ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2004 թվականի ապրիլի 30-ին տեղի ունեցած անդրանիկ համագումարով, նախագահն է Գագիկ Ծառուկյանը

ԲՀԿ-ն աջ-կենտրոնամետ, լիբերալ պահպանողական քաղաքական կուսակցություն է։ Մասնակցել է ԱԺ 2007-ի, 2012-ի, 2017-ի հերթական և 2018-ի արտահերթ ընտրություններին՝ այս բոլոր ընտրություններում հաղթահարելով անցողիկ շեմը։

«Բարգավաճ Հայաստան»-ը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում էր Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ-ն չի հաղթհարել անցողիկ շեմը և չի անցել 8-րդ գումարման խորհրդարան՝ ստանալով 50 444 ձայն (3.95%)

ԲՀԿ-ն վարկային հիմնախնդիրների թեմայով լսումների արդյունքում հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ |armenpress.am|

ԲՀԿ-ն վարկային հիմնախնդիրների թեմայով լսումների արդյունքում հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումների արդյունքներով պատրաստվում է մասնագիտական աշխատանք տանել և օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ:  Այս մասին լսումներից հետո իր ամփոփիչ ելույթում ասաց խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը: «Իրավիճակը մնում է ծանրագույն, ՀՀ քաղաքացիները գտնվում են վարկային տոկոսային գերության մեջ: Իրականում համոզված եմ, որ բոլոր 132 պատգամավորները, կառավարության անդամները, Կենտրոնական բանկի անդամները օրական ստանում են բազմաթիվ նամակներ, որտեղ գրված է՝ կորցնում են տուն, ապրուստի միջոց, հող և այլն»,-ասաց նա ու հավելեց՝ վարկ վերցնողներից ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այսպիսի իրավիճակ կլինի:   Նա նշեց, որ եթե պետությունն իր վրա վերցնում է պատասխանատվություն, ասում, որ քաղաքացիները պետք է ապրեն որոշակի սահմանափակումների մեջ, ապա պետությունը նաև պարտավոր է իր վրա վերցնել բոլոր գոյացող բացասական հետևանքները: Աբովյանի կարծիքով՝ հարցը պետք է լուծվի պետության սուբսիդավորմամբ  կամ բանկային համակարգի հետ որոշակի պայմանավորվածությամբ: Աբովյանը վստահեցրեց, որ բոլոր գաղափարները, հնչեցված առողջ մտքերը փորձագիտական խմբի կողմից արձանագրվել են: «Եվ անպայման բոլոր թեմաների շուրջ լինելու է շատ խորը մասնագիտական աշխատանք, որ հետագայում մենք օրենսդրական նախաձեռնություններով հանդես գանք ԱԺ-ում»,-նշեց նա:
18:47 - 24 սեպտեմբերի, 2020
ԱԺ պատգամավորների հայտարարագրերի անհամապատասխանություններն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անտարբերությունը

ԱԺ պատգամավորների հայտարարագրերի անհամապատասխանություններն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անտարբերությունը

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձինք պարտավոր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնել պաշտոնը ստանձնելու, տարեկան եւ պաշտոնը դադարեցնելու վերաբերյալ գույքի, եկամտի եւ շահերի հայտարարագիր, իսկ հայտարարատու պաշտոնատար անձանց հետ համատեղ բնակվող անձինք՝ միայն տարեկան հայտարարագիր: Սակայն հայտարարագրերի մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ պատգամավորների զգալի մասը պատշաճ չի հայտարարագրել ունեցվածքը՝ մասնավորապես անշարժ եւ շարժական գույքը: Ոմանց մոտ եղել է գույքի ավելացում, ոմանց մոտ գույքը պակասել է, սակայն առանց տվյալ գույքը ձեռք բերելու կամ օտարելու: Մոտ երկու ամիս առաջ մի շարք պատգամավորների հայտարարագրերում հայտնաբերված անհամապատասխանությունների հիմքով դիմել էինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պարզելու՝ հայտնաբերված անհամապատասխանությունները տեխնիկակա՞ն են, թե՞ բովանդակային: Նշենք, որ դրանց մի մասը տեխնիկական բնույթի էին, որոնք արդեն շտկվում են: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը ներկայացրել է երկու հայտարարագիր. մեկը պաշտոնը ստանձնելու հայտարարագիրն է, մյուսը՝ տարեկան: Պապոյանը պաշտոնը ստանձնելիս՝ 2019 թվականի հունվարի 14-ին,  հայտարարագրել է 3 ավտոմեքենա՝ Volkswagen, Vaz եւ Saab մակնիշների: 2019 թվականի տարեկան հայտարարագրում Պապոյանը նշել է միայն Volkswagen եւ Vaz մակնիշի ավտոմեքենաների առկայության մասին: 2019 թվականի ընթացքում պատգամավորը գնել է Hyundai մակնիշի ավտոմեքենա եւ վաճառել իր Volkswagen-ը: Տարեվերջում Պապոյանի շարժական գույքերը եղել են երկուսը՝ Hyundai եւ Vaz մակնիշի ավտոմեքենաները: Ստացվում է, որ պաշտոնավարման սկզբում նա ունեցել է Saab մակնիշի ավտոմեքենան, որը չի օտարվել, սակայն անհետացել է եւ չի երեւում իր տարեկան հայտարարագրում: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը պաշտոնը ստանձնելիս՝ 2019 թվականի հունվարի 14-ին, ըստ հայտարարագրի՝ ունեցել է 2 բնակարան, 1 հողամաս եւ 1 անհատական բնակելի տուն: 2019 թվականի տարեկան հայտարարագրում Սողոմոնյանի անշարժ գույքի թիվն աճել է: Տարեսկզբին պատգամավորն ունեցել է 2 բնակարան, 1 անհատական բնակելի տուն եւ 5 հողամաս: Այսինքն՝ Սողոմոնյանը պաշտոնավարման հենց սկզբում ունեցել է 5 հողամաս, սակայն հայտարարագրել է դրանցից միայն մեկը՝ չներկայացնելով մյուս 4 հողամասերը:  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Սիմիդյանը 2018 թվականի հոկտեմբերի 16-ին ստանձնել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը: Պաշտոնը ստանձնելիս Սիմիդյանը հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ BMW եւ Volkswagen մակնիշների: 2018 թվականի տարեկան հայտարարագրում շարժական գույքի ձեռքբերման եւ օտարման վերաբերյալ որեւէ նշում չկա, հետեւաբար՝ Սիմիդյանը 2018 թվականին մեքենաներից որեւէ մեկը չի օտարել: Սակայն 2019 թվականի տարեկան հայտարարագրի «Տվյալ տարվա սկզբում առկա տրանսպորտային միջոց» դաշտում վերոնշյալ մեքենաները հայտարարագրված չեն: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը պաշտոնը ստանձնել է 2018 թվականի մայիսի 16-ին: Պաշտոնը ստանձնելիս ունեցել է 1 հողամաս եւ 2 բնակարան: 2018 թվականին որեւէ անշարժ գույք ձեռք չի բերել եւ չի օտարել, սակայն 2019 թվականի տարեկան հայտարարագրում նրան պատկանող անշարժ գույքերի թիվն ավելացել է մեկով՝ կազմելով 2 հողամաս եւ 2 բնակարան: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը պաշտոնը ստանձնել է 2019 թվականի հունվարի 14-ին: Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Ատոմյանի անշարժ եւ շարժական գույքը 2 հողամաս եւ 1 Mercedes մակնիշի ավտոմեքենա է: 2019 թվականի տարեկան հայտարարագրում Ատոմյանի հողմասերն ու մեքենան անհետացել են: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը պաշտոնավարելիս չի ունեցել որեւէ անշարժ գույք, սակայն ներկայացրած տարեկան հայտարարագրում «Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը» դաշտում նշված է մեկ անշարժ գույք՝ բնակարան, որը ձեռք է բերել 1994 թվականի հոկտեմբերի 27-ին: Ստացվում է, որ նշված բնակարանը Փաշինյանն ունեցել է նաեւ պաշտոնավարման սկզբում, սակայն չի հայտարարագրել։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը 2018 թվականի հունիսի 1-ին ստանձնել է Տավուշի մարզպետի պաշտոնը եւ որպես անշարժ գույք հայտարարագրել է 4 հողամաս եւ 1 բնակարան: 2018 եւ 2019 թվականներին որեւէ գույք չի օտարել, սակայն 2019 թվականի հայտարարագրում անհետացել է նրա բնակարանը: Ղալումյանը հայտարարագրել է միայն 4 հողամասերը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը պաշտոնը ստանձնել է 2019 թվականի հունվարի 14-ին: Ստանձնելիս հայտարարագրել է 1 բնակարան եւ 1 հողամաս: Տարվա ընթացքում անշարժ գույք չի գնել, սակայն տարեկան հայտարարագրում նշել է 1 բնակարանի եւ 2 հողամասի առկայության մասին: Այսինքն՝ Թեւոսյանը պաշտոնավարման սկզբում ունեցել է 2 հողամաս, սակայն հայտարարագրում երեւում է դրանցից միայն մեկը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը պաշտոնը ստանձնելիս, ըստ հայտարարագրի, չի ունեցել որեւէ անշարժ գույք: Պաշտոնավարման տարում նույնպես ձեռք չի բերել, սակայն տարեկան հայտարարագրում առկա է մեկ անշարժ գույք՝ բնակարան: Այսինքն՝ Հայրապետյանը նշված անշարժ գույքը ունեցել է նաեւ պաշտոնը ստանձնելիս, սակայն չի հայտարարագրել: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հայտարարագիրը հրապարակվել է բավականին ուշ, սակայն դրանով հանդերձ՝ Հովսեփյանի հայտարարագրում նույնպես կա անհամապատասխանություն: Հովսեփյանը պաշտոնավարումը սկսել է 2018 թվականի հունիսի 15-ից: Ըստ հայտարարագրի՝ պաշտոնը ստանձնելիս ունեցել է 4 հողամաս, 1 բնակարան եւ 1 բնակելի անհատական տուն: 2018 եւ 2019 թվականներին անշարժ գույքի գործարք չի կատարել, այսինքն՝ չի գնել եւ չի վաճառել անշարժ գույք, սակայն 2019 թվականի տարեկան հայտարարագրում նա ներկայացրել է արդեն 5 հողամաս, 1 բնակարան եւ 1 բնակելի անհատական տուն:  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը պաշտոնավարումը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ից: Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում որպես անշարժ գույք նշել է 1 բնակարան: Տարեկան հայտարարագրում «Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը» դաշտը դատարկ է, սակայն պաշտոնավարման տարվա ընթացքում՝ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին, պատգամավորը ձեռք է բերել բնակարան: Թե ինչպես է պատգամավոր ընտրվելուց հետո գնված բնակարանը հայտարարագրել որպես պաշտոնը ստանձնելիս արդեն իսկ ունեցած գույք, անհասկանալի է: Ստացվում է՝ Աբովյանը կա՛մ ունեցել է բնակարան, որը չի ներկայացրել տարեկան հայտարարագրում եւ պաշտոնվարման տարում ձեռք է բերել եւս մեկ բնակարան, կա՛մ նույն բնակարանն է, որը գնել է պաշտոնավարման տարում, սակայն հայտարարագրել է որպես մինչեւ պաշտոնավարումն ունեցած անշարժ գույք:  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը 2018 թվականին նախկին պաշտոնը ստանձնելիս եւ դադարեցնելիս չի ունեցել որեւէ անշարժ գույք: Արդեն 2019 թվականի տարեկան հայտարարագրում Գրիգորյանն ունի 3 հողամաս, որոնք ձեռք չեն բերվել 2018-2019 թվականի ընթացքում: Այսինքն՝ պատգամավորն ունեցել է նշված անշարժ գույքերը՝ մինչև պաշտոնը ստանձնելը, սակայն չի հայտարարագրել: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 2017 թվականի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է 3 բնակարանի առկայության մասին: Նշված բնակարանները 2017, 2018 եւ 2019 թվականների ընթացքում չեն օտարվել, սակայն 2019 թվականի տարեկան հայտարարագրում 3 բնակարանների մասին որեւէ նշում չկա: Սերգեյ Բագրատյանը պաշտոնը ստանձնելիս՝ 2017 թվականի մայիսի 17-ին, ունեցել է 1 բնակարան, 1 կիսակառույց շինություն, բազմաբնակարան շենքում 1 ոչ բնակելի տարածք եւ 2 հողամաս. ընդհանուր՝ 5 անշարժ գույք: 2017, 2018 եւ 2019 թվականներին անշարժ գույք չի օտարել, սակայն 2019 թվականի տարեկան հայտարարագրում նրա անշարժ գույքերը 1 բնակարան, 1 հողամաս եւ 1 հասարակական նշանակության շինություն են: Ընդհանուր՝ 3 անշարժ գույք: Թե ուր են անհետացել նախկինում իրեն պատկանող եւ չօտարված 2 անշարժ գույքերը, անհասկանալի է:  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը 2017 թվականի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է 2 անշարժ գույք՝ հասարակական նշանակության շինություն: 2017, 2018 եւ 2019 թվականներին Էնֆիաջյանը անշարժ գույքերը չի օտարել, սակայն 2019 թվականի տարեկան հայտարարագրում  «Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը» դաշտում իր ունեցած անշարժ գույքերը նշված չեն: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Վարդանյանը 2007-2012 թվականներին զբաղեցրել է քաղաքաշինության նախարարի պաշտոնը, որից հետո՝ մինչև պատգամավոր ընտրվելը, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: Պատգամավորական գործունեությունը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ին: Պաշտոնը զբաղեցնելու պահին, ըստ հայտարարագրի, ունեցել է 7 անշարժ գույք՝ 1 անհատական բնակելի տուն, 1 ամառանոց, 1 հասարակական նշանակության շինություն, 1 բազմամյա տնկի եւ 3 հողամաս: 2019 թվականի ընթացքում որեւէ անշարժ գույք չի գնել, սակայն Վարդանյանի տարեկան հայտարարագրում «Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը» դաշտում անշարժ գույքերը 7-ի փոխարեն թվով 16 են՝ 1 անհատական բնակելի տուն, 1 ամառանոց, բազմաբնակարան շենքում 1 ոչ բնակելի տարածք, հողին ամրակցված 3 այլ անշարժ գույք եւ 10 հողամաս: Ստացվում է, որ պատգամավոր Վարդանյանը պաշտոնը ստանձնելիս չի ներկայացրել իր անշարժ գույքի մեծ մասը՝ 16-ի փոխարեն հայտարարագրելով միայն 7-ը:  Բացի այդ՝ Վարդանյանի 2019 թվականին ներկայացրած տարեկան հայտարարագրից իմանում ենք, որ հողամասերից 4-ը գնվել է 2011 թվականին, երբ նա դեռ քաղաքաշինության նախարարի պաշտոնն էր զբաղեցնում: Վարդանյանի՝ 2011 թվականի հայտարարագրում այդ տարվա ընթացքում գնված հողամասերի վերաբերյալ որևէ նշում չկա, այնինչ պետք է լիներ: Նշենք նաեւ, որ 2011 թվականին Վարդանյանի դրամական միջոցները տարեսկզբին եղել են 120 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին՝ 128 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարեկան եկամուտը կազմել է ընդամենը 3 մլն 536 հազար ՀՀ դրամ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը պաշտոնը ստանձնել է 2017 թվականի մայիսի 18-ից: Պաշտոնը ստանձնելիս, ըստ հայտարարագրի, ունեցել է 4 անշարժ գույք: 2017, 2018 եւ 2019 թվականներին պատգամավորը նոր անշարժ գույք ձեռք չի բերել, սակայն 2019 թվականի տարեկան հայտարարգրում հայտարարագրել է 5 անշարժ գույք՝ բնակարան: Ստացվում է, որ Գրիգորյանը նույնպես ունեցել է բնակարան, որը չի հայտարարագրել պաշտոնը ստանձնելիս: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը պաշտոնը ստանձնել է 2019 թվականի հունվարի 14-ից: Պաշտոնը ստանձնելիս, ըստ հայտարարագրի, Սամսոնյանը որեւէ անշարժ գույք չի ունեցել: Սակայն պարզվում է, որ իրականում ունեցել է 1 բնակարան, որը չի հայտարարագրել: 2019 թվականի տարեկան հայտարարագրում «Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը» դաշտում նախկինում չհայտարարագրված բնակարանն արդեն նշել է: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը պաշտոնավարում է 2019 թվականի հունվարի 14-ից: Պաշտոնը ստանձնելիս, ըստ հայտարարագրի, Բաբայանը նույնպես չի ունեցել որեւէ անշարժ գույք: Սակայն իրականում ունեցել է 1 բնակարան, որը չի հայտարարագրել պաշտոնը ստանձնելիս: Արդեն 2019 թվականի տարեկան հայտարարագրում «Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը» դաշտում Բաբայանը նշել է նախկինում չհայտարարագրած անշարժ գույքը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանը պաշտոնավարումը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ից: Պաշտոնը ստանձնելիս Մինասյանը հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ Hyundai Elantra եւ Mercedes Benz մակնիշների: 2019 թվականի տարեկան հայտարարագրի «Տվյալ տարվա սկզբում առկա տրանսպորտի միջոցը» դաշտում Մինասյանը հայտարարագրել է միայն Hyundai մակնիշի ավտոմեքենան, որը այդ տարվա ընթացքում վաճառել է եւ գնել 2008 թվականի արտադրության Mercedes մակնիշի ավտոմեքենա՝ ընդամենը 520 հազար ՀՀ դրամով: Եթե սա նույն Mercedes մակնիշի ավտոմեքենան է, որը հայտարարագրված էր նաեւ պաշտոնը ստանձնելիս, ապա Մինասյանը պաշտոնավարման ընթացքում ձեռքբերած մեքենան ներկայացրել է որպես մինչեւ պաշտոնավարումը արդեն իսկ ունեցած շարժական գույք: Mercedes մակնիշի ավտոմեքենան Մինասյանը ձեռք է բերել 2019 թվականի օգոստոսի 15-ին։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանը պաշտոնավարումը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ից: Պաշտոնը ստանձնելիս Ստեփանյանը հայտարարագրել է 1 անշարժ գույք՝ ամառանոց: Պաշտոնավարման տարում՝ 2019 թվականին, Ստեփանյանը որեւէ նոր անշարժ գույք չի գնել, սակայն նրա՝ 2019 թվականի տարեկան հայտարարագրում առկա է 2 անշարժ գույք: Ստացվում է, որ Ստեփանյանը պաշտոնը ստանձնելիս նույնպես ունեցել է 2 անշարժ գույք, որոնցից մեկը չի ներկայացրել: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը պաշտոնը ստանձնել է 2019 թվականի հունվարի 14-ին: Պաշտոնը ստանձնելիս նա, ըստ հայտարարագրի, ունեցել է 2 անշարժ գույք՝ 1 բնակարան եւ 1 հողամաս: Պաշտոնավարման տարում անշարժ գույքի ձեռքբերման գործարք չի կատարել, սակայն 2019 թվականի տարեկան հայտարարագրում «Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը» դաշտում Գրիգորյանի անշարժ գույքերի թիվը կրկնապատկվել է. նա Հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 1 բնակարան եւ 3 հողամաս: Ստացվում է, որ Գրիգորյանը պաշտոնը ստանձնելիս նույնպես ունեցել է 4 անշարժ գույք, սակայն հայտարարագրման է ներկայացրել միայն դրանցից երկուսը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը պաշտոնը ստանձնել է 2019 թվականի հունվարի 14-ին: Պաշտոնը ստանձնելիս, ըստ հայտարարագրի, ունեցել է 3 անշարժ գույք՝ 1 հողամաս եւ 2 բնակարան: 2019 թվականի տարեկան հայտարարագրում «Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը» դաշտում Բաղդասարյանի անշարժ գույքերի թիվը դարձել է 4՝ 1 հողամաս եւ 3 բնակարան, սակայն պաշտոնավարման տարում բնակարան չի գնել: Այսինքն՝ բոլոր 4 անշարժ գույքերն էլ նա ունեցել է մինչեւ պաշտոնավարելը, սակայն դրանցից մեկը հայտարարագրում չի երեւում: Այսպիսով՝ ուսումնասիրելով հիշյալ պատգամավորների ներկայացրած հայտարարագրերը՝ տեսնում ենք, որ շատերի մոտ կան անհամապատասխանություններ: Արդեն մոտ 3 ամիս է՝ հրապարակվել են հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրերը, սակայն կոռուպցիայի կանխարգեման հանձնաժողովը մինչ օրս չի զբաղվել վերոնշյալ խնդիրներով, որոնցում կարող են լինել նաեւ կոռուպցիոն ռիսկեր: Նարեկ Մարտիրոսյան
13:32 - 21 սեպտեմբերի, 2020
ԲՀԿ-ի հետ համաձայնություն եղել է միայն նոր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ. Ալեն Սիմոնյան

