ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Ադրբեջանի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով  628 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ

Ադրբեջանի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով 628 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ին իրականացված ագրեսիվ պատերազմի առնչությամբ ՀՀ-ի և ԱՀ-ի պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող ավելի քան 1580 քրեական գործերով 628 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, այդ թվում նաև բաձրաստիճան սպաներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: «Ինչպես քանակական, այնպես էլ բովանդակային առումով ահռելի ծավալներ ունեցող այս քրեական գործերի քննություններն իրականացվում են մի քանի հիմնական ուղղություններով՝ զորահավաքային զորակոչի, զորահամալրման գործընթացներում թույլ տրված հանցավոր խախտումներ, պատերազմից առաջ և դրա ընթացքում սպառազինության, ռազմական պարագաների գնումների ձեռբերման ընթացքում հնարավոր կոռուպցիոն սխեմաների գործադրում, ռազմավարական ու մարտավարական մակարդակներում զինված ուժերի, դրա առանձին ստորաբաժանումների գործողությունների ղեկավարման, իրականացման ընթացքում հանցավոր թերացումներ, կոնկրետ իրավիճակներում հրամանատարության կողմից տրված հրամանների, մարտական առաջադրանքների կատարումից հրաժարվելու դեպքերի, դրանց պատճառների և հետևանքների պարզում»,-ասված է հաղորդագրության մեջ:
10:12 - 06 մայիսի, 2021
Սիրիացի վարձկան ահաբեկիչները դատապարտվեցին ցմահ ազատազրկման

 |armenpress.am|

Սիրիացի վարձկան ահաբեկիչները դատապարտվեցին ցմահ ազատազրկման |armenpress.am|

<diarmenpress.am: v> Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում՝ դատավոր Նապոլեոն Օհանյանը հրապարակեց Սիրիայի քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի ու Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական վճիռը, որով վերջիններս դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Այդ մասին տեղեկացրեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Սիրիայի քաղաքացիները դատապարտվել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում որպես վարձկան-ահաբեկիչներ ներգրավվելու համար: Ըստ մեղադրական եզրակացության՝ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին, չհանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, մշտապես չբնակվելով դրա տարածքում, ընդգրկված չլինելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմում, այլ հանդիսանալով Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ, Սիրիայի Արաբական Հանրապետության կամ այլ պետության կողմից ուղարկված չլինելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար, նյութական հատուցում ստանալու դիմաց, կազմակերպված խմբի կազմում մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված ագրեսիվ պատերազմին, որի ընթացքում նրանց գործողություններն ուղղված են եղել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում քաղաքացիական անձանց և զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձանց ոչնչացնելուն կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն, իսկ այդ գործողությունների նպատակն իրենց բնույթով և էությամբ ուղղված են եղել խաղաղ բնակչությանն ահաբեկելուն՝ ապակայունացնելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ներքին վիճակը: Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 389-րդ հոդվածով, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով: Մեղադրական եզրակացությամբ հիմնավորվել է միջազգային մի շարք, մասնավորապես` «Սուլթան Սուլեյման Շահ», «Սուկուր, «Համզա», «Սուլթան Մուրադ» և այլ նմանատիպ անդամ հանդիսացող ևս ավելի քան 30 վարձկանների կողմից սանձազերծված պատերազմին ներգրավվելու, ինչպես նաև նրանց կողմից տարբեր պատերազմական հանցագործություններ կատարելու հանգամանքը: Հետախուզման մեջ է ինքնությունը պարզված ավելի քան 30 վարձկան: Իրավապահները պարզել են նաև միջազգային ահաբեկչական այդ խմբավորումներից մեկի ղեկավարի ինքնությունը, հիմնավորվել է նրա կողմից խաղաղության, մարդկության անվտանգության դեմ հանցագործությունների փաստը: Պարզվել է «Սուլթան Սուլեյման Շահ» միջազգային ահաբեկչական խմբավորման պարագլուխ-ղեկավար Աբու Համշա մականվամբ Մուհամադ ալ Ջասիմի ինքնությունը, որն ազգությամբ արաբ է, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի: Վարույթ իրականացնող մարմինը ներգրավել է նրանց որպես մեղադրյալ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Աշխատանքներ են տարվում նրանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
19:04 - 04 մայիսի, 2021
Սպիտակի համայնքապետարանում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ

Սպիտակի համայնքապետարանում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է ՀՀ  պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարանի 2015-2020թթ. ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերը:  Ինչպես հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, դրանց հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման գործառույթի շրջանակներում իրականացված ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ 2015-2020թթ. ընթացքում Սպիտակ համայնքի ղեկավարի որոշումներով օրինականացվել են թվով 80 ինքնակամ կառույցներ, այդ թվում՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքերի և շինությունների ինքնակամ կառույցների մասով 58 դեպք, իսկ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքերի և շինությունների ինքնակամ կառույցների մասով` 22 դեպք: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը՝ չորսհարյուրապատիկի չափով: Փաստորեն, համայնքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձինք, վերը նշված 80 դեպքով ինքնակամ շինարարություն իրականացնողների նկատմամբ չեն կիրառել և գանձել առնվազն 18,8մլն դրամի տուգանք՝ առաջացնելով ծանր հետևանքներ։ Բացի այդ, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման  գործընթացի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 09.04.2015թ. կայացված աճուրդին, ըստ համայնքի ղեկավարի, աճուրդի կազմակերպչի և արձանագրողի ստորագրած ձեռագիր արձանագրության, մասնակցել են գրանցված 4 մասնակիցներից 2-ը, մինչդեռ էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) տվյալների համաձայն՝ վերջիններիցս մեկն այդ ընթացքում բացակայել է ՀՀ տարածքից և ֆիզիկապես չէր կարող ներկա գտնվել աճուրդին, առավել ևս  քայլ կատարել: Ըստ արձանագրության առավելագույն գին առաջարկած մասնակցին վաճառվել է 0.1 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման հողամաս: Փաստորեն, համայնքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձինք կազմել են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդին անձանց մասնակցության մասին կեղծ արձանագրություն՝ օտարելով նշված հողամասը: Բացի այդ, 2015-2020թթ. ընթացքում յուրաքանչյուր տարի Սպիտակի համայնքապետարանը «Նարինե» ՍՊԸ-ի հետ կնքել է Սպիտակ քաղաքում փողոցների սանիտարական մաքրման և հարակից ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ ընդհանուր 92,3մլն դրամ արժեքով: Կատարողի պարտականությունների մեջ է մտել 67530-ից մինչև 78916 քմ ընդգրկող ներքաղաքային փողոցների, մայթերի, հրապարակների, բակային տարածքների, հուշարձանների ու դրանց պատվանդանների, քաղաքային զբոսայգու և ջրավազանի, այլ ինժեներական կառույցների ամենօրյա ձեռքի և մեքենայական մաքրման, լվացման սանիտարական մաքրման ծառայություններ: Սպասարկվող այդ տարածքների մեջ են ընդգրկվել նաև 13600 քմ կազմող՝ բնակավայրերի տարածքով անցնող միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհներ, որոնց սպասարկումը  իրականացվում է «Ճանապարհ» ԲԲԸ-ի կողմից: Այսինքն համայնքապետարանի կողմից ի սկզբանե վերոնշյալ պայմանագրերի տեխնիկական բնութագրերով ավել է նախատեսվել շուրջ 13600 քմ տարածքի սանիտարական մաքրման ծառայություններ, որը դրամական արտահայտությամբ 2015-2020թթ. համար ընդհանուր կազմել է 15,5 մլն ՀՀ դրամ: Ընդ որում՝ պարզվել է, որ «Ն...» ՍՊԸ–ի ներկայացրած և համայնքապետարանի կողմից ընդունված կատարողական ակտերում իրականացվել են մաքրվող տարածքների մակերեսների հավելագրումներ՝ 5896 քմ չափով, որի արդյունքում համայնքապետարանը ընկերությանն ավել է վճարել մոտ 1,5մլն դրամ: Առկա են տվյալներ նաև այն մասին, որ Սպիտակի համայնքապետարանը 2015-2020թթ. ընթացքում մի քանի ընկերությունների հետ Սպիտակ քաղաքում տարբեր բնույթի աշխատանքների, մասնավորապես՝ փողոցների  լուսավորության համակարգերի թարմացման, քաղաքային զբոսայգու հուշարձանի և բեմի հանդերձարանի վերանորոգման,  առանձինթ աղամասերի ասֆալտապատման և լուսավորության համակարգերի կառուցման, անձրևաջրատար առվի կառուցման, մայթեզրի եզրաքարերի ուղղման, մայթերի ասֆալտապատման, Սպիտակի գեղարվեստի դպրոցի և երաժշտական դպրոցի շենքերի վերանորոգման աշխատանքների կատարման 8 պայմանագրեր՝ տարբեր արժեքներով: Կազմված կատարողական ակտերով համայնքապետարանն ընդունել է կատարված աշխատանքները՝ ընկերություններին վճարելով պայմանագրերով նախատեսված ամբողջ գումարը: Մինչդեռ ՀՀ ՊՎԾ աշխատակիցների կողմից նշված պայմանագրով կատարված աշխատանքների ընտրանքային հսկիչ չափագրմամբ հայտնաբերվել են կատարողական ակտերով հաշվարկված և վճարված, սակայն փաստացի չկատարված աշխատանքներ։ Այդ կերպ 2015-2019թթ. համայնքապետարանի պատասխանատու անձինք կատարողական առերևույթ մտցրել են փաստացի չկատարված աշխատանքների կատարման վերաբերյալ կեղծ տվյալներ, ինչի արդյունքում հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 11մլն ՀՀ դրամ համայնքային միջոցներ: Նշված փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:20 - 04 մայիսի, 2021
Արթուր Դավթյանը չհստակեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը հարցաքննության հրավիրվե՞լ է |tert.am|

