Սահման

Կառավարությունը ոչ մի կերպ չի հերքում համացանցում հայտնված զիջողական հուշագրի իրական լինելը |hetq.am|

Կառավարությունը ոչ մի կերպ չի հերքում համացանցում հայտնված զիջողական հուշագրի իրական լինելը |hetq.am|

hetq.am: Կառավարությունը խուսափում է հստակ պատասխան տալ՝ համացանցում հայտնված հուշագիրը Գորիս-Դավիթ Բեկ եւ Կապան-Ճակատեն ճանապարհների վերահսկողության մասին իրակա՞ն է, թե՞ կեղծ: Հարցն այն է, որ գործադիր իշխանությունը չի հերքում դրա իրական լինելը: Չնայած փաստաթղթում չի երեւում ստորագրություն, փաստ է, որ դրանում ամրագրված բոլոր կետերն իրականություն են դարձել: «Հուշագիր Գորիս-Դավիթ Բեկ եւ Կապան-Ճակատեն ավտոճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղաշարժի կազմակերպման մասին». այսպես է կոչվում այն փաստաթուղթը, որը մեծ աղմուկ հանեց վերջերս: Ըստ էության, հենց սա է այն փաստաթուղթը, որով ամրագրվել է պատերազմական գործողությունների ավարտից հետո հայկական ուժերի դուրսբերումը վերջիններիս վերահսկողության տակ մնացած Ղուբաթլուի եւ Զանգելանի շրջանների մի մասից: Դրանում ամրագրվել է նաեւ Սյունիքի որոշ ճանապարհների վերահսկողության կարգը: Հասկանալու համար իրադարձությունների ընթացքը ճիշտ կլինի դիմել ժամանակագրության օգնությանը:Տարածքների հանձնումը. բանավոր պայմանավորվածությունից բացի՝ դրույթ է եղել թղթի վրա Անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին ԱԺ-ում «Լուսավոր Հայաստանից» Գուրգեն Բաղդասարյանը հետաքրքրվեց, թե նոյեմբերյան եռակողմ հայտարարությունից բացի՝ կա արդյոք հավելված, ինչին Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Որեւէ հավելված, այլ փաստաթուղթ եւ այլն, էդպիսի բան գոյություն չունի»: Սրանից 4 օր անց՝ դեկտեմբերի 13-ին, անվտանգության խորհրդի նիստում Փաշինյանը հայտարարեց. «...Հաջորդ խնդիրը, որի շուրջ առաջիկայում մեզ պետք է որոշումներ կայացնել, կապված է Ղուբաթլու եւ Զանգելան շրջանների իրավիճակի հետ: Այդ շրջանների վերաբերյալ, իհարկե, համատեղ հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկա, որովհետեւ հայտարարության ստորագրման պահին այդ տարածքերը, ցավոք, մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն՝ ընդամենը փոքր հատվածներն են մնացել: Այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում»: Դեկտեմբերի 17-ին Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանն ահազանգեց, որ նույն օրն առավոտյան ՊՆ-ից հրահանգել են մինչեւ ամսի 18-ի ժամը 17-ը թողնել Կապան քաղաքի ու հարակից 13 գյուղերի (Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ) անվտանգությունն ապահովող դիրքերը, որոնք, ըստ խորհրդային սահմանների, գտնվում էին Զանգելանի տարածքում:     Վերոնշյալ հուշագրում, որի իսկությունը իշխանությունը չի հերքում, առաջին իսկ կետով սահմանվել է. «Հայկական կողմը 2020 թ. դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի Հանրապետության Զանգելանի եւ Ղուբաթլուի շրջաններից հանում է իր զինված խմբավորումները»: Այսինքն՝ կարող ենք ասել, որ փաստաթուղթը կազմվել է մինչեւ դեկտեմբերի 18-ը, եւ դրանում նշվածն իրականություն է դարձել: Վերջին տարածքները հանձնելուց հետո՝ դեկտեմբերի 25-ին, ԱԺ-ում Կապանի համայնքապետ Փարսյանը պատգամավորներին պատմել է. «Պաշտպանության նախարարի հետ հանդիպել ենք (դեկտեմբերի 17-ին - «Հետք»), ես էդ հարցը հնչեցրել եմ՝ ո՞նց եղավ մեր դիրքերից հետ գնացինք, նախարարն ինձ պատասխանեց, որ համաձայնությունն ի սկզբանե է եղել: Եթե եղել է, ինչի՞ մենք տեղյակ չենք եղել, ինչի՞ ենք էդքան ամրացել դիրքերում, նոյեմբերի 9-ից հետո երկրորդ, երրորդ բնագիծ ենք կազմել»: Դեկտեմբերի 27-ին վերջին պաշտպանական բնագծերը թշնամուն հանձնելու վերաբերյալ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը ասել է. «Քանի որ Ղուբաթլուի եւ Զանգելանի հատվածները 90 տոկոսով եղել են արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ թեմային մենք կանդրադառնանք։ Որովհետեւ այդտեղ կային խնդիրներ, որոնք պետք էր հավելյալ ճշգրտել, այդ թվում՝ ճանապարհների գործունեության հետ կապված»: Փաշինյանը, սակայն, հարցազրույցում չի նշել, որ նոյեմբերին ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը հետագայում ամրագրվել է թղթի վրա: Տարածված հուշագիրն ու պաշտպանության նախարարի հարցազրույցը համընկնում են Դեկտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, թե Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով: Ըստ ՊՆ-ի՝ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթեւեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։ Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից: Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ: ՊՆ-ի այս հայտարարությունը համընկնում է հուշագրում սահմանվածին:     Ըստ այդմ՝ Գորիս-Դավիթ Բեկ եւ Կապան-Ճակատեն ավտոճանապարհների կոնկրետ հատվածներով (կոորդինատները նշված են - «Հետք») մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղափոխումը կազմակերպելու նպատակով ճանապարհներից հեռավորության վրա (հեռավորությունը չի հստակեցվում - «Հետք») վիզուալ եւ տեխնիկական դիտարկում են կատարում ՀՀ-ի կողմից ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ ԱՀ-ի կողմից՝ պետական սահմանապահ ծառայությունը, որոնք տեղակայում են սահմանապահ վերակարգեր: Ահա եւս 3 կետ նշված հուշագրից: Հայկական եւ ադրբեջանական կողմերը երաշխավորում են նշված ճանապարհներով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղափոխումը, իսկ ճանապարհների եւ սահմանապահ վերակարգերի միջակայքում՝ կողմերի այլ զինված խմբավորումների բացակայությունը, իրենց տարածքներում՝ տեղի բնակչության եւ սահմանային ենթակառուցվածքների անվտանգությունը: ՌԴ ԱԴԾ սահմանապահ մարմիններն ապահովում են ճանապարհներով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղափոխման