Անդրանիկ Քոչարյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Ծնվել է 1961թ. մայիսի 3-ին։ 1983թ. ավարտել է Երեւանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետի ավտոմատ կառավարման համակարգեր բաժինը, 2000թ.՝ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 

1983-1990թթ. աշխատել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ճարտարագետ: 1990-1991թթ. եղել է ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1991-1995թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 1994-1996թթ. եղել է Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչ: 1999-2000թթ. աշխատել է ՀՀ վարչապետի խորհրդական՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ կադրային քաղաքականության հարցերով:

2000-2005թթ. եղել է «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» ՀԿ-ի ազգային անվտանգության եւ պաշտպանության գծով անկախ փորձագետ, 2008-2009թթ., 2008թ.՝ մարտի 1-ի իրադարձությունները քննող փաստահավաք խմբի անդամ, փորձագետ: 2012 թ․-ից «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահն է:

1995-1999թթ. եղել է ԱԺ պատգամավոր: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:

2019-2021թթ. եղել է ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): 

 

ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների նիստում ՀՀ-ն ներկայացրել է Ադրբեջանի նոյեմբերի 16-ի ագրեսիայի մասին հայտարարություն

ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների նիստում ՀՀ-ն ներկայացրել է Ադրբեջանի նոյեմբերի 16-ի ագրեսիայի մասին հայտարարություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանն ու Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը նոյեմբերի 19-ին տեսակապի միջոցով մասնակցել են ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների համատեղ առցանց նիստի աշխատանքներին:   ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ առցանց նիստում քննարկվել են մասնակից երկրների խորհրդարանների ներկայացուցիչների հավանությանն են արժանացել մի շարք հարցեր: Հայկական պատվիրակության անդամները որոշ հարցերի առնչությամբ ներկայացրել են առաջարկներ, որոնք ընդունվել են:  «Անդրանիկ Քոչարյանը գործընկերներին ներկայացրել է նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի, դրա հետեւանքների, տուժածների վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունը:  Պատգամավորը, կարեւորելով նման քայլերի կանխարգելումը, անհրաժեշտ է համարել բոլորի կողմից  գործուն քայլերի ձեռնարկումը՝ ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի անվերապահ եւ ամբողջական դուրսբերման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:  Քննարկված նախագծերի քվեարկությունը տեղի է ունենալու նոյեմբերի 29-ի ՀԱՊԿ ԽՎ-ի լիագումար նիստի ընթացքում, որը նույնպես կայանալու է տեսակապի միջոցով:
18:49 - 19 նոյեմբերի, 2021
Սահմանազատման նախապատրաստման գործընթացը սկսվելու է զրոյական կետից. Անդրանիկ Քոչարյան |armtimes.com|

Սահմանազատման նախապատրաստման գործընթացը սկսվելու է զրոյական կետից. Անդրանիկ Քոչարյան |armtimes.com|

armtimes.com: Սահմանազատման նախապատրաստման գործընթացը սկսվելու է զրոյական կետից: Այս մասին Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ՊՆ-ն դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով։ Փաշինյանը նշել էր` այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են։ «Ես որոշ չափով տեղեկացված եմ այդ ամենից և կարող եմ ասել, որ խոսքը զրոյական կետից սկսելու մասին է։ ՀՀ–ն տվել է իր համաձայնությունը դրանց մասնակցելու համար»,–ասաց Քոչարյանը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի առաջարկն ընդունելու մասին Հայաստանը գրավոր ծանուցում է ուղարկել ՌԴ։ «Բովանդակության մասին այս պահին վաղ է խոսել, մենք խոսում ենք նախապատրաստական աշխատանքների սկզբի մասին», - ասաց Աղաջանյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ հավելեց` Ռուսաստանին գրավոր ծանուցվել է, որ Հայաստանը կողմ է առաջարկին, իշխանական մեկ այլ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ ասաց՝ բանակցություններն, ըստ էության, հանրային չեն լինում, դրանք գաղտնի են: 
11:50 - 19 նոյեմբերի, 2021
Հուսով եմ՝ մեր ռազմավարական դաշնակիցը այսօր և վաղը իր՝ երաշխավորի կարգավիճակը կվերականգնի․ Անդրանիկ Քոչարյան

Հուսով եմ՝ մեր ռազմավարական դաշնակիցը այսօր և վաղը իր՝ երաշխավորի կարգավիճակը կվերականգնի․ Անդրանիկ Քոչարյան

Եթե օրվա մեջ ինքը (հակառակորդը-խմբ․) ունեցել է առավելություններ, օրվա վերջում այդ առավելությունները կորցրեց։ Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ «Մենք շատ դիրքեր հետ ենք բերել։ Մարդկային կորուստներ ունեցել ենք թե՛ մենք, թե՛ իրենք։ Իրենք ունեցել են նաև զրահատեխնիկայի կորուստ բավականին շոշափելի, իսկ դա նշանակում է, որ ունեցել են նաև շոշափելի մարդկային կորուստ։ Այն, ինչ որ երեկ մատուցեցին՝ մեր հասարակությանը գցելով շոկային վիճակի մեջ, այսօր շատ հեռու էր երեկվա իրականությունից, և մեր ԶՈՒ-ն մտավ մարտական գործողությունների մեջ և օրվա վերջում պարտադրեց այս պահի դրությամբ հրադադար (հարցազրույցի պահին- խմբ․)։ Ստատուս քվոն (վերականգնելը- խմբ․), եթե ամբողջական դիրքային կորուստների բալանսի մասին է, մենք այդ արդյունքը կարձանագրենք շատ կարճ ժամանակում»,- նշել է նա։ Անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Քոչարյանն ասաց, որ իր կարծքով՝ դեռ ՀԱՊԿ-ի հետ երկար ճանապարհ պետք է անցնենք, մինչև ՀԱՊԿ-ը կայանա․ «Բայց ՀԱՊԿ-ը մենակ Ղազախստան, Ղրղզստանը կամ մեկ ուրիշ երկիրը չէ։ Մենք ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ ենք, և այնտեղ կա Ռուսաստանը։ Բայց մենք առանձին Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական համագործակցության  շատ լուրջ պայմանագիր, և Ռուսաստանը հրադադարի պահպանման երաշխավորն է, և երեկ հրադադարը խախտվել է․․․էսօր ես էլ իմ ելույթներում (ԱԺ-ում- խմբ․) երկու անգամ հնչեցրի՝ ՀԱՊԿ-ը կա՞, թե՞ չկա»։ Խոսելով Ռուսաստանի մասին՝ պատգամավոն ընդգծեց, որ մեր դաշնակիցը այնուամենայնիվ, մինչև երեկ հրադադարի ռեժիմի պահպանման հարցով երաշխավորի իր պարտավորությունները կարողանում էր իրականացնել։ «Էսօր ինչ-որ բան խախտվեց, երեկ և էսօր ինչ-որ բան խախտվեց։ Բայց ես հուսով եմ, որ մեր ռազմավարական դաշնակիցը այսօր և վաղն ամբողջությամբ իր երաշխավորի կարգավիճակը կվերականգնի»,- հավելեց Քոչարյանը։ Հարցին, թե ինչն է իրեն նման հույս տալիս, նա պատասխանեց․ «Մեր Զինված ուժերն այսօր կռվեցին։ Դա ամենակարևոր հույսն է։ Դա նշանակում է, որ եթե այլ տրամաբանություն կար էս ամենի մեջ էս քանի օրվա, և դիտվում էր, որ մենք 44-օրյա պատերազմից հետո դեռ ի վիճակի չենք մեր ինքնիշխանության համար կռիվ տալու, այսօր մենք տվեցինք, և մենք ամեն ինչ պետք ա նենք, որ եթե պետք լինի, վաղն էլ տանք»։ Լուսանկարը՝ panorama.am-ի
22:41 - 16 նոյեմբերի, 2021
Վստահության փխրուն իրողությունը, որ գոյություն ունի մեր ռազմավարական գործընկերության հետ հարաբերություններում, մեկ վայրկյանում կարող է փոխվել, եթե միջամտություններ չլինեն. Քոչարյան

