ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Եվրախորհրդարանը ՌԴ-ից պահանջում է «վերադարձնել գողացված ինքնաթիռները»
 |factor.am|

Եվրախորհրդարանը ՌԴ-ից պահանջում է «վերադարձնել գողացված ինքնաթիռները» |factor.am|

factor.am: Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ Ռուսաստանից պահանջելով վերադարձնել գողացված ինքնաթիռները։ Այս մասին հայտնում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը։ Գերատեսչության կայքում նշվում է, որ պատգամավորները մտահոգված են ավիացիոն ոլորտի վրա պատերազմի լուրջ ազդեցությամբ և ափսոսում են, որ «Ռուսաստանի Դաշնությունը, խախտելով միջազգային քաղաքացիական ավիացիայի կանոնները, ստիպել է վերագրանցել օտարերկրյա ընկերություններից վարձակալած ինքնաթիռները ռուսական ինքնաթիռների գրանցամատյանում»։ «Նման գողությունը չի կարելի հանդուրժել»,- ասել են Եվրախորհրդարանի պատգամավորները՝ պահանջելով անհապաղ վերադարձնել այդ ինքնաթիռներն իրենց օրինական տերերին։ Պատգամավորները նաև կոչ են արել խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի տրանսպորտային հատվածի նկատմամբ, նաև օգնել ԵՄ-ում հյուրանոցներին և կարճաժամկետ վարձակալության ծառայություններին, որոնք ընդունում են ուկրաինացի փախստականներին:
15:55 - 06 մայիսի, 2022
Հունգարիան չի կարող սատարել Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներն այն տեսքով, որը կա․ Վիկտոր Օրբան

Հունգարիան չի կարող սատարել Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներն այն տեսքով, որը կա․ Վիկտոր Օրբան

Հունգարիան չի կարող սատարել Եվրամիության պատժամիջոցենրի նոր փաթեթը, որը ներառում է նավթի ներկրման արգելք, այն տեսքով, որը հիմա կա, Reuters-ի փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նա նշել է, որ ռուսական նավթի ներկրման արգելքի մասին Եվրահանձնաժողովի ներկայիս առաջարկը հավասարազոր է կլինի Հունգարիայի տնտեսության վրա նետված «ատոմային ռումբի»։ Վարչապետը հայտարարել է նաև, որ Հունգարիան պատրաստ է նոր առաջարկի շուրջ բանակցությունների, եթե այն համապատասխանի Հունգարիայի շահերին։ Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն առաջարկել էր Մոսկվայի դեմ ամենախիստ պատժամիջոցների փաթեթն Ուկրաինայում պատերազմ սկսելու համար, սակայն ԵՄ որոշ երկրներ մտահոգ են, որ ռուսական նավթի մատակարարման դադարեցումն իրենց շատ ժամանակ չի տա նախապատրաստվելու՝ չնայած որ ֆոն դեր Լյայենը նշել էր․ Սլովակիայի և Հունգարիայի համար բացառություն կարվի մինչև 2023 թ-ի ավարտը։ Օրբանը պետական ռադիոյին ասել է, որ երկրին անհրաժեշտ կլինի հինգ տարի և հսկայական ներդրումներ՝ ներկայիս համակարգը վերափոխելու համար։ Նշենք որ, Հունգարիայի նավթի պահանջարկի 65%-ն ապահովվում է ռուսական նավթի հաշվին։   Նորա Վանյան
15:22 - 06 մայիսի, 2022
Մինչ Չինաստանն ու Ռուսաստանն ամրապնդում են կապերը, Եվրոպան զարգացնում է հարաբերությունները Ճապոնիայի և Հնդկաստանի հետ․ Politico

Մինչ Չինաստանն ու Ռուսաստանն ամրապնդում են կապերը, Եվրոպան զարգացնում է հարաբերությունները Ճապոնիայի և Հնդկաստանի հետ․ Politico

