ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է հեռավար կրթության հարթակներն ու ռեսուրսները

ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է հեռավար կրթության հարթակներն ու ռեսուրսները

Հանրակրթական ուսումնական հաստատություններում այսօրվանից ամբողջությամբ հեռավար գործում են ներհամայնքային տրանսպորտ ունեցող համայնքների 5-12-րդ դասարանները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի թիվ 09-Ն հրամանի համաձայն։ Հեռահաղորդակության ոլորտի օպերատորների հետ համաձայնեցվել է կրթական մատչելի սակագին՝ հիմնական հարթակների անսահմանափակ օգտագործմամբ։ ԿԳՄՍՆ-ն ստորեւ ներկայացնում է հեռավար ուսուցման հիմնական հարթակները, ինչպես նաև համապատասխան ուղեցույցները, առցանց դասընթացները և ռեսուրսները։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խրախուսում է երկու հիմնական հարթակի օգտագործում՝ Google Classroom և Microsoft TEAMS՝ ելնելով տեղեկատվական անվտանգության, ուսումնական գործընթացի առավել լիարժեք կազմակերպման գործիքների, ինչպես նաև անվճար լինելու հանգամանքից։ Google Classroom-ի վերաբերյալ առցանց դասընթացը պատրաստվել և ներկայացվել է դեռևս օգոստոսին։ Բոլոր նյութերը հասանելի են, դրանց կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/38Ah9vb Այս հարթակով աշխատող ուսուցիչները կարող են միանալ նաև Google Classroom համայնքին, որտեղ նրանց անհրաժեշտ աջակցություն կտրամադրեն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, ինչպես նաև համայնքի մասնակից այլ ուսուցիչներ։ Հղումը՝ https://bit.ly/35tphf8 Օգոստոսին պատրաստվել և ներկայացվել է նաև մյուս հիմնական հարթակի՝ Microsoft TEAMS-ի վերաբերյալ առցանց դասընթացը` https://bit.ly/3kstILt: Հարթակը սինխրոնիզացված է դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի հետ և թույլ է տալիս ավելի հեշտ կառավարել ուսումնական գործընթացը։ Այս հարթակով աշխատելու դեպքում կարող եք միանալ Microsoft TEAMS համայնքին՝ https://bit.ly/3lnsvWS: Նշյալ համայնքում ևս ուսուցիչներին անհրաժեշտ խորհրդատվություն ու աջակցություն կտրամադրեն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և համայնքի մասնակից ուսուցիչները։ Հեռավար դասերի կազմակերպման մանկավարժական որոշ մոտեցումների կարող եք հետևել առցանց այլ դասընթացով, որը նույնպես հասանելի է օգոստոս ամսից՝ https://bit.ly/2IATu2x Հեռավար ուսուցման կազմակերպման ուղեցույցը հասանելի է այստեղ՝ https://bit.ly/3eXcNiE Հեռավար ուսուցման նպատակով բազմաթիվ ռեսուրսներ և տեսադասեր հավաքված են հետևյալ հարթակներում՝ e-school.am https://lib.armedu.am http://esource.armedu.am/ https://heravar.armedu.am/ Յութուբում տեղադրված դասերին կարող եք հետևել բաժանորդագրվելով  eschoolarmenia https://www.youtube.com/channel/UCx1pxV1s85_TbYiyhxsnATg/videos ալիքին և հավանելով E-school Armenia ֆեյսբուքի էջը՝ https://www.facebook.com/eschoolam: Գործում է նաև Տելեգրամի խումբ դպրոցների տնօրենների համար՝ https://t.me/joinchat/AZ87_BqFPItkoqIv96ajYg Հեռավար ուսուցման կազմակերպման հետ կապված խնդիրների պարագայում կարող եք դիմել՝ Բովանդակային հարցերով՝ 077 416040, 010 578455 /333/ Տեխնիկական հարցերով՝ 010 578455 /757 կամ 758/ Քաղաքականության և իրավական կարգավորման հարցերով՝ 010 599619
12:35 - 13 նոյեմբերի, 2020
Նոյեմբերի 13-ից ուսումնական գործընթացը վերսկսվում է

