ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պետական մարմին է, որն իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն։

ՀՔԾ-ն ինքնուրույն պետական մարմին է և լիազորություններն իրականացնելիս անկախ է։ ՀՔԾ պետն է Սասուն Խաչատրյանը։ 

Դատախազությունը 268 տուժողից գործի քննության համար առանձնացրել է 102 հոգու, հնարավոր է՝ ընտրվել են նրանք, որոնք պատրաստ են ամբողջ բեռը բարդել Ռ. Քոչարյանի վրա. Հայկ Ալումյան |tert.am|

Դատախազությունը 268 տուժողից գործի քննության համար առանձնացրել է 102 հոգու, հնարավոր է՝ ընտրվել են նրանք, որոնք պատրաստ են ամբողջ բեռը բարդել Ռ. Քոչարյանի վրա. Հայկ Ալումյան |tert.am|

tert.am: Մենք դեռ նախանցյալ դատական նիստին միջնորդություն էինք ներկայացրել, որով պահանջել էինք այս գործով ընդհանրապես դադարեցնել տուժողներին, տուժողների իրավահաջորդներին դատարան հրավիրելը այդ կարգավիճակում և միջնորդել էինք, որ նրանց դատարան հրավիրեն վկայի կարգավիճակով, այն պարզ պատճառով, որ այս գործը, որը քննվում է դատարանում, չի վերաբերում ո՛չ սպանություններին, ո՛չ մարմնական վնասվածնքերին, ո՛չ էլ գույքային վնասին:Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով երեկ «Մարտի 1»-ի գործով տեղի ունեցած հերթական նիստին, որը, նրա գնահատմամբ, բավական լարված է անցել:«Այդ հիմնավորմամբ մենք միջնորդել էինք, որ դադարեցվի տվյալ անձանց մասնակցությունը այս գործին այդ կարգավիճակով և մասնակցեն վկայի կարգավիճակով, որովհետև իրենց տեղեկությունները գործի համար կարող են նշանակություն ունենալ: Դատարանն այդ միջնորդության քննությունն ընդհատեց այն պատճառով, որ պարոն Եգորյանը դատական նիստի երկրորդ մասին չէր ներկայացել, դատավարությունը հետաձգվեց, որովհետև դատարանը որոշեց, որ առանց Եգորյանի մասնակցության այդ հարցը չպետք է քննարկվի: Երեկ էլ պարոն Եգորյանը նորից չէր եկել: Եթե պարոն Եգորյանը պետք է չգար և դատարանը պարոն Եգորյանի չներկայանալը չպետք է համարեր խոչընդոտ այս հարցի լուծման համար, ապա այս հարցը պետք է լուծված լիներ դեռևս օգոստոսի սկզբերին»,- ասաց նա:Հայկ Ալումյանը մեկ այլ փաստարկ ևս նշեց, որը ներկայացրել են նաև դատարանին: ««Մարտի 1»–ի վերաբերյալ քննվող քրեական գործով, որը հիմա ՀՔԾ-ի վարույթում է, հենց այդ գործով են քննվում զոհերի վերաբերյալ հարցերը, հենց այդ գործով են քննվում մարմնական վնասվածք ստանալու հետ կապված հանգամանքները: Այս անձինք պետք է այն գործով ունենան այդ կարգավիճակը, և բոլորս պետք է հույս ունենանք, որ այդ գործով պետք է բացահայտվեն սպանություն կատարած անձինք, բացահայտվեն նրանց հրահանգ տված անձինք և բացահայտվեն բոլոր նրանք, ովքեր մարմնական վնասվածքներ են պատճառել տուժողներին, բայց ոչ այս գործով»,- ասաց նա:Փաստաբանի խոսքով՝ դատախազությունն էլ պատճառաբանում է, թե քանի որ բոլոր նրանք, ովքեր սկզբնապես հարուցված գործով ճանաչված են եղել տուժող, նրանք իրենց դատավարական կարգավիճակը պահպանում են այն գործից անջատված գործերով:«Այդ դեպքում մենք ասում ենք լավ՝ ինչո՞ւ եք 268 տուժողից ընդամենը 102 հոգուն առանձնացրել ու այս գործով նրանց ներգրավել որպես տուժող, 102 հոգուց էլ ընդամենը 6 հոգի են գալիս նիստին: Ո՞րն է այդ չափանիշը, որ 268 տուժող ճանաչված անձանցից ընտրել եք հենց 102-ին, միգուցե դուք հի՞մք եք ունեցել այն չափանիշը ընտրել նրանց, որոնք պատրաստ են «Մարտի 1»-ի իրադարձությունների ամբողջ մեղքը բարդել պարոն Քոչարյանի վրա՞, եթե ոչ, բացատրեք ձեր չափանիշը ընտրության»,- հայտարարեց նա:Հայկ Ալումյանն ասաց, որ այս հարցերն են բարձրաձայնել դատարանում, սակայն դատարանը ամբողջությամբ հանդես է գալիս մեղադրանքի կողմում: «Այսինքն՝ այնպիսի հստակ տպավորություն կա, որ դատախազները, մեղադրողները այս գործով քննարկվող հարցերի վերաբերյալ ունեն վետոյի իրավունք, այսինքն, եթե իրենք առարկում են որևիցե առաջարկի կամ միջնորդության դեմ, ապա իրենց այդ առարկությունը դատարանը դիտում է որպես վետո, որից հետո ինքն այլևս անընդունակ է որևէ այլ որոշում կայացնել, քան այն, ինչ նիստի ժամանակ արտահայտել են մեղադրողները, այսպիսի իրավիճակում է տեղի ունենում դատավարությունը»,- ասաց նա:Հայկ Ալումյանն իր ասածը հիմնավորեց այն փաստարկով, որ այս ամբողջ ընթացքում պաշտպանական կողմի ներկայացրած (այն էլ ոչ Քոչարյանի պաշտպանների կողմից) միակ միջնորդությունը, որ դատարանը բավարարել է, այն էր, որ Սեյրան Օհանյանին թույլատրվեց կարճ ժամանակով երկրից բացակայել՝ բժշկական ստուգումներ որոշակի միջոցառումներ անցնելու նպատակով: «Այլ որևէ միջնորդություն պաշտպանական կողմի, բացառությամբ 10 րոպե հայտարարվող ընդմիջումների, դատարանը մինչև այսօր չի բավարարել, որովհետև յուրաքանչյուր միջնորդությունից հետո դատախազներն առարկում են, և խնդիրն այն է, որ դատարանը դատախազների առարկությունն իր համար դիտում է որպես վետո»,- ասաց նա:Անդրադառնալով հարցին՝ զոհերի հարազատները և տուժողները դադարեցրել են իրենց մասնակցությունը նիստերին, դրանք համարելով ֆարս, նրանց բացակայության պայմաններում ի՞նչ ընթացք կստանա դատավարությունը, կշարունակվի՞ արդյոք նույն կերպով, Ալումյանը նշեց, որ դատավարությունն իրոք ֆարս է, բայց բոլորովին ոչ այն պատճառաբանությամբ, որ հիմա հայտարարում են այդ անձինք: Շարունակությունը՝ tert.am-ում
13:45 - 09 սեպտեմբերի, 2020
ԱԱԾ-ում երկու տարի շարունակ տեղեկատվության հոսք է եղել․ Սեդա Սաֆարյան |armtimes.com|

