Սահման

Իմ երեխան, որ մտնի բոստան, դրանից անմիջապես հետո թուրքն է լինելու․ Շուռնուխի գյուղապետ

Իմ երեխան, որ մտնի բոստան, դրանից անմիջապես հետո թուրքն է լինելու․ Շուռնուխի գյուղապետ

Այսօր՝ կեսգիշերն անց, Սյունիքի մարզի Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը ֆեյսբույքան ուղիղ եթերի միջոցով կոչ էր անում, որ ժամը 10:00-ին բոլոր այն կամավորները, որոնք զինված են, գնան եւ միանան Շուռնուխի պաշտպանությանը: Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն Infocom-ի հետ զրույցում պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է գյուղի ներքեւի թաղամասին՝ մայրուղու ներքեւում գտնվող հատվածին: «Սահմանազատումն անելուց GPS-ով են ընդառաջվելու: Իմ տունը  ներքեւի թաղի ամենացածր հատվածում է: Իմ տան բոստանից անմիջապես հետո սահմանն է լինելու: Եթե այդ հատվածը թողնեն մեզ, այդտեղ սահմանապահ չի կանգնելու: Իմ երեխան, որ մտնի բոստան, դրանից անմիջապես հետո թուրքն է լինելու»,- ասաց գյուղապետը: Քարտեզում պատկերված է Շուռնուխ գյուղը, որի՝ դեղինով գծանշված եւ մուգ կարմիրով լցված հատվածը պետք է անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ: Գյուղապետի խոսքով՝ երեկ մեր զորքն այնտեղից վերջնականապես հանվել է, հիմա մի քանի ռուս սահմանապահներ կան տեղում, իսկ մայրուղուց պետք է օգտվեն ե՛ւ հայերը, ե՛ւ ադրբեջանցիները. մայրուղին պետք է վերահսկեն ռուս սահմանապահները: Գյուղի այս հատվածում, որը պետք է անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, կա 12 տնտեսություն: Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, և որ ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու: Այդ հատվածներում հսկողություն կիրականացնեն ռուս սահմանապահները, որի վերաբերյալ համաձայնությունն արդեն իսկ ձեռք է բերվել, և դա լրացուցիչ երաշխիքներ կստեղծի անվտանգային համակարգն ուժեղացնելու համար: Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ եղելության մասին առաջիկայում պարզաբանում կտարածեն: Նարեկ Մարտիրոսյան
13:12 - 18 դեկտեմբերի, 2020
ՄԻՊ-ի հայտարարությունը Սյունիքի սահմանային գյուղերի բնակիչների ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության իրավունքների մասին

ՄԻՊ-ի հայտարարությունը Սյունիքի սահմանային գյուղերի բնակիչների ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության իրավունքների մասին

