ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Զոհված զինծառայողների դիերն ու մասունքները պոլիէթիլենային պարկերով նկուղներում թողնելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. Գոռ Աբրահամյան

Զոհված զինծառայողների դիերն ու մասունքները պոլիէթիլենային պարկերով նկուղներում թողնելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. Գոռ Աբրահամյան

Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի սառնարաններում տեղերի բացակայության պայմաններում արցախյան պատերազմում զոհված զինծառայողների դիերն ու մասունքները պոլիէթիլենային պարկերում այնտեղ տեղափոխելու, պահման համար անհրաժեշտ պայմաններ չունեցող նկուղային սենյակներում թողնելու փաստի առթիվ ՀՀ Կոտայքի մարզի դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Դեպքի կապակցությամբ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում նյութեր սկսել են նախապատրաստվել դրա վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց անմիջապես հետո՝ մայիսի 31-ից: Դրա շրջանակներում իրականացվող քննչական գործողությունների կատարման ընթացքում զոհված զինծառայողների դիերով ու մասունքներով նշված պարկերից 6-ը նկուղային հարկից տեղափոխվել են Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում առկա սառնարաններ, իսկ մյուսները՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու դիահերձարան»,- գրել է նա:
19:51 - 02 հունիսի, 2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով մեկնել է Սանկտ Պետերբուրգ: Նա կմասնակցի հունիսի 2-ից 5-ին կայանալիք Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։ Այս մասին տեղեկացնում է Դատախազության հանրային կապերի բաժինը: Արթուր Դավթյանը մասնակցություն կունենա համաժողովի շրջանակներում կայանալիք «Ներպետական իրավասության նկատմամբ վստահությունը որպես տնտեսության զարգացման և բիզնեսի պաշտպանության գործոն» թեմայով քննարկմանը, որին մասնակցելու են նաև օտարերկրյա պետությունների գլխավոր դատախազներ։ Այցի շրջանակներում նախատեսված է եկկողմ հանդիպում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ: Հանդիպման արդյունքում կստորագրվի ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հուշագիր։      
18:41 - 02 հունիսի, 2021
Ստացվել է ընտրական հանցավոր իրավախախտումների մասին 24 ահազանգ-հաղորդում, որոնցից 5-ով նախապատրաստվում են նյութեր. Դատախազություն

Ստացվել է ընտրական հանցավոր իրավախախտումների մասին 24 ահազանգ-հաղորդում, որոնցից 5-ով նախապատրաստվում են նյութեր. Դատախազություն

2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է իր գործունեությունը, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը: Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է առաջիկա արտահերթ ընտրությունների նախընտրական գործընթացների հետ կապված ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ԶԼՄ 3 հրապարակում, ֆիզիկական անձի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված 17 դիմում, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված 19 գրառում:Նշվածներից 19-ով, որոնցում ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ առկա տվյալները եղել են վերացական և ընդհանուր բնույթի, ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է կատարել ստուգողական գործողություններ: Դրանցից 6-ի արդյունքում ստացված տվյալները չեն հաստատվել և թողնվել են անհետևանք, 13-ով ստուգողական աշխատանքները շարունակվում են:Հինգ դեպքով, նկատի ունենալով, որ տվյալներն ի սկզբանե եղել են առարկայական, կամ, ելնելով կատարված ստուգողական աշխատանքների արդյունքներից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվում են նյութեր, որոնք ընթացքի մեջ են:   Ստացված և ուսումնասիրված առերևույթ հանցավոր իրավախախտումների մասին վերոնշյալ ահազանգերից 19-ը վերաբերում են ընտրակաշառք տալուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված), 5-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 3-րդ կետ): Նախապատրաստվող նյութերից 2-ի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է ՀՀ Սյունիքի մարզի, 1-ական՝ Երևան քաղաքի, Կոտայքի, Լոռու մարզերի դատախազությունների կողմից: ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված 15 դիմումների կապակցությամբ, որոնք ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տվյալներ չեն բովանդակվել, քաղաքացուն տրվել է պարզաբանում կամ ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: ՀՀ գլխավոր դատախազությունը կշարունակի կայուն պարբերականությամբ հանրությանն իրազեկել աշխատանքային խմբի գործունեության արդյունքների, իրավապահ մարմիններին ներկայացվող տեղեկություններում, ահազանգերում, հաղորդումներում ներկայացվող տվյալների ստուգման, հարուցվող քրեական վարույթների շրջանակում իրականացվող քննությունների ընթացքի մասին: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում գործարկվել է թեժ գիծ՝ (010) 511 - 999 հեռախոսահամարի ներքո:
15:56 - 02 հունիսի, 2021
ՀՀ գլխավոր դատախազը ԱԱԾ տնօրենի, ՀՔԾ պետի և ոստիկանապետի հետ խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ գլխավոր դատախազը ԱԱԾ տնօրենի, ՀՔԾ պետի և ոստիկանապետի հետ խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանի, ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի անդամների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն՝ 2021թ. հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրինական ընթացքն ապահովելու, հնարավոր հանցավոր ընտրախախտումների կանխարգելման, դրանց դեմ իրավապահ մարմինների համատեղ քրեաիրավական պայքարի կազմակերպման խնդիրների շուրջ: Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը,  հանդիսանալով նաև ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարը, իր խոսքում շեշտել է ստեղծված իրավիճակում մեր երկրի համար կայանալիք ընտրությունների ճակատագրական նշանակությունը՝ հավելելով, որ իրավապահ մարմիններից յուրաքանչյուրի խնդիրն է իր լիազորություններն ամենաբարձր պատասխանատվությամբ իրականացնելու, օպերատիվ համագործակցության միջոցով օրինական, թափանցիկ, յուրաքանչյուր քաղաքացու կամքի ազատ դրսևորմամբ ընտրությունների անցկացման ապահովումը:   Գլխավոր դատախազը հստակ և մանրամասն մատնանշել է այն հիմնական թիրախները, որոնց չեզոքացմանը, կամ որոնց շրջանակներում հնարավոր ընտրական հանցագործությունների բացահայտմանը, դրանք կատարող անձանց պատասխանատվության ենթարկելուն պետք է ուղղվեն իրավապահների համատեղ ջանքերը: Արթուր Դավթյանը նաև կարևորել է ընտրական խախտումների դեմ պայքարում պատասխանատու, բարեխիղճ, ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքացիների հետ իրավապահ մարմինների աշխատանքը, և ստացված հանցավոր ընտրախախատումների վերաբերյալ տեղեկություններին, ահազանգերին իրավապահ համակագի արագ արձագանքելու անհրաժեշտությունը: Խորհդրակցության ընթացքում քննարկվել են ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումներին և ահազանգերին պատշաճ արձագանքելու, ստուգման առարկա դարձնելու, քրեադատավարական գործընթացներ նախաձեռնվելու դեպքում յուրաքանչյուր օղակի կողմից իր պարտականությունների կատարման անխափան ընթացքն ապահովելու կառուցակարգերը, աշխատանքային հնարավոր խնդիրները, դրանց կարգավորման եղանակները: ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել են իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցության երաշխավորմանն ուղղված կոնկրետ հանձնարարություններ:      
18:28 - 31 մայիսի, 2021
Իրավապահ մարմինները պարտավոր են բազմապատկել ջանքերը՝ ապահովելու ընտրությունների օրինականությունը. գլխավոր դատախազ

