Արցախի ԱԳՆ

Արցախի  գործադիր իշխանության մարմին, որը իրականացնում է օտար երկրների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների պետական կառավարումը։

Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն ու Արցախի ժողովրդի կամքն անփոփոխ են. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԳՆ

Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն ու Արցախի ժողովրդի կամքն անփոփոխ են. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԳՆ

Մեկ տարի առաջ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ակտիվ ջանքերի շնորհիվ ստորագրվել է Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հայտարարությունը։ Այն թույլ է տվել վերջ դնել Թուրքիայի, միջազգային վարձկանների և Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ուղղակի ռազմական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա զինված ագրեսիային, ինչպես նաև հիմք է հանդիսացել Արցախի տարածք Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մուտքի համար՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության պահպանման նպատակով։ Եռակողմ հայտարարությունը կարևոր նշանակություն ունի Արցախի Հանրապետության հետպատերզմյան վերականգնման համար պայմանների ապահովման տեսանկյունից՝ նշվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ: «44-օրյա ավերիչ ագրեսիայի արդյունքում Ադրբեջանն օկուպացրել է Արցախի Հանրապետության  տարածքների զգալի մասը, այդ թվում՝ պատմամշակութային կենտրոն Շուշի քաղաքը։ Մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը բազմաթիվ ռազմական հանցագործություններ է կատարել, այդ թվում՝  քաղաքացիական օբյեկտների դիտավորյալ թիրախավորում, ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց խոշտանգումներ և արտադատական սպանություններ, էթնիկ զտումներ, պատմամշակութային հուշարձանների և եկեղեցիների դիտավորյալ ավերում և ոչ ընտրողական բնույթի զենքի կիրառմամբ բնակավայրերի թիրախավորում, ինչն արգելված է միջազգային իրավունքով։ Նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը չդադարեցրեց միջազգայնորեն ապօրինի գործողությունները, մասնավորապես, շարունակեց ագրեսիվ, հարձակողական գործողությունները, զինվորականների և քաղաքացիական անձանց գերեվարումը, դիտավորյալ սպանությունների իրականացումը, եկեղեցիների և, ընդհանրապես, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն օկուպացված տարածքներում։ Այդ կապակցությամբ անհրաժեշտ է ընդգծել, որ Ադրբեջանի կողմից ռազմական ուժի ապօրինի կիրառման, սեփական միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտման, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերի համակարգված և զանգվածային ոտնահարումների հետևանքով ստեղծված իրավիճակը չի կարող հիմք հանդիսանալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ Հայտնի է, որ միջազգային իրավունքի նորմերն արգելում են ճանաչել ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառման արդյունք հանդիսացող ցանկացած տարածքային նվաճում։ Ավելին, ուժի կիրառումը չի կարող չեղարկել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը՝ ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշումը, որն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ և այլ հիմնարար միջազգային փաստաթղթերում։ Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն ու Արցախի ժողովրդի կամքն անփոփոխ են։ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղության հաստատման անկյունաքարը Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումն է և այն տարածքների դեօկուպացիան, որոնց վրա արցախահայությունն ինքնորոշվել է, ստեղծել անկախ պետականություն և զարգացրել այն»։
10:12 - 09 նոյեմբերի, 2021
Արցախի ԱԳ նախարարն աշխատանքային այցով եղել է ՌԴ–ում, որտեղ հանդիպումներ է ունեցել քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների հետ

Արցախի ԱԳ նախարարն աշխատանքային այցով եղել է ՌԴ–ում, որտեղ հանդիպումներ է ունեցել քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների հետ

Հոկտեմբերի 6-15-ը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում, տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։Վլադիմիրի շրջանում, Մոսկվա, Պյատիգորսկ և Սոչի քաղաքներում արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի, նրա արցախյան հատվածի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-Սփյուռք կապերի հետագա խորացմանը, Արցախի զարգացման գործընթացին Ռուսաստանի հայ համայնքի  ներգրավմանն առնչվող հարցեր։
17:21 - 15 հոկտեմբերի, 2021
Ադրբեջանը բարձր մակարդակի հանդիպումներին զուգահեռ փորձ է անում արհեստականորեն լարել իրավիճակը տարածաշրջանում․ Արցախի ԱԳՆ

