ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել
 |armtimes.com|

Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել |armtimes.com|

armtimes.com: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել: Մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելով, որ փորձաքննությունը նշանակվել է քրեական գործը ՀՔԾ վարույթում գտնվելու ընթացքում։ Այնուհետեւ Տիգրան Խաչատրյանի  մասով գործը ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության հարցը որոշելու համար: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ տեղեկացրեց, որ Տիգրան Խաչատրյանի դրվագով անջատված մասը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա քննությունն այնտեղ շարունակելու համար. Իսկ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանն ասաց, որ գործի մասին մանրամասներ այս պահին չեն կարող փոխանցել: Նշենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը հետախուզվում էր 2018 թ. օգոստոսի 28-ից՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից խուսափելու և կեղծ փաստաթղթերով Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետ ընդունվելու համար:
20:10 - 28 ապրիլի, 2021
Դատախազության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի գործով մեղադրյալ Հայկ Հեքիմյանը կալանավորվեց |tert.am|

Դատախազության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի գործով մեղադրյալ Հայկ Հեքիմյանը կալանավորվեց |tert.am|

tert.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը, խափանման միջոց ընտրվեց Հայկ Հեքիմյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորումը: Այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հեքիմյանի փաստաբան Բենիկ Գալստյանը:Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին ավելի վաղ Ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցները բերման էին ենթարկել և  ձերբակալել՝ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։«Ինձ համար անսպասելի էր դատարանի որոշումը, դատարանը գտել է, որ առկա է հիմնավոր կասկած հանցանքի վերաբերյալ: Որպես կալանավորման հիմք՝  նշել էր քննիչի կողմից ներկայացված 3 հիմքերից միայն մեկը՝ խոչընդոտելու ռիսկը։ Չհասցրի որոշմանը մանրամասն ծանոթանալ, բայց պետք է փաստեմ, որ իմ համոզմամբ՝ նշված ակտն ապօրինի է»,- ասաց նա և հավելեց, որ որոշումը  հնարավորինս շուտ կբողոքարկի Վերաքննիչ քրեական դատարան և հույս հայտնեց, որ դատարանն օբյեկտիվ որոշում կկայացնի: Շարունակությունը՝ tert.am-ում։
13:56 - 28 ապրիլի, 2021
Դատարան է ուղարկվել պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով գույքեր թաքցնելու վերաբերյալ առաջին քրեական գործը

Դատարան է ուղարկվել պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով գույքեր թաքցնելու վերաբերյալ առաջին քրեական գործը

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ Hetq.am-ում հրապարակված «Մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների տները Դուբայի շքեղ համալիրներում» վերտառությամբ հոդվածի հիման վրա ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով 2020 թ. փետրվարի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց կողմից օրենքով նախատեսված հայտարարագրերում հայտարարագրման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով գույքեր թաքցնելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ: Քրեական գործն ըստ ենթակայության ուղարկվել էր ՀՀ ՀՔԾ, որտեղ կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորրվել էր, որ Հ. Դ.-ն, 2018 թ. հունիսի 20-ից մինչև 2019 թ. հունվարի 14-ը հանդիսանալով ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր և կրելով գույքի և շահերի հայտարարագրման պարտականություն՝ 2018 թ. հոկտեմբերի 1-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված, պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ, ինչպես նաև 2019 թ. հունիսի 11-ին պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրում չի հիշատակել և այդ կերպ թաքցրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող մի քանի անշարժ գույքերի մասին տվյալները: Մասնավորապես՝ հայտարարագրերում չեն արտացոլվել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող 107,134,8 քմ մակերեսով և 7.1 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով համատեղ սեփականության իրավունքով բնակարանը, Արարատի մարզի Այնթափ համայնքում գտնվող՝ սեփականության իրավունքով իրեն պատկանոող 600.000 ՀՀ դրամով ձեռք բերված, 190.560 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 1,92 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող 741,4 քմ մակերեսով կիսակառույց տնից, 0,051 հա տնամերձ հողամասից բաղկացած, ավելի քան 38 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով, 700.000 ՀՀ դրամով ձեռք բերված իրեն և կնոջը համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող 299.815 ՀՀ դրամ կադաստրային արժեքով, 200.000 ՀՀ դրամով ձեռք բերված՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրեն և կնոջը պատկանող 0,048 հա տնամերձ հողամասը, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղական համայնքում գտնվող 1.7մլն ՀՀ դրամով ձեռք բերված և սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,1262 հա հողամասը, նույն համայնքում գտնվող 500.000 ՀՀ դրամով ձեռք բերված և սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,0676 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը։ Հ. Դ.-ն չի հայտարարագրել նաև պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ երկու բանկում իր անվամբ բացված դրամային հաշվներին ունեցած շուրջ 1.9 մլն ՀՀ դրամը։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է նաև, որ նրա որդին՝ Ա.Դ-ն ևս, նույն ժամանակահատվածում հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձ և ունենալով հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրերում իր գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ ներկայացնելու պարտականություն, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված, սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և եկամուտների մասին 2018 թ. հայտարարագրում չի հիշատակել և այդ կերպ թաքցրել է տվյալ հարկային տարում՝ 2018 թ. նոյեմբերի 6-ին, 4.9 մլն ՀՀ դրամով Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող, 0․0214 հա հողամասը ձեռք բերելու և դրա նկատմամբ իր և մեկ այլ անձի համատեղ սեփականության իրավունքը գրանցելու մասին տվյալը։ Նույն հայտարարագրում Ա. Դ.-ն չի հիշատակել և այդ կերպ թաքցրել է նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող BMW X6 5.0 IX մակնիշի, 2009 թ. թողարկման ավտոմեքենան 2018 թ. նոյեմբերի 11-ին 4 մլն ՀՀ դրամով վաճառելու մասին տվյալը, բանկում ունեցած վարկային գծով բանկի առջև հոր պաշտոնավարման դադարեցման օրվա դրությամբ ունեցած 2493 ԱՄՆ դոլարի չափով պարտավորությունը, նույն բանկում ունեցած «Ապառիկ տեղում վճարված ֆակտորինգ» տեսակով պարտավորությունները, որոնք հոր պաշտոնավարման դադարեցման օրվա դրությամբ կազմել են ընդհանուր շուրջ 1 մլն ՀՀ դրամ։ Հայտարարագրման ենթակա նշված անշարժ գույքերի և դրամական միջոցների վերաբերյալ տվյալները թաքցնելը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով, այն է՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքով գույքերի չհայտարարագրմանը։ Նշված հանցավոր արարքները կատարելու համար Հ.Դ.-ին և Ա.Դ.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: 2021 թ. ապրիլի 16-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել քրեական գործից նրանց վերաբերյալ գործի մասն անջատելու մասին, որով հայտարարվել է նախաքննության ավարտ: 2021 թ. ապրիլի 28-ին քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
12:48 - 28 ապրիլի, 2021
Իրավապահ մարմիններն ու ՊՆ-ն չեն կողմնորոշվում՝ ինչը համարել պետական գաղտնիք, ինչը՝ հրապարակման ենթակա տեղեկություն

Իրավապահ մարմիններն ու ՊՆ-ն չեն կողմնորոշվում՝ ինչը համարել պետական գաղտնիք, ինչը՝ հրապարակման ենթակա տեղեկություն