Արթուր Դավթյանը չհստակեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը հարցաքննության հրավիրվե՞լ է |tert.am|

tert.am: Չկա որևէ տեղեկություն, չկա որևէ հաղորդում, որ պատշաճ իրավական ընթացակարգի մեջ ներգրավված չլինի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե գեներալ-գնդապետ Մովսես Հակբոյանի հայտարարությունների մասով մի քանի գործ էր հարուցվել, դրանց շրջանակներում արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է, որովհետև Հակոբյանի հայտարարություններն ուղիղ առնչություն ունեին Նիկոլ Փաշինյանի հետ։Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը կանչվե՞լ է հարցաքննության, գլխավոր դատախազն արձագանքեց․ «Ես քրեական գործի շահերին վնասող եմ համարում նույնիսկ այդ փաստը հրապարակելը։ Յուրաքանչյուր կոնկրետ անձի հարցաքննության կամ հարցաքննության բովանդակության մասով վարույթ իրականացնող մարմինն այդ պահի գործի տվյալների համադրմամբ ինքն է որոշում է՝ որքանով է դա ենթակա հրապարակման։ Այս պահին ես որոշում եմ, որ դա կվնասի քննությանը»,-ասաց նա։
15:29 - 30 ապրիլի, 2021
Առաջին խնդիրը օրենսդրական է. դատախազն անդրադարձավ ձերբակալությունները ոչ իրավաչափ ճանաչելու՝ դատարանների որոշումներին |1lurer.am|

Առաջին խնդիրը օրենսդրական է. դատախազն անդրադարձավ ձերբակալությունները ոչ իրավաչափ ճանաչելու՝ դատարանների որոշումներին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր անդրադարձավ ձերբակալության որոշումները դատարանների կողմից ոչ իրավաչափ ճանաչելու պրակտիկային: «Մենք ունեինք ժամանակ, երբ ձերբակալումը դատարանում չէր վիճարկվում, եթե չեմ սխալվում՝ դա 2015-2016 թվականներից սահմանվեց: Դրանից մեկ-երկու տարի անց էլ չեք հիշի դեպք, որ դատարանները որևէ անձի ձերբակալում ճանաչած լինեն ոչ իրավաչափ: Այսինքն՝ ունեցել ենք կարծրացած պրակտիկա, որ մենք մի օր հեղափոխել ենք, տվել ենք դատարանին հնարավորություն, և օրենսդրական մակարդակում էլ ունեցել ենք դրան ոչ համարժեք կարգավորումներ: Ինչո՞ւ եմ ասում ոչ համարժեք. երբ մենք ձերբակալման հիմքերի և նպատակների վերլուծություն ենք իրականացնում, տասնյակ օրինակներ կարող եմ բերել, որ հարկադրանքի այդ միջոցի կիրառման անհրաժեշտությունն օբյեկտիվորեն կա, բայց դա չի տեղավորվում մեր օրենսդրությամբ սահմանված ձերբակալման հիմքերի ու նպատակների տրամաբանության մեջ: Այսինքն՝ սրա հետ կապված առաջին խնդիրը համարում ենք օրենսդրական»,- նշեց Արթուր Դավթյանը: Ըստ նրա՝ քանի որ նախկինում ձերբակալության որոշումները չեն բողոքարկվել դատարանում, քննիչները ձերբակալման արձանագրություններն օրենքին համապատասխան չեն կազմել: «Համեմատած նախորդ տարվա, դրանից ավելի առաջվա հետ, ձերբակալման արձանագրություններն անհամեմատ ավելի որակով են»,- ասաց Դավթյանը: Գլխավոր դատախազն անդրադարձավ նաև ձերբակալման արձանագրությունների վերաբերյալ դատարանների մեկնաբանություններին: «Դատարանների կողմից այնպիսի մեկնաբանություններ ունենք, որ եթե նախադեպ դարձնենք, գործնականում ոչ մեկին չպետք է ձերբակալենք,- ասաց նա՝ ամփոփելով,- կարծրացած պրակտիկա, իր հետ բերած բազում թերություններ, և այսօր դատարանների կողմից շատ հաճախ ճիշտ հակառակ մեկնաբանություններ»:
14:38 - 30 ապրիլի, 2021
ՍԴ մեկնաբանությունը ստանալուց հետո կկարողանանք նորմը վերաորակել, եւ վարույթը կշարունակվի. Դավթյանը՝ Քոչարյանի գործի մասին |armtimes.com|

ՍԴ մեկնաբանությունը ստանալուց հետո կկարողանանք նորմը վերաորակել, եւ վարույթը կշարունակվի. Դավթյանը՝ Քոչարյանի գործի մասին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Ազգային ժողովում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Սահմանադրական դատարան ներկայացված դիմումին՝ ասաց, որ ՍԴ-ից մեկնաբանությունը ստանալով կարողանալու են ընդհանուր նորմի վերաորակում իրականացնել, որից հետո օրենքով սահմանված կարգով վարույթը կշարունակվի:  Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական և անվավեր ճանաչեց Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որով Քոչարյանը եւ մյուսները մեղադրվում են սահմանադրական կարգի տապալման մեջ։ Դատարանն այս հոդվածով քրեական հետապնդումը դադարեցրեց. դատարանի այս որոշումը դատախազությունը բողոքարկել է: Մեղադրական կողմը եւ տուժողների իրավահաջորդները, պնդում են, որ արարքը պետք է վերաորակվի, որովհետեւ թեեւ հոդվածը չկա, բայց հանցանքը կա:  Ի պատասխան պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հարցի խոսելով այս մասին՝ Դավթյանը մեկնաբանեց նաեւ, թե ինչու էր Քոչարյանի եւ մյուսների արարքը ի սկզբանե որակվել ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով. «Մենք հրապարակային ներկայացրել ենք, թե ինչու է ժամանակին արարքի որակման մեջ  հատուկ նորմին տրվել առավելությունը, որովհետեւ դա պարզ իրավական տեխնիկայի կանոն է՝ սահմանված իրավական ակտերի մասին օրենքով: Այլ բան չէր կարող անել վարույթ իրականացնողը, երբ տեսնում է՝ նկարագրված արարքը համապատասխանում է իշխանությունը վերազանցելուն եւ դրա արդյունքում ծանր հետեւանքներ առաջացնելուն, եւ տեսնում է, որ այդ ծանր հետեւանքները ոչ թե գործնականում պարզագույն հետեւանքներ են համեմատության մեջ, այլ սահմանադրական կարգի հիմունքների ուղիղ դադարեցման հետեւանքներ»,- պարզաբանեց Դավթյանը: Այնուհետեւ, անդրադառնալով արարքի վերաորակմանը՝ շարունակեց. «Այսինքն ստեղծված իրավիճակում մենք ի՞նչն ենք վիճարկում Սահմանադրական դատարանում. երբ որ արարքի որակման հետ կապված մենք դատարանում տեսնում ենք փոփոխություն, քրեադատավարական օրենքը մեզ տվել է հնարավորություն՝ վերաորակելու: Բայց այդ հնարավորությունը նախատեսող քրեադատավարական նորմը՝  309.1 հոդվածը եւ դրան Վճռաբեկ դատարանի եւ Սահմանադրական դատարանի մինչ օրս տված մեկնաբանությունները վկայում են, որ այդ վերաորակումը կարող է պայմանավորվել միայն փաստական հանգամանքների հետ, ապացուցողական բազայի՝ պարզ լեզվով ասած: Զուտ իրավական, ոչ փաստական կողմին վերաբերող հարցերով վերաորակման հնարավորություն չի տալիս: Եվ սա առիթ հանդիսացավ, որ մենք ՍԴ առջեւ բարձրացնենք այդ խնդիրը՝ ստանանք մեկնաբանություն Սահմանադրական դատարանից: Մեր ակնկալած մեկնաբանությունն այն է, որ այո՛, դրանով խախտվում է արդար դատաքննության իրավունքը, դրանով խախտվում են տուժողների իրավունքները եւ այդ մեկնաբանությունը ստանալով մենք կարողանալու ենք վերաորակում իրականացնել ընդհանուր նորմի, որից հետո օրենքով սահմանված կարգով վարույթը կշարունակվի»:  Անդրադառնալով հարցին՝ արդյոք կա՞ օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն, որպեսզի նման իրավիճակներում խնդիրը կարգավորելու հնարավորություն լինի՝ գլխավոր դատախազը պատասխանեց. «Այո՛, 309.1 հոդվածը բարելավման կարիք ունի, որ այս իրավիճակում մենք ունենանք պատշաճ արձագանք՝ արդար դատաքննության իրականացման համար»:
14:29 - 30 ապրիլի, 2021
Բնակչության թիրախավորում, ՀՀ օդային սահմանի հատում ԱԹՍ-ով, գերիների գլխատում. դատախազությունը ներկայացրել է Ադրբեջանի հանցագործությունները

Բնակչության թիրախավորում, ՀՀ օդային սահմանի հատում ԱԹՍ-ով, գերիների գլխատում. դատախազությունը ներկայացրել է Ադրբեջանի հանցագործությունները

Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է շուրջ 100 քրեական գործ: Որպես մեղադրյալ են ներգրավված վարձկան գրոհայիններ, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ընդհանուր 37 անձ, որոնցից 2-ը կալանավորված է, իսկ 35-ի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Դատախազությունը մանրամասներ է ներկայացրել պատերազմում Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ: Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը 2020 թվականին ականանետային և հրթիռահրետանային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով նպատակաուղղված և կանխամտածված գրոհների թիրախ է դարձրել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի բնակչությանը:  ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած տեսանյութում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության (ԶԿԴ) զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանը նշել է, որ Ադրբեջանը դրանով իսկ սանձազերծել է ագրեսիվ պատերազմ, իրականացրել ագրեսիայի ակտ, որի ընթացքում սպանվել են ինչպես զինծառայողներ, այնպես էլ միջազգային կոնվենցիաներով պաշտպանության մեջ գտնվող քաղաքացիական անձինք, վնասվել և ոչնչացվել են քաղաքացիական կարևորագույն նշանակության ենթակառուցվածքներ, այդ թվում բնակելի տներ, մանկապարտեզներ, ճանապարհներ և այլ կառույցներ: Քննության շրջանակը լայն է, պատերազմական հանցագործությունները՝ տարաբնույթ: Ադրբեջանի նշանառության տակ էին պաշտպանության բանակի զինծառայողները, Ստեփանակերտի, Ասկերանի, Շուշիի, Քաշաթաղի, Մարտունու, Մարտակերտի, Շահումյանի, Հադրութի շրջանների բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտները: Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում խոցվեց Հայաստանի ռազմաօդային ուժերի ՍՈՒ -25 ինքնաթիռը: Գրոհայինով թռիչք կատարելիս և Հայաստանի ռազմական ու քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ հարձակումները հետ մղելիս զոհվեց օդաչուն՝ Վալերի Դանելինը: Անօդաչու թռչող սարքերը հատեցին Հայաստանի սահմանը, թիրախավորվեց Գեղարքունիքի մարզը, հարվածեցին Սոթքի տներին, մարդատար ավտոբուսին, հերթապահություն իրականացնող զինտեխնիկան թիրախավորելուց զոհվեց երկու, մարմնական վնասվածք ստացավ 10 զինծառայող: Ադրբեջանական զինուժը նշանառության տակ առավ նաև համայնքի դաշտավայրում գյուղատնտեսական աշխատանք կատարող խաղաղ բնակիչներին: Մեկ անչափահաս երեխա մարմնական ծանր վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվեց: Հրթիռակոծվեցին Վարդենիսը, Կոթին, Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը, Արցախը Հայաստանին կապող ավտոճանապարհի վրա գտնվող կամուրջը: Մեծ Մասրիկ բնակավայրի հրթիռակոծումից մեկ քաղաքացի զոհվեց, երկուսը ստացան մարմնական վնասվածքներ: Անօդաչու թռչող սարքեր հայտնվեցին Կոտայքի օդային տարածքում և ՀՀ-ի Զինված ուժերի կողմից ոչնչացվեցին: Հայաստանի հարավային հատվածը նույնպես թիրախում էր: Կապանի Կաղնուտ բնակավայրի հրթիռակոծումից սպանվեց 3 զինծառայող, վնասվեց մարտի մեջ չգտնվող ռազմական տեխնիկա «Քրեական գործերի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել՝ ինչպես զինված ընդհարման ժամանակ, այնպես էլ դրա ավարտից հետո Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների կողմից զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման, միջազգային պայմանագրերով պաշտպանության մեջ գտնվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունք դրսևորելու բազմաթիվ դեպքերի վերաբերյալ: Մասնավորապես, փաստական տվյալներ են առկա ռազմագերու գլխատման և հետագայում այն համացանցում տեղադրելու, վիրավոր ռազմագերիներին որոշակի գործողություններ հարկադրելու վերաբերյալ: Բոլոր իմ նշած դրվագները քրեական գործով դարձնում ենք մանրակրկիտ քննության առարկա: Կատարվում են համապատասխան գործողություններ այդ հանցագործությունների վերաբերյալ տվյալների ամբողջացման, քրեական պատասխանատվության համար անհրաժեշտ հիմքերի ապահովման, Ադրբեջանի ԶՈՒ առանձին ներկայացուցիչների արարքներին քրեաիրավական գնահատականներ տալու համար. այդ ուղղությամբ առկա են արդյունքներ»,-նշել է նա: Իրավապահ համակարգը փաստական տվյալներ է ձեռք բերել նաև ռազմական գործողությունների ընթացքում և եռակողմ հայտարարությունից հետո հայկական հուշարձանները, մշակութային արժեք ունեցող իրերը ծագումով հայերի գերեզմանները ոչնչացնելու, վնասելու, պղծելու բազմաթիվ դեպքերի վերաբերյալ: Թշնամու թիրախում էին նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց, Կանաչ ժամ, Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցիները: Արցախի Հանրապետության դեմ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախնական տվյալներ են ստացվել, որ պատերազմ վարելու առաջին իսկ օրվանից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ռազմական գործողություններին ներգրավել է տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող վարձկանների: Նշված փաստով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է մայր քրեական գործին: Համապատասխան գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ադրբեջանը դեռ 2020 թվականի հունիսին պլանավորել է ռազմական գործողություններ իրականացնել Հայաստանի ու Արցախի դեմ և ռազմական գործողությունների վարձկան ահաբեկիչներին ներգրավելու նպատակով համապատասխան համաձայնություն է ձեռք բերել Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության հետ: Վերջինս դրամական միջոցներ, համապատասխան զենք-զինամթերք է հատկացրել միջազգային ահաբեկչական մի շարք խմբավորումների, մասնավորապես Սուլթան Սուլեյման Շահ, Սուլթան Մուրադ և այլ նման խմբավորումների: Գումարի դիմաց հավաքագրվել են 2000-ից ավելի վարձկաններ, որոնք 3-ամսյա համապատասխան ուսումնական դասընթացներ անցնելուց հետո 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անարգել Թուրքիայի տարածքով տեղափոխվել են Ադրբեջան, որտեղ նրանց տրվել է համազգեստ, զենք, զինամթերք: Նրանք ակտիվ մասնակցություն են ունեցել Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողություններին: Արշակ Մարտիրոսյանն անդրադարձել է նաև ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ռուսական ուղղաթիռը խոցելու դեպքին: Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրթիռահրետանային համակարգերի գործադրմամբ խոցել են Հայաստանի Արարատի մարզի Երասխ գյուղի տարածքում թռիչք իրականացնող ռուսական ռազմական ուղղաթիռը, ինչի հետևանքով երկու անձ սպանվել է, մեկ անձ ստացել է մարմնական վնասվածք: Նշված դեպքի առթիվ նույնը օրը Զինվորական կենտրոնական դատախազությունում քրեական գործ է հարուցվել, որի նախաքննությունը շարունակվում է: Ստուգվում է նաև ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ կողմից միջազգայնորեն արգելված քիմիական ֆոսֆորային բաղադրիչներով զենք կիրառելու փաստը:   
14:35 - 29 ապրիլի, 2021
Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել
 |armtimes.com|

Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել |armtimes.com|

armtimes.com: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել: Մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելով, որ փորձաքննությունը նշանակվել է քրեական գործը ՀՔԾ վարույթում գտնվելու ընթացքում։ Այնուհետեւ Տիգրան Խաչատրյանի  մասով գործը ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության հարցը որոշելու համար: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ տեղեկացրեց, որ Տիգրան Խաչատրյանի դրվագով անջատված մասը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա քննությունն այնտեղ շարունակելու համար. Իսկ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանն ասաց, որ գործի մասին մանրամասներ այս պահին չեն կարող փոխանցել: Նշենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը հետախուզվում էր 2018 թ. օգոստոսի 28-ից՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից խուսափելու և կեղծ փաստաթղթերով Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետ ընդունվելու համար:
20:10 - 28 ապրիլի, 2021
Դատախազության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի գործով մեղադրյալ Հայկ Հեքիմյանը կալանավորվեց |tert.am|

Դատախազության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի գործով մեղադրյալ Հայկ Հեքիմյանը կալանավորվեց |tert.am|

tert.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը, խափանման միջոց ընտրվեց Հայկ Հեքիմյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորումը: Այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հեքիմյանի փաստաբան Բենիկ Գալստյանը:Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին ավելի վաղ Ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցները բերման էին ենթարկել և  ձերբակալել՝ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։«Ինձ համար անսպասելի էր դատարանի որոշումը, դատարանը գտել է, որ առկա է հիմնավոր կասկած հանցանքի վերաբերյալ: Որպես կալանավորման հիմք՝  նշել էր քննիչի կողմից ներկայացված 3 հիմքերից միայն մեկը՝ խոչընդոտելու ռիսկը։ Չհասցրի որոշմանը մանրամասն ծանոթանալ, բայց պետք է փաստեմ, որ իմ համոզմամբ՝ նշված ակտն ապօրինի է»,- ասաց նա և հավելեց, որ որոշումը  հնարավորինս շուտ կբողոքարկի Վերաքննիչ քրեական դատարան և հույս հայտնեց, որ դատարանն օբյեկտիվ որոշում կկայացնի: Շարունակությունը՝ tert.am-ում։
13:56 - 28 ապրիլի, 2021
Դատարան է ուղարկվել պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով գույքեր թաքցնելու վերաբերյալ առաջին քրեական գործը

