Կենտրոնական բանկ - ԿԲ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պետական անկախ կառավարման կառույց է, որի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում գների կայունության ապահովումն է։ Կենտրոնական բանկի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։

Կենտրոնական բանկն իր գործունեությունը իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ինչպես ԿԲ խնդիրների նպատակադրման, այնպես էլ այդ խնդիրներին հասնելու գործիքակազմի ընտրության մեջ։ Կենտրոնական բանկը կառավարվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից, խորհրդի հինգ անդամներից։

Վարկավորման տեմպերը բարձր են ԿԲ ակնկալիքներից |armenpress.am|

Վարկավորման տեմպերը բարձր են ԿԲ ակնկալիքներից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2021-ի առաջին եռամսյակի արդյունքներով վարկավորման տեմպերը ավելի բարձր են եղել, քան կանխատեսել է Կենտրոնական բանկը: Այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանը: «Բանկերի վարքագիծը 2021-ին, մեր ակնկալիքներով, պետք է լիներ ավելի կոնսերվատիվ: Մենք ակնկալում էինք, որ վարկավորման տեմպերն ավելի թույլ էին լինելու: Բայց առաջին եռամսյակը ցույց է տալիս, որ վարկավորման տեմպերը մեր ակնկալիքից ավելի բարձր են»,-ասաց Գալստյանը: Սակայն կա որոշակի պայմանների խստացում: Կան հաճախորդների շերտեր, որոնք բանկերի տեսանկյունից դիտարկվում են ավելի ռիսկային, այսինքն՝ բանկերը կարող են նրանց վարկ չտրամադրել, կամ նրանց նկատմամբ կիրառեն ավելի բարձր տոկոսադրույքով վարկավորման քաղաքականություն: Խոսելով 2020-ից՝ ԿԲ նախագահը հիշեցրեց, որ նախորդ տարի ազգաբնակչության և բիզնեսի եկամուտները որոշակիորեն նվազել են, և որոշ քաղաքացիներ, տնտեսավարողներ ունեցել են խնդիրներ՝ իրենց վարկերի սպասարկման հետ կապված: Սակայն, ըստ Գալստյանի, բանկերի կողմից ցուցաբերվել է շատ շրջահայաց ու խելացի քաղաքականություն: «Շատ դեպքերում բանկերը վերանայել են պայմանները՝ մի մասի դեպքում երկարացնելով վարկային պայմանագրի ժամկետը, մյուս դեպքում որոշակիորեն նվազեցնելով տոկոսադրույքները: Այսինքն՝ անհատական մոտեցում ցուցաբերելով՝ փորձել են այդ խնդիրները լուծել»,- ասաց Գալստյանը: Ըստ Գալստյանի՝ բանկերի և հաճախորդների միջև նախորդ տարի սկսված երկխոսությունը այս տարի դեռևս շարունակվում է: Կան հաճախորդներ, որոնք նույնիսկ մինչ այս պահը գտնվում են ավելի արտոնյալ իրավիճակում, քան մինչև համավարակը նախատեսված էր վարկային պայմանագրերով:
12:54 - 18 մայիսի, 2021
Գնաճը տարեվերջից սկսած կնվազի և կմոտենա նպատակային 4 տոկոս ցուցանիշին. ԿԲ նախագահ |armenpress.am|

Գնաճը տարեվերջից սկսած կնվազի և կմոտենա նպատակային 4 տոկոս ցուցանիշին. ԿԲ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Գնաճային միտումները կրում են ժամանակավոր, կարճաժամկետ բնույթը, գնաճը տարեվերջից սկսած կնվազի ու կմոտենա ԿԲ նպատակային 4 տոկոս ցուցանիշին: Նման վստահություն հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանը: «Նախորդ տարեվերջից սկսված ՀՀ-ում արձանագրվում է գնաճի էական արագացում: Գնահատվում է, որ գնաճային միտումները հիմնականում պայմանավորված են միջազգային ապրանքահումքային շուկաներից փոխանցվող և դրամի արժեզրկմամբ դիտարկվող առաջարկի մեկանգամյա գործոններով: Ուստի, այն կրում է ժամանակավոր, կարճաժամկետ բնույթ և տարեվերջից սկսված կնվազի ու կմոտենա մեր նպատակային 4 տոկոս ցուցանիշին»,- ասաց Գալստյանը: Նա հավելեց, որ չնայած գնաճի և գնաճային սպասումների որոշակի ավելացմանը, դրանք, նաև Կենտրոնական բանկի համարժեք գործողությունների արդյունքում, գնահատվում են կառավարելիության տիրույթում և հիմնականում խարսխված են: Սակայն, դրան զուգահեռ, ԿԲ հարցումների համաձայն՝ հասարակության մոտ ավելացել են գնաճի ապագայի ուղեգծի վերաբերյալ անորոշությունները, ինչը կարող է գնաճային սպասումների ապագա արագացման ռիսկեր առաջացնել: Ուստի ԿԲ դրամավարկային քաղաքականությունը հետևողական է լինելու գնաճային սպասումների արագացման ցանկացած ռիսկի չեզոքացման հարցում՝ հնարավորինս չնվնասելով ներքին պահանջարկի վերականգնման ընթացքը:
12:09 - 18 մայիսի, 2021
ՀՀ–ում կներդրվի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր. նախագիծը ներկայացվեց ԱԺ-ում

ՀՀ–ում կներդրվի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր. նախագիծը ներկայացվեց ԱԺ-ում