Իրավապահ մարմինները պարտավոր են բազմապատկել ջանքերը՝ ապահովելու ընտրությունների օրինականությունը. գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր այցելել է ՀՀ Կոտայքի և Արագածոտնի մարզեր և տեղի իրավապահ բոլոր կառույցների ղեկավարների մասնակցությամբ մարզերի դատախազություններում անցկացրել խորհրդակցություններ՝ առաջիկա համապետական ընտրությունների օրինականության ապահովման օրակարգով: Արթուր Դավթյանը նշել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևոր նշանակություն ունեն Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգության ռիսկերի նվազեցման առումով, և իրավապահ մարմինները, առավել քան երբևէ, պարտավոր են բազմապատկել ջանքերը՝ հնարավոր բոլոր միջոցներով ապահովելու ընտրությունների օրինականությունը: ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է ընտրարշավի իրականացման, բուն քվեարկության անցկացման, ինչպես նաև հետընտրական շրջաններում ցանկացած հնարավոր ընտրական հանցագործության դեպքին, քաղաքացիների ազատ կամքի արտահայտման վրա որևէ ձևով ազդելու դեպքերին, փորձերին, իրավապահ մարմինների  կողմից ինչպես քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով, այնպես էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով արագ և կոշտ արձագանքելու անհրաժեշտությունը:   Կարևորվել է այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքում դեռևս նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ կատարված փոփոխություններով ընտրական հիմնական բոլոր հանցատեսակները դասվել են ծանր հանցագործությունների կատեգորիային, ինչն իրավապահ մարմիններին հնարավորություն է տալիս դրանց դեմ պայքարում լայնորեն կիրառելու օպերատիվ-հետախուզական միջոցառումների առավել մեծ գործիքակազմ՝ ինչպես հանցագործությունների բացահայտման, այնպես էլ դրանք կատարող անձանց հայտնաբերելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազն իրավապահ մարմինների առջև խստիվ պահանջ է դրել պահպանել քաղաքական չեզոքության և զսպվածության օրենսդրական պահանջը, ձեռնպահ մնալ իրենց իրավասություններից դուրս որևէ ապօրինի գործընթացի մեջ ներքաշվելուց՝ նշելով, որ նման ցանկացած դրսևորում անխուսափելիորեն հանգեցնելու է կոնկրետ հետևանքների, այդ թվում՝ քրեական պատասխանատվության:      Արթուր Դավթյանը մարզերի դատախազությունների դատախազներին հանձնարարել է հանցավոր բնույթի ընտրախախտումներին օպերատիվ արձագանքելու, ինչպես նաև դրանցով անհրաժեշտ քրեադատավարական ընթացակարգեր ապահովելու հարցում սերտորեն գործակցել ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբի հետ:    Նշված օրակարգով ՀՀ գլխավոր դատախազի մարզային այցելությունները շարունակվելու են, ավելի վաղ Արթուր Դավթյանը Իջևանում նման հանդիպում է ունեցել նաև իրավապահ մարմինների Տավուշի մարզի կառույցների ղեկավարների հետ:
20:18 - 26 մայիսի, 2021
Ադրբեջանցիների կողմից ՀՀ պետական սահմանը հատելու և զինծառայողի սպանության առթիվ հարուցվել է քրեական գործ

Ադրբեջանցիների կողմից ՀՀ պետական սահմանը հատելու և զինծառայողի սպանության առթիվ հարուցվել է քրեական գործ

Ադրբեջանական ԶՈՒ զինծառայողներից կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու և ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «25.05.2021 թ. ժամը 14.20-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ՝ իրենց հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության, ապօրինի հատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանը և ունենալով ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դիտավորություն՝ բռնության կոչեր են հնչեցրել այդ հատվածում պահպանություն իրականացնող ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողների նկատմամբ, պահանջել են դիմադրություն ցույց չտալ ու ազատել տարածքը:  Առաջացած վիճաբանության ընթացքում նրանք դիտավորությամբ կրակահերթեր են արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, որի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ` 1989 թ. ծնված Գ. Խուրշուդյանը որովայնի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Զինծառայողը տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ արձանագրվել է նրա կենսաբանական մահը: ԱՀ ԶՈՒ-ի զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և բռնություն գործադրելու միջոցով ՀՀ տարածքի մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելու, ՀՀ ԶՈՒ զինծառայողի դիտավորյալ սպանություն կատարելու դեպքի առթիվ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի, 300.2-րդ հոդվածի և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնին: Հ.Գ. ՀՀ ՊՆ-ն հայտնել էր այսօր՝ մայիսի 25-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասում ժամկետային զինծառայող, շարքային Մ. Հովհաննիսյանի՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերման մասին: Այս ցավալի դեպքի կապակցությամբ հարկ եմ համարում տեղեկացնել, որ ներկա փուլում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, կատարվում են անհետաձգելի բոլոր անհրաժեշտ գործողությունները:  Դեպքը տեղի չի ունեցել Գեղարքունիքի մարզում, ինչպես ներկայացվում է առանձին լրատվամիջոցներում: Խնդրում եմ՝ ապատեղեկատվություն չտարածել»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում:
18:55 - 25 մայիսի, 2021
Դատախազությունը հորդորում է քրեական վարույթների վերաբերյալ գնահատողական դատողությունները չդարձնել նախընտրական քարոզչական գործիք