Նոյեմբերի 13-ից ուսումնական գործընթացը վերսկսվում է

Նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակը նշանակալի բացասական ազդեցություն է թողնում կրթական համակարգի վրա, որի վերաբերյալ առկա են տարբեր երկրների և հետազոտական կառույցների բազմաթիվ ուսումնասիրություններ։ Այն հանգեցնում է ոչ միայն երեխաների զարգացման անդառնալի բացերին, այլև նրանց սոցիալական պաշտպանվածության նվազեցման, աղքատացման, հեռանկարում՝ հանրային զարգացման արգելակման լրջագույն ռիսկ է պարունակում, որ արդեն իսկ փաստարկված է մի շարք հետազոտություններով։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Ուստի, խիստ կարևորելով կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված քայլերը՝ միաժամանակ անհրաժեշտ է կրթական համակարգի գործառնության նվազագույն պայմանների ապահովումը, հատկապես, որ կարճաժամկետ հեռանկարում հանգուցալուծում չի գծագրվում, և այս իրավիճակը պահանջում է երկարաժամկետ լուծումներ։ Ավելին, երկրի առջև ծառացած կարևորագույն մարտահրավերների պարագայում որակյալ կրթության ապահովումն ազգային անվտանգության խնդիր է, և պետք է առավելագույն ջանքեր ներդնել դրա զարգացումն ապահովելու համար։ 2020 թվականի նոյեմբերի 13-ից ուսումնական գործընթացը կրթական հաստատություններում առաջարկվում է կազմակերպել հետևյալ կերպ. 1. Բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական հաստատություններն ուսուցումը կկազմակերպեն հեռավար եղանակով, բացառությամբ որոշ մասնագիտություններով գործնական պարապմունքների, որոնք պետք է պլանավորվեն ուսումնական կիսամյակի վերջում և անցկացվեն՝ խստիվ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի hավելված N 17-ի դրույթները։ 2. Հանրակրթական ուսումնական հաստատություններում ամբողջությամբ հեռավար կգործեն ներհամայնքային տրանսպորտ ունեցող համայնքների 5-12-րդ դասարանները։ Մյուս համայնքներում տեղակայված հանրակրթական ուսումնական հաստատություններում 5-12-րդ դասարանները կգործեն ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով սահմանված դրույթների համաձայն։ 3. Հանրակրթական ուսումնական հաստատություններում 1-4-րդ դասարանների ուսուցումը հեռավար կազմակերպելը նպատակահարմար չէ՝ ելնելով այս դասարաններում հեռավար ուսուցման անարդյունավետությունից։ Ավելին, հաշվի առնելով դեռևս 2020 թվականի մարտից նոր կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված կրթական գործընթացի ոչ լիարժեք իրականացումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ առկա կանխատեսումների համաձայն համավարակի նահանջ առաջիկա ամիսներին չի կանխատեսվում, այս դասարաններում հեռավար ուսուցումը կարող է հանգեցնել սովորողների համար լրացուցիչ ուսումնական տարի սահմանելուն, ինչը նշանակալի բացասական ազդեցություն կունենա տասնյակ հազարավոր երեխաների հետագա բնականոն զարգացման վրա։ Հետևաբար, այս դասարաններում, անկախ տվյալ ուսումնական հաստատության տեղակայվածությունից, ուսուցման գործընթացը կկազմակերպվի ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով սահմանված դրույթների համաձայն։ 4. Քանի որ նախադպրոցական հաստատությունների գործունեությունը հեռավար ձևով իրականացնել հնարավոր չէ, իսկ գործունեության շարունակական դադարեցումը երեխաների զարգացման տեսանկյունից առաջ է բերում զգալի բացասական հետևանքներ, ինչպես նաև, հաշվի առնելով այն, որ այս հաստատությունների գործունեության բացակայության պայմաններում առաջ են գալիս ինչպես ոլորտում ներգրավված հազարավոր աշխատակիցների, այնպես էլ ընտանիքների սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ, առաջարկվում է նախադպրոցական հաստատությունների գործունեությունը վերսկսել համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 04-ի թիվ 17-Ն հրամանի հավելված N 12-ի։ 5. Նույն իրավիճակն է առաջանում նաև արվեստի, գեղարվեստի, երաժշտական դպրոցների գործունեության պարագայում։ Ուստի, վերջիններիս գործունեությունը նույնպես առաջարկվում է վերսկսել սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 04-ի թիվ 17-Ն հրամանի հավելված N 18-ի դրույթների համաձայն։ Միաժամանակ, առաջնահերթ ենք համարում, որ կրթական համակարգում բոլորը խստագույնս պահպանեն հակահամաճարակային կանոնները։ Տեղեկացնենք նաև, որ այս իրավիճակում կրթական համակարգն առաջնահերթ քայլեր է ձեռնարկել նաև հետևյալ երկու կարևոր խնդիրների ուղղությամբ.•Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված հազարավոր երեխաների կրթության իրավունքի իրացումը,•Պատերազմական և հետպատերազմյան պայմաններում երեխաների զարգացումը, հոգեկան առողջությունն ու անհրաժեշտ աջակցության ապահովումը: ՀՀ ԿԳՄՍ նախարարարությունը ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի և Մանկական հոգեբանների ասոցիացիայի հետ համատեղ իրականացնում է բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստումներ՝ երեխաներին անհրաժեշտ աջակցությունը ցույց տալու համար։ Այս աջակցության կարևոր խումբը նաև ԱՀ-ից Հայաստան տեղափոխված երեխաներն են։
14:29 - 12 նոյեմբերի, 2020
Արցախի հուշարձանների պահպանության մեխանիզմ առայժմ չկա |hetq.am|