Վստահության փխրուն իրողությունը, որ գոյություն ունի մեր ռազմավարական գործընկերության հետ հարաբերություններում, մեկ վայրկյանում կարող է փոխվել, եթե միջամտություններ չլինեն. Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը այսօր՝ ԱԺ հայտարարությունների ժամին, ասաց, որ  ՀՀ ինքնիշխան տարածքում տեղի են ունենում մարտական գործողություններ և Ադրբեջանը խախտել է ՀՀ ինքնիշխան տարածքը։ Քոչարյանը հիշեցրեց՝ ՀՀ-ն ՀԱՊԿ հիմնադիր անդամ է և միաժամակ ունի 44-օրյա պատերազմի հրադադարի ռեժիմի երաշխավորի՝ ՌԴ-ի հետ համագործակցային հարաբերություններ։ Նրա խոսքով՝ ՌԴ-ն պետք է արձագանքի հրադադարի ռեժիմի խախտմանը․ «Նաև խախտված է ՀԱՊԿ կանոնակարգի բոլոր կետերը։ Միջազգային հանրության համար մտահոգիչ պետք է լինի էսկալացիայի ավելացումը այն առումով, որ պետք է չմոռանանք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օգտագործվեցին ահաբեկչական խմբեր, և այդ խմբերը եթե այս պահին նկատելի չեն, մեկ այլ լարվածության ավելացման հետ մեկտեղ այդ խմբերը նորից կդառնան տեսանելի և վտանգ կներկայացնեն ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի համար, այլ նաև միջազգային հանրության համար ևս»։ Պատգամավորը հավելեց նաև՝ վստահության թեկուզ փխրուն իրողությունը, որ գոյություն ունի մեր ռազմավարական գործընկերության հետ հարաբերություններում, մեկ վայրկյանում կարող է փոխվել, եթե այնուամենայնիվ այս գործողությունների մեջ միջամտություններ չլինեն․ «Որովհետև այսպես թե այնպես եթե գործողություն է գնում, մեր զինված ուժերը իր առջև դրված մարտական խնդիրը պետք է լուծի և այդ խնդրի լուծման հետ կապված բոլորս անելիք ունենք»։
17:17 - 16 նոյեմբերի, 2021
ՄԱԿ-ի ԱԽ-ից կլինեն հայտարարություններ, բայց խնդիրը լուծվելու է մեր միակամությամբ և մեր միջազգային գործընկերների պարտականությունների կատարման տիրույթում․ Անդրանիկ Քոչարյան |lragir.am|

ՄԱԿ-ի ԱԽ-ից կլինեն հայտարարություններ, բայց խնդիրը լուծվելու է մեր միակամությամբ և մեր միջազգային գործընկերների պարտականությունների կատարման տիրույթում․ Անդրանիկ Քոչարյան |lragir.am|

lragir.am: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ նիստում կոչով դիմեց ՀԱՊԿ-ին։ «Մենք, այնուամենայնիվ, ՀԱՊԿ հիմնադիր անդամ ենք, անկախ նրանից կազմակերության մեջ ինչ պետություններ են ընդգրկված։ Այնտեղ հիմնական ընդգրկված և մեր ռազմավարական գործընկերը դա Ռուսաստանի Դաշնությունն է, որը լինելով ՀԱՊԿ անդամ՝ ունի լիարժեք մեծ փաթեթ՝ ՀԱՊԿ անդամ պետության սահմաններում այսպիսի լարվածություններն իր գործողություններով կանխելու։ Այս պահի դրությամբ ոչ հայտարարություն ենք լսել, ոչ էլ գործողությունների հստակ գործիքակազմի կիրառման հնարավորություն։ Էլ չեմ ասում մշտադիտարկման խնդիրը ամիսներ առաջ կախված է եղել ՀԱՊԿ առջև, որովհետև եթե մշտադիտարկման փուլը մենք իրականություն դարձրած լինեինք, կարծում եմ՝ երբեք Ադրբեջանը մեղադրանք չէր կարող ներկայացնել Հայաստանի զինված ուժերի նկատմամբ։ Ուզում եմ ասել՝ այսպես թե այնպես այս լարվածությունն էլ մենք կհաղթահարենք, և այստեղ մեր միասնականությունից է կախված՝ զինված ուժերը միայնակ կմնա այսօրվա իրավիճակում, թե՞ մենք բոլորս իրոք բառիս բուն իմաստով կլինենք զինված ուժերին ենթակա մարմին։ Խոսքս վերաբերում է ՀԱՊԿ-ին, ես կարծում եմ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից կլինեն հայտարարություններ, բայց խնդիրը լուծվելու է մեր միակամությամբ և մեր միջազգային գործընկերների պարտականությունների կատարման տիրույթում»,- ասաց նա։ Ըստ Քոչարյանի՝ եթե Հայաստանը գտնվում է մի տիրույթում, որտեղ անվտանգության գործիքակազմ գոյություն ունի, այդ տիրույթն ունի պարտավորություններ։ «Օր առաջ թող գոնե իրենց գնահատականներով կանխեն այս լարվածությունը։ Եթե այսօր լարվածությունը չկանխենք, ինքն ավելի մեծ ծավալներ կընդգրկի։ Մեծ ծավալները դրանք լրացուցիչ զոհեր են, իսկ զոհերը ցանկալի չեն։ Մենք պետք է պահպանենք հրադադարի ռեժիմը, որպեսզի կարողանանք տարածաշրջանը հեռու պահել ավելի մեծ ռազմական բնույթի ցնցումներից»։
16:27 - 16 նոյեմբերի, 2021
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փորձագետ |armenpress.am|

