Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահն է։ 

Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:

1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1978թ. ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի  Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնները:

1992-1996թթ․ եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Սուրբ Աթոռում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:

1996-1997թթ․ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

1998-2000թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և, համատեղության կարգով, Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն,  Եվրասիական ամենամյա մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum)  էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) պատվավոր փոխնախագահ, Եվրաատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:

2000-2013թթ․ Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու:

2013-2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

Հրաժարական է ներկայացրել 2022թ. հունվարի 21-ին:

Հարավը կարող է համալիր զարգանալ. Արմեն Սարգսյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ |armenpress.am|

Հարավը կարող է համալիր զարգանալ. Արմեն Սարգսյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ |armenpress.am|

armenpress.am: Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ և ընկերության կողմից շահագործվող հանքավայրի տարածք։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը նախագահին ներկայացրել է հանքավայրի շահագործման տեխնոլոգիաները, տեխնիկական ու արտադրական հզորությունները, արտադրության ու արտահանման ծավալները։ Անդրադարձ է եղել առաջիկա անելիքներին ու զարգացման ծրագրերին, նաև՝ համայնքներում իրականացվող սոցիալական ծրագրերին։ Արմեն Սարգսյանն ասաց, որ պետք է վստահ լինել, որ ընկերությունը ճիշտ ճանապարհով է առաջ գնում և կատարում իր սոցիալական պարտականությունները: «Լեռնամետալուրգիայի հայկական հսկան մեծ ներդրում ունի Հայաստանի արտահանման ոլորտում, հատկապես մեծ նշանակություն ամբողջ հարավի համար՝ Մեղրիից Գորիս: Կարևոր է, որպեսզի բիզնեսը, արդյունաբերությունը, հանքը լինեն նաև սոցիալական կյանք, մշակույթ ստեղծող կազմակերպություն։ Սա իմ ուղերձն է, իմ խնդրանքն ու առաջարկն է այս ընկերության կառավարիչներին ՝ շարունակեք ուշադրություն դարձնել սոցիալական կյանքին»,- նշեց Սարգսյանը։ Նախագահը նաև ընդգծեց, որ հարավն ունի փայլուն տվյալներ նաև գյուղատնտեսության, այլ արտադրությունների, թեթև արդյունաբերության, առևտրային գործունեության և զբոսաշրջության համար։ Ընդգծելով Կապանի օդանավակայանի կարևոր նշանակությունը՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Մեր հարավը զբոսաշրջության իմաստով կարծես թանկարժեք քար է, որը գաղտնի ենք պահել։ Եվ եթե օդային կապ լինի, իրավիճակն էապես կփոխվի»։ Նախագահը նշել է, որ հարավն ունի փայլուն տվյալներ նաև գյուղատնտեսության, զանազան այլ արտադրությունների, թեթև արդյունաբերության, առևտրային գործունեության համար։ «Ժամանակին Կապանում հազարավոր մարդիկ աշխատում էին թեթև արդյունաբերության ոլորտում, այստեղ կար գործարան, որը բամբակից և բրդից մեծ քանակությամբ արտադրանք էր տալիս, հազարավոր մարդիկ էին աշխատում։ Ավանդույթը կարելի է վերականգնել, մանավանդ, որ կա առևտրական ճանապարհ։ Հարավը կարող է համալիր զարգանալ»,-ասել է նախագահ Սարգսյանը։
09:18 - 06 հուլիսի, 2019
Բոլորս հավասար ենք Սահմանադրության առջև, բոլորս պետականության կրողն ենք, նրա մասնիկը, ուրեմն նաև՝ Սահմանադրության պահապանները․ Արմեն Սարգսյան

