«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստեղծվել է 2019-ի հունվարի 14-ին։ Խմբակցությունում ընդգրկված է 25 պատգամավոր, խորհրդարանում երկրորդ ուժն է։

Խմբակցության ղեկավարն է Գագիկ Ծառուկյանը, քարտուղարը՝ Արման Աբովյանը։ 

Մյուս պատգամավորներն են՝ Աղաբաբյան Արայիկ Ռազմիկի, Առուստամյան Նորա Սեդրակի, Բաբայան Էդուարդ Վլադիմիրի, Բագրատյան Սերգեյ Պապաշի, Գեւորգյան Քաջիկ Նահապետի, Գրիգորյան Արթուր Գրիշայի, Գրիգորյան Վարդեւան Ֆաբրիցուսկի, Դալլաքյան Արթուր Ալբերտի, Զոհրաբյան Նաիրա Վահանի, Էնֆիաջյան Վահե Սարգսի, Իսայան Շաքե Ռոբերտի, Ծառուկյան Արտյոմ Ռաֆայելի, Հայրապետյան Ջանիբեկ Սերոբի, Ղուկասյան Վարդան Կոլյայի, Մադաթյան Հրանտ Ռոբերտի, Մանուկյան Դավիթ Անդրանիկի, Մելքումյան Միքայել Սերգեյի, Պետրոսյան Գեւորգ Վոլոդյայի, Պողոսյան Կարինե Համլետի, Սողոմոնյան Սողոմոն Սերյոժայի, Ստեփանյան Տիգրան Վաչիկի, Վարդանյան Վարդան Նահապետի, Տոնոյան Իվետա Սասունի։



Հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է 10 հազ. 531 իրավաբանական անձ և 639 հազ. 592 ընտանիք

Հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է 10 հազ. 531 իրավաբանական անձ և 639 հազ. 592 ընտանիք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների տնտեսական բլոկը ներկայացնող պատգամավորների հետ:  Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իր խոսքում վարչապետը նախ անդրադարձել է կառավարության հակաճգնաժամային միջոցառումների ընթացքին: «Ինչպես գիտեք, կառավարությունն այս պահի դրությամբ ընդունել է 13 հակաճգնաժամային ծրագիր: Կառավարության վաղվա նիստում մենք ունենք առնվազն ևս մեկ ծրագիր, որը կապված է ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման հետ: Պլանավորում ենք նաև որոշ փոփոխություններ իրականացնել միջոցառումների մեջ, որոնցով կկարգավորենք այս ընթացքում ստացած ահազանգերը, ազդակները»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:  Վարչապետը տեղեկացրել է, որ հակաճգնաժամային 1-ին միջոցառման շրջանակում, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվում ընկերություններին՝ աշխատավարձ, հարկեր, կոմունալ ծախսեր վճարելու և որոշ դեպքերում սննդի ներկրումներ, սարքավորումկներ ձեռք բերելու համար, արդեն իսկ բավարարվել է 259 հայտ, ֆինանսավորման ծավալը կազմում է 18 մլրդ դրամ:  2-րդ ծրագրով, որը վերաբերվում է գյուղատնտեսությանը՝ բավականին լայն օրակարգով, այս պահի դրությամբ բավարարվել է 3 հազար 419 հայտ, ֆինանսավորման ծավալը կազմում է 4 մլրդ 827 մլն դրամ: «Նաև մենք որոշում կայացրեցինք 4 մլրդ դրամի չափով վերաֆինանսավորում իրականացնել, որից 2 մլրդ դրամը կծախսվի միկրովարկերի, իսկ ևս 2 մլրդը՝ 3-12 մլն դրամի գյուղատնտեսական ծրագրային և ոչ միայն ծրագրային վարկերի վրա: Ընդ որում, այսօրվա քննարկումների արդյունքում մենք որոշեցինք, որ այս խմբի վարկերի սահմանափաչափերը կավելացնենք և կդարձնենք 3-ից 30 մլն դրամ՝ մի շարք ծրագրային ուղղություններով»,- ասել է վարչապետը:  3-րդ ծրագրով, որ վերաբերվում է տուժած փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեությանը և այն ընկերություններին, որոնք ունեն բարվոք և բարվոքին մոտ հարկային ու վարկային պատմություն, բավարարվել է 371 հայտ, ֆինանսավորման ծավալը կազմում է 4,1 մլրդ դրամ:  4-րդ միջոցառումը, որը սոցիալական է, վերաբերվում