Սյունիքի մարզ երկօրյա այցի ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այցելել է Արավուս, Խոզնավար, Ներքին Խնձորեսկ և մի շարք այլ սահմանային բնակավայրեր: Այցի կապակցությամբ հայտարարություն է տարածել ՄԻՊ Արման Թաթոյանը: «Քննարկումներ ունեցանք Գորիսի քաղաքապետի, Տեղ համայնքի ու նրա վարչական շրջանների ղեկավարների, համայնքապետարանների անձնակազմերի, ինչպես նաև գյուղերի բնակիչների հետ: Կարևոր էին քննարկումները ՀՀ զինված ուժերի անձնակազմերի հետ, որոնք տանում են հերոսական ծառայություն: Այցի արդյունքների վերաբերյալ ստորև ներկայացնում եմ մի քանի եզրահանգում. Պետական կառավարման մարմինների աշխատանքի ու համակարգման թերությունների պատճառով ոչ միայն չլուծված են մնում սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքներին վերաբերող խնդիրները, այլև սահմանազատումների ու սահմանագծումների հետ կապված նոր մարտահրավերներն այդ խնդիրները կարող են ավելի խորացնել: Սա առաջնահերթ վտանգում է անմիջականորեն սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության սահմանադրական իրավունքները: Պետական կառավարման մարմինները՝ յուրաքանչյուրն իր կարգավիճակով, պարտավոր են հատուկ ուշադրության ներքո պահել, լինել նախաձեռնողական սահմանային բնակավայրերի բնակիչների բարձրացրած այն հարցերի առնչությամբ, որոնք վերաբերում են պետական սահմանին. դա այս օրերի բացառիկ գերակայություններից է: Դարձյալ պնդում եմ, որ սահմանազատումների կամ սահմանագծումների հարցը չի կարող լուծվել Գուգլ (Google) մասնավոր կազմակերպության հավելվածներով կամ չի կարող լուծվել նաև GPS համակարգով: Այս հարցը պահանջում է մասնագիտական մոտեցումներ, տեղում մանրամասն աշխատանքներ, պատշաճ իրավական հիմքեր և այլն: Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները հաստատում են, որ, օրինակ, Սյունիքի մարզի մի շարք սահմանային բնակավայրերում այդ մոտեցումների կիրառման արդյունքում ոչ միայն լրջորեն վտանգվել են սահմանային բնակիչների կյանքի, նրանց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության ու կենսական կարևորության մյուս իրավունքները, այլ դա խնդրահարույց է ՀՀ պետական սահմանների անվտանգության տեսանկյունից: Դրանից բացի, առաջացել է անորոշ վիճակ հենց սահմանային բնակիչների համար: Եթե մեխանիկական հիմք է ընդունվում Google քարտեզը կամ GPS համակարգը, ապա ինչպե՞ս բացատրել, որ, օրինակ, Արավուս գյուղի հետ կապված՝ ուղիղ հակասություն է առաջանում այդ բնակավայրերի տարբեր տարիների հողօգտագործման քարտեզների միջև:  Արդյունքում՝ մարդիկ զրկվում են մասնավոր սեփականություն հանդիսացող, իսկ համայնքը՝ համայնքային սեփականություն հանդիսացող կենսական կարևորության գյուղատնտեսական հողատարածքները (օրինակ՝ որպես այգի, վարելահող կամ արոտավայր) օգտագործելու հնարավորությունից: Ինչպե՞ս է ստացվում, որ 1991 թվականին այդ հողատարածքները մարդկանց հատկացվել են սեփականության իրավունքով, իսկ հետո՝ 2004 թվականին նրանց տրամադրվել են այդ հողատարածքների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը հաստատող կադաստրային նոր վկայականներ: Արավուսի դեպքում, ինչպես տեղեկացրել է վարչական շրջանի ղեկավարը, խոսքը գնում է 9 հեկտար մասնավոր սեփականություն և գրեթե 34 հեկտար համայնքային սեփականություն համարվող հողատարածքների մասին: Տեղ խոշորացված ողջ համայնքի դեպքում, ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել է համայնքի ղեկավարը, խոսքը մոտավոր հաշվարկով 2000 հեկտարից ավելի միայն մասնավոր սեփականություն հանդիսացող հողատարածքների մասին է: Խնդիրը կապված է նաև մարդկանց ֆիզիկական անվտանգության ու կենսական ապրուստը հոգալու հնարավորությունների հետ (Խոզնավար, Խնածախ, Ներքին Խնձորսեկ, Արավուս և այլն): Անհրաժեշտ է իրականացնել տարբեր տարիների քարտեզների համադրման ու ուսումնասիրության համապարփակ աշխատանքներ ու նաև պարզել՝ արդյոք ադրբեջանական կողմից հիմք ընդունվող քարտեզների տարբերակներն անվիճարկելի են: Անհրաժեշտ է հասկանալ նաև՝ ինչու է ադրբեջանական կողմն առնվազն Սյունիքի մարզի այն վայրերի հետ կապված, որտեղ Մարդու իրավունքների պաշտպանն իրականացրել է փաստահավաք աշխատանքներ, անվերապահ հիմք ընդունում Գուգլ (Google) քարտեզային հավելվածները կամ GPS համակարգերը: Սահմանազատումների ու սահմանագծումների հարցերով բացակայում է պետական կառավարման մարմինների (ոչ համայնքային) անմիջական հաղորդակցությունը սահմանային գյուղերի բնակիչների հետ: Այդ պատճառով անարդարացի, իրենց չվերաբերող ծանրաբեռնվածություն է առաջանում ՀՀ զինված ուժերի անձնակազմերի համար, որոնք ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների հետ միասին իրականացնում են անձնուրաց ծառայություն: Անհամաչափ ծանրաբեռնվում են նաև համայնքային մարմինները: Այս ամենն էլ ստեղծում է շարունակվող անորոշություն հենց առաջին հերթին սահմանային բնակիչների մոտ: Պետական կառավարման մարմինները պարտավոր են հանրությանն ու հատկապես սահմանային բնակավայրերի բնակիչներին տրամադրել պատշաճ տեղեկություններ նրանց վերաբերող հարցերի մասին: Սա քաղաքացիների երաշխավորված իրավունքն է ու դա երաշխավորելու պետության ուղիղ պարտավորությունը: Ընդ որում, պարտադիր չէ բոլոր աշխատանքներն անել հրապարակային, առավել ևս, որ գործ ունենք զգայուն հարցերի հետ: Խոսքը մեր պետության սահմանների պաշտպանության, մեր ժողովրդի ու յուրաքանչյուր անձի ֆիզիկական անվտանգության ու ապահովության մասին է: Այս այցի բոլոր արդյունքները կամփոփվեն և գրություններ կուղարկվեն պետական կառավարման մարմիններին: Կիրականացվեն անհրաժեշտ հարցումներ ու կպահանջվեն պարզաբանումներ»,- գրել է Արման Թաթոյանը:
14:39 - 14 դեկտեմբերի, 2020
Սյունիքի մարզպետը վստահեցնում է՝ վիճակը հանգիստ է. ադրբեջանցիները խրամատից խոսել են բարձրախոսով |armenpress.am|