ԱԱԾ-ում երկու տարի շարունակ տեղեկատվության հոսք է եղել․ Սեդա Սաֆարյան |armtimes.com|

armtimes.com: Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի ունեցած տեղեկություններով՝ օպերատիվ տվյալների իրացման գործընթացքում երկու տարի շարունակ ԱԱԾ-ում տեղեկատվության հոսք է եղել, ինչը շատ բացասական է անդրադարձել Հատուկ քննչական ծառայության աշխատանքի վրա, որը զբաղվում է Մարտի 1-ի մայր գործի նախաքննությամբ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Սեդա Սաֆարյանն ասաց, որ փորձ է արվել պետական մակարդակով դա ուղղել, բայց որեւէ անձի փոփոխությունը դեռ կադրային փոփոխություն չէ․ ըստ նրա՝ այն օղակները, որ պետք է դրանով զբաղվեն, չեն ցանկանում զբաղվել, եւ բոլորին հայտնի է, թե ինչու․ «Եթե Վանեցյանն այսօր զբաղվում է քաղաքական ինտրիգներով, պատկերացնո՞ւմ եք այս երկու տարվա ընթացքում ՀՔԾ-ի հետ համագործակցելու նրա մեխանիզմը եւ ցանկության բացակայությունը, դրա արդյունքում տեղեկատվական արտահոսք եղել է, եւ կան սպանություններ, որոնք ներկա պահին բացահայտված չեն»։ Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ դրանց ուղղությամբ դեռ աշխատանքներ կտարվեն․ «Եթե փաստաբանին կամ մեկ ուրիշ՝ երրորդ անձի ասում են, որ այսինչն է սպանել, մենք կարողանում ենք դա իմանալ, ապա ես կարծում եմ, որ նորմալ օպերատիվ աշխատողներ ունենալու պարագայում հաստատապես դա բացահայտված կլիներ․ կա շրջանակ, որտեղ առկա է սպանություն կատարող անձը, սուբյեկտը, անգամ եթե մի քիչ ավելի նեղացնեն, ինքնությունը կարող են ակնհայտ պարզել»,- ասաց նա։ Սաֆարյանի խոսքով՝ դատաիրավական ռեֆորմը, առավել եւս՝ այս գործով պայմանավորված, չիրականացվեց, ինչի արդյունքում տուժեցին իրենք․ «Ինքը Ռոբերտ Քոչարյանն անգիր գիտի, թե որ խմբավորումներն են սպանությունների հեղինակները, ովքեր են կատարել, վստահ եմ՝ գիտի, թե ինչ դիպուկահարներ են օգտագործել, այնպես չէ, որ անգործության մատնվելու իր տեսակետը՝ իբր ինքը տեղյակ չէ, իր օգտին է խոսում»։ Մեկ ու կես տարվա դատավարությունը, ըստ Սաֆարյանի, իրենց եւ հանրությանն ապացուցեց, որ դատարանի դահլիճում տեղի չի ունենում դատավարություն, նրա խոսքով՝ տպավորություն է, որ մարդիկ լսարան են մտել ու ուզում են իրենց դասախոսությունները կարդալ։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:20 - 07 սեպտեմբերի, 2020
Ապօրինի ճանապարհով իրականացված ներկրումների հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 50 մլն ՀՀ դրամի վնաս. մեղադրանք է առաջադրվել 7 անձի, այդ թվում` ՊԵԿ պաշտոնյաների

