ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Արամ Թորոսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

Արամ Թորոսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով Արամ Թորոսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար: Ծնվել է 08.01.1993թ., Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում: 1999-2009թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ք. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թ. 139 միջնակարգ դպրոցը: 2009-2013թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնում: 2011-2013թթ. աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Արխիվի և արխիվագիտության բաժնում՝ որպես լաբորանտ: 2013-2015թթ. ծառայել է Պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանում: Ծառայության տարիներին, որպես պաշտպանական շրջանի սերժանտական խորհրդի նախագահ և ՊԲ «Մարտիկ» պաշտոնաթերթի արտահաստիքային թղթակից, պարգևատրվել է պատվոգրերով, շնորհակալագրերով և գերատեսչական կրծքանշաններով: 2015-2017թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրայում: 2015-2016թթ. շարունակել  է աշխատանքը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արխիվի և արխիվագիտության բաժնում՝ որպես լաբորանտ: 2017թ. փոխադրվել է Մատենադարանի կայքէջի խմբագրի և Մատենադարանի հանրային կապերի համակարգողի պաշտոնին: 2018թ. նշանակվել է Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 2019-2022թթ. նշանակվել է Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրենի պաշտոնին: Պարգևատրվել է Արցախի «Երախտագիտություն» մեդալով, «Ղարաբաղյան շարժում-25» հուշամեդալով:  Անկուսակցական: Ամուսնացած է, ունի մեկ զավակ:
14:26 - 12 հուլիսի, 2022
Չի կարող լինել սահմանային միջադեպ, որի մասին ՀՀ պաշտպանության նախարարությունը լռի. Արման Սարգսյան
 |armtimes.com|

Չի կարող լինել սահմանային միջադեպ, որի մասին ՀՀ պաշտպանության նախարարությունը լռի. Արման Սարգսյան |armtimes.com|

armtimes.com: Չի կարող լինել սահմանային միջադեպ, որի մասին ՀՀ պաշտպանության նախարարությունը լռի։ Նախարարություն չի կարող ոչինչ թաքցնել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այսօր ադրբեջանական ստորաբաժանումների կողմից խոշոր տրամաչափի զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացելուն՝ ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը: Փոխնախարարը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, սակայն նշեց՝ ինչո՞ւ է Ադրբեջանը վերջին երկու օրերի ընթացքում Վայոց ձորի մարզի սահմանային ուղղությամբ հնչեցնում կրակոցներ։ «Մեր սահմանը փոխվել է։ Ճիշտ է, Վայոց ձորը սահմանամերձ է եղել, բայց մեր ամբողջ սահմանային բնագիծը փոփոխության է ենթարկվել։ Չի բացառվում, որ այլ վայրերում ևս հնչեն կրակոցներ կամ հնչել են կրակոցներ»,- ասաց նա։ Անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞ւ Ադրբեջանի նման վարքագծին Հայաստանը արժանի հակահարված չի տալիս և հանդես է գալիս զոհի կարգավիճակում՝ փոխնախարարը շեշտեց. «Մենք զոհի կարգավիճակում չենք»։
13:53 - 12 հուլիսի, 2022
Հորը 44-օրյա պատերազմի պատճառով անհետ կորած ներկայացնելով՝ պետությունից խարդախությամբ ստացել են 11 միլիոն դրամ. ՊՆ

Հորը 44-օրյա պատերազմի պատճառով անհետ կորած ներկայացնելով՝ պետությունից խարդախությամբ ստացել են 11 միլիոն դրամ. ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում (ՀՀ ՊՆ ՌՈ ՔՀԲ) ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ենթադրյալ ապօրինություններ։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ 12.11.2020թ. քաղաքացի Խ.Ա.-ի դուստրը՝ Ա.Ա.-ն, դիմում է ներկայացրել «Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց» հանձնաժողովին, որում նշել է, թե իր հայրը, որն, ըստ նրա՝ մասնակցել է 44-օրյա պատերազմին, տնից դուրս է եկել և այլևս տեղեկություն չեն ունեցել նրանից: Դիմումի հիման վրա Խ.