Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանի հոգևոր առաջնորդը դատապարտել է Զարիֆի խոսքը Սոլեյմանիի և Ռուսաստանի վերաբերյալ |1lurer.am|

Իրանի հոգևոր առաջնորդը դատապարտել է Զարիֆի խոսքը Սոլեյմանիի և Ռուսաստանի վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին դատապարտել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի խոսքը Ռուսաստանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների, ինչպես նաև դրանցում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Քասեմ Սոլեյմանիի դերի մասին, հաղորդում է РИА Новости-ն: Խամենեին ասել է, որ «որոշ պաշտոնյաների» կողմից արված հայտարարությունները ԻՀՊԿ-ի և Սոլեյմանիի մասին «ապշեցնում են և մտահոգում»: «Մենք չպետք է խոսենք այնպես, կարծես չենք ընդունում երկրի քաղաքականությունը»,- եզրափակել է հոգևոր առաջնորդը: Ապրիլի 25-ին իրանական լրատվամիջոցները հրապարակեցին Իրանի արտգործնախարարի հետ հարցազրույցից հատվածներ, որում Զարիֆը պնդում է, որ Մոսկվայի համար շահավետ չէ Արևմուտքի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորումը, ուստի աշխատում է սաբոտաժի ենթարկել Իրանի միջուկային ծրագրի գործարքը: Նա նաև նշել է, որ ձախողման համար Մոսկվան համագործակցում էր իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանիի հետ: Մեկ այլ տեղեկությամբ, Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը ներողություն է խնդրել  մեկնաբանությունների համար, որոնք  հրապարակման համար նախատեսված չեն եղել: Նա հույս է հայտնել, որ Իրանի ժողովուրդը և գեներալի ընտանիքը կներեն իրեն: Այժմ Թեհրանը Վիեննայում Եվրոպայի միջնորդությամբ անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ՝ միջուկային գործարքը վերականգնելու ուղղությամբ:
12:18 - 03 մայիսի, 2021
Ուժի կիրառմամբ հակամարտությունները «լուծելու» փորձը պետք է լուրջ ահազանգ լինի միջազգային հանրության և տարածաշրջանի երկրների համար. ԻԻՀ-ում ՀՀ դեսպան

Ուժի կիրառմամբ հակամարտությունները «լուծելու» փորձը պետք է լուրջ ահազանգ լինի միջազգային հանրության և տարածաշրջանի երկրների համար. ԻԻՀ-ում ՀՀ դեսպան

