ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան դարձել է Եվրամիության էներգետիկ համակարգի մաս

Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան դարձել է Եվրամիության էներգետիկ համակարգի մաս

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ավարտվել է ուկրաինական և եվրոպական էներգետիկ համակարգերի միավորումը։ «Ուկրաինան դարձել է Եվրամիության էներգետիկ համակարգի մաս (միացել է ENTSO-E համակարգին-խմբ․,): Ուկրաինայի և եվրոպական էներգետիկ համակարգերի միավորումն ավարտված է: Այժմ մեր էլեկտրաէներգիան հոսում է ԵՄ, իսկ եվրոպական էլեկտրաէներգիան՝ Ուկրաինա», - գրել է Զելենսկին Twitter-ում: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել բոլոր եվրոպացի քաղաքական գործիչներին, որոնց շնորհիվ ԵՄ-ն ու Ուկրաինան «այժմ ունեն միասնական էներգետիկ համակարգ»։ Ավելի վաղ Ուկրաինան հայտարարել էր Ռուսաստանի և Բելառուսի հետ միասնական էներգետիկ համակարգ վերադառնալու մտքից հրաժարվելու որոշման մասին։ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոյի խոսքով՝ փետրվարի 24-26-ին ուկրաինական էներգահամակարգի ինքնավար աշխատանքի փորձարկումը հաջող է անցել և ապացուցել է «մեկուսացված ռեժիմով աշխատելու ունակությունը»։ 2021 թվականի փետրվարին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Կիևը նախատեսում է մինչև 2023 թվականի վերջ անջատվել Բելառուսի և Ռուսաստանի էներգետիկ համակարգերից և ինտեգրվել եվրոպականին։ Ավելի վաղ Naftogaz-ի ղեկավար Յուրի Վիտրենկոն նույնպես նշել էր, որ Ռուսաստանից և Բելառուսից էլեկտրաէներգիայի ներկրումը դադարեցնելու համար Ուկրաինայի միասնական էներգահամակարգը պետք է  համաժամանակացնել (սինխրոնիզացնել) Էլեկտրաէներգիայի փոխանցման համակարգի օպերատորների եվրոպական ցանցի (ENTSO-E) հետ։
18:58 - 16 մարտի, 2022
Նիկոլ Փաշինյանն ու Տոյվո Կլաարը անդրադարձել են ԼՂ-ում ընթացիկ իրավիճակին և լարվածության աճին

Նիկոլ Փաշինյանն ու Տոյվո Կլաարը անդրադարձել են ԼՂ-ում ընթացիկ իրավիճակին և լարվածության աճին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ «Վարչապետը գոհունակություն է հայտնել ՀՀ-ԵՄ գործընկերության դինամիկ զարգացման կապակցությամբ և կարևորել փոխհարաբերությունների ամրապնդմանը միտված ջանքերը: Անդրադառնալով Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարությունը հետևողականորեն առաջ է շարժվում ՀՀ ժողովրդավարական օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ և շնորհակալ է ԵՄ-ին՝ այդ գործընթացին սատարելու համար: ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նշել է, որ Եվրոպական միությունը կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և վերահաստատում է ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունը: Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակին և լարվածության աճին: Տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համատեքստում Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, Հայաստան-Թուրքիա երկխոսության ընթացքի շուրջ: ՀՀ վարչապետը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանային կայունության ամրապնդմանը միտված ջանքերը: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է Բրյուսելում ԵԽ նախագահի և Ֆրանսիայի նախագահի, Սոչիում ՌԴ նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումները և դրանց շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել ակտիվ շփումները»,- նշված է հաղորդագրության մեջ։
14:14 - 15 մարտի, 2022
Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Եվրամիությունը տնտեսական և անհատական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ ի հավելումն նախորդ միջոցների, որոնք կիրառվել էին Ռուսաստանի` Ուկրաինա ներխուժման պատճառով։ Արգելվում են գործարքները ռուսական պետական որոշ ձեռնարկությունների հետ, ներդրումները Ռուսաստանի էներգետիկ ոլորտ, ասված է Եվրախորհրդի կայքում։ Առևտրային սահմանափակումներ են մտցվել նաև պողպատե և երկաթե արտադրանքի ներմուծման, ինչպես նաև շքեղ ապրանքների (luxury goods)՝ Ռուսաստան արտահանման համար։ Վարկանիշային գործակալություններին արգելվել է վարկային վարկանիշի սահմանման ցանկացած ծառայություն մատուցել Ռուսաստանի հետ կապված ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի։ Ընդլայնվել է նաև Ռուսաստանի  պաշտպանական և արդյունաբերական ոլորտի հետ կապված անձանց ցուցակը, որոնց նկատմամբ արտահանման կոշտ սահմանափակումներ են գործում երկակի նշանակության ապրանքների, ինչպես նաև այն ապրանքների և տեխնոլոգիաների մասով, որոնք կարող են նպաստել Ռուսաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտի տեխնոլոգիական կատարելագործմանը։ Բացի այդ` Եվրախորհուրդը որոշել է պատժամիջոցներ սահմանել նաև այն առանցքային օլիգարխների, լոբբիստների և պրոպագանդիստների նկատմամբ, որոնք առաջ են մղում Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ կրեմլյան դիրքորոշումը, ինչպես նաև ավիացիայի, ռազմական, նավաշինական և մեքենաշինական ոլորտների առանցքային ընկերությունների նկատմամբ։ «Պատժամիջոցների այս չորրորդ փաթեթը ևս մեկ հարված է այն տնտեսական և լոգիստիկ բազային, որի վրա հիմնվում էր Ռուսաստանը՝ ներխուժումն Ուկրաինա ապահովելու համար։ Պատժամիջոցների նպատակն այն է, որ նախագահ Պուտինը դադարեցնի այս անմարդկային և իմաստազուրկ պատերազմը»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքական հարցերով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը։ Նորա Վանյան
13:59 - 15 մարտի, 2022
Այս տարի հնարավոր է մեկնարկի նոր քրեակատարողական հիմնարկի շինարարությունը |armenpress.am|