Դատարան է ուղարկվել պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով գույքեր թաքցնելու վերաբերյալ առաջին քրեական գործը

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ Hetq.am-ում հրապարակված «Մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների տները Դուբայի շքեղ համալիրներում» վերտառությամբ հոդվածի հիման վրա ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով 2020 թ. փետրվարի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց կողմից օրենքով նախատեսված հայտարարագրերում հայտարարագրման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով գույքեր թաքցնելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ: Քրեական գործն ըստ ենթակայության ուղարկվել էր ՀՀ ՀՔԾ, որտեղ կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորրվել էր, որ Հ. Դ.-ն, 2018 թ. հունիսի 20-ից մինչև 2019 թ. հունվարի 14-ը հանդիսանալով ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր և կրելով գույքի և շահերի հայտարարագրման պարտականություն՝ 2018 թ. հոկտեմբերի 1-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված, պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ, ինչպես նաև 2019 թ. հունիսի 11-ին պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրում չի հիշատակել և այդ կերպ թաքցրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող մի քանի անշարժ գույքերի մասին տվյալները: Մասնավորապես՝ հայտարարագրերում չեն արտացոլվել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող 107,134,8 քմ մակերեսով և 7.1 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով համատեղ սեփականության իրավունքով բնակարանը, Արարատի մարզի Այնթափ համայնքում գտնվող՝ սեփականության իրավունքով իրեն պատկանոող 600.000 ՀՀ դրամով ձեռք բերված, 190.560 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 1,92 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող 741,4 քմ մակերեսով կիսակառույց տնից, 0,051 հա տնամերձ հողամասից բաղկացած, ավելի քան 38 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով, 700.000 ՀՀ դրամով ձեռք բերված իրեն և կնոջը համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող 299.815 ՀՀ դրամ կադաստրային արժեքով, 200.000 ՀՀ դրամով ձեռք բերված՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրեն և կնոջը պատկանող 0,048 հա տնամերձ հողամասը, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղական համայնքում գտնվող 1.7մլն ՀՀ դրամով ձեռք բերված և սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,1262 հա հողամասը, նույն համայնքում գտնվող 500.000 ՀՀ դրամով ձեռք բերված և սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,0676 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը։ Հ. Դ.-ն չի հայտարարագրել նաև պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ երկու բանկում իր անվամբ բացված դրամային հաշվներին ունեցած շուրջ 1.9 մլն ՀՀ դրամը։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է նաև, որ նրա որդին՝ Ա.Դ-ն ևս, նույն ժամանակահատվածում հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձ և ունենալով հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրերում իր գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ ներկայացնելու պարտականություն, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված, սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և եկամուտների մասին 2018 թ. հայտարարագրում չի հիշատակել և այդ կերպ թաքցրել է տվյալ հարկային տարում՝ 2018 թ. նոյեմբերի 6-ին, 4.9 մլն ՀՀ դրամով Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող, 0․0214 հա հողամասը ձեռք բերելու և դրա նկատմամբ իր և մեկ այլ անձի համատեղ սեփականության իրավունքը գրանցելու մասին տվյալը։ Նույն հայտարարագրում Ա. Դ.-ն չի հիշատակել և այդ կերպ թաքցրել է նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող BMW X6 5.0 IX մակնիշի, 2009 թ. թողարկման ավտոմեքենան 2018 թ. նոյեմբերի 11-ին 4 մլն ՀՀ դրամով վաճառելու մասին տվյալը, բանկում ունեցած վարկային գծով բանկի առջև հոր պաշտոնավարման դադարեցման օրվա դրությամբ ունեցած 2493 ԱՄՆ դոլարի չափով պարտավորությունը, նույն բանկում ունեցած «Ապառիկ տեղում վճարված ֆակտորինգ» տեսակով պարտավորությունները, որոնք հոր պաշտոնավարման դադարեցման օրվա դրությամբ կազմել են ընդհանուր շուրջ 1 մլն ՀՀ դրամ։ Հայտարարագրման ենթակա նշված անշարժ գույքերի և դրամական միջոցների վերաբերյալ տվյալները թաքցնելը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով, այն է՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքով գույքերի չհայտարարագրմանը։ Նշված հանցավոր արարքները կատարելու համար Հ.Դ.-ին և Ա.Դ.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: 2021 թ. ապրիլի 16-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել քրեական գործից նրանց վերաբերյալ գործի մասն անջատելու մասին, որով հայտարարվել է նախաքննության ավարտ: 2021 թ. ապրիլի 28-ին քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
12:48 - 28 ապրիլի, 2021
Իրավապահ մարմիններն ու ՊՆ-ն չեն կողմնորոշվում՝ ինչը համարել պետական գաղտնիք, ինչը՝ հրապարակման ենթակա տեղեկություն

Իրավապահ մարմիններն ու ՊՆ-ն չեն կողմնորոշվում՝ ինչը համարել պետական գաղտնիք, ինչը՝ հրապարակման ենթակա տեղեկություն

