Լիբանան

Տեղեկատվություն Լիբանանից Հայաստան ժամանող մեր հայրենակիցների համար

Տեղեկատվություն Լիբանանից Հայաստան ժամանող մեր հայրենակիցների համար

Վերջերս նկատվում է սփյուռքից, մասնավորապես՝ Լիբանանից մեր հայրենակիցների հոսք Հայաստան։ Ի թիվս այլ գերատեսչությունների՝ ոստիկանությունը նույնպես այս ուղղությամբ իրականացնում է համապատասխան աշխատանք։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը, համագործակցելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ, սկսել է իրազեկումների շարք։ Պարբերաբար տրվում է տեղեկություն՝ ոստիկանության տարածքային բաժինների, դրանց տեղակայման վայրերի վերաբերյալ և կոնտակտային տվյալներ։ Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները կարող են նաև առնչվել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ։ Այստեղ հիմնականում նրանք դիմում են քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ ստանալու համար։ ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը սահմանվում է «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով և ենթաօրենսդրական ակտերով։ Ազգությամբ հայերը կարող են քաղաքացիություն ստանալ պարզեցված ընթացակարգով։ Մասնավորապես՝ առանց ՀՀ-ում վերջին 3 տարում օրինական հիմունքներով բնակվելու, Սահմանադրության վերաբերյալ թեստ հանձնելու և հայոց լեզվին տիրապետելու պահանջների կատարման։ «Ազգությամբ հայերը քաղաքացիություն ստանալու համար դիմում են ԱՎ վարչություն կամ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝ սահմանված կարգի դիմում, լրացնում են դիմում-հարցաթերթիկ՝ հայերենով, իրենց անձնագիրը և դրա նոտարական վավերացմամբ թարգմանությունը, 6 գունավոր լուսանկար, ծննդյան վկայականը և դրա նոտարական թարգմանությունը, իսկ եթե օտարալեզու է, ազգությամբ հայ լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթեր, որոնք սահմանված են համապատասխան նորմատիվային որոշմամբ, նաև պետական տուրքի վճարման անդորրագիր, որը 1000 դրամ է։ Քաղաքացիություն ստանալու դիմումները ներկայացվում են անձամբ՝ բացառությամբ անգործունակ ճանաչված քաղաքացիների, որոնց դեպքում դիմումը ներկայացվում է խնամակալի միջոցով։ Դիմումները քննարկվում են վեցամսյա ժամկետում, և քաղաքացիության հարցերը լուծվում են ՀՀ նախագահի հրամանագրով»,-նշեց ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության իրավաբանական բաժանմունքի պետ Իրինա Մկրտչյանը։ Սփյուռքից, մասնավորապես՝ Լիբանանից ժամանած մեր հայրենակիցները Հայաստանում կարող են ունենալ նաև վարորդական իրավունքի վկայականի հետ կապված խնդիրներ: «Լիբանանի իրավասու մարմինների կողմից տրված լիբանանյան ազգային վարորդական իրավունքի վկայականներով ոչ միայն մեր հայրենակիցները, այլև ցանկացած քաղաքացի իրավունք չունի տրանսպորտային միջոց վարել Հայաստանի Հանրապետության տարածքում, քանի որ Լիբանանը չի միացել 1968 թվականի Վիեննայի միջազգային երթևեկության մասին կոնվենցիային», – նշեց ՃՈ բաժնի պետի տեղակալ Սամվել Ներսիսյանը։ Հայաստանում մեքենա վարելու համար մեր հայրենակիցները պետք է վարորդական իրավունքի վկայական ստանալու համար հանձնեն համապատասխան քննություն։ «ՀՀ-ում վարորդական իրավունքի վկայականների հատկացման գործընթացը կարգավորվում է ՀՀ կառավարության 2008 թվականի համապատասխան որոշմամբ հաստատված կարգով։ Ըստ որի՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմող քաղաքացիները պետք է հանձնեն տեսական քննություն, որի դրական արդյունքի դեպքում՝ նաև գործնական քննություն։ Գործող իրավակարգավորումներով և հնարավորություններով տեսական քննություն կարելի է հանձնել դեռևս միայն հայերեն ու ռուսերեն։ Առաջիկայում կավելացվեն նաև արաբերեն, պարսկերեն և անգլերեն լեզուները», – նշեց ՃՈ բաժնի պետի տեղակալ Սամվել Ներսիսյանը։ Համավարակով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները աշխատում են նախապես օնլայն հերթագրմամբ։ Այսինքն՝ նախապես պետք է էլեկտրոնային փոստին ուղարկել դիմում և ստանալ քննության օրն ու ժամը։ ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների էլեկտրոնային հասցեները կարելի է գտնել police.am կայքում։ Անձնագրային և վիզաների վարչության գործառույթների վերաբերյալ մեր հայրենակիցները կարող են զանգել` 010-37-02-64 հեռախոսահամարով, իսկ ճանապարհային ոստիկանության գործառույթների հետ կապված հարցերի դեպքում՝ 177 հեռախոսահամարով։
20:29 - 16 սեպտեմբերի, 2020
 ՄԱԳԱՏԷ-ն պայթյունից հետո ճառագայթումային սպառնալիքի հետազոտում կիրականցնի Բեյրութում |armenpress.am|