Ապօրինի ճանապարհով իրականացված ներկրումների հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 50 մլն ՀՀ դրամի վնաս. մեղադրանք է առաջադրվել 7 անձի, այդ թվում` ՊԵԿ պաշտոնյաների

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են առանց հայտարարագրման և համապատասխան մաքսային ձևակերպումների մեծ քանակությամբ ավտոյուղերի` Վրաստանից ՀՀ տարածք ներկրման բազմակի դեպքեր, որոնց հետևանքով պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր` 53.911.257 ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2020թ. հունվարի 17‑ին վարորդներ Ա. Տ-ն և Ա. Ե.-ն, Վրաստանից ՀՀ տարածք ապրանքների անօրինական ներկրմամբ զբաղվող Տավուշի մարզի բնակիչ Լ. Ա.-ի հրահանգով, փաստացի վերջինիս պատկանող 1150 տարա յուղով բեռնված երկու բեռնատար ավտոմեքենաները տեղափոխել են ՀՀ ՊԵԿ Բագրատաշենի մաքսային կետի տարածք, որտեղ հերթափոխի պետ Վ. Ա.-ի և մաքսային տեսուչ Հ. Մ.-ի, ինչպես նաև կշեռքավար Տ. Ա.-ի հետ համաձայնեցված կարգով, կոնկրետ ժամի մոտեցել են ուղեփակոցին և նշված պաշտոնատար անձանց թողտվությամբ, ապրանքների վերաբերյալ մաքսային հայտարարագիր ներկայացված չլինելու պայմաններում, անարգել մուտք են գործել ՀՀ տարածք, ինչի հետևանքով բեռի սեփականատեր Լ. Ա.-ն ՀՀ պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 16.034.896 ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Ա.-ն և Հ. Մ.-ն, խմբային շահերից ելնելով և չարաշահելով պաշտոնեական դիրքը,  նման եղանակով պարբերաբար թույլ են տվել Լ. Ա.-ի բեռների հերթական խմբաքանակների ապօրինի ներկրումը ՀՀ տարածք: Այսպես` 2020թ. հունվարի 25‑ին, 29-ին և մարտի 1-ին վերը նշված պաշտոնատար անձինք առանց մաքսային հայտարարագրման և համապատասխան մաքսային ձևակերպումների թույլատրել են Բագրատաշենի մաքսակետով յուրաքանչյուր անգամ 680 տարա յուղի տեղափոխումը ՀՀ տարածք, որի հետևանքով բեռի սեփականատեր Լ. Ա.-ն ՀՀ պետական բյուջե չի վճարել ընդհանուր` 37.876.361 ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ: Քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև Լ. Ա.-ի կազմակերպմամբ ավտոյուղի ներկրման մեկ այլ դեպք: Մասնավորապես` պարզվել է, որ Է. Ա.-ն 2020թ. փետրվարի 14-ին առանց հայտարարագրման և համապատասխան մաքսային ձևակերպումների Բագրատաշենի մաքսակետով ՀՀ տարածք է տեղափոխել ավտոմեքենայի շարժիչի 680 տարա յուղ: 02.09.2020թ.-ին Է. Ա.-ն ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38‑205‑րդ հոդվածի 1‑ին մասի 2‑րդ կետով: Տ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38‑308‑րդ հոդվածի 1-ին և 2‑րդ մասերով, 38‑205‑րդ հոդվածի 1‑ին մասի 2‑րդ կետով և նույն հոդվածի 2‑րդ մասով, իսկ վարորդներ Ա. Տ.-ին և Ա. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205‑րդ հոդվածի 1‑ին մասի 2‑րդ կետով: Վ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308‑րդ հոդվածի 2‑րդ մասով, 308‑րդ հոդվածի 1‑ին մասով /3 դրվագ/, 38‑205‑րդ հոդվածի 2‑րդ մասով և 38‑205‑րդ հոդվածի 1‑ին մասի 2‑րդ կետով /3 դրվագ/, իսկ մաքսային տեսուչ Հ. Մ.-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 308‑րդ հոդվածի 2‑րդ մասով, 308‑րդ հոդվածի 1‑ին մասով /2 դրվագ/, 38‑205‑րդ հոդվածի 2‑րդ մասով և 38‑205‑րդ հոդվածի 1‑ին մասի 2‑րդ կետով /2 դրվագ/: Լ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205‑րդ հոդվածի 1‑ին մասի 2‑րդ կետով /3 դրվագ /և 205‑րդ հոդվածի 2‑րդ մասով: Հ. Մ.-ի և Լ. Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ` Լ. Ա.-ի կազմակերպմամբ ապօրինի ներկրումների բոլոր դեպքերը բացահայտելու, ինչպես նաև դրանցում ներգրավված անձանց ողջ շրջանակը, այդ թվում` հիշյալ դեպքերին ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հնարավոր մասնակցությունը պարզելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:32 - 04 սեպտեմբերի, 2020
Վահագն Աբգարյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի եւս երկու պաշտոնյայի |pastinfo.am|