վերահսկողությունը, իրականացնում են ակտուալ ինֆորմացիայի փոխանակում եւ ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանելու համար կողմերին իրազեկում են անհրաժեշտ պահանջների մասին: Ադրբեջանական կողմը երաշխավորում է Հայաստանի քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղափոխությունը Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհով եւ իրականացնում է ճանապարհի տվյալ հատվածից (կոորդինատները նշված են) օգտվելու իր իրավունքը նախնական իրազեկումից հետո:     Հուշագրի գործողության ժամկետը 5 տարի է, որը հետագայում ավտոմատ կերպով երկարաձգվելու է եւս 5 տարով, եթե դրա ավարտից 6 ամիս առաջ կողմերից մեկը չհայտնի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին: Այսինքն՝ գործում է նույն մոտեցումը, ինչ 2020 թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության պարագայում: Դեկտեմբերի 20-ին «Զինուժ մեդիային» տված հարցազրույցում Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը գրեթե ամբողջությամբ կրկնել է այն, ինչ նշված է հուշագրում. «Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի 21 կմ-ը իրենց հսկողության տակ են վերցնում ռուսական սահմանապահ զորքերը: Իրենք վերահսկում են ճանապարհը, մեր սահմանապահ զորքերը կանգնում են մեր տարածքում եւ վիզուալ վերահսկում են այդ ճանապարհը՝ ապահովելով երկրորդ շերտի անվտանգությունը: Մեր սահմանապահ զորքերի հետեւում կանգնած է մեր բանակը: Եվ ձեռք է բերված պայմանավորվածություն, որ մեր սահմանապահ զորքերի ու ճանապարհի միջեւ որեւէ զորք չի լինելու: Նույնը վերաբերում է Ադրբեջանին: Վիզուալ հսկողություն կատարում են ադրբեջանական սահմանապահ զորքերը, հետեւում՝ իրենց զորքը: Այնտեղ նույնպես սահմանապահ զորքերի եւ ճանապարհի արանքում չպետք է լինի որեւէ զինված ստորաբաժանում: Ռուսաստանը մեր եւ ադրբեջանցի սահմանապահների հետ միասին որոշում է, թե ինչ հեռավորության վրա կանգնի իրենց դիտակետը կամ որեւէ այլ միջոց, որն ապահովում է ճանապարհի վերահսկողությունը: Ռուսաստանն ունի անցակետ Գորիսի հատվածում եւ Դավիթ Բեկում: Հիմա գնում է այդ գործընթացը, երբ սահմանապահ զորքերը որոշում են իրենց դիրքերը, ինչ գծով են կանգնելու, եւ դա արվում է ռուս սահմանապահների կոորդինացման ներքո: Նույն ձեւով ապահովվում է Կապան-Ճակատեն ճանապարհի անվտանգությունը»: Նույն օրը՝ դեկտեմբերի 20-ին, ԱԱԾ-ն հայտարարեց, որ Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ եւ ադրբեջանցի սահմանապահների կողմից, ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ: Հատկանշական է, որ ԱԱԾ-ն Կապան-Ճակատեն հատվածը չի հիշատակել: Իսկ սահմանային իրավիճակի մասին իր պարբերական հաղորդագրություններում ՊՆ-ն իբրեւ ԱԱԾ-ի վերահսկողության գոտի է նշում միայն Որոտան-Դավիթ Բեկ հատվածը:   Կոորդինատները. 21, թե՞ 31 կիլոմետր Եթե հուշագրում առկա կոորդինատներն անցկացնում ենք «Google»-ի քարտեզի վրա, որով սահմանների սիրողական ճշգրտում է արվել պատերազմական գործողություններից հետո, ստացվում է մի պատկեր, որի մասին արդեն գրվել է: Ըստ այդ կոորդինատների՝ հայ, ռուս եւ ադրբեջանցի սահմանապահների վերահսկողության տակ է անցնում Հայաստանի Մ-2 մայրուղու Գորիս-Էյվազլի (Ադրբեջան) սահմանագծից գրեթե մինչեւ Կարմրաքար ընկած հատվածը, որի երկարությունը 31 կմ է, ոչ թե 21:     Ինչպես արդեն գրել ենք, 21 կմ է ստացվում Որոտանի կիրճից՝ ժողովրդի շրջանում հայտնի «թասի» ոլորաններից վերեւ ընկած տարածքից (ոլորանների վերջնամասից) մոտավորապես մինչեւ Կարմրաքար ընկած հատվածը: Այսինքն՝ այդ դեպքում հաշվի չեն առնվում Գորիս-Էյվազլի սահմանագծից մինչեւ Որոտան ձգվող 3,6 կմ-ը, որը սիրողական ճշգրտումներից հետո անցել է Ադրբեջանին, ինչպես նաեւ Որոտանի «թասի» ոլորանները, որոնք գրեթե ամբողջությամբ ՀՀ սուվերեն տարածքում են: Այդուհանդերձ, փաստ է, որ Գորիս-Կապան ճանապարհին ռուս սահմանապահները վերահսկողություն են իրականացնում Գորիս-Էյվազլի սահմանագծից մինչեւ Կարմրաքարի կանգառ (Մ-2 մայրուղուց դեպի Դավիթ Բեկ տանող ճանապարհի մոտ): Այս երկու կետերում ռուսները դիտակետեր ունեն (մենք անցել ենք այդ ճանապարհով ու ֆիքսել ենք ռուսների դիտակետերը): Ըստ այդմ՝ նրանց վերահսկողության տակ գտնվող մայրուղին փաստացի 35 կմ է:   Կապան-Ճակատեն վերահսկվող հատվածի երկարությունն էլ, ըստ հուշագրում առկա կոորդինատների, 12,2 կմ է, չնայած պետք է նշել, որ կոորդինատները ներկայացված են ոչ թե սահմանային կետերի, այլ բնակավայրերի կենտրոնների միջեւ:      Ինչի՞ց է խուսափում կառավարությունը, եթե թղթին գրվածն արդեն իրականություն է Փետրվարի 10-ին ԱԺ-ում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոսեց Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին, ինչը նոր հարցեր առաջացրեց, սակայն «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ նա, ըստ էության, կրկնել է դեկտեմբերի 19-ին ՊՆ-ի հայտարարությունը վիճարկելի տարածքներով անցնող ճանապարհի մասին: Ավինյանի հայտարարության հաջորդ օրը՝ ամսի 11-ին, ՊՆ-ն հիշեցրեց, որ ինքը ճանապարհի վերահսկողության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին հայտարարել է դեռ դեկտեմբերի 19-ին: Այդուհանդերձ, այս անգամ գերատեսչությունը նշեց, որ պայմանավորվածությունը եղել է Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարների միջեւ, ինչը, սակայն, քիչ հավանական է, քանի որ շոշափվում են նաեւ Ադրբեջանի շահերը, հետեւաբար երկկողմանի պայմանավորվածություն չէր կարող լինել: Նախարարությունը, կարծես, փորձում է մեղմել կառավարության հանդեպ ձեւավորված անվստահության մթնոլորտը, քանի որ ցանկացած պայմանավորվածություն ադրբեջանցիների հետ անհանգստությամբ, զայրույթով եւ դժգոհությամբ է ընդունվում: Շարունակությունը՝ hetq.am-ում
10:38 - 21 փետրվարի, 2021
Համայնքների սեփական եկամուտներն ու պետությունից ստացվող դոտացիաներն աճել են խոշորացումից հետո

