ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը

 |armenpress.am|

Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը |armenpress.am|

armenpress.am: Երևանում նոյեմբերի 23-ին մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը։ Ավելի ուշ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։  Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրները և ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները միջնստաշրջանային շրջանում: Ամենակարևոր հարցերից մեկը կլինի ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնության տրամադրման համատեղ միջոցառումների քննարկումը։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը։ Խորհրդի նիստի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ճառագայթային, քիմիական և կենսաբանական համատեղ պաշտպանության ձևավորմանը։ 2023 թվականի հունվարի 1-ից կայանալիք ռոտացիայի կապակցությամբ կքննարկվի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։  
11:37 - 23 նոյեմբերի, 2022
Ֆրանկոֆոնիայի բանաձևն ընդունվել է այնպես, ինչպես ներկայացվել էր. ԱԳՆ-ն հերքում է Ալիևին |azatutyun.am|

Ֆրանկոֆոնիայի բանաձևն ընդունվել է այնպես, ինչպես ներկայացվել էր. ԱԳՆ-ն հերքում է Ալիևին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահի խոսքերը, թե հակաադրբեջանական դրույթները հանվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում շաբաթավերջին ընդունված ու Հայաստանին համերաշխություն հայտնող բանաձևի նախագծից, չեն համապատասխանում իրականությանը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ «Այդ բոլոր փաստաթղթերը ինչպես որ ներկայացվել են նախարարական համաժողովում, այդպես էլ ընդունվել են կազմակերպության կողմից, այսինքն՝ նախագիծն ամբողջությամբ ընդունվել է գագաթնաժողովի կողմից: Եթե իրապես Ադրբեջանը հասած լիներ իր ուզածին, և եթե իրապես ցանկալի սցենարով ամեն ինր գնար, այսքան շարունակական հայտարարություններ իրենց կողմից չէին լինի», - ասաց Վահան Հունանյանը: «Ազատության» ձեռքի տակ է հայտնվել «Ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձևի նախագիծը, որը վաղն է պաշտոնապես հրապարակվելու։ Հունանյանը հաստատեց՝ հենց այդ փաստաթուղթն է գագաթնաժողովում ընդունվել։ Կետերից մեկով կազմակերպության 50-ից ավելի երկրներ իրենց համերաշխությունն են հայտնում անդամ Հայաստանին, նաև մտահոգություն հայտնում բոլորովին վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղ գտած ռազմական էսկալացիայի, հատկապես այդ առճակատման հետևանքով միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և մարդասիրական իրավունքի խախտումների առնչությամբ: Կազմակերպությունը ընդունված բանաձևով կոչ է արել խստորեն պահպանել հրադադարը, հակամարտությունը լուծել խաղաղ՝ հարգելով տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անխախտելիության սկզբունքները։ Նաև ողջունել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորում գտնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը: Ըստ «Ազատության» ձեռքի տակ եղած նախագծի՝ հայ-ադրբեջանական ու Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կետերի վերաբերյալ վերապահումներ են ունեցել Ալբանիան, Ռումինիան ու Մոլդովան։ Հունանյանի ծոսքով՝ այս երկրները փորձել են խոչընդոտել ձևակերպումների ընդունմանը, բայց ի վերջո բանաձևն ընդունվել է այնպես, ինչպես նախագծում ներկայացվել էր: Վերապահում ունեցող երկրները կարող էին վետոյի գործընթաց սկսել, որին, ըստ ԱԳՆ խոսնակի, չեն գնացել։ «Ալբանիան Ռումինիայի և Մոլդովայի աջակցությամբ փորձում էր վերաբացել այդ կետերի շուրջ քննարկում, սակայն թե հայկական պատվիրության նախարարական համաժողովի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ղեկավարությամբ աշխատանքի և ընդհանրապես Ֆրանկոֆոնիայում առկա Հայաստանի նկատմամբ համերաշխությունը բերեց նրան, որ այդ քննարկումը տեղի չունեցավ, այսինքն՝ չկարողացան ադրբեջանական ազդեցության տակ այդ նախաձեռնությունն արած երկրները հասնել իրենց ուզածին», - շեշտեց գերատեսչության խոսնակը: Արդյոք Երեւանը փորձե՞լ է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու ձևակերպում ներառել։ Տեքստում նման ուղիղ դրույթ չկա։ Այս ձևակերպումներով էլ, ըստ Վահան Հունանյանի, փաստաթուղթը գոհացնում է Երևանին. «Մինչև նախագծի հասնելը նախարարական համաժողով ինքը անցնում է որոշակի համաձայնեցման պրոցեսներ, 54 անդամ պետություն կա, գումարած 7 ասոցացված և դիտորդներ: Իհարկե, ցանկացած պարագայում կարելի է ունենալ էլ ավելի լավ բանաձև, էլ ավելի խիստ դատապարտում, բայց սա այն հնարավորն էր, որին կարողացել ենք հասնել, և ես կարծում եմ, որ ունենք շատ լավ փաստաթուղթ»: Շարունակությունը՝ azatutyun.am -ում  
09:46 - 23 նոյեմբերի, 2022
Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ում տեղակայված ԵՄ առաքելության գործունեության հետ կապված հարցեր

Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ում տեղակայված ԵՄ առաքելության գործունեության հետ կապված հարցեր

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ։ Արարատ Միրզոյանն ու Անտոնիո Տայանին արձանագրել են, որ Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և պատմական առնչությունների վրա, և պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկելու փոխշահավետ համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ։ Կողմերն անդրադարձել են բարձրաստիճան փոխայցելությունների իրականացմանը, մտքեր փոխանակել երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ: Ընդգծվել է առևտրատնտեսական կապերի խորացման ու ներդրումների խրախուսման նշանակությունը և այս առումով կարևորվել հայ-իտալական միջակառավարական հանձնաժողովի աշխատանքը: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ոչ կառուցողական և ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմանը միտված մոտեցումները խաթարում են տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը: Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության գործունեության հետ կապված հարցեր:
20:05 - 21 նոյեմբերի, 2022
ԱԳ նախարարի տեղակալը Իրանում ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը

ԱԳ նախարարի տեղակալը Իրանում ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը

Նոյեմբերի 20-ին Թեհրանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների հերթական քաղաքական խորհրդակցությունները։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև վերջին շրջանի ակտիվ փոխգործակցության, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի, քաղաքական, առևտրատնտեսական և տարածաշրջանային անվտանգության ապահովման, բազմակողմ հարթակներում համագործակցության մի շարք հարցեր։ Երկկողմ առևտրատնտեսական նախագծերի իրականացման և հնարավոր այլ ոլորտներում փոխշահավետ գործակցության շուրջ մտքեր են փոխանակվել նաև ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ։ Խորհրդակցությունների ժամանակ Մնացական Սաֆարյանը ներկայացրել է, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:
18:19 - 21 նոյեմբերի, 2022
Իրանի ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանի ԱԳ փոխնախարարին
 |azatutyun.am|

Իրանի ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանի ԱԳ փոխնախարարին |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կիրակի օրն ընդունել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանին: Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպմանը ժամանակ Աբդոլլահիանը գոհունակություն է հայտնել երկու բարեկամ և հարևան երկրների միջև զարգացող հարաբերությունների առնչությամբ՝ ասելով, որ Հայաստանի Կապան քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը «կարևոր գործնական քայլ էր երկու երկրների կողմից տնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ և քայլ դեպի գոհացուցիչ հեռանկար»։ Հայաստանի փոխարտգործնախարարը նույնպես հանդիպման ժամանակ անդրադարձել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի վերջերս կատարած այցին և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությանը բացմանը, ասելով, որ դա մեծ զարգացում և շրջադարձային իրադարձություն էր երկկողմ հարաբերություններում։ Սաֆարյանը բարձր է գնահատել Իրանի հիմնարար և կառուցողական դիրքորոշումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության և նրանց միջազգային սահմանների անփոփոխ կարգավիճակի վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ առկա են համապատասխան կարողություններ և ենթակառուցվածքներ երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման համար, և հավելել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն՝ հիմնվելով համատեղ ջանքերի և ձգտումների վրա։ Հայկական կողմը հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն դեռ չի տարածել:
11:01 - 21 նոյեմբերի, 2022
Կորնթոսը Շուշիի հետ «համագործակցության հուշագիր չի ստորագրի» |azatutyun.am|

