Սահման

Համայնքների խոշորացման ազդեցությունը համայնքային ծառայությունների հասանելիության և ենթակառուցվածքների զարգացման վրա

Համայնքների խոշորացման ազդեցությունը համայնքային ծառայությունների հասանելիության և ենթակառուցվածքների զարգացման վրա

Ենթակառուցվածքներն ու ծառայությունները համայնքներում․ մասշտաբի էֆեկտ Համայնքների խոշորացման գործընթացից ակնկալվող օգուտներից մեկն այն էր, որ կբարելավվի համայնքներին մատուցվող ծառայությունների որակը, և համայնքներն ավելի շատ ապահովված կլինեն ենթակառուցվածքներով։ «Գյուղական համայնքներում հիմնական կենսապահովման ծառայությունների վիճակը գնալով վատանում է: Դա բերում է գյուղական բնակավայրերից բնակչության լրացուցիչ արտահոսքի: Հատկանշական է, որ պետությունն ու միջազգային դոնոր կազմակերպություններն իրականացնում են մի շարք ծրագրեր` ուղղված ինչպես ենթակառուցվածքների վերականգնմանը, այնպես էլ ձեռնարկատիրության ներգրավմանը: Սակայն այդ ծրագրերը զգալի ազդեցություն չունեն, քանզի այստեղ մենք գործ ունենք ոչ արդյունավետ կառավարման հետ, երբ տարբեր տեսակի ներարկումները չեն տալիս համապատասխան արդյունք նրանց հետագա շահագործման ու պահպանման գործում համայնքների անկարողության պատճառով»,-  2011-ին ասվում էր կառավարության մշակած` «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգում։ Այս խնդրից լուծման երկու տարբերակ էր առաջարկվում՝ համայնքների խոշորացումը և միջհամայնքային միավորումնեի ձևավորումը։ Կառավարությունը հետագայում լուծման տարբերակ ընտրեց համայնքների խոշորացումը, ինչը, սակայն, չի բացառում միջհամայնքային միավորումների ձևավորումը (համայնքների խոշորացման և միջհամայնքային համագործակության մասին առավել մանրամասն՝ այստեղ)։ Համայնքների խոշորացումը ծառայությունների և ենթակառուցվածնքների հասանելիության վրա ազդելու էր՝ համաձայն մասշտաբի էֆեկտի. «Ինչքան մեծանում են ծառայությունների մատուցման ծավալները, այնքան փոքրանում է միավոր ծառայության մատուցման ինքնարժեքը: Այս դրույթը միջազգային պրակտիկայում ընդունված է անվանել «մասշտաբի էֆեկտ», որը համայնքների խոշորացման տարբերակում նշանակում է՝ ինչքան մեծ են համայնքները, այնքան էժան կարող են լինել համայնքի կողմից մատուցվող ծառայությունները» (տես՝ «Համայնքների խոշորացումը` որպես Հայաստանի վարչատարածքային բաժանման օպտիմալացման միջոց», ՏԿՆ, 2013թ․)։ Այսինքն, մասշտաբի էֆեկտը խոշորացված համայնքների դեպքում ենթադրում էր հետևյալը․ որքան մեծանում է ծառայություններից օգտվողների թիվը, այնքան ավելի էժան է դառնում այդ ծառայության մատուցումը։ Օրինակ, եթե առաջ աղբահանության համակարգը գործում էր մի գյուղում, աղբատար  մեքենան սպասարկում էր այդ գյուղին, ապա համայնքների խոշորացման դեպքում այդ նույն աղբատար մեքենան աշխատելու էր խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերի համար, միջհամայնքային համագործակցության դեպքում էլ մի քանի համայնքներ միանալու էին և միասնական կերպով էին իրականացնելու աղբահանության գործընթացը։ Սրանից կարելի է ենթադրել, որ խոշորացումը կարող էր հնարավորություն տալ ավելի շատ բնակավայրերի համար հասանելի դարձնել համայնքի մատուցած ծառայությունները։ «Հայաստանում համայնքների խոշորացման դեպքում մասշտաբի էֆեկտն անժխտելիորեն կարտահայտվի վարչական ծախսերի կրճատմամբ և գուցե որոշ չափով` ծառայությունների մասով»,- ասվում էր «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգում։ Infocom.am-ը նաև առանձին հոդվածով անդրադարձել է խոշորացման արդյունքում նախկին համայնքապետարանների աշխատակազմերի կրճատումից խնայված դրամական միջոցների թեմային։ Մեր ուսումնասիրությունը երկու մարզի օրինակով ցույց է տվել, որ համայնքների մեծ մասում աշխատակազմերի կրճատման հետևանքով դրամական միջոցներ են խնայվել, իսկ կառավարությունը դեռ խոշորացման գործընթացի մեկնարկից առաջ վստահեցնում էր, որ այդ խնայողությունների շնորհիվ կավելանան բնակչությանը ծառայություններ մատուցելուն ուղղված ֆինանսական հնարավոր միջոցների չափերը։ «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ  Վահան Մովսիսյանը նշում է, որ համայանքների համաչափ զարգացման համար առաջին քայլը մոտավորապես նույն ունակություններով համայնքների ձևավորումն է, և այստեղ խոսքը ոչ միայն ֆինանսական, այլև ենթակառուցվածքային և այլ ունակությունների մասին է։  «Հավասարաչափ զարգացման մի գործոնը կառավարությունն արդեն անում է կարծես․ սուբվենցիան ծրագրերով փորձում են ենթակառուցվածքներ ստեղծել այն համայնքներում, որտեղ ինչ-որ ենթակառուցվածքներ բացակայում են»,- ասել է նա մեզ տված հարցազրույցում։ Վահան Մովսիսյանի խոսքով՝ համայնքների խոշորացումից հետո ենթակառուցվածքների ու ծառայությունների մասով դրական փոփոխություններ եղել են․ «Եթե մենք խոսենք ամենաառաջին խոշորացումից, երբ ձևավորվեցին Դիլիջանը, Թումանյանը, Տաթևը, և դրան գումարենք հաջորդ 15-ը, ապա բոլոր համայնքներում առնվազն 200-ից 500 հազար դոլարանոց ներդրումային ծրագիր է իրականացվել տեխնիկայի գծով, ինչը ենթադրում է, որ, օրինակ, ձեռք բերված գրեյդերը չի աշխատելու միայն համայնքային կենտրոնում, այլև մնացած բնակավայրերում, խոսքը նաև աղբատար մեքենաների, ինքնաթափ մեքենաների, կոմբայնի մասին է։ Առանձին փոքր համայնքների դեպքում դա անել անհնարին էր։ Մասշտաբի էֆեկտը հնարավորություն ստեղծեց, որ այդ համայնքային փունջն ունենա մեկ միասնական տեխնիկական բազա, որը ձևակերպվեց որպես ՀՈԱԿ և հիմա սպասարկում է ոչ միայն այն բնակավայրին, որտեղ գտնվում է, այլև համայնքի բոլոր բնակավայրերին»։ Infocom.am-ը փորձել է Տավուշի և  Սյունիքի մարզերի 5 համայնքի օրինակով հասկանալ, թե ենթակառուցվածքները և բնակիչներին մատուցվող ծառայություններն ինչ վիճակում են եղել խոշորացուցմից առաջ, և արդյո՞ք խոշորացումից հետո ենթակառուցվածքներն ու ծառայությունները հասանելի են խոշորացված համայնքների բոլոր բնակավայրերի կամ դրանց մեծ մասի համար։ Համեմատությունը կատարվել է հետևյալ կերպ․ վերցվել են խոշորացված համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերում (նախկին համայնքներում) խոշորացմանը նախորդող