Լիլիթ Մակունց

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է։ 7-րդ գումարման Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն էր, դրանից առաջ՝ ՀՀ մշակույթի նախարարը։

Ծնվել է 1983թ․ նոյեմբերի 7-ին։ 1999-2003 թվականներին սովորել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան։

Նույն ֆակուլտետում 2003-2005 թվականներին սովորել է մագիստրատուրայում: 2014 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում: 2015 թվականի ամռանը անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում: 2005 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում:

2018 թվականի փետրվարին զբաղեցրել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի եւ համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

2021 թվականի օգոստոսին նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։

ԲՀԿ-ն որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ է. Մակունց |armenpress.am|

ԲՀԿ-ն որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ է. Մակունց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի առաջնորդվում սեփական քաղաքական օրակարգով, այլ որոշակի քաղաքական որոշակի ուժերի ազդեցության տակ է։  Մակունցը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս են վերաբերվում նրան, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե հանրահավաք է անցկացնելու:  «Ես կարծում եմ՝ ինչպես 2015 թվականին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չէր առաջնորդվում իր սեփական քաղաքական կուսակցական օրակարգով, այլ գտնվում էր այլ քաղաքական ուժերի ազդեցության տակ, այնպես էլ այսօր այս պարագայում, կարծում եմ, որ նույն իրավիճակն է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի առաջնորդվում սեփական քաղաքական օրակարգով և գտնվում է որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ: Եվ ինչպես 2015 թվականին տեղի ունեցավ, կարծում եմ՝ քաղաքական այլ ուժերի ազդեցության տակ գտնվելու համատեքստում արդյունքը բավականին կանխատեսելի է»,-ասաց Մակունցը: Անդրադառնալով հարցին, թե ինչ հիմքեր ունի, նման պնդում անելու համար, պատասխանեց՝ տարբեր:
13:18 - 04 սեպտեմբերի, 2020
«Իմ քայլը» խմբակցությունը էթիկապես ճիշտ չի համարում դիրքորոշում հայտնել ՍԴ դատավորի թեկնածուների վերաբերյալ․ Լիլիթ Մակունց

«Իմ քայլը» խմբակցությունը էթիկապես ճիշտ չի համարում դիրքորոշում հայտնել ՍԴ դատավորի թեկնածուների վերաբերյալ․ Լիլիթ Մակունց

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու ՀՀ-ում բարեփոխումների օրակարգին առնչվող հարցեր։Նախապես որոշված օրակարգ չկար։  Ընթացիկ քննարկումներ էին: Անդրադարձել ենք արտաքին քաղաքական հարցերի, ՀՀ-ում բարեփոխումների օրակարգին, ընդհանուր արժեքային մոտեցումներ ենք քննարկել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով խմբակցության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։  Մակունցը շեշտեց, որ ՍԴ դատավորների թեկնածուների հարցը չի քննարկվել։  Վերջինս ընդգծեց, որ խմբակցությունը էթիկապես ճիշտ չի համարում դիրքորոշում հայտնել ՍԴ դատավորի թեկնածուների վերաբերյալ։ Խմբակցության ղեկավարի խոսքով պատգամավորներն իրենց կարծիքը կարտահայտեն փակ, գաղտնի քվեարկությամբ։ Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք քննարկվել է կորոնավիրուսի համավարակի և արտակարգ դրության երկարացման հարցը, խմբակցության ղեկավարը նշեց, որ կորոնավիրուսի համավարակի թեմային անդրադարձ եղել է, իսկ արտակարգ դրության երկարաձգման վերաբերյալ վերջին տեղեկությունը Տիգրան Ավինյանի հայտարարությունն է։ Հիշեցնենք, որ պարետը նշել էր, որ արտակարգ դրության ժամկետը այլևս չի երկարաձգվելու։  «Նիստը եղել է փակ, այդ պատճառով բոլոր մանրամասները չեմ կարող հայտնել։Հանդիպմանը ներկա են եղել Նիկոլ Փաշինյանը, «Իմ քայլը» խմբակցության գրեթե 90 տոկոսը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներից մեկը»,- եզրափակեց Մակունցը։   
15:33 - 24 օգոստոսի, 2020
«Դեռևս առիթ կունենանք թեկնածուին լսելու ԱԺ նիստերի դահլիճում»․ Լիլիթ Մակունցը՝ Էդգար Շաթիրյանի մասին |pastinfo.am|

