ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Տարածաշրջանում հայ ժողովուրդը շարունակում է բախվել գոյաբանական վտանգի․ Արարատ Միրզոյանը ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցչին

Տարածաշրջանում հայ ժողովուրդը շարունակում է բախվել գոյաբանական վտանգի․ Արարատ Միրզոյանը ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցչին

Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու հատուկ խորհրդականի գրասենյակի միջև առկա շարունակական համագործակցության կապակցությամբ, որն ուղղված է ցեղասպանությունների կանխարգելմանը և այլատյացության ու խտրականության դեմ գլոբալ պայքարի խթանմանը: Այս առումով կարևորվել է Հայաստանի կողմից նախաձեռնված և երկու տարին մեկ Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ներկայացվող «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը։ Արարատ Միրզոյանը և Ալիս Վաիրիմու Նդերիտուն մտքեր են փոխանակել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» չորրորդ Գլոբալ ֆորումի վերաբերյալ, որն այս տարի նվիրված է ցեղասպանությունների կանխարգելմանը նոր տեխնոլոգիաների համատեքստում: Ընդգծվել է ֆորումի անցկացման կարևորությունը` հաշվի առնելով, որ նոր տեխնոլոգիաները կարող են նպաստել ցեղասպանության և այլ հանցագործությունների կանխարգելմանը, բայց միևնույն ժամանակ օգտագործվել որպես գործիք` նոր ոճրագործությունների իրագործման համար: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ տարածաշրջանում հայ ժողովուրդը շարունակում է բախվել գոյաբանական վտանգների: Նա անթույլատրելի է համարել Ադրբեջանի քաղաքական ամենաբարձր մակարդակով իրականացվող ինքնության վրա հիմնված ատելության հրահրումը, ինչը մեծապես խաթարում է տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատման ջանքերը: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման փորձերին՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ դա Ադրբեջանի կողմից տարվող էթնիկ զտումների քաղաքականության վառ դրսևորումներից է: Հիշեցնենք, որ մի խումբ ադրբեջանցիներ այսօր դարձյալ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցիները վրաններ են տեղադրել այնտեղ։ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհն արդեն 6 ժամ է շարունակում է փակ մնալ: Բանակցություններն առայժմ շարունակվում են: Ստեղծված իրավիճակի ֆոնին այսօր հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը։ ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր:  Հեռախոսազրույց են ունեցել նաև ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը։ Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման որոշ գործնական ասպեկտներ, այդ թվում՝ Հարավային Կովկասում տնտեսական և լոգիստիկ կապերի վերականգնման ծրագրերը։
17:37 - 12 դեկտեմբերի, 2022
Իր ռազմատենչ հռետորաբանությամբ և ուժի կիրառման սպառնալիքով Ադրբեջանը փորձում է Հայաստանին ստիպել գնալ զիջումների. Պարույր Հովհաննիսյան

Իր ռազմատենչ հռետորաբանությամբ և ուժի կիրառման սպառնալիքով Ադրբեջանը փորձում է Հայաստանին ստիպել գնալ զիջումների. Պարույր Հովհաննիսյան

