին: Այդ շրջանակում ԵԿՄ վարչության նախագահը կարևորել է սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակությունը և ազատամարտիկների սոցիալական խնդիրների լուծումը: Կրկին շնորհավորելով մայիսյան գալիք մեծ տոների՝ Շուշիի ազատագրման, ֆաշիզմի դեմ հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և Երկրապահի օրերի առթիվ, Հանրապետության նախագահը երկրապահներին մաղթել է քաջառողջություն և ընտանեկան երջանկություն. «Շատ բաներ ունեք՝ կամք, հերոսություն, ուժ, հիշողություն, բայց ուզում եմ, որ ամուր ու առողջ լինեք, որովհետև մեծ գործ ունեք անելու: Ծանր բեռ եք ձեր ուսերին վերցրել: Ձեր կորցրած ընկերների, մեր հերոսների հայացքը վերևից միշտ ձեզ վրա է լինելու: Ինչ-որ տեղ մենք բոլորս երկրապահ ենք, աշխարհազորային: Ես, որպես նախագահ, միշտ պատրաստ եմ ծառայել իմ երկրին, մեր ազգին և այն կարևոր գործին, որ երկրապահն է անում»:
05:53 - 08 մայիսի, 2019
Արմեն Սարգսյանն ընդունել է Արցախյան ազատամարտում զոհված օդաչուների ընտանիքների անդամներին

Արմեն Սարգսյանն ընդունել է Արցախյան ազատամարտում զոհված օդաչուների ընտանիքների անդամներին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Արցախյան ազատամարտի ժամանակ զոհված օդաչուների ընտանիքների անդամներին: Նախագահի կայքը հայտնում է, որ բարձր գնահատելով հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած օդաչուների սխրանքը՝ նախագահն իր հարգանքի և երախտիքի խոսքն է ուղղել զոհված օդաչուների ընտանիքներին: «Հայրենիքին ծառայելն ու հայրենիքի համար զոհվելը մարդկային բարձր արժանիք է, բայց հերոսի այրի լինելն ու դրանից հետո շարունակել արժանապատիվ ապրելը մեկ այլ հերոսություն է»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը: Հանդիպման մասնակիցները Հանրապետության նախագահին են ներկայացրել իրենց հուզող հարցերն ու խնդիրները: Նախագահ Սարգսյանը կարևոր ու անհրաժեշտ է համարել զոհված օդաչուների և ընդհանրապես, Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքների խնդիրների լուծումն ու հետևողական վերաբերմունքն այդ հարցում:
12:02 - 07 մայիսի, 2019
Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև տնտեսական և առևտրային համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքները:
08:52 - 03 մայիսի, 2019
Հայաստանի նախագահի հանդիպումներն ԱՄԷ ղեկավարների հետ ուղենիշ են դարձել համագործակցության համար. Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՄԷ պետնախարարին

Հայաստանի նախագահի հանդիպումներն ԱՄԷ ղեկավարների հետ ուղենիշ են դարձել համագործակցության համար. Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՄԷ պետնախարարին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղին և նրա գլխավորած պատվիրակությունը: Բարի գալուստ մաղթելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը ողջունել է միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացումը և վստահություն հայտնել, որ բոլոր այն պայմանավորվածությունները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել վերջերս ԱՄԷ կատարած իր այցի ընթացքում, իրականություն կդառնան: Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ ծրագրերի իրագործմանը: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ պետնախարար Ահմադ Ալի Ալ-Սայեղն ասել է, որ Հայաստանի նախագահի՝ ԱՄԷ այցի ընթացքում ԱՄԷ ղեկավարների հետ կայացած հանդիպումներն