 |armenpress.am|

ԲՀԿ-ի հետ համաձայնություն եղել է միայն նոր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

armenpress.am: Իշխանությունն ի դեմս «Իմ քայլը» դաշինքի «Բարգավաճ Հայաստան»-ի հետ համաձայնություն է ունեցել միայն նոր ընտրությունների անցկացման վերաբերյալ: Համաձայնությունը չի եղել նույն այն տրամաբանության մեջ, որը ԲՀԿ-ն ժամանակին եկել էր Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ ՔՊ գրասենյակում անցկացված հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով իշխանության և  «Բարգավաճ Հայաստան»-ի լարված հարաբերությունների համատեքստում լրագրողի դիտարկմանը, թե ավելի վաղ հուշագիր է ստորագրվել ԲՀԿ-ի հետ՝ Սիմոնյանն ասաց. «ՀՀ իշխանությունը, այն է՝ ՔՊ, «Իմ քայլը» դաշինքն, ունեցել է մի համաձայնություն՝ այդ օրը գործող քաղաքական ուժի հետ, որն այդ պահին գտնվել է խորհրդարանում՝ նոր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Մենք հուշագիր ունենք ու ունենալու ենք այս փուլում միայն ՀՀ քաղաքացիների հետ: Ասել, թե մենք հուշագիր ենք ունեցել, դա քաղաքագիտական սխալ է: Եվս մեկ անգամ ֆիքսում ենք, որ մենք այդօրյա խորհրդարանում գտնվող կուսակցության հետ ֆիքսել ենք նոր ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը, այլ ոչ թե հուշագիր այն պատկերացման մեջ, որը, օրինակ, «Բարգավաճ Հայաստանը» ստորագրել է Սերժ Սարգսյանի հետ՝ մարտի 1-ից հետո: Այն ստորագրվել էր քաղաքական դաշտում համագործակցության համար՝ միասնական քաղաքական օրակարգ և երկրի առաջընթացի հետ կապված»: Անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետը մասնակցել է նաև ԲՀԿ ղեկավարին պատկանող գործարանի բացմանը՝ Սիմոնյանը պատասխանեց, որ երկրի վարչապետը մեծ աշխատատեղ ապահովող յուրաքանչյուր հիմնարկի բացման արարողությանը կարող է մասնակցել, դա չի նշանակում, որ այդ մարդիկ այսուհետ օրենքից բարձր են: 2018-ի դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» հուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հուշագիր էին ստորագրել:
22:27 - 17 սեպտեմբերի, 2020
Յուրաքանչյուր կնոջ իրավունքն է որոշելու՝ ինքը ցանկանո՞ւմ է լինել հղի և երեխա ունենալ, թե՞ ոչ․ Մարիա Կարապետյան |lragir.am|

Յուրաքանչյուր կնոջ իրավունքն է որոշելու՝ ինքը ցանկանո՞ւմ է լինել հղի և երեխա ունենալ, թե՞ ոչ․ Մարիա Կարապետյան |lragir.am|

lragir.am:  Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Մարիա Կարապետյանը։   - Տիկին Կարապետյան, ԲՀԿ–ական պատգամավորները շրջանառության մեջ են դնելու օրենքի նախագիծ, որով արգելվելու է հղիության արհեստական ընդհատումը՝ բացառությամբ որոշ դեպքերի։ Ինչպե՞ս եք գնահատում: - Այս պահին գործող օրենքը շատ ողջամիտ է։ Մինչև երեք ամսական հղիության պարագայում հղիության արհեստական ընդհատումը կնոջ հայեցողությունն է, և սա այսպես էլ պետք է մնա։ Երեքից մինչև հինգ ու կես ամսական հղիության պարագայում հղիության արհեստական ընդհատումը կարող է տեղի ունենալ բացառապես բժշկական կամ սոցիալական ցուցումով։ Բժշկական ցուցումները կնոջ կամ պտղի կյանքի հետ անհամատեղելի կամ շտկման չենթարկվող հիվանդություններն են։ Սոցիալական ցուցումներն են հղիության ընթացքում ամուսնու մահը, կնոջ կամ նրա ամուսնու ազատազրկման վայրում լինելը, ամուսնալուծությունը, հղիությունը բռնաբարության արդյունքում։ - Նախագծի հեղինակները հնարավոր են համարում աբորտը միայն այն դեպքում, եթե բժիշկների ցուցումով կինն ունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են հղիության հետ: Համոզի՞չ են արդյոք այս փաստարակները:  - Ո՛չ, համոզիչ չեն։ Հղիության պլանավորման կատարյալ մեթոդներ չկան։ Եվ յուրաքանչյուր կնոջ իրավունքն է որոշելու՝ ինքը ցանկանո՞ւմ է լինել հղի և երեխա ունենալ, թե՞ ոչ։ Եվ նա այս որոշումը կայացնելու համար ունի մինչև երեք ամիս։ - Սեռով պայմանավորված աբորտներով Հայաստանն աշխարհում առաջատարների շարքում է: Արդյո՞ք բերված նախագիծը կարող է փոխել այդ իրավիճակը: Ընդհանրապես, ի՞նչ գործիքակազմով կարելի է լուծել այդ հարցը: - Մինչև երեք ամսական հղիության պարագայում երեխայի սեռը իմանալը դժվար է։ Այսինքն՝ կնոջ հայեցողության այդ փուլում հղիության ընդհատումը սովորաբար սեռով չէ պայմանավորված։ Ամեն դեպքում, օրենքը արգելում է որևէ պարագայում հղիության արհեստական ընդհատումը իրականացնել սեռի հիմքով։   Շարունակությունը՝ lragir.am-ում։
20:26 - 12 սեպտեմբերի, 2020
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանին եւ որդուն մեղադրանք է առաջադրվել |hetq.am|