Օրեր առաջ Infocom-ը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունների առնչությամբ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ ԶՈՒ 2018-24թթ․ զարգացման պլանի փոփոխության մասին Սարգսյանի հայտարարություններին, որոնց իսկության վերաբերյալ ՊՆ-ն հրաժարվել էր մեզ տրամադրել տեղեկություններ՝ հիմնավորելով, որ դրանք պարունակում են պետական գաղտնիք, այդ թվում հարցը՝ զարգացման պլանը փոխվե՞լ է, թե՞ ոչ։ Ռազմական ոստիկանությունը նյութերի նախապատրաստման արդյունքում եկել է եզրակացության, որ այդ հայտարարություններում հանցակազմ չկա, ուստի մերժել է քրգործի հարուցումը։ Արձագանքելով Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սպառազինության եւ տեխնիկայի գնման պլանում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ Եւ քանզի ՊՆ-ն սպառազինության պլանի փոփոխության վերաբերյալ որեւէ հարց համարում է ռազմական գաղտնիք, ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվել էինք՝ Փաշինյանի՝ Սարգսյանի ասածն ուղղակիորեն հերքող հայտարարությունը դիտարկվո՞ւմ է որպես պետական գաղտնիքի բացահայտում։ Դատախազությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ հարցի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում՝ նկատի ունենալով Սարգսյանի հայտարարությունների մասով իրավական գործընթացը, իսկ նյութերի նախապատրաստման արդյունքում, ինչպես վերը նշեցինք, քրգործի հարուցումը մերժվել է, ինչը նշանակում է, որ Փաշինյանի հայտարարությունը, որը, ՊՆ-ի տրամաբանությամբ առաջանորդվելու դեպքում, եւս պետական գաղտնիքի տարր ունի, ՌՈ-ի համոզմամբ՝ հանցակազմ չի պարունակում։  Նիկոլ Փաշինյանը պատերազմից առաջ ու հետո մի քանի անգամ անդրադարձել է նաեւ «Սու30CM» կործանիչներին։ Նախ 2020 թվականի հուլիսի 3-ին նա ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ հրապարակեց՝ կից գրելով, որ «Սու30CM»-ները «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել՝ փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար։ Այս տարվա մարտի 20-ին Փաշինյանն Օհանավան համայնքում իր ելույթում ասաց, որ Հայաստանը չէր հասցրել «Սու30CM»-ների համար հրթիռներ ձեռք բերել։  Եւ քանի որ վարչապետը նախորդ տարի հայտարարել էր կործանիչների հրթիռների փորձարկման մասին՝ լրատվամիջոցները գրեցին, որ Փաշինյանը հակասում է իրեն։  Media.am-ն այս տարվա մարտի 23-ին հոդվածով անդրադարձավ թեմային՝ մանրամասն ներկայացնելով, թե այս կործանիչներն ինչպիսի հրթիռներ, ինչ զինամթերք են ունենում։ Նյութում ռազմական վերլուծաբանը մանրամասնել էր, որ Փաշինյանի հրապարակած տեսանյութում երեւում է չկառավարվող ավիացիոն հրթիռների օգտագործում, այլ ոչ թե կառավարվող «երկինք-երկիր» հրթիռ, ինչպես պնդել էր Փաշինյանը։ Նա, ի դեպ, չէր հստակեցրել, թե Հայաստանն ինչ հրթիռներ չի հասցրել գնել։ Հաջորդ օրը՝ մարտի 24-ին, Փաշինյանն Ազգային ժողովում ստիպված եղավ պարզաբանել իր խոսքը։ Նա ասաց, որ երկու հայտարարությունների մեջ ոչ մի հակասություն չկա՝ պարզ պատճառով․ «Նախ արձանագրենք, որ Սու-ն գերժամանակակից հզոր զենք է, բայց էդ զենքն ունի իր ամբողջության մեջ, իր հրթիռներով եւ սարքավորումներով, եւ, կարծում եմ, ակնհայտ է, որ ինքնաթիռի եւ տարբեր մոդիֆիկացիաների հրթիռների արտադրողները նույն սուբյեկտները չեն, այսինքն՝ նույն տեղում չի արտադրվում, հետեւաբար, ոչ թե ամբողջությամբ է ձեռք բերվում, այլ հատվածական՝ տարբեր սուբյեկտներից։ ՍՈՒ-երը Հայաստան են եկել 2020-ի մայիսին, եւ, այո, իրականացրել են վարժական թռիչքներ, օգտագործել են հրթիռներ, որոնք Հայաստանի զինանոցում արդեն իսկ եղել են»։ ՊՆ-ն, իհարկե, երիցս մերժել է տեղեկություն տրամադրել՝ Սու-երի սպառազինության՝ մասնավորապես հրթիռի տեսակների վերաբերյալ հարցերը համարելով պետական ու ծառայողական գաղտնիքի շարքին դասվող, չնայած Փաշինյանն անձամբ էր նշել, որ տեսանյութում երեւում են երկինք-երկիր հրթիռներ։ Ու քանի որ Փաշինյանի հրապարակած տեսանյութում երեւացող հրթիռի տեսակի մասին տեղեկությունը համարվում է գաղտնի, ուստի ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեցինք՝ Փաշինյանը գաղտնի՞ք է բացահայտել, եւ եթե այո, ապա արդյոք նյութեր նախապատրաստվե՞լ են, քրեական գործ հարուցվե՞լ է։ Ըստ Դատախազությունից ստացած պատասխանի՝ քանի որ Մովսես Հակոբյանի հայտարարությունների առնչությամբ հարուցված քրգործով, ի թիվս այլնի, քննության առարկա են հանդիսանում նաեւ մեր հարցման՝ այս թեմայով հիշատակված հանգամանքները, ուստի քննարկվող պետական գաղտնիքի հրապարակման դեպքով անձի /անձանց/ արարքներին այդ գործով կտրվի քրեաիրավական գնահատական։ Խոսքը «Հայելի» ակումբում ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ, Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցի մասին է, որի առնչությամբ 2020 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրգործ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից կատարված այնպիսի արարքների փաստով, որոնք հակասել են ՀՀ ՊՆ մի շարք փաստաթղթերում առկա կարգավորումներին եւ բացասական նշանակություն են ունեցել ԶՈՒ մարտունակության հարցում եւ ազդել պատերազմի արդյունքի վրա։ ՊՆ-ն պետական գաղտնիք պարունակելու հիմնավորմամբ մերժել էր տեղեկություն տրամադրել նաեւ Փաշինյանի մեկ այլ հայտարարության վերաբերյալ, որն առնչվում էր Զանգելանի եւ Կուբաթլուի շրջաններից մեր զորքերի դուրսբերմանը։ Վարչապետը նախորդ տարվա դեկտեմբերի 27-ին ասել էր, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների 90 եւ ավելի տոկոսը եղել է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Այդ համատեքստում, Փաշինյանի խոսքով, «եղել է բանավոր ըմբռնում, որ էդտեղ մենք պետք է սահմանային որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք, եւ այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար»։ Infocom-ն այս երկու շրջանների՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելու մասին հայտարարություններից հետո պաշտոնական հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն՝ նոյեմբերի 9-ի դրությամբ հայկական զորքերը տեղակայվա՞ծ են եղել Զանգելանի եւ Կուբաթլուի շրջաններում, եթե այո, ապա մասնավորապես ո՞ր հատվածներում, եթե ոչ, ապա ե՞րբ են ամբողջությամբ հետ քաշվել նշյալ տարածքներից։ Խնդրել ենք պատասխանել նաեւ, թե ինչ հանգամանքներում, ինչ հիմքով, ինչ քննարկումների արդյունքում եւ երբ են հանձնվել Զանգելանի ու Կուբաթլուի այն հատվածները, որոնք, ինչպես ենթադրելի է վարչապետի խոսքից, նոյեմբերի 9-ի դրությամբ եղել են հայկական ԶՈՒ-երի վերահսկողության տակ։ Չնայած Փաշինյանն, ըստ էության, արդեն հայտնել էր, որ նոյեմբերի 9-ի դրությամբ հիշյալ շրջանների մեծ մասը մեր վերահսկողությունից դուրս է եղել, եւ որ դա տեղի է ունեցել բանավոր ըմբռնման արդյունքում, ՊՆ-ն, ինչպես նշեցինք, տեղեկություն չտրամադրեց։ Ուստի մեկ այլ հարցմամբ դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազություն՝ ճշտելու՝ Փաշինյանի այս հայտարարություններն ուսումնասիրվում եւ դիտարկվո՞ւմ են պետական գաղտնիքի բացահայտման տեսանկյունից։ Դատախազության պատասխանի համաձայն՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների առնչությամբ հարուցված քրեական գործով քննության առարկա են նաեւ այս թեմայի վերաբերյալ մեր հիշատակած հարցերը, չնայած Հակոբյանը խնդրո առարկա հարցազրույցում ուղիղ տեքստով չի խոսել այդ տարածքների կամ այդտեղից մեր զորքերի տեղաշարժի մասին։ Արդյոք Փաշինյանը նշված քրգործում որեւէ կարգավիճակով ներգրավված է, թե ոչ՝ կներկայացնենք Դատախազության գրավոր պատասխանն ստանալուց հետո։ Հայարփի Բաղդասարյան
15:56 - 26 ապրիլի, 2021
Փոխառություն տրված և չվերադարձված գումարները. Զինա Գալստյանի կասկածելի գործունեության հետքերով

