ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

«5-րդ ալիքը» խնդրում է կարճել եթերում դիմակ չդնելու համար հարուցված վարույթը՝ զանցակազմի բացակայության հիմքով

«5-րդ ալիքը» խնդրում է կարճել եթերում դիմակ չդնելու համար հարուցված վարույթը՝ զանցակազմի բացակայության հիմքով

«5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը հիմնավորումներ է ներկայացրել՝ եթերում դիմակ չդնելու համար հարուցված վարչական վարույթի վերաբերյալ՝ խնդրելով կարճել վարույթը զանցակազմի բացակայության հիմքով:  Հուլիսի 3-ին ոստիկանության աշխատակիցները այցելել էին «5-րդ ալիք» հեռուստաընկերություն և վարչական վարույթ հարուցել եթերում դիմակ չդնելու համար:  Հարություն Հարությունյանի գրությունը՝ ուղղված ոստիկանության Երևանի վարչության կենտրոնական բաժնի պետ՝ Ա.Պապոյանին, ներկայացնում ենք ստորև. «Հարգելի՛ պարոն Պապյան, 03.07.2020թ. Ձեր կողմից կազմվել և ինձ՝ Հարություն Հրաչիկի Հարությունյանին է տրվել ծանուցում, որով Դուք 13.07.2020թ. ժամը 15:00-ին հրավիրել եք ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի ՀՈԲ ավագ տեսուչներ Հ. Մարգարյանի և Վ. Բախշյանի մոտ՝ իմ նկատմամբ իրականացվելիք վարչական վարույթին մասնակցելու համար: Սույնով հայտնում ենք Ձեզ, որ կորոնավիրուսային համավարակի (Covid-19) տարածմամբ պայմանավորված, ավելին դրա ծայրահեղ վտանգավոր ցուցանիշների առկայությամբ, հոգ տանելով մեր և մեր ընտանիքի անդամների կյանքի և առողջության մասին, ստիպված կլինենք բաց թողնել Ձեր կողմից հրավիրված լսումները: Նշվածը պայմանավորված է ի թիվս այլի այն հանգամանքով, որ Ծանուցմամբ որևէ կերպ չի հիմնավորվել ք. Երևան Վրացյան 90, թիվ 224 աշխատասենյակի սոցիալական հեռավորության պահպանման, ախտահանման գործողությունների վերաբերյալ անհրաժեշտ հանգամանքների վերաբերյալ: Ավելին՝ հայտնում ենք մեր պատրաստակամությունը տեղեկատվական տեխնոլոգիաների իրացմամբ (Skype, Zoom և այլ նման գործիքների) մասնակցելու վարչական վարույթին: Միաժամանակ կցանկանանք մեր դիրքորոշումը հայտնել նաև գրավոր ձևով սույն փաստաթղթի շրջանակներում՝ հույս ունենալով, որ այն պատշաճ քննարկման առարկա կդառնա Ձեր կողմից հրավիրված լսումների շրջանակներում, հաշվի առնելով վարչարարության և վարչական վարույթին ներկայացվող օրենսդրական պահանջները: Այսպիսով, առաջնահերթաբար անհրաժեշտ եմ համարում նշել, որ Ձեր կողմից հարուցված վարչական վարույթը ակնհայտորեն անհիմն է, չի բխում անձանց կյանքի և առողջության ապահովման անհրաժեշտությունից և միտված է սահմանափակել լրատվամիջոցի ազատ խոսքի իրավունքը, որպիսի պայմաններում մեր նկատմամբ հարուցված վարչական վարույթը ենթակա է անհապաղ կարճման, իսկ մենք պետք է ազատվենք վարչական պատասխանատվությունից: Նախ և առաջ նշենք, որ հաշվի առնելով հեռուստաընկերությունների գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև դրանց վերաբերյալ միջազգայնորեն առկա հատուկ կարգավորումները, մեզ համար անհասկանալի է, թե կոնկրետ ո՞ր իրավակարգավորումներն են կիրառելի հեռուստաընկերությունների գործունեության և հնարավոր սահմանափակումների վերաբերյալ, այդ թվում Պարետի որոշումների տեսանկյունից: Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» Պարետի որոշմամբ սահմանվել են արտակարգ դրության ժամանակ ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության կանոններ, որոշակի սահմանափակումներ: Այսպիսով, առանձին Հավելվածներով Պարետն անդրադառնում է այնպիսի գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին, ինչպիսիք են արտադրական, գրասենյակային, շինարարական, առևտրային, հանրային սննդի, մարմնամարզական, գեղեցկության սրահներ, կրթական և այլն: Սակայն նշյալ տնտեսվարող սուբյեկտներին վերաբերելի իրավակարգավորումների շրջանակներում առկա չէ որևէ հատուկ իրավակարգավորում, որը կվերաբերի լրատվամիջոցներին, հեռուստաընկերություններին կամ համանման գործունեությամբ զբաղվող անձանց, որպիսի պայմաններում կամ անհրաժեշտ է արձանագրել առկա օրենսդրական բացը, կամ էլ, առնվազն, կողմնորոշվել, թե ո՞ր բլոկի մեջ է առավել նպատակահարմար և ողջամիտ դիտարկել մեր գործունեությունը: Այսպիսով, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է հեռուստառադիոհաղորդումների ազատ ընտրության, արտադրության