ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

62 ուսուցիչ ստացել է առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի տարակարգ

62 ուսուցիչ ստացել է առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի տարակարգ

Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների 62 ուսուցչի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի 2020 թվականի նոյեմբերի 30-ի հրամաններով շնորհվել է որակավորման առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի տարակարգ՝ 5 տարի ժամկետով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։Մասնավորապես, ՀՀ մարզերի և մայրաքաղաք Երևանի դպրոցներում աշխատող 52 ուսուցիչ ստացել է առաջին, 9 ուսուցիչ՝ երկրորդ, 1 ուսուցիչ՝ երրորդ աստիճանի տարակարգ։ Որակավորման տարակարգերի շնորհման համար հիմք է հանդիսացել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 20-ի որոշումը։Համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշմամբ հաստատված «Ատեստավորման միջոցով որակավորում ստացած պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին հավելավճար տալու կարգի»` տարակարգ ստացած ուսուցչին ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին տրվում է հավելավճար՝ առաջին աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 10 տոկոսի չափով. երկրորդ աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 20 տոկոսի չափով. երրորդ աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 30 տոկոսի չափով:
13:09 - 03 դեկտեմբերի, 2020
ԿԳՄՍ նախարարությունը վերսկսել է մրցույթների իրականացման գործընթացը

ԿԳՄՍ նախարարությունը վերսկսել է մրցույթների իրականացման գործընթացը

Հաշվի առնելով պատերազմական իրավիճակը և ելնելով ՀՀ բոլոր քաղաքացիների համար հավասար հնարավորությունների և իրավունքների ապահովման գերակայությունից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հոկտեմբերի 7-ից ժամանակավորապես կասեցրել էր քաղաքացիական ծառայության (արտաքին), պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների և օրենսդրությամբ սահմանված մրցութային ընթացակարգով համալրվող այլ թափուր պաշտոնների մրցույթների իրականացման գործընթացը։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:  Հիմք էր ընդունվել այն իրողությունը, որ ՀՀ քաղաքացիների մի մասը հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու նպատակով զորակոչվել կամ կամավորագրվել է և չի կարող մասնակցել մրցույթներին։ Դեկտեմբերից մրցույթների իրականացման գործընթացը շարունակվում է։ Մասնավորապես, վերսկսվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների տնօրենների թափուր պաշտոնների կասեցված մրցույթների գործերի ընդունման և կասեցված մրցույթների անցկացման գործընթացը:
19:37 - 02 դեկտեմբերի, 2020
Ռիսկի խմբում գտնվող երեխաները կշարունակեն հեռավար ուսուցումը. ՀՀ ԿԳՄՍՆ

