Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահն է։ 

Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:

1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1978թ. ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի  Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնները:

1992-1996թթ․ եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Սուրբ Աթոռում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:

1996-1997թթ․ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

1998-2000թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և, համատեղության կարգով, Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն,  Եվրասիական ամենամյա մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum)  էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) պատվավոր փոխնախագահ, Եվրաատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:

2000-2013թթ․ Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու:

2013-2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

Հրաժարական է ներկայացրել 2022թ. հունվարի 21-ին:

Իմ ուսուցիչներից մեկը սիրում էր կրկնել, որ լավն է միայն այն ուսուցիչը, ում մեջ դեռ չի մահացել աշակերտը․ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

Իմ ուսուցիչներից մեկը սիրում էր կրկնել, որ լավն է միայն այն ուսուցիչը, ում մեջ դեռ չի մահացել աշակերտը․ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

Սիրելի՛ ուսուցիչներ, Այսօր ձեր տոնն է՝ Ուսուցչի օրը, ինչի առթիվ ջերմ շնորհավորանքներս ու անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում ձեզ։ Իմ ուսուցիչներից մեկը սիրում էր կրկնել, որ լավն է միայն այն ուսուցիչը, ում մեջ դեռ չի մահացել աշակերտը։ Վստահ եմ՝ շատերդ եք սիրում այս ասույթը։ Ես տարիներ անց իմացա, որ դրա հեղինակը ոչ թե իմ ուսուցիչը, այլ Օտտո ֆոն Բիսմարկն է ՝ Գերմանիայի «Երկաթե կանցլերը»։ Բայց կարևորը ոչ թե ասույթի հեղինակն էր, այլ որ նա էլ իրեն դեռ աշակերտ էր համարում՝ մեզ պարզապես ակնարկելով, որ սովորել անհրաժեշտ է լինելու ոչ միայն դպրոցական տարիների, այլև ողջ կյանքի ընթացքում։ Իմ առաջին ուսուցիչն իմ ծնողներն են, իսկ վերջինը․․․ Ինչպես Վարդգես Պետրոսյանի հայտնի հերոսը կասեր՝ վերջին ուսուցիչ չի լինում։ Ամբողջ կյանքում մենք շարունակում ենք սովորել, քանի որ ապրում ենք, որովհետև հենց դադարենք սովորել, կդադարենք ապրել։ Մենք այսօր էլ շարունակում ենք սովորել մարդ լինել ու մարդ մնալ, ճանաչել ու պաշտել հայրենիքը, ապրել նրանով և այն ապրեցնել մեր մեջ, սովորում ենք ապրել ազատ երկրում, մտածել ու ստեղծել, դասեր քաղել հաջողություններից և ձախողումներից, ձգտել և հասնել մեր նպատակներին։ Մենք սովորում ենք ոչ միայն օրվա դասը, այլև՝ կրկնում երեկվանն ու նախորդ օրվանը, որովհետև երեկվա օրն այսօրվա ուսուցիչն է։ Սովորում ենք վաղվա դասերը, այլապես անհնար է առաջ գնալ ու կատարելագործվել։ Յուրաքանչյուրիս մեջ մի քիչ ուսուցիչ կա, բայց բոլորս չէ, որ Ուսուցիչ ենք։ Մենք բոլորս ամբողջ կյանքում մնում ենք աշակերտ, իսկ մեզնից սակավները՝ Ուսուցիչ։ Շնորհավոր տոնդ, Ուսուցի՛չ։ Շնորհակալություն Ձեզ, Ուսուցի՛չ։
10:26 - 05 հոկտեմբերի, 2019
Իմ դերը հնարավորություններ ստեղծելն է, ես դռներ եմ բացում․ նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սերբիայի իր հանդիպումներին

Իմ դերը հնարավորություններ ստեղծելն է, ես դռներ եմ բացում․ նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սերբիայի իր հանդիպումներին

«Մեր զրույցը Սերբիայի նախագահի հետ սկսվել է մոտավորապես մեկ տարի առաջ՝ Մյունխենում, երբ հանդիպեցինք,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այցի ընթացքին, հանդիպումներին և ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ասել է պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ -Երկար տարիներ մենք ուշադրություն չենք դարձրել Սերբիայի հետ հարաբերություններին։ Եկեք չմոռանանք, որ Սերբիան և Բելգրադն այս տարածաշրջանի կենտրոնն են եղել և կմնան երկար տարիներ։ Ուրախ եմ, որ առաջին իսկ օրն արդյունքներ ունեցանք․ նախագահ Վուչիչի հետ պայմանավորվեցինք, որ մոտ ժամանակներս ՀՀ քաղաքացիները սովորական անձնագրով առանց վիզայի կճանապարհորդեն Սերբիա։ Սա կարևոր է, քանի որ եթե ուզում ենք երկու երկրների միջև կազմակերպել հետագա տնտեսական համագործակցություն, զբոսաշրջություն, կարևոր է, որ մարդիկ կարողանան ազատորեն ճանապարհորդել մի տեղից մյուսը»։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Սերբիայի նախագահը, վարչապետը, կառավարությունը շատ մեծ ուշադրություն են դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին։ «Մեզ պես լինելով փոքր երկիր, շրջապատված տարբեր հարևաններով` իրենք էլ հասկանում են, որ ապագան նոր տեխնոլոգիաներինն է։ Հետևաբար, համագործակցությունը շատ բնական է լինելու։ Մի մոռացեք, որ Սերբիան անում է ամեն բան՝ դառնալու ԵՄ անդամ», -նշել է նախագահը։ Նրա խոսքով՝ ունենում ենք մի գործընկեր-երկիր, որը բարեկամ է, որը Եվրոպայի ֆիզիկական մաս է, և որը վաղը կդառնա ԵՄ անդամ։ «Հոկտեմբերի 25-ին Սերբիայի վարչապետը Մոսկվայում ստորագրելու է համաձայնագիր, որով ազատ առևտրի հնարավորություն կունենան եվրասիական տնտեսական համակարգում,-ասել է նախագահ Սարգսյանը։- Ուրախալի է, որ դա տեղի է ունենում այն պահին, երբ Հայաստանն է նախագահում ԵԱՏՄ-ում։ Սա նոր հնարավորություն է բացում․ եթե սկսենք լավ աշխատել, Սերբիայի և Բալկանների համար մուտքը եվրասիական տարածք կլինի Հայաստանով։ Խոսեցինք նաև ավիացիոն հաղորդակցության մասին, ինչը զբոսաշրջության համար նոր ուղիներ կբացի։ Սերբիան գյուղատնտեսական ապրանքների մեծ կենտրոն է, իրենց ապրանքները մեր միջոցով կարող են տարածվել տարածաշրջանում»։ Ընդհանուր առմամբ, նախագահ Սարգսյանի գնահատմամբ, Սերբիայի հետ մեր հարաբերություններն ավելի են խորանում։ Պատասխանելով Կոսովոյի և Արցախի հիմնախնդիրների նման լինելուն վերաբերող հարցին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ դրանք նույնը չեն, ուստի անհրաժեշտ է, որ այս հարցում Սերբիան ու Հայաստանն իրար ճիշտ հասկանան և միջազգային հարթակներում ճիշտ քաղաքականություն վարեն։ «Եթե չունենանք ամենօրյա երկխոսություն, մեզնից յուրաքանչյուրը խնդիրը կարող է մեկնաբանել տարբեր ձևերով, համապատասխան որոշում ընդունել և քվեարկել տարբեր միջազգային կառույցներում։ Մեր երկխոսությունն ու ավելի սերտ հարաբերությունները լուծելու են նմանատիպ խնդիրները,-նշել է Հայաստանի նախագահը։ - Մենք պետք է մեկս մյուսին լավ ճանաչենք, շատ շփվենք, բացատրվենք միմյանց հետ»։ Բելգրադի տեխնոպարկ այցելությանն անդրադառնալով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ նոր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը կարող է լինել առանձին ընկերությունների մակարդակով։ Ինչ վերաբերում է Գյումրիի և սերբական Նովի Սադ քաղաքի միջ կապեր ստեղծելուն, Արմեն Սարգսյանը լրագրողներին մանրամասնել է, որ Սերբիայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը, որը Նովի Սադ քաղաքից է, ինքն առաջարկել է, որ Նովի Սադը և Գյումրին դառնան քույր քաղաքներ․ Նովի Սադը պատմական հին քաղաք է, որտեղ գտնվում են Սերբիայի ամենամեծ տեխնոլոգիական կենտրոնները։ «Զարգացման համար Գյումրին պետք է ունենա քույր քաղաքներ աշխարհում, որպեսզի զգա, որ մենակ չի մնացել և աշխարհի մասն է կազմում,- նշել է Հայաստանի նախագահը։- Առաջարկը շատ ջերմ ընդունվեց․ մինչ պայմանագիրը կստորագրվի, քաղաքապետարանի ներկայացուցիչները Գյումրիից կգան Նովի Սադ, իսկ Նովի Սադից կգան Հայաստան։ Իմ դերը հնարավորություններ ստեղծելն է։ Ես դռներ եմ բացում, դռներ եմ բացում մեր դիվանագիտական հարաբերությունների համար, ապագա տնտեսական հարաբերությունների համար, քաղաքների միջև հարաբերությունների, զբոսաշրջության համար։ Իմ գործն է խորհուրդ տալը, աջակցելը, բայց կառավարությունը, Ազգային ժողովը, մասնավոր ընկերությունը, ամեն կառույց իր մասը պետք է վերցնի։ Մենք բոլորս՝ նախագահական ինստիտուտ, կառավարություն, Ազգային ժողով, մեր ամբողջ հասարակությունը, բոլորս ծառայում ենք մեր երկրի բարեկեցությանը։ Իմ մեծ նպատակը մեր երկիրը բարեկեցիկ դարձնելն է, և ես պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ»։
07:41 - 05 հոկտեմբերի, 2019
ՀՀ քաղաքացիներն Սերբիա կայցելեն առանց վիզայի. նախագահ Արմեն Սարգսյան