ու տարածման իրավունքը: Հեռուստառադիոհաղորդումների գրաքննությունն արգելվում է»: Նախևառաջ նշենք, որ վերոգրյալ իրավակարգավորումը բխում է խոսքի ազատության սահմանադրորեն և կոնվենցիոնալ ամրագրված իրավունքից, որպիսի պայմաններում ցանկացած սահմանափակում կամ արգելք, որն ուղղակիորեն նպաստելու է խոսքի ազատության իրավունքի իրացմանը, անթույլատրելի է և ոչ իրավաչափ: Ուստի գտնում ենք, որ ՀՀ Ոստիկանության կողմից դրսևորվող նման մոտեցումը, հեռուստաընկերություն մուտք գործելը, բնականոն գործունեությունը խաթարելը, ինչպես նաև այլ խոչնդոտող գործունեություն իրականացնելը ուղղակիորեն խախտում է խոսքի ազատության իրավունքը: Պատահական չէ, որ ԶԼՄ-ների գործունեության պաշտպանվածությունը և դրան խոչընդոտելու արգելքը նախատեսված է ընդհուպ մինչև քրեաիրավական կարգավորումներով: Անդրադառնալով վկայակոչված իրավադրույթին, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ նորմի մեկնաբանմանը, մատնանշելով հեռուստաընկերությունների կողմից իրականացվող գործունեությանը, դրանց գործունեության տեսակին և ուղղվածությանը: Այսպիսով, օրենքում հեռուստաընկերությունների գործունեության վերաբերյալ կարգավորման շրջանակներում օգտագործվում է «արտադրություն» բառը, որն ուղղակիորեն բերում է այն եզրահանգման, որ օրենսդիրը հեռուստաընկերությունների գործունեությունը դիտարկում է որպես արտադրական: Նման իրավիճակում անհրաժեշտ է նաև հասկանալ, թե կոնկրետ ինչպիսի՞ սահմանում է տրված «արտադրական» գործունեություն հասկացությանը Պարետի որոշման շրջանակներում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պարետի որոշմամբ ուղղակիորեն տրված չէ սույն հասկացության սահմանումը, ապա անհրաժեշտ է ելնել իրավակիրառ պրակտիկայում դրա վերաբերյալ առկա ընդհանուր մոտեցումից, ուստի կարող է և պետք է կիրառելի լինել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը: Հետևաբար, հեռուստաընկերությունների գործունեությունը դիտարկվում է որպես արտադրական և դրա վերաբերյալ կիրառելի է Պարետի որոշման թիվ 3 Հավելվածը: Անդրադառնալով Պարետի որոշման թիվ 3 Հավելվածին, անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ մեր կողմից ամբողջապես պահպանվել են որոշմամբ սահմանված անվտանգության ապահովման պահանջները, որպիսի պայմաններում առկա չէ որևէ հիմք մեր նկատմամբ վարույթ հարուցելու և վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Այսպիսով, Պարետի որոշման թիվ 3 Հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն. «Անհրաժեշտ է ապահովել աշխատատեղերի միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն: Այն դեպքերում, երբ արտադրական գործընթացի և աշխատանքի բնույթից ելնելով՝ հնարավոր չէ պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն, աշխատողները կրում են նաև դիմային վահանակներ»: Վկայակոչված իրավադրույթի վերլուծությունից պարզ է դառնում, որ դիմակների և դիմային վահանակների օգտագործումը պարտադիր է բացառապես այն դեպքերում, երբ աշխատավայրում հնարավոր չէ ապահովել 1.5 մետր սոցիալական հեռավորությունը: Ներկայիս իրավիճակում ստեղծվում է մի պատկեր, երբ ակնհայտ է դառնում մեր նկատմամբ վարչական վարույթի հարուցման ոչ իրավաչափությունն այն պարագայում, երբ Ձեր կողմից հեռուստաալիք այցելելու և վերահսկողություն իրականացնելու շրջանակներում իրականացվել է հենց իմ օրինական պահանջով տարածքի չափագրում, որով ուղղակիորեն պարզ է դարձել, որ տաղավարում գտնվող զրուցավարի և հյուրի միջև, ինչպես նաև նկարահանող խմբի անդամների միջև ապահովված է որոշմամբ սահմանված 1.5 մետր սոցիալական հեռավորությունը: Ավելին, հեռավորությունը լրագրող-զրուցավարի և հյուրի  միջև կազմում է2.8 մետր, որպիսի պայմաններում իրավախախտման մասին խոսելն առնվազն անհիմն է: Ինչ վերբերում է դիմակ կրելուն, անհրաժեշտ ենք համարում Ձեր ուշադրությունը սևեռել միջազգային փորձին և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված ստանդարտներին: Այսպես, առկա չէ առնվազն մեկ պետություն, որտեղ հեռուստաընկերություններում հաղորդավարները հանրությանը հանդես գան դիմակներով կամ դիմավահաններով: Բացառապես բոլոր մինիմալ իրավագիտակցության շեմն ապահովող պետություններում անգամ հեռուստատեսությունների համար օրենսդրորեն սահմանված