ՄԱԳԱՏԷ-ն պայթյունից հետո ճառագայթումային սպառնալիքի հետազոտում կիրականցնի Բեյրութում |armenpress.am|

armenpress.am: Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը ժամանել Է Լիբանան տեղի իշխանություններին աջակցություն ցույց տալու Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից պոտենցիալ ճառագայթումային սպառնալիքի հետազոտության նպատակով: Սեպտեմբերի 14-ին այդ մասին հայտնել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին գործակալության Կառավարիչների խորհրդի նիստում: Գրոսսին նշել Է, որ ՄԱԳԱՏԷ-ն սերտորեն համագործակցում Է Լիբանանի իշխանությունների հետ Բեյրութի առողջապահության ոլորտում եւ ենթակառուցվածքում նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո վնասի գնահատման համար: «ՄԱԳԱՏԷ-ի՝ օգնության ցուցաբերման պատվիրակությունը՝ մասնակից պետություններից Արձագանքման եւ օգնության ցուցաբերման ցանցի (ՌԱՆԵՏ) խմբերի ներգրավմամբ սեպտեմբերի 12-ին ժամանել Է Լիբանան եւ այսօր ձեռնամուխ կլինի ճառագայթումային հետազոտությունների, նուշառման եւ վերլուծումների անցկացման, ինչպես նաեւ ճառագայթման պոտենցիալ սպառնալիքների մասին խորհրդատվության գործում աջակցություն ցույց տալու աշխատանքին»,- նշել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը: ԼԱՆԵՏ արձագանքման եւ օգնության ցուցաբերման ցանցը ՄԱԳԱՏԷ-ի մասնակից պետություններին աջակցություն Է ցույց տալիս ճառագայթումային հետազոտման, ճառագայթաակտիվ աղտոտման մակարդակների որոշման, ռադիոլոգիական ստուգման անցկացման եւ ռադիոնուկլիդների հայտնաբերման գործում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:32 - 14 սեպտեմբերի, 2020
Մակրոնը կրկին կոչ է անում Լիբանանի քաղաքական ուժերին շուտափույթ կերպով հաղթահարել ճգնաժամը
 |azatutyun.am|

