ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը |1lurer.am|

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը: Կողմ քվեարկեց 79 պատգամավոր, դեմ՝ 36, ձեռնպահ՝ 2: Հիշեցնենք, որ նախագիծն առաջինից երկրորդ ընթերցում մի շարք փոփոխությունների է ենթարկվել: Փոխվել է բուհերի ռեկտորների ընտրության կարգը. ռեկտորն ընտրվում է խորհրդում և հրամանագրվում է 5 տարի ժամկետով: Հաջորդ կարևոր փոփոխությունը, որ տեղի է ունեցել առաջինից երկրորդ ընթերցման քննարկումների ժամանակ, այն է, որ օրենքի նախագծով ռեկտորից պահանջվում էր միայն գիտական աստիճանի առկայություն, իսկ մնացած լրացուցիչ պահանջները բուհը պետք է սահմաներ իր կանոնադրության մեջ: Այժմ կատարվել է փոփոխություն, գիտական աստիճանից բացի 5 տարվա գիտական և ակադեմիական գործունեության պահանջ է դրվել: Առաջարկվում է ամբիոնի վարիչի պաշտոնը համարել ոչ թե վարչական, այլ ակադեմիական պաշտոն՝ նախագիծը ներկայացնելիս տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
10:38 - 24 մարտի, 2021
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Օլիմպիական ուղեգիր նվաճած ազատոճային ըմբիշներին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Օլիմպիական ուղեգիր նվաճած ազատոճային ըմբիշներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել են օրերս Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած ազատոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանին, Վազգեն Թևանյանին, նրանց մարզիչներին և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։  Նախարար Վահրամ Դումանյանը, ըմբիշներին շնորհավորելով Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում չեմպիոնության և Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու կապակցությամբ, նրանց շնորհակալություն է հայտնել հպարտություն պարգևելու և ոգևորվելու համար: «Մենք աշխարհին ներկայանում ենք բազմաթիվ ոլորտներով, որոնց թվում սպորտն առանձնահատուկ է: Մեր երկիրն ունի համաշխարհային սպորտում լավագույնս ներկայանալու ներուժ, ինչի վկայությունը նաև ձեր վերջին հաղթանակներն են: Վստահեցնում եմ, որ նախարարությունը շարունակաբար հստակ, համակարգված քայլերով աջակցելու և խրախուսելու է ձեզ: Ուժ, եռանդ և շարունակական հաղթանակներ եմ մաղթում: Վստահ եմ, որ ավելի մեծ նվաճումների առիթով հանդիպելու հնարավորություն ենք ունենալու»,- ասել է նախարար Վ. Դումանյանը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես պատրաստ է լսել մարզաշխարհի ներկայացուցիչների առաջարկությունները և դիտարկումները: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կարևորել է այն փաստը, որ Արսեն Հարությունյանի և Վազգեն Թևանյանի վերջին հաջողությունները ոչ թե պատահականությունների շարքից են, այլ նպատակաուղղված աշխատանքի արդյունք. «Ողջունելի է, որ դուք հաղթեցիք տիտղոսակիր մրցակիցների՝ այդպիսով ապացուցելով, որ Օլիմպիական խաղերի, եթե ոչ չեմպիոնի, ապա մեդալակրի հավակնորդ եք: Եթե նույն տրամադրվածությամբ և հավասարակշռվածությամբ հանդես գաք նաև ամռանը, ապա ի դեմս ձեզ՝ Օլիմպիական խաղերի նոր չեմպիոններ կունենանք: Ուրախալի է, որ ձեր հաղթանակները ոչ թե մեկանգամյա պատահականություն են, այլ հետևողական աշխատանքի արդյունք, ինչի համար շնորհակալ եմ հավաքականի մարզչական անձնակազմին: Միաժամանակ խնդրում եմ չկտրվել իրականությունից և կենտրոնանալ Օլիմպիական խաղերին լավագույնս պատրաստվելու ուղղությամբ, իսկ նախարարությունը կլուծի այդ ճանապարհին առաջացած բոլոր խնդիրները»: Ըմբիշները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և վստահեցրել՝ ջանք չեն խնայելու Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելու համար: Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկաներից հետաքրքրվել է մարզումների ընթացքի, Օլիմպիական խաղերի նախապատրաստական ծրագրերի և առկա խնդիրների մասին: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել բոլոր հարցերին արագ արձագանքելու, լուծման ուղիներ առաջարկելու համար և տեղեկացրել, որ ամեն ինչ ըստ ծրագրածի է ընթանում: Ֆեդերացիան նախատեսում է Օլիմպիական խաղերից առաջ երկշաբաթյա ուսումնամարզական հավաք անցկացնել այնպիսի երկրում, որը ժամային գոտու և կլիմայի առումով նման կլինի Տոկիոյին, ինչի արդյունքում ըմբիշները նոր պայմաններին հարմարվելու համար ուժ և ժամանակ չեն ծախսի: Նշվել է, որ Ռուսաստանի ընտրանու հետ արդեն իսկ կա համատեղ հավաք անցկացնելու նախնական պայմանավորվածություն: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն էլ ընդգծել է, որ իր գլխավորած ընտրանին շարունակելու է հետևողական աշխատանքը և ջանք չի խնայելու մեր եռագույնը միջազգային հարթակներում բարձրացնելու համար. «Անցյալ տարին բոլոր առումներով շատ բարդ էր, բայց Արսենը և Վազգենն ապացուցեցին, որ իսկապես հաղթելու և դրանով մեր ազգին ուրախացնելու մեծ ձգտում ունեն: Վստահեցնում ենք, որ այս աշխատանքային ուղուց չենք շեղվելու»:
17:51 - 23 մարտի, 2021
Ռեկտորի թեկնածուին ներկայացվող պահանջները կավելանան մեկով. փոփոխություն նախագծում |armenpress.am|

Ռեկտորի թեկնածուին ներկայացվող պահանջները կավելանան մեկով. փոփոխություն նախագծում |armenpress.am|

armenpress.am: Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագծում և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանն արվել են մի շարք փոփոխություններ, մասնավորապես, ԲՈՒՀ-ի ռեկտորի թեկնածուին ներկայացվող պահանջներում ավելացել է ևս մեկ դրույթ: Օրենքների նախագծերի փաթեթում կատարված փոփոխություններն ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում փոխվել են տարբեր ձևակերպումներ: «Ռեկտորների ընտրության և նշանակման մասում կատարվեց էական փոփոխութուն, ընտրանքային տարբերակը փոխարինվեց զուտ ընտրություններով: Այժմ կառավարման խորհուրդն ընտրում է ռեկտոր, որը հրամանագրվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից՝ 5 տարի ժամկետով»,- ասաց Դումանյանը: Մեկ դրույթ ավելացվել է ռեկտորի թեկնածուին ներկայացվող պահանջներում: «Եթե նախկինում օրենքով պահանջվում էր միայն գիտական աստիճանի առկայություն, այժմ ավելացել է նաև առնվազն 5 տարվա գիտամանկավարժական, գիտական և ակադեմիական գործունեության ստաժի պահանջը»,- նշեց նախարարը:  Ամբիոնի վարիչի պաշտոնի հետ կապված դրույթը ևս փոխվել է: Եթե նախկին տարբերակում ամբիոնի վարիչը համարվում էր վարչական պաշտոն, ապա նոր տարբերակով այն համարվում է ակադեմիական պաշտոն՝ ինչպես եղել է նախկինում: Ակադեմիական խորհուրդներում, նախկին տարբերակով, պետք է լիներ 25 տոկոս ուսանող, այժմ սահմանվել է՝ մինչև 25 տոկոս ուսանող: Բուհում կարող են գործել ուսանողական միավորումներ: Հարակից զեկուցող Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ նախագիծը լուրջ փոփոխությունների է ենթարկվել, ընդունել են և ԲՀԿ-ի իրենց գործընկերների առաջարկը և ԼՀԿ-ի առաջարկներից և անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի առաջարկը:
15:20 - 23 մարտի, 2021
Իրենց տարիքում դուք էլ կցանկանայիք գնալ. նախարարը՝ վարչապետի հետ հանդիպմանը դպրոցականների մասնակցելու մասին
 |armtimes.com|