Ադրբեջանը բարձր մակարդակի հանդիպումներին զուգահեռ փորձ է անում արհեստականորեն լարել իրավիճակը տարածաշրջանում․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վերջին օրերին Ադրբեջանի կողմից կրկին փորձ է արվում արհեստականորեն լարել իրավիճակը տարածաշրջանում, ընդ որում դա տեղի է ունենում բարձր մակարդակի հանդիպումներին զուգահեռ։ Ադրբեջանն ագրեսիվ գործողություններով նպատակ ունի ճնշման ու  ահաբեկման միջոցով հասնել Արցախի հայաթափմանը։ Այսպիսի քաղաքականությունը նաև հարված է Ռուսաստանին և ռուս խաղաղապահ առաքելությանը։ Արցախի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի քաղաքականությունը որակում է որպես ահաբեչություն և ապակառուցողական դիրքորոշման դրսևորում։ Կրկին անգամ ընդգծում ենք, որ նման քայլերով Արցախին չեն վախեցնելու։ Արցախահայությունը հաստատակամ է ապրել իր պատմական հայրենիքում, պաշտպանել իր ինքնիշխանությունն ու արժանապատվությունը»։
15:57 - 15 հոկտեմբերի, 2021
Խաղաղ բնակիչների վրա կրակելով՝ Ադրբեջանը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել Արցախում և խափանել ՌԴ խաղաղապահ առաքելությունը․ Ադրբեջանին պետք է պատասխանատվության ենթարկել․ Արցախի ԱԳՆ կոչը

Խաղաղ բնակիչների վրա կրակելով՝ Ադրբեջանը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել Արցախում և խափանել ՌԴ խաղաղապահ առաքելությունը․ Ադրբեջանին պետք է պատասխանատվության ենթարկել․ Արցախի ԱԳՆ կոչը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․«Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի բնակիչ, որը գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում քաղաքի հարակից տարածքում:Արցախի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նման ագրեսիվ պահվածքը և սադրիչ գործողությունները՝ միտված Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության շրջանում վախի մթնոլորտի ստեղծմանն ու Արցախի հայաթափմանը: Ադրբեջանը նաև հեռահար նպատակներ է հետապնդում․ խափանել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության իրականացումն ու կասկածի տակ դնել խաղաղապահների գործունեության արդյունավետությունը։  Տվյալ և նախորդ մյուս բոլոր միջադեպերը, որոնց ընթացքում տուժել են խաղաղ բնակիչներ կամ նրանց պատկանող գույքը, Ադրբեջանի համակարգված հայատյաց քաղաքականության դրսևորումներ են և հերթական ապացույց, որ Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի ժողովրդին ուղղված խաղաղասիրական կոչերը և խաղաղ համագոյակցության հնարավորության վերաբերյալ պնդումները ոչ այլ ինչ են, քան քաղաքակիրթ աշխարհին մոլորեցնելու և հայկական կողմերի զգոնությունը թուլացնելու փորձ:Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ադրբեջանական կողմին պատասխանատվության ենթարկելու և հետագայում նման միջադեպերը բացառելու ուղղությամբ»:
19:58 - 09 հոկտեմբերի, 2021
Անգամ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ, հայատյաց և զավթողական քաղաքականությունը՝ խախտելով բոլոր պայմանավորվածությունները․ Արցախի ԱԳՆ

Անգամ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ, հայատյաց և զավթողական քաղաքականությունը՝ խախտելով բոլոր պայմանավորվածությունները․ Արցախի ԱԳՆ