«Դեռևս առիթ կունենանք թեկնածուին լսելու ԱԺ նիստերի դահլիճում»․ Լիլիթ Մակունցը՝ Էդգար Շաթիրյանի մասին |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցությունը հանդիպեց ՍԴ դատավորի հնարավոր թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Էդգար Շաթիրյանը դեռևս կառավարության թեկնածուն չէ։ «Պարոն Շաթիրյանին նախկինում առիթ ունեցել ենք առանձին հարցեր ուղղելու, կրկնվող հարցեր չենք ունեցել, քանի որ պարոն Շաթիրյանի տեսակետը մեզ հայտնի է եղել։ Հնչեցրել ենք հարցեր, որոնք առնչվում են արդեն նոր կառույցի հնարավոր կարգավիճակին։ Որպես հնարավոր թեկնածու մեզ բոլոր հուզող հարցերը ուղղել ենք։ Ինչ վերաբերում է թեկնածությունը պաշտոնապես ներկայացնելուն, ապա դեռևս առիթ կունենանք թեկնածուին լսելու ԱԺ նիստերի դահլիճում, այնուհետև գաղտնի քվեարկությամբ մեր դիրքորոշումը կհայտնենք»։ Մակունցը տեղեկացրեց, որ եթե լրացուցիչ հանդիպելու անհրաժեշտություն առաջանա, ապա խմբակցությունը այդ մասին կտեղեկացնի։ Իսկ քննարկմանը տիրող տրամադրությունների մասին չխոսեց։ «Տարբեր հարցերի շուրջ ենք քննարկում ունեցել՝ այդ թվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամից հրաժարվելու հետ կապված իր որոշմանը։ Կարծում եմ, եթե պարոն Շաթիրյանը կառավարության կողմից առաջադրվի, ապա առիթ կունենա այդ մասին հրապարակային հնչեցնելու»։Անդրադառնալով կառավարության ներկայացրած նախկին թեկնածու Վահրամ Ավետիսյանի՝իր համաձայնությունը հետ վերցնելուն, Մակունցը նշեց, որ ինքն այլ կերպ է ընկալել պարոն Ավետիսյանի դիրքորոշումը։ «Կարծում եմ պարոն Ավետիսյանի մոտ որոշ տպավորություններ ձևավորվել են առանձին պատգամավորների սուր հարցադրումներից։ Մեր բոլոր հանդիպումներում, տարբեր թեկնածուների հետ մշտապես հնչում են սուր հարցեր, ու դրանցով պայմանավորված տպավորությունները ոչ միշտ է, որ համընկնում են իրականությանը։ Ես կարծում եմ՝ որևէ մեկը մեզանից չի կարող իմանալ, թե որևէ թեկնածու քանի քվե կստանա, որոշում չի կայացվում այդ մասով»։ Լիլիթ Մակունցը նաև անդրադարձավ դատարանների միավորման մասին քննարկումներին։ «Գիտենք որ սահմանադրական փոփոխությունները քննարկվում են, հնչում են տարբեր տեսակետներ՝ նաև բավականին տրամաբանական մոտեցումներ, այդ թվում Վճռաբեկ դատարանի կրկնվող գործառույթների և տեղ- տեղ ՍԴ-ին հակասող գործողությունների վերաբերյալ։ Տրամաբանական է, որ այդ հարցերը քննարկվում են։ Աշխատանքային խմբի դիրքորոշումը քննարկումից հետո պարզ կլինի, խմբակցությունն էլ կարծիքը կհայտնի»։
16:53 - 22 օգոստոսի, 2020
Վահրամ Ավետիսյանի հետ հանդիպումն անցել է այնպես, ինչպես մյուս բոլոր թեկնածուների հետ, հնչել են նաև սուր հարցեր․ Լիլիթ Մակունց

Վահրամ Ավետիսյանի հետ հանդիպումն անցել է այնպես, ինչպես մյուս բոլոր թեկնածուների հետ, հնչել են նաև սուր հարցեր․ Լիլիթ Մակունց