Իրենց տարիքում դուք էլ կցանկանայիք գնալ. նախարարը՝ վարչապետի հետ հանդիպմանը դպրոցականների մասնակցելու մասին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր Ազգային ժողովում, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե լինելով Հայաստանի առաջին նախագահի քաղաքական ընկերը, ինչպես է նախարարը  գնահատում Լեւոն Տեր- Պետրոսյանի  վերջին հայտարարությունները՝ կապված Նիկոլ Փաշինյանին ուղղված որակումներին եւ նրանց միջեւ սկսված հեռակա բանավեճին, նախարարը պատասխանել է, որ ինքը չի ցանկանում ընդհանրապես նման թեմայի շուրջ քննարկում ծավալել՝ ընդգծելով հետեւյալը. «Ընդհանրապես արժեքը գաղափարն է. եթե գաղափարը ընդունելի է, բնականաբար արժեւորվում  է նաեւ գաղափարի հեղինակը: Սա, սակայն, բացարձակապես չի նշանակում, որ եթե օրինակ, ես, ինչ-որ գաղափար ասել եմ, եւ դուք ընդունել եք իմ գաղափարը, այսուհետ ինչ ասեմ, դուք ինձ հետ լինելու եք համամիտ: Ես չեմ ցանկանում ավելի բան մեկնաբանել, խնդրում եմ ինձ պրոֆեսիոնալ հարցեր տվեք. ես կարծում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինքը կմեկնաբանի իր խոսքերը»: Հակադարձ հարցին՝ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կապված հարցերը մի՞թե պրոֆեսիոնալ չեն, նախարարը արձագանքել է, որ ԿԳՄՍ  նախարարությանն առնչվելու տեսակետից՝ իհարկե ոչ: Պատասխանելով դիտարկմանը, թե կա մտահոգություն, որ ընտրությունների ժամանակ դպրոցների, բուհերի աշխատակիցներին կհամոզեն կամ կստիպեն, որ իշխող թիմին ընտրեն՝ իշխանության կողմից  վարչական լծակներ կիրառելով, նախարար Դումանյանը նշել է հետեւյալը. «Դպրոցների հետ կապված հստակ որտե՞ղ եք դուք նման բան լսել եւ ումի՞ց: Եվ ես չեմ պատրաստվում պատահական վայրերում եւ պատահական դեմքերից հնչեցրած մտքերին մեկնաբանություններ տալ եւ մամուլի խոսնակի դեր կատարել: Եթե դուք իմ կարծիքն եք ուզում իմանալ, հարցրեք եւ ձեզ հստակ կպատասխանեմ՝ չի լինելու նման բան եւ վերջ»:   Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ դպրոցականների մասնակցությանը եւ ներկայությանը, նախարարը նշել է, որ նախարարությունը որեւէ առնչություն չունի երեխաների այնտեղ գտնվելու հետ: «Բացարձակ սուտ է, որ ասում են, թե իբր մենք զանգահարել ենք դպրոցների տնօրեններին եւ այլն. դրանք բոլորը բացարձակ սուտ են, եւ ես չեմ պատրաստվում այդ սուտը մեկնաբանել: Պետք չի մեր վզին փաթաթել այդ օրակարգը՝ երեխաներին ներգրավենք-չներգրավենք, նման օրակարգ գոյություն չունի. մարդիկ ազատ են, որեւիցե մեկը չի բռնացել եւ չի բռնանալու կամքի եւ գտնվելու ընտրության վրա: Երեխաները այնտեղ ինքնաբուխ էին գնացել. գուցե ցանկություն ունեին գնալու եւ Նիկոլ Փաշինյանի ելույթը լսելու. կարծում եմ՝ իրենց տարիքում դուք էլ լինեիք, դուք էլ կցանկանայիք գնալ»,- ասել է նախարարը: 
19:15 - 22 մարտի, 2021
Պետական հավատարմագրում չունեցող բուհերը պարտավոր են մինչև 2023-ը նոյեմբերի 1-ը անցնել ինստիտուցիոնալ հավատարմագրում, այլապես չեն կարող ընդունելության գործընթաց կազմակերպել. նախարար |tert.am|

Պետական հավատարմագրում չունեցող բուհերը պարտավոր են մինչև 2023-ը նոյեմբերի 1-ը անցնել ինստիտուցիոնալ հավատարմագրում, այլապես չեն կարող ընդունելության գործընթաց կազմակերպել. նախարար |tert.am|

tert.am: Բուհերի հավատարմագրման գործընթացը համաձայնեցվել է և մանրամասն նկարագրված են մեխանիզմները և ժամկետները: Այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության, սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ:«Հավատարմագրման հետ կապված դրույթներում, համաձայնեցվել են բոլոր անցումային ժամկետները և մեխանիզմները և նրանք մանրակրկիտ նկարագրված են, բուհերի հավատարմագրման հետ կապված»,- ասաց Վահրամ Դումանյանը:Նա նաև ներկայացրեց հավատարմագրման վերջնաժամկետը և ընդգծեց՝ ժամկետի ավարտից հետո բուհերը այլևս չեն կարողանա ընդունելություն կազմակերպել: «Բոլոր այն բուհերը, որոնք չունեն ինստիտուցիոնալ հավատարմագրում նրանք պետք է մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը անցնեն հավատարմագրում, չանցնելու պարագայում նրանք չեն կարող կազմակերպել ընդունելության գործընթաց»,- նշեց նա:
17:44 - 22 մարտի, 2021
ԿԳՄՍ նախարարը դպրոցները փակելը լավագույն լուծում չի համարում |armenpress.am|

ԿԳՄՍ նախարարը դպրոցները փակելը լավագույն լուծում չի համարում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը դպրոցները փակելը, հեռավար ուսուցման անցնելը լավագույն լուծում չի համարում, սակայն եթե կարիքը լինի, ստիպված կգնան դրան:  Դումանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՝ անդրադառնալով հարցին, թե համավարակի հետ կապված հնարավո՞ր է սահմանափակումներ լինեն: «Դա ցանկալի տարբերակ չէ: Պետք է ամեն ինչ անենք, մաքսիմալ պահպանենք հնարավոր կանխարգելիչ միջոցները, որ դա չլինի, բայց եթե ստիպված եղանք, բնականաբար, դա էլ պայքարի մի ձև է վիրուսի դեմ: Տա Աստված, որ այդպիսի իրավիճակ չստեղծվի»,-ասաց Դումանյանը: Նախարարը դպրոցները փակելը, ընդհանրապես գործողությունները սահմանափակելը լավագույն լուծում չի համարում: «Բայց եթե լինենք պարտադրված, ստիպված պետք է անենք: Այսօր այդ խնդիրը չկա»,-նշեց նա: Նախարարը նկատեց, որ պետք է կոչ անել մաքսիմալ հետևողական լինել՝ կանխարգելիչ միջոցները պահպանելու հարցում, որ չհայտնվենք այդ վիճակում:
15:19 - 22 մարտի, 2021
Մենք ազատվում ենք միաձիգ «ուսանողական խորհուրդ» հասկացությունից, որը տարիներ շարունակ կուսակցականացվել է. Հովհաննես Հովհաննիսյան |tert.am|

Մենք ազատվում ենք միաձիգ «ուսանողական խորհուրդ» հասկացությունից, որը տարիներ շարունակ կուսակցականացվել է. Հովհաննես Հովհաննիսյան |tert.am|

tert.am: Այս օրենքի նախագիծը նոր հնարավորություններ է ստեղծում, մենք կրթական համակարգը դարձնում ենք ավելի ճկուն: Այս մասին ասաց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհանիսյանը՝ նիստի ժամանակ: «Նախագիծը օրենքի նոր համակարգի սկիզբ է դնում, իսկ նոր համակարգը սկիզբ է դնում նոր, տարբեր սկզբունքներ և մոտեցումներ, որոնք մեզ համար գուցե անծանոթ են, մասնավորապես, այն, որ գումարը տրվում է ոչ թե բուհին, այլ ուսանողին, կրեդիտային համակարգը, փոխանցելիությունը, հեռակա և առկա ուսուցումը, սա ավելի ճկուն համակարգ է»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը: Նա նաև տեղեկացրեց, որ «ուսանողական խորհուրդ» հասկացությունը հանվում է օրենքից և այս դրույթով վերջ է դրվում կուսակցականացված համակարգին: «Ուսանողական խորհուրդ հասկացությունը հանվել է օրենքից և տրվել է ուսանողական միավորումներ, և նոր դրույթներ են ավելացել՝ բազմակարծության, բազմազանության և տարբեր տեսակի ուսանողական մարմիններ կարող են ստեղծվել և գործել: Մենք փորձում ենք ազատվել այն միաձիգ «ուսանողական խորհուրդ» հասկացությունից, որ հիմնականում կուսակցականացվել էր տարիներ շարունակ»,- ասաց հանձնաժողովի նախագահի տեղակալը: Հանձնաժողովի նիստի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանն այս դրույթի շրջանակում հարցրեց՝ արդյո՞ք կարող են անսահմանափակ թվով ուսանողական միավորումներ ստեղծվել, թե ոչ: Հարցին ի պատասխան՝ Հովհաննիսյանը նշեց՝ տվյալ կարգավորումները պետք է անի բուհը:
14:39 - 22 մարտի, 2021
Ռեկտոր ընտրելու է բուհի կառավարման խորհուրդը՝ 5 տարի ժամկետով. Վահրամ Դումանյան |tert.am|