Համայնքների սեփական եկամուտներն ու պետությունից ստացվող դոտացիաներն աճել են խոշորացումից հետո

Համայնքների խոշորացման գործընթացից առաջ շատ էր խոսվում այն մասին, թե խոշորացումից հետո համայնքների բյուջեները ոչ թե ավելանալու են, այլ պարզապես գումարվելու են իրար։ Կառավարությունից վստահեցնում էին, որ համայնքների բյուջետային եկամուտները որոշ չափով ավելանալու են, քանի որ նախատեսվում էին օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց՝ մեծանում էր խոշորացված համայնքների՝ պետությունից դոտացիաներ ստանալու հնարավորությունը։   Ֆինանսական համահարթեցման հասկացությունը  Ֆինանսական համահարթեցումը համայնքների ներդաշնակ զարգացմանը նպաստելու, ինչպես նաև բոլոր համայնքներում նվազագույն մակարդակի ծախսեր կատարելու հնարավորություն ստեղծելու համար համայնքների ֆինանսական հնարավորությունների միջև առկա տարբերությունների նվազեցումն է։ Ավելի պարզ ասած՝ ֆինանսական համահարթեցման սկզբունքը գործում է հետևյալ կերպ․ պետությունը յուրաքանչյուր տարի համայնքներին անհատույց դրամական միջոցներ` դոտացիաներ է տրամադրում նրանց ֆինանսական հնարավորությունների միջև առկա անհամաչափությունը մեղմելու համար։ Համայնքներն իրենք են որոշում, թե ինչ ուղղությամբ պետք է ծախսեն պետությունից որպես դոտացիա ստացած դրամական միջոցները։ «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ առաջին օրենքն ընդունվել է 1998 թվականին։ Այդ օրենքով սահմանվում էր, որ դոտացիա ստացող համայնքները բաժանվում են երկու խմբի՝ 300-ից պակաս բնակիչ ունեցող և 300-ից ավելի բնակիչ ունեցող։ Մինչև 300 բնակիչ ունեցող համայնքներին տրվում էին հավասար չափով դոտացիաներ։ 300-ից ավելի բնակիչ ունեցող համայնքների դոտացիաների չափը հաշվարկելիս հաշվի էին առնվում տարբեր գործոններ, ինչպիսիք են համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող հողի հարկի և գույքահարկի հաշվարկային մակարդակը, համայնքի բնակչության թիվը։   «Ֆինանսական համահարթեցման մասին» նոր օրենքը «Համայնքների բյուջեների բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ մեծամասնություն կազմող համայնքների բյուջեների եկամուտների զգալի մասը ձևավորվում է պետական բյուջեից ստացվող պաշտոնական տրանսֆերտների, իսկ հիմնականում` ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվին: Ասվածը նշանակում է, որ համայնքների խոշորացման հարցը քննարկելիս պետք չէ անտեսել խոշորացման արդյունքում պետական բյուջեից համայնքներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների հնարավոր փոփոխությունները»,- 2011-ին նշվում էր կառավարության մշակած «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգ»-ում։ Փաստաթղթում կարևորվում էր «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը: 2016-ին ներկայացված օրենքի այս  նախագծի հիմնավորման մեջ, խոսելով 1998 թվականին ընդունված և այդ պահի դրությամ գործող օրենքում դոտացիայի բաշխման մեխանիզմների  թերություններից, նշվում էր․ «Շատ ընդհանրացված ձևով հաշվի առնելով համայնքների ֆինանսական կարողությունը՝ հաշվի չեն առնվում նրանց ֆինանսական կարիքները և դրանց տարբերությունները: Բանաձևի (համայնքներին տրվող դոտացիաների հաշվարկման բանաձևի- խմբ․) մեջ ներառված չեն համայնքների իրական պահաջներն արտացոլող բաղադրամասերը և ծախսային յուրահատկությունները: Անկախ կարիքավորության աստիճանից՝ դոտացիա են ստանում բոլոր համայնքները»։ Նախագծով առաջարկվում էր համայնքներին հատկացվող դոտացիաների հաշվարկման համար հիմք ընդունել համայնքի եկամտային ունակությունները և պարտադիր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսային կարիքները։  Դոտացիաները հատկացվելու էին «ա» և «բ» մասերով։ Առաջարկվում էր «ա» մասով դոտացիա տրամադրել մինչև 3500 բնակիչ ունեցող համայնքներին։  Իսկ «բ» մասով դոտացիա տրամադրելիս հաշվի էին առնվելու համայնքի եկամտային ունակությունը և համայնքի ծախսային կարիքները։ Ծախսային կարիքի կարգավորիչ գործակիցը հաշվարկելիս հաշվի էին առնվելու այնպիսի  գործոններ, ինչպիսիք են տրանսպորտային