Արցախի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ  պատերազմի սանձազերծման տարելիցի կապակցությամբ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների անմիջական մասնակցությամբ ու աջակցությամբ, լայնածավալ պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ։  44 օր տևած ագրեսիայի ընթացքում Ադրբեջանն Արցախի բնակչության դեմ կիրառել է միջազգային կոնվենցիաներով արգելված ոչ ընտրողական զինատեսակներ` մեծ վնաս հասցնելով տնտեսական ու քաղաքացիական ենթակառուցվածքներին և շրջակա միջավայրին։ Պատերազմի հետևանքով  հազարավոր մարդկանց կյանքեր են կորսվել, իսկ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն օկուպացվել է։ Հանցավոր եռադաշինքի ագրեսիան հաջողվել է կանգնեցնել միայն տարածաշրջանում ռուսական խաղաղապահ առաքելության տեղակայման շնորհիվ։Սակայն անգամ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ակնհայտ ագրեսիվ, հայատյաց և զավթողական քաղաքականությունը՝ կոպտորեն խախտելով բոլոր պայմանավորվածությունները, միջազգային իրավունքի նորմերն ու մարդասիրության սկզբունքները։Առ այսօր Ադրբեջանում անմարդկային պայմաններում պահվում են բազմաթիվ ռազմագերիներ և պատանդներ, որոնք ենթարկվում են կտտանքների և նվաստացուցիչ վերաբերմունքի։ Արցախի օկուպացված տարածքներում համակարգված կերպով իրականացվում է մշակութային ցեղասպանություն, հայկական պատմական ժառանգության ոչնչացում։Պարբերաբար խախտվում է հրադադարը՝ հոգեբանական ճնշման և ահաբեկման միջոցով Արցախը հայաթափելու նպատակով։  Այսօր, առավել քան երբևէ, հաստատակամ ենք՝ ամրապնդելու և զարգացնելու մեր անկախ և ինքնիշխան պետականությունը և ինքնուրույն որոշելու մեր քաղաքական ապագան՝ բացառելով ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում։Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթությունները շարունակում են մնալ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը, աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը, Արցախի տարածքների դեօկուպացիան, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի շարունակումը՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ, տարբեր երկրների ու կառույցների հետ հարաբերությունների զարգացումը։Բոլոր այս նպատակների արդյունավետ իրականացման գրավականը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը և իրատեսական ու պետականահեն արտաքին քաղաքականության վարումն է։  Այս վշտալի օրը մենք հպարտանում ենք հայրենիքի պաշտպանների քաջությամբ ու հերոսությամբ և հարգանքի տուրք մատուցում Արցախի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների հիշատակին։ Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը»։
10:29 - 27 սեպտեմբերի, 2021
Փաշինյանի առաջադրած խնդիրը՝ Խծաբերդում եւ Հին Թաղերում իրավիճակը համապատասխանեցնել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, 9 ամիս է՝ չի լուծվել

Փաշինյանի առաջադրած խնդիրը՝ Խծաբերդում եւ Հին Թաղերում իրավիճակը համապատասխանեցնել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, 9 ամիս է՝ չի լուծվել