Այս տարի հնարավոր է մեկնարկի նոր քրեակատարողական հիմնարկի շինարարությունը |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը անհրաժեշտ է համարում արագ տեմպերով կառուցել նոր քրեակատարողական հիմնարկ, որը կլուծի թե մարդու իրավունքների պաշտպանության , թե վարչարարության, թե բյուջեի խնայողության հարցերը: Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ այդ ուղղությամբ արդեն իսկ ԵՄ և Գերմանիայի գործընկերների հետ սկսել են նոր ՔԿՀ-ի մոդելավորման աշխատանքները: «Քրեակատարողական հիմնարկի վերանորոգումն  ուղղակի միջոցների վատնում կլինի, դրա փոխարեն պետք է ուղղակի արագ տեմպերով կառուցենք նոր քրեակատարողական հիմնարկ, որը կունենա բոլոր անհրաժեշտ բաժինները, նաև մեծ հիվանդանոցի տեսքով: Այսինքն` նույն կոմպլեքսում կունենանք և բուժհաստատությունը, և բոլոր պահման ռեժիմները: Մենք մեծ նախագիծ ենք սկսել և անցած մի քանի ամիսների ընթացքում մեր գերմանացի գործընկերների հետ, ԵՄ գործընկերների հետ արդեն սկսել ենք մոդելավորման աշխատանքները»,- ասաց Անդրեասյանը: Նա նշեց, որ քրեակատարողական հիմնարկ կառուցելու համար մեծ հողատարածք է հատկացվել Էրեբունի քրեակատարողական հիմնարկի մոտ: «Բավական մեծ հողամաս ունի հենց Արդարադատության նախարարությունը: Ուղղակի այնտեղ հնարավոր է սողանքի խնդիր լինի: Հիմա մենք երկրաբանական հետազոտություն ենք արել, դուրս ենք բերելու արդյունքները: Այսինքն` ունենք մոդելը, որը մի քանի շաբաթվա մեջ եռաչափ և բոլոր տարբերակներով կլինի: Եթե հավանության արժանացրեց Կառավարությունը, այս տարի կսկսենք շինարարությունը: Ֆինանսավորումն էլ ունենք որոշակի չափով` ԵՄ գործընկերներն են հետաքրքրված,նաև կանադացի գործընկերները: Բայց սա այն հարցն է, որի դեպքում պետբյուջեից, եթե ոչ 2022 թվականին, ապա 2023 թվականին կարող ենք ակնկալել լուրջ ներդրում, որովհետև սա լուծելու է և Մարդու իրավունքների պաշտպանության հարցը, և վարչարարության հարցը, և նոր խնայողություն է լինելու մեր բյուջեում»,- եզրափակեց Անդրեասյանը:
15:30 - 14 մարտի, 2022
ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցչին․ կողմերն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցչին․ կողմերն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին

Մարտի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Հանդիպմանը նաև ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ԵՄ Հատուկ ներկայացուցչի աշխատակազմի ղեկավար, քաղաքական հարցերով խորհրդական Բյորն Կունյեն: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԽ գրասենյակը։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին, սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Այս համատեքստում շեշտվել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը: ԱԽ քարտուղարը ներկայացրել է ինչպես հումանիտար ճգնաժամային, այնպես էլ  անվտանգային իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Զրուցակիցներն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:
15:02 - 14 մարտի, 2022
Եվրոպայի հետ աշխատանքներն ընթանում են երկու ուղղությամբ․ առաջինն Ուկրաինայի անդամակցությունն է Եվրամիությանը․ Զելենսկի

Եվրոպայի հետ աշխատանքներն ընթանում են երկու ուղղությամբ․ առաջինն Ուկրաինայի անդամակցությունն է Եվրամիությանը․ Զելենսկի

Իր հերթական ուղերձի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնեց, որ վաղ առավոտից ուկրաինական Մելիտոպոլում մարդիկ ընդդեմ ռուսական զորքերի ցույց են անցկացրել։ Ըստ Զելենսկու՝ քաղաքի հրապարակում ավելի քան 2000 մարդ է եղել։  Ուկրաինայի նախագահն ավելի վաղ՝ իր գիշերվա ելույթի ժամանակ հայտնել էր, որ ռուսական կողմը  գերեվարել է Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆեդորովին։ Նոր ուղերձում Զելենսկին կրկնեց քաղաքապետին բաց թողնելու կոչը։ «Մենք կոչ ենք անում աշխարհի առաջնորդներին՝ Ֆրանսիային, Գերմանիային, Իսրայելին և այլոց, խոսել Մոսկվայի հետ։ Ես անձամբ եմ զանգել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, խոսել եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Մենք աշխարհի առաջնորդներից ակնկալում ենք ցույց տալ, թե ինչպիսի ազդեցություն նրանք կարող են ունենալ այս իրավիճակի վրա, ինչպես կարող են նրանք անել մի պարզ բան՝ ազատել մի մարդու»,- ասաց նա։ Ուկրաինայի նախագահը նշեց, որ իրենք այսօր կրկին հումանիտար օգնություն են ուղարկել Մարիուպոլ։ «Ուկրաինական զորքերն, իրենց հերթին, երաշխավորում են կատարյալ «լռություն» երթուղու ողջ երկայնքով, որ Մարիուպոլը ստանա սնունդ, ջուր ու դեղորայք, և Մարիուպոլի քաղաքացիները կարողնանա գնալ ապահով վայրեր»,- ասաց նա։ Զելենսկին նշեց, որ Մակարիվից, Բորոդյանկայից, Տրոստյանեցից և մի շարք այլ վայրերից մարդասիրական միջանցնքներ են նախապատրաստվել։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը ևս պետք է այս երթուղիներից յուրաքանչյուրի դեպքում երաշխավորի, որ չի կրակի։ Զելենսկին նաև անդրադարձավ Եվրոպայի հետ աշխատանքներին՝ նշելով, որ դրանք ընթանում են երկու ուղղությամբ․ «Առաջինն Ուկրաինայի անդամակցությունն է Եվրամիությանը․ մենք աշխատում ենք Եվրահաձնաժողովի հետ՝ համաձայնացնելու բոլոր գործընթացները՝ որքան հնարավոր է, շուտ ԵՄ-ին միանալու համար։ Երկրորդ ուղղությունը սանկցիաներն են. մենք սպասում ենք ՌԴ-ի դեմ Եվրոպայի սանկցիաների նոր փաթեթին»։ 
18:58 - 12 մարտի, 2022
Միրզոյանը Բորելին ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը

Միրզոյանը Բորելին ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը

Մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:   Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման առթիվ:   Անդրադարձ է կատարվել Արցախում հումանիտար իրավիճակին։ Այս առումով, նախարար Միրզոյանը ընդգծել է Ադրբեջանում անօրինական կերպով պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անվերապահ հայրենադարձման, Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար կառույցների անարգել մուտքի ապահովման անհրաժեշտությունը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության կարևորությունը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան - Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը, գործընկերոջ ուշադրությունը հրավիրել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին։ Երկուստեք կարևորվել է իրավիճակի դեէսկալացիային ուղղված միջոցառումների իրականացումը: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ու կայունության հարցերի:
16:13 - 12 մարտի, 2022