մատչելիությունը, համայնքի բարձրադիրությունը, բնակչության տարիքային կառուցվածքը, համայնքի հեռավորությունը մայրաքաղաքից, համայնքի հեռավորությունը մարզկենտրոնից, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակը։ Սա նշանակում է, որ «բ» մասով  դոտացիա ստանալու դեպքում խոշորացված համայնքների դոտացիայի չափը կարող էր ավելանալ՝ կախված նրանց կազմում ընդգրկված բնակավայրերի թվից։ «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ նոր օրենքն ընդունվեց 2016-ի դեկտեմբերին։ Սակայն մինչև 2020 թվականն անցումային շրջան նախանշվեց։  Անցումային դրույթներով սահմանվում էր, որ 2017, 2018 և 2019 թվականներին «ա» մասով յուրաքանչյուր համայնքին տրվող դոտացիաները հատկացվում են տվյալ համայնքին 2016 թվականին տրամադրված դոտացիաների փաստացի գումարի չափով, իսկ 2016-2019 թվականներին ձևավորված բազմաբնակավայր համայնքների` «ա» գործոնով նախատեսվող դոտացիայի գումարը հավասար է 2016 թվականի դրությամբ վերջիններիս կազմում ընդգրկված նախկին համայնքների դոտացիաների հանրագումարին: Անցումային դրույթները, փաստորեն, հնարավորություն էին տալիս, որ 2017 թվականին և հաջորդ տարիներին համայնքներին հատկացվող համահարթեցման դոտացիաները հատկացվեին ոչ պակաս, քան 2016 թվականին փաստացի հատկացված դոտացիաները, մինչև օրենքն ամբողջությամբ կմտներ ուժի մեջ: 2016-2018 թվականներին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Լոքյանը 2017-ին իր տված հարցազրույցներից մեկում, անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք խոշորացված համայնքի բյուջեն պարզապես նրա կազմում ընգրկված բոլոր համայնքների բյուջեների գումարն է, նշել էր, թե խոշորացված համայնքների համար լրացուցիչ դոտացիա է ապահովվելու։ Համայնքներին տրվող դոտացիաների և սեփական եկամուտների փոփոխությունները խոշորացումից հետո Infocom.am-ը Ջերմուկ (Վայոց ձոր), Բերդ (Տավուշ), Ապարան (Արագածոտն), Կապան (Սյունիք), Գլաձոր (Վայոց ձոր) խոշորացված համայնքների օրինակով փորձել է հասկանալ, թե արդյոք համայնքներին տրվող դոտացիաները խոշորացմանը հաջորդող տարիներին ավելացել են։ Բացի դոտացիաներից՝ համեմատվել են նաև համայնքների բյուջեների սեփական եկամուտները` հասկանալու համար, թե արդյոք խոշորացմանը հաջորդող տարիներին համայնքների սեփական եկամուտները փոփոխվել են: Համայնքներն ընտրվել են հետևյալ տրամաբանությամբ․ Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Տավուշի մարզի Բերդ համայնքները խոշորացվել են համապատասխանաբար 2016 և 2017 թվականներին, Արագածոտնի մարզի Ապարան  համայնքը համեմատաբար մոտ է մայրաքաղաք Երևանին, Սյունիքի մարզի  Կապան համայնքն ամենախոշորն է` համայնքի կազմում միավորված բնակավայրերի թվով, իսկ Վայոց Ձորի Գլաձոր համայնքում ընդգրկված է երեք բնակավայր, ինչն անհամեմատ ավելի քիչ է: Այսինքն, վերցվել են և՛ շատ, և՛ քիչ բնակավայրեր ընդգրկող, և՛ մայրաքաղաքին մոտ, և՛ մայրաքաղաքից հեռու, ինչպես նաև տարբեր տարիներին խոշորացված համայնքներ: Համեմատությունը կատարվել  է հետևյալ կերպ․ վերցվել են յուրաքանչյուր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի, այսինքն՝ նախկին համայնքների՝ խոշորացման նախորդ տարվա բյուջեների սեփական եկամուտների և պետությունից ստացված դոտացիների գումարային թվերը: Այս թվերը համեմատվել են արդեն խոշորացված համայնքի սեփական եկամուտների և դոտացիների հետ՝ մինչև 2019 թվականը ներառյալ։ Համեմատությունը կատարելիս հաշվի է առնվել համեմատվող տարիների գնաճը:  Սլայդը թերթելով՝ կարող եք տեսնել ուսումնասիրված համայնքների սեփական եկամուտների և դոտացիաների փոփոխությունները (սեփական եկամուտների և դոտացիաների վերաբերյալ թվերը, որոնք ներկայացված են սլայդում, ներառում են գնաճը)։ Գրաֆիկ 1-ում կարող եք տեսնել ուսումնասիրված համայնքների սեփական եկամուտների և դոտացիաների փոփոխությունները։ Գրաֆիկ 1 Աննա Սահակյան, Կատյա Մամյան  
22:36 - 20 փետրվարի, 2021
Մշակելի հողատարածքները կորցրած սյունեցիների համար սահմանվել են վարկի տոկոսադրույքի և մարման ժամկետների արտոնյալ պայմաններ
 |1lurer.am|