ուղենիշ են դարձել, որպեսզի այսօր ինքը Հայաստանում քննարկումներ անցկացնի տարբեր ոլորտների շուրջ: Նա տեղեկացրել է, որ արդեն տեղի են ունեցել հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին հանդիպումները, որոնց ընթացքում որոշակի համաձայնության են հասել մի շարք կարևոր հարցերում: Հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահն ասել է, որ ակնկալում են ավելի սերտ համագործակցություն ծավալել տնտեսության, կրթության, մշակույթի, նոր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Նշելով, որ Հայաստանում արդեն իսկ կան էմիրաթական գործարարության հաջողված օրինակներ՝ ԱՄԷ պետնախարարը կարևորել է ինչպես դրանց հետագա ծավալումը, այնպես էլ հայաստանցի գործարարների ներկայությունը էմիրաթական շուկայում:
15:58 - 02 մայիսի, 2019
«Ստեղծագործելը և արվեստը մարդկային էության ամենակարևոր որակներից են». նախագահ Սարգսյանը Creative Armenia-ի միջոցառմանը հանդես է եկել մրցանակ սահմանելու առաջարկությամբ

«Ստեղծագործելը և արվեստը մարդկային էության ամենակարևոր որակներից են». նախագահ Սարգսյանը Creative Armenia-ի միջոցառմանը հանդես է եկել մրցանակ սահմանելու առաջարկությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր ներկա է եղել Creative Armenia մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվել են «Ստվերների արվեստ» խորագիրը կրող լուսանկարչական մրցույթի արդյունքները։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև «Creative Armenia Network» նորաստեղծ հարթակը։ Նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է հիմնադրամի գործունեությունը՝ նշելով, որ ստեղծագործելը և արվեստը մարդկային էության ամենակարևոր որակներից են։«Կարծում եմ՝ մեր կյանքի ամենակարևոր որակներից կամ ապրելու ձևերից մեկը ստեղծագործ կյանքն է։ Ստեղծագործելը և արվեստ ստեղծելը միայն արվեստագետների մենաշնորհը չեն։ Արվեստ ստեղծելը նաև արհեստավորի մենաշնորհն է։ Շատ լավ գիտենք արհեստավորների, ովքեր իրենց արհեստը հասցնում են արվեստի, և սա մարդկության ամբողջ պատմության ընթացքում է: Միայն նկարը, քանդակը կամ երաժշտությունը չէ, որ արվեստի գործեր են։ Պարզ աթոռը կամ կոստյումը կարող է արվեստի գործ լինել: Անգամ պարզ մարդկային վերաբերմունքը կարող է արվեստի գործ լինել։ Եթե նայենք ամբողջ տիեզերքին, այն բացարձակապես գեղեցիկ ստեղծագործություն է։ Ամբողջ տիեզերքը շատ պարզ և հասարակ օրենքների, ընդամենը մի քանի մասնիկների միջոցով ստեղծված հսկայական բազմազանություն է: Աստված նույնպես արվեստագետ էր և ստեղծում էր գեղեցիկը։Եվ դրա արդյունքում ստեղծվել են և տիեզերքը, և մենք»,- նշել է նախագահ Սարգսյանը։ Նա ընդգծել է, որ 21-րդ դարում Հայաստանն ունի միայն մեկ ճանապարհ՝ ստեղծագործ նոր մտքերի, գաղափարների ճանապարհ։ Հանրապետության նախագահը նաեւ հանդես է եկել առաջարկությամբ. «Ուզում եմ ձեր միջոցով տարեկան մրցանակ սահմանել արվեստի այն ստեղծագործության համար, որն իր ծագումով ոչ թե արվեստից է, այլ՝ արհեստից։ Այսինքն, շինարարի, փայտագործի, մետաղագործի պարզ գործունեության արդյունք է, որը բարձր արվեստի է հասնում։ Եվ դա կլինի Արմեն Սարգսյան և Նունե Սարգսյան մրցանակ, այլ ոչ թե՝ նախագահի մրցանակ»։ Նախագահ Արմեն Սարգսյանը, հիշեցնելով ներկաներին Հանրապետության նախագահի նստավայրում մշակութային միջոցառումների մեկնարկի մասին, առաջարկել է նաև տարեկան մեկ կամ երկու անգամ նստավայրում անցկացնել ստեղծարար Հայաստանի օր։ «Ուզում եմ, որ դուք այդ տան՝ Հանրապետության նախագահի նստավայրի մասին խոսելիս, այն դիտարկեք նաեւ որպես ստեղծարար հայերի տուն»,- հայտարարել է նախագահ Սարգսյանը։
