Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահն է։ 

Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:

1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1978թ. ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի  Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնները:

1992-1996թթ․ եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Սուրբ Աթոռում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:

1996-1997թթ․ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

1998-2000թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և, համատեղության կարգով, Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն,  Եվրասիական ամենամյա մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum)  էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) պատվավոր փոխնախագահ, Եվրաատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:

2000-2013թթ․ Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու:

2013-2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

Հրաժարական է ներկայացրել 2022թ. հունվարի 21-ին:

Արմեն Սարգսյանը հանդիպել է ճապոնացի գործարարների հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է ճապոնացի գործարարների հետ

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյում հանդիպել է ճապոնացի գործարարների խմբի հետ: Նախագահ Սարգսյանը գործարարներին ներկայացրել է Հայաստանի ներդրումային ու մրցակցային հնարավորությունները՝ ընդգծելով, որ մեր երկիրը բաց է համագործակցության համար: Նա ասել է, որ Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ և սերտորեն համագործակցելով Եվրամիության հետ, լավ հնարավորություններ է ստեղծում գործարարների համար և կարող է այլ երկրների շուկաներ դուրս գալու կամուրջ հանդիսանալ: Նշելով, որ ներկայումս աշխարհը գտնվում է սրընթաց փոփոխությունների ժամանակահատվածում, նախագահը նկատել է, որ նոր ժամանակաշրջանում էական նշանակություն են ունենալու մարդկային միտքն ու բանականությունը։ «Սա այնպիսի մի ժամանակահատված է, երբ Ճապոնիան իր կրթական, գիտական բարձր մակարդակով, տեխնոլոգիական զարգացվածությամբ առավելություն ունի, բայց սա նաև մի ժամանակահատված է, երբ փոքր երկրները նույնպես, ինչպիսին Հայաստանն է, կարող են լինել հաջողակ: Սա բարձր տեխնոլոգիաների, մաթեմատիկական մոդելավորման, արհեստական բանականության դարաշրջան է: Պարտադիր չէ բնական պաշարներ ունենալ՝ հաջողելու համար, հաջողելու համար բավական է մարդկային միտքն ու փորձառությունը,-նշել է նախագահ Սարգսյանը: -Հայաստանը երկիր է՝ կրթական բարձր մակարդակ ունեցող ժողովրդով: Հայաստանը բաց է աշխարհի համար և, հուսով եմ, որ մենք լուրջ համագործակցություն կունենանք Ճապոնիայի և ճապոնական ընկերությունների հետ»: Նախագահը նշել է, որ պատրաստ է հնարավորինս աջակցել այն ընկերություններին, որոնք հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ: «Հույս ունենք առաջիկայում Հայաստանում ավելի շատ ճապոնական ընկերություններ տեսնել, ինչպես նաև հայկական բիզնես՝ այստեղ»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:
06:11 - 25 հոկտեմբերի, 2019
Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալության նախագահի հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալության նախագահի հետ

Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալություն և հանդիպել գործակալության նախագահ Ֆուկեթա Տոյոշիի հետ։ «Աշխարհում շատ չեն այն երկրները, որոնք ունեն նոու հաու և գիտելիքներ միջուկային էներգիայի և դրա կառավարման, միջուկային անվտանգության միջոցառումների պահպանման վերաբերյալ: Ճապոնիան այդ քիչ երկրներից մեկն է,- ընդգծել է նախագահ Սարգսյանը։- Հարցը մեր երկրի համար շատ զգայուն է. Հայաստանը, ինչպես Ճապոնիան, ունի ատոմային էլեկտրակայան, և խնդիրը շարունակում է մնալ նույնը՝ ինչպե՞ս կառավարել միջուկային վառելիքը և միջուկային թափոնները»: Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալության ղեկավարը նշել է, որ իրենք մշտապես վերազինում են ատոմակայանները և սարքավորումները՝ համապատասխանեցնելով դրանք ռիսկերին, և այս ոլորտում իրենց փորձառությունը կարող է ուսանելի ու օգտակար լինել։ Նա ասել է, որ պատրաստ են այլ երկրների գործընկերների հետ կիսել Ֆուկուսիմա Դաիչի ատոմակայանում տեղի ունեցած վթարի արդյունքում քաղված գիտելիքներն ու դասերը, մասնավորապես, ատոմակայանների անվտանգության բարձրացման հետ կապված փորձը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև բնական աղետներից պաշտպանվելու հնարավորություններին, միջուկային անվտանգության կարգավորումներին, միջուկային վառելիքի և միջուկային թափոնների կառավարման խնդիրներին վերաբերող այլ հարցերի։ Նախագահ Սարգսյանը կարևորել է բնական աղետների կանխարգելման, դրանց հետևանքների վերացման ուղղությամբ համագործակցությունն ու փորձի փոխանակումը: Կողմերը պայմանավորվել են ոլորտի մասնագետների փոխայցելությունների ու փոխանակման ծրագրերի շուրջ։ Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալությունը կառավարությանն առընթեր մարմին է, որը գործում է 2012 թվականից:
09:28 - 24 հոկտեմբերի, 2019
Արմեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի նախագահի հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյում հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Երկու երկրների նախագահները, բազմաթիվ համաշխարհային առաջնորդների հետ, Ճապոնիայի մայրաքաղաքում մասնակցում են կայսր Նարուհիթոյի գահակալության պաշտոնական արարողությանը։ «Մենք լավ հարևաններ ենք, և միշտ էլ հաճելի է հանդիպել բարեկամ երկրի նախագահի հետ»,- ողջունելով Սալոմե Զուրաբիշվիլիին՝ նշել է Հայաստանի նախագահը։ Ընդգծելով, որ հայ և վրացի ժողովուրդները հազարամյակների բարեկամության պատմություն ունեն, որը, վստահաբար, շարունակվելու է նաև հետագա հազարամյակներում, նախագահ Արմեն Սարգսյանն ասել է. «Մենք ունենք համագործակցության շատ լայն սպեկտր և, անկասկած, հսկայական ներուժ։ Մեր համատեղ գործունեության հնարավորությունները շատ ավելի մեծ են, և միասին կարող ենք շատ ավելին անել մեր երկրների ու ժողովուրդների համար»։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր հերթին նշել է, որ երկու ժողովուրդները միասին երկար ճանապարհ ունեն անցնելու, և նրանցից է կախված, թե ինչպես կօգտագործեն տարածաշրջանում առկա մեծ ներուժը։ Նա Հայաստանի իր գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Վրաստան։ Երկու երկրների նախագահները խոսել են տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցության մասին։ Նախագահ Սարգսյանը, մասնավորապես, կարևորել է նախագահական տարբեր նախաձեռնությունների շրջանակում համագործակցությունը, որը կարող է ընդգրկել նոր տեխնոլոգիաների, կրթության ոլորտները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության ու զարգացումների շուրջ։ Նշելով, որ Կովկասը մի տարածաշրջան է, որտեղ խաչվում են տարբեր քաղաքակրթություններ ու մշակույթներ, և բավականին մեծ են փոխգործակցության ու համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները՝ նրանք համաձայնել են, որ միմյանց նկատմամբ հարգանքը, հանդուրժողականությունն ու կայունությունն առաջընթացի կարևոր և անհրաժեշտ պայման են:
07:50 - 23 հոկտեմբերի, 2019
Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերբիայի վարչապետի հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերբիայի վարչապետի հետ

Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչի հետ: Ինչպես հայտնում եևևն ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի նախագահն արդյունավետ է գնահատել վերջերս Սերբիա կատարած պաշտոնական այցը և ձեռք բերված գործնական պայմանավորվածությունները։ Նա ևս մեկ անգամ ողջունել է սերբական կողմի որոշումները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման և Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության դեսպանության բացման վերաբերյալ՝ նշելով, որ դրանք կարևոր քայլեր են երկու երկրների հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ։ Հայաստանի նախագահը և Սերբիայի վարչապետը վերահաստատել են Բելգրադում ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես անդրադարձել սերբական Նովի Սադ քաղաքում ամեն տարի անցկացվող երաժշտական EXIT փառատոնին զուգահեռ՝ հայկական «Սևան ստարտափ» փառատոն անցկացնելու մտադրությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությանը։ Վարչապետ Բռնաբիչն ասել է, որ առաջիկայում Հայաստան կայցելի սերբական պատվիրակությունը՝ տեղում ծանոթանալու համագործակցության ուղղություններին ու հնարավոր ծրագրերին։ Սերբիայի վարչապետը նաև տեղեկացրել է, որ մի քանի օրից՝ հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կստորագրի Սերբիայի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։ «Ուրախ եմ, որ դա տեղի կունենա այն շրջանում, երբ Հայաստանի Հանրապետությունը նախագահում է ԵԱՏՄ-ում»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը՝ վստահություն հայտնելով, որ այն նոր առևտրային հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Սերբիայի համար:  
08:55 - 22 հոկտեմբերի, 2019
Համագործակցության ներուժը բավականին մեծ է․ Արմեն Սարգսյանը հանդիպել է Էստոնիայի նախագահին

Համագործակցության ներուժը բավականին մեծ է․ Արմեն Սարգսյանը հանդիպել է Էստոնիայի նախագահին

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդի հետ: Երկու երկրների նախագահները խոսել են փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ, համաձայնել, որ ներուժը բավականին մեծ է, և երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել մի շարք ոլորտներում։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի համար հետաքրքիր և օգտակար կարող են լինել տարբեր ոլորտներում Էստոնիայի անցած ճանապարհն ու կուտակած փորձը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն օրակարգին, մասնավորապես Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը։ Ընդգծելով մարդկանց միջև շփումների խթանման անհրաժեշտությունը՝ նախագահ Սարգսյանն այդ համատեքստում կարևորել է Եվրամիության երկրների մուտքի արտոնագրերի ազատականցման ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը։ Նախագահները խոսել են նաև երկու երկրների նախագահական կառույցների միջև փոխգործակցության, մասնավորապես, փորձի փոխանակման ծրագրերի իրականացման վերաբերյալ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն արդեն նման ծրագրեր իրականացնում է այլ երկրների հետ։ Էստոնիայի նախագահ Կալյուլայդը հետաքրքրվել է Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող զարգացումների և իրավիճակի վերաբերյալ Հայաստանի նախագահի դիրքորոշմամբ։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ պայմանավորված մերձավորարևելյան տարածաշրջանում պատմականորեն ունեցած կապերով և տարածաշրջանում հայ համայնքի ներկայությամբ՝ Հայաստանը մշտապես ուշադրությամբ է հետևում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և փորձում է իր նպաստը բերել մարդասիրական նախաձեռնություններին: Մտահոգություն արտահայտելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ Հայաստանի նախագահն ասել է, որ միջազգային հանրությունը գործուն միջոցներ պետք է ձեռնարկի Թուրքիայի գործողությունները դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։
06:52 - 22 հոկտեմբերի, 2019
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել YPO անդամ գործարարների խմբի հետ

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել YPO անդամ գործարարների խմբի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաճաշ-հանդիպում է ունեցել YPO միջազգային ցանցի անդամ գործարարների խմբի հետ, որոնք ներկայացված են ԱՊՀ երկրներում, Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ասիայում: Որպես համագործակցության արդյունավետ հարթակ՝ YPO-ն միավորում է տարբեր ոլորտների գործարարների աշխարհի շուրջ 130 երկրներից: Նախագահ Սարգսյանը ողջունել է գործարարների այցը Հայաստան և ներկայացրել մեր երկրի ներդրումային հնարավորություններն ու մրցակցային առավելությունները: Նա մասնավորապես նշել է, որ Հայաստանը, լինելով երիտասարդ պետություն, նման է ստարտափի, որը մեծ հավակնություններ, զարգացման լուրջ հնարավորություններ ու ներուժ ունի: Նախագահի խոսքով՝ տնտեսական փոխգործակցության առումով ևս մեր երկիրը հետաքրքիր դիրքում է, քանի որ լինելով ԵԱՏՄ անդամ՝ սերտորեն համագործակցում է Եվրամիության հետ: Նախագահը ողջունել է Հայաստանի հետ համագործակցության մտադրություններն ու ծրագրերը՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել դրանց:
11:26 - 19 հոկտեմբերի, 2019
Երևանը լայնաժպիտ կանչում ու մեծահոգաբար ընդունում է բոլորիս․ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Երևանի օրվա առթիվ