ՀՀ քաղաքացիներն Սերբիա կայցելեն առանց վիզայի. նախագահ Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Սերբիայի Հանրապետությա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչը հանդիպումների արդյունքներն ամփոփել են ն նախագահ Ալեքսանդար Վուչիչը հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Նախագահ Արմեն Սարգսյանն իր ելույթում կարևորել է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման և Սերբիայի դեսպանության բացման որոշումները:   «Մեր ժողովուրդներն ունեն դարավոր պատմական և մշակութային կապեր, որոնք այսօր՝ 21-րդ դարում վերաճում են դինամիկ միջպետական հարաբերությունների՝ հիմնված մեր երկրների ապագայի վերաբերյալ ընդհանուր տեսլականի վրա։Գոհունակությամբ պետք է նշեմ, որ իմ գործընկերոջ հետ կառուցողական ու արդյունավետ քննարկումներ ունեցանք... Երկուստեք վերահաստատեցինք հարաբերություններն ամրապնդելու մեր հանձնառությունը և նոր էջ բացելու ցանկությունը»«Մեր ժողովուրդներն ունեն դարավոր պատմական և մշակութային կապեր, որոնք այսօր՝ 21-րդ դարում վերաճում են դինամիկ միջպետական հարաբերությունների՝ հիմնված մեր երկրների ապագայի վերաբերյալ ընդհանուր տեսլականի վրա։Գոհունակությամբ պետք է նշեմ, որ իմ գործընկերոջ հետ կառուցողական ու արդյունավետ քննարկումներ ունեցանք... Երկուստեք վերահաստատեցինք հարաբերություններն ամրապնդելու մեր հանձնառությունը և նոր էջ բացելու ցանկությունը»,-ասել է նախագահը։ Նա նշել է նաև, որ Հայաստանի և Սերբիայի միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը այսօրվա քննարկումների արդյունքում համագործակցության հնարավոր նոր ճանապարհներ է բացում գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների ու նորարարության, լեռնամետալուրգիայի և շատ այլ ոլորտներում: «Պետք է աշխատենք նոր նախաձեռնություններն իրականություն դարձնելու համար։ Հավատացած եմ, որ մեր համագործակցության շարժիչ ուժերից են նորարարությունը և բարձր տեխնոլոգիաները: Այդ իսկ տրամաբանությամբ մեր պատվիրակության կազմում ընդգրկել եմ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների: Մենք նպատակ ունենք երկու երկրների այդ ոլորտները բերել սերտ համագործակցության: Խոսելով տնտեսական համագործակցության մասին՝ ցանկանում եմ կարևորել նաև ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները։ Լիահույս ենք, որ այս տարվա հոկտեմբերի 25-ին ԵԱՏՄ և Սերբիայի միջև կստորագրվի ազատ առևտրի մասին համաձայնագիրը։ Ուրախ եմ, որ դա տեղի կունենա այն շրջանում, երբ Հայաստանի Հանրապետությունը նախագահում է ԵԱՏՄ-ում։ Ուզեմ նաև հիշեցնել, որ 2017 թվականին Հայաստանը Եվրոպական միության հետ ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը նոր հնարավորություններ է բացում հայ-սերբական համագործակցության համար։ Պարոն նախագահի հետ քննարկեցինք նաև տարածաշրջանային և միջազգային կարևորություն ունեցող տարբեր հարցեր։ Երկուստեք ընդգծեցինք միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման և կանոնավոր խորհրդակցությունների անհրաժեշտությունը»,-ասել է Արմեն Սարգսյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Նա առանձնակի կարևորել է մշակութային կապերը։ «Այս շրջանակում, կարծում եմ, շատ էական է, որ ես կրկին շնորհակալություն հայտնեմ Սերբիայի կառավարությանը, անձնապես պարոն նախագահին․այսօր հայտարարվեց, որ ՀՀ քաղաքացիներն առանց արտոնագրի կարող են այցելել Սերբիա: Սա կարևոր նշան է մեր համագործակցության համար: Միաժամանակ, այսօր ինձ տեղեկացրին, որ մոտ օրերս պետքարտուղարն այցելելու է Հայաստան, և խոսվելու է մինչև տարեվերջ մեր երկրում Սերբիայի Հանրապետության դեսպանություն բացելու մասին: Սրանք պատահական քայլեր չեն, սրանք քայլեր են՝ ուղղված երկու կողմերի համագործակցությանը»,-ասել է նա: Խոսելով մարդկային շփումների կարևորության մասին՝ ՀՀ նախագահը նշել է, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա օգնության ձեռք մեկնած եղբայրական սերբ ժողովրդի անգնահատելի աջակցությունը, որը ցուցաբերվեց 1988թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքները վերացնելու ժամանակ։ «Վաղն այցելելու եմ Ավալա՝ մեր երախտագիտությունը հայտնելու այն օդաչուներին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո հայ ժողովրդին օգնություն ցուցաբերելիս: Հայաստանը և հայ ժողովուրդը երախտապարտ են բարեկամ սերբ ժողովրդին։ Մեծարգո պարոն նախագահ, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ ջերմ ընդունելության և հայ-սերբական հարաբերությունների զարգացման նկատմամբ Ձեր ուշադրության և քայլերի համար: Հույս ունեմ, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք պաշտոնական այցով հյուրընկալելու Ձեզ Հայաստանում»,-ասել է Արմեն Սարգսյանը:
14:05 - 04 հոկտեմբերի, 2019
Մենք սերբերին ընկալում ենք որպես ճակատագրի եղբայրներ. ՀՀ նախագահի հարցազրույցը Politika օրաթերթին

Մենք սերբերին ընկալում ենք որպես ճակատագրի եղբայրներ. ՀՀ նախագահի հարցազրույցը Politika օրաթերթին