Դատախազությունը հորդորում է քրեական վարույթների վերաբերյալ գնահատողական դատողությունները չդարձնել նախընտրական քարոզչական գործիք

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն անդրադարձել է արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի կողմից հնչող հայտարարություններին, թե ընտրություններում աջակցության դիմաց տրվում են քրեական հետապնդումները դադարեցնելու խոստումներ:  «Վերջին օրերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ներկայացուցիչներից հաճախակի հնչում են չփաստարկված հայտարարություններ այն մասին, որ ընտրություններին աջակցելու դիմաց տրվում են քրեական հետապնդումները դադարեցնելու հավաստիքներ կամ խոստումներ։ Առանձին դեպքերում արվում են պնդումներ առ այն, որ վերջին տարիներին հատկապես համայնքապետերի ներգրավմամբ քննվող քրեական գործերն ունեն քաղաքական  երանգավորում և իրենք ունեն փաստեր, որոնց մասին չեն հայտնում անձանց համար խնդիրներ չստեղծելու նկատառումով։ Այս առնչությամբ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը. 1.Շատ հստակ է՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ունեն քաղաքական զսպվածության պարտականություն և դրա ցանկացած բնույթի խախտում հետապնդվում է օրենքով: Որևէ իրավապահ մարմնի ներկայացուցչի կողմից այլևայլ (այդ թվում՝ քաղաքական) նպատակներով քրեական հետապնդումների դադարեցման մասին խոստումներ տալն ինքնին քրեորեն հետապնդելի արարք է։ Ինչպես ընտրություններում ներգրավված բոլոր սուբյեկտներին, այնպես էլ նման հնարավոր խոստումներ ստացող քաղաքացիներին կոչ ենք անում նման դրսևորումների առերեսվելու դեպքում այդ մասին անհապաղ հայտնել ՀՀ դատախազությանը։ Ստանձնելով ընտրություների օրինականության ապահովման առաքելությունը՝ Դատախազությունը երաշխավորում է այդ անձանց իրավունքների և անվտանգության լիարարժեք պաշտպանությունը՝ միաժամանակ վստահեցնելով, որ կապահովվի նման արարքներ թույլ տվող պաշտոնատար անձանց գործողություններին իրավական անաչառ գնահատական տալն ու քրեական պատասխանատվության ենթարկումը։ Միաժամանակ հարկ ենք համարում հիշեցնել, որ հանցագործության փաստի մասին տեղեկացված լինելը և այդ մասին սահմանված ընթացակարգով իրավապահ մարմիններին չհայտնելը ոչ միայն արգահատելի է, այլ նաև հանցավոր անգործություն է և հեռու է քաղաքացիական կեցվածքից։ 2.Որևէ քաղաքական ուժի ներկայացուցչի, որևէ ֆիզիկական անձի կողմից իրավապահ մարմինների անունից նման բնույթի խոստումներ տալը, նախ, ի սկզբանե անլուրջ է, առնվազն կեղծիք և խաբեություն, ապա՝ համապատասխան դրսևորումների դեպքում արժանանալու է իրավական կոշտ գնահատականի: 3 Անհասկանալի և անթույլատրելի է քրեական գործերի, հետապնդումների քաղաքականացվածության մասին ապրիորի նման պնդումներ անել՝ առանց ակնհայտորեն տեղյակ լինելու այդ գործերի հիմքը կազմող փաստակազմի և ապացուցողական բազայի վերաբերյալ։ Նախընտրական շրջանում նման պնդումներն առավելապես կարող են ընկալվել որպես ինքնին քրեական  հետապնդումներից ազատելու թաքնված խոստում կամ ուղերձ, ինչն անթույլատրելի է։ Ելնելով վերոնշյալից՝ կրկին կոչ ենք անում առանց կոնկրետացումների և փաստերի ներկայացման՝ քրեական վարույթների վերաբերյալ գնահատողական դատողությունները չդարձնել նախընտրական քարոզչական գործիք, իսկ կոնկրետ տվյալների առկայության դեպքում գործակցել իրավապահ մարմինների հետ։  Ի վերջո, օրինական, ժողովրդավարական և հանցավոր ընտրախախտումներից զերծ ընտրությունների անցկացումը յուրաքանչյուր քաղաքացու, ընտրություներին մասնակցող յուրաքանչյուր սուբյեկտի խնդիրն է»։
13:33 - 25 մայիսի, 2021
Արմեն Գևորգյանը մանիպուլյատիվ էֆեկտով փորձում է ստեղծել տոտալ վախի մթնոլորտի առկայության պատրանք. գլխավոր դատախազի խորհրդական

Արմեն Գևորգյանը մանիպուլյատիվ էֆեկտով փորձում է ստեղծել տոտալ վախի մթնոլորտի առկայության պատրանք. գլխավոր դատախազի խորհրդական