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանին եւ որդուն մեղադրանք է առաջադրվել |hetq.am|

hetq.am: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ մեղադրանք է առաջադրել ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Հրանտ Դավթյանին եւ նրա որդուն՝ Արսեն Դավթյանին, առանձնապես խոշոր չափով գույքը չհայտարարագրելու հիմքով: Այս մասին հայտնեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:  Քրեական գործը հարուցվել է այս տարվա փետրվարի 12-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից մեր հետաքննությանհիման վրա: Այնուհետ քրգործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՔԾ: Հիշեցնենք, որ հայ պաշտոնյաների՝ Դուբայում ունեցած անշարժ գույքի մասին մեր հետաքննության մեջ անդրադարձել էինք ԱԺ նախկին պատգամավորներ Հրանտ Դավթյանի, Հակոբ Հակոբյանի (Ճոյտ), ֆինանսների նախկին փոխնախարար, ՊԵԿ նախկին փոխնախագահ Արթուր Աֆրիկյանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի եւ նրա ընկերների, ինչպես նաեւ ՀՀ-ում Ղրղըզստանի պատվավոր հյուպատոս, հետագայում ՀՀ ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության պետ Բաբկեն Սեդրակյանի եւ նրա կնոջ ու պահեստազորի գնդապետ Ալեքսանդր Աբրահամյանի կնոջ կողմից ձեռք բերված եւ վաճառված բնակարաններին:   Քրեական գործը հարուցվել է ՔՕ 314.3 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս դրույթը սահմանում է. «Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաեւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա»: Նկատենք, որ հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ տվյալ թաքցնելը քրեականացվել է 2017-ի հուլիսի 1-ից: Հրանտ Դավթյանը ԱԺ պատգամավոր է եղել 2012-2017 եւ 2018-2019 թթ.: Քանի որ վերոնշյալ օրենսդրական կետն ուժի մեջ է մտել 2017-ի հուլիսից, երբ Դավթյանն արդեն պատգամավոր չէր, հասկանալի է, որ այս պարագայում խոսքը նրա՝ 2018-2019 թթ. պատգամավոր եղած ժամանակ հայտարարագրման վերաբերյալ օրենսդրական պահանջները խախտելու մասին է: Մ. Օհանջանյանը մեզ նաեւ հայտնեց, որ թե՛ Դավթյանին, թե՛ նրա որդուն, ով եւս եղել է հայտարարատու անձ, մեղադրանքն առաջադրվել է Հայաստանում ունեցած գույքը չհայտարարագրելու հիմքով: Թե ինչ կպարզվի Դուբայում ունեցած գույքի մասով, ցույց կտա նախաքննությունը, չնայած մենք արդեն գրել ենք, որ, ըստ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի (ներկայում՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով), ժամանակին Դավթյանը հայտարարագրել է Դուբայի իր բնակարանը:   
15:14 - 09 սեպտեմբերի, 2020
«Նվիրյալները». պատգամավորների աշխատավարձերը՝ պաշտոնը ստանձնելուց առաջ եւ հետո

