ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Մի խումբ ուսուցիչներ պատրաստվում են գիշերել նախարարության շենքի մոտ, եթե Անդրեասյանն իրենց չընդունի
 |factor.am|

Մի խումբ ուսուցիչներ պատրաստվում են գիշերել նախարարության շենքի մոտ, եթե Անդրեասյանն իրենց չընդունի |factor.am|

factor.am: Պարտադիր ատեստավորման շեմը չհաղթահարած և 2023-ի դեկտեմբերից աշխատանքից ազատված միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներն այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են հանդիպում նախարարի հետ, սակայն վերջինս չի ընդունում նրանց։  Հիշեցնենք՝ նախորդ բողոքի ակցիայի ժամանակ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել էր մի քանի ուսուցչի, նրանք իրենց առաջարկներն էին փոխանցել, և նախարարը խոստացել էր, որ կզբաղվի խնդրով։ Կրթության նախարարն ասել էր, որ ցանկացողներին պետությունը պատրաստ է աջակցել բարձրագույն կրթություն ստանալու հարցում, բացի այդ՝ աշխատանքը կորցրած ուսուցիչները կարող են դպրոցում այլ հաստիքի անցնել, որի համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ: Այդ հանդիպմանը նախարարը նաև պատրաստակամություն էր հայտնել լրացուցիչ քննարկել միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքների բողոքարկման հարցը` մեկ անգամ ևս մանրամասն դիտարկելով ավելի վաղ տրված պարզաբանումները: Սակայն մարզերից Երևան հասած և բողոքի ակցիա իրականացնող ուսուցիչները Factor TV-ի հետ զրույցում նշեցին, որ ազատ հաստիքներ չկան, բացի այդ, փոխնախարար Արաքսյա Սվաջյանն արդեն իսկ շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ։ Ուսուցիչները նշում են, որ ԿԳՄՍ նախարարության  շենքի մոտից չեն հեռանալու այնքան ժամանակ, քանի դեռ Ժաննա Անդրեասյանը չի ընդունել իրենց։ Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 
20:13 - 23 հունվարի, 2024
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ընդունել է ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության փորձագետներին

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ընդունել է ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության փորձագետներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի փորձագետների պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Այն Հայաստանում է Եվրոպայի խորհրդի քարտուղարության նախաձեռնած «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է պատվիրակության անդամներին՝ կարևորելով միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության առումով: Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է սովորողների կրթական կարիքների քարտեզագրումը և նրանց լիարժեք ինտեգրումը կրթական գործընթացում: Ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության ձեռնարկած քայլերն այս ուղղությամբ՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ շուրջ 17 հազար դպրոցահասակ սովորողներ ընդգրկվել են ՀՀ հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական ուսհաստատություններում իրենց կրթությունը շարունակում են 900, իսկ բուհերում՝ 1800 ուսանողներ: Ըստ փոխնախարարի՝ այս ուղղությամբ աշխատանքը շարունակական է: Հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ձևավորվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների տարբեր խնդիրներով միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի նպատակն է զարգացման գործընկերների հետ համատեղել ջանքերը՝ առավել արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով: «Մենք այժմ բարեփոխումների ակտիվ փուլում ենք, և համակարգային փոփոխությունների այս շրջանում մեզ հաջողվեց ճկուն մոտեցումներով ապահովել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության իրավունքը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ փոխնախարարը նշել է նաև, որ ԼՂ-ից բռնի տեղահանված բազմաթիվ ուսուցիչներ իրենց մասնագիտական գործունեությունը շարունակում են ՀՀ դպրոցներում: Այժմ մշակվում են նոր մոտեցումներ՝ մշակույթի և սպորտի ոլորտի մասնագետներին աշխատանքով ապահովելու նպատակով: ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի փորձագետները ներկայացրել են իրենց գործունեությունը և աջակցության հնարավորությունները: Հանդիպմանն անդրադարձ է արվել երկկողմ հետարքրքություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:
11:38 - 23 հունվարի, 2024
ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոխել «Հայոց պատմություն» առարկայի անվանումը |aysor.am|

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոխել «Հայոց պատմություն» առարկայի անվանումը |aysor.am|

aysor.am: Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն» անվամբ։ Նման նախագիծ է շրջանառվել Իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Ըստ հիմնավորման՝ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների շրջանակում հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները, իսկ ՀՊՉ 35-րդ կետում՝ որպես պարտադիր առարկա, ներկայացված է «Հայոց պատմություն» առարկան։  Նախարարությունում կարծում են, որ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելով «Հայաստանի պատմություն» անվամբ` վերանում է առկա անհամապատասխանությունը։ «Արդյունքում ավելի հստակ է դառնում առարկայի անվանումը, որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները»,- նշված է հիմնավորման մեջ։ Հիշեցնենք՝ հունվարի 13-ին այս մասին խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը. վերջինս հայտարարել էր.  «Վերջերս իմացա, որ մի խումբ մանկավարժներ կամ գիտնականներ, մասնագետներ դիմել են ԿԳՄՍՆ՝ առաջարկելով դպրոցներում դասավանդվող «Հայոց պատություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»։ Անկեղծ ասած, այս առաջարկն ինձ ցնցեց ուղղակի հետևյալ տրամաբանությամբ։ Ես ինքս ինձ մեղադրեցի, որ ես այս նրբությունը չեմ նկատել»։
15:56 - 22 հունվարի, 2024
ԿԳՄՍ նախարարությունը ամեն ամիս որոշելու է լավագույն տնօրենին, փոխտնօրենին, խմբակավարին, ուսուցչին