Ռեկտոր ընտրելու է բուհի կառավարման խորհուրդը՝ 5 տարի ժամկետով. Վահրամ Դումանյան |tert.am|

tert.am: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում  քննարկումներից հետո կատարվել են փոփոխություններ: Այս մասին ասաց ԿԳՍՄ նախարար Վահրամ Դումանյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: «Ըստ փոփոխությունների՝ ռեկտորն ընտրվում է բուհի կառավարման խորհրդում և հրամանագրվում է 5 տարի ժամանակով, կարևոր փոփոխություն է նաև, որ օրենքի նախագծում ռեկտորին ներկայացվող պահանջներից մեկն այն էր, որ թեկնածուն պետք է ունենար գիտական աստիճան, կատարվել է փոփոխություն և առաջարկվում է գիտական աստիճան ունենալուց բացի, ունենալ 5 տարվա գիտական և ակադեմիական գործունեության փորձ»,- ասաց Վահրամ Դումանյանը: ԿԳՍՄ նախարարը նաև անդրադարձ կատարեց ամբիոնի վարիչների պաշտոնին: «Նախկինում համարվում էր վարչական, իսկ հիմա առաջարկվող տարբերակում ամբիոնի վարիչի պաշտոնավարումը համարվում է ակադեմիական աշխատանք, և դա ակադեմիական պաշտոն է»,- նշեց նախարարը: Նիստի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը նշեց՝ ռեկտորների տարիքային սահմանափակումը պետք է հանվի, քանի որ հակասություն կա Սահմանադրության հետ, և կան որոշակի փոփոխություններ, բայց հակադրությունը չի վերացվել: Հարցին ի պատասխան՝ Վահրամ Դումանյանը նշեց՝ կան օրինակներ, որոնց հիման վրա է այդ դրույթն ավելացվել:
14:14 - 22 մարտի, 2021
Մեկ ամիս է՝ հայցորդը ստացել է իր գիտական աստիճանը․ ԲՈԿ-ի կայքից կորել են պաշտպանության գործընթացի հետ կապված նյութերը. Սմբատ Գոգյան

Մեկ ամիս է՝ հայցորդը ստացել է իր գիտական աստիճանը․ ԲՈԿ-ի կայքից կորել են պաշտպանության գործընթացի հետ կապված նյութերը. Սմբատ Գոգյան

Վեց ամիս առաջ հեռացա ԲՈԿ-ից ու առաջին անգամ եմ գրում ԲՈԿ-ի մասին։ Ցավոք, այս վեց ամիսների ընթացքում չնշանակվեց նախագահ ու կառույցը չունի առաջնորդ։ Այս մասին գրել է ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը։ «2019 թվականի մայիսի 22-ին Հ1-ի տաղավարում Պետրոսին ասացի, որ ԿԳՄՍ աշխատակցի ատենախոսության մեջ գտել ենք ծավալուն արտագրություններ, ԲՈԿ-ը նրան չի տվել գիտական աստիճանի վկայագիր և նա բողոքել է նախարարին։ԿԳՄՍ նախարարը վարչական վարույթ էր հարուցել ու ձևավորել հանձնաժողով։ Չնայած նրան, որ այդ հանձնաժողովը հաստատեց արտագրությունների փաստը ու գտավ ավելի ծավալուն արտագրություններ, այնուամենայնիվ ԿԳՄՍ նախարարը բավարարեց բողոքն ու ԲՈԿ-ին հանձնարարեց կայացնել նոր որոշում։ ՈՒ ես եթերում ասացի, որ մերժման դեպքում աշխատակիցը կդիմի դատարան ու գրագող դատավորը նրան կպաշտպանի։ Շատերը դա մեկնաբանեցին որպես դատական համակարգի դեմ քայլ, բայց ինձ համար մեկ էր։ Ես այլ բանի մասին էի ասում. իմ վերադասը գրագողության դեմ պայքարում ինձ հետ թիմակից չէր։ Ես դա էի ասում, մինչդեռ գրեթե ոչ մեկ դա չլսեց։ Ինքս հայցորդին առաջարկել էի ատենախոսությունը փոխի, վերախմբագրի, բերի պատշաճ տեսքի ու նորից պաշտպանի։ Բայց չէ, իր նպատակն էր այդ արտագրած ատենախոսությամբ ստանալ գիտությունների թեկնածուի վկայագիր։  2019-2020 թվականների ընթացքում չորս թե հինգ անգամ ԿԳՄՍ նախարարը բավարարեց բողոքն ու ԲՈԿ-ին հանձնարարեց կայացնել նոր որոշում ու ամեն անգամ իմ ձեռքով ԲՈԿ-ը մերժեց ԿԳՄՍ աշխատակցին տրամադրել գիտական աստիճանի վկայագիր։ Նա հասկացել էր, որ դատարանում հաջողության չեն հասնի ու այսպես անվերջ շարունակվելու էր, եթե ես չհեռանայի ԲՈԿ-ից։  Արդեն մեկ ամիս է հայցորդը ստացել է իր գիտական աստիճանը, որի մասին ԲՈԿ-ի կայքը լռում է։ Կայքից կորել են պաշտպանության գործընթացի հետ կապված նյութերը, փոխարենը հայցորդի անվան դիմաց հայտնվել է գիտությունների թեկնածու գրառումը։ Հավանաբար սա ռեկորդ է ու առաջին դեպքն աշխարհում, քանի որ սովորաբար կա՛մ գիտական աստիճանը շնորհելուց հետո են ի հայտ գալիս արտագրության փաստերը, կա՛մ էլ բացահայտվում են այդ փաստերն ու գիտական աստիճանը չի շնորհվում։ ՈՒ եթե անցած տարի տեսել էինք, որ առաջին տեսակի հետ մեր հասարակությունը հաշտ ապրում է, ապա երկրորդ տեսակի նորմալ լինելը նոր է ապացուցվում։ Ու հա, մի քանի օր առաջ վերաբացվեց այն մասնագիտական խորհուրդը, որում տեղի էին ունեցել այդ և արտագրություններով հեղեղված այլ ատենախոսության պաշտպանությունները։ Բացվեց նույն խորհրդի նախագահով, առանց անցյալի որևէ գնահատականի։ Ու այս ամենից հետո մոտս միայն մի հարց է առաջանում։ Լավ, բա ես ձեր ինչների՞ն էի պետք։ Ինչո՞ւ կյանքիցս գողացաք այդ երկու տարիները։ Չէ՞ որ ես այդ բոլոր գրագողերի նկատմամբ անտարբեր եմ, անձնական ոչ մի վերաբերմունք չունեմ իրենց նկատմամբ, պարզապես փորձում էի պաշտպանել գիտությունը։ Իսկ 2019 թվականին մշակված ու գիտական հանրության հետ քննարկված  աստիճանաշնորհման նոր կանոնակարգն այդպես նախարարը կյանքի չկոչվեց, մինչդեռ այն բավականաչափ դրական ազդեցություն կունենար։  Ցավոք 2018-ի հեղափոխությունից հետո մենք որպես հասարակություն չսովորեցինք իրերը կոչել իրենց անունով, փոխանակ դատավորն ասեր չի հասկացել, սխալվել է, փոխանակ ռեկտորի ժ/պ-ն ասեր, որ սխալվել է, բայց անձամբ երաշխավորը կլինի, որ իր ղեկավարած կառույցում այլևս ոչ մեկ նման սխալ թույլ չի տա․․․․ մենք հերքեցինք անցյալի մեր արատները ու ձևացրեցինք թե ամեն ինչ լավ է։ Իսկ այդ լավը ձևացնելը միշտ քանդվում է ու քանդվում է շատ ցավոտ։ Ու խնդիրը նախկին-ներկա հարթության մեջ չէ, խնդիրը մերն է։ Խնդրում եմ չքաղաքականացնել»,- նշել է Գոգյանը։  
10:21 - 22 մարտի, 2021
ՀՀ ուսանողները բակալավրիական և մագիստրոսական կրթություն կստանան Չինաստանի բուհերում

ՀՀ ուսանողները բակալավրիական և մագիստրոսական կրթություն կստանան Չինաստանի բուհերում

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու նպատակով ՀՀ 16 քաղաքացի մեկնելու է Չինաստան: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Չինաստանի բուհերում 7 քաղաքացիներ բակալավրիական կրթություն կստանան «Բժշկություն», «Տնտեսագիտություն», «Համակարգչային գիտություն և տեխնոլոգիա» և «Տեսական ֆիզիկա» մասնագիտությունների գծով: 9 քաղաքացիներ մագիստրոսական կրթություն են ստանալու «Չինարեն լեզու և գրականություն», «Համակարգչային գիտություն և տեխնոլոգիա», «Մեքենաշինություն», «Տնտեսագիտություն», «Բիզնես կառավարում», «Արվեստ և դիզայն», «Միջազգային հարաբերություններ», «Իրավագիտություն» մասնագիտությունների գծով: Գործուղման համար հիմք են հանդիսացել «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի /ինտերնատուրա, օրդինատուրա/ և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով) կարգը», «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարության միջև կրթության բնագավառում» համաձայնագիրը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի որոշումը:
10:20 - 22 մարտի, 2021
Ամեն ջանք պետք է գործադրել նորարարական գիտելիքներն իրականություն դարձնելու համար. Կարեն Թռչունյան