Ռիսկի խմբում գտնվող երեխաները կշարունակեն հեռավար ուսուցումը. ՀՀ ԿԳՄՍՆ

Ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարության՝ դեկտեմբերի 7-ից դպրոցները կանցնեն առկա ուսուցման, սակայն ռիսկի խմբում գտնվող երեխաները կշարունակեն հեռավար ուսուցումը՝ կենտրոնացված հեռավար ուսուցման միջոցով: Ովքե՞ր են գտնվում ռիսկի խմբում  COVID-19 համավարակի համատեքստում ռիսկի խմբում են համարվում այն երեխաները, ովքեր՝   վարակված են COVID-19-ով կամ ունեն COVID-19-ով վարակված ընտանիքի անդամ․   ունեցել են ուղղակի շփում վարակակրի հետ կամ ունեն բարձր ջերմություն և ցուցված են անցնել ինքնամեկուսացման։   Իսկ ովքե՞ր կարող են մասնակցել հեռավար դասերին առհասարակ   Ըստ հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար կրթության կազմակերպման կարգի 8-րդ կետի՝   կրթության շարունակականությունն ապահովելու համար հանրակրթական հիմնական կրթական ծրագրերով հեռավար ուսուցումը կարող է կազմակերպվել՝   եթե հաստատությունը չունի համապատասխան առարկայի մասնագետ՝ մինչև սահմանված կարգով մրցութային հիմունքներով ուսուցչի թափուր տեղի համալրումը․   արտակարգ և ֆորսմաժորային իրավիճակներում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն)․   դիվանագիտական աշխատանքի անցած ծնողների (օրինական ներկայացուցիչների) կամ արտերկրում ծնողների (օրինական ներկայացուցիչների) հետ ժամանակավոր գտնվող երեխաների համար՝ եթե կրթության իրավունքը չի իրացվել տվյալ երկրում․   այն երեխաների համար, որոնք ունեն առկա ուսուցումն անհնարին դարձնող երկարատև բուժման կարիք․   այն երեխաների համար, որոնք առարկայական կամ սպորտային միջազգային օլիմպիադաների կամ մրցաշարերի մասնակիցներ են և հաճախ են բացակայում երկրից․   այն անձանց համար, ովքեր պետք է մասնակցեն էքստեռն կարգով ավարտական քննություններին՝ հիմնական կամ միջնակարգ կրթության ավարտական փաստաթուղթ ստանալու նպատակով:   Սփյուռքում բնակվող, ինչպես նաև Սփյուռքում բնակվող և Հայաստանի Հանրապետություն վերադառնալ ցանկացող ընտանիքների երեխաների համար, ովքեր լրացուցիչ կրթության միջոցով մտադիր են յուրացնել հիմնական ծրագրեր՝ ՀՀ-ում հանրակրթության մեջ ընդգրկվելու համար:   Պաշտոնական հայտարարությունը՝ https://escs.am/am/news/7487   Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար կրթության կազմակերպման կարգը https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=142945      
18:52 - 02 դեկտեմբերի, 2020
Տարակարգ ստանալու համար ուսուցիչները կարող են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը

Տարակարգ ստանալու համար ուսուցիչները կարող են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 11-ը ներառյալ:  Գործընթացը կվերսկսվի 2021 թվականի հունվարի 14-ից: Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի օգոստոսի 6-ի թիվ 03-Ն հրամանով որոշ փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1031-Ն հրամանի հավելվածով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչների, որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում:Նախ՝ փաստաթղթերի պարտադիր ցանկից դուրս է եկել դասագրքերի գնահատող հանձնաժողովում ընդգրկված լինելու մասին կետը, փոխարենն ավելացվել է վերջին 3 տարվա ընթացքում իր դասավանդած առարկայից Դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում դիպլոմով կամ գովասանագրով կամ միջազգային օլիմպիադաներում մեդալով պարգևատրված սովորող ունենալու մասին կետը: Եթե նախկինում ուսուցիչները պետք է ներկայացնեին ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորած վերապատրաստման դասընթացի վարման մասին տեղեկանք, ապա այժմ ընդունվում է նաև նախարարության հետ հուշագրեր ունեցող կազմակերպություններում իրականացված վերապատրաստման դասընթացի մասին տեղեկանքը: Ավելացել է երկու նոր բնութագրիչ՝ վերջին երկու տարվա ընթացքում Եվրոպական դպրոցների համագործակցության «Իթվիննինգ» ծրագրում վերապատրաստող ճանաչված լինելը և վերապատրաստում իրականացնելը կամ Որակի եվրոպական հավաստագրի առկայությունը։ Որպես բնութագրիչ ներկայումս ընդունվում են նաև ԿԳՄՍ նախարարության պատվոգրերը կամ շնորհակալագրերը։ Ըստ այդմ՝ անհրաժեշտ փաստաթղթերն են՝ 1) դիմում` ուղղված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, 2) անձնագրի պատճենը, 3) հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման վկայական և զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին ատեստավորման թերթիկի պատճենը, 4) կրթության վերաբերյալ փաստաթղթի (դիպլոմ) պատճենը, 5) աշխատանքային գրքույկի պատճենը կամ տնօրենի կողմից տրամադրված տեղեկանքը, 6) բնութագրիչները հավաստող փաստաթղթերը` համապատասխան տարակարգ ստանալու համար:
10:03 - 02 դեկտեմբերի, 2020
Փոփոխություններ ընդունելության քննությունների ցանկում