18:00 - 27 ապրիլի, 2019
Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Կատարի Պետության նորանշանակ դեսպանը

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Կատարի Պետության նորանշանակ դեսպանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ բին Համադ Սաադ Ալ Հաջրին (նստավայրը՝ ք․ Թեհրան): Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ: Հանրապետության նախագահն իր խորը երախտագիտությունն է հայտնել Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հիմնմանը կատարական կողմի ցուցաբերած մեծ աջակցության համար և ընդունել հրավերը՝ ներկա գտնվելու մեր երկրի դիվանագիտական ներկայացուցչության բացման արարողությանը: Նախագահ Սարգսյանը վերահաստատել է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին և հայր էմիր Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին ուղղված՝ Հայաստան պաշտոնական այց կատարելու իր հրավերը: Դեսպան Մոհամմեդ բին Համադ Սաադ Ալ Հաջրին Հանրապետության նախագահին է փոխանցել Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի ջերմ ողջույնները: Նորանշանակ դեսպանն ասել է, որ կներդնի իր ողջ փորձառությունը՝ նպաստելու հայ-կատարական հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը: Զրուցակիցներն արձանագրել են, որ Հայաստանն ու Կատարն ունեն համագործակցության մեծ դաշտ և հաջողությամբ կարող են փոխգործակցել մասնավորապես բնապահպանության, կրթության, գիտության, զբոսաշրջության, նոր տեխնոլոգիաների ոլորտներում:
12:30 - 26 ապրիլի, 2019
Արմեն Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Արմեն Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Այսօր համայն հայ ժողովուրդը՝ առաջադեմ մարդկության հետ, աշխարհի բոլոր մայրցամաքների վրա ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված և իրականացված հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է, իրենց պատմական բնօրրանում բռնությունների ենթարկված և հայրենի հողից տեղահանված մեր բազմաթիվ հայրենակիցների ողբերգությունը վերստին հիշելու, մեր կորցրած հոգևոր, նյութական ու մշակութային արժեքների մասին հիշեցնելու, մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության մասին աշխարհին ևս մեկ անգամ բարձրաձայնելու, սթափության և ժխտողականության դեմ պայքարի կոչելու օրը: Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է: Հայոց ցեղասպանության անպատժելիությունը դուռ բացեց մարդկության դեմ հետագա ծանր հանցագործությունների և ցեղասպանությունների առջև: Հիշենք Հոլոքոստը, Կամբոջան, Ռուանդան եւ մյուս ողբերգությունները: Այն զգոնության դաս պետք է լինի բոլորի համար: Մարդկության դեմ գործած այդ ահավոր ոճրի միջազգային ճանաչումը և դատապարտումը կարեւոր քայլ պետք է դառնա դրա կրկնությունը աշխարհում որևէ տեղ բացառելու նպատակով: Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր այն պետություններին, միջազգային կառույցներին և կազմակերպություններին, հոգևոր պետերին և քաղաքական առաջնորդներին, մշակութային, ակադեմիական և գիտական շրջանակների ներկայացուցիչներին, անհատներին, որոնք իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին և ճանաչում ու