Politico պարբերականն իր հոդվածում գրում է Չինաստանի և Ռուսաստանի համագործակցության, ինչպես նաև Հնդկաստանի և Ճապոնիայի հետ հարաբերություններն ամրապնդելու Եվրոպայի փորձերի մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Մինչ Չինաստանն ամրապնդում է իր ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ, Եվրոպան դաշնակիցներ է փնտրում Ասիայի մյուս շրջաններում։ Հաջորդ շաբաթ նախատեսվում է, որ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Տոկիո են մեկնելու՝ ԵՄ-Ճապոնիա համատեղ գագաթնաժողովի անցկացման համար։ Այս մասին հայտնել են երկու դիվանագետներ, որոնք ցանկացել են անանուն մնալ, ճապոնական լրատվամիջոցները հաստատել են լուրը։ Սա այս երկու եվրոպացի պաշտոնյաների առաջին այցն է լինելու Արևելյան Ասիա այն բանից ի վեր, ինչ զբաղեցրել են իրենց պաշտոնները ԵՄ-ում կորոնավիրուսի տարածումից մի փոքր առաջ։ Նախորդ շաբաթ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտոնավարման մեկնարկից ի վեր առաջին այցը կատարեց Ասիա և շրջանցեց Չինաստանը։ Փոխարենն այցելեց Ճապոնիա՝ ի տարբերություն Գերմանիայի նախորդ կանցլեր Անգելա Մերկելի, որը նախընտրում էր անձնական կապերը զարգացնել Պեկինի ղեկավարության հետ։ Դրանից մի քանի օր առաջ ֆոն դեր Լյայենը Հնդկաստանում ներկա գտնվեց Raisina Dialogue արտաքին քաղաքական հարցերով առանցքային կոնֆերանսին, որտեղ հստակ զգուշացում արեց Պեկինի և Մոսկվայի միջև «սահմաններ չունեցող» գործընկերության մասին։ Հունիսից Եվրամիության խորհրդում Չեխիայի նախագահության ընթացքում պլանավորվում է մի շարք միջոցառումներ անցկացնել Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների հետ՝ չնայած նրան, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը խլում է Եվրոպայում քաղաքական էներգիայի մեծ մասը։ Կարճ ասած՝ եվրոպական հողում անսպասելիորեն սկսված պատերազմը Եվրամիությանը ստիպում է նոր հայացք գցել Չինաստանի վրա, որն, ինչպես պարզվում է, կարծես թե Ռուսաստանի հավատարիմ գործընկերն է։   Չինաստան Երկու տասնամյակ շարունակ Չինաստանը հսկայական օգուտներ է քաղել Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելուց։ Եվրոպական բազմազգ շատ կորպորացիաներ Չինաստանը դիտարկում են՝ որպես կարևոր շուկա և շահույթի աղբյուր։ Չնայած Չինաստանի նախագահ Սի Ծինպինի՝ ներքին նորարարություններին և սպառմանն ավելի մեծ ուշադրություն դարձնելու կոչերին՝ արտաքին առևտուրը, հատկապես՝ ԵՄ և ԱՄՆ հետ, նախկինի պես հսկայական դեր է խաղում Չինաստանի տնտեսական զարգացման հարցում։ Պատերազմն Ուկրաինայում փոխեց այս իրավիճակը։ Եվ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, և Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լյայենը Պեկինին զգուշացրին «հետևանքների» և «հեղինակության ռիսկերի» մասին, եթե վերջինս Ռուսաստանին օգնի շրջանցել պատժամիջոցներն ու զենք տրամադրի։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասն ավելի հեռուն գնաց՝ նախորդ շաբաթ հայտարարելով, որ Չինաստանի աճը «անխուսափելի բան չէ, այն չի շարունակվելու, եթե նրանք [Չինաստանը] չհետևեն խաղի կանոններին»։ Չինաստանի դեմ խստացող հեռտորաբանությունն աննկատ չի մնացել բիզնես միջավայրի համար։ Քանի որ արևմտյան ընկերությունները խզել են կապերը Ռուսաստանի հետ, Չինաստանի բիզնես համայնքում աճում է անհանգստությունը, հատկապես, որ Պեկինն այնքան էլ ջանք չի գործադրում հեռավորություն պահպանելու մի երկրից, որն ավելի ու ավելի վտարանդի է դառնում։   Ճապոնիա Ինչպես Շոլցն է նշել, Ճապոնիայի ընտրությունը՝ որպես ասիական առաջնային ուղղություն, որը նա արել է Գերմանիայի կանցլեր դառնալուց հետո, «պատահական չէ»։ Թեև Շոլցը խուսափել է ուղղակիորեն քննադատել Չինաստանին, նա ընդգծել է գերմանական բիզնեսի մասով դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը։ Կանցլերը հավելել է, որ մատակարարման շղթաների կախվածությունն առանձին պետություններից նվազեցնելը «խնդիր է, որը երբեք այսքան արդիական չի եղել»։  «Մի բան պարզ է․ մեր ընկերություններն ու մենք ինքներս անելու ենք հնարավոր ամեն ինչ՝ երաշխավորելու համար, որ մատակարարման շղթաների հարցում ոչ ոք որոշակի պահի կախված չէ միայն մի երկրից»։ [Ուկրաինական] պատերազմի մեկնարկից ի վեր Ճապոնիան հայտարարվել է՝ որպես Արևմուտքի մոտ գործընկեր։ Նա սակավաթիվ ասիական երկրներից մեկն է (Հարավային Կորեային և Սինգապուրին զուգահեռ), որը միացել է Եվրոպայի և ԱՄՆ սահմանած պատժամիջոցներին։ Երբ խոսքը գնում է տարածաշրջանում Ճապոնիայի՝ գլխավոր հակառակորդ Չինաստանի հետ հարաբերությունների մասին, Տոկիոն մեծապես հույսը դնում է ԱՄՆ հետ անվտանգության հարցերում համագործակցության վրա։ Օրինակ՝ անցյալ տարի Financial Times-ը գրել էր, որ Ճապոնիան ու ԱՄՆ-ն համատեղ զորավարժություններ են անցկացրել Թայվանի պատճառով Չինաստանի հետ հնարավոր կոնֆլիկտի առնչությամբ։ Սակայն ԵՄ-ն էլ իր դեր պետք է ունենա։ «Թեև նրանք [Ճապոնիան] հասկանում են, որ եվրոպացիները չեն կարող փոխարինել ԱՄՆ հետ համագործակցությունը, կարծում եմ, այն [Եվրոպան], միևնույն է, ծառայում է՝ որպես լրացուցիչ երաշխիք», - ասում է Ճապոնիայում և Չինաստանում ԵՄ նախկին դեսպան Դիտմար Շվայսգուտը։   Հնդկաստան Հաջորդ մի քանի ամիսը վճռորոշ նշանակություն է ունենալու՝  հասկանալու համար, թե արդյոք Եվրոպան կարող է միաժամանակ կենտրոնանալ և Ռուսաստանի, և Չինաստանի վրա։ Հնդկաստանն, իր հերթին, որոշ առումով ավելի շատ նման է Չինաստանին, քան Ճապոնիային։ Նա հաշվի չի նստել Արևմուտքի գործադրած ճնշման հետ և ձեռնպահ է մնացել Ռուսաստանի սանձազերծած պատերազմը դատապարտող ՄԱԿ քվեարկության ժամանակ։ Հնդկաստանը նաև ռուսական զենքի խոշոր ներկրող է։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն Հնդկաստանը համարում է առանցքային գործընկեր Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ նրա, Ավստրալիայի և Ճապոնիայի հետ միասին Անվտանգության քառակողմ երկխոսություն (QUAD) ձևավորելով , որը Չինաստանում սպառնալիք է համարվում։ Ֆրանսիան նույնպես ձգտում է բարելավել ռազմածովային կապերը Հնդկաստանի հետ։ Նյու Դելի կատարած իր այցի ժամանակ ֆոն դեր Լյայենը քննադատել էր Չինաստանին՝ Ռուսաստանի հետ նրա համագործակցության համար և ողջունել էր Հնդկաստանին՝ որպես աշխարհի մեծագույն ժողովրդավար երկրի, և խոստացել խորացնել առևտրային կապերը։ Փորձելով հետ պահել Հնդկաստանին Ռուսաստանի հետ համագործակցությունից նա հավելել էր․ «Պատերազմի ելքը ոչ միայն կանխորոշելու է Եվրոպայի ապագան, այլև մեծապես ազդելու է Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և մնացած աշխարհի վրա»։ ԵՄ-Հնդկաստան հարաբերությունների գլխավոր խնդիրն ազատ առևտրի մասին պայմանագրի բացակայությունն է։ Համաձայնագիր կնքելու նախորդ յոթամյա փորձը փակուղի է մտել, սակայն կողմերն այժմ փորձում են վերսկսել բանակցությունները։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նույնպես վերջերս Հնդկաստան է այցելել, նրա այցի առանցքում պաշտպանության ոլորտում համագործակցությունն էր։ Որպես խորհրդանշական քայլ Հնդկաստանը որոշել է դեսպանատուն բացել Լիտվայում՝ ԵՄ անդամ երկրում, որի դեմ Պեկինն առևտրային էմբարգո է կիրառում։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան այս շաբաթ Եվրոպա կայցելեն։ Չինաստանի վերաբերյալ նրանց գաղափարները լսելի կլինեն, սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք արդյունքում որևէ գործողություն կձեռնարկվի»։   Նորա Վանյան  
16:48 - 05 մայիսի, 2022
Կրեմլը հետևում է ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի նախապատրաստմանը․ Պեսկով