Փոխառություն տրված և չվերադարձված գումարները. Զինա Գալստյանի կասկածելի գործունեության հետքերով

Նելլի Կարապետյանը (անունը և ազգանունը փոխված են) 2019-ի աշնանը իր ծանոթներից մեկից` Անի Ղազարյանից, իմանում է «Ֆինբանկ» ընկերության մասին: Անի Ղազարյանն ասում է Նելլիին, որ ինքն աշխատում է «Ֆինբանկ» ընկերությունում, որին գումար փոխառություն տալով՝ մարդիկ կարողանում են եկամուտ ստանալ։ Նելլիի ծանոթ ընտանիքներից մեկի անդամներն էլ Անի Ղազարյանի միջոցով են իմացել «Ֆինբանկ»-ի մասին և տարբեր չափերի գումարներ փոխառություն տվել ընկերությանը։ Վստահելով Անի Ղազարյանին՝ Նելլին որոշում է բանկից վարկ վերցնել և փոխառությամբ տալ «Ֆինբանկ»-ին։ Ըստ Անի Ղազարյանի ներկայացրածի՝ որպես փոխառություն ստացած գումարները «Ֆինբանկ»-ը տոկոսով տրամադրում է այդ գումարի կարիքն ունեցող ընկերություններին, և երբ վերջիններս վերադարձնում են գումարները «Ֆինբանկ»-ին, կազմակերպությունը դրանցով վճարում է իրեն փոխառություն տված մարդկանց։ Սկզբում Նելլիին ասում են, որ փոխառությունը չորս ամսով է։ Նա 2019-ի դեկտեմբերին փոխառության պայմանագիր է կնքում «Ֆինբանկ» ՓԲԸ-ի հետ։ Պայմանագրում նշված է, որ փոխառությունն անտոկոս է, և գումարը փոխատուին, այսինքն՝ Նելլիին, վերադարձվելու է առձեռն։ Նելլին պատմում է, որ չնայած դրան` իրեն ասել են, որ փոխառությունը վերցնում են 10%-ով, այսինքն, տրամադրած գումարի վերադարձից բացի, ինքը յուրաքանչյուր ամիս ստանալու է նաև այդ գումարի 10%-ը: Նելլին «Ֆինբանկ» ՓԲԸ-ի տնօրենին՝ Զինա Գալստյանին, անձամբ չի տեսել, կազմակերպության հետ կապը եղել է Անի Ղազարյանի միջոցով։ Նա պատմում է, որ Անի Ղազարյանն ամեն կերպ համոզում էր իրեն, որ կազմակերպությունը վստահելի է․ «Անին իր շրջապատի բոլոր մարդկանց, ներառյալ շրջապատի մարդկանց ծանոթներին, համոզում էր, նույնիսկ եղել է, որ ասի՝ եթե չտա մեր կազմակերպությունը, ես եմ տալու (գումարը- խմբ․)»։ Նելլին պատմում է, որ Անի Ղազարյանն իրեն և այլ ծանոթներին ասել է՝ եթե փոխառություն տան «Ֆինբանկ»-ին, իր աշխատավարձը կբարձրանա։ Անի Ղազարյանին օգնելու ցանկությունը ևս նպաստել է, որ Նելլին և նրա այլ ծանոթները փոխառություն տան «Ֆինբանկ»-ին։  Ընդամենը մի ամիս փոխառության գումարի որոշ հատված և այդ ամսվա տոկոսը վճարելուց հետո Նելլիի գումարը սկսում են չվերադարձնել։ Դրանից հետո Նելլին կապվում է Անի Ղազարյանի հետ, փորձում իմանալ, թե ինչու իր գումարը չեն վերադարձնում, Անի Ղազարյանն ասում է, որ ինքն էլ է փոխառություն տվել «Ֆինբանկ»-ին և նույն վիճակում է, ինչ Նելլին ու կազմակերպությանը փոխառություն տված մյուս մարդիկ։ Չնայած դրան՝ Նելլին հիմնավոր կասկածներ ունի, որ Անի Ղազարյանի գումարը «Ֆինբանկ»-ը վերադարձրել է, քանի որ, Նելլիի խոսքով,  նա շարունակում է ապրել նույն կյանքով, ինչ առաջ, կրում է նույն թանկարժեք զարդերը։ Գումարը չվճարելն Անի Ղազարյանն ու Զինա Գալստյանը Նելլիին պատճառաբանում են կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակով, ասում են՝ շրջանառություն չկա, չեն կարող վճարել։ «Եթե Զինային գրում ես՝ երբ ես տալու, էս ինչ օրը գցեցիր մեզ, կարող ա ծիծաղի նույնիսկ էդ մարդու վրա, ում վատություն ա արել, իբր՝ լավ եմ արել, դրա համար էլ էդ օրին ես»,- պատմում է Նելլին։ Նա շատ մարդկանց է ճանաչում, որոնք փոխառություն են տվել «Ֆինբանկ»-ին․ գումարների չափերը տարբեր են՝ 400 հազարից մինչև 6 միլիոն դրամ։ Չնայած մեկ տարի է անցել, Նելլիի ու բազմաթիվ այլ մարդկանց գումարները դեռ չեն վերադարձվել։  «Ջահել ընտանիքներ կան՝ սև ցուցակներում են հայտնվել, չգիտեն՝ ինչ անեն։ Ես 30 հոգուց ավելի գիտեմ, որ իր (Անի Ղազարյանի- խմբ․) պատճառով դրա մեջ են ընկել ու ոչ մի ձև չեն կարողանում Զինայից էդ փողերը վերցնեն»,- պատմում է Նելլին։ Նելլիի խոսքով՝ երբ սկսել են իր գումարները չվճարել, «Ֆինբանկ»-ը չի երկարացրել փոխառության պայմանագիրը, միայն Անի Ղազարյանի հետ է բանավոր պայմանավորվածություն եղել։ Դրանից հետո անընդհատ ինչ-որ պատճառաբանություններով գումարը չեն տվել։ «Եթե Զինային նամակ գրես, կապ չունի՝ ով ես, ինչ տարիքի ես, շատ անկիրթ պատասխան ա տալիս, եթե վիրավորում ես, վախեցնում ա Ազգային անվտանգությամբ։ Չգիտեմ՝ ինչով ա էդքան վստահ, որ ոստիկանությունն իրեն օգնելու ա, որ էդպես վստահությամբ ա խոսում Ոստիկանության ու ԱԱԾ-ի մասին»,- պատմում է Նելլին։ Նելլիի խոսքով՝ Անի Ղազարյանի միջնորդությամբ շատ մարդիկ են փոխառություն տվել «Ֆինբանկ»-ին, բայց նա հետո ոչինչ չի ձեռնարկել այդ մարդկանց օգնելու համար։  Նելլին պատմում է, որ նույնիսկ «Վայբեր» սոցիալական ցանցում «Ֆինբանկ»-ից տուժածների խումբ կա։ Տուժածները հիմնականում չեն բարձրաձայնում խնդրի մասին, քանի որ վախենում են, որ բողոքելու դեպքում Զինա Գալստյանն իրենց գումարները չի տա։ Նելլիի խոսքով՝ Զ․ Գալստյանն ամեն անգամ խոստանում է, որ կվերադարձնի գումարները, բայց երբ գալիս է նրա խոստացած ժամկետը, կրկին չի տալիս։ Վերջին անգամ խոստացել է, որ մարդկանց գումարները կվերադարձնի մայիսին։ Հիմա բոլորը, այդ թվում՝ Նելլին, սպասում են, որ մայիսին իրենց գումարները կստանան։ Հասմիկ Գասպարյանը (անունը փոխված է) ևս «Ֆինբանկ»-ի մասին իմացել է 2019-ի նոյեմբերին։ Հասմիկն էլ, ինչպես Նելլին, «Ֆինբանկ»-ի տնօրեն Զինա Գալստյանին չի ճանաչել, կազմակերպության մասին իմացել է Անի Ղազարյանի միջոցով։ Հասմիկը վարկ է վերցրել, փոխառության պայմանագիր կնքել «Ֆինբանկ»-ի հետ։ Փոխառության պայմանագիրը կնքվել է երկու ամսով։ Հետագայում կրկին Անի Ղազարյանը համոզել է, որ պայմանագիրը երկարացնելու դեպքում Հասմիկն ավելի շատ տոկոսներ կստանա։ Բանավոր պայմանավորվածության հիման վրա, առանց Հասմիկի ներկայության պայմանագիրը երկու ամսով երկարացվել է։ Հասմիկը նշում է, որ Անի Ղազարյանն ու Զինա Գալստյանն ամեն անգամ խոստացել են վերադարձնել իր գումարը, սակայն այդպես էլ չեն վերադարձրել։ «Ծանոթ-բարեկամով գումար վերցնելը ստացվում ա, բայց հազարից մեկի մոտ, որովհետև իր (Զինայի- խմբ․) կողքը ինչ-որ մարդիկ կան կանգնած, կամ միֆ ա դա»,- պատմում է Հասմիկը։   Զինա Գալստյանը, նրան պատկանող ընկերությունները և դրանց դեմ հարուցված դատական գործերը ՀՀ ընտրողների պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ Զինա Գալստյանի գրանցման վայրը Լոռու մարզի Վանաձոր քաղաքն է։ «Google» որոնման համակարգում