#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Միայն քվեաթերթիկների տպագրության համար ծախսվելու է 460 մլն դրամ |armenpress.am|

Միայն քվեաթերթիկների տպագրության համար ծախսվելու է 460 մլն դրամ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար միայն քվեաթերթիկների տպագրությանը կուղղվի 460 մլն դրամ: Այս մասին ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով ընտրություններին մեծ թվով քաղաքական ուժերի մասնակցությանը՝ Մուկուչյանը նշեց, որ 26 քաղաքական ուժերի մասնակցության պարագայում մոտավորապես 70 մլն-ի կարգի քվեաթերթիկ է տպագրվելու, իսկ դա նշանակում է տպագրում, տեղափոխում՝ տարածքային ընտրական հանձնաժողովներ, այնուհետև՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներ: «Ինքնին նշված ծավալները ենթադրում են առանձին ծանրաբեռնվածության աճ, որը պետք է իրականացվի: 460 միլիոնի շրջանակներում գումար է ծախսվելու միայն քվեաթերթիկների տպագրություն իրականացնելու համար»,-ասաց ԿԸՀ նախագահը:
16:46 - 04 հունիսի, 2021
ԿԸՀ-ն ընտրապայքարին մասնակցող որոշ թեկնածուներից ստացել է ինքնաբացարկի դիմումներ  |armenpress.am|

ԿԸՀ-ն ընտրապայքարին մասնակցող որոշ թեկնածուներից ստացել է ինքնաբացարկի դիմումներ |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրապայքարին մասնակցող եզակի թեկնածուների ինքնաբացարկի դիմումներ է ստացել: Ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Ինքնաբացարկի դիմումները կարող են ներկայացվել քվեարկությունից 10 օր առաջ: Ինչպես ընտրապայքարին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, այնպես էլ առանձին թեկնածուներն իրավունք ունենք մինչև հունիսի 10-ը ներկայացնելու ինքնաբացարկի վերաբերյալ դիմումներ: Առանձին թեկնածուների հետ կապված կան ստացված ինքնաբացարկի եզակի դիմումներ՝ տարբեր ուժերից»,-ասաց Մուկուչյանն ու հավելեց, եթե չի սխալվում, այդպիսի դիմումների թիվը  2-3 է: Առաջիկա օրերին ԿԸՀ-ն նիստ կունենա և այդ դիմումներով որոշումներ կկայացնի:  ԿԸՀ-ն քարոզարշավի մեկնարկին հանդես կգա համապատասխան կոչով՝ ուղղված բոլոր թեկնածուներին: «Մենք խիստ կարևորում ենք, որ քարոզարշավի ժամանակ պահպանվեն Ընտրական օրենսգրքի բոլոր կանոնակարգումները՝ բոլոր սուբյեկտների կողմից: Իհարկե, հետևելու ենք ամբողջ քարոզարշավի ընթացքում և ցանկացած օրենքի խախտում հայտնաբերելու պարագայում արձագանքումը լինելու է շատ արագ, օպերատիվ և ԸՕ-ի պահանջներին լիարժեք համապատասխան»,-ասաց Մուկուչյանը:
16:33 - 04 հունիսի, 2021
Մի պահ մտածում եմ, թե Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը որտեղի՞ց ԱԺ–ում, հետո հիշում եմ, որ դուք եք ձեզ հետ բերել. Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլին» |tert.am|

Մի պահ մտածում եմ, թե Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը որտեղի՞ց ԱԺ–ում, հետո հիշում եմ, որ դուք եք ձեզ հետ բերել. Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլին» |tert.am|