Երևանը լայնաժպիտ կանչում ու մեծահոգաբար ընդունում է բոլորիս․ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Երևանի օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ երևանցիներ, սիրելի՛ հայրենակիցներ աշխարհի տարբեր կողմերում, Երևանի հարգելի՛ բարեկամներ ու հյուրեր, այսօր ամենայն հայոց մայրաքաղաքի տոնն է՝ Երևանի օրը: Մեզնից յուրաքանչյուրն ունի իր Երևանը, որոնք միանում ու դառնում են մեկն ու միակը: Երևանը բոլորինս է, աշխարհի որ կետում էլ գտնվենք: Երևանի պատմամշակութային ժառանգությունը մեր արժեքների անբաժանելի մասն է: Այն պետք է պահպանել ու փոխանցել սերնդեսերունդ՝ որպես հպարտություն, որպես ազգային կենսունակության վկայություն, ոգեշնչման անփոխարինելի աղբյուր: Երևանը կարելի՛ է սիրել և պե՛տք է սիրել նաև նրա հանդեպ հոգատար ու սրտացավ լինելով: Երևանը միայն արտաքուստ է քարի քաղաք: Իրականում այն չափազանց նուրբ է ու զգայուն: Երևանը հիշողություն ունի: Երևանը լայնաժպիտ կանչում ու մեծահոգաբար ընդունում է բոլորիս: Երևանը ներողամիտ է, նույնիսկ նրա հանդեպ, ով նեղացած կամ տխուր է հեռացել՝ մեկ օր, մեկ ժամ, մեկ տարի կամ երեսուն տարի առաջ: Երևանն այսօր ևս մեկ էջ է ավելացնում շուրջ երեքհազարամյա իր պատմությանը: Այդ պատմությունը գրվում է ամեն մեկիս միջոցով՝ մեր աշխատանքի, մեր վերաբերմունքի, արարումի, խոհի միջոցով՝ հայրենիքում կամ նրա սահմաններից դուրս: Սիրե՛նք Երևանը, ամեն Աստծո օր մի միտք, մի երազանք, մի գաղափար հղանանք, դրանք գործ ու իրականություն դարձնենք՝ հանուն Երևանի ու երևանցու, հանուն Հայաստանի և համայն հայության: Տոնդ շնորհավոր, Երևա՛ն, իմ սե՛ր»:
06:21 - 19 հոկտեմբերի, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով աշխարհահռչակ «Airbus»-ի բարձրաստիճան պատվիրակությունը կժամանի Հայաստան

Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով աշխարհահռչակ «Airbus»-ի բարձրաստիճան պատվիրակությունը կժամանի Հայաստան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 15-ից 18-ը Հայաստան են այցելելու աշխարհահռչակ «Airbus» ընկերության պաշտպանական և տիեզերական հարցերով փոխնախագահ Լիոնել Շամփոան և տարածաշրջանային պատասխանատու Վսեվոլոդ Կազակովը: Նախագահ Սարգսյանի առաջին հանդիպումն ընկերության ղեկավարության հետ կայացել էր դեռեւս այս տարվա հունիսին Լը Բուրժեում անցկացված՝ Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում. Արմեն Սարգսյանն այցելել էր ընկերության տաղավար, հանդիպել ղեկավարության հետ: Հենց այստեղ էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստան այցելության և համագործակցության հնարավորությունների շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ: «Airbus»-ը համաշխարհային տիեզերաօդային ոլորտի առաջատար ընկերություններից է, և Հայաստան այցի շրջանակում «Airbus»-ի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկելու են մեր երկրի ոլորտային արդյունաբերությանն աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները: Ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի հետ կրթական ծրագրերի իրականացմամբ, հայաստանյան ինստիտուտների հետ համագործակցության հաստատմամբ: Մասնավորապես, «Airbus»-ը պատրաստակամություն է հայտնել կրթական և վերապատրաստման ծրագրեր իրականացնել առաջատար ֆրանսիական տիեզերաօդային համալսարանի՝ Ավիացիայի և տիեզերքի Ազգային բարձրագույն դպրոցի մասնակցությամբ: Օդանավերի արտադրությամբ զբաղվող «Airbus» ընկերությունը խոշորագույն ավիացիոն և տիեզերական ընկերությունն է Եվրոպայում: Այստեղ մշտապես կարևորում են նորարարական լուծումների և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում թռիչքների ապագայի համար:
08:32 - 15 հոկտեմբերի, 2019
Հայաստանը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև լավ կամուրջ է․ Ուլֆ Շնայդերը՝ Արմեն Սարգսյանին

