Կարեն Անդրեասյան

ՀՀ արդարադատության նախարարն է․ այս պաշտոնին նշանակվել է 2021թ․ օգոստոսի 3-ին։

Կարեն Անդրեասյանը ծնվել է 1977 թվականին։ 1994-2002 թթ. սովորել և մասնագիտացել է մի շարք հաստատություններում, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետում և նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում, ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Բերկլիի համալսարանում, Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում, Մարդու իրավունքների կանադական կենտրոնում, Նիդերլանդների եվրոպական լրագրության կենտրոնում։

1997-2000 թթ. աշխատել է ՀՀ պետական մի շարք մարմիններում՝ Երևանի քաղաքապետարանում, ՀՀ պաշտպանության նախարարությունում, առաջին ատյանի դատարանում, ինչպես նաև դասավանդել է մարդու իրավունքներ և վարչական իրավունք թիվ 120 միջնակարգ դպրոցում և ՀՀ Ոստիկանության ակադեմիայում։

2001-2007 թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

2001-2003 թթ. համատեղությամբ աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում, այդ թվում՝ ՀՀ իրավաբանների միության անվճար իրավական օգնության կենտրոնում /որպես տնօրեն/, «Քաղաքացիական կրթության ծրագիր» միջազգային կազմակերպությունում /որպես ծրագրի համակարգող/, «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունում /որպես իրավաբան/։ Նշված ժամանակաշրջանում նաև դասավանդել է մարդու իրավունքներ Աբխազիայում, Հարավային Օսիայում և Ղարաբաղում անցկացված լրագրողների համար նախատեսված սեմինարներին։

2003 թվականին աշխատել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի Սոցիոլոգիական և իրավական հետազոտությունների կենտրոնում՝ որպես ավագ գիտաշխատող։

2003-2004 թթ. որպես միջազգային փորձագետ և խորհրդատու՝ աշխատել է Մեծ Բրիտանիայում գտնվող «Հոդված 19» միջազգային կազմակերպությունում, Հունգարիայում տեղակայված «Բաց Հասարակության իրավական նախաձեռնություն» միջազգային կազմակերպությունում, Բուլղարիայի «Տեղեկատվության մատչելիություն» կազմակերպությունում։

2005-2008 թթ. աշխատել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունում՝ որպես իրավաբան, հետո գլխավոր իրավաբան, այնուհետև փոխտնօրեն։

2006-2007 թթ. համատեղությամբ աշխատել է որպես ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական։

2008 -2011 թվականներին «ԴԻՖԵՆՍ» իրավաբանական ընկերության տնօրենն էր։

2007-2010 թթ. իրականացրել է մի շարք հեռուստատեսային և հասարակական նախագծեր, այդ թվում՝ Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է տեղեկատվական իրավունքի և հետաքննական լրագրության բուհական մրցույթ լրագրող և իրավաբան ուսանողների համար, վարել է «Երկրի թեմա» հաղորդաշարը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, «Իրականում» հաղորդաշարը՝ «Արմենիա» հեռուստաընկերությունում։

2011 թ. մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան[1]։

2016 թ. հունվարի 12-ին Կարեն Անդրեասյանը ներկայացրել է հրաժարականի դիմում։ 2016 թ. հունվարի 18-ին կրկնել է հրաժարականի դիմումը, և այն համարվել է ընդունված։

