Դավիթ Բաբայան

Արցախի ԱԳ նախարար, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության նախկին պետ։

Ծնվել է 1973 թվականին, Ստեփանակերտում։

1998-1999 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) արտաքին գործերի նախարարության քաղաքական վարչությունում որպես երկրորդ քարտուղար, 2000-2001 թվականներին ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության քաղաքական ծրագրավորման բաժնի պետ, 2001 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր զբաղեցրել է ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության պետի պաշտոնը։

2001 թվականի դեկտեմբերից մինչև 2005 թվականի հունվար աշխատել է ԼՂՀ նախագահին կից պլանավորման խմբում, 2005 թվականի փետրվարից մինչև 2007 թվականի սեպտեմբեր աշխատել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի օգնական, 2007 թվականի սեպտեմբերից զբաղեցնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետի պաշտոնը։

2013 թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: 2019 թվականի փետրվարի 26-ին հիմնադրել է Արցախի պահպանողական կուսակցությունը, իսկ նույն թվականի ապրիլի 17-ին ընտրվել կուսակցության նախագահ:

2021 թվականի հունվարին նշանակվել է ԱԳ նախարար։

Արմեն Գրիգորյանն ու Դավիթ Բաբայանը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր

Արմեն Գրիգորյանն ու Դավիթ Բաբայանը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր

Օգոստոսի 10-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը։Զրույցի ընթացքում քննարկվել են երկու հայկական պետությունների արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր։ Երկուստեք կարևորվել է հիմնախնդրի համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Բարձր է գնահատվել ռուսական խաղաղապահ առաքելության դերը տարածաշրջանում խաղաղության  և կայունության պահպանման գործում։ Ընդգծվել է Հայասատան-Արցախ-Սփյուռք կապերի հետագա ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել Արցախի և Հայաստանի արտաքին գերատեսչությունների միջև փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին։
17:55 - 10 օգոստոսի, 2021
Կկանգնենք մինչև վերջ, բայց երբեք չենք լինի Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԳ նախարար |armenpress.am|