Բոլորս հավասար ենք Սահմանադրության առջև, բոլորս պետականության կրողն ենք, նրա մասնիկը, ուրեմն նաև՝ Սահմանադրության պահապանները․ Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ․  «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»: Հայ ժողովուրդը հենց այս հավատամքն է ամրագրել 1995թ. հուլիսի 5-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրության նախաբանում։ Այնուհետև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը երկու անգամ արմատական փոփոխությունների է ենթարկվել` հավատարիմ մնալով այս հավատամքին։ Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս պետական կարևորագույն տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Այսօր մենք նշում ենք նաև պետական խորհրդանիշերի օրը: Սահմանադրությունը, պետական դրոշի, զինանշանի և օրհներգի հետ միասին, ամբողջացնում է պետականության էությունը: Սահմանադրությունը Հանրապետության Մայր օրենքն է, մեզանից յուրաքանչյուրի իրավունքների ու ազատությունների պաշտպանության գլխավոր իրավական երաշխիքը: Սահմանադրական մշակույթի ամրապնդումը ժողովրդավարության, իրավունքի գերակայության և սոցիալական պետության համակարգի ձևավորման, կայացման ու զարգացման կարևորագույն նախապայմանն է: Հենց Սահմանադրության 1-ին հոդվածով է որոշված պետության մեր տեսլականը` հռչակելով Հայաստանի Հանրապետությունը որպես ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն: Այս անփոփոխելի դրույթն իրականում զուտ հռչակագրային բնույթ չունի: Այն ամրագրված է որպես կարևորագույն սկզբունք, արժեք, նպատակ, իրավական և հասարակական իդեալական ստանդարտ, որին շարունակական կատարելագործման միջոցով, առօրյա աշխատանքով և վարքագծով պետք է մշտապես ձգտեն ինչպես պետական մարմինները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի: Առհասարակ, սահմանադրական դրույթներում, իրավական բովանդակության հետ մեկտեղ, առկա է նաև փիլիսոփայություն, արժեհամակարգ: Հարգանքը հանրապետության Մայր օրենքի հանդեպ հարգանք է ոչ միայն մեր պետության և պետականության, այլև՝ մեր անցյալի, ներկայի և ապագայի հանդեպ, մեր և մեր սերունդների հանդեպ, պետության մեր տեսլականի հանդեպ: Բոլորս հավասար ենք Սահմանադրության առջև: Բոլորս պետականության կրողն ենք, նրա մասնիկը, ուրեմն նաև՝ Սահմանադրության պահապանները մեր գործողություններով, վարքով և մեր մտածելակերպով: Ընդ որում, կարևոր է ոչ միայն և ոչ այնքան սահմանադրական դրույթների ֆորմալ ձևակերպումը, այլ նաև առաջնահերթ՝ սահմանադրական մշակույթի, սահամանադրական մտածողության ձևավորումը, Սահմանադրության ազնիվ և տրամաբանական մեկնաբանությունն ու կիրառումը: Նույնիսկ ամենակատարյալ ձևակերպումներ պարունակող Սահմանադրությունը կվերածվի լավագույն դեպքում արժեք չունեցող մի փաստաթղթի, եթե այն անբարեխիղճ մեկնաբանվի կամ կիրառվի: Սահմանադրությունը նաև ժամանակի մարտահրավերների ու հրամայականների պայմաններում ապրող և զարգացող իրավական փաստաթուղթ է: Սահմանադրության ցանկացած վերափոխում, փոփոխություն, կատարելագործում կամ էվոլյուցիոն մեկնաբանություն պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության սկզբունքի վրա և բխի իրավունքի ընդհանուր սկզբունքներից՝ դրանով իսկ նպաստելով մեր պետության արագ, անցնցում, բնականոն, կայուն և շարունակական զարգացմանը: Բոլոր ժամանակներում Սահմանադրությունը պետք է մնա համախմբող առանցք մեր հասարակության, մեր ժողովրդի, մեր քաղաքացիների համար: Միայն Սահմանադրությամբ լիարժեքորեն ապրող երկիրը, Սահմանադրությունը հարգող իշխանություն և հասարակություն ունեցող պետությունը կարող է զարգանալ և հաստատուն տեղ զբաղեցնել օրեցօր ավելի բարդ ու փոփոխություններով ապրող աշխարհում: Կրկին շնորհավորում եմ բոլորիս այսօրվա տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, բարեկեցություն և լավատեսություն:
06:22 - 05 հուլիսի, 2019
ՀՀ նախագահն ընդունել է առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին

ՀՀ նախագահն ընդունել է առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանում 5-րդ միջազգային համագումարի անցկացումը: «Ցանկանում եմ ոչ միայն ողջույնի, այլև քաջալերանքի խոսքեր ասել, քանի որ այն աշխատանքը, որ դուք անում եք՝ յուրաքանչյուրդ ձեր տեղում և բոլորդ միասին, շատ կարևոր ու արժեքավոր է: Ինչպես ցանկացած ընտանիքում, այնպես էլ երկրում, ցանկությունները, նվիրումը, աշխատանքն ավելի են իմաստավորվում, եթե առողջ ես»,- ասել է նախագահը՝ նշելով, որ այս ոլորտի զարգացումը կարևոր է երկրի ու ժողովրդի ապագայի, ժառանգության ու արժեքների պահպանության տեսանկյունից: Առողջությունը համարելով հաջողության հասնելու հիմնավոր նախապայմաններից մեկը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հայտնի բժիշկների ու բարձրակարգ մասնագետների համախմբումը, առողջապահության ոլորտին վերաբերող հրատապ հարցերի քննարկումն ու առաջարկների ներկայացումը նաև մեծ աջակցություն են առողջապահական ոլորտի պետական ծրագրերին: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի նախագահ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը տեղեկություններ են ներկայացրել համագումարի մասին՝ նշելով, որ համագումարի հիմնական նպատակներից են ինչպես սփյուռքահայ հայտնի մասնագետների միջոցով ոլորտի նորություններին ու նորարարություններին ծանոթանալը, այնպես էլ դրանք Հայաստանում կիրառելու հնարավորությունների քննարկումը, անձնական ու մասնագիտական կապերի հաստատումը և դրանք ի շահ Հայաստանի ծառայեցնելը: Արտերկրի և Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններ ներկայացնող բժիշկները Հանրապետության նախագահի հետ հանդիպմանը պատմել են հայրենիքի հետ համագործակցության իրենց ծրագրերի մասին, գաղափարներ ու առաջարկություններ ներկայացրել: Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարին մասնակցում են բժիշկներ և առողջապահության մասնագետներ աշխարհի 22 երկրից: Համագումարի այս տարվա կարգախոսն է՝ «Հայաստան-Սփյուռք-Արցախ՝ միաձուլում ի փառս առողջության»։  
14:51 - 04 հուլիսի, 2019
ՀՀ նախագահն ընդունել է Գլենդելի քաղաքապետին

ՀՀ նախագահն ընդունել է Գլենդելի քաղաքապետին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը ողջունել է Գլենդելի հայազգի քաղաքապետի այցը հայրենիք՝ ընդգծելով, որ Հայաստանը նաև սփյուռքի մեր հայրենակիցների տունն է: Հայրենիք-Սփյուռք կապերն ամրապնդելու համատեքստում նախագահն Արա Նաջարյանին առաջարկել է խորացնել քույր քաղաքների՝ Գյումրիի ու Կապանի հետ համագործակցությունը:Արմեն Սարգսյանը մասնավորապես ներկայացրել է Գյումրիի հետ կապված իր ծրագրերը՝ առաջարկելով Գլենդելին նվիրված միջոցառում կազմակերպել Գյումրիում և Գյումրիին նվիրված միջոցառում՝ Գլենդելում: Նա պատրաստակամություն է հայտնել նախագահական նստավայրում կազմակերպել միջոցառում՝ նվիրված Գլենդելի մշակութային ժառանգությանն ու բազմազանությանը:Արա Նաջարյանը նշել է, որ հաճախակի է լինում Հայաստանում, և ամեն անգամ այդ այցելություններն իրեն ուժ են տալիս: Նա պատրաստակամությամբ է ընդունել նախագահի առաջարկությունները՝ նշելով, որ իր հնարավորություններով կձգտի նպաստել դրանց իրագործմանը:
11:34 - 03 հուլիսի, 2019
Մինսկում հանդիպել են Արմեն Սարգսյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն

Մինսկում հանդիպել են Արմեն Սարգսյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն

Մինսկում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։ Ալեքսանդր Լուկաշենկոն ողջունել է նախագահ Սարգսյանի այցը Բելառուս և նշել, որ դեռևս նախկինում էին պայմանավորվել, որ նախագահ Սարգսյանը կայցելի Բելառուս և մոտիկից կծանոթանա երկրի հնարավորություններին։ «Ես հեռուստատեսությամբ հետևում էի Ձեր այցին, և նկատեցի, որ չեք մոռացել այն ամենը, ինչի մասին խոսել էինք, և ուզում եք լինել Բելառուսի տնտեսության զարգացման տեսանկյունից ավելի նշանակալի վայրերում։ Հետևում էի Ձեր հանդիպումներին մեր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ և հասկացա, որ Դուք ուշադրության կենտրոնում եք պահում այն հարցերը, որոնք կարևոր են Հայաստանի զարգացման համար։ Այս կապակցությամբ ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, ինչպես և նախորդ անգամ, որ Հայաստանի հետ բացարձակապես փակ թեմաներ չկան։ Մենք միշտ պատրաստ ենք ձեր առաջ բացելու դռները։ Կարծում եմ, Դուք դրանում համոզվեցիք այցի ընթացքում»։ Նա տեղեկացրել է, որ մինչ հանդիպումը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Նա զանգահարել էր ինձ՝ Սինգապուր այցից առաջ և խնդրեց առաջին հերթին ողջույնները փոխանցել նախագահին, ինչին ի պատասխան ես ասացի, որ մենք մտադիր չենք նրան շտապեցնել վերադառնալ Հայաստան, հատկապես որ նա զբաղված է Հայաստանի համար կարևոր գործով։ Պատմեցի Ձեր այցի մասին։ Նա ասաց, որ, իհարկե, դա լավ է։ Պետք է իսկապես ասեմ, որ մի շտապեք վերադառնալ, նայեք այն ամենը, ինչ Ձեզ հետաքրքրում է տնտեսության՝ գյուղատնտեսության, արդյունաբերության զարգացման տեսանկյունից։ Դուք բանիմաց, խելացի ու գործնական մարդ եք, գիտեք ինչ տեսնել և ինչն է կարևոր ու օգտակար Հայաստանի համար»,-ասել է Բելառուսի նախագահը։ Խոսելով երկու երկրների համագործակցության մասին՝ նախագահ Լուկաշենկոն ասել է. «Այսօր մենք թեպետ մեծ ապրանքաշրջանառություն չունենք, սակայն տարեկան 50 մլն ԱՄՆ դոլարը վատ դինամիկա չէ, եթե այն համեմատենք նախկին ցուցանիշների հետ: Մենք շատ ջերմ հարաբերություններ ունենք Հայաստանի շատ ներկայացուցիչների հետ: Դուք գիտեք Հայաստանում իմ ընկերներին, ովքեր ներդրումներ են իրականացնում Բելառուսում, և ես շատ շնորհակալ եմ դրա համար: Ես ունեմ մի կանոն՝ ընկերությունն ընկերություն, սակայն պետությունն առանձին է: Եվ երբ ինձ դիմեցին ինչ-ինչ ապրանքների մատակարարման հարցով, ես ասացի, որ սկզբունքը հետևյալն է՝ գալիս եք Բելառուս, սկսում եք արտադրություն, ստեղծում եք աշխատատեղեր, ներդրումներ եք անում, խնդրեմ․․․ Գագիկ Ծառուկյանի ընկերությունը հաջողակ ձեռնարկություն է: Մենք կազմակերպել ենք հայ-բելառուսական առևտրի տան աշխատանքը, և ինչպես ինձ զեկուցել են, Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության 30-40 տոկոսն իրականացվում է դրա միջոցով: Այսինքն, մենք արդեն ստեղծել ենք համատեղ ձեռնարկություններ ու պատրաստ ենք շարունակել ընթանալ այս ճանապարհով»։ Նշելով, որ հայերի նկատմամբ Բելառուսում շատ ջերմ վերաբերմունք կա՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է. «Հայերի հետ մենք մշտապես լավ հարաբերություններ ենք ունեցել և ունենք այսօր: Ուստի Դուք կարող եք հանգիստ լինել՝ չնայած հնչում են տարատեսակ կարծիքներ թե՛ Հայաստանում, թե՛ Բելառուսում, մեզ ինչ-ինչ բաների համար քննադատում են: Ես դա բնական եմ համարում, սակայն կարևորն այն է, որ մենք դաշնակիցներ ենք, գործում ենք նույն դիրքերից: Մենք, ըստ էության, անգամ միջազգային օրակարգում տարբերվող տեսակետներ չունենք»։
12:42 - 02 հուլիսի, 2019
Հայաստանի նախագահն արժանացել է Crans Montana ֆորումի PRIX DE LA FONDATION 2019 մրցանակին

Հայաստանի նախագահն արժանացել է Crans Montana ֆորումի PRIX DE LA FONDATION 2019 մրցանակին