Հայաստանը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև լավ կամուրջ է․ Ուլֆ Շնայդերը՝ Արմեն Սարգսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է գերմանական հայտնի «Շնայդեր գրուպ» ընկերության հիմնադիր Ուլֆ Շնայդերին: Ընկերությունը գրասենյակ ունի Երևանում, որը խորհրդատվական ծառայություններ է մատուցում բիզնեսի զարգացման ոլորտում՝ ակտիվացնելու ներդրումների ներգրավումը: Հանդիպմանը Ուլֆ Շնայդերը հանրապետության նախագահին տեղեկություններ է ներկայացրել «Լիսաբոնից Վլադիվոստոկ» կոչվող նախաձեռնության մասին՝ նշելով, որ այն նպատակ ունի սերտացնել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև տնտեսական կապերն ու համագործակցությունը: Նա առաջարկել է նախաձեռնության կոնֆերանսը հաջորդ տարի կազմակերպել Հայաստանում: «Հայաստանը Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև լավ կամուրջ է: Ինքս մասնակցում էի այս ամռանը Դիլիջանում անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողովին», ոգեշնչված եմ այդ համաժողովով, և կարծում եմ՝ Հայաստանը լավ վայր է այս միջոցառումը հյուրընկալելու համար»,-նշել է Շնայդերը: Նա տեղեկացրել է, որ օրերս Բրյուսելում կայացել է նախաձեռնող խմբի հանդիպումը, որին մասնակցել են ինչպես Եվրոպական հանձնաժողովի, այնպես էլ ԵԱՏՄ ներկայացուցիչներ: Նախագահ Սարգսյանը ողջունելի է համարել նման նախաձեռնությունը՝ նշելով, որ պատրաստ է հնարավորինս աջակցություն ցուցաբերել միջոցառման իրականացմանը:
12:18 - 11 հոկտեմբերի, 2019
Հայաստանը մի մեծ ստարտափ է․ նախագահը՝ «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» համաժողովին