Կկանգնենք մինչև վերջ, բայց երբեք չենք լինի Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Արցախի՝ վերջին պատերազմից հետո ներկայիս վիճակում հայտնվելուց հետո Ադրբեջանը գործնական քայլեր է անում Սյունիքի բռնազավթման ուղղությամբ՝ բացելով նոր՝ «զանգեզուրյան աշխարհաքաղաքական ճակատը»: Այս մասին ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ կոչ անելով սթափվել և հասկանալ՝ ինչ է կատարվում, պատրաստ լինել Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի: ԱԳ նախարարի խոսքով՝ թեև Արցախը հիմա «վերակենդանացման բաժանմունքում է», թեև արցախյան «վահանը» ջարդված է, բայց ոչնչացված չէ: Դավիթ Բաբայանը ընդգծեց, որ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: - Պարոն Բաբայան, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե իրենց հասած «ոչ պաշտոնական տեղեկություններով»՝ «Հայաստանը պատրաստ չէ» Ադրբեջանի հետ «խաղաղության համաձայնագրի» ստորագրմանը: Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, մեկնաբանելով այս հայտարարությունը, ասաց, որ քանի դեռ Արցախի կարգավիճակի հարցը վերջնականապես լուծված չէ՝ այլ լուծումների մասին դժվար կլինի խոսել: Ձեր կարծիքով՝ ի՞նչ համաձայնագրի մասին է խոսում Ալիևը, ի՞նչ նպատակով է նման հայտարարություն անում և որքանո՞վ է հիմա ընդհանրապես իրական խոսել խաղաղության պայմանագրի կնքման մասին՝ հաշվի առնելով այն բարդ խնդիրների ամբողջ համալիրը, որ այսօր ունենք Արցախյան հիմնահարցի և հայ-ադրբեջանական կոնֆլիկտի տիրույթում: - Ես ասեմ հետևյալը: Մենք ընդհանրապես պետք է կենտրոնանանք ոչ թե Ալիևի կողմից հնչեցվող այդ իրավական գաղափարների վրա, ասենք՝ պայմանագիր, համաձայնագիր, խաղաղություն և այլն, այլ նրա կողմից շրջանառության մեջ արդեն իսկ դրված նոր թեմայի վրա, որը շատ կանխատեսելի էր և որի մասին մենք տարիներ շարունակ խոսում ենք, կարծես, թե բոլորը հասկանում էին, բայց հիմա զարմանում են՝ «էդ ո՞նց է, էդ ի՞նչ է կատարվում»: Ալիևը նոր աշխարհաքաղաքական թեմա է բացել, նոր աշխարհաքաղաքական ճակատ է բացել՝ զանգեզուրյան ճակատը: Եվ սա արդեն դարձել է քննարկման առարկա, դարձել է իրականություն: Տարիներ շարունակ մենք ասում էինք՝ եթե, Աստված մի՛ արասցե, Արցախը թուլանա, մայր Հայաստանը կլինի մահացու վտանգի տակ, ոմանք մտածում էին, թե Արցախը բեռ է, ազատվելով լավ կապրեն, առևտուր կանեն: Ո՛չ, այդպես չէ և չի լինելու այդպես: Տեսնո՞ւմ եք՝ Արցախը թուլացել է, հիմա զանգեզուրյան ճակատն է բացվել: Հիմա Ադրբեջանը անցել է զանգեզուրյան աշխարհաքաղաքական ճակատի բացման գործընթացին: - Ի՞նչ է դա նշանակում: - Դա նշանակում է հետևյալը, որ Արցախի՝ այս վիճակում հայտնվելուց հետո, - աշխարհաքաղաքական, հոգեբանական, տնտեսական և այլ առումներով մենք գտնվում ենք վերակենդանացման բաժանմունքում, - այդ վահանը ջարդված է. ոչնչացված չէ, բայց ջարդված է, և հիմա այլ ճակատ է բացվել՝ զանգեզուրյան ճակատը: Ի՞նչ են անում նրանք: Նրանք միշտ խոսում էին, որ «Զանգեզուրը ադրբեջանական է» և նմանատիպ անհեթեթ բաներ: Հիմա անցել են դրա պրակտիկ կիրառմանը, այդ պրոյեկտի իրականացմանը: Ստեղծել են «Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջան»: Իմիջիայլոց, այդ տնտեսական շրջանների ստեղծումը առաջին քայլն է: Հետո այդ տնտեսական շրջանները վերածվելու են մարզերի կամ վիլայեթների: Բայց հարցն այն է, որ «Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջան» և ընդհանրապես Զանգեզուր անունը կրող որևէ տնտեսական, մշակութային կամ վարչատարածքային միավոր Ադրբեջանում երբեք չի եղել: Հիմա նրանք ստեղծել են այդ տնտեսական շրջանը: Վաղը դա կդարձնեն վարչատարածքային միավոր: Եթե կա «Արևելյան Զանգեզուր»՝ մենք ասել ենք, որ հենց դա ստեղծեց՝ կխոսի «Արևմտյան Զանգեզուրի» մասին: Երեկ Ալիևը դրա մասին խոսեց: Ասաց, թե «Արևմտյան Զանգեզուրը, որը բռնակցված է Հայաստանին, պետք է ազատագրվի»: Եվ ի՞նչ արեց: Նա «Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանը», որը նախկինում կոչում էին Քելբաջար-Լաչինի տնտեսական շրջան, թեպետ նրանք չէին վերահսկում, բայց դրա մեջ ներառեց նույն Քելբաջարը՝ Քարվաճառը, ինչպես նաև Հադրութի հարավային մասը՝ Ջաբրայիլ կոչեցյալը: Այսինքն՝ ո՛չ այդ Ջաբրայիլը, ո՛չ էլ Քարվաճառը պատմականորեն երբեք Զանգեզուր չեն կոչվել: Հետևաբար ինչո՞ւ է հիմա այդպես կոչել. որ զուգահեռաբար նույնանման տարածքի վրա ստեղծի «Արևմտյան Զանգեզուր» հասկացությունը և սկսի այդ գործընթացը: Իսկ դա Սևանա լճի գրեթե ողջ հարավային ավազանն է, Վայոց ձորն է, Սյունիքի մարզն է: Եվ արդեն առաջին քայլն արել է՝ այդ հասկացությունը դնելով շրջանառության մեջ: Եվ խոսում է ոչ թե նույնիսկ Մեղրիի, այլ «զանգեզուրյան միջանցքի» մասին: Այսինքն՝ այդ աշխարհաքաղաքական ճակատը արդեն սկսել է գործել: Պետք է սթափվե՛նք, հասկանա՛նք՝ ինչ է կատարվում, պատրա՛ստ լինենք: Նրանք շատ պատրաստված են գալիս աշխատանքին, գործին պատրաստված են մոտենում: Մենք սա էլ պետք է հաշվի առնենք: Քայլ առ քայլ են մոտենում: Սկզբում՝ տնտեսական շրջան, հետո դարձնելու են վարչատարածքային: Եվ հիմա սկսել է գործել: Դրա համար անընդհատ նմանատիպ հայտարարություններ են անելու: Եթե ինքը ուզում է խաղաղության պայմանագիր, ապա ասելու է՝ «հանձնեք ինձ Արևմտյան Զանգեզուրը», «հանձնեք ինձ Գյոքչան», որը Սևանն է, «հանձնեք ինձ Երևանը»: Եվ դա արդեն երևում է: Իրենց աշխարհաքաղաքական հիմնական հարվածների ուղղությունները շատ պարզ են: Նրանք ամենաազնիվ թշնամիներն են. երբեք չեն թաքցրել իրենց բուն նպատակները: - Պարոն Բաբայան, վարչապետի պաշտոնակատարը ասել է, որ Ադրբեջանը այսպես կոչված «միջանցքի» մասին հայտարարություններ անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու և տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար: - Տեսեք: Մենք տրանսպորտային կոմունիկացիաները պետք է տարբերենք աշխարհաքաղաքական հասկացությունից: Նա չի ասում՝ Մեղրիով անցնող ճանապարհ, նա ասում է՝ «Զանգեզուրի միջանցք», «Արևմտյան Զանգեզուր», «Արևելյան Զանգեզուր»: Սա արդեն աշխարհաքաղաքական է, հասկանո՞ւմ եք: - Երևանը ասում է՝ միջանցք՝ չէ, բայց ճանապարհ կարող է բացվել: Իսկ ի՞նչ նկատի ունեն ադրբեջանցիները՝ «միջանցք» ասելով: - «Միջանցքը», իրենց պատկերացմամբ, «Արևմտյան Զանգեզուրի» միացման առաջին քայլն է: Այսպես պետք է հասկանալ: Թուրքիա-Ադրբեջան միացման և «Արևմտյան Զանգեզուրի», ասել է, թե մեր հայոց ժայռաբեկորների աստիճանաբար բռնակցումն է Ադրբեջանին: Սրանք այդպես են մտածում, և պետք չէ իլուզիաներով տառապել: - Այսինքն՝ Դուք կարծում եք, որ Արցախի մեծ մասի բռնազավթումից հետո Ադրբեջանը անցնելու է Սյունիքի բռնազավթմա՞նը: - Արդեն անցե՛լ է: Պարզապես ոչ թե սրընթաց ձևով, լայնածավալ պատերազմ հայտարարելով, այլ՝ կամաց-կամաց: - Բայց, ներեցեք, այս իրավիճակում խոսում են խաղաղության համաձայնագրի, ճանապարհների բացման, տրանսպորտային կապերի վերականգնման, ապաշրջափակման, սահմանագծման և սահմանազատման մասին: Այս իրավիճակում, երբ, ինչպես Դուք եք ասում, Ադրբեջանը փաստացի սկսել է Սյունիքի բռնազավթման իր ծրագրի իրականացումը, նմանատիպ խոսակցությունները մի քիչ տարօրինակ չե՞ն: - Իսկ Ալիևը երբևիցե թաքցրե՞լ է իր այդ մտադրությունները: Նա բացեիբաց հայտարարում է դրա մասին: Ոչ մի տարօրինակ բան չկա, որովհետև կա տարբեր մոտեցում, տարբեր պատկերացում, տարբեր աշխարհընկալում: Իրենց աշխարհընկալումն այդպիսինն է: Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:59 - 16 հուլիսի, 2021
Ադրբեջանցիները հայկական գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհների կառուցման նպատակով. Դավիթ Բաբայան |artsakhpress.am|