փնտրելով Զինա Գալստյան անուն-ազգանունը՝ կարող ենք տեսնել, որ վերջինիս մասին կան մի շարք բացասական հրապարակումներ։ Պետական եկամուտների կոմիտեն, օրինակ, հայտարարել է Զ․ Գալստյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին։ Իսկ Կենտրոնական բանկի՝ 2020 թ․ նոյեմբերի 16-ին  հրապարակած ցուցակի համաձայն՝  Գալստյանին պատկանող «Ֆինբանկ» ընկերությունը չի լիցենզավորվել և չի վերահսկվում ԿԲ-ի կողմից։ Զինա Գալստյանի հիմնած առաջին ընկերությունը «Ֆին Հաուս» ՍՊԸ-ն է, որը իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 2017 թ․ հուլիսի 10-ին։ Այս ընկերության գործունեության վերաբերյալ որևէ հստակ բան չկա։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի կայքի՝ «Ֆին Հաուս» ՍՊԸ-ի  գործունեությունը դադարեցված է սնանկ ճանաչվելու հիմքով։  ՊԵԿ-ը  2018 թ․ նոյեմբերի 19-ին դիմում է ներկայացրել սնանկության դատարան «Ֆին Հաուս» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով։ Վերջինիս պարտավորությունը պետական բյուջեի հանդեպ կազմել է 4 մլն 479 հազար ՀՀ դրամ։ Դատարանի՝ 2020 թ․ մարտի 31-ի որոշմամբ ընկերությունը ճանաչվել է սնանկ և լուծարվել։ Այս ընկերությունը զինծառայողների ապահովագրության հիմնադրամին երբեք պարտադիր վճարում չի իրականացրել։ Երկրորդ ընկերությունը, որը հիմնել է Զինա Գալստյանը, «Դասապատրաստում» ՍՊԸ-ն է, որը իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցվել է 2018 թ․ ապրիլի 3-ին։ Ինչպես  «Ֆին Հաուս» ՍՊԸ-ի, այնպես էլ  «Դասապատրաստում» ՍՊԸ-ի դեպքում  ՊԵԿ-ի կայքում նշված չէ գործունեության տեսակը։ ՊԵԿ-ի կայքից իմանում ենք, որ «Դասապատրաստում» ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։ Ե՛վ «Ֆին Հաուս»-ը, և՛ «Դասապատրաստում»-ը գրանցված են եղել Վանաձորում։ «Դասապատրաստում» ընկերության դեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի զբաղվածության պետական գործակալության Վանաձորի տարածքային կենտրոնը 2019 թ․ հունիսի 17-ին քաղաքացիական հայց է ներկայացրել գումարի բռնագանձման պահանջով։ Գումարի չափը եղել է 510 հազար ՀՀ դրամ։ Դատարանը 2020 թ․ մարտի 21-ին վճռել է բավարարել հայցադիմումը և որոշել է «Դասապատրաստում» ՍՊԸ-ից բռնագանձել պահանջվող գումարը։ Այս ընկերությունը զինծառայողների ապահովագրության հիմնադրամին որևէ վճարում չի կատարել։ Զինա Գալստյանի դեմ 2019 թ․ դեկտեմբերի 30-ին հարուցվել է մեկ այլ դատական գործ, այս անգամ՝ քրեական, որում հիշատակվում են վերոնշյալ «Ֆին Հաուս» և «Դասապատրաստում» ՍՊԸ-ները։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Զինա Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտվելով իրեն պատկանող «Ֆինհաուս» և «Դասապատրաստում» ՍՊԸ-ների տնօրեն լինելու հանգամանքից, 2018 թ․ հունվար-դեկտեմբեր ամիսներին մի խումբ անձանց խաբել ու հայտնել է, թե իբր համագործակցում է եվրոպական, ՄԱԿ-ից  ֆինանսավորվող բարեգործական ընկերությունների, բանկերի, վարկային կազմակերպությունների հետ։ Զինա Գալստյանը խոստացել է իր ընկերություններում որպես ավանդ գումար ներդնելու դեպքում 10-ից 30 օրվա ընթացքում ավանդատուներին տրամադրել ավանդի գումարի 5-20%-ի  չափով շահույթ։ Իրեն գումար տալուց հետո նա ավանդատուներին տրամադրել է իր ստորագրությամբ և անձնական կնիքով հաստատված պարտավորագրեր՝ շահելով մարդկանց վստահությունը։ Այս ամենից հետո տուժողներից շարունակաբար ստացել և խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ ընդհանուր 91 մլն 102 հազար ՀՀ դրամի չափով։ Զինա Գալստյանի դեմ այս քրեական գործում ներգրավված է շուրջ 44 տուժող։ Որպես խափանման միջոց է ընտրվել  չհեռանալու մասին ստորագրությունը։ Քրեական գործը դեռևս դատավարության փուլում է։  Infocom-ի հետ զրույցում Զինա Գալստյանի պաշտպան Արամ Ղազարյանը նշել է, որ մինչև այս գործի դատարան մտնելը տուժածներին վերադարձվել է մոտ 60 մլն ՀՀ դրամ գումար։ Պաշտպանի խոսքով՝ Զ․ Գալստյանը դատարանում մի քանի անգամ ասել է, որ պարտավորվում է վճարել տուժողների գումարն ամբողջությամբ։ «Վարույթ իրականացնող մարմինն անընդհատ պնդում է, որ Զինա Գալստյանը կատարել է խարդախություն։ Խարդախություն կատարողը 91 մլն դրամից այդ ընթացքում չի բերում, 60 մլն դրամը հատուցում»,- նշել է պաշտպան Ղազարյանը։ Մեր այն հարցին, թե ողջ գումարի փոխհատուցումից հետո այս գործով դադարեցվելո՞ւ է Զ․ Գալստյանի հանդեպ քրեական հետապնդումը, Արամ Ղազարյանը բացասական պատասխան է տվել․ «Քանի որ մեղադրանքն առաջադրված է միասնական դիտավորության հատկանիշով, այսինքն՝ 44 տուժող մեկ մեղադրանք են առաջադրել, հետևաբար քրեական հետապնդումը չի կարող դադարեցվել, որովհետեւ այն հանրային գործ է, և տուժողի բողոքը լինի-չլինի, գործը պետք է քննվի, դատարանն իր վերջնական դատական ակտով անդրադառնա՝ տվյալ անձը մեղավո՞ր է, թե՞ ոչ»։ Զինա Գալստյանի հիմնած երրորդ ընկերությունը «Համար 1 ուսումնական կենտրոն» ՍՊԸ-ն է, որն իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցվել է 2019 թ․ փետրվարի 28-ին։ Վերջինս ՊԵԿ-ի կայքում նշված է որպես հաշվապահական դասընթացներ իրականացնող կազմակերպություն։ Այս ընկերության դեմ 2020 թ․ դեկտեմբերի 2-ին քաղաքացիական հայց է ներկայացրել «Էլիտ Պլազա» ՓԲԸ-ն՝ գումար բռնագանձելու պահանջով։ Վերջինս Զինա Գալստյանի հետ կնքել է պայմանագիր, համաձայն որի՝ նրան վարձակալությամբ տրամադրվել է տարածք՝ ամսական 2 մլն 512 հազար ՀՀ դրամով։ Տարածքի վարձակալության համար Զինա Գալստյանը «Էլիտ Պլազա» ՓԲԸ-ին պետք է վճարեր 8 մլն 581 հազար ՀՀ դրամ, որը, սակայն, ըստ հայցվորի, չի վճարել։ Այս գործը դեռևս դատաքննության փուլում է։ «Համար 1 ուսումնական կենտրոն»-ը զինծառայողների ապահովագրության հիմնադրամին երբեք վճարում չի արել։ Զինա Գալստյանն այս պահին «Ֆինբանկ» ՓԲԸ-ի տնօրենն է։ Այս ընկերությունը իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցվել է 2019 թ․ օգոստոսի 9-ին։ «Ֆինբանկ» ՓԲԸ-ն, ըստ ՊԵԿ-ի կայքի, գործող է և զբաղվում է ֆակտորինգային գործունեությամբ։ Նելլի Կարապետյանը պատմում է, որ ինքը  եղել է «Ֆինբանկ»-ի գրասենյակում՝ «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի առաջին հարկում։ Պետռեգիստրի տվյալների համաձայն՝ «Ֆինբանկ»-ի իրավաբանական հասցեն Խորենացի 15-ն է, որը հենց «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի հասցեն