Կորնթոսը Շուշիի հետ «համագործակցության հուշագիր չի ստորագրի» |azatutyun.am|

azatutyun.am: Հունական Կորնթոս քաղաքը Շուշիի հետ համագործակցության հուշագիր չի ստորագրի, հայտարարել է Հայաստանում Հունաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ վկայակոչելով Կորնթոսի քաղաքապետին։ «Ես միանշանակ ձեզ հավաստիացնում եմ, որ չեմ պատրաստվում ստորագրել, կամ անգամ Կորնթոսի քաղաքային խորհրդում քննարկման դնել Շուշի քաղաքի հետ համագործակցության պայմանագիրը: Ես չեղարկում եմ Շուշի քաղաքի հետ համագործակցության պայմանագրի մտադրության մասին ստորագրությունը», - ասել է քաղաքապետը։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հարավային Կորեայում անցկացվող «Պատմական քաղաքների լիգայի» համաշխարհային համաժողովի շրջանակներում Բաքուն համագործակցության քառակողմ հուշագիր է ստորագրել, որի շրջանակներում պերուական Կուսկո, կորեական Անդոնգի, հունական Կորնթոս պատմական քաղաքները կհամագործակցեն Շուշի քաղաքի հետ։  
14:48 - 19 նոյեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը հանդիպել է Բուլղարիայի ԱԳ նախարարին

Արարատ Միրզոյանը հանդիպել է Բուլղարիայի ԱԳ նախարարին

Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի ԱԳ նախարար Նիկոլայ Միլկովի հետ։ Արարատ Միրզոյանը և Նիկոլայ Միլկովը բարձր են գնահատել պատմական առնչությունների և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-բուլղարական հարաբերությունների մակարդակը և պատրաստակամություն հայտնել առավել զարգացնելու երկկողմ բազմաոլորտ համագործակցությունը։ Այս առումով կարևորվել է բարձրաստիճան պաշտոնական փոխայցելությունների պարբերական անցկացումը։ ԱԳ նախարարները կարևորել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ընդլայնումը, այդ թվում` երկու երկրների միջև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության հետագա խորացումը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրների։ Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել իրավիճակը Հարավային Կովկասում, Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները:
11:06 - 19 նոյեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը հանդիպել է Անդորրայի ԱԳ նախարարին

Արարատ Միրզոյանը հանդիպել է Անդորրայի ԱԳ նախարարին

Նոյեմբերի 18-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 43-րդ նստաշրջանի աշխատանքների մասնակցելու նպատակով Թունիսում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անդորրայի Իշխանապետության ԱԳ նախարար Մարիա Ուբակ Ֆոնտի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հայաստանի և Անդորրայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Այս համատեքստում քննարկվել են զբոսաշրջության, կայուն զարգացման, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում արդյունավետ փոխգործակցության հաստատման հնարավորությունները: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգն ընդլայնելու ուղղությամբ՝ կարևորելով այս առումով երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համագործակցությանը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ընդգծվել է Ֆրանկոֆոնիայի հարթակի կարևորությունը երկկողմ շփումների ակտիվացման համար։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը, անդրադարձել Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումներին։
10:11 - 19 նոյեմբերի, 2022
ՀՀ ԱԳ նախարարն ամփոփել է ՀՀ նախագահությունը Ֆրանկոֆոնիայում և Երևանի հռչակագրով անդամների ստանձնած հանձնառությունների կատարումը

ՀՀ ԱԳ նախարարն ամփոփել է ՀՀ նախագահությունը Ֆրանկոֆոնիայում և Երևանի հռչակագրով անդամների ստանձնած հանձնառությունների կատարումը