tert.am: Լսում էի ձեր կշտամբանքները մեկը մյուսին, շատ հետաքրքրիր էր, ասում է՝ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը։ Մի պահ մտածում եմ՝ բայց Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը որտեղի՞ց, հետո հիշում եմ, որ դուք եք ձեզ հետ բերել: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցությունից Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը, թե Աննա Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչն է:«Ես ուզում եմ դիմել մեր ժողովրդին, ժողովուրդ ջան մի քանի օրից կսկսվի նախընտրական քարոզարշավը, արդեն զարմանալի բաներ ենք տեսնում. իրավիճակ, որտեղ ամենքը ինչ սխալ թույլ են տվել, դա քարոզելու են ձեզ: Բանակից է խոսում, բանակաշինությունից, անզեն աչքով նայում ես, տեսնում ես բանակից փախած մարդ է, մյուսը դատական իշխանությունը վերականգնելու մասին է խոսում, բայց դատական իշխանության ապականողներից է: Մենք հիմա ականատեսն ենք, որ իշխանությունը և նախկին իշխանության բանավեճը շարունակվում է: Մենք ունենք մի իրավիճակ, որ եթե այս ընտրություններում հաջողություն ունենա գործող իշխանությունը կամ նախկին իշխանությունը, մեզ ոչ մի լավ բան չի սպասում: Դուք շարունակելու եք հաշիվները պարզել միմյանց հետ, բայց այդ ընթացքում ադրբեջանցիները մտել են մեր երկիր, մենք ժամանակ չունենք, ճոխություն է ներսում իրար միս ուտելը»,– ասաց նա: «Քոչարյանն ասում է, որ Փաշինյանը ոչ մի խոստում չի կատարել, խոսք էր տվել, ինձ դատի դա էլ չի կատարել, պատկերացնո՞ւմ եք իրավիճակի սյուրռեալիզմը: Ինքնաբացարկ տվեք հանեք ՔՊ-ն, անիմաստ է, պատկերացնո՞ւմ եք՝ Քոչարյանը ձեզ ինչ է ասում, իրենց էլ խնդրեք իրենք էլ տան բացարկ: Դուք էնքան եք իրար միս ուտելու, որ այս երկրից բան չի մնալու, բան չի մնացել արդեն: Էս ժողովուրդը սպասում է հունիսի 20-ին ձեր ընտրվելու պատճառով արտագաղթի, թե նրանց ընտրվելու պատճառով արտագաղթի: Պրոբլեմը նրանում է, որ ոչ մի կողմ այնքան ուժեղ չի, որ մյուսին ոչնչացնի, բայց ունի բավարար ռեսուրս օր ու արև չտա, երկիրը ցնցումների մեջ պահի»,-ասաց նա:Շարունակությունը՝ tert.am-ում։
15:29 - 04 հունիսի, 2021
Հանրության մոտ սկսում է հետաքրքրություն ձևավորվել ոչ միայն ընտրական գործընթացի այլ նաև մեր՝ «Հայաստան» դաշինքի նկատմամբ․ Արմեն Գեւորգյան

Հանրության մոտ սկսում է հետաքրքրություն ձևավորվել ոչ միայն ընտրական գործընթացի այլ նաև մեր՝ «Հայաստան» դաշինքի նկատմամբ․ Արմեն Գեւորգյան

Առաջին հերթին ուզում եմ կիսվել ձեզ հետ կարճ, հիմնական, ներածական մտքերով։ Առաջինը ուզում եմ նշել, որ հունիսի  7-ին սկսվում է քարոզարշավը և «Հայաստան» դաշինքը բավականին կազմակերպված և հնարավոր բոլոր ռեսուրսները մոբիլիզացված կազմակերպված մտնում ենք այդ գործընթացի մեջ։ Այս մասին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի անդամների ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը։ «Այս պահի դրությամբ մենք քիչ թե շատ ունենք մեր անելիքների հստակ պատկերացումները քարոզարշավի կազմակերպման ձևաչափով  ։ Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ամբողջ հանրապետությունով բացել ենք տարածքային շտաբեր։ Մենք առաջնորդվել ենք ոչ թե մարզային, այլ խորհրդային նախկին շրջանների բաժանումով։ Երևանում ունենք ըստ համայնքների կենտրոնական շտաբեր և նաև բազմաթիվ ենթաշտաբեր են բացվել ամբողջ հանրապետությունում ։ Այս պահի դրությամբ 800-ից ավելի ենթաշտաբեր ունենք բացված, և այդ գործընթացը այս պահին էլ շարունակվում է»։ Նա հավելեց, որ իրենց շատ է ոգևորում այն հանգամանքը, որ վերջին 15 օրվա ընթացքում այցելությունները, հոսքը դեպի իրենց շտաբեր ակտիվացել է, դա նշանակում է, որ   հանրության մոտ սկսում է հետաքրքրություն ձևավորվել ոչ միայն ընտրական գործընթացի այլ նաև մեր դաշինքի նկատմամբ։ «Մենք բավականին վճռական ենք տրամադրված , որպեսզի օգնենք մեր տեղի գործընկերներին և քարոզչական և կազմակերպչական աշխատանքները արվեն բարձր մակարդակով, որպեսզի որևէ խնդիր չունենանք, և անախորժություններ չլինեն։ Մենք փորձում ենք առանց ուրիշների համար խնդիրներ առաջացնելու տանել մեր աշխատանքը և փորձել մեր բնակչությանը առաջին հերթին համոզել, քարոզել, հորդորել, որ անպայման մասնակցեն գալիք ընտրություններին և երկրորդը ընտրեն մեր դաշինքին։ Երկրորդը՝ ուզում եմ ձեզ տեղեկացենել, որ բավականին հետաքրքիր աշխատանք է սկսվել այս պահի դրությամբ մեր ներկայացված ծրագրի քննարկման շուրջ»,- ասաց Գեւորգյանը՝ ավելացնելով, որ բազմաթիվ առաջարկություններ են ստացել և սկսելու են մասնագիտական համայնքների հետ առանձին-առանձին հանդիպումներ, քննարկումներ։ Նա նշեց, որ փորձելու են նաև հայտնաբերել այն մարդկանց ում հետ կկարողանան առաջիկայում համատեղ աշխատել և համագործակցել։ «Պրոցեսները ամսի 20-ով չեն ավարտվելու, ես կարծում եմ, որ մենք երկար ճանապարհ ունենք անցնելու՝ երկիրը այս խորը ճահիճից հանելու համար»։
15:13 - 04 հունիսի, 2021
ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է ՔՊ պատգամավորի թեկնածու Տիգրան Դավուդյանի Իրանի քաղաքացի լինելու մասին տեղեկությունը

ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է ՔՊ պատգամավորի թեկնածու Տիգրան Դավուդյանի Իրանի քաղաքացի լինելու մասին տեղեկությունը

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը պարզաբանում է ներկայացրել համացանցում տարածված այն տեղեկության մասին, որի համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Տիգրան Դավուդյանը հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի։ Պարզաբանումը ներկայացնում է ամբողջությամբ: «2021 թվականի հունիսի 3-ին համացանցում տեղեկություն է տարածվել, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորի թեկնածու Տիգրան Դավուդյանը հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը պարզաբանում է. Տիգրան Աբրահամի Դավուդյանը 2021 թվականի մայիսի 17-ին դիմել է անձնագրային ծառայություն` վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին: Անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրի պահոցում կատարված ստուգումներով պարզվել է, որ Տիգրան Դավուդյանը 06.10.1999 թ.-ից հանդիսացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Օտարերկրյա պետության, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկություններ բնակչության պետական ռեգիստրի պահոցում առկա չեն: Ստուգվել է նաև Տիգրան Դավուդյանի կողմից վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու փաստը, ինչից հետո 19.05.2021 թ. տրամադրվել է հայցող տեղեկանքը: Տիգրան Դավուդյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերոհիշյալ տեղեկատվության կապակցությամբ ներկայումս կատարվում են լրացուցիչ ուսումնասիրություններ»,-ասված է հաղորդագրությունում:
14:58 - 04 հունիսի, 2021
Պետք է ամեն ինչ անենք, որ հունիսի 20-ին Հայաստանում վերականգնենք ներքաղաքական համերաշխությունը․ Էդմոն Մարուքյան

Պետք է ամեն ինչ անենք, որ հունիսի 20-ին Հայաստանում վերականգնենք ներքաղաքական համերաշխությունը․ Էդմոն Մարուքյան

Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հունիսի 20-ին Հայաստանում վերականգնենք ներքաղաքական, ներազգային համերաշխությունը։ Այս մասին Վանաձորում հայտարարել է «Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Ես ունեմ մի ուղերձ, մեր կուսակցությունը ունի մեր ուղերձ, մեր ուղերձը  հետևյալն է․ ժողովուրդ, մեզ տվեք մանդատ, մեզ լիազորեք, որ մենք համախմբենք  ամբողջ քաղաքական դաշտը։ Ինչու՞ այս տեքստը և առաքելությունը չի կարող իրականացնել ուրիշ ուժ։ Որովհետև այն ուժերը, որոնք հիմա դերակատար են, մեկը մեկին թշնամի են, մեկը մեկին ոչնչացնելու համար ոչ մի ռեսուրս չեն խնայում, ոչ մի սկզբունք, ոչ մի արգելք, ոչ մի բարիեր, ոչ մի ռուբիկոն, ոչ մի բան չկա, իրար ոչնչացնելու համար ամեն ինչ դրված է։ Միայն մենք ենք, որ ասում ենք, որ մենք կարող ենք ձեր տված իշխանությունով այս անհաշտ ուժերին բերել մի դաշտ և իրար հետ այս երկիրը ոտքի կանգնեցնել։ Եթե այս ուժերից որևէ մեկը հաջողություն է ունենում, իմացեք, որ այսպես ասած ներհայաստանյան պատերազմները չեն դադարելու, իսկ դա ճոխություն է մեր երկրի համար»։  Մարուքյանը հավելել է, որ «Լուսավոր Հայաստանը ընտրություններին մանսակցում է համերաշխության և մյուսներին այլըտրանք լինելու օրակարգով։ «Այս քարոզարշավը նրա մասին չի, որ, օրինակ, խոսենք, ասֆալտ փռելուց։ Ֆունդամենտալ հարցը  անվտանգության խնդիրն է, մեր բանակը վերականգնելու հարցն է, բայց մինչև չունենանք այն համերաշխությունը, ինչի մասին խոսում եմ, ոչ կարող ենք բանակը վերականգնել, ոչ տնտեսությունը, հազարավոր փախստականների խնդիրը լուծել, արտաքին ճակատում հանդես գալ»։
14:43 - 04 հունիսի, 2021
«Պատիվ ունեմ»-ի թեկնածուների 60%-ը ՀՀԿ-ական է. դաշինքների ցուցակների վերլուծություն |hetq.am|