Իրավապահների համար անտեսանելի փաստեր՝ նախկին ՄԻՊ-ի մոռացված զեկույցում

Իրավապահների համար անտեսանելի փաստեր՝ նախկին ՄԻՊ-ի մոռացված զեկույցում

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, այժմ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ 2013թ. դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների կատարած ենթադրյալ չարաշահումներին առնչվող զեկույցում նշված հանգամանքների առնչությամբ ՀՀ ոստիկանության կատարած լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում ենթադրյալ հանցագործություններ կատարելու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, այդպիսով լրացուցիչ ստուգման նյութերը թողնվել են անհետեւանք: Այս մասին, Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից։ Ոստիկանությունում զեկույցում նշված տեղեկությունները լրացուցիչ ստուգելու անհրաժեշտություն առաջացել էր այն ժամանակ, երբ Դատախազությունը դիմել էր Քրեական ոստիկանությանը՝ խնդրելով հանձնարարել համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստուգել մեր հարցման մեջ տեղ գտած հանգամանքները։  Իսկ թե ինչ էր բովանդակում մեր հարցումը, ինչ տեղեկություններ էինք խնդրել տրամադրել եւ թե ինչ պատասխաններ ենք ստացել իրավապահների հետ մեկ տարուց ավելի տեւած գրագրության արդյունքում՝ ստորեւ։ Մեր հարցումներից հետո Դատախազությունը Զեկույցի հրապարակումից 7 տարի անց որոշում է ուսումնասիրության ուղարկել նյութերը Այսպես, 2020 թվականի մայիսի 11-ին գրավոր հարցմամբ դիմում ենք Դատախազություն եւ մայիսի 19-ին ստանում պատասխան, որ Զեկույցում առկա տեղեկությունների վերաբերյալ նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել։ Նույն տարվա հունիսին հանդես ենք գալիս հրապարակմամբ՝ դատաիրավական բարեփոխումների ու վեթինգի անհրաժեշտության վերաբերյալ քննարկումների շրջանում ներկայացնելով Զեկույցից ուշագրավ հատվածներ, ապա նոյեմբերին դարձյալ հարցում անում Դատախազություն՝ ճշտելու՝ արդյոք լրատվամիջոցի հրապարակումը որեւէ ուսումնասիրության հիմք եղե՞լ է, թե՞ ոչ։ Ստացել էինք նույնաբովանդակ պատասխան՝ նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել։ Այս տարվա հունվարի 13-ին եւս մեկ հարցում ենք անում Դատախազություն՝ այս անգամ խնդրելով պատասխանել՝ եթե դեռեւս չի հարուցվել քրեական գործ, ապա ինչո՞ւ։ Դատախազությունից պատասխանում են, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով համապատասխան վարույթ չի նախաձեռնվել՝ նկատի ունենալով, որ բացակայել են հանցագործությունների մասին ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին, լրատվության միջոցների՝ հանցագործությունների մասին հաղորդումները եւ իրավասու մարմինների կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի եւ հետեւանքների հայտնաբերումն իրենց լիազորություններն իրականացնելիս: Հունվարի 27-ին Դատախազություն ենք ուղարկում լրատվամիջոցի երկու հրապարակում [1,2]` խնդրելով պատասխանել՝ արդյոք դրանք չե՞ն հանդիսանում հանցագործության մասին լրատվամիջոցների հաղորդումներ, որ այդպես էլ ուշադրության չեն արժանացել, ի պատասխան՝ ստանում ենք գրություն, որ նշված հրապարակումների ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանցում ՀՀ ՄԻՊ զեկույցից տեղ գտած հրապարակումները վերացական տեղեկություններ են բովանդակում դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների կողմից ենթադրյալ հանցագործություններ կատարելու վերաբերյալ։ Ըստ Դատախազության՝ դրանցում պարունակվող տեղեկությունները նախկին ՄԻՊ-ի գնահատականներն են՝ դատական իշխանության ղեկավար աշխատողների կողմից թույլ տրված ենթադրյալ ապօրինությունների վերաբերյալ, այսինքն՝ այդ հրապարակումներում տեղ չեն գտել այնպիսի հանգամանքներ, որոնք կբովանդակեն կոնկրետ հանցագործության մասին փաստական տվյալներ, ինչն անհրաժեշտ պայման է, որպեսզի ֆիզիակական կամ իրավաբանական անձի ներկայացրած հաղորդումը քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախատեսված ընթացակարգերով։ Այդուհանդերձ, նկատի ունենալով, որ այդ հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները ենթակա են ստուգման՝ օպերատիվ ճանապարհով, Դատախազությունը մեր հրապարակումները փետրվարի 3-ին ուղարկում է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ հանձնարերելով համապատասխան միջոցառումներով ստուգել դրանցում տեղ գտած հանգամանքները։ Փետրվարի 19-ին դիմում ենք Քրեական ոստիկանություն՝ ճշտելու՝ վերոբերյալ հրապարակումների ուսումնասիրության հիման