ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

ԿԳՄՍՆ-ն նախադպրոցական հաստատությունների աշխատողների արձակուրդի, աշխատանքի և հանգստի առանձնահատկությունների վերաբերյալ նոր նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման |tert.am|

ԿԳՄՍՆ-ն նախադպրոցական հաստատությունների աշխատողների արձակուրդի, աշխատանքի և հանգստի առանձնահատկությունների վերաբերյալ նոր նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման |tert.am|

tert.am: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատողների ամենամյա արձակուրդի, աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները կարգավորող նախագիծը։ Ըստ նախագծի՝ առաջարկվում է 36-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների աշխատաժամանակի ռեժիմը կարգավորել ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոններով։ Հաշվի են առնվելու ուսումնական գործընթացի մասնակիցների անհատական և խմբային խորհրդատվական աշխատանքի կատարումը, որը չի կարող գերազանցել շաբաթական աշխատաժամանակի տևողության կեսը, ինչպես նաև մասնագետի անհատական և խմբային խորհրդատվական աշխատանքներին նախապատրաստվելու, ստացված արդյունքների մշակման, վերլուծության, փաստաթղթերի լրացման, որակավորման բարձրացման համար պահանջվող ժամանակը: Աշխատաժամանակի հաշվարկը կատարվում է՝ ըստ նախադպրոցական կրթական հաստատություններում (խմբերում) սաների մինչև 12 ժամ մնալու իրողության։ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում էլ աշխատաժամանակի ռեժիմը որոշվում է` հաշվի առնելով յուրաքանչյուր դաստիարակի կողմից դասավանդման աշխատանքի կատարումը` յուրաքանչյուր շաբաթ 36 ժամվա հաշվարկով։ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում աշխատաժամանակի ռեժիմը որոշվում է` հաշվի առնելով յուրաքանչյուր դաստիարակի դասավանդման աշխատանքի կատարումը` յուրաքանչյուր շաբաթ 43 ժամվա հաշվարկով: Նախադպրոցական ուսումնական հաստատությունների երաժշտության դաստիարակների (երաժշտական ղեկավարների) համար սահմանվում է աշխատանքային տարբերվող ռեժիմ՝ շաբաթական 24 ժամ։ Նշենք, որ ուսումնական հաստատությունների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանված են ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման 5-րդ հավելվածով: Վերոնշյալ հավելվածում բացակայում են մանկավարժական որոշ աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները, ինչպես նաև ներառված չէ նախադպրոցական ուսումնական հաստատությունների 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում դաստիարակների աշխատաժամանակի ռեժիմը: Ըստ այդմ՝ առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 201-Ն որոշման 5-րդ հավելվածում՝ ներառելով համապատասխան կարգավորումները։ Նախագիծը e-draft.am հարթակում հրապարակվել է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին։ Շահագրգիռ կառույցները, մասնագետներն ու քաղաքացիներն իրենց առաջարկներն ու դիտարկումները կարող են ներկայացնել մինչև 2021 թվականի հունվարի 15-ը։
17:34 - 06 հունվարի, 2021
Դպրոցականների ձմեռային արձակուրդի ժամկետները փոխվել են

Դպրոցականների ձմեռային արձակուրդի ժամկետները փոխվել են

Փոփոխվել են դպրոցականների ձմեռային արձակուրդի ժամկետները։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունից։ «Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի դեկտեմբերի 30-ի N 49-Ն հրամանի՝ 1-ին և 2-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի մինչև հունվարի 10-ը, ինչպես սահմանված էր 3-12-րդ դասարանների սովորողների դեպքում: Այսինքն՝ բոլոր աշակերտների համար դասապրոցեսը կվերսկսվի հունվարի 11-ից՝ հաշվի առնելով աշնան ամիսներին ունեցած մեկ ամիս դադարը, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի՝ ներկայումս նվազող թվերը և առաջիկա ամիսներին կանխատեսվող հնարավոր նոր ալիքը: Սահմանված ժամկետների փոփոխության նպատակն է խուսափել հունիս ամսվա ընթացքում առաջին և երկրորդ դասարանցիների դասապրոցեսի կազմակերպումից, ինչը կարող է խնդրահարույց լինել շոգ եղանակին դիմակների կրման պարագայում։ Նշենք, որ այս հարցով դպրոցների շրջանում իրականացվել է առցանց հարցում: Գարնանային արձակուրդի ժամկետը մնում է անփոփոխ. 1-ին դասարանցիների համար սահմանված է 2021 թ. մարտի 22-ից ապրիլի 4-ը ներառյալ, 2-րդ դասարանցիների համար՝ մարտի 22-ից 28-ը ներառյալ, 3-12-րդ դասարանցիների համար գարնանային արձակուրդ նախատեսված չէ:  Հավելենք, որ համաձայն նույն հրամանի՝ այն դպրոցներին, որտեղ դասարաններում աշակերտների թիվը մինչև քսան է, և դասապրոցեսն ընթանում է առանց խմբերի բաժանելու, հնարավորություն է տրվել ուսումնական գործընթացն իրականացնել հնգօրյա ռեժիմով, այսինքն՝ պետական ուսումնական հաստատություններում շաբաթվա 5-օրյա կամ 6-օրյա տևողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատություններում՝ հիմնադիրը»,- ասվում է հայտարարության մեջ:
21:40 - 02 հունվարի, 2021
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին

 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 30-ին ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին և փոխնախարար Կարեն Գիլոյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի ղեկավարը կարևորել է երկու ԿԳՄՍ նախարարությունների միջև ներդաշնակ և արդյունավետ աշխատանքի կազմակերպումը: Նա նշել է, որ չնայած հետպատերազմյան շրջանի դժվարություններին՝ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայելու Հանրապետությունում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի զարգացման գործում՝ ներգրավելով տարբեր անհրաժեշտ միջոցներ և ստեղծելով համապատասխան պայմաններ: Նախագահի խոսքով՝ դպրոցականների ու ուսանողների հիմնական մասն արդեն վերադարձել է, և բնակարանային խնդիրների լուծմանը զուգահեռ նրանց թիվը զգալիորեն կաճի: Նախարար Դումանյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին՝ ջերմ ընդունելության համար և հայտնել իր՝ առկա համագործակցությանը նոր որակ հաղորդելու պատրաստակամությունը: Վահրամ Դումանյանը նշել է նաև, որ ամանորյա արձակուրդները կանցկացնի Արցախում: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը և ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:
20:32 - 30 դեկտեմբերի, 2020
Թանգարանները բաց կլինեն տոնական օրերին

Թանգարանները բաց կլինեն տոնական օրերին

Ամանորի տոնական օրերին` հունվարի 2-4-ը՝ ժամը` 12:00-18:00, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններն իրենց դռները կբացեն այցելուների առջև: Այս մասին տղեկացրին ԿԳՄՍՆ-ից։ Կից ներկայացնում ենք տոնական օրերին աշխատող թանգարանների ցանկը. 1. «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ 2. «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ /Մասնաճյուղեր/ 3. «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ 4. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ 5. «Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)» ՊՈԱԿ 6. «Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ 7. «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ 8. «Ե. Չարենցի տուն-թանգարան» ՊՈԱԿ 9. «Հ. Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ 10. «Ա. Սպենդիարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ 11. «Մ. Սարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ 12. «Ե. Քոչարի թանգարան» ՊՈԱԿ 13. «Ա. Խաչատրյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ 14. «Ս. Փարաջանովի թանգարան» ՊՈԱԿ 15. «Ավ. Իսահակյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ 16. «Խ. Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ 17. «Հրազդանի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ 18. «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» ՊՈԱԿ 19. «Ն. Ադոնցի անվ. Սիսիանի պատմ. թանգարան» ՊՈԱԿ
18:12 - 30 դեկտեմբերի, 2020
ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն այցելել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՝ ծանոթանալու կենտրոնի շենքային պայմաններին և զորակցելու բուժում ստացող զինվորներին: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը ներկայացրել են կառույցը, սրահները, որտեղ իրականացվում է զինվորների բուժման ընթացքը, սարքերը, որոնցով վերջին տարիներին համալրվել է կենտրոնը, քննարկվել են առաջիկա անելիքները և լուծում պահանջող հրատապ խնդիրները: Ինչպես ներկայացրել է Ա. Մուրադյանը, Զինվորի տունը հագեցած է ժամանակակից վերականգնողական սարքերով և իր հնարավորություններով տարածաշրջանում եզակի կենտրոն է։ Բացի վերականգնողական ծառայություններից ու բուժօգնությունից՝ կենտրոնում զինվորական հաշմանդամություն ունեցող անձինք ստանում են նաև հոգեբանական աջակցություն, մասնակցում ուսումնական ծրագրերի, լուծվում են նրանց սոցիալական ինտեգրման և զբաղվածության հարցերը։ Նախարար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել կենտրոնի աշխատակազմին անձնվեր աշխատանքի և մեր օրերում այդ կարևոր գործն իրականացնելու համար՝ նշելով, որ յուրաքանչյուր զինվորի կյանք անփոխարինելի է բոլորիս համար: Նախարարը և նախարարի տեղակալը նաև շրջել են հիվանդասենյակներով, ծանոթացել ու զրուցել զինվորների հետ: «Ես դեռևս չեմ կարողանում քայլել, բայց ամեն առավոտ հավաքում եմ իմ անկողինը, իսկ շատերը քայլում են, բայց ծուլանում են անգամ անկողինը հավաքել. ո՞վ է մեզանից հաշմանդամը»,- զրույցի ընթացքում հումորով ասել է բուժման կուրս անցնող զինվորներից մեկը՝ Հենրին: Նշենք նաև, որ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը Հովհաննես Թումանյանի, Ռուսական արվեստի թանգարանների և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի կողմից Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գրադարանին նվիրել է արժեքավոր գրքեր:
19:22 - 29 դեկտեմբերի, 2020
Մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգը հաստատվել է

Մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգը հաստատվել է

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է «Հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը»: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:  Սովորողների և մանկավարժների համար 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխություններով առաջարկվող բարելավումներն են. Կփոխհատուցվի սովորողների տրանսպորտային ծառայությունների ծախսը՝ անկախ հեռավորությունից, եթե աշակերտը, իր փաստացի բնակության վայրում ուսումնական հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում տվյալ կրթական ծրագրի բացակայությամբ պայմանավորված, ուսումը ստանում է այլ բնակավայրի կրթական հաստատությունում: Նախկինում հատուցումը տրվում էր միայն այն դեպքերում, եթե բնակավայրերի միջև հեռավորությունն առնվազն 3 կմ էր: Մանկավարժները (այդ թվում` նաև դասավանդող նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչները` զինղեկները) փոխհատուցման կարգից կարող են օգտվել 0,5 և ավելի հաստիքով աշխատելու դեպքում: 0,5-ից ավելի հաստիքային դրույքի սահմանափակումը չի տարածվում ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկված բնակավայրերի դպրոցների ուսուցիչների, ինչպես նաև տվյալ հաստատությունում դասավանդվող տվյալ առարկայի գծով միակ ուսուցիչը հանդիսացող ուսուցիչների վրա։ 2022 թվականից կարգով նախատեսված փոխհատուցումները կստանան նաև ուսուցչի օգնականները և հատուկ մանկավարժները: Ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր ուսուցչի և դպրոցահասակ երեխայի համար ավելացվել է՝ նախկին 15000-ի փոխարեն դառնալով 20200 ՀՀ դրամ: Միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղի լինելու դեպքում՝ փոխհատուցման գումարը տրվում է համապատասխան երթուղիների համար սահմանված սակագների չափով: Միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ յուրաքանչյուր կմ-ի համար 25 ՀՀ դրամ՝ բայց ոչ պակաս 200 ՀՀ դրամը: Եթե բացակայում է միկրոավտոբուսային կամ ավտոբուսային երթուղին, և տվյալ բնակավայրից տրանսպորտային փոխհատուցման ծառայություններից օգտվող երեխաների և ուսուցիչների թիվը փոքր է չորսից (այսինքն` ենթադրաբար, անգամ համատեղ տաքսուց օգտվելու տարբերակը արդյունավետ չի լինի), ապա այս դեպքում տրամադրվող փոխհատուցման չափը կկազմի նվազագույնը 1000 ՀՀ դրամ` ներկա ստացած յուրաքանչյուր օրվա համար։ Այս գումարը հավասար բաժանվում է բոլոր օգտվողներին:
15:31 - 28 դեկտեմբերի, 2020
Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին նվիրված շնորհանդես-միջոցառում ԿԳՄՍՆ-ում

Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին նվիրված շնորհանդես-միջոցառում ԿԳՄՍՆ-ում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի է ունեցել Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին նվիրված շնորհանդես-միջոցառում: Շնորհանդեսի շրջանակում ներկայացվել են նախարարության աջակցությամբ և Վենետիկի Մխիթարյան միաբան, Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի ուսումնասիրությամբ հրատարակված Ղևոնդ Ալիշանի նամակների առաջին հատորը և նախարարության դրամաշնորհային ծրագրով Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հայ մատենագրութեան թուանշանային գրադարան» հիմնա­դրամի կողմից իրականացված Ղևոնդ Ալիշանի գիտական, գրա­կան, պատմաաշխարհագրական ամբողջա­պես թվայնացված ժա­ռան­գու­թյունը:  Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, գրականագետներ, հոգևորականներ, ոլորտի այլ մասնագետներ: Միջոցառմանը տեսակապով միացել էր նաև Վենետիկի Մխիթարյան միաբան, Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը: Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է ներկաներին և նախաձեռնողներին շնորհակալություն հայտնել ծրագրի իրականացման համար: «Ուզում եմ ընդգծել, որ հոգևոր-մշակութային հագեցած կյանքն այսօր չափազանց անհրաժեշտ է մեր ժողովրդին: Շատ ենք կարևորում մշակութային գործունեությունը, որն ուղղված է ժողովրդի հոգևոր վերածննդին: Մենք իրավունք չունենք տուրք տալու անկումային տրամադրություններին»,- շեշտել է նախարարը՝ նշելով, որ մեծ պատիվ է շնորհանդեսին նաև Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի ներկայությունը: Հայր Վահանը, իր հերթին շնորհակալություն հայտնելով ներկաներին, ասել է, որ թեև համավարակի պատճառով չի կարողացել գալ Հայաստան, բայց ուրախ է, որ գոնե առցանց ներկա է նմանօրինակ կարևոր աշխատության շնորհանդեսին: Փաստելով, որ գրքում կարելի է ծանոթանալ Ալիշանի կյանքի և գործունեության դրվագներին, ծայրագույն վարդապետը նաև համագործակցության շարունակականության հույս է հայտնել: Ինչպես տեղեկացրել է նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, 2021 թ. սկզբին լույս կընծայվեն նաև Ղևոնդ Ալիշանի նամակների 2-րդ և 3-րդ հատորները:  «Այս կերպ մենք պահպանում, պաշտպանում և հանրահռչակում ենք մեր մշակութային ժառանգությունը, որը պետք է փոխանցենք սերունդներին: Գիտնականները պետք է աշխատեն, իսկ գերատեսչությունները ճանապարհ հարթեն նրանց գործունեության համար»,- ասել է Ն. Խաչատուրյանը: «Հայ մատենագրութեան թուանշանային գրադարան» հիմնա­դրամի աշխատակից Մերուժան Կարապետյանն էլ ներկայացրել է Ղևոնդ Ալիշանի՝ digilib.am կայքում թվայնացված գրական ժառանգությունը, որում տեղ է գտել հայագետի պատմաաշխարհագրական, գեղարվեստական, գիտական, դավանական գրականության հսկայական ժառանգությունը:
19:33 - 24 դեկտեմբերի, 2020
Տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի 70-րդ նստաշրջանը

Տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի 70-րդ նստաշրջանը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի 70-րդ առցանց նստաշրջանի նիստին ողջույնի խոսքով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Ստեֆանիա Ջիաննինին, իսկ նախագահությունն իրականացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը: Նիստին ընդունվել է 2020 թվականին իրականացված գործողությունների և ֆինանսական հաշվետվությունը: Գործողություններն իրականացվել են հետևյալ ուղղություններով՝ ուսումնական ծրագրերի, ուսուցման, դասավանդման և գնահատման խնդիրներ, նորարարություն և առաջնորդություն. կրթության և ուսուցման որակի ու համապատասխանության համակարգային հզորացում. գիտելիքի ստեղծում և կառավարում. ինստիտուցիոնալ և կառուցակարգային զարգացում: Նիստին քննարկվել է նաև միջնաժամկետ հատվածի ռազմավարության նախագիծը, և հաստատվել 2021 թվականի գործողությունների ծրագիրը, որոնք բխում են Կայուն զարգացման նպատակ 4-ի թիրախներից: Ծրագիրը ներառում է ռազմավարական 6 հիմնական ուղղություններ՝ ազգային և տարածաշրջանային կարողությունների հզորացում՝ ուղղված կրթակարգի մշակմանը. աջակցություն զարգացող պետություններին հիբրիդային ուսումնառության և թվային կրթական ծրագրեր ներդնելու նպատակով՝ նպաստելով հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպմանը և թվային գրագիտության բարձրացմանը. աջակցություն զարգացող երկրներին՝ բարելավելու վաղ մանկական զարգացման և կրթության կազմակերպման կրթական ծրագրերը. կրթակարգի (ուսումնական ծրագրերի) հիմնահարցերին վերաբերող հետազոտությունների արդյունքների տարածում՝ ուղղված անդամ պետությունների կարողությունների հզորացմանը. կրթության միջազգային բյուրոյի գործընկերային համագործակցության և գործընթացների տեսանելիության վերափոխում: Նիստին քննարկվել են նաև 2021 թվականին կայանալիք 71-րդ նստաշրջանի անցկացման ժամկետները և օրակարգային մի շարք հարցեր: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի 70-րդ նստաշրջանի որոշումը կհրապարակվի 2021 թվականի հունվարին:  
19:12 - 24 դեկտեմբերի, 2020
Հայ-ռուսական 6-րդ երիտասարդական համաժողովը քննարկել է կայուն զարգացման հեռանկարները