Ամեն ջանք պետք է գործադրել նորարարական գիտելիքներն իրականություն դարձնելու համար. Կարեն Թռչունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան: Նախարարի տեղակալը ծանոթացել է բուհական միջավայրին, գործունեությանը և շրջայց կատարել համալսարանի գիտակրթական լաբորատորիաներում: Այցի շրջանակում քննարկվել են բուհի հեռանկարային զարգացման ծրագրերն ու կրթության որակի բարձրացմանն առնչվող հարցեր: Կողմերը մասնավորապես անդրադարձել են տարբեր մասնագիտություններում արտասահմանից ուսանողներ ներգրավելու նպատակով միջազգային համագործակցության, ուսանողական հանրակացարանների ապահովման խնդիրներին: Կարևորվել է բուհի կարողությունների օգտագործումը Հայաստանում տարբեր մասնագիտությունների ապագայի վերաբերյալ՝ ինչ նոր մասնագիտություններ կարող են ի հայտ գալ, կամ որ մասնագիտությունները կարող են վերափոխվել: Արծարծվել են նաև բուհում անվճար տեղերի ձևավորման սկզբունքների, որակյալ կադրերի պատրաստման ռազմավարության, կրթական, գիտական, հետազոտական ուղղություններով բուհը զարգացնելու վերաբերյալ պետական քաղաքականության մշակման հարցերը: Այս առումով նախարարի տեղակալ Կ. Թռչունյանը հատկապես կարևորել է ստարտափների իրագործումը. «Ամեն ջանք պետք է գործադրել նորարարական գիտելիքներն իրականություն դարձնելու և արդյունքի վերածելու համար»:
19:30 - 18 մարտի, 2021
Որակավորումը հաստատած ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով կբարձրանա. Փաշինյան