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի ներկայացմամբ խորհրդարանը մայիսի 5-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ««ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնությամբ սահմանվում են ՀՀ-ում բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ներդրման նպատակները, ռեեստրում ներառման ենթակա տեղեկությունների շրջանակը, ինչպես նաեւ ԿԲ խորհրդի լիազորությունը` սահմանելու այդ ռեեստրի վարման, ներառման ենթակա նույնականացման տեղեկությունների ցանկը, այդ թվում` հաշվետվությունների տեսքով տեղեկությունների տրամադրման կարգը եւ ժամկետները: Երիցյանի խոսքով` ռեեստրը ստեղծվում է ԿԲ նպատակների եւ գործառույթների իրականացման համար, ինչպես նաեւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքով սահմանված կարգով ներպետական իրավասու մարմինների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով: «Ռեեստրում ներառվող տեղեկատվությունները շարունակվելու են համարվել բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ: Դրանից տեղեկությունների ստացման իրավասություն ունեցող մարմինների շրջանակը մնում է նույնը»,- հավելեց զեկուցողը: Գլխադասային` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Եղիշե Սողոմոնյանը: Ըստ նրա` առաջարկվող փոփոխությունները հնարավորություն են տալիս կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ունենալու նոր գործիքակազմ: Պատգամավորը կոչ արեց կողմ քվեարկել նախաձեռնությանը:
16:36 - 05 մայիսի, 2021
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով

2021թ. մայիսի 4-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 6.0%: Այս մասին հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: 2021թ. մարտին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.5%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 5.8%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նույն չափով արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։ 2021 թվականի առաջին կիսամյակում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում, պայմանավորված խթանող քաղաքականությունների իրականացմամբ և կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կիրառման որոշակի դրական արդյունքներով, արձանագրվում է տնտեսական ակտիվության և պահանջարկի՝ սպասվածից ավելի արագ վերականգնման միտումներ: Համաշխարհային պահանջարկի վերականգնման դրական սպասումների և մի շարք առաջարկի գործոնների ազդեցությամբ հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում շարունակում են դիտվել բարձր գնաճային զարգացումներ, ինչն արտահայտվում է նաև գործընկեր երկրներում սպասվածից բարձր գնաճային միջավայրի ձևավորմամբ։ Նման իրավիճակում ԿԲ Խորհուրդը արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա շարունակում է ակնկալել գնաճային ազդեցություն: 2021թ.-ի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության զարգացումները նախանշում են ԿԲ նախորդ կանխատեսումների համեմատ տնտեսության ավելի դրական միտումների մասին։ Համաշխարհային պահանջարկի և արտերկրից դրամական փոխանցումների ավելացմամբ, ինչպես նաև վարկավորման ավելի դրական զարգացումներով պայմանավորված՝ համախառն պահանջարկը կվերականգնվի սպասումների համեմատ ավելի արագ տեմպերով, սակայն դեռևս կմնա թույլ։  Միևնույն ժամանակ, ըստ ԿԲ գնահատականների, ավելացել են հասարակության մոտ գնաճի ապագա ընթացքի հետ կապված անորոշությունները և որոշակիորեն նաև գնաճային սպասումները։ Արդյունքում, Խորհրդի գնահատմամբ, ներքին տնտեսությունից ևս դրսևորվում են որոշակի գնաճային ազդեցություններ:   Հաշվի առնելով ստեղծված մակրոտնտեսական իրավիճակը և արտաքին ու ՀՀ տնտեսություններից սպասվող գնաճային ազդեցությունները՝ ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ անհրաժեշտ է աստիճանաբար չեզոքացնել խթանող դիրքը և նպատակահարմար է գտնում բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը։ Խորհուրդը միակարծիք է, որ առաջիկայում ևս դրամավարկային քաղաքականությունը հետևողական է լինելու գնաճային սպասումների արագացման ռիսկերի չեզոքացման հարցում՝ հնարավորինս չվնասելով ներքին պահանջարկի վերականգնման ընթացքը։ Նման պայմաններում կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճը, կարճաժամկետ հատվածում որոշակի արագացումից հետո, աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ: ԿԲ Խորհուրդը գտնում է, որ տնտեսական հեռանկարների մասով անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են, և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը:
18:11 - 04 մայիսի, 2021
Քննարկվել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր |1lurer.am|

Քննարկվել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր |1lurer.am|

1lurer.am: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Ըստ ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի` 2018-ի հուլիսին ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից հաստատվել է Հայաստանի Առաջընթացի առաջին հաշվետվությունը` ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ տրված հանձնարարականների կատարման մասով: ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից արձանագրվել է, որ թեև բացահայտված տեխնիկական թերությունների վերացման ուղղությամբ Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց, այդուհանդերձ դեռևս առկա են ՖԱԹՖ-ի հանձնարարականների իմպլեմենտացման որոշ թերություններ: Մեր երկիրը շարունակական քայլեր է ձեռնարկում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի համակարգը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Նշվեց, որ նախագծով սահմանվել է հաշվետվություն տրամադրող անձանց կողմից լիազոր մարմնի հանձնարարականների ստացման մասին հաճախորդիներին կամ այլ անձանց հայտնելու արգելքը: Նշված դրույթի նախատեսումն ուղղված է լիազոր մարմնի հանձնարարականների, այդ թվում` կասկածների չբացահայտման գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը: Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությունների շարքից հանվել և ՖԴԿ-ին է վերապահվել կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու իրավասությունը` հաշվի առնելով միջոցների հնարավոր արտահոսքի կանխարգելման առավել արդյունավետ իրականացման, այդ թվում` քրեական հետապնդման մարմինների հետ համագործակցության շրջանակում քրեական գործի հարուցման և գույքի վրա կալանք դնելու հետագա գործընթացին արագ օժանդակելու անհրաժեշտությունը: Հստակեցվել են գործարքի կատարումը կամ գործարար հարաբերության հաստատումը մերժելու կամ դադարեցնելու դրույթները, ներառյալ` ընթացիկ պատշաճ ուսումնասիրության իրականացման անհնարինության դեպքում գործարար հարաբերության դադարեցման պահանջի հետ կապված: Լրացուցիչ կարգավորման են ենթարկվել քրեական հետապնդման մարմիններին տեղեկությունների տրամադրմանն առնչվող հարաբերությունները: ԿԲ փոխնախագահի հավաստմամբ` նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարելավել ոլորտի օրենսդրության պահանջների կիրարկման պրակտիկան: Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:
14:25 - 27 ապրիլի, 2021
Դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ կտրուկ աճել է. ինչ ազդեցություն դա կունենա գնաճի վրա. հարցազրույց ԿԲ նախկին նախագահի հետ
 |armtimes.com|

Դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ կտրուկ աճել է. ինչ ազդեցություն դա կունենա գնաճի վրա. հարցազրույց ԿԲ նախկին նախագահի հետ |armtimes.com|

armtimes.com: Հայաստանյան բանկերում դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ կտրուկ աճել է: Մասնավորապես 1 դոլարի առքը հասել է 535 դրամի, իսկ վաճառքը՝ 540 դրամի։ 2014-ից ի վեր առաջին անգամ է դոլարը դրամի նկատմամբ նման աճ արձանագրում: Քաղաքական առումով դեռեւս սպասումներ եւ անորոշություններ կան եւ գուցե ընտրությունները որոշակիորեն այս հարցը մեղմեն: Միեւնույն ժամանակ կարելի է ենթադրել, որ փոխարժեքի նոր փոփոխությունը կարող է էլ ավելի խորացնել առանց այդ էլ բարձր գնաճի տեմպը, քանի որ մինչ այս ներմուծվող ապրանքների գների աճը փորձագետները հիմնականում պայմանավորում էին համաշխարհային գների բարձրացմամբ եւ դրամի արժեզրկմամբ: ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրաստ Ասատրյանն անդրադառնալով դոլարի նկատմամբ դրամի արժեզրկման պատճառներին ասաց, որ այս տարվա ընթացքում արժութային շուկայում գրեթե ոչինչ տեղի չի ունեցել: «Մենք գործ ունենք լողացող փոխարժեքի հետ: Հետաքրքիր է, որ մեր հասարակության մեջ՝ անգամ մասնագիտական շրջանում՝ դոլարից բացի ուրիշ արժույթ չեն ճանաչում: Չեն ուզում տեսնել ինչ կա աշխարհում, հարեւան երկրներում, ԵԱՏՄ-ում: Ոչ մի բան տեղի չի ունեցել, պարզապես դոլարի նկատմամբ դրամն արժեզրկվել է»,- ասաց Ասատրյանը: Նա նշեց, որ ԿԲ-ի տվյալներով՝ հունվարի 1-ի դրությամբ դոլարը կազմել է 522.6 դրամ, իսկ երեկվա դրությամբ 535.1 դրամ եւ արժեզրկումը կազմել է 2.5 տոկոս. «Բոլորը մոռանում են, որ մեր տնտեսությունը 2 հիմնական արտարժույթով է աշխատում, երկրորդը եվրոն է: Ընդ որում, երբ խոսում ենք արտաքին առեւտրի մասին, եվրոյով առեւտրի ծավալներն ավելի մեծ են, քան դոլարինը»: ԿԲ նախկին նախագահի խոսքով՝ հունվարի 1-ին եվրոն կազմել է 641 դրամ, իսկ ապրիլի 6-ին՝ 632 դրամ, այսինքն դրամն արժեւորվել է եվրոյի նկատմամբ 1.5 տոկոսով: Վրաստանում հունվարի 1-ի համեմատ ապրիլի 6-ին դրամը լարիի նկատմամբ արժեւորվել է 1.4 տոկոսով. «Ռուսական ռուբլու նկատմամբ էլ է դրամն արժեւորվել»:   Ասատրյանը նշեց, որ ամենածանր վիճակը Թուրքիայում է, դրամը լիրայի նկատմամբ արժեւորվել է 7.8 տոկոսով: «Մենք այսպիսի պայմաններում ենք ապրում՝ տնտեսական, մակրոտնտեսական ֆունդամենտալ գործոնների տեղաշարժ չի եղել, որոնք կարող էին իրենց ազդեցությունը թողնել փոխարժեքի վրա»,- ասաց նա: Ըստ տնտեսագետի՝ տվյալ դեպքում դոլարի նկատմամբ դրամի անկումը 2 պատճառ ունի՝ միջազգային շուկաներում դոլար-եվրո տատանումները եւ ներսում բնակչության սպասումները, որոնք ամրագրվում են դաշտի մասնակիցների՝ առեւտրային բանկերի վարքագծով: Տնտեսագետն ասաց, որ բանկերը դոլարի պահանջարկ են ներկայացնում: Հարցին՝ Կենտրոնական բանկի աշխատանքը դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը մեղմելու հարցում որքանո՞վ է արդյունավետ, Ասատրյանը պատասխանեց, որ ԿԲ-ն անում է այն, ինչ պետք է անե, իր բոլոր գործիքները կիրառել է՝ ե՛ւ ինտերվենցիաներ ե՛ւ տոկոսադրույքի բարձրացում: «Հիմա կան մոտեցումներ, որոնք ԿԲ-ն պետք է ավելի ինտենսիվ իրագործի: Հաշվի առնելով, որ անցած տարվանից սպասումներ եւ անհանգստություններ կան ԿԲ-ն պետք է ձգտի շատ հրապարակային լինել, ընդհուպ մինչեւ ԿԲ նախագահը պետք է առնվազն ամիսը մեկ անգամ հասարակությանը հուզող խնդիրների վերաբերյալ հանդես գա հրապարակային հայտարարությամբ»,- ասաց ԿԲ նախկին նախագահը: Շարունակությունը կարդացեք Armtimes.com-ում։  
21:36 - 07 ապրիլի, 2021
Նախատեսվում է ներդնել բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր |armenpress.am|