Մշակելի հողատարածքները կորցրած սյունեցիների համար սահմանվել են վարկի տոկոսադրույքի և մարման ժամկետների արտոնյալ պայմաններ |1lurer.am|

1lurer.am: Սյունիքի անվտանգային հարցերի միջգերատեսչական խորհրդի նիստում քննարկվել են այն քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածներում ունեցել են մշակելի հողատարածքներ, որոնց հաշվին գյուղվարկեր են վերցրել: Էկոնոմիկայի նախարարի տեղակալը զեկուցել է, որ Կառավարությունը թիրախային ծրագրեր է իրականացնում: Հիմա բնակիչների համար սահմանվել են արտոնյալ պայմաններ՝ վարկի տոկոսադրույքի և մարման ժամկետների վերաբերյալ: «Մենք ավելի մանրամասն կհասկանանք, թե անհատական ինչ խնդիրներ ունեն վարկառուները, և պետական օժանդակության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը կուղղորդենք՝ օգնելու ֆերմերներին ոտքի կանգնել»,- նշել է Արման Խոջոյանը:
19:07 - 19 փետրվարի, 2021
Միջգերատեսչական աշխատանքային խումբը քննարկել է հետպատերազմական ժամանակահատվածում Սյունիքում առաջացած խնդիրները

Միջգերատեսչական աշխատանքային խումբը քննարկել է հետպատերազմական ժամանակահատվածում Սյունիքում առաջացած խնդիրները

Շուռնուխում 13 տուն կկառուցվի ամբողջությամբ պետական միջոցներով: Սյունիքի անվտանգային հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի 3-րդ նիստին մասնակցում են փոխնախարարներ, գերատեսչությունների ներկայացուցիչներ և պատգամավորներ: Քննարկվում են հետպատերազմյան ժամանակահատվածում Սյունիքում առաջացած խնդիրները: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը նշել է՝ տները կառուցելիս հաշվի են առնում փաստացի բնակվողների և գրանցվածների թիվը, ինչպես նաև անվտանգային հարցերը: Նունե Պետրոսյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ) - «Կառույցներն այնպես են տեղադրված, որ իրենց բացվածքներն ավելի պաշտպանված կողմում գտնվեն: Բացի դրանից՝ բոլոր շենքերն ունեն նկուղային հարկեր, որոնք երկու կողմից մուտք ունեն: Մակերեսները հաշվարկված են այնպես, որ ընտանիքի անդամներից բացի՝ անհրաժեշտության դեպքում հարևանները ևս կարողանան պատսպարվել»:
13:31 - 19 փետրվարի, 2021
Շուռնուխում նոր բնակելի թաղամաս կկառուցվի |hetq.am|

Շուռնուխում նոր բնակելի թաղամաս կկառուցվի |hetq.am|

hetq.am: Սյունիքի մարզի սահմանամերձ Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամաս կկառուցվի։ Այդ նպատակով 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից Քաղաքաշինության կոմիտեին  2021 թվականին կհատկացվի  470 մլն 200 հազ․ դրամ։ Որոշումն ընդունվեց կառավարության փետրվարի 18-ի նիստում։ Պատերազմական գործողությունների հետևանքով Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ 2021 թվականի հունվարի 29-ին Կապանում կայացած միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցության արդյունքում որոշվել է Շուռնուխ և Որոտան գյուղերում անշարժ գույք կորցրած բնակիչներին ցուցաբերել աջակցություն:    
11:53 - 18 փետրվարի, 2021
Երեւանի ու 5 մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Երեւանի ու 5 մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Դեղատան փ. 13 շենք, Նալբանդյան փ. 10, 12 շենքեր, Սուրենյանց փ. 1-30 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Նարեկացի թաղամաս 30, 43, 54, 1ա, 1բ, 36, 42 շենքեր, Ավան Առինջ՝ 1-ին միկրո.՝ Բաբաջանյան փ. 7 (4/2) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Բաբայան փ. 26, Ռուբինյանց փ. 4ա, Ալիխանյան փ. 12 շենքեր, Բաղրամյան պող. 1 փակ. 9 շենք, Կիևյան փ. 18 շենք, Բագրատունյաց պող․15, 19, 21, 25/27 շենքեր, Բագրատունյաց պող․13 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Եղբայրության փ․16 շենք, Գ․Նժդեհի փ. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10 շենքեր, Մանթաշյան փ․51, Արարատյան փ․5 շենքեր, Մանանդյան փ․17, Մանթաշյան փ․53 շենքեր, Արարատյան փ․ 7, 9 շենքեր, Արին Բերդի 2-րդ նրբանցք, Պարսեղով, Եղիազարյան, Լևոնյան, Բաշինջաղյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արմավիրի մարզում՝ 11:00-17:00 Էջմիածին քաղաք մասնակի,   Արարատի մարզում՝ 10:00-13:00 Վեդի քաղաք՝ Ա. Խաչատրյան, Արցախի փողոցներ մասնակի, 10:00-14:00 Այնթափ գյուղ մասնակի, 10:30-14:30 Ազատավան գյուղ մասնակի, 10:30-16:00 Ներքին Դվին գյուղ մասնակի, 11:00-14:00 Դարակերտ գյուղ, Խաչփառ, Ղուկասավան գյուղեր մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10:00-13:00 Արենի գյուղ մասնակի, 10:00-14:00 Ջերմուկ քաղաք՝ Շահումյան փողոցի 1, 4, 5, 6 շենքեր, Ավտոկայանի փողոց, 11:00-15:00 Գլաձոր գյուղ մասնակի,   Լոռու մարզում՝ 12:00-17:00 Սպիտակ քաղաք՝ Կենտրոն 1 2 և Գործարանային թաղամասեր, Շահումյան, Թորոսյան, Ոփյան, Չարենցի, Առափնյա և Մուրացան փողոցներ,   Սյունիքի մարզում՝ 09:20-11:30 Քաջարան քաղաք՝ Լեռնագործներ փ. 8, 12, 16 շենքեր, Չարենցի փ. 1, 2, 3 շենքեր և Շահումյան փ. 1 շենք, 11:00-17:00 Շաքի գյուղ մասնակի:  
09:17 - 18 փետրվարի, 2021
Սահմանամերձ համայնքների բնակիչներն ավանդների փոխհատուցումը կստանան արտահերթ |armenpress.am|