Դեկտեմբերի 12-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել ԵՄ Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որի ընթացքում, մասնավորապես, նշել է.  «Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ, որ հնարավորություն ունենք անդրադառնալու Արևելյան գործընկերության տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև մտքեր փոխանակելու այս կարևոր ձևաչափի ապագայի շուրջ։ Մենք գիտակցում ենք, որ այս ձևաչափի պահպանումը լի էր մարտահրավերներով, ուստի Արևելյան գործընկերության ապագայի շուրջ ընթացող քննարկումների ապահովմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև ձևաչափի շրջանակներում գործունեության վերսկսումը, այդ թվում՝ բարձրաստիճան հանդիպումների անցկացումը, մեծապես ողջունելի են։ Արևելյան գործընկերությունն էականորեն նպաստել է իմ երկրի ժողովրդավարական վերափոխմանը։ Մենք հենց այս համատեքստում ենք դիտարկում Արևելյան գործընկերության շրջանակներում գործունեության վերականգնումն ու ձևաչափի ապագայի շուրջ սույն քննարկումը։ Հավատացած ենք, որ չնայած ներկայիս անորոշություններին և անսպասելի զարգացումներին, ձևաչափը պետք է շարունակի գործել, այն չպետք է փոխարինվի որևէ այլ նախաձեռնությամբ կամ սահմանափակի որևէ այլ համաեվրոպական ձևաչափում ներգրավվելու հնարավորությունը։   Անդրադառնալով մեր համագործակցությունն առաջ մղելուն և Եվրոպական միությանն իր Արևելյան գործընկերների հետ ավելի մերձեցնելուն ուղղված հնարավոր գործողություններին՝ ցանկանում եմ ընդգծել, որ նախևառաջ անհրաժեշտ է սահմանել, գուցե ավելի ճշգրիտ կլինի նշել՝ վերասահմանել մեր համագործակցության հիմքում դրված արժեքները։ Արժեքների և շահերի միջև հավասարակշռության բացակայությունը, կասկածելի քաղաքականությունն ու մոտեցումները, որոնք ենթադրում են, որ ընդհանուր արժեքները զոհաբերվում են հանուն կարճաժամկետ քաղաքական կամ տնտեսական շահերի, չեն ծառայում ԵՄ-ի և Արևելյան գործընկերների հետագա մերձեցմանը։ Հարգելի գործընկերներ, 2022 թվականի ընթացքում Եվրոպական միությունը և վերջինիս Արևելյան հարևանությունը բախվեցին հսկայական մարտահրավերների։ Եվրոպական անվտանգային ճարտարապետության սասանման այս շրջանում մենք ականատես ենք նաև Հարավային Կովկասում լարվածության աճին։ Արևելյան գործընկերներից մեկը՝ Ադրբեջանը, ոչ միայն շարունակաբար սպառնում է կրկին ուժ կիրառել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այլև ագրեսիայի մի քանի գործողություն է կատարել՝ բռնազավթելով Հայաստանի ինքնիշխան տարածքից ավելի քան 140 քառ. կմ տարածք։ Սեպտեմբերի 13-14-ը, ձեռնարկելով լայնածավալ ագրեսիա, Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական բնակչությունն ու ենթակառուցվածներ, դպրոցներ, հիվանդանոցներ, հանգեցնելով ավելի քան 200 զոհի, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարվածներ հասցնելով անգամ Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքում։ Ավելին, անցնող տարվա ընթացքում Ադրբեջանը մշտապես փորձեր էր անում էթնիկական զտում իրականացնել Լեռնային Ղարաբաղի մնացած 120.000 մարդկանց հանդեպ՝ սպառնալով կենսական նշանակություն ունեցող Լաչինի միջանցքի շահագործմանը, ինչը համաձայնեցվել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Հատկանշական է, որ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարում հարաբերությունների կարգավորման շուրջ։ Իր ռազմատենչ հռետորաբանությամբ և ուժի կիրառման սպառնալիքով Ադրբեջանը փորձում է Հայաստանին ստիպել գնալ զիջումների։ Այս առումով ցանկանում եմ ընդգծել, որ, նպատակ ունենալով նպաստել մեր տարածաշրջանի անվտանգությանը, Եվրամիությունը և նրա անդամ երկրները պետք է որոշակի կարմիր գծեր սահմանեն։ Ուժի կիրառումից զերծ մնալը պետք է լինի բացարձակ կարմիր գիծ, և այս առնչությամբ երկկողմանի (երկու կողմերին հավասարապես ուղղված) հայտարարությունները, ըստ էության, միայն խրախուսում են ագրեսորին շարունակել իր գործողությունները։ Մենք բարձր ենք գնահատում այն գործընկերներին, ովքեր չեն խուսափում մատնանշել ագրեսորին և բարձրաձայնել ռազմական հանցագործությունները պատշաճ կերպով հետաքննելու և դրանց հեղինակներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին։ Ոչ պակաս կարևոր է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի ամբողջական դուրսբերման շարունակական պահանջը։ Նրանց շարունակական ներկայությունը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում լուրջ մարտահրավեր է մեր տարածաշրջանում առանց այն էլ փխրուն խաղաղությանն ու կայունությանը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և դրվատել ԵՄ-ին՝ Հայաստանում ԵՄ մոնիտորինգի կարողությունների արագ և արդյունավետ տեղակայման համար: Անհերքելի է այդ առաքելության ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում։ Հայաստանը բարձր է գնահատում EUMCAP-ի աշխատանքը և կարծում է, որ քանի որ իրավիճակը շարունակում է մնալ շատ փխրուն և Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի վտանգը շատ մեծ է, առաքելությունը պետք է շարունակի տեղում կատարել իր շատ կարևոր դերը։ Հարգելի գործընկերներ, Հայաստանն ի սկզբանե ընդունել է ԱլԳ-ը՝ որպես հավելյալ միջոց բարեփոխումների համապարփակ իր օրակարգի համար՝ ուղղված մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի և արդյունավետ կառավարման ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին. ոլորտներ, որտեղ մեզանից շատերը իրականացրել են իրական ջանքեր՝ նպատակ ունենալով ապահովել մեր ժողովուրդների բարգավաճումը։ Եվրամիությունը մնում է Հայաստանի հիմնական գործընկերը ինստիտուտների կառուցմանը նպաստելու և մեր բարեփոխումների օրակարգին աջակցելու գործում։ Քննարկման ևս մեկ հարց է Տնտեսական և ներդրումային ծրագրի իրականացման արագացումը՝ մեր քաղաքացիների համար օգուտները առավելագույնի հասցնելու համար: Վերջին տարիների գլոբալ և տարածաշրջանային ճգնաժամերը և անվտանգության մարտահրավերները, ազդելով ԱլԳ երկրների վրա, որոշակիորեն դանդաղեցրել են Տնտեսական և ներդրումային ծրագրից բխող Ուղենշային նախաձեռնությունների իրականացումը: Այնուամենայնիվ, ուրախ եմ նշել, որ մեր կառավարությունը շարունակում է ակտիվորեն ներգրավվել ԵՄ մեր գործընկերների հետ՝ Հայաստանի համար նախատեսված բոլոր նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։ Մենք պատրաստ ենք էլ ավելի ընդլայնել մեր համագործակցության շրջանակը՝ ի շահ մեր քաղաքացիների։ Շնորհակալություն»։
17:27 - 12 դեկտեմբերի, 2022
Հայ ժողովուրդն առերեսվեց անվտանգային նոր սպառնալիքների, որոնք մինչ այս պահը վերացված չեն. Արարատ Միրզոյան
 |1lurer.am|