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փորձագետ |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանին հանձնաժողովի փորձագետ նշանակելու մասին։ Քոչարյանն ասաց, որ Հովհաննիսյանը հանձնաժողովին կօգնի ռազմական ոլորտի շատ հարցերում, որովհետև նա ոչ միայն դասավանդել է, այլ նաև կյանքի փորձ է անցել Զինված ուժերի ակունքներից սկսած։ «Յուրաքանչյուր մարդ, ով անկեղծ իր ներդրումն է առաջարկել և ձեռք է մեկնել է մեր երկրի ապագային միտված գործողությունների իրականացմանը, պետք է մեր հանձնաժողովի կողմից միշտ նկատված լինի՝ անկախ նրանից, թե ինչ շահարկումների միջով են փորձում անցկացնել նրան։ Շահարկումները և ֆեյքերը պետք է մի օր վերանան մեր կյանքից, և իրական գործընթացների մեջ իրական մարդը իր գիտելիքները պետք է ծառայեցնի մեր կարիքների համար»,- ասաց Քոչարյանը՝ շնորհակալություն հայտնելով Հովհաննիսյանին առաջարկն ընդունելու համար։ Քոչարյանը նշեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն օր օրի մոտենում է ձևավորման վերջնական փուլին և այնտեղ միասին շատ մեծ ճանապարհ պետք է անցնեն։ Հովհաննիսյանը նշեց, որ դեռևս տեղյակ չէ, թե արդյոք ինքն ընդգրկված լինելո՞ւ է քննիչ հանձնաժողովում, թե ոչ։ «Գիտեմ, որ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում կա փորձագետի աշխատանք, և հենց հիմա իմ դեմ դրված են փաստաթղթեր, օրենքի նախագծեր, որոնց որպես փորձագետ պետք է գնահատական տամ՝ ռիսկերը, արդյունավետությունը և այլն»,- ասաց Հովհաննիսյանը։
13:04 - 09 նոյեմբերի, 2021
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծում որպես հիմնավորում ասվում է, որ օրենքն ուժի մեջ է մտել 2013 թվականին, որից հետո մինչ օրս չի վերանայվել, սակայն այս ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում։ Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորների թիվը նվազել է, և նոր ձևավորված Ազգային ժողովում 132 պատգամավորի փոխարեն կա 107 պատգամավոր, պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ նվազում։ Օրենքի նախագծի հիմնական զեկուցող Վիկտոր Ենգիբարյանը զեկուցման ժամանակ հիմնավորումներ ներկայացնելիս ասաց, որ այս օրենսդրական փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից: «Ե՛վ 2,5 տարիների ընթացքի մեր պատգամավորական փորձը ցույց է տվել, որ պատգամավորին նյութատեխնիկական ապահովման տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում՝ սպասարկման կամ վառելիքի ծախսերից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ, և՛ այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը»,- ելույթում ասաց Վիկտոր Ենգիբարյանը: Հարցուպատասխանից հետո՝ եզրափակիչ ելույթի ժամանակ, Ենգիբարյանը հավելեց․ «Մենք պատգամավորների նյութատեխնիկական հնարավորություններն ավելացնում ենք ոչ թե նրա համար, որ պատգամավորները սկսեն այցելել մարզեր, այլ հակառակը․ այդ ավելացումը տեղի է ունենում այն պատճառով, որ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատգամավորներն իրենց աշխատավարձի զգալի մասը ծախսում են պատգամավորությունից բխող իրենց գործունեության վրա․․․ Նշվեց, որ պատգամավորն իր աշխատավարձը տրամադրում է այս կամ այն բարեգործական նպատակների։ Ես առաջարկում եմ բոլոր այն պետական պաշտոնյաներին, որոնք կարծում են, որ եկել են ԱԺ բարեգործություններ անելու համար, վերընթերցեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Մեր աշխատանքից բխում է մեր քաղաքացիների և ժողովրդի շահերի ներկայացումը և հանուն մեր ժողովրդի օրենքների ընդունումը և պատգամավորի պարտականությունից բխող գործունեությունը։ Բարեգործությունների համար կարելի է բացել բարեգործական հիմնադրամներ և զբաղվել բարեգործությամբ»։ Օրենքում կատարված այս փոփոխությունը մեծ դժգոհությունների և քննարկումների առիթ դարձավ թե՛ համացանցում, թե՛ լրատվամիջոցներում։ Այս առնչությամբ, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կենցաղային օրինակ բերեց, որը նույնպես քննադատությունների ենթարկեց։ Աղազարյանն ասաց․ «Պարտադիր էլ չի, որ մարզ գնանք, ինչի Երևան քաղաքում չի՞ լինում ընտրողների հետ շփումներ․․․ Մի անգամ քեզ հրավիրում են սրճարան, վերջում հաշիվն իրանք են փակում, հետո հաջորդ անգամ էլ, որ իրանք հաշիվը փակեն, գեղեցիկ չի, մի անգամ էլ դու պետք ա հաշիվը փակես․․․»։ Հարցին, թե ինչքանով էր անհրաժեշտ 50․000 դրամը 250․000 դարձնելու նախագծի ընդունումը, և ինչպիսի հաշվետվողականություն ունեին 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները, անդրադարձել ենք առանձին հոդվածով. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 62-ը մեր հարցումն անպատասխան էին թողել՝ այդպիսով հաշվետու չլինելով իրենց գործունեության վերաբերյալ։ Այս պատգամավորների մեծ մասը ներկայացված են նոր ձևավորված Ազգային ժողովում։ Այս անգամ էլ «Հետք մեդիա գործարանի» հետ համատեղ փորձել ենք ստուգել պատգամավորների հաշվետվողականությունը և իմանալ օրենքի նոր փոփոխությամբ ավելացված գումարով իրականացված ծախսերը։ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է խորհրդարանի բոլոր 107 պատգամավորներին՝ խնդրելով ներկայացնել, թե սեպտեմբեր ամսվա ընթացքում քանի մարզ են այցելել, որ բնակավայրերում են եղել և առհասարակ ինչ ծախսեր են իրականացրել պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված ամսական 250 հազար դրամով։ Հարցմանը պատասխանել են պատգամավորներից 60-ը։ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Պատգամավորների տրամադրած պատասխաններին անդրադառնանք՝ ըստ խմբակցությունների։   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Ազգային ժողովում Քաղաքացիական պայմանագիրն ունի 71 պատգամավոր։ Մեր հարցմանը իշխող խմբակցության պատգամավորներից պատասխանել է միայն 27-ը։ Սա խմբակցության պատգամավորների միայն 38%-ն է։ Սակայն պատասխանների մի մասը զուտ տեխնիկական էին․ բովանդակային առումով մեր հարցերից և ոչ մեկի պատասխանը տրված չէր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեր գրության պատասխանում նշել է, որ սեպտեմբերին կատարել է մարզային մեկ այց։ Վերջինս այցելել է Գյումրի` քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Համաձայն գրության՝ սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարի փոխհատուցումն ստացել է հոկտեմբերին՝ 170 հազար ՀՀ դրամի չափով։ Մեր հարցին, թե կոնկրետ ինչ ծախսեր են կատարվել նշված գումարով, և որքան է ծախսել, Սիմոնյանը պատասխանել է, որ գործող օրենսդրությամբ ծախսերի հաշվետվողականություն սահմանված չէ, և ծախսերի առանձնացված հաշվառում չի իրականացվում։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրությամբ նշել է, որ սեպտեմբերին այցելել է 3 մարզեր՝ 3 անգամ Արարատի, 1 անգամ Արմավիրի և 1 անգամ Կոտայքի մարզեր։ Քանի որ օրենքն ուժի մեջ է մտել 2-րդ նստաշրջանից՝ սեպտեմբերի 13-ից, Աղազարյանը սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ և ըստ պատասխանի՝ երեք մարզերի այցելության համար ծախսել է ավելի շատ գումար, քան ստացել է։ Համաձայն պատասխանի՝ Աղազարյանը նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, համաձայն պատասխանի, սեպտեմբերին այցելել է 3 մարզ։ Եղել է Արարատի մարզի Երասխ գյուղում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է ոռոգման ջրին վերաբերող հարցեր։ Եղել է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է սոցիալական խնդիրներ, ինչի արդյունքում գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն։ Եղել է նույն մարզի Զառիթափ համայնքում, որտեղ հանդիպել է զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին։ Եղել է Եղեգիս խոշորացված համայնքի Շատին և Արտանբույք բնակավայրերում և այցի ընթացքում քաղաքացիների հետ քննարկել է ապօրինի շինություններին և ճանապարհին վերաբերող դժգոհությունները։ Եղել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, որտեղ քննարկել են պայմանագրային զինծառայողների սոցիալական խնդիրները: Այս այցերի ընթացքում, ըստ Բագրատյանի, նա ծախսել է 280 հազար դրամ՝ ամեն այցին միջինում 35 հազար դրամ։ Պատգամավոր Զարուհի Բաթոյանը նշել է, որ սեպտեմբերին հանդիպումներ է ունեցել Երևանում՝ Ազգային ժողովում և դրանից դուրս։ 4 այց է կատարել Երևանի հանրակրթական դպրոցներ՝ մատչելիության մոնիթորինգ իրականացնելու և մանկավարժների հետ հանդիպումներ ունենալու նպատակով։ Բաթոյանի պատասխանի համաձայն՝ նա սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ, որին ավելացրել է ևս 65 հազար դրամ, և հոգացել է հատուկ կահավորված մեքենայի և վարորդի ծախսերը։ Բաթոյանը տեղաշարժվում է անվասայլակի օգնությամբ, և հատուկ կահավորված մեքենայից օգտվելն անհրաժեշտություն է իր ամենօրյա գործունեությունն իրականացնելու համար։ Պատգամավոր Անուշ Բեղլոյանը, թեև պատասխանել է մեր հարցերին, սակայն նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտնում երկրորդ գումարումից, այսինքն՝ հոկտեմբերից։ Պետք է նշել, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից և ոչ հոկտեմբերից։ Բեղլոյանը սեպտեմբերին 2 անգամ այցելել է Կոտայքի մարզ, հանդիպումներ է ունեցել ընտողների հետ Եղվարդում և Հրազդանում, մի շարք գործնական հեռախոսային զանգեր է կատարել արտասահման և նախաճաշել է արտասահմանցի դիվանագետների հետ, ինչի համար վճարել է ինքը։ Բացի այդ՝ Բեղլոյանը հանդիպումներ է ունեցել նաև Երևանում, այցելել է մի շարք պետական հաստատություններ և իրավապահ մարմիններ՝ ընտրողների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով։ Պատգամավոր Վահե Ղալումյանը նշել է, որ սեպտեմբերին բազմաթիվ այցելություններ է կատարել տարբեր համայնքներ և բնակավայրեր, այցելությունների ընթացքում քննարկվել են հիմնականում համայնքային խոշորացմանը վերաբերող հարցեր։ Ըստ Ղալումյանի՝ պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված գումարն ինքը ծախսել է նպատակային՝ ճանապարհածախսի, օրապահիկի, գիշերակացի, հանդիպումների կազմակերպման և ներկայացուցչական ծախսերի համար։ Պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը պատասխանում նշել է, որ մեր մատնանշած օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ նստաշրջանի բացման օրվանից, այսինքն՝ հոկտեմբերից։ Այս դեպքում ևս պետք է նշենք, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից, իսկ պատգամավորը մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրն ստացել է 170 հազար դրամ սեպտեմբեր ամսվա համար։ Հատկանշական է, որ Մովսիսյանը հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 12-ին, հետևաբար նա մինչև մեր հարցմանը պատասխանելը պետք է որ ստացած լիներ սեպտեմբերի համար նախատեսված գումարը։ Պատգամավորը նաև չի պատասխանել մեր մյուս հարցերին: Պատգամավորը խուսափել է պատասխանել նաև մեր գործընկերների հարցերին․ երբ զանգահարել են Մովսիսյանին, վերջինս խնդրել է, որ ավելի ուշ կապ հաստատեն իր հետ, որից հետո, սակայն, զանգերին չի պատասխանել Տառացի նույն պատասխանն է տվել նաև պատգամավոր Մարիամ Պողոսյանը։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 8-ին, հետևաբար հնարավոր է, որ հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ նա դեռևս սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարը ստացած չի եղել։ Սակայն պատգամավորը մեր անպատասխան է թողել նաև մեր հարցերն այն մասին, թե որ մարզերի որ բնակավայրեր է այցելել։ Նույնաբովանդակ պատասխան է տրամադրել պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։ Վերջինս նույնպես տեղյակ չէ, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է ոչ թե հոկտեմբերից, այլ սեպտեմբերի 13-ից։ Պատգամավորն ասում է, որ հնարավոր չէ այս պահին պատասխանել ծախսերի վերաբերյալ հարցերին։ Սակայն պետք է հաշվի առնենք, որ այս գումարները տրամադրվում են յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբում՝ որպես նախորդ ամսում իրականացված ծախսերի փոխհատուցում, հետևաբար պատգամավորներն, անկախ այն հանգամանքից՝ արդեն ստացել են այդ գումարները, թե դեռ ոչ, պետք է կարողանան պատասխանել, թե ինչ ծախսեր են իրականացրել, որի համար ստանում են փոխհատուցումը։ Լիլիթ Ստեփանյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին, որոնք վերաբերում էին մարզեր և համայնքներ իրականացված այցելություններին։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, թեև նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ից, սակայն հարցման պատասխանում գրել է, որ պատգամավորական գումարների ծախսման վերաբերյալ մեր հարցերը հարցման պահին ժամանակավրեպ են։ Մեր հարցումը ոչ միայն պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարի ծախսմանն էր վերաբերում, այլև մարզային և համայնքային այցելություններին։ Նշված հարցերին նույնպես պատգամավորն անդրադարձ չի կատարել։ Մեր գործընկերների հետ զրույցում, սակայն, Տիգրանյանն ասել է, որ պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը չի առանձնացվում աշխատավարձից, և հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն չկա։ «...