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի էջում անդրադարձել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գրառմանը:    «ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը գրառում է կատարել սոցիալական ցանցերից մեկում, որը տարածվել է նաև հայրենի մեդիամիջավայրում։   Ի թիվս մի շարք պնդումների, պարոն Գևորգյանը նաև նշել է, թե «Իշխանությունները բացահայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին և բիզնեսի ներկայացուցիչներին: Նոր քրեական գործեր են հարուցվում: Բոլորից պահանջվում է ենթարկվել իշխանությունների կամքին: Սա կոչվում է՝ իրական ժողովրդավարություն գործողության մեջ …»։   Հատկանշական և ակնառու է այն հանգամանքը, որ ակնհայտ հանցակազմ պարունակող «համայնքի ղեկավարներին և բիզնեսի ներկայացուցիչներին բացահայտ շանտաժի ենթարկելու», այդ համատեքստում նոր, թերևս ապօրինի քրեական գործեր հարուցելու, «իշխանության կամքին ենթարկվելու պահանջներ ներկայացնելու» մասին պնդումներ անելիս բազմափորձ Ա․ Գևորգյանը դրանք հաստատող որևէ կոնկրետ դեպք, փաստ, անգամ տվյալ չի վկայակոչում՝ մանիպուլյատիվ էֆեկտով փորձելով ստեղծել տոտալ վախի մթնոլորտի առկայության պատրանք։   Հարկ ենք համարում հիշեցնել, որ քրեական գործերը հարուցվում են կոնկրետ հանցագործության դեպքերի առթիվ՝ համապատասխան կոնկերտ օրինական առիթների և հիմքերի առկայությամբ։ Քրեական վարույթները հարուցումը քմահաճույք չէ, որպեսզի օգտագործվի քաղաքական, հանցավոր նպատակներով։ Իսկ եթե առկա են նմանատիպ երևույթների վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ, մարդկանց շանտաժի ենթարկելու, նրանց նկատմամբ ապօրինի քրեական գործեր հարուցելու կամ թեկուզ այդպիսի սպառնալիք հնչեցվելու մասին հավաստող տվյալներ, յուրաքանչյուրի պարտքն է, անկախ դրանց մասին հանրայնացնելու հանգամանքից, նախևառաջ բոլորին հայտնի իրավական ընթացակարգով դիմելու իրավապահ մարմիններին։ Եվ պարոն Գևորգյանը հիմա էլ կաշկանդված չէ իրեն հայտնի տվյալները (եթե հայտնի են, իհարկե) իրավապահ մարմիններին տրամադրելու հնարավորությունից։   Հակառակ դեպքում նմանատիպ ընդհանրական հայտարարությունները, պնդումները ոչ այլ ինչ են, քան քարոզչական մոտիվներով հանրային տրամադրությունների վրա ներգործելու, իսկ նախընտրական շրջանում՝ ընտրողների մոտ անպաշտպանվածության զգացումներ սերմանելու փորձեր։   Իրավապահ մարմիններն ունեն քաղաքական զսպվածության օրենսդրական պահանջ և այդ պահանջի խախտումն ինքնին արդեն հանցավոր դրսևորում է։   ՀՀ դատախազությունը հստակ հայտարարել է, որ խստագույնս և մեծ պատասխանատվությամբ է մոտենալու առաջիկա ընտրությունների ողջ ընթացքում ընտրական առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ստացվող տեղեկություններին՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, բավարար հիմքերի առկայության պարագայում, ապահովելով դրանց իսկության պարզմանը, քրեական գնահատականներ տալուն ուղղված համապատասխան իրավական, քրեադատավարական ընթացակարգեր՝ անկախ նրանից, թե քաղաքական դաշտի որ բևեռին դրանք կվերաբերեն, հասարակական, պաշտոնեական ինչպիսի դիրք զբաղեցնող անձանց կառնչվեն։   Կրկին հիշեցնում ենք, որ այդ նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված է աշխատանքային խումբ, որը պատրաստ է արագ արձագանքելու բոլոր կոնկրետ ահազանգերին։   Ուստի հատկապես ընտրական գործընթացներում ներգրավված բոլոր սուբյեկտներին, բոլոր անձանց հորդորում ենք ցուցաբերել պատասխանատու վարքագիծ, ձեռնպահ մնալ ցանկացած տիպի անհիմն, չփաստարկված նման հայտարարություններ հնչեցնելու, դրանցով առանց այն էլ լարված մթնոլորտն արհեստականորեն ավելի լարելու գայթակղությունից»,- գրել է Աբրահամյանը։
13:40 - 23 մայիսի, 2021
Զինծառայողին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում. գլխավոր դատախազի խորհրդական

Զինծառայողին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում. գլխավոր դատախազի խորհրդական

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ՀՀ ԶՈՒ զինծառայողի անհետացման վերաբերյալ:    «2021 թ. մայիսի 18-ին ՀՀ ՊՆ Վարդենիսի ռազմական ոստիկանության բաժինը տեղեկացվել է այն մասին, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող տարածքից, ծառայության վայրից բացակայում է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն.Մ.-ն՝ (ծնված 21.09.2002 թ., զորակոչված 2021 թ.՝ Տավուշի մարզային զինկոմիսարիատից:   Զինծառայողի գտնվելու վայրն այս պահին դեռևս հայտնի չէ։   Ն.Մ.-ին ծառայության վայրում ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու, պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու մասին որևէ տվյալ այս պահին առկա չէ:   Տվյալներ չկան նաև զինծառայողի՝ հակառակորդի կողմում որևէ ձևով հայտնված լինելու վերաբերյալ: Չնայած տվյալ տարածաշրջանում պետական սահմանի հատվածում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ իրականացվում է ուժեղացված ծառայություն, տվյալ զինծառայողը մայիսի 18-ի դրությամբ չի գտնվել թշնամական ուժերի հետ անմիջական շփման հատվածում: Ամեն դեպքում որոնողական աշխատանքները շարունակվում են:   Փաստի կապակցությամբ ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր, միջոցներ են ձեռնարկվում ոչ միայն զինծառայողին հայտնաբերելու, այլ նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:   Նկատի ունենալով այս հանգամանքը՝ հորդորում ենք դեպքի կապակցությամբ չճշտված տեղեկություններ հրապարակելուց զերծ մնալ:   Նոր հանգամանքների պարզման պարագայում ՀՀ դատախազությունը պատշաճ կերպով կտեղեկացնի հանրությանը»,- ասված է գրառման մեջ:  
17:13 - 22 մայիսի, 2021
Շոշ գյուղի մոտ աշխատանքներ իրականացնող բնակչի ու զինծառայողների ուղղությամբ կրակելու առթիվ հարուցվել է քրգործ

Շոշ գյուղի մոտ աշխատանքներ իրականացնող բնակչի ու զինծառայողների ուղղությամբ կրակելու առթիվ հարուցվել է քրգործ

Արցախի Հանրապետության Շոշ գյուղի մոտ ինժեներական աշխատանքներ իրականացնող բնակչի, ԱՀ ՊԲ զինծառայողների ուղղությամբ հակառակորդի կողմից կրակելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրագամյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. 2020թ. մայիսի 17-ին՝ ժամը 17.05-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ, ազգային ատելության շարժառիթներով, երկու և ավելի անձանց սպանելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու նպատակներով հրաձգային զինատեսակների գործադրմամբ մոտ 7 րոպե անընդմեջ թիրախային կրակ են վարել N զորամասի պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերից մեկում ինժեներական աշխատանքներ կատարող ԱՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի բնակչի կողմից այդ պահին շահագործվող բազմաֆունկցիոնալ էքսկավատորի և մարտական դիրքի անձնակազմի ուղղությամբ: Դրա արդյունքում ամբողջությամբ վնասվել են էքսկավատորեի դիմային և ձախ կողային դռան ապակիները՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Ըստ էության սպանությունների հանցագործությունն ավարտին չի հասցվել միայն այն պատճառով, որ աշխատանք կատարող քաղաքացիական անձը և ժամկետային զինծառայողներն այդ պահին կարողացել են պատսպարվել: Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ Հադրութի ՌՈ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերի, ինչպես նաև 185-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 1-ին կայազորային քննչական բաժնում:
10:11 - 21 մայիսի, 2021
ՀՀ սահմանը ապօրինի հատելու և հայ զինծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցվել են քրգործեր