Օրեր առաջ Infocom-ը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունների առնչությամբ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ ԶՈՒ 2018-24թթ․ զարգացման պլանի փոփոխության մասին Սարգսյանի հայտարարություններին, որոնց իսկության վերաբերյալ ՊՆ-ն հրաժարվել էր մեզ տրամադրել տեղեկություններ՝ հիմնավորելով, որ դրանք պարունակում են պետական գաղտնիք, այդ թվում հարցը՝ զարգացման պլանը փոխվե՞լ է, թե՞ ոչ։ Ռազմական ոստիկանությունը նյութերի նախապատրաստման արդյունքում եկել է եզրակացության, որ այդ հայտարարություններում հանցակազմ չկա, ուստի մերժել է քրգործի հարուցումը։ Արձագանքելով Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սպառազինության եւ տեխնիկայի գնման պլանում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ Եւ քանզի ՊՆ-ն սպառազինության պլանի փոփոխության վերաբերյալ որեւէ հարց համարում է ռազմական գաղտնիք, ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվել էինք՝ Փաշինյանի՝ Սարգսյանի ասածն ուղղակիորեն հերքող հայտարարությունը դիտարկվո՞ւմ է որպես պետական գաղտնիքի բացահայտում։ Դատախազությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ հարցի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում՝ նկատի ունենալով Սարգսյանի հայտարարությունների մասով իրավական գործընթացը, իսկ նյութերի նախապատրաստման արդյունքում, ինչպես վերը նշեցինք, քրգործի հարուցումը մերժվել է, ինչը նշանակում է, որ Փաշինյանի հայտարարությունը, որը, ՊՆ-ի տրամաբանությամբ առաջանորդվելու դեպքում, եւս պետական գաղտնիքի տարր ունի, ՌՈ-ի համոզմամբ՝ հանցակազմ չի պարունակում։  Նիկոլ Փաշինյանը պատերազմից առաջ ու հետո մի քանի անգամ անդրադարձել է նաեւ «Սու30CM» կործանիչներին։ Նախ 2020 թվականի հուլիսի 3-ին նա ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ հրապարակեց՝ կից գրելով, որ «Սու30CM»-ները «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել՝ փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար։ Այս տարվա մարտի 20-ին Փաշինյանն Օհանավան համայնքում իր ելույթում ասաց, որ Հայաստանը չէր հասցրել «Սու30CM»-ների համար հրթիռներ ձեռք բերել։  Եւ քանի որ վարչապետը նախորդ տարի հայտարարել էր կործանիչների հրթիռների փորձարկման մասին՝ լրատվամիջոցները գրեցին, որ Փաշինյանը հակասում է իրեն։  Media.am-ն այս տարվա մարտի 23-ին հոդվածով անդրադարձավ թեմային՝ մանրամասն ներկայացնելով, թե այս կործանիչներն ինչպիսի հրթիռներ, ինչ զինամթերք են ունենում։ Նյութում ռազմական վերլուծաբանը մանրամասնել էր, որ Փաշինյանի հրապարակած տեսանյութում երեւում է չկառավարվող ավիացիոն հրթիռների օգտագործում, այլ ոչ թե կառավարվող «երկինք-երկիր» հրթիռ, ինչպես պնդել էր Փաշինյանը։ Նա, ի դեպ, չէր հստակեցրել, թե Հայաստանն ինչ հրթիռներ չի հասցրել գնել։ Հաջորդ օրը՝ մարտի 24-ին, Փաշինյանն Ազգային ժողովում ստիպված եղավ պարզաբանել իր խոսքը։ Նա ասաց, որ երկու հայտարարությունների մեջ ոչ մի հակասություն չկա՝ պարզ պատճառով․ «Նախ արձանագրենք, որ Սու-ն գերժամանակակից հզոր զենք է, բայց էդ զենքն ունի իր ամբողջության մեջ, իր հրթիռներով եւ սարքավորումներով, եւ, կարծում եմ, ակնհայտ է, որ ինքնաթիռի եւ տարբեր մոդիֆիկացիաների հրթիռների արտադրողները նույն սուբյեկտները չեն, այսինքն՝ նույն տեղում չի արտադրվում, հետեւաբար, ոչ թե ամբողջությամբ է ձեռք բերվում, այլ հատվածական՝ տարբեր սուբյեկտներից։ ՍՈՒ-երը Հայաստան են եկել 2020-ի մայիսին, եւ, այո, իրականացրել են վարժական թռիչքներ, օգտագործել են հրթիռներ, որոնք Հայաստանի զինանոցում արդեն իսկ եղել են»։ ՊՆ-ն, իհարկե, երիցս մերժել է տեղեկություն տրամադրել՝ Սու-երի սպառազինության՝ մասնավորապես հրթիռի տեսակների վերաբերյալ հարցերը համարելով պետական ու ծառայողական գաղտնիքի շարքին դասվող, չնայած Փաշինյանն անձամբ էր նշել, որ տեսանյութում երեւում են երկինք-երկիր հրթիռներ։ Ու քանի որ Փաշինյանի հրապարակած տեսանյութում երեւացող հրթիռի տեսակի մասին տեղեկությունը համարվում է գաղտնի, ուստի ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեցինք՝ Փաշինյանը գաղտնի՞ք է բացահայտել, եւ եթե այո, ապա արդյոք նյութեր նախապատրաստվե՞լ են, քրեական գործ հարուցվե՞լ է։ Ըստ Դատախազությունից ստացած պատասխանի՝ քանի որ Մովսես Հակոբյանի հայտարարությունների առնչությամբ հարուցված քրգործով, ի թիվս այլնի, քննության առարկա են հանդիսանում նաեւ մեր հարցման՝ այս թեմայով հիշատակված հանգամանքները, ուստի քննարկվող պետական գաղտնիքի հրապարակման դեպքով անձի /անձանց/ արարքներին այդ գործով կտրվի քրեաիրավական գնահատական։ Խոսքը «Հայելի» ակումբում ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ, Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցի մասին է, որի առնչությամբ 2020 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրգործ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից կատարված այնպիսի արարքների փաստով, որոնք հակասել են ՀՀ ՊՆ մի շարք փաստաթղթերում առկա կարգավորումներին եւ բացասական նշանակություն են ունեցել ԶՈՒ մարտունակության հարցում եւ ազդել պատերազմի արդյունքի վրա։ ՊՆ-ն պետական գաղտնիք պարունակելու հիմնավորմամբ մերժել էր տեղեկություն տրամադրել նաեւ Փաշինյանի մեկ այլ հայտարարության վերաբերյալ, որն առնչվում էր Զանգելանի եւ Կուբաթլուի շրջաններից մեր զորքերի դուրսբերմանը։ Վարչապետը նախորդ տարվա դեկտեմբերի 27-ին ասել էր, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների 90 եւ ավելի տոկոսը եղել է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Այդ համատեքստում, Փաշինյանի խոսքով, «եղել է բանավոր ըմբռնում, որ էդտեղ մենք պետք է սահմանային որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք, եւ այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար»։ Infocom-ն այս երկու շրջանների՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելու մասին հայտարարություններից հետո պաշտոնական հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն՝ նոյեմբերի 9-ի դրությամբ հայկական զորքերը տեղակայվա՞ծ են եղել Զանգելանի եւ Կուբաթլուի շրջաններում, եթե այո, ապա մասնավորապես ո՞ր հատվածներում, եթե ոչ, ապա ե՞րբ են ամբողջությամբ հետ քաշվել նշյալ տարածքներից։ Խնդրել ենք պատասխանել նաեւ, թե ինչ հանգամանքներում, ինչ հիմքով, ինչ քննարկումների արդյունքում եւ երբ են հանձնվել Զանգելանի ու Կուբաթլուի այն հատվածները, որոնք, ինչպես ենթադրելի է վարչապետի խոսքից, նոյեմբերի 9-ի դրությամբ եղել են հայկական ԶՈՒ-երի վերահսկողության տակ։ Չնայած Փաշինյանն, ըստ էության, արդեն հայտնել էր, որ նոյեմբերի 9-ի դրությամբ հիշյալ շրջանների մեծ մասը մեր վերահսկողությունից դուրս է եղել, եւ որ դա տեղի է ունեցել բանավոր ըմբռնման արդյունքում, ՊՆ-ն, ինչպես նշեցինք, տեղեկություն չտրամադրեց։ Ուստի մեկ այլ հարցմամբ դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազություն՝ ճշտելու՝ Փաշինյանի այս հայտարարություններն ուսումնասիրվում եւ դիտարկվո՞ւմ են պետական գաղտնիքի բացահայտման տեսանկյունից։ Դատախազության պատասխանի համաձայն՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների առնչությամբ հարուցված քրեական գործով քննության առարկա են նաեւ այս թեմայի վերաբերյալ մեր հիշատակած հարցերը, չնայած Հակոբյանը խնդրո առարկա հարցազրույցում ուղիղ տեքստով չի խոսել այդ տարածքների կամ այդտեղից մեր զորքերի տեղաշարժի մասին։ Արդյոք Փաշինյանը նշված քրգործում որեւէ կարգավիճակով ներգրավված է, թե ոչ՝ կներկայացնենք Դատախազության գրավոր պատասխանն ստանալուց հետո։ Հայարփի Բաղդասարյան
15:56 - 26 ապրիլի, 2021
Փոխառություն տրված և չվերադարձված գումարները. Զինա Գալստյանի կասկածելի գործունեության հետքերով

Փոխառություն տրված և չվերադարձված գումարները. Զինա Գալստյանի կասկածելի գործունեության հետքերով