Գիտեք, որ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է  բոլոր թեկնածուների հետ, անկախ նրանից, թե որ կառույցի համար  է ներկայացվում թեկնածությունը։ Նախապես հանդիպում ենք բոլոր թեկնածուների հետ և պարոն Երվանդ Խունդկարյանը  նույնպես բացառություն չէր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով այսօր՝ խմբակցության և ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդակյանի միջև տեղի ունեցած հանդիպմանը։  Մակունցը տեղեկացրեց, որ հանդիպմանը  խմբակցության ոչ բոլոր անդամներն են ներկա եղել, ներկա է եղել գրեթե կեսը։ «Պատգամավորները ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը, նաև հանրության շրջանում շրջանառվող, այն որոշակի շեշտադրումները, որոնք մամուլում շրջանառվել են, դրանք նույնպես ուղղվել են պարոն Խունդկարյանին։ Այդքանը կարող եմ ասել, այս կապակցությամբ խմբակցությունը այլ մեկնաբանություն չունի»,- ասաց խմբակցության ղեկավարը։  Անդրադառնալով, այն հարցին, թե ինչպե՞ս էր անցել ՍԴ դատավորի նախկին թեկնածու Վահրամ Ավետիսյնաի հետ տեղի ունեցած հանդիպումը, և ինչո՞ւ Ավետիսյանը հրաժարվեց իր թեկնածությունից, Մակունցն ասաց․ «Վահրամ Ավետիսյանի հետ հանդիպումն անցել է այնպես, ինչպես մյուս բոլոր թեկնածուների հետ, այսինքն հնչում են տարբեր հարցեր, այդ թվում սուր, որը հնչել է։ Նորից եմ ուզում կրկնել, որ բոլոր թեկանծուների հետ հանդիպման դեպքում է լինում նման բան։ Հավանաբար դա է պատճառը, որ առանձին պատգամավորների հարցադրումներից պարոն Ավեիսյանի մոտ կար նման տպավորություն, թե ինքը չի ստանա անհրաժեշտ քանակով քվե։ Պետք  էարձանագրենք, որ պարոն Ավետիսյանը ինքն է որոշել, որ չի ուզում, որպեսզի Ազգային ժողովը և կառավարությունը  դիտարկեն իր թեկնածությունը , այստեղ մենք անելիք չունենք, այլ թեկնածուն կայացրել է և մենք հարգում ենք այն և մաղթում ենք մասնագիտական հաջողություններ»։ Պատգամավորի փոխանցմամբ այս պահին «Իմ քայլը»խմբակցությունը չունի տեղեկություն՝ կառավարությունն ունի՞ նոր թեկնածու, թե ոչ։  «Ինչ վերաբերում է պարոն Ավետիսյնաին և պարոն Խուդկարյանին ուղղված հարցերին, երկուսն էլ  իրավական դաշտում գործունեություն են ծավալել, բայց իրենց ուղղված հարցերը, այնուամենայնիվ  որոշ չափով տարբերվում են։  Լիագումար նիստի ընթացքում նույնպես կհնչեն հարցեր և պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ, իրենք կորոշեն   ինչ ընտրություն են կատարում»,- շեշտեց Մակունցը։  Անդրադառնալով արտախորհրդարանական և խորհրդարանական ընդդիմադիր ուժերի գնահատականին, թե ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները հակաօրինական են, Մակունցն ընդգծեց, որ իրենք  հավատարիմ են մնում իրենց  հանձնառությանը, որն է՝  անկաշկանդ, անաչառ և պրոֆեսիոնալ դատական համակարգ ունենալը։  «ՍԴ-ի հետ կապված ամբողջ գործընթացում մեր ելույթները որոնք հնչել են, թե ինչպիսի մոտեցում ունենք մենք՝ ապագա ՍԴ դատավորների հետ կապված, զերծ է որևէ քաղաքական ազդեցությունից, մենք հենց այդ սկզբունքներով ենք առաջնորդվում։ Արտախորհրդարանական ուժերի կամ առանձին անձանց մեկնաբանությւոնները թույլ տվեք չմեկնաբանել»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը։
17:05 - 18 օգոստոսի, 2020
Ամուլսարի թնջուկի հետ կապված լուծումները օրենսդիրի դաշտում չեն. Լիլիթ Մակունցը՝ հարցի հետ կապված իշխանության վերջանական դիրքորոշումը հայտնելու մասին |tert.am|

Ամուլսարի թնջուկի հետ կապված լուծումները օրենսդիրի դաշտում չեն. Լիլիթ Մակունցը՝ հարցի հետ կապված իշխանության վերջանական դիրքորոշումը հայտնելու մասին |tert.am|

tert.am: Ամուլսարի հետ կապված իրադարձությունները չեն հանդարտվում, վերջնական դիրքորոշում այդ հարցի հետ կապված իշխանությունը ե՞րբ է ունենալու,  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Ամուլսարի հետ կապված հարցերը օրենսդիրի դաշտում չեն, մնացյալը նախորդ տարի կառավարությունն իր մոտեցումները ներկայացրել էր, որի հետ կապված, որքանով տեղյակ եմ, փոփոխություն տեղի չի ունեցել, իսկ ընդհանարապես Ամուլսարի խնդրի, թնջուկի հետ կապված լուծումները օրենսդիրի դաշտում չեն»: Ինչ վերաբերում է մամուլի այն տեղեկություններին, որ պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցով անձամբ նա է զբաղվելու, քանի որ վերջինս խաբել է նույնիսկ իրեն, Մակունցը նշեց. «Հայկ Սարգսյանի հետ կապված միջադեպին առնչվող հարցերով անձամբ իրեն դիմեք»:
17:45 - 10 օգոստոսի, 2020
Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի միջև