ՀՀ սահմանը ապօրինի հատելու և հայ զինծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցվել են քրգործեր

Սևանի կայազորի զինվորական դատախազության հանձնարարությամբ Վարդենիսի ՌՈ բաժնում նախպապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մայիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ հրամանատարների կազմակերպմամբ՝ մի խումբ զինված զինծառայողներ ապօրինի հատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա բնակավայրի և Նորաբակ համայնքի սահմանային հատվածներում պահպանվող ՀՀ պետական սահմանը:  Ադրբեջանցի զինծառայողները ՀՀ տարածքում առաջացել են 2-ից 3կմ ու դիրքավորվել՝ նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողներին սպառնալով ավելի առաջանալու դեպքում կրակ արձակել նրանց ուղղությամբ և հայտարարարել են, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին: Նյութերի նախապատրաստման արդյունքում նշված դեպքի առթիվ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում դեռևս մայիսի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300.2 հոդվածով և 329-րդ հոդվածի 2-րդ  մասով հարուցվել է քրեական գործ, որի նախքաննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնին: Բացի այդ, զինվորական դատախազության կողմից ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնին հանձնարարվել է ստուգման առարկա դարձնել նաև ապօրինի կերպով ՀՀ տարածք ներխուժած Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների և ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև տեղի ունեցած վիճաբանության և դրա հետ կապված գործողությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներում նշված հանգամանքները, որին հետագայում միացվել է նաև սոցիալական ցանցերում 19.05.2021թ. տարածված տեսանյութը: Ստուգման արդյունքում նախապատրաստված նութերով պարզվել է, որ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի և ենթակա զորամասերի մի շարք զինծառայողների ու պաշտոնատար անձանց ծառայողական խախտումների պատճառով 17.05.2021թ.-ին  Գեղարքունիքի մարզի Կութ բնակավայրի  վարչական տարածքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մեծաքանակ ստորաբաժանում է ներթափանցել ՀՀ զինված ուժերի պահպանության  տակ գտնվող տարածք, բռնություն գործադրել ՀՀ զինծառայողների նկատմամբ՝ ստիպել նրանց թողնել մատական դիրքը: ՀՀ զինծառայողների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողները հետ են շպրտվել ելման դիրքեր: Նշված դեպքերի կապակցությամբ մարտական ծառայության կանոնների խախտման, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով և 376-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը ևս հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ  հինգերորդ կայազորային քննչական բաժնին:
19:04 - 20 մայիսի, 2021
ՍԴ-ն կամայականորեն մերժել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը՝ հակասելով իր նախկին դիրքորոշմանը․ դատախազություն

ՍԴ-ն կամայականորեն մերժել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը՝ հակասելով իր նախկին դիրքորոշմանը․ դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ ՍԴ-ն մերժել է «Մարտի 1»-ի գործով դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը: «Ինչպես հայտնվել է՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը 2021 թ․ ապրիլի 1-ին դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ որոշելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով կիրառման ենթակա՝ մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու լիազորությունը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ ՀՀ Սահմանադրական դատարանը 2021 թ․ մայիսի 14-ի աշխատակարգային որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը մերժել է՝ գտնելով, որ գլխավոր դատախազն իրավասու չէ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ դատական քննության փուլում քննվող քրեական գործով կիրառման ենթակա նորմի սահմանադրությանը համապատասխանության հարցով։ Սահմանադրական դատարանի որոշումը կամայական է՝ հետևյալ պատճառաբանությամբ․ ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ Գլխավոր դատախազը սահմանադրական դատարան կարող է դիմել դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Գլխավոր դատախազը Սահմանադրական դատարան կարող է դիմել դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով: ՀՀ Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-934 որոշմամբ արձանագրել է, որ « (…) դատական քննության փուլում մեղադրանքը պաշտպանելու` դատախազության սահմանադրական գործառույթն իրականացվում է արդարադատության ընդհանուր սկզբունքների, մասնավորապես` մրցակցության սկզբունքի շրջանակներում, և վերջնական որոշում կայացնելու իրավասությամբ օժտված է դատարանը: Ուստի այս փուլում կոնկրետ գործը գտնվում է դատարանի վարույթում, և վերջինս է ՀՀ Սահմանադրությամբ ճանաչվում ՀՀ Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտ: Այս ընդհանուր կանոնից կարող են առանձնացվել միայն այն դեպքերը, երբ դատախազը գործի դատական քննության փուլում ինքնուրույն որոշում կայացնելու իրավասությամբ է օժտված: Դա կարող է լինել, օրինակ, մեղադրանքից հրաժարվելիս կամ մեղադրանքը փոխելիս (…)»: Հարկ ենք համարում շեշտել, որ սահմանադրական դատարանը մեջբերված ՍԴՈ-934 որոշումը կայացրել է հենց ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա, հենց մեղադրանքը փոփոխելու լիազորությունը սահմանող նորմերի սահմանադրականության հարցով, դրա շրջանակներում անդրադարձել  է դատարանում քննվող գործով Գլխավոր դատախազի կողմից սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը և հաստատել այն՝ նկատի ունենալով, որ պատասխանող կողմը տվյալ գործով այդ հնարավորությունը վիճարկել է։ Նման պայմաններում, Սահմանադրական դատարանը ՀՀ գլխավոր դատախազի դիմումը վարույթ չի ընդունել՝ նշելով, որ վերը մեջբերված ՍԴՈ-934 որոշմամբ արձանագրվել է նաև դատարանում քննվող գործով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու՝ ՀՀ գլխավոր դատախազի իրավասությունը իրավակարգավորման ենթարկելու անհրաժեշտությունը, սակայն հետագայում փոփոխված սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով իրավակարգավորումը մնացել է նույնը։ Ավելի պարզ՝ Սահմանադրական դատարանը նախ ուղղակիորեն և անվերապահ կերպով արձանագրել է, որ Գլխավոր դատախազն իրավասու է դատական քննության փուլում քննվող գործով Սահմանադրական դատարան դիմել, եթե վիճարկվող նորմերը վերաբերում են մեղադրողի կողմից իր սահմանադրական գործառույթի իրականացմանը, այդ թվում՝ դրա շրջանակներում մեղադրանքը փոփոխելուն և նշել, որ այդ հանգամանքը ենթակա է օրենսդրական ամրագրման։ Իսկ կայացված աշխատակարգային որոշմամբ սահմանադրական դատարանը, փաստելով, որ սահմանադրական դատարանի որոշման այդ պահանջը օրենսդիր մարմնի կողմից չի կատարվել, այսինքն՝ սահմանադրական դատարանի որոշումն անտեսվել է, գտել է, որ իր կողմից նախկինում կայացված որոշումն այլևս ուժ չունի։ Թեև վստահ ենք, ինքնին, իրավաբանական հանրության համար ակնհայտ է Սահմանադրական դատարանի այս որոշման հակասահմանադրական բնույթը, այդուհանդերձ, հարկ ենք համարում հիշեցնել, որ սահմանադրական դատարանը նմանօրինակ այլ դեպքերում ցուցաբերել է կտրականապես հակառակ մոտեցումը։ Մասնավորապես, Սահմանադրական դատարանը վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պատճառաբանելու անհրաժեշտությունը 2007 թ․ ապրիլի 9-ի ՍԴՈ-690 որոշմամբ փաստելուց հետո, նկատի ունենալով, որ հետագայում կատարված օրենսդրական փոփոխություններով այդ որոշման պահանջներն ամբողջությամբ կատարված չեն, այլ գործով 2009 թ․ հուլիսի 29-ի ՍԴՈ-818 որոշմամբ կրկին վերահաստատել է իր դիրքորոշումը և կրկին պնդել, որ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված։ Հետևաբար, ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու մասին Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միայն ուղղակիորեն հակասում է իր նախկինում արտահայտված դիրքորոշումներին, այլև կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով սեփական նախկին դիրքորոշումն անտեսելու, դրա նկատմամբ անհետևողականության, սահմանադրական դատարանի որոշման սահմանադրաիրավական արժեքը նսեմացնելու օրինակը չունեցող, նախկինում երբեք չդրսևորված ակտ է»,- ասված է դատախազության հայտարարության մեջ։
19:25 - 19 մայիսի, 2021
Սերժ Սարգսյանի հարցազրույցի տեսանյութն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ՝ դրանում առկա բոլոր հանգամանքներն ստուգելու նպատակով