Հայ ժողովուրդն առերեսվեց անվտանգային նոր սպառնալիքների, որոնք մինչ այս պահը վերացված չեն. Արարատ Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկվեց Հայաստանի ինքնիշխան տարածքը, ինչի հետևանքով տեղի ունեցան մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ: Այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Հայ ժողովուրդն առերեսվեց անվտանգային նոր սպառնալիքների, որոնք մինչ այս պահը վերացված չեն: Այս իրավիճակը երկարատև գործընթացի արդյունք է, երբ տարիներ շարունակ հայերի հանդեպ իրականացվող ծայրահեղ ատելության տարածումը, ռազմական կարողությունների հետևողական զարգացումը ի վերջո վերածվեցին ուժի կիրառման: Ուժի կիրառմամբ արտաքին քաղաքական խնդիրների լուծման մոտեցումը, որը դրսևորվում է աշխարհի տարբեր անկյուններում, նոր պատերազմների և հակամարտությունների բռնկմամբ, վկայում է համաշխարհային անվտանգային համակարգի ճգնաժամի մասին: Ակնհայտ է, որ ուժը միշտ էլ եղել է միջազգային հարաբերությունների կարևոր գործոն, սակայն որևէ միջազգային համակարգ չի կարող հիմնված լինել բացառապես «Ուժն է ծնում իրավունք» սկզբունքի վրա, քանզի, ինչպես գիտենք, ուժեղից միշտ էլ առավել ուժեղը կա, հարատև պատերազմն անգամ չի կարող արձանագրել ուժերի վերջնական, ճշգրիտ հավասարակշռություն»,- ասաց Միրզոյանը: Միրզոյանը շեշտեց, որ ինչպես առանձին մարդը, այնպես էլ առանձին ժողովուրդն ունի կյանքի, անվտանգ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք:
12:15 - 12 դեկտեմբերի, 2022
ՀՀ ԱԳ նախարարի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի հետ