Ադրբեջանցիները հայկական գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհների կառուցման նպատակով. Դավիթ Բաբայան |artsakhpress.am|

artsakhpress.am: Ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են՝ որպես շինանյութ, հատկապես՝ իրենց կողմից տարբեր ճանապարհների կառուցման նպատակով, այս մասին ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ «Սա մշակութային ցեղասպանության հերթական դրսևորումն է , բարբարոսություն, որն ունի քաղաքական նպատակ: Ոչ միայն հայկական հետքը ոչնչացնում են ի սպառ, այլ նաև օգտագործում են տնտեսական նպատակներով: Կառուցելով նման ենթակառուցվածքներ՝ ադրբեջանցիները շատ ավելի դժվար են դարձնում հետագայում այդ ամենի վերականգնումը: Սա միջազգային և բարոյական նորմերի կոպիտ խախտում է» ,- մասնավորապես ասել է Դ. Բաբայանը: Այն հարցին, թե որ ճանապարհների կառուցման նպատակով են օգտագործվում գերեզմանաքարերը, ԱԳ նախարարը պատասխանել է, որ տարբեր աղբյուրներ տարբեր տվյալներ են հաղորդում, մասնավորապես՝ շրջանառվում է, որ Հադրութ-Շուշի կառուցվող ճանապարհահատվածի շինարարության մեջ են լայնորեն օգտագործում: «Կան տվյալներ, որոնք ցույց են տալիս , թե ադրբեջանցիներն ինչպես են քանդում Հադրութի գերեզմանատները: Այս տեղեկություններն անհրաժեշտություն են առաջացնում, որ միջազգային հանրությունը ևս մշտադիտարկման առաքելություններ իրականացնի և տեղում ծանոթանա իրականությանը: Այն պետք է իրականացվի տարբեր պետական կառույցների կողմից: Ադրբեջանի կողմից իրականացվող հայկական մշակութային ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ նամակներ ենք ուղարկել միջազգային տարբեր կազմակերպությունների, ինչպես նաև հանդես եկել հայտարարություններով: Որոշ տեղաշարժեր կան: Դժբախտաբար, այս գործընթացը ժամանակատար և աշխատատար գործընթաց է, որպեսզի միջազգային կառույցները լիարժեք գործեն»,- ավելացրել է Դ. Բաբայանը:
17:41 - 10 մայիսի, 2021
Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և մասնագիտացված մարմիններին

Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և մասնագիտացված մարմիններին

 Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մայիսի 5-ին նամակներ է հղել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին՝ Շուշի քաղաքի հայ բնակչության բռնի վտարմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության կապակցությամբ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից:    Նամակներում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանի կողմից Շուշիում իրականացված բռնի վտարումներն ուղղակի և անուղղակի կերպով խախտում են միջազգային բազմաթիվ փաստաթղթերում ամրագրված հայ բնակչության քաղաքացիական, մշակութային, տնտեսական, քաղաքական և սոցիալական իրավունքների ողջ սպեկտորը: Ընդգծվում է, որ Արցախի օկուպացված տարածքներում պատմական, մշակութային և ճարտարապետական լանդշաֆտի բռնի վերափոխման քաղաքականությունը խտրականության և այլատյացության բացահայտ դրսևուրում է: Նամակներում շեշտվում է, որ միջազգային հանրությունը պետք է հակազդի  Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող մարդկության դեմ ուղղված հանցագործություններին, որոնց թիրախն Արցախի ժողովուրդն է: Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում Ադրբեջանի ցանկացած գործունեություն, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին և նպատակ ունի ամրագրել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ ուժի ապօրինի կիրառման հետևանքները, չպետք է հանդուրժվի և պետք է ուղղակիորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը կոչ է անում համապատասխան միջոցներ ձեռնարկել ՄԱԿ-ի միջազգային-իրավական գործիքակազմն ակտիվացնելու ուղղությամբ՝ ապահովելու միջազգային մասնագիտացված կազմակերպությունների անարգել մուտքն Արցախ` այդ կործանարար և շարունակական խախտումները վերացնելու համար:
18:07 - 05 մայիսի, 2021
Մենք խոսում ենք դեօկուպացիայի մասին, իսկ մարդիկ հայտարարում են, թե Քարվաճառը մերը չէ. պատմությունից չհասկացողները չպետք է նման հայտարարություն անեն. Դավիթ Բաբայան |tert.am|