Նախատեսվում է ներդնել բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում  նախատեսվում է ներդնել բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր, որի նպատակներից է փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը դարձնել ավելի արդյունավետ: Կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: «Փոփոխությունը վերաբերում է ՀՀ-ում բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ներդրմանը, այդ ռեեստրում ներառված տեղեկատվության բովանդակությանը և ԿԲ-ի խորհրդի լիազորություններին՝ սահմանել ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա նույնականացման տեղեկությունների ցանկը, տեղեկությունների, այդ թվում հաշվետվությունների տեսքով տրամադրման կարգը և ժամկետները»,- ասաց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Նրա վստահեցմամբ՝ փոփոխությունը բխում է նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ընդհանուր ստանդարտներից ու կանոններից: Այն միտված է փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված ընթացակարգերի բարելավման և արդյունավետության բարձրացմանը: Կենտրոնացված ռեեստրը թույլ է տալու հետագայում  նաև զարգացնել տարբեր նորարարական  գաղափարներ՝ կապված քաղաքացիների հաշիվների ավտոմատացաման, հետագայում նաև թվային արժույթի ներդրման հարցում: «Ըստ էության, կենտրոնացված տվյալների բազա է լինում հաշիվների վերաբերյալ: Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսակետից արդյունավետությունը կայանում է նրանում, որ տարբեր տեսակի վերլուծությունների և իրավապահ մարմինների հետ հաղորդակցության ժամանակ կասկածի կամ գործողության առարկա չդառնան բոլոր հաշիվներն ու բանկերը, այլ այդ ռեեստրի միջոցով ուղղակի սելեկտիվ այն հաշիվները հավաքագրվեն, որոնք խնդրո առարկա են, և դրանց հետ կապված իրականացնեն գործողություններ»,-ասաց ԿԲ նախագահի տեղակալը: Նա վստահեցրեց, որ սկզբնական մնացորդի, ընթացիկ շարժերի, վերջնական մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն չի հավաքագրվելու և չի պահվելու: Ռեսստերը ստեղծվելու է ԿԲ-ում:
11:59 - 06 ապրիլի, 2021
Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ առաջիկա եռամսյակներում բարձր գնաճը կպահպանվի |hetq.am|

Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ առաջիկա եռամսյակներում բարձր գնաճը կպահպանվի |hetq.am|

hetq.am: Առաջիկա եռամսյակներում 12-ամսյա գնաճը (տարվա նշված ամիսը նախորդող տարվա նույն ամսվա համեմատ) կպահպանվի բարձր մակարդակում: Նման կանխատեսում են արել Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) մասնագետները 2020թ. չորրորդ եռամսյակի գնաճի հաշվետվությունը կազմելիս։   Գլխավոր դրամատան վերլուծաբանները Հայաստանում ներկա գնաճի բարձր մակարդակը պայմանավորում են միջազգային ապրանքահումքային շուկաներում արձանագրվող գնաճով, որը հայաստանյան շուկա է փոխանցվում ներմուծման շղթայով։ Գնաճի վրա ազդել է նաև հայկական դրամի արժեզրկումը։ Գնաճի տեմպերը, ըստ ԿԲ-ի ներկայացրած կանխատեսումների գրաֆիկի, կնվազեն միայն այս տարվա վերջում և 2022 թվականի սկզբում՝ հասնելով 4%-ի միջակայքին։ Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ այս տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում գրանցվել է 5.3% գնաճ։ 2021թ․ կանխատեսվում է 1.4% տնտեսական աճ Հայաստանի տնտեսությունը, ըստ Կենտրոնական բանկի ներկա կանխատեսումների, 2021 թվականին կգրանցի 1.4% տնտեսական աճ։ Նախորդ տարվա վերջում արված կանխատեսումների համեմատ, ըստ որի տնտեսական աճի համար նշվում էր 2%-ը,  այս անգամ ցուցանիշը վատթարացել է։  Նախորդ կանխատեսման համեմատ արդյունաբերության և ծառայությունների ճյուղերում ակնկալվում են ավելի դանդաղ վերականգնումներ։ Փոխարենը ավելի բարձր աճ է ակնկալվում շինարարության ոլորտում, որի հիմնական շարժիչ ուժը կարող են լինել կապիտալ ծախսերը՝ պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարությունը։ «Բացի այդ, կազմակերպությունների և բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարությունը, չնայած դեռևս պահպանվում է ցածր մակարդակում, սակայն սկսել է որոշակի չափով վերկանգնվել»,- նշված է ԿԲ-ի հաշվետվության մեջ։  Գյուղատնտեսության ոլորտում նույնպես ավելի բարձր աճ է սպասվում։  Անորոշությունն ու տնտեսությունը 2020 թվականին նախ համավարակի տարածման, հետո նաև Արցախում ռազմական գործողությունների ու դրան հաջորդող ժամանակահատվածում Հայաստանի տնտեսությունը բախվել է տնտեսական հեռանկարների հետագա ընթացքի վերաբերյալ զգալի անորոշությունների ավելացմանը։ Անորոշությունները փոխում են ինչպես բնակչության՝ տնային տնտեսությունների, այնպես էլ բիզնեսի՝ տնտեսվարող սուբյեկտների վարքագիծը. հետաձգում են պլանավորած ծախսերն ու ներդրումները։ Սա, գլխավոր դրամատան մասնագետների գնահատմամբ, կարող է էական ազդեցություն ունենալ տնտեսական զարգացման ներուժի ու երկարաժամկետ աճի հեռանկարների վրա։ Շարունակությունը՝ hetq.am-ում
15:47 - 31 մարտի, 2021
ԿԲ-ն բանկերում ավանդների աճ է արձանագրել |armenpress.am|