Հայաստանը մի մեծ ստարտափ է․ նախագահը՝ «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» համաժողովին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մասնակցել է Եվրամիության Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված՝ «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» խորագրով համաժողովին: Այն կազմակերպվել էր արտաքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների համատեղ ջանքերով: Միջոցառմանը մասնակցում էին նաև ԵՄ անդամ երկրների և Արևելյան գործընկերության երկրների՝ կրթության, երիտասարդության և նորարարության հարցերով զբաղվող պաշտոնյաներ, «Եվրոպական երիտասարդ դեսպաններ ծրագրի» մասնակիցներ: Հանդես գալով ելույթով՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել համաժողովը Հայաստանում կազմակերպելու համար: «Երբ ես արտերկրում իմ երկիրն եմ ներկայացնում, երբեմն մտածում եմ, թե ես ստարտափի նախագահ եմ: Հայաստանը մի մեծ ստարտափ է, Հայաստանը շատ հարուստ և հազարավոր տարիների պատմություն ունի, բայց այսօր Հայաստանը ստարտափ է: Շատերը մտածում են, որ մենք շատ ավելի մեծ ներուժ ունենք, քան իրականում օգտագործում ենք, դա հենց ստարտափի նկարագրությունն է: Հայաստանը ստարտափ է, և նրա հնարավորությունները բազմաթիվ են: Համոզված եմ, որ մենք հաջողության կհասնենք»,-նշել է նախագահը: Անդրադառնալով համաժողովի խորագրին՝ «Ապրել խելացի», Արմեն Սարգսյանը նշել է, որ 21-րդ դարում խելացի ապրելը ոչ միայն թվային արվեստի համակցումն է, այլև ամեն ինչ համակցելը: Դիմելով համաժողովի երիտասարդ մասնակիցներին՝ նախագահը հորդորել է. «Խելացի ապրելը շատ ավելի լայն հասկացություն է: Ես քաջալերում եմ երիտասարդ սերնդին ապրել խելացի, կրթությունը ճիշտ օգտագործել, հնարավորինս շատ բան սովորել: Ֆիզիկապես խելացի ապրելու սովորություն ունեցեք, մարզվեք, ուշադիր եղեք սննդակարգին, բայց մնացեք երիտասարդ, ինչպես Շառլ Ազնավուրը 94 տարեկանում, ում վերջին համերգը մահվանից մի քանի օր առաջ էր տեղի ունեցել: Խելացի ապրեք Քըրք Քըրքորյանի նման, ով իր վերջին բիզնես գործարքն արել էր մահվանից երկու օր առաջ: Կյանքն ապրեք որպես երիտասարդ մարդ, որովհետև երիտասարդ լինելը տարիքի հետ կապված չէ»: Նախագահի խոսքով՝ որպես պետություն և ազգ խելացի ապրելը բոլորի ուժերի համադրումն է՝ երիտասարդների և բոլոր նրանց, ովքեր իրենց երիտասարդ են համարում: Նա կարևորել է տարբեր սերունդների գործընկերությունը, նշելով. «Կարծում եմ՝ իսկական ապագան գործընկերությունն է տարբեր սերունդների միջև, հատկապես նրանց, ովքեր մտածում, ապրում, գործում են ինչպես երիտասարդ: Ողջ ազգին քաջալերում եմ մասնակից լինել այս գործընթացին: Երբ խոսվում է կրթության մասին, միշտ ասվում է՝ նախ, պետք է ուսուցիչ, ով պետք է դասավանդի: Չես կարող ունենալ միայն դպրոց աշակերտներով, պետք է ունենաս ուսուցիչներ: Այդ դպրոցները նրանք են, որոնք համայնքի պես են ապրում, իրար հասկանում են: Եթե դա չես հասկանում, ապա չես կարող հաջորդ սերնդին սովորեցնել, քանի որ մի քիչ տարբեր են քեզնից»: Նախագահ Սարգսյանը նկատել է, որ շատ առումներով Եվրամիությունը կարող է օգտվել Հայաստանի պես պետությունների հետ աշխատելուց: «Մեր ազգը հավատում է ապագային, կարողանում է փոփոխությունների հասել, փոփոխություններ, որոնք կզարմացնեն ուրիշներին: Մեր ազգը լի է հույսով և խանդավառությամբ, հավատով դեպի ապագա, ուստի, կարծում եմ, որ մեզ հետ գործընկերությունը կօգնի նաև Եվրոպային, որպեսզի նա մնա երիտասարդ, սովորի մեզնից, մեր կենսափորձից: Ժամանակը կանգ չի առել, չկա վերջին կանգառ: Մենք Եվրոպան դիտարկում ենք որպես գործընկեր, ում հետ կարող ենք միասին սովորել, գաղափարներ հղանալ,-ավելացրել է նախագահը՝ նկատելով, որ պահանջները փոխվում են նաև թվային աշխարհում և նույն Եվրոպան թվային աշխարհում շատ բան պետք է սովորի մյուսներից: -Ես պատրաստ եմ շարունակել օժանդակելու ձեզ՝ ԵՄ երիտասարդ դեսպաններիդ, որպեսզի ԵՄ-ն ավելի երիտասարդ դառնա, ունենա 21-րդ դարի արժեքներ: Այս աշխարհը փոխվում է: Հիմա մարդկանց ձայնը լսելի է ամեն րոպե: Պետք է բոլոր ոլորտներում խելացի ապրել, ես պատրաստ եմ աջակցել գործընկերների հետ համագործակցությանը, խրախուսել երիտասարդ սերնդին, որ ակտիվորեն մասնակից լինեն այս ստարտափ պետության զարգացմանը»: Նախագահ Սարգսյանն այնուհետև հարցուպատասխանի ձևաչափով զրուցել է համաժողովի մասնակիցների հետ: Պատասխանելով մարտահրավերների մասին հարցին՝ նախագահը նշել է, որ ստարտափները, որպես կանոն, սկսվում են մի քանի մարդկանցով, ովքեր ունեն գաղափար, որին հավատում են, սակայն փոքր ստարտափը հաջողակ դարձնելու համար միայն գաղափարը բավարար չէ, պետք է ունենալ տեսլական: Նա կարևոր գործոններ է համարել կրթությունը, այսինքն՝ հաջորդ սերնդի պատրաստումը, ինչպես նաև համապատասխան միջավայրի ստեղծումը. «Չես կարող ունենալ ստարտափ առանց անհրաժեշտ միջավայրի: Հայաստանում թվային համակարգը զարգացնելու համար պետք է խոշոր ընկերություններին բերել հետազոտություն իրականացնելու այստեղ: Նրանց ներկայությունը ճիշտ միջավայր է ստարտափների համար: Շատ կարևոր է, որ ոչ միայն աշխարհն իմանա մեր մասին, այլև մենք իմանանք աշխարհի մասին»: Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ նախագահական ինստիտուտը սկսել է մի նախաձեռնություն, որը կոչվում է ATOM, և որի շրջանակում նախատեսվում է խոշոր ընկերությունների՝ IBM, Thalles, Dassault, բերել Հայաստան՝ հետազոտական աշխատանքներ անելու: «Դա երիտասարդ սերնդին կօգնի ապրել ճիշտ միջավայրում, որտեղ կարող են սովորել խոշոր ընկերություններից: Մենք պետք է ինտեգրենք նաև երկիրը: Այս երկիրը չի սահմանափակվում միայն Երևանով, դրանից դուրս ևս կան տաղանդավոր մարդիկ: Դրա օրինակն է Լոռիի COAF-ը,-ընդգծել է նախագահը:- Հավատացած եմ, որ ապագայում շատ մարտահրավերներ են լինելու, բայց մի մոռացեք, որ ցանկացած մարտահրավեր հնարավորություն է: Դուք կարող եք ձեր կյանքն ու հաջողությունը կառուցել մարտահրավերի ու հնարավորության վրա, և դա երկիրն ավելի ամուր կդարձնի»:
11:15 - 09 հոկտեմբերի, 2019
Հայաստանի կրթական համակարգը բիզնեսին անհրաժեշտ կադրերով չի ապահովում. ՀՀ նախագահ |news.am|