Հետևաբար դա ընդհանուր աշխատավարձ է, և պատգամավորը ծախսում է իր գործունեության հետ կապված. կլինի մարզային այց, հյուրեր, խմբեր դիմավորել, ճանապարհել»,- մեկնաբանել է Տիգրանյանը, որը, սակայն, չի հիշել, թե սեպտեմբերին մարզային ինչ այցեր է ունեցել։ Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, թեև պատասխանել է հարցմանը, սակայն չի պատասխանել հարցերին։ Այսինքն՝ պատգամավորը տեխնիկապես կատարել է օրենքով սահմանված պարտականությունը և պատասխանել է մեր գրավոր հարցմանը, սակայն հարցերին բովանդակային անդրադարձ չի եղել։ Վերջինս նշել է, որ պատգամավորը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում՝ եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: Իսկ գործունեության վերաբերյալ նշել է, որ տեղեկությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, առցանց այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Էդուարդ Աղաջանյանը հարցման պատասխանում խոսում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերից, որոնց տեղը լրատվամիջոցների ներկայացուցիչներն անշուշտ գիտեն, սակայն ներկայացվող հայտարարագրերով նախ հնարավոր չէ պարզել, թե ստացած գումարով ինչ ծախսեր են իրականացրել, և հետո այս տարի ստացած եկամուտներն արտացոլվելու են մյուս տարի ներկայացվող հայտարարագրում, այսինքն՝ պրակտիկորեն անհնար է պատգամավորի ներկայացրած հայտարարագրով պարզել, թե որքան գումար են ստացել, օրինակ, սեպտեմբեր ամսվա համար և ինչ նպատակով են ծախսել։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատասխան տրամադրած մյուս պատգամավորները հարցմանը պատասխանել են տառացի նույն կերպ, և այս դեպքում նույնպես բացակայում են մեր հարցերի պատասխանները։ Պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Նարեկ Բաբայանը, Ռուստամ Բաքոյանը, Տաթևիկ Գասպարյանը, Նարեկ Զեյնալյանը, Բաբկեն Թունյանը, Արմեն, Խաչատրյանը, Վիգեն Խաչատրյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալխաս Ղազարյանը, Լիլիթ Մինասյանը, Էմմա Պալյանը, Գևորգ Պապոյանը, Խաչատուր Սուքիասյանը, Վլադիմիր Վարդանյանը և Հայկ Ցիրունյանը տառացի նույն պատասխանն են տրամադրել, որը վերցված է Ազգային ժողովի կանոնակարգից։ Պատգամավորների «միասնական» պատասխանը կարող եք կարդալ ստորև։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պատգամավորներից միայն Ռուբեն Ռուբինյանն է այս պատասխանին հավելել, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ին, և սեպտեմբերի 1-ի դրությամբ բոլորն ստացել են 50 հազարական դրամ։ Սակայն մենք պատգամավորին նման հարց չէինք ուղղել․ մենք հարցրել էինք սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարից, որը պատգամավորները, այդ թվում՝ Ռուբինյանը, ստացել են մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրը։ Ինչպես երևում է տրամադրված «միասնական» պատասխանից, պատգամավորները խուսափել են հարցերին հստակ պատասխան տալուց և տրամադրել են ԱԺ կանոնակարգից վերցված և ոչինչ չասող պատասխան։ Նույնաբովանդակ պատասծան տրամադրած պատգամավորներից 3-ի հետ կարողացել են զրուցել «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերները։  Ռուստամ Բաքոյանը նշել է, որ չգիտի՝ ավելացված գումարը ստացե՞լ է, թե՞ ոչ. «Ուշադրություն չեմ դարձնում, չգիտեմ նաև՝ երբ եմ ստանալու այդ 250 000 դրամը»։ Բաբկեն Թունյանը խնդրել է ավելի ուշ կապ հաստատել իր հետ, ինչից հետո զանգերին չի պատասխանել։ Գևորգ Պապոյանը համարել է, որ սա կարևոր թեմա չէ, և արդեն իսկ ամեն ինչ ասված է։  Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել էր միայն 27-ը, որոնցից մեր հարցերին մասամբ կամ ամբողջությամբ պատասխանել էր միայն 6-ը, այսինքն՝ խմբակցության պատգամավորների 8,5%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են խմբակցության պատգամավորներից միայն 10-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ուղղված հարցումներին պատասխանել է 4 պատգամավոր, ինչից հետո մնացած բոլոր պատգամավորների փոխարեն մեզ միասնական պատասխան է տրամադրել Ագնեսա Խամոյանը։ Վերջինս նշել է, որ լիազորված է պատասխանել բոլորի անունից։ Սակայն մեր նպատակն էր հարցումների միջոցով լուսաբանել բոլոր պատգամավորների գործունեությունն անհատապես և ոչ թե խմբակցության գործունեությունն ընդհանրական։ Պատգամավոր Անդրանիկ Թևանյանը սեպտեմբերին այցելել է 1 մարզ։ Եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Ըստ պատասխանի՝ հանդիպել է համակիրների և շահագրգիռ այլ անձանց հետ։ Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար տրամադրվող ամսական գումարին, Թևանյանը նշել է, որ ստացել է 170 հազար դրամ, որը, սակայն, չի օգտագործել։ Պատասխանում նշված է, որ «Հայաստան» խմբակցությունը որոշում ունի օրենքի փոփոխությունը վիճարկելու Սահմանադրական դատարանում։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը մեր հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, մասնակցել է անկախության հռչակման 30-ամյակի միջոցառմանը: Պատգամավորը նշել է, որ սեպտեմբերի 30-ին չի ստացել 250 հազար դրամ։ Նա իրավացի է, քանի որ մեր հարցմանը պատասխանելու հաջորդ օրն է ստացել սեպտեմբեր ամսվա համար նախատեսված 170 հազար դրամը։ Սակայն «Հայաստան» խմբակցության միասնական պատասխանում նշվում է, որ այդ գումարների առնչությամբ իրենք դիմել են Սահմանադրական դատարան։ Իսկ նախորդ ամիս ստացած 50 հազար դրամը Խաչատրյանն օգտագործել է Արցախ այցի նպատակով։  Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշել է, որ սեպտեմբերին որևէ մարզ չի այցելել, իսկ ստացած գումարն էլ չի օգտագործել, ինչպես խմբակցության մյուս անդամները։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանը սեպտեմբերին այցելել է Արագածոտնի մարզի Մաստարա և Թալին համայնքներ։ Պատգամավորը հարգելի պատճառներով չի կարողացել ավելի շատ մարզեր կամ համայնքներ այցելել։ Համաձայն Մանուկյանի պատասխանի, ըստ խմբակցության գրաֆիկի, հոկտեմբերին պատրաստվում է այցելել Արմավիրի և Արագածոտնի մարզեր։  «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորները տվել են միասնական պատասխան, որով հնարավոր չէ տարանջատել նրանցից յուրաքանչյուրի գործունեությունը։ Միասնական պատասխան են տրամադրել Հայաստան խմբակցության 25 պատգամավորներ․ պատասխանին կարող եք ծանոթանալ ստորև։ ««Հայաստան» խմբակցության անդամներն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր և Երևանի վարչական շրջաններ, կազմակերպվել են հանդիպումներ տարբեր համայնքներում հարյուրավոր ՀՀ քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և առաջարկներին, ինչով պայմանավորված՝ ընթանում են օրենսդրական նախաձեռնությունների ստեղծման և պատգամավորական գործունեության աշխատանքների կազմակերպման այլ լայնածավալ աշխատանքներ: Նշված այցերը կատարվել են խմբակցության պատգամավորների միջոցներով: Այցերին չեն մասնակցել մինչ օրս ապօրինաբար, Սահմանադրության պահանջների խախտմամբ կալանավորված պատգամավորները: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված 250 հազար ՀՀ դրամին, ապա հարկ ենք համարում նշել, որ սեպտեմբեր ամսվա համար «Հայաստան» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի աշխատավարձային հաշվին փոխանցվել է 170 հազար ՀՀ դրամ: Հարկ ենք համարում նշել նաև, որ ինչպես հայտարարավել էր, «Հայաստան» խմբակցությունը պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ ընդունված օրենքը, ինչպես նաև պատգամավորներին և քաղաքական այլ պաշտոնյաներին պարգևատրելու հարցը վիճարկում է Սահմանադրական դատարանում (05.10.2021թ. դիմումը մուտքագրվել է ՍԴ)»: Այսպիսով, թեև խմբակցության պատգամավորները չեն անտեսել մեր պաշտոնական գրությունը, սակայն միասնական պատասխան տրամադրելով՝ չեն ներկայացրել յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Համաձայն պատասխանների՝ մեր հարցերին պատասխան են տրամադրել խմբակցության պատգամավորներից միայն 4-ը՝ խմբակցության 13․8%-ը։ Սակայն պետք է նշել, որ պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին առնչվող հարցի պատասխանը բոլորի դեպքում նույնն է, հետևաբար կարող ենք ընդունել, որ խմբակցության բոլոր պատգամավորներն այս հարցին տվել են պատշաճ պատասխան։ Ինչ վերաբերում է «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանելուն, ապա խմբակցությունից հարցերին պատասխանել են միայն 7-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել է 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել է անպատասխան։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, եղել է Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում։ Արցախի Հանրապետությունում մասնակցել է Հանրապետության 30-ամյակի միջոցառմանը և հանդիպումներ է ունեցել Արցախի 3 ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների, հասարակական և ռազմական գործիչների հետ։ Սյունիքի մարզում այցելել է Գորիս և Կապան համայնքներ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Պատգամավորն ուսումնասիրություններ է իրականացրել Գորիս-Կապան ավտոճանապարհի տարբեր հատվածներում, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ, որտեղ դիտարկել է ռազմավարական ճանապարհների առկա վիճակը՝ հետագայում խնդրի վերաբերյալ առաջարկություններ ձևակերպելու նպատակով։ Արարատի մարզ այցելության ժամանակ եղել է Երասխավանից Պարույր Սևակ տանող հատվածում և դիտարկումներ է իրականացրել սահմանին մոտ հատվածներում։ Համաձայն պատասխանի՝ Աբրահամյանը պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված հաշվարկ չի իրականացրել, սակայն, ըստ նրա, հիմնական ծախսերը կապված են եղել մարզեր այցելության հետ՝ հյուրանոցի ծառայություններ, վառելիքի և սննդի ծախսեր և այլն։  Պատգամավոր Հայկ Մամիջանյանը սեպտեմբերին այցելել է Արարատի, Արագածոտնի և Լոռու մարզերի շուրջ 15 բնակավայրեր, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջաններ, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարի մի մասը ծախսել է տրանսպորտի և կազմակերպչական ծախսերի համար, իսկ մի մասը պատրաստվում է ուղղել բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Տարոն Մարգարյանը նշել է, որ այցելություններ է ունեցել տարբեր մարզեր և Երևան քաղաքի վարչական շրջաններ։ Գումարի մի մասն ուղղել է հանդիպումների կազմակերպչական ծախսերի ապահովմանը, մյուս մասը՝ բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերի 1-ին ահազանգ է ստացել, որ ադրբեջանցիները այրում են Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ համայնքներին մոտ գտնվող խոտածածկույթները: Այցելել է սահմանամերձ համայնքներ, ուսումնասիրել և բարձրաձայնել խնդիրը ինչպես ԱԺ լիագումար նիստերի ժամանակ, այնպես էլ գրավոր ընթացակարգով: Խորհրդարանում հանդիպել է Ադրբեջանի կողմից գերեվարված և Հայաստան վերադարձած ՀՀ ՊՆ հատուկ ստորաբաժանման աշխատակից Արմեն Բուդոյանին, ինչից հետո, բարձրացրած խնդիրների քննարկման անհրաժեշտությունից ելնելով, սեպտեմբերի 3-ին եղել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում այցելել է կալանքի տակ գտնվող իրենց գործընկերներին՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մխիթար Զաքարյանին և Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանին: Հաջորդ օրն այցելել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն՝ տեսակցելու ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին։  ԱԺ-ում նախաձեռնել է հանդիպում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի, ինչպես նաև Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ, հանդիպումների ընթացքում քննարկել են ՀՀ և ԱՀ բնակչության իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Խորհրդարանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և Հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Սեպտեմբերի 11-12-ին այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր՝ Գեղամասար, Տրետուք, Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ, Շատջրեք, Ավազան: Հանդիպում է ունեցել  տեղի բնակիչների հետ, քննարկել են փոխհատուցմանն առնչվող խնդիրները, դրանց լուծման շրջանակները: Թագուհի Թովմասյանի պնդմամբ՝ կառավարությունը մինչ օրս գյուղացիներին չի փոխհատուցել ադրբեջանցիների հափշտակված անասունների, ինչպես նաև այրված խոտհարքերի համար:  Սեպտեմբերի 16-ին խորհրդարանում հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին: Քննարկել են պարտադիր քրեակատարողական հիմնարկներում և փակ տարածքներում գտնվող մարդկանց առողջությանը, իրավունքներին վերաբերող խնդիրներ: Սեպտեմբերի 17-ին մի խումբ դատապարտյալների՝ անձնական ընդունելություն ստանալու խնդրանքի հիման վրա այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Սեպտեմբերի 18-19-ին այցելել է Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Վարդենիս: Պատգամավորը «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության» թեմայով աշխատանքային քննարկում է կազմակերպել ԱԺ-ում: Սեպտեմբերի 23-ին խորհրդարանում նախաձեռնել է հանդիպում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ԱՀ նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանի մասնակցությամբ: Քննարկել են հայրենադարձության, ինչպես նաև պատերազմի հետևանքով անտուն մնացած քաղաքացիների խնդիրները:  Սեպտեմբերի 24-25-ին այցելել է Արմավիրի և Արարատի մարզեր և հանդիպել օրեր շարունակ բողոքի տարբեր ակցիաներ իրականացնող խաղողագործներին, լսել խաղողի մթերման մասին բարձրաձայնած խնդիրները: Զբաղվել է նրանց խնդիրներով, ինչի արդյունքում օրեր անց ստացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պատասխան գրությունը, համաձայն որի՝ կմթերվի խաղողի ամբողջ քանակությունը: Սեպտեմբերի 26-ին կրկին եղել է Գեղարքունիքի մարզում, քանի որ ահազանգ է ստացել Վերին Շորժա, Ներքին Շորժա և Այրք գյուղերի վարելահողերի հրդեհման մասին: Սեպտեմբերի 28-ին խորհրդարանում ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը: Քննարկել են համագործակցությանը, համատեղ աշխատանքին, արդի խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին վերաբերող հարցեր:  Սեպտեմբերի 29-ին Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ անցկացվել է «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում: Ըստ Թովմասյանի՝ մի շարք հարցերի լուծման ուղիներ գտնելու առնչությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ: Այս պահին շրջանառության մեջ է դրված պատգամավորի հեղինակած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:  Ինչ վերաբերում է ներկայացուցչական ծախսերին, ապա Թագուհի Թովմասյանի պնդմամբ այս ողջ աշխատանքը իրականացնելիս ծախսվել է ոչ միայն ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված գումարը, այլ շատ ավելին: Այսպիսով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էր 4-ը՝ խմբակցության 57,1%-ը, իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են 2-ը։ Հարցումով դիմել էինք նաև ԱԺ նախագահին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե կոնկրետ երբ են պատգամավորները ստանում նշված գումարը, և արդյոք բոլորը ստանում են նույն օրը և նույն չափով։ Հարցման պատասխանում Ազգային ժողովից հավաստիացրին, որ օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ գումարման մեկնարկից, պատգամավորները նշված գումարը ստանում են մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 7-րդ աշխատանքային օրը և ստանում են նույն չափով։ Պատգամավորները սեպտեմբեր ամսվա համար ստացել են 170 հազար դրամ Ընդհանուր առմամբ, խորհրդանի 107 պատգամավորներից մեր հարցումներին պատասխանել էր 60-ը, սակայն նրանցից լիարժեք և ըստ էության պատասխան էր տրամադրել միայն 14-ը։ Այսինքն՝ մեր հարցերին պատասխանել է խորհրդարանի պատգամավորների 13․1%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Հիշեցնենք նաև, որ օրենքի փոփոխությամբ նախկին 50 հազար դրամին ավելացվեց ևս 200 հազար դրամ, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները դժգոհում էին, որ 50 հազար դրամը չի բավարարում խորհրդարանի անդամներին լիարժեք գործունեություն ծավալելու համար։ Չնայած սրան՝ պատգամավորների մի մասը  ԱԺ ընտրությունների ժամանակ բավականին շռայլ է գտնվել և նվիրաբերել է հարյուր հազարավոր և միլիոնավոր դրամներ իրենց կուսակցությանը/դաշինքին՝ նախընտրական քարոզարշավի ծախսերը հոգալու համար, ինչի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ «Հետք մեդիա գործարանի» հոդվածում։   Նարեկ Մարտիրոսյան
20:19 - 03 նոյեմբերի, 2021
Ոստիկանությունը մտադիր է 2022-ի ավարտին ամբողջովին անցում կատարել կենսաչափական անձնագրերին |hetq.am|