ՀՀ ԱԳ նախարարի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի հետ

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Արարատ Միրզոյանը և Քերըն Դոնֆրիդն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ: Ընդգծվել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային անվտանգության ու սահմանազատման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը:Ընդգծելով Հայաստանի կողմից ներդրվող ջանքերը խաղաղության հաստատման ուղղությամբ՝ նախարար Միրզոյանը նշել է, որ անվտանգային իրավիճակը տարածաշրջանում փխրուն է, իսկ Ադրբեջանի կողմից նոր սադրանքների հավանականությունը շարունակում է բարձր լինել:
18:51 - 09 դեկտեմբերի, 2022
Պատիվ է լինել Հայաստանի առաջին հավատարմագրված դեսպանն Ավստրալիայում. Արեգ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Ավստրալիայի գեներալ- նահանգապետին

Պատիվ է լինել Հայաստանի առաջին հավատարմագրված դեսպանն Ավստրալիայում. Արեգ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Ավստրալիայի գեներալ- նահանգապետին

Ավստրալական Միությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը դեկտեմբերի 8-ին իր հավատարմագրերն է հանձնել Ավստրալիայի գեներալ-նահանգապետ Դեյվիդ Հարլիին: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում գեներալ-նահանգապետը հաջողություն է մաղթել դեսպանին կարևոր և պատասխանատու առաքելության մեկնարկի կապակցությամբ և խոստացել աջակցել նրա հետագա գործունեությանը: Դեսպան Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանի և Ավստրալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարում իր համար պատիվ է լինել Հայաստանի առաջին հավատարմագրված դեսպանը Ավստրալիայում: Նա հույս հայտնեց, որ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-ավստրալական երկկողմ միջպետական հարաբերություններն առաջիկայում կբարձրացվեն որակական նոր մակարդակի: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ամենայն ջանք ներդնել հայ-ավստրալական բարեկամական հարաբերությունները զարգացնելու և խորացնելու ուղղությամբ: Այս համատեքստում ընդգծվել է նաև Ավստրալիայի հայ համայնքի կարևոր դերակատարությունը Հայաստանի և Ավստրալիայի հասարակություններին մերձեցնելու և երկու երկրները միմյանց համար ավելի ճանաչելի դարձնելու գործում:
12:12 - 09 դեկտեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն առնչվող հարցեր

Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաև սահմանազատման գործընթացի և տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ: Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու իր դիրքորոշմանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի շարունակական սադրիչ գործողություններն ու առավելապաշտական հռետորաբանությունը բերում են անվտանգային փխրուն իրավիճակի սրման: Զրուցակցիներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը և կարևորել վերջինիս դերը:
17:29 - 08 դեկտեմբերի, 2022
ՀԱՊԿ շրջանակում դիտարկվել է նաև ՀՀ-ին ռազմատեխնիկական օգնության հարցը, բայց մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականն է. ՀՀ ԱԳ նախարար |armenpress.am|