են հատուկ կարգավորումներ, որպիսով վերջիններս չեն կրում պարտականություն հեռուստադիտողի առջև հանդես գալ դիմակով (հաշվի առնելով գործունեության բնույթը և ինքնին տաղավարային հատվածներում մշտապես սոցիալական հեռավորության առկայությունը): Դա առնվազն էթիկապես սխալ է և որոշակիորեն խանգարող: Միաժամանակ հենց նույն իմ ղեկավարած հեռուստաընկերությունը ապահովում է սոցիալական խթանումը դիմակներ կրելու վերաբերյալ, մշտապես տարածելով՝ «կրիր դիմակ» արտահայտությունը: Ոստիկանության կողմից իրականացված գործողությունները և առկա իրավիճակն ԶԼՄ-ների նկատմամբ այնքան արտասովոր է՝ դրա հնարավոր ամենաբացասական իմաստով, որ անգամ դարձել է մի շարք միջազգային լրատվամիջոցների խոսակցության առարկան: Այսպես, մի շարք լրատվամիջոցներ խիստ բացասական լույսի ներքո են դիտարկել ՀՀ տարածքում տեղի ունեցողը, մասնավորապես «5-րդ ալիք» և «Արմնյուզ» հեռուստաընկերությունների նկատմամբ հարուցված վարչական վարույթները և տեղի ունեցող հետապնդումները, որպիսի պայմաններում խիստ քննադատության են ենթարկվել նման հետապնդում իրականացնող անձինք և մարմինները[1]: Նման պայմաններում ակնահյտ է մեր իրավունքների խախտումը, որը պետք է վերացվի հնարավորինս սեղմ ժամկետներում և անվերապահորեն: Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում հասկանալ Ձեր կողմից իրականացվող վերահսկողության տրամաբանությունը և դրա ուղղվածությունը, հիմք ընդունելով հենց այն հանգամանքը, որ ցանկացած գործողություն, որը նախաձեռնվում է վարչական մարմինների կողմից Պարետի որոշման ապահովման և իրացման տեսանկյունից, հետապնդում է որոշակի նպատակ, որն էլ պետք է ապահովվի՝ հնարավորինս զերծ մնալով լիազորությունների չարաշահում և, առավելևս, նման չարաշահմամբ իրավունքի խախտում իրականացնելուց: Այսպիսով, Պարետի որոշման ուղղվածությունն է ապահովել ՀՀ Կառավարության կողմից 16.03.2020թ. ընդունված «Արտակարգ դրություն ապահովելու մասին» Որոշումը: Այսինքն, սույն որոշման գերնպատակ է սահմանվում հասարակության կյանքի և առողջության պաշտպանությունը, իսկ ցանկացած գործունեություն, որն իրականացվում է՝ հիմնվելով սույն որոշման վրա, պետք է բխի հենց կյանքի և առողջության ապահովման առաջնային նպատակից: Հետևաբար վարչական մարմինների կողմից ցանկացած գործողություն, որը խախտում է սահմանված նպատակը կրում է բոլորովին այլ միտվածություն: Այսպիսով, Պարետի որոշմամբ սահմանված է սոցիալական հեռավորության ապահովման պարտականությունը բացառապես բոլորի կողմից և ոչ միայն մեր հեռուստաընկերության, ուստի Ձեր գործողությունները պետք է ուղղված լինեն ոչ միայն փակ տարածքներում գտնվող անձանց և ընկերությունների՝ անվտանգության կանոններին հետևելու պարտականությանը, այլև առհասարակ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց: Տարակուսանք է առաջացնում այն մեկնաբանությունը, որ սրճարաններում միմյանց դիմաց կամ կողք-կողքի նստած անձանց միջև որևէ կերպ չի ապահովվում և չի կարող ապահովվել սոցիալական հեռավորությունը, սակայն նման իրավիճակը երբևէ չի մտահոգել վարչական մարմիններին, մինչդեռ մեր կողմից իրականացված օրինաչափ գործունեությունը խիստ վերահսկողության առարկա է դարձել՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր կողմից պահպանվել են, պահպանվում են և շարունակելու են պահպանվել համապատասխան որոշմամբ սահմանված բոլոր պահանջները, ընդհուպ մինչև ոչ թե 1.5 այլ 2.8 մետր հեռավորություն ապահովելով: Մենք հոգ ենք տանում մեր, մեր աշխատակիցների առողջության և կյանքի մասին, ուստի ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ պաշտպանության միջոցները՝ համավարակի տարածումը կանխելու և տարածման պատճառ չհանդիսանալու համար: Ուստի խնդրում ենք Ձեզ չխոչնդոտել մեր կողմից բնականոն գործունեության իրականացմանը և զերծ մնալ մեր խոսքի ազատության իրավունքի հակաօրինական սահմանափակումներ թույլ տալուց: Միաժամանակ գտնում ենք, որ Ձեր կողմից խախտվել են վարչարարության հիմնարար սկզբունքները, որպիսի պայմաններում Ձեր կողմից կայացված վարչական ակտը, որը բացասական հետևանքներ կնախատեսի մեզ համար, կդիտվի ոչ իրավաչափ և կբեկանվի դատական կարգով: Այսպիսով, համաձայն «Վարչարարության և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ»: Նույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք»: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Եթե վարչական մարմինը որևէ հայեցողական լիազորություն իրականացրել է որոշակի ձևով, ապա միանման դեպքերում հետագայում ևս պարտավոր է իր այդ հայեցողական լիազորությունն իրականացնել նույն ձևով»: Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն. «Վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր»: Վկայակոչված իրավադրույթների համակցված վերլուծությունից կարող ենք եզրահանգել, որ վարչական մարմիններն իրենց պարտականություններն իրականացնելիս պարտավոր են յուրաքանչյուր դեպքում ելնել սահմանված սզբունքներից և չիրականացնել գործունեություն, որը որևէ կերպ կխախտի սահմանված սկզբունքներից առնվազն մեկը: Նշյալը համապարտադիր պահանջ է և ենթակա է կատարման անգամ արտակարգ դրության և դրա ապահովմանն ուղղված գործունեության շրջանակներում: Այսպիսով, օրենսդրորեն արգելվում է վարչական մարմիններին լիազորությունների չարաշահումն ու որոշակի գործողությունների իրականացումը, որը չի բխում օրենսրդրորեն ամրագրված նպատակներից և կրում է կամայական բնույթ: Վարչական մարմինները պարտավոր են բոլորի նկատմամբ դրսևորել հավասար, համաչափ մոտեցում և համանման փաստական հանգամանքների պայմաններում կիրառել միանման միջոցառումներ, այլապես առկա է վարչարարության սկզբունքի խախտում: Ոստիկանության կողմից իրականացված գործողությունները ուղղված ԶԼՄ-ի նկատմամբ որոշակիորեն խոսքի ազատությունը «լռեցնելու» քողարկված նպատակ են հետապնդում (ի թիվս այլի «սառեցնող էֆֆեկտի» վերաբերյալ հիշատակվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) Մեծ պալատի 23.04.2015թ. Մորիսն ընդդեմ Ֆրանսիայի N 29369/10 գործով կայացված որոշման մեջ): Միաժամանակ հաշվի առնելով ներկայացված հիմնավորումները գտնում ենք, որ տվյալ դեպքում «5-րդ ալիք» հեռուստաընկերության կողմից չի իրականացվել որևէ գործողություն, որն իր մեջ պարունակում է վարչական իրավախախտում կատարելու պարտադիր տարրերը՝ զանցակազմը առհասարակ բացակայում է: ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 247-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման հետևյալ հանգամանքների առկայության դեպքում` 1) վարչական իրավախախտման դեպքի կամ կազմի բացակայությունը. ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 282-րդ հոդվածի համաձայն՝ Քննելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործը, մարմինը (պաշտոնատար անձը) ընդունում է հետևյալ որոշումներից մեկը` 1) վարչական տույժ նշանակելու մասին. 2) գործի վարույթը կարճելու մասին: Վերոգրյալից բխում է, որ իմ նկատմամբ չէր կարող սկսվել վարույթ, քանի որ իմ գործողություններում բացակայում է վարչական իրավախախտման դեպքը և կազմը:Իսկ արդեն իսկ ապօրինի կերպով սկսված վարույթը ենթակա է կարճման: Բացի այդ ՀՀ վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները: Սույն դեպքում վարչական իրավախախտման վարույթ հարուցելիս վարչական մարմինը չի իրականացրել փաստական հանգամքնների բազմակողմանի և օբյեկտիվ քննարկում, քանի որ վերջիններիս ներկայացվել է բավարար հիմնավորումներ այն մասին,  որ Ընկերությունը իրականացնում է արտադրական գործունեություն, որը Պարետի համապատասխան որոշմամբ ունի այլ կարգավորումներ,որի պարագայում որևէ իրավախախտում իմ կողմից չի կատարվել և վարչական մարմնի կողմից վարչական վարույթ չէր կարող հարուցվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր կողմից վարչարարության շրջանակներում հիմնովին խախտվել են կամայականության արգելքի, համաչափության, օրինականության և վարչական վարույթի բազմակողմանիության սկզբունքները, ինչպես նաև այն հանգամանքը, որ իմ գործողություններում բացակայում է իրավախախտման դեպքը՝ ղեկավարվելով ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 247-րդ և 282 –րդ հոդվածի 2-րդ կետի դրույթով՝ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ Ձեր կողմից հարուցված վարչական վարույթը կարճել՝ զանցակազմի բացակայության հիմքով: Հարգանքով՝ 5-րդ ալիք հեռուստաընկերության Տնօրեն  Հարություն Հրաչիկի Հարությունյան»:
16:14 - 10 հուլիսի, 2020
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ առաջին տեղակալին ու շտաբի պետին