Որակավորումը հաստատած ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով կբարձրանա. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Կրթության ոլորտում սովորաբար բարեփոխումները տեղի են ունենում մաքսիմալ դժվար, և մեր պարագայում էլ դա բացառություն չէ: Բայց ուրախ եմ արձանագրել, որ մենք այս ընթացքում իրականացրել ենք և իրականացնում ենք բովանդակային լրջագույն փոփոխություններ՝ մասնավորապես, արդեն կարող ենք արձանագրել, որ ընդունված է նախակրթության չափորոշիչը, հանրակրթության չափորոշիչը: Հիմա աշխատում ենք առարկայական չափորոշիչների վրա և համոզված եմ, որ հաջողությամբ նաև այդ աշխատանքը կիրականացնենք: Շատ կարևոր է արձանագրել, որ մենք մեր քննարկումներում գալիս ենք այն եզրակացության, որ կարևոր է ոչ միայն բովանդակային, այլև ֆիզիկական և նաև ֆինանսատնտեսական միջավայրի փոփոխությունը: Ուզում եմ կարևորել այն, որ մենք հիմա փորձում ենք ինստիտուցիոնալ հենքի վրա դնել մի հարց, որը երկար տարիներ կամ Հայաստանի անկախության առաջին օրերից եղել է մեր քաղաքական և կրթական օրակարգի առաջնահերթությունների շարքում: Խոսքն ուսուցիչների աշխատավարձի և վճարման համակարգի մասին է, և սա չափազանց լուրջ թեմա է. որովհետև, մի կողմից, մենք արձանագրում ենք հանրակրթության չափորոշչի, առարկայական չափորոշչի կարևորությունը, բայց չենք արձանագրում մի շատ կարևոր նրբություն՝ մենք պետք է համոզված լինենք, որ դասասենյակ մտնող ամեն ուսուցիչ համապատասխանում է այն չափորոշիչներին, որ պետության կողմից առաջարկվող բովանդակությունը կարողանալու է պատշաճ ձևով մատուցել աշակերտներին: Եվ, ընդ որում, դրա համար ստանալ արժանապատիվ վարձատրություն, որը հենց իր՝ մասնագետի համար սեփական մասնագիտական վերապատրաստման խթաններ, մոտիվացիա կստեղծի և մյուսներին էլ հնարավորություն կտա, ակնհայտ կդարձնի այդ աշխատանքի կարևոր և արժանապատիվ բնույթը: Մենք պատրաստվում ենք այս տարի սեպտեմբերից փոխել ուսուցիչների վճարման, աշխատավարձի  համակարգը հետևյալ տրամաբանությամբ. հաջողությամբ ատեստավորում  անցած, այսինքն՝ մասնագիտական որակավորումը հաստատած, վերահաստատած ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով սկզբնական շրջանում կբարձրանա: Եվ հետագայում ես համոզված եմ, որ այս համակարգի առավել հղկման արդյունքում այս գործընթացում կունենանք լրջագույն հաջողություններ այս եռանկյունու մեջ՝ հանրակրթության չափորոշիչ, առարկայական չափորոշիչ և ուսուցիչների ատեստավորման համակարգ: Ուզում եմ ընդգծել, որ ճիշտ է բավական դանդաղ, բայց մենք հաստատուն քայլերով գնում ենք դեպի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունում, որը բովանդակային կարևոր միջավայրի փոփոխություն է: Բայց նաև եկել ենք եզրակացության, որ այս դեպքում էլ բովանդակային միջավայրի փոփոխությունը պետք է կարողանանք զուգորդել ֆիզիկական միջավայրի փոփոխությամբ: Եվ այստեղ ես ուզում եմ շատ կարևորել ակադեմիական քաղաքի հիմնման գաղափարը, որի իմաստը և տրամաբանությունը հետևյալն է՝ մեր բարձրագույն ուսումնական հաստատությունների մի մասի կամ մեծ մասի Երևան քաղաքի կենտրոնից տեղափոխումով - ցանկալի է Երևան քաղաքից դուրս, թեկուզ ոչ հեռու - ձևավորել և ստեղծել, կառուցել ակադեմիական քաղաք, որն իր միջավայրով, տրամաբանությամբ, քաղաքաշինությամբ կապահովի նոր բովանդակության ներմուծումը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգ: Այս նախագիծը մենք պետք է հետևողականորեն առաջ մղենք, որովհետև կարծում եմ՝ ակնհայտ է, որ մեր բազմաթիվ բուհեր այլոց շարքում ունեն նաև հետևյալ խնդիրը՝ իրենց ֆիզիկական միջավայրով չեն համապատասխանում բարձրագույն կրթության ժամանակակից չափորոշիչիներին: Շատ դեպքերում ուղղակի անհնար է այս իրավիճակը շտկել, հետևաբար, կարծում եմ, որ ակադեմիական քաղաքի հիմնադրումը պետք է դառնա բարձրագույն կրթության ֆիզիկական միջավայրի մեր կարևոր անելիքներից մեկը: Ի դեպ, քանի որ մենք օլիմպիական տարում ենք գտնվում, ուզում եմ հարցը կապել նաև սպորտի զարգացման հետ, որովհետև ամեն դեպքում պետք է արձանագրել, որ զարգացած սպորտ ունեցող երկրներում ուսանողական սպորտը շատ կարևոր խթան է հանդիսանում ընդհանրապես սպորտի մասսայականացման և զարգացման համար: Ցավով եմ արձանագրում, որ այս առումով էլ մեր բազմաթիվ բուհեր, օրինակ, ուսանողական սպորտի զարգացման կամ նույնիսկ գոյություն ունենալու համար պատշաճ պայմաններ չունեն: Այս առումով նույնպես չափազանց կարևոր եմ համարում ակադեմիական քաղաքի նախագիծը: Նաև օլիմպիական տարի է, այսօր կքննարկենք մեր անելիքները օլիմպիական տարում: Օլիմպիադան պետք է տեղի ունենար նախորդ տարում, բայց համավարակի պատճառով հետաձգվել է և այս տարի վստահաբար տեղի է ունենալու՝ համենայնդեպս, այդպես է ասվում և կտեսնենք, թե ինչ անելիքներ և ակնկալիքներ ունենք: Հարգելի գործընկերներ ևս մի հարցը, որը մենք շատ ինտենսիվ քննարկել ենք և պիտի առաջիկայում որոշում կայացնենք: Խոսքը գիտության ֆինանսավորման ծավալների և ծավալների փոփոխության մասին է: Այստեղ, ըստ էության, չկա որևէ տարընթերցում և նույնիսկ բանավեճ: Այն, որ հատկապես նոր միջավայրում գիտության ֆինանսավորումը պետք է ավելացնել, այստեղ քննարկելու նյութ չկա: Բայց շատ կարևոր է ունենալ համակարգ, որը մեզ կօգնի ամեն ավելացրած դրամ իրապես ծառայեցնել գիտության, իրապես գիտնականի ֆինանսավորմանը, իրապես գիտությամբ զբաղվող միջավայրերի և անձանց  ձևավորման գործին: Այս առումով մոտավորապես 10 օր առաջ մենք կառավարությունում խորհրդակցություն ունեցանք, ձեռք բերեցինք պայմանավորվածություններ և կլսենք, թե այդ պայմանավորվածությունների իրագործման առումով ուր ենք հասել: Եվ, ի վերջո, մշակույթի ոլորտի մասին հետևյալը կուզենայի ասել: Նախկինում առիթ ունեցել եմ ասելու՝ համարում եմ, որ մշակույթը կամայական երկու քաղաքացու հարաբերությունների որակը բարձրացնելու միջոց է և հարթակ: Մեր քաղաքական դիրքորոշումն է, որ մշակույթը կրթության և հանրային կրթության անբաժանելի մաս է, և մշակույթի նշանակությունը հանրության ինտելեկտուալ մակարդակը շարունակաբար բարձրացնելն է: Բայց նոր աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական իրավիճակում ես ուզում եմ ընդգծել մշակույթի ևս մի կարևոր գործառույթ, որի մասին մենք, իհարկե, չենք մոռացել, բայց որի դերը, ցավոք, երկար ժամանակ թերագնահատվել է, և մենք պետք է ճիշտ գնահատենք դերը: Խոսքը հանրային ռազմավարական խոսույթների ձևավորման և մշակման հարթակի մշակութային գործառույթի մասին է: Հիմա մենք, բնականաբար, շատ ենք մտածում, վերլուծում այն գործընթացները, որ  տեղի են ունեցել Ղարաբաղի հարցի համատեքստում, և այս իրավիճակի խորը և լուրջ վերլուծությունը մեզ բերում է հետևյալ հակադրության - ես Ղարաբաղի հարցի օրինակը բերեցի, բայց կարող ենք խոսել ցանկացած ռազմավարական հարցի մասին -  մշակութային հարթակներում ձևավորվում է որոշակի խոսույթ, որը դառնում է հանրային գիտակցություն: Եվ եթե մշակութային հարթակներում ձևավորված խոսույթը չի համապատասխանում այն բանակցային բովանակությանը, որն իրականության մեջ տեղի է ունենում, ճգնաժամը դառնում է անխուսափելի, որովհետև չկա և չի կարող լինել իշխանություն, կառավարություն, որը կարողանա, և, դա ճիշտ նպատակ էլ չէ, հակադրվել հանրային գիտակցությանը, որն առաջին հերթին մշակվում և ձևավորվում է մշակութային հարթակների վրա: Մենք պետք է այս հարցին շատ խորը և լուրջ ուշադրություն դարձնենք, որովհետև հանրային, այո՛, մշակութային հարթակները, բեմերը այն կարևոր, որոշ դեպքերում՝ կարևորագույն հարթակներն են, որտեղ ձևավորվում են  հանրության ռազմավարական ընկալումները, ձգտումները, և գործնականում իրականացվող քաղաքականությունը չպետք է և չի կարող հակասություն ունենալ այդ խոսույթի հետ: Եթե այդտեղ կա շեղում, խզում, ճգնաժամն անխուսափելի է: Եվ մենք շատ դեպքերում հենց այս պրոբլեմի պատճառով է, որ չենք կարողանում հասնել իրական զարգացման. որովհետև մշակութային հարթակներում ձևավորվում է մեկ տիպի հանրային գիտակցություն և խոսույթ, իսկ իրական կյանքում և քաղաքականության մեջ, փակ դռների հետևում փորձ է արվում ձևավորել բոլորովին ուրիշ խոսույթ, որը, ի վերջո, հնարավոր չի լինի կյանքի կոչել, որովհետև հակասում է ձևավորված մշակութային հանրային խոսույթին: Եթե վերցնենք համաշխարհային պատմությունը, կտեսնենք, որ այն իրականությունը, որը մենք ունենք, նախ ձևավորվել է գրքերում, պիեսների, վեպերի մեջ,  հետո է դարձել իրականություն: Եվ սա է ամենակարևոր արձանագրումը: Նկատի ունեմ՝ քաղաքականություններն ընդհանրապես ձևավորվում են, այո՛, կառավարություններում, քաղաքական քննարկումների արդյունքում: Բայց շատ կարևոր է, թե նրանք ինչ կապ, ինչ հարաբերություն ունեն այն խոսույթների հետ, որ հանրությունը ձևավորում է  մշակութային հարթակներում, որովհետև իրական մտածողությունը ձևավորվում է այստեղ, և մենք պետք է  կարողանանք ապահովել կապն իրական քաղաքականության և մշակութային միջավայրում ձևավորվող խոսույթի և գաղափարների միջև: Այդ ազդեցությունը, բնականաբար, պետք է լինի փոխադարձ: Ես չեմ ասում, որ դոմինանտ պիտի լինի քաղաքական ասելիքը կամ մշակութային խոսույթը, ես ասում եմ, որ այստեղ պետք է լինի օրգանական կապ, որովհետև սա է  կենսունակ քաղաքականությունը, որը հաշվի է առնում և՛ հանրային մտածողության առանձնահատկությունները, և՛ նաև այն քաղաքական իրողությունները, որոնք ձևավորվում են իրական հարաբերությունների միջավայրում: Հարգելի  գործընկերներ, ուզում եմ նաև նախապես շնորհակալություն հայտնել բոլորիդ այն աշխատանքի համար, որ այս ընթացքում արվել է և հույս, համոզմունք հայտնել, որ մենք վճռականորեն  կշարունակենք իրականացնել այն ծրագրերը, որոնց ճշմարտության և օգտակարության մեջ համոզված ենք և որոնց հրատապ լինելու մեջ, ցավոք, շատ դեպքերում համոզվում ենք իրական կյանքում ունեցած շատ լուրջ բարդություններով: Սա նշանակում է, որ բազմաթիվ բարեփոխումներ ուղղակի ուշացել են, բայց դա ոչ միայն չպիտի մեզ հետ պահի այդ բարեփոխումների ճանապարհով գնալուց, այլև, ընդհակառակը, պետք է մեծացնի մեր վճռականությունը: Մյուս կողմից, կրկին ուզում եմ ընդգծել բարեփոխումների օրակարգի մի շատ կարևոր առանձնահատկություն, որը կապ ունի իմ նախորդ ասածի հետ: Ի վերջո, այո՛, բարեփոխումները  պետք է տեղի ունենան և պետք է ունենան շարունակական բնույթ, բայց, այնուամենայնիվ, շատ կարևոր է, որպեսզի մենք հոգ տանենք, որ մեր բարեփոխումների բովանդակության և մեր քաղաքացիների կյանքի, կենցաղի, ապրվող բովանդակության միջև խզում տեղի չունենա: Մենք չպետք է մեր բարեփոխումների օրակարգը հակադրենք մեր իրականությանը: Մենք պետք է մեր բարեփոխումների օրակարգը բխեցնենք մեր իրականությունից և մեր իրականությունը պետք է որոշակի ազդեցություն ունենա մեր բարեփոխումների օրակարգի վրա: Մեր բարեփոխումները պետք է ոչ թե հակադիր ու թշնամական լինեն մեր իրականության հետ, այլ, հակառակը, պետք է օրգանական կապ ունենան իրականության հետ, բխեն այդ իրականությունից,  իրականության կարիքները ըմբռնելու և հասկանալու առանձնահատկություն ունենան: Հարց է, թե մենք ինչքան պետք է բարեփոխենք մեր իրականությունը՝ այնքան, որքան այդ իրականությունն օբյեկտիվորեն  փոխվելու անհրաժեշտություն ունի իր կենսունակությունը մեծացնելու տրամաբանությամբ: Այս առումով կարծում եմ, որ մենք պետք է միջավայրի հետ կապված հարցերը նկատի ունենանք՝ միևնույն ժամանակ նկատի ունենալով, որ որևէ գործ առաջ չի գնա առանց առաջնորդության: Առաջնորդությունն ամենակարևոր գործընթացն է, որը, բնականաբար, մենք պետք է ստանձնենք, ստանձնել ենք և պետք է այդ պարտավորությունը կատարենք անմնացորդ»: Վարչապետը խոսքը փոխանցել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, ով անդրադարձել է գերատեսչության կողմից իրականացվող բարեփոխումների ընդհանուր ուղղություններին: Նախարարը խոսել է նաև հանրային լայն դիսկուրսի առարկա դարձած առարկայական չափորոշիչների մասին՝ նշելով, որ հայոց լեզու և պատմություն առարկաների գծով քննարկումներն ավարտվել են, կոնցեպտուալ որևէ տարաձայնություն չկա, ներկայում քննարկվում են մասնագիտական շարադրանքին առնչվող որոշ հարցեր, որոնք ևս շուտով կավարտվեն: Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալները զեկուցել են ըստ ոլորտների կատարված աշխատանքի, ընթացիկ վիճակի և հետագա անելիքների մասին: Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հանրակրթության չափորոշիչների մշակմանը և իրականացմանը վերաբերող մանրամասներ: Նրա խոսքով՝ կառավարության որոշմամբ հաստատված ճանապարհային քարտեզով նախատեսվում է, որ այս չափորոշիչները վերջնական կներդրվեն 2023թ. սեպտեմբերից: Մինչ այդ, դրանց լիարժեք ներդրման համար նախատեսվում է ուսուցիչների մեծածավալ վերապատրաստումներ, փորձնական ուսումնական նյութերի մշակում, նոր դասագրքերի հրատարակում և փորձարկում: Նախատեսվում է 2021թ. սեպտեմբերից Տավուշի մարզի բոլոր դպրոցներում սկսել մշակված չափորոշիչների փորձարկման գործընթացը: Իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ, ընթանում է ուսուցիչների, տնօրենների, վարչական աշխատակիցների վերապատրաստում: Կա նաև ենթակառուցվածքների արդիականացման խնդիր: Այս նպատակով, մասնավորապես, Տավուշի մարզում փորձարկման համար ԵՄ դրամաշնորհային ծրագրով ձեռք են բերվում լաբորատոր սարքավորումներ: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության շրջանակում աշխատանք է տարվում մաթեմատիկայի վիրտուալ լաբորատորիայի ստեղծման ուղղությամբ, որը զուգահեռաբար կփորձարկվի: Համաշխարհային բանկի հետ քննարկվում է լրացուցիչ վարկային միջոցների ներգրավման հարցը՝ լաբորատորիաների հիմնման և նոր դասագրքերի հրատարակման համար: Որպես նոր նախաձեռնություն՝ նախատեսվում է մարզառազմական ճամբարի ստեղծում, որը պարտադիր է լինելու 11-րդ դասարանի համար: Այն պետք է օգնի ապահովել նախնական զինվորական պատրաստականության առարկայի գործնական ուսուցումը և փորձարկվելու է այս տարի ամռանը: Մյուս նախաձեռնությունը հայրենագիտական արշավներն են, որոնք պարտադիր են լինելու 6-րդ, 7-րդ դասարանների համար և ուղղված են լինելու հայրենաճանաչության մակարդակի բարձրացմանը: Նաև աշխատանք է տարվում օտար լեզուների և, մասնավորապես, տարածաշրջանային լեզուների ուսուցման ուղղությամբ: Ինչ վերաբերում է նախադպրոցական կրթության չափորոշչին, այն մշակվել է և այժմ գտնվում է հանրային քննարկման վերջնական փուլում և առաջիկայում կներկայացվի կառավարություն: Որպես կարևոր փոփոխություն՝ այստեղ առաջարկվում է պետական ֆինանսավորման բաղադրիչի ներդրում որոշ թիրախային խմբերի համար, որը ենթադրում է, համայնքային ֆինանսավորումից բացի, նաև պետության ֆինանսական մասնակցություն նախադպրոցական կրթության զարգացմանը: Նախարարի տեղակալի գնահատմամբ՝ այս բարեփոխման իրականացման տեմպն օպտիմալ է, և դա նաև միջազգային փորձագետների գնահատականն է: Վարչապետը կարևորել է նախադպրոցական կրթության ոլորտում ևս ֆիզիկական միջավայրի ձևավորումը՝ այս առումով անդրադառնալով մոդուլային նախակրթարանների կառուցման ծրագրին: Ի պատասխան Ժ. Անդրեասյանը զեկուցել է, որ կատարված վերլուծության արդյունքում առանձնացվել է շուրջ 5 տասնյակ համայնք, որտեղ նպատակահարմար է կառուցել մոդուլային նախակրթարաններ: Ներկայում քննարկվում է այս նախագծի մեթոդաբանական և ֆինանսական գնահատականը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին՝ հետևողական լինել, որպեսզի քննարկված որևէ նախագիծ ֆինանսավորման խնդիր չունենա և ողջ ծավալով իրականացվի, այդ թվում նաև՝ պարտքի ներգրավման մեխանիզմների կիրառմամբ: Միևնույն ժամանակ կառավարության ղեկավարն ընդգծել է կարողությունների հստակ գնահատման և ծախսարդյունավետության ապահովման անհրաժեշտությունը: «Մեզ համար ռազմավարական խնդիր է, որպեսզի կրթության ոլորտում կոնսերվատիվ մոտեցումից դուրս գանք, օրինակ, մոդուլային նախակրթարանների առումով ֆինանսական միջոցներ ներգրավենք ու սկսենք կառուցել, ապա փոխանցենք համայնքին, որպեսզի վերջինս շարունակի իրականացնել մնացած ծախսերը: Այստեղ կարելի է դիտարկել նաև սուբվենցիոն ծրագրերի ձևաչափի կիրառումը», - նշել է կառավարության ղեկավարը: Ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ Ժ. Անդրեասյանը նշել է, որ գործընթացը կամավոր բնույթ ունի, իրականացվելու է առաջին անգամ, այս տարվա համար նախատեսված է բնագիտական բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Ուսուցչի գիտելիքներն ստուգելու համար նախատեսված թեստերն արդեն պատրաստ են, մայիսին նախատեսվում է դիմումների ընդունելություն, սեպտեմբերին տեղի կունենա թեստավորումը, և հաջորդիվ թեստավորման համապատասխան արդյունք արձանագրած ուսուցիչները կստանան աշխատավարձի հավելավճարներ: Հավելավճարի չափը կախված է լինելու թեստավորման արդյունքներից: Նախատեսվում է այս տարի ունենալ 2000-ից ավելի դիմում, ակնկալվում է, որ մինչև 2023թ. ուսուցիչների կեսն այս գործընթացով անցած կլինի: Զեկուցվել է նաև, որ ի կատարումն վարչապետի հանձնարարականի՝ հեռավոր շուրջ 101 բնակավայրում մանկավարժական կադրերի պակասը լրացնելու և կրթական բնականոն գործընթացն ապահովելու նպատակով իրականացվել են հեռավար կրթության գործընթացը կազմակերպելու քայլեր. «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ձեռք են բերվել տեխնիկական սարքավորումներ,  և ստեղծվել են հեռաուսուցման՝ տեխնիկապես հագեցած դասասենյակներ կամ լաբորատորիաներ: Հեռավար ուսուցման գործընթացը նախատեսվում է իրականացնել 2021թ. սեպտեմբերից՝ ինչպես այդ դպրոցների մանկավարժական ներուժի, այնպես էլ դրա բացակայության դեպքում՝ մենթոր դպրոցների հետ համագործակցությամբ: Արթուր Մարտիրոսյանը զեկուցել է  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում զարգացման գործընկերների հետ աշխատանքի, երկկողմ, բազմակողմ ձևաչափով համագործակցության, ռեսուրսների ներգրավման, ռազմավարությունների և ռազմավարական այլ փաստաթղթերի մշակման աշխատանքների վերաբերյալ: Նա անդրադարձել է նաև երիտասարդության ոլորտի հետ կապված միջոցառումներին՝ տեղեկացնելով, որ ամփոփման փուլում է գտնվում այս ոլորտի ռազմավարությունը: Նշվել է, որ այս տարի Հայաստանում անց են կացվելու ԱՊՀ շրջանակին վերաբերող մի շարք կրթական և երիտասարդական միջոցառումներ, որոշները նախատեսվում է անցկացնել Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում: Խոսքը  վերաբերում է ԱՊՀ կրթության, երիտասարդության խորհրդի նիստին և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթի եզրափակիչ փուլին, որին նախորդում է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական գաղափարներ գեներացնող ծրագրի անցկացումը: Նախարարի տեղակալի խոսքով, որպես երիտասարդությանը մոտիվացնող գաղափար, դիտարկվում է մարզկենտրոններում երիտասարդական կառույցների ստեղծումը: Վարչապետը, մարզերում երիտասարդությանը մոտիվացնելու, աջակցելու համատեքստում, կարևորել է մարզկենտրոնների և մարզային քաղաքների մեծ մասում որոշակի մշակութային միջավայր ունեցող կենտրոնների ստեղծումը, որի ուղղությամբ արդեն իսկ որոշակի աշխատանք է կատարվել: Զեկուցվել է, որ այս առումով դրամաշնորհային մրցույթներն անցկացվել են, կան հաղթող կազմակերպություններ, ներկայում քննարկվում է ֆինանսավորման հարցը: Նախնական հաշվարկով՝ այն կազմելու է 130 մլն դրամ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել գործընթացը՝ նպատակ ունենալով արդյունքում ստեղծել կրթամշակութային, ստեղծարար բաղադրիչով երիտասարդական կենտրոններ, ինչպիսին, օրինակ, «Թումոն» է: «Երիտասարդության աջակցության ծրագրերը պետք է միտված լինեն համապատասխան միջավայրի ձևավորմանը և իրական ազդեցության ապահովմանը», - նշել է նա: Կարեն Թռչունյանը ներկայացրել է բարձրագույն կրթության և գիտության ոլորտում կատարվող բարեփոխումները: Բացի համապատասխան օրենքի նախագծի մշակումից, նախատեսվում է իրականացնել բուհերի ռեսուրսների գնահատում, ինչի արդյունքների հիման վրա կմշակվի բուհերի զարգացման ռազմավարություն: Շահագրգիռ գերատեսչությունների հետ աշխատանք է տարվում աշխատաշուկայի պահանջարկի գնահատման շուրջ, Գիտության պետական կոմիտեի հետ քննարկվում է գիտության ֆինանսավորման ծավալի ավելացումը ոչ միայն ակադեմիական, այլև բուհական և գիտահետազոտական համակարգերում կիրառելու հեռանկարը: Զեկուցվել է նաև ակադեմիական քաղաքի տեսլականի և անհրաժեշտ ֆիզիկական միջավայրի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ ակտիվ աշխատանքը: Քննարկմանն ընդգծվել է Հայաստանում գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական բյուջեով նախատեսված հատկացումների ավելացման կարևորությունը, ինչը կխթանի որակյալ կրթական համակարգի ստեղծումը, բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը և գիտելիքահեն տնտեսության կառուցումը: Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ առաջիկա 10 օրվա ընթացքում գիտության բնագավառի լիազոր մարմնի կողմից կներկայացվի ոլորտի զարգացման համապարփակ ծրագիր: Վարչապետն անդրադարձել է նաև նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտին՝ մասնավորապես, ընդգծելով համապատասխան մասնագետների պահանջարկի խնդիրը: Քննարկվել են մասնագիտությունների քվոտավորման հարցեր, պահանջարկ-առաջարկ շղթայի կարգավորման մեխանիզմները, այդ թվում՝ մասնավոր ընկերությունների հետ մասնագիտական կրթություն-աշխատաշուկա կապի ձևավորմանը միտված քայլերը: Նշվել է, որ օրենսդրական փոփոխությունների կարիք կա, և այս ուղղությամբ ԿԳՄՍ նախարարությունը համագործակցում է Եվրոպական կրթական հիմնադրամի հետ: Նախատեսվում է մինչև ամառ օրենսդրական փոփոխությունների փաթեթը ներկայացնել կառավարություն: Արա Խզմալյանը զեկուցել է մշակույթի բնագավառում կատարված աշխատանքների մասին. 2020թ. դեկտեմբերին ԵՄ գրասենյակի աջակցությամբ իրականացվել է մշակութային ՊՈԱԿ-ների կառավարման պրոբլեմների վերլուծություն և մշակվել են լուծման մեխանիզմներ: Կարևոր խնդիրներից է տնօրենների ինստիտուտի լիարժեք կայացումը, որը ենթադրում է ֆինանսական ինքնավարություն և պետական գույքի արդյունավետ կառավարում՝ հաշվի առնելով մեծ ներուժի առկայությունը: Հաջորդ քայլը արդյունավետության առանցքային ցուցիչների (KPI) սահմանումն է, որի ուղղությամբ էլ աշխատանք է տարվում միջազգային գործընկերների հետ: Ըստ նախարարի տեղակալի՝ այս տարի մշակութային ծրագրերը, ստեղծագործական ռեսուրսը միտված են լինելու հետպատերազմյան ճգնաժամի հետևանքների մեղմացմանը: Թիրախայինը կրկին սահմանամերձ համայնքներն են՝ Արցախում, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերում ևս իրականացվելու է «Թիկունքը՝ մշակույթ» նախաձեռնությունը: Աշխատանք արդեն սկսվել են, առաջիկայում մշակույթի ոլորտի կառույցների ներկայացուցիչների հետ նախատեսվում է այց Արցախ: Համապատասխան կազմակերպությունների հետ քննարկվում է հաշմանդամություն ունեցող զինծառայողներին տարբեր ծրագրերում ներգրավելու հարցը: Առաջիկայում Տավուշի մարզի Բերդ քաղաքում կբացվի Գեղագիտության ազգային կենտրոն: Ա. Խզմալյանը տեղեկացրել է նաև, որ պատմամշակութային ժառանգության պահպանման համատեքստում ապրիլի 18-ին՝ Հուշարձանների պահպանության միջազգային օրը, նախատեսվում է համաժողով բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որի շրջանակում կքննարկվեն նաև Արցախում պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող ոչ միայն գիտական, այլև տեղեկատվական քաղաքականությանը վերաբերող հարցեր: Նախատեսվում է նաև Հայաստանում «Կապույտ վահան» միջազգային կազմակերպության մասնաճյուղի բացում: Վարչապետը կարևորել է հետպատերազմական շրջանում հոգեբանական վերականգնման ծրագրերի իրականացումը և դրանցում մշակութային բաղադրիչի պարտադիր ներառումը: «Հետպատերազմական մշակութային քաղաքականությունը պետք է միտված լինի հանրության հոգեբանության վերականգնմանը և ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հանձնարարելով համապատասխան աշխատանք իրականացնել: Ինչ վերաբերում է մշակութային ՊՈԱԿ-ների գործունեությանը, կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ պետք է քաջալերել տնօրեններին՝ ակտիվ աշխատել սեփական եկամուտներն ավելացնելու ուղղությամբ և միևնույն ժամանակ ընկալելի դարձնել, որ սեփական եկամուտների ավելացումը չի ենթադրում պետական ֆինանսավորման կրճատում: Կարեն Գիլոյանը ներկայացրել է սպորտի ոլորտում կատարվող աշխատանքները  և առաջիկա անելիքները: Մասնավորապես, անդրադարձ է եղել ամռանը հնարավոր օլիմպիական խաղերին Հայաստանի մասնակցությանը, հայ մարզիկների համար պատրաստվածության պատշաճ պայմանների և միջավայրի ապահովմանը վերաբերող հարցեր: Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ առաջին անգամ մշակվել է հոգեբանական աջակցության ծրագիր՝ օլիմպիական խաղերից առաջ հայ մարզիկների անհրաժեշտ հոգեբանական պատրաստվածություն ապահովելու համար: Մշակվում է մեկ այլ ծրագիր՝ հաշմանդամություն ունեցող երիտասարդներին, նաև զինծառայողներին սպորտում ներգրավելու համար: Այս ուղղությամբ համագործակցություն է իրականացվում Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի հետ: Առաջիկայում Արցախում նախատեսվում է մարզադպրոցի բացում՝ հրաձգության, ըմբշամարտի և բռնցքամարտի խմբակներով: Մշակվում է ուսանողական սպորտը խթանելու ծրագիր, քննարկվում է սպորտային առանձին հեռուստաալիք ստեղծելու գաղափարը, դիտարկվում են մարզիչների համար սոցիալական երաշխիքների ապահովման հնարավորությունները: Վարչապետը կարևորել է սպորտի մասսայականացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը և բարձրացված մի շարք հարցերի լուծման առնչությամբ համապատասխան հանձնարարականներ է տվել: Ամփոփելով քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բովանդակություն ձևավորող գերատեսչությունն է, և բարեփոխումները պետք է իրականացվեն հենց այս տրամաբանության ներքո:
18:17 - 17 մարտի, 2021
Հաստատվել է դպրոցներում գործածության երաշխավորված դասագրքերի ցանկը