Մակրոնը կրկին կոչ է անում Լիբանանի քաղաքական ուժերին շուտափույթ կերպով հաղթահարել ճգնաժամը |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի հետ՝ փորձելով օգնել այն հակասությունների հաղթահարմանը, որոնք առկա են մերձավորարևելյան այդ երկրի նոր կառավարության ձևավորման ճանապարհին։ Ավելի վաղ Ֆրանսիան Լիբանանում ծագած քաղաքական ճգնաժամի հաղթահարման ճանապարհային քարտեզ էր մշակել, որով այդ երկրի առաջատար քաղաքական ուժերը պարտավորվում էին նոր կառավարություն ձևավորել մինչև սեպտեմբերի 15-ը։ Լիբանանցի ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը, սակայն, Reuters գործակալությանը փոխանցել է, թե սահմանված ժամկետներում նոր կառավարության ձևավորումը «հավասարազոր կլինի հրաշքի»։ Սեպտեմբերի 1-ին Բեյրութ կատարած այցի ընթացքում նախագահ Մակրոնը չէր բացառել, որ Ֆրանսիայի կողմից մշակված ճանապարհային քարտեզում տեղ գտած պահանջները չկատարելու դեպքում Լիբանանի դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել։
17:15 - 13 սեպտեմբերի, 2020
COVID-19. Չինաստանում վարակման 6 նոր դեպք է հաստատվել |armenpress.am|

COVID-19. Չինաստանում վարակման 6 նոր դեպք է հաստատվել |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 28 միլիոն 692 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 920 հազարը: Ապաքինվել է ավելի քան 20 միլիոն 606 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 6 միլիոն 637 հազար 336 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 197 հազար 435 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 4 միլիոն 663 հազար 930-ի, մահերինը՝ 77 հազար 537-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Բրազիլիան: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 4 միլիոն 283 հազար 978, մահերինը՝ 130 հազար 474: Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ,  ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 1 մլն 57 հազար 362 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 5 հազար 488 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 18 հազար 484 մարդ: Հնգյակը եզրափակում է Պերուն, որտեղ հաստատված դեպքերի թիվը 716 հազար 670 է, մահերինը՝ 30 հազար 470: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 399 հազար 940 է: Վարակի հետանքով մահերի թիվը կազմում է 23 հազար 29: Թուրքիայում վարակվածների թիվը հասել է 288 հազար 126-ի: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 6 հազար 951 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 2075-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 19 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանում հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 6-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 85 հազար 174, որից ապաքինվել է 80 հազար 386-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է շարունակում մնալ Սաուդյան Արաբիան, որտեղ 324 հազար 407 հաստատված դեպք կա: Հաջորդը Իրաքն է՝ 282 հազար 672 ընդհանուր, 7 հազար 881 մահվան դեպքով: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 121 հազար 287, մահերինը՝ 205: Եգիպտոսում առկա է 100 հազար 708 հաստատված դեպք: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 5 հազար 607 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 78 հազար 849 է, մահացածներինը՝ 399: Լիբանանում կա 22 հազար 983 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 229: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 3476-ի: Վարակի հետևանքով մահացել է 150 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:
15:36 - 12 սեպտեմբերի, 2020
Բեյրութի պայթյունի զոհերի հիշատակին նվիրված քառասնօրյա հոգեհանգստի կարգ կատարվեց ՍԲ Սարգիս եկեղեցում |armenpress.am|

Բեյրութի պայթյունի զոհերի հիշատակին նվիրված քառասնօրյա հոգեհանգստի կարգ կատարվեց ՍԲ Սարգիս եկեղեցում |armenpress.am|