Սերբիա կատարելիք պաշտոնական այցին ընդառաջ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է սերբական «Politika» օրաթերթի հարցերին: Հարց- Հայաստանում 1988 թվականին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, որին զոհ գնաց շուրջ 25 հազար մարդ, կապեց սերբ և հայ ժողովուրդներին: Հայաստանն ամեն տարի դեկտեմբերին ոգեկոչում է այն յոթ սերբ օդաչուների հիշատակը, ովքեր զոհվեցին մարդասիրական օգնություն բերող ինքնաթիռի կործանման հետևանքով: Հայաստանում ընդհանրապես ի՞նչ գիտեն Սերբիայի մասին, և ո՞րն է Ձեր առաջին միտքը Սերբիայի մասին: Նախագահ Սարգսյան- Սերբ և հայ ժողովուրդների ճակատագրերը շատ նմանություններ ունեն: Պատմության ընթացքում հանուն ազատության մենք հաճախ ուս-ուսի պայքարել ենք նույն նվաճողի դեմ, 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի մեր ազգային-ազատագրական շարժումները եւ հայդուկային խմբակները սերտորեն համագործակցել են: Այսօր էլ, կարծում եմ, մեր մեջ ընդհանուր է պատմության դրամատիկ ընկալումը, որը բացատրվում է մեր երկու ժողովուրդների վիթխարի կորուստներով եւ ազգային ճակատագրի ընդհանրություններով: Ասում են՝ ողբերգությունն ավելի է մոտեցնում մարդկանց։ Իսկապես, 1988-ի Սպիտակի երկրաշարժի օրերին մեզ օգնություն բերող սերբ օդաչուների ողբերգական մահը, հիշում եմ, խորը խոցեց մեր առանց այդ էլ վիրավոր սրտերը: Նրանց հիշատակին կանգնեցված հուշարձանը մեզ միշտ հիշեցնում է այն Սերբիան, որը դեռ խորհրդային տարիներից մեր աչքին ըմբոստության և արժանապատվության խորհրդանիշ էր: Վերջին երեք տասնամյակի ընթացքում մեր երկու երկրները կանգնել են նույն մարտահրավերների առաջ՝ անվտանգության եւ զարգացման առումով: Հարց-Միտումներն այնպիսին են, որ ավելի ու ավելի շատ երիտասարդներ են հեռանում Սերբիայից: Հայ ժողովուրդը հայտնի է մեծ սփյուռքով և ողջ աշխարհում իր հարգարժան ներկայացուցիչներով: Ինչպիսի՞ն են հարաբերությունները մայր հայրենիքի և սփյուռքի միջև, ի՞նչ դասեր կարող են սերբերը քաղել ձեր փորձառությունից: Նախագահ Սարգսյան - Հայկական սփյուռքը հին եւ բազմաշերտ է, տարածված մեր սահմանակից երկրներում եւ գրեթե աշխարհի բոլոր ծայրերում: Հին համայնքները ժամանակի ընթացքում իրենց բնակած երկրներում ձեւավորում էին իրենց հոգեւոր-մշակութային կենտրոնները, արհեստավորական եւ առեւտրային ցանցերը, հաճախ հիմնում էին քաղաքներ եւ գյուղեր, ինչպես Սեւ ծովի հյուսիսային ափերից մինչեւ Կարպատներ եւ Տրանսիլվանիա, ուր մինչեւ այսօր դեռ գոյություն ունեն հայկական բնակավայրեր: Որոշ տեղեր հայերը տեղական ինքնակառավարում ունեին՝ իրենց օրենքներով եւ դատաստանագրքերով, ինչպես, օրինակ, Լեհաստանում եւ Տրանսիլվանիայի հայկական քաղաքներում: Այլ տեղերում ուժեղ էին հոգեւոր ու կրթական կենտրոնները, ինչպես Երուսաղեմի Հակոբյանց միաբանությունը, որը մինչեւ այսօր լատինների եւ հույների կողքին Սուրբ վայրերի պահապաններից է, Վենետիկի ու Վիեննայի Մխիթարյան միաբանությունը, որն իր կրթական ցանցն էր տարածել աշխարհով մեկ, Մոսկվայի Լազարյան ճեմարանը, որը հետագայում վերածվեց Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի, ուր պատրաստում էին դիվանագետներ ու թարգմանիչներ: Ձեռներեց եւ առեւտրի ու արհեստների մեջ հմուտ հայերն առեւտրական արտոնություններ էին ստանում Միջերկրականի աֆրիկյան եւ եվրոպական ափերից սկսած մինչև Պարսկաստան, Ռուսաստան, Հնդկաստան ու Սինգապուր: Ժամանակին այդ վիթխարի ցամաքային եւ ծովային ճանապարհների վրա հայերը դարձան Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ առեւտուրի անշրջանցելի գործոն: Այս ձևով հայկական կյանքը զարգացել է զուգահեռ՝ Հայաստանում եւ Հայաստանից դուրս: 1918թ. Հայաստանի պետականության վերականգնումից հետո աշխուժացան կապերը սփյուռքի եւ հայրենիքի միջեւ. հարյուր հազարավոր հայեր 20-ական թվականներին, եւ հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին սկսեցին վերադառնալ Հայաստան՝ վերաշինելու այն, ինչ 1-ին համաշխարհային պատերազմից հետո մնացել էր մեծ Հայրենիքից: Խորհրդային Հայաստանի համեմատական արագ զարգացումը որոշ առումով պայմանավորված էր դրսից եկած հայերի մասնագիտական բարձր կարողություններով: Այսօր Ամերիկայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ աշխարհի այլ երկրների ստվար հայ համայնքների հետ կապերը դարձել են ավելի բազմազան ու գործնական: Դրանք մի կողմից ուղղված են Հայաստանի զարգացմանը, մյուս կողմից՝ Սփյուռքի կարիքների բավարարմանը՝ հատկապես ինքնության պահպանման ուղղությամբ: Գիտեմ, որ ձեր սփյուռքն էլ հայրենասեր է եւ կապված Սերբիայի հետ: Ի դեպ, շատ երկրներում սերբական սփյուռքը պաշտպանում է հայկական սփյուռքին, հատկապես Հայոց ցեղասպանության հիշատակի օրերին, որի համար մենք երախտապարտ ենք նրան: Երկուսս էլ կշահենք, եթե հայկական և սերբական սփյուռքյան կառույցները համագործակցության ուղիներ գտնեն, իսկ որոշ ոլորտներում՝ համակարգված աշխատեն: Թե՛ Հայաստանի, թե՛ Սերբիայի դիվանագիտական ներկայացուցչություներն ակտիվ են այս գործում, եւ փորձառության փոխանակումն ու հնարավոր համագործակցությունը կարող են արդյունավետ լինել: Հարց-Սերբիան պատրաստվում է համաձայնագիր ստորագրել Եվրասիական միության հետ և այդ պատճառով արդեն իսկ ԵՄ կողմից քննադատության է արժանանում: Հայաստանը Եվրասիական միության կազմում է, սակայն կապեր է հաստատում աշխարհի մյուս բևեռների հետ: Ինչպե՞ս եք կարողանում հավասարակշռել հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Նախագահ Սարգսյան- Հայաստանն իսկապես գտնվում է յուրօրինակ աշխարհաքաղաքական դիրքում, ուր խաչվում են քաղաքակրթություններ եւ շահեր։ Հայաստանը կարողացել էր աշխարհի բևեռները հակադրելու փոխարեն հաջողությամբ ընդգծել դրանց ընդհանուր շահերը՝ հարաբերություններ կառուցելով և համագործակցելով տարբեր դերակատարների հետ: Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են միջազգային կազմակերպություններում ու գործընթացներում ներգրավվածությունը խորացնելը, բարեկամ և գործընկեր պետությունների հետ համագործակցությունն ամրապնդելը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները լուծելն ու համագործակցության մթնոլորտ ստեղծելը: Հայաստանի արտաքին քաղաքական նպատակներից են միջազգային հանրության շրջանում Հայաստանի դիրքորոշումները հասկանալի դարձնելը և դրանց համար աջակցություն ապահովելը: Հայաստանը ցանկանում է հաստատել հարաբերություններ՝ հիմնված բաց սահմանների և գործընկերության վրա՝ մշտապես պատրաստ լինելով առողջ երկխոսության: 2015թ. անդամակցելով ԵԱՏՄ-ին, իսկ 2017թ. ԵՄ հետ ստորագրելով Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ Հայաստանը դարձել է եզակի կամուրջ այս երկուսի միջեւ: Սա լավագույնս կարող է օգտակար լինել թե մեզ, թե մեր բարեկամների ու գործընկերների համար։ Մենք սա բացատրել ենք երկու կողմի մեր գործընկերներին, և այս հարցում կարծես կա ընդհանուր ըմբռնում: Հարց- Հայ բանաստեղծ և մշակութային ակտիվիստ Բաբկեն Սիմոնյանը