երկու տարիներին հիմնական ենթակառուցվածքների և համայնքի մատուցած ծառայությունների մասին տվյալները, որոնք համեմատվել են այս պահին առկա տվյալների հետ։ Տվյալները ստացվել են համայնքապետարաններից։ Ուսումնասիրութան համար վերցվել են Տավուշի մարզի Կողբ, Այրում, Նոյեմբերյան և Սյունիքի մարզի Գորայք, Սիսիան համայնքները։   Կողբ Կողբ խոշորացված համայնքը ձևավորվել է 2016-ին՝ Կողբի և  Զորականի միավորմամբ։ Այն Հայաստանի՝ ամենաքիչ թվով բնակավայրեր ընդգրկող համայնքներից մեկն է։ Մինչև խոշորացումը Կողբում գործել են երկու գրադարան, երկու մանկապարտեզ և մեկ երաժշտական դպրոց, որոնք շարունակում են գործել  նաև հիմա (մանկապարտեզները խոշորացումից հետո վերանորոգվել են)։ Զորականում նման կառույցներ չեն գործել, խոշորացումից հետո բացվել է մանկապարտեզ։ Խոշորացումից առաջ Կողբը 50%-ով է ապահովված եղել խմելու ջրով, Զորականը՝ 40%-ով։ Խոշորացումից հետո Կողբի 70%-ն է ապահովված խմելու ջրով, Զորականի՝ 80%-ը։ Խոշորացումից առաջ Կողբը գազաֆիկացված է եղել 95%-ով, Զորականը՝ 70%-ով։ Խոշորացումից հետո Կողբը գազաֆիկացված է 96%-ով, Զորականը՝ 75%-ով։  Աղբահանության համակարգ երկու համայնքում էլ խոշորացումից առաջ գործում էր և խոշորացումից հետո էլ շարունակում է գործել, սակայն խոշորացումից հետո մեծացել է հաճախականությունը․ Կողբում աղբահանություն իրականացվում է 5 օրը մեկ (նախկինում ՝ 10 օրը մեկ), Զորականում՝ 10 օրը մեկ (նախկինում՝ 15 օրը մեկ)։ Խոշորացումից առաջ երկու համայնքում էլ եղել է փողոցային լուսավորություն, Կողբում՝ 1,2 կմ, Զորականում՝ 200 մ: Այժմ Կողբում փողոցային լուսավորությունը 3,5 կմ է, Զորականում՝ 500 մ (այստեղ պետք է հաշվի առնել, որ Կողբը տարածքով ավելի մեծ է, քան Զորականը)։ Նկար 1-ում կարող եք տեսնել Կողբ համայնքում ենթակառուցվածքների և ծառայությունների փոփոխությունները խոշորացումից հետո։ Նկար 1 Այրում Այրում խոշորացված համայնքի (ձևավորվել է 2016-ին) կազմում ընդգրկված նախկին 8 համայնքներից գրադարաններ գործել են 2-ում։ Խոշորացումից հետո Արճիս բնակավայրի գրադարանը փակվել է, և այս պահին միայն համայնքային կենտրոն Այրումում է գործում գրադարան։ Նախադպրոցական կրթական հաստատություններ մինչև խոշորացումը գործել է նախկին համայնքներից 5-ում, խոշորացումից հետո պատկերը չի փոխվել, միայն գործող մանկապարտեզներից 4-ը վերանորոգվել են։ Երաժշտական դպրոցներ գործել են 2 բնակավայրում, այժմ էլ գործում են։ Այրումում նաև գործել և գործում է մշակույթի կենտրոն, որտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Այլ կառույցների մասին տեղեկություններ Այրումի համայնքապետարանը չի տրամադրել։ Նախկին համայնքները ապահովված չեն եղել խմելու մշտական ջրով, խոշորացումից հետո 6 բնակավայր 90%-ով ապահովվել է։ Մինչև խոշորացումիը նախկին համայնքներից 4-ը մոտ 80%-ով գազաֆիկացված է եղել, խոշորացումից հետո համայնքի բոլոր բնակավայրերն են մոտ 80%-ով գազաֆիկացված։ Մինչև խոշորացումը բոլոր նախկին համայնքներում գործել է աղբահանության համակարգ, խոշորացումից հետո էլ շարունակում է գործել։ Փողոցային լուսավորությամբ ապահովված են եղել բոլոր բնակավայրերը՝ մոտ 55%-ով, խոշորացումից հետո փողոցային լուսավորություն ունեն կրկին բոլոր բնակավայրերը՝ գրեթե 90%-ով։ Նկար 2-ում կարող եք տեսնել Այրում համայնքում ենթակառուցվածքների և ծառայությունների փոփոխությունները խոշորացումից հետո։ Նկար 2 Նոյեմբերյան Նոյեմբերյան խոշորացված համայնքը ձևավորվել է 2016-ին։ Նոյեմբերյանի կազմում ընդգրկված նախկին 9 համայնքներից 6-ում խոշորացմանը նախորդող երկու տարիներին գործել են գրադարաններ։ Խոշորացումից հետո՝ 2020-ին, գրադարան է բացվել նաև Ջուջևան բնակավայրում։ Բացի Բարեկամավանից՝  մյուս բնակավայրերում խոշորացումից առաջ գործել են մանկապարտեզներ կամ նախակրթարաններ։ Խոշորացումից հետո Ջուջևանի և Դովեղի նախակրթանները չեն գործում։ Նոյեմբերյանում մինչև խոշորացումը գործել են երաժշտական դպրոց, գեղարվեստի դպրոց և մարզադպրոց, խոշորացումից հետո գեղարվեստի դպրոցը չի գործում։ Բերդավանում գործել են երաժշտական դպրոց և մշակույթի տուն, որոնք շարունակում են գործել խոշորացումից հետո, երաժշտական դպրցը նաև վերանորոգվել է։ Ոսկեվանում գործել և շարունակում է գործել մարզադպրոց, խոշորացումից հետո բացվել է նաև գեղարվեստի դպրոց և պարի խմբակ։ Մնացած 6 բնակավայրերում նման կառույցներ մինչև խոշորացումը չեն գործել, խոշորացումից հետո էլ պատկերը չի փոխվել։ Մինչև խոշորացումը նախկին համայնքներից 4-ն ապահովված են եղել խմելու ջրով, Բարեկամավանը՝ 20%-ով է ապահովված եղել, Դովեղում խմելու ջուրը ժամային գրաֆիկով է գործել։ Խոշորացումից հետո Ջուջևանը, որը մինչ այդ ապահովված չէր խմելու մշտական ջրով, 90%-ով ապահովվել է,  մնացած բնակավայրերում իրավիճակը նույնն է։ Մինչ խոշորացումը Նոյեմբերյանը գազաֆիկացված է եղել 90%-ով, Կոթին՝ 70%-ով, Դովեղը՝ 98%-ով, Բաղանիսը և Բերդավանը՝ 100%-ով, մնացած 4-ը գազաֆիկացված չեն եղել։ Ջուջևանը, որը մինչ խոշորացումը գազաֆիկացված չէր, խոշորացումից հետո գազաֆիկացվել է 90%-ով։ Ոսկեվանը, որը նույնպես խոշորացումից առաջ գազաֆիկացված չէր, խոշորացումից հետո մասամբ գազաֆիկացվել է։ Ոսկեպարն էլ գազաֆիկացված չի եղել, իսկ խոշորացումից հետո գազաֆիկացվել է 100%-ով։ Այսինքն, համայնքի բնակավայրերից միայն Բարեկամավանը գազաֆիկացված չի եղել և շարունակում է չլինել։ Աղբահանության համակարգ մինչև խոշորացումը գործել է  բոլոր բնակավայրերում՝ բացի Բարեկամավանից։ Խոշորացումից հետո պատկերը հիմնականում մնացել է նույնը, միայն գործող համակարգերը  բարելավվել են․ Կոթիում աղբահանություն իրականացվում է շաբաթական 1 անգամ, նախկին ամսական 2 անգամի փոխարեն, Ջուջևանում՝ ամիսը 4 անգամ, նախկին ամսական 1 անգամի փոխարեն։ Փողոցային լուսավորություն խոշորացումից առաջ ունեցել են Նոյեմբերյանը, Ոսկեվանը, Կոթին լուսավորված է եղել 10%-ով, Բաղանիսը՝ 90%-վ, Բերդավանը՝ 50%-ով, Ոսկեպարը՝ 25%-ով, Դովեղը՝ 40%-ով։ Խոշորացումից հետո Կոթին լուսավորված է 30%-ով, Ջուջևանը, որ լուսավորված չէր, խոշորացումից հետո լուսավորվել 80%-ով, Բերադավանն այս պահին լուսավորված է ավելի քան 