armenpress.am: Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում քառասնօրյա հոգեհանգստի կարգ կատարվեց՝ ի հիշատակ օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի անմեղ զոհերի: «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշեց, որ Լիբանանում կյանքը շարունակվում է և պետք է զոհերին միշտ հիշելով առաջ շարժվել: «Մենք այսօր ոգեկոչեցինք զոհվածների և մանավանդ հայ զոհերի քառասնօրյա հոգեհանգիստը: Կյանքը շարունակվում է, մենք միշտ կհիշենք զոհերին, սակայն Լիբանանը և լիբանանահայությունը պետք է վերականգնվի` շնորհիվ բարեկամ պետությունների, սփյուռքահայ մեր եղբայրների բարոյական և նյութական սատարման: Դա խթան կլինի, որպեսզի պահենք մեր այնտեղի համայնքը և կարողանանք առաջ գնալ»,- ասաց Հակոբյանը: «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիրը նշեց, որ պայթյունի հետևանքով վիրավորների թիվն այս պահին հստակ չէ, նրանց մի մասը դեռ շարունակում է բուժումը հիվանդանոցներում, մի մասն արդեն դուրս է գրվել, իսկ ավելի ծանր վիրավորների շրջանում ժամանակ առ ժամանակ մահվան դեպքեր են արձանագրվում: «Վիրավորների թիվը շատ անհստակ է, պայթյունի վիրավորների ընդհանուր թիվը շուրջ 5 հազար է: Մեծամասնությունն ապաքինված է, պատահում է, որ ծանր վիրավորներն իրենց հոգին են ավանդում, սակայն բուժման ընթացքը շարունակվում է: Կա գույքային մեծ վնաս, մարդիկ կան, որ անտուն են այսօր: Հուսամ, որ նրանց տներն էլ կվերականգնվեն»,- նշեց Սևակ Հակոբյանը:
13:47 - 12 սեպտեմբերի, 2020
Որոշակի միտում կա՝ կապված ճգնաժամի հետ, որ ներհոսք է նկատվում դեպի հայրենիք |lragir.am|

Որոշակի միտում կա՝ կապված ճգնաժամի հետ, որ ներհոսք է նկատվում դեպի հայրենիք |lragir.am|

lragir.am: Հարցազրույց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ․ Պարոն Գանտահարյան, երեկ Բեյրութում պայթյուն տեղի ունեցավ։ Ի՞նչ է կատարվում այս պահին։ Կա արդյոք դիտավորություն։ Դիտավորության մասին պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ բան չկա հիշատակած։ Նախ ճշտենք, որ սա պայթյուն չի, այլ հրդեհ է: Անիվներ են հրկիզվել և նաև գյուղի որոշ պահեստներ: Մեծ հրդեհ է եղել: Դեռ պաշտոնական որևէ տեղեկություն չկա, թե ինչից է այն առաջացել, բայց մանավանդ հրդեհի վայրը խուճապի մթնոլորտ ստեղծեց քաղաքում, որովհետև մարդկանց մոտ տխուր հուշերը վերականգնվեցին: Արդեն իսկ հայտարարվեց, որ հրդեհին անմիջապես մոտ գտնվող շրջակայքից մարդիկ հեռանան, որ չվնասվեն: Դա էր պատճառը, ոչ թե պայթյունավտանգ լինելը: Բանակը ներգրավվեց հրդեհը մարելու աշխատանքներին: Հիմա փոքր ծավալով հրդեհը շարունակվում է, բայց արդեն կարելի է ասել, որ մեկուսացվել է, չի տարածվում: Բայց քանի որ հրդեհի վայրը նավահանգստում էր, մարդկանց մոտ տպավորություն էր, որ սա ևս կարող է պայթյունավտանգ նյութ լինել, հզոր պայթյուն կարող էր վերստին որոտալ և այլն, բայց նման բան չկա: Ըստ վիճակագրության՝ լիբանանահայերի 49 տոկոսը ցանկություն է հայտնել տեղափոխվել Հայաստան: Այս թվերի հետ կապված ի՞նչ կարող եք ասել, և արդյոք Հայաստանի իշխանությունների ձեռնարկած միջոցառումներն այս ուղղությամբ բավարար են: Հստակ վիճակագրական թվեր, հարցախույզներ, հարցաթերթիկներ չկան, բայց պարզ է, որ մարդիկ ուզում են դուրս գալ, հատկապես պայթյունից հետո, որը եկավ գումարվելու տնտեսական ճգնաժամին: Իրականությունը հետևյալն է, որ վերականգնողական աշխատանքները շարունակվում են, մարդկանց բնակարանները, խանութները, վաճառատները վերանորոգվում են, նաև համայնքային կենտրոնները՝ եկեղեցիներ, կուսակցական, մշակութային կենտրոններ և այլն: Ուզում եմ ասել, որ մի կողմից վերականգնողական աշխատանքներն են ընթանում, և համայնքն անպայման կվերականգնվի, բայց յուրաքանչյուր ճգնաժամից հետո բնական է, որ արտահոսքի միտումներ կարող են լինել: Պաշտոնապես և կուսակցությունները, և եկեղեցին հայտարարել են, որ նա, ով դեռ ուզում է թողնել երկիրը, նախընտրելի կլինի, որ գնա հայրենիք: Կա հայրենիք գնալու որոշակի միտում, որովհետև այս բոլոր ճգնաժամերից առաջ էլ արդեն կտրուկ ավելացել էին ՀՀ քաղաքացիության համար դիմողները, շատ լիբանանահայեր բնակարաններ էին գնել Հայաստանի տարբեր տարածքներում: Ուզում եմ ասել, որ որոշակի ենթահող կար, և նման ճգնաժամի դեպքում, երբ մարդը տեսնում է, որ կա տնտեսական ճգնաժամ, իսկ ինքն ունի ՀՀ քաղաքացիություն կամ Հայաստանում ունի բնակարան կամ բարեկամներ, պարզ է, որ պետք է գնա իր մոտ: Այդ գնացողների մի մասը հետ են գալիս, մի մասը մնում են: Այնուամենայնիվ, որոշակի միտումը տեսանելի է: Հայաստանում, կարծում եմ, օժանդակության փաթեթը հատուկ լիբանանահայերի համար օրինաչափ է՝ անվճար բժշկություն, անվճար կրթություն, և նաև իմացա, որ բնակարանների վարձակալման առումով, ովքեր որևէ եկամուտ չունեն, որոնց տները փլուզվել, քանդվել են, նրանց նաև որոշակի սուբսիդավորում են տալիս: Կարծում եմ՝ առաջին հանգրվանի համար սա օրինաչափ է: Բայց սա ճգնաժամի հետևանքով գրանցվող հայրենադարձություն է, հետևաբար սա մեծ հայրենադարձության օրակարգի մի մասն է միայն: Ես հասկանում եմ, որ մեծ հայրենադարձության համար պայմանները նաև չեն նպաստում, քանի որ հայրենադարձության դրդող առաջին գործոնը պետք է լինի աշխատանքը: Շարունակությունը՝ lragir.am-ում
09:59 - 12 սեպտեմբերի, 2020
«Հայաստան» հիմնադրամից օժանդակություն է հատկացվելու Լիբանանի ու Սիրիայի բոլոր հայկական դպրոցներին