Նելլի Կարապետյանը (անունը և ազգանունը փոխված են) 2019-ի աշնանը իր ծանոթներից մեկից` Անի Ղազարյանից, իմանում է «Ֆինբանկ» ընկերության մասին: Անի Ղազարյանն ասում է Նելլիին, որ ինքն աշխատում է «Ֆինբանկ» ընկերությունում, որին գումար փոխառություն տալով՝ մարդիկ կարողանում են եկամուտ ստանալ։ Նելլիի ծանոթ ընտանիքներից մեկի անդամներն էլ Անի Ղազարյանի միջոցով են իմացել «Ֆինբանկ»-ի մասին և տարբեր չափերի գումարներ փոխառություն տվել ընկերությանը։ Վստահելով Անի Ղազարյանին՝ Նելլին որոշում է բանկից վարկ վերցնել և փոխառությամբ տալ «Ֆինբանկ»-ին։ Ըստ Անի Ղազարյանի ներկայացրածի՝ որպես փոխառություն ստացած գումարները «Ֆինբանկ»-ը տոկոսով տրամադրում է այդ գումարի կարիքն ունեցող ընկերություններին, և երբ վերջիններս վերադարձնում են գումարները «Ֆինբանկ»-ին, կազմակերպությունը դրանցով վճարում է իրեն փոխառություն տված մարդկանց։ Սկզբում Նելլիին ասում են, որ փոխառությունը չորս ամսով է։ Նա 2019-ի դեկտեմբերին փոխառության պայմանագիր է կնքում «Ֆինբանկ» ՓԲԸ-ի հետ։ Պայմանագրում նշված է, որ փոխառությունն անտոկոս է, և գումարը փոխատուին, այսինքն՝ Նելլիին, վերադարձվելու է առձեռն։ Նելլին պատմում է, որ չնայած դրան` իրեն ասել են, որ փոխառությունը վերցնում են 10%-ով, այսինքն, տրամադրած գումարի վերադարձից բացի, ինքը յուրաքանչյուր ամիս ստանալու է նաև այդ գումարի 10%-ը: Նելլին «Ֆինբանկ» ՓԲԸ-ի տնօրենին՝ Զինա Գալստյանին, անձամբ չի տեսել, կազմակերպության հետ կապը եղել է Անի Ղազարյանի միջոցով։ Նա պատմում է, որ Անի Ղազարյանն ամեն կերպ համոզում էր իրեն, որ կազմակերպությունը վստահելի է․ «Անին իր շրջապատի բոլոր մարդկանց, ներառյալ շրջապատի մարդկանց ծանոթներին, համոզում էր, նույնիսկ եղել է, որ ասի՝ եթե չտա մեր կազմակերպությունը, ես եմ տալու (գումարը- խմբ․)»։ Նելլին պատմում է, որ Անի Ղազարյանն իրեն և այլ ծանոթներին ասել է՝ եթե փոխառություն տան «Ֆինբանկ»-ին, իր աշխատավարձը կբարձրանա։ Անի Ղազարյանին օգնելու ցանկությունը ևս նպաստել է, որ Նելլին և նրա այլ ծանոթները փոխառություն տան «Ֆինբանկ»-ին։  Ընդամենը մի ամիս փոխառության գումարի որոշ հատված և այդ ամսվա տոկոսը վճարելուց հետո Նելլիի գումարը սկսում են չվերադարձնել։ Դրանից հետո Նելլին կապվում է Անի Ղազարյանի հետ, փորձում իմանալ, թե ինչու իր գումարը չեն վերադարձնում, Անի Ղազարյանն ասում է, որ ինքն էլ է փոխառություն տվել «Ֆինբանկ»-ին և նույն վիճակում է, ինչ Նելլին ու կազմակերպությանը փոխառություն տված մյուս մարդիկ։ Չնայած դրան՝ Նելլին հիմնավոր կասկածներ ունի, որ Անի Ղազարյանի գումարը «Ֆինբանկ»-ը վերադարձրել է, քանի որ, Նելլիի խոսքով,  նա շարունակում է ապրել նույն կյանքով, ինչ առաջ, կրում է նույն թանկարժեք զարդերը։ Գումարը չվճարելն Անի Ղազարյանն ու Զինա Գալստյանը Նելլիին պատճառաբանում են կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակով, ասում են՝ շրջանառություն չկա, չեն կարող վճարել։ «Եթե Զինային գրում ես՝ երբ ես տալու, էս ինչ օրը գցեցիր մեզ, կարող ա ծիծաղի նույնիսկ էդ մարդու վրա, ում վատություն ա արել, իբր՝ լավ եմ արել, դրա համար էլ էդ օրին ես»,- պատմում է Նելլին։ Նա շատ մարդկանց է ճանաչում, որոնք փոխառություն են տվել «Ֆինբանկ»-ին․ գումարների չափերը տարբեր են՝ 400 հազարից մինչև 6 միլիոն դրամ։ Չնայած մեկ տարի է անցել, Նելլիի ու բազմաթիվ այլ մարդկանց գումարները դեռ չեն վերադարձվել։  «Ջահել ընտանիքներ կան՝ սև ցուցակներում են հայտնվել, չգիտեն՝ ինչ անեն։ Ես 30 հոգուց ավելի գիտեմ, որ իր (Անի Ղազարյանի- խմբ․) պատճառով դրա մեջ են ընկել ու ոչ մի ձև չեն կարողանում Զինայից էդ փողերը վերցնեն»,- պատմում է Նելլին։ Նելլիի խոսքով՝ երբ սկսել են իր գումարները չվճարել, «Ֆինբանկ»-ը չի երկարացրել փոխառության պայմանագիրը, միայն Անի Ղազարյանի հետ է բանավոր պայմանավորվածություն եղել։ Դրանից հետո անընդհատ ինչ-որ պատճառաբանություններով գումարը չեն տվել։ «Եթե Զինային նամակ գրես, կապ չունի՝ ով ես, ինչ տարիքի ես, շատ անկիրթ պատասխան ա տալիս, եթե վիրավորում ես, վախեցնում ա Ազգային անվտանգությամբ։ Չգիտեմ՝ ինչով ա էդքան վստահ, որ ոստիկանությունն իրեն օգնելու ա, որ էդպես վստահությամբ ա խոսում Ոստիկանության ու ԱԱԾ-ի մասին»,- պատմում է Նելլին։ Նելլիի խոսքով՝ Անի Ղազարյանի միջնորդությամբ շատ մարդիկ են փոխառություն տվել «Ֆինբանկ»-ին, բայց նա հետո ոչինչ չի ձեռնարկել այդ մարդկանց օգնելու համար։  Նելլին պատմում է, որ նույնիսկ «Վայբեր» սոցիալական ցանցում «Ֆինբանկ»-ից տուժածների խումբ կա։ Տուժածները հիմնականում չեն բարձրաձայնում խնդրի մասին, քանի որ վախենում են, որ բողոքելու դեպքում Զինա Գալստյանն իրենց գումարները չի տա։ Նելլիի խոսքով՝ Զ․ Գալստյանն ամեն անգամ խոստանում է, որ կվերադարձնի գումարները, բայց երբ գալիս է նրա խոստացած ժամկետը, կրկին չի տալիս։ Վերջին անգամ խոստացել է, որ մարդկանց գումարները կվերադարձնի մայիսին։ Հիմա բոլորը, այդ թվում՝ Նելլին, սպասում են, որ մայիսին իրենց գումարները կստանան։ Հասմիկ Գասպարյանը (անունը փոխված է) ևս «Ֆինբանկ»-ի մասին իմացել է 2019-ի նոյեմբերին։ Հասմիկն էլ, ինչպես Նելլին, «Ֆինբանկ»-ի տնօրեն Զինա Գալստյանին չի ճանաչել, կազմակերպության մասին իմացել է Անի Ղազարյանի միջոցով։ Հասմիկը վարկ է վերցրել, փոխառության պայմանագիր կնքել «Ֆինբանկ»-ի հետ։ Փոխառության պայմանագիրը կնքվել է երկու ամսով։ Հետագայում կրկին Անի Ղազարյանը համոզել է, որ պայմանագիրը երկարացնելու դեպքում Հասմիկն ավելի շատ տոկոսներ կստանա։ Բանավոր պայմանավորվածության հիման վրա, առանց Հասմիկի ներկայության պայմանագիրը երկու ամսով երկարացվել է։ Հասմիկը նշում է, որ Անի Ղազարյանն ու Զինա Գալստյանն ամեն անգամ խոստացել են վերադարձնել իր գումարը, սակայն այդպես էլ չեն վերադարձրել։ «Ծանոթ-բարեկամով գումար վերցնելը ստացվում ա, բայց հազարից մեկի մոտ, որովհետև իր (Զինայի- խմբ․) կողքը ինչ-որ մարդիկ կան կանգնած, կամ միֆ ա դա»,- պատմում է Հասմիկը։   Զինա Գալստյանը, նրան պատկանող ընկերությունները և դրանց դեմ հարուցված դատական գործերը ՀՀ ընտրողների պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ Զինա Գալստյանի գրանցման վայրը Լոռու մարզի Վանաձոր քաղաքն է։ «Google» որոնման համակարգում փնտրելով Զինա Գալստյան անուն-ազգանունը՝ կարող ենք տեսնել, որ վերջինիս մասին կան մի շարք բացասական հրապարակումներ։ Պետական եկամուտների կոմիտեն, օրինակ, հայտարարել է Զ․ Գալստյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին։ Իսկ Կենտրոնական բանկի՝ 2020 թ․ նոյեմբերի 16-ին  հրապարակած ցուցակի համաձայն՝  Գալստյանին պատկանող «Ֆինբանկ» ընկերությունը չի լիցենզավորվել և չի վերահսկվում ԿԲ-ի կողմից։ Զինա Գալստյանի հիմնած առաջին ընկերությունը «Ֆին Հաուս» ՍՊԸ-ն է, որը իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 2017 թ․ հուլիսի 10-ին։ Այս ընկերության գործունեության վերաբերյալ որևէ հստակ բան չկա։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի կայքի՝ «Ֆին Հաուս» ՍՊԸ-ի  գործունեությունը դադարեցված է սնանկ ճանաչվելու հիմքով։  ՊԵԿ-ը  2018 թ․ նոյեմբերի 19-ին դիմում է ներկայացրել սնանկության դատարան «Ֆին Հաուս» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով։ Վերջինիս պարտավորությունը պետական բյուջեի հանդեպ կազմել է 4 մլն 479 հազար ՀՀ դրամ։ Դատարանի՝ 2020 թ․ մարտի 31-ի որոշմամբ ընկերությունը ճանաչվել է սնանկ և լուծարվել։ Այս ընկերությունը զինծառայողների ապահովագրության հիմնադրամին երբեք պարտադիր վճարում չի իրականացրել։ Երկրորդ ընկերությունը, որը հիմնել է Զինա Գալստյանը, «Դասապատրաստում» ՍՊԸ-ն է, որը իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցվել է 2018 թ․ ապրիլի 3-ին։ Ինչպես  «Ֆին Հաուս» ՍՊԸ-ի, այնպես էլ  «Դասապատրաստում» ՍՊԸ-ի դեպքում  ՊԵԿ-ի կայքում նշված չէ գործունեության տեսակը։ ՊԵԿ-ի կայքից իմանում ենք, որ «Դասապատրաստում» ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։ Ե՛վ «Ֆին Հաուս»-ը, և՛ «Դասապատրաստում»-ը գրանցված են եղել Վանաձորում։ «Դասապատրաստում» ընկերության դեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի զբաղվածության պետական գործակալության Վանաձորի տարածքային կենտրոնը 2019 թ․ հունիսի 17-ին քաղաքացիական հայց է ներկայացրել գումարի բռնագանձման պահանջով։ Գումարի չափը եղել է 510 հազար ՀՀ դրամ։ Դատարանը 2020 թ․ մարտի 21-ին վճռել է բավարարել հայցադիմումը և որոշել է «Դասապատրաստում» ՍՊԸ-ից բռնագանձել պահանջվող գումարը։ Այս ընկերությունը զինծառայողների ապահովագրության հիմնադրամին որևէ վճարում չի կատարել։ Զինա Գալստյանի դեմ 2019 թ․ դեկտեմբերի 30-ին հարուցվել է մեկ այլ դատական գործ, այս անգամ՝ քրեական, որում հիշատակվում են վերոնշյալ «Ֆին Հաուս» և «Դասապատրաստում» ՍՊԸ-ները։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Զինա Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտվելով իրեն պատկանող «Ֆինհաուս» և «Դասապատրաստում» ՍՊԸ-ների տնօրեն լինելու հանգամանքից, 2018 թ․ հունվար-դեկտեմբեր ամիսներին մի խումբ անձանց խաբել ու հայտնել է, թե իբր համագործակցում է եվրոպական, ՄԱԿ-ից  ֆինանսավորվող բարեգործական ընկերությունների, բանկերի, վարկային կազմակերպությունների հետ։ Զինա Գալստյանը խոստացել է իր ընկերություններում որպես ավանդ գումար ներդնելու դեպքում 10-ից 30 օրվա ընթացքում ավանդատուներին տրամադրել ավանդի գումարի 5-20%-ի  չափով շահույթ։ Իրեն գումար տալուց հետո նա