ԿԲ-ն բանկերում ավանդների աճ է արձանագրել |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանում նախորդ տարի համավարակի, այնուհետև պատերազմի պայմաններում ավանդների որոշակի նվազումից հետո Կենտրոնական բանկն այս տարի ավանդների աճ է նկատել: Այս մասին ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: ԿԲ նախագահն անդրադարձավ հոկտեմբեր-նոյեմբերին ազգաբնակչության վարքագծի հետ կապված խնդիրներին, երբ ոմանք ավանդերը հանում էին բանկերից:  Նա հիշեցրեց, որ այդ ժամանակ  ԿԲ-ի հորդորն էր չանել այդպես, քանի որ դրանով վնասում են իրենք իրենց:  Գալստյանը լիահույս է հանրության և ԿԲ-ի երկխոսության առումով: «Մենք տեսնում ենք, որ նույնիսկ նախորդ տարվա 7.6 տոկոս տնտեսական անկումից հետո, երբ տնային տնտեսությունների եկամուտները որոշակիորեն նվազել են, այս տարվա ընթացքում ունենք խզումների նորմալ, բնականոն մակարդակ և ունենք բանկերում ավանդների աճ»,-ասաց Գալստյանը: Նա անդրադարձավ նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքը նույնը թողնելու որոշման պատճառներին: «ԿԲ-ի կողմից իր հիմնական գործիքի կիրառումը, որը տոկոսադրույքն է, ապագա գների վրա ազդեցություն ունի: Դա ունի ազդեցություն նաև մի կոմպոնենտի վրա, որը մենք չենք տեսնում, այն շոշափելի չէ, սակայն շատ կարևոր է, դա հասարակության գնաճային սպասումներն են»,-ասաց ԿԲ նախագահը: Նա հիշեցրեց, որ դեռ դեկտեմբերին, երբ գնաճը 1.3 տոկոս էր, ԿԲ խորհուրդը որոշում էր կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը կտրուկ՝ 1 տոկոսով բարձրացնել: «Մենք փորձեցինք հանրությանն ազդակ հաղորդել, որ մենք տեսնում ենք տնտեսությունում կուտակվող և դրսևորվող գնաճային ռիսկեր, որոնք ի հայտ են գալու որոշակի ժամանակ հետո»,-նշեց ԿԲ նախագահն ու հիշեցրեց նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքը փետրվարին 0.25 տոկոսային կետով բարձրացնելու մասին: ԿԲ-ում կարծում են, որ գնաճը դեռևս որոշակիորեն կբարձրանա, տեսնում են այդ պոտենցիալը: «Բայց մեր կարծիքով՝ տոկոսադրույքի այս մակարդակը, որն այժմ կա, համապատասխանում է մեր կողմից որդեգրված քաղաքականության թիրախին հասնելու համար: ԿԲ-ն այսօր տոկոսադրույք բարձրացնելով՝ չի կարող ազդել այսօրվա գնաճի վրա, ուստի ձեռնպահ մնաց այս անգամ տոկոսադրույք փոխելուց՝ հենց այդ պատճառով. մեր կարծիքով՝ գնաճի փոփոխություն տեղի է ունենալու, բայց այն կարճաժամկետ բնույթ է կրելու: Մեր ու հասարակության միջև ձևավորված դիալոգը, որը մենք բավականին դրական ենք գնահատում, մեզ հույս է ներշնչում,որ մենք մեր ազդակներով կկարողանանք գնաճային սպասումները պահել խարսխված,որը թույլ կտա մեզ առանց հասարակության համար հավելյալ ծախսեր ստեղծելու այս իրավիճակը հանգիստ հաղթահարել ու մյուս տարի ունենալ այն, ինչը մենք պարբերաբար ունենում ենք»,-ասաց Գալստյանը:
18:47 - 16 մարտի, 2021
ԿԲ-ն շարունակում է տնտեսության վրա գնաճային ազդեցություն ակնկալել արտաքին հատվածից, իսկ ներքին տնտեսությունից՝ ոչ |armenpress.am|