էր այն աշխատողներին, ովքեր որոշակի ժամանակահատվածում կորցրել են աշխատանքը և որոնց ընտանիքներում կա մինչև 14 տարեկան երեխա: Պարզվել է, որ այս ծրագրով շահառուների թիվը 1955 է, ֆինանսավորվել 195 մլն դրամ: Ծրագիրն արդեն ավարտված է: Խոսելով 5-րդ ծրագրի մասին, որը նույնպես տնտեսական բնույթի և դրամաշնորհային, վարչապետն ասել է. «Դրամաշնորհ ենք հատկացնում այն ընկերություններին, որոնք պահպանել են նախաճգնաժամային ժամանակաշրջանի աշխատատեղերը և աշխատավարձի ֆոնդը: Խոսքը 2-50 աշխատող ունեցող ընկերությունների մասին է և յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձը դրամաշնորհի կարգով վճարում է կառավարությունը: Այս պահի դրությամբ դրամաշնորհ ենք տրամադրել 9 հազար 901 տնտեսվարողի, դրամաշնորհի ծավալը կազմել է 1 մլրդ 600 մլն դրամ»,- ասել է գործադիրի ղեկավարը: Սոցիալական բնույթի 6-րդ միջոցառումը վերաբերվում էր ճգնաժամի շրջանում՝ մարտի 13-ից 25-ը, աշխատանքը կորցրած քաղաքացիներին: Այս ծրագիրը նույնպես ավարտվել է: Այդ չափանիշին համապատասխանել է 6 հազար 723 շահառու, նրանց վճարվել է ընդհանուր 457 մլն դրամ: 7-րդ միջոցառումն աջակցում էր այն ընտանիքներին, որտեղ կա հղի կին և ամուսինն աշխատանքը կորցրել է ճգնաժամի շրջանում: Այս միջոցառումը նույնպես ավարտված է: Ծրագրից օգտվել է 8 հազար 753 շահառու, վճարվել է ընդհանուր 875 մլն դրամ: 8-րդ միջոցառումը, որը վերաբերվում էր տուժած ոլորտների անհատ ձեռնարկատերերին և ոլորտների աշխատողներին աջակցելուն, այս պահի դրությամբ բավարարվել է 83 հազար 406 հայտ և վճարվել է 5 մլրդ 777 մլն դրամ: «9-րդ միջոցառումը վերաբերվում է այն ընտանիքներին, որտեղ ընդհանրապես չկա աշխատող և որտեղ կան երեխաներ և մենք այս միջոցով փորձել ենք գտնել, այսպես ասած չգրանցված աշխատողներին: 7-րդ միջոցառումն էլ այդպիսի նպատակադրում ունի: 9-րդ միջոցառումով այս պահի դրությամբ բացահայտվել է 52 հազար 791 հայտ, վճարված գումարը 1,4 մլրդ դրամ է: Ասեմ, որ 8-րդ և 9-րդ միջոցառումների շրջանակում մենք սպասում ենք, որ կունենանք 100 հազար և ավելի շահառու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով 10-րդ միջոցառմանը՝ վարչապետը նշել է, որ այն վերաբերում է միկրոբիզնեսի սուբյեկտներին: Այս պահի դրությամբ բավարարվել է 1485 հայտ, վճարվել է 83,4 մլն դրամ: «11-12-րդ միջոցառումները վերաբերվում են շահառուների կոմունալ ծախսերին: 11-րդ միջոցառման պարագայում ունենք 450 հազար 827 շահառու, ընդ որում այս թիվը պետք է համարյա կիսով չափ կրճատել, որովհետև հաշվառված են և գազի, և էլեկտրաէներգիայի շահառուները: Իհարկե ոչ ամբողջությամբ, որովհետև կլինեն շահառուներ, որոնք ունեն էլեկտրաէնեգիա, իսկ գազ չունեն: Այստեղ վճարված է 786 մլն դրամ: Այս ծրագրի շրջանակում գումարը փոխանցվում է շահառուների բաժանորդային հաշվիներին: 12-րդ ծրագիրը նույնպես վերաբերվում էր կոմունալ վարձերին: Այստեղ նույնպես թիվը պետք է մոտավորապես 40 տոկոսով կրճատել, շահառուները 486 հազար 434-ն են, վճարվել է 1,8 մլրդ դրամ»,- ասել է կառավարության ղեկավարը: 13-րդ միջոցառումը, որը վերաբերվում է նպաստառու ընտանիքներին նպաստի գծով աջակցություն ցույց տալուն, ունի 85 հազար 906 շահառու ընտանիք, որոնց կվճարվի 1 մլրդ 252 մլն դրամ: Այս վճարումը կիրականացվի ապրիլ ամսվա նպաստների հետ միասին: Ամփոփելով՝ վարչապետը նշել է. «Այս պահի