Մենք խոսում ենք դեօկուպացիայի մասին, իսկ մարդիկ հայտարարում են, թե Քարվաճառը մերը չէ. պատմությունից չհասկացողները չպետք է նման հայտարարություն անեն. Դավիթ Բաբայան |tert.am|

tert.am: Մենք պետք է հասկանանք, որ Թուրքիան և Ադրբեջանը շատ նպատակասլաց աշխատանքներ են տանում: Դրա համար մի քանի տեխնոլոգիաներ կան, ռազմի դաշտից բացի նաև ներքին պառակտություններ են սերմանում և Կարմիր շուկայի հանձնման հարցը այդ տեխնոլոգիաների բաղադրիչներից է, սակայն որևէ մեկը Կարմիր շուկայի կարգավիճակը չի փոխել: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: «Կարմիր շուկան հայկական է, Ադրբեջանին տալու, հանձնելու, կարգավիճակ փոխելու նպատակ չկա, չի էլ կարող լինել: Սա թող բոլորի համար պարզ լինի, մենք ամեն ինչ անելու ենք, որ գոնե եղածը պահպանվի»,-ասաց Բաբայանը:Խոսելով Փաշինյանի այն հայտարարության մասին, թե Թուրքիային և Ադրբեջանին որպես թշնամիներ են ընկալում, սակայն տարածաշրջանային մոտեցումները պետք է շտկվեն՝  Բաբայանը նշեց, որ քաղաքականությունը մնում է քաղաքականություն, սակայն ապաշրջափակումը, կոմունիկացիաների բացումը զուտ պետք է լինի տնտեսական հարթությունում:«Բայց Թուրքիան եղել է և կմնա Հայոց պետականության ամենամեծ վտանգներից մեկը ու դրա մասին հենց նրանք են հայտարարում ու գործողություններով ցույց տալիս, քանի որ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան ցույց տվեց իր դեմքը: Լավ է, երբ ուզում ենք ուրիշ երկրների հետ մեր հարաբերությունները լավացնենք, բայց այլ հարց է, թե արդյոք այդ երկրներն ուզում են մեզ հետ հարաբերություններ լավացնել և ինչ գնով»,-նշեց նա: Դավիթ Բաբայանը նշեց, որ պետք է զգույշ լինել հայտարարությունների մեջ, քանի որ այլ բան է, երբ թշնամին ասում է՝ Ստեփանակերտն իրենցն է, Երևանն իրենցն է և այլ բան է, երբ նման հայտարարություններ են հնչում մեր կողմից, օրինակ՝ Քարվաճառը երբեք մերը չի եղել կամ կասկածի տակ է դրվում նաև Շուշիի հայկական լինելու հարցը: Արցախի արտգործնախարարի խոսքով՝ լուրջ բաց կա, որը եկել է տարիներ շարունակ և պետք է հստակեցնել, թե որն է Արցախ-Ղարաբաղ հասկացությունների տարբերությունները: Նա շեշտեց, որ աշխարհագրական, պատմական տարբերությունները գոնե պետք է չշեղեն այն հարցից, որ տարածքը հայկական է:
14:22 - 02 ապրիլի, 2021
Դավիթ Բաբայանը ցավակցություն է հայտնել Կարապետ Քաբաբջյանի մահվան կապակցությամբ

Դավիթ Բաբայանը ցավակցություն է հայտնել Կարապետ Քաբաբջյանի մահվան կապակցությամբ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցիչ Կարո Քաբաբջյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել նրա ընտանիքին։ Նամակում, մասնավորապես, ասվում է. «Խոր կսկիծով ու ափսոսանքով տեղեկացա Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանի վաղաժամ մահվան մասին։   Կյանքից հեռացել է մի անհատականություն, որը 22 տարի շարունակ արժանապատվորեն ներկայացրել է Արցախը և ջանք ու եռանդ չի խնայել աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբման միջոցով ամրապնդելու Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությունը՝ ի նպաստ հայապահպանության և հայկական երկու հանրապետությունների հզորացման ու բարգավաճման։   Մեծ է նրա ավանդը նաև մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում։ Կարո Քեբաբջյանը մեր հիշողության մեջ կմնա որպես իմաստուն դիվանագետ, եռանդուն, նախաձեռնող ու վեհանձն անհատ, ով իր կյանքն անմնացորդ նվիրել է հայրենիքին ու հարազատ ժողովրդին։   Արցախի արտաքին գործերի նախարարության անձնակազմի և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ պարոն Քեբաբջյանի հարազատներին և մերձավորներին։ Թող Աստված լուսավորի նրա հոգին, իսկ ձեզ ուժ ու կորով պարգևի՝ կորստյան ցավը մեղմելու համար».- ասված է Դավիթ Բաբայանի ցավակցական ուղերձում:    
20:47 - 31 մարտի, 2021
Ադրբեջանցիների կողմից մեքենաների քարկոծումը չի կարող անարձագանք մնալ. Արցախի ԱԺ նախագահ