Փոփոխություններ ընդունելության քննությունների ցանկում

Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը։ Համաձայն ընդունված որոշման՝ առկա և հեռակա համակարգերում դիմորդները կհանձնեն հիմնականում երկու ընդունելության քննություն։ Կան մասնագիտություններ, որոնց դիմորդները վճարովի ուսուցման համակարգում թափուր տեղերի առկայության դեպքում 2-րդ քննության գնահատականը (քննությունների ցանկում նշված է երկու աստղանշանով **) կարող են փոխանցել նախորդ աստիճանի ավարտական փաստաթղթից (ատեստատ կամ դիպլոմ): Գալիք՝ 2021/22 ուստարվա ընդունելության քննությունների ցանկում կատարված հիմնական փոփոխությունն այն է, որ մի շարք մասնագիտությունների համար բուհերի կողմից սահմանված են մրցութային կամընտրական քննություններ՝ դիմորդներին հնարավորություն տալով իրենց ցանկությամբ ընտրելու համապատասխան քննական առարկան: Այս փոփոխությունը տարածվում է այն մասնագիտությունների վրա, որոնց համար նախորդ տարիներին սահմանված է եղել մրցութային երեք քննություն։ Այդ մասնագիտությունների դիմորդներն այժմ կհանձնեն երկու քննություն՝ նախկին երեքի փոխարեն, որոնցից մեկը սահմանված է որպես պարտադիր առարկա, իսկ երկրորդ քննությունը դիմորդն առաջարկվող առարկաներից կընտրի իր ցանկությամբ։ Ընդունելության քննությունների և մասնագիտությունների ցանկը՝ այստեղ։   Գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից (պետական, ոչ պետական), բոլոր դիմորդների համար սահմանվում են ընդունելության միևնույն պայմանները։ Նշենք, որ սովորաբար բակալավրիատի ծրագրով դիմորդները հանձնել են նվազագույնը երկու ընդունելության քննություն։ Բացառություն է արվել միայն անցյալ՝ 2020/2021 ուսումնական տարվա ընդունելության գործընթացի կազմակերպման ժամանակ, երբ դիմորդները հանձնել են մեկ քննություն՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելմամբ։ Հավելենք, որ գործադիրը հաստատել է նաև Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության հեռակա ուսուցմամբ անվճար տեղերի բաշխումը։ Այդ որոշմամբ՝ ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ հատկացվել է 35 անվճար տեղ՝ հաշվի առնելով գիտական կազմակերպությունների և բուհերի ներկայացրած հայտերը։ Նախապատվությունը տրվել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (STEM) ու հայագիտության ոլորտի մասնագիտություններին։ Սահմանվել է, որ 2020/2021 ուսումնական տարում ասպիրանտուրայի հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերը, հաշվի առնելով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը, վերաբաշխում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Բաշխման ժամանակ առաջնահերթությունը տրվում է մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ) – 20 (քսան) միավոր և մրցույթի արդյունքում հավասար միավորներ ստացած դիմորդներին՝ ըստ առավելագույն գնահատականի։ Անհրաժեշ­տու­թյան դեպքում հաշվի է առնվում նաև ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 28-րդ կետի պահանջները:
19:15 - 01 դեկտեմբերի, 2020
Ռիսկի խմբում գտնվող երեխաները կշարունակեն հեռավար ուսուցումը՝ կենտրոնացված հեռավար ուսուցման միջոցով․ ԿԳՄՍՆ

Ռիսկի խմբում գտնվող երեխաները կշարունակեն հեռավար ուսուցումը՝ կենտրոնացված հեռավար ուսուցման միջոցով․ ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել սույն թվականի դեկտեմբերի 7-ից վերսկսել առկա ուսուցման գործընթացը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների նաև 5-12-րդ դասարանների սովորողների համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր դպրոցի հանդեպ կկիրառվի առանձին մոտեցում՝ կախված դպրոցում դեպքերի թվից՝ ժամանակավոր հեռավար ուսուցման անցնելով։ Ռիսկի խմբում գտնվող երեխաները կշարունակեն հեռավար ուսուցումը՝ կենտրոնացված հեռավար ուսուցման միջոցով։ Ուղեցույցով սահմանված սահմանափակումները, ինչպես գրատախտակի մոտ կանչելու արգելքը, չեն գործի՝ բացառությամբ 20 և ավելի սովորողների դեպքում դասարանը խմբերի բաժանելու և ըստ այդմ ուսումնական պրոցեսը կազմակերպելու մասին դրույթի։Հիշեցնենք, որ այս մասին ավելի վաղ հայտնել էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից։
21:39 - 30 նոյեմբերի, 2020
ԿԳՄՍ-ն նախատեսում է ներդնել նախադպրոցական ծառայության ծախսարդյունավետ և այլընտրանքային մոդել |armenpress.am|