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի միջև

Հուլիսի 31-ին ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ համապատասխանաբար ՀՀ Աժ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի նախագահ Լիլիթ Մակունցի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Ջոզեֆ Փըլոնի կողմից:   Ողջունելով հյուրերին՝ Լիլիթ Մակունցն ու Ֆրենկ Փըլոնը կարեւորել են ստորագրումից հետո համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու եւ հաստատել են խորհրդարանական խորհրդատվական հանձնաժողով ստեղծելու մտադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի եւ ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ: Կանոնավոր հանդիպումների միջոցով համատեղ հանձնաժողովը կդառնա համապարփակ քննարկումների համապատասխան հարթակ` միտված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերհանմանը՝ ԱՄՆ եւ ՀՀ միջեւ համագործակցության ամրապնդման նպատակով: Փոխըմբռնման հուշագիրը վերահաստատումն էր հայ-ամերիկյան խորհրդարանական համագործակցության երկարարամյա պատմության եւ նախանշումը նոր գործընկերային հարաբերությունների: Covid-19-ով պայմանավորված ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հեռավար՝ տեսազանգի միջոցով՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը: Միջոցառմանը բացման խոսքով եւ ելույթներով հանդես են եկել նաեւ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Այն նախաստորագրվել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրի եւ Ադամ Շիֆի կողմից: Կողմերը պայմանավորվել են հետագայում փոխանակվել ստորագրված փոխըմբռնման հուշագրերով մյուս կողմերի ստորագրման համար: 
22:44 - 31 հուլիսի, 2020
Հայկ Սարգսյանը իր գործողությունների համար  կտուգանվի․ նա ասաց, որ կապ չունի խնջուքի կազմակերպման հետ․ Լիլիթ Մակունց

Հայկ Սարգսյանը իր գործողությունների համար կտուգանվի․ նա ասաց, որ կապ չունի խնջուքի կազմակերպման հետ․ Լիլիթ Մակունց

Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Հայկ Սարգսյանի հետ, նա ինձ տեղեկացրեց, որ ինքը որևէ միջոցառում չի կազմակերպել, մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ նաև այլ քաղաքացիներ են իրենց հանգիստը կազմակերպում։ Տեղեկացրեց, որ անզգուշություն է թույլ տվել մի պահ գտնվելով այդ վայրում, որը եղել է մարդաշատ, և ինքը եղել է առանց դիմակի։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով` երեկ Սևանում՝ White Shorja լողափում տեղի է ունեցած խնջույքին, որին մասնակցում էր նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Ըստ մամուլում շրջանառվող  լուրերի խնջույքը կազմակերպել էր հենց Սարգսյանը, իսկ տեսանյութերում երևում էր, որ վերջինս չի պահպանել պարետատան կողմից սահմանված կանոնները։  «Հայկ Սարգսյանը հայցում էր «Իմ քայլը» խմբակցության ներողամտությունը, որ անզգուշություն է թույլ տվել և դիմակ չի կրել։ Ես որքանով տեղյակ էմ, պետք է որ Հայկ Սարգսյանը իր գործողությունների համար արդեն իսկ տուգանված լինի։ Ես կարծում եմ, որ հարցը՝ արդյո՞ք Հայկ Սարգսյանը կապ ունի այդ հանգստյան գոտու հետ կարող եք նաև դուք ինքներդ ուղղել իրեն, բայց իմ հարցին ի պատասխան նա նշեց, որ կապ չունի թե՛ հանգստյան գոտու, և թե՛ միջոցառման կազմակերպման հետ։ Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա  պարետատան պահանջներին համապատասխան, եթե անգամ անզգուշություն է եղել այդ պահին, միևնույնն է այդ պատժամիջոցները կկիրառվեն նաև Հայկ Սարգսյանի նկատմամբ»,- նշեց Մակունցը։  
14:34 - 27 հուլիսի, 2020
Գնահատելով սեփական ուժերի անզորությունը՝ Ադրբեջանի իշխանությունները անում են հնարավոր ամեն բան, որպեսզի Թուրքիան ներգրավվի այս կոնֆլիկտում․ Լիլիթ Մակունց

Գնահատելով սեփական ուժերի անզորությունը՝ Ադրբեջանի իշխանությունները անում են հնարավոր ամեն բան, որպեսզի Թուրքիան ներգրավվի այս կոնֆլիկտում․ Լիլիթ Մակունց