դատապարտում Հայոց ցեղասպանությունը: Այսօր գլուխ խոնարհելով սուրբ նահատակների հիշատակի առջև՝ միևնույն ժամանակ մենք վկայում ենք վերապրելու և մեր Հայրենիքը վերակերտելու աննկուն կամքը: Վերապրողների ժառանգներիս պարտքն է համախմբվել մեր ազգային իղձերի շուրջ, հավատարիմ մնալ մեր ինքնությանն ու արժեքներին, խթանել ժողովրդի ստեղծարար ուժերը, կերտել դինամիկ զարգացող ժամանակակից Հայաստան, որը հպարտության առարկա կլինի աշխարհի բոլոր հայերի համար և ունակ՝ պաշտպանելու հայ ժողովրդի անանց իրավունքները:
05:31 - 24 ապրիլի, 2019
Այդ օրերին ես փորձում էի զգացմունքներ չունենալ․ Արմեն Սարգսյան |civilnet.am|

Այդ օրերին ես փորձում էի զգացմունքներ չունենալ․ Արմեն Սարգսյան |civilnet.am|

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է Թավշյա հեղափոխության օրերին իր քայլերի ու մտածմունքների մասին։  - Մենք այժմ մոտենում ենք անցյալ տարի տեղի ունեցած հեղափոխության միամյակին։ Դուք առանցքային դեր ունեցաք այդ փոթորկոտ իրավիճակում, նպաստելով, որ երկիրը նախորդ վարչակարգից ներկայիս վարչակարգին անցումը կատարի սահուն։ Ի՞նչ էիք զգում ու մտածում այդ ժամանակ։ Ենթադրում եմ՝ անհանգստացած էիք, հույսով լի։ Ո՞րն էր Ձեր ունեցած դերը այդ անցման մեջ, որ հետհայաց կարող ենք ասել՝ սահուն էր։ - Կփորձեմ։ Վստահ եմ՝ գիտեք, որ ապրիլի 9-ին, երբ ստանձնեցի Հայաստանի հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնը, նաև նոր դարաշրջան սկսվեց, որովհետև Հայաստանը դարձավ խորհրդարանական հանրապետություն։ Խորհրդարանական հանրապետության նախագահը օժտված չէ գործադիր իշխանությամբ։ Նա պետության գլուխն է, Սահմանադրության պահապանը, սակայն գործադիր իշխանություն չունի։ Սա նշանակում է՝ նախագահը չի կարող հրաման արձակել, օրինակ՝ ոստիկանությանը, անվտանգության ուժերին կամ զինվորականներին, անել կամ չանել այս կամ այն գործողությունը։ Այդ տեսանկյունից, երբ ես ստանձնեցի նախագահությունը, գործընթացը, որը սկսվել էր որպես ընդդիմության շարժում, մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում արագորեն վերաճեց հեղափոխության՝ հայտնի Թավշյա հեղափոխություն անվամբ, որը ես կցանկանայի վերանվանել «Հեղափոխություն հայկական ոճով», քանի որ դա պատմության մեջ երբևէ տեղի ունեցած ամենասահուն հեղափոխություններից մեկն է։ Հեղափոխություն, որը չբերեց մարդկային զոհերի կամ վիրավորների, և մենք բոլորս կարող ենք հպարտանալ դրանով։ Ինչ վերաբերում է զգացմունքներին, այդ օրերին ես փորձում էի զգացմունքներ չունենալ, քանի որ ի վերջո մեկը պետք է շատ սթափ լիներ, ինչ-որ մեկը, որ… Հատկապես նախագահը, պետք է շատ սթափ ու սառը դատեր, փորձեր ամեն ինչ հնարավոր դարձնել, եթե անցում կա, ապահովել, որ այդ անցումը սահուն ու առանց դրամայի լինի և առանց կյանքերի կորստի, ինչը շատ ցավալի կլիներ։ Պետք էր նաև այնպես անել, որ երկու կողմերում գտնող մարդիկ երկխոսեն։ Դա էր պատճառներից մեկը, միջոցներից մեկը, որ ես գնացի Հանրապետության հրապարակ և հանդիպեցի այն ժամանակ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչը շատ հետաքրքիր էր։ Այն վայրկյանին, երբ որոշեցի գնալ, երբ սկսեցի քայլել նախագահական նստավայրից, քսան-երեսուն զանգ ստացա, որ ինձ ասում էին չանել նման բան։ Բայց ես համոզված էի, որ դա է ճիշտը։ Եվ իսկապես պատիվ էր, երբ քայլում էի դեպի հրապարակ, և մարդիկ աջակցում էին ինձ։ Իհարկե, ապագա վարչապետի կամ այն ժամանակ ընդդիմության առաջնորդի հետ այդ քննարկումները անցան հազարավոր մարդկանցով շրջապատված, և մենք ստիպված էինք գոռալ իրար ականջի, այդքան բարձր էր աղմուկը։ Բայց դա կարծես սկիզբն էր երկխոսության գործընթացի փորձի։ Ցավոք, հաջորդ օրը այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև երկխոսությունը բոլորովին չստացվեց։ Մենք գիտենք այդ պատմությունը, չեմ պատմի այն ևս մեկ անգամ։   Ավելին՝ civilnet.am-ում  