«Հայաստան» հիմնադրամից օժանդակություն է հատկացվելու Լիբանանի ու Սիրիայի բոլոր հայկական դպրոցներին

Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո հայ համայնքի վիճակը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ներկայացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենին։ Արամ Ա հայրապետի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երեկ՝ սեպտեմբերի 9-ին, վեհափառն ընդունել է Հայկակ Արշամյանին եւ նրան ընկերակցող Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանին։ Անդրադարձ է եղել Հայաստանի օժանդակությանը Լիբանանի ժողովրդին եւ մասնավորապես հայ համայնքին։ Վեհափառ հայրապետն ընդհանուր գծերով ներկայացրել է պայթյունից հետո համայնքում տիրող դրությունը, ինչպես նաեւ վերականգման աշխատանքները, գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամից մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ կատարված օժանդակությունն ու մարդասիրական առաքելությունը Լիբանանի եւ Սիրիայի հայ համայնքներին։ Ըստ Արամ Ա հայրապետի՝ հիմնադրամի օժանդակությունները տրամադրվելու են Լիբանանի եւ Սիրիայի հայ համայնքների բոլոր հայկական դպրոցների ուսուցիչներին եւ աշխատակիցներին, իսկ Սիրիայի դեպքում օժանդակություն է տրվելու նաեւ կորոնավիրուսով վարակված հայորդիների բժշկական ծախսերի փոխհատուցման համար։
10:24 - 10 սեպտեմբերի, 2020
«Անոթի մնամ, ճամփեն պառկիմ նե, չեմ մտածեր Լիբանան վերադառնալու մասին» |hetq.am|

