Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահն է։ 

Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:

1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1978թ. ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի  Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնները:

1992-1996թթ․ եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Սուրբ Աթոռում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:

1996-1997թթ․ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

1998-2000թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և, համատեղության կարգով, Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն,  Եվրասիական ամենամյա մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum)  էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) պատվավոր փոխնախագահ, Եվրաատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:

2000-2013թթ․ Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու:

2013-2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

Հրաժարական է ներկայացրել 2022թ. հունվարի 21-ին:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ռադևին՝ Բուլղարիայի նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ռադևին՝ Բուլղարիայի նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումեն Ռադևին՝ Բուլղարիայի Հանրապետության նախագահի ընտրություններում հաղթանակի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։  Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Բուլղարիայի հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության և հարգանքի, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև մշակութային և պատմական սերտ կապերի վրա: «Կարևորում եմ երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև փոխգործակցությունը մշակույթի, կրթության, նորարարությունների և այլ ոլորտներում։ Համոզված եմ, որ առավել կխորացնենք և կզարգացնենք փոխշահավետ համագործակցությունը»,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում: 
19:48 - 26 նոյեմբերի, 2021
Երկու երկրներն իրենց առավելությունները կարող են վերածել հաջողության. Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Ռուանդայի նորանշանակ դեսպանը

Երկու երկրներն իրենց առավելությունները կարող են վերածել հաջողության. Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Ռուանդայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին նոյեմբերի 25-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանկ Մուշիո Կամանզին (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից, նշելով, որ Արմեն Սարգսյանը շնորհավորել և արդյունավետ աշխատանք է մաղթել նորանշանակ դեսպանին: Դեսպանը վստահեցրել է, որ իր բոլոր ջանքերը կներդնի՝ զարգացնելու երկու երկրների հարաբերությունները: Նա Հայաստանի նախագահին է փոխանցել Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի ջերմ ողջույնն ու բարեմաղթանքը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը և Ռուանդան ունեն բազմաթիվ ընդհանրություններ, նույնանման պատմություն, երկուսն էլ ծանր փորձությունների միջով են անցել, միաժամանակ, ունեն բազմաթիվ առավելություններ, որոնք կարող են վերածել հաջողության: Անդրադառնալով համագործակցության հնարավոր ուղղություններին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրներն ունեն համընկնող հետաքրքրություններ, էլեկտրոնային կառավարման և նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում Ռուանդայի ձեռքբերումները տպավորիչ են, և փոխգործակցությունն այդ ոլորտներում խոստումնալից կարող է լինել: Նշելով, որ Հայաստանի ապագան կապում է հատկապես ժամանակակից տեխնոլոգիաների, գիտության և կրթության զարգացման հետ՝ Հայաստանի նախագահը կարևորել է համատեղ նորարարական և հետազոտական ծրագրերի իրականացումը, ինչպես նաև համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտներում: Նախագահը նշել է, որ Հայաստանը և Ռուանդան անդամակցում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, որն իր հզոր ներուժով, փոխգործակցության կարևոր հարթակ է և համատեղ աշխատելու մեծ հնարավորություններ է ստեղծում:
15:09 - 25 նոյեմբերի, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ` մաղթելով քաջառողջություն, երջանկություն և հաջողություն: Մեծագույն հաճույքով եմ հիշում օրերս Գլազգոյում կայացած մեր ջերմ և բարեկամական հանդիպումն ու զրույցը: Ինձ համար թանկ հիշողություն է նաև դեռևս 2019 թվականին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում կայացած մեր անկեղծ և անմիջական հանդիպումը, որից ստացած պարզ մարդկային տպավորություններն այսօր էլ ուղեկցում են ինձ: Հուսով եմ, որ առաջիկայում նոր հնարավորություն կունենանք հանդիպելու և զրուցելու միջազգային ու երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող տարբեր հարցերի շուրջ:Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների երկարամյա հարաբերություններն ունեն ամուր հիմք և հուսալի հեռանկար՝ հաշվի առնելով փոխադարձ վստահությունն ու հարգանքը և բարեկամական կապերը երկու ժողովուրդների միջև: Մեր երկրների միջև արդեն իսկ ձևավորված սերտ համագործակցության մեջ և գործընկերային կապերում, անկասկած, մեծ են Ձեր անձնական դերն ու ներդրումը թե՛ որպես ԱՄՆ 46-րդ նախագահ, թե՛ որպես ԱՄՆ 47-րդ փոխնախագահ և երկարամյա սենատոր։Ուրախ եմ, որ առկա է երկկողմ շահագրգռվածություն տարբեր ոլորտներում միջպետական երկխոսությունը և փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Համայն հայությունը և անձամբ ես բարձր ենք գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում Ձեր և ԱՄՆ վարչակազմի շարունակական ջանքերը, որը մարդու իրավունքներն ու համամարդկային արժեքները պաշտպանելու հանձնառության վերահաստատումն է: Համոզված եմ, որ մեր միջև ձևավորված անձնական հարաբերությունների և համատեղ ջանքերի շնորհիվ ևս Հայաստանի և Միացյալ Նահանգների բազմաբնույթ համագործակցությունը կարող է նոր բովանդակություն ստանալ։ Վստահ եմ, որ միասին կկարողանանք առավել զարգացնել լավագույն ավանդույթների ու փորձի վրա հիմնված հայ-ամերիկյան փոխգործակցու­թյունը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»:
12:10 - 21 նոյեմբերի, 2021
Ես ցանկանում եմ Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների հանգույց դարձնել. Արմեն Սարգսյան