ԿԳՄՍ-ն նախատեսում է ներդնել նախադպրոցական ծառայության ծախսարդյունավետ և այլընտրանքային մոդել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է ներդնել նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների նախագիծ: ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը նշեց, որ նախագիծը փորձում են ներդնել, քանի որ հանրապետության ոչ բոլոր բնակավայրերում է մատուցվում նախադպրոցական ծառայություն: Դրանք ներդրվելու են բացառապես այն բնակավայրերում, որտեղ նախադպրոցական կրթության որևէ ծառայություն չի գործում: «Հայաստանի բոլոր մարզերում կա շուրջ 270 բնակավայր, որտեղ առհասարակ չի իրականացվում նախադպրոցական որևէ ծառայություն: Կան նաև բնակավայրեր, որտեղ կան մանկապարտեզներ կամ դպրոցներին կից նախակրթարաններ, որոնք նախատեսված են 5-6 տարեկան երեխաների համար: Նման մոդել ներդնելու համար ԿԳՄՍ նախարարությանը գումարը հատկացվել է պետական բյուջեից: Գերատեսչության բյուջեում լինելու է այդ գումարը, և տարեկան դրամաշնորհ է տրամադրվելու. կարգն այդպես է լինելու: Որոշ չափորոշիչներ կլինեն՝ հաշվի են առնվելու համայնքի պատրաստակամությունը, երեխաների թիվը: Նախակրթարանների շենքերի վերանորոգման հարցերը լուծվելու են դրամաշնորհի շրջանակում, սակայն հետագայում դրանց պահպանման ծախսերը, բնականաբար, համայնքինն են լինելու»,- ասաց Կարախանյանը: Նրա խոսքով՝ առաջարկվել է մի քանի տարբերակ, որոնք հիմնականում ծախսարդյունավետ են: Տարբերակներից մեկի դեպքում մատուցվելու են 3.5-4 ժամ տևողությամբ ծառայություններ`առանց ցերեկային քնի ապահովման: «Խմբում երեխաների առավելագույն քանակը նախատեսվում է 30։ Այս տարբերակը նպատակահարմար կլինի կիրառել, եթե բնակավայրում առկա է գործող համայնքային հաստատություն (համայնքապետարան, մշակույթի կենտրոն)։ Առաջարկվում է նաև մեկ այլ ծառայության տեսակ՝ 4-4.5 ժամ տևողությամբ, որը կիրառելի է, եթե համայնքում երեխաների թիվը մինչև 15 է, և չկա այլ մոդելներ իրականացնելու հնարավորություն։ Նպատակահարմար կլինի կիրառել, եթե բնակավայրում առկա է համապատասխան պայմաններ ունեցող տուն։ Համայնքը կարող է համակարգել մինչև 3 տան պայմաններում մատուցվող ծառայությունը։ Այս պարագայում խնամակալ ընտանիքի մայրը պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն: Մենք ունենք այդպիսի փորձ: Ներկայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ նման ծրագիր է արվում Սյունիքի և Լոռու մարզերում: Բնակավայրեր ունենք, որտեղ նույնիսկ միջին մասնագիտական կրթության խնդիր կա, այդ պատճառով ցենզը տնաին պայմաններում դրել ենք, որ միջակարգ կրթությամբ կանայք լինեն, ովքեր պարտադիր կանցնեն վերապատրաստում: Երեխաների խնամքն էլ կիրականացվի հենց իրենց կողմից»,- նշեց մասնագետը: Ներկայացնելով ծախսարդյունավետ և այլընտրանքային մոդելի մեկ այլ տարբերակ՝ Կարախանյանը նշեց, որ կարող է լինել նաև շրջիկ ծառայություն: Այդ դեպքում խումբը ձևավորվելու է մի քանի բնակավայրի մասնագետների օգնությամբ: «Նման ծառայություն կարող է իրականացվել, եթե համայնքի երեխաների թիվը մինչև 15 է, և նախադպրոցական կրթությունը կազմակերպելու համար մասնագետների խնդիր կա։ Ենթադրվում է մասնագիտական թիմի կողմից 1 օրվա ընթացքում առնվազն 2-3 համայնքում նախադպրոցական ծառայությունների մատուցում։ Մոդելների ներդրումը տեղի կունենա մի քանի փուլով. համայնքների հայտերի ներկայացում, դրանց գնահատում, բնակավայրերի ընտրություն ու համապատասխան մոդելի հաստատում, դրամաշնորհի հատկացում և հաշվետվությունների ընդունում: Կարախանյանն ընդգծեց, որ կարգն այս պահին շրջանառվել է, Արդարադատության նախարարությունից վերադարձվել է, կա եզրակացություն, դիտարկումներ կան, դրանք հիմնականում իրավական հարցերին են վերաբերում:
14:41 - 30 նոյեմբերի, 2020
Հայտնի են ձմեռային արձակուրդների օրերը

