ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանը առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել

ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանը առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանն առաջին աշխատանքային խորհրդակցությունն է հրավիրել, որին ներկա են գտնվել ԿԳՄՍ ոլորտները համակարգող փոխնախարարները և նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Իր խոսքում նախարար Վ․ Դումանյանն ընդգծել է, որ մեր պետության համար դժվարին և պատասխանատու այս ժամանակահատվածում իր առաջնային ուշադրության կենտրոնում են լինելու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների համակարգված գործունեությունը, ոլորտային խնդիրների արդյունավետ և օպերատիվ լուծումները և դրան զուգահեռ հիմնարար հայեցակարգային ծրագրերի մշակումը։ «Ողջունում եմ բոլորիդ, այստեղ շատերին ես ճանաչում եմ։ Նախարարի պաշտոնը ստանձնել եմ բարդագույն իրավիճակում և ժամանակաշրջանում, և ես եկել եմ այստեղ աշխատելու, իմ հնարավորություններն ու ներուժն օգտագործելու ոլորտում առկա խնդիրների լուծմանը, իհարկե, ձեզ հետ միասին»,- նշել է նախարար Վ.Դումանյանն աշխատակազմի հետ հանդիպմանը։ Աշխատանքային խորհրդակցության ընթացքում նախարարի տեղակալներն ու ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են այս պահին ծառացած հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրները։ Անդրադարձ է եղել մինչև տարեվերջ պարտադիր իրականացման ենթակա բյուջետային ծրագրերին, Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված դպրոցականների կրթության կազմակերպման, պատերազմական գործողություններին մասնակցած ուսանողների համար նախարարությունում քննարկվող սոցիալական ծրագրերին, մշակութային ժառանգության պահպանմանը և ոլորտային այլ խնդիրների։
20:04 - 27 նոյեմբերի, 2020
Կրթական հարթակների հասանելիությունը մեծացել է․ «ՄՏՍ Հայաստան», «ՅՈՒՔՈՄ» և «Տելեկոմ Արմենիա» ընկերությունների նոր առաջարկները

Կրթական հարթակների հասանելիությունը մեծացել է․ «ՄՏՍ Հայաստան», «ՅՈՒՔՈՄ» և «Տելեկոմ Արմենիա» ընկերությունների նոր առաջարկները

Արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկին՝ «ՄՏՍ Հայաստան», «ՅՈՒՔՈՄ» և «Տելեկոմ Արմենիա» ընկերությունները աջակցում են համաճարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության պայմաններում հեռավար ուսուցման զարգացման նախաձեռնությանը: Կազմակերպություններն իրենց բաժանորդների համար առաջարկում են կրթական հարթակներում հեռավար ուսուցումն իրականացնելու սակագնային նոր պլաններ. Beeline ապրանքանիշով հանդես եկող «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը 2020 թվականի նոյեմբերի 16-ից բջջային կապի բաժանորդների համար անվճար է դարձրել ծառայությունը ներքոհիշյալ կայքերի կրթական հարթակներից օգտվելու համար՝ http://e-school.am/  https://lib.armedu.am/,  http://esource.armedu.am/,  https://kahoot.com/, Zoom, Microsoft Teams: Բացի այդ, «Տելեկոմ Արմենիա» ընկերության բաժանորդներին մատչելի սակագներով սարքավորումների տրամադրման հարցը կարգավորվել է ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ ծրագրի արդյունքում՝ գործարկված ինտերնետի հատուկ սակագնային փաթեթի տրամադրման շրջանակում։ Ըստ այդմ՝ շահառու հանդիսացող աշակերտները, ուսանողները և ուսուցիչները, ներկայացնեով նախարարության տրամադրած վկայականները, կարող են միանալ այն առաջարկներին, որոնցում ներառված են համապատասխան սարքավորումներ՝ WI-Fi router-ներ Վիվա-ՄՏՍ-ը հեռավար ուսուցման կազմակերպման համար առաջարկում է սակագնային «X», «Y», «Z» պլանները: Դրանցից օգտվելիս հասանելի են նաև անսահմանափակ Zoom և Skype հավելվածները, որոնք առավել հաճախ են օգտագործվում հեռավար ուսուցման գործընթացում: Փաթեթների ակտիվ լինելու դեպքում հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում: «X», «Y», «Z» սակագնային պլանների օգտագործման պայմաններին առավել մանրամասն ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել ընկերության կայք՝ (https://www.mts.am/Individual-customers/mobile-connection/Tariffs-and-discounts/x-y-z-tariff-plans/for--prepaid)։ Ինտերնետ հասանելիության նպատակով Վիվա-ՄՏՍ-ի բջջային ցանցն օգտագործող ու ընկերության սակագնային բոլոր պլաններից (բացառությամբ սակագնային «Ես» պլանի) օգտվող բաժանորդների դեպքում, ներքոհիշյալ հարթակներից օգտվելիս, ինտերնետի հասանելիությունը կապահովվի առանց հավելյալ վճարի, այն է՝ օգտագործած ինտերնետի ՄԲ համար տարիֆիկացում չի կիրառվի. www.emis.am, www.armedu.am, www.escs.am, https://lib.armedu.am, http://esource.armedu.am, iUniversity (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հարթակ) Armenian Schoolbooks հավելված և http://schoolbooks.am/ կայքէջ, որտեղ հասանելի են 1-12-րդ դասարանների համար նախատեսված՝ պետականորեն հաստատված բոլոր դասագրքերը։ Ucom ընկերությունը U! Կանխավճարային, Ucom Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս սակագնային պլանների բաժանորդների համար ընդլայնել է անսահմանափակ օգտագործման հնարավորությամբ հարթակների ցանկը՝ http://e-school.am/, https://lib.armedu.am/, http://esource.armedu.am/ , https://kahoot.com/, MicrosoftTeams, Google Classroom, armedu.am, emis.am, etwinning.net և zoom.us: Նոյեմբերի 21-ից Ucom ընկերության շարժական կապի u1000, u1500, u2000, u3000 կանխավճարային սակագնային պլանների, ինչպես նաև Ucom Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս ծառայության բաժանորդները չեն վճարի ինտերնետի օգտագործման վճար նշյալ կայքերից օգտվելիս։ Հավելենք, որ որոշ կրթական կայքերում առկա YouTube տեսանյութերը դիտելիս բաժանորդները կվճարեն` համաձայն իրենց սակագնային պլանի։
17:12 - 26 նոյեմբերի, 2020
Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երրորդ դասընթացի հայտագրումը

Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երրորդ դասընթացի հայտագրումը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում  է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երրորդ դասընթացի մեկնարկի մասին: Ծրագրին կարող են դիմել զորակոչի ենթակա տղաներն ու այն երիտասարդ կանայք, որոնք ունեն ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտի առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են միանալ ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերին՝ կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։ Տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ 6 և 12-ամսյա անվճար դասընթացին կմասնակցեն թեստավորման և հարցազրույցի փուլերը հաղթահարած դիմորդները։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը։ Առցանց քննության և հարցազրույցի փուլերը հաղթահարած բոլոր դիմորդները կսկսեն ուսուցումը 2021 թվականի հունվարին:
22:52 - 25 նոյեմբերի, 2020
Պետք է բարեփոխենք մտածողությունը մեր ձևակերպած նպատակներին հասնելու համար. վարչապետը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին

Պետք է բարեփոխենք մտածողությունը մեր ձևակերպած նպատակներին հասնելու համար. վարչապետը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանին: Կառավարութան ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արայիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար և արդյունավետ գործունեություն մաղթել Վահրամ Դումանյանին: «Հարգելի գործընկերներ, մենք շատ ենք խոսում երկրում ինստիտուտների կայացվածության աստիճանի մասին, և իմ համոզմունքն այն է, որ մեր բոլոր պրոբլեմները կապ ունեն ինստիտուտների կայացվածության աստիճանի հետ: Բայց նաև կարևոր եմ համարում, որպեսզի մենք ամենևին չանտեսենք մտածողությունը՝ որպես ինստիտուտ: Կարծում եմ նաև, որ մենք այս հարցն ընդհանուր առմամբ պետք է քննենք, հասկանանք, պատկերացնենք, թե ինչ մտածողությամբ ենք առաջնորդվում, այդ ինստիտուտն ինչքանով է համապատասխանում մեր կարիքներին, պահանջներին և շահերին, և, իհարկե, ինչպիսի՞ բարեփոխումների պետք է ենթարկվի մտածողությունը, որպեսզի կարողանանք հասնել այն նպատակներին, որոնք ձևակերպում ենք», - իր խոսքում նշել է երկրի վարչապետը: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարության թիմին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ կառույցը՝ որպես ինստիտուտ, ձևավորվել է և գտնվում է աշխատանքային լավ վիճակում: Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում, Covid-ի ժամանակ ստեղծված իրավիճակին արձագանքը եղել է համապատասխան, և դա տեղի է ունեցել այս գերատեսչությունում աշխատող մարդկանց շնորհիվ: Ա Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին նախարարության գործունեությանը ցուցաբերած աջակցության համար և նշել. «Այն բարեփոխումները, որոնք սկսվել են նախարարությունում, իրենց բարերար և դրական ազդեցությունն են ունենալու ներհայաստանյան հարաբերություններում, մեր տնտեսության վրա, միջազգային հարաբերություններում մեր դիրքի վրա: Եվ, իմ կարծիքով, այն լավ հիմքերը, որ դրվել են, պետք է, շարունակական լինեն»: ԿԳՄՍ նախկին նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակել կուտակած փորձը և տեղեկատվությունը փոխանցել նորանշանակ նախարարին՝ ի աջակցություն բարեփոխումների գործընթացի: Իր հերթին ԿԳՄՍ նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար՝ նշելով. «Լիովին պատասխանատու ձևով ես համաձայնվել եմ ընդունել առաջարկը և զգացված եմ վստահության համար: Պատրաստ եմ ուժերիս ներածի ողջ ծավալով նվիրվել մեր պետությանը, մեր երկրին և այս ոլորտում անել առավելագույնը»: Նա շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին համագործակցության պատրաստակամության համար: Հանդիպման ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողություններ է մաղթել գործընկերներին հետագա աշխատանքային գործունեության մեջ:
18:48 - 24 նոյեմբերի, 2020
Սահմանամերձ 9 դպրոց կստանա պետական դրամաշնորհ՝ անվտանգության պայմանների բարելավման համար

