ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Ուկրաինայի մասին Բորելի հայտարարությունները «փոխում են խաղի կանոնները»․ Լավրով

Ուկրաինայի մասին Բորելի հայտարարությունները «փոխում են խաղի կանոնները»․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննադատել է  եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին այն խոսքերի համար, որ Ուկրաինայում «պատերազմը պետք է հաղթել մարտի դաշտում»։ Նախարարն ասել է, որ Բորելի խոսքերը վկայում են Արևմուտքի քաղաքականությունում «լուրջ շրջադարձի» մասին և «փոխում են խաղի կանոնները», գրում է «Կոմերսանտը»։ Լավրովի պնդմամբ՝ նման արտահայտությունները «չարացած լինելու» և անգամ «կատաղած լինելու արտահայտում են»։ «Սա շատ լուրջ շրջադարձ է անգամ այն քաղաքականությունում, որը ԵՄ-ն և, ընդհանուր առմամբ, Արևմուտքն՝ ԱՄՆ գլխավորությամբ, անկասկած սկսել են վարել մեր հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր», - ասել է ՌԴ արտգործնախարարը «Ռոսիա 24»-ի եթերում։ Նա նշել է, որ Եվրամիությունը «մինչ օրս երբեք, ընդհանրապես երբեք հանդես չի եկել որպես ռազմական կազմակերպություն»։ «Այն, ինչ այս աննախադեպ, ագրեսիվ ֆոնին ասել է Ժոզեպ Բորելն, իրականում, պետք է ասել, զգալիորեն փոխում է խաղի կանոնները», - հավելել է նա։   Նորա Վանյան  
16:40 - 11 ապրիլի, 2022
Բորելը կրկնել է, որ պատերազմները պետք է հաղթել կամ պարտվել մարտի դաշտում

Բորելը կրկնել է, որ պատերազմները պետք է հաղթել կամ պարտվել մարտի դաշտում

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն այսօր ասել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Ուկրաինա կատարած այցի ընթացքում ականատես է եղել «խաղաղ բնակչության դեմ ռուսական զորքերի դաժան ագրեսիայի», ասված է ԵՄ Արտաքին գործունեության եվրոպական ծառայության կայքում։ Նա նշել է, որ գործընկերների հետ քնարկվելու են Ուկրաինայի ժողովրդին ավելի շատ օգնելու, հնարավոր տնտեսական ճգնաժամին դիմակայելու քայլերը, քանի որ «բոլորն են բախվելու այս [ուկրաինական] պատերազմի հետևանքներին»։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա իրոք կարծում է, որ պատերազմը պետք է հաղթել պատերազմի դաշտում, ինչպես ավելի վաղ գրել էր իր թվիթերյան էջում, Բորելն ասել է․ «Սովորաբար, պատերազմները հաղթում կամ պարտվում են մարտի դաշտում, այո»։ Նորա Վանյան
14:17 - 11 ապրիլի, 2022
Մակրոնին դժվար պայքար է սպասվում Ֆրանսիայի նախագահական ընտրություններում․ Reuters

Մակրոնին դժվար պայքար է սպասվում Ֆրանսիայի նախագահական ընտրություններում․ Reuters