Հաստատվել է դպրոցներում գործածության երաշխավորված դասագրքերի ցանկը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2021-2022 ուստարում հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում գործածության երաշխավորված դասագրքերի ցանկը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Ըստ այդմ՝ 1-ին դասարանում երաշխավորվել է 14, 2-րդ դասարանում՝ 24, 3-րդում՝ 32, 4-րդում՝ 36, 5-րդում՝ 19, 6-րդում՝ 24, 7-րդում՝ 29, 8-րդում՝ 31, 9-րդում՝ 32, 10-րդում՝ 33, 11-րդում՝ 34, 12-րդում՝ 28 անուն դասագիրք: Երաշխավորված դասագրքերի ցանկում են նաև ազգային փոքրամասնությունների համար նախատեսված դասագրքերը: 2021 թվականին վերահրատարակվելու են 1-ին դասարանի «Այբբենարանը», «Եզդիերեն այբբենարանը»,  «Քրդերենի այբբենարանը», ինչպես նաև «Մայրենի», «Մաթեմատիկա», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» առարկաների դասագրքերը: Վերահրատարակվելու են նաև 2-րդ դասարանի «Ռուսաց լեզու», «Երաժշտություն», «Շախմատ», «Ֆիզկուլտուրա», 3-րդ դասարանի «Մայրենի», «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», 4-րդ դասարանի «Մայրենի», «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», 6-րդ դասարանի «Երաժշտություն», 7-րդ դասարանի «Հայոց լեզու», «Գրականություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ինֆորմատիկա», «Տեխնոլոգիա», 9-րդ դասարանի «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», 10-րդ դասարանի «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների դասագրքերը: Դասագրքերը տպագրելու են «Էդիթ Պրինտ», «ՄԱՆՄԱՐ»,  «Զանգակ-97», «Տիգրան Մեծ», «Աստղիկ գրատուն», «ՍՊԻԿԱ» «Նոյյան տապան», «Անտարես», «Ֆիլին» հրատարակչությունները և «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամը:
16:34 - 17 մարտի, 2021
ՀՀ պետական բյուջեի միջոցներով ձեռք կբերվի 905 848 դասագիրք