դրությամբ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է 10 հազար 531 իրավաբանական անձ և մոտ 639 հազար 592 ընտանիք: Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում տեղաբաշխվել է 29 մլրդ 900 մլն դրամ: Մենք նաև հակաճգնաժամային բնույթ կամ դրա հետ առնչություն ունեցող որոշ որոշումներ ենք կայացնում, որոնք չեն հաշվառվում որպես հակաճգնաժամային միջոցառումներ: Այսօր Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի փոփոխությունների առաջարկը քննարկվեց, որն, այսպես ասած, միացյալ նախաձեռնություն էր: Շարունակում ենք ամենօրյա ռեժիմով աշխատանքը և իհարկե նաև ձեր օգնությամբ առավելագույնը կանենք, որպեսզի մեր աջակցության ծրագրերը լինեն արդյունավետ և հասցեական»: Այնուհետև փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեղեկատվություն է ներկայացրել կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ իրավիճակը վերահսկելի է և օրական անցկացվող թեստերի քանակը հասցվել է 1000-ի: Պարետը նաև խոսել է թույլատրելի տնտեսական գործունեության ոլորտների ընդլայնման շուրջ հնարավոր որոշումների մասին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հակաճգնաժամային միջոցառումների, ինչպես նաև համավարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյւալ: Վարչապետը և կառավարության անդամները պատասխանել են պատգամավորներին հուզող հարցերին և ներկայացրել պարզաբանումներ:   
21:10 - 22 ապրիլի, 2020
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հայտնաբերելու նպատակով հեռախոսազանգերը ֆիքսող նախագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հայտնաբերելու նպատակով հեռախոսազանգերը ֆիքսող նախագիծը

Հայաստանի խորհրդարանը արտահերթ նիստում սկսել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը։ Նախագծերի այս փաթեթով նախատեսվում է Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել նրանց հեռախոսազանգերը։ Փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է այսօր՝ 69 կողմ և 1 ձեռնպահ ձայներով։ Խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ներկա չէին ժամեր առաջվա քննարկմանը՝ պատճառաբանությամբ, որ արտահերթ նիստի մասին նրանց պատշաճ չի ծանուցվել։ ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն չեն մասնակցում նաեւ երկրորդ ընթերցմամբ քննարկմանը։
22:05 - 31 մարտի, 2020
«Բարգավաճ Հայաստան»-ը չի մասնակցելու ՀՀ քաղաքացիներին տեղորոշելու վերաբերյալ նախագծի երկրորդ ընթերցման քննարկումներին

«Բարգավաճ Հայաստան»-ը չի մասնակցելու ՀՀ քաղաքացիներին տեղորոշելու վերաբերյալ նախագծի երկրորդ ընթերցման քննարկումներին

Ավարտվեց ԱԺ արտահերթ նիստը, որի օրակարգում այսօր առավոտյան տապալված` ՀՀ քաղաքացիներին տեղորոշելու վերաբերյալ անընդունելի նախագիծն էր: «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը չի մասնակցել այս նիստին և չի մասնակցելու երկրորդ ընթերցման քննարկումներին, քանզի նիստի անցկացմանը զուգահեռ ընդդիմադիր խմբակցություններին այդ մասին տեղեկացնելու գործելաոճը բացարձակ քամահրանք է պառլամենտարիզմի գաղափարների նկատմամբ, և իշխանությունը դրանով ցույց տվեց իր ակնհայտ վերաբերմունքը: Այս մասին խմբակցությունը տեղեկացրել է ԲՀԿ ֆեյսբուքյան էջում։Հայտարարության տեքստում ասվում է․««Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը երեկ արդեն իսկ ներկայացրել է իր հիմնավոր փաստարկները խնդրահարույց այս նախագծի վերաբերյալ և դրան կրկին անդրադառնալու անհրաժեշտություն չենք տեսնում։ Պարզապես ևս մեկ անգամ վերահաստատենք, որ այս նախագիծը ոչ միայն չի նպաստելու պանդեմիայի դեմ պայքարին, այլ վատնելու է հսկայական ռեսուրսներ, որոնք կարող էին ուղղվել սոցիալական աղետալի վիճակում գտնվող հազարավոր ընտանիքների նվազագույն կարիքների լուծմանը։Եվս մեկ անգամ բոլորին հորդորում ենք որևէ կերպ չփորձել մանիպուլյացիայի ենթարկել այս հարցի հետ կապված «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշումը: Սթափվելու և գործելու ժամանակն է: ԲՀԿ-ն արդեն իսկ ներկայացրել է ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ կարևորագույն, հրատապ 7 կետերը, որոնք քննարկելու փոխարեն այսօր օրակարգ է բերվել իրավիճակի հանգուցալուծմանը որևէ կերպ չնպաստող հարց:Այժմ բոլորի ուշադրությունն ու ջանքերը պետք է ուղղված լինեն պանդեմիայի տարածումը կանխարգելելուն, ազգաբնակչության սոցիալական խնդիրները թոթափելուն , առաջնագծում մարդկանց առողջության և կյանքերի համար կռիվ տվող բժիշկների մասին հոգ տանելուն, գերծանրաբեռնված բուժանձնակազմի հերթափոխի խնդիրը կանոնակարգելուն, բուժհաստատություններն անհրաժեշտ թեստերով և դեղամիջոցներով ապահովելուն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ևս մեկ անգամ կոչ է անում մեր հայրենակիցներին խստորեն հետևել անվտանգության բոլոր նորմերին, դրսևորել սոցիալական պատասխանատվության բարձր գիտակցություն: Այս փորձությունը ևս մենք հաղթահարելու ենք միասնաբար ու հավատով»։
22:00 - 31 մարտի, 2020
Արցախն առանձին պետություն է եւ այնտեղ որոշում պետք է կայացնի տեղի իշխանությունը․ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները՝ ընտրությունները հետաձգելու անհրաժեշտության մասին

Արցախն առանձին պետություն է եւ այնտեղ որոշում պետք է կայացնի տեղի իշխանությունը․ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները՝ ընտրությունները հետաձգելու անհրաժեշտության մասին

Վերջին օրերին լրատվական հարթակներում ու սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է մարտի 31-ին Արցախում կայանալիք  ընտրությունները հետաձգելու անհրաժեշտության հարցը։ Որոշ շրջանակներ պնդում են, որ պետք է անհապաղ կայացվի ընտրությունների հետաձգման որոշում՝ անկախ հանգամանքից, որ կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիան Արցախ չի հասել։ Այս շրջանակները, այդ թվում տարբեր վերլուծաբաններ, փաստարկ են բերում, որ ողջ աշխարհն է ձեռնարկում լրջագույն քայլեր, բոլորը մեկուսանում ու տանից դուրս չեն գալիս, քանի պատկան մարմինները փորձում են համավարակի «դեմն առնել»․ հետաձգվում են օլիմպիական խաղեր, փառատոններ ու հնչեղություն ունեցող գրեթե բոլոր միջոցառումները։ Ըստ այդմ՝ Արցախը եւս պետք է շարժվի այս օրակարգով։ Իսկ ահա այս տեսակետի ընդդիմախոսներն էլ պնդում են, որ ընտրությունները չեղարկում կամ հետաձգում են իրենց, ոչ թե հարեւան հանրապետության ներքին իրավիճակից ելնելով։ Բացի այդ՝ նրանք նշում են, որ Արցախն անկախ պետություն է եւ Արցախի իշխանություններն իրենք կարող են որոշել՝ ինչպես շարժվելով՝ ելնելով իրավիճակից։ Այս կարծիքին է նաեւ Հայաստանի ԱԺ-ի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։ Infocom-ի հետ զրույցում Աբովյանը շեշտեց՝ Արցախի