Ճիշտ կլինի խորհրդարանական դիվանագիտությանն անդրադառնամ Տավուշի դեպքերի հետ կապված, որովհետև առհասարակ կախված է նրանից,թե մենք ինչ շեշտադրումներով ենք խոսում ։ Գիտենք, որ խորհրդարանական դիվանագիտության արդյուքնները օրով չեն և միանգամից չեն կարող ակնհայտ լինել, բայց այս երկու տարվա արդյունքում ակնհայտ էր, որ պատգամավորները իրենց գործուղումների ընթացքում կարողանում են ճիշտ ներկայացնել ՀՀ շահերից բխող բոլոր շեշտադրումները, ինչպես նաև այնպիսի գործընկերային կապ հաստատել, որը հնաևավորություն կտար այս ընթացքում նաև արագ արձագանքման միջոցով արագ արձագանքել Ադրբեջանի ագրեսիային։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով խորհրադարանական դիվանագիությանը և կատարաված աշխատանքներին։  Անդրադառնալով օրերս ԱՄՆ կոնգրեսի կողմից ընդունված բանաձևին, որը տարբեր մեկնաբանություններով համարվում է հակահայկական, չնայած դրանում Հայաստանի մասին որևէ կետ չկա, սակայն, ըստ բանաձևի՝ ԱՄՆ Պետարտուղարը Պաշտպանության քարտուղարի հետ մեկտեղ պետք է զեկույց ներկայացնի Ուկրաինային՝ Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում ներքին տեղահանվածների մասին։ Բացի դա զեկույցում պետք է ներգրավվի 1991-ից ի վեր օտարերկրյա ուժերի կողմից այդ երկրների ապօրինի գրավյալ տարածքներից տեղահնվածների և սպանվածների թվի վերաբերյալ։ Մակունցը նշեց, որ ըստ որոշ մեկնաբանությունների և  առանձին փորձագետների մեկնաբանությունների այս բանաձևը դիտարկվում է հակառուսական որոշակի շեշտադրումներով բանաձև։ Խմբակցության ղեկավարը իր խոսքում նշեց․ «Հավանաբար տեղյակ եք, որ նախնական տարբերակում եղել են մի քանի երկրներ, կարծում եմ Տավուշի դեպքերի հետ կապված, և նաև սահմանային սրացումների հետ կապված,  վերջին պահին ադրբեջանական լոբբինգի  շնորհիվ Ադրբեջան պետության անվանումը նույնպես ներառվել է բանաձևում, որը իհարկե ներառում է մեր շահերից չբխող շեշտադրումներ։ Բարդ բանաձև է , որի կապակցությամբ թե՛ Հայ դատը, և՛ թե հայկական կոնգրեսը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ, բայց ներկայացուցիչների պալատն արդեն ընդունել է բանաձևը, տեսնենք ինչ զարգացումներ կլինեն Սենատում»։ Խոսելով վերջին շրջանում Թուրքիայի գործելաոճի  մասին, պատգամավորը նշեց, որ ըստ իրեն՝ Ադրբեջանը հստակ գնահատելով սեփական ուժերի և սեփական Զինված ուժերի անզորությունը  Ադրբեջանի իշխանությունները անում են հնարավոր ամեն բան, որպեսզի Թուրքիան ներգրավվի այս կոնֆլիկտում։  « Ես կարծում եմ, որ Թուրքիան չի գնա նման քայլի և որևէ կերպ կոնֆլիկտի կողմ չի հանդիսանա, և դ ա հիմանվորում եմ հետևյալ ենթադրություններով՝1․կողմ դառնալու պարագայում, այն դեպքում, երբ խոսքը գնում է Ադրբեջանի ագրեսիայի դրսևորման  մասին՝ ՀՀ պետական սահմանների նկատմամբ, Թուրքիայի կողմ  դառանլու պարագայում ոչ միայն Հայաստանում այլև աշխարհում դիտարկվելու է Ցեղասպանության համատեքստում։ 2․ Այն պարագայում, երբ աշխարհի մի շարք երկրներ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը  և հաշվի առնելով նաև, որ Թուրքիան արդեն իսկ մի շարք տարածաշրջաններում ներգրավված է որպես կոնֆլիկտի ուղղակի կողմ, պարզապես Թուրքիայի այդ գործողությունները չեն ընդունվելու աշխարհի մի շարք պետությունների կողմից։ Այդ պատճառներով չեմ կարծում, որ այս պարագայում կներգրավվեն։ Ինչպես հասկանում ենք տարբեր վերլուծությունների արդյունքում, Թուրքիայի շարժառիթը պայմանավորված է  Ադրբեջանի ստահոդ քարոզչությամբ։ Իրենք փորձում էին համոզել, որ Հայաստանը փորձում է գազատար և նավթատար խողովակների նկատմամբ ոտնձգություն իրականացրել և դրանով փորձում էին Թուրքիան խրախուսել, որ ներգրավվի»,- եզրափակեց Մակունցը։ 
14:20 - 27 հուլիսի, 2020
Բարդ է, բայց ամեն ինչ անում ենք. Մակունցը՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ընդունված հակահայկական բանաձեւի մասին |armtimes.com|

Բարդ է, բայց ամեն ինչ անում ենք. Մակունցը՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ընդունված հակահայկական բանաձեւի մասին |armtimes.com|