Սյունիքի մարզպետը վստահեցնում է՝ վիճակը հանգիստ է. ադրբեջանցիները խրամատից խոսել են բարձրախոսով |armenpress.am|

armenpress.am: Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը վստահեցնում է, որ մարզի սահմաններում իրավիճակը նորմալ է, պաշտպանությունը պատշաճ մակարդակի վրա է, հերքում է դեկտեմբերի 13-ին համացանցում տարածված տեղեկությունները, թե Ագարակ գյուղի ուղղությամբ և Կապանի պաշտպանական դիրքերի վրա հակառակորդը հարձակման փորձ է արել: Այդ տեղեկություններին՝ մարզպետն ասաց. «Սխալ են ասում, նման բան չկա: Ամեն ինչ հանգիստ է: Մեր զորքերն իրենց տեղում են, կատարում են իրենց առաքելությունը: Սյունիքի մարզում պաշտպանությունը լրիվ իր տեղն է, նման խնդիրներ չկան»,-ասաց մարզպետը՝ հերքելով հարձակման փորձերի մասին տեղեկությունները: Նրա խոսքով՝ մարզում բարոյահոգեբանական վիճակը ևս կայուն է, ամեն ինչ հանգիստ է: Մարզպետը հորդորեց տարատեսակ ինֆորմացիաներին ականջալուր չլինել: Պողոսյանի խոսքով՝ հակառակորդը նախորդ օրը խրամատից բարձրախոսով մի երկու բառ է ասել: «Դավիթ Բեկի ուղղությամբ ձախ թևում և Ներքին Խնձորեսկից դեպի աջ առաջնագծից հակառակորդը բարձրախոսով ասել է՝ հետ գնացեք ձեր վարչական տարածքները մինչև այսինչ ժամը: Սակայն չի նշանակում, թե մենք պետք է իրենց հրամանը կատարենք»,-ասաց մարզպետը:
11:30 - 14 դեկտեմբերի, 2020
ՄԻՊ-ը Սյունիքում ուսումնասիրել է բնակիչների խնդիրները. բարձրաձայնել են սահմանազատումների մասին |armenpress.am|

ՄԻՊ-ը Սյունիքում ուսումնասիրել է բնակիչների խնդիրները. բարձրաձայնել են սահմանազատումների մասին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուսումնասիրել է Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների բարձրաձայնած խնդիրները դեկտեմբերի 11-ին և 12-ին կատարած աշխատանքային այցի ժամանակ: Այցի ընթացքում նա եղել է Ներքին Խնձորեսկ, Արավուս, Խնածախ, Խոզնավար համայնքներում: «Պատերազմական գործողությունների ավարտից հետո խնդիրներ են առաջացել սահմանազատումների հետ կապված: Այդ ամենն առաջնահերթ կապ ունի գյուղացիների և այն գյուղերի անվտանգության հետ, որոնք սահմանամերձ են դառնում: Խոսքը մարդկանց ֆիզիկական անվտանգության մասին է: Այն գյուղերը, որտեղ մենք եղանք, օրինակ՝ Արավուսում, Խնածախում, Խոզնավարում մարդիկ ունեն արոտավայրեր, որտեղ անորոշ վիճակ է: Կան նաև մասնավոր հողատարածքներ և դրա հետ կապված նույնպես վիճակն անորոշ է: Այս հարցն ուղիղ կապ ունի նաև Մարդու իրավունքների պաշտպանության հետ, հարցերն առնչվում են տեղեկություններ ստանալու իրավունքին, ինչպես նաև մարդկանց կյանքին ու առողջությանը»,- նշեց Թաթոյանը և հավելեց, որ գյուղացիներին հետաքրքիր է, թե ինչ սահմանազատումներ են իրականացվելու, ինչ զարգացումներ են նախատեսված: Նրա խոսքով՝ սա կարևորագույն հարց է, հատկապես Ադրբեջանի շարունակվող քաղաքականության պայմաններում: ՄԻՊ-ը հանդիպումներ է ունեցել նաև Սյունիքի մարզում գտնվող զինծառայողների հետ, քննարկումներ է անցկացրել կորպուսի հրամանատարի հետ: «Այստեղ կան հարցեր, որոնք վերաբերում են ՄԻՊ-ին, սակայն գլխավոր հարցը գտնվում է կառավարության իրավասության տակ»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը: Թաթոյանը նշեց, որ առանձին քննարկում են ունեցել նաև Գորիսի քաղաքապետի հետ, իսկ Տեղ համայնքի ղեկավարի հետ էլ խոսել են առկա խնդիրների մասին:
18:50 - 12 դեկտեմբերի, 2020
Ինչպիսի՞ աջակցություն է նախատեսվում տրամադրել Սյունիքի սահմանամերձ դարձած բնակավայրերին