Ես ցանկանում եմ Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների հանգույց դարձնել. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 19-ին այցելել է Սինգապուրի ազգային համալսարանի Քվանտային տեխնոլոգիաների կենտրոն, շրջել կենտրոնում, ծանոթացել գործունեությանն ու ծրագրերին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Կենտրոնը հիմնվել է 2007 թվականին Սինգապուրի Ազգային հետազոտությունների հիմնադրամի և կրթության նախարարության աջակցությամբ: Որպես առաջատար հետազոտական կենտրոն, այն միավորում է ֆիզիկոսների, համակարգչային գիտնականների և ինժեներների՝ քվանտային ֆիզիկայի վերաբերյալ հիմնարար հետազոտություններ կատարելու և քվանտային երևույթների վրա հիմնված սարքավորումներ ստեղծելու նպատակով: Այստեղ հրավիրվում են աշխարհի առաջատար մասնագետներ: Նախագահ Սարգսյանը հանդիպել է Սինգապուրի ազգային համալսարանի փոխնախագահ, պրոֆեսոր Ցուհան Չենի, Քվանտային տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Խոսե Իգնասիո Լատորեի, Ազգային հետազոտությունների հիմնադրամի «Խելացի ազգ և թվային տնտեսություն» բաժանմունքի ղեկավար Քեոկ Թոնգ Լինգի հետ: Նրանք նախագահ Սարգսյանին ներկայացրել են կենտրոնի գործունեությունը, ծանոթացրել իրականացվող հետազոտություններին և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նաև բժշկության մեջ դրանց կիրառմանը: Հանդիպմանը քննարկվել են փոխշահավետ համագործակցության հնարավորություններին և ուղղություններին, մասնավորապես փորձի փոխանակմանը, երիտասարդ մասնագետների ու գիտնականների փոխանակման ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը՝ նշել, որ այն, լինելով ապագային միտված ծրագիր, կենտրոնանալու է երկրի գիտատեխնոլոգիական զարգացման, մասնավորապես արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման վրա։ Նախագահն ասել է, որ, հաշվի առնելով նաև, որ Սինգապուրն ունի զարգացած քվանտային էկոհամակարգ, ուրախ կլինեն գործընկերներ ունենալ նաեւ Սինգապուրից։ Ազգային համալսարանի, հետազոտությունների հիմնադրամի և քվանտային տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավարներն իրենց հերթին նշել են, որ հետաքրքրված են փոխգործակցությամբ եւ պատրաստ են այցելել Հայաստան՝ ուսումնասիրելու եւ քննարկելու համատեղ աշխատանքի կոնկրետ ուղղություններ: Նախագահ Սարգսյանը մասնակցել է նաեւ Սինգապուրի ազգային համալսարանի բժշկագիտական դպրոցի (NUS Medicine) միջազգային խորհրդի ֆորումին, որտեղ խոսել է հայ-սինգապուրյան հարաբերությունների, գիտության, կրթության ոլորտներում փոխգործակցության ներուժի, պետությունների ապագա զարգացման գործում կրթության ու տեխնոլոգիաների դերի մասին, պատասխանել մասնակիցների տարաբնույթ հարցերին: Անդրադառնալով հայ-սինգապուրյան հարաբերություներին՝ Հայաստանի նախագահը նշել է, որ Սինգապուրը շատ հայերի համար առանձնահատուկ երկիր է, քանի որ հայերն այստեղ ունեցել են և ունեն նշանակալի հետք ու ներկայություն: Խոսելով Հայաստանի և Սինգապուրի ընդհանրությունների մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ երկու ժողովուրդներն էլ արժևորում են կրթությունն ու գիտությունը: «Դա լավ հիմք է կրթության, գիտության ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար: Մրցունակ պետության հիմքը մրցունակ կրթությունն է, և մեր երկրում պետք է ամեն ինչ անենք կրթությունն ու գիտությունը, բարձր տեխնոլոգիաները զարգացնելու համար,- ասել է նախագահը: -Հայաստանն ու Սինգապուրը համատեղ շատ բան կարող են անել: Ես ցանկանում եմ Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների հանգույց դարձնել»: Հայաստանի նախագահն ընդգծել է, որ Սինգապուրը լավ օրինակ է մեր երկրի համար։ «Չունենալով մեծ բնական ռեսուրսներ, լինելով փոքր երկիր՝ Սինգապուրն ուներ մարդկային ներուժ: Գաղափարի ուժ, տեսլական, ռազմավարություն. հենց սրանք են կերտել Սինգապուրը, -նշել է նախագահ Սարգսյանը: -Հույս ունեմ, որ այդ գաղափարի ուժն իմ երկիրը ևս կդարձնի հզոր և բարգավաճ, և ես կկարողանամ ասել, որ մենք կրկնել ենք Սինգապուրի օրինակը»:
12:12 - 20 նոյեմբերի, 2021
Նոյեմբերի 16-ին զոհված 3 հայ զինծառայողները հետմահու պարգևատրվել են