ավանդատուներին տրամադրել է իր ստորագրությամբ և անձնական կնիքով հաստատված պարտավորագրեր՝ շահելով մարդկանց վստահությունը։ Այս ամենից հետո տուժողներից շարունակաբար ստացել և խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ ընդհանուր 91 մլն 102 հազար ՀՀ դրամի չափով։ Զինա Գալստյանի դեմ այս քրեական գործում ներգրավված է շուրջ 44 տուժող։ Որպես խափանման միջոց է ընտրվել  չհեռանալու մասին ստորագրությունը։ Քրեական գործը դեռևս դատավարության փուլում է։  Infocom-ի հետ զրույցում Զինա Գալստյանի պաշտպան Արամ Ղազարյանը նշել է, որ մինչև այս գործի դատարան մտնելը տուժածներին վերադարձվել է մոտ 60 մլն ՀՀ դրամ գումար։ Պաշտպանի խոսքով՝ Զ․ Գալստյանը դատարանում մի քանի անգամ ասել է, որ պարտավորվում է վճարել տուժողների գումարն ամբողջությամբ։ «Վարույթ իրականացնող մարմինն անընդհատ պնդում է, որ Զինա Գալստյանը կատարել է խարդախություն։ Խարդախություն կատարողը 91 մլն դրամից այդ ընթացքում չի բերում, 60 մլն դրամը հատուցում»,- նշել է պաշտպան Ղազարյանը։ Մեր այն հարցին, թե ողջ գումարի փոխհատուցումից հետո այս գործով դադարեցվելո՞ւ է Զ․ Գալստյանի հանդեպ քրեական հետապնդումը, Արամ Ղազարյանը բացասական պատասխան է տվել․ «Քանի որ մեղադրանքն առաջադրված է միասնական դիտավորության հատկանիշով, այսինքն՝ 44 տուժող մեկ մեղադրանք են առաջադրել, հետևաբար քրեական հետապնդումը չի կարող դադարեցվել, որովհետեւ այն հանրային գործ է, և տուժողի բողոքը լինի-չլինի, գործը պետք է քննվի, դատարանն իր վերջնական դատական ակտով անդրադառնա՝ տվյալ անձը մեղավո՞ր է, թե՞ ոչ»։ Զինա Գալստյանի հիմնած երրորդ ընկերությունը «Համար 1 ուսումնական կենտրոն» ՍՊԸ-ն է, որն իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցվել է 2019 թ․ փետրվարի 28-ին։ Վերջինս ՊԵԿ-ի կայքում նշված է որպես հաշվապահական դասընթացներ իրականացնող կազմակերպություն։ Այս ընկերության դեմ 2020 թ․ դեկտեմբերի 2-ին քաղաքացիական հայց է ներկայացրել «Էլիտ Պլազա» ՓԲԸ-ն՝ գումար բռնագանձելու պահանջով։ Վերջինս Զինա Գալստյանի հետ կնքել է պայմանագիր, համաձայն որի՝ նրան վարձակալությամբ տրամադրվել է տարածք՝ ամսական 2 մլն 512 հազար ՀՀ դրամով։ Տարածքի վարձակալության համար Զինա Գալստյանը «Էլիտ Պլազա» ՓԲԸ-ին պետք է վճարեր 8 մլն 581 հազար ՀՀ դրամ, որը, սակայն, ըստ հայցվորի, չի վճարել։ Այս գործը դեռևս դատաքննության փուլում է։ «Համար 1 ուսումնական կենտրոն»-ը զինծառայողների ապահովագրության հիմնադրամին երբեք վճարում չի արել։ Զինա Գալստյանն այս պահին «Ֆինբանկ» ՓԲԸ-ի տնօրենն է։ Այս ընկերությունը իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցվել է 2019 թ․ օգոստոսի 9-ին։ «Ֆինբանկ» ՓԲԸ-ն, ըստ ՊԵԿ-ի կայքի, գործող է և զբաղվում է ֆակտորինգային գործունեությամբ։ Նելլի Կարապետյանը պատմում է, որ ինքը  եղել է «Ֆինբանկ»-ի գրասենյակում՝ «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի առաջին հարկում։ Պետռեգիստրի տվյալների համաձայն՝ «Ֆինբանկ»-ի իրավաբանական հասցեն Խորենացի 15-ն է, որը հենց «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի հասցեն է։ «Իրենց օֆիս կոչվածում ոչ մի պաստառ, ոչ մի գրություն չկար, սենյակ էր, որտեղ ամեն մեկի դիմաց անջատած համակարգիչ էր, իսկ թղթերում զուտ անուն-ազգանուն էր լրացվում, գումարի չափ, ստորագրություն ու վերջ։ Բանկում ծրագրեր կան, չէ՞, էդ ամեն ինչը մուտքագրում ես, իսկ էնտեղ ոչ մի բան․ ամեն ինչ զուտ ոտքի վրա, օդում, թղթերի վրա»,- հիշում է Նելլին։ Անի Ղազարյանը Նելլին ասել է, թե 2020-ի հունվարից հետո «Ֆինբանկ»-ը լիցենզիա է ստանալու ԿԲ-ից։ Անի Ղազարյանի խոսքով՝ եթե իրենք այդ պահին 10-15 տոկոսով են ավանդ տալիս, լիցենզիա ստանալուց հետո բանկի սովորական տոկոսներով են տալու։ Այդ պատճառով նա իր ծանոթներին հորդորել է գումար տալ «Ֆինբանկ»-ին, քանի դեռ ընկերությունը լիցենզիա չի ստացել։  Վերևում արդեն նշել ենք, որ, ԿԲ-ի՝ 2020-ի աշնանը հրապարակած ցուցակի համաձայն, «Ֆինբանկ»-ը լիցենզիա չունի, չի վերահսկվում ԿԲ-ից, ավելին՝ ԿԲ-ն զգուշացնում է մարդկանց զերծ մնալ այդ ընկերության ծառայություններից։  «Ֆինբանկ»-ի դեմ 2021 թ. հունվարի 11-ին քաղաքացիական հայց է ներկայացրել «Էվրի դեյ» ՓԲԸ-ն՝ գումարի բռնագանձման և գույքը վարձատուին վերադարձնելու պահանջով։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում հստակեցված չէ, թե ինչ գումարի և գույքի մասին է խոսքը, սակայն գործն ընդունվել է վարույթ։ Բացի դրանից՝ «Ֆինբանկ»-ի և Զինա Գալստյանի դեմ 2021 թ․ մարտի 18-ին Անահիտ Սարգսյանը հայց է ներկայացրել ՝ փոխառությամբ տրված գումարի բռնագանձման պահանջով, սակայն դատարանը հայցադիմումը չի ընդունել վարույթ և վերադարձրել է:  «Ֆինբանկ» ՓԲԸ-ն զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 2021 թ․ հունվարին վճարել է 11 հազար ՀՀ դրամ։ Նելլի Պետրոսյանը նշում է, որ երբ ինքն ու իր ծանոթներն իրենց գումարները չստանալուց հետո ցանկացել են ոստիկանություն դիմել, Անի Ղազարյանն ամեն կերպ համոզել է չանել դա, որ «չխանգարեն գործին»:  «Էն ժամանակ, երբ իբր պիտի տար գումարները ու չտվեց, Անին ասեց՝ պատճառն էն ա, որ ինչ-որ մեկը ոստիկանություն ա դիմել, եկել են, խանգարել, մեզ էլ ասում էր՝ մի՛ դիմեք, չխանգարեք, որ ինքը (Զ․ Գալստյանը- խմբ․) աշխատի, տա։ Եթե դիմեք, ինքը հիշում ա՝ ով ա դիմել, իրենց գումարը չի տալիս»,- պատմում է Նելլին։ Հենց այդ պատճառով էլ Նելլին չի դիմել ոստիկանություն։ Նա ևս 6 հոգու է ճանաչում, որոնք նույն պատճառով չեն դիմել ոստիկանություն։ Զինա Գալստյանը նաև «Նոր դպրոց» ՓԲԸ-ի տնօրենն է, որը իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցվել է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին։ ՊԵԿ-ի կայքում նշված չէ, թե ինչ գործունեություն է ծավալում տվյալ ընկերությունը։ «Նոր դպրոց» ՓԲԸ-ի դեմ հարուցվել են  1 վճարման կարգադրություն և 1 քաղաքացիական գործ։ 2020 թ․ դեկտեմբերի 1-ին «Մանվելյան եղբայրներ» ՍՊԸ-ն վճարման կարգադրություն է ներկայացրել «Նոր դպրոց» ՓԲԸ-ին 451 հազար ՀՀ դրամի պահանջով, սակայն դիմումը մերժվել է։ Infocom-ը կապվել է «Մանվելյան եղբայրներ» ընկերության հետ, որի ներկայացուցիչը մեզ հետ զրույցում պատմել է այս գործից մանրամասներ։ Ըստ ընկերության ներկայացուցչի՝ մի քանի ամիս առաջ Զինա Գալստյանն իրենց ներկայացել է որպես «Նոր դպրոց»-ի տնօրեն, ստորագրված և կնքված ապրանքագիր (ֆակտուրա) է տրամադրել, որի հիման վրա գրախանութը նրան տվել է 451 հազար դրամ արժողությամբ գրենական պիտույքներ (թղթեր և ֆայլեր)։ «Մանվելյան եղբայրներ»-ի ներկայացուցչի խոսքով՝ Զ․ Գալստյանը գումարը չի վճարել, գրախանութը գումարի վճարման կարգադրություն է ներկայացրել դատարան, սակայն դիմումը մերժվել է։ «Մանվելյան եղբայրներ»-ի ներկայացուցիչը նշեց, որ նոր դիմում է ներկայացրել և գնալու է մինչև վերջ։ 2021 թ․ հունվարի 8-ին «Անտարես» ՍՊԸ-ն քաղաքացիական հայց է ներկայացրել «Նոր դպրոց»-ի դեմ՝ 329 հազար 500 դրամ գումարի բռնագանձման պահանջով։ Գործն ընդունվել է վարույթ և դատաքննության փուլում է։ «Նոր դպրոց» ՓԲԸ-ն զինծառայողների ապահովագրության հիմնադրամին երբևէ վճրում չի արել։ Զինա Գալստյանն անցնում է նաև մեկ այլ քրեական դատավարությամբ, որում նույնպես հիշատակվում է «Նոր դպրոց» ՓԲԸ-ն։ Այսպես, «Դատալեքս» տեղեկատվական համակարգից իմանում ենք, որ 2021 թ․ մարտի 22-ին Զինա Գալստյանին մեղադրանք է առաջադրվել խաբեությամբ մազահեռացման սարք հափշտակելու համար։ Վերջինս, «List.am» ինտերնետային կայքում տեսնելով մազահեռացման սարք վաճառելու վերաբերյալ հայտարարություն, զանգահարել և ներկայացել է որպես «Նոր դպրոց» ՓԲԸ-ի տնօրեն։ Նա հետագայում գնելու պատրվակով 1 ամսով վարձակալել է նշված սարքը 100 հազար դրամ վարձավճարի դիմաց։ Հայտարարությունը տեղադրողի մոտ վստահություն առաջացնելու նպատակով Զ․ Գալստյանը կազմել է առուվաճառքի համաձայնագիր, որի տակ ստորագրել են նա և սարքավորում վաճառողը։ Սրանից հետո նա սարքը տեղափոխել է վարձակալած տարածք, ապա վաճառել 1 մլն 550 հազար ՀՀ դրամով։ Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Քրեական գործը դեռևս դատավարության փուլում է։ Բացի վերևում նշված դատական գործերից՝ Զինա Գալստյանի դեմ 2016-2021 թթ․ ընթացքում հարուցվել են մի շարք քաղաքացիական և վճարման կարգադրության հայցեր, որոնց մի մասն ընդունվել է վարույթ, մի մասով կայացվել է վճարման կարգադրություն, մի մասն էլ մերժվել է։ Ընդհանուր առմամբ, այս տարիներին հարուցվել է շուրջ 12 հայց, որոնց կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումներով (1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12): Զինա Գալստյանի և նրան պատկանող կամ փոխկապակցված ընկերությունների դեմ հարուցված բոլոր տեսակի դատական գործերով վնասի փոխհատուցման չափն ընդհանուր առմամբ կազմում է շուրջ 110 մլն 430 հազար դրամ։ Զ․ Գալստյանի պաշտպանի փոխանցմամբ՝ այս պահին  Երևան քաղաքի Կենտրոն քննչական բաժնում քննվող գործով Զինա Գալստյանը գտնվում է անազատության մեջ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանքը։ Քանի որ գործը նախաքննության փուլում է, մանրամասներ հայտնի չեն։ Այս գործով, ըստ պաշտպանի, կա մոտ 42 տուժող։   Զինա Գալստյանը նախկինում երբեք ազատազրկված չի եղել։ Նարեկ Մարտիրոսյան, Աննա Սահակյան
21:40 - 25 ապրիլի, 2021
Ցեղասպանության համար պատասխանատվությունը ոչ միայն բարոյական, այլ նաև միջազգային իրավունքի տեսակյունից չունի վաղեմության ժամկետ. Դավթյան