Ինչպիսի՞ աջակցություն է նախատեսվում տրամադրել Սյունիքի սահմանամերձ դարձած բնակավայրերին

Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ նշվում էր, որ Արցախի Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջաններն անցնում են Ադրբեջանի հսկողության տակ։ Սյունիքի մարզի Տեղ, Կապան և Գորիս խոշորացված համայնքների մի քանի  բնակավայրեր, որոնք սահմանակից են Արցախին, այդ տարածքների՝ հակառակորդի վերահսկողության տակ անցնելուց հետո դարձան սահմանամերձ։   Տեղի և Կապանի մի շարք բնակավայրեր դարձել են սահմանամերձ․ ի՞նչ խնդիրներ ունեն բնակիչները Տեղ համայնքի յոթ բնակավայրերից սահմանամերձ են դարձել վեցը՝ Տեղը, Արավուսը, Կոռնիձորը, Խնածախը, Վաղատուրը, Խոզնավարը։ Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավար Ներսես Շադունցը նշեց, որ այս պահին իրենք աշխատում են մեր զինվորականների հետ՝ փորձելով լուծել սահմանների որոշման հարցը։ Լուսանկարում՝ Տեղի և Գորիսի՝ սահմանամերձ դարձած բնակավայրերը «Եթե փաստաթուղթ ենք ստորագրել, պիտի փաստաթղթին երկու կողմերն էլ հավատարիմ մնան: Որոշակի ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ կան, որոնց հետ կապված հարցերն ենք ուզում կարգավորել: Կստացվի՝ կանենք, չի ստացվի՝ չենք անի»,- ասաց նա։ Ներսես Շադունցի խոսքով՝ մինչ այս համայնքի բնակիչների գրեթե 70-80 տոկոսը զբաղվում էր անասնապահությամբ։ Անասուններին կերակրելու համար գյուղացիներն օգտվում էին հիմնականում Արցախի տարածքում եղող արոտավայրերից։ Քանի որ արոտավայրերն արդեն Ադրբեջանի կազմում են, բնակիչների մեծ մասը վաճառել է անասունները։ Հարցին, թե արդյո՞ք այլ արոտավայրեր չկան, որոնցից բնակիչները կարող են օգտվել, համայնքի ղեկավարը պատասխանեց․ «Մենք հիմա ձմեռ ենք ապրում, չենք կարող անասունները տանել, Ջերմուկի սարերում պահել: Ամռանը կարող ենք տանել, բայց ձմռանն իջնում են դեպի հարավ»։ Շադունցի խոսքով՝ բնակիչներն արոտավայրերից օգտվում էին գրեթե ողջ տարին, այդ պատճառով էլ քիչ անասնակեր են կուտակել, որոշ բնակիչներ էլ անասնակեր են կուտակել այն տարածքներում, որոնք անցել են հակառակորդի վերահսկողության ներքո։ Դա է պատճառը, որ նրանք չէին կարող կուտակված անասնակերով պահել իրենց անասուններին, մինչև եղանակները կտաքանային, և կլուծեին արոտավայրերի խնդիրը։ «Ովքեր այստեղ քիչ քանակությամբ կուտակել են, իրենց հաշվարկներն արել են, ըստ կուտակած անասնակերի` ինչքան հնարավոր է եղել, պահել են»,- ասաց համայնքի ղեկավարը։ Հարցին, թե այդ դեպքում ինչ են անելու բնակիչները, որոնք այլևս անասնապահությամբ չեն զբաղվում, Շադունցը կատակով պատասխանեց՝ բազմավեկտոր գյուղատնտեսություն պետք է վարեն: Համայնքում այս պահին իրականացվում են դիրքերի ամրացման աշխատանքներ։ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արոտավայրերի խնդիրը կա նաև Կապանի բնակավայրերում։ Այստեղի բնակիչները ևս օգտվել են նախկինում Արցախի տարածքում եղած արոտավայրերից, որոնք այժմ հակառակորդի վերահսկողության ներքո են։ Լուսանկարում՝ Կապանի՝ սահմանամերձ դարձած բնակավայրերը Համայնքապետի խոսքով՝ բնակիչների մի մասը վաճառել է անասունները, մյուս մասը շարունակում է պահել։ Հարցին, թե արդյո՞ք այդ արոտավայրերի համար այլընտրանք Կապանի մոտակայքում չկա, Փարսյանը պատասխանեց՝ Կապանի տարածաշրջանն այնքան էլ հարուստ չէ արոտավայրերով։ Գևորգ Փարսյանի խոսքով՝ այս պահին Կապանի համար աենակարևոր խնդիրը բնակչության անվտանգության ապահովումն է։ Ըստ նրա՝ մեր և հակառակորդի սահմանների միջև պիտի լինի անվտանգության գոտի, որպեսզի բնակիչներն իրենց ապահով զգան։ Դիտարկմանը, թե Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ մարզի որևէ գյուղ Ադրբեջանին հանձնելու հարց չի քննարկվում, համայնքապետը պատասխանեց՝ խոսքը մարզի տարածքների մասին չէ։ «Եթե հանկարծ կառավարությունը այնպիսի լուծում տա, որի արդյունքում մենք պետք է նահանջենք նախկին ԽՍՀՄ-ի սահմաններով, լուրջ վտանգ է: Իսկ այդ լուրջ վտանգը գիտակցելով` խիստ անհրաժեշտ է, որ լինի այդ անվտանգության գոտին: Դրա հետ կապված ոչինչ չի արվում: Մենք Սյունիքի մարզի տարածքներից շատ ավելի առաջ ենք՝ ապահովելով մեր համայնքի անվտանգությունը, և պիտի սահմանազատվի Կապանի վարչական սահմաններից բավականին առաջ, որպեսզի մեր բնակչությունը գիշերը հանգիստ քնի»,- ասաց նա: Գևորգ Փարսյանի խոսքով՝ կառավարությունն այդ ուղղությամբ որևէ աշխատանք չի տանում, և դա է հիմնական պատճառը, որ ինքը միացել է վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջին։ Հրաժարականի պահանջին միացել է նաև Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը։   Սյունիքի մի շարք բնակավայրեր կրել են նյութական վնասներ․ ի՞նչ է նախատեսում անել կառավարությունը 44-օրյա պատերազմի ընթացքում Կապան խոշորացված համայնքի Դավիթ Բեկ և Գորիս խոշորացված համայնքի Խնձորեսկ բնակավայրերը հրետակոծության հետևանքով նյութական վնասներ էին կրել։ Կապանի համայնքապետարանի և Սյունիքի