է։ «Իրենց օֆիս կոչվածում ոչ մի պաստառ, ոչ մի գրություն չկար, սենյակ էր, որտեղ ամեն մեկի դիմաց անջատած համակարգիչ էր, իսկ թղթերում զուտ անուն-ազգանուն էր լրացվում, գումարի չափ, ստորագրություն ու վերջ։ Բանկում ծրագրեր կան, չէ՞, էդ ամեն ինչը մուտքագրում ես, իսկ էնտեղ ոչ մի բան․ ամեն ինչ զուտ ոտքի վրա, օդում, թղթերի վրա»,- հիշում է Նելլին։ Անի Ղազարյանը Նելլին ասել է, թե 2020-ի հունվարից հետո «Ֆինբանկ»-ը լիցենզիա է ստանալու ԿԲ-ից։ Անի Ղազարյանի խոսքով՝ եթե իրենք այդ պահին 10-15 տոկոսով են ավանդ տալիս, լիցենզիա ստանալուց հետո բանկի սովորական տոկոսներով են տալու։ Այդ պատճառով նա իր ծանոթներին հորդորել է գումար տալ «Ֆինբանկ»-ին, քանի դեռ ընկերությունը լիցենզիա չի ստացել։  Վերևում արդեն նշել ենք, որ, ԿԲ-ի՝ 2020-ի աշնանը հրապարակած ցուցակի համաձայն, «Ֆինբանկ»-ը լիցենզիա չունի, չի վերահսկվում ԿԲ-ից, ավելին՝ ԿԲ-ն զգուշացնում է մարդկանց զերծ մնալ այդ ընկերության ծառայություններից։  «Ֆինբանկ»-ի դեմ 2021 թ. հունվարի 11-ին քաղաքացիական հայց է ներկայացրել «Էվրի դեյ» ՓԲԸ-ն՝ գումարի բռնագանձման և գույքը վարձատուին վերադարձնելու պահանջով։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում հստակեցված չէ, թե ինչ գումարի և գույքի մասին է խոսքը, սակայն գործն ընդունվել է վարույթ։ Բացի դրանից՝ «Ֆինբանկ»-ի և Զինա Գալստյանի դեմ 2021 թ․ մարտի 18-ին Անահիտ Սարգսյանը հայց է ներկայացրել ՝ փոխառությամբ տրված գումարի բռնագանձման պահանջով, սակայն դատարանը հայցադիմումը չի ընդունել վարույթ և վերադարձրել է:  «Ֆինբանկ» ՓԲԸ-ն զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 2021 թ․ հունվարին վճարել է 11 հազար ՀՀ դրամ։ Նելլի Պետրոսյանը նշում է, որ երբ ինքն ու իր ծանոթներն իրենց գումարները չստանալուց հետո ցանկացել են ոստիկանություն դիմել, Անի Ղազարյանն ամեն կերպ համոզել է չանել դա, որ «չխանգարեն գործին»:  «Էն ժամանակ, երբ իբր պիտի տար գումարները ու չտվեց, Անին ասեց՝ պատճառն էն ա, որ ինչ-որ մեկը ոստիկանություն ա դիմել, եկել են, խանգարել, մեզ էլ ասում էր՝ մի՛ դիմեք, չխանգարեք, որ ինքը (Զ․ Գալստյանը- խմբ․) աշխատի, տա։ Եթե դիմեք, ինքը հիշում ա՝ ով ա դիմել, իրենց գումարը չի տալիս»,- պատմում է Նելլին։ Հենց այդ պատճառով էլ Նելլին չի դիմել ոստիկանություն։ Նա ևս 6 հոգու է ճանաչում, որոնք նույն պատճառով չեն դիմել ոստիկանություն։ Զինա Գալստյանը նաև «Նոր դպրոց» ՓԲԸ-ի տնօրենն է, որը իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցվել է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին։ ՊԵԿ-ի կայքում նշված չէ, թե ինչ գործունեություն է ծավալում տվյալ ընկերությունը։ «Նոր դպրոց» ՓԲԸ-ի դեմ հարուցվել են  1 վճարման կարգադրություն և 1 քաղաքացիական գործ։ 2020 թ․ դեկտեմբերի 1-ին «Մանվելյան եղբայրներ» ՍՊԸ-ն վճարման կարգադրություն է ներկայացրել «Նոր դպրոց» ՓԲԸ-ին 451 հազար ՀՀ դրամի պահանջով, սակայն դիմումը մերժվել է։ Infocom-ը կապվել է «Մանվելյան եղբայրներ» ընկերության հետ, որի ներկայացուցիչը մեզ հետ զրույցում պատմել է այս գործից մանրամասներ։ Ըստ ընկերության ներկայացուցչի՝ մի քանի ամիս առաջ Զինա Գալստյանն իրենց ներկայացել է որպես «Նոր դպրոց»-ի տնօրեն, ստորագրված և կնքված ապրանքագիր (ֆակտուրա) է տրամադրել, որի հիման վրա գրախանութը նրան տվել է 451 հազար դրամ արժողությամբ գրենական պիտույքներ (թղթեր և ֆայլեր)։ «Մանվելյան եղբայրներ»-ի ներկայացուցչի խոսքով՝ Զ․ Գալստյանը գումարը չի վճարել, գրախանութը գումարի վճարման կարգադրություն է ներկայացրել դատարան, սակայն դիմումը մերժվել է։ «Մանվելյան եղբայրներ»-ի ներկայացուցիչը նշեց, որ նոր դիմում է ներկայացրել և գնալու է մինչև վերջ։ 2021 թ․ հունվարի 8-ին «Անտարես» ՍՊԸ-ն քաղաքացիական հայց է ներկայացրել «Նոր դպրոց»-ի դեմ՝ 329 հազար 500 դրամ գումարի բռնագանձման պահանջով։ Գործն ընդունվել է վարույթ և դատաքննության փուլում է։ «Նոր դպրոց» ՓԲԸ-ն զինծառայողների ապահովագրության հիմնադրամին երբևէ վճրում չի արել։ Զինա Գալստյանն անցնում է նաև մեկ այլ քրեական դատավարությամբ, որում նույնպես հիշատակվում է «Նոր դպրոց» ՓԲԸ-ն։ Այսպես, «Դատալեքս» տեղեկատվական համակարգից իմանում ենք, որ 2021 թ․ մարտի 22-ին Զինա Գալստյանին մեղադրանք է առաջադրվել խաբեությամբ մազահեռացման սարք հափշտակելու համար։ Վերջինս, «List.am» ինտերնետային կայքում տեսնելով մազահեռացման սարք վաճառելու վերաբերյալ հայտարարություն, զանգահարել և ներկայացել է որպես «Նոր դպրոց» ՓԲԸ-ի տնօրեն։ Նա հետագայում գնելու պատրվակով 1 ամսով վարձակալել է նշված սարքը 100 հազար դրամ վարձավճարի դիմաց։ Հայտարարությունը տեղադրողի մոտ վստահություն առաջացնելու նպատակով Զ․ Գալստյանը կազմել է առուվաճառքի համաձայնագիր, որի տակ ստորագրել են նա և սարքավորում վաճառողը։ Սրանից հետո նա սարքը տեղափոխել է վարձակալած տարածք, ապա վաճառել 1 մլն 550 հազար ՀՀ դրամով։ Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Քրեական գործը դեռևս դատավարության փուլում է։ Բացի վերևում նշված դատական գործերից՝ Զինա Գալստյանի դեմ 2016-2021 թթ․ ընթացքում հարուցվել են մի շարք քաղաքացիական և վճարման կարգադրության հայցեր, որոնց մի մասն ընդունվել է վարույթ, մի մասով կայացվել է վճարման կարգադրություն, մի մասն էլ մերժվել է։ Ընդհանուր առմամբ, այս տարիներին հարուցվել է շուրջ 12 հայց, որոնց կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումներով (1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12): Զինա Գալստյանի և նրան պատկանող կամ փոխկապակցված ընկերությունների դեմ հարուցված բոլոր տեսակի դատական գործերով վնասի փոխհատուցման չափն ընդհանուր առմամբ կազմում է շուրջ 110 մլն 430 հազար դրամ։ Զ․ Գալստյանի պաշտպանի փոխանցմամբ՝ այս պահին  Երևան քաղաքի Կենտրոն քննչական բաժնում քննվող գործով Զինա Գալստյանը գտնվում է անազատության մեջ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանքը։ Քանի որ գործը նախաքննության փուլում է, մանրամասներ հայտնի չեն։ Այս գործով, ըստ պաշտպանի, կա մոտ 42 տուժող։   Զինա Գալստյանը նախկինում երբեք ազատազրկված չի եղել։ Նարեկ Մարտիրոսյան, Աննա Սահակյան
21:40 - 25 ապրիլի, 2021
Ցեղասպանության համար պատասխանատվությունը ոչ միայն բարոյական, այլ նաև միջազգային իրավունքի տեսակյունից չունի վաղեմության ժամկետ. Դավթյան