Ա.-ն ընդգրկվել է անհետ կորած զինծառայողների և կամավորագրված անձանց անվանացանկում: 30.07.2021թ. Ա.Ա.-ն դիմել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /դատական գործ Կ/Դ8867/02/21/ Խ.Ա.-ին անհետ բացակայող ճանաչելու հայցով և դատարանում հայտարարել, որ հայրը կամավոր մասնակցել է 2020 թ․ 44-օրյա պատերազմին, ու նրա վերաբերյալ երկար ժամանակ տեղեկություններ չունի: 22.11.2021թ. նույն դատարանի վճռով Խ.Ա.-ն ճանաչվել է անհետ բացակայող, և համաձայն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի՝ Խ.Ա.-ի գծով շահառուներ են ճանաչվել նրա դուստրերը՝ Ա.Ա.-ն և Ա.Ա.-ն և յուրաքանչյուրին վճարվել է 5.000.000 ՀՀ դրամ, որպես միանվագ գումար և 500.000 ՀՀ դրամ՝ որպես 2022թ․ մարտ-հունիս ժամանակահատվածի ամսական վճար, ընդհանուրը՝ 11.000.000 ՀՀ դրամ: ՊՆ ՌՈ ՔՀԲ աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Խ.Ա.-ն 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում չի զորակոչվել, չի կամավորագրվել և չի զոհվել: Խ.Ա.-ն հայտնաբերվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում և պարզաբանել, որ դեռևս 2019թ. հուլիսին իր դուստրերին տեղեկացրել է, որ մեկնում է Արցախի Հովտաշեն համայնք՝ մշտական բնակության: Խ.Ա.-ն հայտնել է նաև, որ 44-օրյա պատերազմին չի մասնակցել: Հաշվի առնելով, որ Ա.Ա.-ի, Ա.Ա.-ի և ՊՆ պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ ի հայտ են եկել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ (խարդախություն) և 550-րդ (զինվորական պաշտոնեական անփութություն) հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ ԶՔԳՎ՝ հետագա ընթացքը որոշելու համար:
17:10 - 08 հուլիսի, 2022
ՀՀ ՊՆ-ն պարզաբանել է զինծառայողների բնակարանային ապահովման նոր ծրագրից օգտվելու կարգը

ՀՀ ՊՆ-ն պարզաբանել է զինծառայողների բնակարանային ապահովման նոր ծրագրից օգտվելու կարգը

Ռազմաուսումնական հաստատություններ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ընդունված, այն ավարտած և սպայական ծառայության անցած զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվեն բնակարաններ: ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է, որ ռազմաուսումնական հաստատություն ընդունված քաղաքացիների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը սահմանվել է 20 տարի, որից ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետը՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն, իսկ ուսումնառությունն ավարտելուց հետո՝ որպես հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն: «Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և ՀՀ ՊՆ համակարգում, կամ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվի բնակարան՝ նրա հետ կնքելով անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր: Անհատույց օգտագործման իրավունքով բնակարան հատկացնելու կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հատկացված բնակարանի օգտագործումը և տիրապետումը զինծառայողի համար ներառում է նաև բնակարանը վարձակալությամբ տրամադրելու իրավունքը: Սահմանված ժամկետով կնքված պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը լրանալու կամ մինչև պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և օրենքով սահմանված կարգով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքերում հատկացված բնակարանը զինծառայողին տրամադրվում է անհատույց սեփականության իրավունքով: Օրենքով սահմանված այլ հիմքերով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիրը վաղաժամկետ լուծվելու դեպքերում անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը համարվում է լուծված և հատկացված բնակարանի նկատմամբ դադարում է զինծառայողի անհատույց օգտագործման իրավունքը: Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու (մահանալու) դեպքում, զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանը անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին: Ծրագիրը ենթադրում է զինծառայողներին անհատույց օգտագործման, իսկ համապատասխան պայմանների դեպքում՝ նաև սեփականության իրավունքով Երևան քաղաքում 3 սենյականոց (մինչև 90ք.մ.) բնակարանի հատկացում՝ ՀՀ ՊՆ կողմից պատրաստի բնակարանների ձեռքբերման միջոցով։ Հավելյալ տեղեկությունների և ծրագրին մասնակցելու համար դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ»,- ասվում է պարզաբանման մեջ։