ԿԲ-ն շարունակում է տնտեսության վրա գնաճային ազդեցություն ակնկալել արտաքին հատվածից, իսկ ներքին տնտեսությունից՝ ոչ |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 12-ամսյա գնաճը, առաջիկա ժամանակահատվածում որոշակի արագացումից հետո, կանխատեսվող հորիզոնում կնվազի և կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ: Այս մասին ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն: «2021թ. մարտի 16- ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝սահմանելով 5.5%: 2021թ. փետրվարին արձանագրվել է 0.6% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.2% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը և բնականոն գնաճը ավելացել են և ամսվա վերջին կազմել համապատասխանաբար 5.3% և 5.5%՝ հիմնականում պայմանավորված միջազգային ապրանքահումքային շուկաներից և դրամի փոխարժեքի արժեզրկումից փոխանցվող ազդեցություններով»,-ասաց Գալստյանը: Նրա խոսքով՝ 2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում  շարունակվում են տնտեսական ակտիվության և պահանջարկի վերականգնման միտումները, ինչը ենթադրվում է կպահպանվի միջնաժամկետ հորիզոնում՝ հիմնականում պայմանավորված այդ երկրներում խթանող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների իրականացմամբ: Համաշխարհային պահանջարկի վերականգնման դրական սպասումների ազդեցությամբ, ինչպես նաև մի շարք առաջարկի գործոններով պայմանավորված՝ հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում դրսևորվել են գների աճի միտումներ: Սա նաև նպաստում է գործընկեր երկրներում սպասվածից բարձր գնաճային միջավայրի ձևավորմանը: «Նման իրավիճակում ԿԲ Խորհուրդը արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա դեռևս շարունակում է ակնկալել գնաճային ազդեցություն»,-նշեց ԿԲ նախագահը: 2020թ-ի չորրորդ եռամսյակում ՀՀ տնտեսական անկումը որոշ չափով գերազանցել է նախորդ դրամավարկային քաղաքականության ծրագրում կանխատեսված ցուցանիշը՝ հիմնականում պայմանավորված ծառայությունների և գյուղատնտեսության ճյուղերի ակտիվության նվազումներով։ «2021թ-ի առաջին եռամսյակում ցածր տնտեսական ակտիվությունը դեռևս պահպանվում է, ինչին շարունակում է էական նպաստում ունենալ ծառայությունների ոլորտի նվազումը՝ արտահայտելով նաև պահպանվող թույլ պահանջարկի և ցածր մասնավոր սպառման ազդեցությունը: Չնայած փոքր ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականությանը, պահպանվող անորոշությունների և վարկավորման աճի տեմպերի դանդաղման ներքո կանխատեսվում է, որ ներքին պահանջարկը առաջիկայում կմնա որոշակի զսպված: Նման պայմաններում ԿԲ Խորհուրդը ներքին տնտեսությունից գնաճային ազդեցություններ չի սպասում»,-ասաց Գալստյանը: Նա հիշեցրեց, որ ԿԲ Խորհուրդը դեռևս դեկտեմբերին, կանխատեսելով առաջարկի գործոններով պայմանավորված գնաճի ու գնաճային սպասումների որոշակի արագացում, էականորեն խստացրել էր դրամավարկային պայմանները: Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև պահանջարկի պահպանվող թույլ միջավայրը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում ներկայումս անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը։ «Խորհուրդը միակարծիք է, որ առաջիկայում ևս դրամավարկային քաղաքականությունն ուղղված է լինելու գնաճային սպասումների արագացման ցանկացած ռիսկի չեզոքացմանը՝ հնարավորինս չվնասելով ներքին պահանջարկի վերականգնմանը։ Նման պայմաններում կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճը, առաջիկա ժամանակահատվածում որոշակի արագացումից հետո, կանխատեսվող հորիզոնում կնվազի և կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ»,-ասաց Գալստյանը: ԿԲ Խորհուրդը գտնում է, որ տնտեսական հեռանկարների մասով բարձր անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են, և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը:
17:32 - 16 մարտի, 2021
Բանկերը մոտ 2 մլրդ դրամի չափով ներել են պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների վարկերը |armenpress.am|

Բանկերը մոտ 2 մլրդ դրամի չափով ներել են պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների վարկերը |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանյան բանկերը ներել են Արցախի պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների վարկերը՝ մոտ 2 մլրդ դրամի չափով: Այս մասին ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Գալստյանը նախ պարզաբանեց ընդունված օրինագծի էությունը. բանկերի կողմից ներվում կամ ինչ-որ կերպով ընդառաջվում է վարկերի հետ կապված մարումների հարցը, տվյալ դեպքում հարկային պարտավորությունները, որոնք առաջանում են բանկի մոտ, չեզոքացվում են: «Այսինքն՝ բանկի կողմից հարկեր չեն վճարվելու այն մասով, որով ներումներն իրականացվել են: Սակայն դա չի նշանակում, որ բանկը կոմպենսացվում է ամբողջությամբ իր կողմից ներված գումարի համար»,-ասաց Գալստյանն ու նշեց՝ շահութահարկ առաջանալու դեպքում բանկը չի վճարի շահութահարկը, բայց ներելու ամբողջ բեռը մնում  բանկի վրա: Այդուհանդերձ ԿԲ նախագահի ունեցած վերջին տեղեկության համաձայն՝ բանկերը բավականին մեծ թվով վարկեր կամ վերանայել, կամ ներել են: «Մասնավորապես շատ մեծ քանակի ներվել է զոհվածների և նրանց հարազատների վարկերը: Իմ ունեցած վերջին տվյալներով՝ մոտ 2 մլրդ դրամի չափով»,-ասաց Գալստյանը:  ԿԲ գնահատականներով՝ դա շարունակվելու է: «Մոտ 3 մլրդ դրամի վարկ համակարգն իր միջոցների հաշվին, առանց որևէ օժանդակություն կամ աջակցություն ստանալու, ներելու է մեր զոհված, վիրավոր հայրենակիցների ընտանիքներին և նրանց ընտանիքներին»,-նշեց նա:
16:28 - 16 մարտի, 2021
Առաջիկայում գնաճը որոշակի կավելանա, ապա աստիճանաբար նվազելով՝ կանխատեսվող հորիզոնում կկայունանա․ Կենտրոնական բանկ

Առաջիկայում գնաճը որոշակի կավելանա, ապա աստիճանաբար նվազելով՝ կանխատեսվող հորիզոնում կկայունանա․ Կենտրոնական բանկ