մարզպետարանի համատեղ ուժերով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը տեղում գույքագրումներ ու չափագրումներ էր անում՝ պատճառված վնասը որոշելու համար։ Կառավարության դեկտեմբերի 3-ի նիստի ընթացքում որոշվեց դրամական աջակցություն տարամդրել ՀՀ համայնքների այն բնակիչներին, որոնց անշարժ գույքը վնաս է կրել պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով։ «Ընդհանուր առմամբ մոտ 75 միավոր անշարժ գույքի մասին է խոսքը, մարզպետարանների միջոցով ավերածությունների հաշվարկները ներկայացված են։ Քաղաքացիներին կտրամադրվի այդ փոխհատուցումը, քանի որ ավերածությունները հիմնականում փոքր չափի են։ Միայն մեկ դեպքով ունենք ամբողջական տան վնասվածք։ Առանձին որոշում է կայացվում կոնկրետ այդ ընտանիքին կացարանով ապահովելու մասով»,- կառավարության նիստի ընթացքում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։ Այս միջոցառման շահառուներ են Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի, Չայ Զամի տեղամասի և Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ բնակավայրի՝ անշարժ գույքի մասով վնաս կրած բնակիչները։ Սակայն Սյունիքի արդեն սահմանամերձ բնակավայրերը կրել էին նաև շարժական գույքի վնաս (մեքենաներ, անասուններ և այլն)։ Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ անշարժ գույքին հասցված վնասի չափը գնահատելը բավականին հեշտ է, իսկ շարժական գույքի դեպքում գործընթացն ավելի բարդ է և ժամանակատար։  «Ենթադրենք, ավտոմեքենա է վնասվել, ավտոմեքենայի վնասվածության աստիճանը կամ հասցված վնասը հաշվարկելը բարդ գործընթաց է։ Այսինքն` ավելի երկար է տևում, քան անշարժ գույքին հասցված վնասը որոշելը։ Այդ աշխատանքները շարունակվում են, ավարտելուց հետո կամփոփենք, տեղեկությունը կփոխանցենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, կառավարության համապատասխան որոշմամբ փոխհատուցում կտրվի»,- նշեց նա։ Իսկ հարցին, թե արդյո՞ք անշարժ գույքի մասով վնաս կրած բնակիչներն ապահովվել են ժամանակավոր կացարաններով, Էդգար Մարտիրոսյանը պատասխանեց՝ այս պահին մարզում չկա բնակիչ, որը կացարան չունի: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանից տեղեկացանք, որ պատերազմի հետևանքով տուժածների համար աջակցման նոր միջոցառումներ առաջիկայում  նախատեսվում է իրականացնել, սակայն դեռ հայտնի չէ՝ ովքեր են լինելու շահառուները։ Այսինքն՝ հայտնի չէ՝ արդյո՞ք ՀՀ սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչների համար նոր միջոցառումներ կլինե՞ն, թե՞ ոչ։ ՀՀ սահմանամերձ համայնքները ստանում են սոցիալական աջակցություն։ Այս պահին գործում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության» մասին ՀՀ օրենքը, որն ընդունվել է 2014-ին։ Գործում է նաև կառավարության համապատասխան որոշումը, որով սահմանվում են սոցիալական աջակցության կարգը, ծավալները, ինչպես նաև այն սահմանամերձ համայնքների ցանկը, որոնք ստանում են աջակցություն։ Այս ցանկը փոփոխության է ենթարկվում, երբ անհրաժեշտ է լինում նոր համայնքներ ավելացնել։ Վերջին պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած  համայնքները ցանկում դեռևս ներառված չեն։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ ցանկում նոր բնակավայրեր ներառելը միջգերատեսչական հարց է, բացի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ կարծիք պիտի հայտնի նաև պաշտպանության նախարարությունը։ Արմինե Մուրադյանը հայտնեց, որ հարցն այս պահին քննարկման փուլում է, նախագիծը շրջանառվում է գերատեսչություններում։ «Չենք կարող ասել, թե որ բնակավայրերը կներառվեն, որոնք չեն ներառվի, դեռ պետք է ցանկը վերանայվի, հաստատվի, որովհետև ֆինանսական աջակցության չափ կա, եթե նոր բնակավայրեր են ընդգրկվում, բազմաթիվ նրբություններ կան: Վնասները նախ պետք է գույքագրել, հասկանալ վնասների չափը, դրանից հետո արդեն աջակցության մասին հնարավոր կլինի խոսել։ Այդ ամենն ընթացիկ փուլում է»,- ասաց նա։   Հիշեցնենք, որ երեկ՝ ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, փոխվարչապետ Տիգրան Ավիվյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ Հայաստանի Հանրատետության և Ադրբեջանի Հանրապետության միջև իրավական սահմանը վերջնական արձանագրված չէ։ Փոխվարչապետի խոսքով՝ ամբողջ սահմանի երկայնքով միջգերատեսչական խումբ է աշխատում, սահմանի երկայնքի վերաբերյալ իրավական փաստաթղթեր են նախապատրաստվում սպասվելիք բանակցությունների համար, որոնք տեղի են ունենալու, ամենայն հավանականությամբ, հենց այս տարի։   Աննա Սահակյան  
18:53 - 10 դեկտեմբերի, 2020
Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավական սահմանը վերջնական արձանագրված չէ․ մոտակա շաբաթների  ընթացքում տեղի են ունենալու բանակցություններ․ Տիգրան Ավինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավական սահմանը վերջնական արձանագրված չէ․ մոտակա շաբաթների  ընթացքում տեղի են ունենալու բանակցություններ․ Տիգրան Ավինյան

