Սերգեյ Կոպիրկին

Սերգեյ Կոպիրկինը ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 14-ին, ռուս դիվանագետ է։ 

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1985): Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն լեզուներին։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1985 թվականից։
 
1985-1986 թվականներին՝ Կամերունում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից:
1986-1988 թվականներին՝ Նիգերում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից:
1990-1994 թվականներին՝ Ռուանդայում ԽՍՀՄ/Ռուսաստանի դեսպանատան աշխատակից:
2000-2005 թվականներին՝ Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակից։
2006-2011 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ:
2011-2018 թվականներին՝ Բրյուսելում (Բելգիա), ԵՄ-ում եւ Եվրոատոմում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ:
2018 թվականի ապրիլի 6-ից՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան։

Դիվանագիտական աստիճան
2-րդ դասի արտակարգ եւ լիազոր դեսպանորդ (2009 թվականի ապրիլի 13)
1-ին դասի արտակարգ եւ լիազոր դեսպանորդ (2017 թվականի փետրվարի 10)
Ռուսաստանն անում է հնարավորը հայ գերիներին վերադարձնելու համար. ՌԴ դեսպան Կոպիրկին |armenpress.am|

Ռուսաստանն անում է հնարավորը հայ գերիներին վերադարձնելու համար. ՌԴ դեսպան Կոպիրկին |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի հարցը մշտապես գտնվում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում: Այս մասին հունիսի 22-ին Հաղթանակ զբոսայգում լրագրողներին ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Ռուսաստանն ի սկզբանե արել է և անում է հնարավոր ամեն բան, որպեսզի գերիների վերադարձն իրականացվի և գործընթացն այս ուղղությամբ առաջ գնա: Այստեղ մեծ է անձամբ գեներալ Մուրադովի՝ խաղաղապահ ուժերի հրամանատարի դերը: Այս հարցով զբաղվում են նաև Ռուսաստանի նախագահը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը: Բայց դա այդքան էլ հեշտ չէ, այս խնդրի լուծումը մեծ ջանքեր է պահանջում», - շեշտեց ռուսաստանցի դիվանագետը: Դեսպան Կոպիրկինը դժվարանում է ասել՝ Հայաստանում քաղաքական վերջին պրոցեսի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտվելը կակտիվացնի՞ արդյոք գերիների վերադարձի գործընթացը, բայց ամեն դեպքում ևս մեկ անգամ ընդգծում է, որ խնդիրը Ռուսաստանի մշտական ուշադրության կենտրոնում է, և աշխատանքն այս ուղղությամբ շարունակվելու է: Անդրադառնալով նախորդ շաբաթ Միացյալ Նահանգների և Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ 15 հայ գերիների վերադարձին՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանն ասաց, որ Մոսկվան ողջունել է այդ քայլը՝ ավելացնելով, որ այդ փոխանակումն էլ, իր կարծիքով, տեղի չէր ունենա, եթե չլիներ ռուսական կողմի և ռուսաստանյան խաղաղապահների նախապատրաստական և շատ շոշափելի աշխատանքը:
12:41 - 22 հունիսի, 2021
Ռուսաստանը եղել է, կա և լինելու է Հայաստանի և հայ ժողովրդի հետ և՛ դժբախտության, և՛ ուրախության պահերին. Սերգեյ Կոպիրկին

Ռուսաստանը եղել է, կա և լինելու է Հայաստանի և հայ ժողովրդի հետ և՛ դժբախտության, և՛ ուրախության պահերին. Սերգեյ Կոպիրկին