Նոյեմբերի 16-ին զոհված 3 հայ զինծառայողները հետմահու պարգևատրվել են

ՀՀ նախագահի հրամանագրով նոյեմբերի 16-ին զոհված 3 հայ զինծառայողները հետմահու պարգևատրվել են: Պարգևատրման վերաբերյալ նախագահի հրամանագրերը՝ ստորև. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի սպա-հոգեբան, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գուրգեն Աշոտի Սարգսյանին հետմահու պարգևատրել Արիության մեդալով»: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյանին հետմահու պարգևատրել Արիության մեդալով»:
21:34 - 19 նոյեմբերի, 2021
«Հայաստան» հիմնադրամն սկսել է Սյունիքի համայնքների զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնել

«Հայաստան» հիմնադրամն սկսել է Սյունիքի համայնքների զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնել

Նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Սյունիքի մարզում մեկնարկել է համայնքային, կրթական և սոցիալական նշանակության մի շարք խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր: Հիմնադրամի աշխարհասփյուռ գործընկերների միջոցներով՝ առաջին փուլով Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում տեղադրվում են արևային ջրատաքացուցիչներ, տեղեկացնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը: · Պատերազմից հետո սահմանամերձ դարձած Շուռնուխ գյուղը տնտեսապես անկում է ապրել: Գյուղը միացված չէ գազամատակարարման ցանցին, էլեկտրականությունից օգտվելու համար էլ բնակիչների գումարը չի բավարարում: Արևային ջրատաքացուցիչների շնորհիվ՝ բնակիչները ջուր տաքացնելու համար այլևս ստիպված չեն լինի փայտ վառել: Այստեղ արևային ջրատաքացուցիչներով կապահովվեն գյուղի բոլոր ընտանիքները: Էլեկտրաէներգիայի նման խնայողությունը էապես թեթևացնում է բնակիչների հոգսաշատ առօրյան: · Այսուհետ Խոզնավար գյուղը ևս կօգտվի արևային էներգիայից: Տներից 33–ում արդեն իսկ տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, աշխատանքները շարունակվում են: Նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայաններ տեղադրել նաև համայնքային նշանակության կառույցների վրա: · Արավուս համայնքում արդեն 13 տուն ապահովված է արևային ջրատաքացուցիչով: Օգնությունը դրամական չէ, բայց գումար է խնայում. 150 բնակիչ կազատվի տաք ջրի համար պահանջվող ծախսերից՝ շուրջ 70% նվազեցնելով գազի ծախսը: · Ծրագրից անմասն չմնաց նաև Դավիթ Բեկ համայնքը: Այստեղ կտեղադրվի նաև 109 արևային ջրատաքացուցիչ: Արևի ջերմությունը պատերի ներսում պահպանելու համար, փոխվել են նաև համայնքի դպրոցի դռներն ու լուսամուտները, ամրացվում է տանիքը։ Նույն աշխատանքները կտարվեն Ճակատեն համայնքում: Այսուհետ «Հայաստան» համահայկական հիմնադրամն առանձնակի ուշադրություն կդարձնի Սյունիքի մարզի համայնքների առաջնային խնդիրներին: Հանրապետության նախագահ, Հիմնադրամի հոգաբարձուների խորhրդի նախագահ Արմեն Սարգսյանն, այցելելով Սյունիքի մարզի համայնքներ և հանդիպելով համայնքապետերի հետ, նրանց առաջարկել էր ներկայացնել տեղեկություններ համայնքների առաջնային խնդիրների