Ֆրանսիայում այսօր նախագահական ընտրությունների առաջին փուլի քվեարկությունն է ընթանում։ Reuters-ն անդրադարձել է երկու ամենաուժեղ մասնակիցների՝ Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնի և Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի միջև ծավալվող պայքարին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Ֆրանսիայում այսօր ընթանում է նախագահական ընտրությունների առաջին փուլի քվեարկությունը, ուլտրաաջ թեկնածու Մարին Լը Պենն անսպասելիորեն սկսել է սպառնալ ի չիք դարձնել նախագահ Էմանուել Մակրոնի՝ վերընտրվելու հույսերը։ Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 8:00-ին (0600 GMT) և փակվելու են [20:00-ին] (1800 GMT)՝ առաջին էքզիթ-փոլերի հրապարակումից առաջ։ Այդ հարցումները սովորաբար շատ վստահելի են Ֆրանսիայում։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ հարցումները ցույց են տվել, որ Եվրոպական Միության ջատագով, ցենտրիստ Մակրոնը հեշտությամբ հաղթելու է ընտրություններում․ նրա օգտին էր աշխատել Ուկրաինայի հարցում նրա ակտիվ դիվանագիտական ջանքերը, տնտեսության զգալի վերականգնումն ու մասնատված ընդդիմության թուլությունը։ Սակայն նրա նախընտրական քարոզարշավի ուշ մեկնարկը, դրա ընթացքում անցկացված ընդամենը մեկ խոշոր հանրահավաքը, որը չի տպավորել անգամ նրա համակիրներին, ուշադրության սևեռումը կենսաթոշակային տարիքը բարձրացնելու ոչ պոպուլյար պլանին, արժեզրկման կտրուկ աճը խաթարել են նախագահի վարկանիշը։ Եվ ընդհակառակը, հակամիգրացիոն, Եվրամիության նկատմամբ թերահավատ մոտեցում ունեցող ուլտրաաջ Լը Պենի օգտին է աշխատել այն, որ նա ամիսներով իր ուշադրության կենտրոնում է պահել կենսաապահովման ծախսերի հարցն, և որ նրա ուլտրաաջ մրցակից Էրիկ Զեմուրի վարկանիշը զգալի անկում է ապրել։ Հանրության շրջանում անցկացված հարցումները, որոնք հրապարակվել են նախքան այս ուրբաթ կեսգիշերին նախընտրական արշավի ավարտը, ցույց են տվել, որ Մակրոնն առաջին փուլի առաջատարն է լինելու և Լը Պենին հաղթելու է ապրիլի 24-ին կայանալիք երկրորդ փուլում։ Սակայն այդ նույն հարցումներն ասում են, որ դա բարդ է լինելու, քանի որ Լը Պենի վարկանիշն աճել է՝ կրտճատելով Մակրոնի վարկանիշի հետ տարբերությունը։   Երկրորդ փուլի ռիսկերը Մակրոնի համար 44-ամյա Մակրոնը, որը պաշտոնավարում է 2017 թ-ից, իր քարոզարշավի վերջին օրերը ծախսել է ապացուցելու վրա, որ Լը Պենի ծրագիրը չի փոխվել՝ չնայած նրա և նրա «Ազգային ճակատ» կուսակցության կերպարը մեղմելու ջանքերին։ Փարիզից ոչ հեռու գտնվող Սևրի 58-ամյա ավիացիոն ինժեներ Ժակ Պոջիոն ասում է, որ, թեև հինգ տարի առաջ սատարել է Մակրոնին, այժմ քվեարկել է ուլտրաձախ Ժան Լյուկ Մելանշոնի օգտին, որովհետև հիասթափված է Մակրոնի «ծայրահեղ աջ ազդակներից», որոնք հակասում են նրան իշխանության են բերած մոտեցումներին։ Մելանշոնը հարցումներում երրորդ տեղն է զբաղեցնում, իսկ նրա նախընտրական արշավի ընթացքում կոչ է հնչել բոլոր տիպի ձախականներին՝ քվեարկել Մելանշոնի օգտին և նրան երկրորդ փուլ դուրս բերել։ Եթե ընդունենք, որ Մակրոնն ու Լը Պենն անցնելու են երկրորդ փուլ, ապա գործող նախագահը խնդրի առջև է կանգնելու․ ձախ ուղղվածության քվեարկողներից շատերը հարցման ընթացքում ասել են, որ, ի տարբերություն 2017 թ-ի, երկրորդ փուլում չեն քվեարկելու Մակրոնի օգտին միայն նրան համար, որ լը Պենն իշխանության չգա։ Մակրոնը պետք է կարողանա փոխել նրանց կարծիքն ու այնպես անի, որ իր օգտին քվերակեն երկրորդ փուլում։ Այսօրվա քվեարկությունը ցույց կտա, թե ում են ընտրել իրենց ընտրության մեջ չկողմնորոշված անսովոր մեծ թվով քաղաքացիները, և արդյոք 53-ամյա Լը Պենը կարող է փոխել հարցումների կանխատեսումները և առաջատարը լինել առաջին փուլում։ Մակրոնն ու Լը Պենը համակարծիք են, որ ընտրությունների ելքը կանխորոշված չէ։ «Ամեն ինչ հնարավոր է», - իր համախոհներին ասել է լը Պենն ապրիլի 7-ին, իսկ Մակրոնն աս շաբաթ ավելի վաղ իր համամկիրներին զգուշացրել է, որ Լը Պենի հաղթանակի հավանականությունը պետք չէ թերագնահատել։ «Տեսեք, թե ինչ եղավ բրեքսիթի և շատ այլ քվեարկությունների ժամանակ․ եղավ այն, ինչ անհավանական էր թվում», - ասել է նա։   Նորա Վանյան
17:05 - 10 ապրիլի, 2022
Եվրամիությունը դադարեցրել է Ռուսաստանում և Բելառուսում գրանցված ավտոմեքենաների մուտքը |factor.am|