«Նվիրյալները». պատգամավորների աշխատավարձերը՝ պաշտոնը ստանձնելուց առաջ եւ հետո

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ պատգամավորների աշխատավարձերի եւ պարգեւատրումների թեման մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է: Վերջերս «Առավոտը» հարցման միջոցով պարզել էր, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները 2017 թվականի ապրիլից մինչեւ 2018 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում ստացել են 33 մլն ՀՀ դրամ պարգեւավճար, իսկ 7-րդ գումարման պատգամավորների` 2019 թվականի փետրվարից մինչեւ 2020 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում ստացած պարգեւավճարների ընդհանուր գումարի չափը կազմել է 580 մլն ՀՀ դրամ:  6-րդ եւ 7-րդ գումարման խորհրդարանների պատգամավորների պարգեւավճարների չափի զգալի տարբերության հրապարակմանը հաջորդեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ միջանցքում լրագրողի հետ ունեցած բանավեճը: «Այսինքն, ձրի՞ աշխատենք: Աշխատավարձը պիտի համապատասխանի, մարդիկ չեն ուզում գալ: 580 մլն մի՛ ասա, 100, 200 հազար դրամ ասա: Մարդիկ չեն ուզում աշխատեն, հարգելի՛ս, դուք ուզում եք երկիրը կառավարեն»,- լրագրողի հետ բանավեճի ընթացքում ասել էր Սիմոնյանը:  Ըստ էության՝ ԱԺ փոխնախագահը կրկնում է նույն այն թեզը, ինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ որի՝ կառավարությունից եւ պետական ապարատից դեպի մասնավոր սեկտոր մեծ հոսք է նկատվում՝ ցածր վարձատրության պատճառով: Սիմոնյանը նույն դիտարկումն անում է նաեւ պատգամավորների վերաբերյալ՝ նշելով, որ մարդիկ չեն ուզում աշխատել: «Պաշտոնյան պետք է նորմալ աշխատավարձ ստանա, կարող է հրաժարվեմ, չմասնակցեմ ընտրությունների, գնամ իմ գիտելիքները տամ «Կոկա-կոլա» քոմփընիին: Պայմանական եմ ասում, գնամ այնտեղ խոսնակ, տնօրեն աշխատեմ, 3 մլն աշխատավարձ ստանամ: Նվիրյալնե՜ր: Այո՛, բոլորս էլ նվիրյալներ ենք, որ դիմանում ենք այս ամեն ինչին: Դիմանում ենք այս ստին, կեղծիքին, մեր անձնական կյանքի մեջ մտնելուն, լկտիությանը, բռնությանը: Բա նվիրյալներ ենք, որ այդ ամեն ինչը անում ենք»,- հայտարարել էր Ալեն Սիմոնյանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ «Զրույց քաղաքացու հետ» խորագրով ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել էր, որ եթե որակով որեւէ բան ենք ուզում, ապա դրա արժեքը թանկ է: «Պատգամավորի մաքուր աշխատավարձը՝ հանած բոլոր հարկերն ու տուրքերը, կազմում է 461 հազար դրամ, դրան գումարած՝ 150 հազար դրամ պարգեւավճարը»,- ասել էր պատգամավոր Գրիգորյանը: 2019 թվականին պատգամավորների պարգեւատրումների ընդհանուր չափը կազմել է 526 մլն ՀՀ դրամ, հետեւաբար՝ միջին ամսական պարգեւատրումները կազմել են մոտ 330 հազար ՀՀ դրամ (հարկերն ու տուրքերը հանած՝ 248 հազար), ինչն էականորեն տարբերվում է Սուրեն Գրիգորյանի նշած թվից: Հավելենք նաեւ, որ 330 հազար ՀՀ դրամը պատգամավորների պաշտոնային դրույքի մոտ 50%-ն է: Հասկանալու համար, թե որքան են իրականությանը մոտ Ալեն Սիմոնյանի այն պնդումները, թե պատգամավորները չեն ուզում աշխատել, քանի որ աշխատավարձի չափը բավարար չէ եւ մասնավոր սեկտորում կարող են ավելի շատ վարձատրվել, դիտարկենք, թե որքան աշխատավարձ են ստացել պատգամավորները՝ մինչեւ պաշտոնավարումը եւ որքան են ստանում հիմա: Տվյալների համար հիմք են հանդիսացել պաշտոնատար անձանց ներկայացրած հայտարարագրերը եւ ինքնակենսագրականում առկա տվյալները: «Իմ քայլը» խմբակցություն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը պատգամավոր է դարձել 2018 թվականի մայիսի 16-ին: Մինչեւ պատգամավոր դառնալը՝ Սիմոնյանը եղել է Երեւանի ավագանու անդամ: Զուգահեռ եղել է իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ-ի՝ «araratnews.am» կայքի եւ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: Ըստ պաշտոնը ստանձնելու հայտարարագրի` պաշտոնը ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրը նա հայտարարագրել է 560 հազար ՀՀ դրամ: Հաշվի առնելով հեղափոխության շրջանի քայլերթերում, ընթացող գործընթացներում Ալեն Սիմոնյանի ներգրավվածությունը՝ ընդունենք, որ այս գումարը իր հունվար-մարտ ամիսների եկամուտն է։ Հետեւաբար, ըստ ամենայնի, Ալեն Սիմոնյանը մինչեւ պաշտոնը ստանձնելը ստացել է ամսական մոտ 187 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ: Պաշտոնը ստանձնելու օրից մինչեւ տարեվերջ՝ պատգամավորը հայտարարագրել է 4 մլն 183 հազար ՀՀ դրամ եկամուտ, այսինքն` ամսական ստացել է 558 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ (ներառյալ պարգեւավճարները): Արդեն 2019 թվականին Ալեն Սիմոնյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են ամսական 1 մլն 22 հազար ՀՀ դրամ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը պատգամավոր է դարձել 2019 թվականի հունվարի 14-ին: Մինչ պատգամավոր աշխատելը՝ Խաչատրյանը եղել է Լոռու մարզպետի տեղակալ, իսկ մինչ այդ՝ Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի հիմնական դպրոցի նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ: Ըստ հայտարարագրի՝ պաշտոն զբաղեցնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնը զբաղեցնելը (2018 թվականի հունիսի 14)՝ պատգամավորը հայտարարագրել է 536 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ, այսինքն՝ ամսական 98 հազար ՀՀ դրամ: Ըստ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի՝ մարզպետի տեղակալի աշխատավարձը կազմում է 529 հազար ՀՀ դրամ (ներառյալ հարկերը), հարկերը հանած՝ 391 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր դառնալուց հետո նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 752 հազար ՀՀ դրամ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը պատգամավոր է  2018 թվականի մայիսի 16-ից: Մինչեւ պաշտոնավարելը եղել է «Para.tv» համացանցային հեռուստաընկերության «Մի խոսքով» հաղորդաշարի հեղինակ եւ վարող, ինչպես նաեւ՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության փորձագետ: Ըստ ներկայացրած հայտարարագրի՝ մինչ պաշտոնավարելը Կոնջորյանի աշխատանքի վարձատրությունը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 341 հազար ՀՀ դրամ: Պատգամավորի պաշտոնը ստանձնելուց հետո հետո` 2018-ին` 677 հազար ՀՀ դրամ, իսկ 2019-ին` 754 հազար ՀՀ դրամ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պատգամավոր է ընտրվել 2019 թվականի հունիսի 10-ին: Մինչեւ ընտրվելը՝ Հովհաննիսյանը եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ: Ըստ ներկայացրած հայտարարագրի՝ մինչ պատգամավոր ընտրվելը՝ Հովհաննիսյանի մեկ ամսվա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 528 հազար ՀՀ դրամ, պատգամավոր դառնալուց հետո՝ 791 հազար ՀՀ դրամ:  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը պատգամավոր է դարձել 2019 թվականի հունվարի 14-ին: Մինչ այդ՝ Մեխակյանը զբաղեցրել է Էջմիածնի քաղաքապետի տեղակալի պաշտոնը: Այդ պաշտոնում նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները եղել են 341 հազար ՀՀ դրամ, առանց հարկերի՝ 253 հազար ՀՀ դրամ, պատգամավոր դառնալուց հետո՝ 2019 թվականին՝ 767 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր Արփինե Դավոյանը մինչ պատգամավոր ընտրվելը եղել է ՀՀ վարչապետի օգնական: Մինչեւ պաշտոնավարելը՝ Դավոյանը եղել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության գործավար: Նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները, ըստ ներկայացված հայտարարագրի, եղել են 110 հազար ՀՀ դրամ: Արդեն վարչապետի օգնականի պաշտոնում նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 897 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր դառնալուց հետո՝ 778 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր Երջանիկ Հակոբյանը մինչեւ պատգամավոր ընտրվելը եղել է Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ, այնուհետեւ վարչության պետ, իսկ մինչ այդ՝ «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի իրավաբան եւ միջազգային-վարկային պայմանագրերի կառավարման մասնագետ: Ըստ հայտարարագրի՝ մինչ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնը ստանձնելը ստացել է 409 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ: Պաշտոնավարման ժամանակ Հակոբյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 1 մլն 47 հազար ՀՀ դրամ, պատգամավոր ընտվելուց հետո՝ 762 հազար ՀՀ դրամ: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մինչեւ պատգամավոր ընտրվելը զբաղեցրել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը: Դրանից առաջ եղել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի եւ համագործակցության բաժնի ղեկավար: Մինչ պաշտոնավարելը՝ Մակունցի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 353 հազար ՀՀ դրամ: Մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 581 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո՝ 745 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր Կարեն Սարուխանյանը մինչեւ պատգամավոր ընտրվելը եղել է Շիրակի մարզպետ, իսկ մինչ այդ եղել է «Բյուրակնի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կենսաբանության եւ ինֆորմատիկայի ուսուցիչ: Եթե հաշվի առնենք, որ Սարուխանյանը մասնակցել է հեղափոխության քայլերթերին եւ այդ ամիսներին աշխատավարձ չի ստացել, ապա, ըստ իր հայտարարագրի, ուսուցիչ եղած ժամանակ նրա աշխատավարձը կազմել է առավելագույնը 114 հազար ՀՀ դրամ: ՀՀ Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Սարուխանյանը ստացել է 497 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ պատգամավոր ընտրվելուց հետո՝ 735 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր Կարեն Համբարձումյանը մինչեւ պատգամավոր ընտրվելը եղել է Սյունիքի մարզպետ: Մինչ պաշտոնավարելը Համբարձումյանը երեք ամիս եղել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ «Իրան-Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման գիծ եւ համապատասխան ենթակայան» ծրագրի համակարգող-պատասխանատու եւ ստացել է 308 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ: Սյունիքի մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 556 հազար ՀՀ դրամ, իսկ պատգամավոր ընտրվելուց հետո՝ 775 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը մինչ պատգամավոր ընտրվելը՝ 2017-2018 թվականներին աշխատել է որպես պատգամավորի օգնական, «ՀԱՊԿ եւ Եվրազես» համալսարանի դասախոս: Ապա ԿԱԻ Կոտայքի մասնաճյուղի տնօրեն, որից հետ նշանակվել է Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ապա Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար: ԱԺ պատգամավորի օգնականի պաշտոնային դրույքաչափը 198 հազար ՀՀ դրամ է, առանց հարկերի՝ 147 հազար ՀՀ դրամ: Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը՝ 400 հազար ՀՀ դրամ ներառյալ հարկերը, առանց հարկերի՝ 297 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր դառնալուց հետո Ստեփանյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները աճել են՝ կազմելով 773 հազար ՀՀ դրամ:  Խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը մինչեւ պատգամավոր ընտրվելը զբաղեցրել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը: Մինչ պաշտոնավարելը եղել է «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն, իսկ մինչ այդ՝ 2012-2017 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավորի օգնական: Պատգամավորի օգնականի պաշտոնային դրույքաչափը առանց հարկերի 147 հազար ՀՀ դրամ է։ Ըստ ներկայացված հայտարարագրի՝ Սիմիդյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 358 հազար ՀՀ դրամ: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալի պաշտոնում նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 582 հազար ՀՀ դրամ, իսկ պատգամավոր ընտրվելուց հետո՝ 770 հազար ՀՀ դրամ: Հովիկ Աղազարյանը պատգամավորի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի մայիսի 16-ին: Մինչ պատգամավոր ընտրվելը Աղազարյանը չի աշխատել, սակայն հայտարարագրել է 1 մլն ՀՀ դրամ այլ եկամուտ, որը եթե բաժանենք ամիսների, ապա մինչ պատգամավոր դառնալը Աղազարյանի այլ եկամուտը ամսական կազմել է 222 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո՝ 2018-ին, Աղազարյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները եղել են 639 հազար ՀՀ դրամ, իսկ 2019-ին՝ 804 հազար ՀՀ դրամ: Հռիփսիմե Գրիգորյանը պատգամավորական գործունեությունը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ին: Մինչ այդ՝ Գրիգորյանը զբաղեցրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնը: Մինչ այդ՝ 2016 թվականից զբաղեցնում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի դոնորների հետ կապերի համակարգող, մարկետինգի եւ խթանման վարչության խորհրդականի պաշտոնը, որտեղ, ըստ պաշտոնը ստանձնելու հայտարարագրի, Գրիգորյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 210 հազար ՀՀ դրամ: Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում Գրիգորյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 701 հազար ՀՀ դրամ, իսկ պատգամավորական գործունեության ժամանակ՝ 721 հազար ՀՀ դրամ: Մերի Գալստյանը եւս պատգամավորական գործունեությունը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ից: Մինչ պատգամավոր ընտրվելը՝ Գալստյանի զբաղեցրել է ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդականի պաշտոնը, ինչպես նաեւ եղել է ԵՄ եւ ՀՀ միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում բնական ռեսուրսների կառավարման, շրջակա միջավայրի եւ կլիմայի փոփոխության ոլորտում օրենսդրական մոտարկման գործընթացի համակարգող: Նախարարի խորհրդականի պաշտոնային դրույքաչափը 364 հազար ՀՀ դրամ է` հարկերը ներառյալ, առանց հարկերի՝ 270 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո Գալստյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 772 հազար ՀՀ դրամ: Ռուբեն Ռուբինյանը մինչ պատգամավոր դառնալը զբաղեցրել է ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը: Մինչ պաշտոնավարելը Ռուբինյանը զբաղվել է գիտական գործունեությամբ եւ հայտարարագրած 150 հազար ՀՀ դրամ աշխատավարձը հավանաբար ստացել է գիտական գործունեության համար: ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնում Ռուբինյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները եղել են 530 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո՝ 884 հազար ՀՀ դրամ: Սերգեյ Ատոմյանը մինչ պատգամավոր ընտրվելը եղել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ եւ ստացել է 323 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ: Պատգամավոր ընտրվելուց հետո՝ 772 հազար ՀՀ դրամ: Վաղարշակ Հակոբյանը մինչ պատգամավոր ընտրվելը եղել է սփյուռքի նախարարի օգնական: Նախարարի օգնականի պաշտոնային դրույքաչափը 298 հազար ՀՀ դրամ է, առանց հարկերի՝ 221 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվեուց հետո Հակոբյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 775 հազար ՀՀ դրամ: Վարազդատ Կարապետյանը մինչ պատգամավոր ընտրվելը զբաղեցրել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը, իսկ դրանից առաջ եղել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար: Մինչ պաշտոնավարումը՝ նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 600 հազար ՀՀ դրամ: Փոխնախարարի պաշտոնում Կարապետյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները եղել են 523 հազար ՀՀ դրամ, պատգամավոր դառնալուց հետո՝ 899 հազար ՀՀ դրամ: Աննա Կարապետյանը մինչ պատգամավոր ընտրվելը եղել է ԱԺ պատգամավորի օգնական, ապա առաջին փոխվարչապետի խորհրդական, որից հետո առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար: Պատգամավորի օգնականի պաշտոնային դրույքաչափը առանց հարկերի 146 հազար ՀՀ դրամ է, փոխվարչապետի խորհրդականինը` 435 հազար ՀՀ դրամ, փոխվարչապետի գրասենյակի ղեկավարինը` 479 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո Կարապետյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 811 հազար ՀՀ դրամ: Վահե Ղալումյանը մինչեւ 2015 թվականը եղել է Իջեւանի ճանշինվարչության գործադիր տնօրենի առաջին տեղակալ: Դրանից հետո մինչեւ 2018 թվականը չի աշխատել: 2018 թվականի հունիսի 1-ից մինչեւ պատգամավոր ընտրվելը զբաղեցրել է Տավուշի մարզպետի պաշտոնը: Մարզպետի պաշտոնում Ղալումյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են  519 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո՝ 764 հազար ՀՀ դրամ: Քրիստինե Պողոսյանը մինչ պատգամավոր դառնալը եղել է  «Tre gufo» հայկական արծաթյա զարդերի խանութի հիմնադիր տնօրեն, որից հետո առաջին փոխվարչապետի օգնական: Փոխվարչապետի օգնականի պաշտոնային դրույքաչափը առանց հարկերի 342 հազար ՀՀ դրամ է: Պատգամավոր ընտրվելուց հետո Պողոսյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 716 հազար ՀՀ դրամ: Արսեն Միխայլովի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները մինչ պաշտոնը ստանձնելը կազմել են 153 հազար ՀՀ դրամ, պատգամավոր ընտրվելուց հետո` 2017-ին` 644 հազար ՀՀ դրամ, 2018-ին՝ 565 հազար ՀՀ դրամ, 2019-ին` 766 հազար ՀՀ դրամ: Վլադիմիր Վարդանյանը մինչ պատգամավոր ընտրվելը եղել է Սահմանադրական դատարանի խորհրդական, ապա Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար, իսկ մինչ այդ` «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի գործադիր տնօրեն: Ըստ հայտարարագրի` մինչ պաշտոնավարելը՝ Վլադիմիր Վարդանյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 498 հազար ՀՀ դրամ: Սահմանադրական դատարանի խորհրդականի պաշտոնում Վարդանյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 580 հազար ՀՀ դրամ, ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում՝ 2018-ին՝ 656 հազար ՀՀ դրամ, պատգամավոր ընտրվելուց հետո՝ 984 հազար ՀՀ դրամ: Վլադիմիր Վարդանյանը մշտապես աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճար ստացել է 3 աղբյուրներից: Ըստ 2019 թվականի հայտարարագրի՝ դրանք են՝ ՀՀ ԱԺ, ԵՊՀ եւ Սահմանադրական մշակույթ միջազգային վերլուծական կենտրոն հիմնադրամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն Պատգամավոր Արթուր Գիրգորյանը մինչ ընտրվելը զբաղեցրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնը, իսկ մինչ այդ` «Մուլտի գրուպ» կոնցեռնի ներքին վերահսկողության ծառայության պետ: Ըստ հայտարարագրի՝ մինչ պաշտոնավարելը՝ նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 120 հազար ՀՀ դրամ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնում` 628 հազար ՀՀ դրամ: Արդեն պատգամավոր ընտրվելուց հետո` 783 հազար ՀՀ դրամ: Հրանտ Մադաթյանը պատգամավոր է 2017 թվականից: Մինչ պաշտոնը ստանձնելը՝ նա հայտարարագրել է 460 հազար ՀՀ դրամ շահաբաժին: Պատգամավոր ընտրվելուց հետո Մադաթյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են` 2017-ին` 620 հազար ՀՀ դրամ, 2018-ին` 596 հազար ՀՀ դրամ եւ 2019-ին` 749 հազար ՀՀ դրամ: Շաքե Իսայանը, մինչ պատգամավոր ընտրվելը, 2015-2017թթ. եղել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրենի տեղակալ, եւ ներկայացված հայտարարագրից կարելի է ենթադրել, որ ստացել է ամսական 113 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ: Պատգամավոր ընտրվելուց հետո` 2019 թվականին՝ նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 761 հազար ՀՀ դրամ: Նորա Առուստամյանը մինչեւ պատգամավոր ընտրվելը եղել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի օգնականը: Պատգամավորի օգնականի պաշտոնային դրույքաչափը առանց հարկերի 146 հազար ՀՀ դրամ է: Պատգամավոր ընտրվելուց հետո Առուստամյանի աշխատավարձը եղել է` 2017-ին` 649 հազար ՀՀ դրամ, 2018-ին` 515 հազար ՀՀ դրամ, 2019-ին` 751 հազար ՀՀ դրամ: Վարդեւան Գրիգորյանը մինչ պատգամավոր ընտրվելը եղել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզդաստիարակության տեսության եւ մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր: Ըստ հայտարարագրի` Գրիգորյանի աշխատավարձը եղել է 227 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո` 2017-ին` 656 հազար ՀՀ դրամ, 2018-ին՝ 675 հազար ՀՀ դրամ, 2019-ին` 757 հազար ՀՀ դրամ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության Պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանը մինչ պատգամավոր ընտրվելը չի աշխատել: 2014-2016 թվականներին եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ պետ, որից հետո մինչ պաշտոնը ստանձնելը չի աշխատել: Պաշտոնը ստանձնել է 2019 թվականի հունվարի 14-ից եւ աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են  788 հազար ՀՀ դրամ: Պատգամավորներ, որոնց աշխատավարձը նվազել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն ընտրվել 2018թ. դեկտեմբերի 9-ին, պատգամավորական գործունեությունը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ից: Մինչ պատգամավոր դառնալը՝ զբաղեցրել է ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարարի պաշտոնը: Քանի որ Հովհաննես Հովհաննիսյանը մշտապես աշխատավարձ է ստացել մի քանի աղբյուրներից՝ դիտարկենք ընդհանուր աշխատավարձից եւ դրան հավասարեցված այլ վճարումներից գոյացած եկամուտները: Մինչ պաշտոնավարումը 3 աղբյուրներից ստացված նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 1 մլն 359 հազար ՀՀ դրամ: ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարարի պաշտոնում՝ դարձյալ երեք աղբյուրներից՝ 1 մլն 343 հազար ՀՀ դրամ: Պատգամավորական գործունեության ժամանակ նրա աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների աղբյուրները մնացել են 3-ը, աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները այդ ընթացքում կազմել են 1 մլն 230 հազար ՀՀ դրամ: Ըստ 2019 թվականի տարեկան հայտարարագրի՝ Հովհաննիսյանի վարձատրության երեք աղբյուրներն են՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երեւանի պետական համալսարանը եւ Ազգային ժողովից ստացված վարձատրությունները: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը  2015-2018 թվականներին եղել է  ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ, 2018-2019 թվականներին՝ ՀՀ ԿԲ նախագահի խորհրդական: Աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները մինչեւ պատգամավոր դառնալը եղել են` 2016 թվականին` 1 մլն 585 հազար ՀՀ դրամ, 2017-ին՝ 1 մլն 839 հազար ՀՀ դրամ, 2018-ին` 1 մլն 413 հազար ՀՀ դրամ: Արդեն պատգամավոր ընտրվելուց հետո` 851 հազար ՀՀ դրամ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը պատգամավորական գործունեությունը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ից: Մինչ այդ զբաղեցրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը, իսկ դրանից առաջ` 2016-2018 թվականներին՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության բովանդակային մասի պատասխանատու, խմբագիր: Ըստ հայտարարագրի` մինչ պաշտոնավարելը՝ նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 826 հազար ՀՀ դրամ: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում՝ 861 հազար ՀՀ դրամ: Պատգամավորական գործունեության ժամանակ՝ 773 հազար ՀՀ դրամ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը պատգամավորի մանդատ ունի 2019 թվականի հունվարի 14-ից: Մինչ այդ՝ Փամբուխչյանը զբաղեցրել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի, ապա առաջին տեղակալի պաշտոնը, իսկ մինչ այդ եղել է «Մոգո» ՈՒՎԿ ՍՊԸ խնդրահարույց հաճախորդների հետ աշխատանքի վարչության պետ: Ըստ հայտարարագրի՝ մինչեւ պաշտոնավարելը Փամբուխչյանի մեկ ամսվա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարները կազմել են 759 հազար ՀՀ դրամ, նախարարի տեղակալ դառնալուց հետո՝ ամսական 618 հազար ՀՀ դրամ: ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետ՝ ամսական 775 հազար ՀՀ դրամ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը պատգամավոր է 2019 թվականի հունվարի 14-ից: Մինչ այդ՝ Խաչատրյանը զբաղեցրել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը։ Ըստ հայտարարագրի՝ նրա ամսական աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները մինչ պաշտոնավարելը կազմել են 816 հազար ՀՀ դրամ, պատգամավոր դառնալուց հետո՝ 2019 թվականին՝ 783 հազար ՀՀ դրամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը մինչ պաշտոնավարելը եղել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ մարդկային ռեսուրսների վարչության պետ: Պետրոսյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները մշտապես եղել են երկու աղբյուրից: Ըստ հայտարարագրի` մինչ պատգամավոր ընտրվելը ստացել է 993 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ: Պատգամավոր ընտրվելուց հետո` 2018-ին` 712 հազար ՀՀ դրամ, 2019-ին` 796 հազար ՀՀ դրամ: Ըստ 2019 թվականի տարեկան հայտարարագրի՝ Պետրոսյանի եկամտի աղբյուրները եղել են Ազգային ժողովը եւ Երեւանի պետական համալսարանը:  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը մինչ պատգամավոր դառնալը եղել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն, ինչպես նաեւ՝ «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի անդամ, «Էպիկենտրոն» լրատվական ծառայության տնօրեն: Ըստ հայտարարագրի` աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները մինչ պաշտոնավարելը կազմել են 812 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո` 2018-ին` 585 հազար ՀՀ դրամ, 2019-ին` 741 հազար ՀՀ դրամ: Ուսումնասիրության այս փուլում դիտարկել ենք 37 պատգամավորների, որոնց ներկայացրած հայտարարագրերից հնարավոր էր հաշվել մինչ պաշտոնավարումը ստացած աշխատավարձի չափը: 38 պատգամավորներից միայն 7-ի մոտ է, որ պատգամավոր ընտրվելուց հետո աշխատավարձի աճ չի եղել կամ եղել է, բայց ոչ զգալի:  Այսպիսով՝ դիտարկելով պատգամավորների ներկայացրած հայտարարագրերը՝ կարելի է եզրակացնել, որ Ալեն Սիմոնյանի հնչեցրած պնդումները, թե մարդիկ չեն ուզում գալ, դառնալ պատգամավոր, քանի որ աշխատավարձը ցածր է, միանշանակ չէ, քանի որ պատգամավորների զգալի մասը մինչ պաշտոնավարելը վարձատրվել են ավելի քիչ, քան պաշտոնավարումից հետո: Բացի այդ՝ պատգամավորի աշխատավարձի դրույքաչափը բաց տվյալ է, ըստ այդմ՝ այն հասանելի է եղել նաեւ պատգամավորի թեկնածուներին, եւ նրանք կարող էին տեղյակ լինել՝ որքան աշխատավարձ են ստանալու։  Առաջիկայում կանդրադառնանք նաեւ այն պատգամավորներին, որոնք ներկայացված չէին այս շարքում: Նարեկ Մարտիրոսյան
13:32 - 08 սեպտեմբերի, 2020
ԲՀԿ-ն որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ է. Մակունց |armenpress.am|