Ոստիկանությունը մտադիր է 2022-ի ավարտին ամբողջովին անցում կատարել կենսաչափական անձնագրերին |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանից հետաքրքրվեց՝ ներդրված բալային համակարգն ի՞նչ արդյունք է ապահովել: «Չար վարորդները գտան բալերը դեսից-դենից հավաքագրելու տարբերակ: Չկա մի օր, որ ցանկացած փողոցում ՃՏՊ չլինի, ու որպես կանոն խփում են հետևից»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: Փոխոստիկանապետը պատասխանեց՝ բալային համակարգն իր արդյունավետությամբ էական ազդեցություն է ունեցել․ «Այդուհանդերձ, պետք է նշենք, որ ավելացել է նաև ՃՏՊ-ների թիվը, և ցավոք, դրա հետևանքով ունեցած զոհերի թիվը»,- ասաց նա` նշելով, թե դրա համար օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներ կան: Արա Ֆիդանյանը հիշեցրեց, որ բալային համակարգը գործում է բացառապես տեխնիկական միջոցներով արձանագրված խախտումների դեպքում, իսկ տեխնիկական միջոցներով հագեցած է Երևանը: «Երևանում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը շատ ավելի քիչ է, քան մարզերում, բնականաբար, կարծում` եմ այն իր ադյունավետությունը տվել է»,- ասաց Արա Ֆիդանյանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը խնդրեց անդրադառնալ հին նմուշներով անձնագրերի վավերականության ժամկետների` ոստիկանության առաջարկած փոփոխություններին: Ֆիդանյանը պատասխանեց` այն դեռ նախագիծ է, որը ներկայացվել է հանրային քննարկման: «Ոստիկանությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում, որ կարողանանք 2022-ի ավարտին կամ 2023-ի սկզբին ներդնել կենսաչափական տվյալներ պարունակող լիովին նոր համակարգ, ինչը հնարավորություն կընձեռի մեզ անցում կատարել կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի տրամադրմանը»,- ասաց նա: Փոխոստիկանապետի խոսքով` այդ կերպ ոստիկանությունը փորձ է անելու հանրությանը տրամադրել բացառապես կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր: «Հին նմուշների անձնագրերը պետք է հետզհետե դուրս գան շրջանառությունից, և եթե մենք 2022 թվականին տրամադրենք տասը տարի վավերականության ժամկետով հին նմուշի անձնագիր, մենք ստիպված ենք լինելու առնվազն մինչև 2032 թվականը կիրառել ու շրջանառել հին նմուշի անձնագրերը»,-ասաց Արա Ֆիդանյանը: Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց՝ արդյոք կենսաչափական անձնագրերի տրամադրման վճարների փոփոխություն լինելու է, թե ոչ: Փոխոստիկանապետն արձագանքեց` վերանայում կլինի, սակայն այժմ չի կարող ասել` որքան: Նրա խոսքով` նվազումը պայմանավորված կլինի նրանով, թե որ ընկերությունը հաղթող կճանաչվի, ու ինչ գին կառաջարկի այդ անձնագրերի համար: Անդրանիկ Քոչարյանն էլ հետաքրքրվեց, թե գործող կենսաչափական անձնագիրն ու սպասվողը տարբերվելու են իրարից, թե ոչ: Արա Ֆիդանյանն արձագանքեց` իրավական առումով նույնն են, բայց ոստիիկանությունը դիզայնի փոփոխություն է նախատեսում, նաև՝ էջերի ավելացում, ինչը շատ ավելի երկարաժամկետ օգտագործման հնարավորություն կտա:   Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
12:18 - 01 նոյեմբերի, 2021
Ես կարող եմ մի բան պնդել՝ այն, ինչ մերն է, այնտեղ օտար զինված ուժեր չեն կարող լինել. Անդրանիկ Քոչարյան |tert.am|