ԿԳՄՍ նախարարությունը ամեն ամիս որոշելու է լավագույն տնօրենին, փոխտնօրենին, խմբակավարին, ուսուցչին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկություն է տարածել: «Սիրելի տնօրեններ, փոխտնօրեններ, ուսուցիչներ, ամեն ամիս որոշելու ենք տվյալ ամսվա լավագույն տնօրենին, փոխտնօրենին, խմբակավարին, ուսումնական տվյալ բնագավառի լավագույն ուսուցչին՝ նոր չափորոշչի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքի ու այդ մասին պատմող ձեր ուղարկած հայտերի հիման վրա։ Ամեն ամսվա լավագույնը ճանաչված մասնակիցների ցանկը կհրապարակվի, նրանց կատարած աշխատանքն ու փորձը կտարածվի մյուս դպրոցների շրջանում։ Ապա ամեն ամսվա հաղթողները կմասնակցեն տվյալ անվանակարգում տարվա լավագույնը ճանաչվելու մրցույթին, կգնահատվեն հանձնաժողովի կողմից՝ արժանանալով դրամական պարգևների։   Արդեն սկսել ենք հունվար ամսվա համար հայտերի ընդունումը։ Մեկնաբանության մեջ կտեղադրեմ համապատասխան մանրամասներով հղումը»,- գրառման մեջ նշել է նախարարը։
21:24 - 18 հունվարի, 2024
Սունդուկյանի անվան թատրոնի շենքից էին վճարվում «Գոյի» կոմունալները եւ ամբողջապես անկախ եւ ինքնավար իրավիճակ չկար. Ժաննա Անդրեասյան

 |aravot.am|

Սունդուկյանի անվան թատրոնի շենքից էին վճարվում «Գոյի» կոմունալները եւ ամբողջապես անկախ եւ ինքնավար իրավիճակ չկար. Ժաննա Անդրեասյան |aravot.am|

aravot.am: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը «Գոյ» թատրոնի վերաբերյալ հարց ուղղեց ԿԳՄՍ նախարարին՝ ասելով, որ դերասանական կազմի հետ հանդիպում են ունեցել ու հակասություն է տեսնում նրանց խոսքերի եւ նախարարի հայտարարած նպատակների հետ կապված: Նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ վերակազմակերպում են իրականացնում. «Գոյ» թատրոնը իր խաղացանկով, իր ստեղծագործական ազատությամբ եւ ֆինանսավորմամբ ընդամենը գործում է Սունդուկյանի անվան թատրոնի հովանու ներքո: Սա այն պարզ ճշմարտությունն է, որ մենք փորձում ենք փոխանցել եւ անընդհատ հանդիպում ենք տարբեր մանիպուլյացիաների, որոնց հիմքն ու իմաստը, անկեղծ ասած, շատ հասկանալի չի: Որեւէ բան տեղի չի ունենում «Գոյ» թատրոնի հետ՝ որպես ստեղծագործական միավոր: Մենք խոսում ենք 2 ՊՈԱԿ-ների միավորման գործընթացի մասին, որոնք գործում էին մեկ շենքում: Սունդուկյանի անվան թատրոնի շենքից էին վճարվում «Գոյի» կոմունալները, եւ այդ իմաստով՝ ամբողջապես անկախ եւ ինքնավար իրավիճակ չկար: Այս պահին ունենում ենք մեկ միասնական ՊՈԱԿ, որի ներքո գործելու է «Գոյ» թատրոնը՝ որպես առանձին ստեղծագործական միավոր եւ ստանալու է հավելյալ հնարավորություններ, որովհետեւ Սունդուկյանի անվան թատրոնի բեմերը եւ տարածքները շատ ավելի են, կարծում եմ, դերասանական կազմն ու ռեժիսորը կարող են նոր մտահղացումներ ունենալ: Սա պիտի բերի միայն ստեղծագործական ազատության, նախաձեռնողականության եւ զարմանում եմ, որ դրանց անցնելու փոխարեն մենք հիմա զբաղված ենք ինչ-որ խոսակցություններով, որոնք կապ չունեն իրականացվող գործընթացի հետ»: Սիսակ Գաբրիելյանը ճշտեց՝ այսինքն, երբ ասում են՝ մենք ունենք լավ ներկայացումներ, խաղացանկ կարելի՞ է ասել, որ շարունակելու են այդ խաղացանկը նախարարության կողմից ֆինանսավորվել ու ստեղծագործական առումով չեն տուժելու, նաեւ լրացուցիչ Սունդուկյանի անվան թատրոնի բեմն էլ կարող է տրամադրվել իրենց՝ Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ այո. «Ցենզուրայի մասին խոսելը անմտություն է ու այստեղ որեւէ կերպ չի կարող նման բան լինել: Խաղացանկի հետ կապված նախարարությունը ընդհանրապես որեւէ որոշում չի կայացնում որեւէ թատրոնում»:
17:56 - 17 հունվարի, 2024
Սոցցանցերում ԿԳՄՍՆ-ի անունից ապատեղեկություն է տարածվում. նախարարությունը հորդորում է տուրք չտալ զեղծարարությանը

Սոցցանցերում ԿԳՄՍՆ-ի անունից ապատեղեկություն է տարածվում. նախարարությունը հորդորում է տուրք չտալ զեղծարարությանը