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ուղերձ է հղել պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ: «Ռուսաստանի արտաքին քաղաքական կոորդինատների համակարգում մեր մերձավոր գործընկերների, դաշնակիցների հետ հարաբերությունները, անշուշտ, առաջնահերթություն են:  Եղբայրական Հայաստանի հետ կապերը առանձնահատուկ տեղ են զբաղեցնում, ինչն ամբողջապես դրսևորվում է հայ ժողովրդի համար ոչ դյուրին այս ժամանակահատվածում: «Ընկերները փորձանքի մեջ են ճանաչվում»՝ ասվում է ռուսական ասացվածքում: Հայտնի է, թե ինչ ջանքեր և ռեսուրսներ է ուղղել և շարունակում է ուղղել Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները նախ՝ դադարեցնելու և ապա՝ հետպատերազմյան վերականգնում ապահովելու, խաղաղությունը պահպանելու, էսկալացիա թույլ չտալու համար: Ռուսական խաղաղապահ զորակազմը և ԼՂ-ում հումանիտար արձագանքման միջպետական կենտրոնը, մեր սահմանապահները Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում օգնում են հաղթահարել պատերազմի ողբերգական հետևանքները, այդ թվում՝ ռազմագերիների և պահվող անձանց խնդիրը, ինչպես նաև հայ քաղաքացիների սրտերում խաղաղության, հանգստության և զարգացման հույս են ներշնչում: Ռուսաստանը եղել է, կա և լինելու է Հայաստանի և հայ ժողովրդի հետ և՛ դժբախտության, և՛ ուրախության պահերին»,- մասնավորապես ասված է Կոպիրկինի ուղերձում:
14:40 - 12 հունիսի, 2021
ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Մեղրիի սահմանապահ ջոկատ

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Մեղրիի սահմանապահ ջոկատ

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ այցելության շրջանակներում հունիսի 3-ին այցելել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Մեղրիի սահմանապահ ջոկատ, ծանոթացել ծառայության պայմաններին, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել Հայաստանում տարբեր տարիներին զոհված հերոս սահմանապահների հիշատակին: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջը: «Ռուսաստանյան դիվանագիտական առաքելության ղեկավարը եղել է Հայաստանի՝ ռուս սահմանապահների կողմից պահպանվող ամենահարավային՝ ՀՀ-ի, Իրանի և Ադրբեջանի սահմանների հատման կետում, այցելել է «Կարճևան» սահմանային անցակետ, ինչպես նաև հանդիպել է Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի հետ: ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է նաև «Ագարակի պղինձ-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, որը տարածաշրջանի խոշորագույն հարկատուներից ու գործատուներից է: Կոմբինատի տնօրեն Անդրեյ Սինյակովը, ներկայացնելով ձեռնարկության ընթացիկ գործունեությունը, հայտնել է իրականացվող բնապահպանական միջոցառումների և այս տարվա հունիսի վերջին կոմբինատի՝ ամբողջապես փակ ցիկլով ջրօգտագործման անցնելու մասին, ինչը պրակտիկորեն բացառելու է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը: Ձեռնարկության ղեկավարը պատմել է նաև տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղվող աջակցության ու սոցիալապես նշանակալի ծրագրերի իրականացման մասին», - նշված է հաղորդագրության մեջ:    
17:19 - 04 հունիսի, 2021
Ռուսաստանը մեծացնում է Սյունիքի սահմանապահների թիվը. Հայաստանում ՌԴ դեսպան

Ռուսաստանը մեծացնում է Սյունիքի սահմանապահների թիվը. Հայաստանում ՌԴ դեսպան

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ, տեղեկացրել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը: Կողմերը քննարկել են իրավիճակը Սյունիքում, այդ թվում՝ սահմանամերձ շրջաններում: Դիվանագիտական ​​առաքելության ղեկավարը նշել է. «Ռուսաստանն իր դաշնակցային պարտավորությունների կատարման շրջանակներում զգալի ներդրում է կատարում եղբայրական Հայաստանի անվտանգության ապահովման գործում: Մասնավորապես, ավելացել է Ռուսաստանի սահմանապահ զորքերի թիվը, նրանց գործունեությունն ապահովելու համար հատկացվել են զգալի նյութական, տեխնիկական և ֆինանսական միջոցներ»: Մարզպետը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը և նրա ղեկավարությանը՝ 2020-ի աշնանը արյունահեղությունը դադարեցնելու և հակամարտությունից հետո վերականգնմանն ուղղված անգնահատելի ներդրման համար: Պողոսյանը բարձր է գնահատել տարածաշրջանում ռուս սահմանապահների ծառայությունը: Զրույցի ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջև համագործակցության ներկա վիճակն ու ընդլայնումը, ինչպես նաև Սյունիքի սոցիալական ու տնտեսական զարգացման արդի խնդիրները: Դեսպանը հավաստիացրել է, որ Ռուսաստանը շարունակելու է աջակցել տարածաշրջանի տնտեսական ներուժին, ներառյալ՝ զբոսաշրջության ոլորտում: Այս համատեքստում Կոպիրկինը նշել է, որ տեսանելի է ռուսական կապիտալի ներկայությունը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից այն ծրագրերի ֆինանսավորումը, որոնք իրականացվում են ՄԱԿ-ի կառույցների միջոցով և ուղղված են բնակչության տարբեր խմբերի ու տնտեսության ճյուղերի աջակցմանը: Դեսպանը նաև շնորհավորել է մարզպետին «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի մեկնարկի կապակցությամբ, որի ընթացքում, ինչպես սպասվում է, Կապանում տեղի կունենան մի շարք խոշոր միջոցառումներ:
16:43 - 04 հունիսի, 2021
ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սյունիքի մարզ |armenpress.am|