Ես կարող եմ մի բան պնդել՝ այն, ինչ մերն է, այնտեղ օտար զինված ուժեր չեն կարող լինել. Անդրանիկ Քոչարյան |tert.am|

tert.am: Շատ լավ է, որ այդ հանդիպումները կան, և դրանք շարունակական են այն պարզ պատճառով, որ մեր ռազմավարական գործընկերոջ հետ մենք քննարկելու շատ բաներ ունենք:  Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի հանդիպմանը: Դիտարկմանը, որ այդ հանդիպումը հետաքրքրական է այն ֆոնին, որ ՌԴ նախագահը հայտարարել է, թե այն քարտեզները, որոնցով դեմարկացիա և դելիմիտացիա պետք է կատարվեն, պահվում են միայն ՌԴ ԳՇ-ում, և հարցին՝ քարտեզների վերաբերյալ Քոչարյանն ինչ տեղեկություններ ունի, վերջինս արձագանքեց. «Մի մոռացեք, որ 15 հանրապետություններով եղել ենք մեկ ընդհանուր անվտանգային համակարգում և ունեցել ենք միասնական ռազմական քարտեզներ: Այդ քարտեզների տիրույթում են իրականացվել նաև համապատասխան գործընթացները, որոնք վերաբերել են Սովետական Միության ԶՈւ-ին: Բնականաբար, այդ քարտեզներից ունի նաև ՀՀ-ն»,-ասաց նա: Հարցին՝ եթե այդ քարտեզներով բաժանումը լինի, ո՞ր տարածքից է Ադրբեջանը դուրս գալու, Քոչարյանն արձագանքեց. «Ինչու՞ եք շտապում, մի շտապեք, հանգիստ: Այս գործընթացը սիրում է համբերություն և շատ հստակ գործընթաց: Ինչ վերաբերում է, թե ՌԴ-ն փորձում է Մինսկի խմբից դուրս մղել մյուս համանախագահներին, այդպես չի կարող լինել»,-նշեց նա: Հարցին՝ Սև լճի տարածքից ադրբեջանցիները դուրս գալու՞ են. Քոչարյանն արձագանքեց. «Ես կարող եմ մի բան պնդել՝ այն, ինչ մերն է, այնտեղ օտար զինված ուժեր չեն կարող լինել»:
13:05 - 29 հոկտեմբերի, 2021
Մենք մեր խոստումը կկատարենք. 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը կստեղծվի. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

Մենք մեր խոստումը կկատարենք. 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը կստեղծվի. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները  քննող հանձնաժողովը ստեղծվելու է, բայց որոշ խնդիրների պատճառով գործընթացը հապաղում է: «Մենք հապաղել ենք, որպեսզի նրանք իրենց թույլտվության փաստաթղթերը կարգի բերեն: Համբերատար սպասել ենք այդ գործընթացի ավարտին, բայց գործընթացը չի ավարտվել: Ընդդիմադիր մեր 4 գործընկերներից 3-ը ստացել են, 1-ը՝ չի ստացել: Պարոն Ղազինյանը չի էլ ներկայացրել թույլտվության համապատասխան փաստաթղթերը, որպեսզի կարողանա գաղտնի փաստաթղթերից և փակ ռեժիմներից օգտվելու հնարավորություն ունենա: Մենք հապաղում ենք, որպեսզի ամբողջացնենք, որպեսզի վաղը մեր ընդդիմությունը մեզ չմեղադրի՝ դուք շուտ սկսեցիք, որ մենք չմասնակցենք: Մի քիչ էլ կսպասենք, երևի մեկ շաբաթ: Գուցե պարոն Ղազինյանը, այնուամենայնիվ, կողմնորոշվի՝ ինքը պաշտպանության հանձնաժողովի լիարժեք անդա՞մ է, թե՞ ոչ: Մենք մեր խոստումը կկատարենք, դա անխուսափելիորեն պետք է լինի, որ որևէ շահարկում հնարավոր չլինի իրականացնել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
12:25 - 29 հոկտեմբերի, 2021
Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է՝ ԶՈՒ բարեփոխումների փաթեթը մանրակրկիտ կքննարկվի ԱԺ հանձնաժողովում |armenpress.am|

Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է՝ ԶՈՒ բարեփոխումների փաթեթը մանրակրկիտ կքննարկվի ԱԺ հանձնաժողովում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է, որ Զինված ուժերի կառուցվածքային բարեփոխումների առնչությամբ փաթեթը մանրակրկիտ կքննարկվի հանձնաժողովում, ինչից հետո՝ ԱԺ լիագումար նիստում: Քոչարյանն այս մասին ասաց հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի՝ Պաշտպանության փոխնախարարին ուղղված հարցերին: Աբրահամյանը նշեց, որ 44-օրյա պատերազմի հետ կապված՝ ինքը գրություն է ուղարկել ՊՆ: «Ստացված պատասխանում նշվում է, որ ԳՇ-ն ամբողջական վերլուծությունը և ուսումնասիրությունը չի ավարտել, բայց հաջորդ նախադասությունում նշվում է, որ դրա արդյունքների հիման վրա այս պահին ԶՈՒ-ում կառուցվածքային փոփոխություններ և բարեփոխումներ են իրականացվում: Այսինքն՝ ստացվում է, որ չավարտված ուսումնասիրությունների հիման վրա իրականացվում են կառուցվածքային փոփոխություններ և ռեֆորմներ»,- ասաց պատգամավորն ու հարցրեց, թե ինչու՞ բարեփոխումների գործընթացը որևէ ձևով հրապարակման ենթակա չէ: Ըստ նրա՝ նաև ԱԺ համապատասխան հանձնաժողովը պետք է մաս կազմի այդ փոփոխությունների քննարկումներին: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց: «Հանձնաժողովն այդ բարեփոխումների փաթեթը մանրակրկիտ քննարկելու է, օրենսդրական հարցեր կան, որ առանց հանձնաժողովի չեն կարող ընդունվել: Կառուցվածքային բարեփոխումների փաթեթը պարտադիր պետք է այս հանձնաժողովով անցնի և գա ԱԺ, որ սկսվի դրա իրավական գործընթացը»,- նշեց Քոչարյանը: Տիգրան Աբրահամյանը հետաքրքրվեց նաև, թե ինչո՞ւ է պաշտպանության նախարարը ոչ նպատակահարմար համարել ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամի՝ այսինքն իր այցը առաջնագիծ: Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, անդրադառնալով պատգամավորի մերժմանը, նշեց. «Պատասխանում ամեն ինչ կա: Ձեզ կատեգորիկ մերժման պատասխան չի տրվել, ներկա փուլում գտնվել է ոչ նպատակահարմար: Իսկ դրա պատասխանն ունեն ԶՈՒ-ն, ԳՇ-ն, վստահ եմ, որ վերլուծության գնահատման արդյունքում է Ձեզ տրվել այդ պատասխանը: Եվ ինչ-որ փուլում, երբ կգտնվի նպատակահարմար, բնականաբար, Ձեզ հնարավորություն կտրվի ուսումնասիրել նշված տեղամասը»,- ասաց նա:
12:21 - 19 հոկտեմբերի, 2021
Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրել |armenpress.am|

Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների անդամներ Տիգրան Աբրահամյանը, Արթուր Ղազինյանը, Գեղամ Նազարյանն ու Գեղամ Մանուկյանը նամակ են ուղղել հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ պահանջելով հրավիրել հանձնաժողովի արտահերթ նիստ: «Ղեկավարվելով  «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով և 122-րդ հոդվածով՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ին մասի, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 6-րդ և 28-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի առաջին գլխի 1.1 և 1.3 ենթագլուխներում նշված նպատակների կատարման նկատմամբ խորհրդարանական վերահսկողության իրականացման նպատակով պահանջում ենք 2021թ.-ի հոկտեմբերի 15-ին ժամը 13:00–ին հրավիրել ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով. 1.Լսել ՀՀ ԱԱԾ տնօրենի, ՀՀ ԱԳ նախարարի, ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետի, ՀՀ Գլխավոր դատախազի  զեկույցները և հաշվետվություն-պարզաբանումները Հայաստանի հարավ-արևելյան սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: 2.Վերոնշյալ զեկույցների և հաշվետվությունների հիման վրա ստեղծել աշխատանքային խումբ»,- ասված է նամակ-պահանջի մեջ: Նշվում է, որ Արտահերթ նիստի նպատակն է ՀՀ գործադիր իշխանության ներկայացուցիչներից ստանալ բացատրություններ և պարզաբանումներ հետևյալ հարցերի վերաբերյալ. «1.ՀՀ պաշտպանության նախարարն ու ՀՀ ԳՇ պետը պետք է ներկայացնեն բացատրություն, թե ինչ հանգամանքներում և ում հրամանով է տեղի ունեցել ՀՀ զինված ուժերի և կամավորականների դուրս բերումը 2020թ-ի նոյեմբերի 9-ի դրությամբ զբաղեցրած դիրքերից և ներկայացնել ռազմական էսկալացիայի վտանգի կոնկրետ հիմքեր: 2.ՀՀ Արտաքին գործերի նախարարը պետք է Հանձնաժողովին ներկայացնի բացատրություն,թե որքանով է ներգրավված եղել ՀՀ ԱԳ նախարարությունը այս գործընթացում, պահպանված են եղել արդյոք ՀՀ պետական սահմանի մասին օրենքի պահանջները և առկա է եղել արդյոք ՀՀ պարտավորեցնող որևէ միջազգային պայմանագիր: 3.ՀՀ գլխավոր դատախազը պետք է ներկայացնի բացատրություն ՀՀ պետական սահմանի փոփոխության սահմանադրա-իրավական հիմքերի վերաբերյալ և ներկայացնի պարզաբանում ՀՀ քրեական օրենսգրքի 300.2, 309 հոդվածի 3-րդ մասի և 299 հոդվածի հատկանիշներով քրեական գործի հարուցման կամ դրա մերժման իրավական հիմքերի վերաբերյալ: 4.ՀՀ ԱԱԾ տնօրենը պետք է ներկայացնի հաշվետվություն ՀՀ պետական սահմանի պահպանության ուղղությամբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կատարած գործողությունների և միջոցառումների վերաբերյալ և հստակեցնի, թե ինչ գործողություններ են նախատեսվում իրականացնել ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման և ՀՀ արտաքին սահմանների խախտման համար պատասխանատու սուբյեկտներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար»:  Հանձնաժողովի վերոնշյալ անդամների խոսքով՝ ՀՀ ՊԱ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի հրավիրումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ադրբեջանական զինված ուժերը 2020թ-ի դեկտեմբերի 16-ից մինչ օրս օկուպացրել են ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը, արգելափակել և խոչընդոտներ են ստեղծում ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների ՀՀ ինքնիշխան տարածքով ազատ տեղաշարժին, սպառնում և ահաբեկում են այդ տարածքներում ապրող և Գորիս-Կապան ավտոճանապարհով երթևեկող քաղաքացիական անձանց:  «ՀՀ ԱԺ ՊԱ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը պարտավոր Է սույն թվականի հոկտեմբերի 15-ին հրավիրել Հանձնաժողովի արտահերթ նիստ և երաշխավորել նշված պաշտոնատար անձանց ներկայությունն այդ նիստին»,- ընդգծել են պատգամավորները::  Հանձնաժողովի 4 անդամները նաև հայտնել են, որ հաշվի առնելով օրակարգում ներառված հարցի կենսական կարևորությունն ու հանրային մեծ հետաքրքրությունը, նիստը նախատեսում են անցկացնել դռնբաց ռեժիմով և չեն ակնկալում որևէ պետական գաղտնիքի հրապարակում:
14:01 - 12 հոկտեմբերի, 2021
Աժ պաշտպանության հարցերով հանձնաժողովում կձևավորվի Սյունիքի խնդրով զբաղվող աշխատանքային խումբ   |armenpress.am|

Աժ պաշտպանության հարցերով հանձնաժողովում կձևավորվի Սյունիքի խնդրով զբաղվող աշխատանքային խումբ |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում մյուս շաբաթվա համար ձևավորվում է աշխատանքային խումբ Սյունիքի սահմանային իրավիճակին ծանոթանալու համար: Այս մասին նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի առաջարկի: «Աշխատանքային խումբը ձևավորվում է մյուս շաբաթվա համար: Հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն այդ աշխատանքների կազմակերպման հետ կապված գտնվում է Սյունիքում»,- ասաց Քոչարյանը: Ավելի վաղ նույն առաջարկությամբ հանդես էր եկել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ով նշել էր, որ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում պետք է ձևավորել աշխատանքային խումբ կամ խմբեր՝ սահմանային իրավիճակին ծանոթանալու ու ճիշտ գնահատական տալու համար:
15:57 - 22 սեպտեմբերի, 2021
«Կամ բերեք նոր թեկնածու, կամ մենք էս օրակարգով դատապարտված ենք արտահերթ նիստ անել 5 տարի»․ ԱԺ հանձնաժողովը 4-րդ անգամ է քննարկում Ղազինյանի ընտրության հարցը