Հայաստանում առաջիկայում գնաճը որոշակի կավելանա, ապա աստիճանաբար նվազելով՝ կանխատեսվող հորիզոնում կկայունանա։ 2021 թվականի փետրվարի 2-ին տեղի է ունեցել ՀՀ ԿԲ խորհրդի նիստ։ ԿԲ-ն տեղեկացնում է, որ նիստին մասնակցել են  ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսե Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Հասմիկ Ղահրամանյանը, Արթուր Ստեփանյանը, Օլեգ Աղասյանը, Հովհաննես Խաչատրյանը, Դավիթ Նահապետյանը: Խորհրդի նիստը սկսվել է փետրվարի 2-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվել են գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային, ֆինանսական և  դրամավարկային հատվածների զարգացումները` աշխարհում դեռևս պահպանվող համավարակի և տնտեսական հեռանկարների հետ կապված առկա անորոշությունների ազդեցության համատեքստում:  Արձանագրվել է, որ 2020 թվականի դեկտեմբերին գրանցվել է 3.4% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.3%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն էականորեն ավելացել է և տարեվերջին կազմել 3.7%՝ առավելագույնս մոտենալով նպատակային ցուցանիշին: Ամսվա գնաճը պայմանավորվել է հիմնականում  «Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչք» ապրանքախմբի գների 7.2% աճով, որի կառուցվածքում առավել արագ աճել են ներմուծված պարենային ապրանքների գները: Դեկտեմբերին ոչ պարենային ապրանքների գներն աճել են 2.3%, իսկ ծառայությունների սակագները՝ 0.3%-ով: Ընդհանուր գնաճին զուգահեռ ավելացել է նաև 12-ամսյա բնականոն գնաճը, որը դեկտեմբերի վերջին կազմել է 3.6%։ Ներկայացվել են 2021 թվականի հունվարին արտաքին հատվածի զարգացումները և արձանագրվել, որ դրանք հիմնականում ընթացել են ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության 2020 թվականի չորրորդ եռամսյակի ծրագրում նախանշված սցենարին համահունչ, որի համաձայն դիտվում են համաշխարհային տնտեսական ակտիվության և պահանջարկի վերականգնման միտումներ: Դա ՀՀ հիմնական գործընկեր երկրներից արտահայտվել է ԱՄՆ-ում և Ռուսաստանում, իսկ Եվրոգոտում վերականգնումն ընթանում է սպասվածից դանդաղ տեմպերով՝ պայմանավորված համավարակի հաղթահարման նպատակով կիրառվող սահմանափակումների երկարաձգմամբ: Միաժամանակ, ապրանքահումքային հիմնական շուկաներում շարունակվել են գնաճային միտումները՝  արձագանքելով համաշխարհային պահանջարկի վերականգնման սպասումներին և դրսևորված մի շարք առաջարկի գործոններին։ Նման միտումները փոխանցվել և արտահայտվել են նաև գործընկեր երկրներում սպասվածից բարձր գնաճային միջավայրի ձևավորմամբ: Այնուամենայնիվ, քանի որ ԱՄՆ-ում և Եվրոգոտում գնաճը դեռևս պահպանվում է նպատակային ցուցանիշից ցածր, այդ երկրների ԿԲ-ները կշարունակեն վարել խթանող դրամավարկային քաղաքականություն, իսկ Ռուսաստանի ԿԲ-ն գնաճի արագացումից ածանցվող գնաճային սպասումները զսպելու նպատակով, ըստ ՀՀ ԿԲ գնահատականների, տարվա ընթացքում կփոքրացնի դրամավարկային քաղաքականության խթանման չափը: ՀՀ տնտեսական իրավիճակի մասով քննարկվել են չորրորդ եռամսյակի զարգացումները և ամփոփվել են տնտեսական ակտիվության տարեկան արդյունքները: Արձանագրվել է, որ համավարակի բռնկված նոր ալիքի, ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության և դրանց ներքո՝ տնտեսական զարգացման հեռանկարների հետ կապված անորոշությունների ավելացման հետևանքով չորրորդ եռամսյակում արձանագրվել է սպասվածից ցածր տնտեսական ակտիվություն և պահպանվել թույլ ներքին պահանջարկ: Արդյունքում, 2020 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5%-ով՝ հիմնականում պայմանավորված տարվա ընթացքում ծառայությունների ոլորտի և շինարարության ճյուղի մեծ անկումներով: Ներքին թույլ պահանջարկի ձևավորման վրա առավելապես ազդել է մասնավոր սպառման զգալի նվազումը, որն էլ իր հերթին պայմանավորվել է առկա մեծ անորոշությունների պարագայում հասարակության նախազգուշական վարքագծով, ինչպես նաև հատկապես վերջին ամիսներին արձանագրվող վարկավորման աճի տեմպերի դանդաղմամբ: Մշտադիտարկման արդյունքում գնահատվում էր, որ պահպանվող անորոշությունների և ռիսկերի պայմաններում 2021 թվականի սկզբին նշված միտումները կշարունակվեն և բացասական ազդեցություն կունենան ներքին պահանջարկի վրա։ Միաժամանակ, չորրորդ եռամսյակում Կառավարությունը շարունակել է իրականացնել խթանող հարկաբյուջետային քաղաքականություն, իսկ արտերկրից ստացված դրամական փոխանցումները սպասվածից ավելի շատ են եղել, որոնք որոշ չափով մեղմել են վերոնշյալ գործոնների բացասական ազդեցությունը։ Արձանագրվել է, որ ստեղծված իրավիճակում ձևավորվել են զգալի ռիսկեր տնտեսության երկարաժամկետ ներուժային աճի հնարավորությունների տեսանկյունից, ուստի, այս