Սահմանամերձ 9 դպրոց կստանա պետական դրամաշնորհ՝ անվտանգության պայմանների բարելավման համար

ՀՀ Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ 9 համայնքների դպրոցներ ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ապահով դպրոց» ծրագրի շրջանակում ստացել են դրամաշնորհ՝ անվտանգության ենթակառուցվածքների բարելավման, այդ թվում՝ ապաստարանների բարեկարգման, անվտանգության պատի կառուցման և այլ նպատակներով, տեղեկացնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։«Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման իրականացման նպատակով հայտարարված դրամաշնորհի մրցույթին դիմած 13 դպրոցից 9-ը հաղթող է ճանաչվել։ Գեղարքունիքի մարզի Արտանիշի միջնակարգ դպրոցՍյունիքի մարզի Մուցքի հիմնական դպրոցՏավուշի մարզի Այգեպարի միջնակարգ դպրոցՏավուշի մարզի Մովսես գեղի Պ. Ավալյանի անվան միջնակարգ դպրոցՏավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոցՏավուշի մարզի Ոսկեպարի Հ. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցՏավուշի մարզի Ն. Ծաղկավանի միջնակարգ դպրոցՏավուշի մարզի Վազաշենի միջնակարգ դպրոցՏավուշի մարզի Սևքարի միջնակարգ դպրոց։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ կնքված պայմանագրերի շրջանակում հաստատությունները սահմանված ժամկետներում կիրականացնեն աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումները։ Աշխատանքների իրականացման համար յուրաքանչյուր դպրոց կստանա առավելագույնը 2 մլն 372.200 դրամ։ «Ապահով դպրոց» ծրագիրը մեկնարկել է անցյալ տարվանից. 2019 թվականին հանրապետության 6 դպրոցների անվտանգության պայմանների բարելավման նպատակով պետական  միջոցներից տրամադրվել է 13 մլն 589.800 դրամ։ 2020 թվականի ՀՀ պետական բյուջեով նույն նպատակի համար նախատեսվել է ավելի քան 23 մլն դրամ /նախնական ծրագրով դրամաշնորհ պետք է ստանար 10 դպրոց, սակայն մրցույթի պայմանները բավարարել է 9-ը/։ Ծրագիրը շարունակվելու է նաև 2021 թվականին։ «Ապահով դպրոց» ծրագրի նպատակն է աջակցել մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցման գործողություններին՝ օժանդակելով հանրակրթական ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման  պլանների և արտակարգ իրավիճակներում գործելու  բարելավմանը։
15:46 - 24 նոյեմբերի, 2020
Կարևորագույն նախապայմաններ կան զարգացման համար. ԿԳՄՍ նախկին նախարարի անդրադարձը ոլորտին

Կարևորագույն նախապայմաններ կան զարգացման համար. ԿԳՄՍ նախկին նախարարի անդրադարձը ոլորտին

ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր որոշում է կայացվել փոփոխություն կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում և նախարար նշանակել Վահրամ Դումանյանին: Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ մեծ թիմի անդամներին, որոնց ջանքերի շնորհիվ լուրջ բարեփոխումներ են մեկնարկել շատ ոլորտներում, մյուսների համար դրվել են լուրջ հիմքեր, իսկ արդյունքները տեսանելի կլինեն առաջիկա տարիներին: Շնորհակալություն եմ հայտնում նրանց խիզախության, դժվար բարեփոխումների հարցում համբերատար առաջ գնալու համար: Կրթության ոլորտում տասնամյակներով ձևավորված կարծրատիպերը և մոլորությունները միայն խոչընդոտում են զարգացմանը և պետք է փոխարինվեն կոնկրետ լուծումներով, որքան էլ որ դրանք առաջին հայացքից բարդ թվան; Պետք է արձանագրել, որ`-Ուսուցիչները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա, -Ստեղծագործողները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա, -Մարզիկները ձերբազատվել են տարբեր խմբերից ունեցած ավանդական կախվածությունից, -Գիտությունը նախորդ տարիների համեմատ ավելի մեծ ուշադրության չի արժանացել, որքան հիմա: Ահա այս ամենը կարևորագույն նախապայմաններ են զարգացման համար: Շնորհակակություն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը միշտ աջակցել է մեր ոլորտի բարեփոխումներին: Իմ գործունեության 2,5 տարվա արդյունքներին դեռ կանդրադառնամ առաջիկայում: Առաջիկա օրերին զերծ կմնամ որևէ մեկնաբանությունից, այդ թվում` մամուլին»:
19:15 - 23 նոյեմբերի, 2020
Տարրական դասարանների շուրջ 100 հազար երեխա կստանա սննդի փաթեթներ