Հայ-ռուսական 6-րդ երիտասարդական համաժողովը քննարկել է կայուն զարգացման հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարության հովանու ներքո մեկնարկել է «Նոր հնարավորություններ երիտասարդության համար. կայուն զարգացման հեռանկարներ» խորագրով հայ-ռուսական երիտասարդական համաժողովը: Վեցերորդ անգամ անցկացվող ամենամյա միջոցառումն այս տարի առաջին անգա,մ համավարակով և պատերազմական իրավիճակով պայմանավորված, կազմակերպվել է առցանց: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, համաժողովի բացմանը ելույթի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Ելենա Դրուժինինան, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ինչպես նաև այլ պատվավոր հյուրեր ՌԴ-ից և ՀՀ-ից: Ողջունելով երիտասարդական համաժողովի մասնակիցներին` ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ համաժողովի նպատակն է նպաստել երկու երկրների երիտասարդների ավանդական  շփումների սերտացմանը, ստեղծել ամուր հիմքեր նոր նախաձեռնությունների և համատեղ ծրագրերի համար. «Երկրի դինամիկ զարգացման հիմնական ռեսուրսը երիտասարդությունն է և սա հստակ շեշտված է համաժողովի խորագրում` «Նոր հնարավորություններ երիտասարդության համար. կայուն զարգացման հեռանկարներ»: Բացի այդ` քաղաքական, տնտեսական և սոցիալական կարևոր  փոփոխությունների ժամանակաշրջանում մեծացած սերունդն առանցքային գործոն է նաև երկրի  վերափոխումների համար,- ընդգծել է նախարարի տեղակալը և շարունակել,- Համոզված եմ, որ համաժողովը կօգնի բացահայտել  երիտասարդությանը հուզող խնդիրները և գտնել արդյունավետ լուծումներ, իսկ մեր ժողովուրդների միջև պատմականորեն հաստատված բարեկամական կապերը կնպաստեն երկարաժամկետ համագործակցության զարգացմանը և կծառայեն որպես ելակետեր ստեղծարար և նորարարական նախաձեռնությունների իրականացման համար»: Համաժողովն ընթացել է երկու զուգահեռ սեկցիաներով: Առաջին սեկցիայում թեմատիկ քննարկումներն ընթացել են  «Երիտասարդությունը՝ որպես սոցիալական նորարարությունների և երկրի կայուն զարգացման սուբյեկտ» թեմայի շրջանակում, որտեղ անդրադարձ է եղել ստարտափ նախագծերի իրականացմանը, պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում երիտասարդների նորարարական գործունեության խթանմանը և այլ հարցերի: «Հայ-ռուսական երիտասարդական նախաձեռնություններ. հնարավորություններ և հեռանկարներ» թեման եղել է երկրորդ սեկցիայի քննարկման հիմնական ուղղությունը: Բանախոսներն անդրադարձել են COVID-19-ի համավարակի պայմաններում երիտասարդական կյանքին, մասնավորապես, նոր  նախաձեռնություններով հանդես գալու և արդյունավետ համագործակցության հարթակներ գտնելու առանձնահատկություններին, ինչպես նաև երիտասարդների կամավորության խնդրին:
20:11 - 23 դեկտեմբերի, 2020