Հանրապետությունը քաղաքական անկախ միավոր է, եւ Արցախի իշխանությունների որոշումը քննարկելը կոռեկտ չի լինի․ «Մենք Երեւանում ենք, Արցախի իշխանություններն այնտեղ են, եւ ես համոզված եմ, որ իրենք կանեն ամեն ինչ՝ ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար։ Այստեղ խնդիրն այն է, որ ճիշտ չէ քննարկել անկախ պետության գործողությունները, կամ ինչ-որ խորհուրդներ տալ։ Արցախի իշխանություններն ի զորու են որոշել անկախ Արցախի տարածքում իրենց գործողությունների տրամաբանությունը»,- ասաց պատգամավորը։ Մեր հարցին՝ արդյոք այս պայմաններում ընտրական գործընթացը կլինի այնպիսին, ինչպիսին սպասվում էր՝ ակտիվ ու մրցակցային, թե, ամեն դեպքում, քաղաքացիների մասնակցությունը բարձր չի լինի, Աբովյանը նկատեց՝ կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիան իր հետքը թողնում է յուրաքանչյուր պրոցեսի վրա, և ոչ միայն Արցախում․ «Դա, այսպես ասած, համաշխարհային թրենդ է։ Բայց այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է մինիմալ միջամտի Արցախում տեղի ունեցող գործընթացներին, իսկ եթե այստեղից ինչ-որ խորհուրդ տրվի, դա, ըստ էության, միջամտում կդիտվի»։ Առհասարակ, պատգամավորի պնդմամբ, ընտրությունների վերաբերյալ գնահատականները տեղին կլինեն ընտրություններից հետո, կամ այն գործընթացներից հետո, որոնք կձեռնարկեն Արցախի իշխանությունները։ Աբովյանը համոզված է՝ շոշափելի վտանգի դեպքում Արցախի տարածքում տեղի իշխանությունները կանեն ամեն ինչ՝ վտանգը չեզոքացնելու համար։ Ինչ վերաբերում է քաղաքացիների մասնակցայնությանը, ԲՀԿ-ական պատգամավորի համոզմամբ՝ Արցախի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է, եւ ոչ ոք մարդկանց ոչինչ չի ստիպի, կգնան՝ կգնան, չեն գնա՝ չեն գնա։ ԲՀԿ-ական Արման Աբովյանի հետ համակարծիք է նաեւ ԱԺ ընդդիմադիր մյուս՝ «Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը․ «Արցախն առանձին պետություն է եւ այնտեղ որոշում պետք է կայացնի տեղի քաղաքական վերնախավը,- մեր զրույցում ասաց Գորգիսյանը՝ հավելելով, որ չի կարծում, թե մենք միջամտելու կարիք ունենք։ Ըստ պատգամավորի՝ եթե ընտրությունները չհետաձգվեն, մարդիկ, միեւնույն է, կգնան տեղամասեր։ Հարցին՝ մի՞թե չեն զգուշանա, նույն ակտիվությո՞ւնը կցուցաբերեն, ինչը նախատեսվում էր մինչ այս իրավիճակը, Գորգիսյանը պատասխանեց, որ Հայաստանում էլ նախքան արտակարգ դրություն հայտարարելը՝ մարդիկ լուրջ չէին վերաբերում իրավիճակին, քանի որ վարչապետը հայտարարել էր՝ «կորոնավիրուսն ում շունն է», նախարար Արսեն Թորոսյանն էլ ասել էր, թե վիրուսն այդքան էլ վտանգավոր չէ։ Իսկ հիմա, պատգամավորի խոսքով, ստիպված եղան օրենքները խստացնել, որպեսզի մարդիկ տանից դուրս չգան․ «Կարծում եմ՝ այդ նույն ընկալումը կա նաեւ Արցախում, ու, հաշվի առնելով, որ այնտեղ արտակարգ դրություն հայտարարված չէ, եւ դժվար է ասել, թե հայտարարելու համար ինչքան են հիմնավոր պատճառները, ընտրություններին մարդիկ միանշանակ մասնակցելու են։ Իհարկե, պետք է զգույշ լինել, բայց, իմ կարծիքով, մենք չպիտի խառնվենք»,- եզրափակեց ԼՀԿ-ական պատգամավորը։ Հայարփի Բաղդասարյան
16:22 - 27 մարտի, 2020
 Երբեք կոչ չեմ արել, որ մարդիկ ապօրինի գործունեություն իրականացնեն․ վարչապետը օրավարձով աշխատող վարորդների մասին