«Անոթի մնամ, ճամփեն պառկիմ նե, չեմ մտածեր Լիբանան վերադառնալու մասին» |hetq.am|

hetq.am: Օգոստոսի 4-ին Խաթունն իր երկու դուստրերի հետ տանն էր։ Նրանց տունը Բեյրութի հայաշատ Բուրջ Համուդ արվարձանում է։ Հայաստան գալու տոմսերը գնել  էին դեռ ամիսներ առաջ, սակայն համավարակի, Լիբանանում տեղի ունեցող ցույցերի, անկայուն իրավիճակի պատճառով գալը ձգձգվում էր։ Խաթունն ասում է, որ այն պահին, երբ աղջիկներին հարցրեց, թե ով է ուզում Հայաստան գնալ, ու նրանք հազիվ էին պատասխանել՝ «ես, ես», տունը սկսեց շարժվել։ Սկզբից մտածել էին, թե «հրեան է զարկել», իսկ ավելի ուշ իմացել էին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի մասին։ «Երկինքը կարմիր էր, սեփ-սեւ մուր, այնպիսի փոշի էր տարածվել, որ մեկը մյուսին դժվար էր տեսնելը»,- նկարագրում է զրուցակիցս։ Այդ օրը սովորականի պես Խաթունի ավագ որդին՝ Եղիկը, դուրս էր եկել զբոսանքի։ Ամեն օր նա հենց նավահանգստի այդ եզերքով է զբոսնում։ Պայթյունից հետո տնեցիները մի քանի անգամ զանգել էին նրան, սակայն չէր պատասխանել։ Մայրն ասում է, թե ինչ ասես, մտքով անցել էր։ Սակայն 15 րոպե անց ավագ դուստրը բակում նկատել էր եղբորը։ Պարզվել էր, որ այդ օրը Եղիկն ընկերների հետ ակումբ էր գնացել։ Պայթյունի հետեւանքով Խաթունենց տան ապակիներն էին վնասվել, սակայն հոգեկան ապրումները շատ ավելի ուժգին էին։ Ասում է՝ փոքրից մեծ, աներեւակայելի րոպեներ ապրեցին։ Հետո փոքր դստեր օրինակն է բերում, որը մեր զրույցի ընթացքում մորը խնդրում է այլեւս չհիշել կատարվածը։ Խաթունն ասում է՝ տեսնու՞մ եք, պստիկ է, բայց մինչեւ հիմա հիշում է կատարվածը։ Օգոստոսի 18-ին Խաթուն Խորիկյանն ու երեք զավակները ժամանել են Հայաստան՝ մշտական բնակության։ Ընտանիքն առաջին անգամ է Հայաստանում։ Խաթունը պատմում է, որ երբ օդանավից իջել են, ավագ դուստրը՝ 14-ամյա Ստեֆանին, սկսել է լացել, հետո ինքն էլ չի կարողացել զսպել հուզմունքը։ Ըստ Խաթունի՝ երբ ժամանակին մայրն իրենով հղի էր, Հայաստան էր եկել եւ ուխտ արել, որ դստեր մկրտությունը Էջմիածնում է լինելու։ Սակայն տարիներ անց հայրը նրան կնքել էր Լիբանանում։ Դրա համար, Խաթունի պատմելով, մայրն անընդհատ վախեր էր ունենում, թե չկատարած ուխտի համար ինքը՝ աղջիկը, կհայտնվի դժվարին իրավիճակներում։ 41 տարի անց Խաթունը կիսով չափ կատարել է մոր ցանկությունը․ օդանավից իջնելուց հետո վարորդին խնդրել է Էջմիածին գնալ։ Արդեն երկու շաբաթ 41-ամյա կինն իր երեք զավակների հետ բնակվում է Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում վարձակալած տան առաջին հարկում, տան երկրորդ հարկում տանտերն է ընտանիքով։ Ամսական 120 հազար դրամ պիտի վճարեն։ Տան վարձն առաջին դժվարությունն է, որին ընտանիքը բախվել է հայրենիքում։ Բակի փոքրիկ հողակտորը մշակված է․ պղպեղի ծաղիկներն արդեն թափվում են, չերրի տեսակի լոլիկներ կան, վարդեր։ Խաթունն ասում է, թե տանտիրոջինն են, երբեմն իրենց էլ է հյուրասիրում, սակայն իրենք հիանում են բակի գեղեցկությամբ։ Ընտանիքի մայրը նկատում է, թե շատ են ցանկանում, որ ամուսինն էլ գա Հայաստան եւ ուրախ անցկացնի օրը, ինչպես իրենք։ Սակայն այստեղ աշխատանք չգտնելու վախը նրան դեռ կապում է Բեյրութի հետ, որտեղ հիմա պահակություն է անում ամսական 80 դոլարով։ Կնոջ խոսքով՝ Լիբանանում օրեցօր թանկացող կյանքի համար դա չնչին գումար է, դրանով նույնիսկ առաջին անհրաժեշտության իրեր դժվար է գնել։ Շարունակությունը՝ hetq.am-ում
10:01 - 09 սեպտեմբերի, 2020
Լիբանանահայերին օգնություն ցույց տալու փաթեթը կառավարությունում է․ շուրջ 850 հոգի ժամանել է Հայաստան՝ երկարատեւ բնակության |hetq.am|