Հայտնի են ձմեռային արձակուրդների օրերը

ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանով սահմանվել են 2020-2021 ուսումնական տարվա ձմեռային արձակուրդի օրերը։ Հրամանում որևէ փոփոխություն դեռ չի արվել, այն գործում է։ Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ. ձմեռային՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանային արձակուրդ չի նախատեսվում: Առաջին դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 24-ը ներառյալ, գարնանայինը՝ 2021թ. մարտի 22-ից ապրիլի 4-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 17-ը ներառյալ և գարնանայինը՝ 2021թ. մարտի 22-ից 28-ը ներառյալ: Հանրակրթական ուսումնական հաստատությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն), կրթության շարունակականությունն ապահովելու համար, կարող է հանրակրթական հիմնական կրթական ծրագրերն իրականացնել հեռավար ուսուցման ձևով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 20.05.2020թ. N 09-Ն հրամանի համաձայն: Նախարարությունը վերոնշյալ անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ բաց թողած ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու և ըստ հաստատության ենթակայության՝ լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով: Ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների տևողությունը և ժամկետները, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները սահմանում է հիմնադիրը` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահելով նախարարությանը:
23:47 - 27 նոյեմբերի, 2020
ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանը առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել

ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանը առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանն առաջին աշխատանքային խորհրդակցությունն է հրավիրել, որին ներկա են գտնվել ԿԳՄՍ ոլորտները համակարգող փոխնախարարները և նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Իր խոսքում նախարար Վ․ Դումանյանն ընդգծել է, որ մեր պետության համար դժվարին և պատասխանատու այս ժամանակահատվածում իր առաջնային ուշադրության կենտրոնում են լինելու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների համակարգված գործունեությունը, ոլորտային խնդիրների արդյունավետ և օպերատիվ լուծումները և դրան զուգահեռ հիմնարար հայեցակարգային ծրագրերի մշակումը։ «Ողջունում եմ բոլորիդ, այստեղ շատերին ես ճանաչում եմ։ Նախարարի պաշտոնը ստանձնել եմ բարդագույն իրավիճակում և ժամանակաշրջանում, և ես եկել եմ այստեղ աշխատելու, իմ հնարավորություններն ու ներուժն օգտագործելու ոլորտում առկա խնդիրների լուծմանը, իհարկե, ձեզ հետ միասին»,- նշել է նախարար Վ.Դումանյանն աշխատակազմի հետ հանդիպմանը։ Աշխատանքային խորհրդակցության ընթացքում նախարարի տեղակալներն ու ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են այս պահին ծառացած հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրները։ Անդրադարձ է եղել մինչև տարեվերջ պարտադիր իրականացման ենթակա բյուջետային ծրագրերին, Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված դպրոցականների կրթության կազմակերպման, պատերազմական գործողություններին մասնակցած ուսանողների համար նախարարությունում քննարկվող սոցիալական ծրագրերին, մշակութային ժառանգության պահպանմանը և ոլորտային այլ խնդիրների։
20:04 - 27 նոյեմբերի, 2020
Կրթական հարթակների հասանելիությունը մեծացել է․ «ՄՏՍ Հայաստան», «ՅՈՒՔՈՄ» և «Տելեկոմ Արմենիա» ընկերությունների նոր առաջարկները