Տարրական դասարանների շուրջ 100 հազար երեխա կստանա սննդի փաթեթներ

ՀՀ կառավարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը սննդի փաթեթներ կտրամադրեն տարրական դասարանների շուրջ 100 հազար երեխայի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Նշվում է, որ սա պայմանավորված այն հանգամանքով, որ կորոնավիրուսի պատճառով դպրոցների խոհանոցներն ու ճաշանները շարունակում են փակ մնալ: Համագործակցելով ՀՀ կառավարության հետ` Պարենի համաշխարհային ծրագիրը վերակազմակերպել է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որ երեխաները հնարավորություն ունենան ամենօրյա սննդարար կերակուրներ ստանալ տանը՝ մինչև դպրոցների խոհանոցների և ճաշարանների վերաբացումը ու սննդի ապահովման վերսկսումը։ ՊՀԾ-ն Հայաստանի ամբողջ տարածքում առողջարար սննդի փաթեթներ կտրամադրի տարրական դասարանների շուրջ 50 հազար երեխայի` «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը: Ծրագրի աստիճանաբար ազգայնացման շրջանակում ՀՀ կառավարությունը զուգահեռաբար կաջակցի լրացուցիչ շուրջ 50 հազար դպրոցականի: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՊՀԾ-ն սննդի փաթեթները դպրոցականներին տրամադրում են 2020/21 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում։ Մեկանգամյա այս բաշխումը միտված է աջակցել ընտանիքներին՝ հոգալու երեխաների սննդային կարիքները 80 օրվա ընթացքում: Սննդի փաթեթները, որոնք տրամադրելու են ՀՀ կառավարությունը և ՊՀԾ-ն, պարունակում են հետևյալ պարենային մթերքները՝ հնդկացորեն, ոսպ, մակարոնեղեն, բրինձ, ձեթ և ցորենի ալյուր:
12:57 - 23 նոյեմբերի, 2020
Հայաստանում ֆրանսիական համալսարանը մշակել է զինվոր ուսանողներին աջակցելու ծրագրեր

Հայաստանում ֆրանսիական համալսարանը մշակել է զինվոր ուսանողներին աջակցելու ծրագրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի նորանշանակ ռեկտոր Բերտրան Վենարին։  Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպման ընթացքում Նախարարի տեղակալին ներկայացվել և քննարկվել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի ընթացիկ և առաջիկա պլանները, այդ թվում՝ առաջնահերթաբար պատերազմի հետևանքով տուժած զինվոր ուսանողներին աջակցելու գործողությունները։ Կողմերի համոզմամբ պատերազմում ներգրավված  երիտասարդների քաջության և հերոսության համար երախտագիտությունը միայն խոսքերով չէ, որ պետք է արտահայտվի, այլև կոնկրետ գործողություններով։ Այս գաղափարին միտված՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը մշակել է  զինվոր ուսանողներին քաղաքացիական կյանք և ուսումնական գործընթաց վերադարձնելու ծրագրեր, որոնցից են սոցիալական աջակցությունը, ինտեգրացված ուսուցումը՝ ուսման բացը լրացնելու համար, ինչպես նաև հոգեբանական ռեաբիլիտացիոն աշխատանքները: Նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը ողջունել է հյուրին՝ կարևորելով վերջինիս պատրաստակամությունը մեր երկրի համար շրջադարձային այս օրերում՝ աջակցելու ուսանողներին։ «Բառերն ու գործողությունները միանշանակ բավարար չեն այս երիտասարդների հերոսությունը գնահատելու համար, դրանք չեն մեղմի ընտանիքների անսպառ վիշտը․ ոմանք չէին զորակոչվել, բայց որպես կամավոր անմիջապես մեկնել էին մարտադաշտ, ծառայել վտանգի մեջ գտնվող հայրենիքին․ սա ազնվության մեծ ապացույց է, իսկ ազնվությունը ՀՖՀ-ի հիմնական արժեքներից մեկն է։ Պետք է ցույց տանք մեր խորին երախտագիտությունը․ սա  է նվազագույնը, որ կարող ենք անել»,- իր խոսքում նշել է ռեկտոր Բերտրան Վենարը։ Ընդգծելով, որ Հայաստանի համար պատմական ժամանակներ են՝ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը նշել է, որ այս փուլում կարևոր է բուհերի սոցիալական պատասխանատվությունը․ «Խնդիրներն ու ծրագրերը ընդհանրական են բոլոր բուհերի համար, որովհետև մեր ուսանողությունն ակտիվորեն մասնակցել է հայրենիքի պաշտպանության գործին: Այս առումով էլ կարևոր է  բուհերի բարձր սոցիալական պատասխանատվությունը, որով դուք ձեզ հասցեատեր եք զգում մեր երկրում ծառացած խնդիրները լուծելու առումով։ Հայրենիքի պաշտպանությանը մասնակցելը ենթադրում է քաղաքացիական մեծ պատասխանատվություն, ուստի ուսանողները ոչ մի դեպքում պետք է չտուժեն: Սա նաև հոգեբանական աջակցություն է».-եզրափակել  է Ա. Մարտիրոսյանը։ Նախարարի տեղակալը նշել է, որ ներկայումս քննարկում են պատերազմի մասնակից ուսանողներին աջակցելու  տարբեր փաթեթներ: Հանդիպման ավարտին քննարկվել են նաև մի շարք ռազմավարական նախագծեր՝ միտված Ֆրանսիական համալսարանի գործունեության հետագա ընդլայնմանը և զարգացմանը։
11:16 - 23 նոյեմբերի, 2020
Քննարկվում է դպրոցների զարգացման ծրագրի մշակման պահանջների և մեթոդաբանության նախագիծը