ՀԱՊԿ շրջանակում դիտարկվել է նաև ՀՀ-ին ռազմատեխնիկական օգնության հարցը, բայց մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականն է. ՀՀ ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ շրջանակում դիտարկվել է նաև Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը, սակայն Հայաստանի համար առաջնայինը քաղաքական գնահատականն է, դաշնակիցների կողմից փաստի արձանագրումը: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին: Պատգամավորը հիշեցրեց, որ վերջերս Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներով Հայաստանը չի միացել մի շարք փաստաթղթերի, որոնք ուղարկվել են լրամշակման: Նա հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է լրամշակման գործընթացը, և Հայաստանն արդյոք ակնկալիքներ ունի՞ այդ փաստաթղթերից: «Ակնկալիքը մեկն է՝ հստակորեն արձանագրել այն, ինչ տեղի է ունեցել, իսկ դա է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումը, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, այս փաստի արձանագրումը ու դրանից բխող գործողությունների ձեռնարկումը: ՀԱՊԿ-ն ռազմաքաղաքական դաշինք է, որտեղ պետությունները պայմանավորվել են պաշտպանել միմյանց տարածքային ամբողջականությունը, պաշտպանել դիվանագիտական, քաղաքական եղանակներով, բայց, եթե հարկ լինի՝ նաև ռազմական ճանապարհով: Եվ ահա մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն այս ոգով կվերաբերվեն նաև ընդունվելիք որոշումներին, ինչը, ցավոք, այդպես չէր ընկալվում և այդպիսի վերաբերմունքի չարժանացավ մյուս երկրների կողմից»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ այժմ աշխատանքները շարունակվում են: Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե ՀԱՊԿ-ից օգնության ի՞նչ առաջարկ է եղել:   «Քննարկվող որոշման մեջ, ի թիվս այլ միջոցառումների, միջոցների, դիտարկվում էր նաև Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը, բայց, կրկնում եմ՝ մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականի հարցն է, մեր դաշնակիցների կողմից արձանագրումը, որ տեղի է ունեցել ներխուժում ՀՀ տարածք, այնուհետև կարող էինք դիտարկել նաև մնացած միջոցները՝ քաղաքական ճանապարհով հարցի հանգուցալուծում, այսինքն՝ ադրբեջանական զորերի հետքաշման ապահովում, ռազմատեխնիկական օգնություն, այլ միջոցառումներ»,- պարզաբանեց Միրզոյանը: Նախարարն ասաց, որ որոշումը չի ընդունվել, այժմ արտաքին քաղաքական գերատեսչությունները պետք է շարունակեն աշխատել՝ տեսնելու համար, թե որտեղ է հնարավոր գալ ընդհանուր հայտարարի:
19:07 - 07 դեկտեմբերի, 2022
Հայաստանը ԼՂ տարածքում չունի որևէ զինված կազմավորում. Միրզոյան