վրա արդյոք նյութեր նախապատրաստվե՞լ են, քրեական գործ հարուցվե՞լ է, եւ եթե չի հարուցվել, ապա ի՞նչ հիմքով է մերժվել քրգործի հարուցումը։ Մարտի 24-ին Ոստիկանությունից պատասխանում են, որ Դատախազության գրության շրջանակներում իրանակացվել են ստուգողական աշխատանքներ, սակայն, հաշվի առնելով, որ ձեռնարկված միջոցառումներով դատավորների կողմից կաշառք ստանալու եւ չարաշահումներ կատարելու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, ուստի ուսումնասիրության նյութերը թողնվել են անհետեւանք։ Դատախազությունը Քրեական ոստիկանությանը խնդրում է ստուգել մեր հերթական հարցմամբ վկայակոչած հանգամանքները Ոստիկանության վերջին պատասխանից հետո՝ այս տարվա հուլիսի 14-ին, մեկ այլ հարցմամբ դարձյալ դիմում ենք Դատախազությանը՝ ներկայացնելով, որ արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանի արտահերթ զեկույցում նշված է, որ «գործի նյութերին ծանոթանալիս փաստաբան Ն. Բաղդասարյանը հայտնաբերել է «ՏԵՂԵԿԱՆՔ» վերտառությամբ փաստաթուղթ, որտեղ կետ առ կետ շարադրված են եղել դեռեւս դատաքննությունը չսկսված գործով կայացվելիք վճռի հիմնավորումները, որոնք հետագայում դրվել են կայացված դատական ակտի հիմքում» (գործը վերաբերում է 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Արման Բաբաջանյանին, որի պաշտպանն է եղել նույն գումարման խորհրդարանի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, իսկ հայցվորը՝ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը)։ Դատախազությանը խնդրում ենք բացատրել՝ վկայակոչված հատվածը՝ փաստաբանի հայտնաբերած փաստաթղթի մասին, արդյոք չի՞ հանդիսանում հանցագործության մասին հաղորդում կամ փաստական տվյալ, որի հիման վրա պետք է հարուցվեր քրեական գործ։ Բացի դրանից՝ խնդրում ենք պատասխանել հետեւյակ հարցին՝ Ն․ Բաղդասարյանը (խոսքը Նիկոլայ Բաղդասարյանի մասին է, որը մեր զրույցում հաստատել էր, որ փաստաթուղթը հայտնաբերել է ինքը), նյութերի ուսումնասիրման ընթացքում կանչվե՞լ է բացատրություն տալու, եւ եթե այո, ապա ի՞նչ հիմքով նշյալ դրվագը չի դարձել փաստական տվյալ՝ նյութերի նախապատրաստման եւ քրեական գործի հարուցման համար։ Ի պատասխան՝ մեզ ուղարկում են գրություն, որ այս հարցումը, ի լրումն Դատախազությունից Ոստիկանություն ուղարկված մեր նախորդ հարցման (փետրվարի 3-ի՝ վերը հիշատակված գրության մասին է խոսքը), դարձյալ ուղարկվում է Քրեական ոստիկանություն՝ խնդրելով ստուգել վերը հիշատակված հանգամանքները եւ արդյունքների մասին հայտնել ոստիկանությանը, ապա պարզաբանում ներկայացնել նաեւ մեզ։ Այս ընթացակարգի ժամանակ պարզվում է, որ էլեկտրոնային փոստով Դատախազությանն ուղարկած մեր հարցումը, որտեղ ակտիվ հղմամբ տեղադրել էինք նաեւ Պաշտպանի Զեկույցը, Ոստիկանություն է ուղարկվել թղթային տարբերակով, եւ միայն մեր հավելյալ պարզաբանումից հետո է Ոստիկանությունը, մեր հրապարակումներից զատ, դիտարկում ամբողջական Զեկույցը։  Ի վերջո, Ոստիկանությունից ստանում են կարճ պատասխան՝ Զեկույցում նշված հանգամանքների առնչությամբ ՀՀ ոստիկանության կատարած լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում ենթադրյալ հանցագործություններ կատարելու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել։ Այսպիսով, Մարդու իրավունքների նախկին պաշտպան, այժմ՝ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ 77 էջանի արտահերթ զեկույցի վերաբերյալ, որում կասկածի տակ էր դրվում Վճռաբեկ դատարանի արդար ու վստահելի լինելը, ներկայացվում էին դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմները եւ «զոնալ դատավորների» ինստիտուտը, իրավապահ մարմիններում երկու անգամ դիտարկելուց հետո էլ ենթադրյալ հանցագործությունների առնչությամբ տեղեկություններ չեն ստացվել եւ ուսումնասիրված նյութերն անհետեւանք են թողնվել։ Իսկ հարցը՝ փաստաբան Ն․ Բաղդասարյանը նյութերի ուսումնասիրման ընթացքում կանչվե՞լ է բացատրություն տալու, եթե այո, ապա ի՞նչ հիմքով նշյալ դրվագը չի դարձել փաստական տվյալ նյութերի նախապատրաստման եւ քրեական գործի հարուցման համար, մնացել է անպատասխան։ Զեկույցը տարիներով մոռացության մատնելու հանգամանքներին, դրանում առկա որոշ ուշագրավ դրվագներին եւ դրանց վերաբերյալ Զեկույցը մշակող աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախկին տեղակալ Գենյա Պետրոսյանի կարծիքին կարող եք ծանոթանալ այս հրապարակման մեջ։ Հայարփի Բաղդասարյան
15:32 - 20 սեպտեմբերի, 2021
Ռուսաստանի արդարադատության նախարարը շնորհավորել է Կարեն Անդրեասյանին նշանակման կապակցությամբ