մասին: Նախագահը պատրաստակամություն էր հայտնել հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց լուծմանը: Քննարկումների արդյունքում՝ մի շարք խնդիրների լուծման նպատակով կազմվել էր հատուկ ծրագիր, որն իրականացվում է փուլ առ փուլ՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ ուժերով: Կգործադրվեն բոլոր միջոցներն ու ջանքերը՝ մեր համայնքների ու հայրենակիցների հոգսերը թեթևացնելու համար: *** ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։
16:28 - 19 նոյեմբերի, 2021
Հայաստանն ու Սինգապուրը փոխգործակցության մեծ ներուժ ունեն առողջապահության ու տեխնոլոգիաների ոլորտներում. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սինգապուրի ազգային համալսարան

Հայաստանն ու Սինգապուրը փոխգործակցության մեծ ներուժ ունեն առողջապահության ու տեխնոլոգիաների ոլորտներում. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սինգապուրի ազգային համալսարան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սինգապուրի ազգային համալսարան (NUS), հյուրընկալվել համալսարանի հեղինակավոր բժշկագիտական դպրոցում (NUS Medicine):Նախագահ Սարգսյանը ծանոթացել է բժշկագիտական ոլորտում աշխարհում առաջատար համարվող NUS Medicine-ի լաբորատորիաներում, քվանտային տեխնոլոգիաների կենտրոնում իրականացվող աշխատանքներին, հետազոտություններին, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների, նանոտեխնոլոգիաների ու արհեստական բանականության կիրառմամբ նոր մշակումներին:Սինգապուրի ազգային համալսարանի նախագահ, պրոֆեսոր Էնգ Չայ Թանի, NUS Medicine-ի դեկան, պրոֆեսոր Յապ Սենգ Չոնգի և NUS Medicine-ի միջազգային խորհրդի նախագահ, պրոֆեսոր Կիշորե Մահբուբանիի հետ հանդիպմանը նշելով, որ տպավորված է լաբորատորիաներում իրականացվող աշխատանքներով, ժամանակակից լուծումներով, նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ առողջապահության, տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստանի հետ փոխգործակցության մեծ ներուժ կա:Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի գիտակրթական, հետազոտական հաստատությունների հետ համագործակցության, փորձի փոխանակման, երիտասարդ մասնագետների ու գիտնականների փոխանակման ծրագրերի իրականացման, գիտությունների և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցության, ինչպես նաև NUS Medicine-ի միջազգային խորհրդի հետ փոխգործակցության հնարավորությունները:NUS Medicine-ի միջազգային խորհուրդը միջազգային առաջնորդների, գիտնականների ու փորձագետների բացառիկ ցանց է, որի նպատակը առողջապահության, հանրային առողջապահության, պոպուլյացիոն հետազոտությունների, տարբեր հիվանդությունների, մասնավորապես, քաղցկեղի, դիաբետի բուժման համար լուծումներ գտնելն է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, ինժեներիայի և այլ ոլորտներում հնարավորությունների բացահայտման միջոցով:
16:18 - 19 նոյեմբերի, 2021
Արմեն Սարգսյանը Bloomberg New Economy Forum-ի շրջանակում խոսել է պետությունների հավաքական պատասխանատվության մասին