20:27 - 07 հուլիսի, 2022
Կառավարությունը նախատեսում է զորակոչից տարկետում տալու հնարավորություն սահմանել առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով սովորողների համար

Կառավարությունը նախատեսում է զորակոչից տարկետում տալու հնարավորություն սահմանել առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով սովորողների համար

Կառավարության այսօրվա նիստին անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝գործադիրը հավանություն է տվել  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հնարավորության սահմանմամբ: Ըստ հիմնավորման, քաղաքացիների կրթության հիմքով տարկետում տրամադրելու գործող ընթացակարգով բակալավրի կրթական ծրագրով սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրվում է համապատասխան օլիմպիադաներում մրցանակակիր լինելու և  http://www.shanghairanking.com/ կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու համար, իսկ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում նաև համապատասխան նվաճումներ ունենալու և կարգով սահմանված նշանակալի նվաճումների հաշվարկի մեթոդաբանությամբ համապատասխան միավորներ ունենալու դեպքում: Նշված ձևաչափով կարգը կիրառվել է ավելի քան 6 անգամ, և արդեն միանշանակորեն կարելի է պնդել, որ գործող կարգավորումներով դրա կիրառումը հանգեցնում է մի շարք անտրամաբանական հետևանքների, մասնավորապես, ստացվում է այնպես, որ բակալավրի կրթական ծրագրով տարկետման իրավունքով կրթություն ստանալու համար քաղաքացին եթե օլիմպիադաների մրցանակակիր չէ, ապա պետք է մեկնի արտերկիր սովորելու: Նշված կարգավորման պատճառով ՀՀ-ում գործող բուհերը շատ տաղանդավոր ուսանողների համար դառնում են ոչ մրցունակ, որի պատճառով մեր բուհերը կորցնում են լավագույն ուսանողներ, իսկ պետությունը ՀՀ-ում սովորող և ապագայում գիտելիքները գիտության և մասնագիտական ոլորտում կիրառող մի շարք քաղաքացիների: Նշված կարգավորումը նաև սոցիալական անհավասարություն է առաջ բերում, քանի որ շատ քաղաքացիներ չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ՝ նույնիսկ կրթաթոշակի առկայությամբ, բայց ունենալով համապատասխան գիտելիքներ չեն կարողանում տարկետման իրավունքով կրթություն ստանալու հնարավորություն ունենալ:   Հետևաբար բակալավրի կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար տարկետում տրամադրելու գործող համակարգը չի նպաստում ՀՀ գիտակրթական համակարգի զարգացմանը, չի ապահովում համապատասխան գիտելիքներով բանակ զորակոչիկներով ապահովումը, ինչպես նաև սոցիալական անհավասարություն է ստեղծում: Նախագծով ամրագրվում է, որ պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորելու հանգամանքը տարկետման տեսանկյունից համարվելու է նպատակային ուսուցում, իսկ բուհերը և համապատասխան մասնագիտություններով սովորելու կարգը և պայմանները սահմանելու է կառավարությունը: Կարևոր նշանակություն ունեցող մասնագիտությունները հետաքրքրիր և հեռանկարային չեն համարվում երիտասարդության և դիմորդների շրջանում: Առկա իրավիճակում այդ մասնագետներով ոչ համալրվածության և բացակայության պայմաններում պետության անվտանգության և գիտատեխնիկական զարգացման համար կարևորագույն ոլորտները չեն կարող ունենալ զարգացման հեռանկար: Սույն փոփոխությունների իմաստով պետությունը նպատակային ուսուցման բաղադրիչ է դիտարկում կարևորագույն ոլորտներում մասնագետների