Սահմանամերձ համայնքների բնակիչներն ավանդների փոխհատուցումը կստանան արտահերթ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում ընդգրկված բնակավայրերի բնակիչներին ավանդների փոխհատուցումը կտրվի արտահերթ: Այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:    «Կառավարության որոշման համաձայն մինչև 1993 թվականը ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցումը կշարունակվի: Ներկայում մինչև 1938 թվականը ծնված քաղաքացիների ավանդների փոխհատուցումը ամբողջությամբ կատարվում է պետության կողմից: Ասեմ, որ սահմանամերձ բնակավայրերում բնակիչների փոխհատուցումը չունի ծննդյան թվի սահմանափակում: Այսինքն՝ նույնիսկ, եթե քաղաքացին, ասենք, 1956 թվականի ծնված է ու ունեցել է բանկում ավանդ, ապա արտահերթ կտրվի փոխհատուցում»,-ասաց Դավիթ Խաչատրյանը:
16:39 - 17 փետրվարի, 2021
Կոմունալ ծախսերի փոխհատուցում, անվճար դասագրքեր. սահմանամերձ համայնքներն աջակցություն կստանան |armenpress.am|

Կոմունալ ծախսերի փոխհատուցում, անվճար դասագրքեր. սահմանամերձ համայնքներն աջակցություն կստանան |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ սահմանամերձ համայքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում նախկինում ընդգրկված 38 համայնքներին ավելացել ենՍյունիքի և Գեղարքունիքի մարզերի ևս 39 համայնքներ: Սոցիալական աջակցությունից ընդհանուր առմամբ օգտվելու է շուրջ 77 հազար քաղաքացի: 63 հազար քաղաքացի բնակվում են մինչ այս ծրագրում ընդգրկված Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի 38 համայնքներում, իսկ 14 հազարը՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզի ևս 39 համայնքում, որոնք նոր են ավելացել ցանկում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանընշեց, որ տարվա կտրվածքով սոցիալական աջակցության ծրագրերի համար կնախատեսվի մոտ 1 մլրդ դրամի չափով գումար: Կփոխհատուցվի նշված բնակավայրերում ապրող բնակիչների անշարժ գույքի հարկը (2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների դեպքում), 50 տոկոսով կփոխհատուցվեն նաև 2021 թվականի փետրվարի 1-ից հետո սպառած բնական գազի և էլեկտրաէներգիայի, օգտագործած ոռոգման ջրի վճարները։ Սահմանամերձ բնակավայրերում ապրող աշակերտներին դպրոցական դասագրքերը կտրամադրվեն անվճար։ «Դրանից բացի, հանձնաժողովը կգնահատի հակառակորդի գործողությունների հետևանքով վնասված բնակելի տների վնասի չափը և կներկայացնի հատուցման: Ունենք աջակցության ևս մեկ հավելում, որը կապված է ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերելու հետ: Քաղաքացին կստանա աջակցություն: Հաշմանդամության առաջին խմբի դեպքում կհատկացվի 3 մլն դրամ, երկրորդ խմբի դեպքում՝ 2 մլն դրամ, երրորդի դեպքում՝ 1 մլն դրամ: Երեխայի հաշմանդամության դեպքում գումարը կկազմի 3 մլն դրամ: Հակառակորդի կողմից զոհ ունենալու դեպքում պետությունը որպես աջակցություն ընտանիքին կտրամադրի 5 մլն դրամ»,- ասաց Դավիթ Խաչատրյանը: Նախարարի տեղակալը նշեց, որ աջակցության տեսակներն այս փուլում են ներկայացվել, սակայն խորքային ուսումնասիրություններ են կատարվելու, և չի բացառվում, որ նոր ծրագրեր ավելանան: Դրանից բացի շեշտը դրվելու է գյուղական բնակավայրերի զարգացման ծրագրերի վրա:
14:52 - 17 փետրվարի, 2021
Սոցիալական աջակցության ծրագրում ընդգրկված համայնքների ցանկը կվերանայվի |armenpress.am|