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հարցազրույց է տվել ISNA լրատվական գործակալությանը, որը ներկայացնում ենք ստորև.   - Ինչպես հայտնի է, Արցախի շուրջ ռազմական գործողությունները տևեցին վեց շաբաթ, որից հետո Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերվեց զինադադարի վերաբերյալ համաձայնություն: Ո՞րն է Ձեր գնահատականն այս իրադարձության կապակցությամբ:   - Զինադադարով կասեցվեց Թուրքիայի աջակցությամբ, այդ թվում՝ վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ, Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիան, որը Հայաստանին և հայ ժողովրդին պատճառեց մեծագույն կորուստներ, ունեցանք հազարավոր նահատակներ: Դժվար է այս ողբերգական իրադարձություններին միանշանակ և պարզունակ գնահատական տալ: Մի բան ակնհայտ է՝ Թուրքիայի անմիջական և լայնածավալ ներգրավումը պատերազմական գործողություններին նպատակաուղղված էր տարածաշրջանում նրա ծավալապաշտական քաղաքականության իրականացմանը: Այս ամենից հետո մի բան միանշանակ է՝ ուժի կիրառմամբ հակամարտությունները «լուծելու» փորձը պետք է լուրջ ահազանգ լինի միջազգային հանրության և նախևառաջ տարածաշրջանի երկրների համար:   - Զինադադարից հետո ականատես եղանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնաթողության և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջներին: Այսօր արդեն սկսվել է արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացը, և այդ պատճառով վարչապետ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել: Ձեր կարծիքով ստեղծված պայմաններում ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկի ՀՀ կառավարությունը:   - Բնական է, որ Արցախյան վերջին պատերազմի արհավիրքները լրջորեն ազդել են Հայաստանում հանրային տրամադրությունների վրա: Անհրաժեշտ է կայունացնել ներքաղաքական իրավիճակը, և այդ նպատակով է, որ ՀՀ վարչապետը նախաձեռնել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գործընթացը: Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի համար լավագույն լուծումը կլինի արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունների միջոցով նոր խորհրդարանի և կառավարության ձևավորումը, որոնց գործունեությունը պետք է միտված լինի խաղաղության ու անվտանգության, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը: Ներկա մարտահրավերների հաղթահարումը մեծ քննություն է մեր ժողովրդի և պետության համար, որը պարտավոր ենք պատվով հանձնել՝ հանուն մեր նահատակների և ներկա ու ապագա սերունդների:   - Արդյո՞ք ՀՀ կառավարությունը դեռ շարունակում է ճգնաժամի հաղթահարման նպատակով կողմ լինել Մինսկի խմբի հետագա գործունեությանը, թե՞ այն համոզմունքին է, որ տարածաշրջանային երկրներն այդ հարցում կարող են առավել արդյունավետ դերակատարում ունենալ:   - Ըստ հայկական կողմի՝ հակամարտության վերջնական և համապարփակ լուծման համար միջազգային մանդատ ունեն բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, որոնք բանակցային գործընթացի շրջանակներում հանդես են եկել հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ առաջարկությամբ: Ինչ վերաբերում է տարածաշրջանային երկրների դերակատարությանը, ապա նրանք իրենց հավասարակշռված դիրքորոշմամբ կարող են ձևավորել հակամարտության կարգավորմանն ուղղված բարենպաստ միջավայր:   - Ո՞րն է Ձեր տեսակետը ԼՂ հակամարտության լուծմանն ուղղված ԻԻՀ առաջարկության կապակցությամբ: Արդյո՞ք Իրանը, որպես տարածաշրջանային կարևոր երկիր, կարող է հակամարտության կարգավորման հարցում ունենալ դրական դերակատարում:   - Կուզենայի հատուկ ընդգծել Իրանի կարևոր դերակատարությունը պատերազմի օրերին և դրան հաջորդած ժամանակաշրջանում՝ տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն սպառնացող երևույթների դեմ ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման առումով: Դա վերաբերում է երկու երկրների ընդհանուր սահմանի և ինքնիշխանության անձեռնմխելիության ուղղությամբ իրականացված քայլերին (նախազգուշական հայտարարություններ, իրանական զինուժի տեղակայում սահմանի երկայնքով): Հայաստան-Իրան սահմանը մշտապես եղել է խաղաղության և համագործակցության «կամուրջ», որի հանդեպ որևէ ոտնձգություն հակասում է մեր երկու երկրների ազգային անվտանգությանը: Վերջին պատերազմից հետո, առավել քան երբևէ, ձևավորվել է ընդհանուր սպառնալիքների և շահերի գիտակցում Երևանում և Թեհրանում: Ուստի անհրաժեշտ է համապարփակ ռազմավարական երկխոսություն, որի օրակարգում ներառված կլինեն ինչպես երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմնախնդիրների ողջ համալիրը, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակը:   Հենց այսօր էլ չափազանց օգտակար կլիներ Իրանի ակտիվ մասնակցությունը բազմաթիվ բարդ և խնդրահարույց հարցերի կարգավորման գործում: Մասնավորապես, մենք կցանկանայինք տեսնել Իրանի գործուն ազեդցությունն Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ հայ ռազմագերիների ազատման հարցում: Միաժամանակ, կարևոր է ներկա պայմաններում մեծապես ակտիվացնել Հայաստան-Իրան հարաբերությունների բոլոր բաղադրիչները, որոնք