Եվրամիությունը դադարեցրել է Ռուսաստանում և Բելառուսում գրանցված ավտոմեքենաների մուտքը |factor.am|

factor.am: Եվրամիության երկրները ապրիլի 8-ից դադարեցրել են Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների մուտքը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայությունից։ Ըստ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության՝  Ռուսաստանին և Բելառուսին սահմանակից ԵՄ երկրների մաքսային ծառայությունները դադարեցրել են տրանսպորտային միջոցների ընդունումը՝ հղում անելով պատժամիջոցների հինգերորդ փաթեթին։ Նոր պատժամիջոցներն ազդել են ԵՄ տարածքով ավտոմոբիլային բեռնափոխադրումների, ներառյալ տարանցման արգելքի վրա: Այժմ ռուսական և բելառուսական համարանիշներով միջազգային տրանսպորտային միջոցները չեն կարողանա ապրանքներ տեղափոխել ԵՄ երկրների տարածքով։ Գերատեսչության տեղեկատվության համաձայն ՝ առայժմ նշված սահմանափակումները չեն տարածվում ավտոմոբիլային բեռնափոխադրումների վրա, որոնք իրականացնում են բժշկական, դեղագործական, սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի, այդ թվում՝ ցորենի, էներգակիրների, գունավոր մետաղների և պարարտանյութերի առաքում:
19:53 - 09 ապրիլի, 2022
Ռուսաստանը չեղարկել է դեպի ևս 52 երկիր թռիչքների սահմանափակումները |armtimes.com|

Ռուսաստանը չեղարկել է դեպի ևս 52 երկիր թռիչքների սահմանափակումները |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանը չեղարկում է համաճարակի պատճառով կիրառվող սահմանափակումները ևս 52 երկիր թռիչքների համար։ ՌԴ կառավարության համապատասխան որոշման մասին ապրիլի սկզբին հայտարարել էր վարչապետ Միխայիլ Միշուստինը: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։ Ինչպես նշված է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում, խոսքը վերաբերում է կանոնավոր և չարտերային թռիչքների սահմանափակումների վերացմանը դեպի Ալժիր, Արգենտինա, Աֆղանստան, Բահրեյն, Բոսնիա և Հերցեգովինա, Բոտսվանա, Բրազիլիա, Վենեսուելա, Վիետնամ, Հոնկոնգ, Եգիպտոս, Զիմբաբվե հետ, Իսրայել, Հնդկաստան, Ինդոնեզիա, Հորդանան, Իրաք, Քենիա, Չինաստան, Հյուսիսային Կորեա, Կոստա Ռիկա, Քուվեյթ, Լիբանան, Լեսոտո, Մավրիկիոս, Մադագասկար, Մալայզիա, Մալդիվներ, Մարոկկո, Մոզամբիկ, Մոլդովա, Մոնղոլիա, Մյանմար, Նամիբիա, Օման, Պակիստան , Պերու, Սաուդյան Արաբիա, Սեյշելներ, Սերբիա, Սիրիա, Թաիլանդ, Տանզանիա, Թունիս, Թուրքիա, Ուրուգվայ, Ֆիջի, Ֆիլիպիններ, Շրի Լանկա, Եթովպիա, Հարավային Աֆրիկա և Ջամայկա: Թռիչքներն այս երկրներ այսուհետ կսահմանափակվեն միայն օդային փոխադրումների վերաբերյալ միջկառավարական համաձայնագրերի և երկրների ավիացիոն իշխանությունների միջև առանձին համաձայնագրերի դրույթներով։  Ռուսական ավիաընկերությունների համար միջազգային չվերթերի բացումն այժմ դժվարություններ է կրում  նաև ԵՄ և ԱՄՆ պատժամիջոցների ֆոնին. ռուսական ավիաընկերությունները ստիպված են եղել զգալիորեն կրճատել թռիչքների ծրագրերը՝ օտարերկրյա օդանավակայաններում օդանավերի ձերբակալման վտանգի պատճառով:
14:07 - 09 ապրիլի, 2022
Եվրամիության նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ ներառում են ածխի ներկրման արգելք