Սոցցանցերում ակտիվորեն տարածվում է հաղորդագրություն անձնական նամակի տեսքով իբրև ԿԳՄՍ նախարարությունը սովորողների շրջանում կազմակերպած ֆեյսբուքյան մրցույթների հաղթողներից պահանջում է բանկային քարտի տվյալներ, ինչը բացարձակ կեղծիք է և որևէ կապ չունի իրականության հետ: «Պաշտոնապես հայտարարում ենք, որ ԿԳՄՍ նախարարությունը մրցույթներում հաղթողների հետ որևէ կապ դեռևս չի հաստատել և հաստատելու դեպքում չի պահանջելու քարտային տվյալներ: Հիշեցնում ենք՝ յուրաքանչյուր օրվա մրցույթի հաղթողի անունը հրապարակվում է նախարարության ինստագրամի էջում /https://www.instagram.com/min.escs.arm/, որի հղումը դրվում է նաև ֆեյսբուքի էջում /https://www.facebook.com/minESCSarm/: Բացի նախարարության պաշտոնական էջերում հրապարակված հաղթողներից, այլ հաղթողներ չեն կարող լինել: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր հաղթողի հետ նախարարությունը կապ է հաստատում ուսումնական հաստատության միջոցով: Խնդրում ենք տուրք չտալ զեղծարարությանը և որևէ մեկին չտրամադրել ձեր անձնական տվյալները»,- ասված է հաղորդագրության մեջ:
17:54 - 17 հունվարի, 2024
30-ից ավելի ցուցադրություն, 2 հազարից ավելի նոր ցուցանմուշ. Հայաստանի պատմության թանգարանն ամփոփում է 2023-ը |armenpress.am|

30-ից ավելի ցուցադրություն, 2 հազարից ավելի նոր ցուցանմուշ. Հայաստանի պատմության թանգարանն ամփոփում է 2023-ը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի պատմության թանգարանի համար 2023 թվականը եղել է բավական հագեցած, արդյունավետ տարի։ Նախորդ տարի թանգարանը կարողացել է տարբեր ձևաչափերով Հայաստանի և արտերկրի հեղինակավոր թանգարաններում իրականացնել շուրջ երեք տասնյակ մշտական և ժամանակավոր ցուցադրություն, այդ թվում՝ առցանց տարբերակով, երկու միջազգային գիտաժողով և հինգ տասնյակից ավելի տարաբնույթ մշակութային միջոցառում։ Տարվա կտրվածքով թանգարանի այցելությունների թիվը կազմել է 78 000։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշեց, որ այս բոլոր աշխատանքները կատարվել են թանգարանում իրականացվող արդիականացման աշխատանքներին զուգահեռ։ «Նման ծավալի արդիականացման աշխատանքների պարագայում շատ հաճախ թանգարանները փակվում են և մինչև վերանորոգումն ամբողջությամբ չավարտվի՝ չեն բացվում։ Մենք նախընտրեցինք այլ ճանապարհ ու արդիականացման աշխատանքներին զուգահեռ շարունակեցինք մեր գործունեությունը, ծրագրերը ու լավ արդյունքներ գրանցեցինք»,-ասաց Դավիթ Պողոսյանը։ Տարին նշանակալի էր նաև թանգարանի հավաքածուի համալրման առումով։ 2023 թվականին թանգարանը ձեռք է բերել 2700 ցուցանմուշ ու արդեն թանգարանի հավաքածուն գերազանցել է գրանցված ցուցանմուշների 400 000 շեմը։ Ձեռք են բերվել հնագիտական, ազգագրական նյութեր, հնատիպ գրքեր, դրամագիտական արժեքավոր նյութեր և այլն։ «Բավական հետաքրքիր հավաքածուներ են ներկայացված թանգարանում, հատկապես դրամագիտական առումով։ 2023-ին առաջին անգամ մեծ ծավալի դրամագիտական ցուցահանդես ունեցանք։ Ունենք դրամի հավաքածու հելլենիստական, կիլիկիան շրջանից։ Կուզենայի առանձնացնել նաև բյուզանդական շրջանի դրամների մի ամբողջական հավաքածու, որը շատ կարևոր ձեռքբերում է»,-ասաց Դավիթ Պողոսյանը։          Թանգարանի ցուցանմուշների թիվն ավելանում է, հավաքածուները համալրվում են, սակայն դրանց պահպանության առումով դժվարություններ կան։ Դավիթ Պողոսյանը նշեց, որ պահպանության համար շատ կարևոր է լայնարձակ, անհրաժեշտ սարքավորումներով, վերականգնման լաբորատորիաներով զինված թանգարանային շենք ունենալը։ Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, մասնավորապես՝ 2023-ին ձեռք է բերվել փաստաթղթերի վերականգնման համալիր։ Թանգարանն ունի գեղանկարների մի հավաքածու, որի վերականգնման առումով էլ աշխատանք է տարվում ֆրանսիացի գործընկերների հետ։ «Այժմ թանգարանում բոլորովին նոր համակարգեր են անցկացվում, որը հնարավորություն կտա ապահովել կայուն, ջերմախոնավությունն ու օդափոխությունը կարգավորվող համակարգ։ Ինչպես գիտենք տարբեր նյութեր պահպանման տարբեր պայմաններ են պահանջում, հետևաբար այս նոր համակարգը հնարավորություն կտա ցուցանմուշների համար ապահովել համապատասխան միջավայր»,-ասաց թանգարանի տնօրենը՝ հավելելով, որ համակարգն արդեն փորձարկման փուլում է, գարնանը սպասվում է գործարկումը։
14:53 - 17 հունվարի, 2024
Կառավարությունն իրավունք ունի իր ստեղծած կառույցը՝ «Գոյ» թատրոնը, միավորելու, լուծարելու. Սունդուկյանի թատրոնի տնօրեն |news.am|