ապահովում են երկու երկրների անվտանգությունը և տնտեսական զարգացումը:   Հատկապես անհրաժեշտ է «ամրապնդել» Հյուսիս-հարավ տրանսպորտային և էներգետիկ առանցքը, խորացնել գազի և էլեկտրաէներգիայի ոլորտներում համագործակցությունը, շեշտակիորեն խթանել առևտրաշրջանառության աճը և ներդրումային համատեղ ծրագրերի իրականացումը: Անշուշտ, վերը նշված ոլորտներում անցած տարիների ընթացքում մեր երկու երկրների միջև համագործակցության հաջողված օրինակները բազմաթիվ են, սակայն ստեղծված տարածաշրջանային նոր իրավիճակը մեր առջև առավել ակտիվ փոխգործակցության պահանջներ է դնում:    - Գիտեք, որ Արցախի շուրջ ռազմական գործողություններից հետո, ըստ որոշ ԶԼՄ-ների, տարածաշրջանում մնացել են ահաբեկչական խմբավորումներ: Արդյո՞ք ՀՀ կառավարությունը կողմ է այդ խմբավորումների դեմ պայքարի նպատակով համագործակցել տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Իրանի հետ:   - Արցախյան վերջին պատերազմին առնչվող ամենադատապարտելի իրողություններից մեկը Թուրքիայի կողմից Սիրիայում և Լիբիայում գործող ծայրահեղական խմբավորումներից վարձկան ահաբեկիչների հավաքագրումը և փոխադրումն էր տարածաշրջան: Այդ ահաբեկիչներն արդեն իսկ հայտնի էին Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների դեմ գործած վայրագություններով: Նրանք պատերազմական հանցագործություններ են կատարել նաև Արցախի խաղաղ բնակչության դեմ: Ներկայումս, ըստ տարբեր տեղեկատվական աղբյուրների, Ադրբեջանը և Թուրքիան փորձում են նրանց բնակեցնել Արցախի տարածքում և էթնիկ զտման ենթարկված շրջաններում: Հայաստանը մշտապես դատապարտել է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և պատրաստ է համագործակցել այդ սպառնալիքի չեզոքացման և իսպառ վերացման ուղղությամբ:   - Վերջերս Ադրբեջանը հայտարարել է, որ համաձայնության դեպքում պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ: Արդյո՞ք ՀՀ կառավարությունը համաձայն է դրան:   - Ադրբեջանական կողմը հանդես է գալիս իրարամերժ հայտարարություններով: Մի կողմից նշվում է, որ Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, մյուս կողմից մերժվում է խաղաղ գործընթացի վերսկսումը: Խաղաղության պայմանագիրը նպատակ է, որին կարելի է հասնել միմիայն խաղաղ գործընթացի շնորհիվ: Ուստի ներկայումս անհրաժեշտ է խոսել ոչ թե խաղաղության պայմանագրի, այլ խաղաղ գործընթացի վերսկսման մասին:   - Որքա՞ն առաջընթաց է ունեցել Հայաստան-Իրան տնտեսական համագործակցությունը, հատկապես՝ ԵԱՏՄ հետ հարաբերությունների համատեքստում:   - Այս հարցի կապակցությամբ կարծում եմ՝ նպատակահարմար կլինի առանձին հարցազրույց ունենալ և ներկայացնել ինչպես կատարված աշխատանքը, այնպես էլ առաջիկա անելիքները: Ընդունված է ասել, որ Հայաստան-Իրան առևտրային հարաբերությունները զարգացման մեծ հնարավորություններ ունեն, և դա իրոք այդպես է: Անցած տարիների ընթացքում երկու երկրների տարեկան առևտրային շրջանառությունը կազմել է մի քանի հարյուր միլիոն դոլար: Ընդ որում, դրա մեծ մասը կազմել է իրանական ապրանքների ներմուծումը Հայաստան, իսկ հակառակ հոսքը եղել է չափազանց փոքր չափերի: Պատճառները հայտնի են: Դրանք կապված են ինչպես երկու կողմերի տնտեսական կարողությունների, այնպես էլ գործող առևտրային ռեժիմների և մի շարք սահմանափակումների հետ (բարձր մաքսատուրքեր, ներմուծման և արտահանման արգելքներ և այլն):   Թեև շատ մեծ գործ է կատարված երկու երկրների տնտեսավարողների փոխադարձ իրազեկվածության ուղղությամբ (բազմաթիվ հանդիպումներ, ցուցահանդեսներ, գործարար համաժողովներ, օրենսդրության, գործարար միջավայրի և տնտեսական բնույթի այլ տեղեկությունների սիստեմատիկ փոխանակումներ և այլն), սակայն անելիքներ դեռևս շատ կան:   Անշուշտ, առկա բարենպաստ գործոնների թվին պետք է դասել Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունը, ԵՄ և մի շարք երկրների հետ առևտրային որոշակի արտոնությունները, ինչպես նաև Իրանի՝ ԵԱՏՄ հետ ժամանակավոր ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ընդունումը (2019 թ.), անշուշտ նաև Իրանի զգալի տնտեսական ներուժը: Ի դեպ, իրանական ապրանքների արտահանման տեսանկյունից տարածաշրջանային երկրների շարքում (Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան և այլն) ընդամենը շուրջ երեք մլիլիոն բնակչություն ունեցող Հայաստանը գտնվում է առաջին տեղում (Հայաստանի բնակչության մեկ շնչին հասնող իրանական ապրանքների ներմուծման ծավալով): Դա նշանակում է, որ իրանցի տնտեսավարողների համար Հայաստանի գործարար միջավայրը բարենպաստ է:   Կասկածից վեր է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկարներ ունեն, և այս իմաստով էական ազդեցություն կարող են ունենալ տրանսպորտային հաղորդակցության (երկաթգիծ, ավտոճանապարհ) ոլորտում սպասվող զարգացումները: Այսպիսով, կարելի է հույս հայտնել, որ առաջիկա տարիները մեր երկու երկրների համար կլինեն հարաբերությունների զարգացման և համագործակցության խորացման ժամանակաշրջան՝ ի շահ մեր ժողովուրդների և ողջ տարածաշրջանի: 
09:50 - 03 մայիսի, 2021
Զարիֆը ներողություն է հայցում հանգուցյալ Սոլեյմանիի մասին մեկնաբանության համար
 |azatutyun.am|