Հունիսի 28-ին Ժնևում տեղի է ունեցել Crans Montana ֆորումի «PRIX DE LA FONDATION 2019» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել անվանի պետական, հասարակական ու քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գործարարներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներ։ Միջազգային այս հեղինակավոր կառույցն իր ամենամյա մրցանակն ավանդաբար շնորհում է սոցիալական պատասխանատվություն ենթադրող ոլորտները ներկայացնող այն անձանց, ովքեր աչքի են ընկել առաջնորդությամբ, նորարարությամբ և որպես փոփոխության առաջամարտիկ գործելու կարողությամբ: 1989 թվականից ի վեր մրցանակը միավորել է հանուն խաղաղության, ազատության ու ժողովրդավարության գործունեություն ծավալած գործիչներին: Այս տարի Crans Montana ֆորումի մրցանակը՝ «PRIX DE LA FONDATION 2019»-ը, շնորհվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորութ Պահորին և Գվինեայի Հանրապետության առաջին տիկին Ջենե Կաբա Կոնդեին։ Մրցանակը հանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Crans Montana Forum-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Ժան Պոլ Քարթերոնը մասնավորապես ասել է. «Պարոն նախագահ, միշտ հաճելի է լսել Ձեզ: Մենք գնահատում ենք Ձեր խոսքը ոչ թե այն պատճառով, որ այն գիտնականի խոսք է, այլ՝ որովհետև այն ուսանելի է ու հստակ։ Հայաստանը փոքր երկիր է, բայց գտնվում է բավականին կարևոր և բարդ խաչմերուկում։ Զբաղեցնելով նախագահի պաշտոնը՝ Դուք հույս և հանգստություն բերեցիք։ Միասին մենք դեռ շատ անելիքներ ունենք և համատեղ կարող ենք իրականություն դարձնել դրանք։ Կուզենայի շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ Դուք անում եք»։ Շնորհակալություն հայտնելով պատվավոր մրցանակի համար՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ասել է. «Սա շատ կարևոր ու արժեքավոր մրցանակ է: Ես այն կընդունեմ իբրև նվեր, ինչպես նաև երախտիք՝ իմ ապագա կյանքի, ապագայում իմ անելիքների համար։ Այն շատ կարևոր է, քանի որ Crans Montana-ն հատուկ վայր է ու արժեք ոչ միայն իմ սրտում և մտքում, այլև՝ ողջ աշխարհում։ Նախ և առաջ, այն յուրահատուկ կազմակերպություն է, որն ակտիվորեն աշխատում ու գործունեություն է ծավալում դեռևս կայսրությունների ժամանակաշրջանից սկսած մինչև սառը պատերազմի ավարտ, միաբևեռ աշխարհից մինչև մեր օրերի անորոշությունների շրջանը։ Ես վստահ եմ, որ այն իր յուրահատուկ դերակատարումն է ունենալու նաև վաղը, երբ ապագան ավելի մոտ կլինի։ Երկրորդը՝ ես այն համարում եմ լակմուսի թուղթ։ Crans Montana-ի գաղափարները կարող ես աշխարհագրորեն կիրառել որևէ վայրում՝ լինի դա Հարավային Աֆրիկան կամ Մերձավոր Արևելքը, Բալկանները, և ստանում ես խնդիրների, այդ թվում նաև՝ թաքնված խնդիրների գույները, որոնց մասին մարդիկ սովորաբար չեն խոսում։ Եվ սա մեծ նվաճում է։ Երրորդը, այն բավականին երիտասարդ կազմակերպություն է՝ երիտասարդ է ոգով և ունի շատ երիտասարդ նախագահ, ով չի ամաչում ամեն օր սովորել, ունի մեծ էներգիա։ Իմ բառապաշարում երիտասարդությունը կամ տարիքը կապված են գործելու և այլ մարդկանց այդ գործի մեջ ներառելու կարողության հետ։ Դրանք նաև կապված են սովորելու ու սովորեցնելու, ընկերներ ձեռք բերելու հետ։ Այս բոլոր հատկանիշները Crans Montana-ի նախագահն ու կառույցն ունեն։ Եվ վերջապես, սա հիանալի վայր է ընկերներ ձեռք բերելու համար, ապացուցելու, որ այն ամենը, ինչին հավատացել ես, ճիշտ է եղել։ Շատ ուրախ եմ, որ մեկ ու կես օրով այստեղ լինելով՝ արդեն իսկ կարողացել եմ ձեռք բերել ընկերներ աֆրիկյան երկրներից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից։ Սակայն ամենակարևորն այն է, որ ես գտել եմ մարդկանց, ովքեր ինձ հետ կիսում են նույն գաղափարները։ Ընդամենը 5-10 րոպե առաջ ես խոսում էի Գանայի նախարարի հետ այն մասին, թե որքան կարևոր է էլեկտրոնային ճանապարհով մարդկանց կապելը ողջ աշխարհով։ Եվ այդ հինգ րոպեների շնորհիվ այժմ ես կարծում եմ, որ Հայաստանը շատ ավելի մոտ է Գանային։ Եվ թերևս, մենք ունենք միևնույն առաքելությունը՝ Դուք՝ Աֆրիկայում, մենք՝ Կենտրոնական Եվրասիայում։ Ես շատ կուզեի բոլորիդ մի օր տեսնել Հայաստանում։ Կցանկանայի, որ բոլորդ այցելեք Հայաստան՝ Crans Montana-ի համաժողովին և այդ լակումսի թուղթն օգտագործեք Միջերկրական ծովում և Եվրասիայում՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում՝ սկսած Աֆղանստանից մինչև Չինաստան ու Իսպանիա։ Շնորհակալ եմ բոլորիդ, ակնկալում եմ ձեզ տեսնել Հայաստանում»։ Նախորդ տարիներին Crans Montana ֆորումի «PRIX DE LA FONDATION» մրցանակին արժանացել են Իսրայելի նախկին վարչապետ Իցհակ Ռաբինը, ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը, Պաղեստինի նախկին ղեկավար Յասեր Արաֆաթը, Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոն, Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան, Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելեն, պորտուգալացի քաղաքական ու պետական գործիչ, Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, ամերիկացի դիվանագետ, պետքարտուղարի օգնական Ռիչարդ Հոլբրուքը, Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և այլք:
10:54 - 29 հունիսի, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ UNCTAD-ը զեկույց է պատրաստում Հայաստանի ներդրումային քաղաքականության վերաբերյալ

Նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ UNCTAD-ը զեկույց է պատրաստում Հայաստանի ներդրումային քաղաքականության վերաբերյալ

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, հանդիպել է ՄԱԿ- ի Առևտրի և զարգացման համաժողովի ( UNCTAD) գլխավոր քարտուղար Մուքիսա Քիթուիի հետ: UNCTAD-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ իր առաջարկությունն ընդունելու և համաժողովի՝ Նշանավոր անձանց քննարկմանը (UNCTAD Panel of Eminent Persons) միանալու համար։ Այս խումբը, որը կազմված է 7 հոգուց, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարին խորհրդատվություն է տրամադրում ներկայիս առանցքային ու հրատապ տնտեսական զարգացման մարտահրավերների վերաբերյալ, գեներացնում գաղափարներ՝ դրանց հաղթահարմանն ուղղված միջազգային նախաձեռնությունների համար։ Նշելով, որ Առևտրի և զարգացման համաժողովը ՄԱԿ-ի կարևորագույն ինստիտուտներից մեկն է, Հանրապետության նախագահը բարձր է գնահատել կառույցի գործունեությունը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Համաժողովին և անձամբ գլխավոր քարտուղարին՝ Հայաստանի ներդրումային քաղաքականությանը վերաբերող զեկույցի անհատույց պատրաստումը ձեռնարկելու համար. Այդպիսի առաջարկությամբ հանդես էր եկել նախագահ Սարգսյանը, և անցյալ տարի Ժնևում կայացած հանդիպման ժամանակ համապատասխան պայմանավորվածություն էր ձեռք բերվել: Հայաստանի նախագահը կարևոր է համարել այդ փաստաթղթի պատրաստումը նաև օտարերկրա ներդրումների ներգրավման տեսանկյունից: Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ UNCTAD-ի թիմի՝ վերջերս Հայաստան կատարած այցն օգտակար կլինի զեկույցի համար, որը պատրաստ կլինի այս տարվա հոկտեմբերին։ «Այժմ Հայաստանի համար հնարավորությունների ժամանակաշրջան է, և մենք պետք է շարունակենք աշխատել շատ սերտորեն»,-ընդգծել է նախագահը, ավելացնելով, որ Հայաստանը շատ բան կարող է անել, սովորել և ներդնել համաժողովի հետ համագործակցելով։ Հանդիպումից հետո ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը մասնավորապես ասել է, որ նախագահ Սարգսյանի առաջարկը՝ Հայաստանին վերաբերող զեկույցը պատրաստելիս ներդրումների քաղաքականության շրջանակի և ինստիտուցիոնալ կառուցվածքի վերլուծությունն իրականացնել աշխարհում գոյություն ունեցող մարտահրավերների ու հնարավորությունների համատեքստում, շատ արդիական է։ «Բոլոր այս մարտահրավերներն ընկած են համաշխարհային քաղաքական ու տնտեսական աշխարհաքաղաքականության սրընթաց փոփոխությունների հիմքում։ Այս համատեքստում ոչ միայն Հայաստանը, այլև մյուս երկրները պետք է վերանայեն իրենց զարգացման ռազմավարությունը, առևտրի ու ներդրումների քաղաքականությունը։ Նախագահ Սարգսյանը ներկայացրեց 21-րդ դարում Հայաստանի զարգացման իր տեսլականը»,- ասել է Ջեյմս Ժանը։- Նրա առաջադեմ հայացքները չափազանց օգտակար էին մեզ համար, և մենք դրանք հաշվի կառնենք Հայաստանի ներդրումների քաղաքականության տեսության մշակման ժամանակ։ Առաջիկա ամիսներին մենք տքնաջան աշխատելու ենք Հայաստանի համար ներդրումային քաղաքականության տեսության մշակման շուրջ՝ արդարացնելու նախագահի ակնկալիքները։ Արդեն սեպտեմբերին մենք կգանք Հայաստան՝ զեկուցելու նրան ու կառավարությանն առաջարկների վերաբերյալ և միասին աշխատելու՝ դրանք մեր քննարկումների ու որոշումների հիման վրա կյանքի կոչելու նպատակով»։
07:14 - 29 հունիսի, 2019