Սոցիալական աջակցության ծրագրում ընդգրկված համայնքների ցանկը կվերանայվի |armenpress.am|

armenpress.am: Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 համայնք ընդգրկվել է ՀՀ սահմանամերձ համայնքներին հատկացվող սոցիալական աջակցության ծրագրում: Ցանկում չեն ներառվել Սյունիքի մի շարք համայնքներ, ինչը դժգոհության առիթ է դարձել: Մասնավորապես, դժգոհություններ են առաջացել Խնձորեսկի, Քարահունջի հետ կապված, որոնք ծրագրում չեն ընդգրկվել: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշեց, թե ինչ չափանիշներով են համայնքներն ընդգրկել սոցիալական աջակցության ծրագրերում: «Համայնքներն ընտրվում են համապատասխան մեթոդաբանությամբ, չափումները կատարվում են համայնքից մինչև համայնքի վերջին բնակելի տունն ընկած տարածքի համար: Կոնկրետ նշված համայնքները՝ Խնձորեսկի, Քարահունջի դեպքում այդ տարածությունն ավելին է, քան սահմանված տարածությունը: Թեպետ, ահազանգերից հասկացանք, որ գյուղական բնակավայրերում կան գյուղական նշանակության հողատարածքներ, որոնք շատ ավելի մոտ են սահմանին: Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար բավական ռիսկային է: Հետևաբար, մենք քննարկում ենք սահմանամերձ համայնքների ցանկն ընդլայնելու տաբերակը»,- ասաց Դավիթ Խաչատրյանը: Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, այդ ցանկում կընդգրկվեն ոչ միայն Խնձորեսկն ու Քարահունջը, այլև Ակներ և Վերին շեն համայնքները: Նա վստահեցրեց, որ օրերի ընթացքում ցանկը կճշգրտվի և փոփոխություն կկատարվի կառավարության որոշման մեջ:
13:47 - 17 փետրվարի, 2021
Ագարակ գյուղի հարևանությամբ ավելացվել է ռուս սահմանապահների ևս մեկ հենակետ. Սյունիքի մարզպետարան

Ագարակ գյուղի հարևանությամբ ավելացվել է ռուս սահմանապահների ևս մեկ հենակետ. Սյունիքի մարզպետարան

Սյունիքի մարզի Ագարակ գյուղի (Կապան համայնք) հարևանությամբ ադրբեջանական կողմից օդ կրակելու փաստով պայմանավորված տվյալ հատվածում ավելացվել է ռուս սահմանապահների ևս մեկ հենակետ, որտեղ այժմ շուրջօրյա հերթապահություն է իրականացվում, այս մասին հաղորդագրություն տարածել Սյունիքի մարզպետարանը:«Փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ագարակ գյուղի (Կապան համայնք) հարևանությամբ ադրբեջանական կողմից հնչել են անկանոն կրակոցներ դեպի օդ։ Փաստն արձանագրվել է հայ և ռուս սահմանապահների կողմից. վերջիններիս հրամանատարությունը մի քանի ժամ շարունակ դիտարկում է կատարել տարածքում, գրանցել միջադեպը, որից հետո տվյալ հատվածում ավելացվել է ռուս սահմանապահների ևս մեկ հենակետ, որտեղ այժմ շուրջօրյա հերթապահություն է իրականացվում»,- նշված է հաղորդագրության մեջ:
19:22 - 15 փետրվարի, 2021
Ապացույց, որ ադրբեջանական զինծառայողները Սյունիքի գյուղերի հարևանությամբ կրակում են խոշոր տրամաչափի զինատեսակներից. Ա. Թաթոյանը տեսանյութ է հրապարակել

Ապացույց, որ ադրբեջանական զինծառայողները Սյունիքի գյուղերի հարևանությամբ կրակում են խոշոր տրամաչափի զինատեսակներից. Ա. Թաթոյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որին կից գրել է. «ապացույց այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից»: Թաթոյանը նշել է, որ այս տեսանյութի կրակոցներն արվել են 2 օր առաջ՝ Կապան համայնքի Ագարակ ու Եղվարդ գյուղերի միջնամասում, այն նկարել են մեր դիրքապահները: «Տարածությունը պատկերացնելու համար նշեմ, որ այս կրակոցների վայրից դեպի Ագարակ գյուղ ուղիղ գծով մոտ 1 (մեկ) կմ է: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Կապանի գյուղերի բնակիչներից պարբերաբար է ստանում զայրույթի ու անհանգստության ահազանգեր ադրբեջանցի զինվորականների կողմից պարբերաբար արձակվող կրակոցների մասին: Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքի համայնքների անմիջական հարևանությամբ, այդ համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինվորական ուժեր չպետք է լինեն. դա լրջորեն վտանգում է խաղաղ բնակիչների իրավունքները, խաթարում է նրանց անդորրն ու խաղաղ կյանքը»,- գրել է նա:
11:38 - 15 փետրվարի, 2021
ՊՆ հայտարարությունը Սյունիքի մարզի ճանապարհների անվտանգության վերահսկողության վերաբերյալ

ՊՆ հայտարարությունը Սյունիքի մարզի ճանապարհների անվտանգության վերահսկողության վերաբերյալ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.   «Ի պատասխան ԶԼՄ ներկայացուցիչների հարցումների` հարկ ենք համարում հիշեցնել, որ դեռևս 2020 թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, նշված էր.   «1․ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։   2․ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն  անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։    3․ Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից:   Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ»:   Այսպիսով, վերոնշյալ համալիր միջոցառումների շրջանակներում քաղաքացիների տեղաշարժման, տրանսպորտային միջոցների, բեռների փոխադրման անվտանգությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհահատվածում տեղակայվել են Հայաստանի և Ռուսաստանի սահմանապահ ծառայությունները: ՌԴ սահմանապահների կողմից վերոնշյալ ճանապարհների անվտանգության վերահսկողությունը ապահովելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների միջև»։
19:22 - 11 փետրվարի, 2021
Լրագրողների աշխատանքի մասին հայտարարության նպատակը նկարահանումները փոխհամաձայնեցված կազմակերպելն է. ԱԱԾ

Լրագրողների աշխատանքի մասին հայտարարության նպատակը նկարահանումները փոխհամաձայնեցված կազմակերպելն է. ԱԱԾ