պատրաստումը և կրթության շարունակականության և զարգացման ապահովումը: Անվճար հիմունքներով բուհ ընդունված ու շարունակություն ապահովող և ուսումնառությունը բարձր առաջադիմությամբ սովորելու հանգամանքը, պետության կարիքների համար որակյալ կադրերի պատրաստումը, ապահովումը  և այդ կադրերով վերոնշյալ ոլորտների զարգացմանն նպաստելը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը: 27 տարին լրանալը զորակոչի ենթակա լինելու առավելագույն շեմ սահմանելը կրթության ոլորտում տարկետում ունեցող քաղաքացիների համար ստեղծում է մի շարք խոչընդոտներ, որն հնարավորություն չի տալիս տարկետում ունեցող քաղաքացիների ավարտել ուսումը: Նման տարիքային շեմ սահմանելու ժամանակ դպրոցական կրթությունը ՀՀ-ում եղել է 10 ամյա և քաղաքացիները 17 տարեկանում ավարտելով դպրոցը հնարավորություն են ունեցել մինչև 27 տարեկան լրանալը ավարտել բարձրագույն կրթություն ստանալը՝ կրթական բոլոր աստիճաններով: Սակայն 12-ամյա կրթության անցնելուց հետո, քաղաքացիները համալսարան են ընդունվում 18 տարեկանում և հնարավորություն չեն ունենում ավարտել ասպիրանտական կրթությունը:  Անդրադառնալով օրենքի նախագծին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանով  տարկետման ինստիտուտը վերադարձվում է  բուհական համակարգ: «Այստեղ կարևոր է արձանագրել, որ մենք այդ որոշումը կայացնում ենք՝ կառավարության համար թողնելով հասցեականության որոշակի հայեցողություն: Այսինքն՝ ոչ թե ասելու ենք, որ բուհեր ընդունվող ինչ-որ շերտ ազատվում է կամ տարկետում է ստանում պարտադիր զինվորական ծառայությունից, այլ ամեն տարվա համար մենք որոշակի հասցեական որոշակի մասնագիտություններ, որոշակի բուհերի կտանք տարկետման հնարավորություն ունեցող տեղեր՝ կախված Կառավարության ծրագրի և գործունեության առաջնահերթություններից: Շատ կարևոր է մի հանգամանք՝ կառավարությունն իր որոշումներով հնարավորություն կունենա որոշակի լրացուցիչ պայմաններ առաջադրել այդ տեղերում ընդունելության հավակնող դիմորդների համար: Պարոն Դումանյանը նշեց բուհերում երիտասարդ դասախոսների խնդիրը, ես կընդգծեմ հեռավոր գյուղերում ուսուցիչների պակասի խնդիրը: Եվ մենք այս հարցերը պետք է կարողանանք կառավարել և կարգավորել»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է ստեղծվեն  նաև  մեխանիզմներ այդ ուսանողների պարտավորությունների կատարմանը հետևելու համար: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև  կրթական համակարգում ներկայում իրականացվող  բարեփոխումները և նշել. «Մենք հիմա քննարկում ենք նաև, թե բուհական համակարգում ինչպիսի բովանդակային և կառուցվածքային փոփոխություններ պետք է իրականացնենք, և սա կարող ենք համարել այդ ճանապարհի, շղթայի օղակներից մեկը: Այն կարևոր է  նաև բուհական համակարգի գրավչությունը բարձրացնելու առումով: Իհարկե,  սա վերաբերելու է մյուս ուսումնական տարվա ընդունելության քննություններին, այս տարվա վրա հասկանալիորեն չի տարածվում, որովհետև այն  բավականին բարդ մեխանիզմ է, և մենք պետք է դեռ աշխատենք այդ ուղղությամբ, լրամշակենք»: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ընդունելությանն քննություններին և նշել. «Դուք նկատել եք, որ Հայաստանում ընդունելության քննություններն անաղմուկ են անցնում: Դրա պատճառներից է նաև այն, այս տարկետման ինստիտուտը չկա,  դրանով հետաքրքրությունն էականորեն նվազել է: Նախորդ շրջանի փորձից գիտենք, որ շատերը բուհ ընդունվում են ոչ թե կրթություն ստանալու նկատառումներով, այլ տարկետման իրավունքից օգտվելու համար: Եվ այստեղ այս մի տարվա ընթացքում մեր աշխատանքի կարևոր հատվածներից  է երկու ինստիտուցիոնալ և ֆունդամենտալ խնդիր լուծել: Դրանցից մեկը ընդունելությունների քննությունների օբյեկտիվ համակարգ ունենալն է, որովհետև այդ սուբյեկտիվիզմի դրսևորումները շատ մեծ խնդիր են առաջացնելու: Եվ երկրորդ՝ գիտական թեզերի պաշտպանության թեման, որտեղ նույնպես գիտենք, որ ունենք