Վահագն Աբգարյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի եւս երկու պաշտոնյայի |pastinfo.am|

pastinfo.am: Քրեական հեղինակություն համարվող Ալավերդցի Վահագի՝ Վահագն Աբգարյանի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նշված ՔԿՀ-ի եւս երկու աշխատակցի՝ հերթապահ խմբի պատասխանատու Հ. Ա.-ին և անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Զ. Պ.-ին։ ՀՔԾ-ից հայտնեցին, որ հերթապահ խմբի պատասխանատուին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 38-314-րդ հոդվածի 1-ին մասերով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու համար, իսկ անվտանգության ապահովման բաժնի մասնագետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Ավելի վաղ հայտնել ենք, որ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Սամվել Մկրտչյանը։ Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների կատարման մեջ, որ, 25.07.2019 թվականից մինչև 03.03.2020 թվականը զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և ՔԿՀ աշխատակիցներին դրդել պաշտոնեական կեղծիք կատարելուն:Դատարանը մերժել է Ս.Մկրտրչյանին կալանավորելու մասին միջնորդությունը։
14:32 - 03 սեպտեմբերի, 2020
Մեղադրանք է առաջադրվել Գալուստ Սահակյանի որդուն

Մեղադրանք է առաջադրվել Գալուստ Սահակյանի որդուն

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ԱԺ նախկին պատգամավոր Գալուստ Սահակյանի որդու՝ Տիգրան Սահակյանի կողմից խաբեության եղանակով գույքային վնաս պատճառելու, ինչպես նաև ապացույցները կեղծելու դեպքերի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2003թ. ՀՀ պետական գույքի կառավարման նախարարը, /վարչության պետ/ պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, Երևան քաղաքի Աբելյան փողոցում գտնվող «Աջափնյակ» ունիվերսամի շենքը գնահատված արժեքից էականորեն ցածր՝ ընդամենը 22.500.000 ՀՀ դրամով ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցրել է նախօրոք հայտնի գնորդ Տիգրան Սահակյանի օգտին, որից հետո վերջինս, վճարելով նշված գումարը, ձեռք է բերել նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը:    Նշված գույքի ձեռքբերումից հետո՝ 2003թ. հունիսի 26-ին,  Տիգրան Սահակյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով ունիվերսամի վերակառուցման, սպասարկման տարածքի ընդլայնման, ավտոկայանատեղերի կազմակերպման, բարեկարգման և կանաչապատման նպատակով լրացուցիչ տրամադրել մոտ 3600 քմ հողամաս և ճանաչել հողի սեփականության իրավունքը: Նշված դիմումի հիման վրա՝ 2003թ. սեպտեմբերի 11-ին Երևանի քաղաքապետի կողմից կայացված որոշման համաձայն՝  Երևան քաղաքի Աբելյան փողոցում գտնվող «Աջափնյակ» ունիվերսամի շենքի զբաղեցրած 7470 քմ մակերեսով  հողամասը և ևս 3880 քմ հողամաս՝ վարձակալական հիմունքներով և գնման նախապատվության իրավունքով, տրամադրվել են Տիգրան Սահակյանին: Վարձակալության պայմանագրերը կնքվել են 2004թ. փետրվարի 10-ին: ՀՀ կառավարության՝ 24.12.2003թ. թիվ 1746-Ն որոշմամբ սահմանված հողատարածքների կադաստրային արժեքներում նշված կարգավորումների համաձայն՝ Տիգրան Սահակյանի կողմից վարձակալած հողատարածքների կադաստրային արժեքը կազմել է ընդհանուր 51.347.400 ՀՀ դրամ, իսկ նախկին կարգավորումների համաձայն՝ նշված հողատարածքների կադաստրային արժեքը կազմել է 16.623.437 ՀՀ դրամ: Տիգրան Սահակյանը, խաբեությամբ  նշված տարածքները մինչ ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման ընդունման ժամանակ գործած սակագներով ձեռք բերելու նպատակով, քաղաքացիական գործով ապացույցներ կեղծելու դիտավորությամբ, իր ներկայացուցչի միջոցով հայցադիմում է ներկայացրել դատարան` պահանջելով պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին հողամասերը ուղղակի վաճառքի ձևով օտարել իրեն, և օտարման գին սահմանել մինչ ՀՀ կառավարության 24.12.2003թ. թիվ 1746-Ն որոշման ընդունումը գործած կադաստրային արժեքները: Որպես հայցադիմումում նշված