70%-ով, Ոսկեպարի 85%-ն է դարձել լուսավորված, Դովեղը դարձել է 100%-ով լուսավորված։ Նկար 3-ում կարող եք տեսնել Նոյեմբերյան համայնքում ենթակառուցվածքների և ծառայությունների փոփոխությունները խոշորացումից հետո։ Նկար 3 Գորայք Գորայքը ձևավորվել է 2016-ին։ Գորայքի կազմում ըվդգրկված նախկին բոլոր 4 համայնքներն ունեցել են գրադարաններ, որոնք հիմա էլ շարունակում են գործել։ Նախադպրոցական կրթական հաստատություն ունեցել են 2 նախկին համայնքներ, խոշորացումից հետո պատկերը չի փոխվել։ Այլ կառույցներ չեն եղել, այժմ էլ չկան։ Բոլոր նախկին համայնքներն ապահովված են եղել խմելու մշտական ջրով, հիմա էլ ապահովված են, գազաֆիկացված են եղել, այժմ էլ գազաֆիկացված են (յուրաքանչյուր բնակավայր՝ 95%-ով)։ Աղբահանության համակարգ խոշորացումից առաջ գործել է միայն Գորայքում, այժմ աղբահանության համակարգ ոչ մի բնակավայրում չի գործում։ Գորայքում, որի աղբահանության համակարգը դադարել է գործել 2020թ․ մայիսի 1-ից, աղբահանությունն ըստ անհրաժեշտության վճարովի կատարում  է Գորիսի կոմունալ ծառայությունը:  Մինչև խոշորացումը միայն Գորայքը 90%-ով ապահովված է եղել փողոցային լուսավորությամբ, այս պահին բոլոր բնակավայրերը լուսավորված են 100%-ով։ Նկար 4-ում կարող եք տեսնել Գորայք համայնքում ենթակառուցվածքների և ծառայությունների փոփոխությունները խոշորացումից հետո։ Նկար 4 Սիսիսան Սիսիսանն իր կազմում ընդգրկված բնակավայրերի թվով ամենամեծ խոշորացված համայնքներից մեկն է, ձևավորվել է 2017-ին։ Խոշորացմանը նախորդող երկու տարիների՝ 2015-2016 թթ․ ընթացքում, նախկին 32 համայնքներից 30-ում գործել են գրադարաններ։ Խոշորացումից հետո բնակավայրերից 14-ի գրադարանները դադարել են գործել։ Սիսիան քաղաքում մինչև խոշորացումը գործել է 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն, ևս 12 նախկին համայնքում գործել են մանկապարտեզներ կամ երեխաների խմբեր: Այդ 12 բնակավայրերի մանկապարտեզները և խմբերը խոշորացումից հետո միացվել են Սիսիան քաղաքի 4 մանկապարտեզներին, և 12 բնակավայրերից միայն Տոլորսի խումբն է 2019-ին դարձել մանկապարտեզ։ Խոշորացումից հետո՝ 2018-ին, ներդրումային ծրագրով նախակրթարաններ են բացվել Ախլաթյան և Իշխանասար բնակավայրերում։ 2019-ին Լոր համայնքում բացվել է խումբ: Սիսիանի համայնքապետարանից հավաստիացնում են, որ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է Վաղատին և Որոտնավան բնակավայրերի համայնքային սեփականություն հանդիսացող շենքերում վերանորոգել խմբասենյակներ։  Հայամայնքային կենտրոն Սիսիան քաղաքում խոշորացումից առաջ գործել են սպորտի դպրոցներ և մշակութային կենտրոններ (արվեստի կենտրոն, մշակույթի կենտրոն, գեղարվեստի դպրոց, երաժշտական դպրոց, ֆուտբոլի դպրոց, շախմատի դպրոց), որոնք խոշորացումից հետո շարունակում են գործել՝ բացառությամբ ավեստի դպրոցի, որը միավորվել է արվեստի կենտրոնի հետ: Այլ բնակավայրերում այսպիսի կառույցների առկայության մասին տեղեկություններ Սիսիանի համայնքապետարանից չեն տրամադրել։ Մինչ խոշորացումը Սիսիսանի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերն ապահովված են եղել խմելու ջրով, գազաֆիկացված են եղել բնակավայրերից 10-ը, ոչ  մեկում չի գործել աղբահանության համակարգ, լուսավորված են եղել բնակավայրերի փողոցների 40-50%-ը։ 2018-ից  հետո Սիսիանi բնակավայրերում արդիականացվել են խմելու ջրագծերը, բնակավայրերը չեն գազաֆիկացվել, աղբահանության համակարգ է ներդրվել 13 բնակավայրում՝ շաբաթական մեկ օր հաճախականությամբ։ 7 բնակավայրում իրականացվել են լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքներ։ Նկար 5-ում կարող եք տեսնել Սիսիան համայնքում ենթակառուցվածքների և ծառայությունների փոփոխությունները խոշորացումից հետո։ Նկար 5 … Ամփոփելով ուսումնասիրված համայնքների տվյալները՝ կարող ենք նշել, որ, իրոք, ենթակառուցվածքների և ծառայությունների մասով դրական փոփոխություններ բնակավայրերում կան․ Զորականում, օրինակ, խոշորացումից հետո մանկապարտեզ է բացվել, Այրումի բնակավայրերի մեծ մասն ապահովվել է խմելու ջրով, լուսավորության ցանցն է ընդլայնվել, Նոյեմբերյանում մի բնակավայր ապահովվել է խմելու ջրով, մի քանի բնակավայր գազաֆիկացվել է, փողոցային լուսավորության ցանցն է ընդլայնվել։ Որոշ դեպքերում նկատվել է նաև հակառակ միտումը, երբ խոշորացումից առաջ գործել է որևէ կառույց, սակայն խոշորացումից հետո այդ կառույցը չկա։ Սիսիանում, օրինակ, 14 նախկին համայնքների գրադարանները խոշորացումից հետո դադարել են գործել, մանկապարտեզներ են փակվել, Այրումի բնակավայրերից մեկի գրադարանն է փակվել։ Նկատելի է այն միտումը, երբ հիմնականում համայնքային կենտրոններն ապահովված են գրեթե բոլոր ենթակառուցվածքներով, և այնտեղ մատուցվում է անհրաժեշտ ծառայությունների զգալի մասը, իսկ որոշ բնակավայրերում ինչպես խոշորացումից առաջ, այնպես էլ հիմա այդ ծառայությունները հասանելի չեն։ Նոյեմբերյանում, օրինակ, բացի համայնքային կենտրոնից, միայն երկու համայնքում կա երաժշտական դպրոց կամ մարզադպրոց, մնացած վեցում նման կառույցներ չկան։ Սիսիանի դեպքում միայն համայնքային կենտրոնում են գործում նման կառույցներ։  Կան նաև բնակավայրեր, որոնցում խոշորացումից հետո էական փոփոխություններ չեն եղել, օրինակ՝ Նոյեմբերյանի Բարեկամավանը կամ Գորայքի բնակավայրերը։ Այպիսի կենտրոնացումը բացատրելի է, քանի որ հնարավոր չէ համայնքի բոլոր բնակավայրերում ունենալ բոլոր ենթակառուցվածքները և մատուցել բոլոր ծառայությունները։ Այլ հարց է, թե որքանով են համայնքային կենտրոնների ենթակառուցվածքներն ու մատուցվող ծառայությունները հասանելի բոլոր բնակավայրերին, այսինքն՝ առկա՞ է տրանսպորտ, թե՞ ոչ, համայնքային կենտրոնից հեռավորությունը մե՞ծ է, թե՞ փոքր, ճանապարհները լա՞վ վիճակում են, թե՞ վատ։ Փոքր հեռավորության և հանրային տրանսպորտի առկայության դեպքում բնակավայրերում մարդկանց հասանելի կլինեն ենթակառուցվածքներն ու ծառայությունները, որոնք կենտրոնացած են համայնքային կենտրոնում։ Աննա Սահակյան
20:02 - 07 փետրվարի, 2021
Հարբած ադրբեջանցի զինվորականները կրակոցներ են արձակում ՝ նպատակ ունենալով ահաբեկել Սյունիքի խաղաղ բնակիչներին. ՄԻՊ