«Կամ բերեք նոր թեկնածու, կամ մենք էս օրակարգով դատապարտված ենք արտահերթ նիստ անել 5 տարի»․ ԱԺ հանձնաժողովը 4-րդ անգամ է քննարկում Ղազինյանի ընտրության հարցը

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը չորրորդ նիստն է անցկացնում, որի օրակարգում մեկ հարց է ներառված՝ Հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունը։ Նախորդ երեք նիստերի ժամանակ Հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում չէր ընտրվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։ Այսօրվա նիստը եւս արտահերթ է, թեկնածուն՝ նույնը։ Նիստի սկզբում Ղազինյանը կարծիք հայտնեց, որ նիստի օրակարգում միայն մեկ հարց ունենալը չի արտացոլում այսօր ՀՀ-ի պաշտպանության եւ անվտանգության համակարգի առջեւ դրված իրական պատկերն ու մարտահրավերները։ Նա առաջարկեց ներառել մեկ հարց եւս՝ Հանձնաժողովի որոշմամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի Հայաստանի հարավարեւելյան սահմանին տիրող իրավիճակը, պատճառահետեւանքային կապը՝ երկու ասպեկտով՝ ռազմաքաղաքական եւ սահմանադրաիրավական, որից հետո կներկայացնի ամփոփ հաշվետվություն, հետո պարզ կդառնան հետագա անելիքները․ «Սա, իմ կարծիքով, այսօր շատ ավելի լուրջ եւ քաղաքացիներին առավել հուզող հարց է»։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ կարծիք հայտնեց, որ այսօրվա քննարկումն ընթանալու է նույն հունով, ինչպես նախորդ երեք արտահերթների ժամանակ․ «Ես իմաստ չեմ համարում մասնակցել նիստերին այնքան ժամանակ, քանի իշխանությունը չունի քաղաքական որոշում՝ ընտրել ընդդիմության առաջադրած թեկնածուին»,- ասաց Աբրահամյանը՝ համաձայնելով Ղազինյանի հետ, որ օրակարգում այլ հարցեր էլ պետք է ներառվեն։ Հանձնաժողովի նախագահի՝ Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ՝ խնդիրը միայն մեծամասնության քվեարկության մեջ չէ, եւ ընդդիմությունն ինքը կարող էր քայլ անել՝ չորրորդ անգամ նույն թեկնածուին չառաջադրելով։ Ղազինյանն անիմաստ համարեց չորրորդ անգամ մասնակցել հարցի քննարկմանն ու դուրս եկավ նիստերի սենյակից՝ առանց լսելու՝ գուցե պատգամավորները թեկնածուին հարցե՞ր ունեն, ինչը շարժեց նիստը վարող Անդրանիկ Քոչարյանի վրդովմունքը։ «Անընդհատ նույն թեկնածուն է առաջադրվում, որի հետ չպարզաբանված հարցեր են ծնվում, թեկնածուն դուռը շրխկացնելով դուրս է գալիս, որպես ի՞նչ։ Կամ բերեք նոր թեկնածու, կամ մենք հավերժ էս օրակարգով դատապարտված ենք արտահերթ նիստ անել հինգ տարի։ Եթե ընդդիմությունը չի կարողանում իր մեջ եւս մեկ թեկնածուի գտնի, ստացվում է՝ դուք պարոն Ղազինյանի գերի՞ն եք։ Ձեզ ազատագրե՞նք, ի՞նչ անենք»,- դիմելով ընդդիմությանը՝ ասաց Քոչարյանը։ Տիգրան Աբրահամյանն ասաց, որ ընդդիմությունը քաղաքական որոշումը կայացրել է, դրա համար է չորրորդ անգամ Ղազինյանին առաջադրել, իսկ եթե մեծամասնությունը չի ցանկանում քննարկել, ապա դա «Քաղաքացիական պայմանագրի» խնդիրն է։ Նիստերից սենյակից դուրս եկավ նաեւ Տիգրան Աբրահամյանը։ ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն էլ քաղաքական բոյկոտ հայտարարեց՝ նշելով, որ քանի կբերվի Ղազինյանի թեկնածությունը, ինքը չի մասնակցի նիստերին։ Քոչարյանն ասաց, որ դա ձեռնտու է ընդդիմությանը, պետք է ձեւաչափ գտնել եւ անցնել այս հարցը։
15:26 - 22 սեպտեմբերի, 2021
«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը չի կարող լինել միջազգային իրավահարաբերությունների աղբյուր․ Արամ Վարդևանյան

«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը չի կարող լինել միջազգային իրավահարաբերությունների աղբյուր․ Արամ Վարդևանյան

Դուք աշխարհում չեք տեսնի մի երկիր, որը «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի մակարդակում որոշի ՀՀ պետական սահմանի վերաբերյալ հարցեր, չի կարող այդպես լինել։ Ավելին, «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը չի կարող լինել միջազգային իրավահարաբերությունների աղբյուր։ Այսինքն՝ ոչ մի կերպ չի կարող առնչվել ստեղված իրավիճակին։ Այս մասին այսօր ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում, ի պատասխան լրագրողների հարցին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։  Վարդևանյանի խոսքով՝ եթե 2010 թվականին ընդունված օրենքը այդպիսի «արժեք ունենար», ապա կլինեին հայտարարություններ ԵԱՀԿ ՄԽ-ի, ինչպես նաև հենց նույն Ադրբեջանի ԱԳՆ կողմից։ «Թե՞ ձեզ թվում է, որ իրենք չէին լսել այդ օրենքի մասին, իհարկե լսել էին, բայց այլ հարց է, որ այդ օրենքը այդ տեսանկյունից ուներ զրո արժեք։ Միջազգային իրավունքի ցանկացած տարրական գիտելիք ունեցող մասնագետ կհաստատի այս խոսքերը, հակառակ պարագայում մենք միջազգային բանակցային գործընթացի մեջ լրջագույն խնդիրներ էինք ունենալու, բայց չենք ունեցել։ Ինչո՞ւ, որովհետև չէինք կարող ունենալ նման հասարակ, սովորական մակարդակի օրենքով, որը, ի դեպ, ընդունվել է դեռևս 1995 թվականին, փոփոխությունների մասին է խոսքը»,- հավելեց Վարդևանյանը։  Վարդևանյանը ընդգծեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես փաստել է, որ այդ օրենքը զրո նշանակություն ունի։ Պատգամավորի խոսքով՝ դա վկայում է նաև այն իրական կյանքը, որը մենք տեսել ենք, և դա երբեք չի օգտագործվել ընդդեմ ՀՀ շահերի։ «Մի կարևոր հանգամանք էլ կա․ վերջիվերջո կարելի է չէ՞ պարզել, թե ով է 2010 թվականին բերել այդ նախաձեռնությունը և կարելի՞ է պարզել՝ ով է ԱԺ-ում եղել զեկուցողը, և հարց տալ, թե արդյոք այդ անձը շարունակում է պաշտոնավարել։ Ամենակարևորը, ճի՞շտ եմ հասկանում, որ եթե մենք հիմա «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում գրենք այնպես, որ ՀՀ սահմանները հասնում են մինչև Բաքու, դրանով հարցը լուծվո՞ւմ է։ Եթե լուծվում է, մենք րոպե առաջ կբերենք նման նախաձեռություն, չի կարելի այս մակարդակի պրիմիտիվ դարձնել նման կարևոր հարցերի քննարկումը։ Բանավոր պայմանավորվածությունների մասով՝ Սահմանադրությունը հստակ ասում է, որ պետական պաշտոնատար անձիք, այդ թվում «վարչապետը, անվտանգության խորհուրդը, չեն կարող կատարել գործողություն, որի համար լիազորված չեն օրենքով։ Ինձ ասեք, թե որ օրենքում է գրված, որ բանավոր պայմանավարվածությամբ ՀՀ սահմաններից զորքը կարող է հետ գնալ։ Ուղիղ հարց տվեք, որտե՞ղ է դա գրված, եթե գրված չէ, դա առնվազն լիազորությունների չարաշահում է, եթե պետական դավաճանությունը դնենք մի կողմ»,- եզրափակեց Վարդևանյանը։ Հակադարձելով Արամ Վարդևանյանի խոսքին՝ լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ նման մեկնաբանություն կարող են անել փաստաբանները, բայց պետական սահմանի հետ կապված դիտարկումները պետք չէ բերել, վտանգների մեջ դնել։ Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօրվա սահմանները որոշվել են «ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որը ընդունվել է 2010-ին։
14:10 - 17 սեպտեմբերի, 2021