Եվրամիության նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ ներառում են ածխի ներկրման արգելք

Եվրամիությունն այսօր ընդունել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, որը ներառում է, այդ թվում, ածխի, փայտանյութի, քիմիկատների ներկրման արգելք, գրում է Reuters-ը։ «Այս պատժամիջոցներն ընդունվել են՝ ի պատասխան այն վայրագությունների, որոնք ռուսական զինված ուժերը կատարել են Բուչայում և ռուսական օկուպացիայի տակ եղած մյուս բնակավայրերում», - ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Կրեմլի պնդմամբ՝ Բուչայի դեպքերը «բեմադրված են»՝ ռուսական բանակին զրպարտելու համար։ Նոր պատժամիջոցները սահմանափակում են նաև ռուսական նավերի և բեռնատարների մուտքը ԵՄ, արգելում ռուսական չորս բանկերի, այդ թվում՝ ՎՏԲ բանկի հետ գործարքները։ Ռուսական ածխի ներկրման արգելքն ուժի մեջ է մտնում օգոստոսի երկրորդ շաբաթից։ Որևէ նոր պայմանագիր չի կարող ստորագրվել այսօրվանից, երբ ԵՄ-ն հրապարակել է պատժամիջոցների ցանկը։ Առկա պայմանագրերը պետք է խզվեն մինչև օգոստոսի երկրորդ շաբաթը, իսկ մինչ այդ Ռուսաստանը շարունակելու է ԵՄ-ից վճարումներ ստանալ ածխի համար։ Ածխից բացի արգելվում է նաև այլ ապրանքների և սննդամթերքի ներկրումը Ռուսաստանից, այդ թվում՝ փայտանյութի, ցեմենտի, պարարտանյութերի, ձկնկիթի և օղու, որոնց ընդհանուր արժեքը կազմում է տարեկան 5,5 մլրդ եվրո ($5,9 մլրդ)։ Եվրամիությունը սահմանափակել է նաև մի շարք արտադրանքի արտահանումը Ռուսաստան, այդ թվում՝ ռեակտիվ շարժիչների վառելիքի, քվանտային համակարգիչների, բարձր տեխնոլոգիական էլեկտրոնիկայի, ծրագրային ապահովման, տրանսպորտային սարքավորումների։ Բացի դրանից, ևս 217 անձ կներառվի ԵՄ «սև ցուցակում», ԵՄ-ում նրանց ակտիվները կսառեցվեն, կարգելվի այդ անձանց մուտքը ԵՄ երկրներ։   Նորա Վանյան  
14:56 - 08 ապրիլի, 2022
Հակամարտությունները դիվանագիտական ճանապարհով լուծելը ներկայում առավել քան կարևոր է. Բորելն անդրադարձել է Բրյուսելի հանդիպմանը