Հարբած ադրբեջանցի զինվորականները կրակոցներ են արձակում ՝ նպատակ ունենալով ահաբեկել Սյունիքի խաղաղ բնակիչներին. ՄԻՊ

ՀՀ Սյունքի մարզի Կապանի Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Եղվարդ, Ագարակ, Ուժանիս գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինվորականները կրակոցներ են արձակում փոքր, ինչպես նաև խոշոր տրամաչափի զինատեսակներից` լինելով նաև հարբած վիճակում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Նշված բոլոր գյուղերի բնակիչները և համայնքային մարմինները Մարդու իրավունքների պաշտպանին, մասնավորապես, ահազանգեր են ներկայացնում այն մասին, որ կրակոցներն արվում են պարբերաբար՝ ինչպես ցերեկային ժամերին, այնպես էլ գիշեր ժամանակ: Ըստ ահազանգերի՝ կրակոցներն ակնհայտ պարզ լսվում են գյուղերում, նպատակ ունեն ահաբեկել խաղաղ բնակիչներին ու առաջին հերթին երեխաներին ու կանանց: Ընդ որում, գյուղացիները դիտարկել են, որ հաճախ են դեպքերը, երբ հարբած վիճակում են ադրբեջանական զինվորականների կրակցներն արձակվում: Հենց այդ ժամանակ է, որ կրակոցները խոշոր տրամաչափի զինատեսակներից են ու ինտենսիվ: Այս կրակոցների մասին Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած պատվիրակությանն ահազանգեր էին ներկայացվել դեռևս 2021 թվականի հունվարի 9-ին Կապանի Ճակատեն և այլ գյուղեր այցերի ընթացքում: Այդ ժամանակ նաև անմիջականորեն էր արձանագրվել, որ կրակոցներով ակնհայտ լարվածություն է առաջանում գյուղերում: Այս հանցավոր, բացարձակ դատապարտելի արարքները պետք է ի սպառ վերանան: Դրանք դարձել են իրական սպառնալիք Հայաստանի խաղաղ բնակիչների կյանքի ու առողջության պահպանման, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության և միջազգայնորեն ճանաչված ու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մյուս իրավունքների համար: Սրանք կոպտորեն խախտում են նաև նաև երեխաների շահերը։ Այս փաստն ավելի է ամրապնդում Մարդու իրավունքների պաշտպանի համոզմունքը, որ խաղաղ բնակիչների կյանքի ու կենսական մյուս իրավունքների համար իրական սպառնալիք է նաև ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը Հայաստանի սահմանային բնակավայրերի անմիջական հարևանությամբ, միջպհամայնքային ու միջպետական ճանապարհներին: Այս փաստերի վերաբերյալ հաղորդումներ ուղարկվելու են միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, ԵԽ-ին: Առանձին հաղորդումներ կուղարկվեն նաև միջկառավարական կազմակերպությունների հատուկ մեխանիզմներին»,-ասված է պաշտպանի գրառման մեջ:
10:17 - 31 հունվարի, 2021
Կառավարությունը Սյունիքի կողքին է բոլոր առումներով և բոլոր խնդիրների լուծման գործում. Ավինյան