Կառավարությունն իրավունք ունի իր ստեղծած կառույցը՝ «Գոյ» թատրոնը, միավորելու, լուծարելու. Սունդուկյանի թատրոնի տնօրեն |news.am|

news.am: «Գոյ» թատրոնը պետական կարգավիճակ է ստացել 2010-ին, այսինքն թատրոնի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է, եւ նա իրավունք ունի իր հիմնադրած կառույցը վերակազմակերպելու, լուծարելու, վերամիավորելու: Այս մասին նշեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, մշակույթի վաստակավոր գործիչ Վարդան Մկրտչյանը: «Կառավարությունը որոշել է վերակազմակերպել՝ «Գոյ» թատրոնը միավորելով Սունդուկյանի անվան թատրոնին: Մենք պատրաստ ենք աշխատել մեր գործընկերների հետ, ստանձնել պարտավորություններ, լրացուցիչ ծանրաբեռնվածությամբ աշխատել եւ իրականում ամեն ինչ փորձել առավել լավը դարձնել: Վերջին տարիներին Սունդուկյանի անվան թատրոնի գործառույթները ապացուցում են, որ մենք էականորեն կարողացել ենք դրական փոփոխություններ անել թե շենքի, թե ենթակառուցվածքների, թե ֆինանսական մուտքերի, թե հյուրախաղերի, թե միջազգային համագործակցության ուղղություններով: Սա նշանակում է, որ նույնը պետք է պարտավորվենք իրականացնել «Գոյ» թատրոնի ուղղությամբ»,-ասաց նա: Հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում միասնական աշխատանքը, եթե «Գոյ» թատրոնի ներկայացուցիչները չեն ցանկանում աշխատել Սունդուկյանի անվան թատրոնի հետ, Մկրտչյանը պատասխանեց. «Հավանաբար, մեր գործընկերները որոշ բաներ չեն պատկերացնում, թե ինչպիսին պետք է լինի այդ համագործակցությունը: Դրա համար մենք պետք է երկար խոսենք, առանց լարվածության, առանց ատելության, բարեկամական, մասնագիտական մթնոլորտում: «Գոյ» թատրոնի բոլոր աշխատակիցները անխտիր, պահպանելու են իրենց հաստիքները՝ Սունդուկյան թատրոնի կառուցվածքում: Այդ կառուցվածքում տեղի է ունեցել փոփոխություն, ավելացել է «Գոյ» փորձարարական կենտրոն ստորաբաժանումը, որտեղ ներառված է «Գոյ»-ի ողջ անձնակազմը: Տեխնիկական անձնակազմից գնացել են Սունդուկյան թատրոնի այլ բաժիններ, ինչը տրամաբանական է: Նույնիսկ կարող եմ ասել, որ 90 տոկոսով այդ հաստիքների անվանումներն են պահպանված: Այսինքն «Գոյ»-ը շարունակելու է գործել «Գոյ» փորձարարական կենտրոն անվանումով, իր տարածքում, իրենց ցանկությամբ եւ ընդհանուր համաձայնությամբ կարող են նաեւ ներգրավվել այլ նախագծերում, բայց որևեւէ մեկին որեւէ բան չենք ստիպելու: Բնականաբար, իրենք ունենալու են այն նույն իրավունքները, որոնք ունեն Սունդուկյանի թատրոնի աշխտակիցները: Այո, դա լինելու է առանձին ստորաբաժանում: Նրանք պահպանելու են իրենց ստեղծագործական ազատությունը, շարունակելու են խաղալ իրենց խաղացանկը: Մենք անվերջ փորձելու ենք նոր ներկայացումներով դրանք համալրել»: Ինչ վերաբերում է նրան, որ «Գոյ» թատրոնի ներկայացուցիչները դիմել են դատարան, սակայն նխքան դատարանի վճիռը, արդեն ստորագրվել է միավորման ակտը, Վարդան  Մկրտչյանն ասաց. «Ես իրավաբան չեմ, բայց գիտեմ, որ մենք խոսում ենք պետական կարգավիճակ ունեցող թատրոնի մասին եւ հիմնադիրն իրավունք ունի որոշելու իր ստեղծած կառույցի հետագա կարգավիճակի փոփոխության հարցը: Սա բնական երեւույթ է: Ինչ վերաբերում է նրան, որ դատարան են դիմել, ես որքան տեղյակ եմ, «Գոյ» թատրոնի նոր նշանակված տնօրեն Կարեն Սիմոնյանը այդ դատական գործընթացը հետ չի կանչել, այն իր հունով գնում է: Բայց ես չեմ կարծում, որ դատի տալը հեռանկարային քայլ է»: Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միացվել է Սունդուկյանի անվան թատրոնին եւ գործելու է նրա կազմում: «Գոյ» թատրոնի տնօրենը կառավարության այդ որոշման դեմ դատական հայց է ներկայացրել, սակայն օրեր առաջ նրան ազատել են աշխատանքից եւ նշանակել նոր պաշտոնակատար: Ավելի մանրամասն` news.am- ում։ 
13:56 - 17 հունվարի, 2024
Փաշինյանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ներկա է գտնվել ավագ դպրոցի սովորողների հետազոտական աշխատանքների պաշտպանությանը

Փաշինյանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ներկա է գտնվել ավագ դպրոցի սովորողների հետազոտական աշխատանքների պաշտպանությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ներկա է գտնվել կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողների հետազոտական աշխատանքների պաշտպանությանը: Կրթահամալիրի ավագ դպրոց-հետազոտական վարժարանում սովորողի հետազոտական նախագիծը որոշված է հանրակրթության պետական չափորոշիչով, հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանով։ 2023-2024 ուսումնական տարվա հետազոտական աշխատանքների պաշտպանությունն սկսվել է 2024թ. հունվարի ճամբարում, շարունակվում է մինչև ուսումնական տարվա ավարտը (շաբաթական մեկ խումբ՝ ըստ սովորողների պատրաստության)։ Այսօր հետազոտական աշխատանքով ներկայացել էր սովորողների երկրորդ խումբը։ ՀՀ վարչապետը պաշտպանությանը ներկա էր նրանցից մեկի՝ 10-րդ դասարանում սովորող Դավիթ Մուրադյանի հրավերով։ Դավթի հետազոտական աշխատանքի թեման էր՝ «Ոչ վերբալ հաղորդակցությունը քաղաքականության մեջ»։ Այնուհետև իրենց հետազոտական աշխատանքներն են ներկայացրել նաև այլ աշակերտներ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել և նշել, որ նմանօրինակ հետազոտական աշխատանքները հետաքրքիր են: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրակրթության նոր չափորոշիչով արդեն պարտադիր պայման է դպրոցներում հետազոտական աշխատանքների իրականացումը որպես կրթական պրոցեսի մաս: «Այսօր համոզվեցինք, որ դա ճիշտ որոշում է և պետք է հետազոտական բաղադրիչը կարևորել: Ընդհանրապես կարծում ենք և դա կրթության ոլորտի մեր բարեփոխումների կարևորագույն սեգմենտն է, որ կրթությունը և հետազոտությունը սերտորեն փոխկապակցված են: Այն, ինչ լսեցինք և տեսանք՝ ակնհայտորեն օգտակար է: Նախ ինչո՞վ ենք մենք հետաքրքրված նման հանդիպումներով և քննարկումներով, որովհետև անընդհատ խոսում ենք, որ մեր կայացրած որոշումների հետևից պետք է գնանք և տեսնենք՝ դրանք ինչպես են արտահայտվում և գուցե լավարկելու, փոխելու անհրաժեշտություն ունենանք: Նաև դա է պատճառը, որ հետաքրքրված ենք նման լսարաններում ներկա գտնվելու հարցում»,- ասել է վարչապետը:
17:36 - 15 հունվարի, 2024
«Գոյ» թատրոնի անձնակազմը պատրաստվում է անվստահություն հայտնել նորանշանակ տնօրենին |armeniasputnik.am|

«Գոյ» թատրոնի անձնակազմը պատրաստվում է անվստահություն հայտնել նորանշանակ տնօրենին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: «Գոյ» թատրոնի անձնակազմը պատրաստվում է անվստահություն հայտնել թատրոնի նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանին, որպեսզի նա չկարողանա իրենց փոխարեն որոշումներ կայացնել։ Թատրոնի փաստաբան Կարո Ասատրյանը քիչ առաջ դուրս եկավ նախարարության շենքից ու ասաց, որ իրեն նախարարությունում Կարեն Սիմոնյանի ստորագրությամբ մի փաստաթուղթ են ներկայացրել, ըստ որի՝ իբր թատրոնը հրաժարվել է փաստաբանի ծառայություններից։ «Անվստահություն կհայտնենք, կպահանջենք հրաժարականը, որից հետո կստեղծվի խորհուրդ, որը կնշանակի փաստաբան՝ մեր փաստաբանին»,- լրագրողների հետ զրույցում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը։ Նա վստահեցրեց՝ հասնելու են մինչև Եվրոպական դատարան իրենց թատրոնը պահպանելու համար։ Թատրոնի անձնակազմը նաև պաշտոնական նամակներ է գրել ՀՀ-ում գործող բոլոր դեսպանատներին, խնդրանքով՝ օգնել իրենց այս հարցում։ Հիշեցնենք, որ այսօր առավոտից «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը հավաքվել էր ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում էին իրենց թատրոնը չլուծարել ու չմիացնել մեկ այլ թատրոնի հետ։
12:33 - 15 հունվարի, 2024
Կանչել են ստորագրելու, որ համաձայն են «Գոյ» և «Սունդուկյան» թատրոնների միավորմանը, պահանջում ենք մեր տունը չքանդել. բողոքի ակցիա ԿԳՄՍՆ-ի դիմաց |aysor.am|

Կանչել են ստորագրելու, որ համաձայն են «Գոյ» և «Սունդուկյան» թատրոնների միավորմանը, պահանջում ենք մեր տունը չքանդել. բողոքի ակցիա ԿԳՄՍՆ-ի դիմաց |aysor.am|

aysor.am: Գոյ թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ «Գոյ» և «Սունդուկյան» թատրոնների միավորումը չեղարկելու պահանջով։ «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խաղաղ քաղաքացիական հավաք են կազմակերպել, «Գոյ»-ի անձնակազամը հավաքվել է և պահանջում է «իրենց տունը չքանդել»։ «Պահանջում ենք մեր աշխատելու իրավունքը մեր ձեռքից չխլել, ազատությունը չխլել, մեզ, իրենց ասած, լավությունը չանել։ Իրենք առ այսօր ոչ մի բան չեն ստեղծել, զբաղված են միմիայն քանդելով, «Գոյ» թատրոնը հերթական քանդման առարկան է։ Մեր պահանջն է, որ կարողանանք ազատ ստեղծագործել հայրենիքում»,- ասաց նա։ Արթուր Սահակյանը նշեց, որ ԿԳՄՍՆ-ի կողմից նշանակված նոր տնօրենի պաշտոնակատարին, հաշվապահին և կադրերի պատասխանատուին կանչել են նախարարություն, որպեսզի ստորագրեն փաստաթուղթ, ըստ որի՝ համաձայն են միավորվելու։ «Մենք մեր ստորագրությունը դրել ենք դատարանի հայցի տակ»,- ասաց նա և նշեց, որ այսօր նաև երթով կգնան Վերաքննիչ դատարան, որ պահանջեն՝ անօրինական գործը կասեցվի։
11:20 - 15 հունվարի, 2024
2023-ի տարեվերջին 91 մարզիկ ստացել է 1 մլն դրամից ավելի միանվագ պարգևատրում