Արցախի հուշարձանների պահպանության մեխանիզմ առայժմ չկա |hetq.am|

hetq.am: Զրույց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի հետ -ՀՀ վարչապետի, Ադրբեջանի և ՌԴ նախագահների հայտարարության համաձայն՝ Արցախի Աղդամի, Քարվաճառի, Քաշաթաղի շրջաններն անցնելու են Ադրբեջանին: Այդ շրջաններում մինչև 500-700 արժեքավոր հուշարձան կա: Դրանք հայտնվելու են այն մարդկանց միջավայրում, որոնք Նախիջևանում ոչնչացրեցին հայկական մշակութային ներկայության բոլոր հետքերը: ՙԶինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին՚ կոնվենցիան ենթադրում է մշակութային արժեքների միջազգային պահպանություն: Դիմե՞լ եք միջազգային գործընկերներին՝ հնարավոր վանդալիզմը կանխելու ակնկալիքով: -Հայկական Արցախի տարածքում գույքագրված է մոտ 5000 հուշարձան: Դրանց լուսանկարները, մեծ մասամբ, կան: Այս գործը կազմակերպել է թե՜ Արցախի Մշակույթի նախարարությունը, թե՜ լուսահոգի Սամվել Կարապետյանի ղեկավարած «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող  հիմնադրամ»-ը: Հիմա հարցն այն է, թե իրականում այդ հուշարձաններն ինչպե՞ս կպահպանվեն: Այս պահին հուշարձանների անվտանգությունն ապահովող մեխանիզմներ չկան, քանի որ այն հայտարարությունը, որը ստորագրվել է, չի նշում կամ դրան կից որևէ իրավական այլ ակտ, պայմանագիր չկա, որտեղ նշված կլինեն մեխանիզմները, կողմերի պարտավորությունները և իրավունքները: Դա չկա, և շատ անհասկանալի իրավիճակ է՝ ի վերջո, մարդիկ ինչպե՞ս են տարհանվելու, ո՞վ է փոխհատուցելու այս մարդկանց , ինչպե՞ս են մշակութային արժեքները, որոնք  անշարժ հուշարձաններ են, մնալու այնտեղ և ի՞նչ ճակատագիր է դրանց սպասվում: Հատկապես, որ ունենք Նախիջևանի օրինակը: Միակ բանը, որը շատ հիպոթետիկ կարող է թշնամուն ետ պահել մշակութային բարբարոսությունից, միջազգային կոնվենցիաներն են, որոնց նրանք ևս միացել են: Բայց ի՞նչ կոնվենցիա, ի՞նչ բան, ինչի՞ մասին ենք հիմա խոսում: Այս պահին մեր մշակութային կոթողների պահպանության որևէ երաշխիք չկա, և չկա որևէ մեխանիզմ՝ այդ երաշխիքներն ունենալու: - Միջազգային կառույցների արձագանքին թեև սպասում ենք, բայց և հասկանալի է, որ գործնականում կանխել վանդալիզմը նրանք չեն կարող:  2015-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայում և Իրաքում ոչնչացրեցին Մոսուլի կենտրոնական գրադարանը, քրիստոնեական գերեզմանները, Իրաքում հնագույն Խատրա քաղաքի ավերակները, Սիրիական Դերաա քաղաքի ալ Օմարի մզկիթը: Աշխարհը ախուվախ արեց, և վերջ: - Մեր հայրենիքի մի մասն անցավ մեր թշնամուն, և իրավատերը նրանք են: Եվ հուշարձաններն էլ, բնականաբար, համարվելու են նրանց ինքնիշխան տարածքի հուշարձաններ: Ըստ կոնվենցիաների՝ նրանք պիտի պարտավորություններ ունենան: Պարտավորությունները թղթի վրա գրված բաներ են, բայց կյանքը բացարձակ այլ բան է ցույց տալիս: Գործում է Հաագայի կոնվենցիան «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին», որը հորդորում է զինված բախումների ժամանակ դիտավորությամբ չվնասել հուշարձանները: Բայց չճանաչված էր մեր հայրենիքի այդ հատվածը, և սա չէր ներառված, թեև մենք առաջարկել ենք, որ հատուկ բանաձև ընդունվի աշխարհում չճանաչված պետությունների մշակութային ժառանգության պահպանության մասին: Բայց դեռ ոչինչ չկա: - Արցախը չճանաչված պետություն է, բայց անգամ ճանաչված տարածքներում արժեքավոր հուշարձանները ոչնչացվում են: 1998թ.-ից ՀՀ ԱԳՆ-ն դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ահազանգելով Ջուղայի խաչքարերի ու տապանաքարերի ոչնչացման  մասին: Սակայն 2005-2006-ին Ջուղայի հայկական գերեզմանոցի 9-16-րդ դարերի խաչքարերը շինտեխնիկայի միջոցով ոչնչացվեցին: - Նախիջևանը կոնկրետ պետության տարածքի մաս է համարվում: Միջազգային արձագանք, ասենք, եղավ: Հետո՞ ինչ: Ո՞վ ինչ պատասխանատվություն կրեց: Միջազգային կառույցների սրտաճմլիկ արձագանքներն անիմաստ են, եթե կոնկրետ գործողություններ չեն հաջորդում վանդալիզմի դեպքերին: -Հայաստանում, ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության տվյալների, կա ադրբեջանական 69 գերեզմանատուն, 52-ն էլ՝ Արցախի Հանրապետության տարածքում: Դրանք, քիչ բացառություններով, հիմնականում պահպանված են կամ եթե պահպանված էլ չեն, սողանքների կամ առանց խնամքի մնալու պատճառով: -Մենք քաղաքակրթական բացարձակ այլ ծագում ունենք և այլ ճանապարհ ենք անցել, այսինքն՝ մեզ պետք չի համեմատել տափաստաններից եկած բարբարոսների հետ, ինչքան էլ նրանք պետություն ունեն: Մենք ունենք ժառանգաբար մեզ անցած մշակույթ: Ովքեր մշակույթ չունեն և քաղաքակրթությունից դուրս են, ունեն խանդ ու ատելություն՝ մշակութային մեծ ճանապարհ ու ժառանգություն ունեցող ազգերի հանդեպ: Կարդալ ավելին՝ hetq.am-ում։
23:24 - 11 նոյեմբերի, 2020
ԿԳՄՍՆ-ն քննարկում է նախադպրոցական հաստատությունների գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը

ԿԳՄՍՆ-ն քննարկում է նախադպրոցական հաստատությունների գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշների և իրականացման կարգը։ Նախարարությունը տեղեկացնում է, որ նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել ոլորտում պետական միասնական քաղաքականությունը և մրցակցային պայմանները՝ ուսումնական հաստատությունների միջև կրթական ծառայությունների որակի ու արդյունավետության բարձրացման առումով, ձևավորել հաշվետվողականության մեխանիզմների առավել արդյունավետ համակարգ, բարելավել նախադպրոցական կրթության որակն ու արդյունավետությունը, նպաստել ուսումնական հաստատությունների գործունեության թափանցիկությանը: Բացի այդ, նախագծով նախատեսվում է կրթական ծառայությունների որակի և արդյունավետության համեմատական գնահատում, նախադպրոցական կրթության պետական չափորոշչի պահանջներին սաների համապատասխանության, ուսումնական գործընթացի կազմակերպման պայմանների և դրանց բարելավմանն ուղղված աշխատանքների, կրթական ծրագրերի իրականացման, դասավանդման մեթոդների և տեխնոլոգիաների կիրառման արդյունավետության, ինչպես նաև հաստատության զարգացման ծրագրերի մշակման և իրականացման գնահատում։ Ներքին և արտաքին գնահատման գործընթացում նախատեսվում է ներգրավել նաև հասարակությանը։ Կապահովվի նաև շահառուների` սաների և նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների), հաստատության մանկավարժական աշխատողների, նախարարության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, Երևանի քաղաքապետարանի, կրթության հարցերով զբաղվող կազմակերպությունների, գործատուների իրազեկվածության աստիճանի բարձրացումը: Համաձայն նախագծի՝ ներքին գնահատումն իրականացնում է ուսումնական հաստատությունը` անկախ դրա կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից, իսկ արտաքին գնահատումը կատարվում է ԿԳՄՍ նախարարության սահմանած գնման առարկայի բնութագրերի հիման վրա` «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ընտրված արտաքին գնահատում իրականացնող անկախ կազմակերպությունը: Ոչ պետական ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատումն իրականացնում է տվյալ ուսումնական հաստատության ընտրած գնահատողը: Արտաքին գնահատման դրական արդյունքների հիման վրա գնահատող կազմակերպությունն ուսումնական հաստատությանը տալիս է հավաստագիր, որն ուժի մեջ է հինգ տարի: Հավաստագրի մեջ նշվում է գնահատման (վարկանիշային) միավորը: Արտաքին գնահատման արդյունքների հիման վրա նախարարությունը հրապարակում է արտաքին գնահատում անցած ուսումնական հաստատությունների վարկանիշային ցանկը: Ներքին և արտաքին գնահատումն իրականացվում է նախարարության սահմանած հարցաշարերի հիման վրա, որոնք ներառում են սահմանված չափանիշները, ինչպես նաև գնահատման միավորները: Նախագծի անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ ըստ ոլորտի վերլուծության դինամիկայի՝ նախադպրոցական կրթության պահանջարկն  աստիճանաբար ավելանում է: Մասնավորապես, զարգանում են նախադպրոցական կրթության իրականացման տարբերակված ձևեր և մոդելներ, ինչպես ավանդական նախադպրոցական ուսումնական հաստատությունների, այնպես էլ կրթական գործունեության լիցենզիա ունեցող տարբեր կազմակերպաիրավական հաստատությունների բազայի հիման վրա: Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել ստեղծել նախադպրոցական ծրագրեր իրացնող հաստատությունների գործունեության վերլուծության և գնահատման մեխանիզմներ, համապատասխան չափորոշիչներ և կանոնակարգել գնահատման ընդհանուր սկզբունքներն ու կանոնները՝ հիմքում ընդունելով նախադպրոցական կրթության ընդհանուր քաղաքականությունը։ Նախարարությունը տեղեկացնում է, որ քաղաքացիները և շահառու խմբերը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ մինչև նոյեմբերի 23-ը:
14:55 - 11 նոյեմբերի, 2020
Մեկնարկել է «ԴԻՄԱԿայումենք» խորագրով Մեդիագրագիտության շաբաթը Հայաստանում