armtimes.com: Օրերս ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովը բանաձեւ է ընդունել, որում թեեւ Հայաստանի անունը չկա, սակայն այն ակնհայտ հակահայկական տարրեր է պարունակում: Մասնավորապես, ըստ բանաձեւի՝ ԱՄՆ պետքարտուղարը, պաշտպանության քարտուղարի հետ համատեղ, պետք է զեկույց ներկայացնի Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ադրբեջանում ներքին տեղահանվածների կարգավիճակի վերաբերյալ, որում պետք է տեղեկություններ լինեն 1991 թվականից ի վեր օտարերկրյա ուժերի կողմից այդ երկրների ապօրինի գրավյալ տարածքներից տեղահանված, սպանված քաղաքացիների թվի վերաբերյալ: ՀՀ արտգործնախարարությունը դեռ չի արձագանքում այս բանաձեւին: Բազմաթիվ փորձագետներ սա գնահատել են շատ վտանգավոր քայլ՝ առաջին հերթին այն պատճառով, որ այս բանաձեւում հավասարության նշան է դրվում Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ադրբեջանի ներգրավմամբ կոնֆլիկտների միջեւ: Մինչդեռ, ըստ մասնագետների, մյուս կոնֆլիկտները շատ տարբեր են ԼՂ խնդրից: Թե ինչպես է այս բանաձեւը հայտնվել Կոնգրեսում՝ սրա հետ կապված եւս տեղեկությունները բազմազան են: Կան պնդումներ, որ ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունները Ադրբեջանի անունը այդ բանաձեւում ներառելու համար 120 հազար դոլար են վճարել: Թե ինչ է անելու հայկական կողմը բանաձեւի ընդունումը Սենատում թույլ չտալու համար՝ այդ մասին զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ  Մակունցի հետ: - Տիկին Մակունց, վստահաբար տեղյակ եք, որ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատում ընդունված 2021 թվականի Ազգային պաշտպանության մասին օրենքում ներառվել է բանաձեւ, որն իր մեջ հակահայկական տարրեր է պարունակում: Խնդրում եմ ասել, թե ինչ եք պատրաստվում անել՝ այս բանաձեւի ընդունումը Սենատում կանխելու համար: - Մենք, իհարկե, տեղյակ ենք եւ օպերատիվ կապի մեջ ենք առանձին կոնգրեսականների աշխատակազմերի հետ, ինչպես նաեւ Կոնգրեսում Ամերիկայի հայկական համագումարի եւ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ: Այս բանաձեւի կետ կապված նախ ուզում եմ ասել, որ այն փոփոխությունների փաթեթը, որը ներկայացվել է, ըստ առանձին մեկնաբանությունների՝ ընկալվում է մեծամասամբ որպես հակառուսական փաթեթ: Պիտի նշեմ, որ նախնական տարբերակում փաթեթում ներառված են եղել մի շարք պետություններ, որոնցից են Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, եւ վերջին պահին նախագիծը Ներկայացուցիչների պալատ ներկայացնելուց առաջ ադրբեջանական լոբբինգի շնորհիվ այնտեղ հայտնվել է Ադրբեջան պետության անունը: Այդ բանաձեւում նշված չի Հայաստանի անունը,  բայց բնականաբար այն պարունակում է հակահայկական տարրեր: Ինչպես գիտենք, Հայաստանի Հանրապետությունը կամ որեւէ այլ պետություն անմիջականորեն չի կարող միջամտություն ունենալ կոնգրեսում ընդունվող բանաձեւերի, որոշումների փոփոխության վրա: Այնուամենայնիվ մենք մեր բարեկամական խմբի շրջանակները եւ լիազորությունները օգտագործելով կապի մեջ ենք, հնարավորինս փորձում ենք հասկանալ, թե մեր ուժերի ներածին չափով ինչ կարող ենք անել եւ աշխատում ենք ըստ այդմ: Ինչպես գիտեք, փոփոխությունը, նախագիծը արդեն ներկայացվելու է Սենատին, Սենատը պետք է որոշում կայացնի՝ ընդունել կամ չընդունելու մասին եւ եթե ընդունի, այն արդեն դառնալու է օրենք: Ուզում եմ նորից ասել, որ այն, ինչ կախված է մեզանից եւ օրենքով հնարավոր է, որ մենք անենք, արվում է, խորհրդակցությունները եւ բանակցությունները վարում ենք: Պետք է ասեմ, որ այս ընթացքում կանխվել է  մի շարք այլ բանաձեւերի ընդունում, ինչպես նաեւ որեւէ կերպ դրանց որեւէ առաջխաղացում: - Որքանո՞վ է հավանական, որ սա նույնպես կհաջողվի կանխել: - Չեմ կարող ասել, դժվար է ասելը, բարդ է, որովհետեւ այն արդեն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից: Ենթադրում եմ, որ օգտագործելով այն հանգամանքը, թե ինչ հիմնական շեշտադրումներ են արված փոփոխությունների հիմքում, Ադրբեջանի լոբբինգը փորձել է առիթն օգտագործել նաեւ նեղ ազգային նպատակներով: - Դուք նշեցիք, որ բանաձեւն ավելի շատ մեկնաբանվում է որպես հակառուսական, դուք աշխատելո՞ւ եք նաեւ ռուսական կողմի գործընկերների հետ՝ ուժերը համատեղելու եւ բանաձեւի ընդունումը կանխելու համար: - Որպես հայ-ամերիկյան բարեկամական խմբի ղեկավար ես աշխատելու եմ գործընկերների հետ Կոնգրեսում՝ այնքանով որքանով հնարավոր է: Մնացյալը արդեն Արտաքին գործերի նախարարության դաշտում է եւ, կարծում եմ, լրացուցիչ պարզաբանումների եւ մեկնաբանությունների համար պետք է դիմեք ԱԳՆ, որովհետեւ մեր լիազորությունները շատ սահմանափակ են եւ սահմանափակվում են խորհրդակցությունների եւ կարծիքների փոխանակմամբ: - Մինչ արտգործնախարարությունը կհամաձայնի մեկնաբանել, խնդրում եմ ասել. տեղյա՞կ եք, որ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը հայտարարել է, թե ինքն ունի փաստաթղթեր, պայմանագրեր, որոնք վկայում են, որ Ադրբեջանը, իր խոսքերով, փեշով փող է տվել այս բանաձեւը ընդունելու համար: Վերցրե՞լ եք այդ փաստերը, կարիք կա՞ վերցնելու, թե՞ դուք էլ ունեք նման փաստեր: Ինչքանո՞վ սրանք կարող են օգտակար լինել: - Մենք ունենք ամբողջ տեղեկատվությունը, բոլոր փաստաթղթերը, որոնք առնչվում են այդ բանաձեւին, եւ անհրաժեշտության դեպքում Արտաքին գործերի նախարարությունը համապատասխան գործողություններ կիրականացնի եւ անհրաժեշտ կերպով ընթացք կտա հարցին: - Գումարով բանաձեւ ներառելը որեւէ կերպ կարո՞ղ է դառնալ առիթ, որպեսզի հենց դա ազդի ընդունվելու վրա: Կա՞ նման փորձ: - Չեմ կարող ասել, դա իմ դաշտում չէ: Ես նշեցի, թե մենք ինչ սահմանափակումներ ունենք, որից ելնելով մենք մի փոքր այլ շեշտադրումներով ենք աշխատում ԱՄՆ կոնգրեսականների հետ: Հայաստանի բարեկամ կոնգրեսականների հետ մենք խոսում ենք հենց Հայաստանի շահերից բխող շեշտադրումներ անելով:  Մնացյալը ավելի լայն ասպեկտով մեկնաբանելու համար պիտի նորից խնդրեմ դիմեք արտգործնախարարություն: Միեւնույն ժամանակ վստահեցնում եմ, որ մենք ունենք ամբողջ տեղեկատվական փաթեթը: - Տիկին Մակունց, նույն փոփոխությունների փաթեթում ընդունվեց կոնգրեսական Ֆրանկ Փալլոնիի բանաձեւը, որը թափանցիկ է դարձնում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնությունը: ԻՆչքանո՞վ է սա կարեւոր Հայաստանի համար, եթե հաշվի առնենք, որ 2018-ից ի վեր ԱՄՆ-ն Ադրբեջանին շուրջ 100 միլիոն դոլարի օգնություն է տվել: - Շնորհակալություն հարցի համար, սա շատ կարեւոր նախագիծ է, որը թույլ է տալու ի թիվս այլ երկրների նաեւ Ադրբեջանի նկատմամբ կիրառել վերահսկողական գործիքներ եւ գործընթացը դառնալու է հնարավորինս թափանցիկ: Դա հնարավորություն կտա վերահսկել, թե այն աջակցությունը, որը տրամադրվում է Ադրբեջանին՝ օգտագործվո՞ւմ է Հայաստանի դեմ, թե՞ ոչ: Ես կարծում եմ հետագայում դրան կհետեւեն այլ նախագծեր ամերիկացի գործընկերների կողմից, բայց սա շատ կարեւոր քայլ էր, որն իհարկե ողջունելի է եւ Հայաստանի համար բարենպաստ:  Շարունակությունը՝ armtimes.com-ում
09:55 - 24 հուլիսի, 2020
Միացյալ Թագավորության պատգամավորները նամակ են հղել ՄԹ ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբին. Մակունց