Հայաստանի կրթական համակարգը բիզնեսին անհրաժեշտ կադրերով չի ապահովում. ՀՀ նախագահ |news.am|

news.am։ Հայաստանի կրթական համակարգը բիզնեսին անհրաժեշտ կադրերով չի ապահովում, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների եւ մաթեմատիկայի ոլորտի մասնագետներով: Հոկտեմբերի 9-ին Երեւանում ընթացող «Խելացի ապրել. ուժեղացնել երիտասարդներին» թեմայով համաժողովում, որը նվիրված է «Արեւելյան գործընկերության» տասնամյակին, իր ելույթում ասաց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Նրա խոսքով՝ սա գլխավոր խնդիրներից մեկն է, եւ անհրաժեշտ է զբաղվել կրթության ոլորտում ներդրումներով, որոնք կոնկրետ ուղղվածություն կունենան՝ այն բանի հստակ ընկալմամբ, թե ինչ մասնագետներ են անհրաժեշտ: «Հակառակ դեպքում ինչ-որ պահի կհասկանանք, որ չկան անհրաժեշտ կադրեր, որոնք կկարողանային զարգացնել սթարթափները, կամ էլ կարող ենք բախվել «ուղեղների արտահոսքի» հետ»,- նշեց նա:
09:18 - 09 հոկտեմբերի, 2019
Երևանում մեկնարկել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովը |shantnews.am|