Ցեղասպանության համար պատասխանատվությունը ոչ միայն բարոյական, այլ նաև միջազգային իրավունքի տեսակյունից չունի վաղեմության ժամկետ. Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ՝ նշելով, որ հայ ժողովուրդն իր պատմության ամենաողբերգական էջի՝ 20-րդ դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակում և ողջակիզված իր զավակների հիշատակը ոգեկոչում է իրեն պարտադրված գոյաբանական պատերազմի վերապրումի, պատերազմի ողբերգական հետևանքների ծանր բեռի տակ։ «Պատերազմ, որ սանձազերծվեց էթնիկական ատելության, իր ազգային պատկանելության բերումով հայ բնակչության նկատմամբ պետականորեն տասնամյակներով սնուցված թշնամանքի և անհանդուրժողականության հողի վրա և ուներ անթաքույց նպատակ՝ իր պատմական կենսատարածքում ֆիզիկապես ոչնչացնելու արցախահայությանը և նրան զրկելու իր հայրենիքում ապրելու, արարելու և զարգանալու իրավունքից։ Պատերազմ, որի ընթացքում ցեղասպանական նկրտումներին հագուրդ տալու նպատակով, ինչպես 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության ներսում, գործի են դրվել վարձկան ահաբեկիչների ու մարդասպանների ոհմակներ, դիտավորյալ և պլանավորված կերպով թիրախավորվել է քաղաքացիական բնակչությունը, հանրային ու սոցիալական ենթակառուցվածքները, միտումնավոր և վայրենի կերպով ոչնչացվել են հայկական պատմամշակութային ժառանգությունն ու արժեքները՝ ակնհայտորեն նպատակ ունենալով վերացնելու հայկականության հետքերը, պատմական հիշողությունն ու հայկական ինքնության վկայությունները։ Նման մոտիվներով պատերազմի սանձազերծումն ու իրագործումը հնարավոր դարձավ նաև ու հատկապես այն պատճառով, որ աչք փակելով պատմական արդարության և դրա վերականգնման անհրաժեշտության հանդեպ, միջազգային լայն հանրության կողմից անգամ 106 տարի անց դեռևս հավուր պատշաճի չեն տրվել անհրաժեշտ քաղաքական, պատմական և մանավանդ իրավական գնահատականները ինչպես ինքնին հայերի ցեղասպանության, ունեզրկման և հայրենազրկման փաստին, այնպես էլ այդ անհերքելի իրողության հանդեպ թուրքական շարունակվող և ահագնացող ժխտողականությանը։ Չնայած բազմաթիվ երկրների, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման իրողությանը՝ քաղաքական և աշխարհաքաղաքական այսօրեական շահերին տրվող նախապատվության պայմաններում Հայոց Ցեղասպանության իրավական գնահատումը մնում է օրակարգային՝ հատկապես նոր ցեղասպանությունների կանխարգելման, այս առումով առանձին պետությունների մոտ սեփական անպատժելիության ընկալումների ու համոզմունքների ակնառու ամրապնդումը թույլ չտալու տեսանկյունից՝ ոչ միայն հայ ժողովրդի համար այսօր էլ ակնհայտ գոյապահպանական մարտահրավերը խորությամբ գիտակցելու, այլ նաև իբրև  սերունդների առջև մարդկության պատասխանատվության գերխնդիր։   Խոնարհվելով հայ ժողովրդին պատուհասած 20-րդ դարի մեծագույն ոճրագործության անմեղ զոհերի հիշատակի առջև՝ անհրաժեշտ ենք համարում ամրագրել, որ ցեղասպանության, որպես մարդկության դեմ ամենավտանգավոր հանցագործության համար պատասխանատվությունը, ոչ միայն բարոյական, այլ նաև միջազգային իրավունքի տեսակյունից չունի վաղեմության ժամկետ։ Ելնելով առաջին հերթին իր անվտանգության առաջնայնություններից՝ հայ ժողովորդն ինստիտուցիոնալ իր բոլոր կառույցներով հետամուտ է պատմական արդարության վերականգնմանը, պատմական փաստերին, սեփական ամոթալի անցյալին  ժխտողականության առաջամարտիկների առերեսմանը՝ ունենալով մարդասիրության իրական արժեքներ դավանող, ազգային թշնամանքը, ատելությունը, ֆաշիզմի բոլոր տիպի դրսևորումները մերժող առաջադեմ մարդկության անվերապահ աջակցությունը։ Որպես ցեղասպանության դժոխքներով անցած ու վերածնված, 21-րդ դարասկզբին նույն մոտիվներով սանձազերծված պատերազմի բովով անցած ժողովուրդ՝ այս նպատակին հասնելու, ի հեճուկս մեր թշմանիմների՝ հայրենիքի այս սուրբ կտորի վրա մեր գոյության ու զարգացման իրավունքը վերահաստատելու և ազգային պահանջներին տեր կանգնելու համար  անհրաժեշտ է հրաժարվել ներքին կործանարար բաժանարարներից, համախմբվել ազգապահպանության ամենակարևոր հենասյուների՝ հայոց պետականության գաղափարի և պետության հարատևության կոնցեպտի շուրջ, անմնացորդ և անվերապահ կերպով նվիրվել մեր վերքերի ամոքմանը, մեր անայլընտրանք հզորացման նախադրյալների վերարժևորմանը։ Սա է լինելու Հայոց Ցեղասպանության զոհերի հշատակի ոգեկոչման, նրանց սպասումների իրագործման ամենաշոշափելի և նվիրական  արդյունքը»,- ասված է Դավթյանի ուղերձում:
11:30 - 24 ապրիլի, 2021
Դատախազության դիմաց տեղի ունեցած միջադեպի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործը ՔԿ-ն վարույթ է ընդունել