փաստական տվյալների հիմնավորում՝ Տ. Սահակյանը դատարանին ներկայացրել է կեղծ ապացույցներ, այն է՝ 10.02.2004թ. կնքված պայմանագրերի փոխարեն ներկայացրել է 10.02.2003թ. կնքված կեղծ պայմանագրեր: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալը, պարտավոր լինելով օրենքով սահմանված կարգով ապահովել քաղաքապետարանի շահերի պաշտպանությունը դատարանում, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, Արման Գալուստի Սահակյանին օգտակար լինելու ձգտմամբ, հայցադիմումում նշված կեղծ փաստական տվյալների վերաբերյալ առարկություն չի ներկայացրել դատարանին, այլ նույն վարչության առաջին կարգի մասնագետի հետ պատասխանել են, որ հարցի գնահատումը և ըստ էության լուծումը թողնում են դատարանի հայեցողությանը, որի արդյունքում ակնհայտ կեղծ փաստական տվյալների հիման վրա՝ դատարանն ի օգուտ Արման Սահակյանի եղբոր՝ Տիգրան Սահակյանի, կայացրել է վճիռ: Նույն վարչության պետը, քաղաքապետարանում վարչության պետի պաշտոնում աշխատող Արման Գալուստի Սահակյանին օգտակար լինելու ձգտմամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, բողոք չի ներկայացրել վերաքննիչ դատարան՝ ակնհայտ կեղծ փաստական տվյալների հիման վրա՝ ի օգուտ վերջինիս եղբոր՝ Տիգրան Սահակյանի կայացված՝ դատարանի 2004թ. ապրիլի 9-ին կայացված վճռի դեմ։ Արդյունքում՝ պետությանը որպես հողամասի կադաստրային արժեք վճարման ենթակա 51.347.400 ՀՀ դրամի փոխարեն վճարվել է 16.623.437 ՀՀ դրամ՝ պետությանը պատճառելով 34.723.963 ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։    Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Տիգրան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 1-ին կետով և 349-րդ հոդվածի           (ապացույցները կեղծելը) 1-ին մասով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին և նրա տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով, իսկ նույն վարչության աշխատակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
20:30 - 01 սեպտեմբերի, 2020
Ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձինք

Ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձինք

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2‑րդ և 308-րդ հոդվածի 1‑ին մասերով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2‑րդ և 38-308-րդ հոդվածի 1‑ին մասերով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներ Վ. Ա.-ն, Հ. Մ.-ն և Ա. Տ.-ն: Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2020թ. հունվար‑փետրվար ամիսներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցրած Վ. Ա.-ն ու նույն բաժանմունքի մաքսային տեսուչի պաշտոնը զբաղեցրած Հ. Մ.-ն` բաժանմունքի կշեռքավարի օժանդակությամբ, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և չեն կատարել ծառայողական պարտականությունները, այն է՝ 2020թ. հունվարի 17‑ին 1150 տարա յուղով բեռնված բեռնատարների վարորդներին թույլատրել են հիշյալ բեռների վերաբերյալ մաքսային հայտարարագիր ներկայացված չլինելու պայմաններում Բագրատաշենի մաքսակետով մուտք գործել ՀՀ տարածք, որի հետևանքով բեռի սեփականատերը ՀՀ պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 16.034.356 ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ: Բացի այդ, ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների, մաքսային ծառայության վերը նշված պաշտոնատար անձինք 2020թ. հունվարի 25‑ին և 29-ին, ինչպես նաև 2020թ. մարտի 1-ին նույն եղանակով` առանց մաքսային հայտարարագրման, նշված մաքսակետով թույլատրել են յուրաքանչյուր անգամ 680 տարա յուղի տեղափոխումը ՀՀ տարածք, որի հետևանքով բեռի սեփականատերը ՀՀ պետական բյուջե չի վճարել ընդհանուր` 28.397.753 ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:20 - 31 օգոստոսի, 2020
ՀՔԾ-ն մանրամասներ է հայտնել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետին առնչվող քրեական գործի վերաբերյալ