Երևանում մեկնարկել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովը |shantnews.am|

shantnews.am։ Երևանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում այսօր առավոտյան մեկնարկել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված՝ «Ապրել խելացի, հզորացնել երիտասարդներին» խորագրով համաժողովը: Նախաձեռնության հեղինակները ՀՀ արտաքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններն են: Բացման խոսքով հանդես են եկել ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և այլ պաշտոնյաներ: Համաժողովին հրավիրված են ինչպես հայաստանյան, այնպես էլ Արևելյան գործընկերության մասնակից երկրների պաշտոնյաներ ու դիվանագետներ: Ելույթով է հանդես եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ Արևելյան գործընկերության ծրագրի 10 տարվա ընթացքում հսկայական ներուժ է կուտակվել երիտասարդության մեջ, որպեսզի կարողանա իրագործել հատկապես տեխնոլոգիական ոլորտներում իր հմտությունները: Այդ առումով ՀՀ նախագահը շեշտել է եվրոպական առաջատար ընկերությունների հետ համագործակցությունն ու փորձի փոխանակումը: Քննարկվել են նաև կրթությանը, ձեռնարկատիրությանը, երիտասարդությանը, ստեղծարար մտածողությանը, թվայնացմանն ու խելացի մասնագիտացումներին վերաբերող հարցեր:
09:14 - 09 հոկտեմբերի, 2019
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանի գլխավորած պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի բժիշկ Ջոն Բիլեզիկյանի գլխավորած պատվիրակությանը, որի անդամները Հայաստանում մասնակցելու են օստեոպորոզի հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովին: «Հյուրերը ներկայացրել են գիտաժողովի նպատակը, նշել խնդրի վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացման կարևորությանը, այդ նպատակով հատկապես երիտասարդների շրջանում և Հայաստանի մարզերում կրթական ծրագրերի իրականացման անհրաժեշտությանը: Նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է պրոֆեսոր Բելեզիկյանի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև կարևորել է Հայաստանում արդեն երկու տարի գործող Օստեոպորոզի կենտրոնի գործունեությունը»,- ասված է հաղորդագրությունում:  
08:26 - 08 հոկտեմբերի, 2019
Արմեն Սարգսյանի նոր խորհրդականը կզբաղվի Պուտինի հետ հարաբերություններն ակտիվացնելով |civilnet.am|

Արմեն Սարգսյանի նոր խորհրդականը կզբաղվի Պուտինի հետ հարաբերություններն ակտիվացնելով |civilnet.am|

civilnet.am։ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի գլխավոր խորհրդական է նշանակվել Ռուսաստանի քաղաքացի Գեորգի Ասատրյանը, հաղորդում է ռուսական «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները։ Ըստ թերթի՝ Ասատրյանը պետք է զբաղվի Սարգսյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների ամրապնդմամբ, ինչպես նաև երկու երկրների նախագահների աշխատակազմերի միջև շփումների ակտիվացմամբ։ «Կոմերսանտի» զրուցակիցներն ասել են, որ Գեորգի Ասատրյանին նշանակելու որոշումն ընդունվել է հոկտեմբերի 1-ին Վլադիմիր Պուտինի երևանյան այցից հետո։Թերթը նշում է, որ Արմեն Սարգսյանը երկրի ներքաղաքական գործընթացներում յուրատեսակ ստաբիլիզատոր է, որը, չնայած սահմանափակ լիազորություններին, արտաքին քաղաքականության ասպարեզում մեծ ազդեցություն ունի։ Գեորգի Ասատրյանը պատմական գիտությունների թեկնածու է, Աֆղանստանի և ԱՄՆ-ի՝ Մերձավոր Արևելքում հակաահաբեկչական գործողությունների մասնագետ։ Նրա թեկնածուական աշխատանքի գիտական ղեկավարը եղել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ, ՖՍԲ-ի գեներալ Վասիլի Խրիստոֆորովը։ Ասատրյանը ելույթներով է հանդես եկել «Վալդայ» ակումբում և Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդում։
06:01 - 08 հոկտեմբերի, 2019