Զարիֆը ներողություն է հայցում հանգուցյալ Սոլեյմանիի մասին մեկնաբանության համար |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն Ինստագրամի էջում տեղադրած գրառմամբ ներողություն է հայցել Հեղափոխական գվարդիայի «Ալ-Քուդս» զորամիավորման հանգուցյալ հրամանատար, գեներալ Քասեմ Սոլեյմանիի հասցեին արված մեկնաբանությունների համար: Վերջերս գաղտնազերծված զրույցում, որն, ըստ Իրանի արտգործնախարարության, հրապարակման ենթակա չէր, Զարիֆը քննադատել է Սոլեյմանիին, ասելով, թե գեներալը հաճախ է միջամտել արտաքին քաղաքականության հարցերում, բացի այդ, Զարիֆը նշել է, թե գեներալը դեմ էր միջուկային գործարքին և փորձել է ռուսների հետ գաղտնի եղանակով խափանել Իրանի և Արևմուտքի հարաբերությունների բարելավումը: Զարիֆն Ինստագրամում տեղադրած ուղերձով հույս է հայտնել, որ «Սոլեյմանիի ընտանիքը և Իրանի ժողովուրդը ներողամտաբար կարձագանքեն այդ վիճահարույց մեկնաբանություններին»: Զրույցի ձայնագրության հրապարակումը քաղաքական սկանդալ է առաջացրել Իրանում, որտեղ հունիսին նախատեսված են նախագահական ընտրություններ: Գեներալ Սոլեյմանին սպանվել է 2020 թվականի հունվարին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդակայանի շրջանում ամերիկյան անօդաչու սարքի արձակած հրթիռից: Զոհվելուց հետո Սոլեյմանին ժողովրդական ընկալմամբ դարձել է թշնամական ուժերի հետ պայքարում նահատակված հերոս:  
15:15 - 02 մայիսի, 2021
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին շնորհակալական նամակ է հղել ՀՀ նախագահին