Ադրբեջանցիների կողմից մեքենաների քարկոծումը չի կարող անարձագանք մնալ. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է Արցախի  արտաքին գործերի նախարարություն, հանդիպել արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից:  Քննարկվել են երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հետ կապված հարցեր: Արթուր Թովմասյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արա Այվազյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ հնչած հիմնական թեզերը, խորհրդարանի ղեկավարի խոսքով, համահունչ են նոր իրողություններին: «Այսօր Արցախի անվտանգությունը համար մեկ խնդիրն է, ադրբեջանցիների՝ վերջին շրջանում դրսևորած, այսպես ասած, ակտիվությունը չի կարող անարձագանք մնալ: Խոսքը հայկական մեքենաների քարկոծման դեպքերի մասին է», - ասել է Արթուր Թովմասյանը: Խոսվել է միջազգային ատյաններում այս և օրակարգային այլ հարցեր բարձրացնելու անհրաժեշտության մասին: ԱԺ նախագահը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, նաև նշել տարբեր երկրների, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման կարևորությունը։ ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտությունը՝ որպես արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը: «Ներքին բոլոր ռեսուրսները պետք է օգտագործենք, ստեղծենք ամուր թիկունք, որպեսզի արտաքին ճակատում լինենք ուժեղ », - ընդգծել է ԱԳ նախարարը: Կողմերը պայմանավորվել են պարբերական բնույթ հաղորդել նման հանդիպումներին:
18:14 - 30 մարտի, 2021
Հայկական մեքենաների քարկոծման դեպքերը չեն կարող անարձագանք մնալ. ԱՀ ԱԺ նախագահը՝ ԱՀ ԱԳ նախարարին

Հայկական մեքենաների քարկոծման դեպքերը չեն կարող անարձագանք մնալ. ԱՀ ԱԺ նախագահը՝ ԱՀ ԱԳ նախարարին

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ հանդիպել է արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ:   Քննարկվել են երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հետ կապված հարցեր: Արթուր Թովմասյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արա Այվազյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ հնչած հիմնական թեզերը, խորհրդարանի ղեկավարի խոսքով, համահունչ են նոր իրողություններին:   «Այսօր Արցախի անվտանգությունը համար մեկ խնդիրն է, ադրբեջանցիների՝ վերջին շրջանում դրսևորած, այսպես ասած, ակտիվությունը չի կարող անարձագանք մնալ: Խոսքը հայկական մեքենաների քարկոծման դեպքերի մասին է»,- ասել է Արթուր Թովմասյանը:   Խոսվել է միջազգային ատյաններում այս և օրակարգային այլ հարցեր բարձրացնելու անհրաժեշտության մասին:   «Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը պետք է լինի մեր արտաքին քաղաքականության գերակայություններից», - ասել է Ազգային ժողովի նախագահը՝ շեշտելով Ռուսաստանի հետ բարեկամական շրջանակի ստեղծման անհրաժեշտությունը:   ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտությունը՝ որպես պաշտոնական դիվանագիտությանը աջակցող կարևոր օղակ:   «Ներքին բոլոր ռեսուրսները պետք է օգտագործել արտաքին ճակատում ուժեղ ներկայանալու համար», - ասել է արտգործնախարարը:   Այդ տեսանկյունից կարևորելով նման հանդիպումները՝ Դավիթ Բաբայանը շեշտել է դրանք պարբերական դարձնելու անհրաժեշտության մասին:
17:22 - 30 մարտի, 2021
Արցախի արտգործնախարարը Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ավերումն ադրբեջանական ֆաշիզմի դրսևորում է համարում |armenpress.am|

Արցախի արտգործնախարարը Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ավերումն ադրբեջանական ֆաշիզմի դրսևորում է համարում |armenpress.am|