Սերժ Սարգսյանի հարցազրույցի տեսանյութն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ՝ դրանում առկա բոլոր հանգամանքներն ստուգելու նպատակով

Սերժ Սարգսյանը ապրիլի 30-ին հարցազրույց էր տվել կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանին։ 1 ժամ 30 րոպե տևողությամբ հարցազրույցում Սարգսյանը ի թիվս այլնի անդրադարձել է նաև հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հանրային ռադիոյի շենք ներխուժման փաստին։ Սերժ Սարգսյանն անդրադառնալով այս միջադեպի ժամանակ հանցագործություն լինել-չլինելու խնդրին ասում է, որ այնուամենայնիվ այդ գործողություններում հանցագործություն եղել է․ «Այո, ակնհայտ է, որ հանցագործություն կար, բայց ես խնդրին նայում էի մի քիչ ավելի լայն պատկերի մեջ։ Քանի որ իրենք սակավաթիվ էին և չկար կանխատեսում, որ այդ շարժումը կարող էր աճել, ստանալ այն թափը, որ հետո ունեցանք, և որոշեցինք, որ դա կարող էր նմանվել այլ երկրների սցենարին, որտեղ ձերբակալումից կամ ուժ կիրառելուց հետո այդ շարժումները ստանում են բոլորովին այլ բնույթ։ Սա էր միակ պատճառը, որ ձերբակալում տեղի չունեցավ»,- նշել է Սարգսյանը։ Ակնհայտ է, որ Սարգսյանի խոսքում ակնարկվում է սեփական որոշմամբ Նիկոլ Փաշինյանին չձերբակալելու մասին։ Այսինքն՝ Սարգսյանի որակմամբ՝ եղել է հանցագործություն, սակայն ձերբակալում չի եղել, քանի որ այդպես են որոշել Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ինչը կարող է լինել պաշտոնական դիրքի չարաշահում, քանի որ երկրի ղեկավարը լիազորված չէ որոշելու, թե ում ձերբակալեն և ում ոչ։ Վերոնշյալ հարցազրույցում հնչեցված հարցի վերաբերյալ պաշտոնական հարցմամբ դիմեցինք Գլխավոր դատախազություն։ Հարցմամբ խնդրել էինք պարզաբանել, թե արդյոք հայտարարությունը դիտարկվել կամ դիտարկվու՞մ է նախկինում պաշտոնեական լիազորություններն անցնելու համատեքստում, քանի որ ինչպես արդեն նշեցինք, երկրի ղեկավարը լիազորված չէ որոշել, թե ում ձերբակալեն և ում ոչ։ Դատախազությունից նաև փորձեցինք ճշտել, թե հայտարարությունն արդյոք հանցակազմ պարունակու՞մ է, թե՞ ոչ։ Եթե պարունակում է, ապա քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ։ Մեր պաշտոնական հարցման պատասխանում դատախազությունից նշել են, որ տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ ԱԱԾ՝ դրանում առկա բոլոր՝ այդ թվում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահում կատարելու վերաբերյալ հանգամանքներն ստուգելու նպատակով։ Նարեկ Մարտիրոսյան
17:05 - 19 մայիսի, 2021
54 մեղադրյալ՝ 2020 թ. նոյեմբերին 9-ի հայտարարության հրապարակմանը հաջորդած զանգվածային անկարգությունների փաստերով քննվող քրգործով