Լիբանանահայերին օգնություն ցույց տալու փաթեթը կառավարությունում է․ շուրջ 850 հոգի ժամանել է Հայաստան՝ երկարատեւ բնակության |hetq.am|

hetq.am: Սեպտեմբերի 1-ին, կառավարության շրջանառությանն է հանձնվել օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով տուժած լիբանանահայերին աջակցություն ցույց տալու փաթեթի նախագիծը։ Այս մասին մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։  Կառավարությունը սեղմ ժամկետներում պետք է քննարկի նախագիծը՝ հաշվի առնելով հարցի հրատապ լինելը։ Փաթեթը ներառում է առողջապահական, կրթական եւ սոցիալական բաղադրիչներ։ Այն ընդգրկում է նաեւ կացարանի հարցում որոշակի պետական աջակցության տրամադրումը։ Ըստ Զարեհ Սինանյանի՝ փաթեթն ուղղված է Հայաստան ժամանող 5 հազար լիբանանահայերի կողմից այստեղ երկարատեւ բնակություն հաստատելուն։ Կառավարության ներկայացուցիչն ասում է, որ Լիբանանում մնացած հայերին ցուցաբերվող աջակցությունը եւս շարունակական է լինելու։ Այն լինելու է տարբեր ձեւաչափերով, ինչպես, օրինակ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած համերգ-դրամահավաքը, որից ստացած հասույթն ուղղվելու է լիբանանահայերի կարիքներին։ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի փոխանցմամբ՝ հուլիսի 14-ից մինչ օրս Հայաստան է ժամանել ավելի քան 1100 լիբանանահայ, որոնցից 250-ը կարճատեւ ժամանակով է եկել։ Դա նշանակում է, որ երկարատեւ բնակության նպատակով ժամանած լիբանանահայերի թիվը մոտ 850 է։ Նրանց թվում են նաեւ պայթյունի հետեւանքով տուն կորցրած մեր հայրենակիցները։ Լիբանանից վերադարձած երկու ընտանիք ցանկություն է հայտնել բնակվել Արցախում։ Զարեհ Սինանյանն ասում է, որ առաջիկա օրերին պատրաստվում է Արցախ մեկնել՝ տեղի գործընկերների հետ քննարկելու լիբանանահայերի աջակցությանն ուղղված ծրագիրը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը հայտնել էր, որ Լիբանանից Արցախ են ժամանել առաջին երկու հայրենադարձ ընտանիքները, որոնց կացության համար ստեղծված են բոլոր պայմանները:
09:32 - 03 սեպտեմբերի, 2020