Քննարկվում է դպրոցների զարգացման ծրագրի մշակման պահանջների և մեթոդաբանության նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջների, մեթոդաբանության և ձևաչափի նախագիծը։ Այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունից: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով պահանջվում է, որ տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար տնօրենի թեկնածուն խորհրդին ներկայացնի ուսումնական հաստատության զարգացման իր ծրագիրը, որի հիման վրա էլ  պլանավորվում է հետագա աշխատանքը։ Ծրագիրը կազմվում է 5 տարվա համար և ընդգրկում է հետևյալ բաղադրիչները՝ իրավիճակի վերլուծություն, նպատակների և խնդիրների սահմանում, գործողությունների և միջոցառումների հաջորդականություն ու ժամանակացույց, պատասխանատուներ, արդյունքների գնահատման չափանիշներ, ռիսկեր, բյուջե և վերահսկողության մեխանիզմներ: Ուսումնական հաստատության զարգացման ծրագրի կառուցվածքի համապարփակ սխեմա գոյություն չունի: Յուրաքանչյուր դպրոց կարող է ցուցաբերել ինքնուրույն մոտեցում, սակայն զարգացման ծրագիրը մշակելիս ցանկալի է առաջնորդվել փոխկապակցված քայլերի հաջորդականությամբ, որը ներկայացվում է նախագծում: Ներկայում տնօրենի պաշտոնի հավակնորդները զարգացման ծրագիրը մշակում են՝ ցուցաբերելով ինքնուրույն մոտեցում, և հաճախ դրանք չեն պարունակում կամ ամբողջությամբ չեն ներկայացնում դպրոցի զարգացման այնպիսի դրույթներ, որոնք կարևոր են ուսումնական հարստատության զարգացման, գործընթացների կառավարման և ղեկավարման համար։ Երբեմն թեկնածուները օգտվում են այլ ուսումնական հաստատության համար ստեղծված զարգացման ծրագրից:  Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել նկարագրել ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջները և ձևաչափը։ Զարգացման ծրագիրը տնօրենի հավակնորդից պահանջվող հիմնական փաստաթղթերից մեկն է, որի մշակման համար հավակնորդը հանդիպում է սովորողների հետ, այն ներկայացնում մանկավարժական և ծնողական խորհուրդներին՝ նրանց քվեին արժանանալու համար։ Տնօրենի ընտրվելու պարագայում զարգացման ծրագիրը դառնում է նրա գործունեության վերահսկողության գործիքը՝ հնարավորություն տալով սահմանել տարեկան կատարողական ցուցանիշներ, իսկ անբավարար արդյունքի դեպքում՝ նաև անվստահություն հայտնել գործող տնօրենին։ Ակնհայտ է, որ նման կարևոր գործիքի արդյունավետ գործարկման համար անհրաժեշտ է, որ հստակ լինեն զարգացման ծրագրի հիմնական պահանջներն ու ձևաչափը։ Հետևաբար, նախագծի ընդունումը նպատակ ունի նպաստել դպրոցների գործունեության առավել երկարաժամկետ և ռազմավարական պլանավորմանը, կանոնակարգել զարգացման ծրագրերի հանդեպ պահանջները և դրանց ձևաչափը, ինչպես նաև մեծացնել ծրագրերի արդյունավետությունը՝ ի հաշիվ հստակ կառուցվածքի և առանձնացված բաղադրիչների։ Համաձայն նախագծի՝ ծրագրի մշակման պարտադիր քայլերն են՝ հաստատության առաքելության սահմանումը, առկա իրավիճակի վերլուծությունը, դպրոցի ուժեղ և թույլ կողմերի բացահայտումը, հիմնախնդիրների ձևակերպումը, դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսների նկարագրությունը, յուրաքանչյուր խնդրի իրականացման գործողությունները, դրանց պատասխանատուները, ժամկետները, ակնկալվող արդյունքները, զարգացման ծրագրի ֆինանսավորման մեխանիզմները և իրականացման ռիսկերը, դրանց ազդեցության նվազեցմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև զարգացման ծրագրի մշտադիտարկման, վերահսկողության մեխանիզմները և դրա արդյունավետության գնահատման ցուցանիշները: Քաղաքացիները և շահառու խմբերը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել մինչև դեկտեմբերի 3-ը։
12:07 - 20 նոյեմբերի, 2020
Կրթությունն այսօր վտանգված է տարածաշրջանային պատերազմների, ահաբեկչության և բռնությունների հետևանքով. ԿԳՄՍ նախարար