ԲՀԿ-ն որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ է. Մակունց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի առաջնորդվում սեփական քաղաքական օրակարգով, այլ որոշակի քաղաքական որոշակի ուժերի ազդեցության տակ է։  Մակունցը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս են վերաբերվում նրան, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե հանրահավաք է անցկացնելու:  «Ես կարծում եմ՝ ինչպես 2015 թվականին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չէր առաջնորդվում իր սեփական քաղաքական կուսակցական օրակարգով, այլ գտնվում էր այլ քաղաքական ուժերի ազդեցության տակ, այնպես էլ այսօր այս պարագայում, կարծում եմ, որ նույն իրավիճակն է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի առաջնորդվում սեփական քաղաքական օրակարգով և գտնվում է որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ: Եվ ինչպես 2015 թվականին տեղի ունեցավ, կարծում եմ՝ քաղաքական այլ ուժերի ազդեցության տակ գտնվելու համատեքստում արդյունքը բավականին կանխատեսելի է»,-ասաց Մակունցը: Անդրադառնալով հարցին, թե ինչ հիմքեր ունի, նման պնդում անելու համար, պատասխանեց՝ տարբեր:
13:18 - 04 սեպտեմբերի, 2020
«Իմ քայլը»․ բարեկամներ, վաղեմի գործընկերներ, նախկին ՀՀԿ ու ԲՀԿ անդամներ |media.am|

«Իմ քայլը»․ բարեկամներ, վաղեմի գործընկերներ, նախկին ՀՀԿ ու ԲՀԿ անդամներ |media.am|

media.am: Հայաստանում կուսակցությունները միշտ չէ, որ կազմվում են գաղափարական ընդհանրությունների վրա հիմնվելով։ Օրինակ, հուլիսին media.am-ը պարզել էր, որ ԱԺ խոշորագույն ընդդիմադիր ուժի՝ ԲՀԿ խմբակցության պատգամավորների մեծ մասը՝ 26-ից 14-ը, անձնական կամ գործնական կապերով կապված են Գագիկ Ծառուկյանի հետ։  Այժմ ուսումնասիրել ենք իշխող «Իմ քայլը» (այսուհետ՝ ԻՔ) խմբակցության կազմը, և պարզել որ նեպոտիզմը, հայերեն ասած՝ խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը, իշխող ուժին նույնպես բնորոշ է։  ԻՔ շարքերում կան Նիկոլ Փաշինյանի բարեկամները և նրա ղեկավարած թերթի նախկին աշխատակիցները։ Բայց ի տարբերություն ԲՀԿ-ի քաղաքական առաջնորդի հետ անձնական կամ գործնական կապ ունի ԻՔ պատգամավորների ավելի փոքր մասը։  ԻՔ պատգամավորների զգալի մասը՝ շուրջ 11% (13 անձ) նախկինում կապված են եղել այլ քաղաքական ուժերի, այդ թվում՝ ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի հետ, իսկ հեղափոխությունից հետո միացել են «Իմ քայլին»։   Խնամի, ծանոթ, բարեկամ «Իմ քայլը» դաշինքի երեք պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ազգականներն են։ Այդպես, ԻՔ պատգամավոր է Փաշինյանի եղբոր որդին՝ Սիփան Փաշինյանը, ինչպես նաև նրա կնոջ եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը։ Պատգամավոր Վահե Ղալումյանը նույնպես անձնական կապ ունի վարչապետի ընտանիքի հետ։ Ղալումյանի եղբայրը՝ Հայկ Ղալումյանը, Փաշինյանի քավորն է և Իջևան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։  Բոլոր երեքը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են։   Գործնական կապեր Պատգամավոր Հայկ Գևորգյանը ավելի քան 20 տարի աշխատել է Փաշինյանների ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» (այսուհետ՝ ՀԺ) թերթում, նախ՝ որպես թղթակից, ապա որպես ՀԺ-ի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն։  Նույն պաշտոնը զբաղեցրել է նաև Վահագն Հովակիմյանը, ով «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն էր մինչև 2013-ը։ Հովակիմյանը եղել է նաև ՀԺ թղթակից, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական։  Պատգամավոր է դարձել նաև «Դարասկիզբ» ՍՊԸ տնօրենի տեղակալ Հակոբ Սիմիդյանը։ 2009-2012 թթ․ նա աշխատել է ՀԺ-ում, ապա եղել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականը։ Ի դեպ, ԱԺ կայքում տեղադրված պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ Սիմիդյանը պատգամավորի օգտնական է աշխատել, բայց որ այդ պատգամավորը հենց Փաշինյանն էր, բայց է թողնված։ Այժմ նա «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն է։  Անկուսակցական պատգամավոր Վահագն Թևոսյանը նույնպես աշխատել է ՀԺ-ում։ Իսկ նրա կինը՝ Լուսինե Բարսեղյանը, եղել է ՀԺ-ի խմբագիրը։ Ի դեպ, այժմ Լուսինե Բարսեղյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ռեֆերենտն է (այս պաշտոնը ենթադրում է տեղեկատվական-խորհրդատվական, վերլուծական աշխատանքներ)։   Գործադիրից՝ օրենսդիր Թավշյա հեղափոխությունից հետո պետական ծառայության անցած որոշ գործիչներ մի քանի ամիս անց թողեցին պաշտոնները՝ առաջադրվելով ԱԺ արտահերթ ընտրություններին։ Հայտնի է, որ պատգամավոր դարձան մի քանի նախարարներ, բայց այս շարքում կան նաև հենց Փաշինյանի աշխատակազմի ութ աշխատակիցներ։      Այդպես, պատգամավոր դարձան Փաշինյանի օգնականներից Արփինե Դավոյանը և Արեն Մկրտչյանը, ինչպես նաև օգնական Նաիրի Սարգսյանի եղբայրը՝ Հայկ Սարգսյանը։ Մանդատ ստացան նաև վարչապետի խորհրդականներ Նիկոլայ Բաղդասարյանը, Վարազդատ Կարապետյանը և Արտակ Մանուկյանը։  Նիկոլայ Բաղդասարյանը եղել է նաև ԵԼՔ դաշինքի պատգամավորի թեկնածու։ Նա փաստաբան է և պաշտպանում էր հեղափոխության ժամանակ ձերբակալված Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին։  Վարչապետի առաջին մամուլի քարտուղարը՝ Արման Եղոյանը, ինչպես նաև աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը նույնպես 2019-ի հունվարին ստանձնեցին ԱԺ պատգամավորի մանդատը։    ԲՀԿ, ՀՀԿ և ԼՀԿ նախկին անդամները հեղափոխությունից հետո միացան «Իմ քայլին» Չնայած որ «Իմ քայլը» հաճախ են մեղադրում քաղաքականության մեջ անփորձ լինելում, շատ պատգամավորների համար քաղաքական գործունեությունը բոլորովին նոր բան չէ՝ նրանք հասցրել են նույնիսկ կուսակցություն փոխել։    Այսպես, ԻՔ 13 անդամ մինչև հեղափոխությունը փոխկապակցված են եղել այլ քաղաքական ուժերի հետ։ 2018-ից հետո նրանցից 5-ը դարձան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, 7-ը մնացին անկուսակցական, և միայն մեկը ԻՔ դաշինքում ներկայացրեց այլ կուսակցություն՝ «Հզոր Հայրենիք»-ը։ Շարունակությունը՝ media.am-ում
16:21 - 26 օգոստոսի, 2020
ԲՀԿ-ի վեց տնտեսական մանիպուլյացիաները․ ինչու չեն իրագործվել Ծառուկյանի ծրագրերը