Միացյալ Թագավորության պատգամավորները նամակ են հղել ՄԹ ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբին. Մակունց

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում` տեղեկացնելով, որ Միացյալ Թագավորության պատգամավորները նամակ են հղել ՄԹ ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբին:  «Միացյալ Թագավորության Պառլամենտի ՄԹ-Հայաստան խորհրդարանական խմբի պատգամավորները, ի դեմս ղեկավար Թիմ Լաթընի, նամակ են հղել ՄԹ Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին՝ անելով կարևոր շեշտադրումներ: Նամակում, մասնավորապես, նշվում է ադրբեջանական կողմի սադրանքների մասին՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ այդ գործողությունները տեղի են ունեցել Հայաստանի Հարապետության սուվերեն տարածքում: Պատգամավորները նամակում մտահոգիչ են համարում ինչպես Ադրբեջանի պաշտպանության նախարարության Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու վերաբերյալ հայտարարությունը, այնպես էլ Հայաստանի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքները թիրախավորելը: ՄԹ-Հայաստան բարեկամական խմբի անունից շնորհակալություն եմ հայտնում մեր բրիտանացի գործընկերներին՝ ի դեմս Թիմ Լաթընի, ինչպես նաև Հայդատի մեր հայրենակիցներին` ի դեմս Անեթ Մոսկոֆյանի` իրենց ջանքերի համար: Շնորհակալություն նաև ՄԹ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին՝ մեր կողմից տրամադրված տեղեկատվությունն օպերատիվ կերպով բրիտանացի գործընկերներին փոխանցելու համար»,- գրել է նա:
09:18 - 24 հուլիսի, 2020
Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ քայլեր ձեռնարկել ՀՀ ԱԺ և ԱՄՆ Կոնգրեսի միջև փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ․ Մակունց

Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ քայլեր ձեռնարկել ՀՀ ԱԺ և ԱՄՆ Կոնգրեսի միջև փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ․ Մակունց

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի շրջանակներում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ տեսակոնֆերանսի միջոցով աշխատանքային քննարկում ունեցանք ԱՄՆ Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Հանդիպման սկզբում հայկական կողմը բարձր գնահատեց կոնգրեսականների ներդրումը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում, Հայաստանին և Արցախին մշտապես սատարելու հարցում:Կարևորվեց երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության հետագա ընդլայնումը և խորացումը: Հանդիպմանը ՀՀ պատգամավորները ներկայացրեցին հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվեցին նաև մարզի Բերդ քաղաքի և Չինարի ու Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության թիրախավորմամբ:Այդ համատեքստում օրենսդիրներն անդրադարձան նաև Թուրքիայի կողմից տարածաշրջանային անվտանգության խաթարման փորձերին: Հանդիպմանը կողմերն անդրադարձ կատարեցին նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խնդիրներին: Այդ առնչությամբ հայ պատգամավորները շնորհակալություն հայտնեցին ամերիկյան կողմին՝ Հայաստանին ցուցաբերված աջակցության համար։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ քայլեր ձեռնարկել ՀՀ ԱԺ և ԱՄՆ Կոնգրեսի միջև փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձել է նաև Ֆրենք Փըլոնն իր թվիթերյան էջում»,- գրել է Մակունցը:
10:24 - 18 հուլիսի, 2020
Թուրքիան ևս մեկ անգամ ապացուցում է, որ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը․ Մակունց

Թուրքիան ևս մեկ անգամ ապացուցում է, որ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը․ Մակունց

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին իրադարձությունների ծավալման ֆոնին Թուրքիան ադրբեջանական ռազմական ագրեսիան ողջունող և նույնիսկ խրախուսող հայտարարություններով ևս մեկ անգամ ապացուցում է, որ այդ պետությունը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը։Թուրքիայի այս գործելաոճը չպետք է անարձագանք մնա միջազգային հանրության կողմից, քանի որ հարցականի տակ է դրվում թե՛ մեր և թե՛ ավելի մեծ տարածաշրջանային կայունությունը։ Մենք խորհրդարանական դիվանագիտության բոլոր խողովակներով ուշադրություն ենք հրավիրում այս ռիսկի նկատմամբ և ակնկալում, որ միջազգային գործընկերների համար նույնպես տարածաշրջանային կայունության պահպանումը կլինի բացարձակ առաջնահերթություն»։
12:19 - 17 հուլիսի, 2020
ԱՄՆ 4 կոնգրեսականներ դիմել են Պոմպեոյին և Էսպերին խնդրանքով՝ վերանայել անվտանգության համար Ադրբեջանին տրամադրվող ֆինանսական միջոցները

ԱՄՆ 4 կոնգրեսականներ դիմել են Պոմպեոյին և Էսպերին խնդրանքով՝ վերանայել անվտանգության համար Ադրբեջանին տրամադրվող ֆինանսական միջոցները

ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենք Փըլոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիրը և Ադամ Շիֆը դիմել են Պետքարտուղար Մայք Պոմպեոյին և Պաշտպանության քարտուղար Մարկ Էսպերին՝ արտահայտելով իրենց մտահոգությունը վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության առնչությամբ և համարել այն Ադրբեջանի հետևողական ռազմատենչ հռետորաբանության ու քարոզչության մաս:Նրանք նաև դիմել են խնդրանքով՝ վերանայել անվտանգության համար Ադրբեջանին տրամադրվող ֆինանսական միջոցները, քանի որ մտահոգված են, որ դրանք օգտագործվում են Հայաստանի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին, ժամը 12։30, Տավուշի մարզում գտնվող մեր դիրքերից մեկին մոտեցել է ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենա, զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից, եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո, թողնելով մեքենան, վերադարձել են: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են եւ, կորուստներ կրելով, հետ շպրտվել:Ադրբեջանական կողմը պարբերաբար նոր գործողությունների էր դիմում՝ մինչեւ հուլիսի 14-ի, լույս 15-ի գիշերը։ Հուլիսի լույս 16-ի գիշերը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի  շարժ։  Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը,  կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։Հակառակորդն ունի տեխնիկայի զգալի եւ մարդկային տասնյակ կորուստներ՝ այդ թվում՝ բարձր սպայական կազմից․ պաշտոնապես հայտարարվել է 12 զոհի մասին։ Հայկական կողմն ունի 4 զոհ, 10 վիրավոր, որոնցից մեկի վիճակը հուլիսի 15-ի դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր։
09:31 - 16 հուլիսի, 2020