armenpress.am: Այն ինչ հայկական պատմամշակութային հուշարձանների  նկատմամբ իրականացնում է  Ադրբեջանն Արցախի գրաված տարածքներում՝ մշակութային ցեղասպանություն է: Այս մասին նշեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ավերմանը: «Ադրբեջանցիները լավ գիտեն մեր պատմությունը և  այդ եկեղեցու ավերումը, ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի նախագահի և պետության ուղերձն առ այն, որ այդպես են վարվելու եթե կարողանան տիրանալ ամբողջ Արցախին: Հայկական պատմամշակութային հուշարձանների նկատմամբ Ադրբեջանի այդ  գործողությունները՝ ֆաշիստական քաղաքականության շարունակությունն ու մարմնավորումն  են՝ գարշելի ու վտանգավոր ձևերով: Ադրբեջանցիների այդ գործողությունները ոչնչով չեն տարբերվում նրանից, ինչը Մերձավոր Արևելքում իրականացնում են ահաբեկիչները՝ ոչնչացնելով համաշխարհային կոթողները: Տարբերությունը՝ ավելի վատ ու վտանգավոր, այն է միայն, որ եթե Մերձավոր Արևելքում պատմամշակութային համաշխարհային կոթողները ոչնչացնում են ինչ-որ ահաբեկչական խմբավորումներ, ապա ադրբեջանցիների դեպքում, այդ գործողություններն իրականացվում են պետության կողմից: Ալիևը բացեիբաց, առանց ամաչելու և անկաշկանդ պետական մարմիններին համապատասխան հանձնարարականներ է տալիս՝ օրինակ` հայկական եկեղեցու փորագրությունները ոչնչացնելու վերաբերյալ»,-ասաց Բաբայանը:  Նրա խոսքով՝ այս հանգամանքը արհամարհանք է միջազգային իրավունքի նկատմամբ: «Բնական է,  մենք ամենուր բարձրաձայնելու ենք՝ Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային կոթողների ավերման մասին, որովհետև սա վտանգ է նաև քաղաքակիրթ մարդկության համար: Այդուհանդերձ՝ քաղաքակիրթ հանրությունն ինքն էլ պետք է քայլեր ձեռնարկի, որովհետև եթե այսօր նրանք ոչնչացնում են Արցախի մշակութային ժառանգությունը, ապա  անպատիժ մնալու և  միջազգային հանրության անտարբերության դեպքում, վաղն իրենց դուռն են թակելու»,-ընդգծեց Արցախի արտգործնախարարը:
18:21 - 18 մարտի, 2021
Դավիթ Բաբայանը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանի հետ․ քննարկվել են Արցախում անվտանգության ապահովմանը և խաղաղապահ առաքելությանտ վերաբերող հարցեր

Դավիթ Բաբայանը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանի հետ․ քննարկվել են Արցախում անվտանգության ապահովմանը և խաղաղապահ առաքելությանտ վերաբերող հարցեր

Մարտի 16-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, տեղեկացնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Կողմերն անդրադարձ են կատարել Արցախում անվտանգության ապահովմանը և խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանում ընթացող ռազմաքաղաքական գործընթացներին։Հանդիպմանը քննարկվել են նաև մարդասիրական ոլորտի խնդիրներ։ Նախարարները, մասնավորապես, ընդգծել են 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական զինված ագրեսիայի  հետևանքով զոհված հայ զինծառայողների աճյունների դուրսբերման, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը՝ բարձր գնահատելով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի դերակատարությունն այս գործընթացում։
19:45 - 16 մարտի, 2021
Դավիթ Բաբայանը Անն Լինդեի հետ քննարկել է հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցը

Դավիթ Բաբայանը Անն Լինդեի հետ քննարկել է հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցը

Մարտի 16-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեի հետ։   Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք։   Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ Դավիթ Բաբայանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդար կարգավորման նպատակով։   Դավիթ Բաբայանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է նաև Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված մարդասիրական իրավիճակը։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը նշել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձը հայրենիք անհետաձգելի խնդիր է։   Դավիթ Բաբայանն ընդգծել է քաղաքական առևտրում գերության մեջ գտնվող անձանց և նրանց հարազատների տառապանքների օգտագործման անթույլատրելիությունը։ Արցախի ԱԳՆ ղեկավարը ԵԱՀԿ Գործող նախագահին կոչ է արել գործադրել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ հասնելու Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունների անշեղ իրականացմանը։   Դավիթ Բաբայանը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը կաջակցի Արցախին այնպիսի կենսական խնդիրների լուծման հարցում, ինչպիսիք են աջակցության տրամադրումը պատերազմի արդյունքում տեղահանված մարդկանց և հայկական մշակութային ժառանգության պահպանումն Ադրբեջանի կողմից զավթված տարածքներում։
17:37 - 16 մարտի, 2021
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ

Փետրվարի 25-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ:  Նախարարներ Այվազյանն ու Բաբայանը կարևորեցին Հայաստանի և Արցախի քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության էլ ավելի ամրապնդումը և փոխշփումների ու խորհրդակցությունների անցկացումը` առկա օրակարգային հարցերի առավել արդյունավետ քննարկման և հետագա քայլերի ուրվագծման համար:  Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման առանցքում էին թուրք-ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով Հայաստանի և Արցախի առջև ծառացած և անհապաղ հասցեագրում պահանջող հումանիտար խնդիրները, այդ թվում հայ գերիների շուտափույթ հասցեագրումը: Արցախում սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համատեքստում հատկապես շեշտվեց միջազգային մասնագիտական կառույցների` տեղում ներգրավման անհրաժեշտությունը:  Հանդիպման շրջանակներում զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև Արցախի խաղաղ գործընթացի վերականգման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում` ընդգծելով իրենց համակարծությունը, որ բանակցային գործընթացում առանցքային շարունակում են մնալ արցախահայության իրավունքների վերականգնումը և պաշտպանությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի սահմանումը: 
12:29 - 26 փետրվարի, 2021
Արցախ մուտք գործելու ընթացակարգում արմատական փոփոխություն չի եղել. Դավիթ Բաբայան |armenpress.am|