54 մեղադրյալ՝ 2020 թ. նոյեմբերին 9-ի հայտարարության հրապարակմանը հաջորդած զանգվածային անկարգությունների փաստերով քննվող քրգործով

2020 թ. նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների միջև ստորագրված Արցախյան երկրորդ պատերազմի հրադադար հաստատելու մասին հայտարարության հրապարակումից հետո ՀՀ ԱԺ, Կառավարության շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում կազմակերպվել և իրականացվել են բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ: Դրանց ժամանակ մասնակիցների կողմից հնչել են ինչպես իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու, այնպես էլ իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թ. նոյեմբերի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին: Հիշյալ դեպքերի ժամանակ Երևան քաղաքում ՀՀ վարչապետի կեցավայր ապօրինի մուտք գործելով ուրիշի գույքի բացահայտ հափշտակության և 2 դրվագ փաստաթղթերի հափշտակության դեպքերի, ՀՀ Ազգային ժողովի կայանատեղիից կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով տրանսպորտային միջոցների առանձնապես խոշոր չափերով գույքի բացահայտ հափշտակության, մի խումբ անձանց կողմից ՀՀ կառավարական թիվ 1 շենք, ՀՀ ԱԺ շենք և այնտեղ գտնվող աշխատասենյակներ ապօրինի մուտք գործելով առանձնապես խոշոր չափերով գույքի բացահայտ հափշտակություններ կատարելու, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ կարևոր և պաշտոնական փաստաթղթեր հափշտակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 1.1-ին կետերով, 324-րդ հոդվածի 1-ին մասով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 2251 հոդվածի 1-ին մասով, բռնություն գործադրելու միջոցով իշխանությունը յուրացնելու, Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով իշխանությունը զավթելու փորձ կատարելու և նշված հանցափորձը կազմակերպելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-300-րդ հոդվածի 1-ին մասով, 38-34-300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է ընդհանուր 9 քրեական գործ, որոնց նախաքննությունը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչներին: Դրանց շրջանակներում քննության առարկա է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը: Բացի այդ, ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու, պահելու, փոխադրելու դեպքերի առթիվ հարուցվել է 2 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, որոնք ևս միացվել են վերոնշյալ գործերով վարույթին: Ընթացքում 54 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնցից 44-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Դրանցից 21-ը բավարարվել են, այդ թվում 3-ը՝ հետախուզվող մեղադրյալների նկատմամբ, 22-ը՝ մերժվել, 1-ը հետ է վերցվել դատախազի կողմից: Անձի վերաբերյալ մեղադրանքները փոփոխելու ու լրացնելու արդյունքում դատարան են ներկայացվել նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու կրկնակի միջնորդություններ, որոնք մերժվել են: 9 մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումները ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բեկանվել են: 1 մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է այլ խափանման միջոցով՝ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից: 9 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ անչափահաս 1 մեղադրյալի նկատմամբ՝ ծնողի հսկողությանը հանձնելը: Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի անհիմն դատական ակտերի դեմ բերվել է 16 վերաքննիչ բողոք, որոնցից մասնակի կամ լրիվ բավարարվել են 2-ը, 1-ի քննությունը դեռևս չի ավարտվել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի անհիմն որոշումների դեմ ներկայացվել է 7 վճռաբեկ բողոք, որոնցից 1-ը բավարարվել է, և ազատ արձակված մեղադրյալը կրկին կալանավորվել է: Միասնական վարույթով քննվող քրեական գործից 23 անձի վերաբերյալ 7 քրեական գործ անջատվել է և հաստատված մեղադրական եզրակացություններով ուղարկվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Այդ գործերից մեկով 1 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: Բացի վերոնշյալից, նշված քրեական գործով մեղադրյալներից մեկի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննության առնելիս՝ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու և դրան օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով, 38-332-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև՝ նույն մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննարկման արդյունքում դատավորի կողմից շահադիտական կամ անձնական այլ դրդումներով գործն ըստ էության չլուծող ակնհայտ անարդար դատական այլ ակտ` խափանման միջոցի ընտրության մասին որոշում կայացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է 2 քրեական գործ, որոնց նախաքննությունը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից նույնպես հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչներին և միացվել է վերոնշյալ մայր քրեական գործի հետ մեկ վարույթում: Ներկայումս գործով մեղադրյալների թիվը 31-ն է, 1 մեղադրյալ մահացել է, կալանքի տակ է գտնվում 3 անձ: Նախաքննությունը շարունակվում է, դրա շրջանակներում կատարվել և կատարվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ, մասնավորապես՝ տարբեր դատավարական կարգավիճակներով հարցաքննվել է շուրջ 300 անձ, կատարվել է շուրջ 200 զննություն, 40-ից ավելի առգրավում, բնակարանի շուրջ 70 խուզարկություն, ներկայումս ևս կատարվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական գործողություններ:
12:02 - 19 մայիսի, 2021
Գագիկ Բեգլարյանը գրավի դիմաց ազատ արձակվեց |armtimes.com|

Գագիկ Բեգլարյանը գրավի դիմաց ազատ արձակվեց |armtimes.com|

armtimes.com: Երևանի նախկին քաղաքապետ, Տրանսպորտի և կապի նախկի նախարար Գագիկ Բեգլարյանը ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ 50 միլոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Տեղեկությունը փոխանցեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույք վատնելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ծանր հետևանքներ առաջացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը սույն թվականի մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել է ՀՀ, ինքնակամ ներկայացել քրեական վարույթն իրականացնող մարմին, բացի այդ ՀՀ դատախազության դեպոզիտ է մուծվել առաջադրված մեղադրանքի համաձայն՝ պետության պատճառված վնասին համարժեք գումար: Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը 50.000.000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամի չափով գրավով փոխելու մասին»,-ասաց Աբրահամյանը: Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ԱԱԾ-ին է հանձնվել 57-ամյա Գագիկ Բեգլարյանը, որը 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով:
15:26 - 18 մայիսի, 2021
Դատարան է ուղարկվել պաշտոնյայի կողմից դիզվառելիքի ներկրմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական գործը

Դատարան է ուղարկվել պաշտոնյայի կողմից դիզվառելիքի ներկրմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական գործը