Թունիսի Ջերբա քաղաքում նոյեմբերի 18-ին անցկացվող Ֆրանկոֆոնիայի 43-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ամփոփել է 2018թ․ Երևանի գագաթնաժողովում անդամ-պետությունների ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը և անցած չորս տարիների ընթացքում Հայաստանի նախագահությունը կազմակերպությունում։  Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ «Երևանյան գագաթնաժողովի արդյունքում բացի Երևանի հռչակագրից ընդունվել էին վեց բանաձևեր ֆրանսախոս աշխարհում ճգնաժամային, հետճգնաժամային և խաղաղության ամրապնդման իրավիճակների, Փարիզի սկզբունքների 25-ամյակի, քաղաքացիության և մարդու իրավունքների կրթության, անտեսված արևադարձային հիվանդությունների, մշակութային մասնակցության, գիտելիքների փոխանցման և հետազոտությունների խթանման հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Երևանի գագաթնաժողովի արդյունքում ընդունված Երևանի հռչակագրի առանցքային դրույթներն ու հանձնառությունները «Ապրել միասին» գաղափարի շուրջ էին՝ խարսխված մարդասիրական արժեքների, ֆրանկոֆոն համերաշխության և լեզվական ու մշակութային բազմազանությունը հարգելու վրա։ Անցած տարիների ընթացքում անհանդուրժողականության դրսևորումների, ատելության խոսքի և խտրական երևույթների տարածումը ցույց է տվել, թե որքան կարևոր է ստեղծել արդար հասարակություն, խթանել հանդուրժողականությունն ու մշակութային բազմազանությունը։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ անցած չորս տարիների ընթացքում խաղաղությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, լավ կառավարումը և միասին ապրելու հանձնառություններն առավել քան երբևէ գտնվել են Ֆրանկոֆոնիայի ուշադրության կենտրոնում։ Անդամ երկրները հնարավորություն են ունեցել ՖՄԿ աջակցությամբ և մարդու իրավունքների ազգային հաստատությունների ներգրավմամբ մի շարք միջոցառումներ իրականացնել՝ ի նպաստ խաղաղության և ժողովրդավարության խթանման ու մարդու իրավունքների պաշտպանության: Նախարար Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադրած ջանքերը՝ ուղղված ֆրանկոֆոն աշխարհում խաղաղության ամրապնդմանը, միջազգային և տարածաշրջանային գործընկերների հետ ճգնաժամերի կանխարգելման ու հակամարտությունների կառավարման ուղղությամբ հետևողական աշխատանքը, ինչպես նաև կանխարգելիչ դիվանագիտություն և միջնորդություն իրականացնելուն ուղղված քայլերը՝ առաջնորդվելով հավաքական ֆրանկոֆոն համերաշխության գաղափարներով։ Նշվում է, որ հայկական կողմը ողջունել է ֆրանկոֆոն տարածքում լեզվական ու մշակութային բազմազանությունը ամրապնդելու շրջանակներում իրականացված «Ֆրանսերեն լեզու, մշակութային և լեզվական բազմազանություն» նախագիծը, ֆրանսերենի գործածությունը միջազգային հարաբերություններում խթանելուն միտված «Ֆրանսերենը միջազգային հարաբերություններում» ծրագիրը, ինչպես նաև՝ ֆրանսերենի վերաբերյալ Ջերբայում նախատեսված հռչակագրի ընդունումը։ ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև հակամարտությունների կանխարգելման գործում երիտասարդության դերի, կայուն զարգացման, շրջակա միջավայրի, կանանց ու տղամարդկանց հավասարության, արմատականացման ու ծայրահեղականացման դրսևորումների կանխարգելման ոլորտներում կատարված աշխատանքներին։
22:00 - 18 նոյեմբերի, 2022
Ադրբեջանի նախագահը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել ԼՂ բնակչության և Հայաստանի նկատմամբ ու ներկայացնել անհիմն տարածքային պահանջներ. ԱԳ նախարար