ՀՀ պետական բյուջեի միջոցներով ձեռք կբերվի 905 848 դասագիրք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի բյուջետային ծախսերի «Կրթական հաստատությունների աշակերտներին դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում»  միջոցառման շրջանակում դասագրքերի ձեռքբերման ցանկը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:  «Ըստ այդմ՝ հաստատվել են տարրական դասարանների 38 անուն դասագիրք, վարժությունների և աշխատանքային տետրեր: Նախարարի հրամանով հաստատվել է նաև ազգային փոքրամասնությունների համար նախատեսված 10 անուն դասագիրք, մասնավորապես՝ «Եզդիերեն այբբենարան» «Քրդերեն այբբենարան», «Եզդի գրականություն», «Եզդիերեն» և «Քրդերեն»: Ընդհանուր առմամբ ձեռք կբերվի 905 848 հատ դասագիրք, վարժությունների և աշխատանքային տետրեր, որոնց տարեկան գումարը կազմում է 919 170 109 ՀՀ դրամ: Դասագրքերը տպագրելու են «Էդիթ Պրինտ», «ՄԱՆՄԱՐ», «Արևիկ հրատարակչություն», «Զանգակ-97», «Տիգրան Մեծ», «Աստղիկ գրատուն», «ՍՊԻԿԱ» հրատարակչությունները և «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամը»,- նշված է ԿԳՄՍՆ հաղորդագրության մեջ։
10:12 - 17 մարտի, 2021
«Գիտուժ» նախաձեռնության հայտարարությունը ԱԺ-ի ու Կառավարության անդամների հետ հանդիպման վերաբերյալ