Ցեղասպանության համար պատասխանատվությունը ոչ միայն բարոյական, այլ նաև միջազգային իրավունքի տեսակյունից չունի վաղեմության ժամկետ. Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ՝ նշելով, որ հայ ժողովուրդն իր պատմության ամենաողբերգական էջի՝ 20-րդ դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակում և ողջակիզված իր զավակների հիշատակը ոգեկոչում է իրեն պարտադրված գոյաբանական պատերազմի վերապրումի, պատերազմի ողբերգական հետևանքների ծանր բեռի տակ։ «Պատերազմ, որ սանձազերծվեց էթնիկական ատելության, իր ազգային պատկանելության բերումով հայ բնակչության նկատմամբ պետականորեն տասնամյակներով սնուցված թշնամանքի և անհանդուրժողականության հողի վրա և ուներ անթաքույց նպատակ՝ իր պատմական կենսատարածքում ֆիզիկապես ոչնչացնելու արցախահայությանը և նրան զրկելու իր հայրենիքում ապրելու, արարելու և զարգանալու իրավունքից։ Պատերազմ, որի ընթացքում ցեղասպանական նկրտումներին հագուրդ տալու նպատակով, ինչպես 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության ներսում, գործի են դրվել վարձկան ահաբեկիչների ու մարդասպանների ոհմակներ, դիտավորյալ և պլանավորված կերպով թիրախավորվել է քաղաքացիական բնակչությունը, հանրային ու սոցիալական ենթակառուցվածքները, միտումնավոր և վայրենի կերպով ոչնչացվել են հայկական պատմամշակութային ժառանգությունն ու արժեքները՝ ակնհայտորեն նպատակ ունենալով վերացնելու հայկականության հետքերը, պատմական հիշողությունն ու հայկական ինքնության վկայությունները։ Նման մոտիվներով պատերազմի սանձազերծումն ու իրագործումը հնարավոր դարձավ նաև ու հատկապես այն պատճառով, որ աչք փակելով պատմական արդարության և դրա վերականգնման անհրաժեշտության հանդեպ, միջազգային լայն հանրության կողմից անգամ 106 տարի անց դեռևս հավուր պատշաճի չեն տրվել անհրաժեշտ քաղաքական, պատմական և մանավանդ իրավական գնահատականները ինչպես ինքնին հայերի ցեղասպանության, ունեզրկման և հայրենազրկման փաստին, այնպես էլ այդ անհերքելի իրողության հանդեպ թուրքական շարունակվող և ահագնացող ժխտողականությանը։ Չնայած բազմաթիվ երկրների, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման իրողությանը՝ քաղաքական և աշխարհաքաղաքական այսօրեական շահերին տրվող նախապատվության պայմաններում Հայոց Ցեղասպանության իրավական գնահատումը մնում է օրակարգային՝ հատկապես նոր ցեղասպանությունների կանխարգելման, այս առումով առանձին պետությունների մոտ սեփական անպատժելիության ընկալումների ու համոզմունքների ակնառու ամրապնդումը թույլ չտալու տեսանկյունից՝ ոչ միայն հայ ժողովրդի համար այսօր էլ ակնհայտ գոյապահպանական մարտահրավերը խորությամբ գիտակցելու, այլ նաև իբրև  սերունդների առջև մարդկության պատասխանատվության գերխնդիր։   Խոնարհվելով հայ ժողովրդին պատուհասած 20-րդ դարի մեծագույն ոճրագործության անմեղ զոհերի հիշատակի առջև՝ անհրաժեշտ ենք համարում ամրագրել, որ ցեղասպանության, որպես մարդկության դեմ ամենավտանգավոր հանցագործության համար պատասխանատվությունը, ոչ միայն բարոյական, այլ նաև միջազգային իրավունքի տեսակյունից չունի վաղեմության ժամկետ։ Ելնելով առաջին հերթին իր անվտանգության առաջնայնություններից՝ հայ ժողովորդն ինստիտուցիոնալ իր բոլոր կառույցներով հետամուտ է պատմական արդարության վերականգնմանը, պատմական փաստերին, սեփական ամոթալի անցյալին  ժխտողականության առաջամարտիկների առերեսմանը՝ ունենալով մարդասիրության իրական արժեքներ դավանող, ազգային թշնամանքը, ատելությունը, ֆաշիզմի բոլոր տիպի դրսևորումները մերժող առաջադեմ մարդկության անվերապահ աջակցությունը։ Որպես ցեղասպանության դժոխքներով անցած ու վերածնված, 21-րդ դարասկզբին նույն մոտիվներով սանձազերծված պատերազմի բովով անցած ժողովուրդ՝ այս նպատակին հասնելու, ի հեճուկս մեր թշմանիմների՝ հայրենիքի այս սուրբ կտորի վրա մեր գոյության ու զարգացման իրավունքը վերահաստատելու և ազգային պահանջներին տեր կանգնելու համար  անհրաժեշտ է հրաժարվել ներքին կործանարար բաժանարարներից, համախմբվել ազգապահպանության ամենակարևոր հենասյուների՝ հայոց պետականության գաղափարի և պետության հարատևության կոնցեպտի շուրջ, անմնացորդ և անվերապահ կերպով նվիրվել մեր վերքերի ամոքմանը, մեր անայլընտրանք հզորացման նախադրյալների վերարժևորմանը։ Սա է լինելու Հայոց Ցեղասպանության զոհերի հշատակի ոգեկոչման, նրանց սպասումների իրագործման ամենաշոշափելի և նվիրական  արդյունքը»,- ասված է Դավթյանի ուղերձում:
11:30 - 24 ապրիլի, 2021
Դատախազության դիմաց տեղի ունեցած միջադեպի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործը ՔԿ-ն վարույթ է ընդունել

Դատախազության դիմաց տեղի ունեցած միջադեպի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործը ՔԿ-ն վարույթ է ընդունել

Դատախազության դիմաց տեղի ունեցած միջադեպի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործը ՔԿ-ն  վարույթ է ընդունել։ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել․ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի դիմաց 2021 թվականի ապրիլի 22-ին մի խումբ անձանց կողմից հասարակական կարգի պահպանություն իրականացնող անձանց դիմադրելու, բռնություն գործադրելով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթ: Քրեական գործով կազմվել է քննչական խումբ, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:
17:40 - 23 ապրիլի, 2021