Արմեն Սարգսյանը հանդիպել է շվեյցարական մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է շվեյցարական մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշի շուրջ հանդիպել է շվեյցարական մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ։ Հանդիպումը կազմակերպվել է Ժնևի կանտոնի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։ Պալատի գլխավոր տնօրեն Վինսենթ Սուբիլիան նշել է, որ Հայաստանն ունի մեծ հավակնություններ՝ դառնալու առաջատար տեխնոլոգիական, նորարարական երկիր: «Մեծ պատիվ է ընդունել Հայաստանի նախագահին Ժնևի առևտրի պալատում, որը 115 տարի է խորհրդատվություն է տրամադրում բիզնես հանրությանը,- ասել է պալատի գլխավոր տնօրենը: - Նախորդ տարի ես պատիվ եմ ունեցել այցելել Ձեր երկիր և լսել Ձեր հիասքանչ ելույթը ԹՈՒՄՈ-ում՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակում տեղի ունեցած տնտեսական համաժողովի ժամանակ։ Այն առանցքային էր՝ հասկանալու, թե ինչ կարող է առաջարկել Հայաստանը աշխարհին»։ Վինսենթ Սուբիլիան ավելացրել է, որ մանրամասն ծանոթացել է նախագահ Սարգսյանի՝ Financial Times-ում հրապարակված հարցազրույցին և համոզված է, որ Հայաստանն իսկապես 21-րդ դարի ստարտափ երկրներից է։ Սուբիլիայի խոսքով՝ Հայաստանի նախագահի հետ հանդիպումը յուրահատուկ հնարավորություն է լսելու նրան և խոսելու երկու երկրների հնարավորությունների և համագործակցության հեռանկարների շուրջ։ «Ժնևում զգացեք Ձեզ ինչպես տանը։ Դուք գիտնական եք, և այժմ գտնվում եք համացանցի հայրենիքում, Դուք նաև տաղանդավոր դիվանագետ եք, իսկ Ժնևը համաշխարհային կառավարման կենտրոնն է։ Ես հավատացած եմ, որ այս երկու գործոնների համար Դուք կարող եք Ժնևը կոչել ձեր տունը»,-ասել է առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր տնօրենը։ Իր խոսքում նախագահ Սարգսյանը կարևորել է մարդկանց, ազգերի ու երկրների առաքելությունն աշխարհում, մասնավորապես նշելով. «Առաքելություն չունեցող ազգը կամ մարդը կորած է։ Առաքելությունը համախմբում է ժողովրդին՝ հասնելու հաջողության»։ Այս համատեքստում, անդրադառնալով Հայաստանին, նախագահ Սարգսյանն ասել է. «Օրինակ, ես առաքելություն ունեմ, աշխատելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, հնագույն ձեռագրերի ինստիտուտը՝ Մատենադարանը, դարձնել ողջ աշխարհում հնագույն մշակույթների ու ձեռագրերի միջազգային կենտրոն։ Մյուս առաքելությունն է վերակենդանացնել Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, որը մեծապես տուժել է 1988 թվականի երկրաշարժի պատճառով: Ես ցանկանում եմ այն կյանք վերադարձնել, աշխուժացնել զբոսաշրջությունը, քանի որ Գյումրին հիասքանչ քաղաք է, ունի յուրահատուկ մշակույթ»։ Հայաստանի նախագահը նշել է ևս երկու նախաձեռնությունների մասին։ Դրանցից մեկի նպատակն է Հայաստանը դարձնել հանգույց նոր տեխնոլոգիաների ու գիտության համար։ «Ապագան ամենուր՝ թե՛ գյուղատնտեսության մեջ, թե՛ տիեզերքում, թե՛ սննդի արդյունաբերության կամ ժամացույցների պատրաստման գործում հիմնված է լինելու նոր տեխնոլոգիաների վրա,- ասել է Արմեն Սարգսյանը։ - Ես ցանկանում եմ, երազում եմ, առաքելություն ունեմ Հայաստանը դարձնել հանգույց արհեստական բանականության ու նոր տեխնոլոգիաների համար։ Այստեղ մենք կարող ենք լինել հաջողակ։ Մյուս ծրագիրը կոչվում է ATOM: Դրա հիմքում լինելու է գիտական պարկը, որտեղ հաճախելու են երեխաները: Իսկ երկրորդ մասը լինելու է «Վաղվա թանգարանը»»: Նախագահ Սարգսյանն ասել է, որ նախնական պայմանավորվածություններ կան մի շարք հայտնի ընկերությունների՝ «Դասո»-ի, «Թալես»-ի հետ, աշխատանքներ են տարվում «Սաֆրան»-ի, «Լեոնարդո»-ի, «Էլետրոնիկա»-ի, Հայդելբերգի, Քեմբրիջի համալսարանների, Սկոլկովոյի հետ։ Որպես ևս մեկ առաքելություն՝ նախագահ Սարգսյանը նշել է Հայաստանը սննդի անվտանգության հանգույց դարձնելը։ «Դա նշանակում է, որ մենք ոչ թե արտադրելու ենք շատ սնունդ, այլ լինելու ենք հանգույց, որտեղ այն կարող է հավաքվել մեկ վայրում։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ստեղծվում են լոգիստիկ պայմաններ Չինաստանի՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակում»,-ասել է նախագահը։ Հանդիպման մասնակիցները հարց ու պատասխանի միջոցով անդրադարձել են Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներին:
11:45 - 27 հունիսի, 2019
ՀՀ նախագահը Շվեյցարիայում կմասնակցի արվեստի STARMUS փառատոնի բացմանը