Կրթությունն այսօր վտանգված է տարածաշրջանային պատերազմների, ահաբեկչության և բռնությունների հետևանքով. ԿԳՄՍ նախարար

Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական առցանց համաժողովը, որը հյուրընկալել էր Բոլոնիայի գործընթացի Իտալիայի քարտուղարությունը։Կոնֆերանսի ընթացքում ընդունվել են Հռոմի նախարարական կոմյունիկեն, ակադեմիական ազատությունների մասին հայտարարությունը, ինչպես նաև ազգային իշխանություններին ուղղված խորհրդատվական առաջարկություններ դասավանդման և ուսումնառության բարելավումների վերաբերյալ։ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, իր ելույթում ընդգծելով Հայաստանի հավատարմությունը Բոլոնիայի հռչակագրի հիմնարար սկզբունքներին և արժեքներին, շեշտել է, որ ի թիվս բազմաթիվ մարտահրավերների՝ կրթությունն այսօր վտանգված է նաև տարածաշրջանային պատերազմների, ծայրահեղականության, ահաբեկչության և բռնությունների հետևանքով, և Բոլոնիայի գործընթացը իր իսկ հիմնարար արժեքների դիրքերից պետք է արձագանքի այդ վտանգներին։Հայաստանի պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի ճարտարապետաշինարարական ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, Ակադեմիական փոխճանաչման ազգային տեղեկատվական կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանը և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանող Նենսի Մկրտչյանը։49 երկրների պատվիրակությունները քննարկել են բարձրագույն կրթության ընդհանուր տարածքի հեռանկարային զարգացման խնդիրները մինչև 2030 թվականը։ Մասնակիցները շեշտադրել են ակադեմիական հիմնարար արժեքների, դասավանդման, ուսումնառության և նորարարության, բարձրագույն կրթության սոցիալական չափելիության հարցերը։
23:44 - 19 նոյեմբերի, 2020
ԿԳՄՍ նախարարն այցելել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

ԿԳՄՍ նախարարն այցելել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանի ուղեկցությամբ, այսօր այցելել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն՝ ծանոթանալու շինարարական և նորոգման աշխատանքների ընթացքին: Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի ներկայացմամբ՝ այս պահին հիմնանորոգվում է թատրոնի կաթսայատունը։ Շինարարների խոսքով՝ աշխատանքներն ընթանում են ըստ գրաֆիկի, և կաթսայատունը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա դեկտեմբերին: Այնուհետև, տնօրենը ներկայացրել է թատրոնում ընթացող շինարարական և վերանորոգման աշխատանքները, որոնց շրջանակներում վերանորոգվում է հանդիսատեսին սպասարկող երկու մեծ սանհանգույցները: Հիմնովին վերանորոգվում են նաև ծառայողական անձնակազմին սպասարկող թվով 4 սանհանգույցները, որոնք գտնվում են 1-ին և 3-րդ հարկերում: Ռեստավրացվելու և թարմացվելու է շենքի ճակատային հատվածը՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցի կողմից: Պատերը կթարմացվեն, կտեղադրվեն թատրոնի տարբերանշանով համապատասխան ցուցատախտակներ: Մուտքի դռան վերևում կտեղադրվի ժամանակակից ապակյա ծածկ, որը կփոխարինի նախկին քանդված ծածկին: Թատրոնի տնօրենի տեղեկացմամբ՝ աշխատանքները կավարտվեն 2021 թվականի փետրվարին: Նախարարի այցի ընթացքում քննարկվել են նաև թատրոնի 100-ամյակին նվիրված մի շարք հարցեր:
20:24 - 19 նոյեմբերի, 2020
12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների ժամանակացույցը հաստատվել է