Դիզվառելիք ներկրող տնտեսվարողներից 2019թ. ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացված դիմումների առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված  և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ մի խումբ պաշտոնատար անձինք դիտավորությամբ խոչընդոտել են 2015թ. ընկերության կողմից ՀՀ փոխադրված դիզելային վառելիքի հերթական խմբաքանակի մաքսային ձևակերպմանը: Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ ՀՀ ֆինանսների նախարարի նախկին տեղակալ Ա. Ա.-ն 2015թ. նոյեմբերին ապօրինի հանձնարարություն է տվել իր ենթակայությամբ պետական ծառայություն իրականացնող ՀՀ ֆինանսների նախարարության Բագրատաշենի մաքսային կետի պետի տեղակալ Ս. Մ.-ին՝ առանց իր թույլտվության չիրականացնել Բագրատաշենի մաքսային կետով ներմուծվող դիզվառելիքի ձևակերպումներ:  Ի կատարումն նշված ապօրինի հանձնարարության՝ վերջինս իր հերթին Բագրատաշենի մաքսային կետի ձևակերպման բաժանմունքների պետերին հանձնարարել է դիզելային վառելիքի ներմուծման դեպքերում զեկուցել իրեն և առանց իր թույլտվության չիրականացնել մաքսային ձևակերպում:  2015թ. նոյեմբերին 7-ին «Կ... Ի...» ՍՊԸ-ն ՌԴ Վոլգոգրադ քաղաքում ձեռք է բերել 500տ. դիզելային վառելիք, որի մի մասը ՝ 181.6տ, մինչև 2015թ. նոյեմբերի 26-ը փոխադրվել է ՀՀ, նույն մաքսային կետում ստացել է մաքսային ձևակերպում և մատակարարվել «Թեղուտ» ՓԲԸ-ին: Վառելիքի մյուս մասը երկու խմբաքանակով ՀՀ է փոխադրվել 2015թ. դեկտեմբերին: Դիզվառելիքի այս խմբաքանակներն անցել են Բագրատաշենի բաժանմունքի մաքսային ծառայողների ստուգումները, ինչից հետո Ս. Մ.-ն տվյալ օրվա հերթապահ բաժանմունքի պետ Մ. Հ.-ից տեղեկանալով հիշյալ բեռի՝ մաքսակետում գտնվելու մասին, «Մաքսային տարանցում» ընթացակարգը եզրափակելու հրահանգներ տալու փոխարեն, կատարելով փոխնախարարի ապօրինի հանձնարարությունը՝ Մ. Հ.-ի հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել չկատարել հիշյալ բեռի մաքսային ձևակերպումը և մաքսային տեսուչներին  թույլ չի տրվել իրականացնել բեռի մաքսային ձևակերպումը: Այնուհետև, Ս. Մ.-ն մաքսային կետում գտնվող վարորդներին առանց որևէ պատճառաբանության հրահանգել է բեռնատարները տեղափոխել Այրում քաղաքում գտնվող մաքսային պահեստի տարածք, ինչով կասեցվել է բեռի տեղափոխումը նշանակման վայր:  Փոխնախարար Ա.Ա.-ն, տեղեկանալով դիզելային վառելիքի հիշյալ խմբաքանակի ՀՀ ներմուծվելու, ինչպես նաև դրանք մաքսային պահեստ փոխադրելու մասին, հանձնարարել է որևէ գործողություն չկատարել և սպասել իր հետագա հանձնարարություններին:  Մինչև 2015 թվականի դեկտեմբերի 11-ը, առանց որևէ պատճառաբանություն ներկայացնելու, վարորդներին չեն վերադարձվել փաստաթղթերը, ապա նշված ավտոմեքենաներն ուղեկցվել են հայ-վրացական պետական սահմանի չեզոք գոտի, որտեղ առանց ձևակերպման, վարորդներին վերադարձվել են փաստաթղթերը նրանցից պահանջել են դիզելային վառելիքով բեռնված ավտոմեքենաները դուրս բերել ՀՀ տարածքից: Այնուհետև, Ա. Ա.-ն տեղեկացրել է Ս. Մ.-ին, որ վերը նշված բեռնատարները վերադառնալու են ՀՀ և հանձնարարել է առանց ձգձգումների կատարել բեռի ձևակերպումն ու բաց թողնել ՀՀ տարածք։ Եվ  2015թ. դեկտեմբերի 14-ի երեկոյան մատակարար և տեղափոխող ընկերությունների միջամտության արդյունքում նշված ավտոմեքենաները վերադարձել և, հատելով վրաց-հայկական պետական սահմանը, կրկին մուտք են գործել Բագրատաշենի մաքսային կետի տարածք, որտեղ նույն օրը սահմանված կարգով կատարվել է «Մաքսային տարանցում» ընթացակարգի եզրափակում ու վարորդները հնարավորություն են ստացել փոխադրել բեռը:  Պաշտոնատար անձանց դիտավորյալ հանցավոր գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության և «Կ... Ի...» ՍՊԸ օրինական շահերին, վերջինիս կողմից նշված ավտոմեքենաների պարապուրդի համար հավելյալ վճարվել է 8.352.000 ՀՀ դրամին համարժեք 1.200.000 ՌԴ ռուբլի, որն առաջացրել է գույքային ծանր հետևանքներ: Բացի այդ, պարզվել է նաև, որ այս դեպքից հետո նշված ընկերությունն այլևս դիզվառելիք չի ներկրել:    Վերոնշյալի հիման վրա ՀՀ ֆինանսների փոխնախարար Ա. Ա.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քանի որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում մեկ այլ քրեական գործով նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, այս գործով նրա նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել: Քրեական օրենսգրքի նույն հոդվածով մեղադրանքներ են առաջադրվել նաև Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսային կետի պետի նախկին տեղակալ Ս. Մ.-ին և մաքսային կետի բաժանմունքի նախկին պետ Մ. Հ-ին:   Նկատի ունենալով, որ Ս.Մ.-ն հետագայում մահացել է, վերջինիս նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը մահվան հիմքով դադարեցվել է: Իսկ Մ.Հ.-ի մասով նախաքննությունն ավարտվել է, ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործից անջատված այս մասով հաստատվել է մեղադրական եզրակացությունը և  ըստ մեղադրանքի՝ Մ. Հ.-ի՝ քրեական գործն ուղարկվել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։
10:34 - 18 մայիսի, 2021