Կառավարությունը Սյունիքի կողքին է բոլոր առումներով և բոլոր խնդիրների լուծման գործում. Ավինյան

Հունվարի 29-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Սյունիքի մարզ, որտեղ կայացել է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրագործման հետևանքով ՀՀ Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման ու օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցությունը։ Այս մասին հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից: Իր խոսքում փոխվարչապետը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, այսօր հանդիպում ենք դժվարին իրավիճակում, երբ առկա խնդիրները ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև առաջին հերթին անվտանգային բնույթի են: Դրանց լուծումը պահանջում է հրատապություն, ինչպես նաև առավելագույն ճշգրտություն: Օրվա ընթացքում մեր ունեցած հանդիպումներն ու դիտարկումներն առավել ամբողջական պատկերացում տվեցին, թե ինչ հարցեր ունենք օրակարգում, որոնց մանրամասները այժմ պիտի համալիր կերպով քննարկենք: Սակայն առիթից օգտվելով՝ ուզում եմ վերահաստատել, որ կենտրոնական կառավարությունը Սյունիքի կողքին է բոլոր առումներով և բոլոր խնդիրների լուծման գործում: Ավելին՝ կառավարությունն արդեն իսկ ձեռնամուխ է եղել տնտեսական կոնկրետ միջոցառումների մշակմանն ու իրականացմանը, որոնք դրականորեն փոխելու են իրավիճակը՝ միևնույն ժամանակ լուծումներ ապահովելով առավել հրատապ խնդիրների համար»։ Օրվա ընթացքում փոխվարչապետն այցելել է Գորիս, Որոտան, Շուռնուխ և Կապան համայնքներ, տեղում ծանոթացել իրավիճակին, սոցիալ-տնտեսական ու անվտանգային պայմաններին։ Համայնքների բնակիչների հետ քննարկվել են հրատապ և երկարաժամկետ լուծումներ պահանջող հարցերն ու նախանշվել դրանց լուծումները։ Տիգրան Ավինյանի աշխատանքային այցն ամփոփվել է Կապանում, որտեղ կայացել է վերոնշյալ միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցությունը։ Փոխվարչապետը ներկայացրել է Որոտան և Շուռնուխ համայնքներում բնակիչների հետ քննարկումների արդյունքները, ըստ որոնց՝ բնակարանը կորցրած ընտանիքների համար կառուցվելու են նոր տներ։ Աշխատանքներն արդեն իսկ մեկնարկելու են մյուս շաբաթ։ Բնակարանը կորցրած ընտանիքի յուրաքանչյուր անդամի տրվելու է 300 հազար դրամ միանվագ աջակցություն։ Ավելին՝ մինչև բնակարանների կառուցումը, նվազագույնը 6 ամիս շարունակ, այս ընտանիքների յուրաքանչյուր անդամ ստանալու է նաև 68 հազար դրամ։ Խորհրդակցության ժամանակ մանրամասն անդրադարձ է կատարվել ռազմական գործողություններից առաջ գոյություն ունեցած և դրանց արդյունքում ի հայտ եկած խնդիրների ողջ համալիրին, այդ թվում՝ անվտանգության ապահովման միջոցառումներին, գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը և բնակչության պաշտպանության կազմակերպմանը։ Աշխատանքների իրականացման և ժամանակացույցի վերաբերյալ տրվել են համապատասխան հանձնարարականներ։
11:42 - 30 հունվարի, 2021
Սյունիքից ոչ մի միլիմետր տարածք չի զիջվել. Փաշինյան
 |1lurer.am|