Մեկնարկել է «ԴԻՄԱԿայումենք» խորագրով Մեդիագրագիտության շաբաթը Հայաստանում

Հայաստանում այսօր մեկնարկել է Մեդիագրագիտության շաբաթը, որը կտևի մինչև նոյեմբերի 13-ը: Առցանց քննարկմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Հանրակրթության բովանդակության փոփոխություններում մեդիագրագիտությունը շատ կարևոր տեղ է զբաղեցնում, և շրջանավարտների կարողունակություններից մեկը հենց թվային և մեդիա ոլորտին է վերաբերում: Մեր խնդիրն է, որ դպրոցն ավարտելիս նրանք կարողանան կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում, իմանան մեդիայի դերը, վերլուծեն, քննադատեն դրա ազդեցությունը իրենց և մյուսների արժեքային համակարգի, պատկերացումների և գործողությունների վրա: Կարևորում ենք նաև, որ շրջանավարտը կարողանա ինքը ստեղծել մեդիաարտադրանք` նպաստելով քաղաքացիական իրավունքների և ժողովրդավարության զարգացմանը: Այսօր մենք պատերազմում ենք նաև տեղեկատվական դաշտում, և մեդիագրագետ լինելը, առաջին հերթին, անվտանգության խնդիր է: Ցավոք, մեզնից յուրաքանչյուրը, անկախ իր ընտրությունից, պատերազմի մասնակից է մեդիահարթակում: Եվ այս օրերին մեդիագրագիտության բարձրացմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն կարևոր եմ համարում: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատրաստ է նախաձեռնությանն աջակցել նաև հետագայում»,-ասել է Ժ. Անդրեասյանը: Մեդիագրագիտության շաբաթվա ընթացքում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆեյսբուքյան էջում անցկացվող դաս-քննարկումները վերաբերելու են ճգնաժամային իրավիճակում մեդիայի աշխատանքին ու մեդիագրագիտությանը, այդ թվում` ինչպես խուսափել լրատվական վարակներից, կողմնորոշվել տեղեկատավական հոսքերում, տարբերել կեղծն ու հավաստին, արդյունավետ կիրառել մեդիա գործիքները:
20:15 - 09 նոյեմբերի, 2020
Ազգային գրադարանի ընթերցողների սպասարկումը նոյեմբերի 10-22-ը ներառյալ կդադարեցվի

Ազգային գրադարանի ընթերցողների սպասարկումը նոյեմբերի 10-22-ը ներառյալ կդադարեցվի

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Ազգային գրադարանի ընթերցողների սպասարկումը ս.թ. նոյեմբերի 10-22-ը ներառյալ դադարեցվում է: Այս մասին տեղեկացրին Հայաստանի ազգային գրադարանից։ «Մինչ բնականոն աշխատանքին վերադառնալը կշարունակենք առցանց պատասխանել ձեր հարցերին, տեղեկատվություն տրամադրել էլեկտրոնային շտեմարանների մասին: Կշարունակենք ձեզ օգնել և ուղղորդել փնտրումների և հասանելի թվայնացված գրականությունից օգտվելու հարցում: Իսկ բոլոր այն քաղաքացիները, որոնք այս ընթացքում կցանկանան գրանցվել և ձեռք բերել Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողական տոմս, հոգ չէ, գրանցումը ևս կարող ենք առցանց կազմակերպել: Անհրաժեշտ է ընդամենը լրացնել ընթերցողների էլեկտրոնային գրանցման հայտը և ուղարկել ստորև նշված էլհասցեին:[email protected]  Ընթերցողների էլեկտրոնային գրանցման հայտաձև https://is.gd/wUslLj »,- ասված է հայտարարության մեջ:
16:02 - 09 նոյեմբերի, 2020
ԿԳՄՍ նախարարությանը հաջորդ տարվա պետբյուջեից կհատկացվի 2 մլրդ դրամով պակաս գումար |armenpress.am|

ԿԳՄՍ նախարարությանը հաջորդ տարվա պետբյուջեից կհատկացվի 2 մլրդ դրամով պակաս գումար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2021-ի պետբյուջեից կհատկացվեն ավելի քիչ գումար, քան հատկացվել էր 2020-ին: ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը: «Մեր 2021-ի բյուջեն շուրջ 2 մլրդ դրամով ավելի քիչ է՝ այս տարվա բյուջեից: Իրականության մեջ ՄԺԾԾ (Միջնաժամկետ ծախսային ծրագիր) հայտով մեր ներկայացրած բյուջեից այն պակաս է շուրջ 20 մլրդ դրամով: Դա պայմանավորված է համավարակով բյուջեի սղությամբ, նաև նրանով, որ շատ զանգվածային միջոցառումներ թե Հայաստանում, թե արտերկրում հետաձգվել կամ չեղարկվել են՝ օբյեկտիվ պատճառներով»,- ասաց Մարտիրոսյանը: Նա ներկայացրեց այն ծրագրերը, որոնցում հատկացումների վերանայումներն էական են: «Մեծ նվաճումների սպորտում» կա 10.5 տոկոս աճ, ինչը կապված է շահառու խմբի ընդլայնմամբ: Դա մասնավորապես կապված է օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներին տրամադրվող պատվովճարների չափի և շահառուների թվի ավելացման հետ: Նախնական և միջին արհեստագործական մասնագիտական կրթության մեջ անվճար տեղերի թվի կրճատմամբ կատարվել են վերանայումներ, նվազում է եղել ավելի քան 1 մլրդ դրամի չափով: «Դա պայմանվորված է նրանով, որ առանձին մասնագիտությունների դեպքում վճարովի տեղերի հանդեպ կա պահանջարկ: Հետևաբար, դրանք կարող են տրամադրվել նաև վճարովի հիմունքով: Կինեմատոգրաֆիայի ծրագրում արվել է նվազեցում՝ 15.2 տոկոս»,-ասաց փոխնախարարը: Նախարարության 2021-ի պետբյուջեից կհատկացվի 177.6 մլրդ դրամ:
15:57 - 09 նոյեմբերի, 2020
ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ համակարգչային սարքավորումներ կտրամադրվեն այն դպրոցներին, որտեղ բացակայում են ուսուցիչներ

ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ համակարգչային սարքավորումներ կտրամադրվեն այն դպրոցներին, որտեղ բացակայում են ուսուցիչներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարզերի այն դպրոցներին, որտեղ որոշ առարկաների ուսուցիչներ բացակայում են, հնարավորություն է տվել ուսուցումն իրականացնել հեռավար ձևաչափով՝ անհրաժեշտ համակարգչային սարքավորումների տրամադրմամբ: Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» տրամադրած տեղեկատվության հիման վրա «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը, «Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի շրջանակում, նախապես իրականացրել է վերլուծություն՝ հեռավար ուսուցման կարիք ունեցող ուսումնական հատատությունների ընտրության և այդ հաստատություններում հեռավար ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ համակարգչային սարքավորումների առկայությունը որոշելու նպատակով։ Առանձնացվել են այն բոլոր ուսումնական հաստատությունները, որտեղ ուսուցչի բացակայության պատճառով որևէ առարկա չի դասավանդվում, կամ այն անցկացնում է այդ առարկան հինգ տարուց պակաս դասավանդող, մասնագիտական կրթություն չունեցող ուսուցիչը։ Երևանի և Տավուշի մարզի ուսումնական հաստատություններն ի սկզբանե չեն դիտարկվել, քանի որ Երևանի դպրոցներում չկան ուսուցիչների բացակայության պատճառով չդասավանդվող առարկաներ, իսկ Տավուշի մարզի միջնակարգ և հիմնական հանրակրթական ուսումնական հաստատությունները նախատեսվում է համալրել անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով՝ «ԵՄ-ն ի նպաստ նորարարության» փորձնական դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Արդյունքում՝ հեռավար ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով վերազինման նպատակով ընտրվել են մարզային 101 ուսումնական հաստատություններ։ Ուսումնասիրելով դրանցում առկա համակարգչային սարքավորումների քանակը և ձեռքբերման ժամանակահատվածը՝ հեռավար ուսուցման որակն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով բոլոր հաստատություններին կտրամադրվի արդի համակարգչային սարքավորումների մեկ ամբողջական փաթեթ (մեկ համակարգիչ, մոնիտոր, անխափան սնուցման սարք, վեբ տեսախցիկ, բարձրախոս, միկրոֆոն, բազմաֆունկցիոնալ սարք, պրոյեկտոր, եռաոտանի), որը լավագույնս կապահովի բոլոր սարքավորումների համատեղելիությունը և համակարգի անխափան գործարկումը։ Հաշվի առնելով, որ ավագ դպրոցները շատ ավելի են հագեցած համակարգչային սարքավորումներով և կարող են տեղերում հանդես գալ որպես մենթոր դպրոցներ, հեռավար կրթություն իրականացնելու նպատակով՝ 99 ավագ դպրոցների կտրամադրի նաև մեկական կոնֆերանս տեսախցիկ: «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում ներկայում հիմնանորոգվող 8 ավագ դպրոցի կոնֆերանս տեսախցիկ կտրամադրվի հաջորդ տարի: Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ներդրվել է առցանց ուսուցման ամբողջական գործիքակազմ, որը գործում է հեռավար ուսուցման համալիր էջում՝ https://icttraining.armedu.am, ինչպես նաև շուրջ 3000 մանկավարժի համար իրականացվել են ՏՀՏ վերապատրաստումներ։
12:38 - 09 նոյեմբերի, 2020
Հայաստանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովի անդրանիկ նիստին

Հայաստանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովի անդրանիկ նիստին

Մեկնարկել է Եվրոպայի խորհրդի սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովը, որն այս տարի COVID-19-ով պայմանավորված անցկացվում է առցանց և բաղկացած է հինգ տարբեր նստաշրջաններից՝ յուրաքանչյուրի համար առանձին թեմայի քննարկմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ «Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի (EPAS) անդամ երկրների սպորտի համար պատասխանատու պաշտոնատար անձանց մասնակցությամբ նոյեմբերի 5-ին կայացել է համաժողովի առաջին նիստը։ Հայաստանը ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Առցանց նիստի ընթացքում քննարկվել է Եվրոպական մարզական խարտիայի՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկրների համար սպորտի ոլորտում քաղաքականությունների մշակման առանցքային փաստաթղթի վերանայումը: Այդ շրջանակում դիտարկվել են մի շարք հարցեր՝ սպորտում մարդու իրավունքների պաշտպանությունը, մարզիկների իրավունքների պաշտպանությունը, սպորտային կառույցների կողմից լավ կառավարման սկզբունքների որդեգրումը, սպորտային շարժումների միջև համերաշխության ամրապնդումը, COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում սպորտի առավելությունների շուրջ հանրային իրազեկության բարձրացման կարևորումը և այլն»,- նշվում է հաղորդագրության մեջ։
14:34 - 07 նոյեմբերի, 2020
ՆԶՊ առարկայի չափորոշիչները կվերանայվեն, նախատեսվում է ներդնել նաեւ մարզառազմական ճամբարների կարգը
 |armtimes.com|