Ռուսաստանի արդարադատության նախարարը շնորհավորել է Կարեն Անդրեասյանին նշանակման կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն շնորհավորական ուղերձ է հղել Կարեն Անդրեասյանին՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Ռուս գործընկերը արդարադատության ոլորտում ռուս-հայկական հարաբերությունների զարգացման և երկու նախարարությունների միջև փոխգործակցության ամրապնդման հույս է հայտնել և նախարար Անդրեասյանին մաղթել բարեկեցություն ու հաջողություն՝ պատասխանատու նոր պաշտոնում: Պատասխան նամակով Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Կոնստանտին Չույչենկոյին շնորհավորանքի համար և հույս հայտնել, որ պաշտոնակցի հետ կհաջողեն նոր թափ հաղորդել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության  միջև իրավական ոլորտում առկա դաշնակցային համագործակցությանը նաև անձնական հանդիպումների ու աշխատանքային քննարկումների արդյունքում։        
21:11 - 10 սեպտեմբերի, 2021
Կարեն Անդրեասյանը իրավաբանների հետ քննարկել է Սահմանադրական բարեփոխումների հարցը

Կարեն Անդրեասյանը իրավաբանների հետ քննարկել է Սահմանադրական բարեփոխումների հարցը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է հեղինակավոր իրավաբաններին, ակադեմիական հանրույթի ներկայացուցիչներին ու նրանց հետ քննարկել Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը վերաբերող մի շարք հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականներ Ալինա Փխրիկյանը և Արմեն Հարությունյանը, Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ասատրյանը, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Կարին Յովսէփեանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչ Ադելաիդա Բաղդասարյանը, Պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի վարիչ Արմեն Եզեկյանը, իրավաբան-գիտնականներ Անահիտ Մանասյանը, Տիգրան Մարկոսյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը, Հրայր Ղուկասյանը, Գևորգ Դանիելյանը, Տարոն Սիմոնյանը, փաստաբաններ Արամ Օրբելյանը, Արթուր Հովհաննիսյանը, Վանիկ Մարգարյանը, Արա Խզմալյանը, Հայկ Մալխասյանը, Ալեքսանդր Սիրունյանն ու Գոռ Մարգարյանը։ Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել իրավաբաններին հանդիպմանը ներկա լինելու համար ու ներկայացրել հանդիպման նպատակն ու երեք հարց առաջադրել նախնական կարծիքներ լսելու համար՝ ինչպե՞ս վերափոխել և վերաիմաստավորել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմն ու գործունեությունը և ի՞նչ ձևաչափով առաջ շարժվել, կառավարման ձևի ընտրություն և դատական ատյանների միավորում, այդ թվում` բարձրագույն ատյանների միավորման միջոցով Գերագույն դատարանի ստեղծման նպատակահարմարություն կամ վերաքննիչ և վճռաբեկ ատյանների միավորում: Ներկայացված հարցերի և առաջարկների շուրջ ծավալվել է ակտիվ մասնագիտական քննարկում:  Նման ձևաչափով հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։
18:27 - 09 սեպտեմբերի, 2021
Կարեն Անդրեասյանն ու արտախորհրդարանական քաղաքական ուժերը քննարկել են Սահմանադրական բարեփոխումների հարցը