Ադրբեջանի նախագահը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել ԼՂ բնակչության և Հայաստանի նկատմամբ ու ներկայացնել անհիմն տարածքային պահանջներ. ԱԳ նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանին: Ելույթում մասնավորապես ասվում է. «Պարո՛ն նախագահ,  Ֆրանկոֆոնիայի տիկի՛ն գլխավոր քարտուղար, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Պարոն նախագահ, շատ ուրախ եմ մասնակցելու այս նախարարական համաժողովին Ձեր գեղեցիկ երկրում և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ցուցաբերված հյուրընկալության համար։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին այս դժվարին ժամանակաշրջանում մեր կազմակերպության գործունեությունը պատշաճ կերպով ապահովելու, կարևոր բարեփոխումներ իրականացնելու և գալիք տարիներին սպասվող նախաձեռնություններն ուրվագծելու համար։ Հիրավի, Ֆրանկոֆոնիայի նոր ռազմավարական շրջանակով Ֆրանկոֆոնիայի համար սահմանվում են առաջնահերթություններ և հավակնություններ, որոնց մենք լիովին հավատարիմ ենք: Այսօր մենք այստեղ հավաքվել ենք բազմակողմանիության ճգնաժամի համատեքստում, որն ուղեկցվում է հակամարտությունների քանակի բազմապատկմամբ։ Մենք նկատում ենք, որ ՄԱԿ կանոնադրության սկզբունքների հարգման վրա խարսխված հավաքական անվտանգության մեխանիզմները, մասնավորապես՝ ինքնիշխան իրավահավասարությունը, որևէ պետության տարածքային ամբողջականության դեմ ուժի չկիրառումն այլևս չեն կարող երաշխավորել պետությունների անվտանգությունը որոշ պետությունների ագրեսիվ քաղաքականությունից։ Վերջինիս առաջին զոհերից էր Հայաստանը, որի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ սկսած անցած տարվա մայիսից, վերջին անգամ՝ այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանն իրականացրել է ագրեսիաներ, ինչը հանգեցրել է մեզ բոլորիս հայտնի հետևանքների. ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիա, հարյուրավոր զոհեր ու վիրավորներ, հազարավոր տեղահանվածներ և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացում։ Չմոռանանք նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների, ադրբեջանական զինուժի կողմից հայ գերիների, այդ թվում՝ կին զինծառայողների նկատմամբ իրականացված սոսկալի վայրագությունների մասին, որոնք սարսափեցրել են աշխարհը։ Լարվածությունն այսօր էլ պահպանվում է Ադրբեջանի հետ մեր սահմանին, և չնայած ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու վերաբերյալ ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանի նախագահը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել Լեռնային Ղարաբաղի բնակչության և Հայաստանի նկատմամբ ու ներկայացնել անհիմն տարածքային պահանջներ։ Այս առումով մենք ողջունում ենք, որ բազում երկրներ ճանաչել են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման փաստը և պահանջել ադրբեջանական ուժերի դուրս բերումը ՀՀ ինքնիշխան տարածքից։ Հայաստանը հավատարիմ է մնում հակամարտության հետ կապված բոլոր հարցերի խաղաղ կարգավորմանը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովումը, և