ՆԶՊ առարկայի չափորոշիչները կվերանայվեն, նախատեսվում է ներդնել նաեւ մարզառազմական ճամբարների կարգը |armtimes.com|

armtimes.com: Դպրոցներում նախնական զինվորական պատրաստություն առարկայի չափորոշիչները կվերանայվեն։ Հաշվի են առնվում այն բոլոր ռիսկերը, մարտահրավերները, որոնք կան։ Նախատեսվում է ներդնել նաեւ մարզառազմական ճամբարների կարգը, որը թույլ է տալու ապահովել առարկայի գործնական բաղադրիչը, այսինքն՝ աշակերտները ստանալու են տեսականից բացի՝ գործնական հմտություններ։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Նա հավելեց, որ բացի ՆԶՊ-ից, դպրոցներում պետք է բարձրացվի քաղաքացիական պաշտպանության կանոնների ու սկզբունքների ուսուցման արդյունավետությունը։ Հիշեցրեց, որ ՆԶՊ առարկայի չափորոշիչների վերանայման հարցի մասին նշվել էր դեռ պատերազմից առաջ, եւ արդեն քննարկումներ եղել են ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ ռազմական բուհերի ներկայացուցիչների հետ։  
15:54 - 05 նոյեմբերի, 2020
Ինչ է սպասվում աշնանային արձակուրդից հետո. ԿԳՄՍՆ-ն մանրամասնում է քննարկումները |armenpress.am|

Ինչ է սպասվում աշնանային արձակուրդից հետո. ԿԳՄՍՆ-ն մանրամասնում է քննարկումները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում դպրոցների աշնանային արձակուրդից հետո դասապրոցեսի վերականգնման մի քանի տարբերակ է քննարկվում: Այս մասին նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Ամենահավանական տարբերակը, որ այսօր Առողջապահայության նախարարության մեր գործընկերների հետ քննարկում ենք, այն է, որ առկա ուսուցում ապահովենք տարրական մակարդակում: Տարրական դպրոցի աշակերտները ֆիզիկապես կհաճախեն կրթական հաստատություն և տեղերում ուսուցումը կկազմակերպվի»,- ասաց նախարարի տեղակալը: Ինչ վերաբերում է միջին և ավագ դասարաններին, ապա առաջարկվում է գնալ տարբերակված մոտեցման: Այն վայրերում, որտեղ հանրային տրանսպորտ չի գործում, հիմնականում գյուղական և փոքր համայնքներում, իրավիճակային լուծում կկիրառվի: Եթե վարակի դեպքերի շեմը 10 տոկոսից ավելի է, ապա դպրոցը ժամանակավորապես հեռավար կգործի, այնուհետև կվերադառնա առկա ուսուցման: Եթե վարակի հետ կապված դեպքերը քիչ են, ապա կարող են առկա ուսումնական պրոցես սկսել: «Այստեղ հիմնական խնդիրը մեծ քաղաքներում է: Այդտեղ միջին և ավագ դասարանների օղակներն, ըստ ամենայնի, նախընտրելի է, որ  դասընթացները հեռավար շարունակեն»,-ասաց նա: Այդ բոլոր հարցերի հետ կապված այժմ քննարկումներ են ընթանում: Նախարարի տեղակալը նշեց, որ առաջիկայում վերջնական որոշումը պարզ կլինի: Այս ընթացքում նախարարությունը ձեռնարկում է բոլոր քայլերը հեռավար ուսուցման համար մեթոդական, տեխնիակական գործիքները տրամադրելու առումով:   
13:52 - 05 նոյեմբերի, 2020
Հրթիռակոծության հետևանքով վնասված կրթական ենթակառուցվածքները լուրջ վերականգնման կարիք են ունենալու. ԿԳՄՍ փոխնախարար |1lurer.am|

Հրթիռակոծության հետևանքով վնասված կրթական ենթակառուցվածքները լուրջ վերականգնման կարիք են ունենալու. ԿԳՄՍ փոխնախարար |1lurer.am|

1lurer.am: Անցյալ տարվա նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրները որոշում ընդունեցին նոյեմբերի առաջին հինգշաբթին նշել դպրոցում բռնության դեմ պայքարի օր։  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ այսօր արցախցի երեխաների նկատմամբ բռնություն իրականացվում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով։ Փոխնախարարն ընդգծեց, որ շուրջ 33 հազար երեխայի կրթության իրավունք է խախտվել, նրանք հնարավորություն չունեն իրացնելու իրենց սովորելու իրավունքը դպրոցում, մանկապարտեզում, քոլեջում և բուհում: Անդրեասյանն անդրադարձավ նաև կրթական օջախների ավերածություններին։ «Արդեն իսկ վերջին տվյալներով՝ շուրջ 61 դպրոց և 10 մանկապարտեզ զգալի ավերածությունների են ենթարկվել, ենթակառուցվածքները ունենալու են լուրջ վերականգնման կարիք»,- ասաց փոխնախարարը։ Անդրեասյանի խոսքով՝ կրթության իրավունքի խախտման իմաստով բռնության թիրախ են դառնում նաև ՀՀ սահմանամերձ համայնքների սովորողները։ Ասաց, որ դեռևս պատերազմական գործողությունների առաջին իսկ օրվանից, ելնելով անվտանգության նկատառումներից, սահմանամերձ համայքների երեխաների կրթությունը կազմակերպվել է հեռավար եղանակով։ «Մենք ունեցանք դպրոցների թիրախավորման դեպքեր ՀՀ-ում՝ Գեղարքունիքի մարզում, մասնավորապես՝ Կութի և Սոթքի դպրոցները նույնպես վնասվեցին այս հարձակման հետևանքով»,- ասաց Անդրեասյանը՝ նշելով, որ պատերազմական դրությունը մեծապես վտանգում է երեխաների կրթության իրավունքը՝ լրջագույն խնդիրներ առաջացնելով նաև նրանց հոգեկան  առողջության, կյանքի իրավունքի, առողջության պահպանման տեսանկյունից։
13:39 - 05 նոյեմբերի, 2020
Կարվի առավելագույնը Արցախցի ուսանողների կրթության շարունակականության համար