ԲՀԿ-ի վեց տնտեսական մանիպուլյացիաները․ ինչու չեն իրագործվել Ծառուկյանի ծրագրերը

ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հուլիսի 11-ին ֆեսբուքյան իր էջում հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ ներկայացվում են Գագիկ Ծառուկյանի այն նախաձեռնություններն ու ծրագրերը, որոնք կյանքի չեն կոչվել իշխանությունների «ապաշնորհ կառավարման պատճառով»: Տեսանյութում խոսվում է հետևալ ծրագերի, նախաձեռնությունների մասին․ Կեմպինսկի Լյուքս դասի հյուրանոց, որը կյանքի է կոչվում Քուվեյթի թագավորական ընտանիքի ներկայացուցիչ շեյխ Ահմադ Ալ-Ֆահադ Ալ-Սաբահի հետ համատեղ․ ներդրումների նախնական ծավալը ավելի քան 100 մլն դոլար էր: Աբովյանում կառուցվող բազմաբնակարան թաղամաս՝ երիտասարդների համար․ բնակարան էր ձեռք բերելու ավելի քան 2000 ընտանիք՝ վճարելով  ամսական ընդամենը 65․000 դրամ: Արսիլիցիումի գործարան․ ներդրումային ծրագիրն արժենալու էր մոտ 1 մլրդ դոլար, բացվելու էր մոտ 3000 աշխատատեղ: Եղվարդ քաղաքում «Արմօյլ» ընկերության գործարանի կառուցում: Բամբակի գործարան, որը աշխատատեղով պետք է ապահովեր 300-ից ավելի մարդու: 20 մլրդ վարկային ռեսուրս երկիր ներգրավելու նախաձեռնություն, որի միջոցով փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին վարկերը հասանելի էին դառնալու 1-1,5 տոկոսով։ Անդրադառնանք այս նախաձեռնություններից յուրաքանչյուրին՝ հասկանալու՝ ինչքանով է դրանց չիրագործումը ապաշնորհ կառավարման արդյունք: Կեմպինսկի լյուքս դասի հյուրանոց, որի աշխատանքները, ԲՀԿ-ականների պնդմամբ, «քաղաքապետարանի ստեղծած արհեստական խոչընդոտների պատճառով» կիսատ են մնացել 2011 թվականին, ըստ մամուլի հրապարակումների, Kempinski Hotel Group-ը Երևանում, ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում և չեխական Մարիենբադում 5-աստղանի հյուրանոցներ կառուցելու պայմանագիր էր կնքել: 2017-ին Աբովյան 5 հասցեում սկսվեցին հյուրանոցի շինարարական աշխատանքները: Իրականացվում էին «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող շինության քանդման աշխատանքներ՝ այս և հարակից տարածքներում հյուրանոցային համալիրը կառուցելու նպատակով: Դեռևս 2008-ին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի դեմ Աբովյան 5 հասցեում իրականացվող շինարարության հետ կապված հայց էր ներկայացվել դատարան։ Հայցվորը հարևան շենքի սեփականատեր Աննա Մարտիրոսյանն էր: Ըստ հայցի՝ շինարարական աշխատանքներն ընթացել էին խախտումներով, ինչի արդյունքում վնասվել էր իր շենքի սեյսմակայունությունը: Դատարանը վճռել էր դադարեցնել շինարարությունը՝ մինչև կառուցապատող ընկերությունը վերացնի խախտումները: Հյուրանոցի շինարարական աշխատանքները ընդհատումներով շարունակվել են նաև դրանից հետո:  2018 թվականի փետրվարին Մարտիրոսյանը մեկ այլ հայցով դիմել էր դատարան, որի արդյունքում նորից կասեցվել էր հյուրանոցի շինարարությունը: Հայցով «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ից պահանջվում էր Աբովյան փողոց 5 հասցեին կից տարածքները վերականգնել մինչ շինարարական աշխատանքների եղած դրությունը, շինարարությունն իրականացնել շինարարական նորմերի ու քաղաքաշինական նորմերի պահանջների համապատասխան` ապահովելով սեյսմիկ կարը։ 2018թ. փետրվարի 16-ին Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը տվել է շինարարության թույլտվություն, սակայն փետրվարի 19-ին դատարանը վարույթ է ընդունել «Մուլտի գրուպ» կոնցեռնի դեմ ներկայացված հայցը, որի արդյունքում կասեցվել են շինարարական աշխատանքները, և անվավեր են ճանաչվել 2017-ի դեկտեմբերին և 2018-ի փետրվարին Երևանի քաղաքապետարանի տված շինարարության թույլտվությունները: Շինարարական աշխատանքների ընթացքում «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերության գլխավոր տնօրենը չի պահպանել օրենսդրության համապատասխան պահանջները, և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունում 2018թ. ապրիլի 3-ին կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, հայտնաբերված իրավախախտման փաստով Երևանի քաղաքապետարանի (քաղաքապետ՝ Տարոն Մարգարյան)  նախաձեռնությամբ հարուցվել է վարչական վարույթ և 2018թ. մայիսի 2-ին կայացվել է որոշում՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենին ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին՝ նշանակելով վարչական տույժ՝ 200.000 ՀՀ դրամի չափով: Գլխավոր տնօրենը ծանուցվել է շինարարական աշխատանքները դադարեցնելու մասին, սակայն, անտեսելով այն, շարունակել է աշխատանքները: Նույն վարչական իրավախախտումը կրկին հայտնաբերելուց հետո՝ 2018թ. հունիսի 7-ին, կազմվել է ևս մեկ արձանագրություն, որի հիման վրա Երևանի քաղաքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2018թ. հունիսի 27-ին կրկին կայացվել է որոշում՝  ՍՊԸ գլխավոր տնօրենին ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին և նշանակվել է վարչական տույժ՝ 2.500.000 ՀՀ դրամի չափով: Քրեական գործով «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերության գլխավոր տնօրենին՝ Սեդրակ Առուստամյանին, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315.1-րդ հոդվածով՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու և դրա հետևանքները չվերացնելու, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելու և անօրինական կառույցները չքանդելու հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: 2020թ. ապրիլի 8-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն՝ եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ: Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև 2020թ. ապրիլի 14-ին՝ իր նկատմամբ կրկնակի վարչական տույժ նշանակվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, Երևան քաղաքի Աբովյան 5/1, 5/2, 5/5 հասցեներում շինության կառուցումը չդադարեցնելու և հիշյալ շինության կառուցումը շարունակելու մեղադրական եզրակացությամբ: Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակված է 2020թ. հուլիսի 24-ին, տեղեկանում ենք DataLex դատական տեղեկատվական համակարգից: Այսպիսով՝ տեսանյութում հնչած այն պնդումը, թե հյուրանոցի շինարարական աշխատանքները կիսատ են մնացել քաղաքապետարանի ստեղծած արհեստական խոչընդոտների պատճառով, անհիմն են, քանի որ դրա պատճառը հարուցված դատական գործերն են: «Երիտասարդական թաղամաս»՝ Աբովյանում Գագիկ Ծառուկյանը Աբովյան քաղաքի 55-ամյակի տոնակատարության ժամանակ Աբովյանի քաղաքացիներին խոստացել էր կառուցել նոր բնակելի թաղամաս՝ երիտասարդների համար: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին հայտարարությունից 1 ամիս անց, սակայն 2019թ. փետրվարին Կոտայքի մարզպետարանի իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնող աշխատանքային խումբն արձանագրել է Աբովյան քաղաքում ինքնակամ կառուցվող շենքերի հիմքերի իրականացման փաստ: Մեր հարցմանն ի պատասխան՝ Կոտայքի մարզպետարանից տեղեկացրին, որ Աբովյանի քաղաքապետին առաջարկվել է կասեցնել ապօրինի շինարարությունը և սահմանված կարգով օրինականացնել հետագա կառուցապատումը: 2019թ. ապրիլի 9-ին Աբովյանում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքները ուղարկվել են Կոտայքի մարզի դատախազին՝ դրանք քննության առարկա դարձնելու նպատակով: Հետագայում՝ 2019թ. հուլիսի 3-ին, համայնքի ղեկավարի ցուցաբերած անգործության հետևանքով և ՀՀ Կոտայքի մարզպետի ահազանգի հիման վրա ՀՀ քաղաքաշւնության, տեղնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն իրականացրել է տեսչական ստուգումներ, և դրանց արդյունքների հիման վրա 2019թ. հուլիսի 4-ին կազմվել է հողերի օգտագործման և պահպանման խախտումների վերաբերյալ թիվ 12 ակտը: Համայնքի ղեկավարը, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի դրույթների կիրառմամբ ինքնակամ կառուցապատում իրականացնող Մուլտի Գրուպ Կոնցեռնին Աբովյան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցի թ.թ. 6,7,8,9, 21 և 22 հասցեներում գտնվող սեփական հողամասերի վրա ինքնակամ շինություններ կառուցելու համար նշանակվել է 200․000 դրամ վարչական տուգանք: Նշված հասցեներին հարակից, համայնքային սեփականություն հանդիսացող ավելի քան 3,7 հա հողատարածքում իրականացված թվով 13 շենքերի ինքնակամ կառուցման համար նշանակվել է ևս 400․000 դրամ տուգանք: Տեսչական մարմինը արձանագրված խախտումների վերաբերյալ նյութերը ուղարկել է ՀՀ դատախազություն: Ըստ հարցման պատասխանի՝ ինքնակամ կառուցապատում իրականացնող ընկերությունը՝ Մուլտի Գրուպ Կոնցեռնը, շինարարությունը չի դադարեցրել, Աբովյանի քաղաքապետն էլ գործուն միջոցներ չի ձեռնարկել ինքնակամ շինարարությունը դադարեցնելու համար, այդ թվում՝ ընկերության վրա չի կիրառվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույթը՝ համաձայն որի՝ տուգանքները նշանակելուց հետո ինքնակամ շինարարությունը շարունակելը առաջացնում է տուգնաքի նշանակում՝ 2․500․000 դրամի չափով:  2019թ. օգոստոսին Կոտայքի մարզպետարանում կայացել է Երիտասարդական թաղամասի հարցի քննարկում, որին մասնակցել է նաև Աբովյանի քաղաքապետը: Քննարկման ադյունքում առաջարկվել է դադարեցնել շինարարությունը և մեկամսյա ժամկետում քայլեր իրականացնել՝ դրանց օրինականացման ուղղությամբ: 2019-ի սեպտեմբերին Աբովյանի քաղաքապետարանում Կոտայքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության, հողաշինության և հողօգտագործման բաժնի պետերի մասնակցությամբ կայացած քննարկման ընթացքում առաջարկվել է, որ Աբովյանի քաղաքապետին լիցենզավորված ընկերությունների ներգրավմամբ իրականացվեն չափագրման աշխատանքներ, որոնց արյունքում կօրինականացվի շինարարությունը: Հոկտեմբերին իրականացված տարածքի տեղազննության արդյունքում պարզվել է, որ շինարարական աշխատանքները լայն թափով շարունակում են ընթանալ: Նոյեմբերի 25-ին Աբովյանի քաղաքապետարանի և Կոտայքի մարզպետարանի աշխատակիցների համատեղ շրջայցի ընթացքում շինարարությունն արդեն դադարեցված է եղել: Համեմատելով նախորդ ստուգայցի ժամանակ արձանագրված տվյալները՝ պարզվել է, որ թիվ 10 շենքը ավելացել է ևս 2 հարկով, թիվ 11-ը և 13-ը 3-ից դարձել են 5 հարկ, իսկ թիվ 14-ը 6-ից դարձել է 9 հարկ: Այսպիսով՝ Երիտասարդական թաղամասի շինարարական աշխատանքները կիսատ են մնացել ոչ թե իշխանությունների ապաշնորհ կառավարման, այլ շինարարության ապօրինի լինելու պատճառով: Արսիլիցիումի գործարանի ներդրումային ծրագիր, որն, իբրև, կիսատ է մնացել՝ «արհեստական խոչընդոտների, բյուրոկրատական  քաշքշուկների» պատճառով  «Արսիլիցիում» ՍՊԸ-ն 2018 թվականին հիմնել են Գագիկ Ծառուկյանն ու Դավիթ Գևորգյանը:  Սիլիցիումը թթվածնից հետո բնության մեջ ամենատարածված քիմիական տարրն է Երկրի վրա: Բնության մեջ ազատ վիճակում չի հանդիպում. հանդիպում է գլխավորապես միացությունների մեջ, մասնավորապես՝ գրանիտի, բազալտի, քվարցի, կավի, ավազի: Սիլիցիումը օգտագործվում է ջերմաէլեկտրական, ռադիո-լուսատեխնիկական սարքեր, ուղղիչներ և փոխարկիչներ պատրաստելու համար։ Սիլիցիումի փոշուց ստանում են համաձուլվածքներ, սիլիցիդներ և սիլիցիումի կարբիդ։ Ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի դիմումի և Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանի առաջարկության հիման վրա ընդունվել է որոշում՝ Արարատ քաղաքային  համայնքի վարչական տարածքում գտնվող, «ԱՐՍԻԼԻՑԻՈՒՄ» ՍՊԸ-ի սեփականությունը  հանդիսացող  10,0 հա հողամասից 7,0 հա մակերեսով գյուղատնտեսական  նշանակության  արոտավայր  հողատեսքը՝ փոխել և դարձնել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս: Այստեղ կառուցվելու էր սիլիցիումի գործարան, սակայն, օրենքով սահմանված կարգով կազմակերպված առաջին հանրային լսումների ժամանակ կազմակերպիչների նախաձեռնությունը մերժվել է, ինչի պատճառով գործարանի կառուցման աշխատանքները կիսատ են մնացել: Արարատի բնակիչները նույնպես դեմ էին արտահայտվել իրենց քաղաքում սիլիցիումի գործարանի կառուցմանը: Մեր գրավոր հարցին՝ գործարանը ի՞նչ վնաս կարող էր հասցնել բնակչության առողջությանը, Շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանել է, որ գործարանի շահագործման և կառուցման նախագծային փաստաթղթերը չեն ներկայացվել նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: «Արմօյլ» գործարան, որն, ըստ տեսանյութի, «պատկան գերատեսչությունների հարուցած արհեստական խոչընդոտների պատճառով» չի հաջողվում գործարկել Ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին: Ըստ ընկերության կայքում տեղ գտած տվյալների՝ այն զբաղվելու էր նավթային հումքի, նավթամթերքի` ավտոյուղերի, դիզելային վառելիքի, բիտումի ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով:  2018 թվականի հուլիսի 10-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ «Արմօյլ» ՓԲԸ նկատմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել էր, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում նավթավերամշակման գործարանի շինարարությունը սկսելուց առաջ «Արմօյլ» ՓԲԸ-ն չի իրականացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի հիման վրա գործարանի հետագա կառուցմամբ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն, որի արդյունքում Տեսչական մարմնի՝ արդեն նախկին  ղեկավար Արթուր Գրիգորյանը հուլիսի 16-ին կայացրել էր նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու որոշում՝ մինչև ՇՄԱԳ-ը և փորձաքննության դրական որոշման ստացումը։ 2018 թվականի հուլիսի 14-ին և 18-ին ընկերությունը տեխնիկական փաստաթղթերը ներկայացրել էր բնապահպանության նախարարություն՝ ՇՄԱԳ-ի և փորձաքննության համար, սակայն ՇՄԱԳ փորձաքննության մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասին չհամապատասխանելու հիմնավորմամբ՝ փաստաթղթերը երկու անգամն էլ վերադարձվել էին լրակազմման: Սակայն ՇՄԱԳ փորձաքննության վերաբերյալ ընկերության դիրքորոշումն այս ընթացքում փոփոխվել էր: «Արմօյլ» ընկերության գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդիի կարծիքով՝ իրենց արտադրությունը ենթակա չէր փորձաքննության, քանի որ բիտում և քսայուղերի արտադրության մասով օրենքը ոչ մի փորձաքննություն չի նախատեսում: Բնապահպանության նախարարությունը «Արմօյլ» ընկերության արտադրությունը դասել էր նավթավերամշակման արդյունաբերության վառելիքայուղային ուղղվածության գործարանների շարքին և դրանով պայմանավորված՝ որոշել, որ այն ենթակա է փորձաքննության: Ընկերությունը, սակայն, հրաժարվում էր ՇՄԱԳ փորձաքննությունից:  Բացի սրանից՝ 2019 թվականի փետրվարի 5-ին «Արմօյլ» ընկերության դեմ հայցադիմում էր ներկայացրել ընկերության կառուցած նավթամթերքի վերամշակման գործարանի հարևանությամբ՝ Եղվարդի Նատի թաղամասում պտղատու այգիներ հիմնած և տարիներ շարունակ չրի արտադրությամբ զբաղվող «Ռիվալ» ընկերությունը և նրա հիմնադիր Ռաֆիկ Վիրաբյանը՝ սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջով: «Ռիվալ»-ի և Ռաֆիկ Վիրաբյանի հայցադիմումն ընդդեմ «Արմօյլ» ՓԲԸ-ի՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2019թ. փետրվարի 21-ին վարույթ էր ընդունել: Նույն օրը դիմումատուն հայցի ապահովման վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջով՝ որպես հայցի ապահովման միջոց, կիրառել անշարժ գույքի վրա արգելանքը, ցանկացած գործողություն իրականացնել արգելելը և շինաշխատանքների դադարեցում պարտավորեցնելը: Դատարանը բավարարել էր «Ռիվալ» ընկերության և Ռաֆիկ Վիրաբյանի միջնորդությունը, և դրա հիման վրա էլ ԴԱՀԿ-ն կատարողական վարույթ էր հարուցել և ընդունել նշված որոշումները: ԴԱՀԿ-ն արգելել էր «Արմօյլ»-ին նշված հասցեներում գտնվող տարածքներում իրականացնել ցանկացած տեսակի գործողություն:  2019թ. օգոստոսի 22-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունել 2019թ. հուլիսի 31-ին ներկայացված՝ «Ռիվալ» ՍՊԸ-ի և նրա հիմնադիր Ռաֆիկ Վիրաբյանի՝ վնաս պատճառող գործունեությունն արգելելու պահանջի մասին հայցադիմումն ընդդեմ «Արմօյլ» ՓԲԸ-ի: Շրջակա միջավայրի նախարարությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Քաղաքաշինության կոմիտեն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և Եղվարդ համայնքի ղեկավարը գործում ներգրավված են եղել որպես երրորդ անձինք:  2020թ. հունիսի 18-ին «Ռիվալ» ՍՊԸ և նրա հիմնադիր Ռաֆիկ Վիրաբյանը նորից հայցադիմում են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ «Արմօյլ» ՓԲԸ-ի դեմ՝ շինություններն ինքնակամ քանդելուն` ապամոնտաժելուն պարտավորեցնելու պահանջով: Գործում որպես երրորդ անձինք ներգրավված են եղել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և Քաղաքաշինության կոմիտեն: Հայցադիմումը վարույթ է ընդունվել 2020թ. հունիսի 8-ին: Հայցվորը նաև պատասխանողին որոշակի գործողություններ արգելելու վերաբերյալ հայցի ապահովում կիրառելու միջնորդություն է ներկայացրել, որը, սակայն, դատարանը մերժել է: Այսպիսով՝ պնդումը, թե «Արմօյլ» գործարանը պատկան գերատեսչությունների հարուցած արհեստական խոչընդոտների պատճառով չի հաջողվում գործարկել, սխալ է, քանի որ այն կապված է ընկերության՝ ՇՄԱԳ փորձաքննությունից հրաժարվելու, ինչպես նաև «Ռիվալ» ՍՊԸ-ի ներկայացրած հայցադիմումների հիմքով հարուցված դատական գործերի հետ: Բամբակի գործարանի մասին 2017 թվականին «Մուլտի գրուպ» կոնցեռնի և «Սաբբաղ գրուպ» ընկերության միջև կնքվել է ներդրումային պայմանագիր, որով նախատեսվում էր հետագա 5 տարիների ընթացքում Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ոլորտում ավելի քան 4 հազար աշխատատեղ ստեղծել: 2019-ի ապրիլին Երևանի Արգիշտի 9 հասցեում հիմնվել է «ԾԱՌՈՒԿՅԱՆ ՔՈԹԹՈՆ ՌՈԴ» ՍՊԸ-ն, որի հիմնական նպատակը տեքստիլի արտադրության ամբողջ ցիկլը (բամբակի մշակումից՝ մինչև արտադրանքի թողարկում) Հայաստանում իրականացնելն էր: Հիմնադիրներն են Գ. Ծառուկյանը (70 %), Գագիկ Խաչիկյանը (20 %), որը նաև ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է, Ամմար Սաբբաղը (5 %)՝ «Սաբբաղ գրուպ» ընկերության վարչական կազմի ղեկավարը, ու Ֆաուզի Ակֆալին (5 %): Ըստ հարկ վճարողների ռեգիստրի՝ Գագիկ Ծառուկյանի, Ամմար Սաբբաղի և Ֆաուզի Ակֆալիի մասնակցությունը դադարեցված է: Ընկերությունն Արաքս գետի ափին՝ Արմավիրի մարզի Արաքս և Հայկաշեն համայնքներում, հիմնել էր բամբակի դաշտեր: Հայկաշեն համայնքի կազմում գտնվող Գայ համայնքի բնակիչների սեփականությունը հանդիսացող հողերում ևս բամբակի սերմ էր ցանվել, որի մասին բնակիչները իմացել էին պատահաբար: Նրանց պնդմամբ՝ Հայկաշեն համայնքի ղեկավարը՝ Վարշամ Հովհաննիսյանը, առանց իրենց իմացության թույլատրել է իրենց սեփականություն հանդիսացող հողերում բամբակ ցանել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելու հատկանիշներով, որոնք ակնհայտորեն դուրս են եղել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց։ «ԾԱՌՈՒԿՅԱՆ ՔՈԹԹՈՆ ՌՈԴ» ՍՊԸ-ի հիմնադիր Գագիկ Խաչիկյանի առնչությամբ էլ պարզվել էր, որ նա անցյալ տարի ստեղծել էր «Ուզբեկ տեքստիլ գրուպը», աշխատանքի էր հրավիրել տաջիկների, որոնց մի մասին հետագայում հրաժարվել էր աշխատավարձ վճարել։ Տաջիկները բողոքի ակցիաներ անցկացրին, բարձրացած աղմուկից հետո վճարվեցին ու հեռացան Հայաստանից։ Պարզվել էր նաև, որ Խաչիկյանը Ծովազարդի տեքստիլի ֆաբրիկայի սեփականատերն է, որը չի կատարել խոշոր չափով վարկային պարտավորություններ։ Խաչիկյանը երկու անգամ մեղավոր է ճանաչվել փաստաթղթեր կեղծելու ու սահմանն ապօրինի հատելու համար։ Երկու անգամ էլ նույն գործողությունը կատարելու համար տուգանք է վճարել։ Հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Պետեկամուտների կոմիտեն հունիսի 24-ին «Ծառուկյան քոթթոն ռոդին» ծանուցել էր ավելի քան 4.8 միլիոն դրամ չկատարած հարկային պարտավորությունների մասին։ Բամբակի գործարանի աշխատանքների ձգձգման վերաբերյալ մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացրին, որ Արարատի մարզի Հայանիստ համայնքում բամբակի գործարանի կառուցման համար ՀՀ կառավարության աջակցություն նախատեսված չէ, և այն իրականացնում է մասնավոր ներդրողը: Իսկ ըստ նախնական տեղեկության՝ վերջին 5 ամիսների ընթացքում աշխատանքներ չեն տարվել՝ մասնավոր ընկերությունում առկա ֆինանսական խնդիրների պատճառով: 20 մլրդ դոլարի ներդրում, որը, ըստ ԲՀԿ-ականների, «իշխանությունների՝ բավարար կամք չցուցաբերելու պատճառով» կյանքի չկոչվեց Այս նեդրումային ծրագրի մասին խոսել էր նաև Գագիկ Ծառուկյանը՝ հունիսի 16-ին իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու միջնորդության քննարկման ժամանակ: Ելույթի ժամանակ Ծառուկյանը մեղադրել էր իշխանություններին՝ ներդրումային ծրագրերի նկատմամբ անտարբերություն ցուցաբերելու համար: Սակայն, իրականում, ներդրումային այս ծրագիրը չի իրականացվել, քանի որ դրա իրականացումը կհամարվեր հակաօրինական:  Հիշյալ ներդրումային ծրագրի համար ներդրողը պահանջել է պետական երաշխիք, որը համարվում է պետական պարտքի բաղկացուցիչ մաս: Ըստ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի՝ պետական պարտքը կառավարության պարտքի և Կենտրոնական բանկի պարտքի հանրագումարն է: Ներդրումները և զարգացման ծրագրերը համարվում են կառավարության պարտք:  Նույն օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կառավարության պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցության սահմանային շեմը պետք է լինի 60 տոկոս: Կառավարության պարտքը նախորդ տարվա վերջի դրությամբ կազմել է 6․8 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 49․9 տոկոսը։  Եթե կառավարությունն ընդուներ այս ծրագիրը, ապա տեղի կունենար Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված հարկաբյուջետային կանոնների խախտում, և կառավարության պարտքն էապես կգերազանցեր ինչպես օրենքով ամրագրված սահմանային շեմը, այնպես էլ՝ երկրի ՀՆԱ-ն (մոտ 2 անգամ)։ Այս մասին Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո գրել էր Fip.am-ը: Ըստ այդմ՝ տեսանյութում հնչած այն պնդումը, թե ներդրումային ծրագիրը չի իրականացել իշխանությունների՝ բավարար կամք չցուցաբերելու պատճառով, իրականությանը չի համապատասխանում: Այսպիսով, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի չիրագործված ներդրումային ծրագրերի վերաբերյալ 5 րոպե 47 վայրկյան տևողությամբ տեսանյութում առնվազն հինգ ապատեղեկատվություն և մանիպուլյացիոն պնդում կա։ Զարա Խաչատրյան
12:29 - 18 օգոստոսի, 2020
ԲՀԿ-ն արտակարգ դրությունը երկարաձգելու հիմք չի տեսնում |armenpress.am|