13:21 - 23 ապրիլի, 2019
ՀՀ նախագահը կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու վերաբերյալ |armenpress.am|

ՀՀ նախագահը կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու վերաբերյալ:  «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը և նպատակ ունենալով ապահովել Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորության իրականացումը. 1. Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին՝ 1) մինչև ս. թ. ապրիլի 19-ը կազմակերպել Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման վերաբերյալ հայտարարության, ինչպես նաև Սահմանադրությամբ և օրենքներով դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջների և դրանք հավաստող փաստաթղթերի ցանկի տեղադրումը՝ Հանրապետության նախագահի աշխատակազմ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանելով ս. թ. մայիսի 3-ը, ժամը 18:00, 2) մինչև ս. թ. մայիսի 6-ը Հանրապետության նախագահին փոխանցել Սահմանադրական դատարանի դատավորի թեկանածության համար դիմած հավակնորդների ցուցակը և նրանց կողմից ներկայացված փաստաթղթերը (պատճենները), 3) մինչև ս. թ. մայիսի 15-ը կազմակերպել անհատական զրույցներ Հանրապետության նախագահին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության համար դիմած, ինչպես նաև Հանրապետության նախագահի կողմից առաջարկված այլ հավանական հավակնորդների հետ, 4) Հանրապետության նախագահի հանձնարարությամբ կազմակերպել Հանրապետության նախագահի հանդիպումները իրավաբան-գիտնականների, իրավաբանական համայնքի հեղինակավոր այլ ներկայացուցիչների հետ՝ Սահմանադրական դատարանի դատավորի հնարավոր թեկնածուի վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով»,- ասված է ՀՀ նախագահի կարգադրությունում: 
15:32 - 18 ապրիլի, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է բրիտանական Arc Publications հրատարակչատան ներկայացուցիչներին

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է բրիտանական Arc Publications հրատարակչատան ներկայացուցիչներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է բրիտանական Arc Publications հրատարակչատան տնօրեն Թոնի Ուորդին և խմբագիր Անջելա Ջարմենին: Բարձր գնահատելով հրատարակիչների աշխատանքը՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես կարևորել է հայկական գրական ստեղծագործությունների թարգմանաբար հրատարակումն ու սփռումն աշխարհի տարբեր երկրներով: Հրատարակչատան ներկայացուցիչները նշել են, որ մեծապես տպավորված են Հայաստանով, հայկական մշակութային և գրական ժառանգությամբ: Անդրադառնալով Arc Publications-ի կողմից Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» գրքի երկլեզու՝ հայերեն և անգլերեն տարբերակի լույս ընծայմանը՝ նրանք նշել են, որ դա կարևոր քայլ է լինելու Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը ողջ աշխարհում ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ:
11:19 - 17 ապրիլի, 2019