Կարվի առավելագույնը Արցախցի ուսանողների կրթության շարունակականության համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմական իրավիճակով պայմանավորված Արցախի Հանրապետությունից տեղափոխված ուսանողների կրթության շարունակականության կազմակերպմանն առնչվող հարցեր։ Ա․ Մարտիրոսյանն անդրադարձել է կրթության իրավունքի ոտնահարման խնդրին, որն այժմ արձանագրվում է Արցախի և Հայաստանի հանդեպ սեպտեմբերի 27-ից սանձազերծված ադրբեջանաթուրքաահաբեկչական ագրեսիայի հետևանքով, որի թիրախում այլ քաղաքացիական ենթակառուցվածքների կողքին հայտնվել են նաև կրթական հաստատությունները: Ա. Մարտիրոսյանը նշել է, որ նախարարությունն ու ՀՀ բարձրագույն կրթական հաստատությունները գործադրում են առավելագույն ջանքերը արցախցի ուսանողների կրթության շարունակականությունն ապահովելու համար՝ ներկա փուլում առանձնացնելով ուսումնական գործընթացի մեջ արցախցի ուսանողների ներգրավման ապահովման և առաջիկա կիսամյակային քննությունների պատշաճ կազմակերպման խնդիրները: ԱՀ ԿԳՄ նախարարի տեղակալ Հ. Մինասյանն իր հերթին ներկայացրել է պատերազմով և համավարակով պայմանավորված այն դժվարությունները, որ արցախյան բուհերն ունեն իրենց ուսանողների հետ կապի հաստատման, ուսումնական գործընթացի վերագործարկման առումով՝ մեծապես կարևորելով հայաստանյան բուհերի կողմից տրամադրվող աջակցությունը: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել օպերատիվ աշխատելու առկա խնդիրներին միասնական մոտեցում ապահովելու, բայց և ուսանողների խնդիրներին անհատական մոտեցում ցուցաբերելու առումներով:
10:55 - 04 նոյեմբերի, 2020
Արցախցի հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցության շուրջ քննարկումները շարունակվում են

Արցախցի հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցության շուրջ քննարկումները շարունակվում են

Արցախից ժամանած մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցության շուրջ հանդիպումները շարունակվում են: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած առցանց քննարկումն այս անգամ ՀՀ մարզերի և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ էր, որին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության ներկայացուցիչը և ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, կարևորել է ՀՀ բոլոր մարզերում համակարգված աշխատանքը՝ Արցախից ժամանած երեխաների կրթության շարունակականության կազմակերպման գործում։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Արցախից ժամանած երեխաների համար անհրաժեշտ գրենական պիտույքների, դասագրքերի, սարքավորումների և այլ պարագաների կարիքների գույքագրման, ինչպես նաև երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ  տրանսպորտային ծառայությունների  գնահատման հարցերը։ Ժաննա Անդրեասյանը նաև անդրադարձել է երեխաների՝ դպրոցում ընդգրկման պարագայում նոր դասարանների կոմպլեկտավորման և ուսուցիչների ներգրավման համար անհրաժեշտ ֆինանսավորման պլանավորման և ապահովման խնդիրներին։ Նախարարի տեղակալը ՀՀ մարզերի և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություններին հորդորել է ամենօրյա ռեժիմով շարունակել ԿԳՄՍ նախարարություն տվյալներ ներկայացնել, թե Արցախից ժամանած երեխաների որ մասն է ընդգրկված կրթության ոլորտում։ «Ես հորդորում եմ բոլորիդ՝ անհատապես աշխատել այն բոլոր երեխաների և նրանց ծնողների հետ, որոնք ունեն կրթության շարունակականության խնդիր և անհրաժեշտության դեպքում տրամադրել, այդ թվում՝ հոգեբանական աջակցություն, որպեսզի երեխաներն անպայման իրացնեն կրթություն ստանալու իրենց իրավունքը։ Սա մեզ համար առաջնահերթություն է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նաև Արցախից ժամանած կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների աջակցության խնդրին։ Նա մարզերի պատասխանատուներին կոչ է արել այս հարցում սերտ համագործակցել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության մարմինների հետ՝ հասկանալու, թե վերոնշյալ երեխաներն ինչպիսի աջակցության կարիք ունեն։ Նախարարի տեղակալը նշել է նաև հեռավար ուսուցման պարագայում Արցախի դպրոցականներին համապատասխան տեխնիկական սարքավորումների տրամադրման մասին՝ վարչության պետերին առաջարկելով մինչև ուսումնական գործընթացի մեկնարկն իրականացնել անհրաժեշտ բոլոր աշխատանքները։ Նրա խոսքով՝ այս պահին բջջային կապի օպերատորների հետ բանակցություններ են ընթանում արցախցի երեխաներին նաև ինտերնետ հասանելիությամբ ապահովելու ուղղությամբ: Ժաննա Անդրեասյանը հայտնել է նաև արցախցի ուսուցիչների՝ ուսումնական գործընթացում ներգրավման հնարավորության մասին։ Արցախցի երեխաներին դպրոցներում ընդգրկման պարագայում նոր ուսուցիչների ներգրավման անհրաժեշտության դեպքում առաջնահերթ կերպով այդ աշխատանքներում կընդգրկվեն Արցախի Հանրապետության ուսուցիչները։ Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Արցախի Հանրապետությունից ժամանած սովորողների՝ կրթության այլ մակարդակների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և դրանք ԿԳՄՍ նախարարություն փոխանցելու հարցերին: Նրա խոսքով՝ արցախցի ուսանողները ևս, ըստ իրենց մասնագիտության, ուսումը շարունակում են ՀՀ նախնական, միջին և բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Ժաննա Անդրեասյանը մարզային կրթության պատասախանատուներին ներկայացրել է նաև աշնանային արձակուրդներից հետո կրթության կազմակերպման հարցերը, մասնավորապես, կորոնավիրուսային հիվանդության պայմաններում դպրոցների պատրաստվածության, անհրաժեշտ միջոցներով հագեցվածության, առկա և հեռավար ուսուցում իրականացնող դպրոցների քարտեզագրման, ինչպես նաև հեռավար ուսուցման դեպքում ուսուցիչների վերապատրաստմանն ու տեխնիկական ապահովվածությանն առնչվող խնդիրները։ ԿՏԱԿ-ի տնօրենը ներկայացրել է հեռավար ուսուցման կազմակերպմանն ուղղված աշխատանքները՝ բոլոր դպրոցներին կոչ անելով տեղեկատվության անվտանգության ապահովման տեսանկյունից այդ դասերն իրականացնել «Microsoft Teams» ուսումնառության համակարգի միջոցով։ Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարության ներկայացուցիչը և կրթության մարզային պատասխանատուներն իրենց հերթին ներկայացրել են վերոնշյալ աշխատանքների վերաբերյալ իրենց ծավալած գործունեությունը։ Հանդիպման ավարտին Ժաննա Անդրեասյանը ևս մեկ անգամ կոչ է արել տեղերում իրականացնել ամենօրյա աշխատանքներ, որպեսզի աշնանային արձակուրդից հետո բոլոր դպրոցները հավուր պատշաճի պատրաստ լինեն անխափան ուսումնական գործընթացի։
13:19 - 03 նոյեմբերի, 2020
Արցախից տեղափոխված աշակերտների մի մասը դասապրոցեսը շարունակում է ՀՀ-ում. մանրամասնում է նախարարը |armenpress.am|