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սյունիքի մարզ |armenpress.am|

armenpress.am:   Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հունիսի 2-ից աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջի միջոցով տեղեկացնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը:  Ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը ծանոթացել է Գորիս - Կապան ավտոճանապարհի (Որոտան, Շուռնուխ) սահմանային հատվածում տեղակայված անցակետերում ռուս և հայ սահմանապահների ծառայությանը, ինչպես նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից լուծվող խնդիրների առանձնահատկություններին:   Մարզկենտրոն Կապանում Սերգեյ Կոպիրկինին դիմավորել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, ով դեսպանին ներկայացրել է քաղաքում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում սահմանապահների մասնակցության համար։
15:40 - 03 հունիսի, 2021
Հայկ Չոբանյանն ընդունել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը

Հայկ Չոբանյանն ընդունել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայկ Չոբանյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը ռազմավարական նշանակություն ունի երկրի և տնտեսության զարգացման համար: «Ոլորտում համագործակցության մեծ ներուժ կա՝ թվային տնտեսությունից մինչև գիտահետազոտական գործունեություն: Ինչպես հայտնի է, դեռևս Խորհրդային Միության կազմում՝ Հայաստանը կարևոր տեղ է գրավել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, էլեկտրոնիկայի արտադրության ոլորտում, և Խորհրդային Միությունից ժառանգած կարողությունները ներկայումս լավ հիմք են ստեղծել ՀՀ-ում ինժեներական ոլորտի զարգացման և արդյունաբերական ոլորտն ակտիվացնելու համար»,- ասել է Հայկ Չոբանյանը: Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել տեխնոլոգիական ոլորտում հայ–ռուսական համագործակցության հնարավորությունները և պատրաստակամություն հայտնել ընդլայնել ոլորտային փոխգործակցության շրջանակը: Դեսպանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել գերատեսչության առջև դրված խնդիրների իրականացման գործում։ Սերգեյ Կոպիրկինն իր հերթին կարևորել է երկու երկրների միջև համագործակցությունը և տեղեկացրել, որ ռուսական կողմը ևս շահագրգիռ է ընդլայնելու գործակցության ոլորտները և համատեղ ծրագրերի շրջանակները, մասնավորապես՝ ռադիոէլեկրոնիկայի, իրերի ինտերնետի, հաշվողական տեխնիկայի, անօդաչուների, բժշկական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման և շատ այլ հարցերի շուրջ, համագործակցությունն արդեն բավական լուրջ հիմքերի վրա է դրված: Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են այս տարի ամռանը նախարարի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք աշխատանքային այցին։
22:45 - 24 մայիսի, 2021
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Մայիսի 20-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Փոխխոսնակը կիսվել է կայանալիք արտահերթ պառլամենտական ընտրությունների նախաշեմին պետության ներկայիս ներքաղաքական զարգացումների մասին իր գնահատականներով։   Կողմերն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ կյանքի վերադարձման, ինչպես նաև հայ-ադրբեջական սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված բարեկամական պարտականությունների շրջանակներում ՌԴ կողմից ձեռնարկվող ջանքերի կարևորությունը։ Ընդգծվել է սահմանային միջադեպը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով արագ կարգավորելու երկկողմ հետաքրքրվածությունը։   Զրուցակիցներն արձանագրել են, որ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության պայմանների ձևավորումը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի շահերից։ Դրան են միտված 2020 թ․ նոյեմբերի 9-ի և 2021 թ․ հունվարի 11-ի՝ ղեկավարների եռակողմ հայտարարությունների իրագործման համար ստեղծված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ աշխատանքային խմբի գործունեությունը։
21:57 - 20 մայիսի, 2021
Մեծ Հաղթանակը Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր ժառանգության փառավոր էջերից մեկն է. ՌԴ դեսպանի ուղերձը