Երբեք կոչ չեմ արել, որ մարդիկ ապօրինի գործունեություն իրականացնեն․ վարչապետը օրավարձով աշխատող վարորդների մասին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը Ազգային ժողովում ընթացող՝   Կառավարության  հետ  հարց ու պատասխանի ընթացքում անդրադարձավ անհատ տաքսու վարորդներին և հարց ուղղեց վարչապետին՝ ինչ պետք է անեն օրավարձով աշխատող վարորդները։   Պատգամավորը հարցրեց՝  «Այսօր Ձեր խոսքում հնչեց մի փոքր մեղադրական կարծիք՝ օրավարձով աշխատողների անօրինական  և օրինական գործառույթների մասով։ Ես կուզենայի հիշեցում անել՝ ժամանակին Ձեր հորդորով, կոչով և կարելի է ասել որոշմամաբ  և օրենքների ոչ լիակատար լինելու պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ դարձան օրավարձով աշխատողներ, ըւնդ որում շեշետեմ, օրինակ տաքսիների ոլորտը, այդ ոլորտը ստացավ ազատականացում, ինչը շատ սխալ որոշում էր։ Ինչ անեն այդ խմբի վարորդները , գոյատևելու և  իրենց ընտանիքները պահելու համար»։ Վարչապետը չհամաձայնվեց պատգամավորի դիտարկաման հետ և շեշտեց, որ ինքը երբևէ կոչ չի արել զբաղվել անօրինական գործունեությամբ։  « Դուք սխալ եք ասում ։ Ինչ վերաբերում է տաքսու վարորդների մենք մեկ տարուց ավել է ազատ էլ ենք նրանց այն վճարներից, որոնք պարտավոր էին անել, բայց չենք ազատել լիեցենզավորման պարտականությունից և յուրաքանչյուր տաքսի վարող պարտավոր է ունենալ լիցենզիա, այդ տաքսին վարելու համար։  Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ անեն այսօր՝ անեն այն, ինչ անում են մյուս քաղաքացիները, ենթարկվեն պարետի որոշումներին։ Մենք տաքսի վարողների և այլ մարդկանց համար ստեղծել ենք շատ մեծ հնարավորություններ գումար աշխատելու  և բազմաթիվ մարդիկ, ովքեր գրագետ են մոտեցել իրենց աշխատանքին գումար են ունեցել և չեմ կարծում, որ մեկ շաբաթվա աշխատանքի սահմանափակումը էական ազդեցություն ունենա։ Եթե ունի էական ազդեցութուն, ապա մենք վաղը ընդունում ենք փոքր և միջին ձեռնարկությանը աջակցող ծրագիր, թող օգտվեն դրանից, իսկ ովքեր չեն կարողանա օգտվել, դա արդեն իրենց պրոբլեմն է, որովհետև պետք է ունենային լիցենզիա, որպեսզի ունենային որոշակի իրավական կարգավիճակ։ Խնդրում եմ արձանագրել, որ Ձեր ասածը չի համապատասխանում իրականությանը, որովհետև ես ասում էի, որ բոլոր աշխատողները պետք է գրանցվեն։ Ես խոսում էի չգրանցված աշխատողների մասին, ես կոչ չեմ արել ,որ մարդիկ գրանցված աշխատանքից տեղափոխվեն ոչ գրանցված աշխատանքի»։  Դալլաքյանը նշեց, որ մարդիկ վարչապետի կոչը սխալ են հասկացել և  դրանից հետո որևէ վարորդ չի լիցենզավորվել, ինչն էլ շուկայում մեծ խնդիրներ է առաջացրել։ «Լիցենզիա նշանակում է, որ նա պետք է որակական որոշակի պայմաններ ապահովի, մենք փուլ առ փուլ սկսած օդանավակայանի տարածքից, բոլոր տաքսիներին պարտադրելու ենք, որ իրենք աշխատի լիցենզիայի պայմաններին համապատասխան։ Տաքսի ծառայությունները պետք է ունենան պատշաճ որակ։ Ինչ վերաբերում է բիզնես դաշտում տեղի ունեցող երևույթներին, մենք որոշումներ ենք կայացրել, որ աջակցություն լինի աշխատող մարդուն և նրանք, ովքեր այդ սոցիալական աջակցությունը ճիշտ են օգտագործել, չեն մսխել այդ հնարավորությունը, այսօր կարծում եմ որևէ պրոբլեմ չեն ունենա մեկ  շաբաթ կամ մեկ ամիս դիմանալ այս սահմանափակման պայմաններում։ Իսկ նրանք, ովքեր խնդիրներ ունեն մենք աջակցության փաթեթներ ենք ձևավորում և բոլոր աշխատող մարդկանց մենք անպայման կաջակցենք»,- եզրափակեց վարչապետը։
20:14 - 25 մարտի, 2020