«Պատիվ ունեմ»-ի թեկնածուների 60%-ը ՀՀԿ-ական է. դաշինքների ցուցակների վերլուծություն |hetq.am|

hetq.am: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 26 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է։ Վերլուծել ենք դաշինքների թեկնածուների ցուցակները և ներկայացնում ենք թեկնածուների բաշխվածությունը՝ ըստ կուսակցական պատկանելության։ «Պատիվ ունեմ»-ը ՀՀԿ-«Հայրենիք» կուսակցության դաշինքն է, որը գլխավորում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Պատիվ ունեմ» դաշինքը ընտրապայքարին մասնակցող ուժերից ամենաշատ թեկնածուներ ներկայացրած քաղաքական միավորն է, ունի 230 թեկնածու։ Ցուցակի առաջին տասնյակում են Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը, ԲՀԿ նախկին անդամ, ներկայում անկուսակցական Մարտուն Գրիգորյանը, «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը և այլն։ Դաշինքի ցուցակում թեկնածուների 60%-ը ՀՀԿ-ական են, իսկ «Հայրենիք» կուսակցության անդամների և անկուսակցականների թիվը գրեթե նույնն է՝ 20-ական տոկոս։ «Ազատ հայրենիք» դաշինքը կազմել է 5 կուսակցություն՝ «Ազգային ինքնորոշում միավորում», «Ազգային ժողովրդավարների դաշինք», «Հայ Կառուցողական», «Պահպանողական» և «Հայաստանի կանաչների» կուսակցությունները։ Դաշինքը ղեկավարում են 2013-ին նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու, Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով երկու տարի անազատության մեջ եղած Անդրիաս Ղուկասյանը և «Պահպանողական» կուսակության նախագահ Միքայել Հայրապետյանը։ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքը կազմել են ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը և քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Բաբաջանյանը «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության նախագահն է, իսկ Շիրինյանը՝ «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության։ 89 գրանցված թեկնածուների 52%-ը Լևոն Շիրինյանի կուսակցության անդամներն են, 40%-ը Արման Բաբաջանյանի կուսակցության անդամներ են, իսկ 8%-ը անկուսակցականներ են «Հայաստան» դաշինքը կազմել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը և ՀՅԴ-ն։ Շարունակությունը՝ hetq.am-ում
14:08 - 04 հունիսի, 2021
Գործազուրկներ և գործարարներ․ ովքե՞ր կան քաղաքական ուժերի ցուցակներում |civilnet.am|

Գործազուրկներ և գործարարներ․ ովքե՞ր կան քաղաքական ուժերի ցուցակներում |civilnet.am|