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ առաջին տեղակալին ու շտաբի պետին

Հուլիսի 9-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանին։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանությունը: Արամ Հովհաննիսյանը ոստիկանության համակարգում է 1990 թվականից, զբաղեցրել է տարբեր պաշտոններ, մինչ այս` ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետն էր։Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ հավաստիացնելով, որ առաջադրված ցանկացած խնդիր կիրականացվի պատասխանատվությամբ և արժանապատվորեն: Ոստիկանության պետը ներկայացրել է նաև ոստիկանության շտաբի նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանին։ Արմեն Մկրտչյանը ոստիկանության համակարգում է 2003 թվականից, զբաղեցրել է տարբեր պաշտոններ, մինչ այս` ոստիկանության շտաբի պետի տեղակալն էր։Արմեն Մկրտչյանը նույնպես շնորհակալություն է հայտնեց վստահության համար և նշեց, որ ինքը և ոստիկանության շտաբի ողջ անձնակազմը պատրաստ են կատարել օրենքով իրենց վերապահված բոլոր գործառույթները՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։ Ոստիկանության պետը շնորհավորելով նորանշանակ պաշտոնյաներին՝ անդրադարձել է ոստիկանության ծառայությանը։ Վահե Ղազարյանը նշել է, որ ոստիկանության գերխնդիրն այսօր նաև համավարակի դեմ պայքարն է։ Հանձնարարել է ակտիվացնել աշխատանքն այդ ուղղությամբ։ Ոստիկանապետն անդրադարձել է նաև վերջերս հասարակական հնչողություն ստացած դեպքերին: Քննարկվել է հանրապետության օպերատիվ իրավիճակը։ Տրվել են կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։
18:48 - 09 հուլիսի, 2020
Տավուշի բաժնի ոստիկանները ստուգայցեր են կատարել փայտամշակման ու փայտածուխի արտադրամասեր