Մեծ Հաղթանակը Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր ժառանգության փառավոր էջերից մեկն է. ՌԴ դեսպանի ուղերձը

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ուղերձ է հղել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ՝ նշելով, որ Մեծ Հաղթանակը Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր պատմության, ընդհանուր ժառանգության փառավոր էջերից մեկն է, որի կարևորագույն տարրերից են Ռուսաստանի և Հայաստանի միջև իրական եղբայրական հարաբերություններն այսօր, մշակույթների փոխկապակցվածությունը, հոգևոր ընդհանրությունը, հավատարմությունը մնայուն արժեքներին: ՌԴ դեսպանի ուղերձում ասված է․  «Հարգելի ընկերներ: Այսօր մենք նշում ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ ամյակը։ Ամեն անգամ, երբ երկրները և ժողովուրդները դժվարին ժամանակներ են ապրում, նրանք նայում են դեպի իրենց անցյալը, փնտրում են այնտեղ այն հենարանը, այն աղբյուրը, որը կարող է բարձրացնել ոգին, ամրացնել բարոյական ուժերը։ Հայրենասիրությունը, հայրենիքի հանդեպ սերը եղել են, կան ու կլինեն ցանկացած երկրի անվտանգության ու զարգացման ապահովման որոշիչ գործոն: Ռուսաստանցիների և հայերի, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության մյուս ժողովուրդների համար, որն իր վրա է վերցրել սարսափելի պատերազմի ծանրությունը, Հաղթանակի օրը հատուկ տոն է, շատ առումներով խորապես անձնական, քանի որ մեր երկրներում, թերևս, չկան ընտանիքներ, որոնց չի անդրադարձել պատերազմը: Դա պարզապես պատմական ամսաթիվ չէ, դա հիշողություն է մեր պապերի ու նախապապերի հերոսության ու արիության մասին, հիշեցում անչափ բարձր գնի մասին, որը մեր ժողովուրդները վճարել են խաղաղության համար։ Մենք ոչ միայն սգում ենք զոհվածների համար, այլև հպարտանում ենք նրանցով, ովքեր գլուխ չեն խոնարհել չարիքի առջև և նվաճել են կյանքի և արժանապատվության իրավունքը՝ ոչ միայն իրենց համար: Մեծ Հաղթանակը մեր ընդհանուր պատմության, մեր ընդհանուր ժառանգության փառավոր էջերից մեկն է, որի կարևորագույն տարրերից են Ռուսաստանի և Հայաստանի միջև իրական եղբայրական հարաբերություններն այսօր, մեր մշակույթների փոխկապակցվածությունը, հոգևոր ընդհանրությունը, հավատարմությունը մնայուն արժեքներին: Մեր երկրներում խնամքով են վերաբերվում պատերազմի հիշատակին, մեծ նշանակություն տալիս դրա մասին պատմական ճշմարտության պահպանմանը: Ցավոք, դրա համար հիմա ստիպված ենք պայքարել, դիմակայել պատմության կեղծման, նացիզմի հերոսացման, ֆաշիստների կողմից մարդկության դեմ կատարած հանցագործությունների ժխտման փորձերին`ազատարարների դերի նսեմացմանը: Հաղթանակի օրը լուսավոր, ուրախ և միևնույն ժամանակ տխուր տոն է: Տոն` արցունքներն աչքերին, ինչպես հայտնի երգում է ասված: Այս օրը երկրագնդի բոլոր ազնիվ մարդիկ գլուխ են խոնարհում ի նշան հիշատակի և երախտագիտության նրանց, ովքեր իրենց կյանքով, իրենց մարտական սխրանքով և ծանր աշխատանքով ապահովեցին Մեծ հաղթանակը: Այս տարի մենք նշում ենք ևս մեկ հոբելյան, ողբերգական` Խորհրդային Միության վրա Ֆաշիստական Գերմանիայի նենգ հարձակման 80-ամյակը: Հաղթանակի օրը, ինչպես միշտ, հատուկ շնորհավորանքներ և երախտիքի խոսքեր են ուղղված մեր թանկագին վետերաններին: Դուք մեզ համար կենդանի հիշողություն եք` արժանի ընդօրինակման: Խորին խոնարհում, քաջ առողջություն և հոգու տոկունություն ձեզ, իսկ մեզ բոլորիս` խաղաղություն, համաձայնություն և բարեկեցություն»։    
17:10 - 09 մայիսի, 2021
Լավ, արդյունավետ, կառուցողական․ ՀՀ-ում ՌԴ դեսպանը Սերգեյ Լավրովի այցի մասին |armenpress.am|