civilnet.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 26 կուսակցությունների և ընտրական դաշինքների ցուցակները։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է 10 քաղաքական ուժերի ցուցակներն ու առանձնացրել որոշ փաստեր, օրինակ, ցուցակներում ընդգրկվածներից քանիսն են գործազուրկ, քանիսը՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր և պետական այլ ծառայող, քանիսը՝ գործարար ոլորտից։ Ի դեպ, առաջիկա ընտրություններին պատգամավորական աթոռներին հավակնող «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջին համարը՝ Խաչիկ Ասրյանը, ինչպես նաև թեկնածուների 86 տոկոսը մշտական աշխատանք չունի։  «Հայաստան» դաշինքում 156 թեկնածուներից պետական ծառայողները 11-ն են, մեծամասնությունը՝ համայնքապետեր, օրինակ՝ Գորիսի, Սիսիանի և այլն։ Գործարարները 22-ն են, իսկ գործազուրկները՝ 24։ Ցուցակի առաջին համարը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ ցուցակի, հանդիսանում է «Սիստեմա ԲՖԿ» անկախ տնօրենը։ Նրա որդին՝ Լևոն Քոչարյանը, ցուցակում 50-րդ համարն է, նա «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության բաժնետերն է։ Այս դաշինքին միացած համայնքապետերից առաջին քսանյակում է գտնվում Մեղրու քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, նրան հաջորդում է «Անրիվա տուր» ՍՊԸ-ի տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը, իսկ 20-րդ համարում «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանն է։ Ցուցակի 22-րդ համարում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Թոխմախի Մհեր» մականվամբ հայտնի Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանն է, ըստ ներկայացրած հայտի՝ նա շինարարության ոլորտում հայտնի «Դռագսման» ՍՊԸ-ի բաժնետերն է։ Ի դեպ, այս դաշինքի ցանկում քիչ չեն շինարարության ոլորտում մասնագիտացված  ընկերությունների այլ ներկայացուցիչներ։ Ցուցակի 44-րդ համարն է «Սահակյանց անիմացիոն ստուդիայի» հիմնադիրներից Դավիթ Սահակյանցը, նրան հաջորդում է «Խայադթա» Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը։ Ցուցակի 71-րդ համարը «ՋԻՏԻԷՍ-ԻՄՄՕ» ՍՊԸ-ի տնօրեն Տարիել Բարսեղյանն է՝ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Տիգրան Բարսեղյանի հայրը։ Տիգրան Բարսեղյանը 2017-ից հետո այս ընկերության 50 տոկոս բաժնեմասի տերն է, իսկ ՊԵԿ-ում աշխատանքը թողել է 2016-ին։ Ընկերությունը զբաղվում է ձկնաբուծությամբ։ 79-րդ համարը ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանն է։  «Պատիվ ունեմ»-ի 230-հոգանոց ցուցակում գործարար ոլորտից է 25 թեկնածու։ Ցուցակն ունի ամենաշատ թեկնածուներն այս 10-ը ուժերից՝ 230 անձ։ Գործազուրկների ընդհանուր թիվը «Պատիվ ունեն»-ում 83 է։ Ցուցակում կա մեկ պատգամավոր՝ «Իմ քայլից» դուրս եկած Թագուհի Թովմասյանը, որը 6-րդ համարն է, ընդհանուր պետական ծառայողները 14-ն են։  21-րդ համարը 25-ամյա Ստանիսլավ Համբարձումյանն է՝ «Էս էռ հոթել» ընկերության տնօրենը։ Նա ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, հանրության շրջանում «Դերժավայի Արկադի» մականմամբ հայտնի գործարար Արկադի Համբարձումյանի որդին է։ Ցուցակի 18-րդ համարը ԴԱՀԿ նախկին պետ Միհրամ Պողոսյանն է, որը, ըստ լրացված տվյալների, չի աշխատում, նույն կարգավիճակում է նաև ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, որը ցուցակում 17-րդն է։ Ցուցակի 26-րդ համարում է Մասիսի քաղաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։ Ցուցակի վերջում կան ներկայացուցիչներ նաև Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ՍՊԸ-ից, օրինակ ընկերության տնօրենը՝ Ալբերտ Սիմոնյանը 159-րդ համարն է։ 106-րդ համարում է «Ավշարի գինու գործարանի» գործադիր տնօրեն Սարգիս Միրզոյանը։  «Քաղաքացիական պայմանագրի» 161-հոգանոց ցուցակում 7-րդ գումարման Ազգային ժողովի 60 պատգամավոր կա, ինչպես նաև պետական 71 ծառայող։ Այսինքն՝ ցուցակի գերակշիռ մասը հանրային ծառայողներ են։ Ցուցակում 15 թեկնածու գործազուրկ է, 4-ը՝ գործարար դաշտից։ Այստեղ են նաև մարզպետներ ու համայնքապետեր։ Համապետական ցուցակի 1-ին մասի ամենավերջին՝ 157-րդ տեղում պատգամավոր Մխիթար Հայրապետյանն է, իսկ 156-ում՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Գործարար Խաչատուր Սուքիասյանը ներկայացվում է որպես «Սիլ կոնցեռն» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի խորհրդական, 92-րդ հորիզոնականում է «Անի տուր» ՍՊԸ փոխտնօրեն Դավիթ Առուշանյանը։  «Լուսավոր Հայաստանի» 107-հոգանոց ցուցակում աշխատանք չունի 20 թեկնածու, 13-ը 7-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր է, իսկ 7-ը՝ պետական այլ ծառայող։ Ընդհանուր առմամբ այս ցուցակում գործարար ոլորտից կա առնվազն 20 անձ։ Ցուցակի 2-րդ համարը՝ Արտյոմ Գեղամյանը, «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր իրավախորհրդատուն է։ Ցուցակի 6-րդ համարը «Կառա և Կարեն» ՍՊԸ տնօրեն Կարինե Ղուկասյանն է, իսկ 11-րդը՝ «Պրես Արենդ» ՍՊԸ փոխտնօրեն Գուրգեն Բարսեղյանը։ Ցուցակում 107-րդ համարը «Սիլ Ինշուրանս»-ի մասնաճյուղերից մեկի կառավարիչն է՝ Իգոր Ավակյանը։  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 96-հոգանոց ցուցակում գործարար ոլորտի ներկայացուցիչները 18-ն են՝ չհաշված գործարար-պատգամավորներին։ Թեկնածուներից 35-ը որևէ տեղ չի աշխատում։ Պետական ծառայողները 21-ն են։ Այս ցուցակում տեսնում ենք նաև Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ»-ի ներկայացուցիչներին։ Ցուցակի 51 համարը ՀԷՑ-ի տեսուչ է։ «Հայ ազգային կոնգրեսի» 104-հոգանոց ցուցակում 35 անձ գործազուրկ է, 13-ը՝ գործարար ոլորտից, մեկ թեկնածու՝ պետական ծառայող։ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներ չկան։  ՀԱԿ-ի առաջին կին թեկնածուն Ինեսսա Գաբայանն է՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին ղեկավարը, նա «Միեզերք» ՍՊԸ-ի տնօրենն է ներկայում։ Ցուցակի 4-րդ համարը «Հայք» լիբերալ կուսակցությունից Հայկ Մաղաքելյանն է, որը հանդիսանում է ՄԳԳ ՍՊԸ հիմնադիրը։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
13:31 - 04 հունիսի, 2021
Արման Բաբաջանյանը ներկայացրել է Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի արտաքին քաղաքական առաջին նախաձեռնությունները