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին շնորհակալական նամակ է հղել ՀՀ նախագահին

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին շնորհակալական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ի պատասխան Նովրուզի և արեգակնային Նոր տարվա առիթով Հայաստանի նախագահի հղած շնորհավորական ուղերձի: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նամակում մասնավորապես ասվում է.«Հուսով եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները, հաշվի առնելով երկու երկրների միջև վաղեմի կապերը և առկա կարողությունները՝ ընդհանուր շահերն ապահովելու, տարածաշրջանային և միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը ամրապնդելու և համաշխարհային արդարություն հաստատելու ուղղությամբ, առավել կզարգանան և կամրապնդվեն»:
19:11 - 28 ապրիլի, 2021
Պարսից ծոցում ամերիկյան ռազմանավը նախազգուշական կրակ է բացել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ իրեն մոտեցած նավակների ուղղությամբ |tert.am|

Պարսից ծոցում ամերիկյան ռազմանավը նախազգուշական կրակ է բացել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ իրեն մոտեցած նավակների ուղղությամբ |tert.am|

tert.am: ԱՄՆ Ռազմածովային ուժերի «Firebolt» պարեկային նավը նախազգուշական կրակ է բացել Պարսից ծոցում իրեն մոտեցած Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի արագընթաց նավակների ուղղությամբ, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ Ռազմածովային ուժերի տարածած հաղորդագրությանը: «Ապրիլի 26-ին Պարսից ծոցի հյուսիսային հատվածի միջազգային ջրերում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի արագընթաց 3 նավակ անհայտ նպատակներով արագ մոտեցել են ԱՄՆ Ռազմածովային ուժերի «Firebolt» նավին և ԱՄՆ առաձնյա հսկողության «Baranoff» պարեկային նավին: Ամերիկյան նավերը միջազգային ջրերում անվտանգության ապահովման ուղղությամբ գործողություններ են ձեռնարկել»,- նշված է հաղորդագրությունում:
09:39 - 28 ապրիլի, 2021
Զարիֆի՝ Մոսկվայի և ԻՀՊԿ-ի վերաբերյալ քննադատության հրապարակումն Իրանում անօրինական են համարում. հետախուզությունը կպարզի արտահոսքի հանգամանքները  
 |tert.am|

Զարիֆի՝ Մոսկվայի և ԻՀՊԿ-ի վերաբերյալ քննադատության հրապարակումն Իրանում անօրինական են համարում. հետախուզությունը կպարզի արտահոսքի հանգամանքները |tert.am|

tert.am:  Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկրի ազգային հատուկ ծառայություններին հանձնարարել է պարզել, թե ինչպես է ԶԼՄ-ների տիրապետության տակ հայտնվել տնտեսագետ Սաիդ Լեյլազին ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի տված հարցազրույցը:Հարցազրույցում նախարարը հանդես է գալիս Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հանդեպ քննադատությամբ՝ երկրի արտաքին քաղաքականությանը միջամտելու համար: Նախարարը քննադատել է նաև Մոսկվային, որն, իր խոսքով, փորձել է խափանել Թեհրանի միջուկային գործարքի կնքումն արևմտյան երկրների հետ:«Աուդիոֆայլն իրենից ծաղկաքաղ է ներկայացնում յոթժամանոց մասնավոր երկխոսությունից»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ ընդգծելով, որ Զարիֆի խոսքը պետք է լսել «ամբողջությամբ, ոչ թե ընտրովի»:Ինչպես փոխանցում է РБК-ն, վերջինս անօրինական է անվանել նախարարի հարցազրույցի մասնակի հրապարակումը ԶԼՄ-ներում:
21:30 - 27 ապրիլի, 2021
Ռուսաստանն ուզում էր ոչնչացնել Իրանի ԱԳՆ ձեռքբերումները․ Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են ԱԳ նախարարի չհրապարակված հարցազրույցից հատվածներ

Ռուսաստանն ուզում էր ոչնչացնել Իրանի ԱԳՆ ձեռքբերումները․ Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են ԱԳ նախարարի չհրապարակված հարցազրույցից հատվածներ

Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են երկրի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հետ չհրապարակված հարցազրույցից հատվածներ։ Հարցազրույցի ժամանակ Զարիֆը բողոքում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խառնվում է այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ՝ անտեսելով ԱԳՆ-ի վարող քաղաքականությունը։ Նա քննադատում է անցյալ տարի հունվարին սպանված գեներալ Քասեմ Սուլեյմանիին, քանի որ վերջինս, ըստ նրա, Մոսկվայի հետ համատեղ փորձել է սաբոտաժի ենթարկել Իրանի միջուկային պայմանագիրն Արևմուտքի հետ։  Այս մասին գրում է BBC.com-ը։ Իրանի ԱԳ նախարարի 3 ժամանոց հարցազրույցի ձայնագրությունը հայտնվել է Iran International հեռուստաալիքի ձեռքերում։ Դրա պատճենը ունի նաև BBC-ի պարսկական ծառայությունը։ Հարցազրույցի հրապարակումից մեկ ժամ անց Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ ձայնագրությունը խմբագրվել է՝ խեղաթյուրելով նախարարի խոսքերի իմաստը։ Ինչպես պնդում են նյութը հրապարակած ԶԼՄ-ները, հարցազրույցը դեռևս մարտին իրականացրել էր լրագրող Սաիդ Լեյլազը, որը մոտ է կառավարության տնտեսական բլոկին։ Ծրագրի հեղինակները մտադրվել էին հարցազրույցը հրապարակել, երբ հունիսի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո  Հասան Ռոհանիի կառավարությունը վայր կդներ իր լիազորությունները։ Զարիֆը կոշտ քննադատության է ենթարկում գեներալ Քասեմ Սուլեյմանիին, որը գլխավորում էր Իսալամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար հատուկ զորաջոկատներից մեկը։ Այսօր Սուլյեմանին Իրանում հայտարարվել է մարտիրոս ու ազգային հերոս։ Համարվում է, որ հենց նա է համոզել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտիտնին խառնվել սիրիական հակամարտության մեջ 2015թ․ Մոսկվա կատարած այցի ժամանակ։  Պատերազմը Սիրիայում ու միջուկային պայմանագիրը Զարիֆի խոսքով՝ Սուլեյմանիի հետ բանակցությունները 2015թ․ նախաձեռնել էր Մոսկվան, որի նպատակն էր չեղարկել այդ օրերին կնքված միջազգային միջուկային պայմանագիրն Իրանի հետ։ Պայմանավորվածությունների էությունը այն էր, որ Թեհրանը պարտավորվում էր սահմանափակել միջուկային ծարգիրը, որի դիմաց հանվում էին իր նկատմամբ մտցված կոշտ պատժամիջոցները, որոնք մեծ հարված էին հասցնում Իրանի տնտեսությանը։ Ինչպես պնդում է Զարիֆը, Մոսկվան Սուլեյմանիին հրավիրել էր բանակցությունների միջուկային պայմանագրերի ստորագրումից 10 օր հետո, որպեսզի սաբոտաժի ենթարկի այդ պայմանավորվածությունները։Զարիֆի խոսքով՝ Ռուսաստանն ցանկանում էր օգտագործել իրանական բանակը՝ Սիրիայի տարածքում ցամաքային գրոհի համար։ Իրանը հերքում է իր մասնակցությունը սիրիական հակամարտությանը, թեև 2016թ․ BBC պարսակական ծառայությունը հաստատել է, որ Թեհրանը Սիրիա է տեղափոխում հազարավոր աֆղանացիներ կառավարական ուժերի կողմում պատերազմելու համար։ Զարիֆը չի պարզաբանում ռազմական գործողությունների ու միջուկային պայամանավորվածությունների սաբոտաժի միջև փոխկապակցվածությունը, սակայն, նրա խոսքով, Սուլեյմանին կապ է ունեցել երկուսի հետ էլ՝ իր