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը խնդրեց հանրությանը ներկայացնել, թե այս պահին ինչ գործընթացներ են իրականացվում Սյունիքի մարզում սահմանագծման աշխատանքների մասով: Նա նշեց, որ խոսքը, մասնավորապես, Տեղ համայնքի, Գորիս-Կապան ճանապարհահատվածի մասին է: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ աշխատանքներ են իրականացվել նոր սահմանները պաշտպանելու, և անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Պատգամավորի հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Փոխվարչապետի խոսքով` այս պահի դրությամբ ամբողջ սահմանի երկայնքով միջգերատեսչական խումբ է աշխատում, սահմանի երկայնքի վերաբերյալ իրավական փաստաթղթեր են նախապատրաստվում սպասվելիք բանակցությունների համար, որոնք տեղի են ունենալու, ամենայն հավանականությամբ, հենց այս տարի երկու կողմերի միջև ռուս գործընկերների միջնորդությամբ: «Այս պահի դրությամբ Հայաստանի Հանրատետության և Ադրբեջանի Հանրապետության միջև իրավական սահմանը վերջնական արձանագրված չէ, և մենք վեր ենք հանել բոլոր այն իրավական փաստաթղթերը և քարտեզները, որոնք հիմք են հանդիսանալու այդ բանակցությունների համար, և այդ օրակարգով մոտակա շաբաթների  ընթացքում տեղի են ունենալու բանակցություններ»,- ասաց նա: Անդրադառնալով Զինված ուժերի փաստացի տեղակայման հարցին` փոխվարչապետը նշեց, որ այս պահի դրությամբ Տեղ գյուղի ներքևի հատվածում գտնվող տարբեր դիրքերում հայկական կողմն ունի ԶՈՒ ներկայացուցիչներ, և ԶՈՒ վերջնական տեղակայումներն ամբողջ սահմանով տեղի կունենան պայմանավորվածությունների և բանակցությունների արդյունքում: Արմեն խաչատրյանն էլ, արձագանքելով փոխվարչապետին, խնդրեց, որ հնարավորինս հրապարակեն իրականացվող աշխատանքների մասին տեղեկություններ, որքանով որ այդ տեղեկությունները ռազմական գաղտնիք չեն պարունակի: Տիգրան Ավինյանն էլ նշեց` պետք է փորձեն այնպես անել, որ միջգերատեսչական խմբի կատարծ աշխատանքը նույնպես տեսանելի լինի: «Ուզում եմ վստահեցնել, որ ՀՀ սահմանից այս կողմ որևէ բան զիջված չէ և չի կարող լինել: Ուզում եմ նաև հստակեցնել, որ իրավական սահմանը, որպես այդպիսին, բանակցությունների արդյունքում վերջնական փաստաթղթի տեսքով պետք է ընդունեն երկու կողմերը»,- եզրափակեց նա:
17:13 - 09 դեկտեմբերի, 2020
Սյունիքի Տեղ համայնքը սահմանապահ գյուղ է արդեն․ ի՞նչ գործ ունեմ, որ գնում եմ թուրքի հետ բանակցությունների, լավ կլիներ, որ պետությունը կանգնած լիներ մեր կողքին․ համայնքի ղեկավար |tert.am|