ՀՔԾ-ն մանրամասներ է հայտնել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետին առնչվող քրեական գործի վերաբերյալ

Կալանավորված անձ Վահագն Աբգարյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Սամվել Մկրտչյանը: Մկրտչյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների կատարման մեջ, որ անձնական շահագրգռվածությունից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և ՔԿՀ աշխատակիցներին դրդել պաշտոնեական կեղծիք կատարելուն: Մասնավորապես՝ քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2020 թվականի փետրվարի 24-ին Ս. Մ.-ն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի` տվյալ օրվա հերթափոխային ծառայությունում ընդգրկված, հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ Հ. Ա.-ին հանձնարարել է Վահագն Աբգարյանին խցից ուղեկցել նույն ՔԿՀ-ի մեկ այլ մասնաշենքում գտնվող ընդունելությունների համար նախատեսված սենյակ՝ հիմնարկի դատապարտյալների հետ զրուցելու համար: Վահագն Աբգարյանին հիմնարկի պետի մոտ ուղեկցելու պատրվակով Վ. Աբգարյանը դուրս է բերվել իր խցից, Հ. Ա.-ի կողմից ուղեկցվել է հիմնարկի` ընդունելությունների համար նախատեսված սենյակ, որտեղ այդ պահին նրան արդեն իսկ սպասող դատապարտյալները վիճաբանել են նրա հետ և հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք: Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև, որ Վահագն Աբգարյանի կողմից մարմնական վնասվածք ստանալու իրական դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով`  ՔԿՀ պետ Մկրտչյանը Հ. Ա.-ին և հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Զ. Պ.-ին դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք, այն է՝ հանձնարարել է կազմել իրեն հասցեագրված զեկուցագիր առ այն, թե իբր Վահագն Աբգարյանն իր խցի սանհանգույցից դուրս գալուց հետո սայթաքել և վայր է ընկել, ինչի հետևանքով էլ ստացել է մարմնական վնասվածք: Արդյունքում Զ. Պ.-ն Հ. Ա.-ի օժանդակությամբ կազմել է իրականությանը չհամապատասխանող` վերը նշված բովանդակությամբ կեղծ զեկուցագիրը:  Քրեական գործով նախաքննությունը  շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:12 - 31 օգոստոսի, 2020
Վահագն Աբգարյանին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ պատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ

Վահագն Աբգարյանին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ պատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ

Քրեական գործով մեղադրյալ Վահագն Աբգարյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հետագա ընթացքը լուծելու։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Ըստ գլխավոր դատախազի խորհրդականի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի 2020 թվականի մարտի 5-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:«Կատարված նախաքննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օրվա հերթափոխում ընդգրկված ծառայողները, խախտելով «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պահանջները, 2020 թվականի փետրվարի 24-ին չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչն էական վնաս է պատճառել «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորված անձ Վ. Աբգարյանի իրավունքներին և օրինական շահերին: Մասնավորապես՝ 2020թ. փետրվարի 24-ի երեկոյան քրեակատարողական հիմնարկի համապատասխան ծառայողները Վ. Աբգարյանին հիմնարկի պետի մոտ ուղեկցելու պատրվակով դուրս են բերել իր խցից և ուղեկցել մեկ այլ խուց, որտեղ գտնվող դատապարտյալները վիճաբանել են նրա հետ և հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ պարունակող, ինչպես նաև առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:2020 թվականի օգոստոսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել են քրեակատարողական ծառայության երկու աշխատակից»,- գրել է Աբրահամյանը: Գլխավոր դատախազը հայտնում է, որ պատշաճ դատախազական հսկողության պայմաններում իրականացվում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննություն՝ դեպքին այլ պաշտոնատար անձանց հնարավոր առնչությունը պարզելու նպատակով։
15:58 - 27 օգոստոսի, 2020
Բացահայտվել են ՃՈ պաշտոնատար անձի ապօրինի գործողությունները․ մեղադրանք է առաջադրվել 15 անձի