գործողություններում շրջանցելով Իրանի ԱԳՆ-ն։  «Այս այցը նախաձեռնել էր Մոսկվան, ու Իրանի ԱԳՆ-ն որևէ կերպ չեր կարող ազդել դրա վրա։ Այցի նպատակն էր չեղարկել գործարքը»,- ասում է նախարար Զարիֆը։ «Ռուսաստանն ուզում էր ոչնչացնել Իրանի ԱԳՆ ձեռքբերումները», - ասում է նախարարը։ Այդ պատճառով ինքը ստիպված էր կիրառել «կոշտ ու ոչ դիվանագիտական լեզու» Ռուսասատնի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցներում։ 2018թ․ ԱՄՆ այդ ժամանակ նախագահ Դոնալդ Թարմփի հրահանգով ԱՄՆ-ն դուրս եկավ միջուկային համաձայնագրից ու մտցրեց լրացուցիչ պատժամիջոցներ Իրանի դեմ։ Դրանից հետո Իրանը նորից ձեռնամուխ եղավ միջուկային արգելված աշխատանքներին։ Ապրիլի սկզբին ԱՄՆ-ն միացավ Վիեննայում տեղի ունեցող բանակացություններին, որոնք միտված էին վերականգնելու Իրանի հետ միջուկային համաձայնագիրը։   Ինչպես նշում է Իրանի ԱԳ նախաարը, Ռուսաստանը սկսեց քայլեր ձեռնարկել, որ Իրանի ու Արևմուտքի միջև  միջուկային պայմանավորվածությունները չեղարկվեն նախքան պայմանագրի կնքումը՝ հատկապես ակտիվ գործելով պայմանագրի ստորագրմանը նախորդած վերջին շաբաթվա ընթացքում։ «Ռուսները չէին հավատում, որ պայմանագիրը կստորագրվի։ Այդ ժամանակ Ռուսաստանն ու Ֆրանսիան առաջարկեցին, որ պայմանավորվածությունն ուժի մեջ մնալու համար Իրանը 6 ամիսը մեկ պետք է հաստատի իր մանդատը ՄԱԿ Անվտանգության խորհրդում»,- նշում է Զարիֆը՝ հավելելով, որ դա նշանակում էր, որ ամեն 6 ամիսը մեկ Իրանը ստիպված կլիներ պայմանավորվածություն ձեռք բերեր Անվտանգության խորհրդի 5 մշտական ու 10 ժամանակավոր անդամների հետ։ Իրանի ու ԱՄՆ գլխավորությամբ Արևմուտքի փոխհարաբերությունների կարգավորումը հակասում է Ռուսաստանի շահերին, դրա համար էլ միջուկային պայմնագիրը ևս հակասում էր վերջինիս հետաքրքրություններին»,- ասում է Զարիֆը։Պատերազմը հաղթում էր դիվանագիտությանը «Սուլեյմանին անընդհատ խառնվում էր դիվանագիտական գործընթացների մեջ»,- բողոքում է Իրանի ԱԳՆ ղեկավարը։Նրա խոսքով՝ գեներալը պահանջներ էր ներկայացնում նախարարությանը՝ առանց հաշվի առնելու Զարիֆի դիրքորոշումը։ «Պատերազմը միշտ հաղթում էր դիվանագիտությանը»,- ասում է Զարիֆը՝ իր դերը արտաքին քաղաքականությանը վերաբերող հացերի կայացման ժամանակ զրոյական որակելով։ ԱԳ նախարարը նաև պատմում է 2020թ․ հունվարին Սուլեյմանիի սպանությանը հետևած իրադարձությունների մասին, երբ իրանական ՀՕՊ-ը ոչնչացրել էր ուկրաինական ուղևորատար ինքնաթիռը՝ այն շփոթելով թևավոր հրթիռի հետ։Ինքնաթիռի կործանումից հետո մի քանի օր Իրանը հերքում էր իր պատասխանատվությունը։ Ինչպես պատմում է Զարիֆը, ինքը եկել էր ուժայինների հետ խորհրդակցության ու առաջարկել․ «Եթե հրթիռ է հասցրել հարված ինքնաթիռին, եկեք քննարկենք, թե ինչպես նվազեցնենք վնասները։ Ի պատասխան դրան՝ իրեն կարգադրեցին գնալ ու Թվիթերում գրել, որ ոչինչ չի եղել»։   Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
15:22 - 27 ապրիլի, 2021
ՀՀ սահմանների փոփոխությունը դեմ է Իրանի շահերին. իրանական ԶԼՄ-ները «Զանգեզուրի միջանցքի» շահարկումն անվանել են Բաքվի կեղծիքը |armenpress.am|