Սյունիքի Տեղ համայնքը սահմանապահ գյուղ է արդեն․ ի՞նչ գործ ունեմ, որ գնում եմ թուրքի հետ բանակցությունների, լավ կլիներ, որ պետությունը կանգնած լիներ մեր կողքին․ համայնքի ղեկավար |tert.am|

tert.am: Սյունիքի մարզի Տեղ գյուղը սահմանամերձ ու սահմանապահ գյուղ է արդեն։ Տեղ խոշորացված համայնքնը, ընդհանուր առմամբ, սահմանապահ է։ Այս մասին ասաց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը՝ նշելով, թե տարբեր գյուղերի հեռավորությունները սահմանից տարբեր են՝ սկսած 500 մետրից։ Անդրադառնալով դիտարկմանը, թե Սյունիքի մարզի տարբեր համայնքների ղեկավարներ պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Շադունցն արձագանքեց․ «Եթե ես եմ գնում թուրքի հետ բանակցությունների, ի՞նչ ասեմ։ Իմ գործը ո՞րն է, ես տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարն եմ, ի՞նչ գործ ունեմ, որ գնում եմ բանակցությունների։ Բանակցություններ ենք տարել հակառակորդի հետ, ինչ մեր ձեռքը եղել է, օգտագործել ենք։ Ես Նիկոլ Փաշինյանի անձի հետ կապված որևէ խնդիր չունեմ, պետականամետ մարդ եմ, ուղղակի այս պահին լավ կլիներ, որ պետությունը կանգնած լիներ մեր կողքին»,-ասաց նա։ Շադունցը նշեց, թե Տեղ գյուղի բնակիչներն զբաղվել են անասնապահությամբ, Ջաբրայիլի տարածքը, որն այժմ անցել է Ադրբեջանին, գյուղացիներն են օգտագործել որպես արոտավայրեր։ «Գյուղում 50 000 գլուխ ոչխար են պահել, հիմա ամբողջը հետ ենք բերել։ Հիմա բոլորը էժան գնով վաճառել են, տարբեր մարդիկ տարել են։ Մի տարի հետո փողերը կտա՞ն, թե՞ ոչ, չգիտենք։ Գյուղում արոտների խնդիր է եղել դեռ նախկինում, պատկերացնո՞ւմ եք՝ հիմա ինչի մասին է խոսքը։ Մարզ կա, 50 հազար գլուխ ոչխար չի պահում։ Երկու ամիս է՝ այդ վիճակին ենք, մեկը չեկավ ասի՝ այդ 50 000 գլուխ ոչխարը, որ բերել եք, որտե՞ղ եք պահելու, ո՞վ խաբեց, առավ, տարավ։ Թող մեկն ասի՝ եկել մեզ հետ խոսել է, առաջարկել է, օգնել է։ Չեն եկել։ Ոչ մեկից էլ չենք պահանջում ոչինչ, մեր հարցերը մենք կլուծենք»,-ասաց համայնքի ղեկավարը։ Շարունակությունը՝ tert.am-ում
12:41 - 07 դեկտեմբերի, 2020
Կանգնած ենք շատ լուրջ խնդրի առաջ․ խնդիրը վերաբերում է Կապանի սահմաններին, բնակիչների անվտանգությանը․ Կապանի քաղաքապետ |tert.am|