սերբերին և հայերին անվանել է տառապանքի եղբայրներ: Նորին Սրբություն պատրիարք Իրինեյը, խոսելով Խորվաթիայում սերբերի ջարդերի մասին, ասել է, որ միայն հայերը, հրեաներն ու սերբերն են նմանօրինակ հետապնդումների ենթարկվել: Այս ամենն ունենալով պատմական հիշողության մեջ՝ ինչպե՞ս են հայերն ապրում այսօր:Նախագահ Սարգսյան - Եթե Առաջին համաշխարհային պատերազմը փակված էջ է Եվրոպայի համար, այն բաց վերք է մնում հայերիս համար: Մեր կորուստը վիթխարի էր. այդ պատերազմի յուրաքանչյուր տասներորդ զոհը հայ էր: Բայց մարդկային կյանքերի կորստից անդին շատ ավելի մեծ էր պատմական Հայրենիքի կորուստը: Հայերը գրեթե ամբողջությամբ քշվեցին այն տարածքներից, ուր նրանք ապրել էին հազարամյակներով եւ ստեղծել յուրահատուկ քաղաքակրթություն: Առանց վերադարձի իրավունքի մեզնից խլվեցին մեր տները, կալվածքները, եկեղեցիները, դպրոցները, մեր ողջ ունեցվածքը: Հետագա տասնամյակների ընթացքում մեր իսկ հայրենիքում հետեւողականորեն ոչնչացվեցին հայկական քաղաքակրթության հետքերը, այսօր այնտեղ մնացել են սոսկ հատուկենտ ավերակներ: Սփյուռքում ապրող հայերի համար, որոնց մեծ մասը 1915թ. ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են, ինչպես նաեւ Հայաստանում ապրողներիս համար, դա խորը եւ անբուժելի տրավմա է եւ այդպիսին կմնա այնքան, քանի դեռ մարդկության դեմ այդ հանցագործությունը մնում է անպատիժ: Սակայն մենք փյունիկի պես ենք՝ մոխրանում ու կրկին հառնում ենք, այդ պատճառով էլ գոյություն ունենք անհիշելի ժամանակներից մինչեւ այսօր: Վկան՝ մեր այսօրվա պատմությունը, առաջ շարժվելու, զարգանալու, մեր ինքնությանը հավատարիմ մնալու հաստատակամությունն է՝ ուր էլ լինենք՝ Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ Նույնը՝ ձեր դեպքում. սերբ ժողովրդի կամքն ու ոգին եղել և մնում են ձեր հուսալի ապագայի գրավականը։ Հարց - Սերբ Մեծ Սուրբ և սերբական Սուրբ Սավա ուղղափառ եկեղեցու առաջին արքեպիսկոպոսը, ով 1218 թվականին առաջին անգամ այցելել է Հայաստան, տպավորվել է հայկական եկեղեցիներով ու վանքերով և հրավիրել հայ ճարտարապետներին ու շինարարներին Սերբիա՝ մասնակցելու սերբական վանքերի և եկեղեցիների կառուցմանը, ինչը և նրանք արել էին: Վանքերի քարերի վրա արված սերբերեն ու հայերեն գրառումները ևս վկայությունն են այն բանի, որ սերբերն ու հայերը 13-րդ դարից ի վեր փոխադարձ բարեկամություն են ունեցել: Քանի որ շատ սերբեր հայերին դիտարկում են որպես քրիստոնյա եղբայրներ՝ կարո՞ղ եք մեր ընթերցողներին ներկայացնել, թե ինչպե՞ս է հայ ժողովուրդն ընդունում նրանց որպես հեռավոր, բայց հոգևոր առումով մոտ ժողովուրդ: Նախագահ Սարգսյան- Հոգևոր կապն ավելի զորեղ է, քան տարածքը՝ լինի հեռու, թե մոտիկ: Հակառակ պատմության վայրիվերումների, մեր հոգևոր եղբայրությունը դարերով անքակտելի է մնացել հույների, ռուսների, պարսիկների, վրացիների եւ այլ հավատակից ու ոչ հավատակից ժողովուրդների հետ: Հայերի ու սերբերի պարագայում էլ դրանք բավականին հին ու խորն են։ Բելգրադում և Սերբիայի այլ վայրերում ժամանակին եղել են հայկական եկեղեցիներ, որոնք ավելի ուշ՝ 18-րդ դարում ավերվել են թուրքերի կողմից: Այդ եկեղեցիները նաև գրչության կենտրոններ են եղել, ուր գրվել են հայկական ձեռագրեր: Բելգրադում 1688-ին գրված «Տաղարանը» այսօր գտնվում է Նյուրնբերգի ազգային գրադարանում: Իրենց հերթին, սերբ շատ գրողներ ու գիտության գործիչներ, մասնավորապես սերբական գրական նոր լեզվի հիմնադիր Վուկ Կարաջիչը, իրենց գրքերը տպագրել են Վիեննայի հայկական Մխիթարյան միաբանության տպարանում, սերտ կապեր են հաստատել նրանց հետ: Մխիթարյան տպարանում է առաջին անգամ տպագրվել Վուկ Կարաջիչի հանրահայտ «Սերբական բառարանը» (1818թ.): Այս կապերը խորը հետք են թողել երկու ժողովուրդների հիշողության մեջ: Այսօր մենք սերբերին իսկապես ընկալում ենք որպես եղբայրներ՝ ոչ միայն հավատի, այլեւ ճակատագրի: Հոգեւոր եւ պատմական կապերի պահպանումը մշտական ուշադրություն է պահանջում, այլապես դրանք մնում են սոսկ հիշողություն: Այսօր մենք անհրաժեշտություն ունենք միմյանց ավելի լավ ճանաչել: Դրա ամենակարճ ճանապարհը մշակութային եւ գիտակրթական փոխանակումներն են, տուրիզմի զարգացումը, որոնց մասին ես կխոսեմ իմ հանդիպումների ընթացքում: Հարց-Դուք այս օրերին այցով Սերբիայում եք: Որո՞նք են լինելու մեր պետական այրերի հետ հանդիպումներում քննարկվելիք հիմնական թեմաները: Նախագահ Սարգսյան - Մեր ժողովուրդների պատմական կապերը եւ մեր առջեւ կանգնած ընդհանուր մարտահրավերները պարտավորեցնում են նոր թափ հաղորդել հայ-սերբական համագործակցությանը և նոր մակարդակի բարձրացնել մեր բարեկամությունը։ Իմ այցը բավականին հագեցած է. նախագահ Վուչիչի հետ մենք հնարավորություն կունենանք քննարկել հարցերի լայն շրջանակ եւ ձեռք բերել պայմանավորվածություններ: Հանդիպելու եմ նաեւ վարչապետ Անա Բրնաբիչի եւ Խորհրդարանի նախագահ Մայա Գոյկովիչի հետ, Սերբիայի Պատրիարք, Նորին Սրբություն Իրինեյի հետ: Այցելելու եմ Բելգրադի Գիտական-տեխնոլոգիական պարկ, Գիտությունների ակադեմիա եւ այլն: Հուսով եմ՝ այդ հանդիպումների ընթացքում կուրվագծվի տարբեր ոլորտներում հայ-սերբական համագործակցության հագեցած օրակարգ: Հայաստանում դեռ խորհրդային տարիներից զարգացած էին գիտատեխնիկական ոլորտը, մաթեմատիկան, ֆիզիկան, աստղագիտությունը: Այսօր մեր երկիրը տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատարն է տարածաշրջանում: Քանի որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը զարգացած է նաեւ Սերբիայում, ես կարծում եմ, որ մեր օրակարգի հիմնական հարցերից մեկը պետք է լինի երկու երկրների համապատասխան ձեռնարկությունների միջեւ նոր տեխնոլոգիաների, մեծ քանակի տեղեկատվության կառավարման ծավալների ու արհեստական բանականության ոլորտներում համագործակցության սերտացումը: Ես ձգտում եմ Հայաստանը դարձնել հանգույց արհեստական բանականության ու նոր տեխնոլոգիաների համար: Դրան է ուղղված նախագահական նոր նախաձեռնություններից մեկը՝ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) ծրագիրը։ Տարբեր բաղադրիչներ ունեցող ATOM ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել «Վաղվա թանգարան», գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային առաջատար տեխնոլոգիական ընկերություններ ու կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ և համալսարաններ, որոնց հետ նախապատրաստվում ենք համագործակցության փաստաթղթեր ստորագրել: Այն աննախադեպ քաղաքական փոփոխությունների համատեքստում, որոնք կատարվեցին Հայաստանում ավելի քան մեկ տարի առաջ, եւ որոնք աշխարհում հայտնի են որպես թավշյա հեղափոխություն, ես համարում եմ, որ մեր երկրի կարևորագույն առավելությունը երիտասարդական ու նորարական ոգին է: Մեր երկիրն ունի ոգի, որը նայում է դեպի ապագա ու համոզված է, որ այն ավելի լավն է լինելու, քան նախկինում:
11:55 - 04 հոկտեմբերի, 2019
Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը ժամանել են Սերբիա |shantnews.am|

Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը ժամանել են Սերբիա |shantnews.am|

shantnews.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Սերբիա։ ՀՀ նախագահը հանդիպումները կսկսի Երևանի ժամանակով 12։30-ից։ Արմեն Սարգսյանը Սերբիայի պալատում նախ հանդիպեկու է Սերբիայի նախագահ Ալեքսադր Վուչիչի հետ, ապա երկու երկրների պատվիրակությունները կհանդիպեն ընդլայնված կազմով։ Ավելի ուշ ՀՀ և Սերբիայի Հանրապետության նախագահները հանդես կգան հայտարարությամբ։ Աշխատանքային ճաշից հետո հայկական պատվիրակությունը, ՀՀ նախագահի գլխավորությամբ, ուղևորվելու է Սերբիայի Հանրապետության ԱԺ՝ հանդիպելու Սերբիայի ԱԺ նախագահ Մայա Գոյկովիչի հետ։Պաշտոնական այս հանդիպումներից հետո հայկական պատվիրակությունը լինելու է Բելգրադի գիտատեխնոլոգիական պարկում։ ՀՀ նախագահը շրջայց կունենա։ Շրջայց է նախատեսված նաև Միհայլո Պուպինի անվան համալսարանում, որտեղ Արմեն Սարգսյանը զրույց կունենա համալսարանի գիտաշխատողների հետ։Երևանի ժամանակով ուշ երեկոյան հայկական պատվիրակությանը ընթրիք է մատուցվելու Սերբիայի Հանրապետության նախագահի անունից։Ի դեպ, ՀՀ նախագահին այս այցի ժամանակ ուղեկցում է նաև նրա տիկինը՝ Նունե Սարգսյանը։ Հայկական պատվիրակությանը հագեցած օրակարգ է սպասում նաև հոկտեմբերի 5-ին։ Այդ օրվա օրակարգային հանդիպումներից է նաև հայկական համայնքի հետ հանդիպումը։
05:21 - 04 հոկտեմբերի, 2019
Ուրախ կլինեմ ամերիկյան խոշոր ընկերություններին ևս տեսնել ՀՀ-ում. նախագահը՝ ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին

Ուրախ կլինեմ ամերիկյան խոշոր ընկերություններին ևս տեսնել ՀՀ-ում. նախագահը՝ ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին: Ողջունելով հյուրին՝ նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է ԱՄՆ կոնգրեսականի հերթական այցելությունը Հայաստան և նրա երկարամյա հայանպաստ գործունեությունը: «Դուք Հայաստանի լավ բարեկամն եք»,- նշել է նա: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին: Նախագահ Սարգսյանը մասնավորապես կարևորել է ԱՄՆ աջակցությունը գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում: Այս համատեքստում նա ներկայացրել է նախագահական նախաձեռնություններից մեկը՝ ATOM-ը (Advanced Tomorrow), որը նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր ընկերությունների ներկայացուցիչներին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում աշխարհի առաջատար կենտրոններից մեկը: Հանրապետության նախագահը նշել է, որ այս ծրագրի շրջանակում ուրախ կլինի ամերիկյան խոշոր ընկերություններին ևս տեսնել մեր երկրում: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև խորհրդարանական կառավարման համակարգի և մեր երկրում տեղի ունեցած փոփոխությունների պայմաններում զարգացման հեռանկարներին ու առկա մարտահրավերներին:
11:47 - 03 հոկտեմբերի, 2019
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հասան Ռոհանիին