Սյունիքից ոչ մի միլիմետր տարածք չի զիջվել. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը, դիմելով վարչապետին, նշեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո իջեցվել է հրահանգ, որ տղաները հետ քաշվեն Սյունիքում իրենց զբաղեցրած դիրքերից, կանոնավոր բանակը ներգրավվել է միայն հունվարի 5-ից հետո: Պատգամավորը հետաքրքրվեց՝ ինչու է կանոնավոր բանակն այդ ժամանակահատվածում սյունեցիներին մենակ թողել:  Վարչապետն ընդգծեց, որ հնչող մեղադրանքներն իրենց հասցեին հաճախ իրար մերժող և չեզոքացնող են: «Մի դեպքում մեզ մեղադրում են նրա համար, որ մենք տարածքներ ենք տվել, մյուս դեպքում՝ մեզ մեղադրում են, որ մենք տարածքները չենք տվել՝ ինչ-որ իրադարձություններից խուսափելու համար: Այն որոշումները, որոնք կայացվել են, կայացվել են ռազմական նոր էսկալացիան, այդ թվում՝ Սյունիքում կանխելու և Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար: Հեռուստատեսային ուղերձում դրա մասին շատ հստակ անդրադարձել եմ և ասել եմ, որ այդտեղ կար իրավիճակ, երբ կարող էր լինել ռազմական էսկալացիա, որն անցում կկատարեր դեպի բուն Սյունիքի տարածք: Շատ դեպքերում մեծ աղմուկ է բարձրացվում, որ Սյունիքից տարածքներ են զիջվել: Սյունիքից ոչ մի տարածք, ոչ մի միլիմետր տարածք չի զիջվել, որովհետև Սյունիքի այն տարածքը, որն այսօր գոյություն ունի, արձանագրված է: Այդ տարածքը 2010 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որին կողմ է քվեարկել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, այդ թվում դահլիճում նստած պատգամավորները, արձանագրվել է, որ, օրինակ, Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի վարչական գծից այն կողմ գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունը»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ այդ օրենքին կողմ քվեարկած  բոլոր խմբակցությունները՝ առանց բացառության, այսօր ընդդիմություն են և իրենք են գծել, արձանագրել Սյունիքի այն տեսքը, որն այսօր կա»,- ասաց Փաշինյանը:
19:22 - 20 հունվարի, 2021
Մեր ժողովուրդը խուճապի մատնվող չէ, ուղղակի վատ են զգում՝ պատուհանից նայում են, թուրք են տեսնում, մեր գյուղացին զինված է, ինքն իր անվտանգությունը պահելու է. Շուռնուխի վարչական ղեկավար |tert.am|

Մեր ժողովուրդը խուճապի մատնվող չէ, ուղղակի վատ են զգում՝ պատուհանից նայում են, թուրք են տեսնում, մեր գյուղացին զինված է, ինքն իր անվտանգությունը պահելու է. Շուռնուխի վարչական ղեկավար |tert.am|

tert.am: Շուռնուխում տեղահանված տների գյուղացիները վերևի թաղամասում են ապրում, իրենք իրենց առօրյա գործին են՝ ամբողջ ուշադրությունը կենտրոնացրած անասունի վրա, այս պահին եղանակը լավ է, պետք է անասունը դրսում արածեր, բայց բանտարկած են պահում, որ դուրս չգա, չիջնի գետը, ջուր խմի, չանցնի թշնամու վերահսկողության տակ գտնվող մեր տարածքներ: Այս մասին ասաց Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը: Նրա փոխանցմամբ՝ թշնամուն գյուղից անցած տարածքներում որևէ շարժ չկա, նոր բնակիչներ չկան, այնտեղ ընդամենը իրենց սահմանապահ զորքն է՝ վրաններով: «Տեղահանվածների մի մասը, որոնց տները անցել են թշնամուն, գյուղում են ապրում՝ վերևի թաղամասերում, մի մասն էլ ժամանակավոր տեղափոխվել է Գորիս և Կապան», - ասաց Շուռնուխի վարչական ղեկավարը: Հարցին, թե խոսվում էր՝ տեղահանված գյուղացիների համար պետք է տներ կառուցեն, ինչ փուլում են աշխատանքները, Հակոբ Արշակյանն ասաց. «Երկուշաբթի օրն արդեն կգան, և բարերարներն իրենց կողմից պետք է մի թաղամաս սարքեն, և կառավարության կողմից հանձնաժողովը պետք է գա, արդեն տեղը որոշված է, ընտրված է, որ աշխատանքները սկսեն»: Հարցին էլ՝ ի՞նչ տրամադրվածություն ունեն մարդիկ, հարմարվե՞լ են նոր իրավիճակին, նա ասաց. «Որ չհարմարվեն, կոպիտ ասած, ի՞նչ պետք է անեն: Հիմա տնից հանել են մարդուն, բա տուն պետք է տան, փոխհատուցում պետք է տան, մի բան պետք է արվի, որ այդ մարդն իր ապագան կարողանա պատկերացնել, պետք է սարքեն, դա ոնց ուզում են, պետք է անեն»: Վարչական ղեկավարը նշեց, որ հիմա գյուղապետարանը սննդով է օգնում մարդկանց և ոչ միայն տեղահանվածներին, մարզպետարանից էլ երկու տնակ են տվել, որ երկու ընտանիք կարողանա բնակվել ժամանակավոր, մինչև տուն կառուցվի: «Գյուղում խուճապ չկա, մեր ժողովուրդը խուճապի մատնվող չի, ուղղակի վատ են զգում, որ իրենց պատուհանից նայում են, թուրքին են տեսնում»,- ասաց նա: Ինչ վերաբերում է գյուղացիների զինվելուն, որ պաշտպանեն իրենց, Արշակյանն ասաց. «Այնպես չէ, որ գյուղացին զինված չէ, զինված է, գյուղացին ամեն պահ ինքն իր անվտանգությունը փորձելու է ապահովել, օգտագործելու է իր զենքը թուրքի դեմ, հաստատ անելու է, այնպես չէ, որ խեղճ ժողովուրդ է»: Շարունակությունը՝ tert.am-ում։
15:11 - 16 հունվարի, 2021
Շուռնուխ գյուղի բնակչի անսանագոմը բաժանվել է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»․ ՀՀ պետական սահմանների որոշման հարցում նման մեխանիկական մոտեցումները պետք է ուղղակի բացառվեն․ ՄԻՊ