2023-ի տարեվերջին 91 մարզիկ ստացել է 1 մլն դրամից ավելի միանվագ պարգևատրում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են՝  2023 թ. սպորտի ոլորտում իրականացված աշխատանքներում առաջնային տեղ են գրավել  միջազգային մրցաշարերի կազմակերպումը, մասսայական սպորտի զարգացմանն ուղղված միջոցառումները և ենթակառուցվածքների բարելավումը: 2023 թվականին 35 մարզական ֆեդերացիաներին հատկացվել է 1 755 300 000 (մեկ միլիարդ յոթ հարյուր հիսունհինգ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ: Ֆեդերացիաներն անցկացրել են 98 ՀՀ առաջնություն, մասնակցել են 213 միջազգային մրցաշարերի, այդ թվում՝ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների, կազմակերպել են 169 ուսումնամարզական հավաքներ (տարբեր տարիքային խմբերով): Տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, համաշխարհային ունիվերսիադայում, եվրոպական, ԱՊՀ, Ֆրանկոֆոնյան խաղերում ՀՀ հավաքականների մարզիկները նվաճել են 445 մեդալ (որից 25-ը՝ կանայք), այդ թվում՝ 125 ոսկե, 127 արծաթե և 193 բրոնզե: «Փարիզ 2024» ամառային օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու նպատակով 2023 թվականին սպորտային նպաստ է ստացել 94 մարզիկ, 72 անձնական մարզիչ, 32 գլխավոր և ավագ մարզիչ, 13 բժիշկ և մերսող: ՀՀ կառավարության տարբեր ծրագրերով 2023 թ. 64 մարզիկ և մարզիչ ստանում են մինչև 500.000 դրամ, 24 մարզիկ և մարզիչ՝ 500.000-1 մլն դրամ, 2 մարզիկ՝ 1 մլն-ից ավելի ամսական նպաստ և անվանական թոշակ: 70 մարզիկ ստացել է տարեվերջյան մինչև 500.000 դրամ միանվագ պարգևատրում, 45 մարզիկ՝ մինչև 1 մլն դրամ, 91 մարզիկ՝ 1 մլն դրամից ավելի: Տարվա արդյունքներով ձեռքբերումների և նվաճումների համար 1 մարզիկ ստացել է ընդհանուր 18 մլն դրամ: 2023 թ. 10 լավագույն մարզիկները պարգևատրվել են՝ յուրաքանչյուրը 5 մլն դրամով: 2023 թվականին ամսական պատվովճար են ստացել տարբեր տարիներին բարձր արդյունքներ ցուցաբերած 79 մարզիկներ: Տարեվերջյան միանվագ պարգևատրում են ստացել 15 մարզաձևից 205 մարզիկ, նրանց մարզիչները և մեծահասակների հավաքականների բժիշկները: 2022 թվականին բարձր արդյունքներ ցուցաբերած ՀՀ հավաքականների 130 մարզիկներին, նրանց անձնական 112 և հավաքականների 40 մարզիչներին նշանակվել է անվանական թոշակ՝ 2023 թ. հունվարի 1-ից: ՀՀ-ում անցկացվել են 5 խոշոր մրցաշար. ապրիլի 15-23-ը ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել են 40 երկրի 600 մասնակիցներ (Հայաստանի հավաքականը նվաճել է 13 մեդալ՝ 4 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե). ապրիլի 23-ից մինչև մայիսի 4-ը բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել են 39 երկրի 350 մասնակիցներ (երիտասարդների Հայաստանի հավաքականը նվաճել է 13 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե). նոյեմբերի 10-12-ը սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են 71 երկրի 700 մասնակիցներ (Հայաստանի հավաքականը նվաճել է 10 մեդալ՝ 5 արծաթ, 5 բրոնզ). նոյեմբերի 12-ին՝ սպորտային պարերի աշխարհի երիտասարդների լատինամերիկյան առաջնությունը, որին մասնակցել են 33 երկրի 120 մասնակիցներ. նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 5-ն անցկացվել է բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են 52 երկրի 450 մասնակիցներ (Հայաստանի հավաքականը նվաճել է 10 մեդալ՝ 4 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե): ՀՀ Կառավարության որոշմամբ՝ 61 մարզական կազմակերպություններին հատկացվել է 29 անվանում մարզական գույք: Տարվա ընթացքում շարունակվել է Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցումը, ինչպես նաև ընթացքում են եղել Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի մարզական համալիրի կառուցման աշխատանքները: Ավարտվել է Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի վերանորոգումը, Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներն ավարտման փուլում են: Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024 թվականին: Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճներում իրականացվում են ուժեղացման աշխատանքներ: Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող 5 մարզական մասսայական միջոցառում՝ սիրողական խճուղային հեծանվավազքի, խճուղավազքի, լողի, սեղանի թենիսի, դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարերը, որոնց մասնակցել է 6496 մարդ: Իրականացվել են նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև բանակային խաղերը, այլ մարզական մասսայական միջոցառումներ: Ընդհանուր առմամբ նախարարության կողմից իրականացված մարզական մասսայական միջոցառումներին 2023 թվականին մասնակցել է 40228 մարդ:
18:41 - 12 հունվարի, 2024
8140 ընտանիք օգտվել է «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական ծրագրից

8140 ընտանիք օգտվել է «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական ծրագրից