Արման Բաբաջանյանը ներկայացրել է Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի արտաքին քաղաքական առաջին նախաձեռնությունները

Արման Բաբաջանյանը ներկայացրել է առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի արտաքին քաղաքական առաջին նախաձեռնությունները․ 1. Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերային հարաբերությունների հաստատում: Այդ ուղղությամբ իրավապայմանագրային հիմքի ստեղծում: 2. Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների շրջանակի ընդլայնում և որակական աշխատանքի արդյունքում արժանապատիվ և դաշնակցային հարաբերությունների կառուցում: 3. ԱՄՆ-ի հետ գործող «Ռազմավարական երկխոսություն» հարթակի վերագործարկում և գործընկերային հարաբերությունների հաստատում: Սերտ համագործակցություն անվտանգային և բանակի արդիականացման հարցերում: Օգտվել ԱՄՆ-ի Foreign Military Assistance ծրագրի ընձեռած հնարավորությունից, որի շուրջ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն: 4. Միջուկային համաձայնագրի գործարկումից և Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանի հետ Հայաստանի քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացում և զարգացում:
09:59 - 04 հունիսի, 2021
Տավուշի մարզում և հատկապես Իջևանում, մենք պետք է շեշտակի հաղթանակ կրենք․ Ռոբերտ Քոչարյանը՝ տավուշցիների հետ հանդիպմանը |tert.am|

Տավուշի մարզում և հատկապես Իջևանում, մենք պետք է շեշտակի հաղթանակ կրենք․ Ռոբերտ Քոչարյանը՝ տավուշցիների հետ հանդիպմանը |tert.am|

tert.am: Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Տավուշի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբերի ներկայացուցիչների հետ։«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այսօր՝ հունիսի 3-ին, Իջևան քաղաքում հանդիպել են Տավուշի մարզի բնակիչների և «Հայաստան» դաշինքի մարզային շտաբերի ներկայացուցիչների հետ։ «Հասկանալի պատճառներով, Տավուշը մեզ համար յուրահատուկ թիրախ է։ Տավուշի մարզում և հատկապես՝ Իջևանում, մենք պետք է շեշտակի հաղթանակ կրենք»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։ Նա նշել է, որ ամեն ինչ անելու են դաշինքի ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու համար․ «Եթե դու պատասխանատու մարդ ես, վերցրել ես այդ բեռը, ուրեմն պետք է տանես։ Եթե մարդն ինքն  իրեն չի կարողանում կառավարել, երկիրն ինչպե՞ս կարող է կառավարել։ Իսկ մեր այսօրվա կառավարությունն այդպիսինն է՝ մարդիկ իրենց անելիքը չգիտեն։ Սա նույնիսկ քաղաքական թիմ անվանել չես կարող։ Նաև ասեմ, որ բացառում եմ վերադարձը հին բարքերին»։ Իր հերթին Իշխան Սաղաթելյանը նշել է, որ այս ընտրություններին պետք է մոտենալ այն համոզմունքով, որ դրված է երկրի լինել-չլինելու հարցը․ «Հունիսի 20-ին պետք է քշենք այս չարիքի կառավարությանը և ձևավորենք նոր որակի ազգային իշխանություն, որը կկարողանա պահել, պաշտպանել մեր պետության, երկրի և ժողովրդի շահերը»։
14:56 - 03 հունիսի, 2021
Եթե անձը ունի միայն մեկ՝ վավերականության ժամկետը լրացած անձնագիր, դրանով կարող է մասնակցել քվեարկությանը

Եթե անձը ունի միայն մեկ՝ վավերականության ժամկետը լրացած անձնագիր, դրանով կարող է մասնակցել քվեարկությանը

Ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից, քրեակատարողական հիմնարկում գտնվող ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, իսկ զինծառայողների համար` զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը, եթե գրանցվում են (քվեարկում են) զորամասի կազմված ընտրողների ցուցակում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար, բացառությամբ այն դեպքի, երբ տեխնիկական սարքավորումում առկա տեղեկություններից պարզվում է, որ ընտրողն ունի այլ՝ վավերականության ժամկետը չլրացած, անձը հաստատող փաստաթուղթ: Այսինքն, եթե անձը ունի միայն մեկ անձնագիր, որի վավերականության ժամկետը լրացել է, այդ փաստաթղթով կարող է մասնակցել քվեարկությանը: Եթե անձը ունի վավերականության ժամկետը լրացած անձնագիր, ինչպես նաև նույնականացման քարտ և (կամ) բիոմետրիկ անձնագիր, ժամկետը լրացած անձնագրով չի կարողանալու մասնակցել քվեարկությանը: Եթե անձը ունի երեք վավերական փաստաթուղթ՝ հին նմուշի և բիոմետրիկ անձնագրեր, ինչպես նաև նույնականացման քարտ, դրանցից ցանկացածով կարող է մասնակցել քվեարկությանը:
11:33 - 03 հունիսի, 2021
Ընտրություններին մասնակցող թեկնածուների 36․3%-ը կանայք են․ ընտրացուցակների վերլուծություն

Ընտրություններին մասնակցող թեկնածուների 36․3%-ը կանայք են․ ընտրացուցակների վերլուծություն

«Հետքը» շարունակում է վերլուծել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած ցուցակները։ Այսպես, ԿԸՀ-ն գրանցել է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք։ Այս կուսակցություններն ու դաշինքները, ընդհանուր առմամբ, ներկայացրել են 2605 թեկնածու։ A Flourish chart Ամենաշատ թեկնածուներն ունի ՀՀԿ-«Հայրենիք» կուսակցության «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 230 թեկնածու։ Ամենից քիչ թեկնածուներ ներկայացրել է Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցությունը՝ 80։ Թեկնածուների ընդհանուր թվի 36․3%-ը կանայք են։ A Flourish hart 26 քաղաքական ուժերից ընդամենը 2-ն են գլխավորում կանայք՝ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջին համարը Լուսինե Ավագյանն է, իսկ «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության ընտրացուցակը գլխավորում է անկուսակցական Կարինե Տոնոյանը ։ Ներկայացնում ենք նաև կուսակցությունների և դաշինքների կին և տղամարդ թեկնածուների թվային հարաբերակցությունը։ A Flourish chartՇարունակությունը կարդացեք Hetq.am-ում։  
21:48 - 02 հունիսի, 2021
«Հայաստան» դաշինքը որևէ ձևաչափով չի պատրաստվում բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ․ Իշխան Սաղաթելյան |armenpress.am|

«Հայաստան» դաշինքը որևէ ձևաչափով չի պատրաստվում բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ․ Իշխան Սաղաթելյան |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» դաշինքը որևէ ձևաչափով չի պատրաստվում բանավիճել ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, Դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը: «Մենք իրենց հետ բանավիճելու հարց չունենք: Գնանք ինչի՞ շուրջ բանավիճենք»,- նշեց Սաղաթելյանը: Նա ընդգծեց, որ իրենց քաղաքական ուժի օրակարգում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հարցն է: Անդրադառնալով անցնող շաբաթվա կարևոր քաղաքական իրադարձություններին՝ Սաղաթելյանը  հիշեցրեց, որ ընտրություններին մասնակցող դերակատար ուժերից շատերը հստակ հայտարարել են, որ հետընտրական շրջանում որևէ պարագայում, որևէ ձևաչափով չեն պատրաստվում համագործակցել գործող իշխանությունների հետ: Խոսելով քննադատության մասին, թե թշնամին մտել  է Հայաստանի ինքնիշխան տարածք, իսկ քաղաքական ուժերը  ընտրարշավով են  զբաղված, Սաղաթելյանն ասաց. «Եկեք հասկանանք՝ ընդդիմությունն ինչ կարող էր անել ու չի արել։ Երկրի պաշպանության գործը  պետության ու բանակի բացառիկ իրավունքն է։ Մենք՝ իբրև ընդդիմություն,  ոչ կարող ենք երկրի անվտանգությունը պաշտպանել, ոչ ռազմաքաղաքական որոշումներ ընդունել, ոչ էլ պետության անունից բանակցություններ անել: Երբ ասում են՝ ինչո՞ւ եք մասնակցում ընտրություններին, պետք է հարցնենք՝ իսկ ո՞րն է հակառակը: Եթե չմասնակցենք ընտրության կամ ընտրարշավին, ի՞նչ պետք է լինի: Երբ մենք  փողոցում պայքարում էինք, շատ ուժեր  ասում էին, որ խնդիրը պետք է լուծվի ընտրությունների միջոցով, այլ ոչ թե փողոցում։ Հիմա գնում ենք ընտրությունների,  ասում են՝ ընտրություններին մասնակցելով  չի որոշվի ելքը․ բա ելքը ո՞րն է, թողնենք մնա՞ն»: Անդրադառնալով հետընտրական հնարավոր սցենարներին՝  Սաղաթելյանը նշեց, որ իրենք պատրաստ են ցանկացած զարգացումների:
20:53 - 02 հունիսի, 2021
Ընտրապայքարը հաջողելու եւ տեղեկատվական շրջափակումը ճեղքելու համար մեզ պետք է համաժողովրդական աջակցություն նաեւ դրամական միջոցներով. Զուրաբյան