Կարեն Անդրեասյանն ու արտախորհրդարանական քաղաքական ուժերը քննարկել են Սահմանադրական բարեփոխումների հարցը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 8-ին հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին ու ներկայացուցիչներին: Նախարարությունից հայտնում են, որ ներկաները քննարկել են Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մի շարք հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան» կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ՝ «Պահպանողական», «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, «Լուսավոր Հայաստան», «Ազատ Դեմոկրատներ», «Արդար Հայաստան», «Ազատական» և «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություններից։ Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նրանց հանդիպման հրավերն ընդունելու ու բոլոր քաղաքական ուժերին միավորող ամենակարևոր հարցի՝ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մեկ սեղանի շուրջ հավաքվելու ու կառուցողական տրամաբանության մեջ երկխոսելու պատրաստակամության համար։ Քննարկման սեղանին երեք հիմնական հարց էր՝ ինչպե՞ս վերափոխել և վերաիմաստավորել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմն ու գործունեությունը և ի՞նչ ձևաչափով առաջ շարժվել, կառավարման ձևի ընտրություն և դատական ատյանների միավորում, այդ թվում` բարձրագույն ատյանների միավորման միջոցով Գերագույն դատարանի ստեղծման նպատակահարմարություն կամ վերաքննիչ և վճռաբեկ ատյանների միավորում: Ներկաներն իրենց նախնական դիրքորոշումն են հայտնել առաջադրված հարցերի վերաբերյալ։
11:26 - 09 սեպտեմբերի, 2021
Արդարադատության նախարարը և Հնդկաստանի դեսպանը կարևորել են իրավական փոխօգնության բնագավառում հարաբերությունների խորացումը

Արդարադատության նախարարը և Հնդկաստանի դեսպանը կարևորել են իրավական փոխօգնության բնագավառում հարաբերությունների խորացումը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 6-ին Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Հնդկաստանի հստակ դիրքորոշումը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների վերաբերյալ: Օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձ է կատարվել 2018 թ-ի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի կառավարության՝ մի շարք ոլորտներում նախաձեռնած հավակնոտ բարեփոխումներին, մասնավորապես, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության, քրեակատարողական և պրոբացիոն ծառայությունների ոլորտներում իրականացված աշխատանքներին, ինչպես նաև քննարկվել են այդ ուղղություններով հնարավոր համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Երկուստեք բարձր է գնահատվել միջազգային կազմակերպություններում երկու պետությունների համագործակցությունը և կարևորվել է իրավական փոխօգնության բնագավառում երկկողմ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը:
19:42 - 06 սեպտեմբերի, 2021
Հայաստանը գերիների վերադարձի հարցում միջազգային գործընկերների աջակցության կարիքն ունի․ Կարեն Անդրեասյանը՝ ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

Հայաստանը գերիների վերադարձի հարցում միջազգային գործընկերների աջակցության կարիքն ունի․ Կարեն Անդրեասյանը՝ ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձը հայրենիք ժամ առաջ ապահովելու համար Հայաստանը միջազգային գործընկերների ամուր աջակցության և միջազգային ճնշումն այս հարցում ուժեղացնելու կարիքն ունի։ Այս մասին այսօր շեշտել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ հանդիպման ժամանակ։ Նախարարը բարձր է գնահատել ԿԽՄԿ առաքելությունը Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց այցելելու և նրանց կապն ընտանիքի հետ մշտապես ապահովելու հարցում և Թիերի Ռիբոյի հետ կիսվել խոր մտահոգությամբ՝ կապված Ադրբեջանում գտնվող հայ գերիների ու պատանդների խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի հետ։  ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է հետպատերազմյան շրջանում կառույցի իրականացրած գործունեությունն ու անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։  Հյուրի խնդրանքով, ի թիվս այլ հարցերի, Կարեն Անդրեասյանն անդրադարձել է նաև Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգին և առանձնացրել քրեակատարողական համակարգի առողջացման ծրագիրը՝ ուղղված ոչ միայն ՔԿՀ-ներում պահվող անձանց իրավունքների պաշտպանությանը, այլև կառավարման համակարգի բարելավմանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են իրենց պատրաստակամությունը՝ երկու կառույցների միջև առկա համագործակցությունն առավել խորացնելու հարցում։
18:25 - 03 սեպտեմբերի, 2021
Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցը քննարկվել է Փաստաբանների պալատի ղեկավար կազմի հետ

Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցը քննարկվել է Փաստաբանների պալատի ղեկավար կազմի հետ