Կրեմլը հետևում է ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի նախապատրաստմանը․ Պեսկով

Կրեմլը հետևում է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի նախապատրաստման գործընթացին՝ հաշվարկելով իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակները, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Սրանք դեռ պլաններ են, այնտեղ քննարկումը շարունակվում է»,- ասել է նա։ Այսպես է Կրեմլի ներկայացուցիչը մեկնաբանել եվրադիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքերն այն մասին, որ Եվրամիությունը նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որի շրջանակում ռուսական որոշ բանկեր կանջատվեն SWIFT-ից, ապատեղեկատվության համար պատասխանատուների նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն և ռուսական նավթի ներկրման դեմ պայքարը կշարունակվի։ Պեսկովի խոսքով՝ այն երկրները, որոնք փորձում են վնաս հասցնել Ռուսաստանին՝ պատժամիջոցներ կիրառելով, ստիպված են լինելու նույնպես մեծ գին վճարել։ «Դա երկսայր զենք է։ Փորձելով վնաս հասցնել մեզ՝ նրանք նույնպես ստիպված կլինեն մեծ գին վճարել, և արդեն անում են դա։ Եվ այդ պատժամիջոցների գինը Եվրոպայի քաղաքացիների համար ավելանալու է ամեն օր»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։   Նորա Վանյան
19:21 - 04 մայիսի, 2022
ԵՄ-ն հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթում ռուսական նավթի ներառման մասին

ԵՄ-ն հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթում ռուսական նավթի ներառման մասին

Եվրամիությունն այսօր հայտարարել է Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցների սահմանման մասին, որոնք վերաբերում են նաև նավթի նկատմամբ փուլային էմբարգոյի կիրառմանը։ Սա տեղի է ունեցել Կիևի այն հայտարարության ֆոնին, որ Մոսկվան ուժեղացնում է գրոհն Ուկրաինայի արևելքում, և որ Ռուսաստանի դաշնակից Բելառուսը լայնամասշտաբ զորավարժություններ է հայտարարել, գրում է Reuters-ը։ Եվրահանձնաժողովն առաջարկել է վեց ամսվա ընթացքում փուլ առ փուլ հրաժարվել ռուսական անմշակ նավթի և նավթամթերքի մատակարարումներից մինչև 2022 թ-ի ավարտը։ Այս հայտարարության պատճառով «Բրենտ» տեսակի նավթի գներն աճել են 4%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց ավելի քան 109 դոլարի։ «[Նախագահ Վլադիմիր] Պուտինը պետք է բարձր գին վճարի իր դաժան ագրեսիայի համար»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Հունգարիան և Սլովակիան ցանկանում են դեռևս չմասնակցել նավթի էմբարգոյին, հայտնել են Reuters-ի աղբյուրները։ Ֆոն դեր Լյայենը հայտարարել է նաև ռուսական «Սբերբանկի» և ևս երկու բանկերի, պետական երեք հեռուստաընկերությունների դեմ սահմանափակումների, ինչպես նաև անհատական պատժամիջոցների մասին։   Նորա Վանյան
18:33 - 04 մայիսի, 2022
ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները կքննարկեն գազի մատակարարման հետ կապված խնդիրները

ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները կքննարկեն գազի մատակարարման հետ կապված խնդիրները