12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների ժամանակացույցը հաստատվել է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 18.11.2020թ. թիվ 1645-Ա/2 հրամանով սահմանվել են 2020-2021 ուսումնական տարվա 2020 թվականի դեկտեմբերին անցկացվող պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և անցկացման աշխատակարգը։ 12-րդ դասարանում սովորողը դեկտեմբերին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: Ըստ այդմ՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն՝ համաձայն հետևյալ ժամանակացույցի. «Հայոց լեզու և հայ գրականություն» գրավոր (թեստ) 22.12.2020թ. «Մաթեմատիկա» գրավոր (թեստ) 24.12.2020թ. «Հայոց պատմություն» գրավոր (թեստ) 26.12.2020թ. «Մայրենի լեզու և գրականություն» բանավոր (ազգային փոքրամասնությունների դասարանների համար)՝ քննաշրջանի ընթացքում Ռուսերեն («Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն») բանավոր (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար) քննաշրջանի ընթացքում   Միասնական քննությանը մասնակցող սովորողը դեկտեմբերին պետական ավարտական քննություններ կարող է հանձնել այն առարկաներից, որոնք չի հանձնելու միասնական քննությունների համակարգով: Միևնույն առարկայից և՛ միասնական, և՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում գրվում է միասնական քննության ավարտական մասի գնահատականը (միավորը): Դեկտեմբերին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 1-ը պետք է գրավոր դիմեն ուսհաստատության տնօրենին. հեռավար ուսուցման դեպքում կարելի է դիմել էլեկտրոնային փոստով: 12-րդ դասարանում պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմում է Գնահատման և թեստավորման կենտրոնը, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած շտեմարաններից և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից կամ նյութերից: 12-րդ դասարանում անցկացվող ռուսերեն («Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն») բանավոր, ռուսերենով ուսուցմամբ համապատասխան դասարանների համար և «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր, ազգային փոքրամասնությունների համար) առարկաների քննական առաջադրանքների հարցաշարերը և հարցատոմսերը կազմում են տվյալ ուսհաստատության առարկայական մեթոդական միավորումները` ԿԳՄՍ նախարարության երաշխավորած դասագրքերի և նյութերի հիման վրա: Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների ցանկության դեպքում «Մաթեմատիկա» առարկայի պետական ավարտական քննության թեստերը կազմվում են ռուսերեն: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները ուսումնական հաստատությունն ավարտում են անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա (ԱՈւՊ): Պետական ավարտական քննությունները կազմակերպվելու են ուսումնական հաստատությունում՝ առկա եղանակով: Յուրաքանչյուր հաստատություն դառնալու է քննական կենտրոն: Քննության մասնակից սովորողները բաժանվելու են խմբերի: Յուրաքանչյուր խմբում ընդգրկված սովորողների թիվը չի կարող գերազանցել 20-ը՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորությունը:
15:25 - 19 նոյեմբերի, 2020
ԿԳՄՍ նախարարն այցելել է Երգի պետական թատրոն և Կամերային երաժշտության ազգային կենտրոն

ԿԳՄՍ նախարարն այցելել է Երգի պետական թատրոն և Կամերային երաժշտության ազգային կենտրոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Երգի պետական թատրոն և Կամերային երաժշտության ազգային կենտրոն։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նախարարին ներկայացվել են մշակութային հաստատություններում իրականացված և ընթացիկ շինարարական և այլ բնույթի աշխատանքները։ Երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը նշել է, որ մեկ տարում թատրոնում կատարված աշխատանքները երևում են մուտքից սկսած։ Տնօրենի ներկայացմամբ՝ առաջին հարկը ամբողջովին վերանորոգվել է, հետնամասի դռները և վերելակները փոխվել են։ Թատրոնը կլինի 1-4-րդ հարկերում. 3-րդ և 4-րդ հարկերում կտեղակայվեն վարչական և գեղարվեստական մասերը, 2-րդ հարկում դահլիճն ու սպասասրահն են։ Սրահը հանդիսատեսի համար նախատեսված է նաև որպես սպասասրահ, որը հնարավոր է օգտագործել մամուլի ասուլիսներ կազմակերպելու, ֆիլմերի, հոլովակների պրեմիերաներ ցուցադրելու համար: Հինգերորդ հարկը նույնպես ամբողջությամբ վերանորոգվել է և անվանվել կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանի անունով։ Առաջիկայում դահլիճում կվերանորոգվի հատակը, կապահովվեն ձայնային լուծումները, կտեղադրվեն նստարանները:   Խոսելով ապագայի ծրագրերի մասին` տնօրենն ասել է, որ մտադիր են թատրոնը վերածել «երաժշտական Թումոյի»։ Այնուհետև, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանի ուղեկցությամբ, այցելել է Կամերային երաժշտության ազգային կենտրոն: Նրանք շրջել են կենտրոնի տարածքով և ծանոթացել բարելավմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքների ընթացքին: ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանը ներկայացրել է փորձասենյակների, աշխատասենյակների, սանհանգույցների վերանորոգման, տեխնիկական վերազինման և իրականացված մյուս աշխատանքները։ Ծավալուն շինարարությունն իրականացվել է գործընկեր կազմակերպության աջակցությամբ և կենտրոնի աշխատակիցների ջանքերով: Տեղում բարձրացվել է նաև շինության կաթսայատան խողովակաշարի ամբողջական նորոգման հարցը: Արայիկ Հարությունյանին ներկայացվել է նաև ճապոնական դրամաշնորհով ձեռք բերված երաժշտական գործիքը՝ Yamaha կլավինովան: Մինչև տարեվերջ դրամաշնորհային ծրագրով ԿԵԱԿ-ը կհամալրվի ռոյալով, տիմպանիներով, թմբուկներով, քսիլոֆոնով, գլյոկենշպիլով, ինչպես նաև այլ հարվածային գործիքներով:
19:34 - 18 նոյեմբերի, 2020
Քննարկվում է նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը

Քննարկվում է նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրության նախագիծը։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Հաստատությունը պատասխանատու է պետական չափորոշիչներին, նախադպրոցական կրթական ծրագրերին, երեխաների տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին ու ընդունակություններին համապատասխան ուսուցման մեթոդների և ձևերի ընտրության, ինչպես նաև նրանց կյանքի անվտանգության և առողջության պահպանման համար:   Համագործակցելով համայնքի և ընտանիքի հետ՝ հաստատությունն ապահովում է սաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, առողջության ամրապնդումն ու խնամքը, մայրենի լեզվով հաղորդակցվելու և դրա հիմքի վրա օտար լեզուների տիրապետման նախադրյալները,  հաշվելու տարրական կարողությունների զարգացումը, հայրենի բնության, պատմության և ազգային մշակույթի տարրերին  ծանոթացումը, երեխայի մտավոր, բարոյական, գեղագիտական և ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, զարգացման շեղումների կանխարգելումն ու շտկումը, դպրոցական ուսուցման նախապատրաստումը: Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Տարիքային խմբերի ձևավորումը և երեխաների տեղափոխումը այլ տարիքային խմբեր կատարվում են յուրաքանչյուր տարվա օգոստոսի 20-ից մինչև 30-ը: Ազատ տեղերը համալրվում են ամբողջ տարվա ընթացքում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով: Նախադպրոցական ուսումնական հաստատություններն ըստ տեսակների լինում են՝ մսուր՝ 0-3 տարեկանների ընդգրկմամբ. մսուր - մանկապարտեզ` 0-6 տարեկանների ընդգրկմամբ. մանկապարտեզ՝ 3-6 տարեկանների ընդգրկմամբ. նախակրթարան՝ 5-6 տարեկանների ընդգրկմամբ. կենտրոն՝ 0-6` նախադպրոցական բոլոր կամ որևէ տարիքային խմբի ընդգրկմամբ: Երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատություն, անկախ կազմակերպական-իրավական ձևից, իրականացվում է ծնողի (երեխայի օրինական ներկայացուցչի) դիմումի, հաստատության ու ծնողի  միջև ստորագրված պայմանագրի հիման վրա՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով: Հաստատությունը կարող է ունենալ կնիք, ձևաթուղթ, պաշտոնական կայք, ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվ: Հաստատության պաշտոնական կայքում հրապարակվում են հաստատության նախահաշիվը, ֆինանսական հաշվետվությունները, հաստիքացուցակը, թափուր աշխատատեղերը, հայտարարությունները և հաստատության գործունեությանն առնչվող «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված  տեղեկություններ և այլն: Հաստատությունն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել օտարերկրյա կրթական հաստատությունների և կազմակերպությունների հետ, չի թույլատրվում քաղաքական և կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը: Համաձայն քննարկվող կանոնադրության նախագծի՝ նախադպրոցական հաստատությունները կարող են իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, մասնավորապես, ստեղծել ռեսուրս-կենտրոններ, իրականացնել մասնագետների վերապատրաստման, խորհրդատվական դասընթացներ, վարել ծնողական կրթությանը միտված դասընթացներ և ծրագրեր, կազմակերպել լրացուցիչ կրթական ծառայություններ, սաների երկարօրյա կամ շուրջօրյա ուսուցում և խնամք։   Հավելենք, որ ՀՀ  ազգային փոքրամասնությունների նախադպրոցական կրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով՝ հայերենի պարտադիր ուսուցմամբ: Նախադպրոցական ուսումնական հաստատություն չունեցող համայնքում կամ բնակավայրում կարող են ներդրվել նախադպրոցական կրթության կազմակերպման ծախսարդյունավետ այլընտրանքային մոդելներ:
12:45 - 18 նոյեմբերի, 2020