Դատախազության դիմաց տեղի ունեցած միջադեպի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործը ՔԿ-ն վարույթ է ընդունել

Դատախազության դիմաց տեղի ունեցած միջադեպի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործը ՔԿ-ն  վարույթ է ընդունել։ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել․ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի դիմաց 2021 թվականի ապրիլի 22-ին մի խումբ անձանց կողմից հասարակական կարգի պահպանություն իրականացնող անձանց դիմադրելու, բռնություն գործադրելով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթ: Քրեական գործով կազմվել է քննչական խումբ, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:
17:40 - 23 ապրիլի, 2021
Ակցիայի նախաձեռնողները մերժեցին մի քանի հոգով ներս մտնելու առաջարկը. Գոռ Աբրահամյան

Ակցիայի նախաձեռնողները մերժեցին մի քանի հոգով ներս մտնելու առաջարկը. Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազության առջև ակցիայի նախաձեռնողները և մասնակիցները հրաժարվեցին ընդունել իրենց հուզող հարցերի պատասխաններն ստանալու նպատակով մի քանի հոգով ներս մտնելու առաջարկը՝ փոխարենը ելույթների միջոցով պահանջում էին այդպես էլ չպարզաբանված ինչ-որ «մոտեցումներ» հայտնել քրեական գործի շրջանակներում իրականացված գործողությունների կապակցությամբ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:  «Թերևս ավելորդ է հիշեցնել, որ դատախազության հիմնական սահմանադրական գործառույթներից մեկը քրեական վարույթների օրինականության նկատմամբ հսկողության իրականացումն է՝ այդ վարույթների շրջանակներում իրականացվող գործողությունների օրինականության ստուգման և համապատասխան գնահատականներ տալու միջոցով։  Եվ որևէ այլ մոտեցում, քան իրավականն է, որը կարող է և պետք է ձևավորվի միայն ու միայն իր վերոնշյալ սահմանադրական գործառույթի իրականացման արդյունքում, դատախազությունն ունենալ չի կարող։ Կոնկրետ իրավիճակում իրավապահ մարմինների կողմից քրեական գործի շրջանակներում կատարվում են գործողություններ, որոնց իրավաչափությունը, օրինականությունը ևս, քրեադատավարական ընթացակարգով ստուգվելու են, և ըստ գործով ձեռք բերված փաստական տվյալների, տրվելու են իրավական գնահատականներ, այդ թվում նաև ու բնականաբար, ոչ իրավաչափ ցանկացած դրսևորման՝ այդպիսիք հիմնավորվելու դեպքում։  Առավել ևս, որ առանձին սուբյեկտների կողմից արդեն իսկ արվել են այդ գործողությունների վերաբերյալ դատախազությանը դիմումներ կամ բողոքներ ներկայացնելու մասին հայտարարություններ և, բնականաբար, ներկայացվելու դեպքում դրանք ևս կքննարկվեն, պատշաճ կերպով կտրվեն պատասխաններ կամ կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ։  Հանդարտության, ողջախոհության և փոխադարձ հարգանքի կոչ ենք անում մեր հայրենակիցներին՝ խուսափելու համար ավելորդ կրքերի բորբոքումից, ոչ իրավաչափ արարքներից և անցանկալի հետևանքներից։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում իր ծառայողական պարտականությունները կատարելիս ինքնազգացողության վատացում ունեցած և հիվանդանոց տեղափոխված ոստիկանության աշխատակցին»,- գրել է Աբրահամյանը։
22:07 - 22 ապրիլի, 2021
Լարված իրավիճակ Գլխավոր դատախազության դիմաց. ակցիայի մասնակիցները փորձեցին ներխուժել շենք
 |armtimes.com|

Լարված իրավիճակ Գլխավոր դատախազության դիմաց. ակցիայի մասնակիցները փորձեցին ներխուժել շենք |armtimes.com|

armtimes.com: ՀՀ գլխավոր դատախազության մոտ իրավիճակը լարվել է. այնտեղ ակցիա անցկացնող անձանց եւ ոստիկանների միջեւ հրմշտոց է սկսվել: Իրավիճակը լարվեց այն պատճառով, որ ակցիայի մասնակիցները փորձեցին մուտք գործել դատախազության շենք՝ միաժամանակ ձվեր եւ այլ առարկաներ նետելով տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ: Մեղրիի քաղաքապետի ձերբակալման որոշման մասին տեղեկանալուց հետո ընդդիմադիր ուժերը, ի պաշտպանություն սյունեցիների, ժամը 18:30 Արամ Մանուկյանի արձանի հարակից տարածքում ակցիա իրականացրեցին: ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը, ով ակցիայի կազմակերպիչներից մեկն էր, լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հանրահավաքի նպատակը սյունեցիների կողքին լինելն է. «Մենք կշարժվենք նաեւ դատախազություն, որտեղ հստակ պահանջներ կհնչեցնենք: Այսօր քննչականում տեղի ունեցած այդ խայտառակությունը պետք է ստանա արժանի պատասխան»,-հայտարարեց Սաղաթելյանը: Այնուհետև ակցիայի մասնակիցները քայլերթով շարժվեցին ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ պահանջեցին հանդիպում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:
20:45 - 22 ապրիլի, 2021
Սերժ Սարգսյանի կողմից պետական գաղտնիքի ենթադրյալ բացահայտման առնչությամբ նյութերի նախապատրաստման արդյունքում որոշվել է մերժել քրգործի հարուցումը

Սերժ Սարգսյանի կողմից պետական գաղտնիքի ենթադրյալ բացահայտման առնչությամբ նյութերի նախապատրաստման արդյունքում որոշվել է մերժել քրգործի հարուցումը

Սերժ Սարգսյանի կողմից պետական գաղտնիքի ենթադրյալ բացահայտման առնչությամբ նյութերի նախապատրաստումն ավարտվել է․ որոշվել է մերժել քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին Infocom-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ դիմում է ուղարկել ՀՀ Ռազմական ոստիկանություն՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու ու ընթացքը լուծելու։ Ապրիլի 8-ից Դատախազության դիմումի հիման վրա նյութեր էին նախապատրաստվում։ Այս տարվա փետրվարի 16-ին Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց էր տվել «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը, որտեղ, ի թիվս այլնի, խոսել էր նաեւ իր կառավարման օրոք ռազմական ոլորոտում պլանավորվող կամ իրականացվող աշխատանքների մասին։ Նա հայտարարել էր, որ իրենք հաստատել էին 2018-2024 թվականների համար երկու փաստաթուղթ՝ զինված ուժերի զարգացման պլան՝ ինչ պետք անել, ինչ փոփոխություն պետք է մտցնել զինված ուժերում  եւ որ զինատեսակները պետք է զարգացնել։ Վերջինիս հայտարարության համաձայն՝ նախատեսված էր մինչեւ 2024 թիվը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք, ընդ որում՝ 2018-2020 թվականների համար նախատեսված էր ձեռք բերել 1000-ից ավելի ԱԹՍ՝ ե՛ւ հարվածային, ե՛ւ հետախուզական: Սակայն, նրա համոզմամբ, կառավարող նոր ուժը եկել ու փոխել է ամբողջ պլանը։ Այս հայտարարությունների իսկության վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը մերժեց մեզ տեղեկություն տրամադրել՝ հիմնավորելով, որ հայցվող տեղեկությունները պարունակում են պետական գաղտնիք։ Ուստի ՀՀ գլխավոր դատախազությունից ճշտեցինք՝ Սարգսյանի համանման հայտարարությունները համարվո՞ւմ են պետգաղտնիքի բացահայատում։ Պարզվեց՝ Դատախազության դիմումի հիման վրա ՌՈ-ում նյութեր են նախապատրաստվում, սակայն արդյունքում, ինչպես նշեցինք, որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել։ Այսինքն՝ ըստ Ռազմական ոստիկանության՝ Սարգսյանի հայտարարությունները պետական գաղտնիքի տարրեր չեն պարունակում։ Փաստորեն՝ ՊՆ-ն ու ՌՈ-ն պետական գաղտնիքի վերաբերյալ տարբեր պատկերացումներ ունեն։ Հայարփի Բաղդասարյան
12:35 - 22 ապրիլի, 2021
Հակոբ Արշակյանի և լրագրողի գործով Դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի` քրգործ հարուցելը մերժելու մասին որոշումն ու հարուցել է քրեական գործ |tert.am|