2023թ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շահառու է դարձել 733 ընտանիք, որոնք պետական սուբսիդավորմամբ ձեռք են բերել բնակարան, որից 179-ը՝ Երևանից, 554-ը՝ մարզերից։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարության լրատվական բաժնից։ Ընդհանուր առմամբ 2010թ․-ի ծրագրի մեկնարկից ի վեր 8140 շահառու է ընդգրկվել բնակարանային աջակցության այս ծրագրում ։ Նախորդ տարվա դրությամբ շահառու է համարվել 6412 երիտասարդ ընտանիք (գործող վարկեր), որոնց համար 2023թ. պետական բյուջեից տրված փաստացի սուբսիդավորումը կազմել է շուրջ 1 մլրդ 816 մլն դրամ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գնահատմամբ՝ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրն երիտասարդության քաղաքականության ոլորտում իրականացվող ամենահաջողված նախաձեռնություններից է:  «Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ երիտասարդ ընտանիքներին և շահառու խմբերին լուծելու իրենց առաջնային խնդիրներից մեկը՝ կեցության հարցը, խթանել Հայաստանում դեմոգրաֆիական աճը, ապահովել մարզերում տարածքային համաչափ զարգացումը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը: Ըստ ԿԳՄՍ փոխնախարարի՝ ծրագրի շահառուներն են այն երիտասարդ ընտանիքները, որտեղ  ամուսինների տարիքների գումարը չի գերազանցում 70-ը, ինչպես նաև մինչև 35 տարեկան միայնակ ծնողները: «Հիպոթեքային վարկի տոկոսադրույքը առաջնային շուկայի դեպքում (անմիջապես կառուցապատողից)՝ առավելագույնը 7.5% է՝ առանց սուբսիդավորման, երկրորդային շուկայի դեպքում (ոչ անմիջապես կառուցապատողից)՝ առավելագույնը 9.5 %, որից պետությունը սուբսիդավորում է Երևանում 2 %, իսկ ՀՀ մարզերում` 4 %: Ծրագիրն ունի առավելագույն շեմ, առաջնային շուկայի համար` 30 մլն դրամ, երկրորդային շուկայում՝ 25 մլն դրամ»,- տեղեկացրել է Արթուր Մարտիրոսյանը: 2024 թ. պետական բյուջեից նպատակային ծրագրին կհատկացվի 2 մլրդ 64 մլն դրամ, և նախատեսվում է, որ 2024 թ. ծրագրին կմիանա 920 նոր շահառու: Ծրագիրն իրականացվում է «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ կողմից, որը համագործակցում է 15 բանկերի և 8 վարկային կազմակերպությունների հետ։ Ծրագրի իրավական հիմքը ՀՀ կառավարության 29.01.2010 թ. ««Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշումն է։
18:12 - 12 հունվարի, 2024
Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնակատար

Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնակատար

Լուսինե Ղարախանյանն այսօր նշանակվել է Երևանի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Այդ մասին ասված է նրա Ֆեյսբուքի էջում: «Գրականություն, իմաստասիրություն, արվեստագիտություն, մարդաբանություն կրող և փոխանցող Թումանյան։ Մանկության և պատանեկության տարիներին նա ինձ համար բարու ուղենիշ ու խորհրդանիշ էր։ Երիտասարդության տարիներին «կտրվեցի» նրանից։ Մտերմացել էի արևմտյան գրողներին ու ստեղծագործություններին։ Այսօր Թումանյանին մոտ գտնվելու, Թումանյան քարոզելու, Թումանյան կրելու, Թումանյանին նմանվելու և Թումանյանից դասեր քաղելու արժանապատիվ պայմաններ են ստեղծվել։ Բարեշրջության, խորքային մարդասիրության, ժողովուրդների հոգեբանությունն ու մարդկային իդեալը բացառապես հոգևոր մտակարգում դիտարկող Թումանյանի մեջ կսփոփեմ նաև Արցախի` իմ ցավը։ Անհունը կամրջող, համընդհանուր պատճառականությունից ու պայմանականություններից զերծ թումանյանականության մեջ կզգամ գեղեցիկի, բարու և ճշմարիտի հավաքական ներուժը, իսկ բանահյուսական կառուցակերտ ստեղծագործություններում և մշակումներում կնորոգեմ հավատս «ժողովուրդների ազնվացման», «բարոյական մեծության», «կատարելության սահմանի» և թումանյանական այլ արժեքների նկատմամբ։ Թումանյանի հետ հեշտ կլինի մանկություն վերադառնալն ու այն վերաարժևորելը, ցավի հետ ապրելն ու այն իմաստավորելը, կորցրածի հետ չհաշտվելն ու չհրաժարվելը... Գործել Թումանյանի թելադրանքով Թումանյանին լավագույնս ճանաչող, Ամենայն Հայոց բանաստեղծի ֆենոմենը սերունդներին փոխանցող թանգարանի կոլեկտիվի և ոլորտը համակարգող կառույցի հետ։ Շնորհակալ եմ Ժաննա Անդրեասյանին առաջարկի համար»,- գրել է Լուսինե Ղարախանյանը։ Հիշեցնենք, որ Լուսինե Ղարախանյանը զբաղեցրել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը։ 
17:36 - 11 հունվարի, 2024
Դասագրքերի փորձաքննության նոր կարգով խստացվել են առարկայական հանձնաժողովների ձևավորման պահանջները

Դասագրքերի փորձաքննության նոր կարգով խստացվել են առարկայական հանձնաժողովների ձևավորման պահանջները