շնորհակալություն է հայտնում միջազգային այն գործընկերներին, որոնք ջանքեր են գործադրում դրան հասնելու համար։ Պարո՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, Վերադառնալով մեր համաժողովի աշխատանքներին․ Հայաստանն իր աջակցությունն է հայտնում մեր հաստատմանը ներկայացված փաստաթղթերին, որոնք վերաբերում են Ֆրանկոֆոնիայի ռազմավարական շրջանակի նախագծին, ֆրանսերենի մասին հռչակագրին և անդամակցության ընթացակարգին վերաբերող կանոնակարգին։ Մենք նաև մեր համաձայնությունն ենք հայտնում Ջերբայի հռչակագրի նախագծին։ Այս կապակցությամբ ցանկանում ենք շնորհավորել Թունիսի նախագահությանը թվայնացումը մեր բոլորի ուշադրության կենտրոնում պահելու համար։ Ինչ վերաբերում է ֆրանսախոս տիրույթում ճգնաժամային իրավիճակների վերաբերյալ բանաձևի նախագծին, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Հայաստանին վերաբերող պարբերությունների առնչությամբ։ Կարևոր է, որ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրներն ու կառավարությունները համերաշխություն են հայտնել Հայաստանին՝ իրենցը դարձնելով այն հիմնական խնդիրները, որոնք պայմանավորում են կողմերի միջև հակամարտության խաղաղ կարգավորումը։ Եզրափակելով խոսքս՝ վերջապես ցանկանում եմ վերադառնալ Ալբանիայի պատվիրակության դիմումին՝ վերաբացելու Հայաստանին վերաբերող պարբերությունների քննարկումը, ինչին Հայաստանի պատվիրակությունը համաձայն չէ հետևյալ մի քանի պատճառներով։ Առաջինը և ամենակարևորն այն է, որ այս պարբերությունները շատ հավասարակշռված են և փոխզիջումների արդյունք են հանդիսանում, որոնց ուղղությամբ Հայաստանը ջանքեր է գործադրել։ Երկրորդ պատճառն այն է, որ մենք պետք է հարգենք Փաստաթղթերի համաձայնեցման հանձնաժողովի, նրա նախագահի և անդամների աշխատանքը, որոնք երկար քննարկումներ են անցկացրել՝  խնդրահարույց տարբեր հարցերի վերաբերյալ բոլորի համար ընդունելի լուծումներ գտնելու ուղղությամբ։ Այս պարբերությունները նաև այդ աշխատանքի հանգուցալուծումն են հանդիսանում։ Ես կհավելեի ևս մեկ՝ վերջին պատճառը, այն է՝ այս համաժողովի աշխատանքների արդյունավետությունը։ Մենք չենք կարծում, որ Ալբանիայի պատվիրակությունը կարող է ներկայացնել, ինչպես քիչ առաջ հայտարարեց, պարբերությունների նախագիծ, որը կարող է կոնսենսուս գտնել մեր համաժողովի շրջանակներում։ Մենք համարում ենք ոչ արդյունավետ նոր քննարկումների վերսկսումը, որոնք կարող են հանգեցնել միայն փակուղու: Փաստաթղթերի համաձայնեցման հանձնաժողովի քննարկումների ընթացքում Հայաստանին վերաբերող կետերի առնչությամբ արդեն իսկ ձեռք է բերվել կոնսենսուս, և եթե Ալբանիայի պատվիրակությունը որոշակի դժվարություններ ունի այն հաստատելու առնչությամբ, կարող է վերապահում հայտնել այս պարբերություններին, ինչպես որոշ պատվիրակություններ արել են որոշման նախագծի այլ կետերի շուրջ, ։ Շնորհակալություն ուշադրության համար»։
18:43 - 18 նոյեմբերի, 2022
«Շրջանակային պայմանագիրն այն սկզբունքների հավաքածուն է, որի վրա պետք է կառուցվեն երկու երկրների հարաբերությունները»․ փոխարտգործնախարար
 |azatutyun.am|