Արցախ մուտք գործելու ընթացակարգում արմատական փոփոխություն չի եղել. Դավիթ Բաբայան |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետություն մուտք գործելու ընթացակարգի որևէ արմատական փոփոխություն տեղի չի ունեցել: Այս մասին Ազգային ժողովի նիստում ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցի հարցին: «Մենք շարունակում ենք մուտքի վիզաներ տրամադրել այն երկրների քաղաքացիներին, որոնք պետք է ստանան համապատասխան թույլտվություն: Բացի այդ, կան երկրներ, որոնց քաղաքացիների համար մուտքի վիզա ստանալու պահանջ չկա, սակայն  պարտադիր պետք է, որպեսզի  ներկայանան Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչություն և ստանան համապատասխան փաստաթուղթ, որով թույլատրվում է նրանց մուտքն Արցախ: Այդ գործընթացն առավել կանոնակարգելու անհրաժեշտությունը պայմանավորված է  ռուս խաղաղապահների այն մտահոգությամբ, ըստ որի հնարավոր է Արցախ ներթափանցեն  որոշ ահաբեկչական տարրեր: Եթե, Աստված մի արասցե նրանց հաջողվի Արցախում որևէ գործողություն իրականացնել, ապա այդ  պատասխանատվությունը նաև ռուս խաղաղապահ առաքելության տիրույթում է: Այս համատեքստում մուտքի գործընթացը պետք է առավել կանոնակարգվի: Պահանջվում է, որպեսզի այցելությունից առաջ օտարերկրյա քաղաքացիները ներկայանան ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն, որից հետո տվյալները կփոխանցվեն մեզ, իսկ մեկ օր առաջ՝  նաև ռուս խաղաղապահներին: Նրանք առավել մեծ հնարավորություններ ունեն պարզելու՝ տվյալ անձը ընդգրկվա՞ծ  է, արդյոք,  որևէ ահաբեկչական խմբավորման մեջ,  թե ոչ: Առայսօր չի եղել դեպք, որ իրենք ասեն, թե  կասկածներ ունեն և չի կարելի, որպեսզի տվյալ մարդը մուտք ունենա Արցախի Հանրապետություն: Այս կանոնակարգը բարձրացնելու է անվտանգությունը»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ  որևէ կերպ չի սահմանափակվելու սփյուռքահայերի մուտքն Արցախ: «Պարզապես պետք է 1 օր սպասել, որպեսզի այդ ցուցակը ներկայացվի, և որևէ խնդիր չլինի»,-պարզաբանեց արտգործնախարարը:
15:59 - 11 փետրվարի, 2021
Գերխնդիրն Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումն է. Բաբայանը ներկայացրեց գերակայությունները

 |armenpress.am|

Գերխնդիրն Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումն է. Բաբայանը ներկայացրեց գերակայությունները |armenpress.am|