Բրյուսելում այսօր կկայանա Եվրամիության երկրների էներգետիկայի նախարարների հանդիպումը։ Նրանք պետք է միասնական դիրքորոշում մշակեն՝ քննարկելով ընթացիկ իրավիճակը, որն առաջացել է Լեհաստանին և Բուլղարիային ռուսական գազի մատակարարումների դադարեցման առնչությամբ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այս երկրները հրաժարվել են գազի դիմաց ռուբլով վճարել, ինչպես Ռուսաստանն է պահանջում, գրում է Euronews-ը։ Կապույտ վառելիքի մատակարարման դիմաց վճարումների ընթացակարգի փոփոխման վերաբերյալ «Գազպրոմ» ընկերության պահանջները կապված են Մոսկվայի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնելու ձգտման հետ։ Նախկին սխեմայով վճարումներն իրականացնելուց Ռուսաստանի հրաժարումը ԵՄ-ն «շանտաժ» է անվանել։ Իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր վերջերս տված հարցազրույցում հայտարարել է, որ, գազի վաճառքից ստացված միջոցներն արգելափակելով, արևմտյան երկրները Ռուսաստանից «գողացել են» ավելի քան 300 մլրդ դոլար։ Գազի գների կտրուկ աճը Եվրամիությանը սպառնում է էներգետիկ ճգնաժամով։ Ռուսական գազի մատակարարման դադարեցման հեռանկարը կարող է լրջորեն ազդել Գերմանիայի տնտեսության վրա, որի գազի պահանջարկի 55%-ն ապահովում են մատակարարումները Ռուսաստանից։ ԵՄ մի շարք այլ երկրներ գազի առումով նույնպես մեծապես կախված են Մոսկվայից։   Նորա Վանյան  
15:34 - 02 մայիսի, 2022
Ուկրաինան ցանկանում է գազի պակասող ծավալները ստանալ Եվրոպայից՝ դրա դիմաց տրամադրելով էլեկտրաէներգիա. Զելենսկի |1lurer.am|

Ուկրաինան ցանկանում է գազի պակասող ծավալները ստանալ Եվրոպայից՝ դրա դիմաց տրամադրելով էլեկտրաէներգիա. Զելենսկի |1lurer.am|

1lurer.am: Կիևին անվտանգության երաշխիքներ են հարկավոր, դրանք տրամադրող երկրները պետք է հնարավորինս շուտ զինվորականներ ուղարկեն Ուկրաինա: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ Ուկրաինան ցանկանում է գազի պակասող ծավալները ստանալ Եվրոպայից՝ դրա դիմաց տրամադրելով էլեկտրաէներգիա։ Զելենսկին հայտնել է, որ արդեն նման բանակցություններ են վարում մի շարք երկրների նախարարությունների և համապատասխան ընկերությունների ներկայացուցիչների հետ։ «Կիևը պատրաստ է էլեկտրաէներգիա վաճառելու ցածր գներով, սակայն երկիրը հիմա տեխնիկապես պատրաստ չէ այդպիսի մատակարարումներ իրականացնելու։ Պատշաճ նախապատրաստական աշխատանքները կարող են նման հնարավորություն ստեղծել։ Եվրոպային էլեկտրաէներգիա վաճառելով՝ կարող ենք փոխհատուցել բյուջեի պակասուրդը․ այն ամսական կազմում է մոտ 5-7 մլրդ եվրո»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
17:55 - 30 ապրիլի, 2022
Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հաջորդ հանդիպումը կանցկացվի մայիսին Բրյուսելում․ Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հաջորդ հանդիպումը կանցկացվի մայիսին Բրյուսելում․ Ալիև

tert.am: Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել մայիսին Բրյուսելում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը, գրում է minval.az-ը։Երկրի ղեկավարը նշել է Եվրամիության, մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ակտիվ դերն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում՝ հիշեցնելով, որ ԵՄ նախաձեռնությամբ արդեն կայացել է 2 եռակողմ հանդիպում:«Մենք նաև հեռախոսազրույցներ ենք անցկացնում։ Նախատեսվում է մայիսի սկզբին կրկին անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումը Բրյուսելում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։Նա ընդգծել է, որ Բաքուն բարձր է գնահատում ԵՄ դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հետկոնֆլիկտային կարգավորման գործում։
12:38 - 29 ապրիլի, 2022
ԵԽԽՎ-ում կոչ են արել շտապ հատուկ միջազգային քրեական տրիբունալ ստեղծել՝ ՌԴ հանցագործությունները հետաքննելու համար |factor.am|