պրոբլեմներ: Այսինքն՝ այստեղ միայն ընթացակարգեր և կառուցակարգեր ունենալու հարցը չէ: Շատ կարևոր է նաև նախորդող և հաջորդող շրջանի հետ կապված ունենալ կարգավորումներ, որպեսզի  մեր նպատակին կարողանանք հասնել և ոչ թե ընդամենը միջանցք բացենք այլևայլ դրսևորումների համար: Ես կարծում եմ՝ ժամանակը բավարար է, որպեսզի մենք այդ հարցերին անդրադառնանք»: Հավանության է արժանացել նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծի համաձայն պարտադիր զինվորական ծառայությունից կարող է ազատվել նաև այն քաղաքացին, ով որպես օտարերկրյա քաղաքացի ՀՀ քաղաքացիություն է ստացել որևէ մարզաձևի ՀՀ հավաքական թիմում (որևէ տարիքային խմբի) հանդես գալու համար և մինչև 2021 թվականի մայիսի 1-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրել է: Կառավարությունը հավանություն է տվել ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:  Օրինագծով, մասնավորապես՝ առաջարկվում է «Հավելվածով նախատեսված գործունեության ոլորտներում Կառավարության քաղաքականության իրականացումը ենթադրում է նաև նախարարությունների կողմից համապատասխան ոլորտում կառավարության քաղաքականության իրականացման մոնիտորինգ և գնահատում:»: Նախագծի ընդունմամբ նախատեսվում է հստակեցնել ոլորտային քաղաքականությունների նկատմամբ մոնիտորինգ և գնահատում իրականացնելու իրավասությունների առկայությունը:
15:26 - 07 հուլիսի, 2022
Շուրջ 2000 զինծառայողի մասով նախկինից չմարված պարտավորություններ կան. Պապիկյանը՝ բնակարանով ապահովման հարցի մասին |armenpress.am|

Շուրջ 2000 զինծառայողի մասով նախկինից չմարված պարտավորություններ կան. Պապիկյանը՝ բնակարանով ապահովման հարցի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 1993 զինծառայողի մասով նախկինից չմարված պարտավորություններ կան, պետությունը 2019 թվականից մինչև այսօր բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն է տրամադրել 557 զինվորական կենսաթոշակառուի, մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով 2019 թվականից մինչև օրս 472 զինծառայող ձեռք է բերել բնակարաններ: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ նիստում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում՝ անդրադառնալով  այն քննարկումներին, թե նախկինում էլ սպանեցին բնակարանով ապահովում իրականացվել է: Նախարարը նախ ներկայացրեց, թե նախկինում չկատարված ինչ պարտավորություններ կան այս պահին կառավարության ուսերին: «Այս պահին ՀՀ պաշտպանության նախարարության բնակարանային հաշվառման հերթացուցակում ընդգրկված են 1188 զինծառայողներ, 805 զինվորական կենսաթոշակառուներ: Ընդհանուր առմամբ 1993 զինծառայողի մասով նախկինից չմարված պարտավորություններ կան: Այսինքն՝ խոսքը շուրջ 2000 շահառուի մասին է»,-ասաց Պապիկյանը: Ապա նախարարը ներկայացրեց, թե կառավարությունը 2019-ից մինչև այսօր բնակարանով ապահովման ինչքան պարտավորություն է մարել: «2019 թվականից առ այսօր ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի կողմից քննարկվել և բնակարան ձեռք բերելու համար բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն է տրամադրել 557 զինվորական կենսաթոշակառուի: Նրանք այն անձինք են, ում նկատմամբ պետությունը ունեցել է պարտավորություն, պարտավորությունները մարվել են»,-ասաց նախարարը: ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով 2019 թվականից մինչև օրս 472 զինծառայողներ հիփոթեքային վարկավորման ծրագրով ձեռք են բերել բնակարաններ:  «Այսինքն՝ ընդհանուր առմամբ շուրջ 1000 զինծառայողի կարիքներ հոգացել ենք 2019-2021 թվականներին»,-ասաց նախարարը: Ամեն տարի կառավարության որոշմամբ 500 զինծառայող կարող է օգտվել ծրագրից:  Նրանք վիճակահանության միջոցով այդ իրավունքը ձեռք են բերում: «Այս տարի մենք 500 տեղի համար ունենք 1013 դիմորդ: Բնականաբար 500 տեղի համար արդեն իսկ իրենց իրավունքները ստացել են մեր զինծառայողները, վարչապետի որոշմամբ մնացած 513 շահառուի կարիքները ևս կբավարարենք կառավարության առաջիկա նիստերից մեկում, փաստաթղթերն արդեն իսկ շրջանառվում են»,-հայտնեց նախարարը: Պապիկյանը վստահեցնում է՝ որքան էլ, որ այդ պարտավորությունները ժառանգված են, դրանք իրենցն են՝ կառավարությանը և իրենք այդ պարտավորությունները պետք է կատարեն: «Մենք հետևողական ենք ոչ միայն նախկինում եղած պարտավորությունների նկատմամբ, այլ նաև որպես շահառուի չգրանցված գործող սպաների կարիքները ևս հիփոթեքային արտոնյալ վարկավորմամբ կարգավորելու համար»,-եզրափակեց Պապիկյանը:
15:08 - 07 հուլիսի, 2022
ԱԺ-ն ընդունեց ռազմաուսումնական հաստատությունն ավարտած սպային Երևանում բնակարանով ապահովելու նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն ընդունեց ռազմաուսումնական հաստատությունն ավարտած սպային Երևանում բնակարանով ապահովելու նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և Պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպան Երևանում կստանա 3 սենյականոց բնակարան: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորրդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ԱԺ-ում՝ ստանալով 58 կողմ ձայն: Առաջարկվող բնակարանային ապահովությունը ենթադրում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարանների հատկացում, իսկ 20 տարվա զինվորական ծառայության ժամկետը լրանալու, ինչպես նաև՝ մինչև պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը զինծառայողին անհատույց սեփականության իրավունքով տրամադրում: Բացի այդ նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի զինվորական ծառայության հետ պատճառական կապով, այն է՝ զոհվելու դեպքում, զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է նրա ընտանիքի անդամներին: Ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողների պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 20 տարի: Սպան բնակարանի սեփականության իրավունքը կստանա 20 տարվա զինվորական ծառայությունից անմիջապես հետո: Այսպիսով՝ զինծառայողը Երևան քաղաքում կստանա 3 սենյականոց բնակարան, որի առավելագույն արժեքը 28.5 մլն դրամ է սահմանված:  Օրենքի նախագծում առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կատարվել են որոշակի լրացումներ՝ առաջարկվող բնակարանային ապահովության իրավունքը նաև սահմանապահ զորքերում սպայական պաշտոն զբաղեցնող զինծառայողների վրա տարածելու համար: «Մենք կկարողանանք նաև բնակարանով ապահովել սահմանապահ զորքերի այն սպաներին, ովքեր սովորել են մեր ռազմաուսումնական հաստատություններում և պետության հետ կնքել են 20-ամյա ծառայության պայմանագիր: Նրանց վրա կտարածվեն նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչպես այն զինծառայողների համար, որոնք կծառայեն մեր ԶՈՒ-ում»,-ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
13:13 - 07 հուլիսի, 2022
ԳՇ պետը կդառնա պաշտպանության նախարարի առաջին տեղակալ. խորհրդարանն ընդունեց նախագիծը |armenpress.am|

ԳՇ պետը կդառնա պաշտպանության նախարարի առաջին տեղակալ. խորհրդարանն ընդունեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ի պաշտոնե կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն, այն քվեարկությամբ ստացավ 58 ձայն: Փաթեթով նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները, դրանցում առանձին սահմանվում են զորահավաքային  պատրաստության և զորահավաքի ոլորտում իրավասությունները, Անվտանգության խորհրդի կողմից ընդունվող մի շարք պլաններ և ծրագրեր ներառվում են ՀՀ պաշտպանության պլանում, խմբագրվում և հստակեցվում են Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի Գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը: ԶՈՒ ապահովումների գործընթացում Պաշտպանության նախարարությանն են վերապահվում բոլոր տեսակի նյութատեխնիկական միջոցների, պահեստային տնտեսությունների կառավարման և կենտրոնացված բեռնափոխադրումների