Շուռնուխ գյուղի բնակչի անսանագոմը բաժանվել է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»․ ՀՀ պետական սահմանների որոշման հարցում նման մեխանիկական մոտեցումները պետք է ուղղակի բացառվեն․ ՄԻՊ

Շուռնուխ գյուղի բնակիչ Ստյոպա Մովսիսյանի տան ուղիղ հարևանությամբ գտնվող նրան պատկանող անասնաշենքը GPS [գլոբալ տեղորոշման] համակարգի կամ Գուգլ քարտեզի (Google Map) կիրառության արդյունքում բաժանվել է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Ընդ որում, ինչպես տան, այնպես էլ անասնաշենքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը հաստատված է ՀՀ կադաստրի կոմիտեի վկայականներով: Հենց այդ տան տարածքում մենք փորձեցինք Գուգլ (google) քարտեզների մի քանի տարբերակներ, որոնցից ամեն մեկը  ցույց տվեց տարբեր արդյունք, այդ թվում՝ Ստյոպա Մովսիսյանի տունը ու Շուռնուխ գյուղն ամբողջությամբ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության տարածքի մաս: Ցավոք, այսօր նման պատմությունները բազմաթիվ են. նման կոնկրետ օրինակներն են հենց ապացուցում, որ սահմանների որոշման մինչ այս պահը կիրառվող մոտեցումների, GPS կամ Գուգլ քարտեզի (Google Map) մեխանիկական կիրառության պատճառով վտանգվել, իսկ հատկապես սեփականության ու մի շարք այլ իրավունքների դեպքում կոպտորեն խախտվել են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները:  Մարդիկ սեփականության վկայականներով անգամ չեն կարողանում օգտվել իրենց գույքից: Ուստի, Հայաստանի Հանրապետության պետական սահմանների որոշման հարցում նման մեխանիկական մոտեցումները, նման արագությամբ գործընթացները պետք է ուղղակի բացառվեն:  Անհրաժեշտ են մասնագիտական մոտեցումներ, գիտական հետազոտությունների արդյունքներ, տեղում հանձնաժողովային մանրամասն աշխատանքներ, պատշաճ իրավական հիմքեր և այլն:
12:07 - 09 հունվարի, 2021
Նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա ոչ «Մեղրի», ոչ էլ ՀՀ որևէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն. Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա ոչ «Մեղրի», ոչ էլ ՀՀ որևէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշել է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետագա իրագործման իրենց առաջնահերթությունները: «1. Հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործում. ըստ այդմ պետք է տեղի ունենա գերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց, ինչպես նաեւ մարմինների լիարժեք փոխանակում: Մեզ համար կարեւոր է նաեւ տեղի ունեցած ռազմական գործողությունների գոտում ծավալուն որոնողափրկարարական աշխատանքների իրագործումը: 2. Տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում, ինչը նշանակում է ինչպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ եւ տրանսպորտային հաղորդակցություն դեպի Ռուսաստան եւ Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ եւ տրանսպորտային հաղորդակցություն՝ դեպի Նախիջեւան: Կրկին ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա ոչ «Մեղրի» ոչ էլ ՀՀ որեւէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն: Հայաստանից դեպի Ռուսաստան եւ Ադրբեջանից դեպի Նախիջեւան հաղորդակցության երթուղիների ընտրությունը առանձին քննարկման թեմա է, որի արդյունավետության կարեւոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաեւ անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների եւ արդյունավետության բարձրացումը»,- գրել է Փաշինյանը:
11:21 - 08 հունվարի, 2021
Երեկ Շուռնուխի՝ Ադրբեջանին հանձնվող 11 տների բնակիչները թողել են տները. այժմ բանակցություններ են, թե որ զորքը որտեղ է կանգնելու. Շուռնուխի վարչական ղեկավար |tert.am|