ԵԽԽՎ-ում կոչ են արել շտապ հատուկ միջազգային քրեական տրիբունալ ստեղծել՝ ՌԴ հանցագործությունները հետաքննելու համար |factor.am|

factor.am: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընթացիկ նստաշրջանը, որը բացվել է Ստրասբուրգում ապրիլի 25-ին, առաջինն էր վերջին 24 տարում, որն անցավ առանց Ռուսաստանի պատվիրակության առնվազն ֆորմալ մասնակցության։ Մարտի 16-ին Եվրախորհրդի կանոնադրական մարմինները որոշել են բացառել Ռուսաստանին ԵԽ կազմից՝ Ուկրաինա ռազմական ներխուժման պատճառով։ Ռուսական ագրեսիայի հետևանքները և այն, թե ինչպես ԵԽ երկրները կարող են օգնել Ուկրաինային՝ շարունակել պայքարել իր գոյության համար, դարձել են ապրիլի 27-ի ԵԽԽՎ լիագումար նիստի առանցքային թեման։ Բանավեճի ընթացքում վեհաժողովի պատգամավորները չեն զսպել էմոցիաները․ նրանք կոչ են արել շտապ ստեղծել հատուկ միջազգային քրեական տրիբունալ, գրում  է DW-ի ռուսական ծառայությունը։ «Ռուսաստանի Դաշնության շարունակվող ագրեսիան Ուկրաինայի դեմ ինքնին աննախադեպ ծանրության ակտ է, և դրա հեռահար հետևանքները զգացվում են ողջ աշխարհում»,- ասվում է ԵԽԽՎ-ի բանաձևում, որի օգտին պատգամավորները քվեարկել են գրեթե միաձայն։ Եվրախորհրդի անդամ երկրները պետք է դրսևորեն միասնություն և վճռականություն՝ ի պաշտպանություն Ուկրաինայի, միաժամանակ առավելագույն ճնշում գործադրելով Ռուսաստանի իշխանությունների վրա՝ Մոսկվային խրախուսելու դադարեցնել ուկրաինական պետության դեմ պատերազմը։ ԵԽԽՎ պատգամավորները համոզված են, որ Կրեմլի ագրեսիային միջազգային հանրության պատասխան գործողությունները «կորոշեն եվրոպական պատմության ապագան»։ ԵԽ անդամ երկրները պետք է մեծացնեն օգնությունը՝ աջակցելու Ուկրաինայի ջանքերին՝ «պաշտպանելու իր տարածքները, ներառյալ՝ օդային տարածքը», և հնարավոր օգնություն ցուցաբերեն Ուկրաինայի քաղաքացիներին, որոնք փախչում են պատերազմի հետևանքներից։
13:53 - 28 ապրիլի, 2022
Գազի դիմաց ռուբլով վճարող ԵՄ ընկերությունները կխախտեն սանկցիաները․ ֆոն դեր Լայեն |azatutyun.am|

Գազի դիմաց ռուբլով վճարող ԵՄ ընկերությունները կխախտեն սանկցիաները․ ֆոն դեր Լայեն |azatutyun.am|

azatutyun.am: Եվրահանձնաժողովի նախագահն ասել է, որ Եվրամիության էներգետիկ ընկերությունները, որոնք կհամաձայնեն գազի մատակարարումների համար ռուսական ռուբլով վճարելու Մոսկվայի պահանջին, կխախտեն Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով սահմանված պատժամիջոցները։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի մեկնաբանությունը հաջորդել է Լեհաստանի և Բուլղարիայի պաշտոնյաների հայտարարություններին, որ Մոսկվան դադարեցրել է բնական գազի մատակարարումն այդ երկրներ, քանի որ նրանք հրաժարվել են ռուբլով վճարել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գազի դիմաց վճարման նոր կարգի անցնելու պահանջ է ներկայացրել իր երկրի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո։ Ֆոն դեր Լայենը երեկ ասել է, որ Եվրամիության դիրքորոշումը «շատ պարզ է»: «Ռուբլով վճարումը, եթե նախատեսված չէ պայմանագրով, մեր պատժամիջոցների խախտում է»,- նշել է նա՝ մանրամասնելով․ - «Մեր պայմանագրերի մոտ 97 տոկոսն ուղղակիորեն նախատեսում է եվրոյով կամ դոլարով վճարում, այնպես որ այստեղ ամեն ինչ շատ պարզ է։ Ռուսական կողմի՝ ռուբլով վճարելու պահանջը միակողմանի որոշում է, որը չի համապատասխանում պայմանագրերին»։
13:30 - 28 ապրիլի, 2022