2021 թվականի փետրվարի 10-ին տարածված  և ՀՀ Սյունիքի մարզի որոշակի հատվածներում լուսաբանման աշխատանքներ իրականացնելուն վերաբերող իրազեկման վերաբերյալ ԱԱԾ սահմանապահ ծառայությունից պարզաբանում են, որ վերջինս չունի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից թույլտվություն հայցելու նպատակ: Ըստ ԱԱԾ-ի՝ հրապարակված տեքստում պետք չէ փնտրել իրավական ակտերի հետ հակասություններ կամ անհամապատասխանություններ: «Հիշյալ իրազեկման նպատակն ընդամենը անհրաժեշտ նկարահանումներն աշխատանքային կարգով և նախապես փոխհամաձայնեցված կերպով կազմակերպելն է՝ պայմանավորված ստեղծված օպերատիվ իրավիճակով, անվտանգության նկատառումներով և տեղում իրականացվող որոշակի աշխատանքներով: Միաժամանակ հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ անգամ տվյալ իրազեկման հրապարակմանը նախորդող ժամանակահատվածում առանց նախնական տեղեկացման Սյունիքի մարզում գտնվող յուրաքանչյուր լրագրողի, շաբաթվա ցանկացած օրվա և ցանկացած ժամի դրությամբ, ՀՀ ազգային անտվանգության ծառայության կողմից ցուցաբերվել է պատշաճ աջակցություն՝ ապահովելով նաև ուղեկցություն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչների կողմից: Վստահաբար ընդգծելով, որ համապատասխան աշխատանքները փոխհամաձայնեցված կազմակերպելու հանգամանքը մեծապես բխում է նաև լրագրողական գործունեության արդյունավետության և անվտանգության տեսանկյունից՝ հարկ ենք համարում հորդորել զերծ մնալ անհարկի շահարկումներից»: Երեկ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ զանգվածային լրատվության միջոցները Սյունիքի մարզի սահմանային վայրերում թեմաներ լուսաբանելու համար պետք է ստանան ՀՀ ԱԱԾ համաձայնությունը։
15:08 - 11 փետրվարի, 2021
Սյունիքի մարզի համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը զուրկ է իրավական որևէ հիմքից․ ՄԻՊ

Սյունիքի մարզի համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը զուրկ է իրավական որևէ հիմքից․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՀ Սյունիքի մարզի համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաև դրոշների ու ցուցանակների) առկայությունը հակասում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերին, խախտում է իրավունքի գերակայությունը և հետևաբար՝ զուրկ է իրավական որևէ հիմքից: Նրանք այդ վայրերում են հայտնվել, քանի որ՝ 1) Արցախում հայերի նկատմամբ իրականացրել են էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականություն ահաբեկչական մեթոդներով. 2) խոշտանգել են ու անմարդկային վերաբերմունքի ենթարկել խաղաղ բնակիչներին ու զինվորականներին, կատարել են այլ դաժանություններ (կենդանի մարդկանց գլխատումներ, մարմինների անարգանք և այլն). 3) Արցախի դեմ օգտագործվել են ջիհադիստներ ու ԻԳԻԼ (ISIS) ահաբեկիչներ, որոնք հայերի նկատմամբ կատարել են պատերազմական հանցագործություններ ու դաժանություններ. 4) Արցախի քաղաքացիական բնակավայրերը ենթարկել են դիտավորյալ զանգվածային ավերածությունների, այդ թվում՝ արգելված կասետային զինատեսակներով. 5) պատերազմն առաջին օրից ուղեկցվել է հայատյացության խրախուսման պետական քաղաքականությամբ ու հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով թշնամանքի հրահրմամբ (տարիների ինստիտուցիոնալ քաղաքականություն). 6) պատերազմի ընթացքում իրենց մշտական բնակավայրերից տեղահանվել է ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ, իսկ պատերազմի հետևանքով անօթևան է մնացել շուրջ 40,000 մարդ. 7) Ադրբեջանի և Թուրքիայի բարձրագույն իշխանության մարմինները Հայաստանի ու ողջ հայ ժողովրդի մասին բացահայտ են խոսում ցեղասպանության սպառնալիքների լեզվով (օրինակ՝ 2020թ. դեկտեմբերի 10-ի Բաքվի ռազմական միջոցառումը). 8) Ադրբեջանի իշխանության բարձրագույն մարմինները, հանրային գործիչները վիրավորում են հայերին, ողջ հայ ժողովրդին` արժանապատվություն նվաստացնելու նպատակով ու դա խրախուսում են, հրապարակայնորեն հրահրում են ատելություն. 9) Հայաստանի սահմանների որոշման գործընթացը տեղի է ունենում պատերազմի ու ուժի կիրառության սպառնալիքների ներքո. 10) պատերազմի և ուժի սպառնալիքների պատճառով սահմանների որոշումը տեղի է ունենում մեխանիկական մեթոդներով ու անթույլատրելի արագությամբ ՝ առանց մասնագիտական աշխատանքների, միջազգային կանոնների կոպիտ խախտումներով. 11) անտեսված են Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքներն ու օրինական շահերը. 12) գործընթացն ուղեկցվում է Հայաստանի սահմանային բնակիչների սեփականության, տնտեսական գործունեության ու սոցիալ-տնտեսական մյուս իրավունքների կոպիտ խախտումներով (իրենց գույքից զրկված ու անօթևան մնացած մարդիկ). 13) լրջորեն վտանգվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային բնակիչների ու, առհասարակ, Հայաստանի ողջ բնակչության կյանքի, արժանապատվության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և կենսական կարևորության մյուս իրավունքները. 14) սահմանային բնակավայրերի բնակիչների համար առկա չէ կանխատեսելիություն կամ գործողություններն անորոշ են, առկա չէ որևէ տեսակի ժամանակացույց: Ուստի, նկարագրված մոտեցումներով սահմանների որոշումը չի նպաստելու տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ գոյակցությանը. հակառակը` պարարտ հող է ստեղծելու Ադրբեջանում չդադարող հայատյացության ու թշնամանքի, մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումների ու այլ վտանգավոր դրսևորումների համար»։
10:11 - 08 փետրվարի, 2021