Բացահայտվել են ՃՈ պաշտոնատար անձի ապօրինի գործողությունները․ մեղադրանք է առաջադրվել 15 անձի

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են վարորդական վկայականներ տրամադրելու դիմաց կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառք տալու, կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառքի միջնորդության դեպքեր: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա մեղադրանք է առաջադրվել 15 անձանց, այդ թվում` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա. Գրիգորյանին: Մասնավորապես` քրեական գործով պարզվել է, որ 2020 թվականի փետրվարին ՃՈ տեսուչ Ա. Գրիգորյանը պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմ, Գյումրի քաղաքի բնակիչ Ս. Գրիգորյանի հետ` կաշառքի դիմաց քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու համար իրեն օժանդակելու հարցում: Ս. Գրիգորյանն իր ծանոթներին և այլ անձանց տեղեկացրել է կաշառքի դիմաց վարորդական վկայական ստանալու հնարավորության մասին, որից հետո Շիրակի մարզի մի խումբ բնակիչներ անձամբ կամ միջնորդավորված կերպով, այդ թվում` Անիի ավտոդպրոցի տնօրեն Դ. Դարբինյանի միջոցով, 2020 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում, կաշառքի դիմաց վարորդական վկայական ստանալու համար դիմել են Ս. Գրիգորյանին, ով նրանցից ստացել է ընդհանուր 1.920.000 ՀՀ դրամ, որից 1.020.000 ՀՀ դրամը փոխանցել է ՃՈ տեսուչ Ա. Գրիգորյանին: Վերջինս, ստանալով կաշառքի գումարները, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է` խախտելով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգը` պատշաճ չի ստուգել վարորդական վկայականի համար դիմած քաղաքացիների` ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական վարման հմտությունները,հուշել է թեստի հարցերի ճիշտ պատասխանները, իսկ տեսական և գործնական քննություններ ընդունելու մասին արձանագրություններում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր նշված քաղաքացիները հանձնել են տեսական քննությունն ու ճիշտ են պատասխանել քննական հարցերին: Այսպիսով, Ա. Գրիգորյանի գործողությունների հետևանքով, ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ չունեցող անձինք կաշառքի դիմաց ստացել են «B»,  «B, C» կարգերի վարորդական վկայականներ: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ՃՈ տեսուչ Ա. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով /6 դրվագ/, 311-րդ հոդվածի 2-րդ մասով /6 դրվագ/ և 314-րդ հոդվածի 1-ին մասով/6 դրվագ/: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:  Ս. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով /6 դրվագ/, 38-34-311-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Կաշառքի միջնորդության, կաշառք տալու, պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու, ինչպես նաև կաշառք տալու միջնորդության և կաշառք տալու փորձի համար ևս 13 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 34-313-րդ հոդվածի 1-ին մասով և 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով: Վարույթն իրականացնող մարմինը, Ս. Գրիգորյանի և մնացած անձանց վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար համարելով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, այդ մասին հայտնել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին՝ վերջիններիս տրամադրելով քրեական գործի նյութերը ծանոթանալու համար: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:44 - 27 օգոստոսի, 2020
Միքայել Հարությունյանի ՌԴ քաղաքացի դառնալու հանգամանքները քննվում են Մարտի 1-ի գործի շրջանակում |azatutyun.am|

Միքայել Հարությունյանի ՌԴ քաղաքացի դառնալու հանգամանքները քննվում են Մարտի 1-ի գործի շրջանակում |azatutyun.am|

azatutyun.am: Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալներից Միքայել Հարությունյանի՝ Ռուսաստանի քաղաքացի դառնալու հանգամանքները քննվում են Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) հարուցված Մարտի 1-ի գործի շրջանակում։ Հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ «Հարությունյանի կողմից այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու, ինչպես նաև այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ զինված ուժերում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելու հանգամանքները, իրավաչափությունը քննության առարկա են դարձվել Մարտի 1-ի գործի քննության շրջանակներում»։ Նախաքննության տվյալների գաղտնիության սկզբունքից ելնելով՝ Գլխավոր դատախազությունն այլ մանրամասներ չի հաղորդում։ Անցած շաբաթավերջին ՀՔԾ-ից հայտնեցին, որ Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է և 2002 թվականին ստացել է ՌԴ անձնագիր: Գեներալ-գնդապետ Հարությունյանն արդեն շուրջ երկու տարի Մարտի 1-ի գործով հետախուզման մեջ է որպես առանցքային մեղադրյալ։ Հայտնի է, որ նա գտնվում է Ռուսաստանում, իսկ ամիսներ առաջ այս երկիրը հրաժարվել է Միքայել Հարությունյանին արտահանձնել Հայաստան՝ հենց ՌԴ քաղաքացի լինելու պատճառաբանությամբ։
13:16 - 19 օգոստոսի, 2020
Ապօրինի անտառահատման դեպքերը կոծկելու դիմաց ոստիկանության պաշտոնյան կաշառք է ստացել․ ՀՔԾ