 |armenpress.am|

Հայաստանը ԼՂ տարածքում չունի որևէ զինված կազմավորում. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի տարածքում չունի որևէ զինված կազմավորում, Լեռնային Ղարաբաղն ունի պաշտպանության բանակ, որի առաքելությունը ԼՂ հայության ինքնապաշտպանությունն է, քանի որ կա նրանց էթնիկ զտումների վտանգ: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադառնալով պատգամավոր Արման Եղոյանի հարցին: Պատգամավորը հիշեցրեց Ադրբեջանի ԱԳ նախարարի հնչեցրած մեղադրանքների մասին, թե նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններն ամբողջովին չեն կատարվում: Ադրբեջանի ԱԳ նախարարը, մասնավորապես, մատնանշել է տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման խնդիրը՝ մեղադրելով Հայաստանին, խոսել է նաև ԼՂ տարածքում ՀՀ զինված ուժերի ներկայության մասին: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի տարածքում չունի որևէ զինված կազմավորում: Մենք գիտենք, որ Լեռնային Ղարաբաղն ունի պաշտպանության բանակ: Եվ այս միավորման, բանակի անվանումն ինքնին հուշում է այն մասին, որ այս բանակի առաքելությունը ԼՂ հայության ինքնապաշտպանությունն է: Եվ այս առաքելությունն այսօր առավել քան երբևէ պահանջված է: ԼՂ հայության վրա շարունակում են կրակել, նրանց ենթարկում են տարատեսակ ճնշումների: Երբ կվերանա ԼՂ հայության էթնիկ զտումների վտանգը, այն ժամանակ կարծում եմ, որ ԼՂ հայությունը կկարողանա քննարկել հնարավոր տարբեր այլ սցենարներ»,-ասաց Միրզոյանը: Անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ ԱԳ նախարարն ասաց, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները, ցավոք, ոչ ամբողջությամբ են կյանքի կոչված: Խոսքն առաջին հերթին հայ ռազմագերիների և ապօրինաբար պահվող մյուս անձանց ազատ արձակման ձգձգումն է: Իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանային, տնտեսական կապերի ապաշրջափակմանը՝ Միրզոյանն ասաց. «Երեկ ենք հանդիպել աշխատանքային խմբի շրջանակներում: Աշխատանքները, քննարկումներն ընթանում են: Քննարկվող հարցերը բավականին բարդ են, բավականին բարդ շերտեր ու ենթաշերտեր կան, բայց աշխատանքներն ընթանում են»,- ասաց Միրզոյանը: ԱԳ նախարարը հավաստիացրեց, որ բոլոր թեմաներով բոլոր հանդիպումներում հայկական կողմը դրսևորում է առավելագույն կառուցողականություն:  
17:57 - 07 դեկտեմբերի, 2022
Առաջիկայում կլսեք Հայաստանի և Հունգարիայի կողմից դեսպանների նշանակման մասին. Արարատ Միրզոյան
 |1lurer.am|

Առաջիկայում կլսեք Հայաստանի և Հունգարիայի կողմից դեսպանների նշանակման մասին. Արարատ Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանեց Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների լիարժեք վերականգնման մասին հարցին: «Առիթ ունեցել եմ ասելու, որ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ մեր գնահատականը չի փոխվել: Հունգարական իշխանությունները հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին և հունգարական դատարանով դատապարտված հանցագործին չպետք է արտահանձնեին Ադրբեջանին: Բայց այդ իրադարձությունները հիշելով՝ նաև հիշում ենք անցած տարի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերը 5 հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ: Հունգարական իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ հասան Բաքու և 5 ազատ արձակվող գերիների հետ եկան Երևան: Մենք նաև չենք կարող չնկատել հունգարական իշխանությունների աջակցությունը քովիդի դեմ պայքարի շրջանակներում»,- ասաց Միրզոյանը: Նա նշեց, որ կան բազմաթիվ այլ օրինակներ, այդ թվում՝ ֆինանսական աջակցությունը Հայ Առաքելական Եկեղեցուն: Կա համագործակցություն նաև դպրոցների մակարդակում: «Առաջիկայում կլսեք մեր երկու երկրների կողմից դեսպանների նշանակման մասին»,- ասաց Միրզոյանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը։  Հանդիպմանը կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել վերականգնելու լիարժեք դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաև, ի շարունակություն հանդիպման՝ երկու կառավարությունները ոչ ռեզիդենտ դեսպաններ պետք է նշանակեն՝ ուսումնասիրելու հարաբերությունների զարգացման հնարավորությունները, հատկապես առևտրի, մշակույթի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում։ Նշենք, որ 2012 թ․-ին Հայաստանը խզել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները այն բանից հետո, երբ Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Հունգարիան արտահանձնեց Ադրբեջանին ՝ չնայած նրան, որ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի։ 
17:27 - 07 դեկտեմբերի, 2022
ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լին Թրեյսին պարգևատրվել է ԱԳՆ պատվո մեդալով

ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լին Թրեյսին պարգևատրվել է ԱԳՆ պատվո մեդալով