Կրթական հարթակների հասանելիությունը մեծացել է․ «ՄՏՍ Հայաստան», «ՅՈՒՔՈՄ» և «Տելեկոմ Արմենիա» ընկերությունների նոր առաջարկները

Արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկին՝ «ՄՏՍ Հայաստան», «ՅՈՒՔՈՄ» և «Տելեկոմ Արմենիա» ընկերությունները աջակցում են համաճարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության պայմաններում հեռավար ուսուցման զարգացման նախաձեռնությանը: Կազմակերպություններն իրենց բաժանորդների համար առաջարկում են կրթական հարթակներում հեռավար ուսուցումն իրականացնելու սակագնային նոր պլաններ. Beeline ապրանքանիշով հանդես եկող «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը 2020 թվականի նոյեմբերի 16-ից բջջային կապի բաժանորդների համար անվճար է դարձրել ծառայությունը ներքոհիշյալ կայքերի կրթական հարթակներից օգտվելու համար՝ http://e-school.am/  https://lib.armedu.am/,  http://esource.armedu.am/,  https://kahoot.com/, Zoom, Microsoft Teams: Բացի այդ, «Տելեկոմ Արմենիա» ընկերության բաժանորդներին մատչելի սակագներով սարքավորումների տրամադրման հարցը կարգավորվել է ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ ծրագրի արդյունքում՝ գործարկված ինտերնետի հատուկ սակագնային փաթեթի տրամադրման շրջանակում։ Ըստ այդմ՝ շահառու հանդիսացող աշակերտները, ուսանողները և ուսուցիչները, ներկայացնեով նախարարության տրամադրած վկայականները, կարող են միանալ այն առաջարկներին, որոնցում ներառված են համապատասխան սարքավորումներ՝ WI-Fi router-ներ Վիվա-ՄՏՍ-ը հեռավար ուսուցման կազմակերպման համար առաջարկում է սակագնային «X», «Y», «Z» պլանները: Դրանցից օգտվելիս հասանելի են նաև անսահմանափակ Zoom և Skype հավելվածները, որոնք առավել հաճախ են օգտագործվում հեռավար ուսուցման գործընթացում: Փաթեթների ակտիվ լինելու դեպքում հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում: «X», «Y», «Z» սակագնային պլանների օգտագործման պայմաններին առավել մանրամասն ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել ընկերության կայք՝ (https://www.mts.am/Individual-customers/mobile-connection/Tariffs-and-discounts/x-y-z-tariff-plans/for--prepaid)։ Ինտերնետ հասանելիության նպատակով Վիվա-ՄՏՍ-ի բջջային ցանցն օգտագործող ու ընկերության սակագնային բոլոր պլաններից (բացառությամբ սակագնային «Ես» պլանի) օգտվող բաժանորդների դեպքում, ներքոհիշյալ հարթակներից օգտվելիս, ինտերնետի հասանելիությունը կապահովվի առանց հավելյալ վճարի, այն է՝ օգտագործած ինտերնետի ՄԲ համար տարիֆիկացում չի կիրառվի. www.emis.am, www.armedu.am, www.escs.am, https://lib.armedu.am, http://esource.armedu.am, iUniversity (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հարթակ) Armenian Schoolbooks հավելված և http://schoolbooks.am/ կայքէջ, որտեղ հասանելի են 1-12-րդ դասարանների համար նախատեսված՝ պետականորեն հաստատված բոլոր դասագրքերը։ Ucom ընկերությունը U! Կանխավճարային, Ucom Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս սակագնային պլանների բաժանորդների համար ընդլայնել է անսահմանափակ օգտագործման հնարավորությամբ հարթակների ցանկը՝ http://e-school.am/, https://lib.armedu.am/, http://esource.armedu.am/ , https://kahoot.com/, MicrosoftTeams, Google Classroom, armedu.am, emis.am, etwinning.net և zoom.us: Նոյեմբերի 21-ից Ucom ընկերության շարժական կապի u1000, u1500, u2000, u3000 կանխավճարային սակագնային պլանների, ինչպես նաև Ucom Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս ծառայության բաժանորդները չեն վճարի ինտերնետի օգտագործման վճար նշյալ կայքերից օգտվելիս։ Հավելենք, որ որոշ կրթական կայքերում առկա YouTube տեսանյութերը դիտելիս բաժանորդները կվճարեն` համաձայն իրենց սակագնային պլանի։
17:12 - 26 նոյեմբերի, 2020
Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երրորդ դասընթացի հայտագրումը

Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երրորդ դասընթացի հայտագրումը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում  է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երրորդ դասընթացի մեկնարկի մասին: Ծրագրին կարող են դիմել զորակոչի ենթակա տղաներն ու այն երիտասարդ կանայք, որոնք ունեն ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտի առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են միանալ ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերին՝ կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։ Տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ 6 և 12-ամսյա անվճար դասընթացին կմասնակցեն թեստավորման և հարցազրույցի փուլերը հաղթահարած դիմորդները։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը։ Առցանց քննության և հարցազրույցի փուլերը հաղթահարած բոլոր դիմորդները կսկսեն ուսուցումը 2021 թվականի հունվարին:
22:52 - 25 նոյեմբերի, 2020
Պետք է բարեփոխենք մտածողությունը մեր ձևակերպած նպատակներին հասնելու համար. վարչապետը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին

Պետք է բարեփոխենք մտածողությունը մեր ձևակերպած նպատակներին հասնելու համար. վարչապետը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանին: Կառավարութան ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արայիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար և արդյունավետ գործունեություն մաղթել Վահրամ Դումանյանին: «Հարգելի գործընկերներ, մենք շատ ենք խոսում երկրում ինստիտուտների կայացվածության աստիճանի մասին, և իմ համոզմունքն այն է, որ մեր բոլոր պրոբլեմները կապ ունեն ինստիտուտների կայացվածության աստիճանի հետ: Բայց նաև կարևոր եմ համարում, որպեսզի մենք ամենևին չանտեսենք մտածողությունը՝ որպես ինստիտուտ: Կարծում եմ նաև, որ մենք այս հարցն ընդհանուր առմամբ պետք է քննենք, հասկանանք, պատկերացնենք, թե ինչ մտածողությամբ ենք առաջնորդվում, այդ ինստիտուտն ինչքանով է համապատասխանում մեր կարիքներին, պահանջներին և շահերին, և, իհարկե, ինչպիսի՞ բարեփոխումների պետք է ենթարկվի մտածողությունը, որպեսզի կարողանանք հասնել այն նպատակներին, որոնք ձևակերպում ենք», - իր խոսքում նշել է երկրի վարչապետը: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարության թիմին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ կառույցը՝ որպես ինստիտուտ, ձևավորվել է և գտնվում է աշխատանքային լավ վիճակում: Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում, Covid-ի ժամանակ ստեղծված իրավիճակին արձագանքը եղել է համապատասխան, և դա տեղի է ունեցել այս գերատեսչությունում աշխատող մարդկանց շնորհիվ: Ա Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին նախարարության գործունեությանը ցուցաբերած աջակցության համար և նշել. «Այն բարեփոխումները, որոնք սկսվել են նախարարությունում, իրենց բարերար և դրական ազդեցությունն են ունենալու ներհայաստանյան հարաբերություններում, մեր տնտեսության վրա, միջազգային հարաբերություններում մեր դիրքի վրա: Եվ, իմ կարծիքով, այն լավ հիմքերը, որ դրվել են, պետք է, շարունակական լինեն»: ԿԳՄՍ նախկին նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակել կուտակած փորձը և տեղեկատվությունը փոխանցել նորանշանակ նախարարին՝ ի աջակցություն բարեփոխումների գործընթացի: Իր հերթին ԿԳՄՍ նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար՝ նշելով. «Լիովին պատասխանատու ձևով ես համաձայնվել եմ ընդունել առաջարկը և զգացված եմ վստահության համար: Պատրաստ եմ ուժերիս ներածի ողջ ծավալով նվիրվել մեր պետությանը, մեր երկրին և այս ոլորտում անել առավելագույնը»: Նա շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին համագործակցության պատրաստակամության համար: Հանդիպման ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողություններ է մաղթել գործընկերներին հետագա աշխատանքային գործունեության մեջ:
18:48 - 24 նոյեմբերի, 2020