«Ինչպես Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր բնակավայրերի, այնպես էլ մյուս տարածքների դեօկուպացիան արցախյան կողմի առաջնային խնդիրներից է, սակայն թե ինչ ձեւով եւ երբ դա տեղի կունենա՝ կախված է բազմաթիվ գործոններից»։ Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան՝ ասել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից՝ միաժամանակ նշելով, որ թե՛ ռուսական կողմի եւ թե՛ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներում մշտապես քննարկվում է այս հարցը։ Ադրբեջանի օկուպացրած Հադրութի շրջանի այս երկու գյուղերը պատերազմից հետո էլ շարունակում էին գտնվել հայկական վերահսկողության ներկո։ Այդ տարածքներից հայկական զինված ուժերի դուրսբերման մասին խոսք չի եղել նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Ավելին՝ նշված է եղել, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Բայց մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 12-ին, Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնեց, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Հին Թաղեր եւ Խծաբերդի բնակավայրերի ուղղությամբ։ Հաջորդ օրը կառավարությունում Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այս բնակավայրերի հարցին՝ նշելով, որ հարձակումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ռուսաստանյան խաղաղապահները դեռեւս չէին հասցրել տեղակայվել տվյալ հատվածում։ Ի վերջո, ըստ նույն հայտարարության, ռուս խաղաղապահ փոքր ստորաբաժանում մոտեցել է մարտական գործողությունների գոտի, որի արդյունքում մարտերը դադարել են, բայց Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերն անցել են Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատների վերահսկողության ներքո:  Դեկտեմբերի 13-ին Փաշինայնն ասաց, որ մեր առաջ խնդիր է՝ այդ հատվածում իրավիճակը լիարժեք համապատասխանեցնել նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթներին։ Սակայն այդ խնդիրը, փաստորեն, ինն ամիս է՝ չի լուծվել։  Թե Հայաստանի եւ Արցախի արտաքին գերատեսչություններն ինչ քայլեր են ձեռնարկել եւ ինչ արդյունքի են հասել՝ այս երկու բնակավայրերը վերադարձնելու ուղղությամբ՝ Infocom-ը Հայաստանի ու Արցախի արտաքին գերատեսչություններից հետաքրքրվել էր նաեւ մայիսին։ Արցախից ամիսներ առաջ դարձյալ պատասխանել էին, որ Թուրքիայի եւ ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության զավթված տարածքների դեօկուպացիան Արցախի արտաքին քաղաքականության առանցքային հարցերից է, ինչը ժամանակատար եւ աշխատատար գործընթաց է։ Արցախի ԱԳՆ-ն արձանագրել էր, որ մայիսի դրությամբ, դժբախտաբար, կոնկրետ արդյունքներ դեռեւս չունեն։ Այս անգամ հավելել են միայն այն, որ ռուսական կողմի եւ միջազգային կառույցների հետ մշտական քննարկումների մեջ են։ Իսկ եթե մայիսին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մերժել էր տեղեկություն տրամադրել Խծաբերդն ու ՀԻն Թաղերը վերադարձնելու ուղղությամբ կատարվող դիվանագիտական աշխատանքի եւ ընթացիկ արդյունքների մասին՝ նշելով, որ «ՀՀ արտաքին քաղաքականության ռազմավարությունը եւ մարտավարությունը բացահայտող տեղեկությունների վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել պետության շահերին», ապա այս անգամ պատասխանել են, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կողմի հարձակումը, ինչի հետեւանքով զավթվել են այդ բնակավայրերը, սպանվել եւ գերեվարվել են հայ զինծառայողները, հանդիսանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետի կոպիտ խախտում: Արտաքին գերատեսչությունից հավելել են, որ հարցի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումները փոխանցվել են ներգրավված բոլոր կողմերին, գործընկեր երկրներին ու միջազգային կառույցներին: Հայարփի Բաղդասարյան
16:46 - 16 սեպտեմբերի, 2021
Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը»

Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը»

Կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը և ծրագրի իրականացման պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակ՝ www.e-draft.am-ից։  Նախագծի նպատակը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության տրամադրումն է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքներին, ինչպես նաև ծրագրի իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծումն է։ Նախագծի ընդունումը պայմանավորված է պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին աջակցության միջոցառումների շրջանակի ընդլայնմամբ։ Նախագծում նշվում է, որ համաձայն Արցախի Հանրապետության կառավարության կողմից տրամադրած տեղեկատվության, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանվել է շուրջ 950 ընտանիք (3600 անձ), որոնց բնակարանային ապահովության խնդիրը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։ Ծրագրից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնք ԼՂՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 15-ի «ԼՂՀ տարածքում վերաբնակվող ընտանիքներին տրամադրվող արտոնությունների մասին» N 121 որոշմամբ հաստատված՝ վերաբնակեցման գրքույկ են  ստացել և ԼՂՀ-ում բնավորման մասին պայմանագիր են  կնքել, 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն վերջին 3 ամիսներին  փաստացի բնակվել են Քաշաթաղում, սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք  են ունեցել  Քաշաթաղում ։ Աջակցությունը տրամադրվում  է ՀՀ մարզային բնակավայրերում կամ Արցախի Հանրապետությունում հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերող շահառուին և ուղղվում է հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը։  Ծրագրի շրջանակներում դիմումներն ընդունվելու են 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը։ Աջակցությունը տրամադրվում է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի մարման համար։ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով ծրագրի համար կնախատեսվի 9 մլրդ դրամ։ Յուրաքանչյուր հաջորդ տարվա պետական բյուջեով ծրագրի համար ֆինանսական միջոցների ավելացման հարցը կքննարկվի տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում՝ հաշվի առնելով ծրագրի գծով նախորդ տարիներին կատարված փաստացի ծախսերը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցություն տրամադրել 950 շահառուի։   
16:44 - 07 սեպտեմբերի, 2021
Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր

Երևանում սեպտեմբերի 7-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից՝ տեղեկացնելով, որ քննարկվել են արտաքին քաղաքականության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։ «Երկուստեք կարևորվել է փոխգործակցության շարունակական ընդլայնումն ու խորացումը, հայկական երկու հանրապետությունների արտաքին գերատեսչությունների համագործակցության բարձր մակարդակի պահպանումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերաբար քննարկումների կազմակերպումը»,- նշված է ԱՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Արցախի ԱԳՆ-ից հանդիպմանը մասնակցել են գլխավոր քարտուղար Սեմյոն Աֆիյանը և ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։
16:11 - 07 սեպտեմբերի, 2021
Հռչակագրի ընդունումը դարձել է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի առանցքային իրադարձություններից մեկը. ԱՀ ԱԳՆ

Հռչակագրի ընդունումը դարձել է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի առանցքային իրադարձություններից մեկը. ԱՀ ԱԳՆ

Արցախի Արտաքին գործերի նախարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: «30 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նիստը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ հիմք դնելով անկախ ժողովրդավարական պետության կերտմանը: Հանրապետության հռչակումը լիովին համապատասխանում էր միջազգային իրավունքի նորմերին և այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը, որոնք ինքնավար կազմավորումներին և կոմպակտ բնակվող ազգային փոքրամասնություններին իրենց ճակատագիրը և քաղաքական կարգավիճակը ինքնուրույն որոշելու իրավունք էին տրամադրում: 1991 թ. դեկտեմբերի 10-ին անկախ պետություն ստեղծելու որոշումն ամրագրվել է համաժողովրդական հանրաքվեում Արցախի (Լեռնային Ղարաբաղ) ժողովրդի ազատ կամարտահայտությամբ: Հանրապետության հռչակման մասին 1991 թ. սեպտեմբերի 2-ի Հռչակագրի ընդունումը դարձել է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի առանցքային իրադարձություններից մեկը, որը հիմնված էր ժողովրդի ինքնորոշման, պատմական արդարության վերականգնման և մեկ միասնական հայկական պետության մեջ վերամիավորվելու ձգտման վրա՝ նպատակ ունենալով ազատվել ֆիզիկական ոչնչացման մշտական սպառնալիքից: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ուժով և ուժի սպառնալիքի կիրառմամբ լուծելու, ահաբեկման, էթնիկ զտումների, կոտորածների և մարդու իրավունքների զանգվածային խախտումների միջոցով արցախահայությանը հայրենիքից զրկելու Ադրբեջանի հետևողական քաղաքականության պայմաններում անկախ պետության ստեղծումը ոչ միայն կարևոր քաղաքական քայլ էր, այլև պատմական անհրաժեշտություն: 1990-ականների աշխարհաքաղաքական փոփոխությունները և տարածաշրջանային հարաճուն լարվածությունը հասարակության ինքնակազմակերպման և պետական ինստիտուտների ստեղծման վճռական քայլեր էին պահանջում՝ անհրաժեշտ Ադրբեջանի վերահաս զինված ագրեսիան հետ մղելու և Արցախի ժողովրդի խաղաղ ապրելու և զարգանալու իրավունքը երաշխավորելու համար: Անկախության օրվանից ի վեր