Արցախից տեղափոխված աշակերտների մի մասը դասապրոցեսը շարունակում է ՀՀ-ում. մանրամասնում է նախարարը |armenpress.am|

armenpress.am: Արցախից տեղափոխված աշակերտների մի մասն արդեն դասապրոցեսը շարունակում է Հայաստանում, դասապրոցեսին չմիացածների համար դիտարկվում է հեռավար դասերի կազմակերպման հնարավորությունը: Այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:«Մենք դեռ ամբողջական պատկեր չունենք, թե աշակերտների որ մասն է կցված դպրոցներին, բայց ունենք տարբեր տեղերում ժամանակավոր բնակություն հաստատած աշակերտներ, որոնք արդեն միացել են այն ուսումնական հաստատություններին, որոնք մոտ են բնակության վայրին, որպեսզի ժամանակի անտեղի վատնում չլինի և դասապրոցեսները շարունակեն ինչպես հարկն է: ՀՀ-ում  մանկապարտեզները, դպրոցները, ուսումնարանները, քոլեջները, ԲՈՒՀ-երը իրենց դռներն են բացել Արցախից ժամանածների համար: Այս ամենին զուգահեռ, մենք ունենք ուսուցիչներ Արցախից, որոնք առցանց եղանակով արդեն սկսել և շարունակում են իրենց դասերը»,-ասաց նախարարը:Նա նաև նշեց, որ 2 շաբաթ աշնանային արձակուրդի երկարաձգման ժամանակահատվածում ուսումնասիրությունները հստակ պատկերացում կտան, թե Հայաստանում հաստատված աշակերտներից ովքեր ներգրավված չեն դասապրոցեսներում, որպեսզի կազմակերպեն նրանց գոնե առցանց ուսուցումը, որովհետև չեն կարող կրթության ընթացքը դադարեցնել: Ըստ Լուսինե Ղարախանյանի՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում կան  ավերված 61 դպրոց,10 մանկապարտեզ, մոտ մեկ տասնյակին հասնող մշակութային տներ: «Ավերվել են նաև Արցախում գործող թանգարաններից երկուսը, վնասվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը, Գոհար տիկնոջ մզկիթը: Դպրոցներում ունենք ավերածություններ բառի բուն իմաստով, ունենք հրդեհված, հրետակոծված դպրոցներ, որոնց վերականգնումը երկար ժամանակ է պահանջելու և գնալով դրանց թիվն աճում է»,-նշեց նախարարը:Պատերազմական այս իրավիճակում անգամ սփյուռքից բարերարներ, մտավորականներ կան, որոնք պարբերաբար զանգում և իրենց պատրաստակամությունն են հայտնում վերականգնելու, վերակառուցելու այս կամ այն շենք-շինությունը: «Այս առումով պատկերը հուսադրող է: Սակայն պատերազմի ավարտից հետո անհրաժեշտ է լինելու որոշ քաղաքներում և գյուղերում նորից կառուցել մշակույթի տներ՝ հիմնահատակ ավերված լինելու պատճառով, օրինակ Ասկերանում և Այգեստանում: Կան լրիվ ավերված և մասնակի ավերված շինություններ»,-ասաց Լուսինե Ղարախանյանը: Նախարարը նշեց, որ հիասթափված է միջազգային հանրության «հանցավոր անտարբերությունից», նրանց ամենատես աչքի առաջ կոպտորեն խախտվում է մարդկանց կրթության իրավունքը, մշակույթի իրացման իրավունքը: «Ես նամակ էի գրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին, որն այդպես էլ անպատասխան է մնացել մինչև այժմ: Մեկ այլ նամակ գրել եմ ՄԱԿ-ի կրթության իրավունքի գլխավոր զեկուցողին, որտեղ ներկայացրել եմ կրթության իրավունքի իրացման իրավիճակը,բայց էլի պատասխան չկա: Մեր ուսուցիչներն են զոհվում. ունենք դպրոցների զոհված տնօրեններ, զինղեկներ: Ես խորապես հիասթափված եմ և հույսս դնում եմ միայն ու միայն սահմանին կանգնած զինվորի վրա»,-ավելացրեց նախարարը:
15:04 - 02 նոյեմբերի, 2020
Դպրոցները միանում են «Քողարկող ցանցեր զինվորի համար» նախաձեռնությանը

Դպրոցները միանում են «Քողարկող ցանցեր զինվորի համար» նախաձեռնությանը

Մի շարք դպրոցներ «Դպրոցը` բանակին», «Մենք ենք, մեր սահմանները» կարգախոսներով միացել են «Քողարկող ցանցեր զինվորի համար» կամավորական նախաձեռնությանը՝ ուսուցիչների և աշակերտների ներուժն օգտագործելով առաջնագծի ցանցեր պատրաստելու կարևոր գործում։ Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍ նախարարությունից։ «Սիրելի՛ աշակերտներ, ձեզնից յուրաքանչյուրը կարող է միանալ նախաձեռնությանը՝ ընտրելով իր բնակավայրին ամենամոտ դպրոցը և փորձելով օգտակար լինել մեր հայրենիքի հաղթանակին։ Դպրոցներ՝ Երևան Երևանի Ղ․ Ալիշանի անվան թիվ 95 հիմնական դպրոց Երևանի Մ․ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց Երևանի Գ․ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց Երևանի Վ․ Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոց Երևանի Ս․ Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց Երևանի Գ․ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց Երևանի Մ․ Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոց Երևանի Վ․ Համբարձումյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց   Երևանի Ա․ Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոց Գլոբալ Բրիջ դպրոց Կոտայքի մարզ Գառնիի ավագ դպրոց Աբովյանի կրթահամալիր Աբովյանի Ա․ Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոց Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոց Աբովյանի թիվ 8 հիմնական դպրոց Աբովյանի թիվ 4 ավագ դպրոց Հրազդանի Հ․ Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց Հրազդանի Հ․ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոց Հրազդանի Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոց Նոր Հաճնի ավագ դպրոց Չարենցավանի Ե․ Չարենցի անվան թիվ 5 հիմնական դպրոց Արզնիի Ս․ Սարխոշևի անվան միջնակարգ դպրոց Արամուսի Վ․ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց Լեռնանիստի Ս․ Նազարյանի անվան միջնակարգ դպրոց Ջրվեժի միջնակարգ դպրոց»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
16:12 - 01 նոյեմբերի, 2020