Տավուշի բաժնի ոստիկանները ստուգայցեր են կատարել փայտամշակման ու փայտածուխի արտադրամասեր

ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները բնապահպանական ոլորտի օրինախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով հուլիսի 7-ին ստուգայցեր են իրականացրել Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղի փայտամշակման և փայտածուխի արտադրամասեր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ «Հայտնաբերվել են ընդհանուր մի քանի խորանարդ մետր փայտանյութ, տարբեր չափի տախտակներ, մի քանի տասնյակ  արկղ, փայտածուխի պատրաստման տարաներ, մի քանի խորանարդ մետր փայտածուխ, մի քանի տասնյակ քմ մանրատախտակ և այլն։ Հայտնաբերվածի կապակցությամբ որոշ դեպքերով համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- ասվում է հաղորդագրության մեջ։    
19:55 - 08 հուլիսի, 2020
60 կմ/ժամ առավելագույն արագություն սահմանելու որոշումը կարող է փոփոխվել, եթե սպասված արդյունքը չտա  |youtube.com|

60 կմ/ժամ առավելագույն արագություն սահմանելու որոշումը կարող է փոփոխվել, եթե սպասված արդյունքը չտա |youtube.com|

youtube.com: Հուլիսի 7-ին ոստիկանությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ հուլիսի 18-ից մայրաքաղաքի մի շարք փողոցներում իրականացվում է ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Երևանի մի շարք փողոցներում սահմանված առավելագույն արագությունը իջեցվում է 60 կմ/ժ։ Այդ ճանապարհահատվածներն են՝ Իսակովի պողոտա, Թբիլիսյան խճուղի, Մոնթե Մելքոնյան, Աճառյան, Դավիթ Բեկի փողոցներ, Մյասնիկյան պողոտա, Սարալանջի փողոց և Աշտարակի խճուղի: Թեմայի շուրջ պարզաբանումներ է ներկայացրել ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը։ Երթևեկության կազմակերպման փոփոխության նպատակը երթևեկության անվտանգության ապահովումն է կամ առավել բարձր անվտանգության մակարդակ ունենալը, քանի որ, ինչպես ցույց են տալիս 2019 թվականի վիճակագրական տվյալների հիման վրա արված վերլուծությունները, այն ճանապարհներին, որտեղ սահմանված է առավել բարձր արագություն, քան բնակավայրերի համար ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված 60 կմ/ժ-ն է, մասնավորապես՝ Երևանում կան տեղամասեր, որտեղ սահմանված է 70 և 80 կմ/ժ արագություն, ապա այդ հատվածներում բավական բարձր է վթարայնության ցուցանիշը։ Խոսքը վերաբերում է հատկապես զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարներին։ Դրանց նախականխման, առավել ծանր հետևանքների կանխման ու նվազեցման նպատակով է հենց նախատեսվում իրականացնել նշված փոփոխությունը։ 2019 թվականի ցուցանիշներով՝ Երևանում տեղի է ունեցել 2172 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 86 և մարմնական վնասվածքներ ստացել 2801 մարդ։ Երևանի համար ծանրության գործակիցը կազմել է 2,9 կամ ավելի պատկերավոր ասած՝ պատահարների հետևանքով յուրաքանչյուր 1000 տուժածի դեպքում 29 զոհ է եղել։ Ինչ վերաբերում է նշված փողոցներին /Իսակովի պողոտա, Թբիլիսյան խճուղի, Մոնթե Մելքոնյան, Աճառյան, Դավիթ Բեկի փողոցներ, Մյասնիկյան պողոտա և Սարալանջի փողոց, Աշտարակի խճուղի/, ապա 2019 թվականին այս հատվածներում եղել է 227 պատահար։ Արդյունքում՝ զոհվել է 18 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել՝ 318-ը։ Այս հատվածներում ծանրության գործակիցը եղել է 5,3, կամ ավելի պատկերավոր՝ պատահարների հետևանքով յուրաքանչյուր 1000 տուժածներից եղել է 53 զոհ։ Բացի այդ, Երևանում տեղի ունեցած պատահարների 10,5 %-ը նշված 8 փողոցներում է եղել։ Զոհերի թիվը այդ փողոցներում կազմել է Երևանի տեղի ունեցած պատահարների հետևանքով ընդհանուր զոհերի 20 %-ը։ Այսինքն, այս դեպքում ևս, զոհերի թվի հետ կապված, ունենք կրկնակի ցուցանիշ: Երևանում կա մոտ 170 քաղաքային նշանակության փողոց, և այդ 8 փողոցները կազմում են ընդհանուր ցանցի 4,7 տոկոսը։ Արդյունքում՝ 4,7 տոկոս հատվածում ունենք 10,5 տոկոս պատահարներ, 20,9 տոկոս զոհեր և 11,3 տոկոս վիրավորներ։ Նման պատկերը ցույց է տալիս, որ այս հատվածներում բավական բարձր է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքի ծանրության աստիճանը։ Եթե ուշադրություն դարձնենք այդ 8 փողոցներին, ապա բոլոր դեպքերում առավել բարձր արագություն տեղամասերին հաջորդում են սովորական բնակավայրի համար սահմանված 60 կմ/ժ արագությունը։ Տեսականորեն ստացվում է, որ բարձր արագությամբ երթևեկելու պարագայում, երբ հանդիպում ես առավել ցածր արագության տեղամասի, պետք է նվազեցնես արագությունը։ Ստացվում է, որ ներկա իրավիճակում ավելի մեծ է խցանումների առաջացման հավանականությունը, քան փոփոխությունից հետո, քանի որ կլինի մեկ արագություն՝ 60 կմ/ժ, և բոլոր հոսքերը միևնույն միջին արագությամբ կընթանան։ Ընդհանրապես, ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխությունը ինքնին ժամանակավոր է, որովհետև տարբեր իրողություններում անընդհատ ենթակա է վերանայման։ Այս փոփոխությունն էլ վկայում է այդ մասին. ժամանակին կատարվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում բարձրացվել են սահմանված արագությունները, իսկ ներկա ուսումնասիրությունների արդյունքում վերանայվում են այդ արագությունները և նվազեցվում։ Բնականաբար, նաև այս փոփոխությունը հետագայում կարող է չարդարացվի, և այդ դեպքում պետք է կամ այլ միջոցառում իրականացնել կամ վերադառնալ նախկինին։
18:28 - 08 հուլիսի, 2020
Քաղաքացին եղել է ալկոհոլի ազդեցության տակ, հայհոյել է, հարվածել ոստիկաններին. պարզաբանում՝ Ստեփանավանի միջադեպի մասին