Արցախի Հանրապետությունն անցել է բազմաթիվ փորձությունների, այդ թվում՝ կործանարար պատերազմների և ծանր կորուստների միջով: Այնուամենայնիվ, ո՛չ ահաբեկումն ու սպառնալիքները, ո՛չ շրջափակումը և կրկնվող ռազմական ագրեսիաները չեն կարողացել կոտրել Արցախի ժողովրդի կամքը և իր անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, իր պետականությունն ամրապնդելու և զարգացնելու վճռականությունը: Համոզված ենք, որ Արցախում հայկական պետականությունը ազգային ինքնության, արժանապատվության պահպանման և անվտանգ ապագա ապահովելու հիմնական երաշխավորն է, ինչպես նաև ժողովրդի՝  սեփական քաղաքական ճակատագիրն ինքնուրույն որոշելու անքակտելի իրավունքի իրացման միջոցը։ Այս հիշարժան օրը մենք հարգանքի և երախտագիտության տուրք ենք մատուցում նրանց, ովքեր պայքարել են Արցախի արժանապատվության, ազատության և անկախության համար, գլուխ ենք խոնարհում այդ սրբազան պայքարում իրենց կյանքը զոհաբերածների հիշատակի առջև. նրանց քաջությունն ու սխրանքը մշտապես լինելու են հայրենիքին անձնվիրաբար ծառայելու և համազգային գործին նվիրվելու վառ օրինակ: Հավատարիմ մնալով ազգային-ազատագրական շարժման գաղափարներին, նպատակներին և սկզբունքներին՝ Արցախի Հանրապետության ժողովուրդն ու իշխանությունները անսասան վճռականությամբ շարունակելու են ձգտել հասնելու երկրի անկախության միջազգային ճանաչմանը և տարածքային ամբողջականության վերականգնմանը,  ինքնիշխան պետականության ամրապնդմանն ու զարգացմանը։ Կեցցե´ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Փա´ռք ու պատի´վ Արցախի ազատության և անկախության բոլոր մարտիկներին»,- ասված է հայտարարության մեջ:
10:23 - 02 սեպտեմբերի, 2021
Արարատ Միրզոյանը և Դավիթ Բաբայանն ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը

Արարատ Միրզոյանը և Դավիթ Բաբայանն ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը

Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ: Վերջինս շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի և Արցախի համար կարևոր ժամանակաշրջանում արտգործնախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Արարատ Միրզոյանը և Դավիթ Բաբայանն ընդգծել են Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցության հետագա զարգացման ու պարբերական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝ Հայաստանի և Արցախի ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման և համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը։ Զրուցակիցները քննարկել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և Արցախում հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ տեղում գործադրվող ջանքերը։ Շեշտվել է Հայաստանի և Արցախի սահմաններին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող սադրիչ գործողությունների անթույլատրելիությունը, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար։
15:22 - 20 օգոստոսի, 2021
44-օրյա ագրեսիայի հետևանքով Արցախի տարածքների ապօրինի օկուպացիան ամրագրելու Ադրբեջանի փորձերն անթույլատրելի են. Արցախի ԱԳՆ