կազմակերպման գործառույթները, ԶՈՒ կարիքների համար գնումների գործընթացների իրականացման ամբողջ համալիրը:   ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ի պաշտոնե նախատեսվում է որպես Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որը, սակայն չի հանդիսանալու նախարարին փոխարինող պաշտոնատար անձ: «Փաթեթը միտված է ՊՆ-ում, ԶՈՒ-ում կառավարությունն ավելի արդյունավետ դարձնելուն, շատ էական է այստեղ ուղղաձիգ կառավարման գոյությունը, որը բերելու է նրան, որ մենք կարողանալու ենք առաջին ձեռքից ավելի մանրամասն քաջատեղյակ լինել մեր կողմից իրականացվող քաղաքացիական վերահսկողությանը»,-ասաց պաշտպանության նախարարը:
13:08 - 07 հուլիսի, 2022
Հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված եւ համապատասխան պայմանագիր կնքած զինծառայողներին անհատույց կտրամադրվի բնակարան․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված եւ համապատասխան պայմանագիր կնքած զինծառայողներին անհատույց կտրամադրվի բնակարան․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց  «Զինվորական ծառայության» և «Զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում հայտնել էր, որ  օրինագծով նախատեսվում է ռազմաուսումնական հաստատությունը ավարտած և պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար սահմանել բնակարանային ապահովության նոր տեսակ, այն է ՝ անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք։ Նա մանրամասնել էր, որ զինծառայողը Երևան քաղաքում կստանա 3 սենյականոց բնակարան, իսկ գնման գործընթացի մեկնարկը կտրվի 2023 թ․-ից։ Նախագիծը ընդունվեց 55 կողմ, 0 դեմ ձայներով։ 
16:22 - 06 հուլիսի, 2022
Ընդդիմության քաղաքական օրակարգը ոչ թե ՀՀ-ի բարօրությունն  է, այլ օր առաջ իշխանություններին ձախողման հասցնելը․ Պապիկյան

Ընդդիմության քաղաքական օրակարգը ոչ թե ՀՀ-ի բարօրությունն է, այլ օր առաջ իշխանություններին ձախողման հասցնելը․ Պապիկյան

Սա այն ճանապարհն է, որի միջոցով փորձելու ենք համակարգային փոփոխությունների գնալ և, ըստ էության, համակարգը դարձնել ավելի սահուն, ղեկավարման օղակը դարձնել վերից վար։ Այս մասին ԱԺ-ում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններին, որոնցով, ի թիվս այլնի, նախատեսվում է, որ Գլխավոր շտաբի պետը կդառնա պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։  «Սա չի նշանակում, որ մենք խուսափելու ենք Զինված ուժերին, նախարարության կողմից նախարարի կողմից քաղաքացիական վերահսկողություն իրականացնելուց, բայց սա նաև չի ենթադրում, որ մենք խուսափելու ենք քաղաքական պատասխանատվություն կրելուց»։ «Որպեսզի տարընթերցումներ ու այլ հարցեր չառաջանան, շատ հստակ եմ ասում՝ իշխանությունը, որ ժողովուրդը արտոնել է մեզ, մեզ իրավունք է վերապահում և մենք պատրաստվում ենք մեր իշխանությունը իրացնել ամբողջությամբ։ Սուրեն Պապիկյանը նաև ընդդիմության բացակայությանը անդրադաարձավ՝ ընդգծելով, որ նրանց շարքերում շատերը զինվորական ծառայության փորձ ունեն․ «Ես այն մարդը չեմ, ով այդ գիտելիքները կամ օբյեկտիվ առաջարկները կարող էի մերժել։ Բնանակաբար, չէի մերժելու, բայց չեն հնչել այդպիսիք, պատատակերին և թաքուն քննադատությունները ես չեմ ընդունելու նույնիսկ ի գիտություն, որովհետև բարի լինեին մեր գործընկերները, գային այստեղ քննարկումների միջոցով, առաջարկների միջոցով, օրենքով իրենց վերապահված լիազորությունների և այո պարտավարությունների, որովհետև ՀՀ քաղաքացին տիկնանց և պարոններին ուղարկել է այստեղ ծառայելու ի շահ ՀՀ-ի, ոչ ի շահ իրենց քաղաքական օրակարգի։ Իրենց քաղաքական օրակարգը, ես վստահ եմ, ոչ թե ՀՀ-ի բարօրությունն  է, այլ օր առաջ իշխանություններին ձախողման հասցնելը, հանգեցնելը»։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը երկիրը փորձում է մղել դեպի անորոշություն․ «Ընդդիմության ԱԺ պատգամավորը իրեն իրավունք է վերապահում, երևի շփոթել է, որ ինքը այլևս չի զբաղեցնում