Ընտրապայքարը հաջողելու եւ տեղեկատվական շրջափակումը ճեղքելու համար մեզ պետք է համաժողովրդական աջակցություն նաեւ դրամական միջոցներով. Զուրաբյան

Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ, ընտրական շտաբի պետ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան էջում գրառումն է կատարել, ըստ որի՝ իրենք հայցում են քաղաքացիների աջակցությունը: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հայաստանի սիրելի՛ քաղաքացիներ, համակիրներ, բարեկամներ, զինակիցներ եւ գաղափարակիցներ, Ինչպես գիտեք, Հայ Ազգային Կոնգրեսը որոշել է մասնակցել Ազգային Ժողովի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին: Հայաստանում եւ երկրի շուրջը ստեղծվել է օրհասական եւ ծայրաստիճան վտանգավոր իրավիճակ: Ընտրությունները պետք է լուծեն մեկ հարց. արդյո՞ք Հայաստանում հնարավոր է ձեւավորել մի իշխանություն, որը կկարողանա Հայաստանը հանել պարտության ու նվաստացման ճահճից, որի մեջ հայտնվել ենք վերջին երկու տասնամյակների թալանի եւ անմտության հետեւանքով: Մենք միացել ենք մի ընտրապայքարի, որում ե՛ւ երկրի անվտանգությունը, ե՛ւ կառավարումը լիովին ձախողած գործող իշխանությունը ու անցյալի ճորտատիրական կարգերի վերականգնումը երազող քրեաօլիգարխիկ մաֆիան փորձում են ծվատել պետության մնացորդները: Երկուսն էլ հզոր ռեսուրսների տեր են: Նիկոլ Փաշինյանի օգտին են աշխատելու ադմինիստրատիվ ռեսուրսը, նոր իշխանության կողմն անցած խոշոր փողատերերը, Հանրային հեռուստատեսությունն ու վերջին երեք տարիներին երիտիշխանավորների ստեղծած լրատվամիջոցները: Ռոբերտ Քոչարյանի եւ հարակից ուժերի բեւեռն ունի թալանի տարիներին կուտակած հսկայական դրամական ռեսուրս եւ սպասարկող քարոզչամեքենա: Մեր զենքը ճշմարտությունն է, գաղափարը, քաղաքական միտքը, իրատեսությունը, այսինքն` արժեքներ, որ պետք է վերադարձվեն մեր պետական կառավարմանը:Ընտրապայքարը հաջողելու եւ տեղեկատվական շրջափակումը ճեղքելու համար մեզ պետք է համաժողովրդական աջակցություն նաեւ դրամական միջոցներով, ինչը թույլ կտա ընտրարշավի շրջանակներում ակտիվորեն գնել հեռուստա- եւ ռադիոեթեր, արդյունավետորեն օգտագործել սոցիալական ցանցերը` մեր գաղափարները ժողովրդին հասցնելու նպատակով: Հետեւաբար, որպես Հայ Ազգային Կոնգրեսի ընտրարշավի կազմակերպման պատասխանատու` հայցում եմ ձեր աջակցությունը: Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական հիմնադրամի հաշվեհամարն է` Կենտրոնական Բանկ, Հ/Հ - 103009090178 Հայ Ազգային Կոնգրես կուսակցության բանկային հաշվեհամարն է` Հայէկոնոմբանկ ԲԲԸ, Հ/Հ - 163008047058 Մեզ համար մեծ նշանակություն կունենա նաեւ մեր շտաբների համար տարածքների ու տրանսպորտային միջոցների տրամադրումը, որի առաջարկներով խնդրում ենք դիմել 010 535034 հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային փոստով: Վստահ եղեք, որ ձեր աջակցությունը կլինի լավագույն ներդումը մեր երկրում բաղձալի փոփոխությունների հասնելու համար: Լեւոն Զուրաբյան Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական շտաբի պետ»:
19:45 - 02 հունիսի, 2021