ՀՀ սահմանների փոփոխությունը դեմ է Իրանի շահերին. իրանական ԶԼՄ-ները «Զանգեզուրի միջանցքի» շահարկումն անվանել են Բաքվի կեղծիքը |armenpress.am|

armenpress.am: Իրանական ԶԼՄ-ները անդրադարձել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին հայտարարությանը՝ ընդգծելով, որ պատմության ընթացքում նման միջանցք գոյություն չի ունեցել, և դա պատմության խեղաթյուրում է: Շեշտվել է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը դեմ է Իրանի շահերին: Միջազգային իրավունքի հարցերով փորձագետ Ահմադ Քազեմին Fars լրատվական գործակալությանը տված հարցազրույցում շեշտել է, որ Ալիևն արդեն մի քանի անգամ բացահայտորեն սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, որին Երևանն արձագանքել է ԱԳՆ խոսնակի մակարդակով: Քազեմիի խոսքով՝ պատմության մեջ «Զանգեզուրի միջանցք» կոչվող միջանցք գոյություն չի ունեցել, և դա Բաքվի նոր պատմական կեղծիքն է ու որևէ իրավական հիմք չունի: Փորձագետն ընդգծել է, որ Ալիևի խոսքերը ցույց են տալիս, որ Բաքվի նպատակը հաղորդակցական ուղիների բացումը, Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշումը և Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը չէ: Շարունակելով միտքը Քազեմին հավելել է, որ Թուրքիայի հետ համագործակցաբար Ադրբեջանը փորձում է «Զանգեզուրի միջանցքով» պանթուրքական աշխարհը կապել և տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական կարողությունները վերացնել, Իրանին հեռացնել տարածաշրջանային էներգետիկ անցուդարձից, նաև զսպել Չինաստանին ու Ռուսաստանին ու հարվածել «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախագծին: Փորձագետը նաև շեշտել է, որ Իրանը դեմ է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը և հավելել, որ Ադրբեջանն ու Թուրքիան դա գիտակցում են, ուստի փորձում են բազմակողմ ծրագրի միջոցով Իրանը պասիվացնել, և դա իրականացնել Իրանի ընտրություններին զուգահեռ: Mehr լրատվական գործակալության կայքում հրապարակված հոդվածում ընդգծվել է, որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները հակասում են Իրանի շահերին, և Իսլամական Հանրապետությունը պետք է պաշտոնապես դատապարտեր նման նախագիծը: Շեշտվել է, որ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, քանի որ այնտեղ խոսք է գնում հաղորդակցական ուղիների բացման մասին: Ընդգծվել է, որ պատմության մեջ «Զանգեզուրի միջանք» անունով անցակետ կամ միջանցք գոյություն չի ունեցել և դա պատմության խեղաթյուրում է: Նշվել է, որ Ալիևի հայտարարությունը սպառնալիք է եղել, որի նպատակը միջանցքի բացումն արագացնելն է:
14:24 - 26 ապրիլի, 2021
Պենտագոնը հայտարարել է, որ Իրանը «անհանգստացնող» առաջընթաց է գրանցել բալիստիկ հրթիռների ու անօդաչուների մշակման գործում |tert.am|

Պենտագոնը հայտարարել է, որ Իրանը «անհանգստացնող» առաջընթաց է գրանցել բալիստիկ հրթիռների ու անօդաչուների մշակման գործում |tert.am|

tert.am: Իրանի իշխանությունները վերջին 5-7 տարվա ընթացքում զգալի առաջընթաց են գրանցել բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մշակման գործում, ինչը մտահոգության տեղիք է տալիս: Այս մասին հինգշաբթի Պենտագոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Քեննեթ Մաքքենզին, որի օպերատիվ պատասխանատվության ոլորտն ընդգրկում է առաջին հերթին Մերձավոր Արևելքը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: «Ես կսկսեմ բալիստիկ հրթիռներից, որովհետև հենց դրանցում եմ ես տեսնում ամենամեծ իրանական սպառնալիքը: Այս (հրթիռային) սպառնալիքը ինձ ամենից շատ է անհանգստացնում: Վերջին 5-7 տարվա ընթացքում Իրանը իր բալիստիկ հրթիռների մեջ կատարել է էական, որակական բարելավումներ: Դրանց թիվը նաև աճել է: Այժմ թվերը կախված են նրանից, թե ինչպես եք որոշելու հաշվել զենքը, բայց դա մի փոքր պակաս է 3 000 տարբեր հեռահարության (հրթիռներից): Այնուամենայնիվ, դրանց ճշգրտությունը շատ ավելի բարձր է դարձել, քան նախկինում, ինչը ինձ շատ է անհանգստացնում» - ընդգծել է գեներալը: Թեհրանը, շարունակել է նա, «սկսել է մեծ ներդրումներ կատարել ցամաքային հարվածային թևավոր հրթիռների և իր անօդաչու թռչող սարքերի ծրագրում»: «Նրանց անօդաչու թռչող սարքերի մշակման ծրագիրը նույնպես զգալի առաջընթաց է գրանցել: Դրանք բոլորը համեմատաբար նոր մշակումներ են: Ես խոսում եմ վերջին 5 տարվա կամ դրան մոտ ժամանակահատվածի մասին: Երբեմն մեզանից, մեր վերլուծաբաններից, որոշ ժամանակ է պահանջվում այս մասին տեղեկանալու մասին: Սա ինձ շատ է անհանգստացնում»,-նշել է գեներալը:
11:43 - 23 ապրիլի, 2021