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հասան Ռոհանիին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին, որը Հայաստան է ժամանել Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով մասնակցելու նպատակով։ Նախագահ Սարգսյանը, ողջունելով բարեկամ և հարևան երկրի նախագահի այցը Հայաստան, մասնավորապես ասել է․ «Հետաքրքիր ժամանակներ են գալիս, բայց մենք հետաքրքիր ժամանակներ միասին ապրել ենք հազարավոր տարիներ:Ու եթե մարդիկ աշխարհում փնտրում են բարեկամական, եղբայրական հարաբերությունների օրինակներ, մեր ժողովուրդների պատմությունը դրա լավ օրինակ է: Որպես Հանրապետության նախագահ, ես պատրաստ եմ իմ փոքր ներդումը բերել այդ մեծ գործին»: ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին ջերմ ընդունելության համար։ «Բարեբախտաբար, Հայաստանի և Իրանի միջև դարերից եկող շատ սերտ ու մտերիմ հարաբերություններ են ձևավորվել: Ես անչափ ուրախ եմ, որ Հայաստանն այսօր նախագահում է մի շատ կարևոր միջոցառում, և ես էլ այդ միջոցառման հյուրն եմ»,- ասել է նա: Նախագահների առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը։ «Ցանկանում եմ մեր գործընկերների ներկայությամբ մեկ անգամ ևս հավաստել, որ մենք շատ հետաքրքիր զրույց ունեցանք, որի հիմնական միտքն այն է, որ Իրան-Հայաստան հարաբերությունները շատ ավելի մեծ ներուժ ունեն, քան կարողանում ենք իրացնել»,- ողջունելով բարձրաստիճան պատվիրակությանը՝ նշել է նախագահ Սարգսյանը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը պատրաստ է իր ներդրումն ունենալ երկու երկրների միջև պատմական, բարեկամական հարաբերություններն ավելի խորացնելու և ամրապնդելու գործում: «Վաղը Հայաստանը նախագահում է մի կարևոր միջոցառում, որին մասնակցելու են տարածաշրջանի և տարածաշրջանից դուրս երկրների ղեկավարները,- իր խոսքում նշել է Իրանի նախագահ Ռոհանին: -Անչափ ուրախ ենք Հայաստանի և Իրանի միջև առկա բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններով։ Եվրասիական տնտեսական միությունը կսերտացնի այդ համագործակցությունը: Մոտ մեկ ամիս անց մենք արդեն գործնականորեն կմտնենք ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններ ստեղծելու փուլ: Անշուշտ, այդ համագործակցությունը կարող է առավել ամրապնդել մեր առևտրատնտեսական հարաբերությունները»: Իրանի նախագահը հույս է հայտնել, որ երևանյան համաժողովը կնպաստի ոչ միայն ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցությանը, այլև Հայաստանի հետ հարաբերություններն ավելի սերտացնելուն։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-իրանական օրակարգի և երկու երկրների միջև հարաբերություններին վերաբերող տարբեր հարցերի շուրջ: Երկու երկրների նախագահները համակարծիք են եղել, որ Իրանը եւ Հայաստանը համագործակցության շատ ավելի մեծ ներուժ ունեն, քան իրականում օգտագործում են։ Նշվել է, որ ազատ վիզային ռեժիմը նպաստել է երկկողմ հարաբերությունների և զբոսաշրջության զարգացմանը։ Առևտրատնտեսական կապերի զարգացման գործում նախագահները կարևոր են համարել ազատ տնտեսական գոտիների արդյունավետ աշխատանքը։ Նշելով, որ Հայաստանն ունի էկոլոգիապես մաքուր էներգետիկայի մեծ ներուժ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ էներգետիկայի ոլորտում համագործակցությունը կարող է շատ ավելի լայն լինել, և առաջարկել է ավելի շատ ուշադրություն դարձնել այս ուղղություններին, հատկապես որ Իրանն արևային էներգետիկայի բնագավառում մեծ հաջողություններ ունի։ Անդրադառնալով տրանսպորտային ոլորտին՝ Հայաստանի նախագահը նշել է, որ Հայաստանն Իրանին կապող ավտոճանապարհը ժամանակակից դարձնելով՝ էականորեն կավելանան տրանսպորտային փոխադրումները։ Զրուցակիցները մեծագույն դրվատանքով են խոսել իրանահայ համայնքի մասին՝ ընդգծելով նրա մեծ դերակատարությունը երկկողմ միջպետական հարաբերություների ամրապնդման գործում:
05:31 - 01 հոկտեմբերի, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների վարձատրվող աշխատանքի վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև՝ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև՝ Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին, «2002 թվականի հոկտեմբերի 7-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև՝ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին, «2002 թվականի հոկտեմբերի 7-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության իրավական կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին. «2002 թվականի հոկտեմբերի 7-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երրորդ արձանագրությունը վավերացնելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին», Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթ, «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի միջև» համագոր-ծակցության համաձայնագիրը վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփո¬խություն կատարելու մասին, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթ, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» oրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթ, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթ, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ռազմական համագործակցության մասին Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև» համաձայնագիրը վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:
10:48 - 30 սեպտեմբերի, 2019
Սինգապուրի և Հայաստանի հարաբերություններն առաջ են շարժվում ճիշտ ուղղությամբ․ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին

Սինգապուրի և Հայաստանի հարաբերություններն առաջ են շարժվում ճիշտ ուղղությամբ․ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած` Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Լի Սյեն Լունի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով բարձրաստիճան հյուրի և նրա գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր՝ նախագահը Սարգսյանը մասնավորապես ասել է. «Շատ ուրախ եմ, որ Սինգապուրի և Հայաստանի հարաբերություններն առաջ են շարժվում ճիշտ ուղղությամբ: Ինձ համար խորհրդանշանական է, որ այստեղ լինելու ընթացքում Դուք հանդիպելու եք նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Իրանի ղեկավարների հետ: Հուսանք, որ ապագայում Հայաստանը կօգտագործեք որպես դարպաս դեպի Եվրասիա: Ակնկալում եմ կրկին տեսնել Ձեզ այստեղ ավելի երկար ժամանակով, երբ ես և իմ գործընկերները, կառավարությունը հնարավորություն կունենանք Ձեզ ավելի շատ ցույց տալ Հայաստանն ու հայերին»: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սինգապուրի վարչապետը նշել է. «Մենք փոքր երկրներ ենք, ապրում ենք մի աշխարհում, որտեղ կան շատ մարտահրավերներ՝ կապված անորոշությունների հետ: Սակայն միևնույն ժամանակ անկանխատեսելի իրավիճակներում փոքր երկրներն ունեն առավելություններ, քանի որ կարողանում են շատ ավելի արագ հարմարվել, ավելի արագ նոր ուղղություն ընտրել, քան մեծ երկրները: Ժամանակն է, որ մենք կարողանանք օգուտներ քաղել միմյանց հետ երկխոսելուց, ինչպես նաև միասին աշխատելու հնարավորությունից՝ համագործակցելով տնտեսության ոլորտում, զբոսաշրջության, գիտական ու հետազոտական ծրագրերի շրջանակում: Հուսով եմ՝ կկարողանանք Հայաստանի հետ անել ավելին՝ ունենալով փոխայցելություններ Սինգապուրից Հայաստան և հակառակը»: Իր հերթին նախագահ Սարգսյանն ասել է, որ անկախ նրանից՝ մեծ ես, թե փոքր, 21-րդ դարի մարտահրավերները կապված են լինելու այն փաստի հետ, թե ինչպես ես կառավարում հսկայական տեղեկությունը, որքան արդյունավետ ես: «Ինչ-որ առումով ես կանխազգացում ունեմ, որ մենք մեծ պատմական ժամանակաշրջանի սկզբում ենք»,- նշել է Հայաստանի նախագահը։ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրները կարող են հատկապես արդյունավետ աշխատել մաթեմատիկական մոդելավորման, արհեստական բանականության ոլորտներում: Իսկ ընդհանուր առմամբ կողմերը համոզմունք են հայտնել, որ համագործակցության համար հեռանկարային կարող են լինել նաև այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաները, բանկային համակարգը։ Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների գործարար համայնքների շփումների ակտիվացումը:
11:51 - 29 սեպտեմբերի, 2019
Հայաստանի ու Իտալիայի նախագահները պատրաստակամ են առավել մեծ ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ

Հայաստանի ու Իտալիայի նախագահները պատրաստակամ են առավել մեծ ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: Նախագահ Սարգսյանը գործընկերոջը տեղեկացրել է այցի ընթացքում իտալական տարբեր ընկերությունների հետ ունեցած հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ նշելով, որ նպատակ ունի աջակցել նրանց՝ այցելել Հայաստան, ծանոթանալ ներդրումային փոխշահավետ համագործակցության հնարավորություններին, իսկ որոշների հետ արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունները վերածել գործնական քայլերի։ Շնորհակալություն հայտնելով նախագահ Մատարելլային՝ Իտալիա պետական այց կատարելու հրավերի համար, նախագահ Սարգսյանը ողջունել է այս տարվա ապրիլին Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնության ընդունումը, ինչպես նաև սեպտեմբերի 25-ին Իտալիայի Սենատի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը։ Փաստելով տնտեսական, կրթական, մշակութային ու գիտական ոլորտներում համագործակցության մեծ հնարավորություններն ու կարևորելով առկա ներուժի լիարժեք իրացումը՝ նախագահները նշել են, որ բարձր մակարդակով փոխայցելություններն էապես նպաստելու են երկկողմ հարաբերությունների խորացմանը և նոր թափ են հաղորդելու բարեկամ երկրների միջև բազմակողմ համագործակցությանը։ Նրանք պատրաստակամություն են հայտնել առավել մեծ ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ։ Նշելով Իտալիայի խորհրդարանական կառավարման հարուստ փորձն ու ավանդույթները՝ զրուցակիցները կարևորել են երկու երկրների նախագահական կառույցների միջեւ փոխգործակցությունը, մասնավորապես, նախագահների աշխատակազմերի միջև փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը։
06:00 - 26 սեպտեմբերի, 2019
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ գիտահետազոտական և կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ. նախագահը հանդիպել է իտալական ընկերության գործադիր տնօրենի հետ