Հակոբ Արշակյանի և լրագրողի գործով Դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի` քրգործ հարուցելը մերժելու մասին որոշումն ու հարուցել է քրեական գործ |tert.am|

tert.am: ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի գործով Դատախազությունը վերացրել է ՀՔԾ֊ի` քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումն ու հարուցել քրեական գործ։ Այս մասին հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Գլխավոր դատախազությունը ՀՔԾ-ում հարուցված քրգործի վերաբերյալ, հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Քրեական գործ չհարուցելու մասին որոշման օրինականությունը ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում ստուգելու և նյութերին ծանոթանալու արդյունքում նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին այդ որոշումը վերացնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին որոշում»,-ասաց Աբրահամյանը։ Նա հայտնեց, որ քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ՝ նախաքննություն իրականացնելու և արդեն քրեական գործի շրջանակնելում տեղի ունեցածի ամբողջական հանգամանքները պարզելու, վերջնական իրավական գնահատական տալու նպատակով։ Նշենք, որ ՔՕ֊ի 185֊րդ հոդվածը սահմանում է`ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է՝ կապված անձի կամ նրա մերձավորի կողմից իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարելու հետ, պատժվում է առավելագույնը չորս տարի ազատազրկմամբ։
20:04 - 21 ապրիլի, 2021
ՄԻՊ-ը դիմել է իրավապահ մարմիններին որոշ պաշտոնյաների անօրինական, ձևախեղված հանրային վարքի կապակցությամբ քննություն իրականացնելու նպատակով

ՄԻՊ-ը դիմել է իրավապահ մարմիններին որոշ պաշտոնյաների անօրինական, ձևախեղված հանրային վարքի կապակցությամբ քննություն իրականացնելու նպատակով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է իրավապահ մարմիններին որոշ պաշտոնյաների անօրինական, ձևախեղված հանրային վարքի կապակցությամբ քննություն իրականացնելու նպատակով։ Այս մասինտեղեկանում ենք ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից։ «Նախ, Մարդու իրավունքների պաշտպանին իր լիազորությունների իրականացման կապակցությամբ վիրավորանք հասցնելու և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար ստորագրել եմ ՀՀ դատախազությանն ուղղված հանցագործության վերաբերյալ հաղորդում: Խոսքը վերաբերում է ՀՀ-ում Կառավարություն և Ազգային ժողովում կառավարող խմբակցություն ձևավորած կուսակցության ղեկավար մարմնի անդամի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի առնվազն երկու՝ 226.2-րդ և 332.2-րդ հոդվածներով քրեական հետապնդում հարուցելու մասին: Դատախազություն են ներկայացվել քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ հիմքեր: Դրանից բացի, իրավապահ մարմիններին` Դատախազությանը, Ազգային անվտանգության ծառայությանը և Ոստիկանությանն ուղղված հաղորդումներով բարձրացրել եմ այն պաշտոնյաների հարցը, որոնք սոցիալական ցանցերում հրապարակումներ են անում, սակայն չեն հեռացնում դրանց ներքո ծավալվող՝ վիրավորանք ու ատելություն պարունակող, բռնությունն արդարացնող, խրախուսող կամ բռնության կոչ պարունակող գրառումները: Հարց եմ բարձրացրել նաև այն մասին, թե ինչ վերաբերմունք ունեն իրավապահ մարմիններն այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք հավանումներով (առնվազն Like) աջակցում են նման գրառումները կամ հրապարակայնորեն կիսվում են դրանցով: Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ նման պաշտոնյաների արարքները նույնպես պետք է դիտվեն ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածով սահմանված քրեական պատասխանատվության ներքո: Ցավոք, մեր երկրում կան պաշտոնյաներ, որոնք ձևախեղված պատկերացումներ ունեն իրենց կարգավիճակի վերաբերյալ, չունեն հանրային պատասխանատվություն իրենց զբաղեցրած պետական պաշտոնի նկատմամբ և զբաղված են անօրինական արարքներ կատարելով: Խոսքն այն պաշտոն զբաղեցնող այն անձանց մասին է, որոնք իրենց սոցիալական ցանցերի գրառումներով տարածում են ատելություն, հայհոյում են մարդկանց, հրապարակայնորեն արդարացնում կամ խրախուսում են  բռնությունը: Սոցիալական ցանցերում լարվածությունը հասել է  վտանգավոր չափերի՝ հատկապես հաշվի առնելով պատերազմին հաջորդած ճգնաժամային իրավիճակները, էմոցիոնալ լարվածությունը: Ակնհայտ է, որ նման իրավիճակում պետության ուղիղ պարտավորությունն է այս ամենը կանխելը, համերաշխության ու խաղաղության մթնոլորտ երաշխավորելը: Իսկ նշված պաշտոնյաներն իրենց պահվածքով միայն նպաստում են լարվածության ավելացմանը, նրանց անօրինական պահվածքի պատճառով ավելանում է ագրեսիվությունը մեր հասարակությունում: Սրան էլ ավելանում է այն, որ նրանց գրառումները տեղադրվում են սոցիալական ցանցերի մեծաքանակ հետևորդներ ունեցող լրատվական կամ այլ բնույթի էջերում, որի պատճառով նշված գրառումները ստանում են առավել լայն տարածում ու վտանգավոր ազդեցություն ունենում լարվածության մթնոլորտի վրա: Դա էլ իր հերթին վտանգավոր է, քանի որ իրական կյանք տեղափոխվելով՝ կարող է հանգեցնել բռնության դեպքերի: ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում հենց բռնությունը հրապարակային արդարացնելու կամ քարոզելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի նկատմամբ: Այս հաղորդումներն ուղարկելը նաև պայմանավորված է նրանով, որ խոսքը գնում է պաշտոնյաների կողմից քաղաքացիների իրավունքները խախտող, երկրում մարդու իրավունքների համակարգը խարխլող գրառումների մասին: Նման անօրինական վարքի տեր պաշտոնյաներին խիստ զգուշացնում եմ` չփորձեն ատելության, բռնությունն արդարացնող կամ խրախուսող իրենց գրառումներով լարվածության մթնոլորտ ավելացնել մեր երկրում: Այս հարցերի նկատմամբ լինելու եմ հետևողական: Ուստի, Դատախազությանը, Ազգային անվտանգության ծառայությանը և Ոստիկանությանը, յուրաքանչյուրին իր իրավասության սահմաններում ուղղվել են հարցադրումներ՝ հաշվի առնելով քրեական քաղաքականության իրականացման, իրավախախտումների, այդ թվում՝ հանցանքների նախականխման ու կանխման գործում նրանց կարևոր գործառույթները: Պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցող անձինք պետք է իրենց պահվածքով օրինակ լինեն հանրային համերաշխության ու խաղաղության հաստատման համար, իրենք են պարտավոր բացառել բռնության հետ առնչություն ունեցող ցանկացած տեսակի խոսք կամ ատելություն, առավել ևս այս արատավոր երևույթների արդարացում կամ խրախուսում»,-ասված է ՄԻՊ-ի հայտարարությունում։
12:29 - 17 ապրիլի, 2021