Երեկ Շուռնուխի՝ Ադրբեջանին հանձնվող 11 տների բնակիչները թողել են տները. այժմ բանակցություններ են, թե որ զորքը որտեղ է կանգնելու. Շուռնուխի վարչական ղեկավար |tert.am|

tert.am: Երեկ երեկոյան Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրի՝ Ադրբեջանին հանձնվող 11 տների բնակիչներն իրենց տները թողել, իրերից ինչ կարողացել, հավաքել են ու տեղափոխվել: Այս ասաց Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը: «11 ընտանիք է, 12-րդ տունն էլ մնում էր ճանապարհի կողմում, այդ տան անդամներն էլ են դուրս եկել: Մեղվի փեթակները թողել են, ինչ հասցրել են, այն էլ վերցրել են: Հիմա ադրբեջանցիները տեղափոխություններ են անում, իրենց դրոշը դրված է: Իմ տունն էլ է մնացել Ադրբեջանին հանձնվող հատվածում, մեր ընտանիքը տեղավորվել է գյուղապետարանի շենքում, մի մասը՝ գյուղի ազատ տներում, մի մասը տեղափոխվել է Գորիս, Կապան, Երևան»,-ասաց Արշակյանը: Նրա խոսքով՝ այս պահին բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ադրբեջանական զորքերի միջև: Շարունակությունը՝ tert.am-ում։
13:45 - 05 հունվարի, 2021
Շուռնուխում իր տնից դուրս է եկել 12 ընտանիք, 11 տուն անցել է Ադրբեջանի հսկողության տակ, բոլորին կտրվի փոխհատուցում |armenpress.am|

Շուռնուխում իր տնից դուրս է եկել 12 ընտանիք, 11 տուն անցել է Ադրբեջանի հսկողության տակ, բոլորին կտրվի փոխհատուցում |armenpress.am|

armenpress.am: Շուռնուխ գյուղով անցնող Մ2 ավտոմայրուղու ներքևի հատվածում գտնվող 12 տներից 11-ն անցել է Ադրբեջանի հսկողության ներքո, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով 12-րդ տնից ընտանիքը ևս դուրս է եկել: 12 ընտանիքից 9-ն այս պահին տեղավորվել է հենց Շուռնուխում, բոլորին կտրվի փոխհատուցում: Շուռնուխում ստեղծված իրավիճակը պարզաբանեց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը: «11+1 տուն. 11-ն անցել է իրենց, մյուսն էլ ստիպված, շատ մոտ գտնվելով, դուրս է եկել: Այսպիսով փաստացի 12 ընտանիք դուրս է եկել իր տներից: Այդ տները գտնվում են միջպետական Մ2 ավտոմայրուղու արևելյան կամ ներքևի հատվածում»,-ասաց Բաբայանը: 12 տներից դուրս եկածներից մեկը տարեց կին է, այժմ նա տեղափոխվել է Կապան՝ իր աղջկա տուն, մինչև կլուծվի հարցը: Երկու ընտանիք տեղափոխվել է Գորիս՝ իրենց հարազատների տուն: Փոխմարզպետի խոսքով՝ մնացած ընտանիքները տեղավորվել են Շուռնուխում դատարկ տներում: «Երեկ մարզպետի հետ քննարկմանը նրանք խնդրեցին երկու ժամանակավոր տնակ:  Մարզպետն իրենց տրամադրեց այդ երկու տնակները: Եվ այս պահին այդ 12 ընտանիքից 9-ը տեղակայվել է գյուղում»,-ասաց Բաբայանը: Նրա վստահեցմամբ՝ պետությունն այդ ընտանիքներին միանշանակ փոխահատուցում տրամադրելու է: Այս փուլում քննարկվում է, որ հենց Շուռնուխում նոր բնակարաններ կառուցվեն և տրամադրվեն այդ բնակիչներին: «Բայց դա պետք է լինի իրենց հետ համատեղ քննարկման արդյունքում»,-նշեց Բաբայանը: Շուռնուխ գյուղում ընդհանուր առմամբ կա 45 ընտանիք: Այսպիսով նրանցից երկուսն այս պահին Գորիսում է, մեկը՝ Կապանում: Փոխմարզպետի խոսքով՝  բոլոր միջոցները ձեռնարկում են, որ նրանք էլ շատ արագ վերադառնան գյուղ, կարծում է, որ շատ մոտ ապագայում այդ հարցը կլուծվի: «Ամեն ինչ պետք է անենք, որ բնակիչները Շուռնուխում իրենց անվտանգ զգան»,-նշեց Բաբայանը: Նա նաև վստահեցրեց, որ Շուռնուխի տարածքից արոտավայր, խոտհարք կամ վարելահող չի անցնում հակառակորդին: «Բայց քանի որ շուռնուխցիների մի մասն իրենց խոտհարքը կազմակերպում էր Կուբաթլուի տարածքում, այդ առումով բնակիչները խնդիր ունենալու են»,- ասաց Բաբայանն ու հավելեց, որ հակառակորդի հսկողության տակ անցած տների տնամերձերի մասով ևս փոխհատուցում կտրվի:  Փոխմարզապետը վստահեցրեց, որ դպրոցի հետ կապված խնդիր ևս չկա: «Համացանցում  նյութ, նկարներ էին տարածվում՝ գրադարանի հետ կապված: Ուզում եմ տեղեկացնել, որ բոլոր գրքերը տեղափոխվել են, թշնամուն ոչ մի գիրք չի մնացել:  Կար կադր, որում թափված գրքեր էին. գրքերը տեղափոխելու ընթացքում ընդամենը միջադեպ է եղել, գրապահարան է շրջվել, գրքեր են թափվել: Եվ ինչ-որ մեկը պարզապես շտապել է ֆիքսել այդ կադրը և այդպես ներկայացրել»,-ասաց նա: Անդրադառնալով անվտանգությանը՝ փոխմարզպետը պարզաբանեց՝ մայրուղու՝ ադրբեջանական հսկողության տակ անցած հատվածում՝  ճանապարհի ներքևի հատվածում ադրբեջանցիները տեղադրել են վրան և տեղակայվել: «Մայրուղու վերևի հատվածում տեղակայվել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը: Մայրուղու վրա տեղակայվել են ռուս սահմանապահ զորքերը: Կարծում եմ՝ այդ հատվածում մայրուղին լիարժեք անվտանգ է, քանի որ վերահսկսվում է և մեր ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից և ռուս սահմանապահների կողմից»,-ասաց նա:
21:54 - 04 հունվարի, 2021