ԲՀԿ-ն արտակարգ դրությունը երկարաձգելու հիմք չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հիմք չի տեսնում: Այս մասին խորհրդարանի հատուկ նիստում ասաց խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: «Մենք գտնում ենք, որ արտակարգ դրությունը երկարացնելու որևէ հիմք չկա: Բնականաբար, «Բարգավաճ Հայաստան»-ը կողմ է քվեարկելու մեր գործընկերների («Լուսավոր Հայաստան» խմբակցության. թղթ. կողմ.) կողմից քիչ հետո ներկայացվելիք որոշման նախագծին՝ չերկարացնել արտակարգ դրությունը»,- ասաց Զոհրաբյանը: Խմբակցության անդամը նշեց, որ արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումների մեղմացումը հնարավոր կլիներ անել նաև Արտակարգ իրավիճակում բնակչության պաշտպանության մասին օրենքում որոշ փոփոխություններով, ինչը հնարավորություն կտար չերկարաձգելու արտակարգ դրությունը:
18:05 - 12 օգոստոսի, 2020
Գագիկ Ծառուկյանի պաշտպանները վճռաբեկ դատարան բողոք են ներկայացրել |24news.am|

Գագիկ Ծառուկյանի պաշտպանները վճռաբեկ դատարան բողոք են ներկայացրել |24news.am|

24news.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանները Վճռաբեկ դատարան բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Այս մասին ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Սմբատ Մինասյանը: Նա հայտեց, որ մեղադրանքի, կասկածի, քաղաքական հետապնդման հետ կապված մի շարք հարցեր կան, որոնց պատասխանները ստանալու համար են Վճռաբեկ դատարան դիմել։ «Վերաքննիչ դատարանը գործը չպետք է հետ ուղարկեր առաջին ատյանի դատարան։ Վերաքննիչ դատարանն ինքը պետք է որոշում կայացներ ու կամ բավարարեր մեր միջնորդությունը, կամ էլ դատախազության միջնորդությունը բավարարեր»,-ասաց պաշտպանը։ Հուլիսի 8-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկել նոր քննության: Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, պնդում է, որ իր նկատմամբ իրականցվում է քաղաքական հետապնդում ՝կառավարության հրաժարականը պահանջելու համար:
18:38 - 11 օգոստոսի, 2020
ՀՔԾ քննիչը չի արել ամբողջական վերլուծություն՝ սահմանադրական կարգի տապալման մասին հանցագործության հաղորդման վերաբերյալ. ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, «Հայրենիքը» բողոք կներկայացնեն Գլխավոր դատախազություն. Ա. Մինասյան |tert.am|

ՀՔԾ քննիչը չի արել ամբողջական վերլուծություն՝ սահմանադրական կարգի տապալման մասին հանցագործության հաղորդման վերաբերյալ. ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, «Հայրենիքը» բողոք կներկայացնեն Գլխավոր դատախազություն. Ա. Մինասյան |tert.am|

tert.am: ՀՔԾ պատասխանատու անձը չի իրականացրել անաչառ, բազմակողմ և ամբողջական վերլուծություն, չի ուսումնասիրել ներկայացված փաստարկները և եկել է մի եզրակացության, որով փաստել է, որ քրեական հանցագործություն թույլ չի տրվել: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՅԴ, ԲՀԿ, «Հայրենիք» կուսակցությունների՝ քրեական գործ հարուցելու մերժմանը: Նշված կուսակցությունները հունիսի 30-ին ՀՀ գլխավոր դատախազություն էին դիմել՝ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում և պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ: Մինասյանը նշեց, թե երեք ուժերով որոշել են Գլխավոր դատախազություն բողոք ներկայացնել՝ քրեական գործի հարուցումը մերժելու կապակցությամբ: «Ըստ էության, ավագ քննիչն իր եզրակացությամբ հաստատել է, որ ԱԺ-ի կողմից  սահմանադրական փոփոխությունների ընդունումը՝ առանց ՍԴ եզրակացության, օրինական է, ինչը ոչ միայն դուրս է գալիս քննիչի լիազորություններից, այլև ակնհայտորեն հակասում է թե՛ Սահմանադրությանը, թե՛ Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական տեսակետին»,-նշեց Մինասյանը: Նա նշեց, թե իրենց բողոքի հիմքում դրված է այն, որ կուսակցությունները հաղորդման մեջ մատնանշել էին մի շարք փաստեր, որոնցով ցույց էին տալիս, թե ինչպես է բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանակը իր հանցավոր մտադրությունը, այն է՝ ՍԴ լիազորությունների զավթելը փորձել իրականացնել: «Ավագ քննիչն այս փաստարկը չի դիտարկել իր ամբողջականության մեջ, ավելին՝ այն շղթան, որը կբացահայտեր հանցավոր այս մտադրությունը, մանրամասնություններով չի ուսումնասիրել, ինչը քննիչի  պարտականությունն էր»,-նշեց նա: Դրա փոխարեն, ըստ Մինասյանի, ավագ քննիչը վերցրել է բոլոր փաստարկումներից 1-2 դրվագ, դրանցով հղում տվել ինչ-որ անբացատրելի գործողության, և համարել է, որ այդ փաստարկը չի կարող պատճառ հանդիսանալ քրեական գործ հարուցելու համար: «Բողոքի երկրորդ հիմքն այն է, որ ՀՔԾ պատասխանատու անձը վերլուծել է Քրեական օրենսգրքի նշված հոդվածները և ներկայացրել է մեկնաբանություններ, որոնք խիստ սուբյեկտիվ են և համադրելի չեն այս հոդվածներով ներկայացվող հանցակազմերի օբյեկտիվ կողմերի հետ: Ավագ քննիչը, խեղաթյուրելով պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը, այն հանցավոր մտադրությունը, որի շրջանակում ձեռնարկվել են Սահմանադրության փոփոխությունները, և որով նպատակ է ունեցել հանցավոր խումբը հասցնելու իրենց մտադրություններին՝ զավթել ՍԴ-ն, արհեստականորեն հակադրել է պատգամավորի օրենսդրական նախաձեռնության իրավունքի հետ և ամրագրել է, որ դա նրանց իրավունքն էր, իսկ քանի որ պատգամավորն էլ օգտվում է անձեռնմխելիության իրավունքից, ուստի նրա նկատմամբ չի կարող հարուցվել քրեական գործ»,-ներկայացրեց Մինասյանը: Ավելին՝ tert.am-ում
13:07 - 07 օգոստոսի, 2020
ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցաքննվել է |hetq.am|

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցաքննվել է |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարուցված քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվել է: Այս մասին  հարցին ի պատասխան, թե արդյոք Սերգեյ Բագրատյանը որևէ քրեական գործում որևէ քրեադատավարական կարգավիճակ ունի՞, հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Թե ինչ գործի շրջանակներում է հարցաքննվել Սերգեյ Բագրատյանը և որ կառույցում է այն քննվում, Խաչատրյանը չպատասխանեց, միայն նշեց, որ նախաքննական տվյալների գաղտնիությունից ելնելով՝ ավելին չի կարող հայտնել: Երեկ` հուլիսի 23-ին, հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ և նույնանուն խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Այս լուրն անակնկալ էր խմբակցության պատգամավորների համար, խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, ապա պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, վստահեցրին, որ Սերգեյ Բագրատյանի հետ որևէ կոնֆլիկտ չի եղել և խորհրդարանի կայքից են իմացել նրա դիմումի մասին: Սերգեյ Բագրատյանի հետ կապ հաստատել չի հաջողվում:
14:10 - 24 հուլիսի, 2020
«ԲՀԿ»,«ՀՅԴ» եւ «Հայրենիք» կուսակցություններն առաջարկում են վերացնել հավաքների ազատության սահմանափակումը

«ԲՀԿ»,«ՀՅԴ» եւ «Հայրենիք» կուսակցություններն առաջարկում են վերացնել հավաքների ազատության սահմանափակումը

«ԲՀԿ»,«ՀՅԴ» եւ «Հայրենիք» կուսակցությունները հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Հաշվի առնելով այն իրողությունը, որ ՀՀ կառավարությունը երկարաձգում է արտակարգ դրության ռեժիմը եւս մեկ ամսով, որը պետք է քննարկվի Ազգային ժողովի նիստում, «Բարգավաճ Հայաստան»,«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» եւ «Հայրենիք» կուսակցությունների ստեղծած աշխատանքային խումբը մշակել է արտակարգ դրության ընթացքում հավաքների սահմանափակումները վերացնելու մասին Ազգային ժողովի որոշում, որը շրջանառության մեջ կդնի Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Աշխատանքային խումբն ԱԺ որոշման նախագծով քաղաքական իշխանությանը մասնավորապես առաջարկում է հրաժարվել հանրային քննադատներին լռեցնելու արատավոր փորձից, դադարեցնել անձանց հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքների իրացման անհիմն եւ տոտալ սահմանափակումը, փոխարենը սահմանել հավաքներ անցկացնելու կանոններ, ինչով հնարավոր կդառնա, առանց անձանց սահմանադրական իրավունքը խախտելու, կանխել վարակի հնարավոր տարածումը։ Առաջարկվում է սահմանել հավաքներ անցկացնելու կանոններ, ըստ որոնց՝ անձինք հավաքներ անցկացնելիս պարտավոր կլինեն միմյանցից պահպանել 1,5 մետր հեռավորություն եւ կրել դիմակներ։ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» եւ «Հայրենիք» կուսակցությունները քննարկում են քաղաքական իշխանության կողմից հիշյալ առաջարկությունները մերժելու դեպքում արտակարգ դրության անհիմն սահմանափակումները վարչական դատարանի միջոցով վերացնելու հարցը, որի շուրջ աշխատանքային խումբը պատրաստվում է քննարկումներ սկսել տնտեսվարողների, շահագրգիռ այլ ուժերի եւ անձանց հետ»։
15:56 - 13 հուլիսի, 2020