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այցելել է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատ և հանդիպել  Պալատի նախագահ Արա Զոհրաբյանին, Խորհրդի անդամներին և Պալատի այլ ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:  Քննարկման առանցքում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցն էր երկու հիմնական ուղղություններով՝ կառավարման ձևի փոփոխությունը  և Գերագույն դատարանի ստեղծման միջոցով բարձրագույն դատական ատյանների միավորման նպատակահարմարություններն ու հնարավորությունը։ Պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ու ներկաներն իրենց նախնական դիրքորոշումն են հայտնել առաջադրված թեմաների և դրանց հետ կապված հարցերի վերաբերյալ, և ավելի խորը ուսումնասիրության հիման վրա Պալատի կողմից կարծիք տրամադրելու նպատակով առաջարկել ստեղծել փաստաբաններից կազմված աշխատանքային խումբ, որը կհավաքագրի խնդրի վերաբերյալ փաստաբանական համայնքի կարծիքներն ու Պալատի միասնական դիրքորոշումը կներկայացնի Արդարադատության նախարարությանը։  Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Արդարադատության նախարարություն-Փաստաբանների պալատ համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր։ Արդարադատության նախարարն ու Պալատի նախագահը այս ձևաչափով շփումները հաճախակիացնելու և փոխգործակցությունը սերտացնելու պատրաստակամություն են հայտնել։
10:38 - 02 սեպտեմբերի, 2021
Կարեն Անդրեասյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են քրեակատարողական և դատաիրավական ոլորտներում համագործակցելու հնարավորությունները |armenpress.am|

Կարեն Անդրեասյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են քրեակատարողական և դատաիրավական ոլորտներում համագործակցելու հնարավորությունները |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ օգոստոսի 25-ին քննարկել է քրեակատարողական և դատաիրավական ոլորտներում արմատական բարեփոխումներ իրականացնելու հանձնառությանն ու այդ ուղղությամբ չինական կողմի հետ համագործակցելու հնարավորությանն առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: Նախարարը դեսպանի հետ զրույցում ներկայացրել է նաև Հայաստանի դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու նախարարության՝ այլ ուղղություններով առաջնահերթությունները։ Չինաստանի դեսպանը Արդարադատության նախարարության հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել և նախարար Անդրեասյանի հետ պայմանավորվել շարունակել օրակարգային հարցերի վերաբերյալ երկխոսությունը։
13:37 - 25 օգոստոսի, 2021
Քննարկում ենք, որպեսզի ստանանք վատ դատավորներին համակարգից դուրս մղելու ամենալավ մոդելը. Կարեն Անդրեասյան

 |armenpress.am|

Քննարկում ենք, որպեսզի ստանանք վատ դատավորներին համակարգից դուրս մղելու ամենալավ մոդելը. Կարեն Անդրեասյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշում է, որ դատական համակարգը մաքրելու միակ գործող մեխանիզմը կարգապահական միջոցներն են: Կարեն Անդրեասյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում: «Դա օրինական է, դա արդար է, դա ճիշտ է: Եվ ես կարծում եմ, որ կարգապահական վարույթները նույնիսկ քիչ են և կարգապահական վարույթներով ստացված արդար պատասխանատվության միջոցներն առանձին ոչ բարեխիղճ դատավորների նկատմամբ նույնիսկ քիչ են եղել: Բայց արդարադատության նախորդ նախարարի՝ պարոն Բադասյանի աշխատանքի շնորհիվ, դատական համակարգի աստիճանական զտումը սկսվել է: Ես վաղը հանդիպելու եմ հասարակական կազմակերպությունների ամենաազդեցիկ ներկայացուցիչներին, որոնք զբաղվում են հենց դատաիրավական բարեփոխումների ոլորտով, հանդիպել եմ ԲԴԽ-ի, իրավապահ մարմինների տարբեր ներկայացուցիչների հետ: Եվ մենք հիմա քննարկում ենք, որպեսզի ստանանք վատ դատավորներին համակարգից դուրս մղելու ամենաարդար և լավ մոդելը»,- ասաց Անդրեասյանը: Նրա կարծիքով՝ այն, որ դատական համակարգը կարիք ունի նման մաքրման, բոլորն են ասում և նույնիսկ նրանք, ովքեր հիմա դժգոհում են ինչ-ինչ կարգավորումներից:
15:52 - 12 օգոստոսի, 2021