Քաղաքացին եղել է ալկոհոլի ազդեցության տակ, հայհոյել է, հարվածել ոստիկաններին. պարզաբանում՝ Ստեփանավանի միջադեպի մասին

Համացանցում տեսանյութ է տարածվել Ստեփանավանում ոստիկանության ծառայողների և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Տեսագրությունը մեկնաբանվում է հետևյալ կերպ. իբր ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները քաղաքացուն բերման են ենթարկում դիմակ չկրելու համար։ ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հուլիսի 3-ին Ստեփանավանում արտակարգ ռեժիմով ծառայություն իրականացրած ոստիկանները նկատել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի ուղևորներից մեկը դիմակով չէ։ Ոստիկանները տղամարդուն ներկայացրել են իրավախախտումը և պահանջել անձը հաստատող փաստաթուղթ՝ արձանագրություն կազմելու համար։ Նա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, չի ներկայացրել փաստաթուղթ և հայհոյանքներ է հնչեցրել՝ չկատարելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջները։ Ոստիկանության ծառայողները փորձել են նրան բերման ենթարկել։ Այդ ընթացքում տղամարդը հարվածներ է հասցրել նրանց՝ շարունակելով դրսևորել ոչ իրավաչափ վարքագիծ։ Տարածք հրավիրված օժանդակ ուժերի օգնությամբ տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանավանի բաժին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Տղամարդը ձերբակալվել է։ Ի դեպ, նախորդ տարի նույն անձը, դարձյալ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, չի կատարել ճանապարհային ոստիկանների օրինական պահանջները և դիտավորությամբ վնասել է նրանց ծառայողական ավտոմեքենան։ Այս դեպքի առթիվ ևս քրեական գործ էր հարուցվել։ Քաղաքացիներին ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ոչ միայն հակահամաճարակային անվտանգության կանոնները, այլև կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները՝ չդրսևորելով ավելորդ ինքնավստահություն, ինչը հանգեցնում է քրեական պատասխանատվության։ Ստորեւ՝ ոստիկանության եւ քաղաքացու տեսանյութերը.
14:21 - 08 հուլիսի, 2020
2020թ. հուլիսի 18-ից Երևանի բոլոր ճանապարհահատվածներում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ

2020թ. հուլիսի 18-ից Երևանի բոլոր ճանապարհահատվածներում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երևան քաղաքի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից ավելի է սահմանված, 2020թ. հուլիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նման բոլոր ճանապարհահատվածներում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ:Այդ ճանապարհահատվածներն են՝1.Իսակովի պողոտա2.Թբիլիսյան խճուղի3.Մոնթե Մելքոնյան փողոց4. Աճառյան փողոց5. Դավիթ-Բեկի փողոց6. Մյասնիկյան պողոտա7. Սարալանջի պողոտա8. Աշտարակի խճուղի:Այսպիով՝ նշված փոփոխությամբ Երևան քաղաքի ողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 2020 թ. հուլիսի 18-ից կսահմանվի 60 կմ/ժ:
17:11 - 07 հուլիսի, 2020
Բոլոր զինկոմիսարիատների հարակից տարածքներում հուլիսի 1-ից ոստիկանությունն իրականացնում է արտակարգ ծառայություն

Բոլոր զինկոմիսարիատների հարակից տարածքներում հուլիսի 1-ից ոստիկանությունն իրականացնում է արտակարգ ծառայություն

Հուլիսի 1-ին հանրապետությունում մեկնարկել է 2020 թվականի ամառային զորակոչը։ Այդ օրվանից հանրապետության բոլոր զինկոմիսարիատների հարակից տարածքներում ոստիկանությունը սկսել է իրականացնել արտակարգ ծառայություն։Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները հորդորում են զորակոչիկների հարազատներին՝ պահել սոցիալական հեռավորություն և լինել դիմակներով։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Բացի նշվածից, ոստիկանությունը արտակարգ ծառայություն է իրականացնում պաշտպանության նախարարության հանրապետական հավաքակայանի շրջակայքում։ Ոստիկանները կրկին հորդորում են պահել սոցիալական հեռավորություն և ստուգում են դիմակների առկայությունը։ Կարգը խախտածների նկատմամբ իրականացվում է վարչական վարույթ։ Ըմբռնումով մոտենալով՝ կոչ ենք անում զորակոչիկների հարազատներին, որպեսզի հնարավորինս քիչ մարդիկ այցելեն զինկոմիտսարիատներ, իսկ հանրապետական հավաքակայան ընդհանրապես չայցելել, քանի որ զինակոչիկների հարազատները հանրապետական հավաքակայանում որևէ գործողության չեն մասնակցում։ Զորակոչիկների վիճակահանությանը հարազատները կարող են հետևել միայն տարածքային զինկոմիսարիատներում։ Բարի ծառայություն մաղթելով բոլոր զինվորներին՝ նշենք, որ ոստիկանության ծառայության միակ նպատակը զինվորների ու քաղաքացիների առողջության անվտանգության պահպանումն է։
19:42 - 06 հուլիսի, 2020
Հուլիսի 6-ին մեկ անձ խախտել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները

Հուլիսի 6-ին մեկ անձ խախտել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները

Ոստիկանության ծառայողները, համագործակցելով պատկան այլ մարմինների հետ, հսկողություն են իրականացնում մեկուսացման ու ինքնամեկուսացման վայրերում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը․ «Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման ընդհանուր 137 դեպք, իսկ երեկ՝ 1 դեպք․ Իջևանի բնակչուհիներից մեկը կենցաղային պատճառներով տնից դուրս է եկել։  Այդ փաստով կազմվել է արձանագրություն։ Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտումը օրենքով նախատեսված դեպքերում առաջացնում է նաև քրեաիրավական հետևանքներ։ Օրինակ, եթե այդ կանոնների խախտման պատճառով այլ անձ կամ անձինք վարակվեն կամ անզգուշությամբ ծանր վնաս պատճառվի մարդու առողջությանը, կամ անզգուշությամբ մահ առաջացնի։ Պայմանավորված նշված հետևանքների առաջացմամբ, սահմանված են տարբեր պատժատեսակներ՝ ընդհուպ ազատազրկում։ Հարգելի՛ քաղաքացիներ, խստագույնս պահպանեք մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները՝ չվտանգելով այլոց առողջությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
19:22 - 06 հուլիսի, 2020
Ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբեր են տեղադրված, անվտանգ տարածք է դուրս բերվել մոտ 350 քաղաքացի․ ԱԻՆ

Ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբեր են տեղադրված, անվտանգ տարածք է դուրս բերվել մոտ 350 քաղաքացի․ ԱԻՆ

Թարմացում,16։05- Ահազանգը կեղծ էր, տեղազննման արդյունքում «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել։   Հուլիսի 6-ին՝ ժամը 13։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, կինոլոգիական, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։ Փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացնում են տարհանում․ անվտանգ տարածք է դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։ Փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգիական խմբերն իրականացնում են ռումբերի որոնման աշխատանքներ։
15:35 - 06 հուլիսի, 2020
Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով հուլիսի 5-ին հայտնաբերվել է իրավախախտման 2806 դեպք․ Ոստիկանություն

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով հուլիսի 5-ին հայտնաբերվել է իրավախախտման 2806 դեպք․ Ոստիկանություն

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։ Ընդհանուր առմամբ՝ այդ կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 71111 արձանագրություն, իսկ հուլիսի 5-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 2806 դեպք։
15:05 - 06 հուլիսի, 2020
ԿԲ-ի մոտ ակցիայի 5 մասնակից բերման է ենթարկվել. ՀՀ ոստիկանություն |armenpress.am|

ԿԲ-ի մոտ ակցիայի 5 մասնակից բերման է ենթարկվել. ՀՀ ոստիկանություն |armenpress.am|

armenpress.am: Երևանում՝ Կենտրոնական բանկի մոտ, անցկացված ակցիայից կան բերման ենթարկվածներ: ՀՀ ոստիկանությունից տեղեկացրին, որ բերման է ենթարկվել 5 քաղաքացի ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը: Ակցիան Կենտրանական բանկի մոտ սկսել էր քաղաքացի Մանուել Մանուկյանը, ով սկզբում լրագրողների հետ զրույցում դժգոհություն էր հայտնում բանկերի վարկային քաղաքականության վերաբերյալ: ԿԲ-ից պահանջում է հաշվի առնել երկրում ստեղծված համաճարակային իրավիճակը եւ վարկային արձակուրդ տրամադրել։  Հարցազրույցն ընդհատվեց ոստիկանների միջամտությամբ, վերջիններս խնդրեցին դադարեցնել հավաքի կոչերը: Մանուել Մանուկյանը տեղափոխվեց այլ հատված հարցազրույցը շարունակելու, այդ ժամանակ Կենտրոնական բանկի մոտ մոտեցավ բեռնատար, որի մեջ գտնվող մի խումբ անձինք գունավոր ծուխ արձակող ճայթուկներ էին նետում Կենտրոնական բանկի շենքի ուղղությամբ: Ոստիկանները միջամտեցին, ակցիան դադարեցվեց, որոշ մարդիկ բերման ենթարկվեցին:
14:06 - 06 հուլիսի, 2020