2022-2023  ուսումնական տարում Հանրակրթության պետական նոր չափորոշչով ուսուցում իրականացնող դասարանների համար դասագրքերի ստեղծումն առաջին անգամ իրականացվել է մրցութային եղանակով՝ փորձաքննության իրականացման փուլերով: Այս մասին տեղեկացնում է Կրթության եւ գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունը։ Ստորեւ՝ մամուլի հաղորդագրությունն ամբողջությամբ։ «Ներդրված դասագրքաստեղծման նոր մոտեցումը բաց հնարավորություն է ստեղծել տարբեր հեղինակային խմբերի, այդ թվում՝ ուսուցիչների համար մասնակցելու դասագրքերի ստեղծման գործընթացին՝ բաց, թափանցիկ և մրցակցային հիմունքներով:  Հաշվի առնելով, որ դասագրքերի ստեղծումը նոր ընթացակարգով իրականացվում էր առաջին անգամ և կարգի կիրարկման, մասնավորապես մրցութային կարգով աշխատանքների կազմակերպման ընթացքում ի հայտ էին եկել որոշակի խնդիրներ,  մասնավորապես, ուսումնական նյութի գիտականությունը, հայերեն եզրույթների ճիշտ կիրառելիությունը ստուգելու առումով, և գործընթացի բարելավման ուղղությամբ փոփոխություններ են կատարվել հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման (լույսընծայման) և Հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգում, որն արդեն հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով:  Վերանայված կարգով  սահմանվել են նոր մոտեցումներ՝ յուրաքանչյուր փուլի համար նախատեսելով ուսումնական նյութի գնահատման  հստակ գործառույթներ:  Առաջին փուլում դասագրքերն անցնելու են մրցութային պահանջներին համապատասխանության գնահատման փուլ, որն իրականացնելու է դրամաշնորհային հանձնաժողովը: Սահմանված փաստաթղթերի ամբողջականության, դասագրքի ձևաչափին և ծավալին ներկայացված պահանջներին համապատասխանելու դեպքում ուսումնական նյութը ներկայացվում է փորձաքննության հաջորդ փուլ: Երկրորդ՝ գիտականության և չափորոշչին համապատասխանության գնահատման փուլում, առարկայական հանձնաժողովի մասնագիտական խմբի կողմից գնահատվում է ներկայացված ուսումնական նյութի բովանդակության համապատասխանությունը և կազմվում համապատասխանության վերաբերյալ եզրակացություն:  Ըստ անհրաժեշտության՝ հնարավորություն է ընձեռվում դիմելու այլ մասնագիտական կառույցների՝ գիտական համապատասխանության վերաբերյալ եզրակացություն տրամադրելու համար: «Համապատասխանում է» եզրակացության դեպքում ուսումնական նյութը ներկայացվում է փորձաքննության հաջորդ փուլ: Երրորդ՝ բովանդակային գնահատման փուլում, դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված ուսումնական նյութի բովանդակության և չափորոշչի մեթոդաբանությանը համապատասխանության գնահատումն իրականացվում է առարկայական հանձնաժողովի մասնագիտական խմբի կողմից՝ մշակված գնահատման սանդղակին համապատասխան։ Առարկայական հանձնաժողովներ Առարկայական հանձնաժողովները ձևավորվում են համապատասխան մասնագիտական որակավորում շնորհող բուհի ռեկտորի կամ համապատասխան ոլորտում գիտական գործունեություն իրականացնող պետական կառույցների ղեկավարի հրամանով, որոնք  ի պաշտոնե հանձնաժողովի ղեկավարն են:  Հանձնաժողովների անդամների թեկնածուների ընտրությունն իրականացվում է ըստ հետևյալ մասնագիտական ուղղությունների՝ տվյալ առարկայի 3-5 մասնագետ (ներգրավվում է առարկայական հանձնաժողովի մասնագիտական խմբի կազմում), մանկավարժ-մեթոդիստ (ներգրավվում է առարկայական հանձնաժողովի մեթոդական խմբի կազմում), մանկավարժ-հոգեբան (ներգրավվում է առարկայական հանձնաժողովի մեթոդական խմբի կազմում), հայոց լեզվի մասնագետ (բացառությամբ՝ օտար լեզուների առարկաների, որում կարող են ներգրավվել համապատասխան առարկայի մասնագետները) (ներգրավվում է առարկայական հանձնաժողովի մասնագիտական խմբի կազմում), նկարիչ-ձևավորող (ներգրավվում է դրամաշնորհային հանձնաժողովում՝ որպես փորձագետ), բժիշկ-հիգիենիստ (ներգրավվում է դրամաշնորհային հանձնաժողովում՝ որպես փորձագետ): Առարկայական հանձնաժողովում ընդգրկվում են տվյալ առարկայի ոլորտում առնվազն գիտական աստիճան ունեցող մասնագետներ՝ տվյալ ուղղությամբ կրթություն իրականացնող բուհերից, գիտական գործունեություն իրականացնող պետական կառույցներից: Հանձնաժողովում կարող են ընդգրկվել նաև տվյալ առարկայի մասնագետներ հանրակրթական ուսումնական հաստատություններից, որոնք ունեն տվյալ ոլորտում գիտական աստիճան: Թեկնածուն չի կարող լինել հանձնաժողովի անդամ, եթե դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված ուսումնական նյութի հեղինակ է, համահեղինակ, խմբագիր, խորհրդատու, թարգմանիչ, վերջիններիս հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) անձ, միևնույն առարկայի հավակնորդ այլ դասագրքի փորձագետ, հեղինակի ուսանող, ասպիրանտ կամ վերջինիս հետ ակադեմիական կապ ունեցող անձ  կամ որևէ այլ ձևով մասնակից է դասագրքի ստեղծմանը: Փորձաքննության բողոքարկում Բողոքների առկայության դեպքում իրականացվում է ուսումնական նյութերի գիտականության, Չափորոշչի համապատասխանության կամ բովանդակության կրկնակի փորձաքննություն:  Ինչպես առարկայական հանձնաժողովներում ընդգրկված, այնպես էլ կրկնակի փորձաքննություն իրականացնող փորձագետների անձը չի բացահայտվում:   
12:10 - 11 հունվարի, 2024