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:    Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում առկա դրական դինամիկան, այդ թվում` ակտիվ քաղաքական երկխոսության առումով:   Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Թրեյսիին հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար և այդ կապակցությամբ պարգևատրել դեսպանին ՀՀ ԱԳՆ պատվո մեդալով:   Արարատ Միրզոյանը հաջողություններ է մաղթել Լին Թրեյսիին իր հետագա ծառայության մեջ:   Նշենք, որ Լին Թրեյսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թեկնածուն է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Լին Թրեյսին արդեն աշխատել է Մոսկվայում 2014-ից 2017 թվականներին՝ որպես առաքելության ղեկավարի տեղակալ։ Նա խոսում է ռուսերեն, և եթե նշանակվի, կլինի Ռուսաստանում ԱՄՆ առաջին կին դեսպանը:   Միևնույն ժամանակ Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու է Ք. Քվիենը։   
16:31 - 07 դեկտեմբերի, 2022
ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 6-րդ նախարարական հանդիպմանը

ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 6-րդ նախարարական հանդիպմանը

Հայաստանի ԱԳ փոխնախարարը Վահե Գևորգյանը մասնակցել է դեկտեմբերի 4-ին Բաղդադում կայացած Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 6-րդ նախարարական հանդիպմանը։ Այս մասին տեղեկանում է ԱԳ հաղորդագրությունից: Հանդիպմանը մասնակցել են նաև Պերուի, Բոլիվիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Հունաստանի, Իտալիայի, Իրանի, Մեքսիկայի և ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները, հանդիպումն Իրաքի ԱԳ նախարարի նախագահությամբ է եղել: Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ կարևորել է ֆորումի դերը՝ որպես մշակութային երկխոսության և համագործակցության հարթակ, որի գործունեությունն ուղղված է հնագույն քաղաքակրթությունների մշակութային հարուստ ժառանգության պաշտպանությանը։  Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղում հայկական հնագույն մշակութային ժառանգության վտանգված լինելու հանգամանքը և դրա նկատմամբ իրականացվող դիտավորյալ ոչնչացման, պղծման, յուրացման և վանդալիզմի ուղղորդված քաղաքականությունը։ Նախարարի տեղակալը  կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը՝ կանխելու հայկական հնագույն մշակույթին ժառանգության ոչնչացումը։ Այս տեսանկյունից ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելության հրատապ իրականացման անհրաժեշտությունը՝ 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում՝ որպես տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության պահպանման կարևոր միջոց։ Ֆորումի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում՝ անդամ-պետությունների պատվիրակությունների ղեկավարների կողմից ընդունվել է Բաղդադի հռչակագիրը: Անդամ-պետությունների պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանին։ Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդուլ-Լատիֆ Ռաշիդին։ Հանդիպման ընթացքում Վահե Գևորգյանը նշել է, որ Իրաքը հանդիսանում է տարածաշրջանում ՀՀ վստահելի գործընկերը: Այս համատեքստում կարևորվել է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտների հետագա ծավալումը և զարգացումը՝ առանձնահատուկ ընդգծելով առևտրատնտեսական կապերի շարունակական խորացման անհրաժեշտությունը: Բարձր է գնահատվել  իրաքյան կողմի ջանքերը՝ Բաղդադում անցկացված Հնագույն քաղաքակրթությունների նախարարական 6-րդ ֆորումի կազմակերպման աշխատանքներում։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը երկկողմ հանդիպում է ունեցել նաև Իրաքի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող մի շարք հարցերի: Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ զարգացնելու  հայ-իրաքյան հարաբերությունները:
20:27 - 06 դեկտեմբերի, 2022
ԱԳ նախարարի տեղակալը Նիկարագուայի դեսպանին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքները

ԱԳ նախարարի տեղակալը Նիկարագուայի դեսպանին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքները

Դեկտեմբերի 5-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիկարագուայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալբա Ասուսենա Տոռես Մեխիան (նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին մաղթել է բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք: Նիկարագուայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, նշել է, որ կաշխատի առավելագույնս նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը: Հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի զարգացման հնարավորություններին, կարևորել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրների շուրջ: Պարույր Հովհաննիսյանը Նիկարագուայի դեսպանին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:
15:12 - 05 դեկտեմբերի, 2022
Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի գործողություններն են. Միրզոյանը՝ Ռիքերի հետ հանդիպմանը

Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի գործողություններն են. Միրզոյանը՝ Ռիքերի հետ հանդիպմանը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:    Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող վերջին զարգացումները:   Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի կիրառման դրսևորումները, շարունակական սադրանքները և ռազմատենչ հայտարարությունները հանդիսանում են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտը:   Արարատ Միրզոյանը և Ֆիլիպ Ռիքերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ:
17:49 - 03 դեկտեմբերի, 2022
Հայաստանի ԱԳՆ տեղակալն ընդունել է Իտալիայի պատվավոր հյուպատոսին

Հայաստանի ԱԳՆ տեղակալն ընդունել է Իտալիայի պատվավոր հյուպատոսին

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Գյումրիում Իտալիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Անտոնինո Մոնտալտոյին՝ առաքելության ավարտի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։   Նախարարի տեղակալը պատվո հյուպատոսին է հանձնել ՀՀ նախագահի կողմից շնորհված «Բարեկամության» շքանշանը՝ հայ-իտալական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում նրա ներդրած նշանակալի ավանդի համար։   Իր խոսքում նախարարի տեղակալն ընդգծել է, որ բարձր է գնահատվում Անտոնինո Մոնտալտոյի անձնուրաց նվիրվածությունը Հայաստանին` սկսած 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից մինչ այժմ, ներառյալ՝ իրականացրած մարդասիրական բազմաբնույթ ծրագրերը, առողջապահության ոլորտում լայնածավալ գործունեությունը, մշակութային ակտիվությունը, այդ թվում պատմամշակութային ժառանգության պահպանումն ու վերականգնումը, զբոսաշրջության ոլորտում ներգրավվածությունը և այլն: Մեծապես կարևորվել է նաև նրա կողմից հիմնված Գյումրու կերամիկական դպրոց-արհեստանոցի գործունեությունը։   Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն։
14:04 - 03 դեկտեմբերի, 2022
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Եգիպտոսի նորանշանակ դեսպանը քննարկել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրներ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Եգիպտոսի նորանշանակ դեսպանը քննարկել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրներ

Դեկտեմբերի 1-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Սերենադ Սոլիման Գամիլը: Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Գամիլին նշանակման առիթով և մաղթել նրան արգասաբեր աշխատանք և հաջողություն կարևոր առաքելության իրականացման գործում՝ համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր նպաստը կբերի երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Եգիպտոսի նորանշանակ դեսպանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում ներկայացնել Եգիպտոսը՝ հավելելով, որ իր առավելագույն ջանքերը կներդնի երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների հետագա զարգացման գործում։ Զրուցակիցները քննարկել են հայ-եգիպտական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ մասնավորապես անդրադառնալով երկկողմ հագեցած օրակարգին և համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրներին: ԱԳ նախարարի տեղակալը տիկին Գամիլին ներկայացրել է Հայաստանի շուրջ և տարածաշրջանում ստեղծված անվտանգային դրությունը՝ մասնավորապես ներկայացնելով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
19:56 - 02 դեկտեմբերի, 2022
Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր

Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր

ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուին: Ինչպես հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր, միջազգային հարթակներում հայ-ռումինական փոխգործակցության մակարդակի բարձրացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համագործակցությանը։ Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները: Հայկական կողմը վերահաստատել է իր հանձնառությունը խաղաղության օրակարգին՝ արձանագրելով, որ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու ուժի և ուժի սպառնալիքի կիրառման դրսևորումներն անընդունելի են և հակասում են ձեռք բերված պայմանավորվածություններին:  Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարները նաև անդրադարձ են կատարել ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանն ու ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության կողմից իրականացված աշխատանքներին: Բարձր է գնահատվել առաքելությունների գործունեությունը։       
16:11 - 02 դեկտեմբերի, 2022