ՀՀ նախագահը Շվեյցարիայում կմասնակցի արվեստի STARMUS փառատոնի բացմանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն: Նախագահ Սարգսյանը Ցյուրիխում կմասնակցի գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի բացմանը և հանդես կգա ելույթով: STARMUS-ը գիտության, արվեստի և այլ ոլորտների նշանավոր գործիչներին համախմբող յուրահատուկ փառատոն է, որը հանդես է գալիս նաև որպես բացառիկ հարթակ՝ գիտության նվաճումներն արվեստի միջոցով ներկայացնելու, գիտությունն ավելի լայն զանգվածներին հասանելի դարձնելու համար: Այնուհետև արդեն Ժնևում Հանրապետության նախագահը կմասնակցի «Crans Montana» միջազգային հեղինակավոր ֆորումի 30-րդ տարեկան նստաշրջանի բացմանը: Արմեն Սարգսյանը «Խաղաղության, զարգացման և կայունության ժամանակակից մարտահրավերներն ու դրանք հաղթահարելուն ուղղված արդյունավետ համագործակցության խթանումը» թեմայով քննարկումներում հանդես կգա որպես գլխավոր բանախոս: Crans Montana Forum-ը միջազգային համագործակցությունը խրախուսող ազդեցիկ հարթակ է, որի տարեկան միջոցառումներին ավելի քան 100 երկրի առանցքային դերակատարներ ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկում են սոցիալական, տնտեսական խնդիրներ, անվտանգության հետ կապված կարևորագույն հարցեր: Շվեյցարիայի Համադաշնություն կատարած այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպում կունենա նաև գիտական ու գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:
07:22 - 24 հունիսի, 2019