44-օրյա ագրեսիայի հետևանքով Արցախի տարածքների ապօրինի օկուպացիան ամրագրելու Ադրբեջանի փորձերն անթույլատրելի են. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահների՝ Արցախի օկուպացված տարածքներ ապօրինի այցի հետ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Կրկին հայտարարում ենք, որ 2020 թ. սեպտեմբերին Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա ագրեսիայի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքների ապօրինի օկուպացիան ամրագրելու Ադրբեջանի փորձերն անթույլատրելի են։ Միջազգային իրավունքի նորմերի խախտման ու զինված ուժի ապօրինի կիրառման արդյունքներն օրինականացնելուն միտված ցանկացած գործողություն պետք է խստորեն դատապարտվի: Բաքվի՝ սեփական ապօրինի գործողությունները որպես ընդունելի նորմա ներկայացնելուն ուղղված քաղաքականության վառ օրինակներից է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահների այցը Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Շուշի քաղաք: Անհրաժեշտ ենք համարում ընդգծել Ադրբեջանի և այլ երկրների պաշտոնատար անձանց՝ Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ այցերի  անընդունելիությունը և սադրիչ բնույթը, քանի որ դրանք միջազգային իրավունքի կոպիտ խախտում են, մարտահրավեր՝ քաղաքակիրթ աշխարհին և նպատակ ունեն բացառել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար նախապայմանների ստեղծման հնարավորությունը։ Կրկին ընդգծում ենք, որ Արցախի Հանրապետության դիրքորոշումն անփոփոխ է. հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման պարտադիր պայման է հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումն ու Արցախի կողմից միջազգային իրավասուբյեկտայնության ձեռքբերումը»:   
16:39 - 29 հուլիսի, 2021
Առկա իրավիճակում առանձնահատուկ նշանակություն ունի պրոակտիվ դիվանագիտությունը. Արցախի ԱԳՆ-ի ստեղծումից անցել է 28 տարի

Առկա իրավիճակում առանձնահատուկ նշանակություն ունի պրոակտիվ դիվանագիտությունը. Արցախի ԱԳՆ-ի ստեղծումից անցել է 28 տարի

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի արտաքին գերատեսչության ստեղծման 28-ամյակի առիթով:  Արցախի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը ստորև. «28 տարի առաջ, 1993 թվականի հուլիսի 23-ին ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) Արտաքին գործերի նախարարությունը: Արտաքին քաղաքական գերատեսչության կազմավորումը տեղի է ունեցել դժվար ժամանակաշրջանում, երբ Արցախի ժողովուրդը ստիպված էր հետ մղել Ադրբեջանի սանձազերծած զինված ագրեսիան, որի նպատակը երիտասարդ պետության ոչնչացումն էր։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ էր ինստիտուցիոնալացնել ռազմական գործողությունների դադարեցմանն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային ջանքերը, ինչպես նաև արտաքին քաղաքական գործունեությունը՝ միտված ազգային շահերի պաշտպանությանը: Արցախի ԱԳՆ-ն նշանակալի ներդրում է ունեցել 1994 թվականի մայիսի 12-ին եռակողմ հրադադարի մասին համաձայնագրի կնքման գործում, որի շնորհիվ դադարեցվեցին ռազմական գործողությունները և պայմաններ ստեղծվեցին երկրի խաղաղ զարգացման համար: ԱԳՆ կազմավորումը կարևոր նշանակություն ունեցավ նաև Արցախում պետականաշինության տեսանկյունից. անկախ արտաքին քաղաքականություն վարելու ունակությունը կայացած պետության հատկանիշներից մեկն է: Ստեղծման օրվանից Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հետևողական արտաքին քաղաքականություն է վարում` ուղղված Արցախի ռազմավարական շահերի պաշտպանությանը և խթանմանը, մասնավորապես` նրա անկախության միջազգային ճանաչմանը, միջազգային կապերի ընդլայնմանն ու խորացմանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և դրա կարգավորման ուղիների վերաբերյալ  հանրապետության իշխանությունների դիրքորոշման պարզաբանմանը, Արցախի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և արտերկրում դրական վարկանիշի ամրապնդմանը, հակազդմանը՝ Ադրբեջանի կողմից  ապատեղեկատվության տարածմանն ու շահարկումներին։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիան հանգեցրեց անվտանգային հին սպառնալիքների սրմանը և նորերի առաջացմանը: Այս մարտահրավերների առկայության պայմաններում պրոակտիվ դիվանագիտությունը առանձնահատուկ նշանակություն է ստանում: Նախաձեռնող, իրատեսական և հավասարակշռված արտաքին քաղաքականությունը Արցախի Հանրապետության ազգային անվտանգության արդյունավետ ապահովման, նրա պետական ինքնիշխանության պահպանման և ամրապնդման, տարածքային ամբողջականության վերականգնման, երկրի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության բարձրացման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության՝ Արցախի ժողովրդի շահերից բխող համապարփակ կարգավորման գրավականն է»: 
14:04 - 23 հուլիսի, 2021
Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցի կազմակերպումը Արցախի օկուպացված տարածքներ․ Արցախի ԱԳՆ

Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցի կազմակերպումը Արցախի օկուպացված տարածքներ․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների՝ Արցախի օկուպացված տարածքներ այցի կապակցությամբ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․«Խստագույնս դատապարտում ենք 2021 թ. հուլիսի 10-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցի կազմակերպումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, այդ թվում՝ քաղաք Շուշի։ Նմանատիպ գործողություններով Ադրբեջանը փորձում է ամրագրել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և միջազգային ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպությունների անդամների աջակցությամբ Արցախի Հանրապետության դեմ իր կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի արդյունքները։ Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ ներկայիս իրավիճակն Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանք է։ Ադրբեջանը կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչպիսիք են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, վեճերի խաղաղ կարգավորում, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգում, ժողովուրդների իրավահավասարության և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք, ինչպես նաև միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարում։ Ադրբեջանի՝ ներկայիս ապօրինի իրողություններն օրինականացնելու փորձերը նշանակում են նաև սանձազերծված պատերազմի, միջազգային ահաբեկիչների հետ համագործակցության, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման և ռազմական հանցագործությունների արդարացում։ Ափսոսանք է առաջացնում այն փաստը, որ Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները ենթարկվել են Ադրբեջանի մանիպուլյատիվ գործողություններին, որոնք ոչ միայն միտված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացի վերսկսումը թույլ չտալուն, այլ նաև խարխլում են միջազգային հարաբերությունների կարգերը՝ հիմքեր ստեղծելով ապօրինի գործողությունների արդյունքներն ընդունելի նորմա ճանաչելու համար։ Ուժի սպառնալիքի կամ կիրառման արդյունքում ձեռք բերված ոչ մի տարածքային նվաճում չպետք է ճանաչվի օրինական։ Կրկին հայտարարում ենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից զավթված Արցախի Հանրապետության տարածքները՝ Շուշի քաղաքը ներառյալ, միջազգային իրավունքի նորմերի համաձայն ժամանակավորապես օկուպացված տարածքներ են։ Ինչպես տարածքային, այնպես էլ մշակութային, տնտեսական և պատմական առումներով Շուշին Արցախի անքակտելի մասն է։ Այն անջատելու ցանկացած փորձ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է։Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և Արցախի կողմից միջազգային իրավասուբյեկտայնության ձեռքբերումը հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման պարտադիր պայմաններ են։ Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին բանակցային գործընթացի վերսկսմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման նպատակով»։
13:15 - 13 հուլիսի, 2021
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչումը

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչումը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչումը։ Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.    «Նահանգի Սենատում ընդունված համապատասխան բանաձևում դատապարտվում են 1915 թվականի Ցեղասպանությունը, տասնամյակներ շարունակվող Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, 2020 թվականին Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմը՝ դրանք փաստորեն դիտարկելով որպես մեկ ցեղասպան քաղաքականության բաղադրիչներ»,- ասված է հաղորդագրության մեջ։ ԱՄՆ Նյու Ջերսի նահանգը հունիսի 30-ին ճանաչել է Արցախի անկախությունը: Նյու Ջերսիի նահանգի սենատը միաձայն ընդունել է համար 71 բանաձևը։ Սենատն Արցախը ճանաչելուց բացի դատապարտել է Թուրքիային ու Ադրբեջանին Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի համար և վերահաստատել Հայոց ցեղասպանության ճանաչումը: Նյու Ջերսին Արցախի անկախությանը ճանաչած ԱՄՆ 10-րդ նահանգն է:
13:00 - 01 հուլիսի, 2021