գերատեսչության ղեկավարի պաշտոնը կամ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, զանգել է զինվորականներից մեկին, մասնավորապես՝ գլխավոր զինկոմին և ինչ-որ հարցադրումներ է արել՝ ի՞նչ իրավունքով եք զորակոչում ընդդիմության երիտասարդներին, պատանիների։ Ժողովուրդ, դուք ՀՀ քաղաքացի եք, թե՞ ոնց։ Ճիշտ է ասվում, երկիրը Երևանում պաշտպանելը, փրկելը  հեշտ է, երբ դա կատարվում է փափուկ, հանգիստ, բայց իհարկե չեք փրկում, դուք ընդամենը անում եք այն, ինչի մասին խոսեցի։ Փորձում եք մեզ մղել դեպի անորոշություն, մեր երկիրը տանել դեպի անորոշություն»։ Պապիկյանը ընդդիմադիրներին կոչ արեց այլևս չզանգել զինվորականներին կամ քողարկված կոչեր անել զինվորականներին․ «Նման կոչերը նաև քաղաքական պատասխանատվություն և կարծում եմ, որ մեր իրավապահները այս առումով պետք է ուշադիր լինեն, որովհետև իմ ականջին նման քողարկված կոչեր հասել են»։
16:11 - 06 հուլիսի, 2022
Գլխավոր շտաբի պետը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ․ ԱԺ-ն քննարկեց կառավարության ներկայացրած նախագիծը

Գլխավոր շտաբի պետը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ․ ԱԺ-ն քննարկեց կառավարության ներկայացրած նախագիծը

Սուրեն Պապիկյանը այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում Պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծով օրենքում  նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները՝ նպատակ ունենալով ամրագրել Սահմանադրության մի շարք հոդվածներով կառավարությանը վերապահված իրավասությունները։  Այնուհետ Պապիկյանը ներկայացրեց նախատեսվող փոփոխությունները․ •  ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան ՀՀ տարածքից դուրս զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ  կամ ռազմական գործողությունների մասնակցության, ռազմական դրություն հայտարարելու, պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին Ազգային ժողովին առաջարկություն ներկայացնելու, ԱԺ նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու, ինչպես նաև Զինված ուժերի գործունեության ուղղությունն ապահովող ուղղություններով որոշումների ընդունման։  •  Առանձին խմբավորվում և սահմանվում են զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ոլորտում իրավաությունները՝ նպատակ ունենալով դրանց հաղորդել համակարգային բնույթ։  •  Անվտանգության խորհրդի կողմից ընդունվող մի շարք պլաններ և ծրագրեր ներառվում են ՀՀ պաշտպանության պլանում՝ որպես Սահմանադրությամբ սահմանված պաշտպանության հիմնական ուղղությունները ներառող մեկ միասնական փաստաթուղթ։ Խմբագրվում և հստակեցվում են պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ու պաշտպանության նախարարի ու գլխավոր շտաբի պետի լիազորություների շրջանակը՝ այդ առումով Զինված ուժերի ապահովումների գործընթացում Պաշտպանության նախարարությանը վերապահելով բոլոր տեսակի նյութատեխնիկական միջոցների, պահեստային տնտեսությունների կառավարման և կենտրոնացված բեռնափոխադրումների կազմակերպման գործառույթները, Զինված ուժերի կարիքների համար գնումների գործընթացների իրականացման ամբողջ համալիրը։  •  ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ի պաշտոնե նախատեսվում է որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որը, սակայն, չի հանդիսանալու պաշտպանության նախարարին փոխարինող պաշտոնատար անձ, ինչպես նաև այդ կապակցությամբ առանձնահատուկ կարգավորումներ են կատարվում նաև պետական կառավարման համակարգը կանոնակարգող մի շարք այլ օրենքներում։  •  Աշխարհազորի համակարգի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու դեպքում Գլխավոր շտաբի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի փոխարեն աշխարհազորի անմիջական ղեկավարման գործառույթը վերապահվում է Զինված ուժերի գլխավոր շտաբի տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարությանը։
14:49 - 06 հուլիսի, 2022