armenpress.am: Նույնիսկ վիրավոր վիճակում Արցախը կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ: Այս մասին նշեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով ներկա փուլում արտաքին քաղաքական առաջնահերթություններին, Հայաստան-Արցախ- Սփյուռք  կապերի կարևորությանն ու Ռուսաստանի հետ հարաբերությունների հեռանկարներին: - Պարոն նախարար, ինչպիսի խմբագրումներ են ենթադրում Արցախյան նոր պատերազմն ու դրա հետևանքները՝ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության բնագավառում: -Բնական է՝  ցանկացած այսպիսի պատերազմ ու արհավիրք, լինի հաղթական, թե այլ ելքով,  չի կարող ազդեցություն չունենալ արտաքին քաղաքականության վրա:  Ներկայիս դժվարությունները ևս ազդում են արտաքին քաղաքականության վրա՝ յուրաքանչյուրը յուրովի: Նախևառաջ  մենք ունենք ավանդական ու գերնպատակային խնդիրներ, որոնք կմնան այսուհետ ևս: Դրանցից են՝ Արցախի միջազգային ճանաչման գործընթացը, երկկողմ միջազգային հարաբերությունների զարգացումը,  ներհայկական կապերի ամրապնդումը: Ներկա դրությամբ՝ գերխնդիրն Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումն  է:  Այստեղ անելիքներ կան ոչ միայն արտաքին քաղաքական բնագավառում, այլ նաև՝ պետականաշինության գործընթացում: Նույնիսկ այս իրավիճակում Արցախը կարևոր աշխարհաքաղաքական դերակատարություն ունի: Արտաքին քաղաքականության մեջ պետք է լինի ավելի ճկուն իրատեսական և էմոցիաները նվազագույնի հասցված: Հաշվարկները պետք է շատ խորաթափանց ու հանգամանալից լինեն: Համապարփակ հաշվարկներ պետք է կատարվեն: Այս է ներկայիս ժամանակահատվածի յուրահատկությունը: -Արցախի Հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցներից մեկի ընթացքում ասել էիք, որ Արցախի դեօկուպացիան հնարավոր է: Տեսանելի ժամանակահատվածո՞ւմ է դա ուրվագծվում, ինչպիսի՞ գործիքակազմով եք տեսնում այդ գործընթացը: -Այս գործընթացը, նույնպես պահանջում է նվազագույն էմոցիոնալություն, հաշվարկի առկայություն, ճկունություն, մեծ քրտնաջան աշխատանք, արհեստավարժ մոտեցում, հայրենասիրություն և ճիշտ աշխատանք ու կազմակերպվածություն: -Ինչպիսի՞ն եք տեսնում Արցախի միջազգային հարաբերությունների և  համագործակցության հեռանկարները: - Պետք է աշխատենք այս ուղղությամբ: Ինչպես աշխատենք՝  այնպիսինն էլ լինելու է արդյունքը: Արտաքին քաղաքականությունը նաև աշխարհաքաղաքականության դրսևորում և արտացոլում է, ինչը նշանակում է, որ այս գործընթացում ևս զգացմունքների մասին պիտի մոռանանք: Նախադրյալներ կան: Նույնիսկ վիրավոր վիճակում Արցախը շարունակում է կարևոր դերակատարություն ունենալ տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ: - Արցախի Հանրապետության նախագահը նշել էր, որ Արցախի միջազգային ճանաչման գործընթացն առաջնահերթությունների շարքում է լինելու: Այդ ուղղությամբ ի՞նչ անելիքներ ու ռազմավարություն է անհրաժեշտ: -Արցախի միջազգային ճանաչման գործընթացում պետք է սերտ համագործակցենք Սփյուռքի ազգային կառույցների հետ,  Մայր Հայաստանի հետ տարաբնույթ աշխատանքներ իրականացնենք: Միջազգային ասպարեզում ունենք ռազմավարություն, որը տարիներ շարունակ գործում է: Լոկալ, այնուհետև սուբյեկտների մակարդակով ճանաչում, որից հետ պետք է գանք պետական մակարդակով ճանաչմանը: Այստեղ մարտավարության մեջ պետք է փոփոխություն մտցնենք: Իհարկե, ռազմավարությունը  պետք է միշտ առավել ճկուն դարձնենք, սակայն մարտավարությունը բնական է, որ շատ ավելի մեծ փոփոխությունների պետք է ենթարկվի: - Բնականաբար, Ադրբեջանը փորձելու է խոչընդոտել Արցախի արտաքին հարաբերությունների հաստատման փորձերն ու միջազգային ճանաչումը: Հակազդման գործիքակազմ տեսնո՞ւմ եք: -Իհարկե հակազդման գործիքակազմ առկա է, սակայն դա չի նշանակում, որ  պիտի բացահայտենք այդ հնարավորությունները: -Ադրբեջանի կողմից, առայժմ հայտարարությունների մակարդակով,  մասնավորապես՝ նկատելի են Հայաստանի Հանրապետությունից և այլ երկրներից պաշտոնական այցերը դեպի Արցախ խոչընդոտելու նկրտումներ: Ինչպե՞ս եք մեկնաբանում: - Այդ հարցին շատ սառնասրտորեն պիտի մոտենանք և փորձենք անել հնարավորը՝ մեր շահերը առաջ տանելու համար: Այստեղ ավելորդ աղմուկն անթույլատրելի է: Ադրբեջանն ամեն ինչ անելու է խաթարելու և խարխլելու համար: Փաստ է: Մենք պետք է անենք հնարավորը՝  մեր միասնականությունը պահպանելու համար: Որևէ մեկը չի կարող մեզ պոկել, կտրել Հայաստանից և Սփյուռքից:  Մենք միասնաբար  պետք է անենք  հնարավորը, որպեսզի դա տեղի չունենա: -Հայաստան-Արցախ հարաբերություններն ինչպիսի ձևաչափով պետք է շարունակվեն և ինչպիսին պետք է լինի Հայաստանի դերն Արցախի անվտանգության, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման և արտաքին հարաբերությունների հաստատման համատեքստում: -Արցախի աշխարհաքաղաքական կարևորությունն ու սուբյեկտայնությունը պայմանավորված  են  նրա  տեղ ու դերով՝  Մայր Հայաստանում և Սփյուռքում: Հետևաբար՝ այդ կապերը ռազմավարական, առանցքային նշանակություն ունեն նաև մեզ համար: Բնական է, որ այսուհետ ևս, այս ուղղությունը համարում ենք առաջնային: -Արցախ-Ռուսաստան հարաբերություններում ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում: -Ռուս խաղաղապահներն այստեղ են և կարևորագույն, առանցքային դերակատարություն ունեն տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում: Մենք բարձր ենք գնահատում այդ առաքելությունը: Ռուսաստանը մեզ համար եղբայրական երկիր է: Սա պետք է բոլորս գիտակցենք, և կրկնում եմ՝ առանց ավելորդ զգացմունքայնության,  առաջ տանենք մեր երկրի շահերը, պահպանենք մեր պետականությունը: Այս կարևորագույն ու պատասխանատու պահին եղբայրական երկրների հետ հարաբերությունների զարգացումն առանցքային է: -Քննարկվող թեմաներից է նաև Ստեփանակերտի օդանավակայանի բացման, գործարկման խնդիրը: Ո՞ր փուլում է հարցի լուծումը: -Հնարավորություններ կան և պետք է աշխատենք այդ ուղղությամբ: - Որո՞նք եք համարում արտաքին քաղաքականության առաջնահերթություններն այս փուլում: -Այս պահի դրությամբ Արցախը պետք է ապաքինվի: Ամբողջ երկիրն ու ժողովուրդը, այսպես ասած, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Պետք է դուրս գանք այդ վիճակից: Ամեն ինչ, այդ թվում՝ արտաքին քաղաքականության ուղղությամբ, պետք է անենք, որպեսզի հնարավորինս շուտ դուրս գանք այս ծանր վիճակից:
18:12 - 05 փետրվարի, 2021