«Շրջանակային պայմանագիրն այն սկզբունքների հավաքածուն է, որի վրա պետք է կառուցվեն երկու երկրների հարաբերությունները»․ փոխարտգործնախարար |azatutyun.am|

azatutyun.am: Երևանն ու Բաքուն այսօր բանակցում են հիմնական սկզբունքները, որի շուրջ պետք է կառուցվեն երկու հարևան երկրների հարաբերությունները, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Փոխարտգործնախարարը շեշտեց՝ ոչ ռուսական, ո՛չ ամերիկյան, ո՛չ ֆրանսիական, ո՛չ Եվրամիության տարբերակ չկա, կա տարբերակ ադրբեջանական և հայկական, այսինքն, ըստ Հովհաննիսյանի, այլ փաստաթուղթ չի ստացվել որևէ մայրաքաղից։ Այժմյան բանակցություններն արտգործնախարարների մակարդակով ընթանում են երկու կողմերի մոտեցումների շուրջ, ասաց Հովհաննիսյանը։ Երեկ Ազգային-ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանն առաջարկել է Ադրբեջանի հետ խաղաղության շրջանակային պայմանագիր ստորագրել՝ երբ որ շրջանակն է գծվում, առանց շատ մեծ կոնկրետությունների։ «Ազատության» հարցին, թե ի՞նչ է իրենից ներկայացնում շրջանակային պայմանագիրը, փոխարտգործնախարարը պատասխանեց․ - «Շրջանակային պայմանգիրն այն սկզբունքների հավաքածուն է, որի վրա պետք է կառուցվեն երկու երկրների հարաբերությունները, որն, իհարկե, ընդգրկում է տարածքային ամբողջականության ճանաչում, այն ձևաչափով, ինչով երկու երկրները ճանաչել են իրենց անկախությունը և տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթայի արձանագրությամբ և հռչակագրի հիման վրա»։ Պրահայում հաջողվել է դրա շուրջ ինչ-որ համաձայնության հասնել, նկատեց Հովհաննիսյանը՝ շեշտելով՝ այսինքն՝ շարունակել բանակցություններն այդ սկզբունքում։ «Մի փաստաթուղթ, որը երկու երկրներն էլ ստորագրել են և վավերացրել են 90-ականների սկզբին։ Ամբողջ փաստաթուղթը կազմված է ՄԱԿ-ի կանոնադրության, Ալմա-Աթայի փաստաթղթերի, այնտեղ մի քանիսն են և այլ փաստաթղթերի, որը թե՛ Հայաստանը, թե Ադրբեջանն արդեն իսկ ստորագրել և ընդունել են», - եզրափակեց Հայաստանի փոխարտգործնախարարը։ Հիշեցնենք, որ Պրահայում հոկտեմբերի 7-ին կայացած քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն ընդունվեց։ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար։
14:28 - 17 նոյեմբերի, 2022
ԱԳ նախարարը ԵՄ և ԵՄ անդամ երկրների հատուկ բանագնացներին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը

ԱԳ նախարարը ԵՄ և ԵՄ անդամ երկրների հատուկ բանագնացներին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը

Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները, ժողովրդավարության առաջմղման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ կատարվող քայլերը:  Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն երկկողմ օրակարգին և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Արձանագրելով, որ ԵՄ հետ առկա է ընդհանուր արժեքների վրա հիմնված բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ Արարատ Միրզոյանը կարևորել է շարունակական և գործուն քայլերով ԵՄ հետ բազմոլորտ համագործակցության զարգացումը, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակում: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ու նշանակության վերաբերյալ: Նախարար Միրզոյանը զրուցակիցներին է ներկայացրել սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքները, անդրադարձ կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանում կայնության ու խաղաղության հաստատմանը շարունակում են խոչընդոտել Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև սահմանազատման ու սահմանային անվտանգության գործընթացների, տարածաշրջանային տնտեսական կապերի ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման աշխատանքների զարգացումները:
14:16 - 15 նոյեմբերի, 2022
Հայաստանի ու Վրաստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են անվտանգային հարցերի լայն շրջանակ

Հայաստանի ու Վրաստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են անվտանգային հարցերի լայն շրջանակ

Նոյեմբերի 14-ին Թբիլիսիում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի գլխավորությամբ կայացել են ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարությունների հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների աճող դինամիկայի լույսի ներքո կողմերը քննարկել են բարձր մակարդակի շփումների և քաղաքական երկխոսության օրակարգը, ոլորտային, ինչպես նաև բազմակողմ և տարածաշրջանային անվտանգային հարցերի լայն շրջանակ։ Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի վարչապետի աշխատակազմի Ծրագրավորման և կառավարական համադրությունների հարցերով վարչության պետ Վախթանգ Կատամաձեի հետ։
09:27 - 15 նոյեմբերի, 2022
ԱԳ նախարարը և Լիլա Պիտերս Յահիան քննարկել են ՄԱԿ-ի համակարգի և գործակալությունների հետ համագործակցությանն առնչվող հարցեր

ԱԳ նախարարը և Լիլա Պիտերս Յահիան քննարկել են ՄԱԿ-ի համակարգի և գործակալությունների հետ համագործակցությանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիային՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ շարունակական համագործակցությանը, Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացմանն առնչվող հարցեր: 44-օրյա պատերազմի, ինչպես նաև սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած հումանիտար և այլ բնույթի խնդիրների համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ՄԱԿ-ի և մասնագիտացված գործակալությունների առավել ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը՝ իրենց մանդատին համապատասխան առկա մարտահրավերներն արձանագրելու և հասցեագրելու նպատակով:
19:04 - 14 նոյեմբերի, 2022