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ գիտահետազոտական և կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ. նախագահը հանդիպել է իտալական ընկերության գործադիր տնօրենի հետ

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ իտալական «Լեոնարդո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ: «Լեոնարդո» ընկերությունը Հռոմում այսօր բացված կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում առաջատար Cybertech միջազգային համաժողովի գործընկերն է։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ «Լեոնարդոն» Հայաստանի հետ հաջողությամբ կարող է համագործակցել կիբերանվտանգության, արհեստական բանականության ոլորտներում՝ ընդգծելով, որ նշված ուղղություններով մեր երկիրը զարգացման մեծ ներուժ ունի: Շահագրգիռ քննարկում է ծավալվել կրթության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ Խոսվել է նախագահական նոր նախաձեռնություններից մեկի՝ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) ծրագրի մասին։ Տարբեր բաղադրիչներ ունեցող ATOM ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային առաջատար տեխնոլոգիական ընկերություններ ու կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ և համալսարաններ: Նշվել է, որ «Լեոնարդոն» ևս հետաքրքիր գործընկեր կարող է լինել ծրագրի համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ գիտահետազոտական ու կրթական ծրագրեր իրականացնելու և դրանց շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ։ «Լեոնարդո» ընկերությունը մասնագիտացած է պաշտպանության և անվտանգության ոլորտների սարքավորումների արտադրության, աերոտիեզերական արդյունաբերության մեջ՝ լայնորեն կիրառելով բարձր տեխնոլոգիաները: Ընկերությունն ունի ավելի քան 45 000 աշխատակից, արտադրում է ուղղաթիռներ, ինքնաթիռներ, աերոհամակարգեր, ցամաքային և ծովային պաշտպանական էլեկտրոնիկա, պաշտպանական, անվտանգային և տեղեկատվական համակարգեր, արտադրանքն արտահանվում է տասնյակ երկրներ: «Լեոնարդո»-ն ունի նշանակալի արդյունաբերական ներկայություն Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Լեհաստանում, ինչպես նաև ռազմավարական գործընկերություն միջազգային կարևորագույն շուկաներում:
07:58 - 24 սեպտեմբերի, 2019
Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն

Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն: Հռոմում նախագահ Սարգսյանը կմասնակցի կիբերանվտանգության ոլորտում միջազգային հեղինակավոր Cybertech համաժողովին: Cybertech-ը կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում առաջատար միջազգային հարթակներից մեկն է: Cybertech-ի համաժողովներն ու ցուցադրությունները լավագույն վայրն են ոլորտով հետաքրքրվողների համար՝ ծանոթանալու վերջին տեխնոլոգիական նորարարություններին, տեղեկանալու համաշխարհային կիբերանվտանգության ոլորտի նոր մարտահրավերների ու դրանց հաղթահարման հնարավոր տարբերակների մասին: Cybertech-ի միջոցառումների հյուրերի շարքում են աշխարհի առաջատար գործիչները, որոնք ներկայացնում են պետական համակարգը, անվտանգության և պաշտպանության, առողջապահության, ապահովագրության և այլ ոլորտներ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը համաժողովի առաջին օրը՝ սեպտեմբերի 24-ին, կլինի գլխավոր բանախոսը՝ «Հայաստանը որպես կիբեր անվտանգության հարցերով տարածաշրջանային ի հայտ եկող կենտրոն և գրավիչ վայր ներդրումների համար» խորագրով ելույթով: Հռոմում նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև իտալական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ նպատակ ունենալով քաջալերել նրանց այցելել Հայաստան, ծանոթանալ ներդրումային համագործակցության հնարավորություններին, իսկ որոշների հետ շարունակել քննարկումները՝ ձեռք բերված պայմանավորվածությունները գործնական քայլերի վերածելու ուղղությամբ:
13:34 - 23 սեպտեմբերի, 2019
Էմանուել Մակրոնը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առիթով

Էմանուել Մակրոնը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առիթով

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։Ուղերձում մասնավորապես ասվում է.«Սիրելի պարոն Հանրապետության նախագահ,Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները, ինչպես նաեւ հայ ժողովրդին մաղթում երջանկություն և բարօրություն:Ֆրանսիան և Հայաստանը կարող են հպարտանալ, որ ունեն խորը հարաբերություններ, հիմնված պատմական կապերի, ընդհանուր հիշողության եւ տեսլականի վրա: Այդ հարաբերությունները հարուստ են հնարավորություններով, որ մեր պարտքն է զարգացնել:Այն պահին, երբ Ձեր երկիրը բռնել է աննախադեպ փոփոխությունների ուղին, ուզում եմ Ձեզ վստահեցնել Ֆրանսիայի աջակցությունը կառավարության կողմից ձեռնարկված ծավալուն բարեփոխումների իրականացմանը, մասնավորապես մեր պատրաստակամությունը՝ Եվրոպական միության և Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցաբար, պաշտպանելու իրավական պետության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները:Պատրաստակամ եմ Ձեզ հետ աշխատելու մեր երկու երկրների միջև գերազանց քաղաքական հարաբերությունները խորացնելու և մեր համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ: Շարունակելու եմ իմ աջակցությունը բերել մեր համատեղ ծրագրերին համալսարանական, կրթական, մշակութային և գիտական ոլորտներում: Դրանով մենք կնպաստենք Ձեր երկրի երիտասարդության կրթությանը և կօգնենք Հայաստանին իր տեղն ամրապնդելու ֆրանկոֆոն ընտանիքում, ի շարունակություն Ֆրանկոֆոնիայի Երևանյան 17-րդ գագաթաժողովի հաջողության:Պարոն նախագահ, կցանկանայի Ձեզ կրկին հայտնել Ֆրանսիայի հանձնառությունը և վճռականությունը, որպես Մինսկի խմբի համանախագահ՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տեւական կարգավորմանը՝ ի շահ տարածաշրջանի կայունության և ժողովուրդների բարօրության:Խնդրում եմ ընդունեք, պարոն նախագահ, հարգանքներիս խորին հավաստիքը»։
14:08 - 21 սեպտեմբերի, 2019
Ժամանակն է տուն գալու. Արմեն Սարգսյանը կոչ արեց բոլոր հայերին վերադառնալ հայրենիք |armenpress.am|