Կանգնած ենք շատ լուրջ խնդրի առաջ․ խնդիրը վերաբերում է Կապանի սահմաններին, բնակիչների անվտանգությանը․ Կապանի քաղաքապետ |tert.am|

tert.am: Մենք այսօրվա դրությամբ կանգնած ենք շատ լուրջ խնդրի առաջ: Այդ խնդիրը վերաբերում է Կապանի սահմաններին, Կապանի բնակիչների անվտանգությանը: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը: «Ես օրեցօր տեսնում եմ, որ դրա հետ կապված լուծումներ չեն տրվում, օրեցօր նկատվում է, որ այդ խնդիրն օրհասական է դառնում: Կարծում եմ, որ ներկայիս կառավարության և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պարագայում մենք հնարավորություն կունենանք բուֆերային զոնա ստեղծել և ապահովել մեր բնակչության անվտանգությունը»,- ասաց Փարսյանը: Հարցին՝ որն էր Նիկոլ Փաշինյանի հիմնական սխալը, Կապանի քաղաքապետը պատասխանեց՝ նրա վարած քաղաքականությունը, որի պատճառով եղավ պատերազմը: Ինչ վերաբերում է Կապանի օդանավակայանի հետ կապված խնդրին, Կապանի քաղաքապետը նշեց՝ համաձայնագրի առաջին կետով նշված է, որ բոլոր մարտական գործողութունները դադարեցվում են և Հայաստանի ու Ադրբեջանի զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ այդ պահին կանգնած են։ «Այսօրվա դրությամբ մենք թե՛ օդանավակայանից, թե՛ ԽՍՀՄ-ի ժամանակ գծված սահմաններից բավականին առաջ ենք: Դա այն պատճառով, որ ապահովենք անվտանգությունը: Ներկա դրությամբ որևէ վտանգ չի սպառնում, որովհետև մենք փորձել ենք ապահովել անվտանգության գոտին»,- ասաց նա:    Շարունակությունը՝ tert.am-ում։
23:07 - 05 դեկտեմբերի, 2020
Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարնորի հետ եռակողմ հանդիպմանը շնորհակալություն հայտնել նրանց հանդիպմանը մասնակցելու համար։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։  «Ես ուզում եմ սկսել` պարզապես մեր անկեղծ ցավակցությունները հայտնելով անցյալ շաբաթ տեղի ունեցած վերջին մարտերում զոհվածների կամ վիրավորների ընտանիքներին և ընկերներին: Մեզ քաջալերում է այն փաստը, որ մարտերը դադարեցվել են, և վերջին մի քանի օրվա ընթացքում որևէ այլ ռազմական գործողություններ չեն եղել։ Թե՛ վարչապետ Փաշինյանի, թե՛ նախագահ Ալիևի հետ իմ վերջին զանգերի ժամանակ երկու առաջնորդներն էլ ինձ ասացին, որ պատրաստ են խաղաղության։ Ուժեղ, կայուն դիվանագիտական ​​ներգրավվածությունը լավագույն ճանապարհն է բոլորի համար: Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները ռազմական լուծում չունեն։ Բայց, կարծում եմ, կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով: Միացյալ Նահանգները այդ ջանքերին աջակցելու համար պատրաստ է անել ամեն ինչ: Եվ ես երախտապարտ եմ իմ երկու գործընկերներին, որ այսօր այստեղ են՝ շարունակելու այս զրույցը»,-նշված է հաղորդագրության մեջ։ 
00:00 - 01 հունվարի, 0001