Արմեն Սարգսյանը Bloomberg New Economy Forum-ի շրջանակում խոսել է պետությունների հավաքական պատասխանատվության մասին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սինգապուրում անցկացվող Bloomberg-ի Նոր տնտեսական համաժողովի (Bloomberg New Economy Forum) շրջանակում որպես բանախոս հանդես է եկել կլիմայական փոփոխություններին, Covid 19-ի համավարակին և դրանցով պայմանավորված նոր մարտահրավերին վերաբերող թեմատիկ քննարկմանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, նշելով, որ համաժողովը միավորել է համաշխարհային առաջնորդների, միջազգային կազմակերպությունների ու առաջատար ընկերությունների ղեկավարների՝ քննարկելու համավարակի գլոբալ ազդեցության հետևանքները, դրանք դիմակայելու ուղիներն ու առաջացած նոր հնարավորությունները: Հայաստանի նախագահն իր խոսքում մասնավորապես ընդգծել է, որ արագ փոփոխվող աշխարհն ու մարդկությունն այսօր առերեսվում են բազմաթիվ մարտահրավերների ու սպառնալիքների, որոնց թվում են կլիմայական փոփոխությունների, կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած հրատապ խնդիրները: Դրանք կարգավորելու և լուծումներ գտնելու համար նախագահ Սարգսյանն անհրաժեշտ է համարել հավաքական պատասխանատվության դրսևորումը, համարձակ քայլերն ու միասնական ջանքերի գործադրումը՝ ընդգծելով, որ առաջ գնալու ճանապարհը կանաչ տեխնոլոգիաներն են: Կարևորելով բոլոր երկրների՝ կանաչ և խաղաղ ապագա ստեղծելու հանձնառությունը՝ նախագահ Սարգսյանը ցավով է արձանագրել, որ կան երկրներ, որոնց անգամ համավարակի նման արհավիրքն ետ չպահեց անմարդկային գործողություններից: Նա նշել է, որ անցած տարի հենց համավարակի ծանր շրջանում Հայաստանի հարևան Ադրբեջանը լայնամասշտաբ և աղետալի պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ, իսկ ընդամենը երկու օր առաջ ադրբեջանական ուժերն հարձակում էին գործել Հայաստանի Ջերմուկ քաղաքից և Սևանա լճից ոչ հեռու գտնվող՝ բնապահպանական ու ջրային ռեսուրսների առումով խիստ զգայուն տարածքների վրա: Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները մարդկային զոհերի պատճառ են դարձել, ինչպես նաև մեծ վնաս հասցրել բնակչությանն ու բնությանը: Նախագահ Սարգսյանը քննարկման մասնակիցներին տեղեկություններ է հաղորդել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Ադրբեջանի սադրիչ գործողությունների, մեր երկրի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգությունների վերաբերյալ:
18:25 - 18 նոյեմբերի, 2021
Նախագահ Սարգսյանն ու Սինգապուրի փոխվարչապետը քննարկել են փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները

Նախագահ Սարգսյանն ու Սինգապուրի փոխվարչապետը քննարկել են փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները

Սինգապուրում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը զրույց է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական քաղաքականությունը համակարգող նախարար Հենգ Սուի Քիթի հետ: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։ «Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հայ-սինգապուրյան երկկողմ կապերի ընդլայնման հնարավորություններն ու համագործակցության ուղղությունները: Մասնավորապես նշվել է, որ փոխգործակցության խորացման մեծ ներուժ կա բարձր տեխնոլոգիաների, հաղորդակցության, գիտության, կրթության և մի շարք այլ ոլորտներում: Համակարծիք լինելով, որ պետության արդյունավետ զարգացման հիմքը և շարժիչ ուժը բարձր որակի կրթությունն է, գիտելիքն ու նորարարությունը, զրուցակիցները կարևորել են մարդկային կապիտալի արդյունավետ օգտագործումը, գիտակրթական համագործակցությունը: Անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Սինգապուրի գիտակրթական հաստատությունների միջև համագործակցության զարգացման հարցերին և փոխանակման տարբեր ծրագրերի իրականացման հնարավորություններին: Նախագահ Սարգսյանն ու Սինգապուրի փոխվարչապետը կարևորել են նաև երկու երկրների միջև շփումների և մշակութային կապերի ակտիվացումը: Սինգապուրում ընթացող Bloomberg-ի Նոր տնտեսական համաժողովի (New Economy Forum) շրջանակում Հայաստանի նախագահը զրույցներ է ունեցել նաև հայտնի գործարար, Bloomberg ֆինանսական և մեդիա ընկերության հիմնադիր, Նյու Յորքի նախկին քաղաքապետ, քաղաքների և կլիմայի փոփոխման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Մայքլ Բլումբերգի, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի, HSBC-ի խմբի գործադիր տնօրեն Նոել Քուինի հետ»,- նշված է կայքում:
17:49 - 18 նոյեմբերի, 2021
ՀՀ նախագահը և Սինգապուրի վարչապետն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին

ՀՀ նախագահը և Սինգապուրի վարչապետն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին

Սինգապուրում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը զրույց է ունեցել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի հետ: Նրանք անդրադարձել են հայ-սինգապուրյան հարաբերությունների ներկա մակարդակին և դրանց զարգացման հեռանկարներին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։  Հայաստանի նախագահը Սինգապուրի վարչապետին տեղեկություններ է հաղորդել նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունների վերաբերյալ: «Նախագահ Սարգսյանն ու վարչապետ Լի Սյեն Լունը խոսել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման մասին: Նշվել է, որ գործակցության մեծ ներուժ կա հատկապես բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, գիտության և կրթության ոլորտներում: Նախագահ Սարգսյանի դիտարկմամբ՝ Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է Հայաստանի համար և մի շարք բնագավառներում սինգապուրյան փորձը կարող է օգտակար լինել մեր երկրի համար: Անդրադառնալով ժամանակակից արագ փոփոխվող աշխարհում փոքր երկրների զարգացման հնարավորություններին՝ զրուցակիցները համակարծիք են եղել, որ նոր իրողություններում փոքր և խելացի երկրները զարգացման և հաջողակ լինելու մեծ հնարավորություններ ունեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
19:52 - 17 նոյեմբերի, 2021
Արմեն Սարգսյանը Սինգապուրում համաժողովի ժամանակ անդրադարձել է ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ՀՀ սահմաններին ստեղծված իրավիճակին