«Գիտուժ» նախաձեռնության հայտարարությունը ԱԺ-ի ու Կառավարության անդամների հետ հանդիպման վերաբերյալ

Մարտի 11-ին տեղի է ունեցել «Գիտուժ» նախաձեռնության անդամների հանդիպումը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, ԿԳՄՍ Նախարար Վահրամ Դումանյանի, ԱԺ ԿԳՄՍԵՍ մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի և ԲՏԱ փոխնախարար Գոռ Մելիքյանի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանում գիտության բնագավառում առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված գործողությունները։ Ստորև ներկայացնում ենք «Գիտուժ» նախաձեռնության՝ հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարությունը։ Հարգելի հայրենակիցներ, Գիտության զարգացումը պետության հզորացման և անվտանգության ամրապնդման կենսական գործոն է։ Ինչպես գիտեք, մոտ մեկ ամիս է Հայաստանում գիտական ներուժի վերացումը կանխելուն և կտրուկ զարգացումն ապահովելուն ուղղված գործողությունների մեր պահանջը ստիպված վերածել ենք հանրային շարժման։ Վերջինս նաև պայմանավորված է այն գիտակցությամբ, որ բացառապես համատեղ ուժերով, գիտելիքներով և ջանքերով կարող ենք հզորացնել մեր գիտությունը՝ դրանով իսկ նպաստելով մրցունակ և անվտանգ պետության կառուցմանը։ «Գիտուժ»-ն այլևս միայն տեխնոլոգիական համայնքի նախաձեռնություն չէ։ Այս կարճ ժամանակահատվածում մեր պահանջին են միացել բազմաթիվ անհատներ, խոշոր ասոցիացիաներ, միություններ և ակումբներ, որոնք միասին ընդգրկում են ավելի քան 700 ընկերություններ։ Ընդհանուր խնդրի լուծման օրակարգի շուրջ այսպիսի կոնսոլիդացիան գործարար համայնքում աննախադեպ է։ Ամեն օր մեր պահանջին շարունակում են միանալ տարբեր բնագավառներում գործունեություն ծավալող բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ։ Մեր բազմաթիվ շփումները գիտական համայնքի հետ, ինչպես նաև հանրային ամենատարբեր խմբերի արձագանքները մեր կազմակերպած քննարկումներին, հրապարակած նյութերին և հարցազրույցներին, ցույց են տալիս, որ գիտության զարգացման հիմնախնդիրները մտահոգում են բոլորին, և մեր նախաձեռնության պահանջն այլևս հանրային է։ Անդրադառնալով բուն հանդիպմանը՝ փաստենք, որ ներկա պաշտոնյաները անհատական և հանրային քննարկումների ժամանակ բազմիցս նշել են, որ գիտակցում են մեր կողմից ներկայացված բոլոր խնդրիրների լուծման կարևորությունը։ Սակայն, այնուհանդերձ, ստիպված ենք անել ցավալի արձանագրում. Պատկան մարմինների՝ հանդիպման ընթացքում արված առաջարկները ռազմավարական բնույթ չեն կրում և չեն ներառում պետության կողմից երկարաժամկետ հանձնառություն։ Այդ առաջարկներն իրենց ձևով և բովանդակությամբ համարժեք չեն գիտության բնագավառում առկա խնդիրների հրատապությանն ու խորությանը։ Մենք համոզված ենք՝ նման ոչ համակարգային լուծումները և հստակ տեսլական ու ռազմավարություն չունեցող գործողությունները տարիներ շարունակ քայքայել են և վերջնականապես վերացնելու են գիտական ներուժը Հայաստանում։  Մենք իհարկե գնահատում ենք նույնիսկ ամենափոքր դրական քայլը, սակայն հաշվի առնելով գիտության խնդիրների օրհասականությունը և դրանց աներկբա բացասական ազդեցությունը երկրի կարևորագույն ոլորտների վրա, ևս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր որոշում կայացնողներին կտրուկ վերանայել իրենց մոտեցումներն այս հարցի նկատմամբ։ Մենք հաստատակամ ենք «Գիտուժ»-ի ողջ ներուժն օգտագործել ի նպաստ Հայաստանում գիտության և գիտահեն տնտեսության զարգացման, սակայն իրական լուծումներ չարձանագրելու դեպքում ստիպված ենք լինելու այն ծախսել պայքարի վրա։
17:56 - 15 մարտի, 2021
ԿԳՄՍ նախարարը ՉԺՀ դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

ԿԳՄՍ նախարարը ՉԺՀ դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դիվանագետի այցը ԿԳՄՍՆ՝ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-չինական հարաբերությունների զարգացման: ԿԳՄՍ նախարարը խոսել է համատեղ ծրագրերի կարևորությունից և դրանք հետևողականորեն խորացնելու պատրաստակամություն հայտնել. «Հաշվի առնելով կորոնավիրուսի և հետպատերազմական շրջանի հարուցած դժվարությունները՝ այժմ ավելի է ընդգծվում միջպետական ծրագրի շրջանակում ՀՀ քաղաքացիների՝ Չինաստանի լավագույն բուհերում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու հնարավորությունը: Մասնագիտական պահանջարկով և առաջնահերթություններով պայմանավորված՝ համապատասխան մասնագետների պատրաստումը կարևոր է Հայաստանի տնտեսության զարգացման համար: Մեր երկրների արդյունավետ փոխգործակցության հիանալի դրսևորում են նաև Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում Կոնֆուցիուսի ինստիտուտը և Հայ-չինական բարեկամության դպրոցը, որը միջպետական համագործակցությամբ նմանատիպ հաստատությունների ստեղծման գերազանց օրինակ է»: Դեսպան Ֆան Յոնգը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար, վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: «Հայ-չինական հարաբերությունները զարգանում են կայուն և առողջ ուղով, մեր երկրներին կապում է դարավոր պատմությունը: Պատրաստ եմ համագործակցության և վստահ եմ, որ կստանամ Ձեր աջակցությունը»,- ասել է ՉԺՀ դեսպանը և նշել, որ համատեղ ծրագրերն ընդլայնելու համար կան անհրաժեշտ նախադրյալներ: Կողմերը քննարկել են նաև սպորտի ոլորտում համագործակցելու հնարավորությունները: Նախարար Վահրամ Դումանյանն առաջարկել է դիտարկել Հայաստանում հայ-չինական բարեկամության մարզահամալիր ստեղծելու, ինչպես նաև մարզիկների և մարզիչների համար փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, ինչին ՉԺՀ դեսպանը դրական է արձագանքել՝ նշելով, որ պատրաստ են առավել կոնկրետ քննարկումների: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ: Դեսպան Ֆան Յոնգը նշել է, որ Չինաստանը սատարում է տարածաշրջանում անվտանգության և խաղաղության կայացմանը:
16:37 - 15 մարտի, 2021