 |armenpress.am|

Հակամարտությունները դիվանագիտական ճանապարհով լուծելը ներկայում առավել քան կարևոր է. Բորելն անդրադարձել է Բրյուսելի հանդիպմանը |armenpress.am|

armenpress.am: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կայացած հանդիպմանը: Ժոզեպ Բորելը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում՝ կիսվելով ԵԽ նախագահ Շառլ Միշելի գրառմամբ, որում նա նշել է, որ արդյունավետ երեկո են ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ կոնկրետ և շոշափելի արդյունքներով, հանձնառություն են ստանձնել՝ աշխատելու խաղաղության ապագա պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ: Բորելն այն գնահատել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված կարևոր ջանք և առաջընթաց՝ տևական խաղաղության և կայուն ու ապահով Հարավային Կովկասի ուղղությամբ աշխատելու համար: «Ներկա աշխարհաքաղաքական համատեքստում հիմա առավել քան երբևէ կարևոր է գտնելու ուղիներ՝ ներգրավվելու և դիվանագիտական ճանապարհով լուծելու հակամարտությունները»,-ընդգծել է նա: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և ԵԽ նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը կայացել է ապրիլի 6-ին Բրյուսելում:  
17:43 - 07 ապրիլի, 2022
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը՝ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը՝ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկրորդ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Երեկ՝ ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ քննարկումները շարունակելու և երկու երկրների հետ ԵՄ հարաբերությունների զարգացման համար։ Նախագահ Միշելը վերահաստատել է ԵՄ-ի հանձնառությունը խորացնելու համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ սերտորեն աշխատելու լարվածությունը հաղթահարելու համար, ինչպես նաև խթանելու, որ Հարավային Կովկասը լինի ապահով, կայուն, խաղաղ և բարգավաճ՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց: Ղեկավարներն ամփոփել են 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում իրենց վերջին հանդիպումից և 2022 թվականի փետրվարին նախագահ Մակրոնի հետ իրենց տեսակոնֆերանսից հետո տեղի ունեցած զարգացումները: Նրանք վերանայել են ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Նրանք քննարկել են վերջին լարվածությունը և վերահաստատել են 2020 թվականի նոյեմբերի 9/10 եռակողմ հայտարարության դրույթներին լիովին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։ Նրանք ողջունել են 2022 թվականի մարտի 30-ին Բրյուսելում ԵՄ հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը և համաձայնել են այս ներգրավվածությունը շարունակելու անհրաժեշտության շուրջ՝ ապահովելու համապատասխան հետևողականություն առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին: Նախագահ Միշելը շեշտել է երկու կողմերի մարդասիրական քայլերի կարևորությունը՝ վստահության և խաղաղ գոյակցության խթանման համար։ Նա ընդգծել է բոլոր հումանիտար խնդիրների ամբողջական և արագ լուծման անհրաժեշտությունը, այդ թվում պահվող գերիների ազատումը և անհետ կորածների հիմնախնդրի համակողմանի լուծումը։ Միշելը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցելու այդ նախաձեռնությանը:  ԵՄ-ն նաև կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին, ինչպես նաև մարդասիրական ականազերծման ջանքերին, այդ թվում՝ շարունակելով փորձագիտական խորհրդատվություն տրամադրել և ավելացնելով ֆինանսական աջակցությունը, ինչպես նաև օգնությունը հակամարտությունից տուժած բնակչությանը, վերականգնմանը և վերակառուցմանը: Նախագահ Միշելը նշել է և՛ վարչապետ Փաշինյանը, և՛ նախագահ Ալիևի հայտարարած ցանկությունը՝ արագորեն շարժվելու դեպի երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիրը։ Այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին գործերի նախարարներին հանձնարարել աշխատել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա, որը կներկայացնի բոլոր անհրաժեշտ խնդիրները։ Երկու երկրների սահմանի սահմանագծումը և սահմանազատումը էական կլինեն․ այդ նպատակով, համաձայն Սոչիի 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարության, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև մինչև ապրիլի վերջ հրավիրել Սահմանային համատեղ հանձնաժողով, որի մանդատը կլինի․ 1․ սահմանազատել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը  2․ ապահովել կայուն անվտանգ իրադրություն սահմանագծի երկայնքով և դրա մերձակայքում: Նախագահ Միշելը նաև ընդգծել է, որ ուժերի համապատասխան հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման և լարվածության նվազեցման էական տարր է։ Նա վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ տրամադրելու խորհրդատվություն և աջակցություն: Ղեկավարները քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կապի ու հաղորդակցության ենթակառուցվածքի վերականգնման հարցը առհասարակ և ավելի լայն առումով՝ Հարավային Կովկասում։ Նախագահ Միշելը ողջունել է երկաթուղային գծերի վերականգնմանն ուղղված քայլերը՝ միաժամանակ խրախուսելով Հայաստանին և Ադրբեջանին գտնելու արդյունավետ լուծումներ ճանապարհային հաղորդակցության վերականգնման համար։ ԵՄ-ն պատրաստ է աջակցելու հաղորդակցության ուղիների զարգացմանը, ինչպես իր Տնտեսական և ներդրումային ծրագրին համապատասխան, այնպես էլ օգտագործելով առաջարկվող տնտեսական խորհրդատվական ֆորումը՝ ընդհանուր նախագծերը սահմանելու համար: Ղեկավարները պայմանավորվել են հետևել իրենց հանդիպման արդյունքներին և շարունակել մնալ հաղորդակցության մեջ»։   Լուսանկարները՝ ԵՄ խորհրդի պաշտոնական կայքից
09:50 - 07 ապրիլի, 2022
Ավարտվել է Փաշինյանի, Միշելի և Ալիևի հանդիպումը. կստեղծվի սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, կմեկնարկեն խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները

Ավարտվել է Փաշինյանի, Միշելի և Ալիևի հանդիպումը. կստեղծվի սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, կմեկնարկեն խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին:   Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր: Հանդիպման արդյունքներով ձեռք է բերել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:  Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը Արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:
02:00 - 07 ապրիլի, 2022
«ԵՄ-ին հակառակվելով»՝ Հունգարիան ասում է, որ պատրաստ է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով

«ԵՄ-ին հակառակվելով»՝ Հունգարիան ասում է, որ պատրաստ է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով

Չորեքշաբթի օրը Հունգարիան հայտարարել է, որ պատրաստ է ռուսական գազի համար վճարել ռուբլիով՝ «հակառակվելով ԵՄ-ին», որը միասնական ճակատ էր ձևավորում՝ ընդդիմանալով արժույթով վճարումներ կատարելու Մոսկվայի պահանջին: Այս մասին գրում է Reuters-ը։ Հունգարիան առաքումների համար կվճարի ռուբլով, եթե Ռուսաստանը դա խնդրի, չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ի պատասխան Reuters-ի հարցին։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ հայտարարել է, որ ռուսական գազ գնող եվրոպական երկրները դրա դիմաց պետք է վճարեն ռուբլիով, այլ ոչ թե դոլարով և եվրոյով, ինչպես նախկինում։  Ավելի վաղ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել էր, որ ԵՄ իշխանությունները «որևէ դեր չեն խաղում» Ռուսաստանի հետ գազի մատակարարման գործարքում, որ հիմնված է հունգարական ընկերության և «Գազպրոմ»-ի միջև կնքված երկկողմ պայմանագրի վրա: Եվրահանձնաժողովը չի մեկնաբանել այս հայտարարությունները։ Հունգարիան ԵՄ այն քիչ անդամ երկրներից է, որ մերժել եմ Մոսկվայի դեմ էներգետիկ պատժամիջոցները՝ ի պատասխան Ռուսաստանի՝ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության»: Թե ինչ է «նշանակում» գազի դիմաց ռուբլիով վճարումը, կարող եք կարդալ այստեղ։
20:59 - 06 ապրիլի, 2022