Ժամանակն է տուն գալու. Արմեն Սարգսյանը կոչ արեց բոլոր հայերին վերադառնալ հայրենիք |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 21-ին Գյումրիի Սև բերդում Հայաստանի Հանրապետության 28-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մեկնարկած «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ պարգև է հանձնել փայտագործ Սամվել Գասպարյանին:Նախքան մրցանակի հանձնման արարողությունը ՀՀ նախագահը շնորհավորել է բոլորին համահայկական տոնի՝ Անկախության օրվա առթիվ:«Ուզում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել վարչապետին նախ և առաջ այս հոյակապ գաղափարի, դրա իրականացման և այն փաստի համար, որ բոլորս այսօր հավաքվել ենք այստեղ՝ Գյումրիում ու պատվում ենք մեր այսօրվա հերոսներին: Նրանցից յուրաքանչյուրն իսկապես հերոս է իր գործունեությամբ: Տարբեր մարդիկ են, բայց նրանցից յուրաքանչյուրն իր գործի վարպետ և շատ խորը անձնավորություն: Ուրախ էի տեսնել, որ մեր այսօրվա հերոսների մեջ կային նաև հայրենադարձներ»,- նշել է ՀՀ նախագահը:Նախագահը պատմել է 8-րդ դասարանում ռուսաց լեզվի և գրականության դասի ընթացքում իրենց հանձնարարված մի առաջադրանքի մասին, որի շրջանակում պետք է գրեին շարագրություն «Մեր ժամանակների հերոսը» խորագրով: «Ես գրեցի շարադրությունը, բայց չհանձնեցի այն, որովհետև շատ անկեղծ էի գրել: Եվ հիմա ուզում եմ պատմել, թե ինչ էի գրել:Ես գրել էի, որ իմ ժամանակների հերոսն իմ հայրն ու իմ մայրն են, և նրանց հազարավոր ընկերները ու տասնյակ հազարավոր ուրիշ հայեր, ովքեր 1946-1948 թվականներին պատերազմից հետո վերադարձան ավերված Հայաստան, որը պատերազմի ընթացքում կորցրել էր մոտ 200-300 հազար որդիներին: Եվ երկիրը կատաստրոֆիկ վիճակում էր: Նրանք վերադարձան Հայաստան՝ առանց վախենալու: Իմ հայրիկի, մայրիկի սերունդը՝ 1946-47 թթ հայրենադարձության սերունդը, եկան, բնակվեցին այստեղ՝ Գյումրիում և ստեղծեցին հսկայական արվեստ, արդյունաբերություն, մշակույթ, գիտություն: Իմ խորին շնորհակալությունն ուզում եմ հայտնել նաև նրանց և կոչ անել մեր բոլոր հայերին՝ վերադարձեք հայրենիք: Ժամանակն է տուն գալու»,- նշել է նա:ՀՀ նախագահը պատմել է, թե ինչպես իր հայրն ու նրա ընկերներն իրեն փոքր տարիքից՝ 5 տարեկանից սկսած տանում էին Հայաստանի տարբեր շրջաններ, մինչև Արցախ, ծանոթացնում ճարտարապետությանն ու բնությանը:«Իրականում Գյումրի եմ եկել հենց այդ տարիքից՝ 5 տարեկանից: Առաջին անգամ Սև բերդը, Ձիթողցոնց տունը և Չերքեզի ձորն այդ ժամանակ եմ տեսել: Մտածելով այսօրվա մեր ժամանակի հերոսների մասին՝ իմ կողմից մեկ ուրիշ հերոս էլ ունեմ: Այդ հերոսը Գյումրին է և գյումրեցին, որ համբերատար 30 տարի սպասել է այս օրվան: Կորցնելով իր քաղաքի, իր բնակչության կեսը, հասկանալով, որ մեր ժողովուրդը պայքարի է դուրս եկել և իր ժամանակը չէ՝ նա արժանապատվությամբ կրել է իր դժվարությունը: Ժամանակը եկել է, և ես կարծում եմ, պարոն վարչապետ, այսօր առաջին օրն է Գյումրու և գյումրեցու ապագայի, նոր, ազատ և ստեղծագործ կյանքի»,- ասել է Արմեն Սարգսյանը: Նա գոհունակություն է հայտնել այն փաստի առթիվ, որ այսօրվա հերոսները մի տեղից չեն, քանի որ, ինչպես նշել է ՀՀ նախագահը, մեր հայրենիքը միայն Երևանը չէ, Գյումրին է, Գորիսը, Վանաձորից մինչև Իջևան, Արցախ և ամեն տեղ է:
10:12 - 21 սեպտեմբերի, 2019
Հայրենիքը կմնա ընդամենն աշխարհագրական քարտեզ, եթե այն չապրեցնենք մեր մեջ, չապրեցնենք մեզնով և չապրենք նրանով. Արմեն Սարգսյան

Հայրենիքը կմնա ընդամենն աշխարհագրական քարտեզ, եթե այն չապրեցնենք մեր մեջ, չապրեցնենք մեզնով և չապրենք նրանով. Արմեն Սարգսյան

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ. «Թանկագի՛ն հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր Հայաստանի Անկախության օրն է: Այն առանձնահատուկ պատգամ է՝ ավելի լավ ճանաչելու ինքներս մեզ՝ մեր երկիրը, մեր ինքնությունը, մեր հնարավորությունները, մեր ներուժը: Ինչ որ ունենք այսօր՝ Ազատություն, Անկախություն, Հայրենիք, Պետություն, այդ ամենի համար պարտական ենք ինքներս մեզ: Ինչ որ կարողանալու ենք ձեռք բերել, լինելու է կրկին մեր շնորհիվ՝ մեր համախմբվածության, մեր միասնական ջանքի, գործի վերածված մեր մտքի, միմյանց հանդեպ հարգանքի ու հանդուրժողականության: Լավագույն ճանապարհն ամենօրյա աշխատանքն է, ամենօրյա արարումը, հոգատարությունը երկրի, պետության հանդեպ, հայրենապաշտությունը և հայրենաճանաչությունը: Հայրենիքը կմնա ընդամենն աշխարհագրական քարտեզ, եթե այն չապրեցնենք մեր մեջ, չապրեցնենք մեզնով և չապրենք նրանով: Հայրենիքը սիրելու և նրանով ապրելու համար պետք է այն ճանաչել: Իսկ ճանաչելու համար քարտեզի վրա նրա տեղն իմանալը բավարար չէ: Հայրենիքը տեսնել է պետք՝ Գյումրիից մինչև Գորիս, Սյունիքից մինչև Լոռի, Արցախից մինչև Տավուշ, Լորից մինչև Ահնիձոր: Հայրենիքը տեսնելուց և զգալուց հետո ավելի հստակ է դառնում, թե ինչ է պետք անել նրա համար, ինչպես է պետք է անել և ինչու է պետք անել: Մենք պետք է ունենանք տեսլական, առաջարկենք և իրագործենք գաղափարներ ու ծրագրեր: Հայրենիքը ճանաչելու համար պետք է հասկանալ հայրենատիրոջը, որովհետև Հայրենիքը նաև մարդիկ են, որոնք մեզ հետ, մեր կողքին ապրում և արարում են: Ինչպես անկախության ձեռք բերման բախտորոշ օրերին և դրան հաջորդող դժվար տարիներին, այսօր էլ մեր պետության առջև կան մարտահրավերներ, որոնց հաղթահարման բանալին գտնվում է բացառապես մեր ձեռքերում։ Հրանտ Մաթևոսյանն ասում էր. «Հայրենիք ենք հիմնել, Հայրենիք ենք բարձրացնում…Հայրենիքը պահանջում է իր բոլոր որդիների, մեր ամենամյա, ամենօրյա, այսժամյա հավատավոր ջանքը»: Չխնայե՛նք մեզ, մեր ջանքը, մեր միտքը, մեր սերը Հայրենիքի համար: Պաշտպան ու պահապան լինենք մեր պետությանը, մեր եկեղեցուն, հանդուրժող ու սրտացավ լինենք միմյանց հանդեպ: Որպես պետություն, որպես ժողովուրդ մենք կամուրջ ենք քաղաքակրթությունների միջև: Աշխարհի տարբեր վայրերում խեղաթյուրվում են արժեհամակարգերը, քաղաքակրթությունները զոհաբերվում են քաղաքականությանը, մարդկային հարաբերությունները՝ տարատեսակ շահերի, մարդիկ միմյանց հանդեպ դառնում են անտարբեր ու հաճախ՝ օտար: Ուստի, առավել քան անհրաժեշտ է հոգատար լինել մեր արժեհամակարգի, մեկմեկու նկատմամբ: Մենք կարող ենք որպես մարդ լինել միմյանցից տարբեր, բայց հանուն մեր ընդհանուր նպատակների, հանուն մեր անկախության, հանուն մեր ապագայի պարտավոր ենք լինել համախմբված ու միասին: Հավերժ փառք անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր հերոսներին: Աստված զորավիգ անկախության և անվտանգության երաշխավոր մեր բանակին։ Կեցցե՛ անկախ Հայաստանի Հանրապետությունը: Կեցցե՛ մեր ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Աստված պահապան բոլորիս»:  
06:04 - 21 սեպտեմբերի, 2019