համատեքստում, Խորհուրդը կարևորում էր հարկաբյուջետային քաղաքականության համապատասխան ծախսային ռազմավարության որդեգրումը, որը, Կառավարության կողմից ձեռնարկվելիք այլ կառուցվածքային բարեփոխումների հետ միասին, ուղղված կլինի տնտեսական ներուժի վերականգնմանը: Խորհուրդը նաև անդրադարձել է չորրորդ եռամսյակում և առաջիկայում ՀՀ տնտեսությունում գնաճային սպասումների հնարավոր զարգացումներին։ Նշվել է, որ բարձր գնաճը հիմնականում պայմանավորվել է առաջարկի գործոններով՝ մասնավորապես ներմուծվող մի շարք պարենային ապրանքների գների աճով: Միաժամանակ, գնաճին զուգահեռ որոշակի ավելացող գնաճային սպասումները գնահատվում են կառավարելիության տիրույթում և հիմնականում խարսխված են: Խորհուրդը քննարկել է հունվարին ՀՀ ֆինանսական շուկայում ձևավորված իրավիճակը և արձանագրել, որ շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները համապատասխանորեն արձագանքել են նախորդ տարվա վերջին ԿԲ կողմից քաղաքականության տոկոսադրույքի բարձրացմանը՝ ձևավորվելով հիմնականում դրա  շուրջ: Տոկոսադրույքների բարձրացում է դիտվել նաև պետական պարտատոմսերի շուկայում, որտեղ եկամտաբերություններն աճել են կորի ողջ երկայնքով:  Միաժամանակ, որպես դրական արդյունք արձանագրվել է միջազգային ֆինանսական շուկաներում երկրի ռիսկի հավելավճարի նվազումը, ինչի մասին է վկայում նաև հունվարին տեղաբաշխված ՀՀ եվրոպարտատոմսերի ձևավորված բավականին ցածր եկամտաբերությունը: Քննարկումը փաստեց, որ, չթերագնահատելով շուկայի համընդհանուր բարենպաստ միջավայրի գործոնի առկայությունը, ցածր եկամտաբերությունը արտացոլում է նաև միջազգային ներդրողների վստահությունը երկրի մակրոտնտեսական կայունության և այն ապահովող ինստիտուտների նկատմամբ՝ որպես երկարաժամկետ հիմնարար գործոն։ Ուստի գնահատվում է, որ ռիսկի հավելավճարի նվազումը հիմնականում չի կրի կարճաժամկետ բնույթ: Արձանագրվել է նաև, որ չորրորդ եռամսյակում բանկային համակարգում վարկերի և ավանդների տոկոսադրույքները դեռևս չեն արձագանքել միջբանկային ու արժեթղթերի շուկաներում տոկոսադրույքների փոփոխությանը՝ ցուցաբերելով հիմնականում կայուն վարքագիծ, իսկ  բանկային համակարգի կողմից տնտեսության վարկավորման աճի տեմպերը որոշ չափով դանդաղել են՝ պայմանավորված առավելապես սպառողական վարկերի նվազմամբ։ Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցել է դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Հաշվի առնելով մի կողմից արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդեցություններն ու ՀՀ տնտեսությունում գնաճային սպասումների որոշ չափով արագացումը, իսկ մյուս կողմից թույլ պահանջարկի պահպանումն ու միջազգային շուկաներում երկրի ռիսկի հավելավճարի նվազումը՝ Խորհրդի քննարկմանն է ներկայացվել վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու առաջարկ: Խորհրդի բոլոր անդամներն էլ ընդունել են, որ վերը թվարկված գործոններն առկա են, սակայն տարակարծիք են եղել դրանց հետագա զարգացումների և գնաճի վրա ազդեցության չափի հարցում: Խորհրդի անդամների մի խումբ գտնում էր, որ, չնայած պահպանվող թույլ պահանջարկին և առաջարկի գործոններով պայմանավորված բարձր գնաճին, գնաճային սպասումները որոշ չափով արագանում են, ինչի ուղղությամբ ԿԲ-ն պետք է արտահայտի իր դիրքորոշումը՝ տոկոսադրույքի փոքր քայլով բարձրացմամբ: Իսկ Խորհրդի առանձին անդամներ առաջարկել են տոկոսադրույքի ավելի մեծ քայլով բարձրացում, որը հիմնավորվել է արտաքին հատվածից առաջիկա տարում պարենային ապրանքների գների սպասվող աճի և դրանց ազդեցությամբ ՀՀ-ում գնաճային սպասումների արագացման, միջազգային շուկայում երկրի ռիսկի հավելավճարի նվազման կարճաժամկետ բնույթի և ՀՀ տնտեսության ներուժային մակարդակի էական կրճատման վերաբերյալ դատողություններով: Արդյունքում, ԿԲ խորհուրդը ձայների մեծամասնությամբ ընդունել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով բարձրացնելու որոշում, ինչպես նաև ամրագրել է, որ հետևողական կլինի համարժեք գործողություններով գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ չեզոքացնելու գործում: Նման պայմաններում, ըստ ԿԲ գնահատականների, առաջիկայում գնաճը որոշակի կավելանա, ապա աստիճանաբար նվազելով՝ կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ: Միաժամանակ, ԿԲ Խորհուրդն արձանագրել է, որ տնտեսական հեռանկարների բարձր անորոշության ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են, իսկ դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը: Խորհուրդը հաստատել է ԿԲ գործիքների տոկոսադրույքների վերաբերյալ որոշումը և առաջարկվող մամուլի հաղորդագրությունը, որոնք կցվում են:
19:08 - 16 փետրվարի, 2021