Ապօրինի անտառահատման դեպքերը կոծկելու դիմաց ոստիկանության պաշտոնյան կաշառք է ստացել․ ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հայտնում է` հիմնավորվել է, որ Լոռու մարզում ապօրինի ծառահատման դեպքերին ընթացք չտալու և դրանք կոծկելու դիմաց ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ա. Դ.-ն ապօրինի ծառահատում իրականացրած բնակիչներից ստացել է կաշառք և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, իսկ ոստիկանին կաշառք տված քաղաքացիներից մեկն էլ կատարել է սուտ մատնություն: Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության` Լոռու մարզի բնակիչ Հ. Հ.-ն, տեղեկանալով, որ իր կողմից 2019 թվականի նոյեմբերին մոտ մեկ խորանարդ մետր հաճարի և բոխու փայտանյութի ապօրինի հատման դեպքի առթիվ Գուգարքի բաժնում նյութեր են նախապատրաստվում, այդ մասին հայտնել է ընկերոջը՝ Ա. Ս.-ին: Վերջինս Հ. Հ.-ին օգնելու համար հանդիպել է այդ բաժնի պաշտոնատար անձանց, այդ թվում` ավագ տեսուչ Ա. Դ.-ի հետ: Ոստիկանության ավագ տեսուչը, իր ծանոթ Ա. Ս.-ի մտերիմ Հ. Հ.-ին օգնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, նյութերի նախապատրաստման ընթացքում խեղաթյուրել է դեպքի իրական հանգամանքները. ձևական բնույթ կրող զննություն է կատարել այլ վայրում, որտեղ Հ. Հ.-ն իրականում ծառահատում չի իրականացրել, թաքցրել է վերջինիս կողմից հաճարի փայտանյութ ապօրինի հատելու հանգամանքը և որոշում կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Ա. Դ.-ի` վերը նշված ապօրինի գործողությունների հետևանքով նվազեցվել է բնությանը պատճառված վնասը: Այնուհետև Ա. Ս.-ն Հ. Հ.-ին դրդել է կաշառք տալ Ա. Դ.-ին, ով Վանաձորում նրանից անձամբ ստացել է կաշառքի գումարը։ Բացի այդ, Ա. Դ.-ն Լոռու մարզի մեկ այլ բնակչի` Ա. Ս.-ի՝ ապօրինի հատված փայտանյութով բեռնված ավտոմեքենան կանգնեցնելուց հետո դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, Ա. Ս.-ի կողմից ապօրինի ծառահատում իրականացնելու դեպքին օրինական ընթացք չտալու և վերջինիս օրենքով սահմանված պատասխանատվությունից ազատելու համար նրանից անձամբ պահանջել և ստացել է կաշառք: Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ա. Ս.-ն կատարել է սուտ մատնություն` ոստիկաններին հանիրավի մեղադրելով խոշտանգում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Ոստիկանության ավագ տեսուչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին) և 311-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար): Հ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել 312-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձին կաշառք տալը, այսինքն՝ պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝ իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար), կաշառք տալուն դրդած Ա. Ս.-ին` 38-312-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Լոռու մարզի բնակիչ Ա. Ս.-ին` 312-րդ հոդվածի 1-ին մասով և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով): Չորս մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
14:10 - 14 օգոստոսի, 2020
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը ստորագրությամբ ազատ է արձակվել |hetq.am|

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը ստորագրությամբ ազատ է արձակվել |hetq.am|

hetq.am: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն  անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Այս մասին ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը` նշելով, որ Նիկոլայ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Օհանջանյանը նաև հաստատեց տեղեկությունն այն մասին, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին անդամ Շիրազ Կիրակոսյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։ Մինչև այս պահը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՔԾ-ն հայտնել է 4 մեղադրյալի մասին։ Վերը նշված անձանցից բացի՝ մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանն ու նախկին անդամ Մուշեղ Կոշեցյանը։ Վերջինս մեղադրյալներից միակն է, ով այս պահին կալանքի տակ է։ Ինչպես տեղեկացրել է Հատուկ քննչական ծառայությունը,  քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի վերը նշված անդամների գործողությունների պատճառով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019 թվականների ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար:
17:53 - 10 օգոստոսի, 2020