Արմեն Սարգսյանը Սինգապուրում համաժողովի ժամանակ անդրադարձել է ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ՀՀ սահմաններին ստեղծված իրավիճակին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սինգապուրում անցկացվող Bloomberg New Economy Forum-ի՝ միջազգային հեղինակավոր համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել մասնակից մի շարք պետական ու հասարակական հայտնի գործիչների, ազդեցիկ լրատվամիջոցների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, նշելով, որ հանդիպումների ժամանակ նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի հանդեպ ադրբեջանական ռազմական ագրեսիայի արդյունքում մեր սահմաններին ստեղծված իրավիճակը, խոսել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման, երկրի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգությունների, ինչպես նաև Ադրբեջանում անօրինական պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդրի մասին: Նշվում է, որ նախագահ Սարգսյանը հարցազրույցներ է տվել նաև միջազգային լրատվամիջոցներին՝ ևս մեկ անգամ խոսելով հետպատերազմյան իրավիճակի և Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմական ագրեսիայի ու Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումների մասին: Համաժողովի մասնակից միջազգային կորպորացիաների ու ընկերությունների (այդ թվում՝ Paypal, McKinsey & Company, Bharti Enterprises, Mastercard, Temasek, Tata Group և այլք) ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի զարգացման հեռանկարներին և երկրի ապագային միտված ծրագրերին: Համաժողովը համախմբել է համաշխարհային առաջնորդների, միջազգային կազմակերպությունների, աշխարհի առաջատար ընկերությունների ղեկավարների՝ քննարկելու համաշխարհային տնտեսության, կլիմայի և առողջապահության ոլորտների վրա համավարակի ազդեցության հետևանքները, նոր մարտահրավերները, դրանց դիմակայելու քայլերն ու տնտեսական նոր հնարավորությունները:
12:56 - 17 նոյեմբերի, 2021
 Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված սահմանային իրավիճակի հետ կապված՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկվել է ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Վարչապետը տեղեկություններ է հաղորդել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի սահմանների ու տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգությունների վերաբերյալ և ներկայացրել հայկական զինուժի կողմից ձեռնարկվող գործողությունները: Հանրապետության նախագահի աշխատակազմը ևս մշտական կապի մեջ է համապատասխան իրավասու մարմինների ղեկավարների հետ։ Նկատի ունենալով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախօրոք ծրագրված մասնակցությունը Սինգապուրում կայանալիք The Bloomberg New Economy միջազգային հեղինակավոր համաժողովին, նպատակահարմար է համարվել, որ Հանրապետության նախագահը, օգտագործելով նաև միջազգային այդ ազդեցիկ հարթակը, համաժողովի շրջանակներում ներկայացնի Հայաստանի սահմաններին ստեղծված մտահոգիչ իրավիճակը, անդրադառնա ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի սահմանների ու տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություններին, ինչպես նաև Ադրբեջանում անօրինական պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդրին: Համաժողովին մասնակցելու են համաշխարհային առաջնորդներ, միջազգային կազմակերպությունների ու կորպորացիաների, ազդեցիկ լրատվամիջոցների ղեկավարներ:
19:49 - 16 նոյեմբերի, 2021
Արմեն Սարգսյանն ընդունել է ՌԴ ֆինանսների նախարարության Գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավարին

Արմեն Սարգսյանն ընդունել է ՌԴ ֆինանսների նախարարության Գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավարին

Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ֆինանսների նախարարության Գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սամվել Լազարյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ «Լազարյանը ՀՀ նախագահին ներկայացրել է կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները: Մասնավորապես նշվել է, որ կենտրոնն աշխատանքներ է իրականացնում ազգային-տնտեսական քաղաքականության մշակման, մակրոտնտեսական մոդելավորման, բյուջետային ու ներդրումային ռիսկերի վերլուծության, ֆինանսական հաշվետվությունների ստեղծման ոլորտներում: Անդրադարձ է կատարվել մասնավոր ու պետական սեկտորների համագործակցության հեռանկարներին: Հանրապետության նախագահը զրուցակցի հետ քննարկել է Հայաստանում Գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի կողմից ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Մասնավորապես, նախագահ Սարգսյանը խրախուսել է կենտրոնի համագործակցությունը Հայաստանի համապատասխան պետական գերատեսչությունների հետ: Կողմերն անդրադարձել են նաև հոկտեմբերի վերջին Դիլիջանում անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին: Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սամվել Լազարյանը, որը գագաթնաժողովի մասնակիցներից էր, ընդգծել է, որ նման մասշտաբային միջոցառումների անցկացումը Հայաստանում կարևոր է երկիրը ներկայացնելու տեսանկյունից»,- նշվում է հաղորդագրության մեջ։
22:58 - 12 նոյեմբերի, 2021