Լավ, արդյունավետ, կառուցողական․ ՀՀ-ում ՌԴ դեսպանը Սերգեյ Լավրովի այցի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կապիրկինը լավ, արդյունավետ և կառուցողական է համարում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան։ Կոպիրկինը այս մասին ասաց մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ ամփոփելով Սերգեյ Լավրովի Հայաստան այցելությունը։ «Քննարվել է  հարցերի ամբողջ փաթեթը, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանում տիրող և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Կարծում եմ, որ ԱԳՆ համապատասխան ներկայացուցիչները տվել և տալու են գնահատականներ։ Բայց, իմ կարծիքով, դա լավ, արդյունավետ, կառուցողական այց էր մեր հարաբերությունների մակարդակին, մեր քաղաքական երկխոսության մակարդակին լիովին համապատասխան»,- ասաց Կոպիրկինը։ Կոպիրկինը նշեց նաև, որ Լավրովի հետ քննարկվել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերինների վերադարձի հարցը։ Հարցին, թե արդյոք հայ գերիների հարցը մնում է ռուսական օրակարգում, ՌԴ դեսպանը պատասխանեց․ «Իհարկե»։
13:20 - 09 մայիսի, 2021
Վաղարշակ Հարությունյանը Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանն անդրադարձել է գերիներին Հայաստան վերադարձնելու հարցի կարևորությանը

Վաղարշակ Հարությունյանը Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանն անդրադարձել է գերիներին Հայաստան վերադարձնելու հարցի կարևորությանը

Ապրիլի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Ռուսաստանի Դաշնության դերակատարումն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը: Բարձր գնահատելով Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը՝ Վաղարշակ Հարությունյանը կրկին անդրադարձել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց Հայաստան վերադարձնելու հարցի կարևորությանը և խնդրի անհապաղ լուծման անհրաժեշտությանը: Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ ռազմական համագործակցությանը, ՌԴ տարածքում կայանալիք համատեղ զորավարժությունների պլանավորմանն ու կազմակերպմանը վերաբերող հարցեր: Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, ինչպես նաև արդյունավետ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում:  
18:57 - 15 ապրիլի, 2021
Էդմոն Մարուքյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ռազմագերիների վերադարձի հարցը

Էդմոն Մարուքյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ռազմագերիների վերադարձի հարցը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և Հայաստանում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ռազմագերիների վերադարձի հարցը: Այս մասին Մարուքյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Այսօր հանդիպել եմ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հանդիպման ընթացքում կարևորել եմ հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու հարցում ՌԴ գործադրած ջանքերը, ինչպես նաև, ի թիվս այլ հարցերի, քննարկել տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները, հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և պատերազմի հետևանքների հետ կապված հումանիտար հարցերը»,- գրել է Մարուքյանը։
22:30 - 13 ապրիլի, 2021